Հունիսի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.8 դրամ:
NASDAQ OMX Armenia
Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջև կայացան դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:
Անդրադարձ կատարվեց փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերվող հարցերին: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը:
Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելեց նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նույնքան միավոր ունեն նաև գրոսմայստերներ Աքսել Բախմանը (Պարագվայ), Դրագան Սոլակը (Թուրքիա) և Պավել Սմիռնովը (Ռուսաստան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակել են 6-ական, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 5,5 միավոր:
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, ադրբեջանցի նախարարը կարևորել է այն, որ ապրանքաշրջանառությունն աճել է։ Քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները։ “Մենք նաև չենք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը”,-ասել է Մամեդյարովը։
Արտգործնախարարի խոսքով՝ իրենք քննարկել են քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կարգավորման գործընթացը տեղից շարժելու համար։
Մամեդյարովը նաև մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը։ “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել։ Մենք այժմ Ֆրանսիայից պաշտոնական պատասխան ենք սպասում”,-ասել է նախարարը։
Չնայած որ խորհրդարանական արտահերթ նիստը սկսվել է՝ Ազգային ժողովի պատգամավորները դեռևս ձեռքի տակ չունեն նիստի օրակարգի ամենակարևոր նախագծերից մեկը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Ուստի, ոչ իշխանական շատ պատգամավորներ հրաժարվեցին նաև կարծիք հայտնել փաթեթի բովանդակության վերաբերյալ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմայնը մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ մինչև հիմա փաթեթը չեն ստացել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ քանի դեռ այս պահին իրենց ձեռք տակ չկա այդ նախագիծը, դիրքորոշում էլ հայտնել չեն կարող. «Իսկ ունեցած տեղեկություններով ես լուրջ չեմ համարում եզրակացության գալ: Չկա նախագիծ՝ չկա դիրքորոշում, կլինի նախագիծ, կունենանք դիրքորոշում»,-ասաց Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչու մինչ այժմ պատգամավորները հնարավորություն չունեն տեսնելու նախագիծը, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը ասաց. «Առավոտվա վիճակով չկար, արդեն կա»:
Իսկ արդյոք եղած փոփոխությունները կբավարարե՞ն ոչ իշխանական գործընկերներին, Հակոբյանն ասաց, որ դա նրանց համար չէ արված, որպեսզի բավարարեն կամ ոչ: «Օրենքի փոփոխությունը պայմանավորված է զուտ Սահմանադրական դատարանի վճռով»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է պետական ոլորտի աշխատողների համար սահմանված պարտադիր բաղադրիչին, որը շատերի կարծիքով հակասահմանադրական է, Հակոբյանն ասաց. «Դա բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը: Ցանկացած պետություն՝ որպես գործատու, իրավունք ունի իր աշխատողների հետ ունենալու որոշակի հարաբերություններ: Աշխարհի համարյա բոլոր պետություններն ունեն այդ սկզբունքը: Այս կամ այն ճանապարհով յուրաքանչյուր պետություն կարողանում է օգտագործել սոցիալական ապահովության համակարգը, որպեսզի իր մոտ կարողանա երկար պահել աշխատողներին կամ կարողանա ընտրել որակյալ աշխատողներ»:
Մեր դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե պետական ոլորտի շատ աշխատողներ այս փոփոխությունից հետո դուրս կգան պետական համակարգից, Հակոբյանն ասաց. «Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կուզենան դուրս գալ: Բայց կլինեն նաև մարդիկ, որոնք որ կմտնեն: Բնական է»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել և քվեարկության դնել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Միևնույն ժամանակ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝ կուտակայիվճարները «նպատակային սոցիալական վճար» դարձնելու ՀՀ կառավարության նախագծի դեմ:
