Ինքնաշեն նռնակներից մինչև բնակավայրերի ինքնապաշտպանություն. ազատամարտիկի հուշերը

Թաթուլ ԿարապետյանԵրեք  երեխաների հայր և հինգ թոռնիկների պապ, 53-ամյա  Թաթուլ Կարապետյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է եղել: Միջին տարիքի մարտունեցիները  նրա գործունեության մասին հիացմունքով են խոսում: Սակայն  երիտասարդներից քչերը գիտեն Կարապետյանի վաստակի մասին. նա պարզապես չի սիրում խոսել իր արածի մասին:

80-ականների վերջին Թաթուլ Կարապետյանը Մարտունու երաժշտական դպրոցում երեխաներին դուդուկ նվագել էր սովորեցնում, ուներ  իր ընտանիքը. արդեն երեք երեխաների հայր էր: Երբ հնարավորություն է ստեղծվում  պատմական հայրենիքից մի փոքր մաս անգամ վերադարձնելու, Կարապետյանն առանց մտածելու, ոգևորությամբ  գործի է անցնում:

1987-ի ամռանն արդեն նա Մարտունիում ստորագրություններ էր հավաքում Ղարաբաղի` Հայաստանին միանալու օգտին: 1987-ի վերջին Երևանում ստեղծվում է «Հայ դատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Մարտունիում կազմակերպության մասնաճյուղը ղեկավարում է Կարապետյանը: Հիշում է, որ իրենց շտաբ կոչվածը մի սենյակ էր Մշակույթի պալատում: Պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը, որը կլիներ, եթե կյանքի կոչվեր Սևրի պայմանագիրը: Ասում է, որ հայոց պատմության մասին զրույցներից հետո հանկարծ մարդիկ, որոնցից չէր էլ սպասում, հայտարարում էին, որ իրենք էլ են զինվորագրվում:

1988-ի փետրվարի 25-ին Կարապետյանի ջանքերով Մարտունիում կազմակերպվում է քաղաքի պատմության մեջ առաջին բազմահազարանոց ցույցը: Նույն գիշերը տուն են այցելում ոստիկանները և Կարապետյանին բաժին տանում: Անփորձ երիտասարդը փորձության առջև է կանգնում. չգիտեր` ինչպես իրեն պահի, որ հարցին պատասխանի և որին` ոչ: Մեղադրում էին հակասովետական քարոզչության մեջ: Մեղադրականը, սակայն, հրաժարվում է ստորագրել: Մի քանի ժամ հարցաքննությունից հետո բաց են թողնում, սակայն հետագայում պարբերաբար կանչում են:

«Երբ նպատակ կա, էլ բռնելն աչքիդ չի գալիս»,- ասում է Կարապետյանը` խոսելով իրավիճակի մասին, երբ ամեն վայրկյան որպես հակապետական գործիչ կարող էր ազատազրկվել:

1988-ի նոյեմբերի 24-ին Վարդենիսի Շաֆակ գյուղում թուրքերը կրակել էին մարտունեցիների մեքենաների վրա:  Երբ լուրը Մարտունի է հասնում, բնակչությունը հավաքվում է` ամեն գնով Վարդենիս հասնելու մտադրությամբ: Կարապետյանը հանգստացնում է բնակչությանը և խումբ ուղարկում Շաֆակ` իրավիճակը պարզելու:

Շտապ սկսում են հավաքագրել որսորդական հրացանները: Այս շրջանում զենքի պակասն ինչ-որ կերպ լրացնելու համար գործարաններում սկսում են ինքնաշեն նռնակ պատրաստելու փորձեր անել Երևանից բերված մի նռնակի օրինակով: «Ուազ» մակնիշի  մեքենայի վրա էլ ալազան տիպի հրթիռ են հավաքում, որը կիրառվում է Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերում:

Մեկ-երկու օրվա ընթացքում 60-70 հոգանոց խումբ է ձևավորվում` զինված որսորդական հրացաններով: Խումբը  կազմ-պատրաստ սպասում է Արծվանիստում` հարկ եղած դեպքում լեռներով Վարդենիսի հայությանն օգնության հասնելու համար (ռուսական կայազորը փակել էր ճանապարհը Կարճաղբյուր գյուղի մոտ և թույլ չէր տալիս անցուդարձ անել):

Նույն ամսում էլ  Հայ դատի Մարտունու գրասենյակը ձեռնամուխ է լինում հարևան Վարդենիսի տարածաշրջանը ադրբեջանցիներից  մաքրելու ծրագրին: Համագործակցում են Վարդենիսի ռայկոմի երկրորդ քարտուղար Կորյուն Հակոբյանի հետ: Քննարկում և որոշում են, որ ադրբեջանցիները պետք է հնարավորինս հանգիստ ու անվնաս հեռանան, որպեսզի հանկարծ Մոսկվան չմիջամտի: Դեկտեմբերի 2-ին արդեն ադրբեջանցիների  բեռներով վերջին մեքենաներն են հեռանում Վարդենիսից: Հայերը մեքենաներով նրանց  ուղեկցում են մինչև սահման` հնարավոր բախումները բացառելու համար:

«Օրհասական էր Հայաստանի մաքրումը: Իրենք ամենուր էին ու բազմապատիկ արագ բազմանում էին: Մասիսում, Վարդենիսում, Ամասիայում ու այլ տեղերում թուրքեր էին, մեր բոլոր սահմաններին իրենք էին ապրում: Այնքան էին շատացել, որ Վարդենիսում գործկոմի նախագահը պարտադիր թուրք էր լինում,- ասում է Կարապետյանը և հայերի զսպվածությունը, թուրքերին անվնաս ճանապարհելն այսպես բացատրում:- Եթե Վարդենիսի շրջանից 40-50 հազար թուրք հեռանում են, ընդունենք` երկուսը սատկել են, ի՞նչ է փոխում դա, ոչ մի բան: Փոխեց էն, որ այսօր այդ տարածքում հայեր են ապրում, թուրքեր չկան»:

Ադրբեջանցիներին  հեռացնելուց հետո ձեռնամուխ են լինում  սահմանների պաշտպանությանը` սկսելով հենց Վարդենիսից:

1989-ին օգնության խնդրանքով «Հայ դատին»  են դիմում ԼՂԻՄ-ի  Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Մարտունեցիների կամավորների  առաջնային նպատակն է  դառնում Բերդաձորի չորս հայկական գյուղերի անվտանգությունն ապահովելը, որը և պատվով կատարում են:

«Բերդաձորը չորս կողմից թուրքերի շրջապատման մեջ էր: Մինչև Գորիսի սահմանը բոլորը թուրքեր էին ապրում: Մենք էլ հասկանում էինք, որ Բերդաձորը կորցնելու դեպքում Գորիսից մինչև Ստեփանակերտ այլևս հայեր չեն լինի: Չորս փոքր գյուղեր էին, բայց հայեր էին ապրում,- ասում  է Կարապետյանը:- Մենք ստանձնեցինք Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերի պաշտպանությունը, ինչը ենթադրում էր  զինված խմբեր, պարբերաբար իրականացվող  հերթափոխ,  ուղղաթիռային թռիչքներ, քանի որ որևէ այլ տրանսպորտով հնարավոր չէր գնալ Բերդաձոր, ամենուր թուրքեր էին, դա նշանակում էր սնունդ, գրականություն և ամեն ինչ տեղի բնակիչների համար»:

Նախ Բերդաձոր էին ուղարկում խմբի անձնագրերը` տեղի գրանցում ապահովելու համար, հետո արդեն խումբն էր ուղղաթիռով մեկնում: «Կոլցո» օպերացիայի ժամանակ այնպես է ստացվում, որ պաշտպանող խմբից ոչ ոք Բերդաձորում չի լինում: Ադրբեջանցիները բացահայտում են զենքի թաքստոցները, գյուղից 5 ակտիվիստների էլ իրենց հետ են տանում: Նրանցից երկուսը խոշտանգումներից մահանում են:

Իրավիճակի թեժացմանը համընթաց` Մարտունեցի կամավորների խումբը  մասնակցում է նաև Նոյեմբերյանի, Խաչիկի և այլ բնակավայրերի պաշտպանությանը, հետո արդեն Արցախում  մասնակցում են մարտերին  Քաշաթաղում, Մարտակերտում, Քարվաճառում:

92-ից արդեն կամավորներին են միանում նոր կազմավորվող բանակի առաջին զինվորները: Կարապետյանն ասում է, որ երիտասարդ զինվորներն իրենց քաջությամբ ու մարտական ոգով չէին զիջում:

«Քարվաճառում մի դիրք կար, որին  անընդհատ ականանետներով հարվածում էին: Բայց մեր երիտասարդ զինվորներից և ոչ մեկը չթողեց դիրքը: Նույն դիրքում մի օրվա ընթացքում երեք մարտունեցի զոհվեց,- հիշում է նա:- Մի անգամ էլ մայրաքաղաքային գնդից 10-15 զինվոր մեզ մոտ եկան, պայթեցումներ պիտի անեինք: Գիշերը զինվորներին պատմեցի 1901-ի Առաքելոց վանքի կռվի մասին: Մյուս օրը բեռներով ու զենքով մինչև 3500 մետր բարձրության հասանք, այդ  երեխաներն իրենց բեռը ոչ մեկին չտվեցին. ֆիդայիների պատմությամբ ոգևորված էին»:

Երբ պատերազմն ավարտվում է, Կարապետյանը հայրենի օջախ է վերադառնում` հրաժարվելով կապիտանի կոչումից, որ ցանկանում էին շնորհել իրեն: Որոշ ժամանակ շարունակում է դասավանդել երաժշտական դպրոցում, ապա  նշանակվում է շրջանի մշակույթի բաժնի վարիչ, հետո` Գավառում` մարզպետարանում,  համապատասխան բաժնի գլխավոր մասնագետ: 2002-ից «Մարտունի  ՋՕԸ»-ի տնօրենն է:

Խոսելով 1988-ի և ներկայում տիրող մթոնոլորտի մասին` Կարապետյանն ասում է, որ այն ժամանակվա միասնությանը  գուցե էլ չկարողանանք հասնել: Ասում է, որ այն ժամանակ հեռուստատեսությունը, տպագիր միջոցները, դպրոցն ազգային արժեքներ ու մշակույթ էին քարոզում, ինչն էլ ազգային զարթոնքի հիմք դարձավ: Մինչդեռ այսօր ոչ միայն ազգայինը չի քարոզվում, այլև «ամեն վատ բանի վրա ազգայինի պիտակն են կպցնում, որ մարդ հիասթափվի ու հրաժարվի ազգայինից»:

Կալիֆոռնիայում ավտոբուսի վարորդը կրակել է մի խումբ պատանիների վրա

o_840789Կալիֆոռնիայի Վալիեխո քաղաքում միկրոավտոբուսի վարորդը սկսել ե կրակել մայթին կանգնած մի խումբ պատանիների վրա: Մեկը տեղում մահացել է,յոթը` վիրավորվել: Ոստիկանությունը փնտրում է կրակողին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Միշա Ալոյանը` բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

մա2221346781382786594Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգում կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Ռուսաստանի դրոշի ներք հանդես եկող 52 կգ քաշային Միշա Ալոյանը վճռական հանդիպումում 29:28, 29:28, 28:29 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լապիտովին:

Ալոյանը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց  աշխարհում: Նա նախկինում աշխարհի չեմպիոն էր դարձել 2011-ին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծվել են. եվրոպացի լիբերալներ

Եվրոպայի լիբերալներՀանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը չի ընդունում Եվրոպայի խորհրդի և խորհդարանական վեհաժողովի Խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններ վերաբերյալ նախնական զեկույցը: Դաշինքի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Գրեհեմ Ութսոնը հայտարարել է, որ իրենց ցնցել է այդ կառույցների զեկույցը, համաձայն որի՝ Ադրբեջանում ընտրությունները եղել են “ազատ, արդար և թափանցիկ”, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Եվրոպայի խորհուրդը մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանն է: Հայտնի է, որ Ադրբեջանում  երբևէ չեն հարգվել այդ իրավունքները, իսկ ժողովրդավարության և օրենքի գերակայության մակարդակը երբևէ բարձր չի եղել: ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի զեկույցեը ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքները այդքան լուրջ չլինեին: Ընտրությունների արդյունքների հրապարակումը նախքան ընտատեղամասերի փակվելը վկայում է, որ քվեարկությունն ամբողջովին կեղծված է: Բացի այդ՝ Ադրբեջանի կառավարության կողմից  “արտամանդատային” պատգամավորներին հրավիրելը շատ ավելի դատապարտելի է”, -ասել է Ութսոնը: Վերջինս կարևորել է միջազգային չափանիշները շրջանցողներին պատժելը, քանի որ այդպիսով խաթարվում է Եվրախորհդարանի և Եվրոպայի խորհրդի նկատմամբ վստահությունը:
Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը Եվրոպայի առաջադեմ դաշինքներից է, որում ընդգրկված են 50 երկրից կուսակցություններ:

 

 

Կոլումբիայի քաղաքներից մեկում կանայք սեքսուալ բոյկոտ են կազմակերպել՝ պահանջելով բարեկարգել քաղաք տանող ճանապարհը

Barbacaos-Colombia-women- sex strikeԿոլումբիայում գտնվող Բարբակաոս փոքրիկ քաղաքի կանայք երկու տարվա ընթացքում իրենց երկրորդ սեքսուալ բոյկոտն են կազմակերպում՝ պահանջելով բարեկարգել իրենց հեռավոր շրջան տանող ճանապարհները:

Կոլումբիայում աշխատող լրագրող Ջոն Օտիսը հայտնում է, որ ոտքերը խաչաձև դնելու շարժումով նրանք հրաժարվել են իրենց երկրորդ կեսի հետ սեռական հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև իրենց մեկուսացված փոքրիկ քաղաքը երկրի մյուս շրջաններին կապող ճանապարհը չբարեկարգվի:

Այդ մեթոդը ըստ երևույթին աշխատել է: PRI-ի տեղեկություններով՝ ճանապարհի վրա աշխատանքները վերսկսվել են: Ճանապարհն այնքան վատ վիճակում է գտնվում, որ ամենամոտ հիվանդանոց հասնելու համար բնակիչներից 14 ժամ է պահանջվում, և բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ ճանապարհին մահանում են:

Կանայք, ճանապարհի վատ վիճակից բողոքելով, իրենց առաջին սեքսուալ բոյկոտը կազմակերպել էին 2011թ-ին: Այդ ժամանակ նրանց էր միացել նաև դատավոր Մերիբել Սիլվան, երբ այդ ճանապարհին մի հղի կին ու նրա չծնված երեխան էին մահացել, քանի որ շտապօգնության ավտոմեքենան չէր կարողացել կնոջը ժամանակին հիվանդանոց հասցնել:

Ցույցի կազմակերպիչ Ռուբի Քինոնեսն ասել է` ինչո՞ւ երեխա ունենալ, եթե նա պետք է մնա առանց բժշկական խնամքի: Նաև նշել է, որ իրենք որոշել են սեռական հարաբերություններ չունենալ և երեխաներ չունենալ, մինչև պետությունը չիրականացնի իր նախկին խոստումը:

Նախկինում երեք ամիս և 19 օր տևած չափավոր կյանքից հետո՝ քաղաքի իշխանությունները խոստացել էին վերանորոգել ճանապարհը, սակայն դրանից երկու տարի անց դեռ ոչինչ չի փոխվել:

Այդ իսկ պատճառով կանայք վերսկսել են իրենց բոյկոտը: Այժմ ճանապարհը բարեկարգելու համար տեխնիկա է բերվել՝ ապացուցելու համար, որ պատրաստվում են իրականացնել իրենց խոստումը:

 

«Յուրաքանչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ». Ջեմմա Հասրաթյան

 

Jemma-Hasratyan-2«Ինձ բախտ է վիճակվել ապրելու երկու հազարամյակների խաչմերուկում,- ասում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական ակտիվ գործիչ Ջեմմա Հասրաթյանը,- անցումը նոր հասարակարգին շատ բարդ իրավիճակ ստեղծեց կանանց համար: Մի մասը, հատկապես` միջնակարգ կրթությամբ, հարմարվեց նոր իրավիճակին, սկսեց զբաղվել առևտրով և այլն: Իսկ բարձրագույն կրթությամբ շատ կանայք իրենց տեսնում էին միայն պետական համակարգում, դպրոցում և իրենց տեղը չգտնելով նոր համակարգում` հաճախ ընկճվում էին, մեկուսանում»:

Եվ քանի որ նախորդ տարիների փորձը նրան սովորեցրել էր, որ եթե ինչ-որ բանով կարող ես օգտակար լինել, ապա պիտի անես, սկսում է գործել:

1995 թվականն էր: Ջեմմա Հասրաթյանն այդ ժամանակ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, և նրան` որպես փորձառու կին գործչի, հրավիրում են մասնակցելու Անդրկովկասի կանանց երկխոսության խմբի աշխատանքներին: Այդ ժամանակ Պեկինի խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունենալու նաև ՀԿ-ների համաժողով, և Անդրկովկասի կանանց երկխոսության հայաստանյան խումբը որոշում է Պեկին գործուղել հենց նրան:

5«Խորհրդային տարիներին կանայք երբեք դժվարություն չեն ունեցել, որովհետև նրանց միշտ առաջ են քաշել, իսկ նոր ժամանակահատվածում կանայք պետք է պայքարեին իրենց տեղն ու դերը հաստատելու համար, և մասնակցելով համաժողովին` ես հասկացա, թե ինչ մեծ ռեսուրս է իրենից ներկայացնում բնակչության կանանց խումբը, համոզվեցի, որ հիմա էլ կանայք կարող են լուրջ դերակատարում ունենալ երկրի կայացման գործում»:

Վերադառնալուց հետո Ջեմմա Հասրաթյանն իր շուրջն է համախմբում աշխատավայրի պայծառ դեմքերին, և 23 հոգով համախմբվելով` 1995 թ. դեկտեմբերին հիմնում են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, որի նպատակը բարձրագույն կրթությամբ կանանց օգնելն էր ու նրանց ռեսուրսը երկրի կայացման գործին ծառայեցնելը:

Շատ արագ նրանց միանալու ցանկություն են հայտնում մարզերի կանայք, ստեղծվում են մասնաճյուղեր նաև մարզերում, որոնց թիվն այսօր հասել է 35-ի:

gender_discrimination«Մենք օգնում ենք կանանց ձեռք բերելու հմտություններ և առաջընթաց ունենալու: Գյուղական վայրերում կանանց մեծ ռեսուրս կա, որը պետք է ճիշտ օգտագործել: Դա նույնպես մեր գլխավոր խնդիրներից է»:

Խնդիրներն ու անելիքները դեռ շատ են, որոնք ծագել են նաև ժողովրդավարությունը սխալ հիմքերի վրա դնելուց: «Մենք ժողովրդավարությունը սկսեցինք վերևից ներքև: Դա սխալ է, Ժողովրդավարությունը պետք է սկսվի ներքևից` բարձրանալով վերև»,- ասում է նա:

Կանանց իրավահավասարության հարցերում էլ դեռ շատ անելիքներ կան, պետական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից անգամ հարևան պետություններից` Վրաստանից ու Ադրբեջանից ենք հետ մնում, ինչը, կին գործչի կարծիքով` երկրի ղեկավարության քաղաքականության հետևանք է:

«Նախ և առաջ մարդուն պետք է սովորեցնել լինել քաղաքացի, պահանջկոտ քաղաքացի, ակտիվ քաղաքացի: Մասնակցային ժողովրդավարությունն ամենակարևորն է, որը մեզ մոտ դեռևս կայացած չէ: Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր կին, թեկուզև տանը նստած, ապուր եփելիս տեսնի, որ դրսում ինչ-որ բան են քանդում, անտարբեր չմնա, համարձակորեն բարձրացնի հարցը, պայքարի, մասնակցի»:

Ակտիվ կին լինելը կարևոր է ոչ միայն կնոջ, այլև ողջ հասարակության համար, իսկ Ջեմմա Հասրաթյանը դեռևս դպրոցական տարիներին է եղել ակտիվ: Հիշում է` 9-րդ դասարանում արդեն ջոկատի ղեկավար էր, որը նրան կազմակերպչական հմտություններ էր տալիս: Հետո նրան ավագ ջոկատավարի աշխատանք առաջարկեցին: Համալսարանի պատմության ֆակուլտետի վերջին կուրսերում դպրոցում դասավանդում էր:

Jemma Hasratyan d shkoleԱմենևին պատահական չէր, որ 24 տարեկանում Ջեմմա Հասրաթյանին ընտրեցին Կոմերիտմիության կենտկոմի քարտուղար: Հենց նրա երիտասարդական ավյունի շնորհիվ էր, որ այդ տարիներին կազմակերպվեցին համապետական մի շարք լուրջ միջոցառումներ, ներդրվեց և հետագայում խորհրդային մյուս հանրապետություններում տարածվեց ամառային բակային ճամբարների մոդելը: Նա եղել է նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահը, զբաղվել միջազգային կապերով և հենց այդ ժամանակ է սփյուռքահայ երեխաների առաջին խումբն այցելել հայրենիք: Աշխատել է նաև կոմկուսի Կենտկոմի կուսակցական կազմակերպչական աշխատանքների բաժնում, որը, ինչպես ինքն է ասում, կենտկոմի սիրտն էր: Դա մեծ դպրոց էր նրա համար, որովհետև աշխատում էր գրեթե միայն տղամարդկանց հետ: Ջեմմա Հասրաթյանը զբաղեցրել է նաև  Օրջոնիկիձեի կուսակցության շրջկոմի (Երևանի էրեբունու համայնք) առաջին քարտուղարի պաշտոնը:

Խոստովանում է, որ այդ շրջանում կին նշանակելը մի քիչ անհավանական էր թվում, քանի որ դա ամենաբարդ շրջանն էր. երբեմն կատակով ասում էին «յոթ հրաշալիքների շրջան», որտեղ կա երկու գերեզմանոց, աղբավայր, երկաթգիծ, երկու դատախազություն և այլն: Սակայն դա չէր ամենակարևորը. Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի մեկ երրորդն այդ շրջանում էր, և դա ստեղծել էր նաև որոշակի կրիմինալ բազա:

6

1965 թ. ՀԽՍՀ կոմերիտմիության կենտկոմի քարտուղար Ջեմմա Հասրաթյանը դիմավորում է անվանի տիեզերագնացներին. ձախից աջ` Յ. Զարուբյան, Վ. Տերեշկովա, Ն. Անդրիանով, Ջ. Հասրաթյան

Դժվար էր, բայց նրան հաջողվում է արդյունավետ աշխատանքի եզրեր գտնել բոլորի հետ, այդ թվում նաև երկաթգծի պետի` Համբարձում Ղանդիլյանի, որն իր ոլորտում անփոխարինելի էր, սակայն հայտնի էր իր չափազանց կոպիտ վարքով:

«Երկու սեռերը տարբեր մոտեցումներ ու պատկերացումներ ունեն այս կամ այն  ոլորտի նկատմամբ, և այդ երկու սեռերի կարծիքների բախումից էլ ճիշտ ու գրագետ որոշում է կայացվում»,- ասում է նա:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո սխալներ շատ եղան, և դրանցից մեկն էլ այն էր, որ հին սերնդի փորձառու պաշտոնյաներին դուրս թողեցին երկրի կերտման բարդ գործընթացից, մինչդեռ նա կարծում է, որ անցումային յուրաքանչյուր ժամանակահատվածում հին ու նոր կադրերը պետք է համագործակցեն, իսկ անփորձ կադրերի մուտքը կառավարման համակարգ կարող է մեծ ցնցումներ առաջացնել:

Ինչևէ, նա ընտրեց հասարակական գործունեության ոլորտը և հավատում էր, որ իր և գործընկերների փորձն ու գիտելիքները կարող են ծառայել Անկախ Հայաստանի կայացմանն ու զարգացմանը: Բարդ էր, քանի որ նոր հասարակարգը ենթադրում էր նոր սկզբունքներ. մասնակցային ժողովրդավարությունը դառնում էր այն անկյունաքարը, որի շուրջ պետք է կառուցվեր աշխատանքը: Բարդ էր, բայց գործընթացը կայանում է, և Ջեմմա Հասրաթյանը 1995-ից ի վեր կատարած այդ հասարակական գործունեությունը արդյունավետ է համարում:

3 (1)

Ջեմմա Հասրաթյանը, Մարտիրոս Սարյանն ու Հենրիկ Սիրավյանն այցելում են Մարտիրոս Սարյանի անվան դպրոց

Վաղ երիտասարդ տարիներից ակտիվ պետական, քաղաքական ու հասարակական գործունեության մեջ ներգրավված կինը ոչ մի վայրկյան իրեն չի կտրել ընտանեկան, անձնական կյանքից և կարողացել է ներդաշնակորեն համադրել դրանք. «Կարծիք կա, որ կին հասարակական գործիչներն ինչ-որ թերություն ունեն,- ծիծաղում է նա,- ոչ, ես զերծ եմ այդ թերությունից: Ամուսնացել եմ, երկու շատ լավ զավակներ ունեցել, հիմա էլ չորս թոռ ունեմ և հպարտ եմ իմ ընտանիքով ու երեխաներով, քանի որ կարողացել եմ առաջին հերթին լավ քաղաքացիներ դաստիարակել»:

Տիկին Ջեմմայի տնայնագործական բարձր վարպետության մասին իր բոլոր ընկերներն ու ծանոթները գիտեն: Անգամ անեկդոտներ են պատմում, թե ինչպես է կարողանում այդքան ծանրաբեռնվածության պայմաններում չրեր ու պահածոներ պատրաստել:

«Տղաս ասում է` ինչո՞ւ ես սարքում, հիմա խանութներում ամեն ինչ կա: Այո, կա, բայց ինձ համար դա հաճույք է»,- խոստովանում է նա:

Ասում է, որ միշտ խուսափել է իր տնային գործերը մեկ ուրիշին հանձնելուց, որովհետև դրանով իրեն լիարժեք մայր, տանտիրուհի, ամուսին չէր կարող զգալ: «Երբեք չի եղել, որ ժամը 6-ին աշխատանքն ավարտվեր  ու ես գնայի տուն: Անգամ պատահել է, որ ամուսինս զանգել ու ասել է` անկողինդ ուղարկե՞նք քեզ: Բայց երբ վերադարձել եմ, չի էլ նախատել: Գիտակցել է, որ դա իմ ընտրությունն է, իմ սիրած գործն է, և եթե ինձ կտրեն դրանից` ինչ-որ բան իմ մեջ կպակասի: Դա ճիշտ փոխհարաբերությունների արդյունք է, ամուսինները պետք է գտնեն միմյանց փոխլրացնելու ձևը»:

Ի դեպ, նա դեմ է տարածված այն կարծիքին, թե հայ տղամարդիկ սիրում են իրենց կողքին ունենալ միայն լավ տնային տնտեսուհի: «Ոչ, այդպես չէ, լավ էլ սիրում են, որ իրենց կինը լինի ակտիվ, խելացի, գործունյա: Անգամ հպարտանում են դրանով: Ուղղակի կանայք պետք է չափի մեջ լինեն»:

g_imageՋեմմա Հասրաթյանն արդեն 80 տարեկան է, և նրա տարիքը չիմացողը երբևէ չի էլ ենթադրի, որ նա պատկառելի տարիքում է. ուժը, եռանդը, էներգիան անսպառ են, և այսօր էլ, ինչպես երիտասարդ տարիներին, կարողանում է համադրել աշխատանքային գործունեությունն ու ընտանիքը` լիովին բավարարված լինելով երկուսից էլ:

Չնայած դրան` աշխատանքում արդեն իրեն փոխարինողներ է պատրաստում.  «ժամանակն է, որ կառույցը ղեկավարեն ավելի երիտասարդ կանայք»,- ասում է նա: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը նստելու է տանը և կտրվելու է աշխատանքից: Ոչ, շարունակելու է աշխատել և իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր մասնագետներին: «Երբ ուզում ես մարդկանց պատրաստել որպես լիդերի, պետք է ինքդ օրինակ ծառայես, պետք է օրինակելի լինես: Մարդու մշակութային, քաղաքական, սոցիալական որակները ձեռբերովի են, որոնք ձևավորվում են սոցիալականացման պրոցեսում: Ես կարծում եմ, որ յուրաքաչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ: Պետք է բացահայտել դա ու զարգացնել»:

 

Թուրքիան ու Գերմանիան պայքարում են այրանի համար

այրան   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից «ազգային ըմպելիք» ճանաչված այրանի (նույն թանը) համար Թուրքիայի և Գերմանիայի միջև վերջին շրջանում անձայն պատերազմ է ընթանում: Եվրամիությունը, ցանկանալով այրանի համար սահմանել տարածաշրջանային ստանդարտներ, հակասություններ մտցրեց երկու երկրների միջև:

Թուրքիան, որտեղ տարեկան մոտ 1 մլն 600 հազար տոննա այրան է արտադրվում ցանկություն հայտնեց, որպեսզի ըմպելիքի համար սահմանվեն այն ստանդարտները, որոնք գործում են Թուրքիայում: Սակայն Գերմանիան, հակադրվելով այս տեսակետին, փորձում է առաջ տանել այրանի՝ կենդանի մանրէներ չպարունակող «UHT» ստանդարտը: Թուրքիան շարունակում է պնդել, որ այրանի օգտակարությունը պայմանավորված է հենց այս մանրէներով, ուստի «UHT» ստանդարտը անընդունելի է: «Ռադիկալը» գրում է, որ կողմերը իրար համոզելու համար լայնածավալ քննարկումներ են սկսել, իսկ օրերս գերմանական մի պատվիրակություն այցելել է Թուրքիա և եղել այրանի արտադրամասերից մեկում:

ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. Չգնահատված մեծություն, ում վաստակն այսօր էլ վերագրվում է ուրիշներին…

անտոն քոչինյանԼրացավ ՀԽՍՀ լավագույն  քարտուղարներից մեկի հարյուրամյակը: Անկախը նախկինում անդրադարձել է  Անտոն Քոչինյանի կյանքին ու գործունեությանը:Այժմ նորից նրա հոբելյանի առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկին:

Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 10 (25)-ին Լոռու Վահագնի (Շահալի) գյուղում:

Նա մեր ժամանակների եզակի գործիչներից էր,որոնք բարձրագույն կրթություն չէին ստացել:Սակայն  դա չի խանգարելԱ. Քոչինյանին լուրջ հաջողությունների հասնելու կառավարման և ժողովրդական տնտեսության բնագավառներում: Նա նաև աչքի ընկավ որպես երկարակյաց ղեկավար`լինելով ՀԽՍՀ Նախարարների խորհրդի  նախագահ շուրջ 13 տարի և13 տարի էլ երկիրը ղեկավարեց  ՀԿԿ Կենտկոմի 

առաջին քարտուղարի պաշտոնում: Նա լավ էր սերտել կառավարման դպրոցի դասերն ու ժամանակի  վարչահրամայական  ապարատի բարքերը:

 

Քոչինյանը 1935 թ.  ավարտել է Երևանի կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը և  1959 թ.` ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Առաջին քայլերն աշխատանքում կատարել է որպես լրագրող` աշխատելով Տավուշի և Վայոց ձորի տարածաշրջաններում: Շուտով նրա բնածին տաղանդն ու աշխատասիրությունը գնահատվում են և գլխապտույտ առաջընթաց ապահովում. 1939-1941 թթ. նա ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարն էր:

1953 թ. Անտոն Քոչինյանը դարձավ Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ և որպես հանրապետության վարչապետ պաշտոնավարեց 13 տարի: 1966 թ. նա ընտրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ևս 13 տարի ղեկավարեց երկիրն այդ պաշտոնում:

Նրա կառավարման տարիներն աչքի ընկան հանրապետության տնտեսական առաջընթացով: ԱնտոնՔոչինյանին է պատկանում Երևանի մետրոպոլիտենի կառուց-ման նախաձեռնության պատիվը,որը, սակայն, որքան էլ տարօրինակ է, այսօր կրում է մեկ այլ անձի` Կարեն Դեմիրճյանի  անունը:

Մետրոպոլիտենի կառուցման թույլտվությունը Կրեմլից դժվարությամբ տրվեց: Երբ Հայաստան է ժամանում ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, նրան օդանավակայանում բնականաբար դիմավորում է Անտոն Երվանդիչը: Եվ ահա քաղաք գալու ճանապարհին խցանում է առաջանում (դա արհեստականորեն էր կազմակերպված, Քոչինյանի մտահաղացումն էր): Անտոն Երվանդիչը, մատնացույց անելով շարված ավտոմեքենաները, Բրեժնևին ասում է. «Քաղաքը շատ է մեծացել, առանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ»: Նա հասավ նրան, որ միութենական կառավարությունն ամբողջովին իր վրա վերցրեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը:

Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորիատոմակայանը, որը ոչ միայն բավարարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հարաճունպահանջարկը և երկիրը, փաստորեն, էներգետիկ առումով անկախացրեց, այլև Հայաստանինէլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն տվեց:

Նրա կառավարման տարիների ծնունդն էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից  Ալավերդու լեռնաքիմիական գործարանը և Կիրովականի քիմիական գործարանը: Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չարենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին Սևանը, Դիլիջանը: Կառուցվեցին Երևան-Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները:

Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին նաև Սարդարապատի հուշահամալիրը, «Էրեբունի» թանգարանը, շատ ու շատ մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ: Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Նրա օրոք կառուցվեցին Գառնու ջրամբարը, Ապարանի ջրատարը, հազարավոր հեկտարներով այգիներ գցվեցին: Կառուցվեցին Երևան-Սևան մայրուղին, «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնը, Մխչյանի պոմպակայանը, Կապան-Գորիս ավտոճանապարհը, Երևանի, Կիրովականի, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Որոտանի կասկադը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը: 1973 թ. նա  նախաձեռնեց «Զվարթնոց» օդանավակայանի ընդարձակման աշխատանքները, նաև` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները, սակայն այդպես էլ չհասցրեց կյանքի կոչել:

1963 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվեց Արփա-Սևան 48-կիլոմետրանոց ջրատար թունելի կառուցումը: Պատմում են, որ թունելի շինարարության համար Ն. Խրուշչովի համաձայնությունը ստանալու նպատակով նա իշխանի որս էր կազմակերպել Սևանում նավի վրայից: Եվ երբ ԽՍՀՄառաջնորդը կարթը գցել է ջուրը, ջրասուզակը նավի տակ նրա կարթին է ամրացրել նախապեսորսած իշխանը: Եվ Ա. Քոչինյանը հիացած Ն. Խրուշչովին տեղում համոզում է սկսել Սևանալճի փրկության ծրագիրը:

1965 թվականը հայ ազգային զարթոնքի տարի էր: Խորհրդային երկաթե վարագույրը պատռվեց. Երևանում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ օրերին պատասխանատու դիրքորոշում բռնեցին երկրի ղեկավարները` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը և Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կանգնելով ժողովրդի կողքին: Հայաստանի ղեկավարությունն անգամ համարձակություն ունեցավ Կրեմլի առջև հարց բարձրացնելու Ցեղասպանության զոհերի հուշարձան-կոթող կառուցելու մասին: Անձամբ Անտոն Քոչինյանի ջանքերով առկա մի քանի տարբերակներից ընտրվեց հենց ներկայիս տարբերակը, որը նախապես հանված էր քննարկումից: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

1966 թ. նա համարձակություն ունեցավ Կրեմլում բարձրացնելու Արցախը մայր հայրենիքին միավորելու հարցը: Խնդիրը լուծման փուլում էր, սակայն…

Մինչև պաշտոնավարման վերջը Անտոն Քոչինյանը Կրեմլի ղեկավարության աչքում մնաց որպես նացիոնալիստ գործիչ:

Անտոն Քոչինյանը սիրում էր իր երկիրը և ջանք չէր խնայում Հայաստանի բարգավաճման համար: Նա «կաբինետային» ղեկավարներից չէր: Նրա աշխատանքային օրը սկսվում էր վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերն անց: Շատ էր ճամփորդում: Եղել է Հայաստանի բոլոր բնակավայրերում: Գիտեր ոչ միայն Հայաստանի բոլոր գյուղերի անունները, այլև դրանց աչքի ընկնող մարդկանց` շինականների, բանվորների, հողագործների, կթվորուհիների: Գիտեր շատերի կենսագրությունն ու անգամ ծագումը: Իր աշխատակիցներին միշտ կոչ էր անում դուրս գալ կաբինետից և շփվել հասարակ մարդկանց հետ: Ինքն էլ օրինակ էր ծառայում: Սիրով էր շփվում հասարակ մարդկանց, հատկապես` գյուղաբնակների հետ և երբեք չէր մերժում նրանց հետ մի կտոր հաց կիսելու առաջարկը:

1974 թ. պետական «անարյուն հեղաշրջմամբ» «ղեկավարման մեջ լուրջ թերությունների» պատճառաբանությամբ Անտոն Քոչինյանին գահընկեց արին: Եվ թափուր մնացած  աթոռը զբաղեցրեց Կարեն Դեմիրճյանը:

Պաշտոնանկությունից  հետո Քոչինյանին մեկուսացրին հասարակական աշխատանքներից,անգամ այլ աշխատանք չտվեցին: Նրա միակ սփոփանքը դարձան Ջրվեժի իր նորատունկայգին և Հայաստանի պետական արխիվը, ուր հաճախ էր գնում` ընթերցելու իր ստորագրածփաստաթղթերը:

Անտոն Քոչինյանը մահացավ 1990 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Փոստանջյանը պնդելու է, որ քրեական գործ հարուցվի, և Խաչիկ Ասրյանին կալանավորեն

Xachik-AsryanԽորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից «Անկախ»-ը հետաքրքրվեց, թե դեռ որքան են ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակելու ապահովել պատգամավորի ու նրա ընտանիքի անվտանգությունը:

Նա ասաց, որ իր կողմից հանցագործության մասին հաղորդում է տրվել, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, և երկու օր առաջ այնտեղից իրեն զանհագարել են՝ խնդրելով բացատրություններ ներկայացնել հանցագործության վերաբերյալ:

«Բայց ինչպես գիտեք՝ քառօրյան էր, և հավանաբար այսօր կամ վաղը տեղեկացված կլինենք, թե ինչ է վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում իրականացնել: Ես պնդելու եմ, որ  պարտադիր հարուցվի քրեական գործ, և այդ անձը, որը հրապարակավ սպառնալիքներ էր հնչեցրել, նույնիսկ վերցվի կալանքի տակ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր  եւ իր ընտանիքի անվտանգությունապահովելու նպատակով:

Նրա դիմումի պատճառը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին yerkir.am կայքին տված հարցազրույցն էր, որում նա ասել էր, թե Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես:

 

Հանրային խորհուրդը սպասում է Կոնցեսիոների փաստաթղթերին

ՀԽ փոքր խորհրդի նիստԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, ՀԽ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստումը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օրենքի նախագծի որոշ փոփոխություններ, որոնք քննարկվել են խորհրդի անդամների կողմից:

Առաջարկվել է նաև օրենքի նախագիծը տեղադրել ՀԽ պաշտոնական կայքում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա իր տեսակետներն ու առաջարկները հայտնել դրա վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀԽ նախագահի կողմից խորհրդի անդամներին առաջարկել է պատրաստել և ներկայացնել հարցեր, որոնք կարող են ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ: Լիագումար նիստի օրակարգային հարց է համարվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը, որի վերաբերյալ մինչ այդ Հանրային խորհրդում պետք է քննարկումներ տեղի ունենան:

Օրակարգի երրորդ հարցի քննարկումը, որը վերաբերում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, սահմանափակվել է ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից հարցին առնչվող առկա տեղեկատվության ամփոփ ներկայացմամբ, մասնավորապես՝ ՀԽ 4 ենթահանձնաժողովների քննարկումների արդյունքների, մամուլում տեղ գտած ուշագրավ հրապարակումների, ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ:

Ցավոք, խորհրդի անդամները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նաև հակառակ կողմի՝ Կոնցեսիոների տեսակետի հետ, որպեսզի պատկերն ամբողջական և հստակ լինի: Մինչդեռ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում որոշվել էր, որ հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար պետք է ուսումնասիրել նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը, լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, և այդ նպատակով հոկտեմբերի 14-ին Հանրային խորհրդի կողմից պաշտոնապես դիմում էր հղվել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ ստանալու համապատասխան  փաստաթղթերը (մաստեր պլան, Կոնցենսիոների կողմից Երևան քաղաքի ճարտարապետական հանձնաժողովին ուղղված դիմում և այլն):

ZvartnocՈւստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել սպասել Կոնցեսիոների կողմից այդ փաստաթղթերի տրամադրմանը, որպեսզի դրանք ուսումնասիրելուց և հակառակ կողմի տեսակետը լսելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների) քննարկման էր դրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի  պահպանման կամ քանդմանը հարցը, և ենթահանձնաժողովները կառույցը քանդելու վերաբերյալ բացասական կարծիք էին տվել՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Չինացի աղջկա դեմքը աճեցրել են կրծքի վրա

Китай,пластическая операция  Հերթական ցնցող պլաստիկ վիրահատությունն է իրականացվել Չինաստանում: Վաղ հասակում  աղջկա` այրվածքներից չափազանց տուժած դեմքը  փոխպատվաստել են` նախապես այն աճեցնելով հիվանդի կրծքին: Բժիշկներն  ասել են, որ  17-ամյա չինուհին կսովորի օգտագործել իր նոր դեմքը , հաղորդում է  Want China Times-ը:

17-ամյա Սյու Ձյանմեյը Չինաստանի հարավ-արևելյան Ֆուցզյան նահանգի ձկնորսական մի գյուղից է: Նրա դեմքը այլանդակվել է հինգ տարեկանում` հրդեհից: Աղջկա ծնոտը, կոպերը լրիվ այրվել էին, աջ ականջի հիմնական մասը նույնպես: Ավելի քան 10 տարի նրա ընտանիքը չէր կարողանում վճարել համապատասխան բուժման համար: Սակայն անցյալ տարի բժիշկներն  առաջարկեցին չինուհուն լուծում, որը նրան և հարազատներին դուր եկավ: Բժիշկներն  աճեցրեցին  հիվանդի կրծքին նրա նոր դեմքը:

Չնայած նախավիրահատական կադրերը տհաճ են, բժիշկները խոստանում են, որ աղջկա դեմքի սպիները, որ առաջացել են իմպլանտից,  կանցնեն և նա կունենա առողջ արտաքին տեսք: Վիրահատությունն  անցել է մի քանի փուլով: Սկզբում բժիշկները վերցրել են աղջկա ազդրից հյուսվածք և տեղադրել  ձախ ուսից քիչ ներքև: Սպասելով մինչ նոր մաշկ կառաջանա`  նրանք անցել են Սյու Ձյանմեյի դեմքին:

Սա իհարկե   Չինաստանում կատարված  առաջին նմանատիպ վիրահատությունը չէ : Վերջերս ավտովթարի ենթարկված մի չինացու քիթն  աճեցրել էին ճակատին:

«Տարածաշրջանը եռացող կաթսա է, իսկ Հայաստանը` այդ կաթսայի կափարիչը». քաղաքագետ

Levon-Shirinyan (1)Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում բավականին կարևոր ու բուռն զարգացումներ են նկատվում: Այդ ակտիվությունը, սակայն, բացի մեկ–երկու արտահայտությունից ու մտահոգությունից, չի վերածվում երկրի ներքաղաքական կյանքի աշխուժացման` քաղաքական բանավեճերի ու գործընթացների ուժգնացման: Թե ինչու է այդպես, փորձեցինք քննարկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

– Պարո՛ն Շիրինյան,Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական ասպարեզներում լուրջ զարգացումների ու գործընթացների ենք ականատես լինում, սակայն Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես անտարբեր է և իրավիճակին համարժեք չի արձագանքում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իշխանությունները ստեղծում են երկրի տեղաշարժի մի վիճակ, ու դրան ընդդիմացողներ էլ պետք է լինեն: Բայց մեծամասնության մեջ այս հարցի կապակցությամբ վեճ չկա. վեճն արտաքին է: Հիմա ներքին  քաղաքական կյանքն ավտորիտար ռեժիմի դասական օրինակ է դարձել, տնտեսությունը կիսակենդանի է կամ կիսամեռ, որի քաղաքական կյանքը բացարձակ մենիշխանական համակարգի է վերածվել` Հանրապետական կուսակցության բացարձակ գերիշխանությամբ, ընդդիմությունն էլ հոգնած, բեզարած է. այսպես ասեմ` ՀՀ ընդդիմության ղեկավարությունը, առանց բացառության, էրոզիայի է ենթարկվել. չկա նոր գաղափար, նոր ձգտում, և ամենակարևորը` ժողովրդի մեջ վստահությունը չկա: Դա էլ ստեղծում է մի տարտամ վիճակ: Ժողովուրդն էլ խիստ անտարբեր է այդ ամենի նկատմամբ: Որովհետև քանի տարի է` անընդհատ տեսնում է ինչ-որ հույս, իբր փոփոխության տեսլական, բայց հուսախաբ է լինում, և այդ վիճակը տարիների ընթացքում մարդկանց մեջ առաջացրել է անտարբերություն իր շուրջն ընթացող գործընթացների հանդեպ: Անշուշտ, դա վատ բան է, բայց այդպես է:

– Կխնդրեի ավելի մանրամասն ասել, թե դա ինչ վտանգներ է պարունակում:

– Երկիրը չի զարգանա: Ճիշտ է, թվում է թե կուսակցությունները շատ են, և թվով իրականում շատ են, ավանդական կուսակցություններ կան` հզոր լոզունգներով, բայց նրանք սնամեջ են դարձել: Կա մի ՀՀԿ կուսակցություն, որը տեր ու տնօրեն է բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում` թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական կյանքում: Իսկ դա երկրի զարգացում թույլ չի տալիս: Ժողովրդի անտարբերությունը հետաքրքիր ցուցիչ է: Այդ անտարբերությունը գալիս է այդ վիճակից. ժողովուրդը չի տեսնում հույսի որևէ կետ և համակերպվում է իր վիճակին ու շարժվում առաջ: Եթե վերլուծենք, ապա չկա բանվոր դասակարգ. ամբողջությամբ լյումպենացած է այդ դասակարգը, գյուղացիությունը հազիվ քարշ է գալիս` իր  չարչարանքների մեջ տառապելով, հարկերի բեռը շալակին, մտավորականությունն էլ 20 տարի է, ինչ օրվա հացի հարց է լուծում, իսկ երիտասարդությունը տեսնում ենք` քաղաքական ինչ ակտիվություն ունի: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է տեղաշարժ լինել:

– Իսկ ի՞նչ է պետք անել հիմա:

– Ավտորիտար ռեժիմը միայն մեզ մոտ չէ, բայց մեզ մոտ, քանի որ պատերազմական վիճակում ենք, դա սուր է արտահայտվում: Ավտորիտար ռեժիմը երկու հատկություն ունի. նրա քաղաքական ղեկավարը, հիմնական դերակատարը մեզ մոտ նախագահն է: Նա կարող է երկիրը տանել վերածննդի ուղիով, որովհետև ավտորիտար ռեժիմի մոբիլիզացիոն ռեսուրսը շատ մեծ է և դիմադրողները շատ քիչ կարող են լինել, կամ էլ կարող է նույն վիճակով շարունակել, ինչն այսօր մեզանում է կատարվում:

Դրա համար դասական իմաստով բոլոր երկրներն էլ, որոնք փորձել են զարգանալ, նման վիճակներում նման քայլեր արել են: Երկրի քաղաքական ղեկավարությունն արդիականացման` մոդեռնիզացիայի ծրագիր է մշակում, հրամցնում է հասարակությանը` անկախ այն հանգամանքից` օպոզիցիոն կուսակցությունները դա հասկանում են, թե ոչ, դա նրանց համար շահավետ է, թե ոչ: Որովհետև օպոզիցիան իր տաք վիճակին սովոր է. խորհրդարանում խոսում է, աշխատավարձը ստանում ու իր շարժիչի դերը չի կարողանում կատարել: Հիմա այս վիճակում նախագահը կարող է առաջարկել մի արդիականացման ծրագիր տնտեսության համար, երկրի քաղաքական կյանքի համար, հոգևոր-մշակութային ոլորտի ու սոցիալական բարեփոխումների համար և իր մոբիլիզացիոն ուժով երկիրը տանել զարգացման: Նման օրինակներն աշխարհում շատ-շատ են: Մի բարդություն կա. տվյալ պարագայում նախագահը պետք է իր շրջապատը հարմարեցնի այդ վիճակին, արդիականացնողների, համախոհների թիմ ստեղծի, որոնք երկիրը կտանեն վերափոխման: Որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական դեմքերը տասնյակ տարիներով չեն փոխվում: Բայց կարծում եմ, որ մի ժամանակ կգա, որ այդ իրավիճակին կհանգենք:

– Բայց Հայաստանում Ձեր նշած մոբիլիզացիոն ուժի դրսևորումներ  չեն նկատվում:

– Այո, դա քաղաքական ղեկավարության պատասխանատվությամբ է պայմանավորված: Այն երկրներում, որտեղ ընդդիմություն կա, այդ գործն օբյեկտիվորեն ընդդիմությունն է անում, իշխանությանը պարտադրում է քաղաքական կուրս: Հիմա մենք մեր ընդդիմությունը, որոշ մարդկանց բացառությամբ, կարող ենք համարել «նորին մեծություն նախագահի ընդդիմություն»: Ու այս պայմաններում նախագահը պետք է ստանձնի երկրի արդիականացման ու վերափոխման պարտավորությունը, ինչպես 1960-ական թվականներին Ֆրանսիայում Շառլ դը Գոլն արեց: Այդ ժամանակ Ֆրանսիան էլ խեղդվում էր քաղաքական, տնտեսական և այլ կարգի ճահճի մեջ: Ես կարծում եմ, որ նախագահի համար սա պետք է ընկալելի դառնա, և նա ինքնուրույն դա անի: Չինաստանի կոմկուսը դա պարբերաբար անում է: Այլապես այդ լճացումը կշարունակվի:

– Բայց Ձեր նշած մոդեռնիզացիայի  նախադրյալներն էլ չեն երևում:

– Սուբյեկտիվ գործոնի հարց է: Եթե նախագահը չի ուզում իր միջավայրը փոխել, ապա լճացումը կշարունակվի: Մեզ մոտ վատն այն է, որ ժողովրդի կրիտիկական զանգվածի հատվածն արդեն իրեն սպառել է: Հավանաբար, այս քանակի ժողովուրդն այլևս նախաձեռնության ընդունակ չէ: Սա ենթադրություն է, որովհետև կրիտիկական զանգվածը գոյանում է նույնիսկ առանց ընդդիմության ու տարերային բունտերի է հանգում: Կամ կա մեկ այլ տարբերակ, որը արտաքին գործոնի հետ է կապված, երբ, Աստված չանի, արտաքին ուժն է միջամտում և քաղաքականություն պարտադրում: Եթե մենք լինեինք այնպիսի երկիր, ինչպիսին Իսրայելն է, և ունենայինք այնպիսի բարեկամ, ինչպիսին ԱՄՆ-ն  է, կարելի էր նույնիսկ ենթադրել, որ այդ արտաքին գործոնը շատ լավ բան է երկրի ներքին կյանքը աշխուժացնելու համար: Բայց մենք այդ բարեկամը չունենք, և այդ միջամտությունները մեզ համար կարող են աղետաբեր լինել: Ուստի, այդ նորացողների խումբը` նախագահի գլխավորությամբ, պետք է երկիրը տեղից շարժի` ավտորիտար ռեժիմից անցում կատարելով դեպի ժողովրդավարություն, բայց ավելի շատ` դեպի կազմակերպված հասարակություն: Նախագահը պետք է իմանա, որ այսպիսի ուռճացած ապարատն ի վիճակի չէ երկիր կառավարելու, քանի որ շատ է ուռճացել ու ինքնաբավ դարձել` ինքն իրեն սպասարկող համակարգի վերածվելով, բարեկամ-հարազատներին աշխատանքի ընդունելով: Մեկ այլ ելք էլ եմ տեսնում. հանկարծ միջազգային ճգնաժամ չլինի, որը կարող է մեզ խփել, և հանկարծ խոշոր տերությունների կողմից արտաքին միջամտության ցանկություն չառաջանա, որը մեր պարագայում բացառված չէ, քանի որ մեր տարածաշրջանը եռացող կաթսա է, Իսկ մենք այդ եռացող կաթսայի կափարիչն ենք:

– Կափարի՞չն ենք, թե՞…

– Մարդիկ դրան չեն հավատում, բայց ի՞նչ է, չե՞ք տեսնում` Ռուսաստանը պատերազմ է մղում Հայաստանի համար, Եվրոպան կպել ու պոկ չի գալիս մեզնից: Եթե Հայաստանի արժեքն այդքան ցածր է, ապա ինչո՞ւ է նման կատաղի մրցակցություն ընթանում Հայաստանի շուրջ: Սա պետք է գիտակցեն: Սա պատմական շանս է: Այդպիսի դեպքեր եղել են նաև Թուրքիայում 1920 թ.: Այն ժամանակ Աթաթուրքը մաքրեց իր միջավայրը, ու երկիրը սկսեց ընթանալ իր ուզած ճանապարհով:

– Սովորաբար նման իրավիճակներում, երբ ընդդիմությունը թույլ է, հասարակությունը պասիվ է, իշխանություններն էլ փոփոխությունների նախաձեռնություն չեն դրսևորում, առաջանում են նոր, ավելի ծայրահեղ, ավելի հանդուգն քաղաքական շարժումներ, հոսանքներ, ժողովրդական զանգվածներին առաջնորդող ուժեր, նոր լիդերներ և փորձում են շարժման մեջ դնել ճահճացած համակարգը. Հայաստանում այդպիսի սցենարի հավանականություն կա՞:

-Դա հնարավոր է, բայց մենք ժամանակ չունենք: Մեր երիտասարդությունը նկատելի բունտարար չէ: Պետք է բոլորս հստակ հասկանանք, որ երկիրը ժամանակ չունի: Ադրբեջանը նավթադոլարներով է հզորանում, Վրաստանի թևութիկունքը Եվրոպան ու ԱՄՆ-ն են, Թուրքիան աշխարհի 18 արագ զարգացող երկրներից մեկն է, ու իր առջև նպատակ է դրել առաջիկա 10-ամյակում մտնել տասնյակի մեջ: Պետք է մտածել, որ դա հնարավոր կարող է լինել: Իրանն էլ Արևմուտքի հետ խաղերի մեջ է, փորձում է մերձենալ ու յոթ մղոն առաջ կնետվի զարգացման ճանապարհին, եթե այդ մերձեցումը ստացվի: Այսինքն` այդ դեպքում մենք մնում ենք այս ճահիճի վիճակում:

– Այսինքն` այդ լոկոմոտիվային ուժի ի հայտ գալու համար հարմար պահը հասունացել է, բայց ժամանակ չկա՞:

– Ոչ, չի հասունացել: Երիտասարդությունը պետք է հասունանա, զարգանա: Որովհետև երկիր վերափոխելը սովորական բունտ, բողոքի ակցիաներ անել չէ: Քաղաքական հասունություն պետք է լինի: Դրա համար 5-10 տարի է պետք, մինչդեռ մենք չենք կարող այդքան սպասել: Բայց կրիտիկական զանգվածը, կարծում եմ, հասունացել է: Նախագահը պետք է վերջիվերջո իր խոսքն ասի: Կանի թե ոչ` ինքը գիտի, բայց պետք է անի: Դրա համար հասարակական պահանջ պետք է ներկայացվի, ու այստեղ շեղող հանգամանքներ չլինեն: Ասում ենք` քաղաքացիական հատվածն իր գործը կանի: Բայց քաղաքացիական հատվածը կռիվ է տալիս մեկ այս բնակարանի համար, մեկ այն խանութի դեմ, մեկ այն օլիգարխի դեմ: Այսինքն` նա ընդհանրապես ի վիճակի էլ չէ լուրջ փոփոխություններ անելու, ու միայն նախագահը կարող է այդ վերափոխումներն անել: Իսկ դրանից հետո նա հանգսիտ կարող է թոշակի գնալ` մնալով պատմության մեջ: Հիմա Հայաստանում շատ մեծ դիմադրություն չի լինի, քանի որ ժողովրդի դիմադրողականության ռեսուրսը, այսինքն` այն հատվածը, որ պետք է ընդվզի, առանձնապես մեծ չէ: Ու նախաձեռնող երիտասարդությունն այդ դեպքում կկպչի գործին:  Մի բան էլ. նախագահը պետք է անպայման գնա տնտեսությունը քաղաքականությունից անջատելու ճանապարհով:

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Լուսանկարը` yerkir.am-ի

Լուսանկարը` yerkir.am-ի

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

– Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

– Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

– Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

– Ինչի՞ կարիք ունեք:

– Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

– Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

– Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

– Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

– Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

– Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

– Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

– Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

– Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 Շարունակությունը կարդացեք Yerkir.am-ում

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին

շավարշ քոչարյանՀարց. Այսօր Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխան. Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մադատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։
Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար։

 

Մարկ Ցուկերբերգը 2012թ. օրական ստացել է 6 միլիոն դոլար եկամուտ

o_756569Համաձայն ԱՄՆ-ում ամենաշատ վարձատրվող գլխավոր մենեջերների վարկանիշային աղյուսակի, որը ամեն տարի կազմում է GMI Ratings ընկերությունը, անցյալ տարի  Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը աշխատել է 2,27 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ միջինում գործարարի հաշվի վրա նստել է օրական 6 միլիոն դոլար, հաղորդում է Forbes-ը:

Եկամուտների առումով երկրորդ տեղում Ցուկերբերգից հետո հայտնվել է  Kinder Morgan նավթա-գազամուղի գործադիր տնօրեն Ռիչարդ Քինդերը: Նրա աշխատած կապիտալը կազմել է  1,1 միլիարդ դոլար:

Հաջողակ գործարարների եռյակն ամփոփում է   Sirius XM Radio-ի ղեկավար Մել Կարամզինը, նա աշխատել է ընդամենը  255 միլիոն դոլար: Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկուն այս վարկանիշում ընդամենը 5-րդն է:  2012 թ. նրա եկամոտը կազմել է  144 միլիոն դոլար:

Հանրային խորհրդի ամենաակտիվ հանձնաժողովն ամփոփեց տարեկան գործունեությունը

IMG_1352Այսօր Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումն սկսվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթով: Հանձնաժողովի նիստին ներկա շուրջ ութ տասնյակ անդամներին ՀԽ նախագահը ներկայացրեց Հանրային խորհրդի ընդհանուր գործունեությունն ու հետագա ճակատագիրը` տեղեկացնելով, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին ավարտվում է կառույցի գործունեության ժամկետը և որ Հանրային խորհրդի մասին մշակվում է օրինագիծ:

«Արդյոք այս կառույցը հասարակությանը որևէ օգուտ բերե՞ց, թե ոչ»,-բարձրացնելով հարցը` Վազգեն Մանուկյանը նախ հիշեց, որ Հանրային խորհրդի ստեղծման պահը համընկավ Հայաստանի համար ամենածանր ժամանակահատվածներից մեկի հետ` հասարակական խորը բևեռացում, մարտի 1-ի դեպքեր և այլն:

Մանուկյանը կարծում է, որ նրանք, ովքեր ներգրավվեցին Հանրային խորհրդի գործունեության մեջ, իրենց վրա մեծ պատասխանատվություն, միաժամանակ հարվածներ վերցրեցին. «Մեղադրանքներից մեկն այն էր, որ Հանրային խորհուրդը մի մարմին է, որը պետք է դառնա իշխանության կցորդը, կամակատարը, մի մարմին, որի միջոցով իշխանությունը խաբելու է ընդդիմությանը և այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ, և որ Հանրային խորհուրդն ինքնուրույն մարմին է, որովհետև բազմաթիվ հարցեր ու տեսակետներ, որ բարձրացնում է, հակասում են կառավարության, նախագահի կամ Ազգային ժողովի տեսակետին»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով` դա գալիս է նաև նրանից, որ Հանրային խորհրդում հավաքված են շատ ազդեցիկ մարդիկ:

Ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել Հանրային խորհուրդը: Ըստ Մանուկյանի, հասարակությունը երբեմն բարձրացնում է հարցեր, որոնք անհնարին է միանգամից լուծել: Սակայն կան հարցեր, որ եթե ճիշտ ձևակերպվեն և տրվեն նաև լուծումները, ապա իշխանությունները չեն կարող չընդունել: Օրինակ, արարատյան դաշտավայրերի ջրային ռեսուրսների նվազման խնդիրը, որը Հանրային խորհուրդը հետևողականորեն բարձրացրեց, և իշխանությունները համապատասխան որոշում ընդունեցին:

Կան նաև հարցեր, որ առաջինը բարձրացրել է Հանրային խորհուրդը, սակայն դրանք լուծում չէին ստանա, եթե չլիներ հասարակական պայքարի գործոնը. «Այո, կան հարցեր, որ Հանրային խորհուրդը պետք է բարձրացնի մասնագիտական ձևով, բայց հասարակությունը միաժամանակ պետք է պայքարի դրանց լուծման համար»,-ասաց Մանուկյանը:

Հարցերի մի խումբ էլ Հանրային խորհուրդը համարում է լուծելի, բայց իշխանությունը գտնում է, որ հնարավոր չէ լուծել. օրինակ, Ծածկած շուկան:

Այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ նոր ձևավորվող Հանրային խորհուրդը կգործի հանրային ավելի բարենպաստ դաշտում, իշխանություններն ավելի իմաստուն որոշումներ կընդունեն, իսկ այն լիազորությունները, որ խորհուրդը կստանա նոր օրենքով, ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնեն կառույցի գործունեությունը:

IMG_1357Մանուկյանի ելույթին հետևեցին հանձնաժողովի անդամների հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրներին: Հանձնաժողովի անդամները կարևորեցին խորհրդի լիազորություններն ավելացնելու և դրանք օրենսդրորեն կարգավորելու հարցը, որպեսզի հանձնաժողովներում քննարկվող հարցերն ու որոշումները չմնան անարձագանք:

Այնուհետև ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց հանձնաժողովի տարեկան հաշվետվու զեկույցը` անդրադառնալով այն ոլորտներին, որոնք այս տարվա ընթացքում եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում. օրինակ` գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Երևանի կառուցապատմանն առնչվող բազմաթիվ հարցեր, քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը և դրա ազդեցությունը Հայաստանի էկոնոմիկայի  զարգացման վրա, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առնչվող, կառավարության 2-րդ շենքի օտարման, ՀՀ հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի  վերականգնման,  Երևանի ավտոտրանսպորտի սակագնի բարձրացման, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր  շենքի հետագա օգտագործման և  տնօրինման և այլ հարցեր:

Ի դեպ, Մանուկյանը նկատեց, որ Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներից ամենաակտիվն այս տարիներին եղել է ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը:

«Նպատակը մեկն էր` վարկաբեկել գործող վարչապետին». Տիգրան Սարգսյան

Tigran-Sargsyan2Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրեց օֆշորային սկանդալը`չնայած որ «հարգարժան վարչապետը շատ է հոգնում կրկնվող մեղադրանքներից»:

Զուրաբյանը հետաքրքրվեց, թե օֆշորային սկանդալի հետ կապված պատմությունից մաքրվելու վարչապետի ջանքերը ուր են հասել, և այդ գործընթացի վերաբերյալ նա ինչ նոր բան ունի ասելու խորհրդարանին:

Վարչապետը պատասխանեց, որ ամենաշահագրգիռ անձը, որպեսզի այս խնդիրը բացահայտնվի, ինքն է: «Ես հայտարարել եմ, որ որևիցե մեկին չեմ լիազորել օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել իմ անունից, երբևէ այդ ժամանակահատվածում Կիպրոսում չեմ եղել և չէի կարող ինքս գրանցել: Իսկ այն, որ Կիպրոսում կարելի է գրանցել ցանկացած ձեռնարկություն, դա հստակ է»:

Նա համոզված է, որ այդ ամենի նպատակը մեկն է` վարկաբեկել գործող վարչապետին, իսկ քաղաքական գործիչներին վարկաբեկելու ձևերն ու գործիքները բազմազան են:

Լևոն Զուրաբյանն էլ նկատեց, որ արդեն 6 ամիս է անցել, և վարչապետի պնդմամբ` այդ ապացուցվող խնդիրը դեռ ապացուցված չէ: «Մեր նպատակը մեր պետության վրայից այդ կեղտը մաքրելն է»,-ասաց Զուրաբյանը:

«Շնորհակալ եմ, որ դուք մտածում եք մեր երկրի հեղինակության մասին, և օֆշորային սկանդալը այդ տեսանկյունից եք դիտարկում»,-արձագանքեց վարչապետը:

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին դժվարին օրեր է խոստանում

arm138013404843Քիչ առաջ Ժառանգություն խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նիստերի դահլիճում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանդես եկավ հայտարարությամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա կուսակից ընկերներին նախազգուշական նոտա հղելով:

Նա տեղեկացրեց, որ կես ժամ առաջ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որն ուղղված է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում այլ կարծիք հնչեցնելուն դեմ. «Պարոն Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել, և Ժառանգություն խմբակցությանը հանել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից»,-հայտարարեց Փոստանջյանը, իսկ հանրապետականներն այս նախադասության վրա սկսեցին ծափահարել:

Փոստանջյանը շարունակեց. «Այդ ավտորիտար որոշման վերաբերյալ իհարկե կլինեն համապատասխան բողոքարկման գործընթացներ: Պարոն Աբրահամյան, Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր, այդ թվում նաև ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասովւմ, այդ գործողությունները Ձեզ չեն ներվելու»,-ամփոփեց Փոստանջյանը:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝
Ուշադրություն

Ս.թ. հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է  ջերմաստիճանի նվազում (մինչև -10C):

Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

 

Երևանի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.30C (1905թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1977թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.90C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության