ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրված էր մեկ հարց` “Կրթության բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի ներկայացում”, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Բացելով նիստը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ տարիներ շարունակ իրականացվել է կրթության ոլորտի փոփոխությունների հսկայական ծրագիր: “Համաշխարհային բանկը մեր ամենահուսալի գործընկերներից է. բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագիրը մինչև տարեվերջ կամփոփվի, սակայն այս ընթացքում տարվել են աշխատանքներ` նոր վարկային ծրագրի ուղղությամբ: Մասնավորապես, ընտրվել են թիրախներ, ըստ այդմ` կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություներ, որոնք ներառված են նոր վարկային ծրագրում: Ծրագիրը նախատեսված է որպես կրթության համակարգի գալիք չորս տարիների բարեփոխումների հիմնական, բայց ոչ միակ մաս: Հատուկ ուզում եմ շեշտել, որ միայն այս վարկային ծրագրով չի պայմանավորվելու կրթական համակարգի զարգացումը. այն գալիս է լրացնելու բարեփոխումների մի կարևոր հատվածի` շեշտադրումը դնելով նախորդ ծրագրերի շարունակության, ինչպես նաև նոր մարտահրավերներին ընդառաջ որոշակի խնդիրներ կարգավորելու անհրաժեշտության վրա”,-նշել է նախարարը: “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին օժանդակություն տրամադրելու խնդրանքով` Կրթության բարելավման ծրագրի իրականացման համար: Ըստ բանախոսի` ծրագրի նպատակն է` աջակցել կրթության բարելավմանը հիմնական երկու ուղղություններով. աջակցություն հանրակրթության հետագա բարելավմանը և աջակցություն մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանմանը: Հ. Ղազարյանի ներկայացմամբ` ծրագրի տևողությունն է 5 տարի, մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերից: Ծրագիրը ֆինանսավորելու համար նախատեսված է 37,5 մլն. ԱՄՆ դոլար: Հանրակրթության հետագա բարելավմանն ուղղված բաղադրիչը նախատեսվում է իրականացնել չորս հիմնական ուղղություններով՝ դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում, աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում, ինչպես նաև աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով: Մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանումը կիրականացվի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացման միջոցով: Այն կտրամադրի նպատակային դրամաշնորհներ` կրթական հաստատություններին կրթական և ենթակառուցվածքային կարողությունների բարելավման և արդիականացման համար: Ծրագրի երրորդ բաղադրիչը վերաբերում է ծրագրի մոնիտորինգին և կառավարմանը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային նոր ծրագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախորդ վարկային ծրագրի համեմատ` այս ծրագրում ավելի քիչ ուղղություներ են ներառված` շեշտադրումը դնելով մի քանի գերակայությունների վրա: “Ավագ դպրոցներն ընտրվել են` որպես հանրակրթության բարեփոխումների շրջանակում առ այսօր ամենաքննարկվող փոփոխություններից մեկը, որի սկիզբը դրվեց 2008 թվականին, սական ճգնաժամի և հետճգնաժամային տարիներով պայմանավորված` նախկինում հանձն առած մի շարք պարտավորություններ մնացել են անկատար` նյութագույքային և շենքային պայմանների բարելավման տեսանկյունից: Հրատապ է նաև կրթության բովանդակության վերանայման խնդիրը”, -նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարություների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, ծավալվել է բուռն քննարկում: Կոլեգիայի նիստի ավարտին ընդունվել է համապատասխան որոշում:
Monthly Archives: June 2014
Երկու հետախուզվող` նույն մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Աշոտ Տ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մասիս քաղաքի հրապարակից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Պավել Ղ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը
15 տարվա բացակայությունից հետո Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը կրկին հանդես կգա հայրենիքում:
«Սպասված վերադարձ» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 28-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին: Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի գլուխգործոցները:
Ջորջ Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայական: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «Պրո Մյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991 թվականի սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ արժանացել է այդ պատվավոր մրցանակին:
Ֆրանսիական «Լը Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:
Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերը կատարել են Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, ինչպես նաև Կոմիտաս ու Խաչատրյան:
«Սպասված վերադարձ» համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսեր գնելու դեպքում` կկազմակերպվի անվճար առաքում: Լրացուցիչ հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 095 90 90 08 կամ 010 526718:
Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետություն-Նախիջեւան սահմանի վրա
Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից: Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված եւ սովորական երեւույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ: Թե՛ Նախիջեւանի եւ թե՛ Տավուշի ուղղությամբ արձանագրված դեպքերը խոսում են արդեն ոչ միայն արցախաադրբեջանական, այլ նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային գոտիներում) արձանագրվող զարգացումների մասին:
Արագ կարգով, մի քանի լրատվություն եւ ապա` որոշ հետեւություններ:
Ուրբաթ օր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային հարված էր ստացել ժամկետային մի զինվոր:
Հունիսի 5-ին ՀՀ-Նախիջեւան սահմանի Արարատի հատվածում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից սպանվել էին երկու պայմանագրային զինվորական ծառայողներ:
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը այցելել էր ՀՀ-ի հարավ-արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումներին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանության նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման եւ հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Դեպքերի բնույթն ու պատահարների մանրամասները իմանալու համար պետք է սպասել պաշտոնական լրահոսին: Եւ իրոք, սա այն ոլորտն է, որտեղ ենթադրությունների վրա հիմնված վերլուծումներն ու մեկնաբանությունները պետք է զիջեն առարկայական տեղեկություն հաղորդելու սկզբունքին. հատկապես մեր նման կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար իբրեւ աղբյուր պետք է նկատի ունենալ զինվորական համապատասխան գերատեսչությունների մամուլի ծառայությունների հաղորդածները:
Բայց անկախ դեպքերի բնույթից, հենակետերի կարգավիճակին վերաբերող մանրամասնություններից, նախահարձակման կամ համարժեք պատասխանների արդյունքներից, արժե մի քանի դիտարկում կատարել։
Արձանագրվող դեպքերի միջավայրերի եւ զինվորական ճակատների բռնկման հարավ-արեւմտյան զգալի բաժինները հայտնապես խոսում են ՀՀ-Նախիջեւան շփման գծերի մասին:
Դեպքերի շարժառիթներին, ռազմագիտական ակնոցով կատարվող դիտարկումներին որոշ հետեւություններ անելը պահանջում է մասնագիտական մոտեցում: Եւ առանց տիրապետելու իրավիճակի մանրամասներին, զարգացումների մասին եզրահանգումներ անելը լրագրողական առումով ճիշտ պիտի չլիներ:
Տեղեկատվականի դեպքում սակայն, փաստերի վրա հիմնվելով որոշ խորհրդածություն անելը կարող է օգտակար լինել։ Նախիջեւանի ուղղությամբ արձանագրված զարգացումների օրերին հայկական կողմից կային հերքումներ. ադրբեջանականը համեմատաբար զուսպ էր եւ պահում էր որոշակի լռություն: Աշխույժը ռուսականն էր, որը խոսում էր հայկական ուժերի առավելության, այդ ուղղությամբ հենակետ գրավելու եւ Նախիջեւանում ադրբեջանական գյուղի բնակչության տարհանման մասին:
Առայժմ ավելի հետեւություն անելը թվում է, թե նպատակահարմարություն չի ապահովի: Հայկական կողմից կա որոշակի զսպվածություն այս մասին բարձրաձայնումներ կատարելու: Նախիջեւանի աշխարհագրությունը նկատի ունենալով կան վերլուծություններ, որոնք նշում են հարցի արտակարգ տարողությունը` ընդգծելու համար, որ արձանագրվածը ռուս-թուրքական քաղաքական պարանաձգությունում տեղավորվող ուղերձների փոխանակում է:
Չէ բացառված, որ նախահարձակ կողմի, հենակետ գրավողի կամ տարհանված գյուղերի մասին լրատվությունները շարունակվեն: Նաեւ, որ` արցախաադրբեջանականից բացի ընդհանրապես հայ-ադրբեջանական շփման գծերի վրա շարունակվեն նման մասնակի բախումներ:
Պարզը այն է, որ ռուսական լրատվադաշտը մեծ լուսարձակներ է բացել ՀՀ-Նախիջեւան սահմանի վրա: Մինչ, առնվազն իրեն հատուկ թափով ադրբեջանական կողմը չի լուսաբանում արձանագրվող պատահարները:
Հայկական կողմը այս դեպքերի լուսաբանման համար բացառապես պետք է նկատի ունենա պաշտոնական լրահոսի փոխանցածները: Վաղ է հաստատել, որ Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները կարող են ստանալ տարածաշրջանային տարողություն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ անօրինական կերպով Երևան քաղաքի կենտրոնում, Տերյան 11 հասցեում, իրականացվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների (եկամտաբեր) տան քանդումը։ Քաղաքացիական նախաձեռնության բազմաթիվ ահազանգերի առկայության պայմաններում անօրինական քանդումն իրականացվել է ոստիկանական պաշտպանությամբ, և դադարեցվել է միայն մշակույթի նախարարության մի շարք սկզբունքային աշխատակիցների, նախաձեռնության անդամների շարունակական ներկայության և մեդիայի օգնությամբ։
Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում մասնավորապես նշված է, որ. “յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…”: Այսինքն ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. “Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը”:
Հաշվի առնելով այդ փաստը, որ մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։ Ելնելով վերնշյալից Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան`պահանջելով հաստատել` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:
Միևնույն ժամանակ նախաձեռնությունն աշխատում է տեղական ու միջազգային մակարդակներում վերահաստատատելու հուշարձանների տեղափոխման հակամշակութային գործընթացի անթույլատրելիության փաստն ու դադարեցնել այդ անընդունելի ավանդույթը Հայաստանում։
Քաղաքացիական նախաձեռնությունն իր շնորհակալությունն է հայտնում զանգվածային լրատվության միջոցներին ու սկզբունքային մասնագետներին աջակցության համար, և կոչ անում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել ՀՀ ստանձնած միջազգային հանձնառություններն ու դադարեցնել շենքի քանդումը, պատասխանատվության ենթարկել անօրինականությունը թույլատրված պաշտոնյաներին ու շինարարներին, անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի էականորեն տուժած կառույցի ժամանակավոր կոնսերվացման, ինչպես նաև մասնագիտական ու հանրային լայն շրջանակների հետ քննարկել շենքի և դրա շրջակայքի պատմական միջավայրի վերականգնման խնդիրները։
«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնություն
Հասցե՝ ք. Երևան, Տերյան 11, մուտքը բակի կողմից
Էլ. փոստ՝ [email protected]
Կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ
Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 113 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Խստացումներ ու սահմանափակումներ՝ «Բազեում»
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։
«Բազեում» այս տարի որոշակիորեն խստացվել են պահանջները։ Եթե նախկինում կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները, ապա 2014-ից մասնակիցների տարիքն իջեցվել է, և «Բազեին» կարող են դիմել 18-30 տարեկանները։ Եթե նախորդ տարիներին ջոկատի ղեկավարներին թույլատրվում էր մեկից ավելի անգամ մասնակցել հավաքին, ապա այդ հնարավորությունը ևս սահմանափակվել է։ Այս ամենը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, արվել է, որպեսզի հնարավորինս նոր երիտասարդների կարողանան ներգրավել հավաքին։ Նա նաև տեղեկացնում է, որ արդեն 12 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը սիրված, սպասված ու պահանջված է երիտասարդների կողմից. «Յուրաքանչյուր մասնակից այստեղ կարողանում է ոչ միայն ինքնադրսևորվել, չափել ուժերը տարբեր մրցույթներում, այլև ստանում է մեծ փորձառություն, դառնում է մի մեծ թիմի մասնիկը, թիմ, որի նպատակը համախմբումն է, միմյանց օգնելով՝ դեպի վերջնական նպատակին հասնելը։ Հավաքը նաև թիմային աշխատանքի մեծ փորձ է հաղորդում։ «Բազեն» լարված, դժվար պայքարի հարթակ է, որը նաև կոփում է երիտասարդներին»։
Անդրադառնալով լրագրողների ջոկատին՝ «Բազեի» ղեկավարը նշում է. «Լրագրողները կկարողանան ներսից ճանաչել հավաքը։ Թող մասնակցեն, տեսնեն հավաքի բոլոր առավելությունները, և եթե գտնեն թերություններ, թող տեղյակ պահեն, մենք էլ կփորձենք շտկել դրանք»։
Նշենք, որ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Ընդհանուր առմամբ հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ, ում սպասվում են հագեցած օրեր։ Մասնակիցներն ուժերը կչափեն մարզական ստուգատեսներում (լող, թենիս, ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, վոլեյբոլ և այլն), մշակութային միջոցառումներում (երգ, պար, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։ Մրցելույթները կգնահատեն պրոֆեսիոնալ ժյուրին և համապատասխան ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները։
Սպասվում են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, կինոդիտումներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալը շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։
«Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում ու համաձայնեցվում Երևանի քաղաքապետի հետ։ Պողոտան այս տարիներին արդեն դարձել է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայր, և այն, ինչ ունեինք մինչ նորոգումը, արդեն հարիր չէր նման սիրված հանրային վայրին։ Այս նախագիծը Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված հերթական մեծածավալ համագործակցության արդյունք է։ Ըստ այդմ, «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որն էլ ստանձնել է Հյուսիսային պողոտայի հիմանորոգումը, պողոտայի ճեմուղին սալապատում է բնական քարերով, ինչը մի քանի անգամ ավելի երկարակյաց է նախկին ծածկից. ընդլայնվել են ծաղկանոցները, որոնցում ծառեր էլ են տնկվելու»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ըստ ժամանակացույցի՝ աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի վերջին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:
Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը ևս կնպաստի միության զարգացմանը:
Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը և կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաև ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:
Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին և նախաձեռնություններին:
Բոլիվիայում խոշոր վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել
Բոլիվիայի հյուսիսում ՃՏՊ-ի հետևանքով 16 մարդ է զոհվել.իրար են բախվել ավտոբուսն ու բեռնատարը: Զոհերի մեջ դեռահասներ կան:
Վթարը տեղի է ունեցել Օրուռո ու Լա-Պաս վարչական տարածքների միջև: Ոստիկանության վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը քնել է ղեկին: Կառավարումը կորցնելով, բախվել է բեռնատարին:Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Չինաստանում արևադարձային անձրևների պատճառով 26 մարդ է զոհվել
Առնվազն 26 մարդ է զոհվել Չինաստանի հարավում արդեն 5 օր չդադարող արևադարձային անձրևների հետևանքով, հաղորդում է ВВС-ն;
Տեղատարափ անձրևներ, ջրհեղեղներ ու սողանքներ, որոնք ամբողջությամբ ավերել են համարյա 9 հազար տուն, տասնյակ հազարավոր տներ էլ վնասվել են:
Չինաստանի քաղաքացիական ադմինիստրացիայի տվյալներով, տուժած շրջաններից տարհանվել է 337 հազար մարդ: Տարերքի պատճառած վնասը գնահատվում է 650 մլն դոլար:
Աղետի հետևանքով զոհվածների թիվը հնարավոր է ավելանա: Երկու մարդ անհետ կորած է համարվում:
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:
Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»:
Այնուհետև գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ գինեգործության բնագավառի զարգացման նպատակով:
Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների կողմից բարձրացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հարցերի՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու և մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ, վարչապետը հորդորել է նրանց՝ խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:
Քննարկվել են նաև մթերվող խաղողի գնին, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, մասնավորապես Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ խնդրի շուրջ մանրամասն զրույց է ունեցել ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ լուծում տալ բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: Հարցը վարչապետը կքննարկի նաև առաջիկայում ՌԴ նախատեսվող այցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ պետությունը կանգնելու է ներքին արտադրողի կողքին և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ներդրումների իրականացման, այդ թվում գործարանները նորագույն տեխոնոլգիաներով համալրելու աշխատանքներում, նոր շուկաներ մուտք գործելու հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է գինեգործների փորձն առկա խնդիրների լուծման գործում և պատրաստակամություն հայտնել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ՝ ակնկալելով տնտեսվարողների կառուցողական առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Օրացույցի այս օրը
-Այսօր Միջազգային օլիմպիական օրն է :
Ամեն տարի այս օրը ողջ աշխարհում նշվում է Օլիմպիական միջազգային օրը, ի հիշատակ ներկայիս տեսքով այդ շարժման վերածնման: Առաջին անգամ նման օր ունենալու գաղափարը հնչել է 1947-ին Ստոկհոլմում, Օլիմպիական միջազգային կոմիտեի 41-րդ նստաշրջանում, իսկ մեկ տարի անց, 42-րդ նստաշրջանում այն հավանության արժանացրին պաշտոնապես: Ամսաթվի ընտրության համար հիմք է ծառայել հետևյալ իրադարձությունը: 1894-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆիզիկական դաստիարակության խնդիրներին նվիրված միջազգային կոնգրես, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Հունիսի 23-ին իր զեկույցը ներկայացրեց օլիմպիական շարժումը վերականգնելու ջատագով Պիեռ դը Կուբերտենը:
Բարոն Կուբերտենի` հին հունական օլիմպիադաների ավանդույթը վերականգնելու առաջարկը, որի նպատակն է 4 տարին մեկ բոլոր ժողովուրդներին մրցակցային խաղերին հրավիրելը, կոնգրեսը հավանության արժանացրեց:
Առաջին օլիմպիական խաղերն անցկացվեցին 1896-ին, Հունաստանում. 14 երկրներից 241 ատլետներ 9 սպորտաձևում մեդալներ խաղարկեցին: Իսկ ավելի քան 100 տարի անց, 2004-ին Հունաստանում անցկացված Օլիմպիական խաղերին 202 երկրներից 15 հազար սպորտսմեն ու պաշտոնական անձ մասնակցեցին օլիմպիական խաղերին. խաղարկվեցին մեդալներ` 28 սպորտաձևում:
-Այսօր Այրիների միջազգային օրն է
Առաջին անգամ օրը նշվել է 2011-ին: Օրվա նպատակն է համաշխարհային հասարակայնության ուշադրությունը հրավիրել այն կանանց ու երեխաների դժվարին վիճակին, որոնք մնացել են առանց տղամարդու աջակցության: Օրն ընդունելու մասին որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:
ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում հաշվում է շուրջ 250 մլն այրի, որոնցից 115 հազարը` ծայր աղքատության մեջ է ապրում: Նրանցից շատերը զինված հակամարտության երկրներում են բնակվում, նրանց վիճակը հատկապես բարդ է, նրանք կորցնում են ամուսիններին երիտասարդ տարիքում, ընդ որում, հարկադրված են դաստիարակել երեխաներին` մարտական գործողությունների պայմաններում, ու առանց կողմնակի աջակցության:
Հունիսի 22-ին Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է
301-ի քրիստոնեության ներխուժումից, հայոց հավատի ու հետեւորդների սպանդից հետո հայ արիները տարիների ընթացքում վերականգնել են Հայ Աստվածներին նվիրված տոներն ու ծեսերը: Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետո, մի քանի տարի է, որ Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածներն էլ փառաբանվում են իրենց գործառույթներին համապատասխան, վերականգնվել են Արարչին, Տիեզերակարգին ու Բնակարգին, Հայ Տեսակին (Աստվածներ – Հոգի-Ոգիներ – Մարդիկ) նվիրված եւ այլ տոներ եւս:
Մինչ հայ–արիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ 4 Աստվածների՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (միաժամանակ՝ Հայոց Ամանորի), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի), արդարադատության Աստված Միհրի (Հայոց Արդարադատության) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գերագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:
Հայ արիների հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ արորդիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:
Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, Նախիջեւանի սահմանագլխն նշեց Նանե Աստվածուհու տոնը:
Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին ու փառահեղ նախնյաց:
Ծիսակարգ է կատարվել նաեւ ազգին հայոց եւ հայրենիքի վերատիրմանը նվիրված՝ հանուն եւ վասն արարչակնիք Հայքի ու Հայի զորացման, Արցախի, Նախիջեւնի, Ջավախքի ու Հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով
Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:
Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով:
Սահմանից 10 քայլ հետ… Այստեղ էլ մարդիկ են ապրում
Վերջերս սահմանամերձ Երասխ գյուղում էինք: 21.3 քկմ ընդհանուր մակերեսով գյուղը Երևանից 80 կմ հարավ է գտնվում: Ըստ 2005 թ. տվյալների` գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Ներկայումս` 729: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի տվյալների` գյուղն ունի 210 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:

Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական
Բայցև ունի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Դրանցից առաջնահերթերը, ըստ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի, դպրոցն է: 127 աշակերտ ունեցող դպրոցի շենքն անմխիթար վիճակում է, պատերը` կիսաքանդ, ապակիները` կոտրտված ու հին: Եթե դպրոցի մուտքի դռան մոտ գրված չլինի, որ այն դպրոց է, հեշտությամբ կարելի է շփոթել հազարավոր լքված ու անխնամ շենք-շինությունների հետ, որոնք մեզ ժառանգություն են հասել ԽՍՀՄ-ից: Երասխում նույնիսկ գյուղապետարանը վարչական շենք չունի, գործում է բնակչի տան մեջ, որը վարձել է գյուղապետը: Գյուղի միակ ու այնքան անհրաժեշտ բուժկետը նույնպես տեղակայված է բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում:
«Ունենք աշակերտներ, ունենք մանկապարտեզ գնացող երեխաներ, սակայն պարտեզ ու գրադարան ստեղծելու պայմաններ չունենք: Նույնիսկ գյուղապետը գյուղապետարանի տարածք չունի, որ մեջը նստի, վարձ է տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը: Չնայած գյուղապետը կարող է նաև վարձով տարածք վերցնել գյուղապետարանի համար, միայն թե գյուղը դպրոց, մանկապարտեզ, նորմալ բուժկետ ու այլ ենթակառուցվածքներ ունենա,- ոչ այնքան դժգոհելով, որքան խնդիրների բեռից խեղճացած, հոգոց հանելով պատմում է Ռադիկ Օղիկյանն ու շարունակում:- Խնդիրները շատ են, առավել ևս այս տարի, երբ գյուղացիների բերքը ամբողջությամբ ցրտահարվեց, ու գյուղացիների սոցիալական վիճակն ավելի վատացավ, ինչի հետևանքով շատ մարդիկ մեկնեցին արտագնա աշխատանքի, շատ մարդիկ էլ չկարողացան գնալ, սկսեցին ձմերուկ մշակել, բոստան տնկել»:
Մի խոսքով` սոցիալական վիճակը շատ վատ է պատերազմ տեսած, պատերազմ հաղթած Երասխ գյուղում, որն այսօր հանրապետության հարավ-արևմտյան սահման պահող բնակավայրերից է, գյուղի գլխին կախված բլրի վրա էլ տեղակայված են հայ, ու ադրբեջանցի դիրքապահները, որոնց զենքերի փողերը միշտ ուղղված են դեպի Երասխ, այնտեղից էլ` մինչ Երևան…
Երասխի կլիման խիստ չոր, ցամաքային է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 492 հա: Գյուղն ունի նաև պտղատու և խաղողի այգիներ` 55 հա ընդհանուր մակերեսով: Երասխցիները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Երասխի գյուղապետը, շնորհակալություն հայտնելով կառավարությունից, որ անցյալ տարվա մարտի որոշումով սահմանամերձ գյուղերի ժողովրդին ամբողջությամբ ազատեց հողի հարկերից, ոռոգման ջրի գինն էլ 50 տոկոսով փոխհատուցում է, նշեց, որ դա նպաստեց Երասխում գյուղատնտեսությամբ զբաղվելուն. շատ մարդիկ, եթե նախկինում մշակում էին 1 հա ձմերուկ, արդեն անցյալ ու այս տարի մշակում են 1.5-2.3 հա` ամեն մարդ իր հնարավորության սահմաններում:
Թո՛ղ կառավարությունը մեր մասին «չմտածի», թողնի հանգիստ ապրենք
Գյուղացիներն իրենց կյանքից դժգոհ չեն, միայն նշում են` եթե լրացուցիչ ուշադրության արժանանային` վատ չէր լինի:
«Դե մենք մեր բան ու գործին, դաշտերում, ինչ պետք է անենք: Բայց կարծում ենք, որ կառավարությունը, պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Սահման պահողը մենք ենք, մեզանից է սկսվում Հայաստանը, բայց մենք մոռացության ենք մատնված»,- ասում են մայր ու որդի Կարինե և Արմեն Իշխանյանները, որոնց տունը, գյուղապետի տան հետ միասին, գյուղի ծայրին է ու հակառակորդին ամենամոտը` հայ-ադրբեջանական շփման գծից ու հակառակորդի դիրքապահներից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
Կարինե Իշխանյանը ցույց է տալիս տան առջև` ադրբեջանցի դիրքապահների հայացքի ներքո շորորվող թթենին ու պատմում, որ ծառն առաջին տարին բերք է տվել հեռավոր 1992 թ., երբ Երասխում մարտեր էին ընթանում, պատերազմ էր: Ծառի մոտ էլ ջուր չէր հասնում, և ինքն ու ամուսինը կրակոցների արանքներում, հաճախ նաև հենց կրակոցների պահին դույլերով ջուր էին վերցնում տան այգու աղբյուրից ու պատի տակով թաքուն մոտենում տան անկյունին, այնտեղից վազում դեպի թթենին, այդ ջուրն արագ լցնում ծառի տակ ու էլի շատ արագ հետ փախչում: Իսկ այսօր թթենին բերք է տալիս տիկին Կարինեի թոռնիկների ու հյուրերի համար, նաև իր ճյուղերին ճոճանակ է պահում, որ Կարինեի թոռնիկներն օրորվեն և ուրախանան, դրանով է կարծես խոհուն ծառն իր շնորհակալությունը հայտնում հոգատար տերերին, որ հակառակորդի գնդակների ներքո, իրենց կյանքը վտանգելով, կյանք են տվել իրեն ու բարակ շիվից ծառ դարձրել:
Փոքրիկ ու ամաչկոտ աղջիկ թոռան թաթիկը բռնած, ձեռքի փոքրիկ ճյուղով էլ թխսին ու ճտերին «տիրություն» անելով` Երասխի բնակչուհի Սուսաննա Միքայելյանն էլ է պատմում գլխով անցածը, նշում, որ ամուսինը զոհվել է կռիվների տարիներին, իրենք էլ շարունակում են ապրել հակառակորդի սպառնալիքի տակ` սեփական քրտինքը Երասխի կիսաանապատային հողերին խառնելով: Ցույց է տալիս բակում ուրախ թռչկոտող թոռնիկներին ու նշում. «Նրանց համար ենք ապրում, չարչարվում: Ուզում ենք նրանց համար լավ ապրուստ ստեղծել, դրա համար ամեն ինչի դիմանում ենք, ամեն դժվարություն փորձում հաղթահարել: Միայն թե մեր մասին «վերևներում» մի քիչ շատ մտածեն, որ էս երեխեքը մնան գյուղում` իրենց երեխեքն էլ էս գյուղի փողոցներում խաղան»:
Գյուղապետ Օղիկյանը նշում է, որ սահմանամերձ գյուղերին աջակցությունն այն կարգի չի մատուցվում, որ սահմանամերձ բնակիչն ամրապնդվի ու մնա իր գյուղում ու սահմանը պահի:
«Այսօր, ճիտ է, բոլորի ոգին տեղը, քաջությունը տեղը, ապրում են, ստեղծում են, աշխատում են, գյուղատնտեսություն, հողագործություն, ամեն ինչ էլ անում են, մշակում են խաղող, ծիրան, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ, ձմերուկ ու սեխ են մշակում. աշխատասեր ժողովուրդ են: Բայց նաև ձեր լրատվամիջոցի շնորհիվ ես կխնդրեի մեր վերադաս մարմինների, մեր բարեգործների ուշադրությունը հրավիրել սահմանամերձ գյուղերում թեկուզ փոքր արտադրամսեր բացելու, աշխատատեղեր ստեղծելու, պետական ուշադրության արժանացնելու հարցերի վրա, որոնց կարիքն այսօր սահմանամերձ գյուղերը, համենայն դեպս` Երասխը շատ ունի»,- շարունակում է Ռադիկ Օղիկյանը:
Իսկ համագյուղացիներից Շիրազ Սահակյանը նշեց, որ իրենց ամբողջ օրվա գործը հողի, քար ու փշի հետ կռիվ տալն է, քարից բերք ու բարիք քամելը. «Մենք առավոտից դաշտերում ենք` աշխատում ու չարչարվում ենք, բայց դրանից էլ գոհ ենք: Մենք ստեղ ապրել ենք, ապրում ենք ու էլի կապրենք»:
Նրան մի դեպք պատմեցինք: Երբ հեռավոր ու դարձյալ սահմանամերձ գյուղերից մեկում` գյուղամեջում, ծառին թինկ տված 80-ամյա ծերունին իմացավ, որ լրագրող ենք, պատվիրեց, որ Երևան հասնելուն պես կառավարությանը հասցնենք իր պատգամը. «Թող կառավարությունն իր գործին նայի ու մեր համար չմտածի, թողնի հանգիստ ապրենք, թե չէ հենց սկսում է մեր մասին «մտածել», մեր վիճակը ծանրանում է»:
Շիրազին ծերունու խոսքերը շատ դուր եկան: Նա էլ նույն ոգով մեզ ասաց. «Ոնց պատմում էիք` թող մեզ Երևանից չանհանգստացնեն, թողնեն մենք հանգիստ մեզ համար ապրենք. չարչարվենք ու ապրենք»:
Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումն ունի այլընտրանք՝ մենք ունենք պլան Բ. Պորոշենկո
«Նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղ բանակցություններն օգտագործել միայն իրենց ուժերի վերադասավորման համար, կա նաև «պլան Բ»,-նշել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
«Իրավիճակի խաղաղ կարգավորումը միայն մեր Ա պլանն է: Բայց նրանք, ովքեր կջանան խաղաղ բանակցություններն օգտագործել ժամանակ շահելու, ուժերը վերադասավորելու համար, պետք է իմանան, որ ունենք նաև պլան Բ: Այժմ չեմ խոսի դրա էության մասին, քանի որ հավատում եմ, որ խաղաղ ծրագիրը, այնուամենայնիվ, կաշխատի»,-նշել է Պորոշենկոն:
Ուրբաթ օրը Պորոշենկոն կրակը մեկ շաբաթով դադարեցնելու հրաման էր տվել բոլոր ուժային կառույցներին, որոնք մասնակցում էին Ուկրաինայի արևելքում կատարվող հատուկ գործողություններին: Պորոշենկոն նաև իրավիճակը կարգավորելու խաղաղ ծրագիր է առաջ քաշել: Չնայած սրան՝ զինյալները նախագահի խոսքերին չեն հավատում ու պատրաստվում են պայքարի շարունակմանը:
Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը ենթադրում է անվտանգության երաշխիքներ բանակցությունների բոլոր մասնակիցների համար, այն անձանց քրեական պատասխանատվությունից ազատում, ովքեր զենքերը վայր են դրել և հանցանք չեն գործել, ինչպես նաև պատանդների ազատ արձակում:
Նոր դրամաշնորհ Հայաստանի հակադոպինգային ծառայությանը և նոր անելիքներ
Հայաստանի հակադոպինգային ծառայության նոր ծրագիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը: Դրամաշնորհ է հատկացվել 19 հազար 964 դոլար: Այդ միջոցներով նախատեսվում է առաջիկա մեկ տարում մեծածավալ աշխատանք կատարել: Ուշագրավ է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հակադոպինգային ծառայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երրորդ անգամ է արժանանում դրամաշնորհի: Ոչ մի երկրի ներկայացուցիչ այդպիսի պատիվ չի ունեցել: Իսկ թե ինչ է նախատեսվում անել, պարզաբանեց Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
– Առաջիկա մեկ տարում Հայաստանում կայանալիք մրցաշարերի օրերին կկազմակերպվի ուսուցողական 5 ճամբար: Դրանց ունկնդիրները կլինեն մարզիչներ, մարզիկներ, մարզասերներ: Նպատակն այն է, որ հասարակությունը տեղեկացված լինի արգելված դեղամիջոցների վնասակար ներգործության, մարզիկների առողջությունը քայքայող, ազնիվ մրցակցությանը խանգարող երևույթների և դրանք կանխարգելող միջոցների մասին:
– Աշխատանքային մեխանիզմն ինչպիսի՞ն է լինելու:
– Մրցումների ժամանակ կենտրոններ են հիմնվելու, և պարզաբանումներ են կատարելու մեր մասնագետները: Մասնավորապես, հուլիսին Վանաձորում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի, սեպտեմբերին Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարի, հետո էլ Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի առաջնությունների, նետաձգության Եվրոպայի «Գրան պրի» մրցաշարի ժամանակ այդ ամենը կկիրառվի: Ի դեպ, Մոլդովայի հակադոպինգային ծառայությունը ևս դրամաշնորհ է ստացել, որի գլխավոր խորհրդատուն ես եմ: Իսկ Ֆինլանդիայի մասնագետները հուլիսի 13-16-ը կժամանեն Հայաստան, որպեսզի օգնեն խորհդատվությամբ: Բացի այդ, պետք է ընտրվի տարվա լավագույն մարզիկը: Այդ պատվին կարժանանա նա, ով հակադոպինգային ոլորտում իրեն ամենից լավ է դրսևորել:
– Մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է դա արվելու, ի՞նչ չափորոշիչներ են լինելու:
– Այդ մասին ավելի հստակ կհայտնվի Ֆինլանդիայի մեր գործընկերների Երևան ժամանելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ հանձնաժողով է ստեղծվելու, որի կազմում լինելու են ՀԱՕԿ-ի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները: Նախապատվությունը կտրվի այն մարզիկին, որն ավելի շատ ստուգված` փորձանմուշներ հանձնած կլինի, և կբացահայտվի, որ նա ոչ մի խախտում չի կատարել: Ամենևին պարտադիր չէ, որ նա մարզական բարձր ցուցանիշների հասած լինի: Բայց, որպես կանոն, ստուգվում են նրանք, ովքեր աչքի են ընկել միջազգային ստուգատեսներում, ճանաչում ունեն:
– Առաջիկայում արգելված դեղամիջոցների ցանկում նախատեսվու՞մ են փոփոխություններ:
– Սեպտեմբերին կհրապարակվի արգելված դեղամիջոցների նոր ցուցակը: Ուշագրավ է, որ ավելացված դեղամիջոցների թվում կլինեն քսենոն և արգոն գազերը: Այդ մասին արդեն որոշում կայացվել է: Բացահայտվել է, որ դրանց օգտագործումը նպաստում է արյան կարմիր գնդիկների ավելացմանը:
– Հետաքրքիր է, թե դրանք ինչպե՞ս են օգտագործում:
– Չեմ կարող ասել, հավանաբար շնչում են:
– Սպասվում էր, որ 2014-ի սկզբին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը Հայաստանից կսպասարկեն չորս հակադոպինգային սպաներ: Ինչ՞ու մերոնց այդ հնարավորությունը չտրվեց:
– Ոչինչ չեմ կարող ասել, մեզ ոչ մի բացատրություն չի տրվել: Փաստն այն է, որ կազմակերպիչներն այլ երկրներից սակավաթիվ մասնագետներ էին հրավիրվել:
– Հայաստանի մարզիկների շարքերում կա՞ն արգելված դեղամիջոցների օգտագործման հանցանքում նոր բռնվածներ:
– Ոչ, հուսով եմ, որ չեն էլ լինի: Հայաստանի ծանրորդներից միայն 2014-ին 46 փորձանմուշ է վերցվել: Չեն հաշվում այն ստուգումները, որոնք կատարվել են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություններում:
– Փաստորեն, հաշվարկում եք միայն այն ստուգումները, որոնք Հայաստանի մասնագետնե՞րն են կատարել:
– Ոչ: Մենք համատեղ ենք աշխատում Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
– Ստացվում է, որ հիմնականում մեր ծանրամարտիկնե՞րն են ստուգվում:
– Իրոք, այդպես է: Բայց նախատեսել ենք, որ առաջիկայում երկու անգամ 12-ական ըմբիշի ստուգենք: Այդ մասին արդեն պայմանավորվել ենք Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վերջիններս կորոշեն, թե այդ թվում քանիսը կլինեն հունահռոմեական ոճի և քանիսը` ազատ ոճի ըմբիշներ: Նախորդ անգամ ստուգվել էին հունահռոմեկան ոճի 5, ազատ ոճի 1 ըմբիշ: Այս անգամ 24 փորձանմուշ է վերցվելու: Թե ում պետք է ստուգել, կհայտնեն Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Դա որոշում է վճարողը:
– Այլ մարզաձևերի մեր երկրի ներկայացուցիչները չե՞ն ստուգվելու:
– Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վերջին համաժողովում համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը որոշել է, որ բացառության կարգով Հայաստանին ֆինանսներ տրամադրվեն, որպեսզի մեր երկրի ազգային առաջնություններում ստուգումներ կատարվեն: Այդ աշխատանքը կսկսվի հաջորդ տարվանից: Ընդ որում, փորձանմուշներ ենք վերցնելու մեր հայեցողությամբ: Նախնական որոշվել է, որ պետք է պարտադիր ստուգվեն ծանրամարտի, ըմբշամարտի, նաև մի քանի այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Առայժմ հայտնի չէ, թե քանի փորձանմուշ վերցնելու համար է ֆինանսավորում կատարվելու, դա ընթացքում կպարզվի:
– Իսկ մեկ ստուգման համար ինքա՞ն գումար է պահանջվում:
– Մրցումների ընթացքում կատարվող ստուգումն արժի 220 հազար դրամ: Հիմնականում փորձանմուշներն ուղարկվում են Ավստրիայի լաբորատորիա: Դա ամենաէժանն է, այդ է ընտրության պատճառը:
Ավստրիայի հայկական կոմիտեի անդամները Վիենայում բողոքի ցույցերով են դիմավորել Թայիփ Էրդողանին
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Վիենա կատարած այցի ժամանակ Արդարության և ժողովրդավարության Ավստրիայի հայկական կոմիտեի, Ավստրիայի ալևի միությունների դաշնության և Ավստրիայի քրդական միությունների դաշնության մի խումբ անդամներ, ինչպես նաև սոցիալիստ ավստրիացիներ հավաքվել են Պրատերստեն հրապարակում՝ բողոքի ցույց անցկացնելով թուրքական կառավարության և Էրդողանի դեմ: Ներկաները պարզել են հայկական և ավստրիական դրոշներ, Աբդուլահ Օջալանի նկարները, PKK-ի խորհրդանիշներ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներ:
Ավստրիայի հայկական կոմիտեի անդմաները «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ ցույցը սկսվել է Էրդողանին վարած քաղաքականությանը վերջ դնելու և նրան կանգնեցնելու կոչերով: Ելույթով հանդես են եկել ցույցի մոտ 10 մասնակիցներ, այդ թվում Ավստրիայի հայկական կոմիտեից Գարո Չադյանը: Ցույցը ավարտվել է օպերային երգչուհի Շուշան Բլեյանի «Կիլիկիա» երգի կատարմամբ: Բողոքի ակցիան ընթացել է տեղական ոստիկանության հսկողության ներքո: Անվտանգության միջոցառումներին մասնակցել են նաև ուղղաթիռներ:
Ստամբուլցիները պայքարում են պատմական վայրը թեյարանի վերածելու քաղաքապետարանի որոշման դեմ
Մինչ Երևանում մի խումբ ակտիվիստներ պայքարում են Աֆրիկյանների ակումբի շենքը փրկելու համար, Ստամբուլում ցուցարարները բողոքում են քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ պատմական Գալատա աշտարակի ներքևի մասում թեյարանան բացելու քաղաքապետարանի որոշման դեմ: Մոտ 200 քաղաքացի, հավաքվելու կոչ տարածելով սոցիալական մեդիայի միջոցով, այսօր խմբվել էին աշտարակի մոտ:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ ցուցարարները բղավում են «Գալատան ժողովուրդինն է, ժողովուրդինն էլ կմնա», «Ո՛չ վարձակալությանը», «Դիմադրի՛ր Գալատա» արտահայտությունները: Ցույցի մասնակցիներից Ահմեդ Քալեն, հայտնելով իր բողոքը թեյարանի բացման դեմ, նշել է. «Հրապարակները ժողովուրդինն են: Քաղաքացիները օրվա ամեն ժամին գալիս, նստում, զրույց են անում այստեղ: Քաղաքապետարանը որոշել է այս տեղը փակել ժողովուրդի համար և մասնավոր թեյարան բացել: Մենք պաշտպանում ենք մեր հրապարակները քաղաքապետարանի գրավումից: Մեղք է և ամոթ գրավել այն տեղը, որտեզ քաղաքացին շնչում է»:



