Ազգային արժեքների ու ժողովրդավարության միաձուլում. սա է Հայաստանի ապագան

images (1)Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել “Հայոց աշխարհ օրաթերթի” լրագրող Արմինե Սիմոնյանի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Մինչ մասնագետները թվում են արտագաղթի տարբեր պատճառները, քաղաքական ուժերն էլ վիճում թվերի շուրջ, մի բան փաստ է. երեւույթը մեզանում կա ու շարունակվում է: Վտանգը նաեւ այն է, որ երկիրը թողնել-գնալը կարծես վերաճել է հոգեբանության: Ի՞նչ անել այս մտածողությունը թոթափելու, արտագաղթ կոչվող վտանգը կանխելու համար: 
-Արտագաղթի պատճառները ե՛ւ իրական են, ե՛ւ հոգեբանական: Իրական պատճառն այն է, երբ մարդիկ աշխատանք չգտնելով, չկարողանալով ընտանիք պահել՝ թողնում, գնում են:

Մինչդեռ կան նաեւ մարդիկ, որոնց սոցիալական վիճակը շատ լավ է, բավական հարուստ են, բայց դարձյալ մտածում են թողնել-գնալու մասին: Անկեղծ ասած, այդ մարդկանց չեմ հասկանում եւ չեմ ընդունում: Մանավանդ երբ փող ունեցողը երկրից հեռանալու իր մտադրությունը պատճառաբանում է՝ «էս ի՜նչ իշխանություն է, էս ի՜նչ օրինազանց երկիր է» խոսքերով:

Ես մեղադրում եմ այս կերպ մտածողներին, որովհետեւ այդպիսիք հիմնականում հարստացել են ի հաշիվ նրա, որ օրենքները շրջանցել են, քանի որ ամենեւին այն կարծիքին չեմ, որ նրանք «սուպեր» ազնիվ ճանապարհով են ձեռք բերել իրենց հարստությունը, հիմա էլ դժգոհում են, թե այս ինչ ոչ իրավական երկիր է:

Արտագաղթին, իհարկե, նպաստում է նաեւ իրավական դաշտի անկատարությունը, մարդկանց զայրացնում է, որ երկրում կան անձինք, որոնք օրենքից վեր են դասում իրենց:

Բայց կա մեկ այլ կարեւոր գործոն. տեսլականի բացակայությունը: Մենք դիմացանք պատերազմին, դիմացանք՝ շատ դժգոհ լինելով ՀՀՇ իշխանությունից, իսկ սոցիալական վիճակն այն ժամանակ անհամեմատ վատ էր: Բայց դիմացանք, որովհետեւ կար տեսլական: Իսկ այսօր չկա, եւ եթե խոսքը միայն լավ ապրելու մասին է, այդ դեպքում գործում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը:

Մի բարձրաստիճան պաշտոնյա համաձայնելով իմ դիտարկմանը՝ նկատեց, թե՝ տեսեք, Վրաստանն ունի իր տեսլականը, դա Եվրամիության անդամ դառնալն է, ու դրա համար պատրաստ է զրկանքների գնալ, դա համախմբում է այդ ժողովրդին, նրան կորով տալիս: Չնայած այդ պայքարում վրացիները կորցրին երկու Ղարաբաղի չափ տարածք, բայց, ճիշտն ասած, մտածում եմ, որ այդ կորուստը իրենց համար այնքան էլ մեծ չէ, որովհետեւ դրանք Ստալինի ժամանակ արհեստականորեն միացված տարածքներ էին, ուր վրացիներ չէին էլ ապրում։

Երբ Վրաստանում իշխանություն են ընտրում, նայում են, թե նոր իշխանությունը երկիրը որքանով է մոտեցնում իրենց տեսլականին: Այսինքն՝ չափանիշ ունեն:

Ադրբեջանն էլ ունի իր տեսլականը, իր համար ստեղծելով ոխերիմ թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, նպատակ է դրել բոլոր ասպարեզներում առաջ անցնել մեզանից ու դրա համար մեծ գումարներ է ծախսում, նպատակ ունի Արցախը վերցնել: Մինչդեռ հայերը, որ կանգնած են մարտահրավերների առաջ, լուրջ տեսլական չունեն:

-Բայց ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ չունենալ տեսլական, որն ունի անկատար մնացած բազում ազգային հարցեր: Այլ բան է, որ դրանք հասարակությանը որպես տեսլական պետք է մատուցել:

-Չէ, դրանք տեսլական չեն, այլ խնդիրներ են, իսկ տեսլականը պետք է լինի շատ խորը, ավելին՝ պետք է ապացուցես, որ շարժվում ես տեսլականիդ իրականացման ուղղությամբ:

2008-ին ես կողքից հետեւում ու տեսնում էի, որ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված երիտասարդների մեջ կա մի հատված, որն ունի այդ տեսլականը, բայց դրանում բացակայում էր ազգայինը: Նրանց նպատակն էր ընդունել միայն լիբերալ արժեքներ, դառնալ աշխարհի մի մաս ու ապրել այնպես, ինչպես Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Ես սա չեմ ընդունում որպես տեսլական, որովհետեւ այն համեմված չէ ազգային արժեքներով, եւ չի կարեւորվում պետական շահը:

Կա նաեւ մարդկանց մի զգալի հատված՝ երիտասարդներ, զինվորականներ, որոնք եւս ունեն տեսլական, այն է՝ ունենալ ուժեղ բանակ ու վերջնականապես լուծել Արցախյան հարցը:

Բայց, ցավոք, մեզանում դեռ չկա այն հզոր տեսլականը, որը կհամախմբի ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայությանը։ Նման տեսլական, եթե նույնիսկ կա էլ, ապա թղթերի վրա է: Իսկ եթե այդ տեսլականի հետեւից չի գնում ամբողջ ժողովուրդը, այն չի դարձել իշխանությունների նպատակը, ուրեմն դրա մասին խոսելն անիմաստ է:

Այստեղ կա մի վտանգավոր երեւույթ եւս: Մենք տեսանք, թե ինչպես Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ դեմոկրատիայի ու լիբերալիզմի գաղափարները սպեկուլյացիայի ենթարկվեցին: Դրա հետեւանքով լիբերալիզմի գաղափարներով «տարվածները» դարձան հսկայական հարստության տեր. նրանք մարդիկ են, որոնց այսօր օլիգարխ ենք կոչում, նրանց մեծ մասը արժանի չէ՛ այդ հարստությանը:

Ավելի վտանգավոր է, եթե սպեկուլյացիա սկսվի ազգային գաղափարների շուրջ: Ուրեմն, եթե ազգայինին շաղախված չլինի ազատության գաղափարը, ապա այս դեպքում էլ ազգային գաղափարները կարող են դառնալ ինչ-որ խմբի հարստացման միջոց: Իսկ դա կլինի կործանարար մեր պետության համար: Ժամանակակից աշխարհում ազգայինը պետք է համեմված լինի նաեւ ազատության գաղափարներով:

 

 -Սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած որոշումը գնահատեցիք որպես կարեւոր քայլ երկիրը վտանգավոր ցնցումներից զերծ պահելու համար, այսինքն՝ ընդգծեցիք անվտանգության բաղադրիչը: Ի՞նչ այլ գործոններ կառանձնացնեք:

-Առաջին՝ Մաքսային միությանը անդամակցումը կարող է խթանել տնտեսության զարգացմանը, ի վերջո, ռուսական շուկան մեզ ծանոթ շուկա է, եթե հայկական ջերմուկը, կոնյակը, կոշիկը անծանոթ են եվրոպացուն, ապա այս ու մյուս հայկական ապրանքները բրենդ են Ռուսաստանում:

Երկրորդ՝ կարծում եմ, Մաքսային միությանը անդամակցումը նպաստավոր կլինի մեր սոցիալական վիճակի բարելավման համար, իսկ եթե մարդիկ հարուստ են, ապա ավելի գաղափարական են. խոսքս անհատին չի վերաբերում, այլ ժողովրդին ու նրա կենսամակարդակի բարձրացմանը, սոված հասարակությունը գաղափարների հետեւից չի գնա:

Բայց կա նաեւ երկրորդ հանգամանքը. Մաքսային միությունը համարում եմ միջանկյալ վիճակ, միջանկյալ միություն, եւ չեմ կարծում, որ այն մեծ ապագա ունի, ավելին՝ այն կվերափոխվի մեկ այլ միության, թերեւս ներառելով այլ պետությունների: Առայժմ այսքանն է իմ կարծիքը, ավելին ասել չեմ կարող, քանի որ ապացուցելի չէ, իսկ առանց ապացույցների խոսել չեմ սիրում:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը անդամակցելու մեր քայլին, կարծում եմ, այն միակ հնարավորն էր:

–Պարոն Մանուկյան, վերադառնանք դարձյալ ներքաղաքական հարցերին։ Քաղաքական դաշտում նկատելի են որոշակի տեղաշարժեր, մասնավորաբար, ձախ ուժերը հայտարարել են միավորման մասին, իսկ ի՞նչ սպասելիքներ կան ազգային-ժողովրդավարական հատվածից: Դեռ մեկ տարի առաջ ասացիք, որ նպատակ ունեք ակտիվացնել ԱԺՄ-ն:

-Ես ողջունում եմ ձախ ուժերի համախմբման ցանկությունը, բայց որքան էլ համախմբվեն, կարծում եմ, այն շատ փոքր ուժ կլինի:
Ինչ վերաբերում է ԱԺՄ-ին: Տարիներ առաջ մեր կուսակցության ներքին քննարկումներից մեկի ժամանակ, քանի որ մեզանում շատ էին մաթեմատիկոսները, ես գաղափարախոսության հետ կապված հարցը ներկայացրի մաթեմատիկորեն՝ իքս-իգրեկ առանցքներով, ուր 4 հատված կա, իքսի վրա գրեցի ազգայինը՝ դեպի վեր ազգայինը շատանում է, դեպի վար՝ նվազում:

Իգրեկ առանցքի վրա լիբերալիզմը նշեցի՝ դեպի վեր ազատությունը ավելանում է, դեպի վար բռնապետություն է: Փաստորեն 4 տիպի գաղափարախոսություն է լինում, ուր կոմունիստականը լիբերալիզմին դեմ է, բայց երկուսն էլ ազգայինի հարցում մինուս են:
ՀՅԴ-ի մոտ ազգայինը բարձր է, բայց նաեւ սոցիալիստական դաշտում է: Մյուսում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են, որոնք մերժում են ազգայինը եւ կողմնակից են միայն լիբերալիզմին: Մի շատ կարեւոր դաշտ դատարկ էր մնում. դա ազգային-ժողովրդավարականն էր, ուր ե՛ւ ազգայինն է շատ, ե՛ւ լիբերալիզմը: Այսօր դարձյալ այդ դաշտում կա հսկայական վակուում, եւ մեկ տարի առաջ ես մտածում էի ԱԺՄ-ով լրացնել այդ վակուումը: Մեզ կհաջողվի՞, թե՞ ոչ՝ այսօր չեմ կարող ասել: Բայց ակնհայտ է, որ հայաստանցիների մեծ մասը երկրի ապագան տեսնում է հենց այդ դաշտում, ուր ե՛ւ ազգայինն է ուժեղ, ե՛ւ ժողովրդավարականը:

–Հանրային խորհուրդ նշանակում է կապ իշխանության ու հասարակության միջեւ, հաջողվո՞ւմ է խորհրդին լիարժեք կատարել այդ դերը, մի կողմից՝ օգնել իշխանությանը ձեռքը ամուր պահել հասարակական տրամադրությունների զարկերակի վրա, մյուս կողմից՝ օգնել հասարակությանը՝ «վերեւներին» հասցնելու իր պահանջները:

-Մեր քառամյա գործունեության ընթացքում ոչնչից նոր կառույց ստեղծեցինք, որի հետ հաշվի են նստում տարբեր ուժեր: Բայց այն խնդիրը, որը պետք է լուծվի, դեռ առջեւում է, քանի որ այն ազդեցությունը, որ պետք է ունենանք իշխանության վրա, դեռ չունենք: Համենայն դեպս, հանրային խորհուրդը մի կարեւոր դիրք գրավեց, ինչը նկատելի եղավ նաեւ ժողովրդին:

Սկզբում երկու վտանգ էր մատնանշվում: Նախ՝ կարծիք կար, թե Հանրային խորհուրդը իշխանական ուժ է ու վարագույր է ծառայելու իշխանության համար: Բայց Հանրային խորհուրդը ցույց տվեց, որ շատ հարցերում ինքն անկեղծ է, պատրաստ մինչեւ վերջ պայքարելու: Դա դրսեւորվեց օտարալեզու դպրոցների հարցում, Մաշտոցի պողոտայի համար պայքարում, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի, այժմ էլ կուտակային համակարգի հարցերում:

Ու հասարակությունը համոզվեց, որ ՀԽ-ն խաղալիք չէ՝ մեջը բովանդակություն կա: Այն, որ այսօր մեզ շատ են դիմում տարբեր հարցերով, նաեւ մեղադրում, քննադատում, թե ինչո՞ւ եք անտեսել այս կամ այն խնդիրը, վկայում է, որ մենք ինչ-որ բան արել ենք:

Մյուս մտահոգությունն էլ կար, թե Հանրային խորհուրդը կարող էր դառնալ պոպուլիստական մի կառույց ու չնայած ստեղծվել է երկրի նախագահի որոշմամբ, բայց նրանում հավաքված մի խումբ մարդիկ, ժողովրդահաճո ծրագրերի իրականացմամբ, կփորձեն հաճելի երեւալ հասարակությանը եւ կուսակցությունների նման զբաղվելով պոպուլիզմով՝ կձգտեն հասնել իշխանության:
Ահա այս երկու վտանգների՝ «Սցիլլայի եւ Քարիբդայի» արանքից մենք դուրս ենք եկել, բայց դեռ ազատ, մաքուր «ծով» չենք հասել:

Հարցազրույցի առաջին մասը՝ այստեղ:

Անկախ

Ավարտվեց քաղաքական իրադարձություներով հարուստ 2013-ը

ընտրություններ2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի: Քաղաքական ուժերի առումով, նշում է քաղաքագետը, ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, իսկ  ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել: Ու պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերը` առանձին-առանձին կամ միասին,  ի վիճակի չեն հասնելու ինչ-որ փոփոխության, առավել ևս` իշխանափոխության: Համենայն դեպս, դա վերջնականապես պարզ դարձավ 2013 թվականին  նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների շրջաններում:

Աշխարհի քարտեզի վրա դժվար թե գտնվի իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերն իրենց իրավունք վերապահեն չմասնակցելու ամենակարևոր` նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումներն էլ ավարտվեցին Ծիծեռնակաբերդում «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի մոմավառությամբ ու աղոթքով:

Հաջորդ նշանակալի իրադարձությունն արդեն Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանք էլ ոչ մի «նորություն» չբացահայտեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացի այն հին երևույթի վերահաստատումից, որ երբ քաղաքականությանը խառնում են մոմավառություն, ծոմապահություն, առանձին-առանձին ընտրությունների գնալու ճանապարհ, ապա արդյունքում հաղթում է այն քաղաքական ուժը, որի դեմ անհույս պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Մի խոսքով, 2013 թվականին երկրի քաղաքական իշխանություններին հաջողվեց վերջնականապես ամլացնել քաղաքական դաշտը`լուրջ գործընթացներից ու որոշումների ընդունումից վերջնականապես դուրս թողնելով ու կիսամեռ վիճակում թողնելով ընդդիմությանը:

 

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել նշելու, որ նման պայմաններում, երբ հասարակության մի ստվար զանգված հստակ արտահայտված դժգոհություն ունի և բողոք, երբ այդ բողոքն առավելագույնս արտահայտող քաղաքական ուժ չկա կամ այդ ուժը չեզոքացվում է, սովորաբար հասունանում է քաղաքացիական ակտիվություն, որն էլ հանգեցնում է նոր քաղաքական հոսանքների ի հայտ գալու, ի վերջո, նոր քաղաքական ուժի ծնունդի: Ահա այս տարի Հայաստանում բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը:

«Քաղաքացիական հասարկությունը փորձում է զարգանալ, և մենք տեսնում ենք այս զարգացման տարբեր էլեմենտները: Մյուս կողմից` ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել այդ պայքարից այն իմաստով, որ չի կարողանում ղեկավարել այդ շարժումը կամ օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Տարին, ինչպես օրերս նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ակտիվիստների տարի էր: Քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, Կիրակոսյանի համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում:

ցուցարարներ «Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը և նրա վարած քաղաքականությանը: Բայց մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին և պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

2013 թվական մտանք ԵՄ–ով, դուրս եկանք ՄՄ–ով

Ներքաղաքականից զատ լայն արձագանք ստացան Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու արտահայտությունները: Մասնավորապես, տարվա ընթացքում Հայաստանը ակտիվ համագործակցում էր Եվրամիության հետ, որին, սակայն, հաջորդեցին սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և դրա շուրջ ծավալված խոսակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին զարմանալի ու անսպասելի հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին:

ցույց ընդդեմ ՄՄ«Համագործակցությունը, որն առաջարկվում է, ազդում է Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցության վրա: Այստեղ ոչ մի անակնկալ չկա, այս որոշման տրամաբանությունը դառնում է հասկանալի: Այսինքն`այն ինչ մենք ցանկանում էինք անել, միաժամանակ խաղալ և՛ ռուսների, և՛ եվրոպացիների հետ, արձագանք չգտավ, այդ թվում նաև եվրոպացիների մոտ»,- նշում է Ալեքսանդր Մարկարովը:

Թերևս շատ են քննարկվել այդ հայտարարությունն ու դրա հետ կապված բոլոր հետագա զարգացումները: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական հարթությունում չի կարելի չառանձնացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ապա Ռիչարդ Կիրակոսյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ համոզվել է, որ բոլոր դռները չեն փակվել Հայաստանի առջև, ուղղակի ԵՄ-ն Հայաստանին արդեն այլ կերպ է դիտում:

Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը:

«Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, հարցն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի և հավասար հնարավորությունների բացակայությունն է»,- ասում է  Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս ամենի արդյունքում էլ քաղաքական տարվա ավարտին կառավարությունը նախաձեռնեց ԱԺ  արտահերթ նիստ, որտեղ պետք է վավերացվեին հայ-ռուսական միջկառավարական «գազային» պայմանագրերը: Եվ  սա դարձավ քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկի պատճառ` «գազային» պայմանագրերի վավերացման շուրջ ԱԺ-ում ու դրանից դուրս`փողոցում ծավալված իրադարձություններով:

«Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը փորձում էին վավերացնել, և դա ավելի շատ վիրավորանք, վնաս կհասցներ ՀՀ անվտանգությանը: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարևոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը, սակայն,  այն է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, և հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու: Ու սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահն այսօր ևս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Այսպիսով, եթե ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման «ոդիսականը» դիտարկենք քաղաքական հարթությունում, ապա դա այնքան էլ հաճելի երևույթի մասին չի հուշում: Ըստ էության`  մեկ անգամ ևս ապացուցվեց, որ երկրի իշխանությունների ցանկացած կամայականություն կվավերացվի, անգամ կանոնակարգ-օրենքների խախտմամբ, կամայականորեն:

Հենց այս վերջին իրադարձությունով էլ ավարտվում է 2013 քաղաքական տարին:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր

Մաքսային միություն, Հայաստան,«Ճանապարհային քարտեզը» Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր: «Կարծում եմ՝ մենք կարող ենք հաստատել Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու «Ճանապարհային քարտեզը»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղրղզստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը» արդեն պատրաստ է: «Մնում է միայն պարզել մի քանի հարցեր Բիշկեքի հետ: Համուզված եմ, որ ղրղզ ընկերների հետ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Մաքսային միության ինտեգրացիոն պրոեկտի ապագան մեծապես կախված է գործընկերների փոխհամաձայնեցված գործողություններից: Նա համոզմունք է հայտնել, որ այս միությունը կնպաստի դրան անդամակցած երկրների զարգացմանը:

Անկախ

Ռուսական ալմաստը հայկական ադամանդ դառնալու ճանապարհին

ադամանդԴեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հիշում ենք, ստորագրվեց 12 համաձայնագիր: Դրանցից մեկն էլ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, ըստ որի` Ռուսաստանը հանում է դեպի Հայաստան առաքվող ադամանդի հումքի համար նախատեսված մաքսավճարներն ու մաքսատուրքերը:

 Ադամանդագործությունը կարող է լրջորեն զարգանալ

Այսուհետև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ադամանդի հումքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ գնի մեջ մտնող մաքսատուրքերն ու վճարները հանվելու են: Հայկական շրջանակներում այս լուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց: Սակայն ոչ թե ոգևորվել է պետք, այլ ուղղակի սթափ նայել իրավիճակին:

Հայաստանում ավելանում է ադամանդի արտադրությունը: Այս տարվա  հունվար-սեպտեմբերին արտադրվել է 67 հազար  կարատ ադամանդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 58 տոկոսով: 2011 թ.  օգոստոսին ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` հայկական ձեռնարկություններին ադամանդի հումք է մատակարարում ադամանդագործության ոլորտում հայտնի «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաև ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է:

Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, 1-ական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության 8 վարչատարածքային միավորները, ևս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Այսինքն` գործ ունենալով ԱԼՌՈՍԱ-ի հետ` պետք է հասկանալ, որ գործ ունես ռուսական պետական բիզնեսի հետ, որը հումք է բերում Հայաստան, վերամշակում ու նորից արտահանում. այսինքն`մաքսատուրքերի ու մաքսավճարների վերացումը առաջին հերթին ձեռնտու էր հենց Ռուսաստանին:

Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Սահմանված քվոտաների շրջանակներում ԱԼՌՈՍԱ-ն տարեկան  300-500 հազար կարատ ադամանդի հումք էր մատակարարում հայկական ընկերություններին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին այս համագործակցությունը մի քիչ դանդաղ էր զարգանում: Սակայն 2011-ին նորից ջերմացավ:

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի համաձայն` ԱԼՌՈՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարեր մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որը պետք է մշակման ենթարկվեր Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում:

Այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հույսերով` ԱԼՌՈՍԱ-ն պետք է ավելացներ ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, պետք է ավելանար նաև այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը, սակայն 2012 թ. Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող ադամանդի ծավալները նվազել են:

Հայաստանի համար ադամանդի  տպավորությունը միայն փայլը չէ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև  2012 թ. առևտաշրջանառությունը կազմում է  մեկ մլդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավելի բաժին է  հասնում ներմուծմանը,  մնացած հատվածն էլ` արտահանմանը: Հայաստանից արտահանված ապրանքների մեջ բավականին մեծ թիվ է կազմում ադամանդը`  24 մլն դոլարի ադամանդի հումք  և  որոշակի վերամշակված ադամանդ է արտահանվել:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ մաքսատուրքերի ու վճարների վերացման  հանգամանքը կնպաստի, որ ադամանդի արժեքը նվազի և ադամանդը, որպես վերամշակված հումք, նորից արտահանվի: Ու այս պայմաններում, եթե հայ ձեռնարկատերերը շահույթը հումքի ինքնարժեքի  նվազեցման հաշվին չավելացնեն, այլ գինը իջեցնեն, որ ավելի մրցունակ դառնան միջազգային շուկայում, ապա դրական  արդյունք կլինի:

«Էֆեկտը կլինի այն, որ նախ` ոլորտի մարդիկ աշխատանք կունենան` կայուն աշխատատեղերը կպահպանվեն, և երկրորդ` կարելի է ադամանդի վերամշակման ու արտադրության ծավալները մեծացնել ու ավելի մրցունակ գներով մտնել շուկա:  Բայց եթե պետք է մաքսատուրքի հաշվին շահույթի մեջ ավելացում անեն, մենք կմնանք նույն մակարդակի վրա, լուրջ առաջընթաց չենք ունենա»,- նշեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում արտահանման գները շատ մեծ թվեր էին կազմում. 300 միլիոն դոլարի ադամանդի  հումք  ներմուծում էինք ու մոտավորապես 350 միլիոն դոլար արդեն  արտահանված ադամանդի գինն էր լինում, որի մեջ 50 միլիոնն աշխատանքի արժեքն էր: Իսկ վերջին տարիներին տարեկան մոտ 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի էր հասնում ադամանդի արտահանման արժեքը:  Ու հիմա էլ տնտեսագետը կարծում է, որ նախկին թվերին վերադառնալու հնարավորություն կա:

«Բայց կրկնում եմ` պետք է ավելի մրցունակ գին առաջարկենք, որ հնդկական, բելգիական ընկերությունները, որոնք նախկինում գնում էին մեզնից, նորից դառնան մեր գործընկերը: Մենք հնարավորություն ունենք արտահանման ցուցանիշի մեջ ադամանդի արտահանման թիվը տարեկան հասցնել մինչև 100-150 մլն դոլարի: Որովհետև ադամանդը հիմնականում վաճառվում է դրսում, ներսում առանձնապես չի վաճառվում: Հիմա 12 անգամ նվազել են այդ թվերը, բայց ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կարելի է դա 100-150 միլիոնի հասցնել, միայն այս մաքսատուրքերն ու մաքսավճարները հանելու շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Իսկ ԱԺ-ում, պատասխանելով հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ միայն ադամանդի հումքի համար մաքսատուրքերն ու վճարները հանելը Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն կունենան: Ադամանդագործությունը կսկսի շատ արագ աճ ապահովել, և մոտ 5000 նոր աշխատատեղ բացելու հնարավորություն կարող է ստեղծվել:

Ի դեպ` այս տարվա 9 ամիսներին ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերությունը Հայաստան է արտահանել 4 մլն 900 հազար դոլարի չմշակված ադամանդ:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

«Մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք». Վազգեն Մանուկյան

arm137820609085Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ  «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

 

– Պարոն Մանուկյան, իշխանությունները Ռուսաստանի նախագահի այցն աննախադեպ են որակում` թվարկելով մի շարք դրական արդյունքներ:  Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ այցը:

– Նախևառաջ սա Պուտինի առաջին պետական այցն էր, որը միշտ էլ նշանակություն ունի, քանի որ անկախ Մաքսային միությունից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք կնքած, 90-ականներից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը պայմանագրով տվել ենք Ռուսաստանին, ռազմական բազայի հետ կապված պայմանագիր ունենք և այլն: Դա նշանակում է, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, և այդ առումով, իհարկե, այցը կարևոր էր:

Ինչ վերաբերում է ստորագրված որոշ փաստաթղթերին և որոշ խոստումներին, ապա հետագայում կերևա, թե դրանցից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում տնտեսական այնպիսի հարցեր են լուծվում, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:

– Հայտարարվեց գազն առավել ցածր գնով ձեռք բերելու մասին, սակայն պարզվում է, որ Հայաստանում գազի սակագինը մնալու է նույնը, ի՞նչ է դա նշանակում:

– Երբ գազի մուտքի գինը բարձրացավ, այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին, և գրեթե ողջ ավելցուկը մեկ տարով սուբսիդավորվեց Ռուսաստանի կողմից: Բայց կենցաղային օգտագործման գազի գինը, միևնույն է, բարձրացավ, որովհետև «Հայռուսգազարդն» արդեն մի քանի տարի էր` իր ծախսերն ավելացնելու պահանջ էր դրել՝ աշխատավարձեր և այլն: Հանրային խորհուրդը, ի դեպ, կարծում էր, որ ներկայացված ծախսերը գերազանցված են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց այդ պահանջի կատարմանը, և գազի գինը բարձրացավ դրա պատճառով: Մյուս տարի, երբ  Ռուսաստանի կողմից այլևս սուբսիդիա չլիներ, ապա պետք է ավելանար այդ ավելցուկի արժեքը, իսկ հիմա, փաստորեն, չի ավելանում և արդյունքում գազի սակագինը սպառողների համար մնում է նույնը:

– «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաշխումը ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Ցանկալի կլիներ, որ այդ 20 տոկոսը մենք չտայինք: Իսկ տնտեսական տեսանկյունից դա վճռական նշանակություն չունի: Եթե երկարատև ժամկետներով ենք նայում, մեր ազդելու հնարավորությունները էլի մնում են պետական մեխանիզմների, օրենքների միջոցով, բայց, ամեն դեպքում հաճելի չէ: Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանին պետք էր այնքանով, որ ցույց տա, թե ինքը ինչ-որ բան ստացել է ինչ-որ բանի դիմաց:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանալու Հարավային Կովկասից, ավելին՝ մտադիր են ամրապնդվել:

– Դա նորություն չէ: Միգուցե նորություն է բացահայտ հնչեցնելու տեսանկյունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Անդրկովկասում առաջացավ ազդեցության վակուում, Ռուսաստանն այդ ժամանակ քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է, իրեն ավելի ուժեղ է զգում, բնականաբար, պետք է փորձի բոլոր այն երկրներում, երկրամասերում, որտեղ ժամանակին Ռուսական կայսրությունը, հետագայում՝ Խորհրդային Միությունը ազդեցություն են ունեցել, վերականգնի: Իհարկե, այլ մեխանիզմներով՝ տնտեսական, ռազմական դաշինքների և այլն: Կհաջողվի՞ դա Ռուսաստանին, թե՞ ոչ` այլ հարց է, բայց դա ողջ աշխարհի աշխարհաքաղաքականությունն է:

– Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի ու վատի հարց չկա, դա այդպես է: Դու կարող ես հերոսական ջանքերով դուրս գալ այդ ազդեցությունից և մտնել մեկ այլ ազդեցության տակ, բայց այս տարածաշրջանում որևէ այլ ազդեցություն չկրել, լինել հպարտ մենակության մեջ, ոչ ոք քեզ թույլ չի տա: Եթե նման քայլ անես, պետք է մտածես՝ ինչ ես կորցնում: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք:

– Այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը կրելով մենք շահո՞ւմ ենք:

– Մենք Ռուսաստանից՝ որպես դաշնակցից, շատ դեպքերում դժգոհ ենք մնացել, որն արտահայտվել է, օրինակ, Ցեղասպանության ժամանակ: Երբեմն մենք հույս ենք դրել Ռուսաստանի վրա, բայց մեր հույսը չի արդարացել: Իսկ կա՞ մեկ ուրիշ երկիր, որն ավելի վստահելի է: Մեզ շատ ավելի «քցեցին» եվրոպական երկրները, հենց, օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միշտ: Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ մենք երբեմն դժգոհ ենք լինում Ռուսաստանից, նրան չենք համարում հարյուրտոկոսանոց հենարան, բայց մյուս կողմից էլ փոխարինող այլ երկիր այս տարածաշրջանում գոյություն չունի: Հարյուրտոկոսանոց վստահություն քաղաքականության մեջ չկա, որովհետև ամեն երկիր ունի իր շահերը: Սակայն անվտանգության տեսանկյունից այսօր կարծես թե Ռուսաստանին ալտերնատիվ երկիր չի երևում:

– Բացի անվտանգության ապահովումից, այլ տեսանկյունից, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանի հետ մերձեցումը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տնտեսական տեսանկյունից, եթե կարճատև՝ 5-10 տարի ժամկետով վերցնենք, մեր օգուտները Մաքսային միությունից անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրամիության ասոցացված անդամ լինելուց: Մենք ունենք մի քանի միլիոն հայրենակից Ռուսաստանում, լավ ուսումնասիրված շուկա, բավականին մեծ ազդեցություն, մեր ապրանքը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից ճանաչված է: Օրինակ` հայկական կոնյակը կամ Ջերմուկը Ռուսաստանում բրենդ է, իսկ Եվրոպայում` ոչինչ, կամ հայկական կոշիկները և այլն: Եվրոպական շուկա մտնելու և լուրջ առևտուր, ներդրումներ անելու համար մենք պետք է բավարարենք եվրոպական չափանիշները, իսկ դա բավականին ծանր պրոցես է, որի ընթացքում մենք շատ բան կկորցնենք:

Ինչ վերաբերում է երկարատև ժամկետներին, ապա դա քննարկելու հարց է: Եթե Ռուսաստանը լուրջ մոդեռնիզացիայի չգնա, մնա հումք վաճառող պետության կարգավիճակում և բավարարվի դրանով, ապա մեր տնտեսությունը տուժած դուրս կգա: Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ յուրովի ձգտում է եվրոպական ճանապարհով գնալուն և ջանքեր կգործադրի ներկա կարգավիճակից դուրս գալու համար, ինչը կնպաստի նաև մեր ձգտմանը` ունենալ ժամանակակից չափանիշներին բավարարող տնտեսություն և արտադրություն:

– Պարոն Մանուկյան, Դուք Հայաստանում առաջիններից էիք, որ պայքարում էիք անկախության համար: Այսօր ինչպե՞ս եք ընդունում մի միության կազմի մեջ մտնելը, որտեղ, միևնույն է, կա գերիշխող երկիր՝ Ռուսաստանը:

– Այո, Եվրամիություն ասելով՝ մենք մի պետություն չենք ընդգծում, իսկ Մաքսային միության մասին խոսելիս անընդհատ ասում ենք՝ Ռուսաստան, Ռուսաստան: Բայց տվյալ դեպքում, ինչքան էլ պարադոքսալ թվա, մեզ ձեռնտու է այդ միության մեջ Ռուսաստանի որոշ չափով գերիշխող դիրքը, որովհետև Ղազախստանն իր շահերն ունի` կապված թուրքախոս ժողովուրդների և Թուրքիայի հետ, որը շատ վտանգավոր  է մեզ համար, Բելառուսին էլ մեծ վարկի դիմաց ցանկացած երկիր, այդ թվում և Ադրբեջանը, իր ձեռքը կվերցնի: Հետևաբար, որքան էլ տարօրինակ թվա, մեզ ձեռնտու է, որ գոնե մոտ ժամանակներս Ռուսաստանն ավելի մեծ դերակատարություն ունենա Մաքսային միությունում: Սուվերենության մասին ես չեմ ասում, որովհետև բոլորը մոռացել են, թե այս 10-15 տարում ով էր անընդհատ մատ թափ տալիս մեզ վրա: Ամեն անգամ մեր ղեկավարները փորձում էին Եվրոպայի մոտ արդարանալ կամ ստիպված էին լինում ընդունել ծրագրեր, որոնք մեր ազգային արժեքներին, շահերին դեմ էին: Պարզապես Եվրոպան մեզ սպիտակ ձեռնոցներով էր պարտադրում: Այնպես որ, մենք մեր ինքնուրույնությունն այս տարիների ընթացքում արդեն մասամբ զիջել ենք Եվրոպային: Այստեղ այլ վտանգ կա՝ ստրկամտությունը: Երբեմն Ռուսաստանին անիմաստ քծնում են: Ես օրինակ` կտրականապես դեմ եմ, որ  մեր կառավարությունը գումար է հատկացրել «Что, Где, Когда» հաղորդմանը: Դա կարելի էր շատ հեշտ հայերեն ցուցադրել, ինչպես շատ այլ հաղորդումներ: Ի՞նչ իմաստ ունի քծնել: Ռուսաստանն էլ, որ սովոր է իրեն տեր զգալ, ցիվիլ, եվրոպական ձեռնոցներով չի աշխատում, այլ երբեմն նույնիսկ, անկախ իրենից, կոշտ ձևով ընդգծում է, որ ինքը տեր է: Ես կարծում եմ, որ դրանք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի կողմից լուրջ խոչընդոտներ են:

– Իսկ մեր քաղաքական դիվանագիտությունն օժտվա՞ծ է իր ազգային շահն արժանապատվորեն առաջ տանելու, միաժամանակ ռազմավարական գործընկերոջը «չնեղացնելու» ձիրքով:

– Կարծում եմ՝ առայժմ ոչ: Խոսում են տնտեսական հարցերից, ընդհանուր շահերից, բայց անընդհատ գլորվում են բարեկամության գիրկը: Մշակութային, ժողովրդական փոխհարաբերություններում բարեկամությունը լավ բան է: Բայց բարեկամությամբ գազի գին չես իջեցնի, տնտեսությունդ չես զարգացնի, Ղարաբաղի հարց չես լուծի: Պետք է հասկանան, որ այդ արևելյան խոսակցությունները օգուտ չեն բերում, այլ երբեմն նվաստացուցիչ են ազգային արժանապատվության համար: Իսկ եթե մենք մեր արժանապատվությունը չպահենք, ապա ի՞նչ պետք է սպասենք դիմացինից: Եթե դու ճիշտ ես տանում քո շահերը և ընդհանուր շահերի շրջանակների մեջ ես, ապա դիմացինը քո քայլերից հետո ավելի մեծ հարգանքով քեզ կվերաբերվի:

 – Պուտինի այցի օրը տեղի ունեցան բողոքի ցույցեր և հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում նաև անչափահաս, բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը:

– Նախևառաջ այդ ցույցերը բնական էին, կազմակերպված չէին ինչ-որ «չար» ուժերի կողմից, այլ արտահայտում էին ցուցարարների անկեղծ գաղափարները: Ինձ նույնիսկ ուրախացնում է, որ նման ցույցեր եղան, որովհետև շարժման սկզբում, երբ ես հայտարարում էի, որ մենք չունենք մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, մարդիկ ասում էին՝ ո՞նց, Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Այսօր կա մի երիտասարդություն, որն այդպես չի մտածում, և դա դրական է: Ես ուրիշ բանից եմ վախենում. հիմա էլ հանկարծ երիտասարդության մեջ չառաջանա մի շերտ, որը մեր միակ բարեկամը համարի Եվրոպան: Ոչ, մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք, բայց ինքներս մեզ անընդհատ ոտնահարում ենք:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին և թե կոնկրետ ինչ իրավունքներ են խախտվել, ապա կան մարդու իրավունքների պաշտպաններ, համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցով զբաղվում են և կտան համապատասխան գնահատական:

 

Հարցազրույցը վարեց Անի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Անկախ

Պուտինը եկավ ու… գնաց

պուտինի այցը հայաստանՊուտինը եկավ Հայաստան ու գնաց, բայց այդ այցի հետ կապված մանրամասները դեռ երկար կքննարկվեն հայ իրականության մեջ: Ըստ պաշտոնական  տեղեկությունների` ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ:

 Մասնավորապես` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին,  միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին, զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հաստատվեց ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2014-2015 թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ստորագրվեց կրթության և գիտության նախարարությունների միջև 2014-2015 թթ. միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Կայացան նաև 2014-2018 թթ. «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ բնական գազ ներմուծելու գործարքն ու «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:

«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 2 հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում  ունեցած իր ելույթում, բացի նման հարցերի ժամանակ նշվող ընդհանրական ու ոչինչ չասող «հաշվետվություններից», մի ուշագրավ ակնարկ էլ արեց. «Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում` արտահանմանն ուղղված»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այս արտահայտությունն ուշագրավ է այնքանով, որ դեռևս շաբաթներ առաջ նման միտք էր արտահայտել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  Երևան-Մոսկվա- Մինսկ տեսակամուրջի ժամանակ` նշելով, որ Հայաստանն էլ ՄՄ-ին կարող է դեպի Իրան ամենակարճ ու հուսալի ճանապարհն ապահովել: Այս միտքը, ինչպես արդեն տեսանք, շրջաբառվել է նախագահականում ու դառնում է ՄՄ մյուս անդամների այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ Հայաստանը ՄՄ-ին:

Դիվանագիտության մեջ չասված խոսքերն ավելի կարևոր են

Սա գրեթե այն ամենն էր, ինչ վերաբերում էր այցի պաշտոնական կողմին: Բայց սովորաբար նման այցերի դեպքում կարևոր է ոչ միայն պաշտոնական` արարողակարգային ընթացքը, այլև` մանրուքները:

Եվ այսպես, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Երևանի կոնտրոնում բացվեց հայ-ռուսական բարեկամության «Միասնության խաչ» հուշարձանը: Թեև նախապես նշվում էր, որ հուշարձանը պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, բացեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը, որոնք նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ընդ որում, հուշարձանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ միասին: Բացման հանդիսության ժամանակ էլ ՀՀ վարչապետը ռուսերեն ելույթ ունեցավ: Այս երևույթը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ընդունելի չէր, որովհետև ելույթ ունեցողը ՀՀ վարչապետն էր:

«Այդ պրոտոկոլ կոչվածում, որը դարերով ձևավորվել է, իրավահավասարության խնդիր կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն` մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, որովհետեւ այդ հուշարձանի բացումն արարողակարգային իրադարձություն էր, ուստի արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին: Խորը սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ»,- նշեց Արա Պապյանը:

Բայց այդ դիվանագիտական «ապտակը» դեռ վերջինը չէր դիվանագիտական օրակարգով գերհագեցած օրվա ընթացքում: Երկրորդ «ապտակը» Հայաստանը ստացավ Պուտինի այցի բուն օրակարգից: ՌԴ նախագահը, ինչպես և հայտարարվել էր, Հայաստանում էր պետական այցով: Բայց այդ այցը սկսվեց ոչ թե Երևանից, այլ Գյումրիից: Ու տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե պետական այց է, այլ աշխատանքային:

«Ես սովորել եմ տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, նաև Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր: Այն, ինչ  ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում` տարբեր զորատեսակների շքերթով, նաև մայրաքաղաքում հատուկ նստավայրի հատկացում և այլն: Այսինքն` կան որոշակի բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որևէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը ու շեշտեց, որ եթե նախագահը ներկա էր այդ արարողությանը, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:

Այս փաստն առավել ցցուն է դառնում, երբ հիշում ենք հատկապես,  որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ ներկա չէին ՌԴ նախագահն ու վարչապետը, նույնիսկ` Մոսկվայի քաղաքապետը:

Մի խոսքով, դիվանագիտական այսպիսի նվաստացումներից հետո Պուտինը Գյումրիում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը, հայտարարեց, որ «դա հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր», ու հավելեց, որ Ռուսաստանը կօգնի ՀՀ-ին ՄՄ-ին առավելագույնս արագ անդամակցելու հարցում:

Այս «մանրուքին» իր երեկվա համարում անդրադարձել է նաև ռուսական թերթերից մեկը`նշելով, թե այդ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ժպտում էր:

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը մի նուրբ «կատակ» էլ արեց. «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Ընդհակառակը` Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Այս ակնարկի կապակցությամբ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, թե երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից սկսած` Ռուսաստանը համաձայն չէ և չի ուզեցել հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ այն, որ չի ուզում հեռանալ, ամենևին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել:

«Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, և միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ արտահայտությունները սովորաբար ունենում են նաև հասցեատեր կամ հասցեատերեր: Այս դեպքում հասցեատերերի մասին կարելի է կռահել: Նախ` առաջին հասցեատերը հենց Հայաստանն է, որը մինչև սեպտեմբերի 3-ն իր հայացքը համառորեն հառել էր Արևմուտքի ուղղությամբ: Երկրորդ, ինչպես նշեց լևոն Մելիք-Շահնազարյանը, ընդունված երևույթ է, որ պետությունների առաջին դեմքերն օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարևան պետություններին կամ իշխանություններին ինչ ազդանշաններ են ուղարկում: Իսկ այս դեպքում թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի Գյումրի գալուն և նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային և Ադրբեջանին:

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներ են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաև մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը, փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- տեսակետ հայտնեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

«Մեզ մաքսային միությունում էլ վատ չեն կերակրում…»

վիլնյուսՆախորդ շաբաթ Հայաստանի համար մի կարևորագույն իրադարձություն եղավ, որը սկզբում առկայծեց հայկական քաղաքական երկնակամարում, բայց հետո խամրեց «Մեծն Ռուսիո ծագող արևի» շողերի ներքո:

Նոյեմբերի 28-29-ը կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության եզրափակիչ գագաթнաժողովը: Այդ գագաթнաժողում, երևի հիշում է երկրագնդի ցանկացած անկյունում ապրող ամեն մի հայ, պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրեր:  Սակայն սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո, բնականաբար, չեղյալ է հայտարարվել: Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռ սին հույսեր էին ներշնչում, թե գուցե նման համաձայնագրեր կստորագրվեն:

Հայկական վերլուծական շրջանակներում էլ, մինչև բուն գագաթнաժողովի նախօրեն, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դրան, տարբեր տեսակետներ էին շրջանառվում, որ եթե Սերժ Սարգսյանը գնա, ուրեմն ինչ-որ փաստաթուղթ իրոք պետք է ստորագրվի, իսկ եթե չգնա, ապա ոչ մի փաստաթղթի ստորագրում էլ նախատեսված չի եղել:

Վիլնյուսյան գագաթнաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն միայն այս կապակցությամբ լրագրողներին հայտնեց, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռևս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու:

Նա նշեց, որ Հայաստանը հստակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությունն էլ իր բաժին  պատրաստակամությունն է հայտնել, այն է` Հայաստանի հետ շարունակել համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը: Որպես դիվանագետ` նա ավելին ասել չէր էլ կարող: Բայց արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ԵՄ-ն Հայաստանի հետ որևէ լուրջ կամ ՀՀ իշխանություններին հաճո փաստաթուղթ կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետագա եվրաինտեգրման առումով թեկուզ չնչին հույսեր ունենա:

Գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը Հայաստանի  գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք, մի կողմից, արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն` բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ: Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են: Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրոպայի միության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մի խոսքով` ոչ մի լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ էլ չստորագրվեց Վիլնյուսում, այլ ընդամենը` պրոտոկոլային` գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը, որոնք նման նշանակություն չունեն:

Բնականաբար կյանքը շարունակվում է, առավել ևս, որ Ռուսաստանն էլ այդ ամբողջ ընթացքում լուռ ու հանգիստ դիտորդի կարգավիճակում չէր, որ հետևում էր մեր երկրի շուրջ զարգացող գործընթացներին:

Գևորգ Ավչյան

Անկախ

Գազը էժանացավ, բայց ոչ շարքային քաղաքացիների համար

ARMRUSGASPROMՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, ի թիվս 12 համաձայնագրերի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին, ինչպես նաև ՀՀ կառավարության ու  «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև` ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը և 2014-2018 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև  գործարքը: 

Այս ամենի արդյունքում հայտարարվեց, որ դեպի Հայաստան միակողմանի` Ռուսաստանից նավթամթերքի, գազի, ադամանդի հումքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը չեն գանձվի և Հայաստանը, օրինակ, գազ կստանա ներռուսաստանյան գներով: Այսինքն` ավելի էժան:

Այդ ուրախ լուրը սկսեցինք բերնեբերան տարածել, մի փոքր, նույնիսկ, ոգևորություն նկատվեց, թե գազը Հայաստանում կէժանանա և այլն: Ավաղ:

Առաջինն այս մասին հանրությանը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: «Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա` առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Հենց Վիգեն Սարգսյանն էլ լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է` փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

Ռուսաստանը հիշյալ համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն` Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան գազ,  սակայն Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

Հարց է առաջանում` ինչո՞ւ: 2013 թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 270 դոլարով (1000 խմ-ի համար): 2013 թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18, իսկ խոշոր գազասպառողների համար` 14 տոկոսով: Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը դրանից հետո սահմանվեց 156 դրամ` 1 խմ-ի համար: Այդ սակագինը սահմանելիս հաշվի էր առնվել, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռք բերվող գազի գնի 30 տոկոսը: Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք ընդունվեց ոչ թե 1000 խմ գազի համար 270 դոլար, այլ 189 դոլար գինը` նախկին 180 դոլարի փոխարեն: Այսինքն` շարքային քաղաքացիների համար գազի սակագնի հաշվարկներ կատարելիս ի սկզբանե վերցված է եղել 1000 խմ-ի համար 189 դոլար գինը, քանի որ գնի մնացած մասը` 30 տոկոսը, պետք է սուբսիդավորեր կառավարությունը:

Եվ դեռ այն ժամանակ արդեն կասկածներ էին հնչում, թե որտեղից պետք է կառավարությունը գտնի համապատասխան միջոցներ գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկատվությունը, որ հայկական կողմը այդ 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցները «հայթայթելու», ինչպես նաև առաջիկա 5 տարիներին գազի գինն անփոփոխ պահելու համար պետք է «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:

Այսինքն` երբ ռուսական կողմը հայտարարում է, որ չեն գործի գազի արտահանման համար մաքսատուրքերը, որոնք կազմում են ՀՀ առաքվող գազի գնի 30 տոկոսը, դա նշանակում է ընդամենը, որ կառավարությունն իր բաժին սուբսիդավորումն այլևս չի կատարի, ոչ թե հասարակությանը մատակարարվող գազի սակագինը 30 տոկոսով կէժանանա:

Եվ այսպես` Երևանում պայմանագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Ու հետաքրքիրն այն է, որ այս լուրը ևս ՀՀ ազգաբնակչությունն իմացավ ոչ թե ՀՀ համապատասխան մարմիններից կամ պաշտոնյաներից, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերից  (Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ):

Մեզ մնում է մխիթարվել, որ գազի գինը չի նվազի, բայց նաև առաջիկա 5 տարիներին չի  ավելանա, ինչպես նշում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Բայց պարզվում է, որ «չի թանկանա» եզրույթն էլ հարաբերական է: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի հետ զրույցում այս առումով նշել է. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի և հետագայում կփոփոխվի միմիայն  ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»:

Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինն ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են:

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանին տեսնել Մաքսային միությունում

Ռուսաստան, Ադրբեջան, Մաքսային միություն  Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոմիտեի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը: «Այսօր Ադրբեջանին հաջողվել է հասնել տնտեսության որակյալ աճի, դառնալ էներգետիկ առումով անկախ մի երկիր: Մի քանի տարի առաջ դա անհնարին էր թվում: Այսօր այն հաղթանակները, որոնք գրանցել են ադրբեջանական իշխանությունները, վկայում են այն մասին, որ բնակչությունը բարձր է գնահատում ձեռք բերված հաջողությունները: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը, բայց դա կանի ավելի ուշ, երբ կհաշվարկի այս համագործակցության դրական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»,-նշել է Սլուցկին:

Կազմվում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը

10866_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։ Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասում: Եվ իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել:
Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը։ Սրանք Մաքսային միությանն անդամակցելու մեր մոտակա անելիքներն են:
Սանկտ Պետերբուրգում ես հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ և, բնականաբար, մենք քննարկել ենք Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները։ Եվ երեք երկրների վարչապետներն էլ մեզ խոստացել են օժանդակել, որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձևով այդ փաստաթղթերը նախապատրաստել և այդ միջոցառումներն իրականացնել»։
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և սկսվել հարցերի քննարկումը:

Սահմանափակվում է ծխախոտի գովազդը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին: «Ինձ համար մի փոքր զարմանալի է, – հավելել է վարչապետը, – քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները:
Գործադիրն իր նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ` այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը»: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարները, վարչապետն առաջարկել է որոշումն ընդունել, օրինագիծն ուղարկել Ազգային Ժողով և քննարկումն ավարտել այնտեղ` գտնելով ճիշտ լուծումը:
Կառավարությունն հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որն ընդունելու դեպքում օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի:
Կառավարությունն հավանություն է տվել «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված անձանց լիարժեք անվտանգությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և ևս յոթ օրենքներում, «Սոցիալական աջակցության մասին» և ևս հինգ օրենքներում, ինչպես նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որի ընդունման դեպքում կբացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքի վերադարձը:
Նիստում հավանություն է տրվել «Զենքի մասին» օրենքի նախագծին և դրա ընդունմամբ պայմանավորված հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կհստակեցվեն զենքի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները:
Նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ` առաջարկելով օրենքներում ավելացնել դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային Ժողովում քննարկելու հատուկ կարգ: Կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Անապահով ընտանիքների բնական գազի ծախսը կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով սահմանված են անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Սույն որոշմամբ նախատեսվում է 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից ընտանեկան նպաստի իրավունք ունեցող (անապահով ընտանիքներ) սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը, այն է` «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակ անապահով ընտանիքներից բնական գազի 75 խոր. մետր քանակության դիմաց գանձել հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված սակագնով (1000 խոր. մետրի համար 100 հազար դրամ կամ 32 հազար դրամով պակաս): Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
 Միջազգային համագործակցություն

Իր նիստում կառավարությունն հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի (ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգից բխող ծրագրերի մշակմանը և իրականացմանը աջակցելու համար) նախագծին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի ներդրումային բանկի միջև կնքվելիք Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրին, որի համաձայն ԵՆԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ: Նշված գումարն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Ներգրավվելու են նաև այլ միջոցներ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2013թ. մայիսի 31-ի լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված միջոցների նախաֆինանսավորում» նամակ-համաձայնագրին:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության համաձայնությունն է ստացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու N 1 արձանագրության կնքման առաջարկությունը:
Չափման միջոցները կճանաչվեն ազգային չափանմուշ

ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Գործադիրը հաստատել է «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել նշված ոլորտի կայուն զարգացումը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դեռևս չեն ստեղծվել ոլորտի զարգացմանը նպաստող հյուրանոցային ռեսուրսներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է այդ բիզնեսի խթանման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կառավարությունը կայացրել է Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու որոշում, որը կնպաստի ընկերության, ինչպես նաև «Հեսփերուս» ՓԲԸ գործարկմանը, Լոռու մարզում 150 նոր աշխատատեղի ստեղծմանը:
Նիստում հաստատվել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը, հումքը, կերը, լրացակերը ՀՀ տարածքում կփոխադրվեն սահմանված նոր ձևաթղթերի հիման վրա: Ուղեկցող փաստաթղթում կնշվեն հայտնաբերված հիվանդությունը և կատարված բուժումը: Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:
Իմունականխարգելման ազգային ծրագրի համաձայն մեր երկրի պատվաստանյութերի և պատվաստման օժանդակ պարագաների պահպանման մշտական 25 տոկոս պահուստային պաշարը պահպանվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի իմունացման ազգային պահեստում` համապատասխան սառնարանային ռեժիմի առկայությամբ, ըստ միջազգային չափորոշիչների: Կառավարության որոշմամբ նվազեցվել է պետական հատկացումներով ձեռք բերված պահուստային պաշարից առաջացած շահութաբաժնի վճարումը, ինչը կնպաստի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ներկրմանը և վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին:
Ավելի արդյունավետ կօգտագործվեն մայր ջրանցքներն ու պոմպակայանները

Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊՀԿ-ին և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ: ՊՀ-ին գույք ամրացնելու, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու որոշում: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել մայր ջրանցքների և պոմպակայանների շահագործումն ու ոռոգման ջրի ավելի արդյունավետ մատակարարումը: Հաջորդ երկու որոշումից առաջինով 2013թ. կապահովվի Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ ջրային ոլորտի ուսումնասիրություն» ծրագրով նախատեսված աշխատանքը, երկրորդը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Սյունիքի մարզի 4 էներգետիկ պատվարների շահագործումը:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար հաճախ օգտագործվող օրինակելի նախագծերի մշակման և դրանց կատալոգի հրատարակման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 30 մլն դրամ:
Կբարելավվեն միգրացիոն պետական ծառայության աշխատանքային պայմանները

Գործադիրը կայացրել է որպես ՀՀ սեփականություն գույք ընդունելու որոշում, որով «Դավիթ» առևտրի տուն» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հր. Քոչարի 4 հասցեում գտնվող վարչական տարածքը ընդունվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը` ընդլայնելով վերջինիս գույքային տարածքը:
Մեկ այլ որոշմամբ Հրազդան քաղաքի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի կապիտալ նորոգումն իրականացնելու նպատակով «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել շենքին կից գտնվող չգործող դեղատան ոչ հիմնական վթարային շինությունը: Միաժամանակ կբարեկարգվի ամբողջ տարածքը:
Կառավարությունը որոշել է Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում բնակվող 27 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով: Հաջորդ որոշմամբ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով իրենց զբաղեցրած բնակելի տարածքները նվիրաբերվել են Երևանի Մոլդովական 70 N 1, Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեների, ինչպես նաև Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին:
Կառավարությունը 2013թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, պետբյուջեից հատկացրել 45 մլն դրամ` Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի մեկ սենյակի հավակնող 15 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 23/6 շենքի 5-րդ շինության հարակից տարածքը, Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի 7-րդ շենքի N 43 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը և դրա օգտագործման ու սպասարկման հողամասի բաժնային մասը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 129/9 հասցեում գտնվող անշարժ գույքը և համապատասխան հողամասն օտարել մրցույթով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի կենտրոնական կաթսայատան շարժական գույքը` ուղղակի վաճառքի ձևով:
Կրթօջախներն ավելի հարմարավետ կդառնան 

ՀՀ կառավարությունն հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը:
Իր որոշումներով գործադիրը 40 մլն դրամ է հատկացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսումնական մասնաշենքի առաջին հարկի ուժեղացման ու նորոգման աշխատանքներն իրականացնելու, մոտ 63.5 մլն դրամ` Սպիտակի ավագ դպրոցի և Մեծամորի N 2 ավագ դպրոցի շենքերի տանիքների հիմնանորոգման, համապատասխան ֆինանսական միջոցներ` Արագածոտնի մարզի Լեռնապարի, Մաստարայի, Երևանի N 108 և Ռ. Իշխանյանի անվան N 153, Արարատի մարզի Վարդաշենի դպրոցների շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով:
Կառավարությունն իր նիստում որոշել է Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի որոշ մասը հետ վերցնել քաղաքի N 37 դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ին:
Այլ որոշումներ

 

ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Որոշման երկրորդ կետով 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են 2014թ. փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:

Մաքսային միությանն անդամակցությունն աղբյուր է Հայաստանի զարգացման համար. Վիկտոր Խրիստենկո

Վիկտոր ԽրիստենկոԵվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համագործակցության խորացման հուշագիր` մեկնարկ տալով Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված «Ճանապարհային քարտեզի» ձեւավորման աշխատանքներին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նոյեմբերի 6-ին Երեւան ժամանած ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը Վիկտոր Խրիստենկոյի հետ:

– Պարոն Խրիստիենկո, ի՞նչ նպատակներ է դրել իր առջեւ Մաքսային միությունը:

-Մեր գլխավոր նպատակը միասնական տնտեսական գոտու ստեղծումն է, որը հիմնված է ապրանքերի փոխանցման, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի ազատության վրա: Մի քանի տարի առաջ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ընդունեցին որոշումը, որը կտրուկ ակտիվացրեց տնտեսական ինտեգրացիան Եվրասիական գոտում: Արդյունքում, 2011-ին այն կոչվեց Մաքսային միություն: Երեք երկրների տնտեսական միավորումը ինտեգրացիայի զարգացման առաջին փուլն էր: Ի՞նչ է դա նշանակում: Վերոնշյալ երեք երկրներում ընդունվում է միասնական մաքսային կոդեքս, միասնական մաքսային դրույք, արտաքին առեւտրի եւ մաքսային կանոնների միասնական համակարգ, միասնական իրավական դաշտ տեխնիկական կանոնակարգման ոլորտում: Առաջին հերթին, Մաքսային միությունն ապահովում է ապրանքների ազատ ելումուտ: Հսկայական գործ է կատարվել նաեւ աշխատուժի ելումուտի համար: 2012-ի հունվարի 1-ից մենք մտանք հաջորդ փուլ. միասնական տնտեսական գոտու ձեւավորում: Այստեղ արդեն ստեղծվել է համակարգային աշխատանք: Վերազգային գաղափարին աստիճանաբար տրվում են նոր լիազորություններ: Դրանց իրականացման համար ստեղծվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողով. որը առանցքային դիրքորոշումների համար աննախադեպ կառույց է: Կարգավիճակի առումով այն վերազգային կառույց է` թե լիազորությունների ծավալի, թե ինտեգրման տրամաբանությամբ: Փաստորեն, մենք պետք է անցնենք Եվրամիության ճանապարհը, սակայն շատ ավելի արագ տեմպերով: Ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ ելումուտի համար մենք շարունակում ենք աշխատել եւ ստեղծել իրավական դաշտ, միաժամանակ, հիմք ընդունելով երեք երկրների նախագահների հայտարարությունները, ձեւավորել առաջատար ինտեգրացիոն Եվրասիական տնտեսական միավորում: Այն պետք է գործի 2015-ի նոյեմբերի 1-ից:
Երկրների բիզնես գործունեություն եւ աշխատանքի հիմնական լսարան. սա նշանակում է միասնական շուկայի ստեղծում` միասնական օրենսդրությամբ եւ 170 միլիոն սպառողով: Մակրոտնտեսական քաղաքականության առումով այն ներդաշնակ է, կան մրցակցության կանոներ, տեխնիկական կարգավորման համակարգեր, տրանսպորտ, բնական մենաշնորհների սակագներ, գյուղատնտեսական եւ արդյունաբերական սուբսիդիաներ: Եվրասիական տնտեսական նախագծի իրականացումը մենք գնահատում ենք որպես հնարավորություն, որը կնպաստի անդամ պետություններում տնտեսական աճի բարձրացմանն ու տնտեսության արդականացմանը:
-Դուք առաջիններից էիք, որ հայտարարեցիք` ընդհանուր սահմանների բացակայությունը չիկարող խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Ինչպե՞ս եքպատկերացնում այդ համագործակցությունն առանց ընդհանուր սահմանի:
-Ընդհանուր սահմանի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ տնտեսական ինտեգրացիայի համար: Այս առնչությամբ կարող եմ թվել բազմաթիվ օրինակներ: Օրինակ, երբ Հունաստանն անդամակցեց Եվրամիությանը, չուներ ընդհանուր սահման (ընդհանուր սահմանն ապահովում էր Բուլղարիան, որ վերջերս է անդամակցել ԵՄ-ին): Կիպրոսը նույնպես չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, սակայն դա չի խանգարել անդամակցել Եվրամիությանը: Մյուս կողմից, որպեսզի հասկանանք, թե որքանով է կարեւոր սահմանների մասին խոսակցությունը, պետք է փորձենք հասկանալ, թե տնտեսական առումով ի՞նչ է նշանակում սահման: Սահմանը դա բիզնեսմենների համար ծախս է: Հատելով սահմանն անհրաժեշտ է ապրանքի ելումուտի համար փաստաթղթեր լրացնել, սահմանված մաքսատուրք վճարել: Այսօր Հայաստանից ապրանք արտահանելու համար, անհրաժեշտ է լրացնել տարանցիկ դեկլարացիա ապրանքը Վրաստանով անցկացնելու համար, իսկ Մաքսային միություն մուտք գործելու համար, օրինակ Ռուսաստան, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթղեր ապրանքի ներմուծման համար, իրականացնել մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը` պահեստներ, միջնորդներ, վճարումներ: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունից հետո, ընթացակարգի երկրորդ հատվածը կվերանա: Այն ապրանքը, որն ուղարկվելու է Մաքսային միություն, Հայաստանի սահմանին կգրանցվի որպես «ազատ տարանցման համար» եւ մուտք կգործի Վրաստան: Իսկ Ռուսաստան մուտք գործելու ժամանակ, ռուսական սահմանին կստուգվի կնիքն ու տեսնելով հայ սահմանապահների վերոնշյալ հավաստիացումը, թույլ կտրվի ապրանքի մուտքը Մաքսային միություն առանց պահեստների, միջնորդների եւ այլն: Դա էապես նվազեցնում է ծախսերը, ինչը ամենակարեւորն է, երբ մենք խոսում ենք ապրանքի մասին:
Սակայն այսօր տնտեսության մեծ մասը ոչ թե ապրանքներն են, այլ ծառայությունները: Դա տնտեսության մի հսկայական ոլորտ է` կապ, տրանսպորտ, շինարարություն, ֆինանսական ծառայություններ եւ այլն: Եվ այս ամբողջ ոլորտը սահմանի առնչությամբ ավելի քիչ զգայուն է: Այս պարագայում սահմանը չի ստեղծում ծախսեր: Գործարարների համար ավելի մեծ ծախսեր ստեղծում են այս ոլորտներում տարբեր երկրներում կարգավորման տարբեր մեխանիզմները: Մաքսային միությունում եւ միասնական տնտեսական գոտում շարժվում ենք դեպի ծառայությունների կարգավորման եւ Հայաստանն էլ, միանալով Մաքսային միությանը, կմիանա այդ ծառայությունների ազատ շարժին: Դա շատ կարեւոր է եւ շատ իրական, որովհետեւ Մաքսային միության երկրների տնտեսությունում ծառայությունների տեսակարար կշիռը 60 տոկոս է: Ծառայություններն ավելի մեծ արդյունքներ գրանցելով հանդերձ նաեւ պակաս զգայուն են սահմանների նկատմամբ, նշանակում է` այդ ոլորտների համար Մաքսային միությանը միանալը առավելություններ ունի:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին, իսկ համագործակցությունըՀայաստանի հետ` Մաքսային միությանը:
-Եթե խոսենք ավել գլոբալ, ապա Մաքսային միությունը, դա ազատ տարածք է` 170 միլիոն սպառող ունեցող շուկա, որը զարգացման նոր աղբյուր է: Բայց ես կարծում եմ` Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն ապրանքների ու ծառայությունների ազատ շարժը, այլեւ աշխատուժը: Նման հեռանկարը, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ հայկական սփյուռքի մի մեծ զանգված ապրում եւ աշխատում է Մաքսային միության տարածքում, նույնպես կարեւոր է: Ես հիմա չեմ փորձի թվերով ներկայացնել կամ հաշվել, թե տարեկան որքան շահույթ կլինի, հատկապես, թե ի՞նչ է տալու համագործակցությունը Մաքսային միությանը: Կարծում եմ` ամենակարեւորը, որ տալիս է այս նախագիծը, երկրաժամկետ հեռանկարների ընկալումն է, թե ում հետ համագործակցությամբ դու նվազագույնի կհասցնես տնտեսական ռիսկերն ու կզարգացնես քո հետաքրքրություններն այդ քառյակի շրջանակում` արդեն Հայաստանի հետ եւ նաեւ, թե ինչպես այդ քառյակը կզարգացնի իր շահերն արտաքին աշխարհում: Եվ այդ առումով առաջնահերթությունների համար կայուն համակարգի ստեղծումը, մեծ գաղափարի իրականացումը բոլորին տալիս է վստահություն` մարդկանց` իրենց կյանքում, գործարարներին` ներդրումների ժամանակ: Սա ամենակարեւորն է:
-Ե՞րբ պատրաստ կլինի Հայաստանը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածությանը միացնող «Ճանապարհային քարտեզը»: Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը գնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է արագացված տեմպերով անդամակցել միությանը:
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներին` խնդրելով արագացնել Հայաստանի` Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական գոտուն անդամակցության ընթացքը: Երեք երկրների նախագահները ողջունեցին այդ հայտարարությունն ու դա նշանակում է, որ փորձագետների վրա դրված է համապատասխան աշխատանք, իհարկե ոչ ի հաշիվ որակի: Դժվար է կանխատեսել, թե երբ կավարտվեն «Ճանապարհային քարտեզի» աշխատանքները: Այս ամսվա ընթացքում կստեղծվի պաշտոնական խումբ 4 երկրների ներկայացուցիչներից եւ հանձնաժողովից: Մենք արդեն սկսել են փորձագիտական մակարդակով պարզել «Ճանապարհային քարտեզի» շրջանակը, որը արդեն վստահություն է ներշնչում: Մի կողմից մենք ունենք Ղրղզստանի հետ աշխատանքային փորձը, եւ աշխատանքի ուղղությունները պարզ են, մյուս կողմից, ինչի մասին ես կարող եմ հստակ ասել Երեւան այցելության արդյունքներից դատելով, հայ փորձագետների որակավորումն ու աշխատանքային ծավալը շատ բարձր է եւ որակյալ: Դա մեզ թույլ է տալիս հուսալ, որ «Ճանապարհային քարտեզի» շուրջ աշխատանքները կավարտվեն կարճ ժամանակահատվածում: Չեմ կարող ասել, որ ես սնահավատ եմ, սակայն չեմ ցանկանում կոնկրետ ժամանակ նշել: Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք նախագահների գագաթաժողովի ժամանակ, մենք նախատեսում ենք զեկուցել ընթացող աշխատանքների մասին: Հույս ունեմ, որ զեկույցը կլինի շատ լավատեսական:
– Հասկանալի է, որ մաքսային միությունների ձեւավորումը բարդ գործընթաց է, եւ Ձեր վրա իրապես մեծ պատասխանատվություն է դրված: Այդուհանդերձ, որքա՞ն արագ են Մաքսային միությանն անդամակցող եւ անդամակցել հավակնող պետությունների միջեւ մաքսային, առեւտրային անջրպետներն արագ լուծվում, որքան արագ է ընթանում գործող կանոնակարգերի համապատասխանեցումը:
– Երեք երկրների միջեւ առեւտրային արգելքներ չկան: Մաքսային միությանն անդամակցող երկրի համար առեւտրային արգելքները միանգամից կանհետանան: Ի՞նչ է սա նշանակում: Եթե Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը եւ միաժամանակ խնդրում է որոշ ժամանակով թողնել հատուկ ռեժիմներով որոշ ապրանքների մուտքը շուկա, որ տարբերվում է Մաքսային միության ռեժիմից, դա սկզբունքորեն հնարավոր է: Բայց դա կնշանակի այդ ժամանակահատվածի համար պահել լիակատար մաքսային վերահսկողություն հայկական բոլոր ապրանքների վրա: Որքան փոքր լինի այն ապրանքների ցանկը, որոնց համար Հայաստանը հատուկ ռեժիմ կխնդրի, եւ որքան քիչ կլինի ժամկետը, այդքան ավելի արագ կլուծվեն բոլոր արգելքները:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը,թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը:Արդյո՞ք կարելի է Մաքսային միությանն անդամակցությունը կապել Լեռնային Ղարաբաղիխնդրի հետ:
-Ես իրավասու չեմ մեկնաբանելու անկախ երկրի նախագահի հայտարարությունը: Կարող եմ ձեր հարցին պատասխանել Մաքսային միության ձեւաչափի առումով: Ոչ մի կապ չկա Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստանի` Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտու անդամակցության միջեւ: Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը տնտեսական սուբյեկտներ են եւ իրենց իրավասությունները բացառապես տնտեսական են: Եվ այս առումով ինչն է մեզ համար շատ կարեւոր, որ միջսահմանային ազատ անցուդարձի իրականացումը համապատասխանի Մաքսային միության նորմերին, որ մենք հասկանանք ապրանքը ի՞նչ անցակետերով է գնում, որպեսզի այս առումով չկարգավորված «գորշ կետեր» չմնան: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող քաղաքական իրավիճակին, ապա այն լուծվում է այլ, հատուկ այդ հարցի համար նշանակված ֆորմատով: Աշխատում է հատուկ ԵԱՀԿ Մինսկի խումբ, կան երկրներ, որոնք ղեկավարում են այդ գործընթացը եւ Աստված բոլորին հաջողություն եւ առողջություն տա, որպեսզի արագ լուծվի այդ խնդիրը:
-Մինսկում Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը հայտարարեց Մաքսային միությանըմիանալու Թուրքիայի ցանկության մասին: Որքանո՞վ եք դուք դա իրատեսական համարում:
-Ես կարծում եմ, որ Նուրսուլթան Աբիշեւիչը նկատի ուներ, որ Թուրքիան հետաքրքրված է համագործակցել եւ ընդլայնել կապերը Մաքսային միության հետ: Խոսքն այս դեպքում Թուրքիայի մասնակցության որոշակի ձեւաչափին չէր վերաբերում: Այդ երկրից պաշտոնական որեւէ հայտարարություն չի եկել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Սակայն, սրանով հանդերձ, Մաքսային միության շուկան շատ է հետաքրքրում Թուրքիային: Կան բազմաթիվ երկրներ, որոնք հետաքրքրված են Մաքսային միության հետ ունենալ խորացված համագործակցության ոչ թե որպես մասնակից, այլ ազատ առեւտրի գոտիների ձեւաչափի միջոցով: Այսօր արդեն այդ երկրների թիվը հասել է 36-ի: Սակայն դա չի նշանակում, որ այդ բոլոր երկրների հետ Մաքսային միությունը կունենա ազատ առեւտրի գոտի: Ազատ առեւտրի գոտու ձեւավորման վերաբերյալ բանակցությունների երեք փուլ է եղել Վիետնամի հետ: Այսօր արդեն ակտիվ աշխատանք է տարվում Եվրոպական ազատ առեւտրի ասոցիացիայի եւ Նոր Զելանդիայի հետ: Համատեղ գործակցության հարցն է քննարկվում Իսրայելի հետ: Հնդկաստանը նույնպես լուրջ հետաքրքրություններ է ներկայացնում: Այսպիսի հետաքրքրության պայմաններում Մաքսային միության հետ խորը համագործակցությունը կարող է իրականանալ միայն ազատ առեւտրի գոտու միջոցով, սակայն միայն այն ժամանակ, երբ առկա է Մաքսային միության անդամ երկրների հետաքրքրությունը դեպի տվյալ պետություն եւ հակառակը:
-Արդյո՞ք արդյունավետ կլինի համագործակցությունը Թուրքիայի հետ, մի պետության, որըՀայաստանի հետ փակ սահման ունի:
-Ես չեմ փորձի հարցին ենթադրական գնահատական տալ: Եթե..: Շատ դժվար է նման սցենարներ գրել: Բայց կարող եմ ասել, որ տնտեսական համագործակցության խորացումը, որը տանում է մրցակցության, մարդկանց բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացման, միշտ էլ հանդես է գալիս որպես դրական փաստարկ նման բարդ հարցերի լուծման պարագայում, մշակութային եւ հումանիտար կապերի ամրապնդումը, միշտ էլ լավ է: Դա թույլ է տալիս ոչ միայն լուծել, այլեւ խուսափել խնդիրներից: Կարծում եմ` Մաքսային միության հաջող իրականացումը մեծապես կնպաստի եւ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում :
-Համագործակցության ինչպիսի՞ եզրեր եք տեսնում Եվրոմիության եւ Մաքսային միությանմիջեւ:
-Լավ հարց է: Ես կարծում եմ, հաշվի առնելով այն բոլոր դժվորությունները, որ այսօր առաջանում են Մաքսային միության եւ Եվրամիության փոխազդեցության առնչությամբ, արդյունավետ երկխոսության կարեւորությունն այդ երկու կառույցների միջեւ ակնհայտ է: Վստահ եմ, որ կգտնվի երկկողմանի ձեւաչափ եւ կապ Մաքսային միության երկրների հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա: Որեւէ կասկած չունեմ, որ կազմակերպության միջոցով բազմակողմ երկխոսություն կիրականանա: Համոզված եմ, որ Եվրասիական միության ձեւավորումն ու ամրապնդումը կբերի նրան, որ կսկսվի երկխոսություն Եվրասիական միության եւ Եվրամիության միջեւ: Նաեւ համոզված եմ, որ դա հավասարապես կարեւոր է, թե Եվրասիական թե Եվրամիության համար: Այն մոդելը, որը ժամանակին կոչվում էր ընդհանուր տնտեսական գոտի` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, դեռ պահպանում է իր արդիականությունը: Երեւի դեռ ոչ բոլոր խոշոր եւ համարձակ գաղափարների իրականացման ժամանակն է եկել, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, լավ գաղափարները երբեք չեն կորչում եւ վերադառնում են:
-Նոյեմբերի 7-ին հանդիպել եք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Խնդրում եմ,պատմեք հանդիպման մանրամասները: Եվ որպես եզրափակում, Երեւան կատարած այցըհամարո՞ւմ եք հաջողված, թե ոչ:
-Կարող եմ ընդգծել, որ Հայաստանի նախագահի քաղաքական կամքը (ես այդ մասին Սերժ Ազատիչին էլ ասացի) լավագույն կերպով անդրադառնում է կառավարության եւ փորձագետների գործողությունների վրա, որոնք մասնակցում են իրավական շրջանակի կազմակերպմանը որպեսզի Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտուն: Դա, իհարկե, վերջին ամիսների կարեւորագույն արդյունքն է: Առաջին հերթին պարզ է եւ հստակ քաղաքական կամքը, որով Հայաստանի ղեկավարությունը հսկում է իրավիճակը: Իսկ դա ամենակարեւորն է այս աշխատանքի համար եւ նման բարդ նախագծում ինչպիսին է անդամակցությունը Մաքսային միությանն ու նրա հետագա զարգացումը: Այս առումով այցը շատ կարեւոր էր եւ հագեցած: Հաշվի առելով արագությունն ու վերաբերմունքը, որը մեզանից սպասում են նախագահները, փորձագետների եւ մասնագետների աշխատանքային այցերը կավելանան եւ մենք հույս ունենք, որ աշխատանքը շուտով կտա իր պտուղները:
Հասմիկ Հարությունյան, Սամվել Սարգսյան

 

«Վիլնյուսյան գագաթնաժողովում այդ փաստաթուղթը չի ստորագրվի». Մաքսային միությանն անդամակցելու որոշմանն անդրադարձել է Ռայներ Մորելը

Rajner MorelՀայաստանի միացումը Մաքսային միությանը երկրի համար տնտեսական հետևանքներ կունենա։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը առաջացրել է նաև դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը: Պարոն դեսպանը այս ուղղությամբ կատարել է իր դիտարկումները և հայտնել, որ նախ և առաջ այս որոշումը կհանգեցնի Եվրամիության երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատման:  «Թեև ես տնտեսագետ չեմ տնտեսական ազդեցության աստիճանը գնահատելու համար, սակայն ՄՄ-ին Հայաստանի միացումը կարող է հանգեցնել ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատման` չնայած Ռուսաստանը նրանց հետ նույն մակարդակում է: ԵՄ-ն և անդամ երկրները, բնականաբար, կընդունեն Հայաստանի այս որոշումը որպես սուվերեն որոշում` չհստակեցնելով, սակայն, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ», – ասել է Ռայներ Մորելը։

Նա մեծ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը շարժվում է Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ ոչ իր առևտրային ծավալները մեծացնելու պատճառով: Բացի այդ, Հայաստանը, ըստ նրա, այլևս հնարավորություն չի ունենա օգտվելու մաքսային ոլորտում ԵՄ-ի կողմից առաջարկվող սակագներից և արտոնություններից:

Նրա համոզմամբ, Ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում շատ կարևոր է ավարտին հասցնել ուրվագծված համագործակցությունը, թեև բազմաթիվ դրույթներ պետք է վերանայվեն։ Դեսպանը միաժամանակ կարծում է, որ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովում այդ փաստաթուղթը չի ստորագրվի։ Մորելի կարծիքով` Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը կստորագրեն պայմանագիրը։

«Հայաստանը հայտնել է ՄՄ-ի հետ համագործակցության  իր մտադրության մասին առանց մյուս գործընկերների հետ կապերը վատացնելու և  ԵՄ-ն, հնարավորության դեպքում, կշարունակի համագործակցությունը, եթե հնարավոր  ոլորտներ մատնանշվեն»,- վստահեցրել է բանախոսը: Դիվանագետը նաև մեջբերել է, որ առկա է նաև շահերի համադրելիության և հարաբերությունների իրավական հիմքի ըմբռնման հարցի վերանայման անհրաժեշտություն։ «ԵՄ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, առավել ևս, երբ Հայաստանն արդեն անցել է բարեփոխումների իրագործման  ճանապարհով, և մենք վստահ ենք, որ բարեփոխումների օրակարգը կշարունակվի հօգուտ երկրի և տնտեսության»,- նշել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Լ.Ն

Հ.Գ. Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն` Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ 2013 թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 059,18 մլն դոլար (2012 թ. հունվար-օգոստոսի համեմատ աճը` 1,6%)։

 

Մեկ շաբաթում` երկու ապտակ հակադիր ուղղություններից

եխ-մմ (1)Վերջին օրերին մի շարք ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում: Նախ` Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանին վերաբերող հերթական բանաձև, որում ոչ հայանպաստ անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի` ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու Աքվիլայի սկզբունքներից ելնելով, որոնք տարածքային ամբողջականությունը գերադասում են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքներից:

Այս հարցի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով news.am գործակալությանը, նշեց, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև, հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մոտեցումներին:

«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը վնասելու համար»,- նշել էր Շավարշ Քոչարյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցի կապակցությամբ նշեց, որ Եվրախորհրդարանի բանաձևի պարագայում մենք գործ ունենք միաժամանակ երեք գործոնների` ադրբեջանական լոբբինգի, Ադրբեջանի հանդեպ մտրակի և բլիթի քաղաքականության և եվրոպական հանրության կողմից սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցող զարգացումների չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության հետ:

«Մենք սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը որոշակիորեն թերագնահատել ենք: Եվ կարծում եմ, որ բոլոր հնարավոր մակարդակներով պիտի արվեր մեծ և ծավալուն աշխատանք եվրոպական գործընկերներին բոլոր հարթակներով` կառույցներով, գործադիր մարմիններով, եվրոպական կառույցներով ու երկրների խորհրդարաններով և, իհարկե, եվրոպական հանրություն ավելի լայն կտրվածքով` իրավիճակը բացատրելու, հասկացված լինելու, գործընկերների հետ փոխըմբռնման գալու համար»,- նշեց  Բեքարյանը` հավելելով, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևն առնվազն ցույց է տալիս, որ աշխատանքը ընդգրկուն և խորքային չի կատարվել:

Մեզ հարվածում են բոլոր անհավանական ուղղություններից

Բայց այդ օրերին նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ էլ Մաքսային միության անդամ ու նրան անդամակցել ցանկացող երկրների ղեկավարների քննարկումներ տեղի ունեցան: Ու դեռ չէինք հասցրել մարսել Եվրախորհրդարանի բանաձևը, Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակնօրյա լուրեր» հաղորդման հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27-ի իր ռեպորտաժում անդրադարձավ Մաքսային միությանը և նշեց, որ Թուրքիայի դրան միանալու որոշումն իսկական սենսացիա է դարձել:

«ՆԱՏՕ-ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել: Չէ՞ որ Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է: Եվ հենց այդ պատճառով Հայաստանի ՄՄ-ին միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,- նշեց Զեյնալովան:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին մենք բոլորս բոլորովին այլ տեսակետներ էինք լսել: Եվ այս ռեպորտաժն իսկական փոթորիկ բարձրացրեց հայաստանյան իրականության մեջ: Երբ հայկական լրատվամիջոցներով ներկայացվում է մեկ բան, իսկ ռուսական լրատվամիջոցի կողմից` բոլորովին այլ բան, ընդունելի չէ: Որովհետև Հայաստանը, ի վերջո, մեր երկիրն է, նրա ապագան` մեր բոլորի ապագան է, ու մենք պետք է իմանանք, թե մեր երկրի շուրջ ինչ զարգացումներ են լինում, որպեսզի նաև մեր մասնակցությունն ունենանք ու մեր դիրքորոշումն արտահայտենք ճակատագրական հարցերում: Այսինքն` ընդունելի չէ ճշմարտությունը չասել կամ ասել ճշմարտության մի մասը: Եվ ընդունելի չէ այն առումով, որ դա կհանգեցնի սխալ եզրակացությունների, սխալ եզրակացությունները` սխալ քայլերի, ու այսպես շարունակ:

«Մենք ունեցանք մի վիճակ, որ արդեն Եվրամիության հետ հարաբերություննեըն ակնհայտորեն փչացրինք, այսինքն` Եվրոպան նեղացած է, և այս մի շարք բանաձևերը, որ կամաց-կամաց ի հայտ են գալիս` անդրադառնալով ԼՂՀ հարցին ոչ նպաստավոր լույսի ներքո և այլն, դրա արտացոլումն է: Մյուս կողմից էլ հիմա պարզվում է, որ տարբեր այլ խնդիրներ կան ու վերջիվերջո ստիպելու են (Մաքսային միության մասին է խոսքը), որ հայտարարություն անենք, թե Ղարաբաղը, Մաքսային միության առումով, որպես տնտեսական մաս, որևէ կապ չունի Հայաստանի հետ: Ակնհայտորեն այդ գիծն է տարվում»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին էլ այս «ռեպորտաժային» պատմության մեջ հետաքրքրում է պաշտոնական հաղորդագրությունը, որը եղավ հանդիպումից հետո` Մինսկի գագաթաժողովի ժամանակ, որի շրջանակներում ասվել է, որ երեք պետություններն իրենց հավանությունն են  հայտնում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբանությանը, քաղաքագետը նշեց, որ կարևոր է ոչ թե լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարի ասածը:

«Ես հենվում եմ փաստի վրա, փաստն այն է, որ գագաթաժողվից հետո պետության ղեկավարներն իրենց մամլո ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ համաձայնել են այն դիրքորոշմանը, որը հայտնել է Հայաստանը և որը հայտնի է: Երկրորդ` հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում իրականացվելու են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության ձևակերպման` ֆորմալացման համար»,- իր դիտարկումները ներկայացրեց Ա. Մարգարովը:

Ու ինչպես նշեց քաղաքագետը, եթե այդ աշխատանքային քարտեզն իր մեջ պարունակում է ԼՂՀ կարգավիճակի կամ չկարգավորված կոնֆլիկտի հարցը, դա այնպիսի երկրորդական հարց չէ, որ չհնչեր հանդիպման ժամանակ: Իսկ քանի որ այն չի հնչել և օրակարգում այդպիսի հարց ընդգրկված չի եղել, Մարգարովն ընդունում է, որ ավելի շատ տնտեսական բնույթի հարցեր են եղել, որոնք կարիք ունեն կարգավորման:

«Եթե ռեպորտաժում ասվել է սեփական կարծիք, դա մարդու` լրագրողի իրավունք է, բայց հաշվի առնելով այն հաղորդումը կամ այն հեռուստաընկերությունը, որտեղ այս կարծիքը հնչել է, անհրաժեշտ է ուղղակի պարզաբանում մտցնել` դա պետակա՞ն դիրքորոշումն է, թե՞ հեղինակի»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:

Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներից մեկին այս կապակցությամբ ասել է. «Գագաթաժողովի քննարկումները և արդյունքները ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում: Դա՛ է միակ պաշտոնական և հավաստի աղբյուրը»:

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը մեր հարևաններին ուղղված տեղեկատվական կրակահերթ է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանալի է` ռուսական առաջին ալիքն ինչ լրատվամիջոց է:

«Մի առիթով Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է, որ CNN-ը մեր անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Հիմա OPT-ն էլ, ըստ էության, Ռուսաստանի անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Նորից պետք է ասեմ, որ հռետորաբանությունը իրողություններից պետք է տարբերենք»,- նշել էր Արտակ Դավթյանը:

Նրա դիտարկմամբ` այն ցանկությունները, որոնք հայտարարվեցին սեպտեմբերի 3-ին Մինսկում, պաշտոնական տեսք ստացան:

Բոլոր դեպքերում, Եվրախորհրդարանն ընդունել է հայկական շահերից չբխող բանաձև, Մինսկում Լուկաշենկոն արել է հայկական շահերից չբխող հայտարարություն, ռուսական առաջին ալիքը եթեր է հեռարձակել հայկական շահերից չբխող ռեպորտաժ: Ու այս ամենը հուշում են, որ արտաքին քաղաքական վեկտորների կամ քաղաքական ուղղությունների ընտրության հարցում Հայաստանը  հիմնավոր վերանայումների ու վերարժևորումների լուրջ խնդիր ունի:

 

Ի՞նչ անել, որ գործի 15 = 20 բանաձևը

Մաքսային միությանը Հայաստանի միանալու պարագայում մի շատ կարևոր հարց է առաջանում, որին այնքան էլ ուշադրություն չի դարձվում: Այդ հարցը կապված է այնպիսի կազմակերպություններին Հայաստանի մասնակցության պայմանների հետ, ինչպիսին է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:

 Մաքսային միությունը տեսանք, ԱՀԿ–ի մասին մոռացա՞նք

Ատոմ Մարգարյան

Ատոմ Մարգարյան

Ինչպես գիտենք, Հայաստանը 2003 թ. փետրվարի 5-ից հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի լիիրավ անդամ:

ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, ստեղծվել է 1995 թ., նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը: ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային համաձայնագրերի մշակման և ներդրման համար, ինչպես նաև հսկում է, որ անդամները հետևեն այդ համաձայնագրերին:

2008 թ. հուլիսի դրությամբ ԱՀԿ-ի անդամ է եղել 153 պետություն, իսկ 2013-ից ԱՀԿ-ում «փորձաշրջան» է անցնում նաև Ռուսաստանը: Յուրաքանչյուր անդամ պարտավոր է մյուս անդամ պետություններին տրամադրել առևտրի ավելի բարենպաստ ռեժիմ:

ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերությունները: ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը հատուկ ստեղծված մեխանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող Վեճերի կարգավորման մարմնի միջոցով:

ԱՀԿ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն իրականացրել է օրենսդրական և կառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ` ուղղված ԱՀԿ-ի սկզբունքներին ու պահանջներին  համապատասխանեցմանը:

Հայաստանը, ինչպես և ԱՀԿ անդամ այլ երկրները, ԱՀԿ շրջանակում, ի լրումն օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցման, պարտավորություններ է ստանձնել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերի, ծառայությունների առևտրի և գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասով:

Ներմուծման մաքսային դրույքաչափերի մասով Հայաստանը պարտավորվել և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափն ամրագրել է առավելագույն 15 տոկոսի չափով, այսինքն` մաքսատուրքի դրույքաչափերը կարելի է բարձրացնել միայն մինչև 15 տոկոս: Դրանից ավելի բարձրացնելու համար, ինչպես նշվում է նաև ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում, ըստ ԱՀԿ-ի կանոնների, Հայաստանը նախ պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, և երկրորդ` Հայաստանը պարտավոր է ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց  փոխհատուցում տալ ԱՀԿ անդամ երկրներին և ենթակա է առևտրատնտեսական հակազդման միջոցների ԱՀԿ անդամ երկրների կողմից:

Բագրատ Ասատրյան

Բագրատ Ասատրյան

Իսկ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում այդպիսի փոփոխությունների պահանջ, ինչպես նշում են մասնագետները, անպայման կլինի.

«Միասնական մաքսային ռեժիմ պետք է լինի Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանը շատ մեծ է ու Հայաստանն էլ շատ փոքր է, Հայաստանը պետք է ընդունի այն սկզբունքները, որոնք Ռուսաստանն է թելադրում: Այս կետի վրա անպայման կոնֆլիկտ է առաջանալու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որին մենք անդամակցում ենք արդեն 10 տարի, իսկ ռուսներն անցյալ տարվանից միայն անդամակցեցին: Թե այդ առումով հարցերն ինչպես են լուծվելու, թե ինչ հետևանքներ են լինելու, թող պատասխանատուներն ասեն, ես չեմ պատկերացնում»,- նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հետևը հուր, առաջը` ջուր

Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցեց միայն անցյալ տարի, բայց ոչ թե լիիրավ անդամ դառնալու, այլ փորձաշրջան անցնելու պայմանով:

Առհասարակ ցանկացած միջազգային կառույցի անդամակցելու համար պետությունները պետք է բանակցեն անդամակցության պայմանների շուրջ: Այսինքն` բանակցող կողմերը կազմում են իրենց կարիքների, առաջնահերթությունների, նպատակների, շահերի փաթեթը և սկսում են բանակցել: Ընդհանուր կետեր ունեցող հարցերը, բնականաբար, լուծվում են առաջին հերթին: Հետո արդեն փոխհամաձայնություններ են կայացվում խնդրահարույց հարցերի, փոխադարձ շահերի համադրության առումներով և այլն: Բնականաբար, միջազգային կազմակերպություններին անդամակցելու բանակցություններում յուրաքանչյուր պետություն աշխատում է ստանալ հնարավորինս շատ օգուտներ, ավելի նպաստավոր պայմաններ ամրագրել, քան զիջումներ անել: Այլ կերպ ասած` բանակցությունների արդյունքում ով ինչ կարողանում է, «պոկում» է:

Ռուսաստանը` որպես խոշոր ու մեծ շուկա ունեցող երկիր, ունի իր նախապայմանները, որոնք, բնական է, նաև չեն հակասում ԱՀԿ պայմաններին, եթե ԱՀԿ-ն համաձայնել է այդպիսի պայմաններով ներգրավել Ռուսաստանին: Ու ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակ Ռուսաստանը հաջողել է ամրագրել այնպիսի պայմաններ, ըստ որոնց, օրինակ` արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերն ու վճարները 7 տարում կիջնեն ու կհասնեն մինչև 7 տոկոսի, իսկ գյուղատնտեսական ապրանքների ու արտադրանքի համար այդ տուրքերն ու վճարները կնվազեն ու կհասնեն 18 տոկոսի` տատանվելով 5-20 տոկոսի միջակայքում: Ռուսաստանը կարողացել է ամրագրել նաև, որ ծառայությունների մատուցման 155 սեկտորներից 39-ում կարող է չթույլատրել արտասահմանյան ընկերությունների մուտքը, 86 սեկտորներում այդպիսի ընկերությունների մուտքը կարող է լինել որոշ սահմանափակումներով, օրինակ` բանկային ոլորտում մինչև 50 տոկոս մասնաբաժնով մասնակցությամբ, ապահովագրական ոլորտում` մինչև 55 տոկոս և այլն: Եվ ընդամենը 30 սեկտորներում է պարտադիր ազատ շուկայական մրցակցային մասնակցությունը: Տարբերություններն ակնհայտ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտում:

«Հայաստանը պետք է իր մաքսային և հարկային օրենսդրությունը համապատասխանեցնի Մաքսային միության պահանջներին` հաշվի առնելով նաև ԱՀԿ պայմանները: Հետևաբար ես ենթադրում եմ, որ դա արագ տեղի ունեցող պրոցես չի լինի, երևի առնվազն մեկ տարի կտևի Մաքսային միությանն անդամակցելու պրոցեսը, այդ ընթացքում պետք է փոխադարձ ընդունելի տարիֆներ, նաև ոչ տարիֆային կարգավորման միջոցներ օգտագործվեն ու կիրառվեն Հայստանում, այնպես որ, կարծում եմ` Հայաստանի անդամակցության պրոցեսը պետք է փոխադարձ համաձայնության դաշտում ընթանա: Ու քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ԱՀԿ-ին անդամակցել են տարբեր պայմաններով, այժմ անպայման կառաջանա այդ պայմանների համադրելիության խնդիրը: Այդ հակասություններն անզեն աչքով էլ տեսանելի են, հատկապես` ներկրվող ապրանքների ու մանավանդ սննդամթերքի մասով, որը շատ ցավոտ կարող է լինել Հայաստանի համար: Մսի, մսամթերքի, ձկնարդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսական վերամշակված այլ ապրանքատեսակների գծով Հայաստանը կարող է ոչ շահեկան վիճակում հայտնվել երրորդ երկրներից ներկրվող ապրանքների առնչությամբ: Անկասկած, մեկնարկային պայմանները բարենպաստ չեն այս իմաստով»,- պարզաբանեց  տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Ահա մնում է առկախ` ինչպե՞ս պետք է Հայաստանը մի դեպքում կիրառի ԱՀԿ-ի առջև ստանձնած առավելագույնը 15 տոկոս ներմուծման մաքսատուրքեր վճարելու պայմանը, իսկ մյուս դեպքում նույնացնի, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը Ռուսաստանի 18-20 տոկոս մաքսատուրքերի պահանջի հետ, առավել ևս, ինչպես նշեցինք, ԱՀԿ-ին անդամակցության պայմանները խախտելու դեպքում Հայաստանին սպառնում են որոշակի պատժամիջոցներ: Սա հաստատ գիտեն այն պետական մարմինները, որոնց կայքերում են այդ տեղեկությունները հրապարակվել:

Սակայն, ինչպես նշեց նաև Ատոմ Մարգարյանը, միայն դա չէ խնդիրը, խնդիր կա նաև ընդհանուր տնտեսական համակարգի վրա ազդեցությունների առումով: Սա է, որ այս պահին պետք է  գնահատվի, և սա ավելի լուրջ ու խորքային վերլուծություններ պահանջող պրոցես է, քան ֆորմալ տարիֆների, դրանց մակարդակների համաձայնեցումը: Էլ չասենք, որ հարցերի հարցը` ընդհանուր ֆիզիկական, աշխարհագրական սահմանների բացակայությունը և  հաղորդակցությունների միակողմանի սահամանափակությունը լուրջ հոգս կարող են լինել Հայաստանի համար Մաքսային միությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցելու պարագայում:

«Կարծում եմ, որ այդ խնդիրները, որոնք կարող են ծագել Մաքսային միության անդամ երկրների կողմից ներքին փոխհատուցումների համակարգեր, հատկապես բյուջետային փոխհատուցումներ կիրառելիս, պետք է հաշվի առնվեն, և Հայաստանը պետք է  նախապայմանների մեջ այդպիսի կետեր ներառի: Կարծում եմ, որ բանակցային սեղանին պետք է նաև այսպիսի հարցեր դրվեն»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

 

 

«Հիմա մեր ողջ ռեսուրսը պետք է ուղղվի Մաքսային միության հետ պայմանագիրը` մեզ համար առավելագույնս շահավետ ձևակերպելուն». Լևոն Շիրինյան

Լևոն ՇիրինյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը կարծում է, որ բնավ էլ կարևոր չէ, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ինչ են մտածում Մաքասային միության այնպիսի անդամներ, ինչպիսիք են Ղազախստանն ու Բելառուսը:

Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ`  խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Մաքսային միության  անդամ երկրների դրսևորած դիրքորոշման ու Բելոռուսիայի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին.  «Այդ միության առանցքային երկիրը Ռուսաստանն է, և հենց նա է մեզ հրավիրել միություն, ուստի հենց նա էլ պետք է հարթեցնի միության այլ անդամների` մեզ համար առաջադրած խոչընդոտները: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանն առհասարակ, եթե անգամ Ռուսաստանի կողմից  ՀՀ բարձրագույն իշխանությանը ներկայացվել է պահանջ, ապա դրա մեջ ոչ մի  տարօրինակ բան չկա, հատկապես որ կրիտիկական մի կետում` պահի ազդեցության տակ, կայացվել է ճիշտ որոշում:  Հիմա այլ բանի մասին պիտի մտածենք: Մեր ողջ ռեսուրսը պետք է ուղղվի պայմանագիրը մեզ համար առավելագույնս շահավետ ձևակերպելուն: Մասնավորապես Ռուսաստանին պետք է առաջադրվի Նախիջևանի խնդրի անհապաղ լուծման հարցը», – իր խոսքում շեշտեց քաղաքագետը:

Նախագահը Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին

 Սերժ Սարգսյան,Բելառուս,Մաքսային միություն,Միասնական տնտեսական գոտի

 Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են: Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

 

Սառը պատերազմը հասավ Հայաստան

 Putin-SargsyanԵրկու շաբաթ է անցել, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության ու հետագայում Եվրասիական միության ստեղծման աշխատանքներին լծվելու պատրաստակամության մասին: Այս ընթացքում քաղաքական այդ կարևոր որոշումը քննարկվեց բազմաթիվ տեսանկյուններից: Հիմնականում, իհարկե, շեշտը դրվեց տնտեսական կողմի վրա, տարբեր իշխանամետ գործիչներ և վերլուծաբաններ սկսեցին բացատրել, թե ինչքան ձեռնտու է Հայաստանին Մաքսային միությանը անդամակցելը, իսկ ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբաններ էլ քննարկում էին, թե ինչքան վնաս էր  Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրային գոտու համաձայնագրերի չստորագրումը: Սրանք թերևս վիճելի հարցեր են, քանի որ երկու կառույցներն էլ` թե՛ Մաքսային միությունը, թե՛ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին մեր երկրի տնտեսությանը կարող են շատ հարցերում օգուտ, բայց բազմաթիվ հարցերում էլ վնաս տալ: Սա տնտեսագետների ու գործարար հատվածի  ներկայացուցիչների վիճելու թեմա է: 

Այդ որոշման մեջ էականն ու մեծ դժգոհություն առաջացնողը, բնականաբար, եղել ու մնում է երկրի հետագա ճակատագրի համար նման կարևոր որոշման ընդունման ժամանակ միայն մեկ հոգու` նախագահի կամքի պարտադրումը բոլորին, այսինքն` քաղաքական բաղադրիչը: Բայց քաղաքական մեկ այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչ էլ կա, որ արժե նախագահի  հիշյալ որոշումից ու հայտարարությունից երկու շաբաթ հետո դիտարկել մի քիչ ավելի սթափ մտքով:

 Գործընթացներ, որոնք հուշում էին «սեպտեմբերի 3»-ի մասին

Անդրադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դիտարկենք Սերժ Սարգսյանի որոշումը:

Ինչպես արդեն «Անկախը» բազմիցս նշել է, Հայաստանի շուրջն ու ոչ հեռու տարածաշրջաններում արդեն վաղուց ընթանում են լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ: Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, իրար հետևից հրապարակեց ու այս տարածաշրջանում փորձեց իրականացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր: Դրանցից ամենահայտնին, թերևս, Զբիգնև Բժեզինսկու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծն է, ինչպես նաև  2006 թ. հունիսից «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրիրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Պետերսի քարտեզ»:

Մեր տարածաշրջանի համար սրանք ենթադրում էին խաղի նոր կանոններ ու համաշխարհային իշխանության միաբևեռ վերադասավորումներ` ԱՄՆ գերիշխանությամբ: Այս երկու նախագծերի ժամանակ էլ Ռուսաստանը, որ դեռ չէր հասցրել ուշքի գալ Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական և մշակութային շոկից, բավականին պասիվ դիրքերից էր հանդես գալիս` միայն ժամանակ առ ժամանակ հիշեցնելով իր մասին:

Սակայն սկսած «Արաբական գարնան» գործընթացներից, որոնք արդեն ԱՄՆ հեղինակած ծրագրերի գործնական քայլերն էին, Ռուսաստանն այլևս չէր կարող պասիվ դիրքերում մնալ, քանի որ ԱՄՆ բոլոր ծրագրերը, վերջիվերջո, ուղղված էին հենց Ռուսաստանի դեմ: Մի խոսքով, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ հարևան տարածաշրջաններում և թե՛ ընդհանրապես ամբողջ աշխարհում Ռուսաստանը սկսեց արտաքին ակտիվ,  երբեմն նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն վարել:

Այս առումով Հայաստանը չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի հետաքրքրության տիրույթից մի պարզ պատճառով. մեր տարածաշրջանում Արևմուտքը երկու գերկարևոր դաշնակից ունի` Թուրքիան ու Իսրայելը: Երկու երկրներում էլ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն ունի: Ուստի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները  շատ կարևոր նշանակություն են ստանում, որովհետև ավելի մոտիկ են տեղադրված խնդրո առարկա տարածքներին, քան բուն Ռուսաստանում գտնվող ռազմաբազաները: Սա նշանակում է, որ օրինակ` մեր երկրում տեղակայված ռազմաբազայից արձակված հրթիռը 1-2 րոպե ավելի շուտ կհասնի թիրախներին, քան Ռուսաստանի տարածքից:

«Այդ 1-2 րոպեները կարևորագույն նշանակություն ունեն` քաղաքական որոշումներ կայացնելու առումով: Իսկ միջազգային քաղաքական հարաբերություններում 1-2 րոպե ավելի ժամանակ ունենալը երբեմն ռազմավարական նշանակություն են ունենում»,- նշում է նախկին դեսպան Արա Պապյանը: Այսինքն` երբ մի երկիրը կարողանում է մյուս երկրի քաղաքական որոշումներ ընդունողների որոշումների կայացման ժամանակը 1-2 րոպեով նվազեցնել, կարևոր առավելություն է ստանում:

Մի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի համար ուներ և այժմ ավելի շատ ռազմավարական կարևորություն ունի: Այս հանգամանքը, բնականաբար, հստակ գիտեին ու դրա դեմ ամեն ինչ անում էին նաև Արևմուտքի ներկայացուցիչները: Եվ երբ վերջին մի քանի տարիներին Հայաստանը «ջերմացրել» էր իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, հետապնդում էր Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու նպատակ, ինչը չէր կարող Ռուսաստանին անտարբեր թողնել:  Արդյունքը եղավ սեպտեմբերի 3-ը:

Հայաստանն էլ սկսեց «սրթսրթալ» սառը պատերազմից

FyuleԱկնհայտ է, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն ավելի շատ էական է հետագայում Եվրասիական միության հիմնադիրներից լինելու համատեքստում: Որովհետև Եվրասիական միությունը պետք է ստեղծվի որպես ԱՄՆ-ին հակակշիռ նոր աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքը կլինեն Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ այդ միությանը Հայաստանը պետք է միանար: Այս մտքի հետ պետք է համակերպվել, չհամակերպվելու տարբերակ կարծես չի մնում: Որովհետև Հայաստանը ռազմական ու էներգետիկ անվտանգության երաշխիքներ չունի: Թե նման պայմաններում այս կացությանը չհամակերպվելն ինչ կարող է արժենալ Հայաստանի համար, ոչ վաղ անցյալի շատ օրինակներ կարելի է բերել` սկսած Արցախյան պատերազմի օրերից մինչև ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Այլ տարբերակներ չեն առաջարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն:

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար եմ եղել ու բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների և մյուսների հետ, և երբ նրանք այդ հարցը տալիս էին, թե ռուսական բազաները Հայաստանում ինչ գործ ունեն, ես նրանց պարզ հարց էի տալիս` եթե մենք ռուսական բազաները հանենք, դուք կարո՞ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր այդ բազաներով ու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջոցով ապահովվում է: Ու նրանք ասում էին` ոչ, իհարկե՛ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը:

Սա, իհարկե, չի նշանակում ԵՄ-ի հետ բոլոր կապերի ու հարաբերությունների խզում, այլ միայն Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու ծրագիրն է ի չիք դառնում: Եվրամիությունը մի հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ հաշվի է նստելու կատարված փաստի հետ: Եվ այս առումով ԵՄ-ն տարբեր միջոցներ ունի: Իհարկե, Ասոցացման համաձայնագիր Հայաստանի հետ այլևս չի կնքվի, բայց  ԵՄ-ն նման դեպքերի համար ձևավորել է տարբեր կարգավիճակներ: Կարելի է դիտարկել նույն Եվրախորհրդի օրինակը, որ «Հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ է ստեղծել, որի մեջ մտել են Պաղեստինը, մի շարք աֆրիկյան երկրներ և այլն: Այսինքն` ԵՄ-ն կարող է և այժմ ամենայն հավանականությամբ կգտնի տարբեր ձևաչափեր, որ Հայաստանին համապատասխան համագործակցություն առաջարկի:

Հարաբերությունների շարունակության մասին  սեպտեմբերի 13-ին Երևանում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես ակնարկեց և նշեց. «Ես եկել եմ` լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրությունները, և եթե նրանք ցանկանան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրի շրջանակներում, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»:

Այսինքն` Եվրոպան դեռ չի հրաժարվում Հայաստանը Ռուսաստանից պոկելու գաղափարից, ուղղակի դրան հասնելու ուղիները փոքր-ինչ բարդացան: Այսինքն` «երկրորդ սառը պատերազմին», որը հետզհետե ուժգնանում է, Հայաստանն այլևս անմիջական մասնակցություն ունի:

 

Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու պուտինյան քաղաքականության համար. Արա Պապյան

arm137094874682Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը կրկին անդրադարձել է Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարության առաջացրած վիճակին: «Ակնհայտ է, որ Պուտինը ՀՀ Մաքսային միության մեջ խցկելուց հետո պիտի փորձի նորանոր երկրների արժանացնել նույն ճակատագրի, քանի որՌուսաստանի տնտեսական վիճակը ծանրանում է, իսկ նրան գոնե «մանր հաջողություններ» են պետք: Ադրբեջանի պարագային նա ոչ մի լծակ չունի վերջինիս շահագրգռելու կամ ստիպելու՝ Ադրբեջանը ոչ փողի կարիք ունի և ոչ էլ գազի: Ուստի, միակ շահագրգռումը, միակ վճարման միջոցը՝ Ադրբեջանին ՄՄ մտնելու

համար լինելու է Ղարաբաղը:

Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու

պուտինյան քաղաքականության համար», -ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը:

ԵՄ Ազատ առևտրի գոտի՞, թե՞ Մաքսային միություն. Եթե չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, միայն վնասներ ենք կրելու

Նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, քննարկումները չեն դադարում: Ամենուրեք և ամենքը քննարկում են այն հարցը, թե Հայաստանի համար որն է ավելի նախընտրելի, Եվրասիական միության Մաքսային միությանը միանա՞լը, թե՞ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը և Առևտրի ազատ գոտուն միանալը: Անգամ հանրաքվե անցկացնելու պահանջ եղավ:

ԵՄ-մաքսայինՉնայած բազմաթիվ քննարկումներին, այդպես էլ շարքային քաղաքացուն չի ներկայացվում, թե ինչ են  իրենցից ներկայացնում Մաքսային միությունը և Ազատ առևտրի գոտին, կառույցներից յուրաքանչյուրին միանալու դեպքում Հայաստանը ինչ ձեռքբերումներ և կորուստներ կունենա, որպեսզի  նա ճիշտ կողմնորոշվի:

Մաքսային միության դրականն ու բացասականը այլոց փորձով

ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի հիմքը դրվել է  2008-ին: Այն ենթադրում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում ԽՍՀՄ նախկին  երկրներից  Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ: Գործընկերության շրջանակներում նախատեսվում է այդ երկրների և ԵՄ-ի միջև կնքել ասոցացման համաձայնագիր, որի մի բաղադրիչն է  խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին:

Ազատ առևտրի գոտի հասկացությունը Վիքիպեդիա օն-լայն հանրագիտարանն այսպես է սահմանում. «Սա միջազգային ինտեգրման  տեսակ է, որի դեպքում մասնակից երկրների միջև վերացվում են մաքսատուրքը, հարկերը և առևտրային  քանակական  սահմանափակումները` համաձայն միջազգային պայմանագրի: Յուրաքանչյուր երկրի իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմը: Մեծ մասամբ ազատ առևտրային գոտու պայմանները տարածվում են բոլոր ապրանքների վրա, բացառությամբ գյուղմթերքի»:

2007-ին ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը համաձայնագիր ստորագրեցին մաքսային միություն ստեղծելու մասին: «Մաքսային միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային տարածք, որի սահմաններում կկիրառվի միասնական մաքսային  տուրք  և այլ միասնական առևտրային քայլեր երրորդ երկրների հետ»,- ասված է Եվրասիական  միության կայքում:

Ըստ այդմ` միասնական տնտեսական տարածքն ընդգրկում է համաձայնագրի անդամ երկրները: Այստեղ  գործում են  տնտեսության կարգավորման միանման մեխանիզմներ` հիմնված  ընդհանուր շուկայական մոտեցումների վրա, գործում է միասնական ենթակառուցվածք և կիրառվում է համաձայնեցված հարկային, դրամա-ֆինանսական ու մաքսային քաղաքականություն, որն ապահովում է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Եթե Հայաստանի առումով դեռ որևէ վերլուծություն չկա, թե ինչ օգուտ և վնաս կտա Մաքսային միությանն անդամակցելը, ապա Բելառուսի և Ղազախստանի դեպքում այդպես չէ. կան բազմաթիվ վերլուծություններ:

Օրինակ` Բելառուսական բիզնես (http://economics.bel.biz/) կայքի վերլուծության համաձայն` Մաքսային միությունը Բելառուսի համար նախընտրելի այլընտրանք է, քանի որ կկարողանա էներգակիրներ ստանալ համեմատաբար ցածր գներով, բացի այդ, ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը փոքր է, քան Մաքսային միության երկրների հետ: Ավելին,   ազատ առևտրի գոտուն միանալու պարագայում  դժվար թե ծավալները կարողանան մեծացնել, քանի որ բելառուսական ապրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին:

Չնայած  ցանկալի այլընտրանք լինելուն` Մաքսային միությունն ունեցավ նաև բացասական ազդեցություն Բելառուսի տնտեսության վրա: 2011-ին պարենամթերքի էժան գներով արտահանումը Ռուսաստան կանխել չկարողացան, ինչի հետևանքով երկրի բնակչությունը պարենամթերքի պակասի խնդրի առջև կանգնեց: Սա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է:

Իսկ Համաշխարհային բանկն էլ, վերլուծելով Ղազախստանի կորուստներն ու ձեռքբերումները, նշում է, որ Մաքսային միության իրագործման ամենամեծ խոչընդոտը միասնական արտաքին մաքսատուրքի սահմանումն է, որը տվյալ դեպքում Ղազախստանին տնտեսական կորուստներ է պատճառում:

«Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»

Հասմիկ ՀովհաննիսյանՊարզելու համար, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը,  «Անկախը» զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքով` որևէ միության անդամակցելուց առաջ հարկավոր է խորը և լուրջ հետազոտություն կատարել` պարզելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը. «Չի կարելի բացասել հանուն բացասման կամ գովաբանել հանուն գովաբանման»: Բացառություն չէ և Մաքսային միությունը:

Հովհաննիսյանը  ներկայացրեց Մաքսային միությանը միանալու հնարավոր դրական և բացասական կողմերը` կարճաժամկետ առումով (տնտեսագիտության տեսանկյունից սա 1-3 տարի ժամանակահատվածն է):

Ըստ այդմ, Մաքսային միությանն անդամակցելը կարճաժամկետ առումով կտա հիմնական ռեսուրսների էժան, այդ շրջանակներում առավել սերտ համագործակցության և նոր ռուսական վարկի ձեռքբերման հնարավորություն:

Որպես հնարավոր բացասական ազդեցություն Հովհաննիսյանը նշում է, որ կարող է թանկանալ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքը, ինչ-որ առումով կսահմանափակվի երկրի ինքնիշխանության ֆունկցիան և կզգանք ռուսական բիզնեսի ներկայությունը: Անդրադառնալով ինքնիշխանության սահմանափակմանը`  ասում է. «Նույնը կարող է լինել, եթե մենք անդամակցեինք մեկ այլ կառույցի, քանի որ փոխհամաձայնության  պիտի գնանք: Չնայած այժմ էլ այդ քայլին գնում ենք:  Որևէ  նոր քաղաքականություն մշակելիս մենք այն համապատասխանեցնում ենք այս կամ այն կառույցի հետ կնքված համաձայնագրերին»:

Իսկ այն հարցին, թե իսկապե՞ս Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է վերադարձ Խորհրդային միությանը, մասնագետն ասում է. «Ցանկացած մաքսային միություն իր ենթատեքստում դա  ենթադրում է, որքան էլ որ պնդեն հակառակը: Եթե մտածում ենք, որ կառույցը կատարյալ միություն է, արդեն սխալվում  ենք և կորցնում ենք, ում էլ որ հարենք»:

Անդրադառնալով հնարավոր սցենարին, որ կարող էր ի հայտ գալ,  եթե Հայաստանը ստորագրեր  ԵՄ ասոցացման համաձայնագիրը, տնտեսագետն ասում է. «Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու  դեպքում էլ որոշ սահմաններում չէինք կարողանալու ինքնուրույն որոշումներ ընդունել: Այստեղ նաև միգրացիոն խնդիր կառաջանար, քանի որ որակյալ աշխատուժը շատ ավելի ազատ կտեղաշարժվեր ԵՄ անդամ երկրներ:  Կառաջանար նաև   գների աճ`՝ պայմանավորված  հիմնական ռեսուրսների թանկացմամբ և գործազրկության աճ»:

Հովհաննիսյանը  վստահ է, որ  հայաստանյան արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, հետևաբար  սկզբնական փուլում չի կարողանա արտահանվել եվրոպական շուկա: Բացի այդ, Հայաստան ապրանք կներմուծվի  հիմնականում Եվրոպայից, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում, հետևաբար ապրանքի գինն  էլ ավելի բարձր կլինի:

Չնայած այս ամենին` Հովհաննիսյանն ասում է, որ  տվյալ պահին որևէ մեկը միանշանակ չի կարող ասել, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, Մաքսային միությա՞նը, թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտուն անդամակցելը. «Ուսումնասիրություն է պետք, որպեսզի հասկանանք, թե որ կառույցին միանալու դեպքում ինչ օգուտներ և վնասներ կունենանք: Կարևորը, որ երկու դեպքում էլ կառուցողական մոտեցում ցուցաբերենք:  Եթե  չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, լինելու են  և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ վնասներ»:

Տեսականորեն հնարավոր է նաև երրորդ տարբերակը. Հայաստանը չի անդամակցում որևէ կառույցի և շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը: Այս տարբերակը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, հավանաբար հնարավոր չլինի տեսականից գործնականի վերածել, քանի որ Հայաստանը արտադրողականության առումով սահմանափակ հնարավորություններ ունի:

Անդրադառնալով այն խնդրին, որ Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի, Հովհաննիսյանն  ասում է, որ եթե անդամակցում ենք, ապա այդ մարտահրավերը պետք է դրվի Մաքսային միության առջև փոխշահավետ լուծման ակնկալիքով. «Եթե մենք չենք ունենում լիարժեք պատասխան մեր բարձրացրած հարցին, պետք է այլ քայլերի դիմենք:  Խնդիրն այն է, որ բոլորս փորձում ենք ենթադրություններ անել դեռ չտեսնելով ընդհանուր առաջարկությունների փաթեթը»:

Եզրափակելով Հովհաննիսյանն   ասում է, որ նախ պետք է կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել և իրավիճակը ճիշտ գնահատել. «Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»:

 

 

 

«Արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը». Ռուբեն Հակոբյան

arm134027795838ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց, որ համազգային և համապետական հարցերը լուծվում են մի քանի պաշտոնյաների սենյակում, և անտեսվում է ժողովրդական ու պառլամենտական դիվանագիոտւթյունը. «Իսկ երբ փորձում ես ինչ որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը լինում է այն, որ մեծամասնության հետ հարցը քննարկվել է, և որոշումն այնտեղ է կայացվել: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի մեծամասնության այդ սենյակներում, բայց երևի կա նաև ընդիիմության փոքր ածու, որը նույնպես ասելիք ունի»,-ասաց պատգամավորը:

Նրան հետաքրքրում էր երկու հարց` արդյո՞ք գործող իշխանությունը եվրոպական արժեքներից և նույնիսկ մաքսային արժեքներից խոսելուց չի հասկանում, որ այսօրվա մեր քաղաքական մշակույթը համապետական, ազգային ծրագիր լուծելու համար զրոյական է, և այս մակարդակով հնարավոր չէ որևէ հարց լուծել:

Նա նաև ասաց, որ վաղը մեկնում է Բիշքեկ` որպես ԱՊՀ պետությունների ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ, սակայն բացարձակապես տեղեկատվություն չունի, թե ղազախների և բելոռուսների հետ ինչ պետք է խոսի Մաքսային միության մասին: «Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում»:

Հակոբյանը կառավարությունից նաև հետաքրքրվեց, թե Ասոցացման համաձայնագիրը երբևէ կհրապարակվի՞, թե ոչ և ի՞նչ ճակատագիր է սպասվում Մաքսային միությանը վերաբերող փաստաթղթի հրապարակմանը:

Պատգամավորի հարցին ի պատասխան արտգործնախարար Էդ.Նալբանդյանն ընթերցեց Սահմանադրության 55-րդ հոդվածը, ըստ որի Հանրապետության նախագահը ստորագրում է միջազգային պայմանագրեր, և եթե անհրաժշտությունը կա, ապա ներկայացնում է խորհդրարան վավերացման: Նա նաև նշեց, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, քանի որ դա ընդունված նորմ է:

Ինչ վերաբերում է Մաքսային միության հետ կապված փաստաթղթին, ապա բացի այն հռչակագրից, որը հրապարակվել է ՀՀ և ՌԴ նախագաների կողմից, որտեղ հայտարարվում էր Հայաստանի մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, ըստ Նալբանդյանի, այլ փաստաթուղթ առայժմ գոյություն չունի: «Այդ փաստաթղերը կարող են լինել որպես արդյունք այն բանակցությունների, որոնք հնարավոր է սկսել միայն այն ժամանակ, երբ երեք անդամ երկրները որոշեն, որ Հայաստանին իսկապես ընդունում են Մաքսային միություն»:

Նալբանդյանի խոսքով` սպասվում է, որ նման ժողով կլինի հոկտեմբերի կեսերին, և հավանաբար հոկտեմբեր վերջին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները:

«Այն փաստաթղթերը, որոնք ԱԺ-ի կողմից վավերացում կպահանջեն, կներկայացվեն, և եթե ԱԺ-ն գտնի, որ այդ փաստաթղթերն արժանի չեն վավերացման, ապա համապատասխան եզրակացություններ արեք, սա է հարցը»,-ամփոփեց Նալբանդյանը:

Ռուբեն Հակոբյանին բոլորովին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը, ավելին,մի փոքր վրդովեցրեց. «Պարոն Նալբանդյան, չէի սպասում, որ կգաք և ինձ կբացատրեք, թե Սահմանադրության այս կամ այն հոդվածը ինչ է սահմանում: Իմ հարցը մի քիչ ավելի լուրջ է: Ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին և հարցնում` արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ դուք սահմանադրության հոդվածն եք ասում»:

Հակոբյանը նաև ասաց, որ ինքը լավ գիտե միջազգային նորմը, ըստ որի կողմերը պետք է պայմանավորվեն` երբ հրապարակել փաստաթուղթը, բայց գիտի նաև Ուկրաինայի օրինակը, որի դեպքում նույնպես նման պայմանավորվածություն էր եղել, սակայն Ուկրաինան, հասկանալով հարցի կարևորությունն ու նշանակությունը, խնդրել էր թույլ տալ նախաստորագրումից առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնել ժողովրդին. «Եվ շատ ճիշտ էր արել,-ասաց Հակոբյանը,-կան համապետական և համազգային հարցեր, որ միջազգային պրոտոկոլն իմանալով հանդերձ պետք է հասկանալ, որ ժողովրդին էլ պետք է մատուցելՄենք իրավունք չունենք այս շատ պատմական և պատասխանատու պահին, երբ պետք է ճգրիտ ընտրություն կատարենք, երեք-չորս հոգով որոշում կայացնենք»:

Նալբանդյանն արձագանքեց, որ Հայաստանը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարում, և Հայաստանի նախագահն ու արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել են Հայաստանի վերաբերմունքը թե ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, թե Եվրամիության հետ հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել և հնարավորինս մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին  կամ մեր այլ ձգտումներին  ու ցանկություններին»,-ասաց արտգործնախարարը: