Ինչպես քիչ գումարով հանգստանալ Հայաստանում

Քիր Ապերի գլխին Լուսանկարը`One way tour-i

Քիր Ապերի գլխին
Լուսանկարը`One way tour-ի

Ամառային տապը օր օրի սաստկանում է, իսկ այն մարդիկ, որոնք դեռ արձակուրդում չեն, պլանավորում են իրենց առաջիկա հանգիստը: Ոմանք գիտեն, թե ուր են գնալու, ինչքան են ծախսելու: Ոմանք էլ դեռ փնտրտուքի մեջ են` պարզելու, թե որտեղ կարելի է հանգստանալ հնարավորինս մատչելի գներով:
«Անկախը» ևս պրպտել է ու մի քանի առաջարկներ առանձնացրել, որոնք կարող են օգտակար լինել մեր ընթերցողների համար:
Այսպես, ակտիվ հանգստի սիրահարների համար հետաքրքիր փաթեթներ է առաջարկում One way tour կազմակերպությունը: 2011-ից գործող ընկերությունն արդեն հասցրել է 200 արշավ իրականացնել ՀՀ տարածքում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, Պարսկահայաստանում, որոնց մասնակցել է շուրջ 4 հազար մարդ:
Արշավների կազմակերպիչ Մաթևոս Բարսեղյանն ասում է, որ հետզհետե ակտիվ հանգստի պահանջարկը մեծանում է, մարդիկ սկսում են գիտակցել, որ հանգստյան մեկ-երկու օրը կարելի է բնության գրկում անցկացնել և լիցքաթափվել: Արշավների կազմակերպիչները պատմաբան-աշխարհագրագետի հետ միասին ընտրում են հետաքրքրություն ներկայացնող վայրեր, երթուղի մշակում ու մարդկանց ծանոթացնում հայրենի բնաշխարհին ու պատմական վայրերին: Բարսեղյանն ասում է, որ հատկապես պահանջված ուղղություններ են Տաթևն ու Լաստիվերը, որտեղ ամեն շաբաթ խումբ է ուղևորվում: Բայց պարբերաբար կազմակերպում են նաև արշավներ դեպի քիչ հայտնի վայրեր, օրինակ` վերջերս այցելել են Ջիլիզա գյուղ և Չախալաբերդ:
«Քայլարշավով տուրերին հիմնականում 18-45 տարեկան անձինք են մասնակցում, բայց ունեցել ենք 2-80 տարեկան մասնակիցներ»,- ասում է Բարսեղյանը:
Նա նշում, է, որ իրենց գործում հիմնական խանգարող գործոնը զուգարանների բացակայությունն է և պատմական հուշարձանների մոտակայքում կուտակված աղբը:
Պասիվ հանգստի սիրահարների համար ևս հետաքրքիր առաջարկներ կան: Օրինակ` Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանը համացանցում ներկայացված ջերմուկյան առողջարաններից ամենամատչելին է: Այստեղ մեկ անձի հանգստի արժեքը սկսվում է 11 հազար դրամից:
Արզնիում հնարավոր է հանգիստը կազմակերպել օրական 12 հազար դրամով: Նման սակագին է առաջարկում Արզնիի թիվ 1 առողջարանը:
Ծաղկաձորում ևս հանգստի ամենամատչելի առաջարկը սկսվում է 12 հազար դրամից: Ծաղկաձորում նման բացառիկ սակագին է առաջարկում «Ռիպա» առողջարանը:
Եթե ուզում եք Լոռու մարզի հրաշք բնությունը վայելել, ապա կարող եք ընտրել «Օձուն» պանսիոնատը, որտեղ մեկ օրվա հանգստի արժեքը սկսվում է 9 հազար դրամից (միայն նախաճաշով) և 12 հազար դրամից` երեք անգամ սննդի դեպքում:
Դիլիջանում ևս հնարավոր է հանգիստը կազմակերպել` սկսած օրը 12 հազար դրամից: Այստեղ նման սակագին է առաջարկում «Հայք» հանգստյան տունը:
Համեմատաբար մատչելի գներով է հնարավոր կազմակերպել հանգիստը Ստեփանավանում: Այստեղ «Լոռի բերդ» տուրիստական հանգրվանում մեկ անձի համար մեկ օրվա արժեքն է 7-8 հազար դրամ:
Համեմատաբար մատչելի առաջարկներ կան նաև Հանքավանում գործող հանգստյան տներից: Այսպես, Հանքավանի «Խոտորջուր» առողջարանում մեկ անձի մեկօրյա հանգստի արժեքը կազմում է 10000 դրամ, Մարմարիկ հանգստյան տանը` 7000 դրամ:
Այս ամենը` համացանցում ներկայացված ընկերությունների ու հյուրատների առաջարկած ծառայությունների մասին:
Վստահաբար, հնարավոր է ավելի մատչելի սակագներով տարբերակներ գտնել արդեն համացանցից դուրս, կոնկրետ վայրում ունեցած ծանոթների միջոցով: Չէ՞ որ հյուրատների գաղափարը մեզ մոտ նոր-նոր է զարգանում, և շատերը համացանցում ներկայացված չեն, չնայած հաջողությամբ գործում են:
Իհարկե, թվարկված մատչելի սակագների դեպքում դժվար թե ակնկալեք նոր վերանորոգված և գերհարմարավետ սենյակներ, բայց հանգստի գնում եք ոչ թե սենյակի, այլ բնության, մաքուր օդի և աղմուկից կտրվելու համար: Այսպիսով, պարզ է դառնում, որ Հայաստանում էլ հնարավոր է մատչելի գներով հանգստանալ և դրա համար չհասնել հարևան երկիր: Պարզապես պետք է լավ փնտրել: Եվս մեկ կարևոր հանգամանք. քանի որ մատչելի հանգստյան տների նկատմամբ պահանջարկը մեծ է, հարկավոր է գոնե 1-2 ամիս առաջ տեղեր պատվիրել, այլապես վերջին պահին, այն էլ ներկայիս թեժ սեզոնին, հաստատ ազատ մատչելի սենյակներ չեք գտնի:

 

 

 

Աշխարհն առաջին աշխարհամարտից 100 տարի անց նոր աշխարհամարտի շեմին է

ww1rt1914 թ. օգոստոսի 1-ին`ուղիղ 100 տարի առաջ, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, որին մասնակցեցին աշխարհի 30 տերություններ: Սրանով սկզիբ դրվեց մարդկության նորագույն պատմությանը: Առաջին համաշխարհայինի հետևանքով փլուզվեց չորս կայսրություն` Ավստրո-Հունգարական, Ռուսական, Գերմանական և Օսմանյան: Ամենամեծ կորուստը, սակայն, կրեց հայությունը` 1,5 մլն հայ սպանվեց թուրքերի կողմից, հայերը զրկվեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից:
Մեկդարյա հեռավորությունից կարելի է հայացք գցել անցյալին ու հասկանալ, թե ինչ դասեր է քաղել մարդկությունը 12 մլն-ից ավելի մարդու կյանք խլած քառամյա համաշխարհային աղետից:
Առաջին համաշխարհայինի արտաքուստ երևացող պատճառը մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում: 1914-ի հունիսի 28-ին Սարաևոյում ահաբեկչության հետևանքով սպանվում են Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտը և նրա կինը: Ահաբեկիչը 18-ամյա սերբ ուսանող էր, որ ազգայնական «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր:
Ավստրո-Հունգարիան Սերբիային է մեղադրում սպանության մեջ ու վերջնագիր ներկայացնում: Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Ավստրո-Հունգարիային, Ռուսաստանը` Սերբիային: Իրավիճակը հետզհետե թեժանում է, և օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը:
Ավստրո-Հունգարական գահաժառանգի սպանությունը, սակայն, ընդամենը կայծ էր, որ կուտակված մեթանի պայթյուն առաջացրեց, իսկ մեթանը մինչ այդ էր աստիճանաբար կուտակվել:
Գերմանիան հակասություններ ուներ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին շահերի բախում ուներ թե՛ Ավստրո-Հունգարիայի, թե՛ Օսմանյան կայսրության հետ: Եվ ընդհանրապես պատերազմի մասնակից բոլոր երկրների շահերն էլ ինչ-ինչ հարցերում բախվում էին, պարզապես պատերազմը երկրներին միավորեց ճամբարներում, որտեղ հակասություններն ավելի քիչ էին, քան հակառակորդ ճամբարի հետ:
Այդ տարիներին գաղութների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան էր, նրան հաջորդում էր Ֆրանսիան: Գերմանիան, որ տենչում էր աշխարհում առաջատար գերտերություն դառնալ, հասկացել էր, որ այլևս աշխարհում գաղութացման ենթակա ազատ տարածքներ չկան, ուստի գաղութների թիվը մեծացնելու համար պետք էր ինչ-որ մեկից դրանք խլել: Գերմանա-ֆրանսիական հակասությունները նաև Էլզասի և Լոթարինգիայի շուրջն էին: XIX դարի վերջին տեղի ունեցած պատերազմից հետո այդ տարածքներն անցել էին Գերմանիային, սակայն ֆրանսիական բուրժուազիան ուղիներ էր որոնում դրանք վերադարձնելու համար: Պատերազմը առիթ էր Գերմանիայի համար, որ ևս մեկ հարված հասցնի Ֆրանսիային ու փակի տարածքները վերադարձնելու թեման:
Գերմանա-ռուսական շահերը հիմնականում տնտեսական ոլորտում էին բախվում, սպառման շուկաների պայքար էր ընթանում: Իսկ Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանի  հակասությունը Բալկաններն ու Կովկասն էին. ազդեցության գոտիների համար պայքար էր մղվում:
Դրան զուգահեռ պետությունները մեծ թափով սպառազինվում էին: Ռազմական արդյունաբերությունը վերելք էր ապրում, և յուրաքանչյուր պետություն ձգտում էր հետ չմնալ զինտեխնիկայով ապահովվելու մրցավազքում, ինչը ևս համաշխարհային ասպարեզում ազդեցիկությունը պահպանելու գործոն էր:
Դրա հետ մեկտեղ ընթանում էր նաև հանրությանը հնարավոր պատերազմին նախապատրաստելու քարոզչությունը, ամեն կերպ ներշնչվում էր, որ պատերազմն անխուսափելի է: Միլիտարիստական քարոզչությունը հատկապես ուժեղ էր Գերմանիայում:
Այսպիսով, Առաջին համաշխարհայինը գերտերությունների քաղաքական և տնտեսական ազդեցության գոտիների պայքարի հետևանք էր: Երբ պարզ դարձավ, որ արտաքուստ խաղաղ միջոցներով այլևս հնարավոր չէ վերաբաժանել աշխարհը, դիմեցին զենքի օգնության:
Ի՞նչ է կատարվում 2014 թ.` այդ դեպքերից 100 տարի անց: Աշխարհն այս անգամ կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին և դարձյալ տնտեսական ու քաղաքական ազդեցության գոտիների համար պայքարի պատճառով:
Վերջին տասնամյակը լի է աշխարհը վերաձևելուն միտված լոկալ բախումներով, որոնք ղեկավարվում են մեծ մասամբ ԱՄՆ-ի կողմից: Այսպես, դեռ 2001-ին ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան` իբրև թե պայքար մղելու սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունն իրականացրած թալիբանների դեմ: Այնուհետև, ևս մեկ ուժի ցուցադրում տեղի ունեցավ. 2003-ին ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք` որպես փաստարկ բերելով զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը Սադամ Հուսեյնի ռեժիմի ձեռքում: Պատերազմի արդյունքում, սակայն, զենք չհայտնաբերվեց, փոխարենը ԱՄՆ-ն հաստատվեց Իրաքում ու հեռացրեց տվյալ պահին իր համար ոչ ցանկալի Սադամ Հուսեյնին:
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը զինված լոկալ բախման վերածվեց 2008-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, արդյունքում Հարավային Օսիան ու Աբխազիան անկախացան Վրաստանից:
Այնուհետև, ԱՄՆ-ն կենտրոնացավ Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: 2011-ին մեկը մյուսի հետևից հեղաշրջում կատարվեց Թունիսում, Եգիպտոսում, իսկ Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը տևեց շուրջ 10 ամիս և ավարտվեց Արևմուտքի զինված միջամտությամբ ու Քադաֆիի սպանությամբ: Բոլոր դեպքերում իշխանությունից հեռացվեցին ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի տարրերը, իսկ այդ երկրներում մինչ օրս տիրում է անկայուն քաղաքական վիճակ:
Դրան հաջորդեց քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որը 2011-ի գարնանից շարունակվում է մինչ օրս: Եվ ապստամբներին ու հեղափոխականներին ֆինանսավորում են ԱՄՆ-ն ու Արաբական լիգայի երկրները:
Այժմ գրեթե ավերակների վերածված արաբական աշխարհին գումարվել է ևս մի թեժ կետ` Ուկրաինան: Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Ուկրաինայում դեռ 2013-ի աշնանը ժողովրդական հուզումներ սկսվեցին: Պայքարն ավարտվեց երկրից նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստով: Արևմուտքի տակտիկական հաղթանակին հաջորդեց Ռուսաստանի հակազդեցությունը` Ղրիմի ինքորոշումը և ՌԴ-ին միանալու որոշումը, որը դիտարկվեց որպես անեքսիա: Սակայն Ուկրաինայի մասնատումն այսքանով չավարտվեց, Ուկրաինայի արևելյան շրջանները` Դոնեցկը, Լուգանսկը, հայտարարեցին Ուկրաինայից անկախանալու մասին: Եվ այժմ փաստացի Ուկրաինան ևս ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ:
Թեժ է իրավիճակը նաև Գազայում: Իսրայելն այստեղ հուլիսի սկզբին ռազմական գործողություններ սկսեց` հայտարարելով, որ նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն է: Պետք է նշել, որ նախկինում Իսրայելն ու Պաղեստինը Գազայի հատվածում հրադադարի պահպանման համաձայնության էին եկել:
Իրաքում ևս իրավիճակն անհանգիստ է. «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերջերս վերանվանվեց «Իսլամական պետություն», մեկը մյուսի հետևից ընդլայնում է իր տարածքները: Ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ վերահսկողության տակ է պահում Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը, որտեղ նպատակ ունի ստեղծել արաբական խալիֆայություն: Ջիհադականների կողմից վերահսկվող տարածքներում իրականացվում են զտումներ քրիստոնյաների նկատմամբ, նրանց պարտադրում են կրոնափոխ լինել կամ ամսական 250 դոլարի չափով հարկ վճարել:
Իրաքը, սակայն, չի կարողանում ուժերը միավորել և պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ. ուժեղանում են անջատողական ձգտումները նաև Իրաքի Քրդստանում: Քրդերն ուզում են անկախ պետություն հիմնել: Դա իր հերթին վտանգ է ներկայացնում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներն էլ ունեն բազմամիլիոնանոց քուրդ բնակչություն, որոնք ևս կարող են սկսել մտածել անկախ պետություն հիմնելու մասին:
Լարված է իրավիճակը նաև Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը, օգտվելով համաշխարհային իրավիճակից, փորձում է այստեղ էլ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել և ուժով, պարտադրանքով հասնել իր ուզածին: Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ-ի կողմից Արցախի առնչությամբ հակահայկական հայտարարություններ հնչում: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը, Հայաստանին իր կողմը գրավելուց հետո փորձում է հիմա էլ սիրաշահել Ադրբեջանին` ենթադրաբար սակարկելով ռուսական կողմը բռնելու գնի շուրջը: Փաստորեն, հայերի գլխին դարձյալ կախված է նույն դամոկլյան սուրը, ինչ մեկ դար առաջ էր: Հայաստանն էլի կարող է աշխարհաքաղաքական խաղերի զոհը դառնալ, բայց այս անգամ այլևս կորցնելու ո՛չ տարածքներ ունենք, ո՛չ բնակչություն:
Նկարագրված աշխարհաքաղաքական աջաբսանդալը ցույց է տալիս, որ Առաջին աշխարհամարտից 100 տարի անց վերստին պայթյունավտանգ մեթանի ամպը կուտակվել է մարդկության գլխին, և մի կայծը բավարար է, որ այլևս նահանջի տեղ չմնա: Իսկ թե ով կանի անվերադարձ քայլը և երբ` հստակ ասել հնարավոր չէ: Հստակ է մի բան. գերտերություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, իսկ զարգացող երկրներն ընդամենը զինվորներ են շախմատի խաղատախտակի վրա, որոնց կարող են շարժել, ինչպես ուզենան և զոհաբերել, երբ ուզենան:

 

ԱԺ-ի համար 80 հազար դոլարանոց ամենագնացն ավելի կարևոր է, քան կոմբայնը սահմանամերձ գյուղի համար

toyota-land-cruiser-v8-03Կառավարությունը հուլիսի 24-ին 2014 թ. պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 մլն 33 հազար դրամ գումար հատկացրեց ՀՀ Ազգային ժողովին: Այս գումարից 33 մլն 150 հազար դրամը`«Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով. նախատեսված է այդ 33 մլն 150 հազար դրամն ուղղել Ազգային ժողովի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի միջև 2013 թ. դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6 լ շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելուն: 21 մլն 883 հազար դրամն էլ ԱԺ-ին հատկացվեց «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և այդ 21 մլն 883 հազար դրամից 17 մլն դրամը պետք է ուղղվի ԱԺ վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար պահանջվող ծախսերին, որը, ըստ կառավարության, խիստ անհրաժեշտ է` պայմանավորված անվտանգության խնդիրներով:

Առաջին հայացքից պարզ ու հասկանալի է: ԱԺ-ին, իհարկե, պետք են ծառայողական մեքենաներ, ու այդ մեքենաները պետք է ձեռք բերվեն: Բայց ուշադրություն դարձնենք «մանրուքներին»:

Toyota Land Cruiser ավտոմեքենան, որի համար պետությունը հարկատուների հաշվին ստիպված եղավ վճարել 33 մլն 150 հազար դրամ կամ մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, շքեղ մեքենա է: Եվ երբ լրագրողները հարցնում են, թե այսօրվա սոցիալական ծանր պայմաններում արժե՞ նման շքեղ մեքենա գնել, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, թե միշտ կարելի է սոցիալական վիճակի հետ կապված հարցադրումներ անել, բայց մեքենաներն ու սոցիալական վիճակն իրար հետ համադրելի չեն…

Այս ուշագրավ դիտարկումն անելիս պարոն նախարարը, անկասկած բաց է թողել տեղի պարագան. նայած` որտեղ: Հայաստանո՛ւմ համադրելի չեն: Իհարկե, երկրի աղքատիկ բյուջեն և բնակչության մեկ երրորդի աղքատությունը այդ նույն բնակչության ընտրած ու հարկերի հաշվին վարձատրվող մարդկանց քմահաճություններին բնավ համադրելի չեն:

Իսկ ընդհանրապես մեքենաներն ու սոցիալական վիճակը միշտ էլ համադրելի են

Օրինակ` նույն օրը, երբ կառավարությունը ԱԺ-ին տրամադրեց վերոհիշյալ գումարը, նույն նիստի ժամանակ էլ Սյունիքի մարզպետարանին 4 մլն 552,2 հազար դրամ գումար հատկացրեց Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Այդ գումարով Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013 թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործած 4 մլն 552,2 հազար դրամ գումարի չափով էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցվեց: Ընդ որում, կառավարությունը նշում էր, որ հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաև բնակչության ցածր կենսամակարդակը` անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցելու այդ ծախսերը: Իսկ Մեղրիի պես քանի՞ շրջան կա, որտեղ նման ծրագրերն ուղղակի սոցիալական մեծ խնդիրներ կարող էին լուծել: Հաշվենք ինքնուրույն, եթե ԱԺ-ի 33 միլիոնանոց ամենագնացի փոխարեն այդ գումարի կեսը ծախսվեր, քանի՞ նման ծրագիր կարելի էր իրականացնել:

Սա դեռ մի կողմ. մեկ այլ տեսանկունից նայենք հարցին: Սահմանամերձ կամ ավելի ճիշտ` սահմանապահ գյուղեր կան, որոնք պարբերաբար ենթարկվում են հակառակորդի գնդակոծության, օրինակ` Չինարին, Բարեկամավանը, Ներքին Կարմիրաղբյուրը և այլն, որոնք գյուղտեխնիկայի խնդիր ունեն: Չինարիում, օրինակ, կոմբայն չկա, ուրիշ գյուղերի կոմբայնավարներն էլ չեն գնում Չինարի հունձի, որովհետև կրակոցներից վախենում են: Ու Չինարին ամեն տարի բերքահավաքի շրջանում լուրջ խնդիրներ է ունենում:

Մեկ ոչ թանկ, թեկուզ` ռուսական արտադրության կոմբայնը արժի մոտ 78 հազար դոլար: Սակայն, ինչպես ժամանակին նշում էր գյուղատնտեսության փոխնախարարներից մեկը, ռուս գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է այդ կոմբայնը ներկրել մոտ 50 հազար դոլարով: Ու հիմա համեմատենք` ԱԺ-ի համար 80 հազար ԱՄՆ դոլարով գնված Toyota Land Cruiser-ն է ավելի կարևո՞ր, թե՞ սահմանապահ գյուղի կոմբայնը: Կամ ԱԺ-ի 17 մլն դրամի տեսահսկման համարգ տեղադրելն ու եկող-գնացողին հետևե՞լն ավելի շատ կարող է երկրի ավտանգության հարցերը լուծել, թե՞ սահմանապահ ժողովրդին սահմանին պահելը` այդ գումարներով նրանց համար սոցիալական նշանակության հարցեր լուծելով կամ գոնե գյուղտեխնիկայով նրանց ապահովելով…

Ընտրությունը թանկի ու թանկարժեքի միջև կանգ է առնում թանկարժեքի վրա

Իհարկե, լրագրողների «Իսկ մոտ 80 հազար դոլարանոց մեքենաների փոխարեն ավելի համեստ մեքենաներ չի՞ կարելի գնել» հարցին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ ավելի ուշագրավ պատասխան է տվել. «Գիտե՞ք ինչ կա, պետք է հարցնել նրանց, ովքեր գնում են մեքենաները»:

Շատ լավ, բայց ֆինանսների նախարարը, որի ղեկավարած սուպերնախարարության գործառույթների մեջ նաև մտնում են պետական ծախսերի վերահսկողական որոշ գործառույթներ, այդ հարցը գնողներին տվե՞լ է, թե ինչու 80 հազար դոլարանոց մեքենա, և ոչ, օրինակ` 25-30 հազար դոլարանոց: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանը փորձում էր արդարացնել գնումը` նշելով, որ եթե վերցնենք, վերլուծություն անեք ծախսային մասերը, ապա նախկինում սովետական մեքենաներ են եղել, դրանց բենզինի և սպասարկման ծախսերն ավելի թանկ են նստում երկար հատվածի համար, քան այն մեքենաներինը, որոնք գնվում են:

Այ քեզ նորություն: Չգիտենք, թե ինչ հաշվարկներ են կատարել ու ինչ վերլուծություն արել Գագիկ Խաչատրյանն ու 80 հազար դոլարանոց մեքենա գնելու որոշում կայացրած մարդը, բայց մի բան ակնհայտ է` թե՛ սովետական, թե՛ ժամանակակից ռուսական և թե՛ ներկայիս միջազգային շատ ճանաչված ավտոարտադրողների մեքենաների պահեստամասերի և սպասարկման ծախսերն ուղղակի անհամեմատելի են 4.6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող նոր Toyota Land Cruiser-ի հետ, որի միայն մեկ լուսարձակի գինը մոտ 1000-2000 ԱՄՆ դոլար է: Բայց երբ լրագրողները դիտարկում են, որ Տոյոտան էլ թանկարժեք ու թանկ պահվող մեքենա է, կարող էին ավելի համեստ մեքենա գնել, ֆինանսների նախարարը փորձում է արդարացնել, թե կարող էին, բայց որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա. «Երևի լեռնային շրջաններ այցելությունների համար»:

Իհարկե, վատ չէ ու պետք է լեռնային շրջաններ այցելելու համար ավտոպարկում համապատասխան արտաճանապարհային կարողություններով օժտված մեքենա ունենալ: Իհարկե, Toyota Land Cruiser-ը հիանալի արտաճանապարհային է: Բայց լեռնային շրջանների այցելությունների համար կարելի էր գնել, օրինակ, Kia-ի արտաճանապարհայիններից, թեկուզ` ամենաթանկը, որն իր հատկանիշներով ամենևին չի զիջում Toyota Land Cruiser-ին, գնային առումով, սակայն, մոտ 2-3 անգամ ավելի էժան է: Ի դեպ, ՊՆ-ն, որն արտաճանապարհայինների կարիքը, թերևս, ամենից շատ է զգում, հենց Kia-ներ է օգտագործում: Կամ նույն Toyota-ից, բայց ոչ թե Land Cruiser, այլ, օրինակ` անհամեմատ ավելի էժան Highlander, որը դարձյալ, հիանալի ամենագնաց է:

ԱԺ մեծապատիվ պարոններին թանկարժեք մեքենաներով լեռնային շրջաններ տեղափոխելը մի՞թե ավելի կարևոր է Հայաստանի համար, քան նույն գումարները նույն լեռնային բնակավայրերի կարիքներին ուղղելը:

 

«Պարտքդ կալանքով կտրեմ»

Hovhannes-ManukyanՎերջերս հասարակության շրջանում` հատկապես վարորդների, դժգոհության նոր պատճառ, ավելի ճիշտ` առիթ է ի հայտ եկել` պայմանավորված արագաչափերով, տեսա-լուսանկարահանող սարքերով ու վճարովի ավտոկայանատեղերի համար նշանակված տուգանքներով ու տույժերով: Մարդիկ միաբերան բողոքում են հատկապես դրանց գանձման մեխանիզմների, մանավանդ ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձելու, բանկային հաշիվների ու կրեդիտ քարտերի հաշիվների սառեցման գործելակերպի դեմ:

Իհարկե, ԴԱՀԿ-ի անվանումը` դատական ակտերի հարկադիր կատարում, ենթադրում է ԴԱՏԱԿԱՆ, այսինքն` դատարանի որոշմամբ հաստատված ակտեր: Բայց վերջին շրջանում անվանման տրամաբանությունը խաթարվել է. մարմինը հարկադիր կատարման գործողություններ է կատարում նաև առանց դատարանի համապատասխան որոշումների ու վճիռների: Դրա լիազորությունները, անշուշտ, ստացել է: Օրինակ` բանկային հաշիվ ունեցող ինչ-որ վարորդ խախտել է երթևեկության կանոնները, այդ խախտումն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը, դրա կապակցությամբ վարորդը տուգանվել է, ու մեկ էլ մի օր գնում է բանկ` իր հաշվից գումար ստանալու կամ այլ գործարք կատարելու, և օ զարմանք, հաշիվը սառեցված է: Պարզվում է, որ ինքը խախտում է արել, դրա համար տուգանվել է, տուգանքն էլ չի մուծել ու դրա համար հաշիվը սառեցվել է:

Նման մի տհաճ պատմության մեջ վերջերս ընկել էր մեր ծանոթ Վ.Ի-ն: Պարզվել էր, որ խախտման ու տուգանվելու վերաբերյալ ծանուցումը Վ.Ի.-ն ավելի ուշ էր ստացել, քան կսառեցվեր նրա բանկային հաշիվը: Դրա հետևանքով նա հայտնվել էր տհաճ իրավիճակում. ապրանք էր պատվիրել, ու երբ ցանկացել էր պլաստիկ քարտով իր հաշվեհամարից կատարել դրա դիմաց վճարումը, պարզվել էր, որ հաշիվը սառեցված է: Հետո պարզվել էր ավելի հետաքրքիր բան. նա տուգանված է եղել 10 հազար դրամի չափով, սակայն սառեցվել է նրա հաշիվն ամբողջությամբ` հաշվին եղած մոտ 250 հազար դրամով հանդերձ…

Մեկ այլ դեպք, որ մեզ պատմեց երևանաբնակ մի երիտասարդ` Ռուբենը: Իբր հոծ գիծ խախտելու համար նա էլ էր տուգանվել: «Ես հաստատ գիտեի, որ խախտում չեմ արել: Բողոքարկեցի, ինձ ցույց տվեցին ինչ-որ լուսանկարներ, թե իբր կոնկրետ ամիս-ամսաթվին ես խախտում եմ արել: Նախ` լուսանկարներն այնքան վատ որակ ունեին, որ դժվար էր պարզել` իմ մեքենան է եղել, թե ոչ, հետո խախտումն էր վիճելի: Իմ մեքենայի վրա տեսախցիկ է տեղադրված, ու ինձ հաջողվեց, կոնկրետ նշված օրվա ու ժամի տեսագրությունը ցույց տալով, ապացուցել, որ ես խախտում չեմ արել: Բայց ինձ տուգանած են եղել, մինչ ես կիմանայի դրա մասին, հետո, մինչ կբողոքարկեի` հաշիվս արդեն սառեցված էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուբենը:

«Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարևոր է, քանի որ վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է»,- լրագրողներին հուլիսի 24-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ այդ իսկ պատճառով իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում, բացի արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ-ի ծառայության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչները:

Մի խոսքով, խնդիրը հասել է նաև «դիվանբաշուն», ու հիմա թեժ գիծ է գործում, ինչպես տեղեկացրեց նախարարը: Այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար վիճակում, օրինակ` մեկնել է արտասահման հանգստի, ու մեկ էլ պարզվում է, որ իր բանկային ու քարտային հաշիվները սառեցված են, արդարադատության նախարարը խնդրում է անմիջապես զանգել թեժ գծին: Իսկ նման առաջարկ անողները պատկերացնո՞ւմ են, թե մինչ թեժ գծին զանգելը ինչ անի մարդը, երբ օրինակ` Հռոմի կամ Փարիզի ինչ-որ ռեստորանում կերած-խմածի համար պիտի քարտից վճարում կատարի, ու… Ֆրանսիացի, իտալացի կամ այլազգի մատուցողին ի՞նչ, թե մեր հայրենի ԴԱՀԿ-ն որոշել է նրա հաշիվների վրա արգելանք դնել ու հայրենի թեժ գիծն էլ կարձանագրի այդ փաստը:

Ինչ վերաբերում է ծանուցումներին, ապա արդարադատության նախարարն էլ նշեց, որ ծանուցումը երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում:
«Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հաշվի առնենք, որ նման ահռելի ծավալի մեջ (տասնյակ հազարներ են այդպիսի տուգանքները), այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: Սա նաև կապված է փոստի աշխատանքի հետ և միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Այսինքն` շատ լավ են հասկանում, որ քաղաքացին, օրինակ, փոստի աշխատանքի պատճառով կարող է անհարմարություն կրել:

Մյուս խնդրի` բանկային համակարգում հաշիվների արգելանքի կապակցությամբ էլ Հովհաննես Մանուկյանը նշում է, որ այնուամենայնիվ կա խնդիր` կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Եվ խնդիրն այն է, որ ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում, որ կազմվում են ԴԱՀԿ ծառայողի կողմից կատարում ապահովելու համար, հստակ նշվում են արգելանքի չափերը:

«Բայց պարզվեց, որ դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն, ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրները լուծել»,- նշեց նախարարը:

Այստեղ էլ հարց է առաջանում` եթե ինչ-որ նորմի կամ դրույթի կիրարկման համար տեխնիկական խնդիրներ կան, ապա ինչո՞ւ է այն կիրառվում` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ այդ խնդիրը կարող է անհարմարություն պատճառել հազարավոր մարդկանց:

Վերջիվերջո մեկ այլ խնդիր էլ կա կրեդիտ քարտերի արգելափակման կապակցությամբ, որի մասին ևս թյուրըմբռնում կա ու որին անդրադարձավ արդարադատության նախարարը: Հարցն այն է, որ կրեդիտ քարտերը պարտքեր են` վարկային գծերի տեսքով: Այսինքն` դա վարկ չէ ու չի հանդիսանում վարկառուի սեփականությունը: Ենթադրենք, ինչ-որ կրեդիտ քարտի համար բացված է 300 հազար դրամի վարկային գիծ, դա նշանակում է, որ այդքան գումարի չափով քարտապանը կարող է գնումներ կատարել, գումար կանխիկացնել և այլն: Բայց դա որպես վարկ է սկսում հաշվարկվել այն պահից, երբ գումարը հանվում է: Այսինքն` կրեդիտ վարկային գիծը չի համարվում մարդու սեփականությունը, քանի դեռ նա չի ստացել այդ գումարը, թեպետ դա եղել է նրա քարտային հաշվի վրա: Այսինքն` զուտ տրամաբանական հակասութուն է առաջանում, քանի որ արգելանք է դրվում ուրիշի սեփականության վրա:

Այս հարցում ևս, ինչպես ընդգծեց նախարարը, որոշակի իրավակարգավորումներ պետք է փոփոխվեն:

Իսկ մինչև կարգավորումներն ու իրավակարգավորումները մարդիկ ստիպված են անհարմարություններ կրել` անկախ իրենց կամքից ու ցանկություններից:

 

Օգոստոսի 1-ից գրպաններն ու դրամապանակները լայն բացեք

թանկացումՕգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10 տոկոսով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Գնաճը կստիպի գոտիները ձգել մինչև վերջին պնդօղակը

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին: Այն ժամանակ թանկացավ 27 տոկոսով: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է մոտ 37 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ, ինչը, առաջին հերթին, նշանակում է, որ սպառողական ապրանքների գնաճ կլինի: Սա, իր հերթին, նշանակում է, որ եթե թանկացման մասին պատկերացումները մինչ օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար ինչ-որ չափով վերացական էին, ապա սեպտեմբերին` օգոստոս ամսվա համար օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելիս, արդեն այդ թանկացումը շոշափելի կլինի: Բայց շոշափելի կլինի նաև յուրաքանչյուր ապրանքի թանկացումը ամեն անգամ խանութ մտնելիս:

Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրության կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:

Եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` էլեկտրական վառարանում թխվող հացը թանկանա այդ թվին համարժեք: Նախ` թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի` գոնե ջուրը պոմպերով մղելու առումով: Եվ այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները` դոմինոյի էֆեկտով, հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի, ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Սակայն, երբ լրագրողները հետաքրքրվում էին, թե էներգակիրների, էլեկտրաէներգիայի թանկացումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուշագրավ պատասխան տվեց, թե «համենայն դեպս տեխնոլոգիական վերազինումը, ընդհանրապես, ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, և այդ առումով նույն էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա` պակասելու է»:

«Ե՛վ ձգտումը, և՛ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս, կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան, և ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու է ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»,- նշեց նախարարը` ընդգծելով, թե կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում:

Իսկ մինչ այդ «երջանիկ» պահը ՀՀ քաղաքացիները, որոնց 30 տոկոսն այսօր պաշտոնապես աղքատ է, ինչպե՞ս պետք է ապրեն:

Ոչ ոք չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը

Փորձեցինք պարզել, թե պաշտոնապես` մասնագիտական հաշվումներով ի՞նչ գնաճ կարող է դիտարկվել Հայաստանի սպառողական շուկայում, ի՞նչ գնաճային կանխատեսումներ են անում համապատասխան մարմինները:

Ազգային վիճակագրական ծառայությունը, բնականաբար, գնաճի կանխատեսում չի անում: ԱՎԾ-ն նույնիսկ գնաճի պատճառները չի ուսումնասիրում, այլ միայն արձանագրում է թվերն ու ներկայացնում վիճակագրական տվյալներ:

Դիմեցինք Կենտրոնական բանկին, քանի որ հենց այս կառույցն է Հայաստանում գնաճի ցուցանիշների կանխատեսումներ հաշվարկում: ԿԲ-ից էլ պատասխանեցին, թե նման հաշվարկներ ԿԲ-ն իրականացնում է եռամսյա պարբերականությամբ` ամփոփելով եռամսյակներն ու ներկայացնելով հաջորդ եռամսյակի կանխատեսումները: Ու քանի որ նախորդ` երկրորդ եռամսյակում էլեկտրաէներգիան թանկացած չի եղել, թե գնաճի ընդհանուր ցուցանիշի մեջ որ մասը պայմանավորված կլինի բուն էլեկտրաէներգիայի թանկացմամբ, դեռ չի արվել: Այսինքն` այդպիսի կանխատեսում էլ, ելնելով եռամսյակներով հաշվարկներ ու վերլուծություններ անելու ընթացակարգից, հանրության դատին կներկայացվի սեպտեմբերից հետո միայն:

Հարց է ծագում` նախապես չիմանալով, թե տվյալ գործողությունն ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, ինչ հետևանքների կհանգեցնի, ինչպե՞ս է ՀԾԿՀ-ն այդպես հեշտ ու հանգիստ վերցրել ու որոշել թանկացնել էլեկտրաէներգիան:

Որ գնաճը էական է լինելու, դժվար չէ պատկերացնել: Իհարկե, չենք կարող հենց այսպես` նստել ու տգիտության մակարդակի վերլուծություններ անել, թե թանկացումների ինչ աստիճան կգրանցվի, բայց գոնե էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման «դառը փորձը» հաշվի առնելով` կարող ենք ներկայացնել արդեն իսկ կայացած փաստերը:

Այսպիսով, հունիսի սկզբներին, ներկայացնելով գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ բացատրեց, որ 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն` 2014 թ. ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5 տոկոս: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ էլ հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն` 8,5 տոկոս գնաճից 2,5 տոկոսը ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ եթե անցյալ տարի էլեկտրաէներգիայի 27 տոկոսով թանկացումը, գազի թանկացման հետ միասին, ունեցան ընդամենը 2.5 տոկսոսային կետի ազդեցություն թանկացումների վրա, ապա միայն էլեկտրաէներգիայի, այն էլ` 10 տոկոսով թանկացումը պետք է որ ավելի փոքր ազդեցություն ունենա` նախորդի հետ համեմատած: Բայց դա հուշում է միայն տրամաբանությունը, իսկ հայկական իրականության մեջ մեկ անգամ չէ, որ թանկացումները կամ գների տատանումները հենց անտրամաբանական դրսևորումներ են ստացել:

Ամեն դեպքում, այս պահին մի բան է շատ հստակ`օգոստոսի 1-ից հետո ազգաբնակչությունը գրպանն ու դրամապանակը պետք է ավելի լայն բացի և գոտին էլ ավելի ձգի:

Աղցան «Ձմերուկ»

41801a_wmarkԲաղադրությունը
հավի խաշած կրծքամիս` 100 գ
պինդ պանիր` 100 գ
անկորիզ ձիթապտուղ` կես բանկա
մայոնեզ` ըստ ճաշակի
վարունգ` 1 հատ
լոլիկ` 2 հատ:
Հավի կրծքամիսը կարելի է փոխարինել տավարի մսով: Կարելի է աղցանի միջուկը հարմարեցնել բուսակերի ճաշակին, այսինքն` պատրաստել բացառապես բանջարեղենային հիմքով:
Պատրաստման ընթացքը
Խաշած միսը մանր կտրատել, ձիթատուղը շրջանաձև կտրատել: Պանիրը քերել, համեմել մայոնեզով ու խառնել: Սակայն մի քիչ ձիթապտուղ ու պանիր պահել ձևավորման համար:
Վարունգի կորիզով միջուկը հեռացնել ու ձևավորման համար թողնել ավելի պինդ մասը, նույնն անել լոլիկի հետ: Միջուկները պետք է հեռացնել, քանի որ դրանցից շատ հյութ է անջատվում:
Վարունգը քերել խոշոր անցքերով քերիչով, լոլիկը կտրատել մանր կտորներով: Իսկ յուրաքանչյուր ձիթապտուղը բաժանել 4 կտորի` երկայնակի կտրելով:
Կրծքամսով ու մայոնեզով աղցանի վրա ձմերուկի նման լ համապատասխանաբար դասավորե լոլիկը` որպես միջուկ, քերած պանիրը` որպես ձմերուկի միջուկին հարող սպիտակ հատված,իսկ վարունգի քերուկը` ձմերուկի կեղև: Կտրատած ձիթապտղից էլ կորիզներ ձևավորել:

ԾՈՎԱԿԱԼ ՆԵԼՍՈՆ

nelsonԿան անհատներ, որոնք շրջել են պատմության անիվը: Նրանցից է անգլիական նավատորմի ծովակալ Հորացիո Նելսոնը:

XIX դարասկզբին Նապոլեոն Բոնապարտը նվաճել էր գրեթե ողջ Եվրոպան` բացառությամբ Ռուսաստանի և Անգլիայի: Անգլիան ենթարկված էր շրջափակման, և եթե Նապոլեոնին հաջողվեր ծնկի բերել Անգլիան, գուցե և հաղթական պատերազմ կմղեր Ռուսաստանի դեմ, ու Եվրոպայի ճակատագիրը դժվար կլիներ գուշակել: Բայց Նապոլեոնը չկարողացավ ծնկի բերել Անգլիան: Եվ դա շնորհիվ ծովակալ Հորացիո Նելսոնի:

Ապագա ծովակալը ծնվել է 1758 թ. սեպտեմբերի 29-ին, Նորֆոլք կոմսության Բյորնեմ քաղաքում` անգլիական բողոքական քահանայի` Էդմունդ Նելսոնի ընտանիքում:
Էդմունդ Նելսոնը խստակյաց հոգևորական էր: Նա երիտասարդ տարիքում կորցրեց կնոջը` Քեթրինին, սակայն այլևս չամուսնացավ ու իր 11 զավակների դաստիարակությամբ զբաղվեց անձամբ: Քահանան խիստ կանոններով էր դաստիարակում: Ամեն առավոտ երեխաների համար մարմնամարզությունն ու կոփումները պարտադիր էին:

Հորացիոն մյուս երեխաներից տարբերվում էր հիվանդոտ ու թուլակազմ կազմվածքով: Բայց դա չէր խանգարում անտրտունջ տանել քահանայի դաստիարակչական բոլոր խիստ մեթոդները:

Հայրը Հորացիոյին պատանի հասակից տվեց Դաուն-Մարկետի դպրոց, իսկ միջնակարգը Հորացիոն ավարտեց Նորվիչում: Սակայն նա աչքի չընկավ նաև ուսման բնագավառում:

Տեսնելով, որ որդին ո՛չ ուսման, ո՛չ էլ հոգևոր ասպարեզում առանձնահատուկ հակումներ չունի, հայրը 12-ամյա որդուն հանձնեց քեռու` նավապետ Մորիս Սակլինգի խնամքին, որը, հաշվի առնելով Հորացիոյի թուլակազմությունը, դժվարությամբ համաձայնեց իր նավ առնել զարմիկին: Նա անգամ ասաց, որ առաջին իսկ մարտի ժամանակ Հորացիոն դիակ կդառնա…

Սակայն, չնայած իր վտիտ կերպարանքին, Նելսոնը քաջ էր, անվեհեր: Տակավին պատանի` նա մի անգամ մոլորվում է անտառում: Նրան կեսգիշերին հայտնաբերում են միայնակ, թավ անտառում, գետի ափին անվրդով նստած: Երբ տանը տատը հարցնում է, թե արդյոք մութը և վախը նրան չստիպեցին ժամանակին տուն դառնալ, պատանի Հորացիոն պատասխանում է. «Մութ էր, բայց ես վախին անտառում չհանդիպեցի»:

Իսկապես, նրա բնութագիրներից պարզ երևում է, որ Նելսոնը ողջ կյանքում այդպես էլ «չի հանդիպել վախին»….

Շուտով, սակայն, քեռու նավը վերանորոգման տարան, բայց նավապետը միջնորդեց, որ զարմիկին ընդունեն ծառայության «Տրիումֆ» նավի վրա, որ պատրաստվում էր ուղևորվել խաղաղօվկիանոսյան կղզիներ:

Բայց, ի զարմանս բոլորի, Հորացիոն նավի վրա իրեն զգում էր ինչպես իր սեփական տանը: Նա արագ յուրացրեց նավաստու դժվարին մասնագիտությունը, և քեռին շուտով զարմիկին դարձյալ իր մոտ տարավ որպես իր նավի միչման:

1773 թ. նա մասնակցեց բևեռային արշավախմբին, ու սպիտակ արջերի որսի ժամանակ աչքի ընկավ առանձնակի քաջությամբ: Սակայն մասնագիտական և ծառայողական առումով ապագա ծովակալին այդ ճամփորդությունը գրեթե ոչինչ չտվեց:
Վերադառնալով տաք ջրեր` նա որպես առաջին կարգի նավաստի ծառայության անցավ «Սիխորս» նավում, սակայն այստեղ նրան անհաջողությունն էր դարանակալել: Նելսոնը վարակվեց տենդով և «Դելֆին» նավով Հնդկաստանի ափերից ճանապարհվեց դեպի Անգլիա: Հայրենիքում կազդուրվելուց հետո նա այլ նավ ընտրեց, մտավ ծառայության և ուղեկցում էր առևտրական տորմիղները հարավային ջրերում:
1777 թ. նա ստացավ լեյտենանտի կոչում: Պետք է խոստովանել, որ նա այդ կոչումը չվաստակեց, այլ նվեր ստացավ իր քեռուց, որ կոչումներ շնորհող հանձնաժողովի նախագահն էր: Դրանից անմիջապես հետո Նելսոնը նշանակում ստացավ խաղաղօվկիանոսյան կղզիների առափնյա ջրերում նավարկող նավերում:

Սակայն, շատ չանցած` նա, արդեն որպես նավապետի օգնական, տեղափոխվում է Լատինական Ամերիկայի ափամերձ շրջան ու պայքար ծավալում ծովահենության դեմ:
Պայքարը հաջող էր, և անգլիական ծովակալությունը հաջորդ տարին 20-ամյա Նելսոնին վստահեց նավապետի պաշտոն:
Ծովահենության դեմ պայքարում նա առանձնակի քաջությամբ ու խստությամբ աչքի ընկավ Ճամայկայի ափերին:
Նելսոնը ծովակալ Պարկերի սիրելին էր դարձել և Ճամայկայում հաճախ էր հյուրընկալվում նրա տանը: Երիտասարդ նավաստու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ու քնքշություն էր տածում նաև ծովակալի կինը` լեդի Պարկերը:
Սակայն շուտով Նելսոնը հիվանդանում է տենդով, և Պարկերը նրան ուղարկում է Անգլիա` բուժման:
Կազդուրվելուց հետո նա նշանակում է ստանում Եվրոպայի առափնյա ջրերում, ապա որպես ֆրեգատի նավապետ տեղափոխվում Կանադա: Այնտեղ` Քվեբեկում, նա հանդիպեց իր առաջին սիրուն` 16-ամյա Մերի Սիմփսոնին, որ տեղի զինվորական ոստիկանության պետի դուստրն էր: Սակայն Նելսոնի երազանքը հօդս ցնդեց գեղանի աղջկա մերժմամբ…
Երիտասարդ նավապետը խիստ էր ու կարգապահության ջատագով: Իր հրամանատարության տակ գտնվող նավում նա խիստ միջոցներ էր կիրառում նավաստիներին կարգի բերելու համար: Հաճախ գործը հասնում էր ճիպոտահարության: Եվ Նելսոնի հրամանով կարգազանցին ճիպոտահարում էին մինչ նրա մահամերձ վիճակը: Դաժան մեթոդները նպաստեցին ոչ միայն կարգուկանոնի հաստատմանը, այլև Նելսոնի համբավին: Հետագայում շատ նավաստիներ էին հպարտանում, որ հենց Նելսոնի հրամանի ներքո են գործում: Լինելով խստականոն նավապետ` նա իր ենթականերին դիմում էր որպես եղբայրների: Նելսոնի հավատամքով` նավաստու համար հպարտությունն ու արժանապատվությունը առաջնային են:
Նելսոնը` որպես հրամանատար, ուներ իր սկզբունքները.
– Հատուկ ուշադրություն անձնակազմի բոլոր անդամներին:
– Լուրջ վերաբերվել նավաստիների կարծիքներին:

– Նավաստիների հետ խոսել նրանց զգացմունքների մասին. նրանց կողքին լինել թե՛ ուրախության, թե՛ վշտի պահին:
– Երբեք նավաստուն չստիպել անել այն, ինչ ինքդ պատրաստ չես անել:
– Ըստ արժանվույն կարևորել, խրախուսել ամեն մի ծառայություն, քաջություն:

1783 թ. Նելսոնն արձակուրդ վերցրեց և ուղևորվեց Ֆրանսիա` հանգստանալու: Այստեղ նա ծանոթացավ օրիորդ Էնդրիուսի հետ, արագ սիրահարվեց, սակայն նրա սերը դարձյալ անպատասխան մնաց: Բայց դա վերջին անհաջողությունն էր կանանց շրջանում: Հետագայում Նելսոնը մի դափնի էլ նվաճեց` ազնվազարմ կանանց համար հաջողակ ու ցանկալի սիրեկանի համբավը:

Նելսոնի մոտ հանկարծակի ցանկություն է առաջանում դառնալու անգլիական պառլամենտի անդամ, սակայն նրա այդ իղձը չի իրականանում և նշանակում ստանալով ֆրեգատի վրա` անցնում է ծառայության խաղաղօվկիանոսյան տաք ջրերում: Այստեղ ջախջախեց հոլանդական տորմիղը, որ գերի էր վերցրել անգլիացի նավաստիների, և ազատեց գերիներին:

Ծառայության ընթացքում Նելսոնը սիրահարվեց անգլիական ծովակալության ներկայացուցչի կնոջը` գեղեցկադեմ Ջերրի Մոուտրիին: Տիկինը նույնպես անտարբեր չէր Նելսոնի հանդեպ, բայց նրանց սիրավեպը կարճ տևեց. Ջերրին ամուսնու հետ վերադարձավ Անգլիա:

ԱՄՆ-ի անկախությունից հետո խնդիրներ առաջացան առևտրի ոլորտում: Ամերիկյան առևտրական նավերն այլևս չէին կարող արտոնյալ պայմաններում առևտուր անել, սակայն անգլիական չինովնիկները, կաշառք վերցնելով, աչք էին փակում, և անգլիական առևտուրը տուժում էր դրանից: Նելսոնը ձեռնամուխ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին: Նա մի քանի նավեր բռնագրավեց, ինչն առաջացրեց անգլիական պաշտոնյաների դժգոհությունն ու թշնամությունը: Չնայած թագավորի աջակցությանը` Նելսոնի դեմ բազում խոչընդոտներ ծառացան, քանզի գործի մեջ շատ անգլիական պաշտոնյաներ էին ներքաշված:

Բարբադոս կղզում Նելսոնը ծանոթացավ երիտասարդ այրի Ֆրենսիս Նիսբեթի հետ: Ֆրենսիսը զավակ ուներ առաջին ամուսնությունից: Նրանց միջև մեծ կիրք և սեր բորբոքվեց, որի հանգուցալուծումը եղավ Նելսոնի ամուսնությունը Ֆրենսիսի հետ 1787 թ. մարտի 11-ին:

Շուտով սկսվում է անգլո-ֆրանսիական պատերազմը, և Նելսոնը տուն վերադառնալով` նշանակում է ստանում Միջերկրական ծովում գործող անգլիական նավատորմում` դառնալով գծանավի նավապետ: Այստեղ նա լուրջ մարտական մկրտություն ստացավ` մասնակցելով Կորսիկայի, Թուլոնի մարտերին: Կալվի քաղաքի պաշարման ժամանակ Նելսոնը վիրավորվեց աջ աչքից: Սակայն չլքեց մարտադաշտն ու աչքի ընկավ առանձնակի քաջությամբ:

Պորտուգալիայի ափերի մոտ իսպանական նավատորմի ջախջախման ժամանակ Նելսոնն աչքի ընկավ ոչ միայն անձնական քաջությամբ: Առանց տորմիղի հրամանատարի հետ համաձայնեցնելու` նա իր գծանավով մանևրեց ու արդյունքում չորս ռազմանավ գերեց: Հրամանատարը պարսավեց Նելսոնին ինքնագործունեության համար և… ներկայացրեց պարգևատրման: Այս ծովամարտի համար Նելսոնը պարգևատրվեց ասպետական խաչով:
Աչքի վնասվածքը Նելսոնի միակ փորձությունը չէր: 1797 թ. Տեներիֆե նավահանգստի գրավման ժամանակ նա կորցրեց աջ ձեռքը: Սակայն Նելսոնը շատ արագ շարք վերադարձավ և հաջորդ տարի գործուղվեց Միջերկրական ծով` խանգարելու Նապոլեոնի եգիպտական արշավանքին:

Ֆրանսիացիների հետ առաջին առճակատումը Նելսոնին ոչինչ չտվեց, նա չկարողացավ խոչընդոտել Նապոլեոնին: Սակայն մի քանի ամիս անց նա ջախջախեց ֆրանսիական նավատորմը Աբուկիրի մատույցներում, իսկ ինքը վիրավորվեց, այս անգամ` գլխից: Որպես շնորհ` Անգլիայի թագավոր Գևորդ Գ-ն Նելսոնին բարոնի տիտղոս շնորհեց: Իսկ Եգիպտոսից Նապոլեոնի հեռանալուց հետո նրան պարգևատրեց թուրքական սուլթան Սելիմ Գ-ն:

Այնուհետև, Նելսոնը տեղափոխվեց Իտալիա, ուր պիտի օգներ Նեապոլիտանիայի թագավորին Ֆրանսիայի դեմ պատերազմում: Այստեղ Նելսոնը հանդիպեց իր մեծ սիրուն` Նեապոլիտանիայում անգլիական դեսպանի կնոջը` Էմմա Համիլթոնին: Նրանց սերը բուռն էր, կրքոտ: Էմման Նելսոնին դուստր պարգևեց: Նելսոնի և լեդի Համիլթոնի սիրո մասին հետագայում շատերը գրքեր գրեցին, ֆիլմեր նկարեցին….

Սակայն նեապոլիտանական ծրագրերը խափանվեցին, քանզի Նապոլեոնը գրավեց Նեապոլը: Հետագայում Նեապոլն ազատագրեց ռուսական նավատորմը` ծովակալ Ֆյոդոր Ուշակովի հրամանատարությամբ: Նելսոնը քաղաքում դաժանաբար հաշվեհարդար տեսավ ֆրանսիացի գերյալների և իտալացի հանրապետականների նկատմամբ: Նեապոլից հետո անգլիական ծովակալությունը Նելսոնին շնորհեց կոնտր-ադմիրալի կոչում:
Հաջորդ տարիներին Նելսոնը կռվում էր մերթ Բալթիկ ծովում` մասնակցելով Կոպենհագենի օպերացիային, մերթ Լա Մանշի նեղուցում, մերթ Միջերկրական ծովում:
1805 թ. հոկտեմբերի 21-ին Նելսոնի հաղթարշավն էր` Տրաֆալգարի ծովամարտը:
Նա նոր մեթոդ և մարտավարություն կիրառեց այս ծովամարտում: Մինչ այդ, որպես կանոն, թշնամի նավերը որոշակի հեռավորության վրա շարված կրակ էին բացում միմյանց վրա: Նելսոնն առաջին անգամ ծովում կիրառեց կրակային սեկտոր հասկացությունը. փոխելով նավերի դասավորվածությունը, այն դարձնելով երկշարք` կարգադրեց թիրախային կրակ վարել:

Մարտավարությունն արդարացված էր. ֆրանս-իսպանական նավատորմի 47 նավերից ծովամարտը լքեցին 11-ը, մնացածը գերված կամ խորտակված էին: Անգլիական նավատորմը կորուստներ չէր կրել:

Տրաֆալգարի ճակատամարտով վերջնականապես ծովում հաստատվեց Անգլիայի տիրակալությունը, և Նապոլեոնի հույսերը` խորտակել Անգլիան, հօդս ցնդեցին: Բնականաբար, դա էապես ազդեց Նապոլեոնի հետագա գործունեության վրա, և նապոլեոնյան կայսրության կործանման պատճառը հենց ռուս-անգլիական դաշինքը եղավ:
Մարտի ժամանակ Նելսոնը թիկունքից մահացու վիրավորվեց անգլիացի դիպուկահարի կրակոցից ու մահացավ մարտի ժամանակ: Հոգեվարքը տևեց երեք ժամ: Նելսոնը երջանիկ էր. ժպտում էր` վստահ իր հաղթանակին: Նա երազում էր փառահեղ հաղթանակի ու աղմկալից, հերոսական վախճանի մասին:

Նելսոնի դին կոնյակի սպիրտով լի տակառով Լոնդոն տեղափոխվեց 1806 թ. հունվարի 9-ին ու հանդիսավոր ամփոփվեց սուրբ Պողոսի տաճարում:

 

 

Ավստրալիան պետք է պաշտոնանկ անի արտգործնախարարին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Հարութ ՍասունյանԱնցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:

 

«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆորնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն»:

 

«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:

 

Ավստրալիայի թուրքական զորակցության միության ղեկավար Էրթունչ Օզենը, հետևելով Էվինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին` «մտահոգություն հայտնելով բանաձևերի առնչությամբ, որոնք ընդունվել էին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից 2013 թվականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերյալ և տարբեր համայնքների ճակատագրի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո»:

 

Արտգործնախարար Բիշոպը հունիսի 4-ին գրել էր Օզենին. «Ավստրալիայի կառավարությունը ընդունում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները աղետալի հետևանքներ են ունեցել հետագա սերունդների և նրանց ինքնության, ժառանգության ու մշակույթի վրա»: Զարմանալիորեն, նա հավելել էր. «Սակայն այդ դեպքերը մենք չենք ճանաչում որպես «ցեղասպանություն»: Ավստրալիայի նահանգները և տարածքները սահմանադրական դերակատարություն չունեն Ավստրալիայի արտաքին քաղաքականության մշակման գործում: Հարգելով սույն հարցի վերաբերյալ անհատների և խմբերի անդրդվելի հայացքներ ունենալու իրավունքը, Ավստրալիայի կառավարությունը վաղուց ի վեր հստակ մոտեցում է որդեգրել` չմասնակցել այս զգայուն բանավեճին»:

 

Ավստրալիայի արտգործնախարարը սխալվում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թույլ տվել, նշելով, որ Ավստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Չնայած Ավստրալիայի կառավարությունը գերադասում է չօգտագործել ցեղասպանություն եզրը, որպեսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտոնյա երբևէ չի հայտարարել, որ այն ցեղասպանություն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Ավստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ձևավորել են արտաքին քաղաքականություն: Այս նահանգները պարզապես ճանաչել են պատմական մի իրողություն. և երրորդ՝  նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի մասնակցում այս «զգայուն բանավեճին», սակայն իրեն թույլ է տվել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանություն չէ…

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն անմիջապես խիստ ձևակերպմամբ մի նամակ է հղել արտգործնախարարին` նրա «սխալ հայտարարությունը» անվանելով «խորապես վիրավորական և ցավալի Ավստրալիայի հայ համայնքի համար»: Նա նաև Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպես «անհանդուրժելի», «աններելի», «խիստ վիրավորական» և «վնասակար բոլոր ավստրալիացիներին»: Կահրամանյանն արդարացիորեն զարմացել է, թե «Ինչպե՞ս կարող է Ավստրալիայի բարոյագիտակցությունը դառնալ այսքան փչացած»:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է արտգործնախարարին, որ նրա հայտարարությունը խիստ հակասում է «ներկայիս կառավարության բազմաթիվ բարձրաստիճան նախարարների արտահայտած դիրքորոշումներին: Վերջերս, 2014 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը Ավստրալիայի գանձապետ Ջո Հոկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Ապրիլի 24-ը նշելով որպես օր «երբ հավաքվում ենք հիշելու ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն մարդկանց»: Նախարարներ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատավորական, Կանաչների, փոքր և անկախ կուսակցությունների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Ավստրալիայի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ, հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը առանց որևէ որակավորման կամ մեղմասացության»:

 

Կահրամանյանը նաև ասել է արտգործնախարարին. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Դուք ժխտում եք նաև Ավստրալիայի սեփական պատմությունը: Ավստրալիայի ազգային արխիվում պահվում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիվ ու անհամար վկայություններ, որոնք գերեվարվել էին Օսմանյան կայսրությունում…. Այս անհերքելի վկայությունները վառ հիշողություններ են հայ ժողովրդի տառապանքների և ոչնչացման մասին»:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը կոչ է արել արտգործնախարարին՝ «անհապաղ չեղյալ համարել այս դատողության լուրջ սխալը» և հանդիպում է խնդրել նրա հետ:

 

Ես առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…

 

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Արտագաղթ. Հանրային խորհուրդը նախագահի հետ քննարկել է երկրին սպառնացող գերխնդիրը

Վազգեն Մանուկյան,Սերժ Սարգսյան,Հանրային խորհուրդՀուլիսի 24-ին, ավանդույթի համաձայն, ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է երկրի ղեկավարի հետ: Խորհրդի անդամները Սերժ Սարգսյանին են ներկայացրել հանրությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են արտագաղթը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, սահմանամերձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը և այլ հարցեր:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք ընտրել են այնպիսի հարցեր, որոնք հիմնարար են և վերաբերում են ոչ միայն ներկա իրավիճակին կամ ներկա իշխանություններին, այլև ապագա սերունդներին:
«Առաջինը արտագաղթի հարցն է: Դա լրջագույն խնդիր է, քանի որ գերազանցում է բնակչության բնական աճը: Դա նշանակում է, որ պետությունը դատարկվում է, առաջին գիծը պաշտպանողների թիվը պակասում է: Եթե դա երկար տևի, ապա լուրջ վտանգ կներկայացնի անգամ պետության գոյության համար»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ արտագաղթն այն խնդիրներից է, որը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է, և իրենք մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձարցրել են նախագահի և նախկին վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:
Հանրային խորհուրդը համարում է, որ արտագաղթի պատճառները և՛ օբյեկտվ են, և՛ հոգեբանական: Եվ եթե օբյեկտիվ պատճառներից են աշխատատեղերի ոչ բավարար քանակը, եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրությունը, սեփական բիզնես սկսելու բարդությունները՝ կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ, բարեկեցիկ պայմաններում ապրելու մարդկանց բնական ձգտումը, անավարտ պատերազմը կամ բոլորի համար օրենքի կիրառման բացակայությունը, ապա հոգեբանական գործոնն այն խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչությունն է, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության կորստի` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը:
«Մենք նախագահին ասացինք` բաներ կան, որ կախված են իշխանություններից՝ օրենքներ փոխել, ինչ-որ իրավիճակներ փոխել, բաներ կան, որ օբյեկտիվ են, փոխել հնարավոր չէ, ամեն դեպքում, նշեցինք, որ ճիշտ կլինի, եթե կառավարությունն ամեն տարի նաև արտագաղթի վերաբերյալ հաշվետվություն տա և դա դարձնի իր գործունեության կարևորագույն կետերից մեկը,– ասում է Մանուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ ապագա ընտրություններում ամենակարևոր հարցը լինելու է այն, թե ով ինչ կխոստանա արտագաղթը նվազեցնելու, կանխելու ուղղությամբ:- Նաև նշեցինք, որ իշխանությունը պետք է դիմի հասարակությանը՝ խնդրելով նրա աջակցությունը երկրի առջև ծառացած այդ լրջագույն մարտահրավերը լուծելու համար: Այսինքն` հասարակությունը ոչ թե պետք է դժգոհ երեխայի դերակատարություն վերցնի իր վրա, այլև մասնակից դառնա այդ պրոցեսներին»:
«Հաջորդը, որ ներկայացվել է նախագահին, սահմանների պաշտպանության հարցն է, հատկապես` վերջին դեպքերի հետ կապված, և հասարակության մեջ վտանգի զգացողությունն ու տագնապը»,- ասաց ՀԽ նախագահը:
Մանուկյանի խոսքով՝ սահմանամեձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը մեր առջև ծառացած լրջագույն խնդիրներից են, որոնց լուծումը որոշակիորեն կնպաստի նաև արտագաղթի խնդրի լուծմանը:
Խորհուրդը համոզված է, որ դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր սահման ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ոչ միայն սահմանը ամրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով, այլև սահմանամերձ գոտու բնակչությանը ներգրավել սահմանի պաշտպանությանը:
Սահմաններն ամուր պահելու կարևորագույն երաշխիքներից մեկն էլ, ըստ Մանուկյանի, սոցիալական բարենպաստ պայմանների ստեղծումն է, որպեսզի սահմանամերձ գոտուց արտագաղթը կանխվի: «Սահմանամերձ գոտու բնակիչներին պետք է տրվեն լրացուցիչ արտոնություններ սոցիալական ոլորտում՝ առողջապահություն, կրթություն, թոշակներ, նաև պետք է տրվի հնարավորություն, որ այդ մարդիկ սեփական աշխատանքով կարողանան բարելավել իրենց կյանքը և ստիպված չլինեն հեռանալ»,- նշում է ՀԽ նախագահը:
Հանրային խորհուրդը գտնում է, որ սահմանային գոտում անհրաժեշտ է էապես նվազեցնել հարկերը, ընդհուպ ` վերացնել, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդեր ստեղծել, գյուղատնտեսությունը պետական կամ փոքր գումարներով ապահովագրել և այլն:
«Վերջին տարիներին առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամբ կիրառվել են որոշ արտոնություններ, մասնակի ծրագրեր են իրականացվում տարբեր նախարարությունների կողմից, սակայն պետք է նշել, որ շատ կարևոր որոշումներ էլ դադարել են գործելուց: Օրինակ՝ 2001 թ. կառավարության N773 որոշմամբ հաստատվել է պաշտպանված դպրոցների ցանկ, որոնք ֆինանսավորվել են անկախ երեխաների թվաքանակից: Այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 01.01.2007 թ., դրա հետևանքով սահմանամերձ գոտու շատ դպրոցների աշակերտների թվի սակավության պատճառով ֆինանսավորումը կատարվում է ավելի պակաս, քան փաստացի կազմում են անհրաժեշտ ծախսերը»,-ասում է Մանուկյանը:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը նույնպես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է, և խորհրդում բազմիցս են քննարկել դա՝ նկատելով, որ առկա են մի շարք հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն:
«Մենք լիովին համամիտ ենք, որ անվտանգության, տնտեսության որոշ ոլորտների միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից այդ անդամակցությունը շահավետ է և չունի այլընտրանք, բացի այդ, քանի որ ԵՏՄ-ն նոր է սկսել ձևավորվել, դա Հայաստանին հնարավորություն կտա մասնակցելու ԵՏՄ ստեղծման գործընթացներին, կենսական նշանակություն կհաղորդի ներկայումս սկիզբ առած նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում ավելի խորը և լայնածավալ ներգրավվածությանը ինտեգրացիոն գործընթացներին, բայց միաժամանակ պետք է արձանագրել, որ ինչպես պետությունների ամեն մի դաշինքում, այնպես էլ այստեղ առկա են շահերի բնական հակասություններ»,- նշում է ՀԽ ղեկավարը:
Ըստ Մանուկյանի` ակնհայտ է, որ օրինակ` Ղազախստանը չի ցանկանում Հայաստանը տեսնել այդ միության կազմում, քանի որ որպես թրքախոս ժողովուրդ լուրջ շահեր ունի Ղազախստանի հետ:
Ընդհանրապես Վազգեն Մանուկյանը Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան եռյակը Հայաստանի համար համարում է ոչ այնքան շահավետ և հուսալի, որքան, եթե միության կազմում լինի, օրինակ, Չինաստանը:
Մանուկյանը համոզված է, որ Եվրասիական միությունը կընդլայնվի՝ ներառելով Չինաստանը, հակառակ դեպքում այդ կառույցն ապագա չի ունենա:
Ճիշտ է՝ Հայաստանն ի սկզբանե իր անվտանգությունը կապել է Ռուսաստանի հետ, սակայն ապագայում տնտեսական տեսանկյունից Հայաստանին ձեռնտու է եվրոպական ուղղությունը: Ինչ վերաբերում է ներկային, ապա այսօր տնտեսական առումով եվրոպական շուկա մտնելը Հայաստանի համար լուրջ խնդիր է. «Հետագայում, եթե Ռուսաստանը կամ Եվրասիական միությունը չփորձեն գնալ եվրոպական ճանապարհով, փոխարենը Եվրոպան գնա առաջ, իրենք մնան հետ, ապա դա ձեռնտու չի լինի ո՛չ այդ միությանը, ո՛չ էլ Հայաստանին»:
Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը համակարգված ձևով զուգահեռ պետք է իրականացնի մերձեցում արևմտյան կառույցների, առաջին հերթին` Եվրամիության հետ` խորացնելով Հայաստանում դրանից բխող բարեփոխումները բոլոր այն դեպքերում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցության գործընթացին:
ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկված ոչ պակաս կարևոր հարցերից է եղել ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման էքստենսիվ զարգացումը, որը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգերին և ազգաբնակչության առողջությանը, արդյունահանված հումքը դուրս է բերվում երկրից` նվազագույն տնտեսական օգուտ տալով երկրին, իսկ առաջացած թափոնների համար համապատասխան վճարներ նախատեսված չեն:
Հանրային խորհուրդը կարծում է, որ ստեղծված իրավիճակը զգալի հարված է հասցնում նաև տնտեսության մյուս ճյուղերին, հատկապես` գյուղատնտեսությանը և տուրիզմին, ակտիվանում են սողանքները` վնաս հասցնելով կոմունիկացիաներին և բնակավայրերին:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի դրույթները` խորհուրդը համարում է, որ հարկավոր է հատուկ ուսումնասիրել այդ հանքերի` պետական շահերից բխող օգտագործումը և դրանց շահագործման նպատակահարմարությունը, քննել որոշ հանքերի վերավաճառքի արդյունքում արդեն ստացված կամ ապագայում ստացվելիք չարդարացված գերշահույթները:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ապա Հանրային խորհուրդը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում է՛լ ավելի անմրցունակ:
ՀԽ-ն նախագահին ներկայացրել է քննարկումների ընթացքում խորհրդում ձևավորված այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ, և այդ ամենի հետևանքով առաջացած թերություններն ու սխալները հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը:
Հանրային խորհուրդը ներկայացրել է այդ հարցի լուծման իր առաջարկները՝ առաջին հերթին նշելով, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:
Նախագահի ուշադրությանն է ներկայացվել նաև կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
Խորհուրդը գտնում է, որ հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը:
Հանրային խորհուրդն առաջարկել է տվյալ օրենքի շրջանակներից դուրս ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:
ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը նույնպես նախագահի հետ քննարկման թեմա է դարձել:
Հանրային խորհուրդը համաձայն է այն գաղափարին, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է Սահմանադրության մեջ իրականացնել բարեփոխումներ, բայց միաժամանակ ներկայացրել է մի շարք մտահոգություններ, որոնք հստակեցման կարիք ունեն: Օրինակ` Հանրային խորհուրդը սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի այն դրույթը, ըստ որի` ՀՀ նախագահն ընտրվում է ՀՀ ԱԺ-ի կողմից, անվանել է «հեղափոխական» փոփոխություն՝ համարելով, որ հարցը վիճելի է և պահանջում է լուրջ հիմնավորում:
Նախագահի հետ քննարկվել է նաև «կարմիր գծերի» հարցը, այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը, տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը, քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը:
Խորհրդի անդամները փաստել են, որ վերջին հարցը մտել է լուծման փուլ, միաժամանակ ընդգծել, որ նման հարցերը ժամանակին պետք է կարգավորված լինեին՝ համաշխարհային պրակտիկայում ընդունված և գործող չափանիշների հիման վրա:
Անկախ

Հայկական ֆուտբոլի տխուր վիճակը

2-րդ նյութ 21132Հետևելով Բրազիլիայում կազմակերպված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` մարզասերները մեծ բավականություն ստացան, և ցավով ևս մեկ անգամ համոզվեցինք, թե մեր ազգային ընտրանին իր խաղամակարդակով ինչքան հեռու է ուժեղագույններից: Թերևս ոմանք էլ փոքր սփոփանք համարեցին այն, որ տանտերերի` Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները աշխարհի չեմպիոն դարձած Գերմանիայի ընտրանիին ավելի անփառունակ հաշվով պարտվեցին (1:7), քան մերոնք` ֆուտբոլի աշխարհի առաջնության շեմին (1:6): Բայց որ հայկական ֆուտբոլը տխուր վիճակում է, երկու կարծիք լինել չի կարող: Այդ են վկայում նաև վերջին իրադարձությունները:

Հայաստանից չորս թիմ էր հանդես գալիս Եվրոպայի ակումբային մրցաշարերում, և բոլորն էլ խայտառակվեցին` նախնական մրցաշարի առաջին փուլից դուրս մնալով պայքարից:
Ընդ որում, Երևանի «Բանանցը» Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարում երկու խաղի արդյունքով պարտվեց սիրողական ակումբի` Անդորրա գաճաճ պետության չեմպիոն «Սանտա Կոլոմային» (0:1, 3:2): Սա հայկական ֆուտբոլի համար նոր խայտառակ էջ է:
Եվրալիգայի գավաթի խաղարկության մրցաշարում էլ ձախողվեցին Գյումրիի «Շիրակը», Երևանի «Միկան», Երևանի «Փյունիկը»: Ընդ որում, «Շիրակը» և «Փյունիկը» զիջեցին ղազախական թիմերին` համապատասխանաբար Կարագանդայի «Շախտյորին» և «Աստանային»: Սա նույնպես ամոթալի է: «Միկան» պայքարից դուրս մնաց խորվաթական «Սպլիտի» հետ պայքարում, որն այնքան էլ անպատվաբեր չէ:
Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ակումբային ֆուտբոլի վարկանիշը շարունակում է իջնել: Հետ ենք մնում նույնիսկ ֆուտբոլային համարում չունեցող երկրներից` Լիխտենշտեյնից, Իսլանդիայից, Էստոնիայից, Ֆարերյան կղզիներից, Անդորրայից, Լյուքսեմբուրգից:
Դժվար է որևէ բացատրություն տալ, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:
Երբ օրերս անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վիճակահանությունը, որպեսզի կազմվի խաղացանկը, հայտնի դարձավ, որ առանց այդ էլ սակավաթիվ` 8 ակումբների մասնակցությամբ նախատեսված ստուգատեսի մասնակիցների թվում չէ «Ուլիսը»: Եվ վիճակահանությունը կատարվեց 7 թիմի միջև:
Բանն այն է, որ «Ուլիսը» հավաստագիր չէր ներկայացրել, չէր վճարել մասնակցության մուտքավճարը` 5 մլն դրամ: Միայն հետո պարզվեց, որ 2011-ի Հայաստանի չեմպիոն ակումբը կարողացել է հայթայթել այդ գումարը և այնուամենայնիվ, մասնակցելու է առաջնությանը:
Եթե Հայաստանի առաջնությունում 7 թիմ հանդես գար, ապա Հայաստանին Եվրալիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու մեկ ուղեգիր պակաս կհատկացվեր: Ընդհանրապես դա Հայաստանի ֆուտբոլային ակումբների համար իդեալական տարբերակ է: Բարձրագույն խմբի առաջնությունում խաղում է 8 թիմ, և կեսը հնարավորություն է ստանում մասնակցելու եվրոպական գավաթային մրցաշարերին: Այլ հարց է, թե ինչքան փնթի են կատարում մերոնք այդ պատասխանատու գործը: Փաստորեն, մեր ակումբների անհաջող մասնակցությունը վարկաբեկում է երկիրը, և պատասխանատվություն կրող չկա:
Ինչևէ, օգոստոսի 2-ին նախատեսվում է սկսել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Արդեն սովորական է դարձել, որ խաղերն անցկացվում են կիսադատարկ մարզադաշտերում. լավագույն դեպքում: Մարզասերներին ամենևին էլ չի հետաքրքրում այն ֆուտբոլը, որ ունենք: Ակումբների տերերն էլ չեն ցանկանում փող ծախսել, որ թիմերն ուժեղանան: Չի կարելի ասել, թե նրանք շահ չունեն: Եթե շահ չլիներ, պարզապես կհրաժարվեին թիմեր պահելուց: Իսկ թե ինչու է հայկական ֆուտբոլում այդպիսի վիճակ, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Ֆուտբոլային կառույցը պետություն է պետության մեջ:
Եվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ժանանակ առ ժամանակ պարսավում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի շարունակ փոփոխվող նախարարներին, որ ֆուտբոլից հեռու են: Եվ զարմանալի է, որ պատասխանները սոսկ արդարանալու փորձերն են:
Սա է մեր ունեցածը:

«Ֆիլմերը պետք է արտացոլեն իրականությունը». Ամոս Գիտայ

gitaj.Իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայն ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆրանսիայում ստեղծել է յուրահատուկ գործեր, որոնցից 40-ը վավերագրական և խաղարկային ֆիլմեր են: Ռեժիսորն իր վավերագրական ֆիլմերից մեկի` «Դաշտային օրագրի» բացասական արձագանքի պատճառով 1983 թ. տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ ստեղծում է բազմաթիվ վավերագրական, պատմական և խաղարկային ֆիլմեր:

Ներկայացնում ենք Ամոս Գիտայի հետ «Անկախի» հարցազրույցն ամբողջությամբ:

– Ինչպե՞ս եք սկսել ձեր ռեժիսորական կարիերան:
– Շատ սովորական, վավերագրական ֆիլմերից, ինչը շատ մեծ գումարներ չէր պահանջում:

– Ո՞րն է Ձեր ֆիլմերի առանցքային թեման:
– Իսրայել-արաբական հակամարտությունը, կրոնը, գաղթը, պատմությունը, քաղաքական հարցերը: Կարևորում եմ ֆիլմի բովանդակությունը, հակասությունն ու բաց հասարակությունը: Ֆիլմը պետք է օգտագործենք այն ժամանակ, երբ այն կարտացոլի իրականությունը:

– Հայաստանում ցուցադրած «Ազատ գոտի» ֆիլմի հատկապես սկզբի մասում երկար ու դանդաղ կադրեր են օգտագործված: Բացի այդ, հաճախ գերակշռում են կանանց կերպարները: Ինչո՞ւ:
– Դրանում իմաստ կա: Միջին Արևելքում տղամարդկանց դերակատարությունը մեծ է, ինչի պատճառով էլ հակամարտությունները շատ են: Եթե ապավինեինք կանանց ողջամտությանը, խաղաղություն կտիրեր:

– Ուրեմն կողմ եք ֆեմինիզմին…
– Ոչ: Պարզապես տղամարդիկ հակված են ավելի շատ աշխարհն ու մարդկանց տարբերակելու երկու` սև ու սպիտակ, չար ու բարի բևեռների, մինչդեռ բոլորն էլ ունեն թե՛ վատ, թե՛ լավ կողմեր: Դրա համար, կարծում եմ, պետք է օգնության գան կանայք:

– Խոսեցիք հայերի ու հրեաների մասին: Ի՞նչն է նրանց նմանությունը:
– Երկուսն էլ ջարդեր են տեսել, հետևաբար, ինքնության պահպանման խնդիր ունեն:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցին:
– Այդ չափազանց կարևոր խնդիրը վերաբերում է մեր ապագային, առանց որի հնարավոր չէ առաջ ընթանալ: Չեմ հասկանում` ինչու թուրքերը չեն ճանաչում ցեղասպանությունը: Օրինակ` հրեաները գոյատևել են գաղափարին հավատալով, սակայն այսօր, ցավոք, գրեթե բոլորը հավատում են միայն փողի ուժին: Ինչ վերաբերում է կինոյին, ապա այն շատ հզոր միջոց է հիշողությունը պահպանելու, սոցիալ-քաղաքական հարցեր բարձրացնելու և լուծելու համար:

– Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում:
– Համաշխարհային դասականները, տաղանդավոր մարդիկ և,իհարկե, կանայք (ծիծաղում է):

– «Անա Արաբիա» ֆիլմում, որը մեկ ամբողջական կադրից է բաղկացած, հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում քայլելով, անտարբերությամբ Յաֆֆայի բնակիչների պատմածներն է լսում: Դա թաքնված որևէ խորհուրդ, իմաստ ունի՞:
– Գլխավոր դերակատարուհու անտարբերությամբ փորձել եմ արտահայտել այն միտքը, որ անապահով համայնքում նկարահանելիս պարտադիր չէ` այդտեղի անդամ դառնաս: Այդ պատճառով նա չէր միաձուլվում տվյալ միջավայրին:

– Սակայն ֆիլմի վերջում դերասանուհուն հետաքրքրում են այդ պատմությունները, անգամ փորձում է բացահայտել իրականությունը:
– Այո: Ես ֆիլմի լեզվով ցանկացել եմ ասել, որ իսրայելցիների ու արաբների կապը չպետք է խաթարվի:

– Երբ հետ եք նայում Ձեր անցած մասնագիտական ճանապարհին, ի՞նչ եք զգում:
– Իրականում ինձ արհեստավարժ չեմ համարում և դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու:

– Չափազանց համեստ եք: Այսօր կինեմատոգրաֆիայում ի՞նչ է պակասում:
– Կինոդպրոցները մեծ թվով մասնագետներ են պատրաստում, մինչդեռ նրանց զգալի մասն ընդվզող և պայքարող չէ, ինչի պատճառով էլ շատ գլուխգործոցներ չեն ստեղծվում: Այսօր կինոյում գաղափարական սով է: Հուսամ` կգա կինոյի ծաղկուն և նոր մտքերի ժամանակաշրջան:

Ելենա Չոբանյան

Հրաձգության կազմալուծված ազգային հավաքական և հուսադրող երիտասարդական թիմ

1-ին նյութ 28415.pngՉինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին նախապատրաստվում են նաև մեր երկրի հրաձիգները: Թե ովքեր են նրանք` խնդրեցինք պարզաբանել Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին:

– Հայաստանը կներկայացնի այդ ստուգատեսում երկու մարզիկի: Հրաչյա Բաբայանը հանդես կգա օդամղիչ հրացանով, և Զավեն Իգիթյանը` ատրճանակով հրաձգության կրակահերթերում: Ներկայումս նրանք պարապում են Երևանի հրաձգության դպրոցում: Հրաձիգներին օգնում են նախապատրաստվելու մարզիչներ Անդրանիկ Այվազյանը և Խորեն Իգիթյանը: Երկու նշանառուներն էլ խաղերին մասնակցելու ուղեգրերը նվաճել են 2014-ի փետրվարին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զավենը դարձել է չեմպիոն, իսկՀրաչյան զբաղեցրել է 5-րդ տեղը: Երկուսն էլ հանդես են գալու 10 մ հեռավորությունից կրակահերթերում: Մոսկվայում խաղարկվում էին նաև մարզուհիների ատրճանակով և հրացանով հրաձգության պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն մեր լավագույն մարզուհին վարկանիշային ստուգատեսից առաջ անսպասելիորեն վիրահատվեց:

– Ի՞նչ սպասելիքներ կան մեր նշանառուներից:
– Մրցումներից առաջ միշտ էլ լավի մասին ենք մտածում, տեսնենք, թե ինչ կստացվի: Մեր հրաձիգները նորմալ մարզավիճակում են: Երկուսն էլ հեռանկարային են, բայց ֆինանսների պակասի պատճառով միջազգային քիչ մեկնարկների են մասնակցել: Այդուհանդերձ, Բաբայանը և Իգիթյանը միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ունեն: Բաբայանը 600 հնարավորից խոցել է 599 նիշ: Փաստը խոսուն է և վկայում է, որ նա շատ բանի է ի վիճակի:

– Այդուհանդերձ, այն տպավորությունն է, որ վերջին շրջանում մեր նշանառուները մարզասերներին քիչ են ուրախացնում:
– Ընդհակառակը, այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մերոնք 5 մեդալի են արժանացել` 1 ոսկե, 4 բրոնզե: Նախկինում այսպիսի հաջողություն չենք ունեցել, առաջընթացն ակնառու է: Իսկ ահա մեծահասակների Հայաստանի հավաքականը կազմալուծվել է: Մեր ամենափորձառու հրաձիգը` Նորայր Բախտամյանը, անվերադարձ մեկնել է ԱՄՆ: Մյուսները ընտանիք են կազմել, այլ աշխատանքի են անցել: Ապրուստի խնդիր է, վիճակը լավ չէ: Գերմանիայից Հայաստանի հավաքականը համալրել է Քրիստիան Լաուերը, նրա կինը` Իրինա Աղաջանյանը, նույնպես հրաձգուհի է, հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում: Լաուերը Հայաստանի քաղաքացիություն ստացել է, բայց դրանից նոր խնդիրներ են ծագել: Գերմանիայում երկքաղաքացիությունն ընդունված չէ: Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, և այդ մարզիկը հոգեբանական ծանր վիճակում է: Նա բարձրակարգ հրաձիգ է, սակայն սթրեսային վիճակը թույլ չի տալիս, որ բարձր արդյունքներ ցույց տա: Քրիստիանը գրեթե մարզվելու ժամանակ չի ունենում, դատական նիստերը հաջորդում են իրար: Հուսով են, որ ամեն ինչ կհարթվի և նա նորմալ կմասնակցի միջազգային մեկնարկներին: Արդեն մեկ տարի է, ինչ նշանառուների ընտանեկան զույգը Գերմանիայում է, ծնվել է առաջնեկը` աղջիկ: Դմիտրի Օռլովը փորձառու ստենդային հրաձիգ է: Նա բնակվում է Ռուսաստանում, սակայն Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս: Լաուերը և Օռլովը կմասնակցեն սեպտեմբերին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

– Ռուսաստանում բնակվող տիտղոսակիր հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը Ռուսաստանի թիմի կազմից դուրս է եկել և կրկին համալրել է մեր երկրի ընտրանին: Նա ներկայումս ինչո՞վ է զբաղված:
– Երջանիկը, ինչպես նաև նրա երկու որդիները լավ հրաձիգներ են, սակայն տեսադաշտում չկան: Հեռախոսազանգեր են եղել, նամակ է ուղարկվել, մի քանի անգամ եկել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, և դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:

– Իսկ եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն առաջանա:
– Արդեն ուշ է, հնարավոր չէ: Պետք էր նախապես հայտ ներկայացնել:

– Նորից խնդիրներ առաջանո՞ւմ են, երբ մրցումներից առաջ անհրաժեշտ է լինում զենքեր տեղափոխել:
– Թերևս միակ երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներն ենք, որ այդ առումով տարբեր փորձություններ ենք կրել և նույնը շարունակ կրկնվում է: Համակարգը բարդ է, բայց կարելի է այնպես անել, որ այդ ամենը հեշտ կարգավորվի:

– Մեր մարզիկներն ապահովվա՞ծ են ժամանակակից զենքերով և զինամթերքով:
– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր երկրի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների համար գնել է ավստրիական «Շտայեր» ֆիրմայի ժամանակակից հրացան և ատրճանակ: Մարզիկները ստացել են համապատասխան հանդերձանք: Միայն Իգիթյանի մարզակոշիկների հարցն է առայժմ մնացել չլուծված: 14-ամյա պատանի հրաձիգը 45 համարի մարզակոշիկ է հագնում… Փափուշտներ նույնպես տրամադրվել են: Գոհ ենք, որ ՀԱՕԿ-ն աջակցում է:

– Նշանառուների կարիքները հոգալու համար Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի միջոցները բավականացնո՞ւմ են:
– Ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 26 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է: Կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանն օգնում է: Լուծված է մասնագետների, պարապողների վարձատրության հարցը:

– Խորհրդային տարիներին հավաքականի հրաձիգների համար անվանական փամփուշտներ էին արտադրվում: Ներկայումս նման բան արվո՞ւմ է:
– Արտասահմանացի հրաձիգները, մեծ ֆինանսներ վճարելով, օգտվում են այդ հնարավորությունից: Դրա համար պետք է զենքը ներկայացնել ռազմական գործարան, այն թեստավորել և համապատասխան զինամթերք ստանալ:

– Տարիներ են եղել, երբ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հրաձիգներ են եղել: Այժմ կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նման բան էլի կարող է լինել:
– Հույսը մեր երիտասարդներն են: Վերջին 2-3 տարում նկատելի աճ կա, նույնիսկ մեր արտասահմանցի գործընկերներն են զարմանում:

– Մերոնք դրսում ուսումնամարզական հավաքներ անցկացնելո՞ւ են:
– Նախատեսված էր, բայց չի կայացել: Սովորաբար, այդ հավաքներն անցկացնում էինք Ուկրաինայում, այդ երկրում միջազգային մեկնարկների էինք մասնակցում, բայց 2014-ին բաց ենք թողել: Ուկրաինայում պատերազմական վիճակ է: Մերոնք նախապատրաստվում են Նոր Նորքում գտնվող հրաձգության դպրոցի հարմարավետ մարզաբազայում: Կան նաև խնդիրներ: Օրինակ` պարապմունքների համար սահմանափակ քանակով փամփուշտներ ունենք, 50 մ-ոց հրաձգարանի թիրախակալներն են շարքից դուրս եկել: Այդ էլեկտրոնային սարքավորումները նորոգելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ:

Նախանձը համընդհանուր խնդիր է

shalՌուս ռեժիսոր Վլադիմիր Խարչենկոյի և պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի «Նախանձ» 22 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված էր 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում: Այն խորհրդածություն է Կայենի և Աբելի պատմության թեմայով: Ֆիլմի սյուժեն երկու ծեր մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ հիվանդանոցում են: Ներկայացնում ենք պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի հետ հարցազրույցը:

– «Նախանձը» շատ հետաքրքիր և մտածել ստիպող ֆիլմ էր:
– Շնորհակալ եմ, սակայն մի քիչ բարկացած եմ, քանի որ ֆիլմը կոնտրաստներով էր և պատկերների մեծ մասն այնպես չէին երևում, ինչպես պետք էր: Այն շատ մութ էր: Ուզում եմ իմանալ, թե ինչ տեխնիկական խնդիր է եղել դահլիճում…

– Ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը, ձեր կարծիքով:
– Այն դիմացինին չկամենալու, նախանձի մասին է: Դեպքերը սկսվում են հիվանդանոցում` մեկ սենյակում: Երկու հիվանդ մարդ պառկած են հիվանդանոցում, և նրանց մեջ նախանձ է առաջանում: Նրանցից մեկը գամված է անկողնում, չի կարողանում ինքնուրույն շարժվել, պառկած է պատուհանից հեռու պատի տակ, կանչի զանգի կողքին: Մյուսը կարողանում է քայլել, և նրա մահճակալը միակ պատուհանի մոտ է, որով կարողանում է տեսնել դրսի աշխարհը: Եվ առաջին տղամարդը սկսում է նախանձել երկրորդին: Երբ քայլել կարողացող հիվանդը հանկարծ շատ վատ է զգում և խնդրում է մյուսին բժիշկներին օգնության կանչել, առաջինը, որին մոտ է կանչի կոճակը, չի սեղմում, և երկրորդ տղամարդը մահանում է: Ֆիլմի վերջում անկողնուն գամված տղամարդուն տեղափոխում են պատուհանի մոտ: Նա դանդաղ բարձրանում է և վերջապես շունչ քաշում` գլուխը դուրս հանելով պատուհանից:

– Ի՞նչ է հիշեցնում ֆիլմը:
– Ֆիլմի սցենարն ինձ հիշեցնում է Օ՚ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Այսինքն` այդ երկու թեմաներն էլ հավերժական են:

– Իսկ ինչո՞ւ է ռեժիսորն ընտրել հենց ծեր մարդկանց կերպարը: Կարծում եք` երիտասարդների մեջ նախանձը չի՞ խոսում:
– Ոչ, պարզապես ծեր մարդիկ շատ են ցանկանում ապրել, շարունակել, ամեն գնով յուրաքանչյուր պահ վայելել և ոչ մի պահ բաց չթողնել: Ֆիլմի կերպարներն ապրում են մեկ հիվանդանոցի ընդամենը մեկ սենյակում և ոչինչ չունեն, բացի ապրելու ցանկությունից: Նախանձը մարդկության համընդհանուր դիլեմա է:

– Ի՞նչ ազդեցություն կարող է այս ֆիլմն ունենալ հանդիսատեսի վրա:
– Կարծում եմ` մարդիկ ֆիլմը կընկալեն տարբեր կերպ` ելնելով իրենց գաղափարներից, մտածելակերպից: Հետևաբար, դիտածից կարող են դաս քաղել, խորհել կամ ոչինչ էլ չսովորել:

 

 Ելենա Չոբանյան

Բերանի հոտ. պատճառներն ու պայքարի միջոցները

index37Տարբեր տվյալների համաձայն` հալիտոզով է (այդպես է կոչվում բերանի տհաճ հոտը) տառապում մարդկանց 50%-ը` երբեմն դառնալով լուրջ խնդիր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական կյանքում: Հարցվածների 50%-ը վստահեցնում է, որ բերանի վատ հոտն էականորեն նվազեցնում է հաջող կարիերա անելուն, եթե հատկապես տվյալ մարդու գործունեությունը կապված է շփման հետ, 20%-ը կարծում է, որ հալիտոզը մարդկային անձի ամենավանող դրսևորումն է:
Պատճառները կարող են ինչպես բերանի խոռոչում կատարվող պրոցեսները, այնպես էլ տոնզիլիտները, վերին շնչուղիների, կոկորդի, թոքերի (բրոնխոէկտատիկ հիվանդություններ, աբսցես, գանգրենա, տուբերկուլյոզ), նյութափոխանակության խանգարումները, երիկամային ու լյարդային քրոնիկ անբավարարությունը լինել:
Բերանի խոռոչում գոյություն ունի անաէրոբ միկրոօրգանիզմների մի մեծ խումբ, որոնց կենսագործունեության արդյունքում արտադրվում է ծծումբ պարունակող վատ հոտով նյութ: Եթե դրանց քանակը նորմի մեջ է, ապա հոտ չի լինում, իսկ եթե ավելցուկ է առաջանում, հոտն էլ ուղեկցում է դրան:
Առավոտյան` սննդակարգի լուրջ խանգարումներից հետո, գրեթե բոլորի բերանից վատ հոտ է գալիս: Դա կարելի է ֆիզիոլոգիական երևույթ համարել: Սովորական հիգիենիկ պրոցեդուրաներից հետո (բերանի խոռոչի ողողում, ատամների մաքրում) այդ հոտը լրիվ անցնում է:
Հալիտոզը հիվանդագին է համարվում, եթե բոլոր նշված պրոցեդուրաներից հետո էլ հոտը մնում է:
Ահա մի քանի պատճառներ, որոնք նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը.
1. բերանում չորությունը,
2. թանձր թուքը,
3. լորձի ավելցուկը կոկորդում,
4. սպիտակուցներով հարուստ սնունդը,
5. ծխելը,
6. ալկոհոլը,
7. հորմոնալ խանգարումը,
8. բերանում չորություն առաջացնող դեղորայքի կիրառումը,
9. շաքարային դիաբետը,
10. տոնզիլիտը (կոկորդաբորբ),
11. պարադոնտոզը (լնդերի հիվանդությունները),
12. կարիեսը:
Թվարկված պատճառներից վերջին երկուսի դեպքում է միայն բերանի խոռոչի հոտը վերացնելու համար ստոմատոլոգի օգնություն պահանջվում:
Ընդհանուր հիվանդությունների դեպքում (ինֆեկցիոն, նյութափոխանակության խանգարում ու հատկապես ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ` կապված ստամոքսի խոցի հիվանդության, գաստրիտների, աղիների բորբոքումների (կոլիտ), դիսբակտերիոզ ևն) լեզվի արտահայտված փառակալման երևույթ է նկատվում հատկապես լեզվի հիմքի մոտ: Այդ փառի տակ զարգանում են անաէրոբ մանրէներ, որոնք էլ հանգեցնում են բերանից տհաճ հոտի: Նման դեպքում տեղային հիգիենան, ասենք` ողողումը, նույնիսկ հակամանրէ դեղամիջոցներով ու ջրածնի պերօքսիդով, փառի քերումը և մյուս միջոցները ժամանակավոր արդյունք են տալիս: Դրա համար, լավ արդյունք ստանալու նպատակով հարկավոր է խնդրի հիմնավոր լուծում գտնել, այն է` հիվանդությունների բուժում: Նման օրինակները բազում են, երբ ստամոքսաղիքային ֆունկցիայի կարգավորումը հանգեցրել է հոտի իսպառ վերացմանը:
Աֆտոզային ստոմատիտ. ( հաճախ է մանուկների մոտ լինում, սակայն մեծահասակների հետ էլ է պատահում) լեզվի, այտերի ներսի կողմի, լնդերի ու շուրթերի լորձաթաղանթի վրա բշտեր վերքեր, խոցեր են առաջանում, որոնք ծածկված են մոխրագույն ֆիբրինային թաղանթով: Դրանց մեծ քանակության դեպքում առաջանում է դողէրոցք, լիմֆադենիտ, թուլություն, ուժեղ ցավով պայմանավորված ախորժակի կորուստ: Այդ բշտերը սովորաբար վարակիչ հիվանդությունների հետևանք են, սակայն բոլորի մոտ ու միշտ չէ, որ դրանք բորբոքային պրոցեսներ են առաջացնում:Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումների ու ավիտամինոզի դեպքում օրգանիզմը թուլանում է, իմունիտետը` ընկնում, ու որպես հետևանք աֆտոզային երևույթ է առաջանում: Ու եթե դրանք շատ են, բնականաբար, վատ հոտն էլ անպակաս է:
Հալիտոզի բուժումը
Կարիեսի դեպքում անմիջապես բուժել ատամները, իսկ եթե անհնար է այլևս փրկել դրանք, ապա հեռացնել: Տարբեր պատճառներով առաջացած ստոմատիտների դեպքում հուսալի ու լավագույն միջոց է համարվում քրքումը, այդ թվում և ռադիոթերապիայի հետևանքով առաջացածները (բերանի խոռոչի քաղցկեղային հիվանդությունների բուժման ժամանակ), ինչպես և քիմիաթերապիայի դեպքում: Մեր տեղեկության համաձայն` քրքումն ամենահրաշալի միջոցն է այս դեպքի համար: Արևելքի բոլոր երկրներում հազարամյակներ շարունակ քրքումն օգտագործվում է որպես համեմունք: Այնպես որ վստահ կարելի է ասել, որ քրքումը բացարձակ անվնաս միջոց է անգամ տարբեր չափաբաժինների պարագայում: Այն հզոր հակամանրէ ու հակավիրուսային տեղային ազդեցություն է ունենում ու հրաշալի հակաբորբոքային ու վերքը սպիացնող միջոց է:
Քրքումն իմունիտետը խթանող հեպատոպրոտեկտոր է ու նույնիսկ լուրջ հակաքաղցկեղային միջոց է: Լավագույն ազդեցության համար երեկոյան երեկոյան քնից առաջ պետք է կես թեյի գդալ աղացած քրքում խմել: Այն բոլորովին տհաճ չէ ու նույնիսկ քմահաճ երեխաները կարող են առանց դժվարության խմել: Դրա համար փոշին լցնում են լեզվի վրա ու ոչ մեծ քանակությամբ ջրով կուլ տալիս: Դրանից հետո բերանը ողողել պետք չէ, քանի որ քրքումի ինչ-որ քանակություն մնում է լեզվի, լնդերի վրա: Այն վառ-նարնջագույն է, այնպես, որ բերանը զննելիս կարելի է հեշտությամբ նկատել: Եթե խնդիրը լուրջ է, ապա կարելի է քրքում ընդունել օրական մի քանի անգամ, սնունդ ընդունելուց հետո: Այն այնքան լավ ազդեցություն է ունենում, որ անգամ առավոտյան բերանից հոտ չի գալիս: Հոտ չի գալիս անգամ ատամնաթելով ատամների արանքները մշակելու ժամանակ:
Քրքումը լավ ազդեցություն է ունենում նաև ստամոքս-աղիքային տրակտի վրա, վերացնում է բորբոքումները, դիսբակտերիոզը, բարձրացնում է իմունիտետը, շատ արագ նպաստում է աֆտոզային խոցերի ապաքինմանը, կտրուկ թեթևանում է լնդաբորբը, գինգիվիտը, ֆարինգիտը, լյարդի ֆունկցիան է կարգավորվում:
Քիմիա- և ռադիոթերապիայի դեպքում քրքումը կիրառվում է ստոմատիտի կանխարգելման կամ բորբոքային պրոցեսները նվազեցնելու նպատակով:
Քիթ-կոկորդի բորբոքային հիվանդություններն ինքնին կարող են բերանից վատ հոտի առաջացման, քթով շնչառության խանգարման ու բերանի չորության պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել մանրէների չափազանց բազմացման: Ռինիտների, սինուսիտների, ադենոիդների դեպքում շատ լավ արդյունք է տալիս շնչուղիների մեջ մեկ ամիս շարունակ օրական 3 և ավելի անգամ ծիծեռնախոտի (չիստոտել) հյութ կաթեցնելը: Տոնզիլիտների, ֆարինգիտների դեպքում լավ օգնում է նաև ակնամոմի թուրմը: Հնացած տոնզիլիտի դեպքում առաջարկվում է 5-6 օր ըմպանին 1%-անոց ֆորմալին քսել, օրական մեկ անգամ, առանց ընդմիջման, ցանկալի է քնելուց առաջ: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կրկնել 1-2 շաբաթից:
Լավ ազդեցություն է ունեում նաև ջրային ոսպը (ռյասկա. լայն տարածում ունեցող ջրային բույս է): Այն կիրառում են մեղրի հետ խառնած 1 թ/գդալ, օրական 1 անգամ, 10 օր, ապա` շաբաթական մեկ անգամ: Այն հրաշալի կանխարգելիչ միջոց է սեզոնային մրսածության հետևանքով հիվանդությունների դեմ, որոնց մեծ մասը վարակիչ բնույթ ունի, ինչպիսին սովորական հերպեսն է կամ էլ աֆտոզային ստոմատիտը:
Եթե անգամ լուրջ բողոքներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված չկան, այնուամենայնիվ երկարատև ու տհաճ ախտորոշման գործընթացն անցնելու փոխարեն կարելի է մի քանի շաբաթ կղմուխի (դեվյասիլ), մեղվամշկի (պիժմա), խատուտիկի արմատների կամ եղերդակի (ցիկորի) եփուկ խմել:
Բերանի տհաճ հոտը կարող է շատ լուրջ հիվանդության հետևանք լինել, ինչպիսին լյարդի անբավարարությունն է, քաղցկեղը կամ նեկրոտիկ անգինան: Նման հիվանդությունների բուժումը շատ լուրջ խնդիր է ու, բնականաբար, վերը թվարկված միջոցներով այն բուժել հնարավոր չէ:
Սմբատ Գրիգորյան
բուսաբույժ

Հայաստանի և Չինաստանի միջև նմանություններ կան

jia-zhangkeԱշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն անմոռանալի հետք թողեց Երևանի 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում` արժանանալով «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի:
1970 թ. Չինատանում ծնված Չժանկեին ֆիլմը սկսել է հետաքրքրել 90-ականներից, երբ դեռևս Շանհայի համալսարանի արվեստի ուսանող էր: Ռեժիսորը սկսեց ֆիլմեր նկարել 1998-ից, երբ Չինաստանը մեծ փոփոխությունների ժամանակահատվածում էր: 1994 թ. նա նկարահանել է «Մեկ օր Պեկինում», 1995-ին` «Գնում եմ տուն», 1997/98-ին` «Գրպանահատը» ֆիլմերը: Վերջինս հաջողություն ունեցավ Նանտի, Բեռլինի և Վանկուվերի փառատոներում: 2000 թ. նկարահանած «Բեմահարթակ» և «Անիմանալի հաճույքներ» ֆիլմերը ներկայացվել են Վենետիկի ու Կաննի կինոփառատոների մրցույթներում, իսկ 2006-ին «Նատյուրմորտը» Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: 2001- 2013 թթ. Չժանկեն նկարահանել է «Շների պայմանը», «Աշխարհը», «Անօգուտը», «Մեր տասը տարիները», «24 քաղաք», «Սև նախաճաշ», «Կուզեի իմանալ», «Մեղքի հպում» ֆիլմերը: Վերջինս անցած տարի մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում «Լավագույն սցենար» անվանակարգում:
Ներկայացնում ենք «Անկախի հարցազրույցը» Ցզյա Չժանկեի հետ:

– Ձեր ֆիլմերում Չինաստանը հիմնականում նկարագրված է հուսահատ երանգներով, անդրադառնում եք չինական հասարակության, սոցիալական անհավասարության և այլ խնդիրներին: Ինչո՞ւ:
– Իմ ֆիլմերի առանցքային թեման այսօրվա Չինաստանի արագ փոփոխվող հասարակությունն է: Մեծ ուշադրություն եմ դարձնում փոփոխություններին և դրանց ազդեցությանը չինացի հասարակության վրա: 1970 թ. իմ հայրենիքը թևակոխել էր մշակութային հեղափոխությունը, այն միտված էր հասարակության մեջ անհետացնելու ավանդական, կապիտալիստական և մշակութային տարրերը: Չինաստանն աղքատ երկրից վերածվեց հարուստ երկրի, ինչը հանգեցրեց արժեքների փոփոխության: Ինձ համար ֆիլմում ամենից կարևորը գեղեցկությունն է, որն առկա է այն ժամանակ, երբ արտացոլում ես իրական աշխարհը: Սակայն հաճախ դժվար է վավերագրությամբ ճշմարիտ իրականությունն արտացոլել: Ինձ համար ամենակարևորը աշխարհը, մարդկանց հասկանալն ու հարգելն է:
– Առհասարակ մշակույթն ու ֆիլմերը կարող են փոխել աշխարհը, մարդկանց, թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Ձեզ դա որքանո՞վ է հաջողվում:
– Միայն մեկ ռեժիսորն իր արվեստով, աշխատանքով չի կարող մի ամբողջ հասարակություն և մտածելակերպ փոխել:
– Չինաստանի կինոհամակարգն իրո՞ք արգելում է որոշ ֆիլմերի ցուցադրությունը:
– Այո: Իմ հայրենիքում դեռ կա ցենզուրա ասվածը, և շատ ռեժիսորներ չեն կարողանում ամեն ինչ նկարահանել և ցույց տալ: Ավանդույթներն են զսպում դա: Բայց չինական ռեժիսորները միշտ ցանկացել են ազատվել այդ «զսպաշապիկից»: Հուսանք` մի օր դանդաղորեն կհասնենք այդ ազատությանը: Իրականում փոփոխությունների համար համբերություն է պետք: Հավատում եմ մշակույթի հզորությանը: Համենայն դեպս, այսօրվա Չինաստանն ավելի բաց է, քան առաջ:

– Ձեր ֆիլմերի մեծ մասի գլխավոր դերակատարը հենց ձեր կինն է` Չժաո Թաոն: Ուրա՞խ եք դրա համար:
– Այո, շնորհակալ եմ նրան: Բայց կարծում եմ` նա ուրիշների ֆիլմերում ավելի լավ է խաղում, քան իմ (ժպտում է):

– Ի՞նչ նմանություն կա Հայաստանի և Չինաստանի միջև:
– Ավանդույթներն ու դուդուկը, մելանխոլիկ երաժշտությունը: Շատ նմանություններ կան, բայց և տարբեր են: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայերի և հայկական մշակույթի հետ:

 

Ելենա Չոբանյան

Աշխարհի ամենահին տոնն այս կիրակի մեկ սեղանի շուրջ կմիավորի հայ ընտանիքներին

վարդավառ2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող հնագույն տոն է, որն ունի տարբեր մեկնաբանություններ: Մի բան է միայն հստակ. սա հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության շրջանում վերածվել է եկեղեցական տոնի:
Այժմ առանձին-առանձին հեթանոսական ու քրիստոնեական վարդավառի մասին:
Աշխարհի հնագույն տոնը, որ նշվում է Նոյի ժամանակներից
Նախ` բառի ծագումնաբանության մասին: Ընդունված մի քանի կարծիք կա: Վարկածներից մեկի համաձայն` վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, ուստի, օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:
Հեթանոս ժամանակներում տոնը նվիրված է եղել սիրո աստվածուհի Աստղիկին: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել է ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում:
Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո դիցուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն և չարություն է հաստատվում: Աստղիկի սիրեցյալը` վիշապաքաղ Վահագնը, ազատում է Աստղիկին: Նա էլ շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում:
Իսկ վարդերը կարմիր են, քանի որ, ըստ ավանդության, երբ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալը վիրավորվել է, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Վազելիս նա տրորում է վարդենու փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդն այսպես է բացատրվում:
Ըստ մեկ այլ ավանդության` Վարդավառին միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը գալիս է Աստղիկ դիցուհու` Արածանիում լողալու սովորությունից: Ըստ ավանդության` ամեն գիշեր Աստղիկը լողում էր Արածանի գետում, և այդ ընթացքում հովիտը մշուշով էր պատում, որպեսզի շրջակա բնակավայրերի երիտասարդները, որոնք հավաքվում էին գաղտագողի Աստղիկին հետևելու, չկարողանան տեսնել իրեն: Այստեղից էլ դաշտը կոչվել է Մշո դաշտ:
Իսկ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունն էլի Աստղիկի ու Վահագնի հետ է կապված. Աստղիկի կացարանի տանիքին բույն դրած ծիծեռնակները սուրհանդակներ էին` Աստղիկից լուր էին տանում նրա սիրեցյալ Վահագնին ու նրանից էլ լուր բերում:
Ըստ քրիստոնեական մեկնաբանության` Վարդավառի տոնը նշվում է Նոյ նահապետի ժամանակներից սկսած: Երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատ լեռան լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի: Աղավնիներ թռցնելը ևս Նոյից մնացած ավանդույթ է համարվում:
Ներկայումս Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության (այլակերպության) տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո` կիրակի օրը` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (իսկ ժողովրդական տոմարով Վարդավառը շարժական տոն չէ և մշտապես նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը): Տոնին հաջորդում է մեռելոցը:
Տոնը Թաբոր լեռան վրա Ս. Պետրոսի, Ս. Հովհաննեսի և Ս. Հակոբոսի առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Քրիստոսն իր աշակերտների հետ լեռն է բարձրանում, որտեղ նրան երևում են Մովսեսն ու Եղիան: Մինչ նրանք խոսում էին, մի լուսավոր ամպ է նրանց վրա հովանի լինում, ու ձայն է գալիս. «Դա իմ սիրելի Որդին է, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտները, դա լսելով, վախեցած երեսնիվայր են ընկնում: Նրանց է մոտենում Քրիստոսը և ասում, որ չվախենան ու ոտքի ելնեն: Աշակերտները աչքերը բարձրացնում են և տեսնում, որ Հիսուսից բացի, ոչ ոք չկա:
Վարդավառյան օազիսներ` տոնի մոռացության ֆոնին
Հայաստանի ամեն մի բնակավայր Վարդավառի իր յուրօրինակ ավանդույթներն է ունեցել` երգեր, խաղեր, ճաշատեսակներ, տոնելու եղանակներ: Այսօր, սակայն, տոնի բուն խորհուրդը գրեթե մոռացության է մատնվել. և մնացել է միայն ջրցանությունը` որպես մանկական տոն: Բացառություն են Տավուշը, մասամբ Լոռին և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը, որտեղ Վարդավառը նշվում է մեծ շուքով` չզիջելով անգամ Նոր տարուն:
Մարտունու տարածաշրջանում Վարդավառը ընտանեկան տոն է, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրերում են ցրված ընտանիքի անդամները, այս օրը բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ինչպես են երեխաները սրտատրոփ Նոր տարվան սպասում Ձմեռ պապի ժամանելուն, այնպես էլ ամռան տապին անհամբեր սպասում են Վարդավառին, դեռ մեկ ամիս առաջ սկսում իրար «սպառնալ»` տես, Վարդավառին քեզ այնպես կջրեմ, որ…
Տոնական այս օրը Մարտունին աննախադեպ մարդաշատ է, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ` հեռու ու մոտիկ ազգականներ, գալիս ու գալիս են: Տոնի նախորդ օրը կանայք գաթա են թխում, տոնական պատրաստություն տեսնում, տղամարդիկ ուլ կամ գառ են մորթում, միսը պատրաստում հաջորդ օրվա համար, երեխաներն էլ բակերում մեծ տարաներ են շարում, լցնում ջրով, վրան վարդի թերթիկներ շաղ տալիս և ամեն մեկն իր անվանական «զենքը»` դույլն է ունենում:
Վարդավառի վաղ առավոտյան` արևի ծագելու հետ, սկսվում է ջրոցին: Սկզբում վաղ արթնացածներն ընտանիքի դեռ քնած անդամներին են ջրով ցողում անկողնում: Հետո ընտանիքի անդամներով են միմյանց մի լավ ջրում, հետո վերածվում է խաղի հարևանների միջև, այնուհետև, երբ արդեն բոլորը բոլորին ջրել են, հարևաններով միավորվում են ու սկսում են թաղամաս-թաղամաս միմյանց ջրել: Մարդիկ թաց, առանց ասֆալտի փողոցներից գուցե և ցեխոտված, լեռնային սառը օդից և ջրից երբեմն էլ դողալով, կարող են ժամերով դեսուդեն վազել, փողոցից փողոց անցնել` ջրոցիով տարված:
Ջրոցիից հետո հերթը կերուխումինն է. ամենուրեք կրակ են վառում, սկսում խորոված և խաշլամա եփել, անուշ բույրը տարածվում է ամենուր:
Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են բնության տոնը հենց բնության գրկում անցկացնել. ընտանիքով Սևանի ափ են գնում, կամ սար են բարձրանում, որևէ գետի կամ առվի ափին ծավալում իրենց խրախճանքը:
Եթե նախկինում Վարդավառի նախորդ գիշերն են մարդիկ խարույկ վառել ու սպասել տոնի գալուն, ապա հիմա մի փոքր հակառակն է: Խարույկով, ավելի ճիշտ` փռով ու երիտասարդական հավաքով է ամփոփվում տոնը: Տարբեր տեղերից հավաքված երիտասարդները բազմում են կրակի շուրջը, խաղում, երգում, զրուցում և վայելում փռում եփած կարտոֆիլը մինչև ուշ գիշեր: Ապա գնում են տները, որտեղից էլ վաղ առավոտյան ամեն մեկն իր ճանապարհը կբռնի ու կվերադառնա իր առօրյային` նորից սպասելով, որ մեկ տարին աննկատ կանցնի ու նորից նույն տեղում նույն կազմով կհավաքվեն:

 

 

ԱՄՆ-ն պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը

իրան-վեցնյակՀուլիսի 20-ին ավարտվեց 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա ) միջև ստորագրված միջանկյալ համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ըստ այդ միջանկյալ համաձայնագրի` նախատեսվել էր սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, և աստիճանաբար մեղմացվել էին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Եվ Իրանը պարտավորվել էր վեց ամսվա ընթացքում (միջանկյալ համաձայնագիրն ուժի մեջ էր մտել հունվարի 20-ին) հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները վերահսկողություն սահմանեցին Իրանի Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնների վրա, նաև դադարեցվեց Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:

Վերջին 6 ամսվա ընթացքում «Վեցնյակը» զգալի փոխզիջումների է գնացել,
նախ` հրաժարվել է նախկին սկզբունքային պահանջներից մեկից, այն է՝ ապամոնտաժել ուրանի հարստացման գործող ցենտրիֆուգները: Դրա դիմաց իրանական կողմը պարտավորվեց նոր ցենտրիֆուգներ չտեղադրել, իսկ արդեն իսկ տեղադրվածները չշահագործել:

Միջուկային ծրագրի հարցում Թեհրանի կողմից արված զիջումներին ի պատասխան` ԱՄՆ-ն ու Եվրամիությունը աստիճանաբար մեղմացրին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱԷՄԳ-ի տեսուչներն այս վեց ամսվա ընթացքում լայնածավալ ստուգումներ կատարեցին իրանական միջուկային օբյեկտներում: Ստուգումները ցույց տվեցին, որ Իրանը վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ սահմանափակել է ուրանի հարստացման աշխատանքները:

Կարևոր իրողություն է Իրանի համար այն, որ հունվարի 20-ից հանվեց իրանական նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանման, Իրանին ավտոմեքենաների պահեստամասեր վաճառելու, ոսկով ու այլ թանկարժեք մետաղներով գործարքներ կատարելու վրա դրված արգելքը:
Կանխատեսվում է, որ այս տարի արգելքների վերացման շնորհիվ Իրանը 7 մլրդ դոլարի հավելյալ եկամուտ կունենա:

Այնուամենայնիվ, իրանական նավթի վրա դրված միջազգային էմբարգոն դեռ չի վերացվել: Դրա պատճառով ավելի քան 60 տոկոսով նվազել է նավթի արտահանումը, և Իրանը դեռևս ֆինանսատնտեսական խնդիրներ ունի:
Իրանի միջուկային հարցի լուծումը մեծապես կախված է եղել աշխարհաքաղաքական այս կամ այն լարված իրադրության հետ, հետևաբար, ինչպես վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է հայտարարել, միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա ուրիշ կեղծ պատրվակներ ի հայտ կգային:

Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող ներկայիս զարգացումներին՝ նշենք, որ միջուկային խնդրի լուծմանը խանգարում են սիրիական և իրաքյան ճգնաժամերը: Իրանական միջուկային հարցի լուծումը բնավ չի բխում Պարսից ծոցի արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և Քաթարի շահերից, քանի որ այդ երկրները, միջուկային ծրագիրը ներկայացնելով որպես տարածաշրջանին սպառնացող վտանգ, փորձում են իրենց դերակատարությունը բարձրացնել ԱՄՆ-ի և Իսրայելի առջև, իսկ վերջինս էլ Իրաքի քրդերի միջոցով փորձում է նոր խաղ սկսել տարածաշրջանում:

Վերջերս նկատվում է, որ Իրանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձգտում է հասնել նոր որակի: Դա արվում է, որպեսզի Արևմուտքին ցույց տրվի, որ Իրանը կարող է դաշնակցել նմանօրինակ հզոր երկրի հետ:

Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային դերին, ապա այս երկիրը մնում է կայունության գլխավոր կենտրոնը: Իրանի դերի բարձրացմամբ և Սաուդյան Արաբիայի գործոնի թուլացմամբ Մերձավոր Արևելքում նոր զարգացումների պետք է սպասել: Իրանի ազդեցությունը հսկայական է Լիբանանում և Սիրիայում, հավակնում է ավելի հզորանալ Աֆղանստանում, թերևս Պարսից ծոցում:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի պատերազմներից, հեղափոխություններից ու գարուններից հաղթող դուրս եկավ Իրանը:
Լիովին տեղին է ասված, որ ԱՄՆ-ն պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը: Անկախ ամեն հանգամանքից, որ Իրանը կայսերական մտածողության ժողովուրդ և իշխանություն ունի, ցանկացած պարագայում չի կարող խաղալիք լինել որևէ երկրի ձեռքին:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գազայի անմեղ զոհերն ու մեծ քաղաքականությունը

gazaՀուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է «Պաշտպանության սահմանը» անվանումը։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռների հարվածներն են։ Իսրայելական կողմը դա համարել է ահաբեկչություն` ուղղված իրենց քաղաքացիների դեմ` պնդելով, որ վերջին 2 օրվա ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնց մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակօդային պաշտպանության համակարգի միջոցով:
Չնայած դրան` որոշ փորձագետներ Իսրայելի նախաձեռնությունը պայմանավորեցին հունիսի 12-ին 3 իսրայելցի պատանիների սպանության հետ, որոնց առևանգման պատասխանատու Իսրայելը համարել էր ՀԱՄԱՍ-ին, իսկ վերջինս հերքել էր դա:
Հուլիսի 18-ին Իսրայելը Գազայի հատվածում անցավ լայնամասշտաբ ցամաքային գործողությունների՝ իսրայելական օդուժի, ռազմածովային ուժերի, ինժեներական, զրահատանկային զորքերի ու նավատորմի մասնակցությամբ:
Ժամեր անց արդեն հայտնի էին ցամաքային հարձակման առաջին զոհերը, իսկ Գազայից ստացված լուսանկարները՝ սարսափ էին հարուցում:
Երկու շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվն անցել է 600-ը, և այն օրեցօր ավելանալու միտում ունի:
Զոհերից անմասն չէ նաև Իսրայելը. մինչ այս պահը` 27 զինծառայող: Սակայն պաղեստինյան զոհերը հիմնականում խաղաղ բնակիչներ են, այդ թվում նաև բազմաթիվ երեխաներ:
Պաղեստինի վարչապետ Ռամի ալ Համդալլահը Գազայում իսրայելցիների իրականացրած օպերացիան իսկական ցեղասպանություն որակեց:

Միջազգային հանրության արձագանքն ու քաղաքական շահերի բախումները
Չնայած միջազգային հանրության` արյունահեղությանը վերջ դնելու կոչերին` Իսրայելը կարծես թե մտադիր չէ հետ կանգնել իր գործողություններից: Խաղաղության կոչերով մշտապես հանդես եկող ԱՄՆ-ն օրը ցերեկով իրականացվող հարյուրավոր սպանությունների նկատմամբ լուռ է և չի պատրաստվում մեղադրել Իսրայելին: Ավելին, նա ասես պաշտպանում է սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա իրականացվող գործողությունները` կոչ անելով ընդամենը գործողությունները սահմանափակել «ճշգրիտ հարձակումներով» և ավելի մեծ ջանքեր գործադրել պաղեստինցի խաղաղ բնակիչների կորուստը կանխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելից պահանջեց անհապաղ դադարեցնել հարձակումները: Միաժամանակ Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի հետ տեսակապի ժամանակ հայտարարեց, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիների համար անհապաղ 115 մլն դոլար է անհրաժեշտ բնակչության հումանիտար կարիքները հոգալու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատության ենթարկեց Թուրքիայի դիրքորոշումն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիայի համար ստեղծել է բոլոր պայմանները:
Սակայն ամենակոշտ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվի:
Նա Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ պարբերաբար ցեղասպանության փորձեր իրականացնելու մեջ:
«1948 թվականից յուրաքանչյուր Ռամադանի մենք ականատեսն ենք լինում ցեղասպանության իրականացման: Աշխարհը լռում է, որովհետև նրանք, ովքեր իրենց կյանքն են կորցնում, պաղեստինցիներ են»,- հայտարարեց Թուրքիայի
վարչապետը:
Նա ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերը որակեց որպես ցուցադրություն, որը ոչ մի էական ազդեցություն չի թողնում:
Էրդողանը մեղադրանքներ ներկայացրեց նաև իսլամական աշխարհին՝ ասելով, որ որ երբ Արևմուտքը լռում է, իսլամական աշխարհը նույնպես հետևում է նրա օրինակին:
Իսկ Իսրայելի վարքագիծը Թուրքիայի վարչապետը համեմատեց Հիտլերի հետ՝ նշելով, որ Իսրայելը ո՛չ խիղճ ունի, ո՛չ պատիվ, ո՛չ հպարտություն: «Նրանք, ովքեր օրուգիշեր դատապարտում են Հիտլերին, բարբարոսությամբ գերազանցել են նրան»,- հայտարարեց Էրդողանը:
Իսրայելի պատասխանը չուշացավ, իհարկե` ոչ նման բարձրաստիճան մակարդակով: Թուրքիայի վարչապետի հայտարարությանն արձագանքեց Իսրայելի փոխադրումների նախարար Իսրայել Կացը՝ հիշեցնելով Էրդողանին 1915-ի Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ մեկուկես միլիոն հայ է սպանվել:
Այնուհետև Իսրայելի ԱԳՆ-ն հետ կանչեց Անկարայում և Ստամբուլում իր դիվանագետներին, որից հետո բողոքի մեծ ցույցեր տեղի ունեցան այդ քաղաքներում դեսպանության և հյուպատոսության առջև:
Թուրք-իսրայելական լարվածությունը տեղափոխվեց նաև տնտեսական դաշտ: Իսրայելական «Rami Levi» և «Blue Square» սուպերմարկետների ցանցերը բոյկոտ հայտարարեցին թուրքական ապրանքների դեմ, ցուցափեղկերից հանվեցին թուրքական արտադրության բոլոր ապրանքները, չնայած այդ բոյկոտը սուպերմարկետներին 93 մլն դոլարի վնաս կարող է հասցնել:
Ի հեճուկս այս ամենի` Ստամբուլում եռօրյա սուգ հայտարարվեց Գազայի զոհերի հիշատակին, և հազարավոր մարդիկ դուրս ելան հակաիսրայելական ցույցերի:
Թուրքիայի կոշտ դիրքորոշումը բարձր գնահատվեց Պաղեստինի կողմից: Հուլիսի 23-ին երկօրյա այցով Թուրքիա ժամանեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ նախագահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այսպիսով, Թուրքիային հաջողվեց ցույց տալ, որ տարածաշրջանում մուսուլման եղբայրների նեցուկն ու ապավենն է, դրանով իսկ փորձելով ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում:
Սակայն Գազայի իրադարձությունները կարող են ստվերել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ասել է, որ Էրդողանի հակասեմական խոսքերը պղծել են Հոլոքոստի զոհերի հիշատակը:
Մինչդեռ Էրդողանը տեղն է դրել նաև ԱՄՆ-ին. «Որոշ ամերիկացիներ հարցնում են` ինչո՞ւ է վարչապետը Հիտլերի հետ նման համեմատություններ անում: Ձեզ ի՞նչ: Դուք Ամերիկան եք, ի՞նչ կապ ունի Հիտլերը ձեզ հետ»:
Նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի անհամաչափ գործողությունները պաշտպանելու մեջ` նշելով, որ չէր կարող նման անարդարություն սպասել «արդարության առաջամարտիկ» Վաշինգտոնից:
Մինչ գերտերությունները փորձում են Գազայի իրադարձությունների ֆոնին իրենց դերերը վերագնահատել տարածաշրջանում, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ ամենից օգտվում է նաև ՀԱՄԱՍ-ը՝ բնակչության շրջանում մեծ զոհերի գնով ցանկանալով բորբոքել հակաիսրայելական տրամադրությունները արաբական և մահմեդական աշխարհում և ձեռք բերել միլիոնավոր դոլարների հումանիտար օգնություն Գազայում բնակչությանը վերահսկելու, ինչպես նաև իր ռազմական ներուժը հզորացնելու նպատակով: Իսկ Պաղեստինի հասարակ ժողովուրդը սպանվում է, հազարավոր մարդիկ դառնում են հաշմանդամ, փախստական ու անօթևան:
2008 թ. հետո սա Իսրայելի և Գազայի միջև երկրորդ խոշոր ռազմական ընդհարումն է: 2008-ին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել էր 1000-ից ավելի մարդ:

 

Լավ կլինի, որ Պավելն ընտանիք կազմի, թեկուզ «կրակող սարերի» տակ

Երբ կրակում են դիրքերի վրա, միայն ձայնն ենք լսում, իսկ երբ սկսում են գյուղի վրա կրակել, տեսնում ենք, որ մեկի տանը կպավ, մեկին մի բան եղավ, մեկը գոռում է, որ այսինչ տեղին կպավ,- իրենց գյուղի «նորմալ» առօրյան է պատմում չինարեցի 22-ամյա Պավել Պետրոսյանը:- Գիշերը կրակոց, ցերեկը կրակոց` 50-50 էլի, հիմի ստեղ կանգնած ենք, հաստատ չգիտենք` կապրենք, թե չենք ապրի»:

Չինարին Տավուշի մարզի սահմանամերձ, ավելի ճիշտ` սահմանապահ գյուղերից է: Գյուղի գլխին` իշխող բարձունքներից երկուսի վրա հակառակորդը կրակակետեր ունի, այդտեղից գյուղի, առանց բացառության, բոլոր տները գտնվում են ադրբեջանական զինվորների կրակի գոտում: Հակառակորդի այդ վտանգավոր կրակակետերից ընդամենը 600-700 մ հեռավորությունից էլ սկսվում է գյուղը, իսկ գյուղացիների խոսքով` Հայաստանը:

«Ինչպե՞ս եք ապրում նման պայմաններում»,- հարցնում եմ Պավելին, որ այս միամիտ հարցիս պատասխանում է պարզ, բայց ոչ միանշանակ` «շատ դժվար»:
Ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը. «Ի՞նչ կա` որ ինչ պատկերացնենք»: Որ ադրբեջանցին գյուղի վրա չկրակի, համոզված է երիտասարդը, կյանքը գյուղում, իհարկե, կփոխվի: «Առաջ չէին կրակում, ու մարդիկ արխային իրենց գործերը տեսնում էին, մի ձևով իրենց ընտանիքը պահում էին, հիմա ի՞նչ, հիմա ուզում ես մի բան ձեռնարկել… Հեն ա անասուն ենք պահում, ո՞ւմ համար է. գիշերը գնացել ենք խոտ ենք բերել: Գիշերը, որ հանգստանալու համար ա, մարդիկ պիտի քնեն, որ հանգստանան, մարդ ստեղ չի կարըմ հանգստանա, կա՛մ կրակոց ա ըլնըմ, կա՛մ պիտի էթա աշխատի, որ կարողանա իրա ընտանիքը պահի, ինչ ասեմ»,- ասում է Պավելը:
Հետաքրքրվում եմ` ամուսնացա՞ծ է: Գլխով բացասական նշան է անում: Հարցնում եմ` չի՞ ուզում ամուսնանալ: Պավելը, մանկական խորամանկությամբ ժպտալով, թե «ամուսնանաս, որ ի՞նչ անես, ընտանիքդ ո՞նց պահես»: Երևի անվտանգությունն է հարցը, մտածում եմ բարձրաձայն, Պավելը լսում է ու. «Իհարկե, նաև էդ է պատճառը, բայց էստեղ, չնայած երեխա էլ չկա, որ ուզես: Եթե գնաս ուրիշ տեղից էլ բերես, ո՞նց պահես, ասա, ո՞ւմ երեխուն բերես գցես գյուլլի բերան»: Լռում եմ:
Ընթացքում Պավելն ինձ ուղեկցում է մոտակա տունը, որը մեր զրույցից երկու օր առաջ է ընդամենը նոր սպիներ ստացել հակառակորդի «ԴՇԿ»-ից. տան վերքերը դեռ թարմ են:

Տանտերերը գյուղի դպրոցի ուսուցիչներ են` ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պապյանն ու մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը: Նրանք մայրաքաղաքի որոշ պճնամոլ ու գոռոզ, աշակերտների ծնողներից ամեն առիթով ու անառիթ դրամ պլոկող, ոսկյա հաստ շղթաներով պարանոցը զարդարած ուսուցիչների նման չեն: Մշակ են, շինական, սահմանապահ, երկրապահ ու սերունդ են կրթում: Նրանց զարդարանքն էլ պատերազմին ու կրակոցների ջիգրու բակում աճող վարդերն են:

Ալբերտ Պապյանն էլ կարծես շարունակում է Պավելի միտքն ու ասում. «Առաջ շատ չէին կրակոցները, վերջին շրջանում, ճիշտն ասած, շատացել են: Բայց դե ապրում ենք, արդեն մեզ համար կրակոցները սովորական են դարձել, մեր գործերն էլ ենք անում կրակոցների տակ: Էս կրակոցներն ամենաշատը երեխաների վրա են ազդում, երեխաներն արդեն ամեն մեկը մի հիվանդություն է ձեռք բերում վախից»:

Չորս երեխա ունի Ալբերտ Պապյանը, ոչ մեկն իր մոտ չի ապրում, ու կրակոցները չեն դրա պատճառը: Գյուղում աշխատանք չկա: «Եթե կրակոցները չլինեին,- ասում է ֆիզիկայի ուսուցիչը,- Չինարին Բերդի տարածաշրջանի ամենահարուստ գյուղը կլիներ»: Ալբերտ Պապյանի կինն էլ` տիկին Ռեգինան, նշում է, որ գյուղում երեխաներ քիչ են մնացել, ափսոսում է, որ երբեմնի ծաղկող գյուղը դարձել է ծերացող:

Ես ու Պավելը թողնում ենք ուսուցիչների տունը: Ճանապարհին դեռ լուռ ենք: Այդ լռությունը խախտելու համար հարցնում. «Իսկ պատկերացնում ե՞ս, թե երեխաներդ ոնց պետք է մեծանան Չինարիում»: Պավելը վճռական է պատասխանում. «Քանի էս վիճակն ա, ես որ ամուսնանալու մասին հաստատ չեմ ուզում մտածեմ, գյուղից էլ չեմ գնա, երբ հարցերը կլուծենք` էն ժամանակ էլ կմտածեմ»:

Շնորհակալություն եմ հայտնում Պավելին ուղեկցելու համար և քայլերս ուղղում գյուղամեջ: Այնտեղ` տաղավարում, մեկ այլ չինարեցի երիտասարդ է նստած` Դավիթ Ապերյանը: 24 տարեկան է Դավիթը. ժպտալով ասում է, թե հարմարվել են արդեն կրակոցներով «համեմված» կյանքին, այդ ապրուստին: «Ինչո՞վ եք զբաղվում» հարցին էլ պատասխանում է. «Կարելի է ասել` հողագործությամբ»: Իսկ թե ինչու «կարելի է ասել», պարզաբանում է. «Կրակոցների պատճառով հաճախ աշխատել չի լինում, ժամանակը գիտի»:

IMG_1170Հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, ուրիշ աշխատանք էլ գյուղում չկա: Իսկ թե ոչնչով ինչպես են գոյատևում, Դավիթն ասում է. «Դե մի կերպ, բա ուրիշ ի՞նչ անենք»:

Դավիթն էլ, Պավելի պես, ամուսնացած չէ: Կրակոցները չէ, որ նրան խանգարում են կյանքի ամենավճռական քայլերից մեկը կատարել, ուղղակի չի ամուսնանում:
«Կուզե՞ս` ամուսնանալուց հետո երեխաներդ այս գյուղում ապրեն-մեծանան»,- հարցնում եմ: Դավիթն էլ վստահ պատասխանում է. «Բա իհարկե, այո: Մենք որ կրակոցների տակ ենք մեծացել, ի՞նչ է եղել, որ… Որ տենց մտածենք ու թողնենք գնանք, ո՞ւր կհասնի: Քանի՞ գյուղ տենց պիտի թողնենք»:
Ի դեպ, Չինարին ոչ մի չինարեցի չի ցանկանում ու չի պատրաստվում լքել, համենայն դեպս, ես այդպիսի մեկին չհանդիպեցի գյուղում: Զարմանում եմ այս մարդկանց կամքի, քաջության, վճռականության ու համբերության վրա: Դժգոհ են, որ իրենց «սարերը կրակում են», բայց նվիրված են այդ սարերին, նշում են, թե չեն ամուսնանա, քանի դեռ կրակոցներ են, բայց այլ տեղում ընտանիք կազմելու մասին էլ չեն մտածում:

Երեկոյան թողնում եմ Չինարին ու համեստ, աշխատասեր, կրակոցների տակ անվախ ու աննկուն ապրող չինարեցիներին: Համոզված եմ` քանի նրանցից յուրաքանչյուրը կա ու ապրում է Չինարիում առանց վախի ու առանց փախչելու մտքի, գիշերներն ու երբեմն էլ ցերեկները կրակոցներից քունը կորցրած, մնացյալ Հայաստանը կարող է հանգիստ գլուխը բարձին դնել: Բայց Չինարիից դուրս գալուց առաջ մի անգամ ևս հայացք ձգելով գյուղի ու սարին թառած հակառակորդի մահաբեր դիրքերին` մտածում եմ` լավ կլինի, այնուամենայնիվ, որ Պավելն ընտանիք կազմի:

Գ.Ա.

 

Սահմանապահ Մովսեսի վանքերն ու արտերը վտանգված են

movsesՄովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ: Բայց սա չէ միայն, որ սահմանապահ մովսեսցիներին մտահոգում է:
Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին` Ջավահիր Բադալյանը, իր աշակերտներին արդեն պատմել է այն պատմամշակութային ու հոգևոր վայրերի մասին, որոնք հիմա ադրբեջանական տիրապետության տակ են, գերեվարված ազերի դիպուկահարների կողմից:
Մովսեսի դպրոցի մուտքի մոտ ամենավտանգավոր տեղն է` հակառակորդի դիպուկահարների աչքի առաջ, հենց այդ կետից է երևում այն բարձունքը, որտեղ Երեցի խաչն է, նրանից արևելք` VII դարի Սուրբ Հակոբյաց վանքը, որը մինչև նախորդ դարի կեսերը, մովսեսցիների խոսքով, հաստատ կանգուն է եղել: Ավելի ուշ, ըստ մովսեսցիների, վանքերն ավերվել են, կանգուն են մնացել միայն խաչերը: «Ազերիները հիմա քանդած կլինեն: Դրանից դեպի հյուսիս-արևելք գտնվել են երկաթահանքեր, որոնք XVIII-XIX դարերում շահագործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները: Իհարկե, երբ XX դարասկզբին Հայաստանը խորհրդայնացվել է, այդ հանքերը փակվել են, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները` հեռացել»,- պատմում է Ջավահիր Բադալյանը:
Մովսեսի դպրոցականները չեն հասցրել տեսնել իրենց գյուղի տարածքի վանական համալիրներն ու դիտարժան վայրերը, հակառակորդն այնտեղ բույն է դրել, բայց դա չի խանգարել, որ նրանք անգիր անեն հայրենի գյուղի պատմությունն ու պահանջատեր լինեն: Ահա թե ինչու գյուղի կրթական հաստատությունն ավարտած գրեթե բոլոր տղաները վճռական են իրենց հողը թշնամուց պաշտպանելու գործում: «Երեքին արդեն բանակ ենք ճանապարհել, երեքին էլ շուտով կճանապարհենք, մեկի բանակի ուրախ հավաքը նախատեսված էր հուլիսի 23-ին»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Մովսեսի միջնակարգ դպրոցն ունի 147 աշակերտ, այս տարի ունեցել է 15 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմել են բուհեր, հաջողությամբ հանձնել միասնական քննությունները և ընդունվել: Նրանք ընդունվել են ԵՊՀ լրագրության, բանասիրության ֆակուլտետներ, մանկավարժական և գյուղատնտեսական համալսարաններ: «Դե որ սահմանից գնացել, ընդունվել են, պետք է ամեն գնով սովորեն,- ասում է Ջավահիր Բադալյանը` անդրադառնալով սահմանամերձ մարզի երեխաների` ուսման հետ կապված խնդիրներին, ուսման վարձավճարների փոխհատուցման հնարավորություններին:- Վերջին շրջանում կրակոցները հաճախակի են դարձել, դասերն անընդհատ ընդհատվել են հակառակորդի արձակած կրակահերթերի պատճառով, երեխաներին տուն ենք ուղարկել»:
գյուղ ՄովսեսՋավահիր Բադալյանի խոսքով` հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը վերջին շրջանում ավելի է լարվել, այնպես որ, Մովսեսի կիրակնօրյա դպրոցն իր դռները ժամանակից շուտ փակել է: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնությամբ, Մովսես գյուղի կիրակնօրյա դպրոցի 19 սաները ուսուցիչների հետ հուլիսի 22-ին ճանաչողական այցով մեկնել են Սանահին ու Հաղպատ:
Ի հեճուկս հակառակորդի, տիկին Ժանետան խանութի դուռը երբեք չի փակում, եթե անգամ «անհաջող հարևանը» սկսում է գնդակոծել գյուղը: Գյուղի կենտրոնում գործող առևտրի սրահը զերծ չի մնացել գնդակոծությունից, փամփուշտները նաև այստեղ են հասել, ծակծկել պատերը: «Մենք էլ չենք վախըմ, սըվերել ենք: Սկզբնական շրջանում շատ ինք վախըմ, պադվալն ինք մտնըմ, հիմա չէ, ցավդ տանեմ, չէ, չէ, չէ, էրեխեքն են մի քիչ վախըմ»,- ասում է տիկին Ժանետան: Նա ասում է, որ գյուղում թեև շատ խանութներ կան, բայց հաճախորդներն են քիչ: «Օրը եթե 10 հազար դրամի առևտուր եմ անում, շատ գոհ եմ լինում: Մովսեսցիները հագուստին ուշադրություն չեն դարձնում, մեծ է սննդի պահանջարկը»: Ապրանքափոխանակությունն այստեղ դեռևս առևտրի ընդունված ձև է, հիմնականում հավկիթներով է փոխանակումն իրականացվում:
Մովսեսցիների գլխավոր անհանգստությունն այս պահին ակտիվացած հակառակորդն է, որն ամեն ինչ անում է գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար: Սահմանամերձ գյուղի ցորենի ցանքատարածությունների զգալի հատվածը թշնամու հետ անմիջական սահմանի վրա է: Հասկերն արդեն հնձելու ժամանակն է, սակայն ադրբեջանցի դիրքապահները չեն թողնում իրականացնել բերքահավաքը: «Մենք նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` մեզ տրամադրելու անվտանգության երաշխիքներ, որպեսզի կոմբայնավարը ազատորեն մտնի դաշտ, առանց վախենալու, որ կարող է հակառակորդի թիրախում հայտնվել»:
Մովսեսցի կոմբայնավար Արթուր Վարդանյանն ասաց, որ կոմբայնը վտանգավոր տարածքից հանելուց հետո էլ «Ճոճեր»-ի ցորենի դաշտ չեն մտել: «Ո՞վ ռիսկ կանի, մտնի, կրակի տակ ա: Հիմա մենք մյուս դաշտում ենք հնձում, որտեղ կրակոցներ չկան: Բայց ադրբեջանցիների դիրքերի մոտ մոտ 30 հեկտար դեռ ունենք, որ պետք ա հնձենք: Կոնկրետ ես 8 հեկտար ունեմ, չգիտեմ` դա ոնց պետք ա լինի: Կարմիր խաչը թող նրանց մոտ կանգնի, մեր կողմից կրակոց չի լինում: Մենք վախենում էինք, որ մեր նոր ստացած կոմբայնի շարժիչը վնասած կլինեն, բայց լավ էր` փամփուշտը թիթեղին էր կպել, սարքել ենք»,- անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի անվտանգ կազմակերպման նպատակով սահմանամերձ համայնքներից Կարմիր խաչին ուղղված նամակներին` ասաց Մովսես գյուղի կոմբայնավարը: Նա պատմեց, որ գյուղում ամեն մի շարժի դեպքում ազերի դիրքապահները կրակում են, լինի կոմբայն թե ուղևորատար ավտոմեքենա: Գյուղացիների տեղեկություններով` ԿԽՄԿ-ն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Մինչև այդ, Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է գյուղի ու բնակիչների ուղղությամբ` Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ մշտապես լարվածություն պահելով:
Մայա Խաչատրյան