Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մեծամասնության կողմից մերժվեց

ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում քիչ առաջ քվերակության դրվեց նախորդ քառօրյայում քննարկված՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը խորհրդարան է ներկայացվել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից:

Մինչ հարցը քվեարկության դնելը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը, որպես նախագծի նախաձեռնողներից մեկը, կողմ է քվեարկելու: Նա կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար կարևոր է ստանալ մարտի մեկի տասը զոհերի սպանության հարցի պատասխանը, նույնպես քվեարկել կողմ՝ միաժամանակ նշելով, որ իրենք բաց են, անգամ, մեկ կենտրոնից կառավարվող քաղաքական ուժերի և լրատվամրջոցների կողմից բարձրացվող հարցերը քննարկելու համար, և որ դա իրենց համար տաբու չէ: “Ովքեր թաքցնելու բան չունեն, պետք է կողմ քվերակեն”,-հայտարարեց նա:

Հանրապետական խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ամենաշատն իրենք են խնդրին լուրջ մոտենում, և որ ամբողջական պատասխանատվությունն իրենց վրա է: “Նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շուուներ ստեղծել, մեզ համար անընդունելի է: Մենք, ուսումնասիրելով նախորդ երեք հանձնաժողովների աշխատանքը, գտնում ենք, որ այժմ նպատակահարմար չէ նման հանձնաժողով ստեղծելը, ուստի մենք դեմ ենք քվեարկելու”:

Գալուստ Սահակյանի հայտարարությունը շոուի մասին վիրավորեց ընդդիմադիրներին: Նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով, որ համենայնդեպս, ինքը շոու անելու նպատակ չի հետապնդել: “Ցավում եմ, որ ամբողջ քննարկման ընթացքում որևէ բովանդակային առաջարկ ձեր կողմից չհնչեց,-ասաց նա,-միևնույն ժամանակ, զարմանում եմ, որ բոլորը կողմ են, որ մարտի մեկի մարդասպանները բացահայտվեն, բայց դուք դեմ եք”:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ փորձում է հասկանալ, թե ինչու մեծամասնությունը կողմ չի քվեարկում. “Շատ բաներ, որ չեմ ասում, ողւղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս ասել,-ասաց Հակոբյանը,-հիմա ո՞րն է ճիշտ՝ քվեարկել կողմ և ասել՝ եկեք բացահայտենք ճշմարտությո՞ ւնը, թե՞ ասել շուո է, չենք քվեարկում”:

Ռուբեն Հակոբյանը դեռ ասելիք ուներ, սակայն ԱԺ նախագահի հրահանգով նրա խոսափողն անջատեցին:

Հակոբյանին հետևեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը: Նա պարզաբանեց, որ Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովների գործունեությունը հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ այս հանձաժողովը, ի տարբերություն նախորդների, պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմիններն արդարադատության խոչընդոտման ինչ աշխատատքներ են կատարել: “Դեմ քվեարկելով՝ դուք արդարադատության խոչտնդոտման, ինչպես նաև թափված արյան ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա”,-ասաց նա:

Մինչ Ռուբեն Հակոբյանը տեղից բղավում էր, որ պարոն Աբրահամյանը խախտել է կանոնակարգ օրենքը՝ իր խոսափողն անջատելով, նախագիծը դրվեց քվեարկության և 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:

 

Անկախ

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը դեմ է մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը

Արտակ ԴավթյանՕրերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուսատամյանն ու Աղվան Վարդանյանը հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համատեղ ծրագրի մանրամասները: Երկու տարբեր կուսակցությունների ղեկավարները կարծիք են հայտնել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ներքին միասնություն է անհրաժեշտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ քաղաքական զարգացումները ենթադրում են նաև նմանատիպ հանդիպումներ և այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական որոշակի գործընթացների մաս է կազմում: «ՀՀԿ-ն նման հանդիպումներին շատ նորմալ է նայում: Եվ, եթե դա տանելու է որոշակի հարցերի շուրջ միասնական տեսակետի ձևովարորմանը, տեսակետ, որն իր մեջ դրական լուծումներ է պարունակելու, որևէ վատ բան դրա մեջ չպետք է տեսնել»,- ասաց Արտակ Դավթյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն որոշեցին հանդիպել խորհրադարնից դուրս, չէ՞ որ նրանք այդ հարցերը կարող էին բարձրացնել նաև ԱԺ-ում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այսպես, թե այնպես, մենք ԱԺ-ում տեսնում ենք, որ այդ ուժերը որոշակի միասնական ուժերով են հանդես գալիս, խոսքը նաև վերջին քառօրյայի ընթացքում ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելուն է վերաբերում: Բացի ԱԺ ամբիոնից, մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է նաև քաղաքացիական հասարակությունը և, ըստ էության, առաջնորդի դափնին պատկանում է հենց քաղաքացիական նախաձեռնության հեղինակներին: Միգուցե այս հանդիպումներում որոշակի հարցադրումներ նաև այս ուղղությամբ են արվել: Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կունենա այս համախմբումը»:

Անդրադառնալով մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը դեմ է մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն, քանի որ ստեղծվելիք հանձնաժողովը քաղաքական հանձնաժողով է լինելու, իսկ մարտի 1-ի քաղաքական էջը փակված է:

Հանրային խորհրդի նախագահն անհնար է համարում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում

Վազգեն ՄանուկյանՀայկական կողմը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահների ջանքերը, հատկապես հրադադարը պահպանելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ռումինական AGERPRES լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,հաղորդում է  lurer.com-ը : «Որպես նախկին պաշտպանության նախարար կարող եմ հավաստել, որ ամենավատ խաղաղությունը լավ է պատերազմից: Իսկ դրա վտանգը միշտ կա, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ոչ միայն Հայաստան ի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ուստի մենք համաշխարհային հանրությունից եւ գործընկեր երկրներից, որոնց մեջ է նաեւ Ռումինիան, ակնկալում ենք այդ վտանգի գիտակցություն, իրավիճակի սթափ գնահատում եւ համապատասխան վարքագիծ»,- նշել է Մանուկյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վարում են դրա մանդատն ունեցող երեք միջնորդ երկրները’ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ, Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, որեւէ այլ երկրի կողմից, հատկապես ԵՄ անդամ, ամենաճիշտ պահվածքը կլիներ հետեւել համանախագահների ընդհանուր դիրքորոշմանը: «Այս հարցում, երբեմն այստեղ ու այնտեղ արտահայտվող միակողմանի հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում բանակցային գործընթացին, այլեւ փչացնում երկկողմ հարաբերությունները»,-նկատել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են հարցը լուծել երեք հիմնարար սկզբունքների հիման վրա’ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: «Այստեղ է, որ Ադրբեջանը համառում է եւ չի ուզում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվ առավել, դեմ է բուն բանակցություններին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությանը: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը. արդեն 25 տարի է Լեռնային Ղարաբաղը փաստացի ինքնուրույն է, այսօր 30-40 տարեկան սերունդը չի է լ հիշում, որ երբեւէ եղել են ադրբեջանական վարչական ենթակայության տակ, եւ հանկարծ ինչպե՞ս եք պատկերացնում, որ երրորդ երկրներ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը եւ համանախագահ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, թղթի տակ ստորագրությամբ նրանց զրկում են իրենց ինքնուրույնությունից»,-ընդգծել է Վազգեն Մանուկյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

22-ամյա Արսեն Խոջոյանը ընտանեկան վեճի պատճառո ՞վ է հատել սահմանը

Arsen-XojayanՏավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերեվարվել: Համագյուղացիները Անկախ-ի թղթակցին տեղեկացրել են, որ Արսենն ապրում է բազմանդամ ընտանիքում, ունի երեք եղբայր և երեք քույր: Արսեն Խոջոյանը ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված և օրերս Հայաստանին հանձնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Վերին կարմիրաղբյուրցիները պատմել են, որ իբր տղան մոր հետ առավոտյան վիճել է և ասել, որ <<թուրքի կողմն է անցնելու>>,  մայրն էլ արձագանքել է` ասելով, թե <<հիմար չես, այ տղա>>:

Հաշվի առնելով, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, համագյուղացիները ենթադրում են, որ ընտանեկան վճեը ծագել է կենցաղային հարցերի շուրջ:Հետո Արսենը զանգահարել է սիրած աղջկան, նրան ևս ասել, որ անցնելու է սահմանը:

Այս տեղեկությունները, սակայն, հաստատված չեն, և հնարավոր է, որ տղան սահմանը հատել է ոչ դիտավորյալ, այլ պատահաբար` թանձր մառախուղի պատճառով:

Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում: <<Լավ տղա ա շատ, նորմալ, մի քիչ նույնիսկ հպարտ>>,-նշել են Արսենի համագյուղացիները:

 

Անկախ

Ժառանգությունը ընդդիմադիր է, պարոնայք, «ոչ իշխանականը» դուք եք. Ստյոպա Սաֆարյանը` Վարդան Օսկանյանին

Ստյոպա ՍաֆարյանՕրեր առաջ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում «Հատուկ Վարդան Օսկանյանի համար» վերնագրով գրել էր. «Չէի կարդացել Վարդան Օսկանյանի գրառումը, որում նա մասնավորապես ասում է. «Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները»: Եթե մինչ այժմ մեր մասին «ոչ իշխանական» որակումը օգտագործում էին լրագրողները, զայրանում էի ու ուզում հասկանալ, թե որտեղի՞ց է դա գալիս, չէի հասկանում, թե որտեղից ու ինչպե՞ս հրապարակ իջավ այն: Հիմա գուշակում եմ, որ այն հմտորեն  և միտումնավոր  է շրջանառության մեջ դրված /միգուցե հենց ձեր կողմից/ և արդեն պաշտոնականացված «եզրույթ» է, ու դա միանգամայն բխում է ձեր շահերից, քանզի սպառնալով անցած սեպտեմբերից ինքնահռչակվել իբրև «ընդդիմադիր», այդպես էլ չստացվեց դա: «Ոչ իշխանականը» դուք եք և այդ անունը պահեք ձեզ համար: Մենք ընդդիմադիր ենք: Բավական է, որ չասացինք, թե «այլընտրանքային»-ը հակաքաղաքագիտական եզրույթ է և աշխարհի ոչ մի երկրում այդպիսի կեցվածք քաղաքականության մեջ չկա, քանզի բոլոր քաղաքական ուժերն իրենց տարբերվող ծրագրերով արդեն իսկ այլընտրանք են մեկը մյուսին ու իշխանությանը: Լռեցինք, թե ինչպես եք ինքներդ ձեզ անվանում, ասելով՝ գլուխը քարը, ինչպես ուզում են, թող իրենց անվանեն: Հիմա արդեն նոր բառ եք մոգոնել` արդեն մեզ համար: Նորից՝ հակաքաղաքագիտական: Գոնե այնքան նրբանկատ եղեք, որ այլոց մասին խոսելիս իմանաք, թե ինչ բառեր կարելի է օգտագործել դիմացինին չվիրավորելու համար: Սա արդեն չափն անց է և վիրավորանք է: Մի օր էլ մարտի 1-ը ոչ թե ողբերգություն ու ոճիր կորակեք, այլ անմեղ չարաճճիություն, իսկ հոկտեմբերի 27-ն էլ՝ «կռիվ-կռիվ կինո»:

Երբ լրագրողները խնդրեցին նրան մեկնաբանել ֆեյսբուքյան իր` բավական խիստ տոնով այս գրառումը, նա ասաց. «Երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ինքն այլընտրանք է, ես հարգեցի այդ ինքնահռչակումը և հետագայում միշտ այլընտրանք էի անվանում ԲՀԿ-ն, թեև այդ բնորոշումը քաղաքական դաշտում անձամբ ինձ համար աբսուրդային է: Բայց հիմա նրանք են սկսել մեզ տանել ինչ-որ անհասկանալի դաշտ` չորս ուժերին միասին տալով «ոչ իշխանական ուժեր» բնորոշումը: Ժառանգությունը ընդդիմադիր է, պարոնայք, ուրեմն ոչ իշխանականը դուք եք»:

Չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը իշխանություններին զգաստացնելու քաղաքականություն է. Վարդան Բոստանջյան

վարդան բոստանջյանՏնտեսագետ Վարդան Բոստանջյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքին քաղաքական մեծ իրադարձություններից` առանձնացրեց հատկապես երկուսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ըստ Վարդան Բոստանջյանի` թե’ մեկում, թե’ մյուսում բարձր մակարդակի վերլուծական մոտեցմամբ ցույց էին տրված երկրի ողջ կնճռոտ խնդիրները, որոնք անհետաձգելի լուծման կարիք ունեն:

Անդրադառնալով արտաքին քաղաքական իրադարձություններին` Վարդան Բոստանջյանը առանձնացրեց Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Բանախոսը նշեց, որ հակված չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ուկրաինայի միջև: Սակայն, ամեն դեպքում այս անորոշությունների գործոնը կարող է բերել այնպիսի ելքերի, որոնց հետևանքով Հայաստանը կարող է կանգնել Մայդանի առաջ:

«Ես  չեմ կարող գնահատական տալ` Հայաստանում Մայդան կլինի՞, թե՞ ոչ: Մեր ժողովուրդը հակված չէ մայդանների: Մայդանն  ինքնանպատակ գործընթաց չէ: Հաճախ քաղաքական ուժերն են նպաստում, որ մայդանանման երևույթներ տեղի ունենան: Բայց, օրինակ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն  արդեն երկու անգամ` մեկ իր հրաժարականի, մեկ էլ մարտի 1-ի ժամանակ ցույց տվեց, որ իր անձով թույլ չի տա Հայաստանում Մայդան լինի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի համախմբմանը և Գագիկ Ծառուկյանի` հնարավոր առաջանորդ լինելու վարկածին` Վարդան Բոստանջյանը նկատեց, որ քաղաքական զարգացումները կանխատեսումներ չեն ենթադրում: Հնարավոր չէ կանխատեսել, թե՞ ով կլինի լիդեր կամ չի լինի, դա լինում է ինքնաբերաբար:

«Հիմա փորձել մեկ անձի կտրվածքով գուշակել, թե ի՞նչ քաղաքական զարգացումներ կլինեն, անհնար է: Շատ հնարավոր է նաև, որ չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը իշխանություններին զգաստացնելու քաղաքականություն է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

 

«ՀՀ տնտեսության 70 %-ը գտնվում է ռուսական տիրապետության տակ, … ». Զոյա Թադևոսյան

Zoya TadevosyanԱրդեն մեկ շաբաթ և ավելի հանրությունը քննարկում է մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ելույթի ժամանակ հնչեցրած հարցերն էլ դարձել են օրակարգային խնդիրներ: ՀՀ առաջին նախագահի արտահայտած մտքերը շատ ավելի խոր փիլիսոփայություն ունեն իրենց մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Հայաստանի տնտեսության 70 %-ը գտնվում է ռուսական տիրապետության տակ: Այս ֆոնին դիտարկել Հայաստանի տնտեսական զարգացումն  առանց Ռուսաստանի, մանկամիտ կարծիք է: Մաքսային Միության կայացման որևէ նախադրյալ Հայաստանում չկա: Միության կայացման նախադրյալներ չկան նաև այն երկրներում, որոնք միավորված են այդ միության շուրջ: Մաքսային Միության գաղափարը առաջնահերթ քաղաքական որոշում էր, որպեսզի Ռուսաստանն  իր իշխանությունն ամրապնդի Հարավային Կովկասի տարածքում: Ուկրաինան չի ցանկանում մտնել Մաքսային Միություն, Ուկրաինան կկորցնի իր տարածքների մի մասը: Հայաստանը չի ցանկանա միանալ Մաքսային Միությանը, կկորցնի Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Զոյա Թադևոսյանը` հավելելով, որ Մաքսային Միությանն անդամակցությանը դրական գնահատական տալու համար Լևոն Տեր-Պետրոսյանին չպետք է քննադատել, քանի որ նրանից լավ համաշխարհային քաղաքական զարգացումները հասկացող չկա:

Անդրադառնալով Հայաստանում Մայդանի կրկնության հնարավոր նախադրյալներին` ՀԱԿ վարչության անդամը նշեց, որ Հայաստանում Մայդանի կրկնություն չի տեսնում, այլ տեսնում է նախադրյալներ ժողովրդի վրդովմունքը սահմանադրական կարգով արտահայտելու:

«Մայդանի դեպքերին պաշտոնական Երևանի չարձագանքելուց պարզ է դառնում, որ մենք ունենք վասալի կարգավիճկ: Ո՞վ իրեն թույլ կտա դիրքորոշում արտահայտել ուկրաինական դեպքերի վերաբերյալ, երբ արդեն հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը: Այստեղ լավագույն արձագանքը լռելն է»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ Ծառուկյանի և Բիձինա Իվանիշվիլու միջև անցկացված համեմատությանը` Զոյա Թադևոսյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը լայնամասշտաբ բարեգործական աշխատանքներ է արել և անում, ինչի մասին, կարծես թե, բոլորն ուզում են լռել:

«Չկա մի պատգամավոր, որն իր ձեռքը գրպանն է տարել և մի դրամ տվել, ասենք, ուսանողներին: Եվ հետո, չկա մի մարդ, ով իր կյանքում որևէ մեղք գործած չլինի: Եթե մարդը սխալվել է, նրան դատապարտե՞նք և թույլ չտա՞նք, որ նա լավ բան անի հանրության համար»,- ասաց ՀԱԿ վարչության անդամը` հավելելով, որ Լևոն Տեր- Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու նմանությունները տեսնում է միայն նրանց ֆինանսական հնարավորությունների մեջ:

 

Հայաստանը որևէ վերաբերմունք ցուցաբերելու համար պետք է ունենա իշխանություն, Հայաստանը իշխանություն չունի. Աշոտ Մանուչարյան

աշոտ մանուչարյան«Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի Ուկրաինայում կատարվող իրադարձութուններին, քանի որ այս պահին, ըստ էության, ուկրաինական նույն  որակներն ու գնահատականները կարող ենք տալ Հայաստանում վիճակի մասին», – նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ իբրև հիմնական նմանություն շեշտելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում այսօր միայն ժողովրդի համար կարելի է ցավ ապրել, քանի որ ժողովուրդը միակ անկեղծն է ամբողջ գործում:

«Ուկրաինայում էլ, ինչպես մեզ մոտ, կա մաֆիոզ իշխանություն, ժողովուրդն  ուղղակի ուզում է լավ իշխանություն, ոտքի է կանգնել, որ նորմալ երկիր ստանա, բայց շատ դրսի ուժեր կանեն ամեն ինչ, որ այդ ազնիվ մարդկանց  ցանկությունները չարդարանան, երկիրը կանգնի աղետի առաջ, քանի որ դրսի ուժերն իրենց նպատակներով են առաջնորդվում: Ռուսամետ ուժերն իրենց կողմն են ձգում Ուկրաինան, արևմտամետ ուժերն՝ իրենց: Արդյունքում կարելի է միայն ցավ ապրել ուկրաինացիների համար», – ասաց Աշոտ Մանուչարյանը:

Հարցին, թե այս պահին ինչ կերպ պետք է հարաբերվեն Ուկրաինայի հետ մեր իշխանությունները, Աշոտ Մանուչարյանն այսպես պատասխանեց.«Հայաստանը որևէ վերաբերմունք ցուցաբերելու համար պետք է ունենա իշխանություն, Հայաստանը իշխանություն չունի: Իշխանության գլխում է «Ղարաբաղյան կլանը», որի անվանումը  կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ, այդպես է կոչվում,  որովհետև կլանի երկու գլուխները ծագումով ղարաբաղցիներ են: Եվ ահա, այս կլանը պետության գործերով չի զբաղվում: Պետք է նորմալ իշխանություն, որ կկարողանա պատասխան տալ արտաքին քաղաքական նման հարցերին»:

Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել. Հովիկ Աբրահամյան

աբրահամյան«Բոլորս պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք: Մենք պետք է անենք ամեն ինչ` ստեղծելու բարենպաստ հնարավորություններ գյուղացիների  համար, էժան տոկոսով երկարաժամկետ վարկեր տրամադրենք: Չպետք է գյուղատնտեսական վարկը լինի յոթ տարուց պակաս, դա չի կարող շահույթ ապահովել, իսկ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում պետք է ընկած լինի շահույթը, որպեսզի այն գոյատևի, ունենա շարունակական բնույթ»,-  այսօր ԱԺ-ում գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի վերջում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ կարևոր է գիտակցությունը, թե գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար պետք է միջոցներ ձեռնարկվեն:

«Քննարկումների արդյունքում ես տպավորություն ստացա, որ գյուղատնտեսության վիճակն այնքան էլ վատ չէ, բայց որ գնում ենք գյուղեր, այդ մոտեցումը չենք տեսնում: Չնայած կարող ենք արձանագրել, որ դժգոհությունները պակասել են: Պետք է արձանագրենք, որ գյուղատնտեսությունը շատ կարևոր է մեր երկրի համար, պետք է գյուղը ոտքի կանգնի, պետք է գյուղացուն օգնենք, որ ոտքի կանգնի: Պետք է, որ պաշտոնյաներն այցելեն համայքներ, վերադառնան ու իրականացնեն քննարկումներ, որոնք օգուտ կտան ընդհանուր գործին: Ես կոչ եմ անում, որ  բոլորս լինենք հետևողական մեր խոստումների մեջ: Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել: Գյուղացիները բողոքում են, երբ  խոստումներից հետո չեն կարողանում տեսնել լուծումը, դա է խնդիրը»-հայտարարեց ԱԺ նախագահը:

Կարո՞ղ ա Կարապետյան Սերգոն կամ Աբրահամյան Հովիկը ուզում էին, որ սերմը վատը դուրս գար. Հովիկ Աբրահամյան

Աբրահամյան հովիկԱյսօր գյուղատնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համառորեն չէր ցանկանում հասկանալ արմավիրի մարզի բնակչի շատ պարզ հարցն այն մասին, թե ինչպես կարող են գյուղատնտեսական ծրագրերը որակվել  հաջողված, երբ այս պահին հարյուրից ավել մարդիկ «դատի տակ են», նրանց սպառնում է ողջ ունեցվածքը կորցնելու վտանգը միայն այն պատճառով,  որ պետության տրամադրած սերմնացուն եղել է անորակ և գյուղացին բերք չի ստացել:

Հովիկ Աբրահամյանը հարցը լսելուց հետո պահանջեց հստակ ձևակերպել հարցադրումը, քանի որ այն անհասկանալի էր: Գյուղացին կրկնեց, որ կարծում  է, թե գյուղատնտեսության նախարարը ԱԺ-ում սուտ է ասում, քանի որ չի կարող ծրագիրը կայացած գնահատվել: Հովիկ Աբրահամյանին ողջ պատմության մեջ մտահոգեց «սուտ ասել» արտահայտությունը: «Սիրուն խոսիր: Ո՞նց թե նախարարը սուտ է ասում: Կարո՞ղ ա Կարապետյան Սերգոն կամ Աբրահամյան Հովիկը ուզում էին, որ սերմը վատը դուրս գար»:

“Ղրիմում կարծես թե կիրառվում է Լեռնային Ղարաբաղի մոդելը, ինչը խիստ շահեկան է մեզ համար”. Լևոն Շիրինյան

Լևոն ՇիրինյանՈւկրաինայի համար կռիվ է գնում խոշոր տերությունների միջև: Արևմտյան ռազմավարությունը նպատակ ունի Ուկրաինայի միջոցով թուլացնել Ռուսաստանին, սակայն, պետք է ասել, որ Ռուսաստանն այդ կռվում դեռևս չի պարտվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ զարգացող դեպքերը` ասաց Քաղաքագետների միության անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով` Ուկրաինայի նոր իշխանությունները գործում են ճիշտ այնպես, ինչպես Միխայիլ Սահակաշվիլին էր տարիներ առաջ Վրաստանում գործում: Ուկրաինայում էթնոկրատիա է ստեղծվում, ինչը, սակայն, Ռուսաստանը թույլ չի տա: Ռուսաստանը թույլ չի տա նաև ռուսական հատվածի արդյունաբերության վատնումը:

Քաղաքագետը համոզված է, որ Ուկրաինան գնալու է ֆեդերալիզացիայի ճանապարհով, քանի որ դա է միակ անցնցում լուծումը:
Անդրադառնալով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններին` Լևոն Շիրինյանը նշեց, որ Ղրիմում կարծես թե կիրառվում է Լեռնային Ղարաբաղի մոդելը, ինչը խիստ շահեկան է մեզ համար:

“Ստեղծվել է մի նախադեպ, որը մենք պետք է ողջունենք: Ընդհանուր առմամբ Ղրիմում ու Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. Արցախի անկախության երաշխավորը Հայաստանն է, Ղրիմինը` կլինի Ռուսաստանը:  Ի դեպ, ոչինչ չի փոխում այն, որ Ղրիմի խորհրդարանն այսօր որոշում է կայացրել մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Կրեմլում նստած՝ արտագրել են Ղարաբաղի փորձը”,- ասաց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել կիսաճանաչված կամ չճանաչված պետությունների դաշինք:

Անկախ

«ՀԱԿ-ը մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է».Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին,  նշեց, որ չի կարելի ժողովրդի մի զանգվածին հավաքել հրապարակում  և հայտարարել, որ այդ զանգվածը իրենն է, հետո էլ հնարավոր հանրահավաքի մասին խոսելով՝ բարի ճանապարհ ասել:

«Ժողովրդին չի կարելի քաղաքական շահերի համար օգտագործել: ՀԱԿ հանրահավաքի ողջ գաղափարախոսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գոհունակության մեսիջն էր` ուղղված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ընդդիմության միակ ուզածն իշխանությունն է: Իսկ իշխանության գալու համար ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդի հետ, այլ ոչ թե միայն խոսի: Ընդդիմությունը միայն ու միայն նախագահի աթոռ է ուզում, բայց ոչ երբեք՝ գյուղապետի պաշտոն: Միայն հանրահավաքներ անելով` ուզում է իշխանության գալ:

«Մենք պետք է ակտիվանանք ներսից, ոչ թե ոգևորվենք մայդաններից կամ արաբական գարուններից: Ես ժողովրդի մեջ իշխանափոխության ցանկություն չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա: Քաղաքական այդ ուժը  ո՛չ ինչ-որ մեկի առջևում է, ո՛չ էլ հետևում: Ուղղակի նա իրեն այլընտրանք է հայտարարել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դրանից կորցնի իր քաղաքական իմիջը»:

«Չէ, իրոք որ քաղաքականությունը…զզվելի բան է…»

137276

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Առավոտի» կայքէջում ՀԱԿ-ի անդամ տիկին Զոյա Թադևոսյանը, խոսելով իրենց և ԲՀԿ-ի վաղեմի կապերի, «փոխադարձ սիրո», փոխըմբռնման և ջերմ հարաբերությունների մասին, ասում է. «…Այո, Ծառուկյանը …կարող է գլխավորել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը…»:
Ես չեմ ուզում հիմա բանավիճել, թե ճի՞շտ է, արդյոք, մեր իրավիճակում խոսել նման հեղափոխության մասին…Ի՞նչ բուրժուադեմոկրատական…Իսկ Զոյա Թադևոսյանը հարցրե՞լ է Ծառուկյանին բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին…
Հետաքրքիր է՝ շատերը գիտեն այդ հեղափոխության, այդ բառերի իմաստի մասին և տվյալ իրավիճակում ճի՞շտ է այդ հեղափոխության մասին խոսելը…
Ես այնպես հասկացա՝ դուք ուղղակի ուզում եք անվճար բարեգործական երթուղուց օգտվել, բարեգործական տրակտոր քշել…Ամեն ինչ քշել էիք, տրակտորն էր մնացել…Դե միանգամից ասեիք` էլ ի՞նչ բուրժուական, ի՞նչ դեմոկրատական…
Կբարեգործվեք-կդառնաք ԲՀԱԿ կամ «Բարգավաճը» կդառնա ՀԱԿԲ…Լավ էլ հնչում է…
Քանի կար քարկոծում էիք օլիգարխներին, հիմա էլ գարնանային էֆեկտի տակ «սիրահետում եք», խոսում, որ Վրաստանի, Ուկրաինայի «փորձը» ցույց տվեց, որ երբ օլիգարխիան կանգնում է ժողովրդի կողքին, ցանկացած քաղաքական շարժում ունենում է հաջողություն…
Իսկ եթե օլիգարխները երկու կողմո՞ւմ են…Լա’վ, հետաքրքիր է, երբեմն կարդո՞ւմ եք ձեր կուսակիցների, ձեր առաջնորդների նախկին ելույթներն ու վերլուծությունները, թե ոչ…
Չէ’, իրոք որ քաղաքականությունը…զզվելի բան է…
Նույնիսկ շատ զզվելի…

Հ.Գ. Դուք Ծառուկյանին համեմատեցիք Իվանիշվիլու, «ՀԺ»-ն` Յանուկովիչի հետ, մեկ ուրիշն էլ կհամեմատի Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ…Այ մարդ, թողեք էդ մարդը հանգիստ իրա բիզնեսով զբաղվի, ի՞նչ եք ուզում…»

 

Անկախ

Կանադայի վարչապետը Ռուսաստանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

prime-ministerCanada-390x290Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտնել է, որ հրաման է արձակել կասեցնելու  ռուսական զինված ուժերի հետ պլանավորված բոլոր հարաբերությունները, հայտնում է Русская служба ВВС-ն:

Համայնքների պալատում ելույթի ժամանակ նա զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի ու նացիստական Գերմանիայի միջև: Նրա խոսքով, Ռուսաստանը որոշել է  ներխուժել ու օկուպացնել Ուկրաինան` ցանկանալով էթնիկ փոքրամասնության նկատմամբ իրավասության հասնել:

Ավելի վաղ Ռուսաստանի հետ առևտրային ու ռազմական համագործակցությունը դադարեցրեց ԱՄՆ-ը: Իսկ “Մեծ ութնյակի” երկրները  այս տարվա հունիսին Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցրին:

Անկախ

“Մենք մեծ-մեծ ենք խոսում, սակայն մեր մահակը փոքր է”.ամերիկացի քաղաքագետ

Ուկրաինայում ճգնաժամի առաջացմանը նպաստել է Բարաք Օբամայի ադմինիստրացիան, հայտնել է վաշինգտոնյան հայտնի քաղաքագետ-հանրապետական Դմիտրի Սայմսը: New Republic հրատարակությանը տված հարցազրույցում նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրել Ուկրաինայի քաղաքական պրոցեսի վրա ու “ճոճել քաղաքական նավակը”, ինչն էլ հանգեցրել է այս վիճակի:

o_906766Սայմսը ենթադրում է, որ Ռուսաստանի ցանկացած արարք չպիտի օգտագործվի որպես արդարացում Օբամայի ոչ կոմպետենտ ադմինիստրացիայի համար, հաղորդում է Россия 24″-ը: Սայմսի կարծիքով, ԱՄՆ-ը իրեն պահում է Շեքսպիրի ողբերգության Լիր արքայի նման.պաթետիկ հայտարարություններ է անում, որոնք ոչ ոք լուրջ չի ընդունում: Իր նյութը, թե ինչու Ռուսաստանը ԱՄՆ-ի հայտարարությունը լուրջ չի ընդունում, Սայմսը վերնագրել է` “Մենք մեծ-մեծ ենք, խոսքում, սակայն մեր մահակը փոքր է”;

“Ուկրաինան Ռուսական  կայսրության  մի մասն է եղել ավելի քան 300 տարի,- հիշեցնում է քաղաքագետը: Ու երբ նրանք որոշեցին առանձնանալ, ապա բոլորը համաձայն էին նման որոշման հետ` դա համարելով օրինական: Իսկ Ղրիմը եղել է Ուկրաինայի կազմում միայն 1954-ից, երբ Խրուշչովը որոշեց այն նվիրել ուկրաինացիներին, ընդ որում, արեց Ուկրաինայի` Ռուսաստանին միավորվելու 300-ամյակի կապակցությամբ: Այն ժամանակ Ուկրաինական ՍՍՀ-ն խորհրդային հանրապետություն էր, Միության անքակտելի մասը: Ու ոչ ոք նույնիսկ մղձավանջային երազում  անգամ չէր տեսել նման իրադարձություններ”:

Անկախ

Կոռուպցիոն սկանդալը կարող է վերջ դնել Էրդողանի քաղաքական կարիերային

Հարութ Սասունյան Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:

 

Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի` Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված: Սակայն պարզվել է, որ Վարչապետի և նրա որդու խոսակցությունների ձայնագրություններն իսկական են, ըստ ամերիկյան Guarded Risk կիբեր ընկերության, որն իրականացրել է հեռախոսազանգերի մանրամասն դատափորձագիտական հետազոտություն:

 

Զավեշտալի է, որ Էրդողանը, ով իշխանության էր եկել որպես իսլամիստ` նպատակ հռչակելով կոռուպցիայի վերացումը թուրքական քաղաքականությունից, զոհ գնաց` «իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում» ասույթին…

 

Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների և պետական բանկի կառավարչի տները: Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների մեջ ներգրավված լինելու համար:

 

Ներկայացնում ենք հատվածներ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի, գաղտնալսված հինգ հեռախոսազրույցներից.

 

Առաջին հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 8:02-ին

 

Էրդողան. … Հանիր քո տանից այն ամենը, ինչ ունես, լա՞վ:

Բիլալ. Ի՞նչն է որ ունեմ, հայրիկ: Քո փողը չհրկիզվող պահարանում է:

Էրդողան. Հենց դրա մասին եմ խոսում….

Բիլալ. Ի՞նչ պետք է անենք դրա հետ, հայրիկ: Որտե՞ղ պիտի դա տեղավորենք:

Էրդողան. Հատուկ տեղերում, որոշ հատուկ տեղերում…. Արա՛ այդ:

 

Երկրորդ հեռախոսազանգը, ժամը 11:17-ին.

 

Բիլալ. … Իմ եղբայր [փեսա] Բերաթն այլ բան է առաջարկում: Նա ասում է, որ մենք դրա մի մասը պիտի տանք Ֆարուքին [Կալյունչի, շինարարական ընկերության նախագահ] այլ աշխատանքի համար, որպեսզի նա կարողանա դրանք գործի մեջ դնել նախորդների նման: Այդպես անե՞նք: Այդ ձևով մենք կարող ենք մի մեծ գումար դասավորել:

Էրդողան. Միգուցե:

Բիլալ. Լավ: Մյուս մասի համար, քանի որ բիզնես համագործակցություն ենք սկսել Մեհմեդ Գյուրի հետ [շինարարական խմբի ղեկավար], մտածում ենք դա տալ նրան, ասելով. «պահի՛ր սա, դու կարող ես այն օգտագործել հետագա ծրագրերի համար»: Այս ձևով մենք կարող ենք կրճատել այն, իսկ մնացածն էլ տեղափոխել մեկ այլ տեղ:

Էրդողան. Լավ, շատ լավ, քանի դեռ անում ես…. Լավ կլինի, եթե անես…. Եթե դու կարողանաս բոլորը վերացնել:

Բիլալ. Այո, Աստծո կամոք, այսօր բոլորը կվերացնենք…

 

Երրորդ հեռախոսազանգը, ժամը 15:39-ին.

 

Էրդողան. Կատարեցի՞ր իմ բոլոր առաջադրանքները:

Բիլալ. Երեկոյան կավարտենք: Մի մասը դասավորենք. մենք դասավորել ենք Բերաթի մասը, հիմա, առաջին հերթին կկարգավորենք Մեհմեդ Գյուրի մասը, իսկ հետո մնացածը. դրանք կանենք մութն ընկնելուց հետո….

Էրդողան. Ի՞նչ է արել Սումեյին [դուստրը]:

Բիլալ. Նա դուրս է բերել, հանել դրանք, մենք խոսել ենք, և այլն:

Էրդողան. Մի՛ խոսեք հեռախոսով միմյանց հետ:

 

Չորրորդ հեռախոսազանգը, ժամը 23:15-ին.

 

Բիլալ. Ողջույն, հայրիկ, զանգահարում եմ, որ … մենք հիմնականում արեցինք [այդ]: Դու հենց հիմա ինձ զանգե՞լ ես, հայրիկ:

Էրդողան. Ոչ, ես քեզ չեմ զանգել, դու ես ինձ զանգել:

Բիլալ. Ինձ զանգահարել էին փակ համարից:

Էրդողան. Երբ ասում ես «հիմնականում», արդյոք դու ամբողջովի՞ն վերացրել ես դա:

Բիլալ. Դեռ չեմ զրոյացրել, հայրիկ: Թույլ տուր բացատրեմ: Մենք դեռևս ունենք 30 միլիոն եվրո, որը մինչև հիմա չենք կարողացել վերացնել: Բերաթը մի առաջարկ ունի: Կար լրացուցիչ 25 միլիոն դոլար, որը պիտի ստանար Ահմեդ Չալիքը [գործարար]: Նրանք առաջարկում են դա տալ [նրան]: Երբ փողը ստանանք, մի բան կանենք, ասում են նրանք: Իսկ մնացած գումարով կարող ենք բնակարան գնել Շահրիզարից, ասաց նա: Ի՞նչ կասես, հայրիկ:

Էրդողան. Ինչևէ, մենք կդասավորենք:

Բիլալ. Պիտի՞ այսպես անենք:

Էրդողան. Լավ, արա այդպես:

Բիլալ. Ուզում ես դրանք բոլորը վերացնե՞մ, հայրիկ, կամ ուզո՞ւմ ես որոշ գումար քեզ համար:

Էրդողան. Ոչ, դա չի կարելի թողնել, որդիս: Դու պիտի փոխանցես դրանք ուրիշներին, կարող ես դրանք փոխանցել Մեհմեդի հետ:

Բիլալ. Այո, տվել ենք նրանց: Մենք տվել ենք 20 [միլիոն] դոլար նրանց:

Էրդողան. Ի սեր Աստծո, առաջին հերթին դու պիտի դրանք փոխանցես: Դու կարող ես հետո դրանք անել…

Բիլալ. Այս պահին մենք կարողացանք այսքանը տալ: Դժվար է արդեն, այն շատ տեղ է զբաղեցնում: Մի մասը տեղավորել ենք մեկ այլ տեղ, մի մասը տվել ենք Թունջին, և հետո…

Էրդողան. Ամբողջը փոխանցել էիր Թունջի՞ն:

Բիլալ. Նրանք հարցրել են, ես հասկացա, որ նա կարող է վերցնել միայն 10 միլիոն եվրո:

Էրդողան. Ինչևէ, մի խոսիր սրանով [հեռախոսով]:

Բիլալ. Լավ, ուրեմն, կդասավորենք:

Էրդողան. Լավ, արա այդ: Ես չեմ կարող գալ այս գիշեր: Մնում եմ Անկարայում:

 

Հինգերորդ հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:58-ին.

 

Էրդողան. Որոշեցի զանգահարել, տեսնել որևէ նորություն կա:

Բիլալ. Ոչ, ոչ մի բան: Աստծո օգնությամբ ավարտեցինք մեզ տված պարտականությունները:

Էրդողան. Ամե՞ն ինչ վերացվել է:

Բիլալ. Ամբողջությամբ… Ինչպե՞ս ասեմ: Ես ունեմ Սամանդիրայի և Մալթեփիի գումարը` 730 հազար դոլար և 300 հազար թուրքական լիրա: Սրանք ևս կկարգավորեմ: Մենք պարտք ենք 1 միլիոն թուրքական լիրա Ֆաիք Իշկին. ես դա կտամ նրան և կասեմ, որ մնացածը փոխանցի ակադեմիային:

Էրդողան. Բացեիբաց մի խոսի՛ր:

Բիլալ. Չանե՞մ:

Էրդողան. Ոչ, հասկացա՞ր:

Բիլալ. Լավ, հայրիկ:

Էրդողան. Ես նկատի ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չպահես, լինի դա Սամանդիրա կամ այլն… Ուղարկիր այնտեղ, որտեղ որ պետք է, ինչո՞ւ ես պահում մոտդ:

Բիլալ. Լավ, հայրիկ, բայց ես կարծում եմ, որ մենք հսկողության տակ ենք:

Էրդողան. Այն, ինչի մասին ես քեզ ասում էի հենց սկզբից…

Բիլալ. Բայց անվտանգության աշխատակիցնե՞րն են մեզ հետևում, հայրիկ:

Էրդողան. Տղաս, քեզ գաղտնալսում են:

Բիլալ. Բայց նրանք նաև տեսահսկում են մեզ:

Էրդողան. Կարող է ճիշտ լինել: Հիմա, մենք որոշ բաներ արել ենք Ստամբուլի ոստիկանական վարչությունում:

 

Այնուհետև լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը մերժելու մասին, ոչ բավարար լինելու պատճառով:

 

Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Երևանը չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները

իսկանդարյան ալեքսանդրՙՙՈչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում. ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը: Ռուսաստանը նախապես թելադրում է իր նախապատվությունները, մինչ կոնֆլիկտի լուծումը՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Այն, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բանախոսի կարծիքով՝ ճիշտ դիրքորոշում է. ինչպիսի Ուկրաինա էլ ձևավորվի, Հայաստանը շարունակելու է փոխհամագործակցությունը:

 

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն առանց ազդեցության չեն թողել նաև Կովկասը.

ՙՙԱզդեցություն, իհարկե, կա: Հետևելով ադրբեջանական հրապարակումներին հասկանում ես՝ սկզբում Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր, հիմա էլ խուճապ է, պարզապես պետք է հասկանանք նաև, որ Հարավային Կովկասն այն նշանակությունը չունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան, չպետք է գերագնահատել Կովկասի դերը՚՚:

 

Դավիթ ՇահնազարյանՙՙՀամաձայնություն՚՚ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ Ռուսաստանը պատերազմի պատրվակ էր փնտրում.

 

ՙՙՈւկրաինայի ներկայիս լեգիտի´մ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ՚՚:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

 

 

“Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով”. Կարինե Աճեմյան

Կարինե ԱճեմյանՈւկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դաս լինեն շատ երկրների համար, քանի որ բիրտ ուժի կիրառմամբ 21-րդ դարում ոչնչի չես հասնի, փոփոխությունները պետք է կատարվեն օրինական ճանապարհով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով` Ուկրաինայի նոր իշխանությունը շատ քիչ բանի է ընդունակ, իսկ ուկրաինացի ժողովուրդը նրա պատճառով դեռ շատ վնասներ կկրի: Այդ ինքնակոչ կառավարությունը բռնի ուժ է իրականացնում, որը հարիր չէ ժողովրդավարական ուժերին: Օրենքը և Սահմանադրությունը երբեք չպետք է տրորվեն, ինչին, սակայն, ականատես եղանք Ուկրաինայում: Ռուսաստանը ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չպետք է դիտորդի կարգավիճակում լինի, քանի որ Ուկրաինայում ապրող 20 մլն ռուսները պետք է պաշտպանված զգան իրենց:

“Սխալ կլինի ասել, որ ուկրաինացիները խուճապի են մատնվել կատարված դեպքերից հետո: Մայդանից երկու կանգառ այն կողմ մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Միաժամանակ, մինչև Մայդանը ուկրաինացիները վարդագույն աչքերով են նայել հնարավոր փոփոխություններին, սակայն հիմա ակնհայտ է, որ այս դեպքերը մի քանի տարով հետ են շպրտելու այդ երկիրը”,- ասաց Կարինե Աճեմյանը:
«Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով: Ընդդիմությունը թիրախներն ընտրում է արհեստականորեն: Արդեն քանի տարի է` շահարկում է մարտի 1-ի դեպքերը»,- ասաց Կարինե Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հնարավոր համարեց, որ կոնսոլիդացիան կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, քանի որ նրա ակտիվությունը ցույց է տալիս, որ չի բացառվում կրկին մեծ քաղաքականություն վերադարձը:

Անկախ

«Մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում». Ա. Զաքարյան

Արտակ ԶաքարյանՀանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ցավոք, քաղաքական կյանքում գարնան առաջին օրը դարձավ քաղաքական ընդդիմության կողմից իշխանության համար պայքարի հերթական առիթ: Նիկոլո դե Մաքիավելին, երբ հանուն նպատակների արդարեցնում էր միջոցները, ի նկառի ուներ պետության գերագույն շահերն ու համազգային խնդիրները: Մեր ընդդիմությունն այն իջեցրել է սեփական, ավելի շուտ անձնական ամբիցիաների մակարդակի: Հերթական անգամ դրանում համոզվում ենք մարտիմեկյան հանրահավաքների ու դրանցում հնչած ելույթների մեկնաբանություններից: Տեր-Պետրոսյանի՞ ելույթն էր նման Ծառուկյանի ելույթին, թե հակառակը: Կարծում եմ՝ էական չէ, հատկապես, որ նրանցում չկային գիտագործնական կամ համազգային նշանակության բանաձևեր: Չկար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական անխափան և անվտանգ ապահովման, սոցիալական նոր քաղաքականության, գաղափարական, հոգևոր, իրավական, արժեքային, գիտա-կրթական ու մշակութային նոր մոդելներ: Աշխարհը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ տեմպերով, առաջ բերելով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ մեր հարգելի ընդդիմադիրների քաղաքական մեղեդին մնում է նույնը: Ի՞նչ կարող ես անել, քաղաքական միտքը չունի նոր արգասիքներ, և պետք է բավարարվենք եղածով: Իշխանափոխություն են ուզում, պարզ է, ուղղակի այդ դեպքում ինչ կապ ունի Մարտի մեկը: Ես չգիտեմ, թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները, մեղմ ասած, առ ոչինչ են: Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար: Եվ Տեր-Պետրոսյանը շատ լավ պետք է գիտենա, որ այդ ամենը ժամանակակից աշխարհում հեշտությամբ չի տրվում: Այն, ինչ հաջողվում է նախագահ Սարգսյանին արտաքին քաղաքական գործընթացներում, մյուսների պարագայում կարող էր և տխուր պատկեր ունենալ: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկված, ճշգրիտ, սառը, հաշվենկատ, պրոդուկտիվ ու հետևողական քաղաքականության կրող լինել: Սա է Հայաստանի Հանրապետության շահերի դրսևորման արդարացված ճանապարհը: Այնպես որ, մեր տարբերությունը գնալով դառնում էլ ավելի ակնհայտ. մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում”:

 

Անկախ

Գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, տեղակալ՝ Միքայել Մելքումյանը

աժԱյսօր Ազգային Ժողովում գումարվել է գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել Հանրապետական խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Արամ Մանուկյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, տեղակալ՝ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունն առաջացել էր դեկտեմբերի 2-ից հետո, երբ ստորագրվել էին Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայանագրերը ու հասարակության մեջ մի շարք հարցեր էին առաջացել:

Ավելի վաղ խորհրդարանական չորս խմբակցություններն առաջարկել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նախաձեռնությունը չէր ընդունվել: Դավիթ Հարությունյանը նշել էր, որ  ժամանակավոր հանձնաժողովը դիտարկելու է հարցեր, որոնք կապված են ներկայիս իրավիճակի ու գազի սպառողների շահերի պաշտպանության, գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգման և այլնի հետ: Երկրորդ կարևոր հարցը գազի պարտքին է վերաբերում: Հանձնաժողովի օրակարգում է լինելու նաև սպառողների համար գազի գնագոյացման խնդիրը: Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը ենթադրվում է անցկացնել դռնփակ ռեժիմով:

 Անկախ