Ինչու ենք գիշերն ուտում

ուտելՍառնարանն ամենից շատ գիշերն է գայթակղիչ դառնում: Շատերը սիրում են գիշերն արթնանալ, գնալ խոհանոց, մի երկու բուտերբրոդ ուտել ու նոր հանգիստ վերադառնալ անկողին: Ինչի՞ց է, որ հատկապես գիշերն ուտելու ցանկություն ենք ունենում, ու ինչպե՞ս կարելի է այդ վատ սովորությունից ձերբազատվել:
Սառնարանը կողպելը չի օգնի: Գիշերային բոլոր որսորդներին բժիշկները մի հասարակ սննդակարգ են նշանակում. շատ սպիտակուցային սնունդ… և քաղցրեղեն:
Գիշերային արշավանքները դեպի սառնարան կարելի է վարքի խանգարում համարել: Գիտականորեն այդ վնասակար սովորությունը կոչվում է գիշերը սնվելու համախտանիշ: Բժիշկները դեռևս 1955-ից են ուսումնասիրում «գիշերակերության» երևույթն ու հանգել են այն եզրակացության, որ դա ոչ թե կամքի ուժի, վճռականության պակաս է, այլ հորմոնալ խանգարում: Քնի հորմոն մելատոնինի ու հագենալու` լեպտինի հորմոնի մակարդակը գիշերը պետք է ավելանա, իսկ եթե հաճախ ու շատ ես ուտում այն ժամանակ, երբ ուրիշները քնած են, կատարվում է հակառակը: Դա էլ մեզ անքնության է դատապարտում, որից փրկությունը որոնում ենք խոհանոցում. դա քիմիա է:
Ընդ որում, հիմնականում գիշերն ուտում ենք քաղցրավենիք ու խմորեղեն: Նման ուտելիքը սերոտոնին է մշակում (լավ տրամադրության հորմոն), որը քնաբերի ազդեցություն է ունենում: Իսկ առավոտյան արթնանալով` մեղքի զգացում ենք ունենում ու ասես ինքներս մեզ արհամարհում ու խոստանում` «այլևս երբեք նման բան չանել»…. մինչև հաջորդ գիշեր:
Հորմոնալ խանգարումից բացի, գիշերային ռեժիմի պատճառ կարող է լինել սովորական սթրեսը: Եվ նման սնման միջոցով ասես փորձում ենք հանել այն: Սակայն դրանից սթրեսի պատճառը չի վերանում: Բացասական զգացումները կուտակվում են նաև ուտելուց հետո: Նման կերպ սթրեսը «հանելը»շատ շուտով նկատելի «արդյունքների» կհանգեցնի` ավելորդ քաշի: Ուրեմն`
Ինչպե՞ս կարելի է վերջ դնել գիշերային «կերուխումին»
Օրգանիզմը գիշերը պետք է քնի, ոչ թե մարսի գիշերվա կերածը: Եթե հաստատ համոզված եք, որ գիշերային արշավանքի պատճառը սթրեսը չէ (այդ դեպքում պետք է պայքարել պատճառների դեմ ), այլ պարզապես սովորություն է դարձել, ապա պետք է կարգի բերել նյութափոխանակությունը հասարակ սննդակարգի օգնությամբ:
1. Պետք է շատ սպիտակուցներ ընդունել: Թռչնամիս, ձուկ, անյուղ միս, կաթնաշոռ, պանիր. բոլոր այս մթերքները հարուստ են տրիպտոֆանով, որն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի ու մելատոնինի: Հաճույքի հորմոն կարելի է ստանալ նաև օգտակար մթերքների օգնությամբ: Դրա արդյունքում հորմոնալ հավասարակշռություն կստեղծվի, ինչը կօգնի հաղթահարելու սթրեսն առանց արշավանքի:
2. Միշտ պետք է նախաճաշել:
Նա, ով գիշերը շատ կերել է, նախաճաշել չի կամենում, բնականաբար: Սակայն, նույնիսկ եթե ցանկություն չունեք, հարկավոր է նախաճաշել: Առողջ սննդի «հիմնասյուներից» մեկն առավոտյան նախաճաշն է, որի ժամանակ ընդունում եք ամնօրյա նորմի կալորիաների 30%-ը: Եթե նախաճաշում եք մի գավաթ սուրճով ու ճաշում թեթև աղցանով, ապա բնական է, որ գիշերը ոտքերն ասես իրենք են տանում ձեզ խոհանոց:
Բոլոր ժամանակներում ապացուցված է, որ ամենալավ նախաճաշը շիլան է: Իսկ եթե կարողանաք հետն էլ ընկույզ, չամիչ ու կամ էլ չորամիրգ օգտագործել, ապա այդ օգտակար բջջանքն էլ կապահովի աղիքների կանոնավոր աշխատանքը: Ի դեպ, եթե ընթրեք քնելուց 3 ժամ առաջ, ապա առավոտյան անպայման նախաճաշելու ցանկություն կունենաք: Օրգանիզմը նման ռեժիմի բերել հնարավոր է մեկուկես շաբաթում:
3.Կերեք քիչ , սակայն հաճախ. ասվածը նորություն չէ: Այս կերպ կարելի է բոլոր սննդակարգային խնդիրները լուծել: Գիշերային շատակերություն, ավելորդ քաշ, արանքում մի բան ծամելու սովորություն:
Հաճախակի, փոքր չափաբաժիններով ուտելը կազատի նման ոչ առողջ ցանկությունից: Սա ավելի շատ բուժիչ սննդակարգ է ու օգտակար ռեժիմ: Հաճախակի ուտելու պարագայում մենք ուտում ենք քիչ ու չենք հասցնում սովածանալ: Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ 150-200գ ուտելն օրգանիզմին ստիպում է ակտիվ աշխատել, իսկ երեկոյան ուտելու ցանկություն չի առաջանում:
4.Կերեք քաղցրեղեն: Որքան գիշերը մոտենում է, այնքան մեծանում է քաղցր բան ուտելու ցանկությունը: Մի զրկեք ձեզ հաճույքից ու կերեք ոչ յուղալի քաղցր ու համեղ պատառ, ասենք` յոգուրտ, միրգ, չորամիրգ, մեղրով կաթնաշոռ:
Մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ ձեզ չի կարելի երեկոյան ուտել: Ընթրելուց հետո հարազատների հետ շփվեք, ապա քաղցր դեսերտից հետո պլանավորեք հաճելի գործեր, ինչպիսիք են ընթերցանությունը, ֆիլմի դիտումը, հանդիպումը., զբոսանքն ու լոգանքը: Այդ զբաղմունքները կշեղեն մի բան ուտելու ցանկությունից:
Էլ ի՞նչը կարող է օգնել
– Գիշերը մածուն կամ կեֆիր խմեք:
– Շատ ջուր խմեք օրվա ընթացքում, իսկ երեկոյան, մահճակալի կողքին մի բաժակ ջուր ունեցեք, թեյ կամ հյութ, որ արթնանալու դեպքում դրանով կարողանաք հաղթահարել սառնարանի մոտ վազելու անզուսպ ցանկությունը:
– Թարմ օդին շատ զբոսնեք կամ մարզվեք, ինչը օրգանիզմում մելատոնինի ու էնդորֆինի մակարդակը բարձրացնելու բնական միջոց է:
Ես կարող եմ նիհարել
1. Նիհարելուն ուղղված ամեն նոր գործողություն ու սննդակարգ հարկ չկա հետաձգել մինչև երկուշաբթի, նոր շաբաթ կամ էլ մի նոր ամիս ու պայմանականություն: Հետևողականորեն հարկավոր է առաջ ընթանալ, անպայման արդյունքը կտեսնեք:
2.Ավելորդ քաշի համար մի մեղադրեք ձեզ: Մեր կյանքում յուրաքանչյուր իրադարձություն պատճառներ ու հետևանքներ է ունենում: Գլխավորն այն չէ, ինչ եղել է առաջ, այլ այն, ինչն անում եք ներկա դրությամբ` առաջացած խնդիրները վերացնելու համար:
3. Նիհարելը հետևողականության արդյունք է և ոչ թե կամքի ուժի, ինչպես շատերը կարծում են:
4.Նույնիսկ եթե լինում են օրեր, որ ցանկանում ենք ավելի շատ ուտել, քան սովորաբար, դա էլ է նորմալ: Սակայն, օրինակ, կանանց օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունի հորմոնալ ֆոնը, դրա համար էլ որոշ օրերին ավելի շատ ուտելու ցանկություն է առաջանում: Նման օրերին պետք է օրվա ընթացքում ընդունած սննդի չափաբաժինն ավելացնել, որ գիշերն այլևս ուտելու ցանկություն չլինի:
5. Չի կարելի պատճառներ որոնել նիհարելու համար: Էներգիայի աղբյուր, ազդակ գտեք: Որոշել եք նիհարել` ուրեմն դրա համար որոշակի քայլեր արեք:
6.Ցանկացած գործողություն հակազդեցություն է ծնում: Դրա համար էլ ֆանտազիայի գիրկը չպետք է ընկնել: Արեք այնքան, որքան կարող եք, կերեք այնքան, որքան անհրաժեշտ է: Խստացնելով սննդակարգը, կարող եք ու կսկսեք նիհարել, սակայն քաշը, որ գցում եք սթրեսային վիճակում, շատ արագ է վերականգնվում:
7, Մի սպասեք կայծակնային արդյունքների: Դուք այդ քաշը մեկ օրում չեք կուտակել ու, բնականաբար, մեկ օրում էլ չեք գցի, համբերություն ունեցեք. քաշից կազատվեք աստիճանաբար, սակայն կայուն:
8.Չի կարելի գերնպատակներ սահմանել ու խիստ ժամկետներ դնել: Օրգանիզմն ինքը գիտի, թե որքան կարող է գցել կյանքի տվյալ փուլում: Գուցե ձեր սպասելիքներն ավելի շատ են, սակայն հիշեք` օրգանիզմն իաստուն է:
9.Եվ, վերջապես, դադարեք ասել` ես չեմ կարող: Դուք կարող եք, թեկուզ չնիհարեք ասենք տասնյակ կգ, սակայն կարևորը լավ տեսք ունենալն է, ոչ թե ռեկորդային քաշից ազատվելը:
«Չեմ կարողից» քաշը չի փոխվում: Չի փոխվում, քանի որ ոչինչ չեք ձեռնարկում:
10. Ցանկացած խնդիր լուծելի է: Երբեք մի մտածեք, որ քաշը գցելուց հետո կնճիռներ կառաջանան կամ մաշկը թորշոմած տեսք կստանա: Ավելի լավ է մտածեք, թե ինչպես կփոխվի դրանից կյանքի որակը, որքան թեթև կտեղաշարժվեք: Իսկ եթե մաշկը խնամեք ինչպես հարկն է, ապա ձեզ անհանգստացնող խնդիրները չեն էլ առաջանա:
11.Շատերը չեն հավատա ձեզ: Մի ենթարկվեք սադրանքին: Եթե ինքներդ հավատում եք ու ցանկություն ունեք նիհարելու, մի լսեք ոչ ոքի: Հավատացեք ինքներդ ձեզ ու ընթացեք առաջ: Դա է գլխավորը:
12. Եթե հանդիպել եք մեկին` հին ծանոթի, ու նա ձեր քաշի վերաբերյալ տհաճ ակնարկ է արել, դա պատճառ չէ, որ դեպրեսիայի մեջ ընկնեք ու այդ «դժբախտությունն» ուտելիքով խեղդեք: Առավավոտյան հասատատ զղջալու եք այդ թուլության համար:
13, Ի վերջո, սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Եթե գիրացել եք, դա չի նշանակում, որ լավը չեք: Դա մի խթան է, որ փոխեք իրավիճակը, ոչ ավելին:
14.Ցանկացողը 100 հնարավորություն կգտնի, իսկ չցանկացողը` 100 պատճառ: Հիշեք դրա մասին, երբ առիթ կփնտրեք նպատակից հետ կանգնելու համար:
Ուրեմն, առաջ, առանց հապաղելու:

Մաքսային միությանն անդամակցելու հետևանքները

ավանեսյանՀայաստանը խիստ շտապում է Մաքսային միությանն անդամակցել, այնպես, որ նույնիսկ Հայաստանում ՌԴ դեսպանն է զարմանք հայտնում: Բայց պարզվում է կամ ինչպես մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը, ռուսները ոչ թե զարմացած են, այլ հիացած Հայաստանի շտապողականությունից: Մի խոսքով, մեկնարկը տրված է ու ոչինչ չի կարող ազդել ու գոնե փոքր-ինչ դանդաղեցնել Հայաստանի սլացքը դեպի ՄՄ: Մինչդեռ ոչ փոքր ու բավական կարևոր հարցեր կան, որոնց մասին արժեր գոնե մի քիչ խորությամբ մտածել ու նոր միայն շտապել, եթե մտածելուց հետո շտապելու ցանկությունը նախկինի պես ուժգին լիներ:

Դեռևս հունվարի վերջին էր, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հրապարակավ ՄՄ-ին անդամակցելու հետևանքով Հայաստանում կիրառվող մաքսային տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ հայտարարեց, որ ՄՄ անդամ 3 երկրներ եկել են փոխհամաձայնության: Օրինակ` մաքսատուրքի դրույքաչափերի կապակցությամբ, ու բնական է, որ եթե Հայաստանն անդամագրվում է Մաքսային միությանը, դժվար է ակնկալել, որ մենք կկարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը, որոնց մի զգալի մասը ակնհայտ բարձր է Հայաստանում կիրառվող մաքսային դրույքաչափերից:

Հետո պարզ դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով. Մաքսային միությունում, ինչպես այս առումով նշեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մի զգալի խմբի համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը հիմնականում ավելի բարձր են, քան Հայաստանում գործող դրույքաչափերն են: Կան նաև ապրանքներ, որոնց համար ՄՄ-ում գործող դրույքաչափերը նույնն են, ինչ Հայաստանում, կան նաև այնպիսի ապրանքների խմբեր, որոնց համար ՄՄ-ում ավելի ցածր դրույքաչափեր են գործում, քան Հայաստանում:

Ներկայացնելով պատկերը` փոխնախարարը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընդունել ենք մի մոտեցում, որով ՀՀ արտաքին առևտրային գործունեությունը հնարավորինս հստակեցված կամ պարզեցված է: Այսինքն` մենք ներմուծման պարագայում ունենք կա՛մ 0, կա՛մ 10 տոկոս մաքսատուրքեր: Մենք չունենք մաքսատուրքի տեսքով հաստատագրված վճարներ, համակցված վճարներ` տոկոս գումարած հաստատագրված վճար, չունենք քվոտավորում, չունենք սակագնային քվոտավորում և այլն:
Ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, ՄՄ-ում գործող մաքսային օրենսգիրքն ունի ավելի տարբերակված մոտեցումներ: Որոշ ապրանքների համար գործում են որոշակի տոկոսային դրույքաչափեր` ապրանքի մաքսային արժեք գումարած մաքսազերծման համար ինչ-որ տոկոս: Կան ապրանքներ, որոնց մաքսազերծման համար հաշվարկվում է հաստատագրված թիվ, կա տոկոս գումարած հաստատագրված գումար մոտեցումը, կամ մեկ այլ հաշվարկի մեթոդ կա` այսքան տոկոս, բայց ոչ պակաս, քան որոշակի թիվ, մաքսային քվոտաներ և այլն:

Հարց է առաջանում` այդ ապրանքների համար Հայաստանում մաքսատուրքերի բարձրացումը շահավե՞տ է, թե՞ ոչ, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այդ բարձրացումը: Փոխնախարարը նշեց, որ կան ապրանքներ, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացնելը կստեղծի խնդիրներ և՛ արտադրության, արդյունաբերության, և՛ սպառողական գների տեսանկյունից:
«Քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ այնուամենայնիվ, չնայած սկզբունքին, որոշ ապրանքների համար պետք է արվեն որոշակի բացառություններ, և ՄՄ-ին անդամակցելուց հետո նույնիսկ այդ ապրանքները պետք է շարունակեն ունենալ Հայաստանի այսօր գործող օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը»,- ասաց փոխնախարարը:

Դրանք այն զգայուն ապրանքներն են, որոնց համար ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի գտնում մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ դա մեր երկրի տնտեսության և ընդհանուր առմամբ նաև ապրանքների սպառողական գների, հետևաբար նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:

Ըստ Մաքսային օրենսգրքի` ապրանքների անվանացանկը ներառում է 10 նիշից բաղկացած 11 հազար 353 տող ապրանքներ: Ինչպես տեղեկացրեց Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մեծ մասի` շուրջ 60 տոկոսի համար ՄՄ գործող դրույքաչափերը ավելի բարձր են, քան ՀՀ գործող դրույքաչափերը: Մոտ 14,5 տոկոսի համար ՄՄ-ում գործող դրույքաչափերն ավելի ցածր են, 17 տոկոսից քիչ ավելին նույնն է, և շուրջ 2 տոկոսն է, որ այլ մեթոդներով է հաշվարկվում` ոչ միայն տոկոսային, այլև համակցված դրույքաչափեր և այլն:
Ըստ այդմ, թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, կենցաղում ամենօրյա օգտագործվող բազմաթիվ ապրանքներ, ցորենը, բրինձը, ձեթը, բենզինը` 5 տոկոսով և այսպես շարունակ:
Սրանից հետո մամուլում, իսկ հետո նաև հանրային ու հասարակական քննարկումներում և պարզապես առօրյայում բոլորը սկսեցին խոսել սպասվող թանկացումների մասին: Բանը հասավ նրան, որ կառավարության անցյալ շաբաթվա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ այս խնդրին և «պատվիրեց» էկոնոմիկայի նախարարին հանրությանը համոզել, որ թանկացումներն այնքան էլ «վախենալու բան չեն» և չափազանցված են:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին հավաստիացրեց, թե Մաքսային միության անդամակցության կապակցությամբ սպասվող գնաճի այն մեկնաբանությունները, որ տրվում են մամուլով, չեն համապատասխանում իրականությանը. նման բան չկա` իրենք այս կապակցությամբ իրենց գնահատականները տվել են շատ վաղուց` ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանում սպասվող առավելագույն ինֆլյացիան կանխատեսելով առավելագույնը 1,5 տոկոս: Իսկ որպեսզի չհասկացվի, որ եթե մենք անդամակցում ենք ՄՄ-ին, ապա Հայաստանում ինֆլյացիան կլինի 1,5 տոկոս, Վահրամ Ավանեսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ եթե ՀՀ-ում ինֆլյացիան պետք է լինի 4 տոկոս, ապա կլինի +1,5 տոկոս` ՄՄ անդամակցության հետ կապված:

«Այն գնահատականները, որ մենք տալիս ենք, թե ապրանքների քանի տոկոսն են թանկանալու ՄՄ մտնելուց հետո, պետք է միշտ իմանանք, որ երբ տոկոսային հարաբերությամբ ասում ենք, որ 11 հազար ապրանքատեսակների 60 տոկոսը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան ՀՀ-ում, 3 իմաստներով չի նշանակում, թե այդ 60 տոկոս ապրանքները թանկանալու են»,- նշեց նախարարը:

Այնուհետև նա պարզաբանեց, թե որոնք են այդ 3 իմաստները: Առաջին` ապրանքներից ոչ բոլորի մաքսատուրքերն են փոխվելու: Այն ապրանքների մաքսատուրքերը, որոնց ներկրումը ՀՀ կատարվում է այն երկրներից, որոնց հետ մենք ունենք ազատ առևտրի համաձայնագրեր (իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ներառյալ Վրաստանը, իսկ ՄՄ մտնելուց հետո կմիանան նաև այլ երկրներ) և մաքսատուրքերը 0 էին, կմնան 0: Եվ այդ 60 տոկոս ապրանքների մեջ, ասաց նախարարը, մտնում են նաև այդ ապրանքները: Իհարկե` այստեղ նախարարի և փոխնախարար Գարեգին Մելքոնյանի ասածների մեջ հակասություն կա, քանի որ փոխնախարարը, որ նաև ՄՄ անդամակցության աշխատանքային խմբի համակարգող է, նշում էր, որ 60 տոկոս ապրանքատեսակների համար մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրանալու են, իսկ չբարձրացողներն այլ խմբի մեջ էին մտնում…

Երկրորդ, ըստ Վահրամ Ավանեսյանի, երբ խոսվում է 11 հազար ապրանքատեսակի մասին, ապա Հայաստանում բոլոր 11 հազար դասակարգիչներով ապրանքներ չեն ներմուծվում. ապրանքախմբերի 10-12 տոկոսը կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների 90-95 տոկոսը:
Իսկ նախարարի ներկայացրած երրորդ պատճառը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ-ն պատրաստվում է ՄՄ ներկայացնել այն ապրանքների խումբը, որոնք մեր երկրի համար ունեն սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, և այդ ապրանքների համար մաքսատուրքերի ավելացման հարցում ձեռք բերել բացառություններ: Խոսքն այն զգայուն ապրանքների մասին էր, որոնք նշել էր Գարեգին Մելքոնյանը:
Իսկ թե ինչ կլինի, երբ ակնկալվող բացառությունները Հայաստանը չստանա ՄՄ-ից, ու ինչ պետք է անի կառավարությունը նման սցենարների զարգացման դեպքում, պարզվեց, որ կառավարությունը տվյալ դեպքերում փոխհատուցումներ չի կիրառելու: «Համենայն դեպս, եթե ինձ հարցնեն, ապա դրա պատասխանը միանշանակ ոչ է: Բայց մի բան պետք է նկատի ունենանք` ընդհանուր եթե նայում ենք ՄՄ մտնել-չմտնելուն` այս ապրանքների թանկացումների հետ կապված ես միշտ ասել ու նորից ասում եմ` ՄՄ-ի մտնելու տնտեսական հաշվարկների տեսանկյունից, պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ էր լինելու: Մենք երբևիցե չենք ասել, թե ՄՄ մտնելով պայմանավորված, ապրանքների վրա մաքսատուրքեր ավելացնելը ճիշտ բան է ՀՀ-ի համար: Դա, ընդամենը, այո, այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք` մտնելով ՄՄ: Բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որը մենք կունենայինք ՄՄ չմտնելով»,- ասաց Վահրամ Ավանեսյանն ու որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ լինեն, բերեց գազի գնի օրինակը…

Բայց Հայաստանին սպասվող օգուտներն ու վնասները հաշվարկել են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունում, այլև տնտեսական լրագրողները: Իսկ այդ` ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար:

Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստ: Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, իշխանությունը որոշեց անդամագրվել Մաքսային միությանը: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար, որովհետև բիզնեսում պարզագույն սկզբունք է` ապրանքի ինքնարժեքի ցանկացած փոփոխություն ուղղակիորեն փոխհատուցվում է հասարակ սպառողների` ժողովրդի գրպանից:

Ի՞նչ է նշանակում «Ավելի բարեկարգ Երևան»

շինարարների15Միանգամից ասեմ, որ տողերիս հեղինակն այն մարդկանցից չէ, որոնք լավն ու դրականը չեն նկատում` համարելով օրինաչափ և մատը միայն բացասականի վրա են դնում: Մինչև վերջերս անկեղծորեն ուրախանում էի Երևանի բարեկարգման աշխատանքներով: Հաճելի է, երբ քաղաքդ գեղեցկանում է ու ամեն կողմից ծաղիկներ են աչքդ շոյում:

Բայց բավական է` այդ նույն քաղաքը կառավարող մարմնի` քաղաքապետարանի հետ որևէ խնդիր ունենաս, որ այդ ծաղիկները աչքիդ փուշը դառնան, իսկ աջուձախ մեծ-մեծ տառերով ցցված կարգախոսը` «Ավելի բարեկարգ Երևան», երեսիդ խփող ծաղր դառնա:
Իսկ խնդիրը ծագեց Երևանի Հալաբյան 3 շենքի կապակցությամբ: Այդ շենքի մի մասը` չորս մուտքից երկուսը, վթարային է, համարյա փլվում է: Եվ բնակիչներին վերաբնակեցնելու խնդիր է առաջացել: Շատերն արդեն տեղափոխվել են, սակայն մի քանի ընտանիքներ բառի բուն իմաստով դուրսն են մնացել, քանի որ առաջարկվող բնակարանները չեն տեղափոխվում` համարելով, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, համարժեք բնակարաններ չեն հատկացվում: Խոսքը 3-սենյականոց բնակարանատերերի մասին է, որոնց պայմանները, ըստ քաղաքապետարանի առաջարկած տարբերակի, էապես վատանում է: Նրանք հարց են տալիս` ինչո՞ւ եք մեզ 14 քմ-ով պակաս բնակարան տալիս, չէ՞ որ դա մի ամբողջ սենյակի տարածք է, իսկ քաղաքապետարանն ասում է`օրենքը սա է, ուզում եք` ուզեք, չեք ուզում` դուք գիտեք: Եվ վերջ:
Միջանկյալ նշեմ, որ մի քանի տարի առաջ նույն քաղաքապետարանը տվյալ շենքում ամրացման աշխատանքներ է կատարել, հասկանալի է` հսկայական գումարներով, և ուղիղ մի տարի անց շենքը սկսել է ճաքեր տալ: Հարց է ծագում` ինչի՞ համար են ծախսվել այդ գումարները, եթե ամրացում, ըստ էության, չի կատարվել, և ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Առայժմ պատասխան են տալիս մեղքի բաժին չունեցող բնակիչները, որոնք կարծեցյալ ամրացման աշխատանքներից հետո հանգիստ շունչ են քաշել և զգալի միջոցներ ծախսել իրենց բնակարանները վերանորոգելու համար: Պարզվում է` մարդկանց տարիներ շարունակ հավաքված դրամը և նրանց հարկերի շնորհիվ գոյացած պետական միջոցները քամուն են տրվել: Այս մասին քաղաքապետարանը օրենք չի հիշատակում:
Լավ, ինչպես ասում են, ինչ եղել, եղել է: Փորձեցի պարզել, թե դա ինչ օրենք է, որ խախտում է մարդու սեփականության իրավունքը և հարցերին լուծում տալիս ի վնաս երկրի քաղաքացու:
Դիմեցի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով հայտնել այն օրենսդրական ակտերի հասցեները, որոնց հիման վրա մարդկանց պայմանները վատթարացնող հատուցում են տալիս: Ինչպես ասում են` էն դիմելն էր, որ դիմեցի, ոչ մի պատասխան: Զանգահարեցի, ասացին, որ դիմումն ուղարկել են համապատասխան վարչություն, որտեղ էլ այն անհետ կորել է: Նորից ուղարկեցի հարցումս: Ոչ մի պատասխան: Էստեղ էլ, ահա, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտվեց: Եվ որպեսզի իրավունքս պաշտպանեմ, ստիպված եմ դիմել դատարան: Սա՞ է ավելի բարեկարգ Երևանը, ծաղիկներով, տեղի-անտեղի նստարաններով, ներկած շենքերով ու օրենքի խախտումներո՞վ:
Փորձեցի ինքս մեր երկրի օրենսդրությունը քրքրել և գտա «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» ՀՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշումը: Շատ հետաքրքիր որոշում է: Նախ` չի նշվում բնակարանի մակերեսի մասին, խոսվում է միայն սենյակների թվի մասին: Քանի սենյակ ունես, այնքան էլ կստանաս, բայց եթե քո քանդվող բնակարանն այնքան մեծ է եղել, որ ընդարձակ պատշգամբի հաշվին այն վերածել ես 5-սենյականոցի, իսկ առաջակվող բնակարանի սենյակները հավաբուն են, պաշգամբ էլ չկա, մեր կառավարության հոգսը չէ: Որոշումն ընդունել է, ստորագրել ու կնիքը վրան դրել: Ավելին, ըստ որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի. «…Շենքերի կառուցվածքում 4 և 5-սենյականոց բնակարանների բացակայության դեպքում 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ, իսկ 5-սենյականոց բնակարան ստանալուն հավակնողին` 1 և 3-սենյականոց կամ երկու հատ 2-սենյականոց բնակարաններ»:
Որոշումն ինքնին մարդու իրավունքների դեմ է: Այսուհանդերձ, այստեղ ոչինչ չկա 3 սենյակի հավակնող մարդկանց մասին: Եվ երբ վերոնշյալ բողոքող քաղաքացիները, դժգոհ առաջարկվող 3-սենյականոցից, առաջարկում են իրենց հատկացնել 1 և 2-սենյականոց բնակարաններ, քաղաքապետարանը մերժում է, թե օրենքը թույլ չի տալիս: Երբ քաղաքացիներից ոմանք առաջարկել են նույնիսկ 3-ի փոխարեն հատկացնել երկու 1-սենյականոց, քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նամակով պատասխանել է, որ օրենքով բարելավում չի նախատեսվում: Պարզվում է` եթե 3-ի փոխարեն 2 սենյակ ես ուզում, դա արդեն բարելավում է: Այնուհետև, հանդիպման ժամանակ պատասխանել է. «Բնակարան ստանալը վերածել եք բիզնեսի»: Եթե պարոն Ամյանը տուժելը կամ կորցնելը համարում է բիզնես, դա իր խնդիրն է, բայց երբ նա լավ չի պատկերացնում իր պարտականությունները, ի լրումն` վիրավորում է մեզ, արդեն մեր ու մեր խախտված Սահմանադրության խնդիրն է դառնում:
Որոշումն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ, որոշ կետեր էլ կան, որոնք մանրամասն քննարկելու առարկա են (կապված ընտանիքների անդամների թվի հետ, որոնք հաշվի առնելու դեպքում հենց այդ վիճելի որոշումով էլ կարելի է բավարարել քաղաքացիներին), սա նշանակում է, որ խնդիրը սրի մի հարվածով լուծելու բան չէ, ճկուն մոտեցում է պահանջում և ամենակարևորը` առանց այդ էլ տուժած մարդկանց նոր խնդիրների առջև չդնելու մտահոգություն: Մի բան, որ առայժմ չենք տեսնում: Ցավալի է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի բարեփոխումներից ու «Երևանի համայնքի մասին» օրենքն ընդունելուց հետո էլ, որոնք այս խորապատկերում հեքիաթի տպավորություն են թողնում, մեր իրավունքները պաշտպանելու համար ամեն առիթով ստիպված ենք դատարանի դռները թակել: Եվ ումի՞ց կամ ինչի՞ց պաշտպանել, մեր համայնքի կառավարողների՞ց, որոնք միալար մեզ ավելի բարեկարգ Երևան են խոստանում:
Մի բան պարզ է. եթե կողմերը փոխզիջման ու փոխհամաձայնության չեն գնում, նրանցից մեկը հեռանում է: Մեր դեպքում իշխանությունները, բնականաբար, հեռանալու մտադրություն չունեն, ուստի հեռանում են քաղաքացիները. ճամպրուկները կապում են ու` հայդա, հեռավոր եզերքներ: Ասում են` այնտեղ գոնե ապաստան են տալիս:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Երևանի քաղաքապետարանից հաղորդագրություն ստացանք նման վթարային կառույցի` Շինարարների 15 շենքի բնակիչների վերաբնակեցման մասին, որում հպարտորեն հայտնում են, որ բոլորին համարժեք բնակարաններ են հատկացվել, բացառությամբ մի քանիսի, որոնք չեն համաձայնում գնալ այդ լավ, բարեկարգ ու համարժեք բնակարանները` չհասկանալով, որ «օրենքը բարելավում չի նախատեսում»: Թե որքանով են հատկացված բնակարանները համապատասխան և որքանով կարելի է չտեղափոխված բնակիչների պահանջները բարելավում համարել, արդեն դժվար չէ կռահել: Ակնհայտ է, որ քաղաքի իշխանությունները քաղաքացիների սեփականության իրավունքի խախտումը ներկայացնում են որպես ընդամենը բարելավման պահանջի մերժում:

Տրվել են ներմուծման և արտահանման արտոնություններ, ճշտվել է պետական ավտոճանապարհների անվանացանկը

11039_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ներդրումային ծրագիրն ընդլայնվում է
Լոռի-Բերդի խաչքարը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կցուցադրվի մինչև 2017 թվականը
Գյումրու օրինակով տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում
Սահմանվում են ծառայողական վկայականների միասնական չափորոշիչներ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշմամբ «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը, լրացրել ներմուծվող սարքավորումների ցանկը, ինչը հնարավորություն կտա ավելացնել ընկերության արտադրական հզորությունը, ստանալ մրգահյութի արտադրության որակյալ հումք: Այժմ ընկերությունը մտադիր է սկսել ծրագրի երկրորդ փուլը, ներդրումները 1.6 մլրդ դրամից հասցնել 2.2 մլրդ դրամի և ձեռք բերել նոր, արդիական սարքավորումներ: Ընկերությունն արդեն իսկ ստեղծել է 102 աշխատատեղ:
Կառավարությունը մինչև 2017թ. փետրվարի 15-ը երկարաձգել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը: 2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում:
Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները: «Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների կողմից վկայականների և անցագրերի տրամադրման, դրանց գրանցման մատյանների օրինակելի կարգերը, վկայականների և անցագրերի նկարագրերը: «Անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության ծառայողները, ովքեր այդ ծառայությունները մատուցում են, մանրակրկիտ իմանան սահմանվող կարգը, – այս առնչությամբ ասել է վարչապետը: – Նպատակահարմար կլինի ոստիկանությունում դասընթացներ կազմակերպել, որպեսզի բոլոր աշխատակիցները տեղեկացված լինեն ծառայողական վկայականների նոր չափորոշիչներին և պայմաններին»:
Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով գործադիրը «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար հատկացրել է 250 մլն դրամ: Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը:

Ճշտվել է պետական ավտոճանապարհների անվանացանկը
Ստեղծվել է ճանապարհային ոլորտը կարգավորող միջգերատեսչական խորհուրդ
Մշտադիտարկման միջոցով կգնահատվի ճանապարհային ցանցի առկա վիճակը
ՀՀ կառավարությունը իր փետրվարի 13-ի նիստում հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դասակարգված և ճշտված անվանումներով ու երկարություններով անվանացանկը: Դրանց պետական կառավարման մարմիններ են սահմանվել` կառավարման և կարգավորման մասով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, տնօրինման մասով` ինչպես նախարարությունը, այնպես էլ համապատասխան մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը): Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ճանապարհային ոլորտը կարգավորող խորհուրդ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի կազմը և աշխատակարգը: Խորհուրդը յուրաքանչյուր կիսամյակ իր աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնելու ՀՀ կառավարություն: Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային ոլորտի կարգավորման առաջարկությունների ներկայացումը համապատասխան մարմիններին: Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև անցյալ տարեվերջին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների կատարումը, այն է` ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկման միջոցով գնահատել ճանապարհային ցանցի առկա վիճակը:

Աշնանը կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան հերթական մրցանակը
Միջոցներ են ձեռնարկվում կանխիկի շրջանառությունը կրճատելու ուղղությամբ
Հաստատվել է ներքին աուդիտի որակավորման կարգը

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը: Կառավարության նախկին որոշման փոփոխությունը, որն այսօրվա նիստում ընդունել է գործադիրը, կնպաստի մրցանակի թեկնածուի ընտրության արդյունավետության բարձրացմանը, կխթանի աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հետագա զարգացումը:
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորման և վարման կարգը: Համապատասխան որոշման ընդունումը թելադրված է ՀՀ մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն անընդհատ արդիական պահելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները: Որոշման նպատակն է կարգավորել նշված մարմինների բյուջեների կատարման գործընթացը, ինչը միտված է կանխիկի շրջանառության կրճատմանը:
Նիստում հաստատվել են ներքին աուդիտորի որակավորման կարգը, հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները:

Կառավարությունն հանդես է եկել օրենսդրական երկու նախաձեռնությամբ
Առաջարկվում է սահմանել տրանսֆերային գնագոյացման հասկացությունը
Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի լրամշակված նախագծին, որը սահմանում է այդ հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները:
Նիստում հավանություն է ստացել «Տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ընդունման դեպքում ակնկալվում է համայնքի ղեկավարի կողմից վարչական իրավախախտման քննության պարզեցված ընթացակարգի իրականացում` համայնքային վճարովի ավտոկայանատեղիների համար օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորության խախտման դեպքում, վարորդ-համայնքի ղեկավար շփման պարբերականության (կոռուպցիոն ռիսկի) էական նվազում:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին
Փոխհատուցվում է սիրիահայերին անձնագիր տալու համար սահմանված պետտուրքը
Մեղմացվել է Իրաքի հետ վիզային ռեժիմը

Գործադիրը համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000թ. փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրերի կնքումը բխում է ՀՀ շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը:
2013թ. չորրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ավելի քան 250 անձնագիր, որոնց համար պետտուրք չի գանձվել: Այդ գումարը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանն է հատկացրել մոտ 17 մլն դրամ, որը պետք է վճարվի պետական բյուջե:
Կառավարության որոշմամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեղմացվել է Իրաքի հետ վիզային ռեժիմը:

Համապատասխան տարածք է ստացել «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը
Զինվորական ծառայությունից տարկետում է տրվել հեղինակավոր բուհի ասպիրանտին և ՀՀ հավաքականներ ընդգրկված մարզիկներին
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը նպաստելու համար կառավարության նիստում այդ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տարածք է հատկացվել Երևանի Թելմանի անվան հիմնական դպրոցի նկուղային, առաջին և երկրորդ հարկերից:
Նիստում մինչև 2014թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Սերգեյ Շահվերդյանին:
Հաջորդ որոշումներով ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Էդգար Մանուչարյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի երեք անդամի, մինչև 2014թ. ձմեռային զորակոչը` ազատ ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի մեկ անդամի:

Դեռ «կռիվ» ունենք տալու

մերկել-էրդողանՈրքան մոտենում է 1915 թվականը, այնքան ակտիվանում է Թուրքիայի` Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված գործունեությունը: Այս մասին անցած տարի անընդհատ բարձրաձայնում էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եվ 2014 թվականը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ամբողջ աշխարհում տարվող աշխատանքների ու, առավել ևս, Թուրքիայի հակաքայլերի առումով բավականին հագեցած տարի է լինել:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

«2015-ին ընդառաջ Թուրքիան ինչ-որ գործողություններ է նախապատրաստում, որ ձախողի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամեն քայլ: Եթե որևէ երկիր Ցեղասպանության ճանաչման փորձ է անում, Թուրքիան իր դիվանագիտական ուղիներով ջանում է ասել, որ հարաբերություններ է սկսում Հայաստանի հետ և մյուսների քայլերը միայն խանգարելու են իր բարի նկրտումներին»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Այդ քայլերից մեկը, օրինակ` Դավութօղլուի Հայաստան այցն էր, որ ներկայացվեց ոչ այնքան որպես գործնական այց Սևծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում, որքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Այս մասին խոսեց նաև Կիրո Մանոյանը, թե Դավութօղլուն խոշոր հաշվով իր նպատակին հասավ, քանի որ թուրքական կողմը նախ կարողացավ այդ այցի հետ կապված որոշակի աժիոտաժ ստեղծել միջազգային մակարդակում, իսկ Երևանում կայացած ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո էլ թուրքական քարոզչամեքենան ավելի ակտիվ «փուչիկներ» բաց թողեց միջազգային հանրության դատին:

Այս տեսանկյունից հետաքրքրական է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Իտալիա կատարած այցի ժամանակ արած հայտարարությունը, թե առաջ Թուրքիային սպառնացող ամենամեծ վտանգը Քրդական բանվորական կուսակցությունն (ՔԲԿ) էր, իսկ հիմա` 2015-ը. «2014-2015 թթ. կարևոր են լինելու: Թուրքիան միջազգային տարբեր մարտահրավերների առաջ է կանգնելու: 3-4 տարի առաջ մտածում էինք, որ մի քանի «ընկեր» պետություններով շրջապատված երկիր ենք: Սակայն մեր պետությունը բազում աշխատանքներ է տանում` Թուրքիայի հետ ընկեր լինելու արժեքը հաստատող գործերը շատացնելով: «Սպառնալիք» բառի` 4-5 տարի առաջվա և ներկայիս հասկացողությունները շատ տարբեր են: Այն ժամանակ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ՔԲԿ-ն էր, իսկ հիմա պետք է շատ ավելի զգույշ լինենք: Ուզում եմ ասել, որ մեր հարավային սահմանի վիճակը շատ ավելի բարդ է»,- ասել է Գյուլը:

Հունվարին թուրքական կողմից որոշ պասիվություն նկատվեց Ցեղասպանության ճանաչման դեմ տարվող աշխատանքների հարցում, ինչը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը բացատրում է վերջին կոռուպցիոն սկանդալով, որը խառնեց նրանց խաղաքարտերը: Բայց 2014 թվականը, առաջին հայացքից, բավականին «հայամետ» է մեկնարկել: Նախ` հունվարի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Թուրքիա, որը Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրք լրագրողների հարցին պատասխանելով` հայտարարեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում կա, որը միջազգային համաձայնագրերի շրջանակներում պետք է կիրառել:

«Պատմության հետ կապված աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց պետք է արվեն: Մեզ անհրաժեշտ է խաղաղությունն ապահովել համաձայնությամբ: Ավելի վաղ տեղի ունեցածներն ուսումնասիրելու, ճանաչելու համար պետք է աշխատենք: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհայինի 100-րդ տարելիցն է, հետո` 2015-ը: Այս ժամանակահատվածը պետք է աշխատելու համար օգտագործենք: Հարցնում եք, թե ի՞նչ ենք անելու: Ճիշտն ենք անելու, իրավականն ենք անելու, արդարությունն ենք փնտրելու և այնպես ենք անելու, որ բոլորը հասկանան թեման: Ֆրանսիայում դրա հետ կապված օրենք է ընդունվել: 2008-ին էլ շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել: Միջազգային համաձայնագրերի շրջանակում պետք է դրանք կիրառել»,- ասել էր Օլանդը:

Սրանք, մեղմ ասած, ընդամենը գործընթացները «հաշվետվության» կարգով ներկայացնող խոսքեր էին, ոչ ավելին: Ու թեև հայ հասարակությունն Օլանդից ավելի ակտիվ ու սուր հարցադրումներ էր ակնկալում այս հարցում, նա ավելի պասիվ` չնախաձեռնող հանդես եկավ, բնականաբար: Օլանդի պասիվ կեցվածքը , ինչպես նշում է Գևորգ Պետրոսյանը, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆրանսիայում մոտ ապագայում ընտրություններ չեն սպասվում, և Օլանդը հայկական համայնքին սիրաշահելու խնդիր չունի:

Դեռ չէինք հասցրել «մարսել» Օլանդի հայտարարությունը, երբ մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես եկավ Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Սթեինբախը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արեց ներողություն խնդրել հայ ժողովրդից:
«XX դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի զավակներից ներողություն խնդրելու և հաշտության ձեռք մեկնելու ժամանակը վաղուց եկել է: Ցեղասպանության մասին Թուրքիայի պատմության գրքերում նույնպես պետք է գրվի»,- ինչպես տեղեկացնում է «Ագօս»-ը, ասել է Սթեինբախը:

«100 տարվա լռություն»

Սրանից անմիջապես հետո հանկարծ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` Hurriyet-ը փետրվարի 8-ին գրեց, թե Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բեռլին այցելության ժամանակ կոչ է արել նրան առերեսվել սեփական պատմության հետ:
Ըստ Hurriyet-ի` Էրդողանը Մերկելին ասել է. «Տեղյակ ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գումար է հատկացվում: Խորհուրդ եմ տալիս այդ նյութի շուրջ զգույշ լինել»:
Ի պատասխան Մերկելն, իբր, ասել է. «Գերմանիան ժողովրդավար երկիր է: Չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Պետք է համեմատել աշխարհում ստիպողաբար ապրող և Հայաստանում ապրող հայերին: Հայաստանում հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը բացի»:

Սա, իրավամբ, կարող էր արտառոց լինել, հատկապես այն պարագայում, որ նման հայտարարություն է անում ոչ ավելի, ոչ պակաս այնպիսի երկրի ղեկավար, որը Ցեղասպանության հարցում բավականին զուսպ կեցվածք ունի, էլ չասենք, որ բազմաթիվ ուսումնասիրողներ կարծում են, որ եթե Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան սկսի «խոսել», ապա Թուրքիայի համար «սև օրեր» կսկսվեն…

Կասկածելի է, որ գերմանական ԶԼՄ-ներն այս հայտարարությանն առանձնապես չանդրադարձան, բայց դա բավականին հնչեղ արեցին թուրքական լրատվամիջոցները: Որովհետև, եթե Գերմանիայի ղեկավարը նման հայտարարություն աներ, ապա գոնե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դա կնշանակեր Գերմանիայի արտաքին քաղաքական գծի փոփոխություն: Չի բացառվում, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել հենց թուրքական կողմից հատուկ նպատակով: Ընդամենը մեկ տարի հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցն է, և մոտ ժամանակներս Թուրքիայում սպասվում են ընտրություններ: Այսինքն` չի բացառվում, որ Էրդողանը փորձում է այս կերպ սեփական ժողովրդին համախմբել «արտաքին վտանգի»` Ցեղասպանության ճանաչման «սպառնալիքի» դեմ: Բայց հետագայում ավելի պարզ կլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչու…

Իսկ այս պահին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, շատ կարևոր են մեր ակտիվությունն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես` դիվանագիտական հարթությունում, ինչը դեռևս այնքան էլ չի երևում: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ջանք չի խնայում Ցեղասպանությունը հերքող հանրագիտարաններ ու գրքեր տպելու, հակաքարոզչական նյութեր հրապարակելու, դիվանագիտական տարբեր հնարքներով միջազգային հանրության ուշադրությունը հարցից շեղելու, դիվանագիտական առումով գործընթացները արգելակելու և այլ հարցերում:

 

Ազգային ինքնության բացահայտման ևս մեկ միջոց

Yervand-Zoryan-Աշխարհասփյուռ հայությունն իր երկրի արմատներին ու պատմությանը կառչելու ևս մեկ հնարավորություն ունի: Հայկական վիրտուալ համալսարանն իր նորարարության շնորհիվ ևս մեկ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին: Խոսքը վերջերս թողարկված «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքն է, որն ընթերցելու մի քանի տարբերակներ է առաջարկում ընթերցողներին` թե՛ խտասկավառակով, թե՛ առցանց: Գրքի հեղինակը մեր սփյուռքահայ բարեկամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ է մեր զրույցը այս կապակցությամբ:

– Որքանո՞վ է գիրքն արդիական և սփյուռքում ունե՞նք կրթական համայնք, որի համար դեռևս ազգապահպանման գործոնը չի կորցրել կարևորությունը:

– Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` կրթական համայնք է ձևավորում նաև հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող և գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի և մատչելի կրթություն` մշակութային, կրթության և այլ ուղղություններով: Համալսարանը նպատակ ունի նաև համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով, որի առաջին թողարկումն այս գիրքն է: Այն բավական սպասված էր ուսանողների շրջանում, և կարծում եմ` ըստ արժանվույն կգնահատվի: Այն համարվում է ՀՎՀ-ի նորարար էլեկտրոնային մատենաշարի առաջին գիրքը` «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը և վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով:
– Իսկ ինչո՞ւ թեմայի ընտրությունը կանգ առավ հայկական լեռնաշխարհի վրա:
– «Հայկական լեռնաշխարհի» թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը, հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության և ազգային ճակատագրի առանձնահատկությունները:
– Իսկ թողարկումը միայն հայալեզո՞ւ է, թե՞…
– Ոչ, գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա արևելահայերեն և անգլերեն, այնուհետև արևմտահայերեն և ևս 4 լեզվով` թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն և այլն: Գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը և նրանց ակնկալիքները գրքից, ուստի փորձ է արվել տեղեկությունները մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով ոճային ինքնատիպությունը:
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատելու իրենց առաջընթացը, առանձնացնելու ժամանակաշրջանի կարևորագույն իրադարաձությունները և ծանոթանալու հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
– Ինչպե՞ս կարող է ընթերցողը ձեռք բերել այն:
– Գիրքը բոլորի համար կլինի անվճար և ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով և այլն:
– Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիությունը, և ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել:
– Դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից և այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ և մանրակրկիտ ուսումնասիրությունների: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ, նյութը մեկնաբանվում է տեսաշարի ձևով, տեսողական 3D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամանակագրությամբ, դինամիկ քարտեզներով և այլն:
– Կլինե՞ն նոր թողարկումներ:
– Այո, նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը, որոնցից երկուսը, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա և կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ` ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ և այլն: Այդ գրքերի միջոցով կընդլայնվի նաև ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս վիրտուալ գրքի թողարկմանը, և այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում:
Լ. Ն

Ինչո՞ւ ոչ ոք տաքսիստներին չի սիրում, անգամ` ԱՊՊԱ-ն

taxi-1Որքան ժամանակ է` չեմ օգտվում տաքսի ծառայության ավտոմեքենաներից, նախընտրում եմ անհատ տաքսու վարորդների հետ երթևեկել: Պատճառները մի քանիսն են. նախ` ավտոմեքենաների մեծ մասի անսարքությունն այնքան ակնառու է, որ թվում է` ուր որ է ավտոմասերն իրարից կանջատվեն, ու մեքենան կտոր-կտոր կլինի, ավտոմեքենայի խցիկը, մեղմ ասած, ոչ հիգիենիկ վիճակում է, կեղտոտ, տհաճ հոտով ու ծխախոտի ծխով պատված, իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև տաքսի ծառայության հեռախոսավար-օպերատորների ականջ ծակող, մեկ-մեկ էլ մուննաթով և վարորդների նկատմամբ ակնհայտ ճնշման գործադրմամբ հրահանգները, որոնք ստիպված ես լսել, ապա միանգամայն բնական է, որ չցանկանաս այլևս օգտվել այդ ծառայություններից: Եթե նախկինում այս ամենը քաղաքացին ստիպված էր տանել` հաշվի առնելով, որ տաքսի ծառայության ընկերությունների գները, անհատների տաքսի ծառայության գների համեմատ, ավելի մատչելի են, ապա այսօր այդ տարբերությունը գոյություն չունի, ավելին,` երբեմն անհատ տաքսու վարորդները նույն տեղն ավելի էժան են հասցնում:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում տաքսի ծառայության ընկերություններն աստիճանաբար կզիջեն դիրքերը անհատ տաքսու վարորդներին` դուրս մղվելով շուկայից:

Հասկանանք` ինչու է ստեղծվել այս իրավիճակը:
Բանն այն է, որ Ազգային ժողովի նախորդ տարվա վերջին նիստերից մեկի ժամանակ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարվող բարեփոխումները: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, համաձայն որոնց հեշտացվում է ոլորտում գործունեություն իրականացնելը, և վերանում են բիզնեսին խանգարող մի շարք պահանջներ, անօրինական գործունեության համար էլ բարձրացվում է տուգանքների չափը: Մասնավորապես, այս բիզնեսով զբաղվելու իրավունք վերապահվեց նաև ֆիզիկական անձանց, որոնք փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմեքենայով: Սահմանվեցին ավտոմեքենայի կահավորմանը ներկայացվող պահանջները, հանվեցին վարորդների ամենօրյա բուժզննման և մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները: Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվեց, որ ֆիզիկական անձինք ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վճարում են պետական տուրք, ինչի մեջ ներառված է նաև արտոնագրային վճարը: Եթե տաքսիները մինչ այժմ դեղին համարանիշները պարտավոր էին ձեռք բերել ամբողջ տարվա համար և վճարումն էլ կատարել միանվագ (ամսական 17.500 դրամ), ապա այսօր սպիտակ ինքնակպչուն ժապավենները կարող են ձեռք բերել իրենց ցանկացած ամիսների համար` վճարելով ամսական 12 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում անհատ տաքսիստների հարկային բեռն անհամեմատ ավելի նվազեց, մինչդեռ տաքսի ծառայութան սեփականատերերը, լիցենզավորման գումարներից բացի, պարտավոր են վճարել եկամտահարկ, արտոնագրային վճար և այլ վճարներ:

Տաքսի ծառայության սեփականատերերից մեկի խոսքով` ամեն վարորդի համար իրենք ամսական վճարում են 30-40 հազար դրամ: Ուստի, երկու դրույքաչափով վարորդ չեն պահում: Պարզ է, որ մեկ վարորդը, որն աշխատում է տաքսի ընկերությունում 50-50 ձևաչափով, ստիպված է օրնիբուն աշխատել, որպեսզի վճարի սեփականատիրոջ հիսուն տոկոսը, մի բան էլ իրեն մնա:

big_1a725948e«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ տեղի ունեցած վերջին բարեփոխումներն էլ ավելի վատացրին ոլորտը. «Իրավիճակը փակուղի է մտել: Ապահովագրական կազմակեպությունները հայտարարում են, որ տաքսի ընկերությունների ավտոմեքենաները չեն ապահովագրում, քանի որ ռիսկային են: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց պետք է հասկանալ նաև այդ ապահովագրական ընկերություններին»:

Ի դեպ, ապահովագրական ընկերություններից մեկի գործակալը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ էլեկտրոնային պայմանագիրը կազմելիս լրացնում է այն հատվածը, որտեղ նշված է` տաքսի ծառայության ավտոմեքենա, վերջում ծրագիրը թույլ չի տալիս պայմանագիրը հաստատել, տեխնիկական խոչընդոտ է ի հայտ գալիս: Գործակալի խոսքով` որևէ պաշտոնական բացատրություն չկա, սակայն իրենք գիտեն, թե բանն ինչ է:

Երբ վարորդների բողոքների հիման վրա «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որն իրականացնում է ապահովագրական գործընթացի վերահսկողություն, ապա զրուցել է մի շարք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց կողմից նույնպես մի շարք հարցեր են բարձրացվել. «Ապահովագրական ընկերությունները շատ ճիշտ են նկատել, որ տաքսի սերվիսների, ուղևորափոխադրող կազմակերպությունների վարորդներն աշխատում են ութ ժամից ավելի և շաբաթական սահմանված քառասուն ժամը գերազանցում են մի քանի անգամ: Տաքսի ծառայություններում նույնիսկ «սուտկա» հակացողություն կա: Դրա հետևանքն այն է, որ երթևեկության կանոնները խախտվում են ամեն րոպե, և ապահովագրական ընկերություններն էլ չեն ուզում ռիսկային պայմանագրեր կնքել»:

Տիգրան Հովհաննիսյանը ո՛չ տաքսու վարորդներին է մեղադրում, ո՛չ էլ ապահովագրական ընկերություններին: Ասում է` կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, սակայն այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը արտասահմանից գրանտներ է ստանում օրենքները կտրտելու համար. եկել-հասել են տրանսպորտի ոլորտին, որոշել են բուժզննում, տեխզննում դրույթները կտրել-հանել: Այսինքն` վարորդներն անվերահսկելի վիճակում են վարում մեքենաները»:

Ճիշտ է` նախկինում օրենքով պարտադրված վարորդների բուժզննման և մեքենաների տեխզննման դրույթները նույնպես չեն կատարվել, այլ ընդամենը ձևականորեն թղթեր են լրացվել, սակայն Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեին այդ դրույթների իրականացումը վերահսկելու կամ թևթևացնելու ուղղությամբ, ոչ թե ընդհանրապես օրենքից հանեին: (Ի դեպ, Օրենսդրության ազգային կենտրոնի կարգախոսը հետևյալն է` կտրենք միասին:)

Տիգրան Հովհաննիսյանը, օրինակ, առաջարկում է բուժզննումը ոչ թե ամեն օր իրականացնել, այլ գոնե մեկ-երկու ամիսը մեկ կամ էլ լիցենզիա տալուց առաջ. «Չիմանա՞ս` էդ մարդն ի վիճակի է տաքսու վարորդ աշխատել` թե չէ, ինֆարկտի ենթակա է` թե չէ, տեսողության խնդիներ ունի, չունի: Ո՞նց կարելի է` ում պատահի թուղթը տաս, ասես` քշի: Հեշտացում պետք է լինի, բայց ոչ անվերահսկելի իրավիճակի և աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու հաշվին»:

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իսկապես սիրում են այդ գործը և բարեխղճորեն են կատարում, բայց երբ ոլորտում հայտնվում են ամեն տիպի մարդիկ` ընդհուպ քրեական անցյալ ունեցող, թմրամոլ ու հարբեցող, արդեն նորմալ վարորդներին էլ են ծուռ աչքով նայում:

Այո, կար ժամանակ, երբ տաքսու վարորդ լինելը ոչ միայն եկամտաբեր գործ էր, այլև պատվաբեր: Մարդիկ հպարտությամբ էին այդ գործն անում, քանի որ գիտակցում էին դրա պատասխանատվությունն ու լրջությունը: Այսօր մարդ տեղափոխելը որոշ վարորդների համար չի տարբերվում, ասենք, մի պարկ կարտոֆիլ կամ կաղամբ տեղափոխելուց: Կարևորը` մարդը նստի, իսկ տեղ հասնելը կախված է վարորդի ինքնազգացողությունից, տրամադրությունից, նյարդային համակարգից, անգամ լսած երաժշտությունից…

 

Անկախ

Պարտադիր կուտակայինը` սպառնալիք պետություն-գործատու-աշխատող եռամիասնությանը

IMG_3139Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դառը պտուղներն աստիճանաբար հասնում են աշխատող քաղաքացիներին: Եթե ամիսներ առաջ դա միայն տեսականորեն էր վատը, այսօր արդեն մարդիկ սեփական կաշվի և դրամապանակի վրա են զգում պարտադիր կուտակայինի հետևանքները: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքում սկիզբ առան բողոքի ակցիաներ աշխատանքային տարբեր կոլեկտիվների կողմից: Առաջին քայլն արեցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները` հայտարարելով, որ գործադուլ կանեն, եթե իրենց իրավունքները չվերականգնվեն:

3B7C2956-469D-4768-9651-DA2553AE57F5_mw1024_n_sԴեռ երկաթուղայինների կրքերը չհանդարտված` նույն օրը երեկոյան բողոքի նոր ալիք բարձրացավ մայրաքաղաքի սրտում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ներկայացումից մեկ ժամ առաջ հայտարարեցին, որ բոյկոտում են «Անուշը»: Ներկայացումը տապալվեց` հանուն աշխատանքային իրավունքների:
Հատկանշական է, որ այդ քայլն ըմբռնումով ընդունեցին և անգամ ողջունեցին «Անուշի» տոմսեր ձեռք բերած և այդպես էլ այն չվայելած քաղաքացիները:
Սակայն զարմանալին այն էր, որ երբ հաջորդ օրը թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ փորձում էին պարզել, թե ինչ ժողով է ներսում թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ, նախորդ օրը ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստները դուրս էին գալիս օպերայի շենքից` խոսքները մեկ արած փախչելով տեսախցիկներից ու ձայնագրիչներից: Նրանցից ոմանք, այնուամենայնիվ, համարձակություն ունեցան ասելու, որ պարտադիր կուտակայինի դեմ պայքարը շարունակելու են: Իսկ շատերը խուսափեցին մանրամասներ հաղորդել տեղի ժողովից` պատճառաբանելով, որ դրանք իրենց ներքին խնդիրներն են:
Ընդհանրապես, այս ամենի մեջ ընդգծվեց մի շատ կարևոր հանգամանք. պարտադիր կուտակայինի դեմ պայքարը վերածվեց ավելի լայն աշխատանքային իրավունքների պայքարի: Օրինակ` երկաթուղայինները կուտակային կենսաթոշակային վճարումների համար պահումներից բացի, բարձրացրեցին նաև արտաժամյա աշխատանքների համար վարձատրության և մի շարք այլ հարցեր: Օպերայի արտիստների դեպքում էլ պարտադիր կուտակայինն ընդամենը վերջին կաթիլն էր, որ լցրեց աշխատանքային մի շարք խնդիրներից տարիներ շարունակ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը: Ինչպես արտիստներից մեկը նշեց. «Կենսաթոշակայինն այդ խնդիրների շատ փոքր մասն է»:
Իսկ որո՞նք են մյուս խնդիրները: Մեր տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարվանից: Բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին, և աշխատակիցները հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն:

Լրագրողների հետ ճեպազրույցում ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իսկապես հունվարի 1-ից 20 տոկոսով աշխատավարձերը բարձրացրել են, բայց դեռևս չեն հասել աշխատողներին, քանի որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուց հետո աշխատակիցները հունվարի աշխատավարձերի բարձրացված մասը կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ խնդիրները սրանով չեն ավարտվում: Կան նաև այլ խնդիրներ, օրինակ` արտերկիր հյուրախաղերի մեկնելու նպատակով հատկացվող գումարներից պահումները և այլն:

Արտիստները շատ փակագծեր չեն բացում` կրկնելով, որ իրենց խոհանոցային հարցերն առայժմ չեն ուզում դարձնել հանրության քննարկման առարկա: Բայց այն, որ դրանց մասին բարձրաձայնվում է գոնե ղեկավարության մակարդակով, արդեն իսկ ողջունելի է:

IMG_3148-1024x768Բողոքի երրորդ ալիքը պայթեց չորեքշաբթի օրը` Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց, որտեղ մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ` ղեկավարությունից պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

arm139222706422Հինգշաբթի օրը բողոքին միացան Հայաստանի Էլեկտրական ցանցերի-ի աշխատակիցները` կրկին պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

Նշենք, որ բողոքի բոլոր ակցիաներին ակտիվորեն սատարում էին «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, որոնք ողջունում էին նրանց քայլը և հորդորում մինչև վերջ տեր կանգնել իրենց իրավունքներին:
Ակտիվիստների կոչն ուղղված էր նաև գործատուներին` լսե՛լ աշխատակիցների ձայնը, գնալ նրանց ընդառաջ, որովհետև միայն բավարարված և գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը:

Իսկ ի վերջո, որտե՞ղ են աշխատողներից գանձված գումարները: Այս հարցին և՛ երկաթուղայինների արհիմության նախագահը, և՛ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարը, և ՀԷՑ-ի լրատվական բաժնի ղեկավարը պատասխանեցին, որ դրանք չեն փոխանցվել կենսաթոշակային հիմնադրամներին, այլ պահվում են աշխատավայրում կամ հատուկ հաշվեհամարի վրա: Այս ապօրինությունը նրանք բացատրեցին աշխատողներին հետագա ավելի ծանր բեռից ազատելու «մարդասիրական» մոտեցմամբ:

Ոչ միայն զարմանալի, այլև անընդունելի է, որ գործատուները տեղյակ չեն, թե իրականում ինչ որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործատուների չիմացությունն է՛լ ավելի խորացրեց Կենտրոնական բանկը, որն իր վրա Սահմանադրական դատարանի լիազորություններ վերցնելով` հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` կուտակային բաղադրիչի մասնակիցների` կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

ԿԲ-ն հորդորեց «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները թերևս ավելի ծանր լինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

Այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկեց, որ Կենտրոնական բանկը, մեղմ ասած, գերազանցել է իր լիազորությունները. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքներին, այլև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել, որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ` նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք, եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»,- ասել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Այսքանից հետո մնում է գործատուներին հիշեցնել մի շատ կարևոր պարտավորություն, որը չկատարելու դեպքում օրենքով ենթարկվում են տուգանքի. եթե գործատուն աշխատողի աշխատավարձը կամ դրա մի մասը ամսի 15-ից ուշ է վճարում, ապա չվճարված մասի 25 տոկոսի չափով տուգանք պետք է վճարի պետությանը: Սա արդեն որևէ կապ չունի այն բանի հետ, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը: Հետաքրքիր է` գործատուները հաշվի առե՞լ են այս հանգամանքը և պատրա՞ստ են արդյոք այդ երեք ամսվա պահումների դիմաց այդքան տուգանքներ վճարել հարկայինին:

arm138727273231Ակնհայտ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային «բարեփոխումները» լուրջ սեպ են խրում պետություն-գործատու-աշխատող առանց այդ էլ լարված հարաբերություններում` սպառնալով վերջնականապես պառակտել: Այս ամենը նաև հույս է ներշնչում, որ Սահմանադրական դատարանը կգիտակցի իր դերը և կկայացնի սահմանադրական որոշում` հակասահմանադրական համարելով օրենքի պարտադիր բաղադրիչը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Կիտրոնե բատոններ

բատոնՍա իսկական վայելք է հատկապես նրանց համար, ովքեր որոշել են նիհարել` չզրկվելով համեղ դեսերտից: Այս բատոնները նաև օգտակար են, վիտամիններով հարուստ:
Բաղադրությունը
100 գ ծիրանաչիր
կես կիտրոն
3 ճ. գդալ մեղր
40 գ ընկույզ
40 գ նուշ
վարսակափաթիլ մեկուկես բաժակ
Պատրաստման եղանակը
1.Կիտրոնը լվանալ ու կեղևով կտրատել, հանել կորիզները ու մանրացնել (կարելի է` բլենդերում):
2.ծիրանաչիրը պետք է փափուկ լինի: Եթե չոր է, ապա կարելի է եռման ջրով թրջել, ապա կիտրոնի նման մանրացնել,
3.ընկույզը` նույնպես:
4.Ծիրանաչիրը, կիտրոնը, մեղրը, ընկույզն ու վարսակափաթիլը խառնել իրար:
5.Ստացված զանգվածը լցնել տապակի վրա 1 սմ հաստությամբ ու սեղմել:
6.Դնել 2000 տաքացված ջեռոցը 15-20 րոպե: Հետևել, որ չվառվի:
7.Հանել ու լցնել փայլաթիթեղի վրա և փաթաթել պինդ սեղմած:
8 Դնել սառնարանը մինչև լավ սառչի` մոտ 3-4 ժամ, ապա հանել ու դրանից բատոններ ձևավորել:

Սուրբ Սարգիս

սուրբ սարգիսՍա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ (այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին): Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել,  ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:

Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:

Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Գևորգը հայերի ամենասիրած սրբերն են: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:

361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն  հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:

Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:

Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:

Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել  V դարում:

Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:

Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:

Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:

 Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Որո՞նք են ՀՀ արտաքին գործերի նախարարության գործառույթները

ԱգնՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1245-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը, որի 2-րդ բաժինը վերաբերում է նախարարության գործառույթներին: Ըստ Կանոնադրության 8-րդ կետի` Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները, որոնցից կթվարկենք մի մասը`

  • Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը,
  • Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը,
  • միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը,
  • «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը,
  • Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը,
  • Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը,
  • Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը,
  • միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը,
  • Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը,
  • Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
  • հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի,
  • դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը,
  • Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում` դրանք կազմակերպելը:

 

 

Պատրաստեց`  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Սուրբ Սարգսի տոնի կերակուրների բաղադրատոմսեր

Աղի բլիթ

1 բ. ալյուր

1 ճ. գ. աղ

ջուր

Հունցել աղի խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:

Փոխինձի գնդիկներ

1 բ. փոխինձ

1/2 բ. դոշաբ (կամ մուրաբայի հյութ)

50 գ կարագ

Փոխինձը և դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:

բաղարջԲաղարջ

Առանց թթխմորի և աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ  դրամ կամ  պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:

Խաշիլ

1 բ. փոխինձ

1 ճ. գ. յուղ

1 բ. թան

աղ

Ջուրը եռացնել, ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին ավելացնել յուղ և թան:

Խավիծ

Ջուրը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ մատուցել տաք վիճակում:

Կլոնդակ

Փոխինձը շաղել յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:

Թթվասերով հալվա

1/2 բ. թթվասեր

1 բ. ալյուր

1/2 բ. շաքարավազ

դարչին

Սարի թարմ թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ, հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:

Հալվա

3 բ. ալյուր

1 բ. շաքարավազ

2 ճ.գ. յուղ

1/2 բ.  տահին

1/2բ. գետնանուշ

1 թ.գ. դարչին

Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել:  Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:

Ֆրիտյոֆ Նանսեն

նանսեն«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»

Ֆրիտյոֆ Նանսեն

Հայ ժողովուրդն իր ցավի, տառապանքի ճանապարհին շատ սրտակից բարեկամներ է ձեռք բերել: Նրանցից է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, ճանապարհորդ և հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը:

Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է 1861 թ. հոկտեմբերի 10-ին, Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոն փոքրիկ քաղաքում` փաստաբանի ընտանիքում:

Մանկության և պատանեկության տարիներին հրապուրվել է սպորտով` լող, չմշկավազք, դահուկային սպորտ: Ապա իր հնարավորությունները փորձել է նկարչության ասպարեզում: Սակայն Նանսենի իրական ձգտումը ճամփորդությունն էր:

Միանգամայն պատահաբար 19-ամյա Նանսենը մասնակցում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հինգ ամիս տևած դժվարին ճանապարհորդությանը: Սա թերևս վճռեց նրա ճակատագիրը, և ծնվեց ապագա բևեռախույզը: Նանսենը ճամփորդության ավարտից հետո ընդունվում է Քրիստիանա համալսարանն ու տրվում գիտական հետազոտություններին, որտեղ էլ 1897 թ. ստանում է կենդանաբանության պրոֆեսորի կոչում: Ուսումնառությունից հետո նա որպես կենդանաբան աշխատանքի է անցնում Բերգենի կենդանաբանական այգում:

Սակայն շատ չանցած` թողնում է պաշտոնն ու դարձյալ տրվում գիտական հետազոտությունների Պարմայի համալսարանում, որտեղ աշխատել է անվանի պրոֆեսոր Գոլջիի մոտ, Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական այգում: Այդտեղ աշխատելու տարիներին էլ` 1886 թ., Նորվեգիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվում է ոսկե մեդալով:

Նանսենի երազանքն էր Գրենլանդիա կղզու մանրամասն ուսումնասիրումը: Նա կազմակերպում է փոքրիկ` հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր` արևելքից արևմուտք:

Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին: Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ`  դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ:

Ավարտելով նախադեպը չունեցող արշավանքը` Նանսենը դրա արդյունքները ամփոփեց մի քանի գրքում:

Շատ չանցած` 1890 թ. նա իր իսկ կառուցած «Ֆրամ» նավով հասավ Հյուսիսային բևեռ, որի համար դարձավ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ:

Արշավանքից անմիջապես հետո նա գտավ իր մեծ սիրուն` Եվա Սարսին` անվանի գիտնական Միքայել Սարսի դստերը և ամուսնացավ: Եվան մասնագիտությամբ երաժշտագետ էր և դաշնամուրի մասնավոր դասեր էր տալիս: 1893 թ. ծնվում է նրանց առաջնեկը` դուստրը, որին Լիվ անունն են տալիս: Հետագայում Նանսենը Եվայի և Լիվի պատվին Ֆրանս Իոսիֆի արշիպելագում կղզի անվանակոչեց:

Նանսենը և Եվան հինգ երեխա ունեցան: Բայց նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց: 1907 թ., երբ Նանսենը Լոնդոնում Նորվեգիայի թագավորության դեսպանի պաշտոնն էր վարում, Եվա Նանսենը մահացավ հիվանդությունից:

Սակայն գիտությունը չէր Նանսենի մղումը: Չթողնելով գիտական ուսումնասիրությունները` նա անցավ դիվանագիտական ծառայության:

1905 թ. Նորվեգիան անկախացավ Շվեդիայի թագավորությունից: Նանսենը Նորվեգիայի անկախության համար պայքարի առաջամարտիկներից էր, և մի քանի հանձնարարականներ կատարելուց հետո, Նորվեգիայի կառավարությունը նրան վստահեց Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպանի պաշտոնը, որը նա զբաղեցրեց 1906-1908 թթ.:

Անգլիայից Նանսենը վերադառնում է հայրենիք և դարձյալ զբաղվում գիտությամբ` մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Աշխարհավեր այս պատերազմում մեծ հումանիստը կեղեքվող ժողովուրդների կողքին էր: 1918 թ. նա ստանձնեց ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպանի պարտականությունները:

Ապագա մեծ հումանիստը, որպես դիվանագետ, Նորվեգիայի կառավարության կողմից նշանակվում է Ազգերի լիգայի ներկայացուցիչ: Սկզբնական շրջանում` 1920-1922 թթ. նա աշխատում էր Ռուսաստանում, որտեղ էլ հղացավ Նանսենյան էմիգրանտների անձնագրի գաղափարը: Նա Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատարն էր: Ռուսաստանում աշխատելու տարիներին էլ` 1921 թ., նա Միջազգային Կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության հանձնաժողովը»:

1922 թ. Ֆրիտյոֆ Նանսենը Ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: Հենց այս պաշտոնում էլ նա իրականացնում է իր առաքելությունը Հայաստան և անգնահատելի նպաստ բերում ցեղասպանությունից մազապուրծ հայ բնակչության գոյատևման գործին:

Նանսենի խաղաղասիրական, մարդասիրական առաքելությունը աննկատ չի մնում և նույն 1922 թ. նա արժանանում է Նոբելյան մրցանակի` անօգնական մարդկանց օժանդակելու ջանքերի համար: 1938 թ. նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի, «Նանսենյան անձնագրերի» ստեղծման համար:

1925 թ. Նանսենը Ազգերի լիգայի հանձնարարությամբ ուսումնասիրում է հայ փախստականների իրավիճակն ու կազմում հանձնաժողով` նրանց կարիքները հոգալու համար: Այցելելով Հայաստան` նա ոչ միայն զբաղվում է փախստականների խնդիրներով, այլև փորձում է որոշ սոցիալական խնդիրներ լուծել երկրում, մասնավորապես ուսումնասիրում է Հայաստանի շրջաններում արհեստական ոռոգման ցանցի ստեղծման հնարավորությունները: Նա մասնակցել է Շիրակի ջրանցքի բացման արարողությանը:

Նանսենին փառավոր ընդունելություն ցույց տվեցին Հայաստանում: Նրան Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհեցին: Եղավ Հայաստանի տեսարժան վայրերում, այցելեց Մարտիրոս Սարյանին, որը նկարեց մեծ մարդասերի դիմանկարը:

Նանսենը շատ է ջանք թափում, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ փախստականները հավաքվեն Խորհրդային Հայաստանում: Նրա ջանքերը մասամբ են հաջողություն ունենում  խորհրդային վարչակարգի պայմաններում և Ազգերի լիգայի անգործության հետևանքով:

Հայ ժողովրդի ցավին ծանոթանալով որպես Ազգերի լիգայի հանձնակատար` նա ընդմիշտ մնաց հայերի բարեկամը: «Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը` առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը, հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան, հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ»։ «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»։

1928 թ. նա մասնավոր այցով մեկնում է ԱՄՆ, ուր վճարովի դասախոսություններ  կարդում և ողջ հասույթը տրամադրում հայ ժողովրդի խնդիրների լուծմանը, որի արդյունքում շուրջ 7000 գաղթական հայրենադարձվեց Հայաստան:

Նա հրատարակեց  բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ` նվիրված Հայաստանին: 1927 թ. նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդը»:

Կյանքի մայրամուտին Ֆրիտյոֆ Նանսենը նորից գիտությամբ է զբաղվում: Նա նախապատրաստեց երկրորդ` համեմատաբար ավելի մեծ արշավախմբի այցելությունը Արկտիկա, սակայն այդ իղձը իրականություն դարձավ միայն բևեռախույզի մահից հետո:

Մեծ հումանիստը մահացավ 1930 թ. մայիսի 13-ին, Լյուսակերում` իր տան պատշգամբում, թոռնուհու հետ խաղալիս:

Նրա մահից 8 տարի անց Նորվեգիայի Լիլիհամեր քաղաքում բացվեց Նանսենյան ակադեմիան:

«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են», – ահա մեծ մարդասերի կյանքի հավատամքը:

 

 

Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

ծիծեռնակաբերդՈրքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:

Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են… բայց պետք է անել: Այն ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով… Ճանաչելով պատմական իրադարձությունները դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»:

Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…

Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերից, նրա ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության կողմից հրատապ էր: Սակայն, ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:

Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից այն կողմ, պետք է, արդարություն պահանջեն օսմանյան թուրք առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայկական ունեցվածքներն ու բռնագրավված հողերը:

Ձգտելով դեպի արդար հատուցում, հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, գիտակցել տալու Թուրքիայի ղեկավարներին, որ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս երկարատև անարդարության համար: Քանի որ առկա են զգալի անհամաչափություններ երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն իրենց առաջարկեն այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական լիակատար արդարության հասնելու համար:

Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է նույնիսկ նրա առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ նաև կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում, Հայոց ցեղասպանության հետ առերեսման գալու շարունակական մերժումը կերկարաձգի թուրք ժողովրդի անբաղձալի իրավիճակը՝ մշտապես նրանց հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստանալով ողջ աշխարհի առաջ որպես ցեղասպանության ժխտողներ:

Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախությունն ունենան լուծել իրենց հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կորուստների երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք, հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:

 

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Ուխտավորները լուռ են գնում վանք, հավատով, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը

խորանաշատՏասը խորան ունենալու համար վանքը Խորանաշատ են կոչել: Միջնադարյան հզոր հոգևոր կենտրոնի մասին Չինարիում անցյալով չեն սիրում խոսել: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` մինչև ատամները զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում:

Խորանաշատից վերջին ու թարմ  լուրերը չինարեցի երիտասարդ Արմեն Պետրոսյանն է սովորաբար գյուղ բերում: Հայրենի բնությունը Արմենին իմաստնացրել է, ամրացրել հայրենի Չինարին պաշտպանելու նրա մղումը: Նա պատմում է, որ վերջին անգամ Խորանաշատ է բարձրացել մի քանի օր առաջ` հունվարի 28-ին, երբ Հայաստանը նշում էր բանակի տարեդարձը: «Ընկերներով առիթ ենք փնտրում, որ վանք գնանք: Ծնունդ լինի թե այլ առիթ, վախ չկա: Եթե ստացվում է` մեքենայով, եթե չէ` ոտքով, դե մեր գյուղից մեկ կիլոմետր է մինչև Խորանաշատ, գնում ենք: Մի քիչ ռիսկային է սրբատեղի տանող հիմնական ճանապարհը, բայց եթե մառախուղ է, հակառակորդի համար տեսադաշտը` փակ, այդ ճանապարհով ենք գնում, եթե չէ, անտառամիջով»,- ասում է Արմենը` ավելացնելով, որ գյուղ այցելած հյուրերին մեծ սիրով Խորանաշատ է ուղեկցում:

Վանքի զորությանը Չինարիում անվերապահորեն հավատում են: 1994 թ. մարտի 28-ին հակառակորդը կրակ բացեց Խորանաշատի ուղղությամբ, կռիվը բարձունքի` Տանձուտի գրավման համար էր: Չինարեցի Սեյրան Պետրոսյանը հենց այստեղ վիրավորվեց` վանքի մոտ: Այն ժամանակ նա 33 տարեկան էր, կորցրեց ոտքը: «Երևի վանքը պահեց, որ փրկվեցի»,- տարիների հեռվից ասում է Սեյրանը, որ ի հեճուկս հակառակորդի` ընտանիքը մեծացրեց. երեխաներ, թոռներ:

1624259_695075363848389_1881792128_nՀին հայկական վանքը գերեվարած հակառակորդի դեմ հիմա պայքարում են` ապրելով 7 հոգանոց ընտանիքով, հենց վանքի տակ:  Հունվարի 28-ը Արմենի հետ միասին Խորանաշատում է նշել նաև Սեյրան Պետրոսյանի որդին: Սահմանապահ ընտանիքը հակառակորդի մասին չի էլ հիշում, երբ խոսքը հայրենի Չինարիում մնալուն է վերաբերում, միայն թե ջահելների համար գործ լինի: Ամիսը 2-3 անգամ Խորանաշատ ուխտի գնալը գյուղի ղեկավարի համար պարտադիր է:

Ամեն տարի մայիսին Խորանաշատում հայրենասեր չինարեցիները շաբաթօրյակ են հայտարարում: 15-20 հոգով, ձեռքներին սղոց, գերանդի, եղան, գնում մաքրում, բարեկարգում են սրբավայրն ու նրա տարածքը: «Իհարկե, մեզ շատ են օգնում զինվորական հերթապահություն իրականացնող մեր տղաները:  Անցած տարի ցեմենտ, ավազ էինք հետներս տարել, որոշ հատվածներ ամրացրինք, ընկած քարերը տեղը դրեցինք, մոշի, մասրենու ճյուղերը կտրեցինք, 30 զինվոր էլ մեզ հետ` մաքրեցինք վանքը, տարածքը»,- ասում է Սամվել Սաղոյանը` հավելելով, որ սառնորակ ջուրը 1962-ին վանքի մոտ է հասցրել իր պապը:

Աղբյուրի մոտ հետագայում Սամվել Սաղոյանը ծածկ է ավելացրել, որ ուխտավորները նստելու, մատաղի հնարավորություն ունենան: Չինարիի գյուղապետը հիշում է, որ Խորանաշատում մինչև կռվի տարիները, հատկապես` մայիսի 1-ին  ու  9-ին, մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում: Ներկա էին լինում Շամշադինի բոլոր գյուղերի բնակիչները, նաև տարածաշրջանից, Ադրբեջանից` Ալիբեյլիից, Աղդամից ու Ջիրդախանից էին հյուրեր գալիս: «Ես հազար ասեմ, դու երկու հազար ասա, ամբողջ ժողովուրդը հավաքվում էր վանքի մոտ, Խորանաշատում հոգևոր վերազարթոնք էր: Զուռնա-դհոլով ազգային կոխի մրցումներ էին կազմակերպվում, փահլևաններ էին գալիս, երգ, պար, այդպես էինք նշում Աշխատավորության միջազգային օրն ու Մեծ հայրենականի փառավոր հաղթանակի տոնը»,- հիշում է Սամվել Սաղոյանը:

1654988_695074993848426_2124185172_nՏոնախմբության ձայները հիմա չկան, ուխտավորները լուռ են գնում վանք, մոմ վառում, աղոթք անում: Միջնադարյան վանական համալիրը հատկապես առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների աղոթատեղին է, նրանք այնտեղ սրբապատկերներ են տարել, հաճախ են մտնում, վառում խաղաղության հանգած մոմերն ու դուրս գալիս` նվիրական պարտքը կատարելու:

Տեր Արամ քահանա Միրզոյանին հոգևոր կրթության, իսկ հետո ծառայության է մղել հայրենի գյուղի դարերին դիմակայած հոյակերտ սրբատեղին: Իր երազանքներից մեկն էր, որ գյուղի ու տարածաշրջանի ծնունդ-կնունքները, պսակները, եկեղեցական տոները անցկացնի Խորանաշատում, որն այսօր գերեվարված է հակառակորդի կողմից: «Առանց Խորանաշատի հնարավոր չէ պատկերացնել հայ միջնադարյան պատմագիտական միտքը: Խորանաշատը գրչության կենտրոն էր, վանքն ունեցել է ժամանակի չափանիշներով գործող համալսարան, հիմնադիրը Մխիթար Գոշի աշակերտներից է` Վանական Վարդապետը: Խորանաշատում ուսանել են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մաղաքիա Աբեղան, Ատեփանոս Աղթամարցին, շատ այլ նշանավոր դեմքեր»:

Խորանաշատի պատմական նշանակությունն ընդգծելիս Տեր Արամը շարունակում է, որ երբ Հռոմի պապը նամակ է ուղարկում հայոց կաթողիկոսին (որի ժամանակ կաթողիկոսության նստավայրը Սիս քաղաքն էր), հայերի դավանանքի փոփոխության վերաբերյալ, որ հայերը կաթոլիկություն ընդունեն, հայոց կաթողիկոսը Խորանաշատի առաջնորդին` Վանական Վարդապետին է հանձնարարում հայտնել հայերի ու կաթողիկոսության պաշտոնական դիրքորոշումը: Բացի այս հատկանշական պատմական փաստից, Խորանաշատը Մատենադարանին պահ է տվել մոտ 12 ձեռագիր մատյաններ, այդ թվում` ծաղկած ձեռագրեր:  Այս բացահայտումները տեղ են գտել  Տեր  Արամի ավարտաճառում: Տեր Արամն ուխտ էր արել, որ իր պսակադրությունը պետք է կատարվի հայրենի գյուղի սրբավայրում: «2006 թ. օգոստոսի 23-ին զինվորների ուղեկցությամբ գնացինք,  մեր հարսանեկան արարողության ավտոմեքենան հրամանատարի զինվորական վիլիսն էր, բարձրացանք Խորանաշատ, և կայացավ իմ պսակադրությունը: Իհարկե, ռիսկը շատ մեծ էր, և կարող էին մեզ արգելել, բայց երազանքս իրականացավ: Երբ արդեն վերադառնում էինք,  հրամանատարը` Թեմուր Շահմանզարյանը, ասաց, որ այսօր մենք հաղթեցինք թշնամուն»,- նշում է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվը:

1654496_695074820515110_413693256_nXIII դարի առաջին կեսին կառուցված պատմական այս կոթողն այժմ խոնարհված է: Տեր Արամը վստահ է, որ եթե չլինի անվտանգության հարցը, միջոցներ կհայթայթեն կիսավեր վանքը վերականգնելու համար: Խորանաշատի շուրջը կարկուտի պես ռումբեր են պայթել ու շարունակում են պայթել, սակայն Աստծո պահպանությամբ Խորանաշատն անվնաս է մնում…

Վիքիպեդիայի «Հիմնական տեղեկություններ» բաժնում Խորանաշատի կարգավիճակի մասին գրված է` չգործող: Այս ցավալի իրականությունը փորձում են փոխել չինարեցիները` ռիսկի դիմելով, բայց հասնելով Խորանաշատ, պատարագ չլսելով, բայց մոմ վառելով, լուռ, բայց կիսավեր գմբեթից առ Աստված աղոթք բարձրացնելով:

Հավատավոր գյուղացիները վստահ են` քանի կանգուն է Սուրբ Խորանաշատը` կանգուն կլինի նաև Չինարին: Բնությանը ձուլված վանքի փրկության,  սրբավայրի հոգևոր զարթոնքին սպասող չինարեցիները հավատում են, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը…

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ

Հարվարդ, Փրինսթոն, Եյլ կամ Իսրայելի բանակ

կին զինծառայողՄինչ աշխարհի տարբեր երկրներում երեխայի հասունացման հետ ծառանում է ինչ քոլեջ գնալ սովորելու հարցը, իսրայելցիները ծանրութեթև են անում տարբեր զինվորական ստորաբաժանումների առավելությունները: Ու մինչ աշխարհի տարբեր երկրների սովորողները մտածում են, թե  որ բուհն ընդունվեն ու ինչ կտա դա իրենց, իսրայելցիներից շատերն իրենց պատկերացնում են Իսրայելի պաշտպանության բանակի էլիտար ստորաբաժանումում ծառայելիս:

Սակայն մինչ Իսրայելի պաշտպանության բանակի էլիտար ստորաբաժանումում ծառայելը պատանի իսրայելցիների կյանքում 17 տարեկանից սկսվում է փորձաշրջանը: Ամեն տարի ավագդասարանցիների միջև «իրարանցում» է սկսվում. մեկին առաջարկվում է օդաչուական, մյուսներին` կոմանդոսական դասընթացների հաճախել, մի ուրիշին առաջարկվում է հետախուզության էլիտար  ստորաբաժանում գնալ: Մեկը կգնա ծառայելու «Մամրամ»` Իսրայելի պաշտպանության բանակի համակարգչային համակարգերի ստորաբաժանում, մյուսն էլ` «Տալպիոտ», որտեղ տեխնիկական ուսուցումը համատեղվում է  մյուս բոլոր ստորաբաժանումների գործառություններին մասնակցելու հմտությունների ուսուցման հետ:

Մինչ զորակոչի տարիքը բոլոր 17-ամյա տղաներն ու աղջիկները մեկ օրով  զորակոչային կետեր են կանչվում նախնական ընտրության նպատակով, որը ներառում է  ունակությունների, հոգեբանության, թեստերի անցկացում, բուժզննում: Օրվա վերջում կատարվում է  առողջության ու հոգեչափական կողմնորոշում:

Այն երիտասարդ թեկնածուներին, որոնց ֆիզիկական, հոգեկան ու անձնային տվյալները համապատասխանում են ներկայացվող պահանջներին, առաջարկվում է լրացուցիչ փորձություն անցնել, որ պարզվի էլիտար ստորաբաժանումներից մեկնումեկում ծառայելու համապատասխանությունը:

Օրինակ` օդադեսանտային բրիգադում ծառայելու համապատասխանությունը ստուգելու համար տարեկան 3 անգամ, երբեմն էլ` զորակոչից ամիսներ առաջ ստուգում-փորձություն են անցնում: Պատանի քաղաքացիականները երկու օր ֆիզիկական ու հոգեկան խիստ փորձությունների են ենթարկվում, ինչի արդյունքում նախնական խմբերից` մոտ 4 հազար հոգուց մնում է 400-ը: Ընտրության պրոցեսը 5-օրյա ինտենսիվ ստուգումներ են` բաղկացած 11 կրկնվող մարզումներից, որոնցից յուրաքանչյուրը մի քանի ժամ է տևում ու միշտ սահմանափակ, սուղ ժամանակում և աստիճանաբար  աճող ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությամբ: Ողջ այդ ընթացքում հանգստին հատկացվող ժամանակը շատ կարճ է, գործնականում ոչ ուտել ու ոչ էլ քնել է հաջողվում: Մասնակիցներն այդ 5 օրը նկարագրում են ինչպես երկարուձիգ լղոզված մի բիծ, որում անհասկանալի է` երբ է սկսվում օրն ու ավարտվում գիշերը: Չի կարելի ժամացույց ու բջջային հեռախոս ունենալ: Մասնագետները, որոնք անց են կացնում այդ պարապմունքը, աշխատում են, որ այն առավելագույնս ապակողմնորոշի մասնակիցներին: Մարզումների ավարտից հետո մասնակիցները կարգ են ստանում ցուցակում:

Յուրաքանչյուր ստորաբաժանման լավագույն 20 թեկնածուներն իսկույն սկսում են 20-ամսյա ուսուցումը, որից հետո նույն թիմով էլ պահեստային են դառնում ծառայության հետագա ողջ ընթացքում, այսինքն` մինչ 45  տարեկանը: Նրանց ստորաբաժանումը վերածվում է երկրորդ ընտանիքի:

Չնայած դժվար է ընդունվել Իսրայելի` Հարվարդին, Փրինսթոնին ու Եյլին համարժեք էլիտար համալսարաններ, սակայն Իսրայելում էլիտար ստորաբաժանումում ծառայելը ենթադրում է բազում պիտանի որակներ: Թե որ ստորաբաժանումում է ծառայել  դիմորդը, աշխատանք  որոնողը,  ինքնին  շատ բան է ասում պոտենցիալ գործատուին նրա  հմտությունների մասին: Իսրայելում մարդու ակադեմիական անցյալն այնքան կարևոր չէ,  որքան բանակային անցյալը:

Աշխատանքի ընդունելու ժամանակ յուրաքանչյուր դիմորդի տրվող  պարտադիր հարցերից մեկն էլ այս է. «Բանակում որտե՞ղ եք ծառայել»: Իսկ համացանցում ու աշխատանքի ընդունելության հայտարարություններում երբեմն հստակ նշվում է, որ հատկապես կուզենային 8200 ստորաբաժանումում ծառայածներին ընդունել: 8200 ստորաբաժանումում ծառայածներն  ազգային ընկերակցություն են, որի անդամները չեն հավաքվում հինն ու նորը հիշելու, այլ  հանդիպում են ապագայի նշանառության նպատակով: Այդ ստորաբաժանման անդամներն առաջին հերթին ձգտում են գործարար հարաբերություններ հարթել:

Իսրայելի ռազմա-օդային ուժերն և կոմանդոսների էլիտար ստորաբաժանումները հայտնի են իրենց  շարքերում զինվորներին ներգրավելու ընտրության  խստությամբ, ուսուցման ճկունությամբ ու խրթինությամբ:

Սակայն Իսրայելի պաշտպանության բանակում կա մի ստորաբաժանում, որտեղ ընտրության խստությունը և ուսուցման բազմակողմանիությունն ավելի բարձր մակարդակի վրա է հատկապես տեխնոլոգիական ինովացիաների ոլորտում: Այդ ստորաբաժանումը կոչվում է «Թալպիոտ»: Անվանումը բիբլիական «Երգ երգոցից» է,  որում խոսվում է ամրոցի աշտարակների մասին:  «Թալպիոտ» այլաբանական իմաստով  նշանակում է  ձեռքբերումների բարձր մակարդակ: Սա այն ստորաբաժանումն է, որի համար ընտրությունը շատ ավելի խիստ է, ու որտեղ ուսուցումը շատ ավելի երկար է տևում, քան Իսրայելի մեկ այլ ստորաբաժանումում. 41 ամիս, ինչն ավելի շատ է, քան  զինվորների մեծամասնության ընդհանուր ծառայության ժամկետը: Նա, ով անցնում է այդ ծրագիրը,  բանակում ազատ հիմունքներով կամավոր ծառայում է  ևս 6 տարի, իսկ նրանց ծառայության նվազագույն տևողությունը ընդհանուր առմամբ կազմում է 9 տարի:

Այս ծրագիրը Եվրոպական համալսարանի գիտնականներ Ֆելիքս Դոթանի ու Շաուլ Յացիվի երախայրիքն էր: 1973-ին արաբա-իսրայելական 4-րդ` Յոմ Կիպուրի (Ահեղ դատաստան) պատերազմում պարտությունից հետո նրանք հղացան այս գաղափարը: Երկիրը կրած կորուստներից երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Պատերազմը թանկ հիշեցում էր այն մասին, որ Իսրայելը փոքր չափեր ու քիչ բնակչություն ունի, ինչը   պետք է  փոխհատուցվի որակի ու տեխնոլոգիական գերազանցությամբ: Նրանք դիմեցին Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Ռաֆայել Էյթանին հասարակ գաղափարով. Իսրայելի տաղանդավոր երիտասարդների մի խումբ հավաքել ու նրանց տեխնիկական ինտենսիվ ուսուցում առաջարկել` լավագույնը, որ կարող էին տալ համալսարաններն ու զինվորականները:

Այդ ծրագիրն արդեն 30 տարի է` իրականացվում է:

Ամեն տարի լավագույն աշակերտների 2%-ին առաջարկվում է  թեստավորում անցնել: 10-ից մեկն է անցնում ֆիզիկա-մաթեմատիկական հիմունքների վրա կազմված փորձությունը: Նրանք հետագայում նաև  անհատականության և ունակությունների երկօրյա թեստավորում են անցնում:

Հետագայում այս սաները, որոնք արդեն «Թալպիոտի» կադետներ են դառնում, մաթեմատիկայի, ֆիզիկայի արագացված դասընթացներ են անցնում, հետն էլ ծանոթանում Իսրայելի բանակի բոլոր զորքերի տեխնոլոգիական պահանջներին:

Նրանց ակադեմիական ուսուցման մակարդակը գերազանցում է   համալսարանական ուսանողի գիտելիքները: Նրանք կարճ ժամանակում շատ ավելի բան են սովորում. ծովային դեսանտների հիմնական  կուրսն են անցնում: Նպատակը նրանց բոլոր զորատեսակների մասին ընդհանուր պատկերացում տալն է, որ հասկանան թե՛  տեխնոլոգիան, թե՛ զինվորների պահանջմունքը, հատկապես` կապը նրանց միջև:

Նման լայն տիրույթի գիտելիքները տվյալ դասընթացի վերջնանպատակը չեն: Ավելի ճիշտ` կ «որոշակի առաքելության»  առաջնորդներ ու «խնդիրներ լուծողներ» պատրաստելն է:

Նրանց առաջադրանք առաջադրանքի ետևից են տալիս: Դրանցից շատերը մասշտաբային են, ասենք` համաժողովի կազմակերպումը հասակակից կադետների համար` բոլոր նախապատրաստություններով ու համաձայնությունների ձեռքբերմամբ: Կան առաջադրանքներ էլ, որ շատ բարդ են, ասենք` հեռահաղորդակցային ցանց ներխուժելն ու իրական ահաբեկչական բջիջը հայտնաբերելը:

Կամ  էլ, ասենք, խնդիր է  առաջարկվում. լուծել թռիչքի տատանումներից օդաչուների թիկունքի ցավի առաջացման պատճառը: Սկզբում կադետները որոշեցին, թե ինչպես կարող են չափել ողնաշարի վրա  տատանողական շարժումների ազդեցությունը: Դրա համար ստեղծեցին փորձասենյակ` ուղղաթիռի աթոռի ու տատանողական շարժումների նույնական պայմաններով: Հետազոտությունների արդյունքում մշակեցին  օդաչուի բազկաթոռի նոր մոդել:

Ի դեպ, եթե կադետները առաջին 2-3 տարում դիմանում են ուսուցման ծանրությանը, ապա դառնում են «թալպիոններ». տիտղոսը հավասարաչափ հեղինակավոր է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական կյանքում:

Ամենասկզբում «Թալպիոտ» ծրագիրը խիստ քննադատության ենթարկվեց: Ծրագիրը նպատակաուղղված է բանակի բարձրտեխնոլոգիական մակարդակ ունենալուն:

«Թալպիոտը» զինծառայողների շրջանում համարվում  է ամենաէլիտար ստորաբաժանումը:

18 տարեկան իսրայելացիները գնում են բանակ ծառայելու առվազն 2-3 տարի: Դրանից հետո, եթե  չեն շարունակում ծառայությունը, ապա գնում են սովորելու համալսարանում: Իսրայելում ծառայությունից հետո բուհ գնացողների թիվը հսկայական է աշխարհի մյուս երկրների համեմատ:

Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության տվյալների համաձայն` իսրայելցիների 45%-ը  համալսարանական կրթություն ունի, ինչը բարձր ցուցանիշ է համարվում:

Մինչև ուսանողներն ավարտում են քոլեջը, 25 տարեկան են դառնում, ունենում են գիտական աստիճաններ, երբեմն էլ` ընտանիք, ինչը փոխում է  մարդու հոգեկան ունակությունները: Նրանք ավելի հասուն մարդիկ են և կենսափորձ ունեն: Փոխվում է  կյանքի նկատմամբ վերաբերմունքը:

Զինվորական ծառայության ժամանակ հայտնվում են մի միջավայրում, ուր պետք է որոշումներ ընդունել հընթացս: Վճիռներ կայացնել, որոնցից կյանքի  ու մահվան հարցեր են կախված: Կարգուկանոն, ուղեղը մարզել, տարբեր հմտություններ են սովորում, որոնք անհրաժեշտ են  հատկապես, երբ  ճակատում մասնակցում են ինչ-որ գործողությունների: Ու օգուտ է բերում նաև գործարար աշխարհում:

Զինվորական ծառայությունը երիտասարդ տարիներից սովորեցնում է` եթե քեզ ինչ-որ բան է հանձնարարվել, ապա պատասխանատվություն ես կրում ամեն ինչի համար, ինչ պատահում  ու չի պատահում: Զինվորական կուլտուրայում բացակայում է` «դա իմ մեղքը չէ» արտահայտությունը:  Զինվորական ծառայությունը դժվարին պայմաններում ամեն ինչի մասին 3-4 քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս, լինի դա մարտի դաշտ, թե բիզնես:

Ծառայության ժամանակ թիմայնություն է զարգանում, շատերը ծառայությունից հետո դառնում են գործընկերներ:

Իսրայելում զինվորական կենսագրությունը շատ կարևոր տեղեկություն է տալիս գործատուներին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ ասել է սպա կամ էլ էլիտար ստորաբաժանումում ծառայությունը:

«Խելացի մարդկանց ազգը» գրքից

Անկախ

Արդիականացված գազալցակայնաններ Որքանո՞վ են ճշգրիտ աշխատում բաշխիչ աշտարակները

գազալցակայանԳազի լիցքավորման ոլորտում կարծես տնտեսվարողների հաճախակի խախտումները կանոնակարգվել են: Դեռևս տարիներ առաջ պետությունը որոշում էր կայացրել բարեփոխել նաև այս ոլորտը և տնտեսվարողներին օրինական դաշտ բերելուն զուգահեռ պահանջել պատճաշ գործունեություն: Այսինքն` ՀՀ  կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում, որպես պարտադիր պահանջ, տեղադրել բաշխիչ աշտարակներ: Այսինքն` հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ` ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները:

Սակայն օրենքի պարտադիր պահանջը ժամանակավորապես հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, չծանրացնելու համար տնտեսվարողների բեռը:  Օրենքի կիրառումը վերսկսվեց  միայն 2011 թ.,  բայց մասամբ, որովհետև տնտեսվարող սուբյկետները հրաժարվեցին կատարել օրենքի պարտադիր պահանջը: Բնականաբար, տուգանքեր եղան, և շատ տնտեսվարողներ կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ վերսկսեցին այն աշտարակները տեղադրելուց հետո:

Ի՞նչ իրավիճակ է այսօր: Նախ` գազալցակայաններից օգտվողների թիվն անհամեմատ մեծացել է, տրանսպորտային միջոցներից շատերն այսօր շահագործվում են հենց հեղուկ գազով: Ուստի ոլորտում արձանագրվող խախտումները դարձել էին ակներև, սպառողը հստակ չեր կարողանում տեսնել լիցքավորվող գազի քանակը, բացի այդ. 500 դրամ թեյավճար էր մուծում յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ: Հաճախակի էին խախտումներ արձանագրվում: Մի խոսքով, գազալիցքավորման գործընթացը պայթյունավտանգ էր:

Պետությունը, փորձելով աջակցել սպառողներին, պարտադրեց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տեղադրել այդ բաշխիչ աշտարակները: Ինչքանո՞վ է դա թեթևացնում տնտեսվարողների և  սպառողների բեռը: Դրանց տեղադրումն ունի մի քանի առավելություններ և բացի անվտանգության երաշխիքից,  որոշում է նաև լիցքավորվող գազի ճնշումը, քանակն ու գանձվող գումարը: Այս  ամենը յուրաքանաչյուր սպառող կարող է ցուցանակի վրա տեսնել: Իսկ ավելի լիցքավորվելու դեպքում, եթե նախկինում կարող էր պայթյուն լինել, այս պարագայում ազդանշան է միանում և կանխում գերլիցքավորվելու վտանգը: Նշենք, որ բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս ճշտելու հեղուկ գազի մթնոլորտային ճնշումը և լիցքավորվող գազի քանակությունը: Այս պարագայում բացակայում է յուրաքանչյուր սպառողից գանձվող 500 դրամ թեյավճարը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2008-ին, երբ ընդունվեց այդ որոշումը, հանրապետությունում գործում էր այդ բիզնեսով զբաղվող 315 կազմակերպություն: Այնուհետև բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ, բաշխիչ աշտարակներ չտեղադրած բոլոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չունի տեղադրված բաշխիչ աշտարակ, գազալիցքավորելիս, ինչպես արդեն նշեցինք, սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան: Տվյալ բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարի պարտադիր մուծումը վերանում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել. այն ավտոմատ անջատվում է:

Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի շնորհիվ այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը` միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:

Ինչո՞ւ էր առ այսօր հետաձգվում դրանց տեղադրման գործընթաց: Նախ` դրանք պետք է ձեռք բերվեին տնտեսվարողի հաշվին, ինչը ոչ բոլորին էր ձեռնտու, բացի այդ, շատերի համար պարզապես շահեկան չէր բարեխիղճ և ազնիվ աշխատելը: Անցյալ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ ոլորտում գործող ընկերություններից միայն 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ, իսկ նախորդ տարվա ստուգումներից հետո դրանց թիվը հասել էր 178-ի:

Առաջին փուլում բոլոր կազմակերպություններին ուղարկվել են նամակներ կառավարության որոշման վերաբերյալ: Այն չկատարելու դեպքում տնտեսվարողները վճարել են վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ ոմանց գործունեությունն էլ դադարեցվել է: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երևանում գործող ընկերություններից շատերը  տեղադրեցին դրանք:  Ընդ որում, դաշտն ազատ է, և տնտեսվարողներն իրենք են ընտրել, թե որտեղից բաշխիչ աշտարակներ ձեռք բերեն: Որոշ ԱԳԼՃԿ-ներ դրանք ներկրել  են Չինաստանից, Վրաստանից և Եվրոպայից: Իսկ մեծ մասը նախընտրում է աշտարակները գնել Հայաստանում արտադրող երեք կազմակերպություններից:

Թե ինչքանով ճշգրիտ կաշխատեն դրանք, Լևոն Խալիկյանի համոզմամբ, կախված է ստուգաչափման գործընթացից: Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետները դրանք գործարկելուց առաջ, հենց տեղում իրականացնում են ստուգաչափման աշխատանքներ և տրված վկայականի հիման վրա թույլատրում դրանց շահագործումը:

Բաշխիչ աշտարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, և հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններն այժմ աշխատում են օրենքի պարտադիր պահանջը կիրառելով, սակայն հարցը կարծես թե  լիովին լուծված չէ: Քանի որ շատ վարորդներ դժգոհում են, որ թեպետ այլևս ստիպված չեն թեյավճարներ մուծել, գազալիցքավորման հարցում իրենց նկատմամբ օբյկետիվ չեն: Այսինքն` վճարածի դիմաց իրենց գազաբալոնները նվազ չափով են լիցքավորվում: Վերջերս մի ավտովարորդ Մալաթիա համայքնի գազալցակայանների աշխատակիցներից մեկին հայտնել էր իր դժգոհությունը, իսկ նրան առաջարկել են այդ հարցով անհանգստացնել միայն տնօրինությանը: Սակայն տնօրինությանը դիմելու հնարավորություն այդպես էլ չի ստեղծվել:  Փաստորեն, նույնիսկ բաշխիչ աշտարակների գոյությունը չի ապահովագրում անճշտություններից:

Լ.Ն

Անկախ

 

Ցավում է փո՞րը. իսկ ո՞ր մասը

փորացավՈ՞վ կյանքում փորացավ չի ունեցել: Չկա նման մեկը. որ գեթ մեկ անգամ կյանքում  փորացավ ունեցած չլինի: Երբեմն այն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորլուծով: Սակայն դա միշտ չէ, որ պետք է ընդունել որպես տագնապի ազդանշան, քանի որ փորացավ կարող է առաջանալ նաև շատ ուտելու հետևանքով: Որոշ մթերքներ հարուստ են ճարպերով, որոնք հանգեցնում են գազառաջացման, կամ լակտոզայի նկատմամբ անընկալությունը կարող է կաթնամթերքի օգտագործման պարագայում փորացավ առաջացնել: Սակայն այդ ցավը ժամանակավոր է ու ժամեր անց լրիվ կանցնի: Բայց կան լուրջ հիվանդություններ, որոնք փորացավով են արտահայտվում: Որովայնում են կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող օրգանները: Երբեմն այնպիսի տպավորություն է առաջանում, ասես ցավը թափառում է. մեկ վերևում է ցավում, մեկ իջնում է:

– Պորտի շուրջ ցավը կարող է հուշել աղիքների խանգարման կամ կույրաղիքի բորբոքման մասին: Վերջինս էլ կարող է բորբոքվել, ասենք, փորկապության դեպքում: Եթե համապատասխան բուժում կամ միջամտություն  չլինի, ապա կույրաղիքը կարող է պայթել, դրա հետևանքով պերիտոնիտ  կսկսվի, որը վտանգավոր  է կյանքի համար: Պորտից քիչ վերև ցավի մեղավորը ստամոքսի խոցն է, բարձր թթվայնությունը: Այդ հատվածում կայուն ցավերը խոսում են հաստ աղիքի, ենթաստամոքսագեղձի ու լեղապարկի  խնդիրների մասին: Պորտից ներքև ցավը, որ տարածվում է աջ ու ձախ, սովորաբար ուղիղ աղիքում խանգարումների, իսկ կանանց դեպքում` նաև միզասեռական համակարգի վարակների մասին է խոսում: Փորի վերին հատվածի ցավը հաստ աղիքի, ստամոքսի ու ենթաստամոքսագեղձի խանգարումների մասին է վկայում: Վերին աջ կողմի ուժեղ ցավը լեղապարկի բորբոքում է նշանակում: Այլ պատճառներից կարող են լինել պանկրեատիտն ու 12-մատնյա աղիքի խանգարումը:

Ստորին ձախ հատվածի ցավը սովորաբար ուղիղ աղիքի աշխատանքի հետ է կապված: Տարբեր կոլիտներ (խոցային, Կրոնի հիվանդություն, սպաստիկ) ցավային դրսևորումներ են ունենում հենց այս կողմում:

Ենթաստամոքսագեղձի հիվանդությունների դեպքում ցավը տարածվում է թիակների տակ: Որովայնի շրջանում ցավ կարող է առաջանալ նաև սուր ալերգիաների, թոքերի ու սրտի հիվանդությունների դեպքում:

Ցավը սովորաբար կարճատև է լինում,  բայց եթե այն կայուն է, կրկնվող, որը, աստված մի արասցե, ուղեկցվում է շնչարգելությամբ, արյունահոսությամբ, փսխումով, ապա անհապաղ դիմեք համապատասխան մասնագետի:

Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա

Շատերը քնում են ոչ թե մեջքի, այլ փորի վրա: Ինչու՞: Գուցե այդպես ավելի հարմար է: Ինչ որ մեկը սիրում է կողքի վրա քնել, մյուսները` թիկունքի, սակայն նրանք այնքան շատ չեն, որքան փորի վրա քնել սիրողները: Զարմանալի չէ, որ բժիշկները ուսումնասիրել են նաև հանգստի այս կերպը:

Ուրեմն, ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա: Պարզվում է` տղամարդկանց  ընդհանրապես չի կարելի այդ դիրքով քնել, պատճառաբանությունը պարզ է. մեծանում է իմպոտենցիայի ռիսկը: Դա կապված է այն պարզ տրամաբանության հետ, որ փորի վրա պառկած դիրքում շատ օրգաններ պարզապես ճզմվում են, այդ թվում` սեռական ու ներքին:

Կանայք նույնպես  տուժում են այդ դիրքով քնից, քանի որ ճնշվում է կուրծքը: Այլ տեսակետ էլ կա. ճզմվելու հետևանքով մեծանում է  կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Փորի վրա քնելու հետևանքով դեմքին կնճիռներ են առաջանում: Ի դեպ, ճապոնուհիները երբեք փորի վրա չեն քնում: Գուցե դրանից է, որ նրանք անգամ 45-50 տարեկանում էլ լավ տեսք են ունենում

Սակայն, երբեմն փորի վրա պառկել պարզապես անհրաժեշտ է. այդ դիրքը երբեմն նվազեցնում է փորացավը: Փոքրիկների փորիկի ցավը մեղմելու համար է, որ ծնողները քնեցնում են հենց այդ դիրքով:

4 փաստ կանանց փորի մասին

  1. Փորի վրա ծալքերը կարող են կանանց անվստահության  պատճառ դառնալ:
  2.  Օրական յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլը կարող է ժամանակի ընթացքում 6-17%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագիծը:
  3. Կանացի պորտն ու հարակից հատվածը ամենաէրոգենն են  իրանի վրա:
  4. Կնոջ համար փորն իրանի ամենախոցելի մասն է, դրա համար էլ վտանգի դեպքում նա բնազդաբար պաշտպանում է այն:
  5. Փորի կամ պորտապարն ամենասեքսուալ պարերի ցանկում է` տանգոյի, ֆլամենկոյի ու բաչատայի կողքին: Մյուս կողմից, այս պարի ժամանակ աշխատում են փորի, կոնքի, գոտկատեղի, թիկունքի, պարանոցի մկանները, դրա համար էլ, պորտապարով պարբերաբար զբաղվողների կեցվածքը հղկվում է, մկանները` մարզվում, ինչը շատ կարևոր հանգամանք է ծննդաբերության դեպքում: Պորտապարի  օգտակար գործողության գործակիցը այրված 300 կկալ/ժամ է:

 

Անկախ

Մերօրյա անեծք` Բոգոյի սպասարկած երթուղուց օգտվես

ավտոկայանԻնչո՞ւ է տրանսպորտի և կապի նախարարությունն աչք փակում խախտումների վրա

Եթե ուզում եք մեկին անիծել, պարզապես մաղթեք, որ միկրոավտոբուսով Երևանից Մարտունի գնա: Դա պատիժ է, որը մարդու թե՛ նյարդերը, թե՛ առողջությունն է քայքայում:

Մարտունեցի 21-ամյա Մարիամն ուսանող է, արդեն 5-րդ տարին է` ապրում է Երևանում: Ասում է, որ առաջին  կուրսում կարոտին չէր դիմանում ու ընտանիքին այցելության էր գնում ամեն երկու շաբաթը մեկ, սակայն երբ ձմեռը վրա հասավ` ստիպված հայրենի քաղաք այցելությունների պարբերականությունը կրճատեց. չդիմացավ Երևանից Մարտունի գնալու, ապա վերադառնալու ճանապարհի դժվարություններին: Հիմա 4-6 շաբաթը մեկ է Մարտունի գնում. «Երթուղայինի վատ աշխատելու պատճառով հարազատներիս շաբաթներով չեմ տեսնում: Ավտոկայանում ամռանը շոգին, ասֆալտի վրա, արևի տակ ենք դաղվելով երթուղայինին սպասում, ձմռանը` ձյան,  սառույցի վրա: Տարիների ընթացքում  ճարպկացել եմ` սովորել եմ կողքիններիս արմունկներով լավ հրել, որ կարողանամ տեղ զբաղեցնել միկրոավտոբուսում. առաջին կուրսում մինչ երկու քայլ էի անում դեպի միկրոավտոբուսը, մարդիկ, իրար հրելով,  բոլոր տեղերը զբաղեցնում էին»:

Հակոբն էլ, որ երեք տարվա ուսանող է, ասում է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է միկրոավտոբուսով Մարտունի գնացել:  «Ուրբաթ օրը կեսօրից հետո Մարտունի գնացող գազել չկա, կիրակի էլ առավոտյան 11-ից հետո Երևան եկող գազել չկա: Ո՞նց գնամ»,- ասում է նա` հավելելով, որ տաքսիով է գնում-գալիս. ճիշտ է` կրկնակի թանկ է, փոխարենը խնայում է առողջությունն ու ժամանակը:

Տողերիս հեղինակը Երևան-Մարտունի և Մարտունի-Երևան  միջքաղաքային երթուղուց օգտվելու տասը տարվա փորձ ունի: Ցավոք, պետք է փաստել, որ տարեցտարի  երթուղայինի աշխատանքի որակը վատանում է, չնայած այն երբեք էլ բավարար չի եղել:

Եթե նախկինում  հարկավոր էր Հյուսիսային ավտոկայանում լինել 18:30-19:00-ին վերջին երթուղայինով գնալու համար, ապա այժմ ժամը 17-ից հետո Մարտունի գնալն իրատեսական չէ: Նույնը և Մարտունուց Երևան հասնելուն է վերաբերում:

Եթե տարիներ առաջ վարորդները բավարարվում էին լրացուցիչ աթոռիկների վրա 2 ուղևոր նստեցնելով, ապա այժմ պարտադիր է 3-4 լրացուցիչ ուղևորի առկայությունը, այլապես մեքենան տեղից ժամերով  չի շարժվի (մի քանի օր առաջ եմ Մարտունուց Երևան հասել միկրոավտոբուսով, որը 19 ուղևոր էր փոխադրում , վարորդն էլ հետը` 20):

Գնալով ավելի ու ավելի է վատանում նաև միկրոավտոբուսների սանիտարական վիճակը. կեղտոտ  ու ջարդված նստարաններ, անգամ զզվելի է դրանց վրա նստելը, ջարդոտված հատակ, կեղտից խամրած ապակիներ ու ամեն կողմից անցքեր, որտեղից ձմռանը ցուրտը ներս է սողոսկում:

Տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` վարորդները շարունակում են ճանապարհին ռաբիս երգեր լսել ու անդադար ծխել:

Պակասել է նաև երթուղին սպասարկող միկրոավտոբուսների թիվը, կամ գուցե ուղևորահոսքերն են շատացել: Այժմ  առավոտյան առաջին միկրոավտոբուսին հասար` լավ, եթե ոչ, ապա ստիպված կլինես դրսում ժամերով սպասել, մինչև մի միկրոավտոբուս հայտնվի: Սակայն, եթե միկրոավտոբուսը կարող է 18-19 ուղևոր տանել, ապա այդ ժամերի ընթացքում դրսում առնվազն 30 մարդ է հավաքվում: Ու մշտապես քաշքշուկից ու լեզվակռվից (երբեմն ոչ միայն) հետո 8-10 մարդ դրսում է մնում, եթե օրվա վերջ է, նաև Երևան կամ Մարտունի չի հասնում:

Պետք է նշել, որ չնայած միկրոավտոբուսները չեն հասցնում բավարարել պահանջարկը և պատշաճ կերպով սպասարկել ուղևորներին, տաքսիների աշխատանքը Հյուսիսային ավտոկայանում արգելված է: Մի անգամ չէ, որ պատահել է. ժամեր շարունակ միկրորավտոբուսի սպասելուց հետո փորձել եմ տաքսի կանչել Մարտունի հասնելու համար: Ամեն անգամ մերժում եմ ստացել: Իսկ ծանոթ վարորդներից մեկն էլ բացատրեց. «Եթե տեսնեն, որ ուղևոր եմ վերցնում Մարտունի տանելու համար` կծեծեն»:

Չնայած իրավիճակին,  տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ երթուղու վատ աշխատանքի մասին դիմում-բողոքներ չեն ստացել:

Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Անկախի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են, որ թիվ 306 Երևան-Մարտունի երթուղու սպասարկման վերջին մրցույթն անցկացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին, 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2016 թվականի նոյեմբերի 16-ը, իսկ թիվ 307 Մարտունի-Երևան երթուղունը` 2013 թ. փետրվարի 8-ին, նույնպես 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2017 թ. փետրվարի 19-ը:

Միջմարզային  երկու միկրոավտոբուսային երթուղիներն էլ  շահագործում է «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ն:

Պետք է նշել, որ մինչ այդ էլ երթուղին նույն ընկերությունն է շահագործել, և հարց է առաջանում. նման սարսափելի սպասարկման պարագայում ինչպե՞ս է ընկերությունը կրկին շահել մրցույթը:

Երևան-Մարտունի երթուղին սպասարկում են 5, իսկ Մարտունի-Երևան երթուղին` 4 միկրոավտոբուսներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունից «Անկախին» տեղեկացնում են, որ երթուղին աշխատում է հստակ չվացուցակով` առաջին երթուղայինը Երևանից Մարտունի է ուղևորվում 10-ին, վերջինը` 18:30-ին, իսկ Մարտունուց Երևան` առաջինը 8-ին, վերջինը` 18:00-ին: Ըստ չվացուցակի` ամեն 1-1,5 ժամվա ընթացքում մեկ երթուղային է ճանապարհ դուրս գալիս: Սակայն  իրականում որևէ չվացուցակ չի գործում, և միկրոավտոբուսը (եթե, իհարկե, լինում է) ճանապարհ է ընկնում այն ժամանակ, երբ իր ուզած թվով ուղևորներ է հավաքում: Երկրորդ` տրամաբանական հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է, որ Վարդենիսի կամ Գավառի տարածաշրջաններից ավելի շատ բնակիչներ ունեցող Մարտունիում  երթուղայինը կրկնակի նվազ պարբերականությամբ  է աշխատում: Գավառում և Վարդենիսում Երևան մեկնող հասարակական տրանսպորտն աշխատում է 30-40 րոպեն մեկ պարբերականությամբ, երթուղի են դուրս գալիս չվացուցակում նշված ժամին, եթե անգամ մի քանի ուղևոր է նստած:

«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ում վերջին թեմատիկ ստուգումը նախարարությունն անցկացրել է 2013-ի հոկտեմբերին: Ստուգման ժամանակ, ըստ ՏԿՆ-ի, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք «սահմանված ժամկետում ընկերության կողմից  վերացվել են» (սակայն վերոնշյալ խնդիրներից և ոչ մեկը չի լուծվել ու չի մեղմվել):

Համացանցը փորփրելուց պարզ դարձավ, որ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն  գրանցված է  Երևանում` Նորագյուղ 119  հասցեում, պատկանում է ոմն Բոգոյի, որը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է: Բոգո մականունով անձի հետ «Անկախն» առնչվել է 2013-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նորագյուղի 9/27 և 9/28 ընտրատեղամասերում Բոգո անունով անձն ընտրողներին ազատ ուղղորդում էր, թե որ քվեատուփին մոտենան, հանձնարարականներ էր տալիս Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին և հասցրեց անգամ սպառնալ տվյալ պահին ընտրատեղամասում գտնվող դիտորդին, որը բարձրաձայնել էր իր տեսած խախտման մասին:

«ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի մասին ողջ  տեղեկատվությունը խնամքով քողարկված է. այն գրանցված չէ որևէ տեղեկատվական համակարգում, հատուկենտ հրապարակումները չհաշված, ընկերության անվանումը առկա է միայն ՏԿՆ կայքում:

Հաշվի առնելով այն, թե ում է պատկանում երթուղին սպասարկող ընկերությունը, հասկանում ես, թե ինչու է երթուղին այդքան վատ սպասարկվում, ինչու է հենց այդ ընկերությունը հաղթել մրցույթում և ինչու ՏԿՆ-ն բողոքներ չի ստանում և  տեղյակ էլ չէ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ»-ի խախտումների մասին: Մեկ այլ հարց էլ է առաջանում. էլ ինչի՞ համար են ոլորտը կարգավորող օրենքները և տրանսպորտի ու կապի նախարարությունը, եթե ոմն քրեական հեղինակություն կարող է բացահայտ  անտեսել այդ ամենը:

Իրանում 2014-ին մրցաշարի մասնակցելու հրավեր մեր երկրի աթլետներն այդպես էլ չստացան

աթլետիկաԱթլետիկան անվանում են սպորտի թագուհի: Հայաստանի` այս գրավիչ մարզաձևի ներկայացուցիչները, չնայած ունեցած սուղ պայմաններին, ձմեռային ցուրտ  օրերին էլ շարունակում են մարզումները: 2014-ի մրցաշրջանը հագեցած է միջազգային տարբեր մեկնարկներով: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ Միշա Հայրապետյանը ներկայացրեց, թե ինչ փորձություններ են սպասում մերոնց:

– Կազմվել է մեր երկրի ներկայացուցիչների մեկնարկների նախապատրաստության օրացուցային պլանը, Հայաստանի հավաքականի թեկնածուների ցուցակը: Այնպես որ, աշխատանքն առջևում է: 2013-ի համեմատությամբ` որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել մանկապատանեկան աթլետիկայի զարգացմանը: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան այդ ուղղությամբ աշխատանքների ծրագիր է մշակել: Այն հետաքրքիր է, նորություն, մնում է, որ Հայաստանում իրականացվի: Ի դեպ,  միջազգային կազմակերպությունն այդ նպատակով զգալի մարզագույք է տրամադրել, տեսականին մեկ տասնյակ է: Այդ ամենն օգտագործվելու է մարզումները կազմակերպելու, մրցումներն անցկացնելու ժամանակ:

Փորձը ցույց է տվել, որ աշխատանքն արդյունավետ է, երբ աթլետիկան ուսուցանվում է պատանեկան վաղ հասակից: 2013-ին ունեցել ենք Եվրոպայի պատանիների չեմպիոն: Այդ հաջողությանը հասել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Փետրվարի 12-ին Հայաստանի հավաքականի 21 մարզիկ-մարզուհիները կուղևորվեն Վրաստան: Թբիլիսիում կկազմակերպվի կարճատև ուսումնամարզական հավաք: Փետրվարի 16-ից մերոնք  կարողությունները կփորձեն Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվելիք միջազգային մրցումներում: Դրանց ավարտից հետո ուսումնամարզական պարապմունքները տեղում կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Ապա մեր ընտրանին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հայաստանի աթլետներն  այս ստուգատեսում  երկրորդ անգամ են կարողությունները փորձելու: Նորամուտը նշել ենք  2013-ին: Մեր երկրի մարզուհիների հավաքականը 11 պետությունների ներկայացուցիչների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը, որը լավ արդյունք է: Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավարարվել է 9-րդ տեղով: Անցյալ տարի մրցանակակիր չենք ունեցել: Դրան մոտ էր 4-րդ տեղը գրաված հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Այս տարի կփորձենք լրացնել այդ բացը: Ցույց տված արդյունքներով դրան կարող են հավակնել մեր երկրի հեռացատկորդները: Հունվարի 17-ին, երբ ձմեռային մրցաշրջանի բացման մրցում անցկացրինք «Հայաստան» մարզական միության Երևանի մարզասրահում, մյուս մրցաձևերում առանձնակի բարձր արդյունքեր չարձանագրվեցին: Մարտի սկզբին աշխարհի ձմեռային առաջնությունն անցկացվելու է Լեհաստանում: Հայտավորել ենք Վարդան Փահլևանյանին, որը 2013 թ. հեռացատկել է 7 մ 89 սմ: Հնարավոր է, որ փոփոխություն կատարվի, եթե ավելի բարձր արդյունք ցույց տվող գտնվի: 

– Հայաստանից մարզուհի չի՞ մեկնելու աշխարհի առաջնություն: Որպես կանոն, տարբեր մարզաձևերում մասնակցելու հրավեր ուղարկվում է այս կամ այն երկրի երկու սեռի ներկայացուցիչների:

– Միայն մեկ տեղ է հատկացվել: Մինչև 2013-ը աթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր էր ուղակվում 1-ական մարզիկի և մարզուհու: Բայց այդ մոտեցումը վերանայվել է:

 – Հայաստանի հավաքականից հեռացողներ, կանոնավոր մարզումները թողնողներ կա՞ն:

– Չի մարզվում 400 մ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը: Նա երիտասարդ է, 2013-ին Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում 6-րդ տեղ է գրավել: Աբրահամյանը Գյումրիում է բնակվում, մարզվելու համար պայմաններ չկան: Եթե նա Սանկտ Պետերբուրգ գնա, ապա հնարավոր է` այնտեղ վերսկսի պարապմունքները: Սպասում ենք, թե ինչ կլինի:

Anahit – Ի՞նչ պայմաններում են պարապում Հայաստանի աթլետները ձմռանը:

– Մարզումները կազմակերպվում են «Հայաստան» մարզական միության մարզասրահում, որը լավ վիճակում չէ: Տանիքը քամիներից վնասվել է, դրա հետևանքով անձրևաջրերն ավերածություներ են արել: Տուժել են պատերը, նաև մարզահատվածները. արհեստական ծածկը որոշ տեղերում պոկվել է: Մարզասրահի ջերմությունն էլ այն չէ, բայց արդեն համակերպվել ենք:

 – Իսկ նիզականետորդները, գնդահրորդները որտե՞ղ են պարապում:

– Մեզ տրամադրված մարզաբազայում  միայն գնդահրորդները կարող են մարզվել: Թբիլիսիում և Ստամբուլում կայանալիք միջազգային մրցումների ծրագրերում գնդահրորդների  մրցումներ անցկացվելու են, այդ է պատճառը, որ նախապատրաստվում ենք: Տարեսկզբին կազմակերպված մրցումներում ինձ համար հայտնություն էր գյումրեցի Հերմինե Ավետիսյանը, որի նետած գործիքն անցավ 11 մ-ի սահմանագիծը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներից երեք մարզիկ է պայքարում հավաքականում ընդգրկվելու համար: Նրանք հավասար արդյունքներ են ցույց տալիս:

 – Ոչինչ չասացիք նիզականետորդների մասին: Մինչդեռ վերջին օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչը հենց այդ մրցաձևում է ուղեգրի արժանացել:

– Գյումրեցի Մելիք Ջանոյանը շարունակում է այդ մարզաձևով զբաղվել: Բայց կարելի է ասել, որ նա միայն օլիմպիական խաղերից առաջ է ակտիվություն դրսևորում, մարզվում է արտերկրում, մրցումների մասնակցում և կարողանում է օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալ: Նա իրեն հավասար մրցակից Հայաստանում չունի:

 – Մերոնց` 2014-ի մրցաշրջանի միջազգային ո՞ր մրցումների մասնակցությունն եք առավել կարևորում:

– Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունը, որը կայանալու է հունիսին, Թբիլիսիում: Նախատեսվում է  մրցումների շեմին Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնել: 2013-ին այդ ստուգատեսը կայացել էր Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում: Հայաստանից 20 մասնակից կար: Այս տարի 25-26 մարզիկ-մարզուհի մրցասպարեզ կհանենք: Անցյալ տարի15 երկրների հավաքականների պայքարում  ընդհանուր հաշվարկով զբաղեցրել ենք 9-րդ տեղը:

 – Աթլետիկայի վիճակի բարելավման ի՞նչ հուսադրող սպասումներ կան:

– 2013-ից խոսվում է այն մասին, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում արհեստական ծածկ է տեղադրվելու, աթլետիկայի ժամանակակից պայմաններ են ստեղծվելու: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսելու թույլտվություն ստացվել է, բայց տեղաշարժ առայժմ չկա: Ներկայումս այդ մարզաբազայում պարապել հնարավոր չէ: Եթե հարցը լուծվի, ապա Հայաստանի հավաքականը մարզվելու վայր կունենա: Փաստն այն է, որ աթլետների ամառային մարզումների համար Հայաստանում ոչ մի մարզաբազա չկա:

 – Իսկ Ծաղկաձորի աթլետիկայի երկու մարզաբազանե՞րը:

– Այնտեղ էլ պայմաններ չկան: Վերին հատվածի մարզաբազան, որում տարիներ առաջ անցկացվում էին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցումները, այժմ մասնավոր սեփականություն է, նոր տեր ունի, այլևս աթլետների համար գոյություն չունի: Իսկ ստորին հատվածում կառուցված հին մարզաբազան ավերված է: Այն հարմարեցվում է, որպեսզի կազմակերպվեն Հայաստանի նախագահի սահմանած մրցանակների համար ընտանիքների մրցումները:

 – Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Ֆրանսիայում բնակվող Ռոբերտ էմմիյանի նախաձեռնությամբ, ամեն տարի մեր աթլետները Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում այդ երկրի ներկայացուցիչների հետ: 2014-ին նախատեսվո՞ւմ է այդպիսի ուսումնամարզական հավաք:

– Դա ամեն տարի արվում է, բայց առայժմ այդ մասին խոսակցություն չի եղել:

 – Հայաստանի պատանի աթլետներին ի՞նչ փորձութուններ են սպասում, նրանցից ի՞նչ նոր  սպասելիքներ կարելի է ունենալ:

– Միջազգային մրցումներ շատ կան: Սպասելիքները հիմնականում Աղասյանից են: Նա ներկայումս բանակում է ծառայում, դժվար է այնպես անել, որ մարզումների մասնակցի, նախապատրաստվի և մրցումներում հանդես գա:

 – Ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանի աթլետներն Իրանում միջազգային մեկնարկների մասնակցելու հրավեր էին ստանում: Այս առումով որևէ լուր կա՞:

– Ինչքան էլ տարօրինակ է, այս տարի հրավեր չստացանք: Մրցումները, որպես կանոն, կազմակերպվում են փետրվարի սկզբին, իսկ հրավերը ստանում էինք դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Պատճառի մասին ոչին չեմ կարող ասել: 2013-ին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Իրանում թիմային պայքարում գրավել են առաջին և երկրորդ տեղերը: