Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «կրակել» Նախիջևանից

երասխ (2)Անցյալ շաբաթվա վերջը հայկական զինված ուժերի համար ցավալի ավարտ ունեցավ: Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի` Երասխ համայնքի տարածքում գտնվող դիրքերում հակառակորդի դիպուկահարների կրակից զոհվեց հայկական զինված ուժերի երկու զինծառայող` 26-ամյա սերժանտ Անդրանիկ Եղոյանն ու շարքային Բորիս Գասպարյանը: Այս օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծից եկած վերջին տագնապալի տեղեկատվությունը չէր սա, հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, ու արդեն քանիերորդ անգամ հայկական կողմը զոհեր է ունենում : Ընթացիկ իրավիճակը սահմանային գոտում կարելի է գնահատել կայուն լարված:

Նախիջևանն ավելի շատ թուրքական ֆորպոստ է

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Երասխի մերձակայքի դիրքերի միջադեպը, սահմանային միջադեպեր հիմնականում լինում էին Արցախի հատվածում և Հայաստանի համար, այսպես ասած, «ավանդական» շրջանում` Տավուշում: Այս անգամ միջադեպն աննախադեպ էր.հակառակորդը կրակ բացեց Նախիջևանի ուղղությունից, որտեղ իրավիճակը միշտ համեմատաբար ավելի կայուն է եղել, իսկ Երասխի ուղղությամբ վերջին գրեթե 20 տարիներին վիճակը հատուկենտ «անվնաս» կրակոցներից ավելի չէր սրվել, առավել ևս` զոհեր չէին եղել:

Եվ ուշադրության արժանի է այս հանգամանքը. 20 տավա ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղելՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքից ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա: Սա արդեն մտորելու տեղիք է տալիս: 2013 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով` Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, այն միշտ ընկալվել է որպես որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լրատվամիջոցներից մեկին այս առիթով ասել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել` համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է` սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»:

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ իր հերթին է լրատվամիջոցներին ասել, թե Երևանին այդքան մոտ սահմանագծից հնչող կրակոցների փաստը վկայում է Ադրբեջանին Թուրքիայի անթաքույց աջակցության մասին:

Եվ իրոք, ինչպես դեպքի հաջորդ օրը պատմել են միջադեպի ականատեսները, հայ զինծառայողները խոցվել են ոչ թե պատահական, այլ դիպուկահար կրակից, այն էլ` հզոր զենքերից, քանի որ Անդրանիկ Եղոյանը խոցվել է զուգարանում, իսկ Բորիս Գասպարյանը` խրամատի հրակնատի անցքից, ընդ որում հակառակորդի գնդակից զինվորին չի պաշտպանել անգամ պողպատե սաղավարտը: Այսինքն` կրակողները եղել են բարձր կարգի պրոֆեսիոնալներ: Բացի այդ, թե՛ երասխցիները և թե՛ հայ դիրքապահները նկատել են, որ կրակոցների ժամանակ հայկական դիրքերից մոտ 300-350 մ հեռավորության վրա կայանված է սև ամենագնաց, դեպի որն էլ կրակոցներից հետո տարբեր դիրքերից շտապել են 6-7 դիպուկահարները: (Համազորային դիպուկահարները 6-7 հոգանոց խմբերով չեն «աշխատում», բացի այդ, հասարակ զինծառայողներին սև ամենագնացներով չեն տեղափոխում:) Ականատեսները պնդում են նաև, որ այդ դիպուկահարները եղել են մինչև դեպքի օրն ու դրանից հետո այդ դիրքերում երբևէ չտեսնված համազգեստներով:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը չի բացառում, որ դիպուկահարները կարող են թուրքական կողմի ներկայացուցիչներ լինել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ միջադեպի հաջորդ օրն ասել է, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:
Նախիջևանը հատուկ կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում, այն և՛ Թուրքիայի անմիջական ուշադրության կենտրոնում է ու անմիջական սահմանակիցը, և՛ Ադրբեջանի, որովհետև հակառակորդները հասկանում են, որ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումները կարող են լինել Նախիջևանի կողմից: Ուստի մայիսի 5-ի միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:

Ադրբեջանի` Նախիջևանի կողմից կրակելու մոտիվացիան

երասխ (1)Նայենք, թե ինչ ընդհանուր համապատկերում տեղի ունեցան այս կրակոցներն ու փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ կարող էին դրանք հետապնդել:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում մի քանի հետաքրքիր դրույթներ կային:
«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և՛ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և՛ միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և՛ միջազգային հանրության նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքից անմիջապես հետո` հունիս 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պն հրավիրեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:
Դեսպան Կասպրշիկը մտահոգություն հայտնեց և խոստացավ քայլեր ձեռնարկել: Այսինքն` հերթական հերթապահ արտահայտությունը, որը դժվար թե շփման գծում իրավճակ փոխի, որովհետև մեր հակառակորդը թքած ունի ԼՂ հակամարտության միջնորդների հորդորների վրա, թե հարաբերությունների լուծման միակ ուղին վստահության վերականգնումն է, թե պետք է զերծ մնալ կրակոցներից ու դիվերսիոն-հետախուզական գործողություններից, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, միջադեպերի կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել և այլն:

Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար: Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր ակտիվացմանը` ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:

«Ե՛վ ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և՛ համանախագահները, և՛ Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որ վերջ դնեն տեղում դոփելուն: Իսկ դրան վերջ դնելու հիմքը մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամենին: Կարծում եմ` դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Բացի այդ, Հայաստանը պատրաստվում է մինչև հաջորդ ամսվա սկիզբն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բացահայտ Ադրբեջանի սրտով չէ: Ուստի, հակառակորդն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ անդամակցությանը խանգարի: Հակառակորդի կողմից մեր պաշտպանական դիրքերի ուժեղ և թույլ կողմերը գտնելու փորձերը, ինչպես օրերս Հ1-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, պլանային նպատակներ ունեն: Հակառակորդն անկասկած փորձում է իրավիճակը սրել, որովհետև նաև նպատակ ունի միակողմանի հաջողությունների հասնել բանակցությունների ընթացքում:

Բացի այս ամենը, կրակոցները պայմանավորված էին մի հանգամանքով ևս` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր խմբաքանակի զենք-զինամթերք- զինատեսակների մատակարարումով: Անկասկած, հակառակորդի կողմից սպառազինության ձեռքբերումը, ընդ որում` ոչ միայն հարձակողական բնույթի, մեզ համար մտահոգիչ է: Ու ցանկացած պարագայում Հայաստանը փորձելու է այնպես անել, որ հակառակորդը սպառազինություններով չգերազանցի մեզ ու երբեք ի վիճակի չլինի հարցերը լուծելու զինատեսակների գերակշռությամբ: Ինչպես այս կապակցությամբ մատնանշեց հենց Սեյրան Օհանյանը. «Հակառակորդը փորձում է մեզ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել, ու մենք շատ դեպքերում մեր երկրի սոցիալական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները սիպված ենք լինում ուղղել պաշտպանական ռեսուրսների ձևավորմանը: Իսկ հակառակորդն իր բախտը, ինչպես գիտենք, միշտ որոնում է հակամարտության ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ էլ ասեմ, որ նրանց մոտ գտնվող սպառազինության ամբողջ քանակն ու որակը մեր վերահսկողության տակ է, մենք ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, քանի որ գտնում ենք, որ սպառազինությունը չէ մարտական գործողությունների ընթացքում հաջողություն երաշխավորում, այլ մարդը` իր պատրաստվածությամբ, և այն բոլոր հնարամտությունները, որոնք կարող են օգտագործվել անհամաչափ գործողությունների, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղել է արցախյան գոյապայքարի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը` Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Ցավոք սրտի, և սա ընդգծեց նաև ՀՀ պաշտպանության նախարարը, մինչև ԼՂ հակամարտության քաղաքական խնդրի լուծումը նման միջադեպերը մեր կյանքի ուղեկիցն են լինելու,և մենք ստիպված ենք լինելու զսպել հակառակորդի «եռանդը» պատժիչ գործողություններով:

 

Մեծ խաղեր` ֆուտբոլի «կախարդների» երկրում

բրազիլիաՀունիսի 12-ից հուլիսի 13-ը ֆուտբոլի «կախարդների» երկիրը` Բրազիլիան, կհյուրընկալի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Խաղերը կկայանան 12 քաղաքներում: 32 ազգային հավաքական տեղաբաշխվել է 8 խմբում: Ամեն խմբում 4 թիմ կվիճարկի պայքարը շարունակելու իրավունք տվող 2 ուղեգիր:

Այսօր կտրվի երկարատև մարաթոնի մեկնարկը, Սան Պաուլուում կկայանա А խմբում ընդգրկված Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների մասնակցությամբ առաջնության բացման հանդիպումը:
Ակնկալվում է, որ առաջնության խաղերի օրերին մարզադաշտերի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն հանդիսականներով: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նախատեսում է, որ կստանա 4,5 մլրդ դոլարի եկամուտ: Աշխարհի առաջնության անցկացման համար նա ծախսել է 2 մլրդ դոլար: Դրանից շուրջ 1 մլրդ դոլար ներդրվել է անմիջապես Բրազիլիայի տարածքում՝ մարզադաշտեր, ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, օդանավակայաններ սարքավորելու համար: Իսկ ընդհանրապես աշխարհի առաջնության կազմակերպման համար ծախսվել է 16 մլրդ դոլար, գրեթե նույնքան, ինչքան աշխարհի նախորդ հինգ առաջնությունների անցկացման համար:
Բրազիլիայում դժգոհ են և կարծում են, որ աղքատ երկրում այդ գումարն ավելի նպատակային կարելի էր օգտագործել և օգնել թշվառ վիճակում հայտնված բազմահազար մարդկանց, նրանց կեցությունը փոքր-ինչ բարելավել: Այդ է պատճառը, որ Բրազիլիայում շարունակ բողոքի ցույցեր են կազմակերպվում:
Աշխարհի առաջնության պարգևատրման հիմնադրամը 560 մլն դոլար է: Ի դեպ, այն 140 մլն դոլարով ավելի է, քան 2010-ին ՀԱՀ-ում կազմակերպված աշխարհի առաջնությունում էր: Այս տարվա առաջնությունում չեմպիոն դարձած հավաքականը որպես պարգև կստանա 40 մլն դոլար:
Ի դեպ, տարբեր երկրներում տարբեր պարգևավճարներ են խոստացել: Մասնավորապես, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ, աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչը կստանան 720 հազարական եվրո: Ընդ որում, 2010-ին, երբ իսպանացիներն աշխարհի չեմպիոն դարձան, արժանավորներից յուրաքանչյուրը ստացել էր 600 հազարական եվրո: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանք կստանան 72 հազարական, կիսաեզրափակչին մասնակցելու համար՝ 180 հազարական, իսկ եզրափակչում հանդես գալու դեպքում՝ 360 հազարական եվրո:
Եթե Իսպանիայի հավաքականը չդառնա չեմպիոն, ձախողում կհամարվի: Բանն այն է, որ նա, ըստ խաղացողների արժեքի, գնահատվում է որպես աշխարհում ամենաթանկը` 489,9 միլիոն եվրո, ապա հաջորդում են Բրազիլիայի (477,5 մլն), Արգենտինայի (474 մլն), Գերմանիայի (447,9 մլն), Ֆրանսիայի (402,1 մլն), Անգլիայի (356,3 մլն), Բելգիայի (336,7 մլն), Իտալիայի (325,2 մլն), Պորտուգալիայի (289,5 մլն), Կոլումբիայի (225,4 մլն) հավաքականները: Իսկ ահա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող Հայաստանի հավաքականի արժեքն է 53 մլն եվրո:

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում միայն մեկ հայ ֆուտբոլիստ կա` Իրանի հավաքականի 31-ամյա կիսապաշպան Անդրանիկ Թեյմուրյանը, որ «Էսթեղլալ» ակումբի ներկայացուցիչ է: Նա իր մրցելույթները սկսել է Թեհրանի «Արարատ» թիմում: 2006-2010 թթ. խաղացել է անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ» ակումբներում, հանդես է եկել Քաթարի առաջնությունում: Անդրանիկն Իրանի հավաքականում խաղում է 2005-ից, եղել է նաև թիմի ավագը: Այդ ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: Թեյմուրյանը Հայաստանի քաղաքացիություն ունի:

Ուշագրավ է նաև, որ տարբեր երկրների հավաքականների կազմերում ակումբային թիմերից ամենից շատ խաղացողներ հանդես կգան Մյունխենի «Բավարիայից»` 15: Ապա այս ցուցանիշով հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (14), կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Չելսին» (երկուսն էլ` 13-ական), «Նապոլին», «Յուվենթուսը» (երկուսն էլ` Իտալիա), Մադրիդի «Ռեալը» (բոլորն էլ` 12-ական):

 

 

Ինչպես է Առաջին հեռուստաալիքը նախատեսում ներկայացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

futboli-ashxarhi-201-n49607-1Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մարզասերներն անհամբերությամբ են սպասում: Տոն կլինի ոչ միայն օվկիանոսի այն ափին: Հեռարձակումների միջոցով խաղերի ընթացքին կհետևեն ամբողջ աշխարհի միլիարդավոր մարզասերներ: Բացառություն չեն կազմի նաև մեր երկրի բնակիչները: Պատասխանատու այդ գործը ստանձնել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Պարզելու համար, թե ինչ է սպասում մարզասերներին, զրուցեցինք Առաջին հեռուստաալիքի մարզական հաղորդումների ղեկավար Սերոբ Օհանյանի հետ:

– Նախ, հետաքրքիր է, թե ֆուտբոլն ինչ տեղ ունի ձեր կյանքում:
– Հակիրճ պատասխանելը դժվար է: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ այն իմ կյանքի ամենամեծ հետաքրքրությունն է կամ իմաստը: Այդուհանդերձ, շատ եմ սիրում ֆուտբոլ, այն ինձ գրավում է: Հայաստանի հավաքականի խաղերին ամեն անգամ հետևում եմ սրտի թրթիռով և մեծ հուզմունքով, ոգևորվում ամեն մի հաջողությունից: Նաև անգլիական ֆուտբոլի սիրահար եմ, այդ երկրի հավաքականի երկրպագուն: Արդեն երկու տասնամյակից ավելի ցավում եմ անգլիական «Լիվերպուլի» համար:

– Նախկինում` պատանեկան, երիտասարդական տարիքում ֆուտբոլով կանոնավոր զբաղվե՞լ եք:
– Ոչ: Ամեն ինչ սահմանափակվել է բակային ֆուտբոլով, երբ մեր թաղամասի տարբեր շենքերի տղաների հետ թիմեր էինք կազմում և ֆուտբոլային մրցաշարեր կազմակերպում:

– Քանի որ Հայաստանի հավաքականին անդրադարձաք, հետաքրքիր է` այն երբևէ կխաղա՞ աշխարհի առաջնությունում:
– Բոլորս հույսեր ենք փայփայում և սպասում դրան: Իսկ դա իրականություն կդառնա, թե ոչ, կախված է միայն խաղացողներից և մարզիչներից, ինչ խոսք, նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որը փորձում է հնարավորն անել, որպեսզի մեր երկրի ազգային հավաքականն ուժեղ խաղացողներով համալրվի և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի: Հայկական ֆուտբոլը զարգացնելու գործում որոշակի դեր ունի նաև մեր հեռուստաընկերությունը, և հուսահատվելու իրավունք չունենք:

– Առաջին հեռուստաալիքն ինպե՞ս է նախատեսում ներկայացնել աշխարհի առաջնությունը:
– Ուղիղ կհեռարձակվեն բոլոր 64 խաղերը, իսկ շատ ուշ ժամերին անցկացվելիք խաղերի տեսագրությունները կցուցադրվեն նաև ցերեկը: Խմբային մրցաշարերի վերջին տուրի հանդիպումները նույն ժամերին են կայանալու: Այն խաղերը, որոնք ուղիղ եթերով չեն ցուցադրվի, հետո տեսագրությամբ կներկայացվեն: Ֆուտբոլային խաղերը կներկայացվեն նաև Առաջին հեռուստաալիքի պաշտոնական կայքով:

– Առաջին հեռուստաալիքն ունի ֆուտբոլային հաղորդում` «Լրացուցիչ ժամանակ»: Բացի այդ, աշխարհի առաջնության օրերին նախատեսվո՞ւմ են ֆուտբոլին նվիրված այլ հաղորդումներ:
– Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ, ստուգատեսին նվիրված հեռուստաշոու կկազմակերպվի, որին կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի լավագույն մասնագետներից մի քանիսը: Նրանք կհայտնեն իրենց նկատառումները, սպասելիքները: Ամեն օր կներկայացվի առաջնության օրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն նախորդ օրվա խաղերի ամենադիտարժան դրվագները: Հրավիրվելու են ճանաչում ունեցող մարդիկ` ոչ միայն սպորտի բնագավառից: Նրանք կարծիքներ կհայտնեն խաղերի և առաջնության ընթացքի մասին, կանխատեսումներ կանեն: Ֆուտբոլային հաղորդումները սկսվելու են ժամը 19:00-ից, իսկ օրվա առաջին հանդիպումը հեռարձակվելու է ժամը 20:00-ին, այնուհետև` 23:00-ին և 2:00-ին: Միայն մեկ հանդիպում, որը կայանալու է Ճապոնիայի և Կոտ դ’ Իվուարի հավաքականների միջև, նախատեսված է ցուցադրել ժամը 5:00-ին:
– Հնարավո՞ր է, որ հեռարձակումներին խանգարեն տեխնիկական դժվարությունները:
– Տեխնիկական անձնակազմն ամեն ինչ անում է, որ թերություններ, անցանկալի միջադեպեր չառաջանան: Հնարավոր է` խնդիրներ ծագեն միայն` կապված արբանյակային ազդանշանի հետ, որոնք կփորձենք արագորեն շտկել:

– Ովքե՞ր են մեկնաբանելու խաղերը:
– Այդ աշխատանքում կներգրավվեն մարզական հաղորդումների խմբագրության աշխատողները: Խաղերը կմեկնաբանեն Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը, Ռոբերտ Գասպարյանը: Եվ քանի որ կարևորում ենք նաև փորձագետների կարծիքը, մեր հաղորդավարների հետ միասին եթերում կլինեն և տարբեր դրվագների հետ կապված պարզաբանումներ կտան ֆուտբոլային մասնագետները՝ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սարգսյանը, Կարեն Դոխոյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Պետիկյանը և ուրիշներ:

– Միայն վերջի՞ն սերնդի մարզիչներ են մասնակցելու:
– Առաջնության բացմանը նվիրված հաղորդմանը նախատեսել ենք, որ ներկա կգտնվի նաև Արկադի Անդրիասյանը

– Նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ ստուգատեսների հեռարձակումների ընթացքում երբեմն մեկնաբանները կոպիտ վրիպումներ են թույլ տալիս, զավեշտական բաներ ասում: Եվ դժգոհություններն անպակաս են` կապված ոչ միայն հաղորդավարների մասնագիտական, այլև հայերենի տերմինաբանության իմացության հետ: Ի՞նչ է արվում, որ այդպիսի դեպքերը բացառվեն:
– Այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում, սակայն դրությունը միանգամից շտկել հնարավոր չէ, միշտ էլ կարելի է սխալներ գտնել: Քննադատությունն էլ ըմբռնումով ենք ընդունում, փորձում սխալները շտկել:

– Ինչո՞վ է բացատրվում, որ Հայաստանում միայն Առաջին հեռուստաալիքը պետք է հեռարձակի աշխարհի առաջնության հանդիպումները: Մյուս հեռուստաընկերությունները չե՞ն կարող դա անել:
– Առաջին հեռուստաալիքը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ է, որը հնարավորություն է տվել գնելու համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսի ցուցադրման իրավունքը: Մեզ արդեն դիմել են «Արմենիա» և «Հ2» հեռուստաընկերությունները, որպեսզի առաջնությունից իրենց կադրեր տրամադրենք, և համաձայնել ենք:

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռուստաընկերությունների` ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումների հարցում որևէ դերակատարություն ունի՞:
– Ոչ, չունի:

– Ժամանակակից տեխնիկական հնարավորությունները շատ մեծ են, և վճարովի մալուխային հեռուստատեսությամբ, արբանյակային կապի, առավել ևս` համացանցի օգնությամբ ֆուտբոլասերները կարող են խաղերը դիտել:
– Հայաստանի տարածքում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումը վերպահված է Առաջին հեռուստաալիքին: Պատրաստվում ենք մյուս բոլոր հեռուստաալիքներին նամակներ ուղարկել և տեղեկացնել, որ Հայաստանի տարածքում խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը մերն է:

– Բայց ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից ցուցադրումներ կատարելու արգելքը կարող է դժգոհությունների պատճառ դառնալ: Մարդիկ վճարովի հեռուստաընկերությունների ծառայությունից են օգտվում, որպեսզի այլընտրանք ունենան, ցանկալի մակարդակով հաղորդումներ դիտեն, մեկնաբանություններ լսեն: Ի վերջո, հնարավոր է, որ այդ պարագայում ոմանք հրաժարվեն այդ հեռուստաալիքներից օգտվելուց: Չի բացառվում, որ եթե փոխպայմանավորվածությամբ հարցերը չկարգավորվեն, տարաձայնություններ ծագեն, աղմուկ բարձրանա և, նրբությունների հետ կապված, խնդիրը հասնի իրավաբաններին: Լավ, կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ի՞նչ եք կարծում, եզրափակչում ո՞ր երկրների հավաքականները կմրցեն:
– Ցանկանում եմ, որ հանդիպեն Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները:

Եգիպտացորենով ու ռեհանով ամառային աղցան

եգիպտացորենԲաղադրությունը
4 եգիպտացորեն
1 լոլիկ
0,3 բաժակ կամ 3-4 ճաշի գդալ մայոնեզ
կարմիր քաղցր սոխ` 1 միջին գլուխ
կիտրոնի հյութ` 2 ճ. գդալ
ռեհան` մի քանի ցողուն:
Պատրաստման եղանակը
Եգիպտացորենը խաշել ու հատիկներն առանձնացնել:
Մեծ թասի մեջ խառնել մայոնեզը, կիտրոնի հյութն ու մանրացրած ռեհանը: Ավելացնել եգիպտացորենի հատիկներն ու մանր կտրատած լոլիկը: Համեմել ու հովանալուց հետո վայելել:

 

Պարզվում է` հիմա էլ լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում ներդրումները քիչ են

Կարեն-ՃՇՄԱՐԻՏՅԱՆՏնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թ. տարեսկզբից մինչ հիմա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, կազմում է 103.6 տոկոս: Երբ դիտարկում ենք ժամանակագրական շարքերը, ապա 2013 թ. այդ նույն ցուցանիշը, նույն ժամանակահատվածի համար կազմել է 103.5 տոկոս, 2012-ին` 107.2 տոկոս, իսկ 2011-ին` 106.1 տոկոս: Պարզ է` տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կամաց-կամաց անկում է ապրում:

Թվերը գաղջ չեն, մթնոլո՞րտն է գաղջ

Այս ցուցանիշը, թերևս, ոչինչ էլ չի ասի, եթե այն չհամադրենք այլ ցուցանիշների հետ: Այսպես, այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում, նույն ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում թողարկված ապրանքների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 97.2 տոկոս, նվազել է 2.8 տոկոսային կետով: Ավելի պարզ` հայկական արդյունաբերությունն ավելի քիչ ապրանք է արտադրել: Սա հիշենք ու անցնենք առաջ:
Արդեն քանի տարի է, ինչ ՀՀ նախկին կառավարությունը հայտարարել է, թե սկսում է, իսկ նոր կառավարությունը, թե շարունակում է արտահանման խրախուսմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, բայց նույն ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումը կազմել է 104.1 տոկոս, իսկ ներմուծումը` 109.9 տոկոս: Սա ցույց է տալիս, որ ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը, չնայած` կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես հուշում է տրամաբանությունը, պետք է հակառակ արդյունքների հասցներ: Իսկ դա կարող է նշանակել, որ հայկական տնտեսության համար դրսից ապրանք ներմուծելն ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը: Սա էլ հիշենք ու շարունակենք:
Ամենակարևոր ցուցանիշներից մեկը. այս տարվա հինգ ամիսներին սպառողական ապրանքները, ընդհանուր առմամբ, թանկացել են 0.9 տոկոսով: Իսկ այս տարվա մայիսին` նախորդ տարվա մայիսի համեմատ, գնաճը կազմել է 3.6 տոկոս:
Այս երեք ցուցանիշները, ամբողջը չեն, բայց հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Հայաստանում արտադրությունը հետընթաց է ապրում, ներմուծումը ավելի շատ է, գներն էլ գնալով աճում են: Փաստորեն, հանրապետությունում գործարար միջավայրի հետ կապված խնդիր կա: Օրինակ` մայիսի վերջին 1 շաբաթվա ընթացքում հատկապես ալյուրի, մակարոնեղենի ու հացի գները բարձրացել են մոտ 5-8 տոկոսով, չնայած միջազգային շուկայում ցորենի կամ ալյուրի գնաճ չի գրանցվել: Ու այս ամենը, ի դեպ, այն դեպքում, երբ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց Հայաստանի խոշոր գործարարներին ու պատվիրեց, որ այսուհետ բոլորն աշխատեն հավասար պայմաններում, ստվերից դուրս գան:

Հիմա էլ լրագրողներն են մեղավոր

Պարզվում է` Հայաստանում գործարարների նորմալ աշխատելուն, ներդրումներին ու տնտեսության զարգացմանը խանգարում են լրագրողների ստեղծած գաղջ մթնոլորտն ու հոռետեսական տրամադրությունները: Համենայն դեպս, արդեն քանիերորդ անգամ նման տեսակետ է հայտնում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջին անգամ էլ հունիսի 2-ին նշեց. «Ինչո՞ւ են ձեր հարցերը բացասական, դուք դրանով ազդում եք ներդրումային ոլորտի վրա, գործարար միջավայրի վրա»:
Լրագրողների հարցին` ուրեմն լրագրողնե՞րն են միայն, որ բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա, նախարարը պատասխանեց. «Նաև դա, երբ մարդ առավոտյան արթնանում է, և նրան միայն բացասական էմոցիաներով են կերակրում, նա չի ուզենա ներդրումներ անել: Չէ՞ որ լրագրողներն են հոգևոր ու մտավոր սնունդ տվողը»:
Այդպիսի բաներ: Ստացվում է` լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում մարդիկ ներդրումներ չեն անում, ոչ թե, օրինակ, կառավարության ու նրա անդամների գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքն ու անվստահությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, հարկային ու մաքսային վարչարարությունը, արդարադատության համակարգը, կյանքի և գույքի անձեռնմխելիության ինստիտուտների «դռդռալը» և այլն:

Փաստորեն, վերը բերված վիճակագրական տվյալները հիշելով, ըստ ճշմարիտյանական «ախտորոշման», հենց քիչ առաջ մենք մեկ անգամ ևս խանգարեցինք իքս գործարարին, որ Հայաստան էր եկել իր միլիարդավոր միջոցները Հայաստանում ներդնելու «ռազմահայրենասիրական» մտադրությամբ:
Միգուցե էկոնոմիկայի նախարարը հաշվե՞լ է, թե քանի գործարար Հայաստանում այդ անպիտան լրագրողների պատճառով ներդրումներ չի կատարել:
Իսկ բիզնես-խորհրդատու Կարեն Սարգսյանը, որ հունիսի 2-ին ասուլիս էր տալիս հայաստանյան լրատվական ակումբներից մեկում, բոլորովին այլ պատճառներ էր նշում. «Այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում առաջանում են զարգացման տեսանկյունից, ոչ թե կապված են հայկական բիզնեսմենների կողմից մատնանշվող հարկային, մաքսային, օրենսդրության և այլ խնդիրների, այլ ավելի շատ ներքին խնդիրների կարգավորման հետ»:
Բիզնես-խորհրդատուի խոսքով` այսօր Հայաստանում բիզնեսն աճում է, բայց չի զարգանում. աճում է ֆինանսական իմաստով, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում աճի վրա, ոչ թե զարգացման, այնինչ աճը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:
Ինչևիցե: Նշենք մի քանի օբյեկտիվ իրողություններ էլ: Սովորաբար, երբ երկրում արտագաղթը մեծ է, նշանակում է` շուկան է փոքրանում: Երբ բարձր գնաճ է արձանագրվում, իսկ մարդկանց եկամուտները մնում են անփոփոխ, նշանակում է` մարդիկ չեն կարող գնողունակ պահանջարկ ձևավորել: Երբ հարկային ու մաքսային, կամ առհասարակ պետական վարչարարությունն ուղղված է բիզնեսի կաշին քերթելուն, ոչ թե վստահելուն ու համագործակցելուն, երբ մարդկանց համար ավելի ձեռնտու է ծխել ոչ թե 300 դրամանոց հայկական միջինից ցածր որակի սիգարետ, այլ միջին եվրոպական, այս ամենը ավելի շատ է անդրադառնում թե՛ գործարար, թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ մարդկանց բիզնես ակտիվության վրա: Լրագրողներն այստեղ ընդհանրապես դեր չունեն:

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

268862_120426344714718_4552640_n«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Օրերս այս հայտարարությամբ հանդես եկան «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի տարբեր ակցիաներով հանրության և պետական կառույցների ուշադրությունն են հրավիրում շենքի ապամոնտաժման աշխատանքների վրա:

10447074_627887340635280_3184625121968529795_nՇենքն ապամոնտաժելուց հետո նախատեսվում է տեղափոխել ապագայում կառուցվելիք «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, իսկ Տերյան ու Զաքյան փողոցները միացնել իրար: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հուշարձան-շենքը 4 մետրով գտնվում է Տերյան փողոցի երթևեկելի մասում՝ խախտելով կառուցապատման գիծը:

big_1402292340_4105747Ակտիվիստները չեն վստահում իշխանություններին և չեն հավատում, որ շենքն ապամոնտաժվելուց հետո նույնությամբ կվերականգնվի, քանի որ «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասի գաղափարը դեռևս թղթի, ավելի ճիշտ՝ մակետի վրա է: Իսկ մինչ այն կյանքի կկոչվի, Աստված գիտի, թե ինչ տեղի կունենա, ինչպես որ եղել է շատ պատմամշակութային շենքերի ապամոնտաժման դեպքում, երբ քարերը համարակալվել են, ապամոնտաժվել և տարվել անհայտ ուղղությամբ, իսկ շենքի վերականգնում այդպես էլ տեղի չի ունեցել:

Բացի այդ, նրանք համոզված են, որ խնդիրն ամենևին էլ կառուցապատումը չէ, այլ շենքի տեղում 12-հարկանի հյուրանոցի կառուցումը:

IMG_4326

Հին Երևան պատմամշակութային թաղամասի մանրակերտը

Սակայն «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ակտիվիստների մտահոգությունը տեղին չէ: Ավելին, նա չթաքցրեց իր վրդովմունքը նրանց գործունեության նկատմամբ՝ նշելով, որ դրանով նրանք խոչընդոտում են «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի հետևանքով տուժում են նաև հուշարձան-շենքերը:

«Այս ծրագիրը երկար տարիների աշխատանք է: Այն առաջ է եկել այն հանգամանքից, որ տեղում գոյություն ունեն մի շարք հուշարձան շենքեր և հուշարձաններ, որոնք ժամանակին ապամոնտաժվել են, և դրանց համար մի ընդհանուր լուծում պետք է գտնվի: Այս ծրագրով հնարավորություն է տրվում, կանգուն հուշարձանների մասում ավելացնելով ապամոնտաժված հուշարձանները, ունենալ հին Երևանի մի կտոր»,- ասում է նա:

Նշում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը Երևանի գլխավոր հատակագծի վերջին հաստատված տարբերակում հատկացվել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար, իսկ հուշարձան շենքը մտել է տեղափոխվող հուշարձանների ցուցակը:

IMG_4338

Աջից՝ Գիլանյանցի լիմոնադի գործարանը, ձախից՝ Աֆրիկյանների ակումբի շենքը

Նրա խոսքով՝ սա այն հազվագյուտ շենքերից է, որ ոչ թե ուղղակի քանդվել է ինչ-որ օլիգարխի կողմից այդ տարածքում այլ շենք կառուցելու համար, այլ որովհետև դրա համար կա օբյեկտիվ պատճառ. այն մտած է երթևկելի գոտու մեջ: Վարդանյանը նաև հայտնեց, որ Բյուզանդի 26 հասցեում գտնվող հուշարձան շենքը նույնպես հանվելու և տեղափոխվելու է «Հին Երևան» նախագծի տարածք:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դեռևս երկու տարի առաջ պետք է տեղի ունենար,- ասում է նա,- և եթե չլիներ այդ ակտիվիստների աղմուկը, մշակույթի նախարարությունն էլ չվախենար, ապա այն ժամանակ շենքը ապամոնտաժված կլիներ, դարբնի գործերն ու փայտի էլեմենտները գողացված չէին լինի, իսկ քարերն ապահով կտանեինք, մի տարածքում կհավաքեինք մինչև վերակառուցելը»:

Նա նաև կարծում է, որ սա միակ կառույցն է, որի դեպքում արվել է ապամոնտաժման պրոֆեսիոնալ նախագիծ. «Էն գլխից պատվիրատուի առաջ ես ինքս հարց եմ դրել, թե ով պիտի քարերն ապամոնտաժի, ով պիտի բերի, նոր տեղում շարի. Շիրինյան Գագիկը, որը կրթությամբ ճարտարապետ է և էն մարդն է, որն ամեն ինչ շատ լավ գիտակցում է: Այսինքն` ամեն ինչ արել ենք, որ գոնե 99 տոկոսով էս ամբողջը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է շենքի տարածքում հյուրանոցի կառուցմանը, ապա Վարդանյանը հիշեցնում է, որ հուշարձան-շենքի ապամոնտաժման հարցը դրվել է դեռևս 2005 թվականին, իսկ հյուրանոցի կառուցման ծրագիրն ի հայտ է եկել 2012-ին: «Դա դրա հետ որևէ կապ չունի: Շենքի ապամոնտաժման հիմնական նպատակը Տերյան փողոցը լայնացնելն է»,- ասում է նա:

IMG_4342Լևոն Վարդանյանն իր «Հին Երևան» ծրագրի մակետը արվեստանոցից մի քանի օրով տեղափոխել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այս օրերին նախագծի տարածքի սեփականատերերը, որոնց միջոցներով պետք է իրականանա ծրագիրը, արտասահմանյան ներդրողներ են հրավիրել, որպեսզի նախագիծը տեսնեն և հավանության դեպքում ներդրումներ անեն: Մակետը տեսնելու ցանկություն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուստի այն դեռևս մի քանի օր էլ կմնա այնտեղ:

Ճարտարապետն ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առջև, և դեռևս երկու տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել մակետի կառուցումը, իր արվեստանոց է հրավիրել նաև քաղաքի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ ակտիվիստներին ՝ միասին քննարկելու նախագիծը և միասին էլ այն կյանքի կոչելու: Ցավոք, ոչ բոլորն են ոգևորվել ծրագրով:

IMG_4336

Աֆրիկյանների ակումբի շենքը բակի կողմից

«Վերջապես, երբ գործը սկսել է առաջ գնալ, փորձում են խանգարել»,- ասում է նա,- փոխանակ իմ կողքին լինեն, ինձ հետ միասին պահանջեն պետությունից, որ ծրագիրը, որ Վարդանյան Լևոնը տասնյակ տարիներ համառորեն պնդում է, արագ իրականանա, դեռ մի բան էլ խանգարում են և փչացնում եղած հուշարձանները՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուզում»:

Ի դեպ, Վարդանյանը չի կարծում, որ այդ շենքերը պարտադիր պետք է վերականգնվեն նույն քարերով. «Խնդիրն ուրիշ է. մենք վերականգնում ենք մշակութային մի շերտ, միջավայր: Կներեք, եթե ողջ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամբողջ քաղաքները ֆոտոներով են վերականգնել, ոչ թե գծագրերով, ինչպե՞ս են նույն լեհերն ու գերմանացիները հպարտ քայլում իրենց քաղաքով՝ առանց նույնիսկ խորանալու՝ դրանք ֆոտոյով են վերականգնվել, թե ինչպես: Թիֆլիսը նույնը արեց 75 թվականից սկսած, և էսօր ոչ ոք չգիտի՝ Թիֆլիսի շենքերից որն է տեղում կանգնած եղել, որն է ավելացել: Հիմա նույն բանը փորձում ենք մենք անել, բայց Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մեր հայերը պայքարում են դրա դեմ»:

Ճարտարապետ Դավիթ Քեթմենջյանը, որը «Հին Երևան» ծրագրի նկատմամբ բավականին դրական է տրամադրված, համարում է, որ այդ ծրագրում ներառված են նոր դասականության շենքեր, իսկ Աֆրիկյանների շենքն իր մտահղացմամբ բոլորովին այլ կառույց է և պետք է մնա իր տեղում՝ զարդարելով իր միջավայրը. «Քաղաքն իր պատմությունն ունի, այդ շենքն ամեն տեսակի բնակելի տուն չէ, այն հին Երևանի ունիկալ հուշարձաններից է, և ճիշտ կլինի, որ մնա իր տեղում՝ դառնալով թանգարան»:

աֆրիկյաններ

Ինչ վերաբերում է բերվող փաստարկին, որ շենքը հայտնվել է փողոցի երթևեկելի մասում, ապա ճարտարապետը կարծում է, որ այդ խնդրի լուծման համար հնարավոր էր գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանները հին Երևանի անվանի ընտանիքներից են եղել և լուրջ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում: Մասնավորապես, նրանց շնորհիվ է 1911 թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երևան: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ նրանց շենքերն ընդգրկվել են Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Եթե որոշել են, որ էլեկտրաէներգիան պետք է դառնա 43 դրամ, ուրեմն կդառնա

էլ.Դեռևս այս տարվա փետրվարին առաջին անգամ Yerkir.am կայքը գրեց, որ ՀԷՑ-ում ճգնաժամ է, ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է: Մանրամասն նկարագրվեց հավելագրումների, պարգևավճարների, կորուստների ծածկադմփոցի մի հետաքրքիր մեխանիզմ: Քանի որ անցյալ տարեվերջին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան, սպառողները սկսեցին խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել, էլեկտրական հոսանքի սպառման ծավալները փոքրացան: Հենց վիճակագրական ծառայության տվյալներով` էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել են 39 տոկոսով: Քանի որ սպառման ծավալները փոքրանում են, իսկ էլեկտրաէներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ բարձրացել է, ստացվել է, որ ընկերությունը միայն մատակարարների գումարներն է կարողանում վճարել ու սկսել է վնասով աշխատել: ՀԷՑ-ը սկզբում լուռ մնաց, բայց միառժամանակ անց ակնարկեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Խոստովանեց հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը, որ թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս:

Ստեղծված իրավիճակում, ինչպես նշվում էր տարբեր լրագրողների ու վերլուծաբանների կողմից, ՀԷՑ-ի համար հարցերը կլուծվեին, եթե ընկերությունը կարողանար հասնել հասարակությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուն:
Այս տարվա մայիսի սկզբին արդեն մամուլը գրեց, որ ՀԷՑ-ը պատրաստվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ըստ շրջանառվող խոսակցությունների` սակագինը կարող էր գործող 38 դրամ/կվտ.ժամից հասցվել 45 դրամի: Դա նույնպես անարձագանք մնաց:
Մայիս ամսին Աժ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է և 38 դրամի փոխարեն դառնալու է 45 դրամ` 1 ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Ապա հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին` թանկանալո՞ւ է, թե՞ ոչ: Փոխնախարարն ասաց, որ նման բան չկա:
Դրանից հետո, հունիսի 2-ին, ԱԺ-ին 2013 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց Խաչատուր Քոքոբելյանը, թե ճի՞շտ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 45 դրամ, ինչին ի պատասխան Արա Սիմոնյանն ասաց. «Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է հանգեցնեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»:

Հիմա ՀԾԿՀ-ն ժողովրդի՞ կողմից է, թե՞ արջի

Հունիսի 4-ին արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Իր տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը նշում էր, որ շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թթ. կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թթ. սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»,- նշվում էր ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությունում:
Լրացուցիչ պարզաբանումներից պարզ դարձավ, մասնավորապես, որ ծախսերի մեծացման վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀԱԷԿ-ի չաշխատելը, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն էր ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ, բացի այդ, այլ ծախսեր կան և այլն: Ու սկսվեց…

Տնտեսագետները չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ծախսերի փոփոխությունը, ինչու պետք է դրանք ազգաբնակչությունը ծածկի: Անցած տարվա հուլիսին էլեկտրաէներգիան թանկացավ միանգամից 25 տոկոսով: Այն ժամանակ այդ թանկացումը պայմանավորված էր գազի սակագնի թանկացմամբ, որից հայկական ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա են ստանում: Հիմա էլ էլեկտրաէներգիան պետք է թանկանա ևս մոտ 10 տոկոսով: Ստացվում է, որ 1 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է մոտ 35 տոկոսով:
ՀԾԿՀ-ն փորձում է հիմնավորել, թե համակարգի ֆինանսական կայունության, անխափան էներգամատակարարման համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամի ներդրում, որպեսզի ապահովվի անխափան աշխատանքը, բայց չկա կանխատեսելիություն, թե որքան ժամանակի համար է այդ թանկացումը: Եվ ինչպես արդարացիորեն նշել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նորից նույն պատճառաբանությամբ ասեն` 40 միլիարդի ծախսեր են հարկավոր համակարգի արդիականացման համար ու սակագինը բարձրացնեն: Տնտեսագետի խոսքով, Հայաստանում էներգետիկ համակարգերն իսկապես հին ու մաշված են, արդիականացման խնդիր կա, մեր էներգետիկ համակարգերը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, իսկ ռուսական էներգետիկ ոլորտն այսօր արտաքին լուրջ պատժամիջոցների առջև է կանգնած: Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ այդ պատժամիջոցները դեռ կխստանան, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ռուսական էներգետիկ ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն:

Արժե հիշել, որ Հայաստանը, ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության, իրեն զրկել է էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ Իրանի հետ էներգետիկ նախագծերի առումով:
Թե ինչ հետևանքներ կունենա այս թանկացումը, դժվար չէ ենթադրել: Հիշենք միայն մի «փոքրիկ» հանգամանք. յուրաքանչյուր ամիս վիճակագրական ծառայությունը հրապարակում է գնաճի ցուցանիշները, և արդեն քանիերորդ ամիսն է` ծառայության ներկայացուցիչնեը նշում են, որ գնաճի ցուցանիշների մեջ էական դեր ունեն անցած տարվա հուլիսի գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը, հաշվել են տնտեսագետները, Հայաստանում կհանգեցնի մոտ 15 տոկոս գնաճի, քանի որ այն ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բայց ինչպես տեսնում ենք, ՀԷՑ-ը լուրջ է տրամադրված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցում, իսկ ՀԿԾՀ-ն կարծես մոռացել է, որ ՀՀ պետական մարմինների համար առաջնահերթ պետք է լինի Հայաստանի քաղաքացու շահը:

 

Ովքե՞ր են համարվում փոխկապակցված անձինք

փոխկապակցված-անձինքՖիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից: Տվյալ դեպքում միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է.
գ Տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից:
գ Օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ:
գ Տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:
գ Իրավաբանական անձի կամ նրա տարածքային ստորաբաժանման այնպիսի աշխատակից կամ այն կառուցվածքային ստորաբաժանման (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի) աշխատակից, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ իրավաբանական անձի կանոնադրության կամ ներքին իրավական այլ ակտերի համաձայն կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ կապված է իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կամ աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունի:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Թուրքիան և Միացյալ Նահանգները գաղտնաբար համաձայնվել են Ապրիլի 24-ի առթիվ ուղերձներ հղելիս

Հարութ ՍասունյանԹեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:

 

Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:

 

Սա հստակորեն արտացոլում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, և նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռեցնելու քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից…

 

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը «Այդինլիք» թուրքական թերթում` բացահայտելով, որ երկու կառավարությունները համատեղ մշակել են այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին և այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այսպիսով, զոհված թուրք զինվորներին հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հետ:

 

Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները, Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք լիովին տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը մինչև դրա հրապարակումը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի տեքստը պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ միասին և վերջնական տեսք ստացել երկու երկրների պաշտոնյաների կողմից: Պարզվում է, որ նախնական տեքստը նախապատրաստվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որից հետո Սպիտակ տունը որոշ փոփոխություններ է արել` այս հարցի վերաբերյալ «ամերիկյան նրբազգացության հիման վրա»: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տեքստը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ այն հրապարակել է ապրիլի 23-ին:

 

Քահրամանը նաև բացահայտել է, որ Էրդողանի հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխություններն ընդունելու դիմաց, Վաշինգտոնն առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի սկզբին դրա ընդունումից հետո:

 

«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ է հետևում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր հակաքայլերը, այդ թվում` մահաքնի մեջ գտնվող հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու գործը, միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի  խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու համար:

 

Ըստ «Այդինլիքի»` Անկարան ծրագրավորում է, թե ինչպես լավագույնս պայքարել հայերի դեմ, որոնք հետապնդում են իրենց պահանջները Թուրքիայից երեք առանձին ուղղություններով` «իրավական, քաղաքական և հասարակական կարծիք»: Քահրամանը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին լուրջ քաղաքական խզում է առաջացել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, որից հետո Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար Թուրքիայի վարչապետը հանդես է եկել ապրիլի 23-ի հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրենին:

 

«Այդինլիքը» նաև հաղորդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հօգուտ թուրք ժխտողական Դողու Փերինչեքի ամրապնդել է Անկարայի ազդեցությունը միջազգային շրջանակներում: Սակայն, Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան ավելի զիջողական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Ահա թե ինչու Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանավորները կազմակերպեցին ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը`  նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից անմիջապես առաջ:

 

Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին բարձր գնահատեց Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը, այն ներկայացնելով  որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու դրական քայլ: Ըստ էության, պետքարտուղարությունը, անտեղյակ հանրության առաջ, գովաբանում էր իր իսկ մշակած հայտարարությունը:

 

Մինչ Թուրքիան և Միացյալ Նահանգները անազնիվ խաղ են խաղում` հրապարակայնորեն աջակցելով միմյանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութված հայտարարություններով, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում բացահայտում է գաղտնիքը` հայտարարելով, որ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը մաս էր կազմում թուրքական քարոզարշավի` խոչընդոտելու Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանն ուղղված հայկական ջանքերը:

 

Վերջապես, բոլոր նրանց, որոնք սխալմամբ պնդում էին, թե Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը թուրք առաջնորդի կողմից արված աննախադեպ հայտարարություն էր, ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 90 տարի առաջ` 1926 թվականի հունիսի 22-ին, նախագահ Քեմալ Աթաթուրքը «Լոս Անջելես էգզամիներ» թերթին տված հարցազրույցում իսկապես համարձակ հայտարարություն էր արել. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն արտաքսվեցին իրենց հայրենի օջախներից և ոչնչացվեցին….»:

 

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք Խանդի հողի վրա ծագած վիճաբանության գործը՝ դատաքննության փուլում

xoshtangum 3Վերջերս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղինակ Ո.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ):

Ծանոթություն
Գործով ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն անընդհատ գտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում: Այսպես, ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով Վաղինակ Ո.-ի կողմից տուժողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն հետագայում որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը:
Դրանից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը կրկին մերժվել է տուժողի հաշտության հիմքով: Դեպքից շատ չանցած` ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նորից նյութեր են նախապատրաստվել, այս անգամ արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ, սակայն Վաղինակ Ո.-ի բախտն այս անգամ էլ բերել է, և որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
2012 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, և նորից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին տուժողի բողոքի բացակայության հիմքով:
Նշված բոլոր որոշումները պահանջվել են հետաքննական մարմնից և կցվել քրեական գործի նյութերին:

Տուժողի մասին
Սույն գործով տուժող Սիրանուշ Գ.-ն ամբաստանյալից՝ Վաղինակ Ո.-ից մեծ է 11 տարով:
Տուժողը և ամբաստանյալը գտնվել են ինտիմ կապի մեջ և 2012 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013-ի հունիսը միասին են բնակվել: Տուժողի և ամբաստանյալի հարաբերությունները լարվել են, ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն, հավաքելով անձնական իրերը, հեռացել է Սիրանուշ Գ.-ի բնակարանից:
Հանցագործության դեպքը
2013 թ. հունիսի 30-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վաղինակ Ո.-ն ցանկացել է հանդիպել Սիրանուշ Գ.-ին: Երիտասարդը գնացել է նրա բնակարան, որտեղ այդ պահին գտնվել է Սիրանուշ Գ.-ի վաղեմի ընկեր Ստեփան Հ.-ն: Ըստ նախաքննական մարմնի նյութերի՝ նշված բնակարանում մեկ այլ տղամարդու գտնվելու հանգամաքը զայրացրել է Վաղինակ Ո.-ին: Վերջինս ծեծի է ենթարկել Սիրանուշ Գ.-ին. ոտքով հարվածել է նրա գլխին, ձեռքերով բռնել է նրա մազերից, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Սիրանուշ Գ.-ն, սողալով կարողացել է մոտենալ մուտքի դռանը, դուրս գալ միջանցք և օգնություն կանչել:
Այդ պահին Վաղինակ Ո.-ն կրկին բռնել է տուժողի մազերից, քաշելով նրան հանել միջանցք, կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը: Դեպքի վայր եկած բնակիչների միջամտությունից հետո Վաղինակ Ո.-ն հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 04: 00-ին, հանգստանալով և գիտակցելով իր արարքը, Վաղինակ Ո.-ն կրկին վերադարձել է գործով տուժողի բնակարան` վերջինիս որպիսությունն իմանալու: Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, լույսը` անջատված, Սիրանուշ Գ.-ի բնակարանում գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով մոտեցել է բնակարանի պատուհանին, քարով կոտրել ապակին և հասկանալով, որ Սիրանուշ Գ.-ն տանը չէ` հեռացել է:

Քննչական գործողություններ
Սիրանուշ Գ.-ն դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ի վերջո, վարույթն իրականացնող անձանց կողմից որոշումներ են կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրանք
Վաղինակ Ո.-ն մեղադրվել է այն բանում, որ նա 2013 թ. հունիսի 30-ին՝ ժամը 02: 00-ի սահմաններում, իր նախկին ընկերուհի Սիրանուշ Գ.-ի հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել` ձախ աչքի ստորին կոպի, ձախ նախաբազկի հետին մակերեսի արյունազեղումների, բերանի ներսային մակերեսի աջ կեսի, աջ թիակային շրջանի հատվածներում, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, պոռթելու նպատակով մատները մտցրել է բերանը, տուժողը կծել է նրա մատը, որից հետո Վաղինակ Ո.-ն ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը, որի արդյունքում վերջինիս պատճառել է ուժեղ ցավ, ինչպես նաև մարմնական տառապանք` երկարատև տևողությամբ, որն արտահայտվել է առանձին դաժանությամբ, և նրա գործողությունները կանխվել են միայն օգնության հասած հարևանների միջամտության արդյունքում:

Դատարանի դժգոհությունը
Ըստ դատարանի՝ նախաքննական մարմինը անտեսել է ամբաստանյալ Վաղինակ Ո.-ի առողջական վիճակը, նրա անձը բնութագրող նշված հանգամանքները, կատարած արարքի բնույթը և վարքագծի դրսևորումները, նախաքննության ընթացքում դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ չի նշանակել:
Նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում դատարանն իր նախաձեռնությամբ անհրաժեշտ համարեց նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն` գտնելով, որ դատարանին հետաքրքրող հարցերի պարզումը հնարավոր է միայն դատական հոգեբուժության և հոգեբանության բնագավառներում հատուկ մասնագիտական գիտելիքների և հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառմամբ:
Այս առթիվ դատավարության մասնակիցները առարկություն չներկայացրին:

Հ.Գ.- Առանձին դաժանությամբ խոշտանգման այս դեպքին մենք դեռ կանդրադառնանք «Անկախի» հաջորդ համարներում: Միայն տեղեկացնենք, որ դատաքննությունը շարունակվում է:

ԹՈՐՈՍ ՌՈՒԲԻՆՅԱՆ.հմուտ դիվանագետ

կիլիկիայի քարտեզՀայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, արագ անկում է ապրել, եղել են նաև դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:

Այս շարքում յուրօրինակ է Կիլիկիայի հայոց անկախ իշխանապետության ծնունդը:
Դեռ ոչ վաղ անցյալում` 1045 թ., Բագրատունյաց թագավորությունն անփառունակ վախճան ունեցավ: Դարերով թափված արյան ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունը հայ կղերի թեթև ձեռքով կործանվեց: Սակայն Բագրատունյաց թագավորության կործանման մեջ միայն հայ եկեղեցին չէ, որ մեղավոր էր: Հայոց հասարակարգը սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամ էր ապրում: Շատ անվանի ու ազդեցիկ իշխաններ Գագիկ Բ Կրտսեր Բագրատունի թագավորից (1042-1045) հետո ուղղակի իրենց հայրենական կալվածքները հանձնեցին բյուզանդական կայսրությանն ու լքեցին երկիրը: Մասնավորապես` Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը, Վանանդի Գագիկ թագավորը….

Հայաստանից սկիզբ առավ հոծ արտագաղթ, և թվում էր` հայությունն այլևս ընդունակ չի լինի ոտքի կանգնել ու անկախ պետականություն ձեռք բերել:
Սակայն կատարվում է անսպասելին. Բագրատունյաց թագավորության անկումից անգամ կես հարյուրամյակ չէր անցել, երբ Կիլիկիայում` օտար հողի վրա, ծլեց հայոց նոր պետականությունը` Կիլիկիայի իշխանապետությունը:
Այս նոր պետության սկզբնավորողը հենց Գագիկ Բ թագավորի թիկնազորի իշխաններից Ռուբենն էր, հավանաբար` դարձյալ Բագրատունյաց տոհմից: Պատմությունը, փառաբանելով Ռուբենին, նրա ստեղծած նոր հարստությունը հենց նրա անունով կոչեց` Ռուբինյան:
Ռուբեն Առաջինը 1080 թ. ապստամբության դրոշ պարզեց Բյուզանդիայի դեմ ու Լեռնային Կիլիկիայում հռչակեց իր անկախությունը: Նա իր կառավարման 15 տարիների ընթացքում ընդարձակեց իր տիրույթները և որդուն ու ժառանգին` Կոստանդինին կտակեց արդեն կայացած ու ճանաչում ստացած հզոր իշխանությունը:
Կոստանդին Առաջինը (1095-1100), շարունակելով հոր քաղաքականությունը, կարճ իշխեց, նրան հաջորդեց որդին` Թորոս Առաջին Ռուբինյանը (1100-1129):
Գահ բարձրանալով` Թորոս Առաջինը ժառանգեց հզոր ու բարգավաճ մի երկիր, որտեղ, սակայն, անպակաս էին նաև խնդիրները:
Կիլիկիայի իշխանապետության հարատևման համար պարտադիր էր Դաշտային Կիլիկիայի նվաճումը, որը կամրապնդեր հայոց իշխանապետության ոչ միայն ռազմավարական դիրքերն ու միջազգային հեղինակությունը, այլև ձեռք կբերվեին Դաշտային Կիլիկիայով անցնող առևտրային հարուստ ճանապարհների հսկողությունն ու եկամուտները, երկիրը դուրս կգար Միջերկրական ծով: Ահա այս խնդիրը պետք է լուծեր Թորոս Ռուբինյանը: Սակայն նրա ծրագրերին մի շարք խանգարող հանգամանքներ կային` ընդդիմացող Բյուզանդիան, սելջուկների Իկոնիայի կայսրությունը, խաչակիրները և Կիլիկիայի տարածքում հաստատված հայ և հույն անջատողական ձգտումներով առանձին իշխանությունները:
Սակայն Թորոս Առաջինը բավականաչափ կամք ու եռանդ ուներ իր առջև դրված խնդիրների լուծման համար:
Գահակալման առաջին տարիներին ևեթ` 1104 թ., Թորոս Առաջինը նախահարձակ եղավ Բյուզանդիայի վրա և նախ ամրապնդեց իր դիրքերը Լեռնային Կիլիկիայում` նվաճելով Սիսը և Անարվազան: Ապա Դաշտային Կիլիկիան մաքրելով բյուզանդական կայազորներից` երկրամասը կցեց իր պետությանը: Թորոս Առաջինն իր իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Անարբազա, որը գեղեցիկ շինություններով ու ապարանքներով ճոխացրեց: Նա այստեղ կառուցեց Սուրբ Զորավարաց եկեղեցին:
Դրանով հայոց իշխանն ազդարարեց իր նվաճողական նկրտումների մասին: Դա, բնականաբար, չէր մտնում հարևան տերությունների ծրագրերի մեջ, և շուտով Իկոնիայի սուլթանության մեծաթիվ բանակը ներխուժում է Կիլիկիա:
Թորոսին օգնության է փութում մեկ այլ ականավոր հայ իշխան և զորական` Գող Վասիլը: Կամսարականների տոհմից սերող այս իշխանը Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի տարածքում ստեղծել էր լայնատարած անկախ իշխանապետություն և Թորոսի պես նա էլ հավակնություններ ուներ վերականգնելու հայոց թագավորությունը: Երկու հայկական անկախ իշխանությունների միջև եղած հակամարտությունն ու առաջնության համար մղվող մրցակցությունը չխանգարեցին միավորվելուն սելջուկների դեմ պայքարում: Գող Վասիլը լավ էր հասկանում, որ տվյալ դեպքում Կիլիկիայի իշխանապետությունն ապահովում է իր պետության թիկունքը, և Թորոսին ընկճելով` թշնամին կանգ չի առնի: Նրա բանակը միացավ Թորոսի զորքերին, և 1107 թ. Բերդուսի վճռական ճակատամարտում հայերը ջախջախեցին սելջուկյան զորքերն ու դուրս շպրտեցին Կիլիկիայից:
Թորոսը նաև հմուտ դիվանագետ էր: Նա հակաբյուզանդական պայքարում իր պետության արևելյան սահմաններն ամրապնդելու և դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին Բ-ին: Սա նպաստեց Թորոս Ա-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ հետագայում իր ձեռնարկներում հաճախ էր ներգրավվում Անտիոքի դքսության զինուժը, որ բաղկացած էր խաչակիր ասպետների ծանրազեն հեծելազորից:
Թորոս Ա-ն ոչ միայն հայրենասեր ու զորեղ իշխանավոր էր, այլև պատվախնդիր:
Նա վրեժխնդիր եղավ հույն Մանդալե եղբայրներին Բագրատունյաց արքայատոհմի վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքայի նենգ սպանության համար:
Գահազուրկ Գագիկ արքան իր կյանքի մայրամուտին շարժում էր սկսել Կիլիկիայում հայոց երկրի ազատագրման նպատակով: Դա աննկատ չմնաց բյուզանդական արքունիքից, և հենց արքունիքի սադրանքով ազգությամբ հույն Մանդալե եղբայրները հյուրընկալության պատրվակով 1080 թ. ձերբակալեցին հայոց արքային, սպանեցին ու մարմինը մետաղալարով կախեցին իրենց ամրոցի պատից: Հայոց արքայի դիակը հետագայում ամփոփվեց Պիզու վանքում: Հայոց իշխանները հավաքվեցին և պաշարեցին Մանդալեների ամրոցը, բայց գրավել չկարողացան:

Նենգ հույներից վրեժ լուծելը Թորոս Ա իշխանի պատվի խնդիրն էր: Նա 1111 թ. գրավեց հույն եղբայրների Կնդռոսկավիս բերդը, երեք եղբայրներին տանջամահ արեց, սրի քաշեց նրանց ցեղն ու բռնագրավեց կալվածքները: Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նա, ձեռք բերելով հայոց արքայի թուրն ու հանդերձանքը, երկար ժամանակ դառնաղի արտասվում էր:
Հիրավի` արժանի պատիժ նենգ եղբայրների նկատմամբ:

Բյուզանդիան, տեսնելով Թորոսի հաջողությունները և հայոց իշխանապետության ամրապնդումը, ստիպված էր հաշտվել ստեղծված իրականության հետ, և Կոստանդնուպոլսի արքունիքը Թորոսին սիրաշահելու քայլեր ձեռնարկեց: Ալեքսիոս կայսրը պատգամավոր ուղարկեց Թորոսի մոտ հաշտության առաջարկով: Կայսրը Թորոսին շնորհեց «Առաջին Սեբաստոս» կոչում:

Թորոսը, լինելով քաջարի ռազմիկ, միաժամանակ շինարար էր ու գիտության, մշակույթի հովանավոր: Իր պետության մեջ նա աչքաթող չարեց նաև հոգևոր-մշակութային կյանքը: Սիս քաղաքի մոտ հիմնադրեց Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանական համալիրները: Դրազարկի վանքը հետագայում դարձավ նշանավոր գիտամշակութային կենտրոն: Թորոսը, իր կտակի համաձայն, թաղվեց հենց Դրազարկի վանքում, որ դարձավ նաև Ռուբինյանների տոհմական տապանատունը:
Թորոս Առաջինը մահացավ 1129 թ. ` ողջ կյանքում մաքառելով հանուն հայության ու փառավորելով իր իշխանությունը:
Քանի որ Թորոս Առաջինի որդիները` Կոստանդինն ու Օշինը, մահացել էին մանկահասակ տարիքում, նրա գահը ժառանգեց կրտսեր եղբայրը` Լևոն Առաջինը (1129-1137):
Վահե Անթանեսյան

Աստանայի խոսափողն ու ռուսական ուղերձները

նազարբաևԱստանայում  մայիսի 29-ին Եւրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի քննարկման պահին Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի հղած նամակի ընթերցումը  հիշեցնում է նախնական քննարկմանը նույն նախագահի` Հայաստանի Հանրապետության հավանական անդամակցության գծով արտահայտած վերապահությունը:

Պարզ է, որ Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահություն կամ հստակացումներ կատարելու համար ամեն տեսակի շեշտադրում համաձայնեցրել էր նոր ստեղծվող միության առաջատար ուժի հետ: Սա ուղերձ էր ուրեմն Մոսկվայից հղված Բաքվին. գուցե նաեւ ոչ միայն Բաքվին: Թեկուզ Ղազախստանի նախագահի միջոցով:

Կվերադառնանք ուղերձին եւ ղազախական կամուրջին: Նշենք միայն, որ բուռն բանավեճերի դուռ բացած այս խնդիրը  ունի դիտարժան մի քանի կետ:

Նախ այն, որ ՀՀ-ը միջպետական կամ միջազգային համաձայնագրերին կմիանա իր ճանաչված սահմաններով: Դրանցից գլխավորը եթե նկատի ունենանք` ՄԱԿ-ը, այս դեպքում թե՛ Ադրբեջանը եւ թե՛ ՀՀ-ը դրան անդամակցել են իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Խնդիրը այն է, որ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը եւ տնտեսական միության անդամակցությունը հստակ տարբերություն ունեն: Այս դեպքում, մաքսային անցակետերի տեղադրման իրականությունն է, որ Բաքուն շահարկել է եւ Աստանայի միջոցով վերապահություն եւ պայմաններ է արծարծում:

Եթե մի կողմից նախագահ Սարգսյանի լուռ մնալը այդ ժողովին սուր քննադատության  է ենթարկվում, մյուս կողմից նաեւ հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել Բաքվի պայմանի որդեգրման` համաձայնագրի բնագիրը ստորագրող պետությունների ներկայացուցիչների կողմից:

Այս հարցի բանավիճումը կարող է շարունակվել: Կանխատեսումները կզարգանան հասնելու համար այնտեղ, ուր սա պատեհ առիթ է պաշտոնական Երեւանին հրաժարվելու եւրասիական կառույցներին անդամակցելուց:

Չմոռանանք, որ Արցախը միջազգային ընտանիքին ներկայանում է որպես ինքնորոշված տարածք, հետևաբար այն չի կարող նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաս նկատվել: Տարբեր է անշուշտ իրողական բաժինը: Եւ այս բոլորի պատասխանը կլինի ՀՀ -ԼՂՀ առանց մաքսային կետի, ներկա անցակետային սահմանի դրվածքի պահպանումը:

Մտահոգիչը անշուշտ ռուսական գործոնի թույլտվությամբ կարդացվող նամակն է եւ նրա ներկայության արծարծվող նախապայմանային տրամադրությունները: Առանց Պուտինի համաձայնության ոչ մի Նազարբաեւ նման հանդիպումների ընթացքում նախապայմանային հռետորաբանություն չէր կարող օգտագործել:

Նազարբաեւը այստեղ ռուսական խոսափողի դեր է կատարել պարզապես: Ռուսական ուղերձը այլ տեղ եւս առարկայացավ, երբ զենքի նոր քանակի տրամադրում արձանագրվեց Մոսկվայից Բաքու: Ասացինք արդեն, որ ուղերձները հատում էին Բաքվի սահմանը: Նույն Նազարբաեւը, այս անգամ Թուրքիայում, մի քանի  օր առաջ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ վեհաժողովի ավարտին տրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան ապագայում կարող է  դառնալ Եւրասիական տնտեսական միության ընկերակցող անդամ:

Նազարբաեւ նաեւ ընդգծել է թուրքական խորհրդի եւ Եւրասիական տնտեսական միության միջեւ որեւէ տարակարծության բացակայությունը: «Եւրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների անդամակցության համար: Թուրքիան եւ այլ երկրներ կարող են ապագայում դառնալ նշյալ միության ընկերակցված անդամ»:

Մայիսի 25-ին Եւրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռարձակված բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ ներկա դրությամբ Թուրքիան չի կարող անդամակցել Եւրամիությանը: ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից անցքերի փակումը Անկարայի առաջ, Եւրասիական միության ճարտարապետներին  մղել է «էստի համեցեք» ասելու Թուրքիային:

Այս բոլորը իրենց հերթին: Ալիեւի նամակը, Նազարբաեւի խոսափողի դերը, ռուսական ուղերձը, հայկական լռությունը կամ Անկարային ուղղված հրավերը երկրորդական նշանակություն կունենան: Կարեւորը Հայաստանի Հանրապետության  եւ Արցախի միջեւ մաքսային կետի բացառումն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերէի գլխավոր խմբագիր

 

Իրանահայութեան ակնկալիքը նախագահ Ռոհանիից… Թուրքիա այցելութեան առիթով

 Հասան ՌոհանիԱյսօր պաշտօնական այցով նախագահ Ռոհանին Թուրքիա է այցելելու: Այս մակարդակի այց կատարւել է 18 տարի առաջ:

Երկկողմ, ինչպէսեւ՝ տարածաշրջանային մակարդակով, ըստ հաղորդած լուրերի՝ պէտք է ստորագրւի վեց պայմանագիր:

Անկախ պրոտոկոլային փոխյարաբերութիւններից, վստահաբար կայացող հանդիպումների ընթացքում կողմերը խոր քննարկման առարկայ են դարձնելու տարածաշրջանային եւ մասնաւորապէս՝ երկու երկրների համար կարեւորագոյն խնդիր հանդիսացող Սիրիայի ճգնաժամը: Այստեղ արդէն վաղուց ի վեր ակնյայտ է Իրանի եւ Թուրքիայի միջեւ խորքային տարակարծութիւն՝ ընդհուպ մինչեւ ռազմավարական նշանակութեան եւ նոյնիսկ ազգային-պետական շահերի անհամատեղելիութեան իրողութիւն:

Այս իրողութիւնը մասնաւորապէս Իրանի կողմից անցնող 2-3 տարիների ընթացքում բարձրաձայնւել ու նոյնիսկ դատապարտանքի կերպարանքով է դրսեւորւել, երբ հէնց վերոնշեալ ազգային-պետական շահերի համատեքստում Իրանը Սիրիական ճգնաժամի լուծման տարբերակ է առաջարկել երկխօսութիւնն ու խաղաղ միջոցները, իսկ Թուրքիան, հակառակը՝ Սիրիայի տագնապի հարցում որդեգրել է լոկ զինական-զինւորական լուծման տարբերակը:

Հարցը հասաւ նրան, որ իբրեւ համախոհ-զինակիցներ՝ Ս. Արաբիան եւ Կատարը Թուրքիայի հետ համատեղ հանդիսացան ռազմական, ֆինանսական եւ քաղաքական-քարոզչական այն առանցքը, որն օգնութիւն-օժանդակութիւն էր հասցնում սիրիական ընդդիմադիրներին: Այս վերջինների անյաջողութիւնների արդիւնքում եւ յատկապէս Արեւմուտքի հակաԱսադ նկրտումներում մեղմացուցիչ դիրքորոշման ի յայտ գալով՝ Սիրիական տագնապը այլ կերպարանք ստացաւ: Այս փուլից յետոյ՝ Սիրիական հարցը վերածւեց սալաֆի-ալաւի հակամարտութեան, իր ընդգծւած կրօնական ծայրայեղական երանգաւորմամբ, որտեղ արդէն ներգրաււեցին Ալղայիդական-տեռորիստական խմբաւորումները, որոնք մինչեւ իսկ Ասադից առաւել թիւ 1 թշնամի էին համարում շիա Իրանին եւ այդպիսով փորձում «արդարացնել» իրենց քստմնելի մարդակերպութիւնը՝ յաչս աշխարհի: Թուրքիայի ու իր համհարզների հովանաւորութիւնը վայելած վայրենաբարոյ տեռորիստների հակաքրիտսոնէական «ջիհադ»-ին էլ ականատես դարձաւ ողջ աշխարհն ու առաջին գծի վրայ յայտնւած՝ ողջ Հայաշխարհը՝ ի տես Քեսաբի ու քեսաբահայութեան անասելի արհաւիրքների, որոնք նոր կերպարանք ստացած՝ Հալէպին ու հալէպահայութեանը ամենօրեայ ծանրագոյն գին վճարելու հարկադրանքի առջեւ են կանգնեցրել, չխնայելով ո՛չ մարդկային կեանքեր, ո՛չ եկեղեցի, ո՛չ դպրոց եւ ու մանկապարտէզ…:

Ահաւասիկ, պրն. Ռոհանիի Թուրքիա այցը կատարւում է ներկայ փուլի իրողութիւններին զուգընթաց: Իսկ մեր, որպէս Իրանի քաղաքացիներ ու լուրջ մանաւանդ իրանահայեր, բնականաբար, այդ այցից ակնկալութիւնն ու սպասելիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ իրանական ազգային-պետական համընդհանուր շահերի շրջագծում՝ Անկարայի տեռորիստամէտ կեցւածքի նսեմացմանը միտող դիւանագիտական-քաղաքական հնարքների կիրառումը, ինչպէսեւ՝ Թուրքիայի հովանաւորութեամբ մարդկային, ազգային, կրօնական ու ցեղային հողի վրայ կաատրւող ոճրագործութիւնների դադապարտումն ու դադարեցումը: Սա է, ի վերջոյ, իրանահայի նւազագոյն պահանջ-սպասելիքը Թուրքիա այցելող իր նախագահից, որը դեռեւս ՄԱԿ-ի ամբիոնից «Աշխարհը՝ առանց  բռնարարքների» կարգախօսքը կենսագործելու էր մղում գործընկերներին:

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատերազմի վավերագրողը

գիրքԶինվո՞ր էր, թե՞ լրագրող: Ռազմաճակատում Վարդան Դևրիկյանը հաճախ էր ջնջում մարտիկի և վավերագրողի սահմանագիծը: Մարտնչող զինվորի արձակած փամփուշտը գուցե այնքան դիպուկ չլինի, որքան պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողի գրչի հարվածը, որը կարող է բեկել քարոզչական պատերազմը:
Մատենադարանի ավագ գիտաշխատող, 2-րդ աստիճանի Մարտական խաչի ասպետ Վարդան Դևրիկյանը Արցախյան ազատամարտի տարիներին հաճախ է գրիչը զենքով փոխարինել, գտնվել հակամարտության ամենաթեժ կետերում` զենքով պաշտպանելով, գրչով վավերագրելով արցախյան գոյամարտը:
– Իմ կյանքի ճանապարհն անցել է բազմահազարների նման, սկզբում Ազատության հրապարակ, ցույցեր, հետո այն գիտակցությունը, որ առաջնայինը Արցախի ինքնապաշտպանության, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցն է: 23 տարի առաջ պատերազմի դաշտից օպերատիվ լրատվություն հաղորդելը չափազանց բարդ էր, սակայն պայքարի դաշտ մեկնած լրագրողները փորձում էին առաջին գծից ստացված տեղեկությունները ժամանակին տեղ հասցնել: Իմ հոդվածները լույս են տեսել «Երկիր»-ում և «Հայ զինվոր»-ում: Արցախում հեղաշրջող դեր խաղաց ֆաքսը, մինչ այդ լրատվության օպերատիվությունը, լուրը հրատապ հասցնելը կապված էր նրանից, թե երբ ուղղաթիռ կիջներ, ինչ եղանակը կլիներ, գնդակոծություն կլիներ, թե ոչ: Ինձ միշտ ընդառաջել են, առաջին իսկ ուղղաթիռով կարողացել եմ թռչել գալ: Նախ գնացել եմ «Երկիրի» խմբագրություն: Ուղղաթիռները Երևանում չէին իջնում, եթե, իհարկե, ծանր վիրավոր չէին տեղափոխում: Հիմնականում վայրէջքը Կամոյում,Վարդենիսում էր, որպեսզի խնայեին վառելիքը, որովհետև դաժան շրջափակում էր: Հետո պետք է Կամոյից կամ Վարդենիսից Երևան հասնեի: Էլեկտրագնացքներ կային, բայց հոսանք չլինելու պատճառով ճանապարհի կեսին ստիպված էինք մի քանի ժամ սպասել, որպեսզի հոսանքը վերականգնվեր: Ժամանակ շահելու համար հոդվածներիս մեծ մասն այնտեղ եմ գրել` քարին նստած, օդում, գնացքների մեջ, որպեսզի ինֆորմացիան ժամանակավրեպ չլիներ: Մի կերպ մայրաքաղաք էի հասնում գիշերը ժամը 1-ին, 2-ին, խմբագրությունը Հանրապետության հրապարակում էր, թերթի խմբագիրը` Աղվան Վարդանյանը: Մի կերպ հասցնում, ուղարկում էր տպագրության:
Վարդան Դևրիկյանն ընդգծում է, որ աշխատում էր գրել ոչ թե դասական լրատվական, այլ ավելի նկարագրական և վերլուծական բնույթի հոդվածներ:

վարդան դևրիկյան– Որովհետև ինձ ավելի հետաքրքրում էին ազգագրական հարցեր, անգամ պատերազմական շրջանի հոգեբանությունը, տիպական ընդհանրություններ, գրում էի, որ մարդիկ իմանան ժողովրդի տառապանքը, հերոսականության խնդիրները, որոնք կային: Փորձել եմ ավելի վերլուծական գրել: Ժամանակը ցույց տվեց, որ ավելի մեծ արժեք ունեն այն հոդվածները, որոնք նկարագրական բնույթի են, որոնք մնացին որպես սկզբնաղբյուրներ: Ինչպես տեսախցիկը կադրով է ֆիքսում, այնպես էլ գրածը, նկարագրությունները բառով ֆիքսեցին գոյապայքարի ժամանակը:
Արցախյան հերոսամարտի հոդվածները հեղինակն ամփոփեց մեկ գրքում: Վարդան Դևրիկյանի «Չսկսված և չավարտված պատերամը» գիրքը լույս տեսավ վերջերս:
– Շուշիի մասին եմ գրել: Պատերազմին մասնակցության իմ տարիները կապված են եղել Շահումյանի ու Մարտակերտի` Արցախի Հյուսիսային ուղղության հետ: Ստեփանակերտ միշտ հասել եմ Գյուլիստանով կամ Կարաչինարով, անտառներով, դեպի Թալիշ այդ անտառներով կրակային գծով եմ եկել, ուր առարկայորեն զգում ես, թե ինչ էր մեզ համար Շուշիի ազատագրումը, երբ երեխան կարողանում էր մտովի հաշվել հրետանային արկի, մեծ տրամաչափի գնդացրի հետագիծը:
Վարդան Դևրիկյանը չի մոռանում` զորքը, որի մեջ նաև ինքն էր, դուրս եկավ Թարթառի կիրճով, ազատագրեց Հյուսիսային Արցախի Մարտակերտի հատվածը:
– Մարտակերտի գրավման գործողությունը, թե ինչպես մտանք, էդ ամբողջ սպասումը (այն ժամանակ «Լրաբերն» էր) ես հաղորդեցի: Մարտակերտի գրավման գիշերը ուրախությունից , սպասումից հետո հոդվածը գրել եմ, գրածս ռացիայով հաղորդել Ստեփանակերտ` Դաշնակցության տեղեկատվական կենտրոն: Նրանք դիկտաֆոնով ռացիայից ձայնագրել են, անթերի սղագրել և ֆաքսով ուղարկել Երևան: Հիշում եմ` այդ ընթացքում երկու անգամ ռացիայի մարտկոցները վերալիցքավորեցինք:
Վարդան Դևրիկյանն իր հոդվածներում նկարագրել է ընդհանուր իրավիճակը, ժողովրդի շարժը, մտայնությունը, կյանքի տարբեր ճյուղերը, շրջափակումը, պարտադրված հոգեբանությունը: Ըստ նրա` եթե ոգին չլիներ, հնարավոր չէր Ացախն ազատագրել գազանի ճիրաններից:
– Հիշում եմ` Քելբաջարի ազատագրումից հետո, երբ հակառակորդից վերցրած տանկերն իջեցրին ներքև Հաթերքի ուղղությամբ, սփյուռքահայերի պատվիրակություն կար: Խորհրդային տանկերի վրա աստղն էր, հետո ադրբեջանցիները որ վերցրել էին, իրենց դրոշն էին նկարել և կիսալուսինը՝ որպես անապատում ոռնացող գորշ գայլերի սիմվոլ: Երբ հայկական ինքնապաշտպանական ուժերը վերցրին, ադրբեջանական դրոշը ջնջեցին և մեր եռագույնը պատկերեցին: Անգամ 23 տարի առաջ մեր բանակը հզոր էր: Երբ մեր զինվորները տանկերը իջեցրին, ամերիկահայ մի կին կար, ասաց. «Մեծ մամա, դու ճիշտ չէիր»: Ես հարցրի՝ ի՞նչ կապ ունի մեծ մաման: Ասաց. «Երբ փոքր էի, հարցրի՝ ինչո՞ւ թողեցիք երկիրը, ասում էր՝ թուրքը ուժեղ է, չէինք կարող կռվել, ստիպված պետք է գաղթեինք, փրկվեինք: Երբ նայեցի մեր զինվորներին` հզոր տեխնիկայով, սարերին, լանջերին, ես հասկացա, որ մեծ մամաս ճիշտ չէր»: Կամքը հաղթանակի, դա է ավելի շատ տպավորվել:
Վարդան Դևրիկյանի խոսքով` հերոսական դրվագներով լի մեր պատմությունը եղել է շագրենու կաշվի նման փոքրանալը, և Արցախյան հերոսամարտի ամենամեծ յուրահատկությունն այն էր, որ ճիշտ է՝ կորուստներ ունեցանք, բայց շահեցինք կարևորը` երկիրն ամբողջությամբ չտրվեց, ժողովուրդը կռվեց մինչև վերջ, արեց անհնարինը: Դա էր մեծագույն արժեքը:
– Ինքնապաշտպանության գաղափարը, ամենամեծ հոգեբանական բեկումը, որ եղավ Ղարաբաղում, վերջին տան հոգեբանության փոփոխությունն էր: Եթե նայենք հայերի ու ադրբեջանցիների տիպաբանական տարբերությունները, նրանք ապրում են առաջին տան հոգեբանությամբ, մենք՝ վերջին տան: Դա նշանակում է, որ քոչվոր ցեղերի հայացքը դիմացինի վերջին տան վրա է, առաջ կգնա ու տեր կկանգնի: Իսկ մենք՝ հայերս, մտածել ենք, որ մեր տունը վերջինն է, որ գան, առաջինն այս տանն են խփելու: Արցախյան ազատամարտի ընթացքում «վերջին տունը» դարձավ պաշտպանական գիծ ու ամուր սահման:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչո՞ւ Հայաստանի մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունում մնացին առանց մեդալի

hh havaqakanԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մոտ էին հաջողությանը, սակայն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Սփոփանք պետք է համարել այն, որ երիտասարդների մրցաշարում մեր երկրի պատվիրակն արժանացավ Չինաստանի Նանկին քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի: Թե ինչու մեր երկրի մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձան առանց մեդալի, խնդրեցինք պարզաբանել մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

– Բախտը մեզնից երես էր թեքել դեռ Եվրոպայի առաջնությունը չսկսված: Անախորժ իրավիճակ ստեղծվեց ինքնաթիռով Մոսկվայից Սոֆիա ուղևորվելուց հետո: Բուլղարիայի մայրաքաղաք հասնելուց հետո պարզվեց, որ մեր ուղեբեռը տեղ չի հասել: Այն մեկ օր ուշացումով ստացանք, բայց այդ ընթացքում նյարդայնացած էինք, անգործության մատնված:
Ընդհանրապես լրջորեն էինք նախապատրաստվել և մեծ սպասելիքներ ունեինք: Բայց մարմնամարզիկների մեծ մասը չարեց այն, ինչին ունակ է:
Իրեն լավագույնս դրսևորեց Վիգեն խաչատրյանը, ներդրեց բոլոր ուժերը և երիտասարդների առաջնությունում, բազմամարտում գրավելով 6-րդ տեղը (81,65 միավոր)` լրացրեց պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշը: Այդ պատվին էին արժանանում 1-19-րդ տեղերը գրավողները: Ընդ որում, նա անսպասելիորեն երկու մրցաձևում հայտնվեց եզրափակչում: Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Վիգենն օղակների վրա վարժություններում 8-րդն էր: Խաչատրյանը կարող էր մրցանակակիր դառնալ հենացատկերում, սակայն երկրորդ մրցափորձն անհաջող կատարեց և բավարարվեց 5-րդ տեղով: Նա պետք է բարդացնի վարժությունների կատարման իր ծրագրերը, որպեսզի պատանեկան օլիմպիական խաղերում բազմամարտում և առանձին մրցաձևերում պայքարի մեդալների համար:
Դառնալով երիտասարդական առաջնությանը` նշեմ, որ Ռուսաստանի թիմի կազմում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դալալոյանը: Նա Հայաստանից չէ, Մոսկվայում է մեծացել, վարպետացել «Դինամո» ակումբում: Արդեն 5 տարի է` այդ մարմնամարզիկն ուշադրության կենտրոնում է: Հայաստանում շնորհալի պատանիներ կան, և եթե պայմաններ ստեղծվեն, կաճեն այդպիսի բարձրակարգ և գուցե ավելի ուժեղ մարմնամարզիկներ: Մեր երկրում եղած վատ մարզագործիքների վրա նախապատրաստված Խաչատրյանը հավասար պայքարում էր Դալալոյանի հետ: Իսկ Սեդա Թութխալյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ չեմպիոն: Թերևս նրա տեղափոխվելը Հայաստանի հավաքական տեխնիկական խնդիր է: Բայց մոսկվաբնակ մեր հայրենակցուհին Ռուսաստանում բարձր է վարձատրվում, այդպիսի հնարավորություն մեր երկրում չկա: Բացի այդ, ինքս այն կարծքին են, որ ավելի ճիշտ կլինի փողերը ծախսել տեղի կադրերի պատրաստականության մակարդակը բարձրացնելու համար:

– Անդրադառնանք մեր չարդարացված հույսերին:
– Հարություն Մերդինյանն իր նախասիրած մրցաձևում չկարողանալով մտնել եզրափակիչ, գրավեց 20-րդ տեղը (14,2): Երբ պատրաստվում էր մոտենալ մարզագործիքին, համակարգիչները խափանվեցին, լուսատախտակի վրա զրոներ վառվեցին: Երբ մարզիկի անունը գրվում է, նա մեկ րոպեի ընթացքում պետք է մոտենա և կատարի վարժությունները, բայց Հարությունը կանգնած սպասեց 15 րոպե, հնարավոր չէր չնյարդայնանալ: Փաստորեն, նա հուզվեց, նաև «սառեց»: Եվ վարժության ընթացքում անհասկանալի բան կատարվեց, Մերդինյանը «իջավ» և արժեքավոր միավորներ կորցրեց…
Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունները լավ կատարեցին, մտան եզրափակիչ և վաստակած 15,7, և 15,6 միավորներով զբաղեցրին 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք մոտ էին մրցանակակիր դառնալուն, եզրափակչում էլ ավելի լավ գնահատականներ ստացան, քան նախորդ փուլում, բայց մեր մարզիկների մրցակիցներն էլ բարձր գնահատականների արժանացան: Ընդ որում, Թովմասյանն առաջին տեղը գրաված մարզիկին զիջեց միայն մեկ տասնորդական միավորով:
Մերոնց մրցելույթից գոհ եմ, պարզապես մրցավարները նրանց մրցակիցներին մի փոքր նախապատվություն տվեցին: Արթուր Դավթյանը բազմամարտում փորձեց տիրանալ 2015-ին կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերի ուղեգրի: Առաջադրանքը բարդ էր, և նա կատարեց այն: Առաջին երեք տեղերը գրաված մարզիկներն իրենց թիմերի կազմում արդեն արժանացել էին ուղեգրերի և 4-րդը ճանաչված Արթուրը բազմամարտիկներից առաջինը տիրացավ ուղեգրի: Այդ պատվին էին արժանանում 1-12-րդ տեղերը գրավողները: Սակայն պարզ չէ` նա կարողությունները կփորձի՞ այդ ստուգատեսում, թե՞ ոչ: Բանն այն է, որ Եվրոպայի օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու է Բաքուն: Այդ մասին վերջնական որոշում կկայացնեն ՀԱՕԿ-ի և մեր երկրի մարզական պետական կառույցի ղեկավարները: Արթուրի նախասիրած մրցաձևը հենացատկերն են, բայց առաջին ցատկից հետո նա ընկավ: Քանի որ մենք ժամանակակից մարզագործիքներ չունենք, ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կատարվեց: Միայն եզրափակչի ժամանակ պարզեցի դա, երբ նույն ճակատագրին արժանացավ հոլանդացի մարզիկը: Կազմակերպիչները բացահայտեցին, որ կամրջակի հետ կապված խնդիր կա, այն հրվելու ժամանակ սահեցնում է մարզիկին: Հոլանդացուն թույլատրվեց կրկին ցատկ կատարել: Եթե դա իմանայինք, մենք էլ կպահանջեինք, բայց քանի որ ժամանակակից մարզագործիքներ չունենք, կատարվածը սկզբում հանելուկ էր մեզ համար: Այդ է պատճառը, որ Դավթյանը 13,7 արդյունքով սոսկ 58-րդն էր, մինչդեռ նա պետք է պայքարեր մեդալների համար:

– Մրցավարության մասին ի՞նչ կասեք, այն անաչա՞ռ էր:

– Ինքս առաջնությունը սպասարկող մրցավարների թվում էի: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականները ստացել են, պարզապես նրանց մրցակիցներն էլ «քնած» չէին:

– Տարբեր մարզաձևերում Ադրբեջանի «առևտուր» անելու, ֆինանսների միջոցով հարցեր լուծելու հետքը կա: Մարմնամարզությունում այդպիսի բան նկատվո՞ւմ է:

– Ահավոր: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր հովանավորն Ադրբեջանի «Կապիտալ» բանկն է: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահն ադրբեջանցի Ֆարիդ Գարիբովն է: Ի դեպ, Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Աննա Պավլովան դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

– Արթուր Դավթյանը բանակային է: Խնդիրներ առաջացե՞լ էին, որ նա նախապատրաստվի:

– Թույլատրել էին, որ նա նախապատրաստվի, և մարմնամարզիկը բարեխղճորեն դա կատարել էր: Գաղտնիք չէ, որ բանակում չկան այնպիսի պայմաններ, ինչպիսիք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում են: Սակայն մարզադպրոցի բազան էլ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Վերջերս Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում մեր մարմնամարզիկներն ակնառու հաջողությունների հասան, քանի որ մրցումների շեմին Դոհայում ուսումնամարզական հավաք էինք անցկացրել: Իսկ այս անգամ առանց ուսումնամարզական հավաք կազմակերպելու էինք ուղևորվել մրցավայր: Ինչ վերաբերում է բանակում եղած պայմաններին, ապա ոմանք փորձում են կրակի վրա յուղ լցնել: Եթե բանակային մարզաբազայում համապատասխան մարզագործիքներ լինեին, ապա ոչ միայն Արթուրը, այլև մեր երկրի հավաքականն այդ մարզասրահում կնախապատրաստվեր:

– Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանի ներկայացուցիչը նախապատրաստվի պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին:

– Ուզում ենք, որ անպայման ուսումնամարզական հավաք կազմակերպվի դրսում, թեկուզ Վրաստանում կամ Իրանում: Դեռևս դեպք չի եղել, որ դիմենք և ՀԱՕԿ-ի ղեկավարությունը չընդառաջի, չաջակցի:

– Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը Չինաստանում կայանալու է աշխարհի առաջնությունը: Քանի՞ մասնակից կունենանք այդ ստուգատեսում:

– Թիմի վերջնական կազմը դեռևս պարզ չէ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինքնաթիռի տոմսերն ինչ արժեք կունենան, հյուրանոցների համարների գներն ինչպիսին կլինեն: Ֆինանսական խնդիրներ ունենք:

Զարկ է տրվում միջուկային բժշկության զարգացմանը. Առողջապահության գերազանցության կենտրոն` մայրաքաղաքում

բժշկությունՎերջին տարիներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության մակարդակը զգալիորեն աճել է, ինչի հետևանքով ավելացել է նաև մահացությունների թիվը: Վերջին 10 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունների թիվն աճել է մոտ 36,9%-ով: Նույն ժամանակահատվածում 31%-ով էլ աճել է բժշկական հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ հասնելով՝ 32580-ի:

Ըստ պաշտոնական տվյալների` մեր երկրում ամեն տարի քաղցկեղի պատճառով անառողջ է ճանաչվում մոտ 2700 մարդ, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասը գերազանցում է 70 մլն դրամ:

Մայրաքաղաքի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների համաձայն` ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը վերջին տարիներին տարեկան ավելանում է շուրջ 3 տոկոսով: Առավել տարածված ախտորոշումը թոքերի և կաթնագեղձի քաղցկեղն է, ինչը կարող է կապված լինել սննդի որակի, շրջակա միջավայրի աղտոտվածության և մշտական սթրեսների հետ: Սրանք թերևս միայն ենթադրություններ են:

Սկսած IX դարի կեսերից` չարորակ նորագոյացություններն աշխարհում դարձել են մարդկության մահվան հիմնական պատճառներից մեկը: Սակայն դրանց տեսակարար կշիռի ավելացմանը զուգընթաց` բժշկագիտության և առհասարակ գիտության զարգացումը որոշակիորեն արդյունք տալիս է: Բժշկությունն ապացուցում է, որ քաղցկեղի բուժման հիմնական երաշխիքը հիվանդության վաղ բացահայտումն է: Ախտորոշման և բուժման նորագույն եղանակները հնարավորություն են տալիս չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման արդյունավետությունը բարձրացնելու մինչև 95 տոկոս առողջացման: Սակայն մեր երկրում հիվանդության վաղ ախտորոշումը խնդիր է` պայմանավորված մասնավորապես հիվանդանոցների ոչ բավարար տեխնիկական հագեցվածությամբ և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող կադրերի պակասով: Բացի այդ, բնակչության շրջանում լայնորեն տարածված է քաղցկեղի անբուժելիության մասին տեսակետը: Բժշկագիտությունը վստահեցնում է, որ ուռուցքների շատ տեսակներ հաջողությամբ կարող են բուժվել, եթե վաղ ախտորոշվեն:

Հարկ է նշել, որ մեզանում քաղցկեղի հետազոտման և ախտորոշման բոլոր ծառայությունները բավական թանկ արժեն, իսկ պետպատվերը մասամբ է գործում: Էլ չենք խոսում անհրաժեշտ դեղորայքի և քիմիաթերապիայի համար պահանջվող գումարների մասին:

Այսօր կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվում են իզոտոպային հետազոտման մեթոդները: Հաստատված է, որ որոշ ռադիոակտիվ պատրաստուկներ՝ ֆոսֆորը, յոդը, ստրոնցիումը, ոսկին, ավելի մեծ քանակությամբ կլանվում են ուռուցքային բջիջներից, քան բնականոն բջիջներից, ինչն էլ հնարավորություն է տալիս, ըստ ռադիոակտիվ նյութի տեղաբաշխման, հայտնաբերելու ուռուցքները և մետաստազները:

Մեր երկրի առողջապահական համակարգում արդեն մոտ 2 տարի է` փորձ է արվում զարգացնելու միջուկային բժշկությունը, որը նպաստելու է քաղցկեղի առաջացման, հետագա բուժման և ամենակարևորը՝ հիվանդության կանխարգելման հետ կապված բոլոր խնդիրների լուծմանը: Խոսքը վերաբերում է Հայաստանում «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն» ստեղծելու գաղափարին, որն արդեն իրականություն է: Ի դեպ, վաղուց արդեն Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հարևանությամբ մեկնարկել են կենտրոնի շինարարական աշխատանքները:

Գործելու է մոլեկուլյար և ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոն: Մասնագետների գնահատմամբ` կենտրոնի գործունեությունը հնարավորություն կտա առաջին հերթին ախտորոշելու և կանխարգելելու հիվանդության հետագա զարգացումը, սակայն միայն վաղ ախտորոշման պարագայում:

Սա երկարաժամկետ ծրագիր է և մշակվել է պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ Էկոնոմիկայի ու առողջապահության նախարարությունների հետ համատեղ: Նախատեսվում է ստեղծել ռադիոիզոտոպների արտադրություն, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն և ուռուցքաբանական կլինիկա: Այդպիսով, փորձ է արվելու մեր երկրում առկա ռեսուրսներով և նորագույն մոտեցումներով սստեղծել և զարգացնել քաղցկեղի ախտորոշման և բուժման կլաստեր:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը մատուցելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ բուժման բարձրակարգ ծառայություններ:

Ներկայումս ավարտին են մոտենում ՀՀ պետական միջոցներով ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքները: Կենտրոնի ստեղծման կարևորությունը մասնագետները համարում են այն, որ կառույցը հնարավորություն կտա հիվանդության դեռ վաղ փուլում ճշգրիտ ախտորոշելու քաղցկեղը:: Բացի այդ, կենտրոնը լինելու է նաև մասնագիտական կադրերի վերապատրաստման հաստատություն:

Կենտրոնը հագեցած կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Կենտրոնը հագեցված կլինի համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով, մամոգրաֆներով, ռենտգեն ստացիոնար և շարժական սարքավորումներով, կունենա ախտորոշման տարբեր բաժանմունքներ:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և բելգիական կառավարության կողմից տրամադրված վարկերի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվելու է 3 հիմնական փուլերով: Առաջին փուլը ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծումն է: Երկրորդ փուլում նախատեսվում է ստեղծել ճառագայթային բուժման կենտրոն, որը կմատուցի արտահիվանդանոցային ծառայություններ: Նախատեսվում է մասնավոր ներդրողի առկայության պարագայում ծրագրի երրորդ փուլը մեկնարկել 2014 թ.: Այդ փուլում արտահիվանդանոցային կենտրոնին զուգահեռ կկառուցվի քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոն` առնվազն 150 մահճակալներով: Այստեղ արդեն կիրականացվեն օնկոլոգիական վիրահատություններ և հոսպիտալացված բուժում:

Ըստ նախնական հարցումների` այստեղ ծառայության սակագները կլինեն ոչ այնքան թանկ: Նախատեսված է այն հասանելի դարձնել ազգաբնակչության բոլոր շերտերի համար: Հարկ է նաև հաշվի առնել, որ վաղ ախտորոշման շնորհիվ այն ավելի մատչելի կլինի: Ներկայումս օնկոլոգիական ծառայությունները թանկ են այն հիվանդների համար, որոնք արդեն հիվանդության ամենածանր փուլում են, և հետագա բուժումը պահանջում է թանկ դեղորայք:

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի իրականացման բյուջեն կազմում է 24-26 մլն դոլար, որից շուրջ 12,4 մլն դոլարը նախատեսված է ճառագայթային բուժման կենտրոնի, իսկ շուրջ 12-14 մլն-ը՝ քիմիթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծման համար:

Մասնագիտական գնահատականների համաձայն` ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը կդառնա տարածաշրջանի առաջատար, եթե կենտրոնն իսկապես ի վիճակի լինի իրագործելու այս հավակնոտ ծրագիրը:

Ինչ վերաբերում է կադրային պատրաստվածությանը, ապա հայ մասնագետների հետ տեղեկատվության փոխանակման նպատակով մեր երկիր են հրավիրվելու տվյալ ոլորտի առաջատարները: Որակյալ ծառայությունների ապահովման նպատակով իրականացվելու են բժիշկների և մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Միաժամանակ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ են տարվելու գիտահետազոտական ներուժի զարգացման, նորարարական ունակությունների խթանման ուղղություններով:

Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն իրականացվելու են միջազգայնորեն լայն տարածում գտած և ՀՀ-ի կողմից ընդունված չափորոշիչների, բուժման ընթացակարգերի և մեթոդների հիման վրա:
Ըստ նախնական կանխատեսումների՝ ռադիոիզոտոպների արտադրության մասնաշենքի կառուցումը կավարտվի տարեվերջին, որը հավանաբար լիարժեք կսկսի գործել եկող տարվա սկզբից:

Լ.Ն

Մականունավոր պատգամավորներ. մեր հասարակության հայելին

մականունավորներԱզգային ժողովում մականունավոր պատգամավորների պակաս չի զգացվում, չնայած, մինչ խորհրդարանական ընտրությունները, Հանրապետական կուսակցությունը, օրինակ, հայտարարում էր, որ իր համամասնական ցուցակում գործարար-մականունավոր պատգամավորներ չեն լինի: Համամասնական ցուցակի առումով, իհարկե, խոստումը պահպանվեց, սակայն հանրապետական մականունավորները խորհրդարան ներխուժեցին մեծամասնական ընտրակարգով: Բայց միայն հանրապետականը չէ, որ պատիվ ունի մականուններով պատգամավորներ ունենալու Ազգային ժողովում: «Բարգավաճ Հայաստան»-ում նույնպես դրանց թիվը բավականին մեծ է:

Սկսենք հանրապետականներից:

загруженноеՀՀԿ խմբակցության ամենակարկառուն մականունավորներից է թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն: Նրա մականունը բացատրվում է ժամանակին կրծկալի վաճառքով զբաղվելու հանգամանքով: Սամվել Ալեքսանյանը, բացի մականունավոր լինելուց, նաև Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից է և որևէ առնչություն չունի երկրի օրենսդիր մարմնի գործունեության հետ: Նրա ներկայությունն Ազգային ժողովում զուտ խորհրդանշական բնույթ ունի:

Մականունավոր պատգամավորներից մեկն էլ թիվ 33 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանն է` նույն ինքը Բուռնաշը: Սակայն, ի տարբերություն Լֆիկի, Բուռնաշի մականունը բոլորովին այլ պատմություն ունի: Այն կապված է Արցախյան պատերազմում նրա գործունեության հետ:

12568Պատգամավորը պատմել է, որ պատերազմի տարիներին, երբ իրար հետ կապ էին պահում ռացիաների միջոցով, անունների փոխարեն կապ հաստատելուց առաջ թվեր էին ասում: Մարտական ընկերներից մեկն էլ առաջարկում է նրա անունը «Բուռնաշ» դնել, քանի որ այդ տարիներին Աշոտ Աղաբաբյանը նման է եղել «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի Բուռնաշին կերպավորող դերասանին:

Պատերազմական տարիներից ձեռք բերված մականունով Ազգային ժողով է եկել նաև հանրապետական Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Նրան տվել են այս մականունը, քանի որ միակն է եղել, որ ունեցել է գերմանական արտադրության «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ:

000000000000-420x279Իհարկե, չպետք է ուրանալ Արցախյան պատերազմում նրա մասնակցությունը, բայց չենք էլ կարող չնշել, որ Շմայսը խորհրդարանում հայտնի է իր, մեղմ ասած, ոչ բարեկիրթ վարքով ու պահվածքով: Ինչ վերաբերում է օրենսդիր գործունեությանը, ապա ակնհայտ է, որ նա դրանից ընդհանրապես գլուխ չի հանում:

1371012845,128Իր ագրեսիվ ու անպարկեշտ վարքով խորհրդարանում մշտապես աչքի ընկնող մականունավորներից մեկն էլ Մհեր Սեդրակյանն է՝ Թոխմախի Մհերը, որը բացի մականունավոր լինելուց` հայտնի է նաև որպես թաղային հեղինակություն և քրեաօլիգարխիկ կերպար:

Նրա ֆոնին բավականին մեղմ ու անշառ կերպարանքով է հանդես գալիս մեկ այլ մականունավոր հանրապետական՝ Համլետ Հարությունյանը, որին ուղղակի Բառադի Համո են կոչում: Ասում են՝ նա իր մականունը «վաստակել է» հենց իր «բառադի» պահվածքի համար:

Հանրապետական խմբակցության պատգամավորների մի փունջ էլ առանձնանում է բիզնեսներից ձևավորված մականուններով՝ Աշոտ Արսենյան՝ Քլոս կամ ուղղակի Ջերմուկի Աշոտ: Այս պատգամավորը «Ջերմուկ գրուպի» նախագահն է և լուրջ կարողության տեր գործարար, որը խորհրդարանում է հայտնվել, համենայն դեպս, ոչ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու նպատակով:

914Արտակ Սարգսյան կամ «ՍԱՍ»-ի Արտակ. հայտնի «ՍԱՍ գրուպ» ընկերության սեփականատերն է, որը պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից` մեծամասնական կարգով: Հետաքրքիր է, որ այս հաջողակ գործարարը, ինչը չի կարելի ասել նրա օրենսդրական գործունեության մասին, «ՍԱՍ գրուպ» ընկերությունը հիմնադրել է 1997 թ., երբ ընդամենը 24 տարեկան էր:

ՄԱՊ-ի Ալիկը կամ Ալեքսան Պետրոսյանը 2003-ին խորհրդարան է եկել ՕԵԿ-ով, ապա ՕԵԿ-ի վատ ժամանակներում լքել խմբակցությունը՝ անցնելով ՀՀԿ-ի շարքերը: Հիշեցնենք, որ Mapi_AlikՄԱՊ-ը կոնյակի, գինու, պահածոների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է: Ի դեպ, ՄԱՊ-ը հապավում է, որը բացելով՝ մեր առջև հառնում է պատգամավորի որդին՝ Մակար Ալեքսանի Պետրոսյանը, որն էլ հանդիսանում է այդ ընկերության տնօրենը:

Թիվ 22 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մանվել Բադեյանը՝ Եվրոստանի Մանվելը, իր անունը ստացել է որպես «Եվրոստան-ույուտ» ընկերության հիմնադիր-տնօրեն: Ի տարբերություն մյուս գործարար-մականունավոր պատգամավորների` Բադեյանի ձայնը երբեմն-երբեմն խորհրդարանում լսվում է, չնայած ոչ օրենսդրական գործունեության շրջանակներում:

4674271400318866Վերջին շրջանում նրա անունը մեծ աղմուկ հանեց՝ կապված եզդի համայնքի ներկայացուցիչների հասցեին արված վիրավորական արտահայտությունների հետ:

Դերժավայի Արկադին՝ Արկադի Համբարձումյանը, խորհրդարանում է հայտնվել Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից: Նա այդ անվան համար պարտական է իր մեծահարուստ հորը՝ «Դերժավա-Ս» ՍՊԸ-ի «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանին: Անձամբ ինքը՝ Դերժավայի Արկադին, Սպիտակ քաղաքում թռչնաբուծական խոշոր ֆաբրիկա է կառուցում՝ փորձելով հետ չմնալ հորից:

արման-Սահակյան1Արման Սահակյանը՝ Սովռանոյի Արմանը, պատգամավոր է ընտրվել Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից: Այս երիտասարդ գործարար պատգամավորը, որն արմատներով Ջավախքից է, 2010 թ. Գյումրիում ճանաչվել է «Տարվա մարդ»: Իսկ թե 2012-ից գյումրեցիների կողմից գործուղվելով խորհրդարան` ինչ է արել Հայաստանի երկրորդ քաղաքի համար, հայտնի չէ: Համենայն դեպս, խորհրդարանում երբևէ աչքի չի ընկել իր ակտիվությամբ: Միգուցե արել է, բայց որպես «Սովռանո», «Մեդիա Սթայլ», «Վիդիս Դիսթրիբյուշն», «Իդեա Լաբ» ՍՊԸ-ների հիմնադիր-նախագահ կամ որպես «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ:

Պիվի-Հակոբ-Հակոբ-Հակոբյան

Հանրապետական երկու Հակոբ Հակոբյանների բախտը բերել է մականուն ունենալու համար, քանի որ երկու միանման անուն-ազգանուն ունենալը մի փոքրիկ խորհրդարանում հեշտ բան չէ: Եվ այսպես, Հակոբ Հակոբյաններից մեկին ճանաչում են որպես Պիվի Հակոբ, մյուսին՝ Թունելի Հակոբ:

Առաջինը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերն է, իսկ երկրորդը՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի սեփականատերը, շուրջ 20 տարի աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում և զբաղվել թունելագործությամբ:hakob_hakobyan

Սակայն պետք է նշել, որ վերոնշյալ բոլոր մականունավոր գործարար պատգամավորները պատգամավորական մանդատը վերցնելուն պես միանգամից «հրաժարվել» են իրենց ՍՊԸ-ներից, ՓԲԸ-ներից ու ԲԲԸ-ներից՝ միանգամայն ձեռնունայն լծվելով օրինաստեղծ աշխատանքին:

ՀՀԿ խմբակցության ներսում կան նաև պատգամավորներ, որոնք իրենց մականունները ձեռք են բերել նոր ժամանակներում: Օրինակ՝ Արտաշես Գեղամյանը՝ Դհոլը, իր մականունը ստացավ անձամբ Սերժ Սարգսյանից 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ վերջինս նրան դատարկ դհոլ անվանեց:

Հավերժ երիտասարդ հանրապետական Կարեն Ավագյանը ձեռք բերեց Փուչիկ մականունը՝ Հանրապետության հրապարակում ՀՀԿ սպիտակ փուչիկների պայթյունի հայտնի դեպքից հետո: Դե իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագ պատգամավորը Աներձագ էլ մնաց՝ այդպես էլ չկարողանալով հանրության կողմից ընկալվել որպես պատգամավոր Ռոբերտ Սարգսյան: Ի դեպ, նման ճակատագրի արժանացած մի պատգամավոր էլ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանն է, որին նույնպես այլ կերպ, քան Խնամի Վալոդ, շրջապատում չկարողացան ընդունել:

Հանրապետականի հարուստ ցուցակը եզրափակենք Նավոյով (Նահապետ Գևորգյան), Մխիկով (Արմեն Մխիթարյան) և Չախկալով (Արթուր Ստեփանյան):

153497Որպես անկախ ու անկուսակցական պատգամավոր հանդես է գալիս Արայիկ Գրիգորյան՝ Ավշարի Արայիկը, որը նախորդ երկու գումարումների Ազգային ժողովում պատգամավոր է եղել ՀՅԴ համամասնական ցուցակով, իսկ 2012-ի մայիսին՝ մեծամասնականով թիվ 18 ընտրատարածքից: Նա իր մականունը ստացել է՝ որպես «Ավշարի գինու գործարան» ընկերության սեփականատեր:
Մականունավորների պակաս չի զգացվում նաև այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, որը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր հայտնի Դոդի Գագո մականվամբ:

Բավականին ռոմանտիկ ձևով է իր մականունը ներկայացրել ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, որը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Խորը ներս ունեցող, հոգում թախիծ և արցունք պարունակող, կյանքի դաժան և դառը փորձերով անցած, 1-ej-mejtexi-lur5-e1290001523226-400x249ուժեղ և հզոր մարդու մականուն, որը իմն է, և որից երբեք չեմ հրաժարվի: Իմ բոլոր բանաստեղծությունների մեջ մտքերս ու խոհերս արտահայտել եմ ծաղկի միջոցով, այդտեղից էլ առաջացել է իմ մականունը»: Սակայն իրականում Ծաղիկ Ոուբոյի անունը կապված է ծաղկի վաճառքով զբաղվելու հետ:

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, որը վերջին ժամանակներս աչքի ընկավ իր փեսայի «քաջագործություններով» (իհարկե, նմանատիպ

1207

քաջագործությունների հեղինակ է նաև ինքը), իր մականունը ստացել է ծննդավայրից՝ Արարատի մարզի Շահումյան համայնքից, որը նախկինում կոչվել է Յուվա: Ի դեպ, Յուվեցի Կարոյի հայրը նույնպես եղել է պատգամավոր, սակայն ՀՀԿ-ի կողմից:

Հարություն Ղարագյոզյան՝ Կարամելի Հարութ: Այս պատգամավորը տարիներ առաջ ղեկավարել է հրուշակեղենի գործարանը, որը կարամել էր արտադրում: Չնայած այն հանգամանքին, որ Կարամելի Հարութը երբևէ խորհրդարանում աչքի չի ընկել իր ակտիվությամբ, նրան հաջողվել է շուրջ 24 տարի մանդատ զբաղեցնել Ազգային ժողովում՝ սկսած հին և բարի Գերագույն խորհրդի ժամանակներից:

Նա հաջողությամբ «Հանրապետություն» խմբակցությունից թռիչք է կատարել դեպի «Երկրապահ» պատգամավորական խումբ, ապա «Միասնություն» խմբակցություն, որտեղից էլ՝ ՀՀԿ և ի վերջո հանգրվանել ԲՀԿ-ում:

загруженное (1)ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Գրիգորի Մարգարյանը, Բելաջիոյի Գրիշ մականունը ստացել է հայտնի «Բելաջիո» ռեստորանային համալիրից, սակայն այս պատգամավորի ունեցվածքն ամենևին էլ այդ ռեստորանով չի սահմանափակվում:

Արշակ Մխիթարյանը՝ Բրիլիանտի Արշակը, իր անունը վաստակել է ոսկու և ադամանդի բավական հաջոզ բիզնեսից: Նա «Դայմոնդ Հաուզ» ընկերության սեփականատերն է: Նշենք, որ այս պատգամավորը նույնպես խորհրդարանի հնաբնակներից է, 2003 թվականից: Սկզբում` որպես ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ-ական: Սակայն իր 11-ամյա պատգամավորական գործունեության ընթացքում նա, բացի կոճակ սեղմելուց, գրեթե ոչինչ չի արել:

Մելիք-600x406Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, «Սարանիստ» ընկերության հիմնադիր սեփականատերն է, որը զբաղվում է շշերի արտադրությամբ: Նա նույնպես ՕԵԿ-ական կադրերից է, սակայն անցել է ԲՀԿ-ի շարքերը:

ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն էլ Հայկոպի Աբոն է: Այս խոշոր գործարարն իր կարիերան սկսել է կոշկակարությունից, իսկ 1991-2003 թթ. եղել է Հայկոոպի Երևանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրենը, հետո տնօրենը, ապա` գլխավոր տնօրենը: Մականունն էլ գալիս է այդտեղից:

Իսկապես, այս պատգամավորներից յուրաքանչյուրն իր մականվամբ և կենսագրությամբ մի իսկական պատմություն է, որը դետեկտիվ ժանրի գրողների համար սցենարի հիանալի նյութ կարող է դառնալ:

Այս մարդիկ նաև մեր մի մասնիկն են, մեր իրականության արտացոլանքն ու մեր հասարակության հայելին, որտեղ երևում է 5000 դրամով իր խիղճն ու ձայնը վաճառող քաղաքացու իրական կերպարը:

 

Անկախ

 

Շալանդը դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

ֆուտբոլ, 2-րդ նյութՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Մայնցում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Գերմանացի ֆուտբոլիստները նախապատրաստվում են հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը և այդ ստուգողական հանդիպմանը կարևոր նշանակություն են տալիս:

Գերմանիայի հավաքականն ընդգրկված է G խմբում և ուժերն է չափելու Գանայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի թիմերի հետ: Մրցակիցներից ոչ մեկն էլ նվեր չէ, այնպես որ տհաճ անակնկալներից ապահովագրվելու խնդիր կա: Հայաստանի ընտրանին ավելի շատ հայտնի է նրանով, որ երբեմն-երբեմն անախորժություններ է պատճառել ընտրական տարբեր մրցաշարերի հեղինակավոր հակառակորդներին: Թերևս այդ է պատճառը, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գերմանացիները մրցակից են ընտրել հենց մեր երկրի ընտրանուն: Ընդ որում, գերմանական կողմը, հրավեր ուղարկելով, ֆինանսական գայթակղիչ առաջարկներ է արել…

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարութամբ երրորդ խաղն է անցկացնելու: Շվեյցարացի մասնագետն առայժմ հայտնի է ոչ այնքան մեր թիմի ցույց տված գոհացնող խաղով, որքան մի քանի ուշագրավ իրողություններով:
Նա ասել է, որ իր համար կարևոր են նաև ընկերական հանդիպումների արդյունքերը, քանի որ դրանց շնորհիվ է թիմը կարողանում բարձր տեղ գրավել ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում, իսկ դրան հասնելու շնորհիվ, ընտրական մրցաշարերի վիճակահանության ժամանակ կարելի է հնարավորինիս ոչ ուժեղ մրցակիցներ ստանալ: Բացի այդ, Շալանդը համոզել է, որ հավաքականին անհրաժեշտ է տևական ուսումնամարզական հավաք անցկացնել և հրավիրել մի շարք ֆուտբոլիստների, որոնց նախկինում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, բացասական բնութագրեր էր տվել, և նրանց ազգային թիմ հրավիրելու հարցը փակվել էր:

Փաստորեն, Շալանդի առաջնահերթ սևեռուն նպատակն այն է, որ մերոնք լավ տպավորություն թողնեն հատկապես Գերմանիայի հավաքականի հետ մրցամարտում: Դրան էին նպատակաուղղված օրերս Շվեյցարիայում Հայաստանի հավաքականի համար կազմակերպված ուսումնամարզական հավաքը և երկու ընկերական հանադիպումները: Ինչպես հայտնի է, մերոնք 4:3 հաշվով հաղթել են Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին և անփառունակ` 1:3 հաշվով պարտվել աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի ընտրանուն:

ԱՄԷ-ի հավաքականը թույլ մրցակից էր, և մերոնց դժվարությամբ տարած հաղթանակը դեռևս ոչինչ չի ասում: Իսկ ահա ալժիրցիներից կրած պարտությունն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս: Բանն այն է, որ առաջին խաղակեսից հետո աֆրիկացիներն առջևում էին 3:0 հաշվով, հանգստից հետո պատահականորեն միայն մերոնք ևս մի քանի գնդակ բաց չթողեցին սեփական դարպասը: Իսկ միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզբին` մրցակցի կոպիտ վրիպումից հետո, խփեց խաղընկերոջը նոր փոխարինած, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ի դեպ, դա նրա 4-րդ գնդակն է Հայաստանի հավաքականի կազմում:

Շալանդը մեր երկրի թիմի կազմի խաղացողների ընտրության մի շարք փորձեր արեց, որոնք, ի վերջո, դարձան փորձանք: Հանդիպումից հետո, թերևս գիտակցելով սխալները, նա հայտնել է, որ պետք է ճիշտ հետևություններ անել: Հնարավոր է դա, թե ոչ, կպարզի Գերմանիա-Հայաստան մրցամարտը: Փաստն այն է, որ Հայաստան-Ալժիր հանդիպման ժամանակ մեր թիմի խաղը չստացվեց բոլոր առումներով, տպավորությունը տխուր է:
Հավելենք, որ միջազգային դասակարգման աղյուսակում 25-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալժիրի հավաքականը հաստատեց, որ բարձր կարգ ունի: Թիմի բոսնիացի 61-ամյա գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչն էլ, որը գործի է անցել 2011-ին, ապացուցեց, որ Ալժիրի հավաքականի` աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը պատահականություն չէ: Նրա ղեկավարած հավաքականը վստահ և կայուն խաղ ցուցադրեց, «ձեռագիրը» չփոխեց, թեև մարզիչը խաղի ընթացքում մի շարք փոփոխություններ կատարեց:
Ինչ վերաբերում է Շալանդին, ապա նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Գերմանիայի թիմի հետ կայանալիք խաղն այդպիսի բացառիկ հնարավորություն է:
Հավելենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախի «Բորուսիա պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կամերունի թիմի հետ (դրվագ այդ խաղից), որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկված է A խմբում և մրցելու է Բրազիլիայի, Խորվաթիայի, Մեքսիկայի ներկայացուցիչների հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ:

 

«Գրքարվեստ 2014»-ում Հայաստանը վաստակել է 5 առաջին մրցանակ. նախկինում որևէ երկիր նման ցուցանիշ չի ունեցել

միլիտոնյան1Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը 5 առաջին մրցանակ է շահել: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել ընդհանուր 8 մրցանակի, որոնցից 5-ն առաջին մրցանակներ են, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի («Համագործակցություն» անվանակարգ, «Հայոց Երևելիներ», հեղինակ` Ալբերտ Միքայելյան), մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի ( «Գրան պրի» անվանակարգ, «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան ) և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի («Իմ երկիրը» անվանակարգ, «10 հայ ականավոր թագուհիներ», հեղ. ` Արտակ Մովսիսյան):
Առաջին մրցանակի են արժանացել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ («Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգ), Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը («Մշակույթների երկխոսություն» անվանակարգ), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը («Գիտություն և կրթություն» անվանակարգ), Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» («Արվեստի գիրք» անվանակարգ), Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը («Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգ) :
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը մրցանակակիր գրքերից հատկապես կարևորում է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»-ը` որպես մեծն հայագետի աշխատանքի գնահատանք, և Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», որը, նրա խոսքով, առաջին ամբողջական աշխատությունն է հայ գորգի մասին:
Մրցույթի արդյունքների և նշանակության մասին «Անկախը» զրուցել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
պատկերազարդ-պատմություն-հայոց– Պարոն Միլիտոնյան, մրցույթին ինը գիրք ենք ներկայացրել և վաստակել ութ մրցանակ: Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր ցուցանիշը:
– Իհարկե, մեր գրահրատարակչական ասպարեզի զարգացման, տպագրական տեխնոլոգիաների նորացման միտումներով եմ դա պայմանավորում: Վերջին տարիներին մեզանում իսկապես որակով ու բազմազան գրքեր են հրատարակվում: Գրքի միջազգային ցուցահանդեսներում մեր գրքերն անպայման ապահովում են բարձր մակարդակ: Եվ դա այն հրատարակիչներն են ապահովում, որոնք ամեն տարի նման ցուցահանդեսների են մասնակցում:
Սա նշանակում է մի բան, որ այսօր ունենք գրահրատարակչական շատ լավ հնարավորություններ, ունենք կայացման փուլում գտնվող հրատարակիչներ: Եթե Սովետական Միության տարիներին հիմնականում մեկ-երկու հրատարակչություն կար, որոնք կենտրոնացված էին պետության ձեռքին, ապա այսօր 40-ից ավելի հրատարակչություն կա, որոնք գործում են ասպարեզում, գրքեր են հրատարակում և ջանք են ներդնում նոր, հետաքրքիր գրքերի լույսընծայման համար:
Եթե մեզանում կարողանանք նկատել և գնահատել կատարված աշխատանքները, դրանով իսկ կնպաստենք ոլորտի հետագա զարգացմանը:
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ցուցահանդեսն էլ մի խթան է, որպեսզի ամեն տարի ավելի հետաքրքիր գրքեր տպագրվեն ու ներկայացվեն:
Մրցույթին ներկայացված գրքերը նախ «Հայաստանի գրքարվեստ» մրցույթում են հաղթող ճանաչվել, ապա միայն միջազգային մրցույթին ներկայացվել: Այդ գրքերը միջազգային մրցույթում ներկայացնելով` վստահ էի, որ մրցանակներ կունենանք, բայց որ այդքան շատ` ինձ համար էլ անակնկալ էր:

– Նախորդ տարիներին «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում Հայաստանն ի՞նչ ցուցանիշներ է ունեցել:

– Մենք մասնակցել ենք 11 տարի և տարբեր ցուցանիշներ ենք ունեցել. ամեն կարգի մրցանակներ էլ ունեցել ենք, բայց որ այս տարվա պես 5 առաջին մրցանակ լինի… Ոչ միայն մենք, որևէ այլ երկիր նախկինում նման ցուցանիշ չի ունեցել:

– Ձեր կարծիքով` մասնակցությունը միջազգային մրցույթներին մեզ ի՞նչ է տալիս: Ո՞րն է մասնակցության բուն նպատակը:

– Նպատակն է խթանել գրքի քարոզչությունը: Սեպտեմբերին մրցանակները կհանձնվեն Մոսկվայի Գրքի ցուցահանդեսի շրջանակներում: ԱՊՀ և այլ երկրների լրատվական խողովակներով լուրը կտարածվի: Սա արդեն մեծ հնարավորություն է հայ գիրքը աշխարհին ներկայացնելու, քարոզելու համար: Բացի այդ, մրցանակ ստանալուց հետո հրատարակիչն ինքն էլ է պարտավորված զգում և փորձում ավելի լավ, որակյալ գրքեր հրատարակել:

– Ամփոփելով վերջին տարիների ցուցանիշները` գրահրատարակչության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք, և ո՞րն է առաջխաղացման հիմնական գործոնը:
գրքարվեստ– Մեր գրահրատարակչական դաշտն անկախության 23 տարիների ընթացքում ամենակայացած ոլորտներից է: Նախ` հիմնականում պահպանվեցին ավանդական տպարանները և հրատարակչությունները, որոնք ավանդաբար ուժեղ էին: Նաև նորերն ի հայտ եկան` նոր մտահղացումներով ու գործունեությամբ, և, փաստորեն, դաշտում առողջ մրցակցություն եղավ: Այդ առողջ մրցակցության շնորհիվ Հայաստանում ներկայումս տարեկան 2200 անուն գիրք է հրատարակվում` մանկականից մինչև հանրագիտարանային: Դրան շատ է նպաստում նաև պետական աջակցության հնարավորությունը: Այդ ներդրումը զգալի է: Լավագույն գրքերի մի մասն այդ աջակցությամբ է հրատարակվում:

– Շատ է խոսվում է, որ պետպատվերի շրջանակներում տպագրված գրքերը հաճախ զիջում են որակային առումով: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Բնականաբար, չեմ կարող համամիտ լինել, որովհետև, նախ, ասողը պիտի մանրամասնի, թե ինչով է զիջում` թղթի որակո՞վ, բովանդակությա՞մբ: Այն գրքերը, որոնք ընդգրկվում են պետական պատվերի և աջակցության ծրագրերում, բնականաբար, և՛ իրենց որակով, և՛ բովանդակությամբ աչքի ընկնող գրքեր են այդ բնագավառներում:
Անհատ հեղինակը կարող է մեծ գումարներ ներդնել իր գրքի հրատարակության համար, ուստի պարտադիր չէ, որ պետական պատվերով գիրքը տպագրական որակով ավելի բարձր լինի, որովհետև այդ գրքերի վրա այնքան էլ մեծ գումարներ չեն ծախսվում, և հիմնականում ինքնարժեքից ցածր են վաճառվում, հատկապես` մանկական գրքերը:
Նշեմ, որ մրցանակակիր գրքերից 3-ը պետական միջոցներով են հրատարակվել:

– Վերջին տարիներին Երևանում գրախանութների թիվն ավելանում է: Ի՞նչ է սա, գրքի պահանջարկը մեծանո՞ւմ է:

– Սովետմիության ժամանակ երևանում մոտավորապես 80 գրախանութ կար, անկախացման ժամանակ և հետո մեծ մասը փակվեց, դարձան այլ տիպի խանութներ: Հիմա որոշ չափով վերադարձ է նկատվում: Տարբեր տեղերում փոքրիկ գրախանութներ են բացվում, տարբեր սուպերմարկետներում են վաճառում, փոստատներում են գրքերի անկյուններ բացվում: Եթե առաջ կար գիրք վաճառելու մի հնարավորություն` գրախանութը, ապա այսօր ընգրկվել է ցանցի ըմբռնումը. գիրքը կարող է վաճառվել սրճարան-գրախանութներում, տարբեր հաստատություններում: Գրքի նկատմամբ պահանջարկի աճ հիմնականում կա: Բայց նաև նկատելի է, որ դա մեծ որակ չի կազմում:
Խոստովանենք, որ այս ամենը պատճառաբանվում է նաև նրանով, որ մեր զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղ հատկացնում գրքին, հրատարակչին, ստեղծագործողին, գրախանութին:

– Ունենք լավ որակով գրքեր, որոնք դրսում գնահատվում են, իսկ ներսում դրանք գնահատվա՞ծ են պատշաճ կերպով:

– Հիմա ով սիրում է գիրք կարդալ, կարդում է: Պահանջել բոլորից միատեսակ բան` անցած ժամանակներին էր հատուկ, երբ բոլորը ցուցադրության համար գրքեր էին բաժանորդագրվում, տանը մեծ գրադարաններ ունեին: Սովետական Միության տարիներին գիրքը հրատարակվելուց մի քանի օր անց սպառվում էր: Հիմա նույն հեղինակի գիրքը տարիներով չի սպառվում, ուրեմն մենք կայուն ընթերցողական դաշտ չենք ունեցել: Այնպես որ, այսօր գիրք կարդում են նրանք, ովքեր ուզում են կարդալ և պահանջ ունեն կարդալու:
Եվ մյուս կողմից, եթե ընթերցողը ծանոթ չէ ժամանակակից հեղինակներին ու հրատարակիչներին, այդ մարդը ո՞նց պիտի գնահատի գրողին, նրա աշխատանքը:

– Գրադարանների համալրվածության մասին. Հայաստանում տարեկան 2200-ից ավելի գիրք է հրատարակվում, բայց մեր գրադարանները համալրվածության խնդիր ունեն, չեն կարող ընթերցողին մատուցել նրա պահանջած ժամանակակից հրատարակությունները, ինչո՞ւ, և այս հարցի ի՞նչ լուծում եք տեսնում:

– Նայած թե ում են պատկանում գրադարանները: Մշակույթի նախարարությանը պատկանող գրադարանները տարեվերջին համալրվում են վերջին երեք տարում պետպատվերով և աջակցությամբ հրատարակված ու վաճառքում մնացած գրքերով: Դրանք բաշխվում են գրադարաններին: Պետականորեն այս գործն արվում է, բայց Հայաստանում շատ գրադարաններ կան: Ինչո՞ւ համայնքներում որևէ մեկը չի մտածում որոշակի գումար հատկացնել գիրք ձեռք բերելու համար: Եթե ամեն ինչ թողնել, թե վերևից մեկը պետք է գա ու մեզ գիրք նվիրի` չի լինի: Պետությունն իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է: Բայց մենք էլ մի քիչ պիտի մտածենք, հնարավորություններ գտնենք:

Կարտոֆիլով ու ծաղկակաղամբով ջեռեփուկ

ջեռեփուկ4 բաժնի համար
Խոշոր քերիչով անցկացրած 2 բաժակ կարտոֆիլ
3 ճաշի գդալ քերած սոխ
1 ձու
1 թ. գդալ աղ
1 ճ. գդալ ալյուր
Միջուկի համար
1/2 ճ. գդալ զեյթունի ձեթ
1 ճ. գդալ արևածաղկի ձեթ
1 գլուխ սոխ
1 պճեղ սխտոր
աղ ու պղպեղ ըստ ճաշակի
1/2 թ. գդալ չորացրած ռեհան
նույնքան ուրց
1 գլուխ ծաղկակաղամբ (ցողուններն առանձնացնել)
1,5 բաժակ քերած պանիր
2 հարած ձու
3 ճ.գդալ կաթ
1/4 թ գդալ պղպեղ (պապրիկա)
Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել մինչև 2000 C ու ոչ շատ մեծ տապակը ձեթոտել:
Խմորի համար քերած կարտոֆիլը քամել ու խառնել քերած սոխի, ձվի, աղ ու ալյուրի հետ: Այդ խառնուրդը լցնել կաղապարի մեջ ու հավասար տարածել: Դնել ջեռոցն ու եփել 30 րոպե: Ապա հանել ու վրան ձեթ քսել ու ևս 10 րոպե եփել: Դրանից հետո կարտոֆիլով կաղապարը հանել ջեռոցից ու ջերմությունը նվազեցնել մինչև 1800 C:
Մեծ տապակի մեջ ուժեղ կրակի վրա ձեթը տաքացնել, ապա կրակը նվազեցնել ու սոխը, սխտորը, ուրցը, տաքդեղն ու պապրիկան 8-10 րոպե տապակել, ավելացնել ծաղկակաղամբն ու կափարիչը փակ շոգեխաշել 15 րոպե:
Պանրի կեսը լցնել կաղապարի մեջ թխված կատրոֆիլային հիմքի վրա, ապա բանջարեղենը գդալով հավասարաչափ տարածել պանրի վրա: Դրանից հետո կրկին ցանել մնացած պանիրը, կարագն ու ձուն հարել ու լցնել տապակի մեջ, բանջարեղենի վրայից:
Թխել 35-40 րոպե, մինչև վարդագունելը: