Բարձրագույն կրթություն՝ միջազգային չափանիշներով

06-24-2014Մայր բուհում քննարկվեցին Հայաստանում իրականացվող Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների աշխատանքներն ու առկա խնդիրները:

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է «TEMPUS» ծրագրի «ARMENQA» նախագծի շրջանակներում:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Շվեդիայի Լինշոփինգ համալսարանի ներկայացուցիչ, «ARMENQA» նախագծի համակարգող Յաներիկ Լունդքվիստը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, հայկական բուհերի ու կրթական կառույցների ներկայացուցիչներ:

«Այս նախագիծը եզակի է նրանով, որ լուրջ բարեփոխումներ է ենթադրում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում: Կարծում եմ, որ նախագծի ընթացքում իրականացված աշխատանքները միանշանակ նպաստելու են ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերահաստատմանն ու բարելավմանը»,- նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

«ARMENQA» ազգային նշանակության եռամսյա նախագծի նպատակն է բարձրացնել ՀՀ բուհերի շրջանավարտների զբաղվածությունը և նպաստել ՀՀ որակավորումների ճանաչմանն աշխատաշուկայում՝ ազգային և միջազգային մակարդակներում:

«Պետք է նշել, որ հայաստանյան բուհերի ներգրավվածությունը «TEMPUS»-ի ծրագրերում ու իրականացվող ակտիվ գործունեությունը թույլ է տալիս փաստել, որ մենք բարձրագույն կրթության ոլորտում լուրջ հաջողություններ ենք գրանցել»,- ասաց ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը և անդրադարձավ Որակավորումների ազգային շրջանակի աշխատանքներին:

Բացման ելույթներից հետո առանձին բաժանմունքներում ներկայացվեցին բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական և ազգային շրջանակը, դոկտորական որակավորումները Եվրոպայում, 21-րդ դարի աշխատաշուկայի կարողությունները և բուհերի հետ համագործակցությունը:

Նշենք, որ Որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ) ներառում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բոլոր մակարդակներում տրամադրվող որակավորումները: Այն համապարփակ գործիք է, որը նկարագրում է, թե շրջանավարտն ինչ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ է ձեռք բերել որակավորման տվյալ մակարդակում, նպաստում է որակավորումների թափանցիկությանը, համադրելիությանը և ճանաչմանը:

Նախագծի հիմնական խնդիրներն իրագործվում են հայաստանյան գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար ճանաչողական այցերի, տեղեկատվական և վարժանքային սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստումների անցկացման, տեղեկատվական նյութերի մշակման և տարածման միջոցով:

ՀՀ ՈԱՇ-ի կարևորագույն շահառուներն են ՀՀ բուհերը, աշխատաշուկան, ոլորտը կարգավորող պետական մարմինները, ուսանողները, ինչպես նաև հանրությունը: Նախագիծը կնպաստի ոչ միայն  ուսանողների և շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, այլև միջազգային շարժունությանը, ինչպես նաև կխթանի Հայաստանում շնորհված որակավորումների ճանաչումն արտասահմանում:

Աշխատաժողովի առանձին բաժանմունքներում զուգահեռաբար կազմակերպվել էին քննարկումներ, որտեղ արծարծվում էին ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մակարդակները:

Հավելենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն արդյունքները, կամփոփեն և կներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի վերջնական տարբերակը:

 

 

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ

7111

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր: Նա նաև բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ-ԱՅ-ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը:

Գագիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաև քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ:

Հանձնաժողովի անդամները ևս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձևաչափը և աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին: Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության Նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում:

 

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

երաժշտական դպրոցԵրևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։

Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Մրցակարգով  սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի մրցութային 2-րդ տեղում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 3-րդում՝ Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը։ Լավագույն եռյակում ընդգրկված դպրոցները, բացի պատվոգրերից, ըստ մրցութային տեղերի ստացել են նաև դրամական պարգևներ։

Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Խաչիկ Անդրեասյանը, ով Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան է։

Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարանների համույթներ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն։ Մայիսի 5-ից 25-ը անցկացված մրցութային լսումներին մասնակցել է շուրջ 2000 աշակերտ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր 25 դպրոցներից։ Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովը նախագահել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։

«Ընտրված էր բավականին հեղինակավոր ժյուրի, խորապես վստահելի անհատներ։ Նրանց մասնագիտական ճշգրիտ գնահատականներում, վստահ եմ, անաչառորեն արտահայտված է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներից յուրաքանչյուրի մասնագիտական տարեկան առաջադիմությունը, որակն ու ինքնությունը։ Առաջին տասնյակում թեև քիչ, բայց առկա փոփոխությունը արտացոլում է դպրոցների՝ տարեցտարի առավել ներկայանալի դառնալու ձգտումը։ Քաղաքապետարանն այս իմաստով բացի մրցութայինը, շատ այլ եղանակներով է խրախուսում այս դպրոցներին։ Քաղաքապետարանն այսօր մեծ ներդրումներ է անում նաև երաժշտական ու արվեստի դպրոցներում՝ բարելավելով շենքային պայմանները վերանորոգումներով, գույքի համալրումով և այլն։ Քաղաքապետարանը նաև հետևողական է և պատրաստակամ  լավագույն երեխաներին աջակցելու հարցում, ինչպես օրինակ միջազգային մրցույթների մեկնելիս և այլն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ դպրոցների առաջընթացին զուգահեռ՝ ամրապնդվում է նաև մրցույթ-փառատոնի հեղինակությունը. այս մրցույթի արդյունքները ծանրակշիռ են նաև երաժշտարվեստի զարգացմանը սատարող հիմնադրամների համար։

Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ վերջին շրջանում ակնհայտ է դարձել առանձնահատուկ մոտեցումը ազգային նվագարաններին և նկատել, որ մրցույթը նաև դասական երաժշտության ինքնատիպ քարոզչություն է, որը շատ ծնողների կողմնորոշում է դպրոցահասակ երեխաներին ուսման տալ երաժշտական կրթօջախներում։

Գալա-համերգը, ինչպես ամեն տարի, ամփոփվել է Երևանի օրհներգով, որը կատարել են երաժշտական դպրոցների երգչախմբերի սաները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Դեմ եմ»-ի անդամ մի խումբ մանկավարժներ դիմել են Վազգեն Մանուկյանին

ՀԽ նիստՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ:

Մանկավարժներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշմանը և ՀՀ մի շարք իրավական ակտերի, այլև ՀՀ Հանրային խորհրդի բանաձևին: Նրանց խոսքով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծն ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը, մինչդեռ օրենքն ընդունվել է առանց հանրային քննարկումների:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ-մանկավարժներն առաջարկել են Հանրային խորհրդում կազմակերպել հանրային քննարկումներ վիճահարույց օրինագծի վերաբերյալ, որի ընթացքում հանրության լայն շերտերը հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել:

IMG_4477Վազգեն Մանուկյանի հանձնարարականով հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդում կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԽ նախագահը, ՀԽ անդամներ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Հայրապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ ու մանկավարժներ:

Վերջիններս ներկայացրել են իրենց մտահոգությունը՝ կապված օրենքի կիրառման հետևանքով դպրոցում առաջացած խտրականության դրսևորման հետ, բարձրաձայնել մանկավարժի խիստ ցածր աշխատավարձի և ոչ լրիվ դրույքաչափով աշխատելու պայմաններում պահվող գումարի բացասական  ազդեցության, ինչպես նաև ս.թ. հուլիսի մեկից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման պարագայում մանկավարժների աշխատավարձերի չնչին փոփոխությունների մասին՝ նշելով, որ սոցիալական վճարների գանձման դեպքում հաճախ բարձրացումը մի քանի հարյուր դրամ է կազմելու:

«Դեմ եմ»-ի ակտիվիստները նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված մտահոգությունները չեն նվազել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է: Նրանք բարձրացրել են նաև հանրության կողմից իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հարցը և կարևորել երկրում ինտելեկտուալ ռեսուրսի գնահատման անհրաժեշտությունը:

Պետական կառույցի պաշտոնյաները փորձել են պարզաբանումներ տալ բարձրացվող հարցերի վերաբերյալ, ներկայացնել օրենքի փոփոխման արդյունքում ի հայտ եկած առավելությունները՝ միաժամանակ նշելով, որ սա ծանր բարեփոխում է և չի կարող ցնցումներ չառաջացնել հասարակական որոշ շերտերում:

Քննարկման ավարտին ՀԽ նախագահը հայտնել է, որ խորհրդում կստեղծվի աշխատանքային խումբ, որը քննարկումներ կանցկացնի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կամբողջացնի բարձրացված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները և կներկայացնի դրանք ՀՀ նախագահին ու ՀՀ կառավարություն:

 

Անկախ

Դոլարը իջնում է

 50 միլիոն դոլարՀունիսի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:

ՀՀ հանրակրթական 139 դպրոց կիրականացնի ներառական կրթություն

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “ՀՀ  կրթության  և  գիտության նախարարության  2007  թվականի մայիսի 11-ի  թիվ 428 Ա/Ք  հրամանում  լրացումներ  կատարելու  մասին”: Համաձայն հրամանի` լրացում է կատարվել “Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին” հրամանում: ՀՀ հանրակրթական 22 դպրոց ևս կիրականացնի ներառական կրթություն:

Բողոքի ակցիա՝ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ

3 (4)Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի դահլիճում, Եվրոպայում հաստատված մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել պատգամավորների առջև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, նստելով դահլիճի առաջին շարքերում՝ նրանք սև կտորներով փակել են իրենց բերանները: Նրանց հագուստների վրա պատկերված են եղել Ադրբեջանի քաղբանտարկյալների լուսանկարները:

Այդ կապակցությամբ ելույթը ժամանակավորապես դադարեցվել է: Որոշ ժամանակ անց Ալիևը շարունակել է իր ելույթը:

Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան

Յուրի ՎարդանյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Դ!ԵՄ ԵՄ. Խստագույնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կիրառած բիրտ ուժը

դեմ եմՍույն թվականի հունիսի 23-ին հերթական անգամ մեր հասարակությունը դարձավ հայրենի ոստիկանության անօրինական, վայրագ, ոչ ադեկվատ ու անմարդկային վարքի դրսևորումների ականատեսը:

Այդ օրը ՀՀ մի խումբ պահանջատեր, ազատամիտ և գիտակից քաղաքացիներ իրացնում էին իրենց սահմանադրական ու քաղաքացիական իրավունքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց՝ բողոքելով հերթական անարդարության ու գրպանահատության փորձի դեմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանխելու նպատակով, որին ի պատասխան ՀՀ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած hակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին:

ՀՀ ոստիկանությունը սնվում է մեր իսկ վճարած հարկերից, և այն կոչված է իրապես պաշտպանելու օրենքն ու հանրային շահը, այլ ոչ թե վերածվելու «համիդիե» հրոսակախմբերի:

Մենք կասկած չունենք, որ մեր հասարակությունն իսկապես արժանի է ունենալու 21-րդ դարի քաղաքակիրթ հասարակություններին հարիր և հանրության շրջանում վստահություն ու հարգանք վայելող ոստիկանություն, այլ ոչ թե ոստիկանություն, որն արատավորում է իշխանության ներկայացուցչի՝ իրավապահի վեհ կոչումը: Եվ եթե պատկան մարմիններն ի վիճակի չեն ձգելու հրոսակախմբերի սանձերը, ուրեմն դա պիտի անի քաղաքացիական հասարակությունը:

Ի դեպ, հիասթափեցնելու ենք բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե ս. թ. հունիսի 23-ի և նմանատիպ դեպքերի շնորհիվ կկարողանան կոտրել մեր անկոտրուն կամքը՝ հաստատելու իրավունքի գերակայություն: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, պետություն, որտեղ իր քաղաքացին իշխանության կրողն է:

Միևնույն ժամանակ պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից սույն հայտարարության և ԶԼՄ-ներում հրապարկված տեսանյութերի հիման վրա բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել ու անցկացնել ծառայողական քննություն՝ այդ օրը ծառայություն իրականացնող օրինազանց, բիրտ և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Աֆրիկյանների տան մոտ լարված իրավիճակ է (տեսանյութ, լուսանկարներ)

MHM88891Աֆրիկյանների տան մոտ լարված իրավիճակ է: Տիգրան Համասյանն այսօր տեղում համերգ է տվել` ի պաշտպանություն մշակութային հուշարձանի: Երաժշտի հեռանալուց հետո Տերյան 11 հասցեում թեժ իրավիճակ է ստեղծվել. քաղաքացիները հարվածում են շենքը պատնեշող MHM88897թիթեղներին` այդպիսով բողոքելով մշակութային հուշարձանի ապամոնտաժման դեմ: Տեղում գնալով աճում է նաև կարգը հսկող ոստիկանների թիվը:


Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին

Մասուդ ԲարզանիԻրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:

Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանն  ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:

Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:

Բարզանին նշել է, որ ինքն  այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:

Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի:

Երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակություն

ԼՂՀԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` փոխվարչապետի, կառավարության այլ անդամների հետ:
ՀՀ վարչապետը` արցախյան գործընկերոջ և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հուշահամալիր այցից հետո կայացել է հայկական երկու պետությունների գործադիր իշխանության ղեկավարների առանձնազրույցը. քննարկվել են համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ համատեղ լուծելի հարցերը բազմաթիվ են, օրախնդիր ու հեռանկարային, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինեն հստակ մոտեցումներ: Երկու կառավարությունների միջև գոյություն չունի որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել միացյալ ուժերով` ընդհանուր ազգային տեսլականի շրջագծում,- նշել է Ա. Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը էական ու հրատապ է համարել Արցախի տնտեսական ինտեգրման խորացումը Հայաստանի Հանրապետության հետ` նշելով, որ, դա է թելադրում ներկա ռազմա-քաղաքական կացությունը տարածաշրջանում, և այն բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ ՀՀ կառավարության կողմից հետայսու ևս կգործադրվեն բոլոր ջանքերը Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա հակված է այն մտքին, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը լինի առարկայական ու նպատակային:
Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները, ըստ ճյուղային ոլորտների, ներկայացրել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները, նշել իրագործման փուլում գնտվող ծրագրերը, ինչպես նաև ձեռքբերել նոր պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները ընդլայնելու վերաբերյալ:
Դրական գնահատելով տարբեր ոլորտների միջև փոխգործակցությունը` վարչապետներ Արա Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել են հետամուտ լինել շոշափված խնդիրների լուծմանը, մասնավորապես, աշխատել Վարդենիս-Սոթք-Հաթերք երկրորդ օդային գծի գործարկման և հակակարկտային կայանների համակարգը ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ առանձին գերատեսչությունների աշխատակիցների միջև, որտեղ կհստակեցվեն համագործակցության ընդլայնման վերաբերյալ հետագա անելիքները:
Անկախ

Նիգերիայում Բոկո հարամը առևանգել է ևս 60 կանանց և 31 տղաների

NigeriansԲոկո հարամի զինյալները ևս 60 աղջիկների և 31 տղաների են առևանգել Նիգերիայի գյուղերից:

Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:

Այս առևանգումները մեծացրել են խաղաղ բնակչության անվտանգության տագնապները, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրությունը բնակիչներին չի փրկում Բոկո հարամի հարձակումներից:

Երկրի անվտանգության ուժերը հերքել են առևանգումների մասին լուրերը:

Նիգերիայի կառավարությանը մեծապես քննադատել են երկու ամիս առաջ դպրոցական աղջիկների առևանգմանն  արագ չարձագանքելու համար:

Չնայած առևանգված աղջիկներից 50-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, այնուամենայնիվ, առևանգվածների 75 տոկոսը դեռևս չի հայտնաբերվել:

Բոկո հարամը իրենց մոտ գտնվող գերիներին վերադարձնելու դիմաց պահանջում է ազատ արձակել իր ձերբակալված անդամներին:

Բոկո հարամ խմբավորման դեմ պայքարող տեղական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ընթացքում չորս գյուղացի է զոհվել:

Մշակույթի նախարարությունը դիմել է դատարան՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարեցնելու պահանջով.Tert.am

աֆրիկյաններՄշակույթի նախարարությունը դատարանի միջոցով կփորձի ստիպել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին դադարեցնել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։

«Այսօր դիմել ենք դատական մարմիններին, որպեսզի դատական վճռով ստիպենք դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ մեր ներկայացրած պահանջը չի իրականացվում։ Երեկ դադարեցրել էին, այսօր առավոտյան շարունակում են շինաշխատանքները»,-նշեց նա։

Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունըհայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախարարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը։ Ակտիվիստները շինարարներին են ներկայացրել համապատասխան փաստաթուղթը՝ ուղղված «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Թադևոսյանին, որտեղ նշվում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան շենքի ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ գործակալության մասնագետները իրականացնում են շենքի ապամոնտաժման հսկողական աշխատանքներ։

«Հայտնում ենք, որ տեղում շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, բացակայում են ապամոնտաժման աշխատանքների վարման մարտյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների հրահանգը չի կատարվել։

Ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանների պահպանությունը։ Մինչ համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայությունն ապահովելն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները»,-նշված է պահանջում։

Նշենք նաև, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ այս պահին երթով շարժվում են նախարարություն։

Հայաստանում ամեն տարի իրականացվում է 10.000 պլաստիկ վիրահատություն

Արմեն Հովհաննիսյան«Պլաստիկ վիրաբուժության պահանջարկը տարեցտարի նկատելի կերպով մեծանում է:  Հայաստանում ամեն տարի իրականացվում է մոտավորապես միջին հաշվով 10.000  պլաստիկ վիրահատություն», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն  Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ, թեև այս  մասնագիտությունը շատ երիտասարդ է, այն շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում: «Դրա հաջողությունը  կապված է նոր եղանակների, տեխնոլոգիաների ներդրման հետ: Մենք  աշխատում ենք Հայաստան բերել  միայն որակյալ տեխնոլոգիաներ, քանի որ շատ կասկածելի ու վնասակար մեթոդներ կան, որոնք կիրառվում են,  և մենք  պայքարում ենք դրանց դեմ, որպեսզի դրանք Հայաստան չներթափանցեն», – ասաց նա հավելելով, որ այժմ նոր մեթոդներից լավագույնն է համարվում բջջային տեխնոլոգիաների կիրառումը,   երբ օգտագործվում են սեփական մարմնի բջիջները կրծքագեղձը մեծացնելու կամ  մաշկի որակը բարձրացնելու համար:

Բժիշկը նշեց, որ Հայաստանում դեռևս ոչինչ չի փոխվել և ամենաշատը կատարվում են քթի վիրահատություններ. «Դասակարգման մեջ վերջին 10-15 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել և մոտակա 15 տարիներին ևս չի փոխվի. հայաստանցիները պլաստիկ վիրաբույժներին ամենաշատը դիմում են քիթ վիրահատելու համար: Անում են նաև կրծքագեղձերի, ոտքերի,  ականջների վիրահատություն», – ասաց Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդների շրջանում նույնպես ավելի հաճախ դիմում են քթի խնդիրների պատճառով, իսկ արդեն ավելի մեծ հասակում կրծագեղձերի, որովայնի պլաստիկ վիրահատությունների պահանջարկը ավելի է  մեծանում: Ըստ նրա ` դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, բայց սովորաբար կանայք ավելի շատ են լինում:

Հատկանշական է, որ  քթի վիրահատության արժեքը մոտավորապես  350-650.000 դրամ  է, կրծքագեղձինը ավելի թանկ է, քանի որ միայն մեկ զույգ իմպլանտներն արժեն առնվազն 1000 եվրո: Սակայն ընդհանուր արժեքը կախված  է նաև տվյալ կլինիկայից և վիրաբույժից:

Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ հետվիրահատական բարդություններ լինում են, սակայն մահացության դեպք վերջին 15 տարիներին չի եղել: «Կարող են լինել հետվիրահատական սպեցիֆիկ խնդիրներ` հոդերի ասիմետրիա, հետվիրահատական բարդություններ և ոչ սպեցիֆիկ խնդիրներ՝ ալերգիա և այլն: Այդ պատճառով ամեն վիրահատությունից առաջ հաճախորդը հետազոտության է ենթարկվում», -ասաց նա:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում երիտասարդները  հետաքրքրված են  պլաստիկ վիրահատությամբ և, չնայած որ սովորելը տևում է մոտ 9 տարի, այդ մասնագետների ավելցուկ կա հանրապետությունում:

 

Անկախ

1942թ-ի Օսկար արձանիկը աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով

օսկար արձանիկ,19421942թ-ի Օսկար արձանիկը Ռոդ Այլենդի աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով: Աճուրդի տունը, նախքան արձանիկի վաճառվելը, սպասում էր 5,000-30,000 դոլար ստանալ դրա վաճառքից, սակայն այն երկուշաբթի օրը գնել էին գրեթե 80,000 դոլարով:

Արձանիկը Ակադեմիայի 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել էր Ժոզեֆ Ս. Րայթը «My Gal Sal» ֆիլմի գունային ձևավորման համար:

33 սմ բարձրությամբ և 2 կգ կշռով արձանիկը Րայթի մահից հետո 1985թ-ին ժառանգել էր նրա զարմիկը:

Ակադեմիան նախկինում հետաքննել էր արձանիկի վաճառքի փաստերը: Ակադեմիայի կանոնակարգում նշված է, որ 1950թ-ից հետո տրված Օսկար արձանիկների շահողները կամ նրանց ժառանգորդները իրավունք չունեն դրանք վաճառել՝ նախքան 1 դոլարով Ակադեմիային առաջարկելը:

 

Բուհերի ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության նոր հնարավորություններ

arm-6810-eshukՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Technology and Science dynamics» ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական կրթության զարգացման կարևոր խնդիրներից մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է, քանի որ կրթական համակարգի առաջնային պահանջարկը ձևավորում է աշխատաշուկան: Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է հռչակել և այդ համատեքստում, ոլորտում աշխատող տնտեսվարողների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացնելու հետաքրքրությունը փոխշահավետ և արդարացված նախաձեռնություն է:
Կողմերը պարտավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագիր ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում: «Technology and Science dynamics» ընկերությունը, ինչպես նշել է այդ ընկերության տնօրենը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը : Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ըստ փաստաթղթի՝ ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաև դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: «Technology and Science dynamics»-ը պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:

ՄԱԿ. հունիս ամսվա ընթացքում Իրաքում 1,075 մարդ է զոհվել

Իրաք, զոհերՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտնել է, որ Իրաքում հունիս ամսվա ընթացքում զոհվել է 1,075 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով՝ հունիսի 5-22-ը Նինվեյա, Դիյալա, Սալահ ալ-Դին նահանգներում զոհվել է առնվազն 757 և վիրավորվել 599-ը խաղաղ բնակիչ:

Խմբի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը երեքշաբթի օրը Ժնևում լրագրողներին հայտնել է, որ այդ թվերը պետք է դիտարկվեն որպես մինիմում ցուցանիշներ:

Նրա տեղեկություններով վերոնշյալ նույն ժամանակահատվածում Բաղդադում և Իրաքի հարավային շրջաններում զոհվել է 318 և վիրավորվել 590 մարդ:

 Անկախ

Կասկածում եմ, որ հուլիսի 1-ին Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցման համաձայնագիրը կստորագրվի. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան“Այն ինչ կատարվում է մեր շուրջ, աշխարհում հետաքրքիր է…և չնայած ողջ աշխարհի այս խիստ փոփոխություններին՝ Կովկասը հանգիստ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին, նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Իրաքում, Իրանում, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, որին խառնված է նաև Թուրքիան, ուկրաինական դեպքերը,  իհարկե, ընդհանուր առմամբ ազդեցություն  ունենում  են տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա:

“Բայց քանի որ Կովկասում այս պահին կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում,  կարելի է խոսել  Լավրովի այցի մասին”,-նշեց Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ Հայաստանի ասոցացման պայմանագիրը պատրաստվում է, ստեղծվում է ճանապարհային քարտեզը, մի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են կազմվում:

“Սակայն կասկածում եմ, որ նախատեսվածի պես հուլիս 1-ին կիրականացվի  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը”,-նկատեց Իսկանդարյանը, իսկ պատճառն, ըստ քաղաքագետի, տեխնիկական է, նաև  ԵՏՄ հիմնադիր երկրների միջև առկա հարցերը:

“Այս հարցերը կլուծվեն, բայց այն, որ դա մեկ շաբաթվա ընթացքում կլինի, կասկածում եմ”-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բանախոսը ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Հայաստան հիմնականում բնորոշեց որպես ռուսական և հայկական էլիտաների սովորական հանդիպում, քանի որ նրանք միշտ էլ քննարկման հարցեր ունենում են և այս այցը հերթականն էր: Իսկ այն, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, քաղաքագետը նորմալ է գնահատում, քանի որ ոչ ոք, այդ թվում՝ Ռուսաստանը, չի կարող հաշվի չառնել Արդբեջանի գործոնը, և սա բնական է:

Իսկ Լեռնային Ղարաբաղի վրա Հայաստանի ԵՏՄ անդամակցման հնարավոր ազդեցության մասին խոսելով՝ Իսկանդարյանը նշեց, որ ուղղակի կապ այս ամենը Լեռնային Ղարաբաղի հետ  չի կարող ունենալ:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը

ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը: Այդ մասին “Թրենդ” գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը։

 

Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկազմակերպվի ևս մեկ գագաթաժողով՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսության կառուցողական շարունակություն, որը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին:

 

“Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ Փարիզում հանդիպելու վերաբերյալ”,-ասել է ամերիկացի համանախագահը։

 

Ինչպես նշում է Ուորլիքը, այդ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։ «Շփման գծում նման դիվերսիաները արգելակում են հակամարտության կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, և կարող է հանգեցնել շրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը”,-ասել է նա։

 

Պատասխանելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, թե անհամբերությամբ է սպասում բանակցությունների շարունակությանը կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում։ “Դեռևս աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու վրա”, – ընդգծել է Ուորլիքը։

Անկախ