Ստեփանակերտում կազմակերպված մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի 3-րդ տուրում հաղթարշավը շարունակեցին ՀՄԴ-ի ներկայացուցիչները: Նրանք լարված մրցվեճում 14:12 (7:6) հաշվով առավելության հասան Վանաձորի հավաքականի նկատմամբ:
ՀՄԴ-ի թիմը մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Իսկ ահա, Աջափնյակի ընտրանին երրորդ անընդմեջ պարտությունը կրեց` զիջելով Արցախի հավաքականին` 7:54 (0:28): ԽՄՕՄՄ-ի հավաքականը պարտվեց Շենգավիթի թիմին` 11:38 (5:22):
Առաջատարը ՀՄԴ-ի հավաքականն է, որը վաստակել է 6 միավոր: Ապա հաջորդում են` Արցախի (4) , Շենգավիթի (4), Վանաձորի (2), ԽՄՕՄՄ-ի (2) , Աջափնյակի (2) թիմերը:
Հոկտեմբերի 19-ին կկայանան` Աջափնյակ – Շենգավիթ, ԽՄՕՄՄ – ՀՄԴ, Արցախ – Վանաձոր հանդիպումները:
Daily Archives: October 19, 2013
Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթեց Եվրոպայի առաջնության մրցանակակրին
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 22.57-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում՝Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
• Օդի նվազագույն ջերմաստիճան 0.10C (1928 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.70C
Արեն Վաթյանի «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ոսկե մեդալի
Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը վերջերս Ավստրիայում կայացած «UNICA» միջազգային կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի` Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին կինոնկարն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Բացի այս ֆիլմից, Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել է եւս մի քանի այլ հայկական ֆիլմեր ավստրիական UNICA 75 համաշխարհային կինոփառատոնում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն է արձանագրվել. Ոսկե մեդալի է արժանացել Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը, բրոնզե մեդալը շնորհվել է Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի «Միեւնույն է կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ «UNICA»-ի հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:
«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «UNICA » կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:
Հայաստանի ազգային կինոկենտրոն
Բրիտանացի սուզորդը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ մոտ 50 ժամ ծովի հատակին մնալով
Բրիտանացի սուզորդը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ ավելի քան երկու օր ջրի տակ անցկացնելով:
38-ամյա Շոն Մակգաերնը 49 ժամ և 56 րոպե կերել, խմել և քնել է Մալթայում Միջերկրական ծովի հատակին:
Չնայած ուժեղ քամիներին, հոսանքներին, ալեկոծություններին և մեկ մետր բարձրությամբ ալիքներին՝ նա կարողացել է ավարտին հասցնել իր սխրագործությունը:
Շոնը այդ ընթացքում զբաղվել է ջրի հատակին հավաքված աղբը հավաքելով:
Նրա հավաքած աղբը հետո ջրի մակերևույթ են հանել նրան աջակցող թիմի անդամները:
Շոնի հարսնացուն, որը ևս սուզորդ է, օժանդակում էր նրան իր մտահաղացումը ավարտին հասցնելու համար:
Ջրից դուրս գալուց հետո նա կատակում էր և ամբողջ օրը անց է կացրել իր հաջողությունը տոնելով:
Շոնին հաջողվել է ավելի քան մեկ ժամով անցնել 2010 թ-ին Ուիլ Գուդմանի սահմանած 48 ժամ, 8 րոպե և յոթ վայրկյան ռեկորդը:
«Օգնեք ինձ տեսնել որդուս….»
Արման Հարությունյանը 32 տարեկան է և կյանքի ուղիղ կեսն անց է կացրել առանց արևի լույսի:
Ընդամենը 6 տարեկան էր, երբ մանկապարտեզի ուսուցչուհին ձեռքով հարվածեց ծոծրակին, որի հետևանքով կամաց-կամաց մի աչքը կուրացավ: Երկու անգամ վիրահատվեց, սակայն ապարդյուն: Իսկ երբ 16 տարեկան էր, երկրորդ աչքն էլ կուրացավ, ու նա լրիվ զրկվեց տեսողությունից:
Սակայն բարձրահասակ, հաղթանդամ, կյանքով ու էներգիայով լի երիտասարդը չհուսահատվեց ու չկորցրեց ինքնավստահությունը: Նա կարողացավ գերել անգամ սիրած աղջկա սիրտը:
«Ես օծանելիքների խանութում էի աշխատում,- պատմում է Մարգարիտան,- Արմանը հաճախակի էր գալիս այնտեղ: Զուտ գործնական հարաբերություններ էին: Մի օր էլ ինձ համար Ռաֆաելլո ուղարկեց, հետո` ռոմանտիկ երգերի դիսկ, մի օր էլ` մի մեծ ծաղկեփունջ, բայց չէր խոստովանում…»:
Անգամ այն օրը, երբ Արմանը եղբոր ու նրա կնոջ հետ Մարգարիտային սրճարան է հրավիրում և անակնկալ ձևով ծաղկեփունջ նվիրում, կրկին չի խոստովանում, որ սիրահարված է: Բայց ի վերջո համարձակվում է:
«Երբ խոստովանեց, ինձ համար շատ դժվար էր, ճիշտն ասած` բացարձակապես մտքովս չէր անցնի, որ ինձ նման բան կպատահի: Իսկ երբ ծնողներս իմացան, կտրականապես դեմ եղան: Ստիպում էին, որ հարաբերությունները չշարունակեմ, չխորացնեմ: Երբ հասկացան, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ, ուղղակի չէին ուզում հավատալ, ասում էին` ո՞նց կարող է նման բան լինել, ի՞նչ կմտածեն հարևանները, բարեկամները, կմտածեն` ուրեմն դու էլ որևէ թերություն ունես…»:
Բայց Մարգարիտան նրան սիրում էր ոչ գեղեցիկ աչքերի համար: Նա Արմանի մեջ էր գտել մարդկային այն բոլոր արժանիքները, որոնց համար պատրաստ էր անգամ նրա հետ կապել իր ողջ կյանքը: Բայց այդ ամենը միայն ինքն էր զգում, որովհետև ճանաչում էր Արմանին, իսկ շրջապատի համար դա ուղղակի զարմանալի էր ու անհեթեթություն:
Մարգարիտան ծնողներին խնդրում է հնարավորություն տալ գոնե ծանոթացնելու սիրած տղայի հետ: Համոզված էր, որ եթե տեսնեն, մի քիչ կփափկեն: Հանդիպումը տեղի է ունենում, սակայն ծնողները մնում են անդրդվելի և ստիպում մոռանալ Արմանին: Անցնում է որոշ ժամանակ, և աղջկա ծնողները կամաց-կամաց համակերպվում են այն մտքի հետ, որ նրա որոշումը վերջնական է: Նրանք տեղի են տալիս: «Երևի թե Աստված նրանց սրտի հետ խոսեց, և ճանապարհը հարթվեց»,- ասում է Մարգարիտան:
Ի վերջո, մեկուկես տարի պայքարից հետո` 2011 թ. մարտի 26-ին` Արմանի ծննդյան օրը, նրանք ամուսնանում են ավանդական հայկական հարսանիքով: Մարգարիտան խոստովանում է, որ բարեկամներից շատերն այդպես էլ չեն իմանում, որ փեսացուն կույր է: «Ես էլ էնքան հուզված էի, ոնց որ հարսը ես լինեի»,- կատակում է Արմանը և հպարտորեն ավելացնում,- բայց հիմա ամենասիրված փեսան եմ»:
Ծնվում է նրանց որդին` Ռաֆայելը: Նրա ծնունդից հետո Արմանը հասկանում է, որ լիարժեք երջանկության համար իրեն մի բան է պակասում` տեսնել որդուն և ոչ միայն զգալով, այլև տեսնելով վայելել իր երջանկությունն ու իր սիրո պտուղը: Սկսում է հետաքրքրվել տեսողության վերականգնման հնարավորություններով: Դիմում է Գերմանիայի բժիշկներին, որոնք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հայտնում են, որ կարող են վերականգնել նրա տեսողությունը: Դա իսկական հրաշք էր, բայց ոչ հասանելի: Վիրահատությունն արժե 50-70 հազար եվրո, 10 հազար եվրո էլ` ճանապարհածախսն ու հիվանդանոցային ծախսերը: Ընդամենը 18.000 դրամով և մի փոքրիկ առևտրային բիզնեսով ապրող առաջին կարգի հաշմանդամն արդյոք կարո՞ղ է գնալ իր երազանքի հետևից: Բայց Արմանը հավատում է, որ եթե Աստված ցանկանա, ապա իր երազանքն անպայման իրականություն կդառնա:
Հարազատները դժվարությամբ են նրան համոզում, որ համապատասխան գումարը հայթայթելու համար դիմի նաև մարդկանց: «Դա ինձ համար շատ դժվար քայլ է եղել, ճիշտն ասած` դա արել եմ կնոջս և որդուս համար, թե չէ չէի անի: Ինձ համար ընդունելի չէ խնդրել, որ ինձ օգնեն, չեմ ուզում, որ ինձ խղճան, համ էլ մարդիկ պարտավոր չեն, բայց հիմա ես պատրաստ եմ նաև այդ քայլին գնալ, դիմել բոլորին և խնդրել` օգնեք ինձ տեսնել որդուս….»:
Հ.Գ.
Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան օգնել Արմանին, կարող են գումար փոխանցել Ինեկոբանկի Երևանի մասնաճյուղի հետևյալ հաշվեհամարներին.
2051252553771020 USD
2051252553771001 AMD
2051252553771040 EUR
Կարող են նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05
Աշնանային նորաձևության գլխավոր միտումները
Աշնանային նորաձևության գլխավոր միտումներից մեկը ոճային ու պրակտիկ հագուստն է: Շատ ակտուալ են հատկապես անփույթ ու լայն վերարկուները, տղամարդու ոճը, սևի ու սպիտակի համադրությունը, կաշին: Ի դեպ,կաշվե հագուստը անցյալ տարի նույնպես նորաձև էր, սակայն այս տարի առաջարկվում է համադրել բոլորը միասին՝ կաշվե պիջակը, զգեստը կամ տաբատը, ճտքակոշիկները, պայուսակը…
Կանանց համար տարվա ամենախենթ ու տարօրինակ միտումներից է տղամարդու ոճի հագուստը. կոստյումներ, կոշիկներ, վերնաշապիկներ, ժիլետներ, ուսակապ (потяжки), անգամ փողկապ: Դրանով շատ կանայք ձգտում են նաև ցուցադրել իրենց ինքնուրույնությունն ու բնավորության խիստ կողմերը:
Թվում է` դա կանանցից կխլի նրբագեղությունն ու կանացիությունը, բնավ ոչ. կանայք անգամ այդ հագուստով հնարավորություն ունեն գերել հակառակ սեռի ներկայացուցիչներին, միայն թե ամեն ինչ ընտրվի ճիշտ և ճաշակով:
Հիշեք՝ տղամարդու ոճի հագուստ ընտրում են ոչ միայն երկաթյա լեդիներն ու կարիերիստները, այլև չափազանց կանացի և սեքսուալ կանայք:
Այս աշնանը նորաձև են նաև գծավոր վերարկուները, մորթե ժակետներն ու վերարկուները:
Չափազանց մոդայիկ է ակվամարինի երանգը: Այն բանից հետո, երբ «Պանտոն» կորպորացիան 2013 թվականի գլխավոր գույն հայտարարեց փիրուզագույնը, այն սկսվեց լայնորեն կիրառվել նորաձևության հավաքածուներում:
Այժմ նորաձևության հավաքածուներում կարելի է տեսնել ակվամարինի երանգներով զգեստներ, ժակետներ, վերարկուներ, սակայն ամենատպավորիչը երեկոյան զգեստներն են:
Կլատչեր` հարմարեցված: Կլատչի սիրահարները լավ գիտեն, որ կլատչն այնքան էլ հարմար չէ բռնելու համար, և երբեմն ձեռքը հոգնում է, իսկ պայուսակը սահում ներքև:
Ուստի դիզայներներն այս տարի որոշել են գեղեցիկը համադրել հարմարավետության հետ` ստեղծելով հատուկ կլատչեր, որն ունենա տեղ` ձեռքի մատները մտցնելու և այն պահելու համար:
Կամուֆլյաժ: Արդեն մի քանի սեզոն է, այս ոճը չի դադարում գլխավորել նորաձևության հիթ շքերթները: Սակայն այս տարի կամուֆլյաժը հանդես է եկել մորթու, մետաքսի, անգամ արաբական ոճի ծոպավոր կտորի հետ:
Սեզոնի ամենապրովոկացիոն ոճերից է թափանցիկ լատեքսը, որը հանդես է գալիս ոչ միայն աշնանային վերարկուների տեսքով, այլ նաև զգեստի:
Խենթ մորթե հագուստ: Նորաձևության հայտնի տներն առաջարկում են մեկը մեկից անսովոր ու անգամ անհեթեթ մորթե հագուստի տեսականի: Բնական և արհեստական ամենատարբեր ձևի և գույնի մորթե ժիլետները բլուզներն ու ժակետները անտարբեր չի թողնի համարձակ կանանց:
Այս աշնանը նորաձև է նաև լայն բացված դեկոլտեն, ընդ որում` ոչ միայն զգեստների դեպքում, այլև վերարկուների, պիջակների ու ժակետների:
Ծունկը գրկող և էլի վերև բարձրացող ճտքակոշիկները` բոտֆորտները, կրկին նորաձև են. բարձրակրունկ, թե տափակ` ընտրեք ինքներդ:
Եթե առաջինի դեպքում այն կարելի է կրել տաբատի հետ, ապա երկրորդի դեպքում գեղեցիկ ու սեքսուալ է հատկապես զգեստի կամ կիսաշրջազգեստի հետ:
Սեզոնի նորաձև գույներից մեկն էլ լավանդայի գույնն է. նուրբ մանուշակագույն երանգը միշտ էլ ոգեշնչել է դիզայներներին` ստեղծելու ինքնատիպ հանդերձանք: Այս տարի նույնպես արդյունքն ակնհայտ է:
Այս աշուն նորաձևության գագաթնակետին են երկար` մինչև արմունկը հասնող ձեռնոցները: Դրանք ոչ միայն դասական կաշվի ձևով են հանդես եկել, այլև լաքապատ կաշվի, մետաքսի, ցանցավոր կտորի:
Մոռացեք անգորան: Այս տարի չափազանց նորաձև են մոհերից գործվածքները՝ բլուզներ, զգեստներ, ժակետներ: Նշենք, որ հայտնի նորաձևության տները ներկայացրել են նաև մոհերից կիսաշրջազգեստներ և անգամ տաբատներ:
Կոկորդիլոսի կաշին նույնպես մոդայիկ է՝ արհեստական, թե բնական: Սակայն պետք չէ սահմանափակվել աքսեսուրներով. հանդիպելու և հնարավորությունները ներելու դեպքում անպայման գնեք կոկորդիլոսի կաշվից կարված պիջակներ ու կիսավերարկուներ:
Պայուսակ-բաուլ. պարկ հիշեցնող այս պայուսակները կրկին մուտք են գործել նորաձևության աշխարհ: Դիզայներները մի շարք փորձարկումների են ենթարկել դրանք՝ ստանալով բազմաբնույթ տարբերակներ, սակայն գլխավորը մեկն է՝ այն պետք է փակվի պարկի պես հավաքվելով:
Ռեզինե ճտքակոշիկներ. ժամանակին ոտքերը ջրից, խոնավությունից, կեղտից պաշտպանելու և հիմնականում հողագործական աշխատանքների համար նախատեսված սև, կոպիտ ռեզինե ճտքակոշիկներն այսօր համաշխարհային հմուտ դիզայներների շնորհիվ դարձել են նորաձևության հիթերից մեկը:
Վառվռուն գույներով, ծաղկավոր և ուրախ ճտքակոշիկներն անցյալ տարվանից սկսած և հատկապես այս տարի կանանց ու երեխաների ամենասիրելի աքսեսուարն են: Դրանք կարելի է կրել նեղ տաբատների հետ, կիսաշրջազգեստներով, հաստ գուլպաներով և այլն:
Կան ավելի դասական մոդելներ՝ միագույն, փոքր ինչ սուրք քթով կամ համադրված կաշվի և զամշի հետ: Չնայած ռեզինե ճտքակոշիկները հիմնաականում տափակ են լինում, սակայն կան նաև համարձակ դիզայներներ, որոնք ստեղծել են բարձրակրունկ մոդելներ:
Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը` մեկ տանիքի տակ
Աշխարհի հայերին շատերն են անդրադարձել, պատրաստել հաղորդումներ, հրապարակումներ, սակայն այսօր արդեն կա գիրք` “Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը”, որը նպատակ ունի դառնալու մնայուն արժեք: Գրքի հեղինակ, “Աշխարհի մարդիկ” հիմնադրամի նախագահ Ստեփան Հեքիմյանի խոսքերով` աշխատելով Սիբիրի ամսագրերից մեկում և բազմիցս շփվելով երկրի առաջադեմ անձանց հետ մտածեց անել մի բան, որը կունենա մնայուն արժեք, որը կպատմի այն հայերի մասին, որոնք կայացած են, հայտնի և ապրում են մեր օրերում:
Լույս է տեսել գրքի դեռևս առաջին հատորը, որին կհաջորդեն ևս 9-ը: Գիրքը թարգմանված է երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն և հայերեն: 300 էջ պարունակող գրքում ներկայացված են 50 հայտնի հայեր, որոնց թվում են Արմեն Ջիգարխանյանը, Լևոն Օգանեզովը, Գարիկ Մարտիրոսյանը, Տիգրան Քյոսայանը, Ռուբեն Ահարոնյանը, Սամվել Կարապետյանը և այլք:
Հեքիմյանը մեծ ուրախությամբ նշեց, որի առաջին հերոսը, որի հետ ունեցել է հարցազրույցը եղել է լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին էլ և համարում է իր գրքի հաջողության բանալին:
-Ես չեմ ուզում, որ գիքը կարդան միայն տեղի հայերը, այն նպատակ ունի աշխարհին ներկայանալու, պատմելու այն հայտնի հայերի մասին, որոնք մեծ դեր ունեն աշխարհում, որոնցով մենք հպարտանում ենք, մեր հերոսը համարում,-հավելեց հեղինակը:
Գրքի պատրաստման աշխատանքները տևել են 3 տարի, որի արդյունքում կազմվել է այն 500 հայերի ցանկը, որոնք պետք է տեղ գտնեն գալիք հատորներում: Առաջին հատորը նվիրված է ռուսաստանաբնակ հայտնի հայերին, որոնք տարբեր բնագավառներից են` թատրոնից մինչև գիտություն, իսկ հաջորդ հատորներում արդեն կլինեն աշխարհի տարբեր երկրների հայտնի հայեր: Գրքի կազմը բնական կաշվից է պատրաստած և այն գրքերը, որոնք ևս լույս կտեսնեն` կդառնան հանրագիտարան աշխարհի հայերի մասին:
Լուսինե Ասատրյան
«Nestle»-ն ուզում է գնել «Ferrero» ընկերությունը
Իտալական «La Repubblica» թերթի հաղորդմամբ՝ շվեյցարական «Nestle» ընկերությունը պատրաստ է գնել «Nutella» շոկոլադե կրեմի արդատրությամբ զբաղվող իր մրցակից «Ferrero» ապրանքանիշը: Աղբյուրի համաձայն՝ ընկերությունների միջև բանակցությունները խիստ գաղտնի են պահվում: «Ferrero» ընկերությունը, որը բացի «Nutella»-ից զբաղվում է նաև այնպիսի մեծ պահանջարկ վայելող շոկոլադների արտադրությամբ, ինչպիսիք են «Kinder»-ը և «Ferrero Rocher»-ը, շուկայում համարվում է «Nestle»-ի գլխավոր մրցակիցը:
Ինչքան էլ «Ferrero» ընկերության գործադիր տնօրեն Ջիովանի Ֆեռեռոն հերքում է ապրանքանիշի վաճառքի մասին լուրերը, այնուհանդերձ իտալական լրատվամիջոցները տեղյակ են իրադարձությունների ընթացքից և գտնում են, որ տնօրենը խուսափում է հարցազրույցներից գործարքը գաղտնի պահելու համար:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան`այդ երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերի սկզբին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, միջնորդները տարածաշրջան կայցելեն նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:
Նրանք նախ կայցելեն Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Այնուհետ կմեկնեն Երևան:
Այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարվող ջանքերի շարունակությունն է և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը:
“Միջնորդները մտադիր են նրանց հանդիպում առաջարկել: Ամեն ինչ կախված կլինի կողմերից: Նրանց համաձայնության դեպքում հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին”,- հայտնել է աղբյուրը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ կոշիկ են նետել
Հոկտեմբերի 18-ին Բաքվում Ռուսաստանի դեսպանության առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները դժգոհել են հոկտեմբերի 10-ին Բիրյուլևոյում Եգոր Շերբակովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի նկատմամբ վերաբերմունքից, հաղորդում է “Հագին” կայքը:
Դեսպանատանը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարակվել՝ կապված ակցիայի հետ: Ցույցի մասնակիցներից մեկը դեսպանատան ուղղությամբ կոշիկ է նետել, սակայն ձերբակալվել է իրավապահների կողմից:
Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնի ակտիվիստները ցույցին մասնակցող լրագրողներին ներկայացրել են իրենց հայտարարության տեքստը: Փաստաթղթում դժգոհություն է արտահայտվում “Զեյնալովի նկատմամբ ռուս իրավապահների կողմից ոչ մարդկային վերաբերմունքի նկատմամբ”:
ԱԳ նախարարը հանդիպեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյի հետ։
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Վարդանյանը, նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստանի փոխգործակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ՀՕԿ մշտական աջակցության` մասնավորապես Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակում ստացված տարատեսակ տեխնիկական օժանդակության համար: Նա հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է օդերևութաբանության ոլորտում առաջավոր փորձի և գիտելիքների ներդրմամբ և այդ ուղղությամբ ակնկալում է ՀՕԿ-ի շարունակական օժանդակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է կազմակերպության ակտիվ անդամներից մեկը և մասնակցում է դրա շրջանակներում բոլոր ութ ուղղություններով իրականացվող համագործակցությանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը հաջողությամբ համատեղել է օդերևութաբանության և հիդրոլոգիայի ոլորտները, ինչպես նաև կարևորեց, որ Հայաստանում բուհական մակարդակով դասավանդում է հիդրոօդերևութաբանություն առարկան:
Գյումրիում գրանցված երկրաշարժն ու դրա հետցնցումները մեկնաբանում է ՍՊՀԾ տնօրենը
Երեկ երեկոյան և այսօր կեսգիշերին Շիրակի մարզում գրանցված երկրաշարժին մասին պաշտոնական մեկնաբանություններ է տալիս ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանը:
“Հոկտեմբերի 17-ին տեղական ժամանակով 19:04 րոպեին տեղի է ունեցել երկրաշարժ 3 մագնիտուտով: Երկրաշարժի օջախային գոտին գտնվում է Ձորեշենում, անհանգստանալու կարիք չկա: Ասեմ ավելին, որ գլխավոր` 3 մագնիտուտ հզորությամբ երկրաշաժին հաջորդել է նաև երկու հետցնցում, որոնք տեղի են ունեցել 00.21-ին, իրար հաջորդել են կես րոպեի ընթացքում”:
archive2.ankakh.com-ի դիտարկմանը, թե նման թույլ երկրաշարժը խուճապ էր առաջացրել հիմնականում շենքերում բնակվողների մոտ, Կարեն Մխիթարյանը նշեց. “Բնական է, որպես երկրաշարժի ինտենսիվություն զգացվել է հիմնականում Գյումրի քաղաքի արևելյան հատվածում, Բասեն, Ախուրյան, հասել է մինչև անգամ Արթիկ, Մարալիկ համանքներ: Ցնցումներն հիմնականում զգացել են բազմաբնակարան շենքերի բնակիչները: Ցնցումների ինտենսիվությունն օջախային գոտում եղել է 4 բալ, իսկ մյուս բնակավայրերում զգացվել է 2-3 բալ: Դա համարվում է թույլ ցնցում, իսկ Հայաստանի տարածքում և սեյսմիկ պաշտպանության մասին օրենքի համաձայն ընդունված է ուժեղ երկրաշարժ համարել 5.5 մագնիտուտից բարձր երկրաշարժերը”:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս երկրաշարժի թույլ ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Երևանում` մասնագետը հերքեց. “Դա հնարավոր չէ: Երևանում սեյսմիկ սարքերը երկրաշարժ չեն գրանցել: Երևանում չէր կարող նման թույլ երկրաշարժն ինչ-որ ազդեցություն ունենար”:
Էրդողանը, Մերկել, Օբաման, Պուտինը, Հռոմի պապն ու Դալայ Լաման հայտնվել են մետրոյի նույն կայարանում
Հոլանդական բարձր վարկանիշ ունեցող «Metro» թերթը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կերպարը օգտագործել է գովազդային պաստառներում: Գովազդային այս շարքում բացի Էրդողանից տեղ են գտել նաև Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը, Հռոմի պապը և Դալայ Լաման: Հրապարակված գովազդում Էրդողանը Տիբեթի աքսորյալ Դալայ Լամայի հետ միասին մետրոյի կայարանում սպասում է գնացքի գալուն: Համաշխարհային առաջնորդների հետ կողք կողքի նստած են նաև «Metro» թերթը կարդացող հոլանդացիները: «Ռադիկալը» գրում է, որ գովազդային շարքի մյուս պաստառներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ավտոբուս նստել, իսկ մեկ այլ տարբերակում Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրույցի են բռնվել, իսկ նրանց կողքին նստած Հռոմի պապ Ֆրանցիսկը նայում է դիմացի բազմոցին նստած հոլանդացուն:
Չինացի զույգը բանտարկվել է iPhone գնելու նպատակով իրենց երեխային 8,000 դոլարով վաճառելու համար
Երիտասարդ չինացի զույգը երկար տարիներ բանտում կանցկացնի՝ iPhone և այլ թանկարժեք իրեր գնելու նպատակով իրենց երեխային վաճառելու համար:
Ըստ տեղեկությունների՝ Ճժան և Դեն անուններով զույգը նախքան իրենց երեխայի ծնվելը անանուն հայտարարություն է տվել թերթում իրենց երեխային 8,000 դոլարով վաճառելու մասին:
Շանհայի ոստիկանությունը տանը ծնված և դեռևս մի քանի շաբաթական երեխայի վաճառքից գումարը ստանալուց հետո զույգին մեղադրել է մարդկանց թրաֆիքինգի մեջ:
Գումարը ուղարկել էին զույգի բանկային հաշվին, որի մի մասը նրանք արդեն օգտագործել էին iPhone գնելու համար:
Երկու այլ երեխաներ ունեցող գործազուրկ զույգին մեղադրել էին նաև այդ գումարով այլ թանկարժեք իրեր գնելու համար:
Նրանք մեղադրող կողմին հայտնել են, որ այդ քայլին գնացել են իրենց նորածին երեխայի շահից դրդված, քանի որ իրենք հույս են ունեցել նրա համար ֆինանսապես ապահովված ապագա ապահովել:
Ամեն դեպքում մեղադրող կողմը հավատացած է, որ նրանք երեխային վաճառել են գումար ստանալու նպատակով:
Փորձելով երեխայի ծնունդը գաղտնի պահել՝ կինը ծննդաբերել էր տանը:
Նրանք հարևաններին հայտնել էին, որ հղի կնոջ փորը ուռուցք է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմն Ուորլիկը կայցելի Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկը գալիք շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին է հաղորդում ադրբեջանական «Տրենդը»՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Այցի շրջանակներում համանախագահը մի շարք հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ:
Հայտնի է, որ Ջեյմս Ուորլիկը իր հանդիպումների ընթացքում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Նշենք, որ սա դառնալու է Ուորլիկի երկրորդ այցը Ադրբեջան ԵԱԿՀ Մինսկի համանախագահի պաշտոնում: Իսկ առաջին այցը տեղի էր ունեցել սեպտեմբեր ամսին:
Ահաբեկչությունների շարք Բաղդադում, 35 զոհ, 80 վիրավոր
Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 35 մարդ է զոհվել, մոտ 80 հոգի վիրավորվել է: Ամենաարյունալի ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնական մասում տեղակայված ռեստորաններից մեկի մոտակայքում, որտեղ երկու ականապատ մեքենա է պայթել: Նմանօրինակ պայթյուն էլ տեղի է ունեցել քաղաքի հյուսիսարևելյան մասի շիական թաղամասում:
Ինչպես գրում է թուրքական «Հաբերլերը»՝ երեկ էլ Իրաքի հյուսիսում մահապարտի ինքնապայթեցման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Իշխանությունները ենթադրում են, որ պայթյունները պետք է կապել Ալ-Քայիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Պետք է նշել, որ վերջին շրջանում Իրաքում սրվել է լարվածությունը իսլամական երկու հիմնական ուղղությունների ներկայացուցիչների՝ սունիների և շիաների միջև:
Հերքվել է թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելու մասին լուրը
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հերքել է թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելու մասին տարածված տեղեկությունը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նախարարի խոսքերով՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում պատնեշներ են կառուցվում կանխելու համար թուրք քաղաքացիների մուտքը սահմանային ականապատ տարածքներ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Թուրքիան Սիրիայի հետ սահմանին սկսել է 2 մետր բարձրությամբ պատ կատուցել կանխելու համար սիրիացի փախստականների անօրինական անցումը Թուրքիա:
Ուկրաինացի աստղագետները հայտնաբերել են հսկայական աստերոիդ, որը երկրագնդի հետ կարող է բախվել 2,500 ատոմային ռումբների ուժգնությամբ
Հնարավոր է երկրագունդը 2032թ-ի օգոստոսի 26-ին կործանվի:
Ուկրաինացի աստղագետների տվյալներով Երկրի ուղղությամբ շարժվում է 400 մ տրամագծով աստերոիդ, որը 19 տարի անց կարող է Երկիր մոլորակի հետ բախվել 2,500 միջուկային ռումբների ուժով:
Ղրիմի աստղադիրանից հայտնաբերված 2013 TV135 կոչվող հսկայական աստերոիդը միջազգային գիտական հասարակությունը անցած շաբաթ արդեն որակել է երբևէ գրանցված ամենավտանգավոր երկու աստերոիդներից մեկը:
Ամեն դեպքում Երկրին հարվածելու օբյեկտի հնարավորությունները շատ քիչ են՝ 63,000-ից 1-ը: Սա նշանակում է, որ 99,9984 տոկոսով երկրագնդի վրա կյանքը կշարունակվի բնականոն հունով:
Եթե բախում տեղի չունենա, ապա հավանական է, որ աստերոիդը շատ մոտ անցնի Երկրին:
NASA-ն օբյեկտը որակել է որպես «պոտենցիալ վտանգավոր»:
Գիտնականները օբյեկտի վտանգավորությունը Թուրինի սանդղակով գնահատել են 10-ից 1: Նախկինում այդ սանդղակով 1 վտանգավորության աստիճան տրվել էր ևս մեկ աստերոիդ, իսկ մյուս աստերոիդների վտանգավորությունը գնահատվել էր 0 միավոր:
Եթե 2013 TV135 աստերոիդը հարվածի Երկրին, ապա դրա հետևանքները աղետալի կլինեն՝ հատկապես բնակեցված տեղանքի հարվածելու դեպքում:
Այնուամենայնիվ այս աստերոիդը ավելի փոքր է, քան 65 միլիոն տարի առաջ Երկրի հետ բախված և դինոզավրերի ոչնչացման պատճառ դարձած աստերոիդը:
Ուկրաինայի գիտնականները օբյեկտը նկատել էին անցած հանգստյան օրերին: Իսպանիայի, Իտալիայի և Ռուսաստանում Սիբիրի աստղագետները ևս հաստատել են 2013 TV13-ի գոյությունը:
Աստերոիդը Երկրին կմոտենա 2024թ-ին, ինչը գիտնականներին հնարավորություն կտա այն ավելի մանրամասն ուսումնասիրել:



