Իրաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների հետևանքով զոհերի թիվն օրեցօր աճում է: Այս մասին հայտարարել է Իրաքում մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարության անդամ Մասրուր Ասվադը: Վերջինիս խոսքերով՝ անցած 20 օրվա ընթացքում Մոսուլում, Սալահադդինում, Դիյալեում և Ալ Անբարեում ընդհանուր առմամբ 1078 մարդ է զոհվել, 1200 հոգի վիրավորվել է, որոնք մեծամասամբ ոստիկաններ ու զինվորականներ են: «Մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքելու իր տունը, նրանց մեծ մասը բնակվում են վրանային քաղաքներում և հարևան շրջաններում: Ամենից վատ վիճակում գտնվում են կանայք և երեխաները»,-նշել է Ասվադը՝ կոչ անելով միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել իրաքցիներին:
Monthly Archives: June 2014
Գողացել է զոքանչի հեռախոսը
Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Ջահուկյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
Պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ռադիկ Ծ.-ն հյուրընկալվելով կնոջ մոր տանը` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք և կրակոցներ` ավտոմեքենան արագ վարելու պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գլխավոր դատախազը խոստանում է, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի
Հուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ այսօր ընթացիկ տարում առաջին անգամ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա, ամփոփելով վերջին ամիսներին կատարած աշխատանքը, տեղեկացրեց , որ դատախազությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. «Վերջին 9 ամիսներին դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավելի դատախազ, որոնց մի մասի գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ», – ասաց գլխավոր դատախազը, ընդգծելով, որ համակարգում սերնդափոխության անհրաժեշտությունն ակնհայտ էր, իսկ այժմ դատախազության համակարգը համալրվել է նոր, երիտասարդ, գիտական մտածելակերպ ունեցող և գիտական ասպարեզում իրենց դրսևորած մասնագետներով: «Փոխվել է դատախազության գրեթե 1/3-ը: Սերնդափոխությունը և նոր մտածելակերպը ինքնին կհանգեցնի նաև դատախազի նոր կերպարի ձևավորմանը», – հույս հայտնեց Գևորգ Կոստանյանը:
Փոփոխություններ են կատարվել նաև համակարգի կառուցվածքում, որի նպատակն է` կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, ի տարբերություն նախկինում սահմանված կարգի, որտեղ կառուցվածքային միավորները բաժանված էին ըստ հանցատեսակների: Աշխատանքի կազմակերպման այս մեխանիզմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ՝ ըստ դատախազական լիազորության:
Պատասխանելով լրագրողների հարցերին, գլխավոր դատախազը անդրադարձավ նաև վերջերս Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ էր կիրառվել.
« Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի կիրառումը նրա գործառույթի մեջ է մտնում: Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ կատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ նյութեր են պատրաստվում, ընդ որում` հայցեր կան երկու կողմից:
Խոսելով վերջին շրջանում հանրապետությունում հնչած կրակոցների դեպքերի աճին, դատախազը նշեց, որ իրականում ոչ թե միջադեպերն են շատացել, պարզապես սկսել են դրանից ավելի շատ խոսել.« Չեմ կարծում, թե աճ կա. ես դա վերագրում եմ նրան, որ ավելի շատ է դրա մասին խոսվում: Ցանկացած բան այսօր տեսանելի է: Վստահ եմ` ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվում դա կանխելու համար: Այսօր արդեն լուրջ արդյունքներ ունենք, օպերատիվ և պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվում»:
Գլխավոր դատախազը հայտարարեց, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի, և ինքը դրա համար անձամբ պատասխանատվություն է կրում:
Ֆրանսիայի օդային երթևեկության վերահսկիչների գործադուլի պատճառով ուղևորներին 14,000 ժամ ուշացումներ են սպասվում
Հազարավոր ճանապարհորդների երկար ուշացումներ և հետաձգումներ են սպասվում, քանի որ Ֆրանսիայում օդային երթևեկության վերահսկողների գործադուլն ինտենսիվանում է՝ կաթվածահար անելով Եվրոպայի չվերթերը:
Չորեքշաբթի օրը՝ ավիացիայում կրճատումների համար կազմակերպված գործադուլի երկրորդ օրը, Եվրոպայում օդային անվտանգության մարմինը՝ Eurocontrol-ը, իրավիճակը գնահատել է անկայուն:
Եվրոպական առաջատար ուղևորափոխադրողները՝ ներառյալ British Airways-ը, EasyJet-ը և Ryanair-ը, հետաձգել են իրենց թռիչքները:
Eurocontrol-ն ավելի վաղ հայտնել էր, որ գործադուլի հետևանքով սպասվում են մինչև 14,000 ժամ ուշացումներ: Չորեքշաբթի օրն արդեն մոտ 4,400 ժամ ուշացումներ էին գրանցվել:
Ավիաուղիները խորհուրդ են տալիս եվրոպական օդանավակայաններից մեկնող և ժամանող բոլոր ուղևորներին ստուգել իրենց չվերթի կարգավիճակը՝ նախքան օդանավակայան ժամանելը:
ԵՄ-ի օրենսդրությամբ հետաձգումների համար ուղևորներին պետք է փոխհատուցել կամ այլընտրանքային տոմս առաջարկել:
Սիրիայի ռազմական ինքնաթիռները հարձակվել են Իրաքի վրա
Երեքշաբթի օրը Սիրիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի Անբար նահանգի որոշ հատվածներ, որի հետևանքով զոհվել է Իրաքի 57 խաղաղ բնակիչ, ավելի քան 120-ը վիրավորվել են:
Իրաքի Անբար նահանգի խորհրդի ղեկավարը հայտնել է, որ հարձակումների թիրախ են դարձել շուկաները և վառելիքի լցակայանները:
Խորհրդի ղեկավարը նշել է, որ իրենց կարծիքով դրանք սիրիական ռազմական ինքնաթիռներ են եղել, քանի որ դրանց վրա Սիրիայի դրոշ էր պատկերված:
Տեղական պաշտոնյաների տեղեկություններով՝ բնակիչները հեռադիտակով և այլ սարքերով ուսումնասիրել են ռազմական ինքնաթիռների վրա եղած նշանները:
Իրաքի ուժերը շարունակում են պայքարել Իրաքի և Սիրիայի իսլամական պետության սունի արմատական զինյալների դեմ:
Վերջին շաբաթների ընթացքում վերոնշյալ խմբավորումը գրավել է Իրաքի հսկայական տարածքներ՝ փորձելով ստեղծել Սիրիայից Իրաք ձգվող իսլամական պետություն:
Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Հունիսի 25-ին Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում կքննարկվի քաղբանտարկյալների հարցը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում, որը հունիսի 28-ից հուլիսի 2-ը տեղի կունենա Բաքվում, կընդունվի “քաղբանտարկյալներ” հասկացությունը սահմանող բանաձև:
Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի բանաձևում ԵԱՀԿ անդամ-երկրներին կհորդորեն ամբողջությամբ իրականացնել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը հետևելու իրենց պարտականությունները:
Բացի այդ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը բանաձև կընդունի Ադրբեջանում և Ուկրաինայում ԵԱՀԿ դաշտային առաքելության կարգավիճակի վերաբերյալ:
Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը
Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված «Խաղաղության քար» հուշաքարի բացման պատիվը վերապահված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոյին։
Ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից է, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր այստեղ հնարավորություն ունենք Հիրոշիմայի քաղաքացիների սրտի մասնիկը հասցնել հայ ժողովրդին, որը միջազգային հանրության շրջանակներում իր հետևողական անխոնջ ներդրումով նպաստում է խաղաղությանը։ Հիրոշիմայի բնակիչների ձեռքով յուրաքնաչյուր քարի վրա փորագրվել են խաղաղության համար աղոթող գթության աստվածուհի Կաննոնի պատկերը և «Հիրոշիմայի կողմից» («FROM HIROSHIMA») բառերը։ Քաղաքացիների մտահղացմամբ՝ 1991թ. քարերն սկսեցինք նվիրաբերել աշխարհի առաջնորդներին։ Այս սալաքարերը՝ միջուկային աղետի համր վկաները, կարծում ենք, յուրաքանչյուր երկրում կդառնան մարդկության համընդհանուր իղձերի ներդաշնակության, եղբայրության և խաղաղության ուղերձի ինքնատիպ կրողներ։ Շնորհակալ ենք ՀՀ նախագահին, ում հավանությամբ և աջակցությամբ Հիրոշիմայի խաղաղության քարը հայկական հողում՝ Երևանում սկսում է ապրել նոր կյանքով»,- նշել է Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն։
Հուշաքարի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳՆ ԱՕԱ վարչության պետ Աշոտ Ոսկանյանը և Հիրոշիմայի խաղաղության քար ասոցիացիայի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները, քաղաքացիներ։
ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ջերմորեն ողջունել է ճապոնական պատվիրակությանն ու ներկաներին և հատկանշել, որ 2012 թվականին ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած այցի արդյունքում առավել ամրապնդվել են հայ-ճապոնական հարաբերությունները, ապա նախանշել է դրանց էլ ավելի զարգացման միտումները՝ մասնավորապես ընդգծելով, որ 2015 թվականի սկզբին Երևանում նաև Ճապոնիայի դեսպանություն կբացվի։
«Այս զարգացումներն արդեն իսկ մեծ և դրական ազդեցություն են ունենում մեր երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ շփումների ակտիվացման վրա։ Խաղաղության քարի բացումը ևս մի խորհրդանշական քայլ է՝ ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը»,- նշել է ՀՀ նախագահի օգնականը։
Աշխարհի տարբեր երկրներ ուղարկվող հուշաքարերից մեկն ընդունելու և հատկապես Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում տեղադրելու համար Հիրոշիմայի քաղաքապետի շնորհակալական ուղերձին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել մեծ խորհրդով այս քարերից մեկը Երևան ուղարկելու համար։
«Ուրախ եմ, որ Երևանը նույնպես այդ մայրաքաղաքների, քաղաքների շարքում է։ Հայ ժողովուրդն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ կորուստներ է ունեցել, արհավիրքներ տեսել, ողբերգություններ ապրել և առավել քան գիտի խաղաղության գինն ու արժեքը։ Այսօր էլ հայ ժողովուրդը իր ջանքերն է ներդնում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Միջոցառումն ավարտվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ճապոնական հանրահայտ «Հայրենիք» երգի կատարմամբ։
Խաղաղության քարին երեք լեզուներով գրված է Հիրոշիմայի բնակիչների խորհրդանշական պատգամը, որտեղ ասված է. «…Դասեր քաղելով մեր տառապանքից և առաջնորդվելով մեղքի զգացումով, որ մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքն անցած այլ ազգերի հանդեպ՝ մեր սահմանադրությամբ հավաստեցինք այսուհետ երբեք այլ երկրների նկատմամբ ագրեսիա չիրականացնելու մեր վճռականությունը։ Մենք նվիրաբերում ենք այս սալաքարերն աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու մեր ընդհանուր իղձը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը՝ որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին»։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ուկրաինայում անջատողականները ռազմական ուղղաթիռ են ցած գցել
Երեքշաբթի կեսօրին արևելյան Ուկրաինայում զինյալները կրակելով վայր են գցել ուկրաինական ռազմական ուղղաթիռ: Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հրադադարի հայտարարումից օրեր անց:
Սլավյանսկի մոտակայքում ընկած ուղղաթիռի բոլոր ինն ուղևորները մահացած են համարվում:
Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների պաշտոնական ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնևը հայտնել է, որ ուղղաթիռի ուղղությամբ կրակել են դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգից: Ուղղաթիռը ցած գցելուց հետո զինյալները թաքնվել են մոտակա Բիլբասովկա գյուղում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուրբաթ օրը ռուսամետ անջատողականների հետ բախումներում հրադադար էր հայտարարել՝ նշելով, որ ռազմական ուժերը կպատասխանեն միայն հարձակման ենթարկվելու դեպքում:
Էլինա Դանիելյանը «Գրան պրիում». 5-րդ տուր
Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիներին «Գրան պրի» մրցաշարում խաղացված 5 տուրից հետո Էլինա Դանիելյանը չի ուրախացնում:
Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին 5-րդ տուրի պարտիաներում.
Կոստենյուկ Ա.- Դանիելյան` ½ : ½
Հոու Յիֆան -Ստեֆանովա` 1 : 0
Յու Վենջուն -Ժաո Սյու` 1 : 0
Ձագնիձե -Կոներու` 1 : 0
Դրոնավալի -Խոտենաշվիլի` ½ : ½
Մուզիչուկ -Ա. Մումինովա` 1 : 0
ԱՂՅՈՒՍԱԿ
| 1. | Հոու Յիֆան | 4.5 |
| 2. | Յու Վենյուն | 4 |
| 3. | Ձագնիձե | 4 |
| 4. | Դրոնավալի | 3.5 |
| 5. | Մուզիչուկ Ա. | 3 |
| 6. | Կոներու | 2.5 |
| 7. | Դանիելյան | 2.5 |
| 8. | Ստեֆանովա | 2.5 |
| 9. | Կոստենյուկ Ա. | 1 |
| 10. | Խոտենաշվիլի | 1 |
| 11. | Ժաո Քսյու | 1 |
| 12. | Մումինովա | 0.5 |
Դժվարին նորամուտ` դպրոցականների աշխարհի առաջնությունում
Թուրքիայի Տրաբզոն քաղաքում ակցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցում է պատանիների 22 և աղջիկների 21 թիմ:
Հայաստանի պատիվը պաշտպանում է Վանաձորի պատանիների թիմը (մարզիչ` Արարատ Բարսեղյան):
Վիճակահանությամբ մերոնց ուժեղ մրցակիցներ են բաժին հասել: Եվ այս ստուգատեսում նորամուտ նշող Հայաստանի հանդբոլիստները պարտվել են Բելգիայի (8:25), Սլովենիայի (11:34), Իրանի (15:40), Գերմանիայի (6:44) իրենց հասակակիցներին:
“Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ Հիլալ Մամեդովի վճիռը մնացել է անփոփոխ
Ադրբեջանի գերագույն դատարանը՝ Ինգլաբ Նասիրովի նախագահությամբ, դիտարկել է “Թալըշի սյադո” (Թալիշի ձայն) թալիշական թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի սահմանադրական բողոքը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Դատարանը մերժել է Մամեդովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշում, որը հրաժարվել էր կասեցնել Մամեդովին ազատազրկելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այսօրվա նիստը փակ դռների ներքո է տեղի ունեցել:
Մամեդովը ձերբակալվել է 2012թ.-ի հունիսի 21-ին: Որպես “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ հայտնի Մամեդովը մողադրվում էր “պետական դավաճանության”, “ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք սերմանելու” և “խոշոր չափերի թմրանյութեր պատրաստելու, պահպանելու և տեղափոխելու” մեջ։
Բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է, 10 դիմորդ հեռացվել է քննասենյակից հեռախոսից օգտվելու համար
Այս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
– Պարոն Իսպիրյան, եթե ամփոփենք միասնական քննությունների առաջին փուլը, ինչո՞վ առանձնացան այս տարվա քննությունները:
– Հունիսի 23-ին ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը ռուսաց լեզու առարկայով: Ամփոփելով ասեմ, որ քննություններն այս տարի ընդհանուր առմամբ շատ խաղաղ ու հանգիստ անցան, բողոքարկումների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է: Ըստ էության, ունեցանք բավական լավ քննություններ: Կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ` երկու առարկաներից ունեցանք արդյունքների նվազում, էականորեն նվազեցին կենսաբանություն և անգլերեն առարկաների թե՛ բարձր, թե՛ միջին միավորները, մնացած առարկաների դեպքում ունեցանք գրեթե նույն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին էր: Ամենաշատ անբավարար ստացել են կենսաբանությունից` մոտ 25-26 տոկոս: Մնացած բոլոր առումներով կարելի է համարել դրական լիցքերով անցած քննություն, որևէ միջադեպ չունեցանք: Նաև փաստենք, որ այս քննությունների ընթացքում թեստերում բովանդակային խնդիրներ չեղան:
– Անցած տարի քննություններից հետո պարզ դարձավ, որ որոշ շտեմարաններ լրացնելու կարիք կա: Այս տարի ինչ-որ խնդիր, բացթողում նկատվե՞լ է, որը հետագայում պետք է շտկվի:
– Առայժմ հաջորդ տարվա համար որևէ կառուցվածքային փոփոխություն ծրագրված չէ: Քննարկումները մասնագետների հետ կսկսվեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ կունենանք այս տարվա քննությունների արդյունքների ամբողջական վերլուծությունը: Քննարկումների արդյունքում, եթե որևէ որոշում կայացվի, հանրությանը տեղյակ կպահենք, ուղեցույցները կսկսենք պատրաստել դրան համապատասխան:
– Իսկ այս տարվա գնահատականները նորմալ մրցույթ կազմակերպելու հնարավորություն ընձեռո՞ւմ են:
– Այս տարի գրեթե բոլոր առարկաներից բավական հաջող գնահատականներ են, այսինքն` բոլորն էլ մրցույթ ապահովող չափերի մեջ են: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, մենք չունենք այնպիսի առարկա, որի արդյունքներն էականորեն աճած կամ նվազած լինեն, բացի քիչ առաջ նշված երկուսից: Անցած տարի դրանցից բավականին բարձր միավորներ էին: Խնդիրը ոչ թե թեստերի բարդությունն է, այլ պարզապես այս տարի առաջին անգամ այդ առարկաների համար անցել ենք կարճ պատասխաններով առաջադրանքների: Կարճ պատասխանների դեպքում դիմորդների կողմից պատահականորեն ճիշտ նշում անելու հավանականությունը քչանում է: Եթե մյուս դեպքերում կարող է կռահել, ապա այս դեպքում պատասխանը պետք է հստակ իմանա: Երբ ներառվեցին այդ առաջադրանքները, ենթադրվում էր, որ այդ երկու առարկաների գնահատականները կարող են նվազել: Իհարկե, ցավալի է, որ որոշ առարկաներից` կենսաբանությունից, ֆիզիկայից մենք 20 տոկոսից ավելի անբավարարներ ունենք, բայց բավարար գիտելիքներ ունենալը և գոնե 7,5 ստանալը պարտադիր է: Մեր դիմորդներն այդ երկու առարկաներից պարզապես լավ պատրաստ չեն եղել:
– Դիմորդները միաձայն նշում են, որ պնդումների փունջ առաջադրանքները խնդրահարույց են գնահատման առումով: Որքանո՞վ եք համամիտ ասվածին: Հնարավո՞ր է, որ այդ հարցերը վերանայվեն շտեմարաններում:
– Համամիտ չեմ: Ամեն թեստում երկու նման առաջադրանք կա: Դրա միջոցով նախ հստակ տարբերակում ենք լավ իմացողին մի փոքր տատանվող երեխայից: Այդ առաջադրանքի էությունն այն է, որ մեկ հարց է վեց ենթահարցով, եթե մեկին պատահական ճիշտ ես պատասխանում, իսկ մյուսը սխալ, ճիշտ պատասխանած հարցի միավորն էլ ես կորցնում: Քանի որ երկու առաջադրանք է, 20- միավորանոց համակարգում կարող է ընդամենը երեք միավորի դեր խաղալ:
Այդ առաջադրանքը պահանջում է, որ ենթադրելով չնշես, եթե չգիտես, պետք է պարզապես նշել` չգիտեմ: Բայց երեխաների մեջ չի ձևավորվել այդ մոտեցումը, որ եթե չգիտես, ուրեմն կասկածելով մի գրիր, պարզապես նշիր` չգիտեմ:
Արդեն 4-5 տարի այս առաջադրանքը կիրառվում է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ծառայում է իր նպատակին: Ասեմ նույնիսկ, որ Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ԳԹԿ համակարգի մասնագետները բավականին բարձր են գնահատել այդ առաջադրանքը և քննարկում են իրենց մոտ էլ նմանատիպ առաջադրանքներ ներառելու հարցը:
– Պարոն Իսպիրյան, իսկ ԳԹԿ-ն ինչպե՞ս է պայքարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները քննության ժամանակ կիրառելու դեմ: Այս տարի արտագրելու, հեռախոսով թելադրելու դեպքեր արձանագրվե՞լ են:
– Փորձում ենք ամեն ինչ անել նոր տեխնոլոգիաները քննասենյակում կիրառելու դեմ: Իհարկե, խլացուցիչները գործում են, իսկ առանց հեռախոսի ականջակալները պիտանի չեն: Չնայած փորձողներ եղել են: Հեռախոսների և այլ կապի միջոցներից օգտվելու համար մոտ 10 դիմորդ է հեռացվել քննասենյակից: Բայց, ըստ էության, այս տարի այդքան շատ չէր, մենք կարողացանք վերահսկել, ներկայացուցիչներն ավելի զգոն էին, սանհանգույց կամ բժշկի մոտ անձամբ էին ուղեկցում, որպեսզի այնտեղ սարքերից օգտվելու հնարավորություն չունենան: Աշխատել ենք հնարավորինս վերահսկել և կարծում եմ` ստացվել է, քանի որ արդյունքներում թռիչքներ չունենք:
– Նշեցիք, որ բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է: Իսկ բովանդակային առումով ինչպիսի՞ն են եղել բողոքարկումները:
– Թեստի բովանդակությանը վերաբերող բողոք առայժմ չենք ունեցել: Թեստերի շուրջ երկու բողոք է եղել. համաշխարհային պատմության և ռուսերենի մեկական տարբերակների մի առաջադրանքում տեխնիկական սխալ է տեղ գտել: Թեստերի հետ կապված խնդիր չենք ունեցել, և թեստերը գնահատվել են հաջողված: Բողոքարկումների մոտ 70 տոկոսը վերահաշվարկի պահանջ է եղել: Վաղվանից հանձնաժողովն անհատապես կքննարկի բողոքարկումները, և դիմորդներին հեռախոսով կամ նամակով կտեղեկացնեն արդյունքների մասին: Հունիսի 28-29-ը արդեն կկախենք բողոքարկումների արդյունքները: Իսկ մոտ 30 տոկոսը երեխային երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալու խնդրանքներ են:
– Այս տարի ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների կարող են ընդունվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի այդ փորձն ավելի ընդլայնվի:
– Ոչ թե առանց քննությունների, այլ` նաև առանց քննությունների: Նախ ընդունվում են միասնական քննություն հանձնած դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում` նոր միայն դպրոցական գնահատականներով դիմածները:
Ինչ վերաբերում է այն հարցին` հաջորդ տարի այդպես կլինի, թե ոչ, այսօր չենք կարող ասել, որովհետև տեղերը և տեղերի համար առաջարկվող փոփոխությունները նախատեսում է նախարարությունը: Այդ մասին կլինի կառավարության համապատասխան որոշում: Եթե հետագայում պարզվի, որ էլի մասնագիտություններ կան, որոնք պետական նշանակություն ունեն, բայց դիմորդներ չունեն, իհարկե հնարավոր է, որ դրանց համար հեշտացումներ լինեն:
– Հուլիսի 2-ից քննությունների երկրորդ փուլն է մեկնարկում: Կարծիք կա, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ են, հսկողությունն ավելի մեղմ է, և ավելի ձեռնտու է երկրորդ փուլով քննություն հանձնել: Այս մասին ի՞նչ կասեք:
– Երկրորդ փուլի արդյունքները միշտ ավելի ցածր են լինում, քան առաջին փուլում: Այն, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ կլինեն, ճիշտ չէ: Թեստեր գրողները տարբեր մարդիկ են և գրելիս չգիտեն` առաջի՞ն փուլի համար են գրում, թե՞ երկրորդ: Հսկողությունն էլ խիստ է, քանի որ երկրորդ փուլում մեկ քննակենտրոն է, որտեղ կաշխատեն հենց մեր աշխատակիցները, որոնք ավելի փորձառու են, խլացուցիչներն էլ շատ կլինեն: Մեզ համար նրանք բոլորը դիմորդներ են, և տարբերություն չկա նրանց մեջ:
– Ե՞րբ կամփոփվեն ընդունելության արդյունքները: Եվ այս տարի ընդունելության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ:
– Մենք ամփոփումն անելու ենք հուլիսի 15-ին, ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 16-ին, և հուլիսի 16-22-ը կհրապարակենք նաև թափուր տեղերի ցուցակը: Այդ ժամանակահատվածում այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական, բայց որևէ տեղ չեն ընդունվել, համապատասխան թափուր տեղի առկայության դեպքում կկարողանան դիմել այդ տեղերի համար:
Ծովայինը վստահեցնում է, որ 17 տարի ծառայել է Մարսի վրա
Ամերիկացի պաշտոնաթող ծովայինը ցնցող հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին 1և տարին ծառայել է ոչ դես ոչ դեն` Մարսի վրա: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր պարտականությունների մեջ է եղել մարդկանց այլմոլորակային հենակայանների պաշտպանությունը ոչ բարեհաճ տեղացիներից, հաղորդում է Mirror-ը:
Նա պատմում է , որ տիեզերական գաղտնի տորմիղի հրամանատարներից մեկն է եղել, որը պատկանում էր բազմազգ մի կազմակերպության` Earth Defense Force-ին (Երկրի պաշտպանության ծառայություն):
Ծառայության 17 տարիների ընթացքում նա աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտանի գլխավոր առաքելությունը եղել է 5 հետազոտական բազաների պաշտպանությունը Մարսը բնակեցրած ագրեսիվ «տեղաբնակներից»:
Մի քանի երկրների իշխանություններ ավելի քան 3 տարի նրան նախապատրաստել են այլմոլորակային ծառայության: Այդ ընթացքում նա սովորել է 3 տարբեր տեսակի տիեզերասարքեր ու բազմաթիվ ռմբակոծիչներ վարել, որոնք հատուկ անօդ տարածության տարածության մեջ մարտական գործողությունների համար են կառուցվում: Ուսուցումը կատարվել է լուսնային գաղտնի հենակայանում` Lunar Operations Command: Իսկ քանի ծառայակիցներ կային հարցին նա չի պատասխանել:
«Ես հոգնել եմ ծառայությունից»,-խոստովանել է նա: Ղեկավարությունը նրա պաշտոնաթողության խնդրանքին ըմբռնումով է մոտեցել ու հրաժեշտի կապակցությամբ շքեղ հանդիսություն կազմակերպել, որին մասնակցել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոլադ Ռամսֆելդը:
Կապիտանի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն, նա միակը չէ, որ վստահեցնում է, թե Մարսի վրա գաղտնի ռազմահենակայաններ կան: UFO TV հեռուստաալիքը դրա մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:
Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Անկախ
Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև կնքվել է գործընկերային համագործակցության մասին հուշագիր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:
Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:
Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:
Այն ներառում և վերահաստատում է 2007 և 2010 թվականներին կնքված երկկողմ հուշագրերով նախատեսված դրույթները, ինչպես նաև նախանշում ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների՝ գիտաժողովների, դասախոսությունների, գործնական հանդիպումների կազմակերպում և անցկացումª Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հարցում կողմերը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրումը:
ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը ու վստահություն հայտնել, որ այն կնպաստի ավելի զարգացած ու իրավական պետություն ունենալուն: «Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում: Այս այցը ոչ միայն արդյունավետ է փոխգործակցության համատեքստում, այլև հետաքրքիր ապրումներ է պարգևում մեզ. մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում, որտեղ և որոշվել է մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Հովհաննես Մանուկյանը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին, արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ներդրումների համար, պարգևատրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարություն
Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային և անհատական առաջնության եզրափակիչ փուլին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել հունիսի 21-ին մեկնարկած գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային և անհատական առաջնության եզրափակիչ փուլին, որն ընթանում էր Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում:
Առաջնությանը մասնակցում էին շուրջ 35-40 մարզուհի՝ Երևանի վարչական շրջաններից (Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր), Գեղարվեստական մարմնամարզության դպրոցից (ԳՄԴ), Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից (ԳՄԱՕՄ) և ՀՀ մարզերից (Գյումրի, Քաջարան, Կապան):
Հայաստանի թիմային և անհատական առաջնության ամփոփիչ արդյունքներն են՝
Թիմային պայքար՝
2-րդ տեղ. Լուսինե Չթրյան (Կենտրոն)
3-րդ տեղ. Ելենա Ավետիսյան(Կենտրոն) և Ժաննա Բալոյան(Գյումրի)
3-րդ տեղ. Լուիզա Սադյան(ԳՄԴ)
Նշենք, որ առաջնությանը ներկա էին նաև Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնի տնօրեն, Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրա Բեգլարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, ինչպես նաև ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքից հատուկ հրավիրված հյուր, մի շարք չեմպիոնուհիների գլխավոր մարզիչ Նատալիա Բարիսովնա Տիշենան:
Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը հնարավոր է դառնա միջազգային
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, հանդիպելով լրագրողներին տեղեկացրեց հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության խորհրդի նիստի արդյունքներին:
Նիստի ընթացքում, ի թիվս համագործակցության շրջանակներում քննարկվող այլ հարցերի, լսվել է նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Քննարկման դրված «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձևերի մրցաշարը համատեղ իրականացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ Ա. Նազարյանը ներկայացրել է հատուկ կարծիք` մնալով ձեռնպահ և հանդես է եկել առաջարկով` ՀՀ-ում անցկացվող մարզական-մասսայական ծրագրերից ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի օրինակով անցկացնել ԱՊՀ անդամ երկրների «Լավագույն մարզական ընտանիք» միջազգային մրցաշար: Նախարարի տեղակալի առաջարկն արձանագրվել է և որոշվել է այդ հարցը քննարկել Խորհրդի հաջորդ նիստի ընթացքում:
Արտաշես Նազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կատարված աշխատանքները և որպես դրական փաստ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել և խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի և մարզիչի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը»,- նշել է փոխնախարարը և ավելացրել, որ ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենքներ են գործում ինչպես Հայաստանում` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքները:
Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ 6 երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հանրապետությունները