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի են առնվում Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ամենօրյա հետևողական աշխատանք տանել արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականի կանաչապատման ծրագրերով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսն ընդհանուր առմամբ հասցնել 850 հա-ի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բավի վերաքննիչ դատարանում հունիսի 17-ին Ջամիլ Ռամազանովի գլխավորությամբ, տեղի է ունեցել “Հայելի” թերթի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի դատավճռի բողոքարկման քննարկումը: Բողոքը ներկայացվել է Նասիմյան շրջանային դատարանի որոշման շուրջ, որը մերժել է նոտարին լրագրողի մոտ չթողնելու որոշման բողոքը:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, իրավաբան Էլմար Սուլեյմանը “Թուրան” գործակալությանը հաղորդել է, որ պաշտպանը հանդես է եկել BAS-ի դատարանի կազմից հրաժարմամբ, քանի որ հենց այդ դատարանները չեն բավարարել Միրկադիրովի ապօրինի ձերբակալության բողոքը՝ կոշտ ընթացակարգային խախտումներ անելով: Սակայն այդ պահանջը չի ընդունվել:
Այնուհետև պաշտպանությունը հանդես է եկել դատախազ Վասիֆ Քերիմովից հրաժարմամբ և պահանջել ընթացակարգային հսկողություն իրականցնող դատախազի՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովի մասնակցությունը:
Սակայն պաշտպանությանը հայտարարվել է, որ դատախազությունը կարող է դատարան ուղարկել ցանկացած դատախազի: Միրկադիրովը հայտարարել է, որ Թուրքիայի դատարան դիմելու իրավունքից զրկելու դատախազության վճիռը վկայում է Ադրբեջանի կողմից դատախազության ու դատարանի վրա ճնշման մասին:
Այդ վճիռը վնասում է Ադրբեջանի հեղինակությանը, քանի որ քաղաքացուն նմանատիպ իրավունքից զրկելը վերջին 10-15 տարվա ընթացքում Եվրախորհրդում չլսված բան է: Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ լրագրողի մոտ նոտարի մուտք գործելը արգելելու վերաբերյալ:
Այժմ պաշտպանությունը կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ապրիլի 17-ին, առանց որևէ բացատրությունների, զրկվել է հավատարմագրումից և արտաքսվել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:
Հունիսի 23-ր ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես այրիների օր: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը և տվյալներ հայտնեց այդ Հայաստանում նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների վերաբերյալ:
Ըստ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների` Հայաստանում երբևէ չի ամուսնացել բնակչության 28,5 տոկոսը: 2001 թվականին այս թիվը կազմել էր 26 տոկոս:
Իրենց ամուսնացած են հայտարարել 60,1 տոկոսը, որոնցից 57 տոկոսի հարաբերությունները ամրագրված են փաստաթղթերով: 0,2 տոկոսը նշել է, որ իրենց ամուսնությունը գրանցված է միայն եկեղեցու ծեսերով:
Հայաստանում ամուսնալուծված է 15-ից բարձր անձանց 2,6 տոկոսը: 2001 թվականի համեմատ ամուսնալուծությունները 0,4 –ով նվազել են:
“Այրի կանայք և տղամարդիկ կազմել են բնակչության 8,9 տոկոսը: Սա 2000 թվականին եղած տվյալներից 0,4 ավելի է: Ընդ որում` այրի կինեկորույս տղամարդկանց թիվը գերազանցում է այրի կանանց: Այրիների մեծ մասը ունի 70-ից բարձր տարիք: Քանի որ ամենաշատ բնակչությունը Երևանում է, այդ պատճառով այրիների թիվը այստեղ նույնպես ամենաբարձրն է: Այրիների ամենացածր տոկոսը Վայոց ձորում է, Սյունիքի և Տավուշի մարզերում”, – տեղեկացրեց Կարինե Կոյումջյանը:
Նա նշեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկրորդ անգամ ամուսնացել է 182 այրի տղամարդ և 67 այրի կին: 63 -ից ավել դեպք է եղել, երբ 60-ից բարձր այրի կանայք ամուսնացել են, իսկ տղամարդկանց դեպքում այդ թիվը կազմել է 100 –ից ավել:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ:
Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ:
Լսելով զոհված զինվորների մայրերի բարձրացրած խնդիրները՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են նաեւ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: ԱԺ փոխնախագահը զոհված զինվորների մայրերի հետ հետագայում ավելի լայն ձեւաչափով հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց:
Երևանի քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով:
Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաև ճոպանների օգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները, հետևելով աշխատանքներին, նշել են, որ հատկապես վերջին շրջանի առատ տեղումների պարագայում ջրթափ նոր խողովակների տեղադրումը կարևոր է նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլև շենքի պահպանման տեսանկյունից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի առաջնությունն ավելի գրավիչ է դառնում: Ստուգատեսի մասնակիցները երկրորդ տուրի խաղերն են անցկացնում:
Հունիսի 18-ին և 19-ին ուշագրավ հետևյալ հակամարտություններ են սպասվում.
B խումբ
Հոլանդիա – Ավստրալիա
Ժամը 20:00-ին
«Խոսե Պինեյրո» մարզադաշտ, Պորտու Ալեգրի
Գլխավոր մրցավար՝ Ջամել Հաիմոդի, Ալժիր
B խումբ
Իսպանիա- Չիլի
Ժամը 23:00-ին
«Մարականա» մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո
Գլխավոր մրցավար՝ Մարկ Ջեիգեր, ԱՄՆ
A խումբ
Խորվաթիա – Կամերուն
Ժամը 2:00–ին
«Ամազոնիա» մարզադաշտ, Մանաուս
Գլխավոր մրցավար՝ Պեդրո Պրոենսա, Պորտուգալիա
Դուբայում անցկացվող «արագ» շախմատի աշխարհի առաջնությունում կայացած 10 տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակած 7,5 միավորով երկրորդ տեղում է: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից:
Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:
Սերգեյ Մովսեսյանն ունի 6,5, Գաբրիել Սարգսյանը՝ 5,5, Զավեն Անդրիասյանը՝ 5 միավոր:Խաղում է 113 շախմատիստ:
“Հայությունն այսօր արդեն փորձեր է անում վերադառնալ Քեսաբ, զրոյից սկսել ամեն ինչ և շատ մեծ գործ ունեն անելու։ Հայաստանի Հանրապետությունը ևս անելիք ունի։ Նա պետք է հումանիտար և այլ խողովակներով օգնություն հասցնի քեսաբահայությանը”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ ընդգծելով, սակայն, որ այնուամենայնիվ, վտանգը դեռ չի վերացել, և դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլև Սիրիայի մնացած քաղաքացիներին։
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը իր հերթին նշեց, որ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն Թուրքիայի հետ։ Նա նշեց, որ ծայրահեղականները հենց Թուրքիայի հետ սահմանից էին ներթափանցել Քեսաբ. Այնտեղ կան ռազմական պատրաստվածության ճամբարներ, որտեղից զինյալները պատրաստի մարտիկներ դարձած անարգել մտնում են Սիրիա: “Թուրքիայի այն հայտարարությունը, թե փակում է զինյալների ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը` նա աջակցություն է ցուցաբերել զինյալներին։ Մարտերը Քեսաբին հարակից բարձունքների համար էին մղվում, այդ պատճառով էլ Քեսաբում ավերածություններն ու զոհերը քիչ էին։ Երկու օր առաջ Քեսաբում կռվող զինյալները այն չէին, ինչ մարտի 21-ին մարտնչող զինյալները: Այս անգամ զինյալների թիվն ավելի քիչ էր, նրանց մեծ մասն անցել էր Թուրքիայի սահմանը և մնացել այնտեղ”: Գրիգորյանը ընդգծեց, որ իրավիճակը վտանգավոր է, քանի որ այդ նույն զինյալները, ովքեր կռվում էին Քեսաբում կարող են անցնել Հալեպ և ավելի վատթարացնել քաղաքում տիրող իրավիճակը. “Հալեպում շատ թաղամասեր, այդ թվում՝ քրիստոնեական և հայկական, զինյալների վերահսկողության տակ են գտնվում։ Շարունակվում են մարտերը կառավարական զորքերի և իսլամիստների միջև, քաղաքը հրթիռակոծության է ենթարկվում։ Հույս էլ չկա, որ որևէ հաջողություն կլինի”, – ասաց նա։
Ըստ արաբագետի՝ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: “Տեղի ունեցող իրադարձությունները լուրջ վտանգ են ներկայացնում, դրանք վտանգավոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող շրջանների համար, քանի որ Մերձավոր Արևելքում ծայրահեղականացման միտումներ են նկատվում: Նպատակը Իսլամական պետության ձևավորումն է, որի նախադրյալները այսօր կան Սիրիայում և Իրաքում”, – նշեց նա։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի, գլխավոր քարտուղար, փոխնախագահ Դավիթ Խիթարյանի և փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանի հետ:
Ֆեդերացիայի ղեկավարները տեղեկացրել են նախարարին` իրենց կողմից կազմակերպվող ուսումնամարզական հավաքների ընթացքին, մասնավորապես, որ այժմ Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամները, այդ թվում Նանջինգում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած Հարություն Դերմիշյանն անցկացնում են ուսումնամարզական հավաք ՌԴ Արմավիր քաղաքում:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնել է, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան օրերս կայացած Վարչության նիստի ընթացքում որոշում է կայացրել ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության աշխատանքների ընթացակարգի վերաբերյալ, համաձայն որի, 7-օրյա ժամկետում հավաքագրված նախագահի թեկնածուներից կընտրվի ֆեդերացիայի նոր նախագահը:
Նախարար Գաբրիել Ղազարյանը գոհունակությամբ ծանոթացել է ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքներին և խոստացել, որ ընդունված կարգով նոր նախագահի ընտրությանը ներկա կգտնվի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը:
Կարս քաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող Օջաքլը գյուղի մոտակայքում մոտ 5 հազար տարվա պատմություն ունեցող Անիի ավերակներում առաջին անգամ նորաձևության ցուցադրություն է անցկացվել: Միջացառմանը մասնակցել է քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան, Նորաձևության և հագուստի ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Օզթյուրքը, Ստամբուլի Այդըն համալսարանի և Էրզրումի Աթաթուրքի համալսարանի դասախոսներն ու ուսանողները:
Աթաթուրքի համալսարանի ուսանողները ներկայացրել են նկարների ցուցահանդես, իսկ Այդընի ուսանողները փորձել են ցույց տալ Անիում ապրած ժողովուրդների ազգային տարազները: Հագուսների երկու հավաքածուից յուրաքանչյուրի վրա աշխատել է 120 ուսանող և 12 դասախոս: «Մեր ներկայացրած հավաքածուներից ամեն մեկը առանձին մի պատմություն է: Երբ ասում ենք նորաձևության ցուցադրություն, հասկանում ենք շահույթ հետապնդող աշխատանք, սակայն մեր ցուցադրությունը նպատակ ունի ներդրում ունենալ պատմության մեջ»,-նշել է ֆեդերացիայի նախագահ Օզթյուրքը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Միքայել Ա.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 17-ին, ժամը 22.15-ին, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. Նարեկ Ն.-ն, որը 2012 թ. օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:
***
Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը ապրիլի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի հատկանիշներով:
Հունիսի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Անդրանիկավան գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքսեյ Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
Հունիսի 18-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 10 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես E-190» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Մամիկոնյանց և Մալխասյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ԳԱԶ-322132» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 17.30-ին, Երևանի Երևանյան խճուղու թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21213» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը և «ՎԱԶ-21213»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 18.00-ին, թիվ 72 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 131 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորն ընկել է միկրոավտոբուսի դռան վրա, ստացել վնասվածք ու բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Վանաձորի Իսահակյան փողոցի և Իսահակյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Կապան-Գորիս ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: