Նեխուրի արմատով ապուր

supԱյս նրբահամ ապուրի պատրաստման համար պահանջվում է նեխուրի 1 արմատապտուղ
1 գազար
1 գլուխ սոխ
4 կարտոֆիլ
2 ճ. գդալ կարագ
300 մլ կաթ
աղ պղպեղ` ըստ ճաշակի
թարմ կանաչի (մաղադանոս ու սամիթ):
Պատրաստման եղանակը
Նեխուրի արմատը մաքրել կարտոֆիլի նման, քերել խոշորատամ քերիչով: Գլուխ սոխը մաքրել ու սոխեռածի համար մանրացնել, ապա կարագով տապակել այնքան, որ սոխը դառնա թափանցիկ: Գազարը լավ լվանալ, մաքրել ու քերիչով անցկացնել, լցնել սոխեռածի վրա ու միասին տապակել, ավելացնել նեխուրի արմատի քերուկն ու տապակել մինչև փափկելը:
Կարտոֆիլը մաքրել, կտրատել, ապա քիչ ջրով եփել կաթսայում, ավելացնել կաթը, ապա տապակած բաջարեղենը, խառնել ու թողնել մինչև այդ խառնուրդը եռա, ապա համեմել աղով ու պղպեղով, ու ապուրը պատրաստ է:
Մատուցել թարմ կտրատած կանաչիով, շատ հարմար կլինեն նաև մսով կարկանդակները:

Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը

օրենքՔաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՍԴ-ն հաճելիորեն զարմացրեց . «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են

սդԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թ. ապրիլի 2-ին որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ ու դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:

Անվավեր ճանաչվեց վիճարկվող հոդվածների ու դրույթների մեծ մասը

Մասնավորապես ՍԴ-ն որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` անվավեր ճանաչվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 6-րդ կետի «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ևս ճանաչվեցին Սահմանադրության համապատասխան պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանավեցին վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» և 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով սեփականության իրավունքը սահմանափակող դրույթները ևս` երկրորդի մասով հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

Սահմանադրական դատարանը վճռեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, մասնավորապես` տվյալ որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և 80-ից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ տվյալ որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, բարձր դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ԱԺ-ին և կառավարությանն իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու տվյալ որոշման պահանջներին:

Թերևս ՍԴ-ի որոշման ամենակարևոր կիզակետերից մեկն էլ վերաբերում է արդեն իսկ հաշվարկված պարտադիր վճարներին: Այս առումով որոշման մեջ նշվում է, որ տվյալ որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2014 թվականի ապրիլի 2-ից:

ՍԴ որոշումը դեռ պետք է ուսումնասիրել, բայց քաղաքական գործիչները ոգևորված են

Օրենքի դրույթների ուժը կորցրած ճանաչելու ժամկետ սահմանելու կապակցությամբ ՍԴ-ում օրենքի դրույթների սահմանադրականությունը վիճարկող խմբի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ` ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամանակ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ չպետք է շտապել: Ըստ պատգամավորի` ՍԴ-ի որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
«Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի վերաբերյալ մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել: Ընդհանուր առմամաբ Արծվիկ Մինասյանը ՍԴ-ի որոշումը գոհացուցիչ համարեց:

Որոշումը դրական գնահատեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, սակայն, որ որոշման վերաբերյալ վերջնական կարծիք կարող է հայտնել միայն վճռին մանրամասնորեն ծանոթանալուց հետո:
ՍԴ-ի որոշումը, բնականաբար, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ: Այն լսելուց անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմիջապես պետք է հրաժարական տա:
Նման միտք էլ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով անուններ, որոնք, իր կարծիքով, ՍԴ որոշումից անմիջապես հետո պետք է հրաժարական տան: Շնորհակալություն հայտնելով քառյակին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, «Դեմ եմ» շարժմանը, Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին և Մարինե Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին այս որոշման համար` Բագրատյանը նշում է. «Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և Համաշխարհային բանկը` Հայաստանի Հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար: Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից` Ա. Ջավադյանը և Ն. Երիցյանը»:
Ինչ վերաբերում Հրայր Թովմասյանին, ապա նա էլ իր ֆեյսբուքյան էջում իր վերաբերմունքն արտահայտեց ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես` իրավաբաններին հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ` այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ` առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:

ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ նաև ՍԴ-ում օրենքը պաշտպանողներից էր, ՍԴ-ի շենքից դուրս գալով` հայտարարեց, որ ինքը, միևնույն է, մնում է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման կողմնակից: Լրագրողների հետ զրուցում նա նշեց, որ ՍԴ-ն ոչ թե օրենքն է հակասահմանադրական ճանաչել, այլ օրենքի հոդվածները, «սահմանադրական դատարանն ասաց, որ սա սա, սա չի համապատասխանում սահմանադրականությանը, հետևաբար մենք դա, դա, դան` պետք է փոխենք»,- նշեց պատգամավորը, իսկ արդեն ՍԴ-ի շենքի բակում, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, թե ինչու իրենց պաշտպանած օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, հայտարարեց, որ իրավական դաշտն է թերի:
«Դրա պատճառը ոչ թե ես եմ կամ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը, դրա պատճառները շատ-շատ են»,- ասաց պատգամավորը:
ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանությունները, պարզաբանումները, իրոք, հնարավոր կլինի լսել, ստանալ կամ նշել այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միայն: Ուստի այդ որոշմանը դեռ կանդրադառնանք:

Քեսաբը դարձավ խաղաքարտ

քեսաբ3Հայությանը համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց մարտի 21-ից հետո Քեսաբում ծավալվող իրադարձություններին համաշխարհային հնչեղություն տալ ու քննարկման առարկա դարձնել: Հատկապես վերջին օրերին ոգևորվում ենք այս կամ այն աշխարհահռչակ անձի կամ որևէ երկրի կողմից Քեսաբի ու քեսաբահայության խնդիրների արծարծումից: Բայց մի պահ պետք է մտածել` արժե՞ ուրախանալ ու ոգևորվել, գուցե պետք է սթափ մտածել ծավալվող իրադարձությունների շուրջ:

ԱՄՆ-ն մեղադրում է իր աջակցությունը վայելողների՞ն

Սկզբում Հայաստանի մի խումբ պատգամավորներ մեկնեցին Քեսաբ, հանդիպումներ ունեցան թե՛ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի, թե՛ Սիրիայի իշխանությունների հետ: Սա, ինչպես նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, դրական քայլ էր, քանի որ ակտիվորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլով, հարցի վրա կենտրոնացրեց միջազգային հանրության ուշադրությունը, ոգևորեց քեսաբահայերին, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադից հայերին պաշտպանելու և Քեսաբն ազատագրելու խոստում ստացվեց:
Դրանից բացի, մարտի 31-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ հղեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Նա մասնավորապես կոչ էր անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու, թե հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես` Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Քեսաբի դեպքերը Հաագայում դատապարտեց ՀՀ նախագահը: Կարծես այս հարցի շուրջ աշխարհի հայերի համախմբումը տվեց իր արդյունքները:

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Քեսաբի հարցում ոգևորության մեծ ալիք բարձրացավ, երբ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը մարտի 27-ին հանդես եկան Սիրիայի հայաշատ Քեսաբի վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն առընթեր ծայրահեղական իսլամիստների հարձակումները դատապարտող հայտարարությամբ:
Այս կոնգրեսականները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայամետությամբ ու ԱՄՆ Կոնգրեսում հայամետ դիրքորոշմամբ: Ու երբ նրանց միացավ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը` դատապարտելով Քեսաբում տեղի ունեցած դեպքերը, իսկ համատեղ հայտարարությանը միացան Ֆրանկ Փելլոնը, Մայքլ Գրիմմը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆֆը, Բրեդ Շերմանը և Ջեյմս Մակգավերնը, արդեն, ինչպես ասում են, «կենացները քաղցրացան»:

Վերջին շրջանում, դատելով համաշխարհային մամուլում տեղ գտնող անդրադարձներից, միջազգային հանրության ու հատկապես Արևմուտքի հասարակությունների դժգոհություններից ընդդեմ Արևմուտքի կողմից Սիրիայում կռվող ծայրահեղականների աջակցության, արդեն որոշակիորեն զգացվում էր, որ Արևմուտքն այնքան էլ ջանասիրաբար չի կպել Սիրիան քանդելու գործին: Ու տպավորություն ստեղծվեց, որ ԱՄՆ-ն իր հերթին փորձում է Սիրիայի ապստամբներից «ձեռք քաշել»` հատկապես հաշվի առնելով ապստամբների շարքերում ակտիվ դերակատարություն ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների, ծայրահեղականների հանդեպ արևմտյան հասարակությունների անհանդուրժողականությունը:
Ուստի սպասելի էր, որ Սիրիայում փոքրամասնությունների դեմ ծայրահեղականների քայլերը առիթ էին հանդիսանալու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար` իրենց «դժգոհությունը» հայտնելու: Այդ դիրքորոշումը չուշացավ. «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը` դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը` շարունակելով:- Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում քեսաբ2են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:

Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցրել է գրոհայինների տարածած մի շարք հաղորդագրությունների մասին, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն հանդիսանում: «Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ Միացյալ Նահանգներն էլ կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում` հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը», – ասել է Մարի Հարֆը:

Հենց նա հայտնեց, որ Քեսաբի հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սա, ի դեպ, կարող է հիանալի առիթ լինել Արևմուտքի համար, որպեսզի «տեռորի ենթարկվող» սիրիահայերին «պաշտպանելու» պատրվակով հայտնի Սիրիա «խաղաղապահ» կոնտինգենտ գործուղելու մասին:

Քեսաբի դեպքերը լավ առիթ էին նաև Ռուսաստանի համար

Քեսաբի հարցում մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ ի հայտ եկավ: Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումը վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, վերջին օրերին Սիրիայի Քեսաբ բնակավայրի և քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ արեցին թե՛ պաշտոնական Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան:
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին մարտի 29-ին տարածած հայտարարությունում, մտահոգություն հայտնելով Սիրիայի` Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել հենց Թուրքիայի տարածքից:

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայաբնակ Քեսաբի հետ կապված իրավիճակը: «Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջև հակամարտության կտրուկ սրմամբ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևմուտքում, մարտի 21-ին «Ալ Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ հայաբնակ Քեսաբի վրա: Նշվում է նաև, որ սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարևորության դիրքերը և մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել վերահսկողությունը Քեսաբի սահմանային անցակետի վրա:

«ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական և այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: Այնպիսի տպավորություն է, որ գրոհայինների ակտիվացման նպատակն է թույլ չտալ միջսիրիական բանակցությունները, խափանել քիմիական զենքի չեզոքացումը, ինչն անթույլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012-ի հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի իրականացման հիման վրա»,- ասվում է մեկնաբանությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ նման սցենարն անթույլատրելի է, և ՌԴ-ն առաջվա պես պատրաստ է Սիրիայում արյունահեղությանը վերջ դնելուն ուղղված իր և իր գործընկերների փոխգործակցությանը:

Ակնհայտ է` Քեսաբի վրա զինված հարձակումն առաջին հերթին ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որը Լաթաքիայի շրջանում ռազմաբազա ունի: Ու եթե զինված միջադեպեր են տեղի ունենում Ռուսաստանի շահերի տիրույթում, բնական ու տրամաբանական է, որ Ռուսաստանն էլ իր հերթին է հող նախապատրաստում հալածյալ քեսաբահայերի «անվտանգությունն ապահովելու» պատրվակն օգտագործելու բուն Սիրիայում իր ռազմական ներկայությունը լեգիտիմորեն օգտագործելու համար:
Ընդ որում` Ռուսաստանը ոչ թե պաշտոնական, այլ անհատական մակարդակով, հայտնի լրագրող Սոլովյովի, Չեչնիայի նախագահ Կադիրովի բերանով նաև որոշ ուղերձներ էլ է հնչեցնում` ակնարկելով Արևմուտքի անպատասխանատվությունը Քեսաբի հարցում այն դեպքում, երբ Ղրիմում նույն Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանին: Բացի այդ, Ռուսաստանը Քեսաբի հարցով իսկական տեղեկատվական պատերազմ է սկսել Արևմուտքի դեմ` փորձելով շահարկել սիրիահայերին սպառնացող վտանգի հարցը:

Ինչ վերաբերում է բուն Սիրիային, ապա իշխանությունները տարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ իրենք կպաշտպանեն քեսաբահայերի անվտանգությունը: Սա էլ հայերի «սիրուն աչքերի» համար չէ: Ուղղակի Քեսաբը, ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, փակում էր Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Սիրիա մտած գրոհայինների մուտքը Լաթաքիա` նախագահ Բաշար Ասադի ծննդավայր ու հիմնական հենակետ: Եվ պաշտպանելով Քեսաբը` Սիրիայի իշխանություններն առաջին հերթին պաշտպանում են Լաթաքիան:

Բայց իրադարձություններն ու հարցի հնչեղությունը հուշում են, որ Քեսաբի իրադարձությունները սիրիական զարգացումներում անկյունաքարային դեր են ունենալու:

Հայոց միջնաբերդ Քարվաճառի ազատագրման 21-ամյա ոդիսականը

Քարվաճառ11993 թ. մարտի 27-ին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները երեք ուղղությամբ սկսեցին Քարվաճառի (Շահումյանի շրջան) ռազմական հենակետերի ոչնչացման օպերացիան: Օրեր անց` ապրիլի 1-ին, հայազատամարտիկներն արդենազատագրեցին Քարվաճառ քաղաքը, որի երկրագիտական թանգարանում ցուցադրված հայ մշակույթի մի շարքարժեքներից ազատամարտիկներն առանձնացրին Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված, «916 թվական» և «ՀԿԵ»դաջվածքներով մի խաչքար, որը երկար ժամանակ պահվում էր Գանձասարում: Ապրիլի 5-ին հայկական զինված ուժերը դաժան մարտերից հետո դուրս եկան Օմարի լեռնանցք:Ադրբեջանական բանակը մեծ կորուստներով անցավ Մռավի լեռնաշղթան` թողնելով շրջանը:Մեր ուժերը Քարվաճառ մտան միայն այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս եկավ  քաղաքից: Բայց հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ զգեստով փախչող թուրք ասկյարները: Թող փախչեն, գող` սիրտը դող…

ՔարվաճառՊատմական Վայկունիք` գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում գտնվող այդ բնակավայրը ժամանակին հայտնի է եղել իր հանքային ջրերով: Այնտեղ կառուցվել է «Բաղնիք արքունականք», որը հետագայում կոչվել է Իսթիսու: Պատմական տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը հիրավի ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչներն ու հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը:

Փառք ու պատիվ բոլորին: Եթե այդպիսի ռազմավարություն չիրականացվեր, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության գոտին երբեք հուսալի չէր լինի: Չմոռանանք, որ «Խոջալուի սպանդի» թևերով իշխանության եկած Էլչիբեյը Վարդենիսով Սևան հասնելու և լճում ոտքերը թրջելու կայծակնային պլան-օպերացիա էր մտմտում: Եվ ոչ միայն: Քարվաճառի ազատագրմամբ էր, որ անվտանգ դարձան Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը, Մարտակերտի, Գորիսի թիկունքը: Էլ չեմ խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին: Չգիտեմ, թե ով է ասել, բայց լավ է ասել, որ մեր խաչքարերը, եկեղեցիները Աստծո կնիքն են հային պատկանող հողատարածքներում: Հենց միայն 1-ին դարի ծնունդ Դադիվանքն այդ տարածքի հայկականության ծննդյան վկայականն ու լուռ վկան է: Այնպես որ Շուշիից ոչ պակաս անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի ազատագրումը, և ամեն կասկածից վեր էր, որ մեզանում երբևէ մի հայ մարդ կգտնվի, որը ծանրութեթև կանի այդ իրողությունը:

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, նման մի մարդ եղել է, և նա, ոչ ավելի, ոչ պակաս, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց` Արցախի թևերով իշխանության եկած մարդու ոչ միայն սրտովը չէր, այլև նա Արցախի իշխանություններին ստիպում է հանձնել այն: Հավաստիացնելու համար փաստեմ 2008 թ. նախագահական ընտրությունների շեմին` փետրվարի 17-ին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պակաս անսպասելի գաղտնազերծումը հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների եթերով: Թեև շատ բան ասվեց, բայց միայն Քարվաճառին վերաբերող մասն արձանագրեմ: «…Ամենամեծ հակասությունը, որ լուրջ կոնֆլիկտներ էր առաջացնում, վերաբերում էր ռազմական գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը: Մենք համոզված էինք, որ Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը բոլորովին այլ էր: Առաջին մեծ կոնֆլիկտը եղավ 1993 թ. հունիսի 12-ին: Գորիսում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: Մեզ պարտադրում էին հանձնել Քարվաճառը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը…Պնդում էր, որ եթե Քարվաճառը չհանձնենք, Հայաստանը կկործանվի»,- հայտնեց նախագահ Քոչարյանը:

Քարվաճառը չհանձնվեց, իսկ եթե Հայաստանն էլ ինչ-որ բան կորցրեց, ապա մինչև Քարվաճառը, երբ 1992 թ. օգոստոսի 8-ին հանձնվեց Արծվաշենը: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եթե հայաստանյան իշխանությունները պատվախնդրություն ունենային, ապա Քարվաճառի ազատագրումից հետո, երբ արդեն կոտրվել էր թշնամու ողնաշարը, կազատագրվեր նաև Արծվաշենը, եթե ցանկություն լիներ:

Այդ կարծիքին էր նաև Վազգեն Մանուկյանը, որի հետ հանդիպեցի տարիներ առաջ` Արծվաշենի անկման 15-ամյակի առիթով: «Արծվաշենը պահելու համար հարկավոր էր առաջ գնալ, վերցնել Ադրբեջանի մի հատվածը` լեռնաշղթան, որպեսզի ապահովեինք արծվաշենցիների խաղաղությունը: … Սարսափելին այն էր, որ մինչև վերջին պահը ժողովրդին ասվեց, որ մենք ձեզ պաշտպանելու ենք: Տեղաբնակների համար Արծվաշենի հանձնումը անսպասելի էր: Մինչդեռ ազնվորեն պետք է ասվեր. կա՛մ մենք առաջ ենք գնում, կա՛մ մեր ուժերից վեր է Արծվաշենը պահելը… Երբ ես ՀՀ պաշտպանության նախարար էի, Քարվաճառը վերցրեցինք, ու մեր բանակն արդեն առաջ` դեպի Աղդամ էր շարժվում, և ադրբեջանական բանակի ողնաշարն արդեն կոտրվել էր, այդ ժամանակ շատ խնդիրներ, այդ թվում նաև Արծվաշենը վերցնելու հարցը կարող էինք լուծել և քննարկում էինք այդ օպերացիան, բայց խոսքը միայն Արծվաշենի մասին չէր, այլ ավելի առաջ գնալու…»,- պարզաբանում է Վազգեն Մանուկյանը:

Ավելի առաջ գնալ նշանակում էր վերցնել Ադրբեջանին պատկանող լեռնաշղթան, ինչն էն գլխից, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի սրտովը չէր, գուցե նաև շահեկան էլ չէր, երբ փոխարենն արդեն քոսոտ Քյարքին ունեինք` մոռանալով, որ հայրենիքի մի հատվածը մյուսով չեն փոխանակում…Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Բացահայտվել է Եվրադատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի բողոքի տեքստը

 Փերինչեքն ընդդեմ ՇվեյցարիայիՇվեյցարիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ՝ եռամսյա ժամկետի վերջին օրը, որոշեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը:

 

Չնայած Շվեյցարիայի բողոքի տեքստը կնքված պահվում էր մինչ ՄԻԵԴ-ում դրա քննարկելը, սակայն ինձ հաջողվեց ձեռք բերել մի օրինակ ֆրանսերենով: Շվեյցարական բողոքի բովանդակությունն առաջին անգամ հայտնվում է մամուլում:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:

 

Ռասայական խտրականության, ցեղասպանության ժխտման և մարդկության դեմ գործած հանցագործությունների վերաբերյալ շվեյցարական օրենքի խախտման մեղադրանքով դատապարտվելուց հետո, Փերինչեքը բողոքարկեց իր դատավճիռը ընդհուպ մինչև Դաշնային դատարան՝ Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյան, որը հաստատեց նրա մեղքը: Այնուհետև նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Շվեյցարիային իր տարբեր իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության խախտման համար: Զարմանալի է, որ Եվրադատարանի յոթ դատավորներից հինգն արդարացրեցին Փերինչեքին` համարելով, որ Շվեյցարիան խախտել է Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ:

 

ՄԻԵԴ-ի որոշումն անպատասխան թողնելը լուրջ նահանջ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հատկապես մինչև Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն ամբողջ աշխարհում, 2015 թվականի ապրիլի 24-ին: Առավել կարևոր է, որ Եվրադատարանի դատավորները գերազանցելով իրենց մանդատը Փերինչեքի իրավունքների թվացյալ խախտումների վերաբերյալ, հարցեր են բարձրացրել Հայոց ցեղասպանության իրավացիության մասին: Նրանք նաև անհիմն ու մակերեսային տարբերություններ են նշել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև, սահմանելով, որ առաջինը ժխտողներին պատժելն անօրինական է, մինչդեռ վերջինը ժխտողներին մեղադրելը` ճիշտ:

 

Հաշվի առնելով այս անարդար որոշման խիստ վնասակար հետևանքները Հայ դատի վրա, Հայաստանի կառավարությունը, աշխարհասփյուռ հայկական համայնքները և հատկապես Շվեյցարիայի հայերը, մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի Շվեյցարիան բողոքարկի  ՄԻԵԴ-ի վճիռը Փերինչեքի գործով: Իրականում, շվեյցարական իշխանությունները հայերի կողմից հորդորման կարիք չպետք է ունենային, քանի որ նրանք պարտավոր էին պաշտպանել իրենց սեփական դատարանների որոշումները, այդ թվում նաև Դաշնային դատարանի և իրենց երկրի իրավական համակարգի վարկը:

 

2014 թվականի մարտի 17-ին ներկայացված վեց էջանոց շվեյցարական բողոքը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված «մեկնաբանման և կիրառման լուրջ հարցադրումներ» հետևյալ երեք պատճառներով.

 

– Դատական որոշումը ներառում է մի հարց` Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չի քննարկվել ՄԻԵԴ-ում: Այս գործը երկու հիմնարար իրավական հարցեր է բարձրացնում, որոնցով Եվրադատարանը չի զբաղվել. Ցեղասպանության իրավական որակավորումը և խոսքի ազատության սահմանը, երբ Կոնվենցիայի մի անդամ  պետություն, ռասիզմի դեմ պայքարի շրջանակում, քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:

 

– Դատական որոշումն անհարկի ձևով նվազեցնում է Շվեյցարիայի «հայեցողության շրջանակը»` համաձայն ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի: Փերինչեքը բազմիցս հայտարարել է, որ նա երբեք չի փոխի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողական դիրքորոշումը «խիստ վիրավորական» է: Եվրադատարանի պնդումը, որ նման անձնավորությունը կարող է սույն հարցի վերաբերյալ իր ավանդը բերել «բանավեճին և պատմական ուսումնասիրությանը»` «շեղում է ՄԻԵԴ-ի հաստատված և հավասարակշռված իրավագիտությունից»:

 

– Դատական որոշումը ստեղծում է «արհեստական տարբերություններ»:  Փերինչեքը ոչ միայն պարզապես չի օգտագործել ցեղասպանությունը եզրը, այլև հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես «միջազգային սուտ»: Բացի այդ, թեև չի եղել միջազգային դատավճիռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն թուրքական դատարանի 1919 թվականի վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների «կազմել է արժանահավատ ապացույցների տարր` «ճանաչելով փաստերը կամ անբարենպաստ վերաբերմունքը» Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չի նշել ցեղասպանություն եզրը» և նացիստական հանցագործներին «դատապարտել է ոչ թե ցեղասպանություն իրականացնելու, այլ խաղաղության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

 

Շվեյցարական բողոքը ներկայացրել էր համոզիչ փաստարկներ և անառարկելի ապացույցներ, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը թույլ են տվել լուրջ դատողության և տվյալների սխալներ` որոշում կայացնելով ի նպաստ Փերինչեքի և ընդդեմ Շվեյցարիայի:

 

Այժմ Եվրադատարանի հինգ նոր դատավորների կազմը որոշելու է, թե արդյոք Շվեյցարիայի բողոքը ուղարկել17 դատավորներից կազմված Մեծ պալատ` վերջնական լուծում տալու համար:

 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Կոլայի ազդեցությունն օրգանիզմի վրա

կոլաԻ՞նչ է կատարվում մեր օրգանիզմում մեկ բաժակ գազավորված ըմպելիքից հետո: Ահա մի քանի կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական ընդհանուր մեխանիզմներ:
Ամենաառաջին ռեակցիաները կապված են շաքարի մուտքի հետ. 9 թեյի գդալ շաքարը (օրական նորմը) հայտնվում է ստամոքսաղիքային տրակտում` ստիպելով ենթաստամոքսագեղձին արյան մեջ ինսուլինի բավականին չափաբաժին փոխանցել, ինչի հետևանքով լյարդը սկսում է լարված աշխատել, տեղի է ունենում ինսուլինի մակարդակի բարձրացում:
Մոտավորապես 40 րոպեից հետո կոֆեինի ներծծումն ավարտվում է, որն այնքան էլ «անմեղ» չէ: Այն սկսում է գրգռիչ ազդեցությունը: Բիբերը լայնանում են, բարձրանում է զարկերակային ճնշումը, շրջափակվում են ադենոզային ռեցեպտորները: Դա իր հերթին նպաստում է գրգռվածության առաջացմանը ու վանում քնելու ցանկությունը: Դրանից հետո օրգանիզմում մեծանում է դոփամին հորմոնի քանակը, որը խթանում է ուղեղի հաճույքի կենտրոնը` առաջացնելով հաճելի զգացումներ` կապված ըմպելիքը խմելու հետ:
Դրա ուժեղ միզամուղ հատկության հետևանքով ոսկրերում գտնվող կալցիումը, մագնեզիումը, ցինկն ու նատրիումը, էլեկտրոլիտներն ու ջուրը դուրս են գալիս օրգանիզմից: Դրանից մեկ ժամ հետո դառնում ենք նյարդային ու ընկճված:
Սրանք, ի դեպ, կոլայի մեկանգամյա ընդունման հետևանքներն են, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տևական օգտագործման դեպքում: Վերջին տարիներին մամուլում տեղեկություններ հայտնվեցին գազավորված ըմպելիքների չարաշահման հետևանքով մահվան ելքով դեպքերի մասին: Ի դեպ, զոհերից մեկը բազմազավակ մայր էր:
Պայթուցիկ խառնուրդ
Օրգանիզմին անհանգստություն պատճառող բաղադրիչներն են կոլայի մեջ պարունակվող շաքարը, կոֆեինը, օրթոֆոսֆորային կամ կիտրոնաթթուն և ածխաթթու գազը:
Մեծ քանակությամբ շաքարը չի կարող ազդեցություն չունենալ ենթաստամոքսային գեղձի ու ներզատիչ համակարգի գործունեության ակտիվության վրա: Բացի այդ, այն չի կարող չնպաստել կարիեսի բարդացմանն ու խորացմանը` դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով բերանի խոռոչում միկոօրգանիզմների բազմացման համար: Իսկ եթե փորձենք շաքարը փոխարինել ցածրկալորիական փոխարինիչներով, ապա նման փոխարինումը, պարզվում է, ավելի վտանգավոր է: Այդ փոխարինիչների մեծ մասը միզաքարային հիվանդություններ կարող են առաջացնել (քսիլիտ, սորբիտոլ), մյուսները` (ասպարտամ) ալերգիկ ռեակցիաներ, իսկ երրորդները` քաղցկեղածին հիվանդություններ (սախարին, ցիկլոմատ):
Հնդկաստանի բնակչությունն այս կարգի տեղեկությունների հրապարակումից հետո բողոքում է լիմոնադների օգտագործման դեմ:
Հիմա թթուների մասին
Լիմոնադների մեջ որպես պահածոյացնող են օգտագործվում թթուները (կիտրոնաթթուն կամ օրթոֆոսֆորայինը): Դրանք բարերար ազդեցություն չունեն աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև կարող են միկրովնասվածքներ առաջացնել բերանում` բացասաբար ազդելով ատամների էմալի վրա: Պարբերաբար այդ ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ոսկրերից կալցիումի (ինչը հատկապես անհրաժեշտ է աճող օրգանիզմին) «լվացմանը»: Կալցիումի անբավարարությունը կարող է հանգեցնել օսթեոպորոզի ու, որպես հետևանք, ոսկրերի փխրունության:
Չնայած ժամանակակից բաղադրատոմսում կոկաինը փոխարինվել է կոֆեինով, որպես տոնուսը բարձրացնող միջոց, սակայն հայտնի է, որ այն ևս կախվածություն է առաջ բերում: Կոֆեինի ազդեցությունը նյարդային համակարգի վրա գրգռվածություն է առաջացնում, ինչը բոլորովին ցանկալի չէ երեխաների պարագայում, որոնք առանց այդ էլ հակված են հոգեզգացմունքային անկայունության:
Ամենավտանգավոր բաղադրիչն այս ըմպելիքում ածխաթթու գազն է: Ու չնայած այն ինքնին զգալի վնաս չի պատճառում, սակայն կարող է զկրտոց ու փորի փքանք առաջացնել: Դա հատկապես տհաճություն է պատճառում մարսողական տրակտի հիվանդություններ ունեցողներին:
Բացի այդ, կոլայի մշտական օգտագործումը կարող է ախտահարել մկանները, այ այսպիսի տեղեկություն է հրապարակվել International Journal of Clinical Practice հանդեսում, որտեղ նկարագրվել են դեպքեր, երբ օրական մի քանի լիտր «փրփրան» ըմպելիքի օգտագործումը հոգնածության զգացման, ախորժակի կորստի, սրտխառնուքի, սրտի անոթների անցանելիության խաթարման է հանգեցրել: Դա կրկին պայմանավորված է կալցիումի լվացման ու գլյուկոզայի և կոֆեինի մեծ խտությունների ազդեցությամբ: Իսկ կալիումի ցածր մակարդակը (հիպոկալեմիան) կարող է թուլության, սրտի առիթմիայի և անգամ կաթվածահարության պատճառ լինել:
Դրա համար տարատեսակ լիմոնադների, փրփրան ըմպելիքների օգտագործումը չի խրախուսվում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների, առավել ևս հղի ու կերակրող մայրերի դեպքում: Առողջ հասուն մարդը կարող է իրեն թույլ տալ ժամանակ առ ժամանակ օգտագործել նման ըմպելիք, սակայն դրանով տարվել չարժե:
Coca-Cola-յի ազդեցությունն օրգանիզմի վրա ահավոր է:
Սակայն այն կարող է կենցաղում օգտագործվել որպես մաքրող միջոց:
1.ԱՄՆ-ի ճանապարհային ոստիկանությունը միշտ պարեկային ավտոմեքենայում 8 լ կոլա է ունենում, որ վթարի դեպքում իսկույն ճանապարհից լվանա արյան հետքերը:
– Զուգարանակոնքը լվանալու համար պարզապես կոլան լցրեք կոնքի մեջ, ապա մեկ ժամից ջուրը քաշեք:
– Քրոմապատ իրերի վրայից ժանգի հետքը վերացնելու համար այն շփեք կոլայի մեջ թրջած փայլաթիթեղով:
– Կեղտոտ հագուստը մինչև լվանալը թրջեք կոլայով, ապա լվացեք սովորականի պես:
– Ասում են, որ կոլայի ակտիվ բաղադրիչ կիտրոնաթթուն 4 օրում կարող է նույնիսկ եղունգը լուծել:
– Կոլայով են մաքրում նաև մեքենայի շարժիչը հենց իրենք` կոլայի մատակարարները:
– Եթե կաթսան այրվել է, ապա մեջը կարելի է կոլա լցնել: Եռացնելուց հետո կաթսան նախնական տեսքի կգա:
– Եթե մազերը ներկել եք ու այդ գույնը չափազանց վառ է թվում, ապա կոլան գունաբացելու հարմար միջոց է:
– Հին կոպեկները կարելի է փայլեցնել կոլայով:
– Կոլան լցրեք թեյնիկի մեջ, թողեք մեկ օր, ապա լվացեք. այն կմաքրի նստվածքը:
– Կոլան թանձրահյութն ավելի նրբահամ կդարձնի, պետք է խառնել 1:1 հարաբերությամբ:
– Կամ եթե հավը կամ ճուտը մինչ եփելը կոլայի մեջ թաթախեք, ապա միսն ավելի համեղ կստացվի:
– Կոլան կբարելավի մազերի որակը, եթե ողողեք դրանով, ապա նոր միայն չորացնեք:
Գուցե ժամանակն է կոլայի կիրառության ոլորտը փոխել: Չէ՞ որ այն երեխաները շատ են սիրում, ու նրանց մերժելն էլ դժվար է: Ուստի, եթե տանը կոլա է հայտնվել, ապա դուք արդեն գիտեք դրա կիրառման օգտակար տարբերակները:

ՊԳԿ. Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի սնուցման խնդիրները

սնունդԱյս տարածաշրջանի խնդիրներից են վիտամինների եւ հանքային նյութերի պակասը, թերաճը եւ ճարպակալումը

 
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2014թ. ապրիլի 1. Ընդհանուր առմամբ եւ կալորիաների սպառման տեսակետից, 53 երկրներ ներառող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղցի ցուցանիշը պետք է նվազի` հասնելով մեկ տոկոսից էլ ցածր թվի մինչեւ 2050թ.: Այդուհանդերձ, որոշ երկրներում այսօր նկատելի են սնուցման հետ կապված մշտական խնդիրներ:

 

Ահա վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկող, երկու տարին մեկ կազմակերպվող ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի նախօրեին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ներկայացված պատկերը:

 

Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին փաստաթղթում նշվում է, որ «կալորիաների սպառումը`որպես թերսնուցման չափման միջոց, ներկայում ամենամեծ խնդիրը չէ», թեեւ մի շարք երկրներ բացառություն են կազմում:

 

Ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու երկիր դեռ չի հասել քաղցի նվազեցման միջազգային երկու հիմնական թիրախներին` «2001թ. Հազարամյակի զարգացման թիվ մեկ նպատակին» եւ «1996թ. Պարենի համաշխարհային գագաթնաժողովի նպատակին»: Երկու նպատակներն էլ ուղղված էին թերսնուցման կիսով չափ նվազեցմանը մինչեւ 2015թ.` ընդհանուր բնակչության համամասնությամբ եւ բացարձակ թվերով: Երեք երկրներում այսօր թերսնուցման ցուցանիշը դեռեւս գերազանցում է 5 տոկոսը:

 

Անբարենպաստ սննդակարգ , թերաճ երեխաներ

 

Այս փաստաթղթում ընդգրկված երկրներից շատերում ավելի լուրջ խնդիր են հանդիսանում համապատասխան միկրոտարրերի սպառման պակասը եւ սննդակարգերի «անբարենպաստ» որակը: Այդ պատճառով այս երկրները հաճախ ավելի ցածր վարկանիշ ունեն, քան աշխարհի մյուս տարածաշրջանները:

 

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մինչեւ հինգ տարեկան թերաճ երեխաների միջին տոկոսային հարաբերությունն ավելի քան երեք անգամ բարձր է, քան ԱՊՀ եվրոպական երկրներում, որտեղ այդ թիվը 6 տոկոս է կազմում:

 

Հարավ-արեւելյան Եվրոպայի խմբի երկրներում երեխաների թերաճության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել երկու երկրներում:

 

Որոշ երկրներում սննդակարգը միատեսակ է: Որոշ երկրներում բնակչության ամենաաղքատ խավն իր օրական կալորիաների 73 տոկոսը ստանում է հացահատիկի եւ ընդամենը 10 տոկոսը` կաթնամթերքի կամ մսամթերքի հաշվին: Ի տարբերություն դրանց, ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում սննդակարգն ավելի հավասարակշռված է. այստեղ մարդիկ հացահատիկից ստանում են կալորիաների ընդամենը 48 տոկոսը, իսկ 29 տոկոսը` կենդանական ծագում ունեցող մթերքներից:

 

Փաստաթղթում նշվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճ է գրանցվում մրգի եւ բանջարեղենի արտադրության ոլորտում, եւ այս միտումը հույս է ներշնչում, որ սննդակարգն այս երկրներում ավելի բազմազան եւ որակյալ կդառնա:

 

Ճարպակալումը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները

 

Դիտարկվող երկրներում հավելյալ քաշ ունեցող մարդկանց թվի աճ է գրանցվել:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մարդկանց 48 տոկոսի եւ ԱՊՀ եվրոպական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում բնակչության ավելի քան 50 տոկոսի մոտ հավելյալ քաշ կամ ճարպակալություն է արձանագրվել: Փաստաթղթի հեղինակները զգուշացնում են, որ հավելյալ քաշը մեծացնում է սննդակարգի հետ կապված հիվանդությունների ռիսկը եւ ավելացնում առողջապահական հաստատությունների ծանրաբեռնվածությունը, հատկապես սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող աղքատ երկրներում:

 

Սննդի բարձր եւ անկայուն գին

Կենտրոնանալով պարենային տեսանկյունից առավել անապահով երկրների խմբի` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա, ՊԳԿ-ն նշում է, որ չնայած վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճին, բոլոր երկրները, բացի Ուզբեկստանից, շարունակում են գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել:  Զգալի կախվածությունը ներկրվող ապրանքներից այս երկրներն ավելի խոցելի է դարձնում միջազգային գների տատանումների կամ արտահանումից գոյացող եկամուտի մակարդակի նկատմամբ:

 

Սպառողների մակարդակով այս երկրներում տնտեսությունների բյուջեների միջինում 30 տոկոսը ծախսվում է սննդի վրա, մինչդեռ Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում այդ թիվը համապատասխանաբար 10 եւ 13 տոկոս է կազմում: Ամենաաղքատ ընտանիքները հակված են իրենց եկամտի շատ  ավելի բարձր մասնաբաժին ծախսել սննդի վրա, որոշ դեպքերում`մինչեւ 70 տոկոսի չափով:

 

Ո՞ր ուղղությամբ շարժվել

 

Փաստաթղթում դիտարկված 18 երկրների մարդկային առողջության եւ զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն ազգային կառավարությունների քաղաքականության ընտրությունից: Հիմնական հանձնարարականը հստակ է. «Կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն գյուղատնտեսական ու գյուղական ոլորտի վերականգնման եւ զարգացման համապարփակ մոտեցման մշակմանն ու իրականացմանը»:

 

Առաջարկվում են պարենային անվտանգության եւ սնուցման ազգային քաղաքականության մի շարք առանցքային բաղադրիչներ.

 

ü  Քաղաքականության կենտրոնացում փոքր հողատեր արտադրողների վրա` գյուղերում աղքատության նվազեցման, արտադրանքի մեծացման եւ գյուղատնտեսական մրցունակության բարելավման նպատակով

ü  Հրաժարում լայնածավալ արտադրությունից եւ մեկ կամ երկու ապրանքի վրա հույս դնելուց

ü  Ընդհանուր տնտեսական աճ

ü  Խուսափում սպառողական  լրավճարներից  եւ գնի վերահսկողությունից

ü  Եկամտի վերաբաշխման եւ սոցիալական ապահովության ծրագրեր` նպատակուղղված բնակչության խոցելի խմբերին

ü  Առեւտրային եւ միջազգային համագործակցություն

ü  Հզոր գիտական եւ տեխնոլոգիական համակարգ, որը խթանում է գյուղատնտեսական ոլորտի նորարությունները

 

«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում, այդ թվում նաեւ ապագա հեռանկարները եւ ծագող խնդիրները» փաստաթուղթը պատրաստվել է ՊԳԿ Եվրոպայի 29-րդ տարածաշրջանային համաժողովին անդամ երկրների դիտարկումները  ներկայացնելու նպատակով: Նույն վերնագիրը կրող օրակարգի կետը նախատեսված է ներկայացնել չորեքշաբթի, ապրիլի 2-ի առավոտյան: Ընդհանուր առմամբ մասնակցության հայտ է ներկայացրել 44 երկրի պատվիրակություն:

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ

  • «Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում» – ամբողջական փաստաթուղթ, որ ներառում է սննդի անվտանգության, եկամուտների, տնտեսությունների ծախսերում սննդի մասնաբաժնի եւ այլնի վերաբերյալ ազգային տվյալները համեմատող աղյուսակներ ու գրաֆիկներ http://www.fao.org/docrep/meeting/030/mj597e.pdf
  • ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ  www.fao.org/europe
  • Տարածաշրջանային համաժողովի կայքերը

www.fao.org/europe/regional-conference/cw2014/en/

www.fao.org/about/meetings/erc29/en/

  • Ձայնային հարցազրույց Ռայմունդ  Յելեի հետ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ (4’45”) :  http://www.fao.org/news/audio-video/detail-audio/en/?uid=10433.

 

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ԿովկասեւԿենտրոնականԱսիա`  Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Թաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

ԱնկախպետություններիհամագործակցությանկամԱՊՀ–իանդամ ԱրեւելյանԵվրոպայիերկրներ`  Բելառուս, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա:

Հարավ–արեւելյանԵվրոպա`  Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, Թուրքիա:

Անկախ

Մանուշակ

մանուշակԱնուշահոտ մանուշակ

մանուշակ1Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է:Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր(դաբաղանյութ), գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:Եռագույն մանուշակն օգտագործվում է գիտական և ժողովրդական բժշկության մեջ, իսկ բուրավետ մանուշակը՝ եթերայուղերի արտադրության մեջ:
մանուշակ2Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված Лесная фиалкаեն ՀՀ Կարմիր գրքում:



Անկախ

ՌՈՍՏՈՄ

default«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնն ինքը իր բովանդակ էութեամբ»։ Սիմոն Վրացյան

Հովհաննես Թումանյանն իր հուշերում գրել է, որ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը ստացել է Զորյանից. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկայ պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի: Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին: Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմաները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով»:

Դժվար է պատկերացնել հայոց ազատամարտի պատմությունն առանց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության: Հիրավի, ՀՅԴ անվանումն այսօր բոլորը գիտեն. բայց արդյոք բոլո՞րը գիտեն նրա հիմնադիր եռյակի` Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին: Այո, քչերը գիտեն, քանզի նրանք գործի մարդիկ էին, այլ ոչ շոու բիզնեսի…

1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ:
Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն և հոգևոր երաժշտություն: Հետագայում որտեղ էլ որ գործում էր Ռոստոմը, միշտ բոլորին փորձում էր սովորեցնել հայ հոգևոր երաժշտություն և հեղափոխական երգեր: 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան: Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր և հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր: Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթո մականվամբ:

Թիֆլիսյան ուսումը բավարար չէր Ռոստոմի թռիչքի ձգտող մտքի համար, և շուտով պատանին Եվրոպա է անցնում ու ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, որն ավարտելուց հետո ավարտում է նաև Մոսկվայի գյուղատնտեսական համալսարանը: Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում: Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը, շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից, սիրում էր հատկապես Գոգոլին և կարող էր անգիր արտասանել «Տարաս Բուլբան»:

Ռոստոմն անձամբ մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ, բավական երկար ժամանակ էր անցկացնում մեծ բանաստեղծի հետ, որը հենց Ռոստոմի ազդեցությամբ անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Ահա թե ինչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը Ռոստոմի մասին. «…Տարբեր միջավայրերից եկած, տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ, հանդիպելով Բաղդի քեռու տանը, զրուցում են միմեանց հետ, կարծիքներ փոխանակում և ավելի շատ վիճում: Զրույցների և վեճերի նյութը գլխավորապես գրականությունն ու պատմությունն էին»: Մրցում էին իրենց իմացածով և իրար դեմ հանում. Թումանյանը` հայկականը, Զորյանը՝ ռուսականը: «Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել,- գրում է Թումանյանը:- Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա»:

Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով: Սակայն Ստեփանն արդեն ընտրել էր իր հայ ազատամարտի ուղին: Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում:

Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի գյուղ` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` հեղափոխության հորձանուտը: 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում: Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր: Այս ընկերությունը մեծ պտուղ տվեց ընդամենը մեկ տարի անց:

Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն: Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ: Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին: 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը: Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն: Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ:
Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս:
Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը: 1895 թ. նա հաստատվում է Կարինում: Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում և նահանգում: Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան: Ռոստոմը Կարինում հաստատվեց նաև 1910-1914 թթ.: Եվ նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում:

Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում: Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան: Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին: Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով: Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1902 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ: Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը: Ռոստոմն ակտիվ էր նաև հետագայում` Բալկանյան պատերազմում, երբ Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորներով Բալկաններում պատերազմում էին թուրքերի դեմ:

1903 թ. նա կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ, իսկ 1904-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը:

1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը:
Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը:
Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր: Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմն իրեն նետեց նրա բոցերի մեջ: Պարսկական հեղափոխության առաջամարտիկները հենց հայերն էին, Ռոստոմը գաղափարական ճակատում, Նիկոլ Դումանն ու Եփրեմ խանը` ռազմի դաշտում:
Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում: Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը: Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր և կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը:

Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չի ստացել: Բայց գործի մեջ` հանձնարարություններր կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: Ըստ նրա` այդ կարգապահությունը պետք է դառնա դաշնակցականի, առհասարակ հային բնորոշող գծերից մեկը: Գործի և պայքարի ժամանակ նա երբեմն անգամ դաժան էր, միաժամանակ զգայուն ու նուրբ հոգի ուներ ու անսահման բարություն:

1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում: Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս:

Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով:
Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը: Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում: Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը: 1919 թ. հունվարի 18-ի գիշերը` իր երեսնամյակի օրը, նա մահացավ: Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը` Եղիսաբեթն ու դուստրը` Թագուհին: Անկողնում գամված` նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես` նրա «Հայր մերը»: Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտեռնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը:
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, – ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար,:

 

 

Հայ թոշակառուները օվկիանոսի ափին կոկոսի կոկտեյլ խմել չե՞ն սիրում

տիգրան սարգսյան«Թոշակս 21 հազար դրամ ա, բալա՛ ջան, ստանում եմ, 6 հազարը դնում եմ մի կողմ` հացի փող, դեղերս առնում եմ, տակն էլ ինչ մնում ա, էդ հա՛մ իմ ուտելու փողն ա, հա՛մ ապրելու, հա՛մ լույսի, հա՛մ գազի, ամեն ինչի»,- հառաչելով պատմում էր ծանոթներիցս մեկը` Ազատուհի տատը, որ ընդհանրապես դժգոհելու և գանգատվելու սովորություն չունի, բայց երկար համոզելուց հետո, որոշեց իր փորձը փոխանցել, թե ինչպես կարելի է ամսական 21 հազար դրամով ողջ մնալ: Հարցրի. «Ազատուհի՛ տատ, բա հացից բացի ուրիշ բան չե՞ս ուտում, ոնց էլ հաշվում եմ, հացի ու դեղերիդ փողը հանած, հազիվ մի 5-6 հազար դրամ փող է մնում»: Ազատուհի տատն էլ թե. «Երևի պետությունը որոշել ա, որ իմ կերածը կորած ա, դե ես էլ ամբողջ կյանքում օրինապահ քաղաքացի եմ եղել, որ որոշել ա, ես ի՞նչ անեմ, հո չեմ կարա պետությանը դեմ գնամ, ստիպված յոլա եմ գնում, էսպես էլ մնա` լավ է…»,- արդեն կատակելով պատասխանեց Ազատուհի տատը, բայց տարիների բեռից հոգնած աչքերի մեջ զայրույթի կայծեր երևացին:

Ազատուհի տատի հետ զրույցից հետո մի ամբողջ շաբաթ անընդհատ մտքում փորձում էի, դպրոցում հանրահաշվի դասերից ստացած գիտելիքներս բանեցնելով, ամբողջ ամիսը 21 հազար դրամով գոյատևելու բանաձև` օրվա կարգացուցակ ու ճաշացուցակ կազմել, որ Ազատուհի տատի «կերածը կորած չլինի»: Բայց թեև հանրահաշվից միշտ էլ գերազանց թվանշաններ եմ ստացել, ինչպես էլ համադրում էի տիկին Ազատուհու օրվա կարգացուցակն ու ճաշացուցակը ստացած թոշակի հետ, մեկ է, վերջում ծեր կինը «սոված էր քնում»…

արտեմ ասատրյանԲայց Ազատուհի տատը Հայաստանում ապրող թոշակառուների մեջ եզակի բացառություններից չէ, ոչ թե տասնյակ, այլ հարյուրհազարավոր աղքատ թոշակառուներից մեկն է: Նրա հետ խոսել էի կառավարության մարտի 19-ի նիստից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է թողնում Հայաստանում աղքատության կրճատման վրա:
«Քանի որ գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության խնդրի հետ, և մենք, այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով բարձրացնելով թոշակները, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որպեսզի առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նախարար Ասատրյանն էլ պատասխանեց վարչապետի հարցին ու նշեց, որ 2014 թ. բյուջեում ներառվեց 29 միլիարդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով, և վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի ԱԺ-ին ներկայացվի թոշակների հաշվարկման կարգի հետ կապված փոփոխություն ու հիմնական շեշտադրումը լինի առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացումը:

Մինչև 2014 թ. հունվարի 1-ը, ըստ նախարարի, Հայաստանում կար 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ, և 333 հազար կենսաթոշակառու` կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը, որոնք ստանում էին աղքատության վերին գծից ցածր կենսաթոշակ:

Եվ նախարարը հպարտացավ. «Բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակներ ստացողների թիվը: Հունվարի 1-ի դրությամբ նրանց թվաքանակը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու: 230 հազար անձանցից, որոնք ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, ունենք 138 հազար 300 անձ, որոնք ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ: Այսինքն` շուրջ 40 տոկոսով նվազել է ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: Եվ 333 հազար անձի փոխարեն, որոնք ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ, մենք բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»,- ասաց նախարարը` շեշտելով, որ թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:
թոշակՎարչապետն այս կապակցությամբ նշեց, որ հասկանալի է` կենսաթոշակների բարձրացումը դեռևս շոշափելի չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակների բարձրացումներն ուղղվելու են այդ ծախսերին: Բայց դրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, շոշափելի փոփոխություններ են, և կառավարությունն այս ռազմավարությունը պետք է շարունակի` այն դիտարկելով որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք:

Դեռ մի կողմ թողնենք, որ ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ճիշտ չէին նշում Հայաստանում կենսաթոշակառուների թիվը, որովհետև պաշտոնական` ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն` Հայաստանում ապրում է 512 հազար 505 թոշակառու: Կարևոր է մի ուրիշ հանգամանք. Հայաստանում, նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ: Եթե այս մեծությունը համեմատենք աղքատության գծի հետ` դրամական այն արժեքի, որից քիչ ամսական սպառում ունեցողները համարվում են աղքատ, ապա պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Հայաստանում աղքատության 3 գիծ կա` ծայրահեղ աղքատություն կամ պարենային գիծ, որը 21 հազար 700 դրամ է (այսինքն` այն մարդիկ, որոնք ամսական այսքան գումարից քիչ են սպառում, համարվում են ծայրահեղ աղքատ), աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամ, և վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամ: Փաստորեն, Հայաստանում կենսաթոշակների միջին չափը գտնվում է ծայրահեղ աղքատության ու աղքատության ներքին շեմի միջակայքում:
Բայց դա ամենևին էլ չի շանակում, թե նրանք, ովքեր ինչ-որ հրաշքով 37 հազար դրամից ավելի բարձր թոշակ են ստանում, արդեն աղքատ չեն:
Պատճառը շատ պարզ է: Հայաստանում գոյություն ունի նաև նվազագույն սպառողական զամբյուղ հասկացությունը, այսինքն` մեկ չափահաս անձի համար, ամսվա կտրվածքով, անհրաժեշտ նվազագույն գնումների համախումբը, որի մեջ մտնում են պարենը և առաջին անհրաժեշտության ապրանքները: Եվ այդ նվազագույն սպառողական զամբյուղը, նույն ԱՎԾ-ի հաշվարկներով, 2013 թ. ամենավերջին տվյալներով կազմել է 56 հազար 200 դրամ: Անհասկանալի է ուրեմն, թե ինչու աղքատ չեն համարվում այն մարդիկ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից պակաս գումար են ծախսում:

Այս հաշվարկների ժամանակ հիշեցի, որ երկու տարի առաջ ամառային արձակուրդն անցկացնում էի Շրի Լանկայում, 15 օրվա էկոնոմ կարգի ուղեգրերի համար ստիպված էինք եղել խնայել մի ամբողջ տարի: Իսկ մեր չորսաստղանի հյուրանոցում հանգստացողների ճնշող մեծամասնությունը` մոտ 90 տոկոսը, անգլիացի, շվեդ, նորվեգացի ու շոտլանդացի թոշակառուներ էին, որոնք ձեռք էին բերել հիմնականում 1-1.5 ամիս տևողությամբ «օլ ինքլյուզիվ» ուղեգրեր, պառկում էին կոկոսի ծառերի տակ, հիանում օվկիանոսի գեղեցկությամբ, ընդունում արևային լոգանք, իսկ հյուրանոցի աշխատակիցները նրանց էին մատուցում կոկոսի կոկտեյլներ ու էկզոտիկ մրգեր… Իսկ Հայաստանում ազատուհիները, եթե բարեկամ-հարազատի օգնություն չեն ստանում, ստիպված են թաքուն երազել կուշտ լինելու մասին: Անգամ նրանք, որոնց թոշակը բարձր է համարվում: Որովհետև, ինչպես նշում են կառավարության հարգելի անդամները, միջազգային տնտեսական ճգնաժամ կա, տնտեսական խնդիրներ կան և այլն, և այլն:
Հիմա մե՞նք են ավանդապահ, մեծին հարգող, մեծի արժեքն իմացող, թե՞ եվրոպացիները: Միգուցե հայ թոշակառուները օվկիանոսների ափերին կոկոսի կոկտեյլներ խմել չե՞ն սիրում…

 

Ի՞նչ խնդիրներ են ծագել Եվրոպայի շախմատի երևանյան առաջնությունում

OՀայաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մասին տարբեր խոսակցություններ են հնչում: Այն բաց չէր, խաղացողները պարտիաներն անցկացնում էին մեկուսացած, մարզասերներից, նաև մամուլի ներկայացուցիչներից անջատ և չէին զգում հանդիսականների հևքը: Մրցավայրը` «Էլիտ պլազան», այդ առումով թերևս լավագույն մրցատեղին չէր, սակայն կազմակերպիչները չէին գտել մեկ այլ տարբերակ: Ի դեպ, չեմպիոն դարձած ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովն էլ զարմացած էր մնացել, որ պարտիաներից մեկի ժամանակ վերևից անձրևաջուր է կաթացել խաղատախտակին, և պարտիան ընդհատել են, որպեսզի տեղափոխվեն: Իմաստ ունե՞ր մեր երկրում Եվրոպայի շախմատի առաջնություն անցկացնել: Այդ և ծագած մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ:

– Առաջնության կազմակերպումը դժվարությունների հետ էր կապված, խնդիրներ առաջացան, այդուհանդերձ այն Հայաստանի համար շատ օգտակար էր: Մեր երկրի մեծ թվով շախմատիստներ հնարավորություն ունեցան խաղալու ուժեղագույնների մասնակացությամբ ստուգատեսում: Հայաստանի շախմատիստներից ոմանք բարձրացրին իրենց վարկանիշները: Մերոնցից 8-ը լրացրին միջազգային տարբեր նորմեր: Դա հնարավոր չէր լինի, եթե առաջնությունը չանցկացվեր Հայաստանում: Վերջին մի քանի տարվա Եվրոպայի առաջնություններում, Հայաստանի հավաքականի անդամներից բացի, սահմանափակ թվով շախմատիստներ էին խաղում, իսկ այս անգամ հանդես էր գալիս 82 շախմատիստ: Մամուլում մեկնաբանություններ եղան, թե ինչու են Հայաստանից այդքան շատ խաղացողները: Այդ անտեղյակությունը զարմացնում է: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնությունը բաց է, նույնիսկ վարկանիշ չունեցող շախմատիստը կարող է խաղալ, եթե մուծել է սահմանված մուտքավճարը, այն 220-225 եվրո է: Իսկ մեր պատանի, վետերան լավագույն շախմատիստները, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջնորդությամբ, մասնակցելու համար զեղչերով էին վճարումներ կատարել:

– Նաև մեդալի մյուս երեսը նայենք: Չնայած մեծ ծախսերին, մեդալակիր չունեցանք: Ընդ որում, Եվրոպայի ուժեղագույնները չէին խաղում: Ի վերջո, աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ստացած շախմատիստներից 3-ը մեր երկրից են, սակայն մերոնք ամենայն հավանականությամբ չեն գնա Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի մասնակցեն այդ ստուգատեսին:
– Բացակայում էր մեր առաջատարը` Լևոն Արոնյանը: Ուժեղագույնները` Հայաստանի հավաքականի մյուս անդամները, իրենց վարկանիշով 100 լավագույնների շարքում շատ բարձր տեղեր չեն զբաղեցնում: Երբ բարձրակարգ շախմատիստներ են խաղում, նրանց հետ մրցավեճում դժվար է հաջողության հասնել, անակնկալ մատուցել: Չէի ասի, թե մերոնք ընդհանրապես հնարավորություն չունեին մրցանակակիր դառնալու: Վլադիմիր Հակոբյանի բախտը մի փոքր չբերեց, թեև նա պայքարում էր ամեն պարտիայում, որպեսզի միավոր վաստակի և բարձր տեղ գրավի: Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Սամվել Տեր-Սահակյանին մարզական չարությունը չբավականացրեց: Թերես գիտակցելով, որ մրցանակային տեղի համար պայքարելը դժվար է, նրանք գործնական տարբերակների անցան և ցանկացան անպայման տեղ գրավել 23 ուղեգրերի համար մրցողների խմբում: Այդուհանդերձ, եթե հայացք գցենք վերջին տարիների Եվրոպայի առաջնություններին, ապա կնկատենք, որ մեր երկրի ներկայացուցիչներն այս անգամ ակնհայտորեն ավելի լավ են հանդես եկել: Աշխարհի գավաթի խաղարկության 3 ուղեգիր այդ ստուգատեսներում մերոնք երբեք չեն նվաճել: Երբեք Հայաստանից 13 տարեկան պատանին Եվրոպայի առաջնությունում գրոսմայստերի նորմ չի լրացրել: Խոսքը Հայկ Մարտիրոսյանի մասին է: 11-ամյա Շանթ Սարգսյանն էլ զարմացրեց` լրացնելով միջազգային վարպետի նորմ: Մի՞թե կարելի է առաջնությունը մեր համար անհաջող համարել:

– Խոսակցություններ եղան, նաև հրապարակումներ մամուլում պարտիաներն առանց պայքարի հանձնելու մասին, իբրև թե մեր անվանի գրոսմայստերները, «առատաձեռնություն» դրսևորելով, այդ արել են պատանի մեր այն շախմատիստների հետ մրցամարտերում, որոնք միջազգային նորմեր լրացնելու են հավակնել:
– Ինձ համար տարօրինակ էր, որ դա ասվել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացրած Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի հասցեին, քանի որ երկուսն էլ պատանեկան միջազգային մրցաշարերում քանիցս մեդալների են արժանացել: Վերջերս էլ Հայկը Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում, վստահորեն խաղալով, լրացրել էր միջազգային վարպետի նորմ, նաև հաղթել է ադրբեջանցի միջազգային երեք վարպետի: Ընդ որում, պատնիների հետ մրցած գրոսմայստերներ էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պրոֆեսիոնալ խաղացողներ են, և նրանց մարզական կենսագրության ընթացքում նախկինում որևէ դեպք չի արձանագրվել, որ պայմանավորված միավոր նվիրեն կամ ստանան:

– Մեծ գումարներ էին ծախսվել: Դա արդարացրե՞ց իրեն, առաջնությունը ստացվե՞ց:
– 160 հազար դոլար պարգևատրման հիմնադրամն էր, 40 հազար դոլար էլ մուծվել էր Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի գանձարկղը, միայն այն բանի համար, որ այդ ստուգատեսն անցկացնելու իրավունքը Հայաստանին էր վերապահվել: Խնդիր կար, մենք պատրաստ չէինք Երևանում շախմատի առաջնություն անցկացնելու: Բանն այն է, որ դժվար էր գտնել համապատասխան պայմաններ ունեցող դահլիճ: Եղած տարբերակներից ընտրվել էր լավագույնը: «Էլիտ պլազան» ժամանակակից պայմաններ ունի: Վատն այն էր, որ մարզասերները դահլիճում գտնվելու, անմիջականորեն շախմատիստների գործողություններին հետևելու հնարավորություն չունեին:

– Իրոք, մարզասերները, նաև լրագրողները դժգոհ էին, որ այդպիսի հնարավորություն չկա: Մինչդեռ 1996-ին, երբ Երևանի մարզահամերգային համալիրը հյուրընկալել էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին, այդ ստուգատեսի ընթացքին հետևելու համար ավելի անկաշկանդ պամաններ էին:
– Անցած ժամանակամիջոցում կյանքում, նաև շախմատում շատ բան է փոխվել: Այժմ շախմատի մրցաշարերի ընթացքում այնքան էլ ցանկալի չէ, որ դահլիճում հանդիսականներ լինեն: Մարզասերները տեխնիկական միջոցների, համացանցի օգնությամբ կարող են, համակարգչի առջև նստած, հետևել պարտիաների ընթացքին, մեկնաբանություններին, հստակեցնեն, թե այս կամ այն պարտիայում որ շարունակությունն է ավելի ճիշտ և այլն: Ամբողջ աշխարհում այս միտումը տարածված է:

– Այդուհանդերձ, լրագրողները գերադասում են գտնվել կատարվող իրադարձությունների վայրում: Խաղից առաջ դահլիճում անցկացնելու համար տրամադրված մի քանի րոպեն բավական չէ աշխատելու համար: Թերևս այդ է պատճառը, որ Երևանում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը մամուլում մեծ ուշադրության չարժանացավ:
– Մի շարք լրագրողներ գտել էին ելքը և պարտիաների ավարտից հետո շախմատիստների հետ հարցազրույցներ էին անցկացնում, փորձում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Եթե դահլիճում լրագրողներ, նաև հանդիսականներ գտնվեին, ավելի ճոխ կլիներ, բայց միևնույն է, էական տարբերություն չէր լինի, և լրագրողներն էլ չէին կարող զրուցել խաղացողների հետ: Ի դեպ, շախմատիստներից ոմանք դժգոհ էին, որ հանդիսականների աչքից հեռու են եղել և այն կարծիքին են, որ ինչպես ֆուտբոլի մարզադաշտում, մարզասերների ներկայությունը ոգևորում է խաղացողներին, նույն բանը կարող է կատարվել նաև շախմատում: Ինքս համոզված չեմ, որ շատերն են այդ կարծիքին, քանի որ եթե մարզասերների ներկայությունը ոմանց կարող է քաջալերել, ապա մի մասին էլ կարող է խանգարել:

– Առաջնության օրերին Հայաստանում էին Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Շախմատի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը, բայց նրանք էլ լրագրողներից հեռու էին: Իսկ առաջնության փակման հանդիսավոր արարողությանը դրսից ներկա չէր շախմատի ոչ մի պաշտոնյա:
– Քանի որ Եվրոպայի առաջնություն էր, ապա Իլյումժինովի Երևանում գտնվելը սոսկ վերաբերմունք էր: Դա Դանաիլովի գլխավորած կազմակերպության միջոցառումն էր: Ցավալի էր, որ փակմանը ոչ մի արտասահմանցի ղեկավար չկար: Բանն այն է, որ շախմատի պաշտոնյաները շարունակ տարբեր երկրներ են այցելում, զբաղված են: Դանաիլովն Իսլանդիայում ներկա էր միջազգային խոշոր մրցաշարի` նվիրված աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի հիշատակին: Իլյումժինովը Խանտի Մանսիյսկում էր, ապա` Թբիլիսիում, հետո էլ` Աֆրիկայում և այլն:

– Ձեր` որպես մրցավարի միջամտության կարիքը զգացվե՞ց: Առիթներ ունեցա՞ք պատժելու կարգազանց շախմատիստների:
– Ուշանալու պատճառով երկու մասնակցի պարտություն գրանցվեց: Դրանցից մեկը հայ, մյուսը` ֆինն շախմատիստ էր: Մեր հայրենակիցը պատանի խաղացող է, ոչ այնքան ուժեղ և անլուրջ մոտեցում էր դրսևորել: Իսկ Ֆինլանդիայի ներկայացուցիչը առավոտյան ուղևորվել էր Սևան: Նա հաշվի չէր առել, որ ցերեկը Երևանում խցանումներ են լինում, և չէր հասցրել ժամանակին մրցավայր ներկայանալ: Իսկ կանոնակարգով, երբ սկսվում է տուրը, բացակայողներին անմիջապես պարտություն է գրանցվում: Ի դեպ, նրա մրցակիցը հայ էր և պատրաստ էր մրցելու: Բայց ֆինն շախմատիստը հայտնեց, որ ինքը խախտել է կարգը և գիտակցում է, որ պետք է տուժի:

– Իսկ տուրերի ընթացքում հեռախոսազանգեր չհնչեցի՞ն, դրա համար պատժվողներ չեղա՞ն:
– Ոչ: Նախասրահում խաղացողները հնարավորություն ունեին հանձնելու բջջային հեռախոսները: Արտասահմանցիների մեծ մասը գերադասում էր հետը հեռախոս չբերել: Ի դեպ, դահլիճից դուրս մյուս գոտիներում մեր երկրի ներկայացուցիչները` մարզիչները, ծնողները և այլք, երբեմն կարգը խախտելով` հեռախոսով փորձում էին զրուցել, որի համար խիստ դիտողությունների էին արժանանում: Երևանում երկար ժամանակ խոշորամասշտաբ շախմատի մրցաշար չէր անցկացվել, մարդիկ հավանաբար տնավարի էին վերաբերվում խստացված նոր կանոններին:

– Առաջնությանը մասնակցած 62-ամյա Ռաֆայել Վահանյանի խաղի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ էր բացակայում Սերգեյ Մովսիսյանը:
– Վահանյանի փայլուն մեկնարկը, տպավորիչ հաղթանակով ավարտած պարտիաները գեղեցկացրին առաջնությունը: 3-4 տարի է` նա խոշորամաշտաբ ստուգատեսների չի մասնակցում, հանդես է գալիս Գերմանիայի ակումբային առաջնությունում: Նա երկար տարիներ Հայաստանի լավագույն շախմատիստն է եղել, ուժեղագույններից մեկը աշխարհում: Փաստորեն, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Վահանյանը մնում է Վահանյան: Ցավոք, նա մի փոքր վատառողջ էր և առաջնությունը կիսատ թողեց: Դժվարանում եմ ասել, թե Մովսիսյանն ինչու չխաղաց: Հնարավոր է, որ նա ծանրաբեռնված աշխատանք էր կատարել և օգնել Խանտի Մանսիյսկում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում խաղացող Լևոն Արոնյանին ու չէր հասցրել նախապատրաստվել:

Ծագող արևի երկրի հայ դեսպանը մեկնեց, բայց «չհեռացավ» Հայաստանից ու հայերից

ճապոնացի«Ինչո՞ւ այս մարդիկ իրենց հայրենիքում չեն ապրում»,- աշխարհասփյուռ հայության մասին ճապոնացի Դայսակու Վատանաբեի այս հռետորական հարցը դարձավ հայագիտությանը նվիրվելու, հայերենն ուսումնասիրելու գլխավոր պատճառը: Տոկիոյի համալսարանի ուսանողը հաճախ է շրջագայությունների մեկնում:
– Ուր գնացել եմ, հայերի եմ հանդիպել, մշտապես զարմացել, թե ինչու են նրանք ապրում այլ երկրներում: Նրանք ինձ պատմել են 1915-ի դեպքերի մասին, ցեղասպանության պատմությունները պարզապես ցնցել են: Ես հասկացա հայկական սփյուռքի առաջացման պատճառը: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2002-ին, այն ժամանակ` որպես զբոսաշրջիկ, երբ վերադարձա, զգացի, որ մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու այս փոքրիկ երկիրը կարոտում եմ: Եվ ահա եկա հստակ նպատակով` սովորել աշխարհի հնագույն լեզուներից մեկը` ոսկեղենիկ հայերենը: Ես գիտեմ մի քանի լեզուներ` դե իհարկե իմ մայրենին` ճապոներեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, մի քիչ ֆրանսերեն, ըստ էության բոլոր լեզուներն եմ սիրում, բայց հայերենը հարազատ է, հասկանո՞ւմ եք: Տառերը շատ գեղեցիկ են, մաշտոցյան այբուբենը ինքնատիպ է, հնչյունական համակարգի մասին էլ խոսք չկա, քիչ լեզուներ կան, որտեղ ամեն մի տառ իր հնչյունն ունի, սա մեծ հարստություն է»,- խոստովանում է Դայսակուն:

10153342_719339191422006_1418604541_n2011-ին, երբ Վենետիկում հանդիպեցի Դայսակուին, ապշել էի նրա` հայերի ու հայերենի մասին գիտելիքի պաշարից: Նա մասնակցում էր հայագետ, Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքիյանի հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացին` սովորելով արևմտահայերեն և ուսումնասիրելով համահայկական պատմությունն ու մշակույթը: Սուրբ Ղազար կղզում` Մխիթար Սեբաստացու արձանի մոտ Դայսակու Վատանաբեի լուսանկարը հայկականության հանդեպ Դայսակու սիրո խտացումն է: Գիտելիքները խորացնելու նպատակով նա 2011-ի հոկտեմբերին երկու տարի ժամկետով եկավ Երևան, ընդունվեց ԵՊՀ նախապատրաստական բաժին` առաջին հերթին կատարելագործելու լեզուն, ապա նոր նյութեր հավաքելու գիտական թեզ պաշտպանելու համար:
– Եղել եմ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում… Սփյուռք երևույթն ինձ համար անչափ հետաքրքիր է: Դիսերտացիայիս նյութերը հավաքելու նպատակով ես Հայաստանից մեկնեցի նաև Իրան` ուսումնասիրելու տեղի պարբերականները, մամուլը, որտեղ արտացոլված է իրանահայերի պատմությունը,-ասում է Դայսակուն:
Իրանցիների և իրանահայերի հարաբերությունները նրա դիսերտացիայի թեման են: Որոշակի առումով նաև քաղաքական հարցեր է շոշափում:

– Չգիտեմ, դեռևս շատ գործ կա կատարելու, պատասխանատու աշխատանք է, կա՛մ Եվրոպայի երկրներից մեկում, կա՛մ Ճապոնիայում պետք է պաշտպանեմ ավարտական թեզս:
Ճապոնացի երիտասարդի Հայաստանում անցկացրած օրերը չափազանց հագեցած էին, լեցուն ոչ միայն համալսարանական ու կրթական ծրագրերի մասնակցությամբ:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում կատարողական բարձր արվեստով, երաժշտությունը մոտեցնելով հանդիսատեսից յուրաքանչյուրի սրտին ու հոգուն. սա Դայսակուի գնահատականն է: Նա բաց չի թողել երևանյան որևէ դասական համերգ ու մշակութային իրադարձություն, լսում է Բաբաջանյան, Խաչատրյան, Հախվերդյան… Երևանի ճապոնացի բնակիչը հայաստանյան մշակութային օջախների սպասված հյուրն է, գրավաճառների ամենահետաքրքիր հաճախորդը, տաքսու վարորդների բարեկիրթ ուղևորը:

10151562_720131744676084_1963056756_n– Առաջին հայերեն գիրքը, որ կարդացի, Րաֆֆու «Խենթն» էր, շատ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ հայերենս այնքան էլ լավ չէր: Երբ ավելի խորությամբ կարդացի Րաֆֆի, ինձ դուր եկավ «Պարույր Հայկազնը»: Հիմա ժամանակս ավելի շատ տրամադրում եմ մասնագիտական գրականության ընթերցանությանը:
Դայսակուն Հայաստանից երկու հարյուրից ավելի կտոր գիրք է իր հետ տանում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Լեոյի «Հայոց պատմությունը», Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան, Շիրազ, Չարենց, Վարուժան, Րաֆֆի, Ռոմանոս Մելիքյան, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ռաֆայել Իշխանյան…
– Տեղ չկա, մի մասը փոստով եմ ուղարկել, մի մասն ինձ հետ վերցրել, մի մասն էլ թողնում եմ, որ երբ էլի գամ, տանեմ Տոկիո:
ԴայսակուՎատանաբեն ուսումնասիրում է ոչ միայն արևելահայերենն ու արևմտահայերենը, այլև գրաբարը, և ամենաուշագրավն այն է, որ հայերենի բոլոր դրսևորումներն ու նաև բարբառները սովորում է ոչ թե մեխանիկորեն, այլ զգալով հայերենի հմայքը, Նարեկը թերթելիս չթաքցնելով հիացմուքը`ի՜նչ ճոխ է, չէ՞:
Այս երկուսուկես տարում Դայսակուն հաճախեց դաշնամուրի, ռուսերենի մասնավոր պարապմունքների, հայ հնագետների հետ մասնակցեց պեղումների, այցելեց Հայաստանի պատմամշակութային վայրեր, Արցախ:
– Ճապոնիայում, ցավոք, հայերի մասին շատ բան չգիտեն, բայց գիտեն Անաստաս Միկոյանին, Արամ Խաչատրյանին, Փարաջանովին, Այվազովսկուն և իհարկե Լևոն Արոնյանին: Հայաստանում սովորելու գումարը ճապոնացի երիտասարդին փոխանցել է Տոկիոյի մասնավոր հիմնադրամներից մեկը: Երևանյան օրերին Դայսակուն նաև զբաղվել է թարգմանությամբ` անգլերենից ճապոներեն թարգմանելով Ջորջ Բուռնությանի «Concise history of Armenian people» գիրքը: Ճապոնացի երիտասարդը նշում է, որ հայագետի բարձր տիտղոսին հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու: Նրա ցանկությունն է, որ իրանահայերի վերաբերյալ գիտական հետազոտությունն ավարտելուց հետո կզբաղվի այլ երկրներում հայկական սփյուռքի ուսումնասիրությամբ: Նպատակներից մեկն էլ Տոկիոյի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնումն է: Ճապոնական հիերոգլիֆներից հետո մեծ խանդավառությամբ հայերենը սերտած ճապոնացի Դայսակուն ընդգծում է, որ հայերի ու ճապոնացիների գլխավոր ընդհանրությունը ամաչելու հատկությունն է:
– Չեմ կարող ասել` ինչից ենք ամաչում, բայց այդ առանձնահատկությունը նկատել եմ: Հայերը շատ բարի են, հյուրընկալ: Ինչ վերաբերում է կարոտի զգացումին, ապա մենք ևս կարոտում ենք, պարզապես կարողանում ենք զգացմունքները թաքցնել, ավելի սառը վերաբերմունք ցուցաբերել:

Հիմա արդեն Դայսակուն կես կատակ խոստովանում է` կիմանոյով ճապոնահայ եմ: Մոլորակի գերզարգացած երկրներից մեկի` Ճապոնիայի բնակիչը նախընտրում է Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որտեղ հանգիստ է, չկա մեգապոլիսին բնորոշ աղմուկն ու կյանքի ռիթմը: Նա մեկնեց` խոստանալով վերադառնալ հունիսին:

10153619_719984091357516_1110262873_nՄինչ այդ մեկ հարցոմ ակնկալելով ընթերցողների օգնությունը` փնտրել ու գտնել Երևանից գնած ժամացույցի հասցեատիրոջը: Դայսակու Վատանաբեն շատ է սիրում հնագույն, հատկապես խորհրդային ժամանակների իրեր: Վերնիսաժից գնած ձեռքի ժամացույցը նրա ամենասիրելի իրն էր, բայց հիմա նա փնտրում է ժամացույցի տիրոջը: Ժամացույցի վրա գրված է` «Լուսիկից` Գուրգենին, ծննդյան 40-ամյակի առիթով»:
– Եթե նրանք ողջ են, ես կցանկանամ վերադարձնել ժամացույցը, առանց որևէ գումարի, երևի կարիքից դրդված են վաճառել: Չէ՞ որ դա նրանց համար թանկ ու հիշարժան իր է…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ճգնաժամային տեղեկատվություն

Շահան ԳանտահարյանՀալեպից  ու Դամասկոսից մինչեւ Ղրիմ, անցնելով Իրաքից եւ Եգիպտոսից վերադառնալու համար Քեսապ, ապահովական ցնցումներն ու նրանց զուգակցված քաղաքական իրադարձությունները մեկնաբանելը հայկական լրատվական ոսպնյակների համար հավելյալ ճիգ, կենտրոնացում, մաքրազտման մեքենականություն եւ արհեստավարժ համապատասխան աշխատանք է պահանջում:

Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թեժ կետերը առնչված են նաեւ հայկական գործոնի հետ. կամ էլ այն բնական մղման բացատրությամբ, որ այնտեղ կան հայկական համայնքներ:

Քաղաքագիտական  անառարկելի տեսություն է, որ պատերազմներին ընկերակցում է  տեղեկատվականը եւ հատուկ ծառայությունները լրատվականների հետևում կանգնած ղեկավարում են այդ ոլորտի պատերազմը:  Այս տեսությունը միայն պատերազմների դեպքում չէ, ընդհանուր հասկացություն է. պարզապես թեժացումը բնականաբար արձանագրվում է լարված իրավիճակների կամ ռազմական ընդհարումների ընթացքում:

Հայկական կողմի համար ճգնաժամային տեղեկատվությունը անպայման նկատի պիտի ունենա բազմագործոնային հանգամանքներ: Նախ այն իհարկե, որ պիտի սահմանազատի քարոզչականը լրատվականից: Անկախ մամուլ հասկացությունը այսօր հեքիաթային բնութագիր ունի, եւ որեւէ լրատվամիջոց իր առջեւ գերխնդիր չի դրել միայն ճշմարիտը, զուտ առարկայականը ընթերցող լսարանին հասանելի դարձնելու հրամայականը: Սա բացառապես տեսություն է, որը որեւէ առարկայացում չի գտնում որեւէ միջավայրում: Խնդիրը ուրեմն հնարավոր առարկայականությունը պահելու հմտությունում է կայանում: Քարոզչական հզոր մեքենաների արտադրանքների ուղղվածությունը հասկանալու, քարոզչական թիրախն ըմբռնելու եւ ըստ այդմ լուրի վերարտադրման չափը ճշտելու եւ տալու: Հաճախ այնքան համատարած տարողություն է ստանում այդ արտադրանքի լրագրական շուկայացումը, որ դժվար է թվում շուկայի ճշտած օրինաչափությունից հեռու մնալու փորձությունը հաղթահարելը: Այսպես է, որ Սիրիայի դեպքերի լուսաբանման խաղի կանոնները, հաճախ ճշտված Արեւմուտքից, երբեմն Ռուսաստանից, գրավում են տեղեկատվական տարածքները:

Այս թոհուբոհում պատահում է, որ լրատվական կողմնակի թիրախի է վերածվում հայությունը: Ընդհանրապես խուճապային իրավիճակների մատնելու նպատակ հետապնդող ապատեղեկատվությունները տարբեր աղբյուրներ ունեն: Երբեմն անորոշ կայքեր  են մեջբերվում, այլ դեպքերում հղում է կատարվում տվյալ լրատվամիջոցին, որի սկզբնաղբյուրն ու պատկանելիությունը անհստակ լինելով ոլորապտույտի մեջ են թողնում լուրի վավերականությունը ստուգել փորձող մամուլի որեւէ ներկայացուցչին: Մինչ այդ, սակայն, լուրը կրկնօրինակվում է, պատճենահանվում է, երբեմն  համեմվում ցանկալի մեկնաբանություններով եւ  շրջանառությունը բազմապատկվում: Բացառված չէ այս դեպքերում, որ շրջանառության մեջ դնող ու անմիջապես անհայտացող լրատվամիջոցը մեր հակառակորդների ուղղակի կամ անուղղակի ներշնչումը ունեցած լինի:

Նման օրինակները բազմաթիվ են: Ճգնաժամային տեղեկատվությունը հատկապես հայկական լրատվամիջոցների համար արագ ու զգայացունց լինելու մղումներով պետք չէ հատկանշվի: Այստեղ կա իրավիճակին տեր կանգնելու, խուճապային տրամադրությունների ստեղծման առաջն առնելու, զուսպ ու հավասարակշիռ մոտեցման վարքագիծը որդեգրելու եւ մանավանդ արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անվտանգությունը գերադասելու անհրաժեշտությունը:

Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը  երկար ժամանակ: Մինչ այդ հայության հետ կապված որեւէ լուրի վավերականությունն ու ճշմարտացիությունը ստուգելու համար բացառապես պետք է հենվել տեղի հայկական պաշտոնական լրահոսի փոխանցած տեղեկատվության վրա` այնտեղ նկատելու համար ճշտված շեշտադրումները, տարողություններն ու չափերը: Ամպագոռգոռությունից, զգացականությունից եւ մանավանդ քարոզչական առավելություններ շահելու փորձություններից հեռու մնալը այս դեպքում ոչ միայն լրագրական օրինաչափություն է, այլ նաեւ անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Գարնան գլխավոր խնդիրը. Ինչպես պետք է սնվել

վիտամինՇատ հաճելի եղանակ է հիմա, տաք քամի, արև, ձմեռվա ցրտից ընդարմացած մարմինների ազատագրում`  արևի ջերմության ազդեցությամբ: Սակայն գարունը մեր օրգանիզմի համար ոչ միայն բերկրանքի , այլև վիտամինների անբավարարության, նաև, ինչ-որ չափով նվաղման ժամանակաշրջան է: Ավիտամինոզն այն բանը չէ, որ կարելի է ականջի ետև գցել, չմտածել դրա մասին և ընդհանրապես լուրջ չընդունել:

Ձմռանն անշուշտ միրգ ուտում ենք, սակայն դրանք մինչ մեր սեղանին հայտնվելը երկար ժամանակ պահպանման համար մշակվում են հատուկ միջոցներով, ինչի հետևանքով օգտակար հատկությունների մեծ մասը, այդ թվում վիտամիններն ու միկրոտարրերը կորչում են:
Պահածոյացումը, ռաֆինացումն ու մշակումը նույնպես անբարենպաստ ազդեցություն են ունենում սննդի օգտակար հատկությունների վրա:
Ում ծանոթ չէ փխրուն, խամրած ու թափվող մազերի խնդիրը, թեփոտող չոր մաշկը: Դրանք ավիտամինոզի առաջին նշաններն են:
Ավելի բարդ դեպքերում միկրոտարրերի ու վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են առիթմիան, ջղակծկումները, քրոնիկ հիվանդությունների սրացումը:
Փոքրիկների դեպքում D վիտամինը, որը մշակվում է միայն արևի լույսի ազդեցությամբ, հազվադեպ` աշուն-ձմեռ սեզոնին, կարող է հանգեցնել ռախիտի, ինչը հղի է կմախքի ոսկրերի ձևախախտմամբ:
A վիտամինի անբավարարություն
Ընդհանուր թուլություն, շնչառական, միզարտադրական համակարգերի ու մարսողական տրակտի ինֆեկցիոն ախտահարումներ, թուլություն, երեխաների մոտ` աճի ու զարգացման դանդաղում ու նյարդաբանական խախտումներ:
A վիտամին կա կարագի, ձվի դեղնուցի, լյարդի (հատկապես ձկան ու ծովային
կենդանիների), գազարի մեջ:
B վիտամին
Գերգրգռվածություն կամ էլ արգելակման զգացողություն, անքնություն, վերին ու ստորին վերջույթների պոլինևրիտներ, մաշկի զգայնության կորուստ, ախորժակի նվազում, անորեքսիա, ստոմատիտ, գլոսիտ (վառ կարմիր, չոր լեզու), դեմքի, գլխի մազածածկույթի, պարանոցի հատվածում, դաստակների շրջանում չոր քորով ուղեկցվող դերմատիտ:
Հիպոքրոմային անեմիա, նիհարում, թուլություն, գլխացավ, տեսողության խանգարում, մաշկի այրոցքի զգացողություն, ծակծկոց աչքերում, հևոց, սրտխփոց` ֆիզկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Պարունակում են բուսական ու կենդանական մի շարք մթերքներ: Ամենաշատ B վիտամինով հարուստ են կաթը, պանիրը, կաթնաշոռը:
C վիտամինի անբավարարություն
Ընդհանուր թուլություն, մազանոթների փխրունություն` կապտուկների գոյացմամբ, լնդերից արյունահոսություն, տեսողության թուլացում, լորձաթաղանթների ձևախախտում:
Առկա է թուրինջի, կիտրոնի, մասուրի, հատապուղների ու մրգերի, կաղամբի (նաև` թթու) մեջ, եթե ջերմամշակման չեն ենթարկվել:
D վիտամինի անբավարարություն
Ռախիտ երեխաների մոտ, թուլություն առանց պատճառի, ատամների ապահանքայնացում, օսթեոպորոզ, ցավ ոսկրերում ու մկաններում:
Մաշկի զգայնության խանգարում, դիաբետի զարգացման ռիսկ, հիպերտոնիա, քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգ:
D վիտամինն արևի ճառագայթների ազդեցությամբ է հիմնականում մշակվում: Սակայն փոքր չափաբաժիններով D վիտամին են պարունակում կարագը, կաթը, ձվի դեղնուցը, լյարդը, որոշ ձկնատեսակներ ու ծովամթերք:

Կոկա-կոլայով սրճային կեքս

կեքսԲաղադրությունը
կարագ` 150-200 գ
աղացած սուրճ` 2 ճ. գդալ
կոկա-կոլա` 1 բաժակ
70%-անոց սև շոկոլադ` 45 գ
ձու` 1 հատ
1/2 գդալ աղ, նույնքան էլ սոդա
2 բաժակ ալյուր
աղացած կոճապղպեղ` ըստ ցանկության
դարչին` քանակն ըստ ցանկության
շաքար` 1 բաժակ:
Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
Շոկոլադը քերել մանրատամ քերիչով: Ոչ մեծ կաթսայում տաքացնել կոլան, սուրճն ու շոկոլադը և կարագը: Ապա լցնել շաքարավազը: Խառնել այնքան, մինչև ամբողջ զանգվածը հալչի ու շաքարավազն էլ լուծվի, ապա կրակից վերցնել, թողնել, որ հովանա:
Թասի մեջ խառնել աղը, ալյուրն ու սոդան:
Մեկ այլ ամանի մեջ հարել ձուն, ավելացնել հովացած սրճային զանգվածը` անընդհատ խառնելով: Ավելացնել ալրային խառնուրդն ու կրկին խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի:
Խմորը լցնել կաղապարների մեջ, սակայն ոչ բերնեբերան, քանի որ փքուն կեքսեր են ստացվում: Թխել 25 րոպե:
Բարի ախորժակ:

Ի՞նչ կաներ Փարաջանովը

փարաջանովՄարտի 22-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմի պրեմիերան, դրանից մի օր առաջ` մարտի 21-ին, ՀՀ նախագահը պետական մրցանակ հանձնեց ֆիլմը ստեղծողներին: Բայց այս իրադարձությունը ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական իրարանցում առաջացրեց:
Անողոք ու քմահաճ տիկին է այդ ճակատագիր կոչվածը, որ պարզվում է` մարդուն կարող է հետապնդել անգամ նրա մահից երկար տարիներ հետո էլ: Սերգեյ Փարաջանովը հալածվեց խորհրդային իշխանությունների կողմից, քանիցս բանտ նետվեց այն պատճառով, որ ուզում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում, ոչ այնպես, ինչպես կոմունիստական կուսակցությունն էր թելադրում, այն պատճառով, որ չէր վարանում ու վախենում ասել այն, ինչ մտածում էր: Ահա նրա մահից այսքան տարի անց նրան նվիրված կենսագրական ֆիլմն էլ կրկին քաղաքական բախումների առարկա դարձավ:
Բանն այն է, որ ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունից երկու օր առաջ ֆիլմի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան մամուլում հրապարակավ հրաժարվեց Հայաստանի պետական մրցանակը ստանալուց: Ուկրաինական «Կոմենտարի»-ին գրեց, որ «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի ներկայանա Հայաստանի պետական մրցանակի շնորհման արարողությանը, որը տրվել է Փարաջանովի մասին գեղարվեստական կինոնկարի համար: Ֆետիսովայի խոսքով` բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումն է:
«Քանի որ դուք արտահայտվել եք Ղրիմում անցկացված հանրաքվեի օգտին` անվանելով այն «ժողովուրդների` ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», բայց որը իմ`որպես Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում է, նաև Ուկրաինայի քաղաքացիների և համայն մարդկության խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող վտանգ է պարունակում, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում իմ մասնակցությունը ֆիլմի ստեղծողների պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին, Երևանում: Իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար,- ասված է Ֆետիսովայի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:- Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»- եզրափակել է նա:
Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել ու չհարգել յուրաքանչյուր մարդու սեփական քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ունենալու և ազատորեն արտահայտելու իրավունքը: Եվ բոլորս կհասկանայինք ուկրաինացի ռեժիսորին, եթե նա իր հրաժարումը մրցանակից արտահայտեր մեր դիրքորոշումը հարգելով, քաջ իմանալով, որ իր նման հազար ռեժիսոր էլ լինի, հազար Ուկրաինա էլ լինի, հայերս` ունենալով Արցախի խնդիրը, միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ինչպես ասում են` ասելուն ձև կա, ինչո՞ւ այսպես վիրավորելով, ինչո՞ւ այսքան անհարգալից: Իր կամքն է պարգևից հրաժարվելը, բայց ինչո՞ւ է թելադրում, թե այդ դրամը ինչ անենք` «փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար»: Ո՞ր հայ որբերի, որոնց ծնողները նահատա՞կ եղան իրենց հայրենի տան շեմին, որոնց ծնողները զոհվեցի՞ն ազատագրական մարտերում, թշնամուն դիմակայելիս: Եվ առնվազն բարոյական չէ խոսել Փարաջանովի անունից, որը կենդանի չէ և այսօր չի կարող ո՛չ առարկել, ո՛չ հաստատել այն, ինչ ասվում է իր փոխարեն:
Ահավասիկ հասարակության մեջ նախօրոք կանխակալ կարծիք առաջացավ կինոնկարի նկատմամբ, մտածում էիր` եթե կինոնկարի ուկրաինուհի հեղինակն այսքան անհանդուժող է ուրիշի` սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի հարցում, ապա ի՞նչ պիտի նկարահանած լինի մի մարդու մասին, որն իր կյանքում չափազանց թանկ վճարեց իր ազատության, իր կամքն արտահայտելու համարձակության համար:
Այսպես թե այնպես հասարակությունը սպասում էր իշխանությունների արձագանքին: Ակնկալվում էր, որ տիկին ռեժիսորի հայտարարությունը կընդունեն որպես ի գիտություն և առաջ կացնեն: Բայց ոչ, հետևեցին տարօրինակ ռևերանսներ:
Հանրապետության նախագահը մրցանակները հանձնելիս հայտարարեց, որ առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով հանրապետության նախագահի հիմնադրամից»,- ասաց նա:
Պարզվեց, որ նույն անձնավորությունը մի օրվա տարբերությամբ անհարգալից բաց նամակ է հղում ՀՀ նախագին, ապա շատ հարգալից փակ նամակ: Ինչո՞ւ ուրեմն չհրապարակվեց այդ հարգալից նամակը, որ տեսնեինք ու տարակուսանքները փարատվեին: Եվ արժե՞ր արդյոք երկար-բարակ հիշեցնել տիկին Ֆետիսովային հայ և ուկրաինական ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Իսկ եթե այդ բարեկամության դարավոր պատմությունը չլիներ, կարելի՞ էր անհարգալից լինել: Ամեն դեպքում կարելի է հասկանալ նախագահի` այս միջադեպը դիվանագիտորեն հարթելու ցանկությունը: «Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ ես խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարց է ծագում` ո՞վ է «Փարաջանով» ֆիլմի այս կադրի մտահղացողը, Ելենա Ֆետիսովա՞ն, թե՞ համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սերգեյ Փարաջանովը` նստած Բրեժնևի ուսերին, երբեմնի խորհրդային շքերթների ժամանակ, երբ միշտ թմբակահարվում էր ժողովուրդների համերաշխությունը: Ամենայն հավանականությամբ ոչ Ֆետիսովան: Այլապես կհասկանար, որ քաղաքական գործիչները գալիս գնում են, քաղաքական իրադրությունները փոխվում են, ու հանդուրժենք թե ոչ, միևնույն է, պատմության ուսերին նստած են արվեստագետները, նրանք են, որ մնում են հավերժության մեջ…
Այնպես որ մնում է ևս մեկ անգամ հարց տալ, հռետորական հարց` ի՞նչ կաներ այս իրավիճակում Փարաջանովը: Ամեն ոք ազատ է իր մտքի չափով պատասխանելու այս հարցին: Եվ մնում է գոհանալ, որ գոնե այս անգամ Փարաջանովը խուսափեց քաղաքական խաղերի զոհը դառնալուց, քանի որ ուկրաինական դեպքերը սկսվեցին ավելի ուշ, քան կավարտվեր ֆիլմը: Ինքը` Սերժ Ավետիքյանն էլ մամլո ասուլիսի ժամանակ դժվարացավ ասել, թե այդ դեպքում ինչ կլիներ ֆիլմի ճակատագիրը:

 

Հանդիպումներ Լարիսսայում կոշտ խաղաոճ ունեցող թիմերի հետ

2-nyut AG-1Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքում կարողությունները փորձելու հնավորություն է ստացել Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ` ,Չելենջ տրոֆիե մրցաշարում:

Մրցավայրում 8 հավաքականներ տեղաբաշխվել են երկու խմբերում: Նախնական փուլի մրցաշարերը կավարտվեն մարտի 28-ին: Մերոնք B խմբում են, և Էստոնիայի, Բուլղարիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ խաղալուց հետո միայն հայտնի կդառնա, թե հաջորդ մրցակիցը որ թիմն է լինելու:
Հայաստանի հավաքականը կխաղա այն թիմի հետ, որը մյուս խմբում զբաղեցրած կլինի այդ նույն տեղը: Հանդիպումները կկայանան մարտի 29-ին և 30-ին:
Ի դեպ, նախկինում մերոնք հնարավորություն ունեցել են այս մրցաշարի շրջանակում խաղալու ներկայիս մրցակիցների հետ: 2006-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ է անցկացրել էստոնիայի ներկայացուցիչների հետ: Վերջիններս հաղթել են 22:18 (10:11), իսկ երկրորդ հանդիպումում գրանցվել է մարտական ոչ-ոքի` 25:25 հաշիվը: Ընդ որում, մերոնք ինչպես առաջին խաղում, երկրորդի առաջին կեսում առջևում են եղել (13:9) և ձեռքից բաց են թողել հաղթանակը: Իսկ ահա 2010-ին և 2012-ին Հայաստանի թիմը պարտվել է Բուլղարիայի և Իսրայելի հավաքականներին:

Մրցավայր ուղևորվելուց առաջ մեր երկրի ընտրանիի գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ բարդ խմբում ենք հայտնվել: Կազմակերպիչները հնարավորն արել են, որպեսզի իրենց երկրի հավաքականը համեմատաբար թույլ մրցակիցներ ունենա, ուժեղագույնները B խմբում են: A խմբում են Հունաստանի, Մոլդովայի, Լատվիայի, Բելգիայի հավաքականները:

Մարզիչն ասաց, որ մեր խմբում ընդգրկված Բուլղարիայի թիմը բարձրակարգ խաղացողներ ունի, իսկ Իսրայելի հավաքականի կազմում են բանակային ծառայություն անցած, ֆիզիկապես ամուր մարզուհիներ: Երկու թիմերն էլ կոշտ խաղոճ ունեն, և դժար է լինելու մրցակցելը: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը պետք է փորձի անել հնարավորն այս քննությունից պատվով դուրս գալու համար: Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական շրջանում ծանրաբեռնված մարզումներ են անցկացրել և հիմնականում փորձելու են պաշտպանվել և սուր հակագրոհներ ձեռնարկել:

Այս մրցաշարին թույլատրվում է մասնակցել մինչև 23 տարեկան մարզուհիներին: Մեր թիմում ամենափորձառուն 22-ամյա Լիանա Գրիգորյանն է: Մյուս խաղացողները տարիքով ավելի փոքր են: Կա նաև 17-ամյա հանդբոլիստուհի: Թիմի փորձառուներն են մարզչի դուստրը` Անի Ասատրյանը, Լուսինե Մկրտչյանը, Մերի Վահանյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն նաև Լուիզա Թուխիկյանը, Մարիամ Մովսիսյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Առաքելյանը, Մարիամ Մուրադյանը: Դարպասապահն է Սոֆիկ Թորոսյանը: Ֆրանսիայից Հայաստանի հավաքականը համալրել են Կլարա և Մարգո Թերզյանները, Մանո-Ռոզ Կարապետյանը: Ֆրանսիայից է նաև մարզիչ Պատրիկ Օթամյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մեր թիմի խաղացողները նախկինում միասին հանդես են եկել եվրոպական միջազգային տարբեր ստուգատեսներում, Ֆրանսիայի մեր հայրենակիցներն էլ թիմի կազմում նորեկներ չեն:

Կոկա-կոլայի մեջ թաթախված հավի թևիկներ

havԲաղադրությունը
Հավի թևիկներ` 1 կգ
սոյայի թանձրահյութ` 3 ճ. գդալ
կոճապղպեղ` 1 մատի չափով
կանաչ սոխ` 2 փունջ
կոկա-կոլա` 1 լ
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը
Եռման ջրով հավի թևիկները եփել 5-7 րոպե, ապա մարինացնել կոճապղպեղով ու սոյայի թանձրահյութով:
Դրանից հետո շարել մարինադի հետ տապակի մեջ ու թեթևակի եփից հետո ավելացնել կոլան այնպես, որ թևիկներն ամբողջությամբ ծածկվեն, ապա աղ ու պղպեղով համեմել ու եփել մինչև վերջնականապես պատրաստ լինելը:
Ջեռոցից հանել ու դասավորել ափսեի մեջ,վրան կտրատած կանաչ սոխ լցնել:

Մարտի 28-ին ընդառաջ` գործող իշխանությունները կանգնած են ընտրության առջև

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՆախորդ 6 ամիսների ընթացքում, այսինքն` այն օրվանից, երբ կառավարությունը հայտարարեց, թե հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ու դրա հետևանքով սկիզբ առավ երիտասարդների բողոքի շարժումը, որը հետո ստացավ «Դեմ եմ պարտադիրին» անունը, իշխանություններն ու կառավարությունը տարբեր ձևերով ու մեթոդներով փորձեցին լուծել այդ խնդիրը, բայց բոլոր դեպքերում անսասան մնաց համակարգը ներդնելու նպատակը: Զուգահեռաբար արեցին քայլեր, որոնք ամենևին չէին առնչվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, բայց ժողովրդի տարբեր հանրույթների մեջ զայրույթ ու բողոք առաջացրին` սկսած գազային պայմանագրերից մինչև պետական խոշոր գույքի վաճառքը, արտաքին քաղաքական դիրքորոշումը և այլն:

Մի կողմից`ակնհայտ էր, որ պայքարը քաղաքական է, քանի որ տարվում է քաղաքական որոշման դեմ, մյուս կողմից` պետք էր գտնել այնպիսի լուծում, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողանար շարժման շնորհիվ քաղաքական շահաբաժին ունենալ:

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները հայտարարեցին, որ շարժումը գտնվում է քաղաքական հարթությունում, սակայն քաղաքական չէ այնքանով, որքանով շարժման անդամները չեն ուզում այս պայքարի արդյունքում գալ իշխանության: Սա թերևս ամենաճիշտ դիրքորոշումն ու ձևն էր, որ ընտրեցին շարժման մասնակիցները և զերծ մնացին թե՛ քաղաքական շահարկումներից, թե՛ քաղաքական ուժերի կողմից ուղղորդվելու վտանգից:

«Մեր շարժումը համագործակցում է քաղաքական չորս խմբակցությունների հետ, նրանք խորհրդարանում ներկայացնում են մեր շահերը: Ուստի այս շարժումը չի կարող քաղաքականացվել, այն ի սկզբանե եղել է քաղաքացիական, այդպիսին էլ կմնա»,- նշում են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները:
Երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ վերջիվերջո հասկացան, որ չի հաջողվի «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը քաղաքական պիտակներ փակցնել, ուշագրավ նախադեպ գրանցվեց:
Մարտի 19-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի ռեֆորմի վերաբերյալ հայտարարություն արեց և արձանագրեց, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: «Դա նշանակում է, որ մենք` որպես կառավարություն, պետք է շտկենք մեր գործունեությունը»,- նշեց վարչապետը` հավելելով, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ իր գործունեությամբ բավարարի քաղաքացիական հասարակության պահանջները:
Անդրադառնալով «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրա անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք կառավարությանը դիմում են բազմաթիվ նամակներով, և դրանցում մտահոգություն կա երկրի ապագայի վերաբերյալ: Երիտասարդները նամակներում գրում են, որ սիրում են Հայաստանը և ամեն ինչ անում են հանուն դրա պայծառ ապագայի: «Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության «Դեմ եմ պարտադիրին» շարժման հետ: «Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» տարբերակն անընդունելի է: Մենք ընդունում ենք, որ օրենքները չեն կարող լինել առանց թերությունների, և հենց այդ թերություններն են մատնանշում մեր ընդդիմադիրները: Ճիշտ պատասխանը երկխոսելն է, և մենք հրավիրում ենք երկխոսության»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա հավելեց, որ երկխոսությունը օգտակար կլինի թե՛ կառավարության, թե՛ շարժման համար: Վարչապետը հույս հայտնեց նաև, որ «Դեմ եմ»-ը կվերափոխվի ու կդառնա «Հանուն» շարժում, որը էական նշանակություն կունենա ՀՀ ապագայի զարգացման համար:
Ու երբ նման հայտարարություն արվում է շարժման ձևավորումից ու զարգացումից 6 ամիս հետո միայն, երբ անօգուտ էին այն արժեզրկելու, նրա վրա ուշադրություն չդարձնելու, քաղաքականացնելու ու մարելու տարաբնույթ փորձերը, երբ պարտադիր կուտակայինի սահմանադրականությունը վիճարկող ՍԴ քննությանն ընդամենը 9 օր, իսկ շարժման հրավիրած բազմամարդ հանրահավաքին 3 օր էր մնում, մտածելու տեղիք է տալիս` արդյոք կառավարությունն անկե՞ղծ է, և իրո՞ք ուզում է երկխոսել, թե՞ էլի դեկլարատիվ բնույթի հայտարարություն էր դա կամ ավելի «կառուցողական» երևալու փորձ: Այսինքն` հետքա՞յլ է անում իր անդրդվելի նպատակադրումից, թե՞, այնուամենայնիվ, պատրաստ է զիջումների գնալու:

Երբ լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեցին` եթե վարչապետն իր հայտարարության մեջ նշեց, որ անընդունելի է «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքը, ի՞նչ է զիջելու կառավարությունը, ու եթե երկխոսությունը սկսվելու է ու ոչինչ չի զիջվելու, ի՞նչ իմաստ ունի այդ երկխոսությունը: «Կառավարությունը, նախատեսված և իրականացվող քաղաքականության առումով իրականացնելու է իր քայլերը: Այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, դիտարկումներ ու խնդիրներ, որոնք հիմա բազմակողմանի քննարկում են պահանջում, որոնց շրջանակներում կարող են լինել տարբեր միտումներ»,- ասաց նախարարը: Փաստորեն, ոչինչ էլ չի նախատեսվում զիջել:

Ուստի սպասված էր «Դեմ եմ»-ի պատասխանը վարչապետ Տիգրան Սարգսյանի երկխոսելու առաջարկին, որով շարժման անդամները, ըստ էության, մերժեցին այն. «Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ` առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության` նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դեմ եմ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում: Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»:

Սրանից հետո հետո հետաքրքիր էր, թե ինչպիսի զարգացումներ կգրանցվեն մարտի 22-ին` Ազատության հրապարակում «Դեմ եմ պարտադիրին» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Բացի շարժման հաղթանակի վերաբերյալ վստահություն հայտնող բազմաթիվ ելույթներից, հանրահավաքի ժամանակ մեկ անգամ ևս ակնարկ հնչեց, թե ինչպես կարող են իշխանությունները լեզու գտնել հասարակության հետ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքացիները կունենան հաղթանակ, եթե կարողանան միավորվել: Նա ասաց, որ շարժումը չի գործում միմիայն «դեմ» տրամաբանությամբ, որովհետև շարժման բոլոր անդամները կողմ են ռեֆորմների` առանց պարտադիր բաղադրիչի: Այսինքն` կառավարությանը հուշեցին, թե որն է իրավիճակը փրկելու իրական ճանապարհը:
Այսպիսով, մարտի 28-ին ՍԴ-ում պարզ կլինի` իշխանությունները իրոք կկատարե՞ն հասարակության պատվերը, թե ինչպես ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, հանրության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր բաղադրիչից, սակայն, միևնույն է, իրենք ներդնելու են այդ համակարգը:

Ու եթե այդպես լինի, ապա հարց է առաջանում` ի՞նչ պետք է անի շարժումը: Այս հարցի պատասխանը շարժման ներկայացուցիչները տվել են հանրահավաքից մեկ օր առաջ` պատասխանելով լրագրողների հարցին: Եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը, եթե սպառվեն ինստիտուցիոնալ պայքարի բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները, նրանք անցնելու են ոչ ինստիտուցիոնալ պայքարի` քաղաքացիական անհնազանդության, որը կարող է ներառել բազմաթիվ մեխանիզմներ:

«Սկսելու ենք փողոցային պայքար, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով, բնականաբար, օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձևերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնենք»,- ասել են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները: Նրանց խոսքով` քաղաքացիական անհնազանդության դերը չպետք է թերագնահատել, որովհետև այն հզոր գործիք է, մնում է ճիշտ կիրառել:

Այժմ իշխանությունները դժվարին ընտրության առջև են կանգնած: Մի կողմում` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու իրենց ձգտման նահանջն է: Իսկ դա կնշանակի, որ նախագահի` համակարգը ներդնելու հավաստիացումը չեղյալ է համարվում, ինչը դժվար սպասելի է, քանի որ գործող իշխանությունները երբեք չեն ընդունել իրենց սխալները: Մյուս կողմից` արդեն ոչ սահմանադրական պայքարի սպառնալիքն է, որն իրենց համար հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով, քանի որ «Դեմ եմ» շարժումն էլ իր հերթին է ապացուցել, որ վճռական է տրամադրված իր պահանջների հարցում և գնալով ոչ թե մարում, այլ ավելի է ուժգնանում:

Թե որ ուղին կընտրեն իշխանությունները, հստակ կլինի մարտի 28-ին` ՍԴ նիստից հետո: