Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը՝ մարզպետը շեշտել է ԿԳՆ-ի ու մարզպետարանի համագործակցված աշխատանքի կարևորությունը, նշելով, որ Սյունիքում կան նաև 300-ից պակաս բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ դպրոցների պահպանումը պետական հատուկ մոտեցում է պահանջում: “Մենք նոր ռազամավարություն ենք ընտրելու և հետևողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները պահենք ուշադրության կենտրոնում և մշակենք դրանց լուծման ուղղությամբ ստացված առաջարկները”,- նշել է Վ. Հակոբյանը:
Այնուհետև նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հերթական ուսումնական տարին մեկնարկում է
է նոր ուսումնական պլաններով ու դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված ծրագրերով. “Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայցվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական: Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն ունենան միասնական կարծիք”:
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի բարելավման՝ նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
“Թեև վերջին տարիներին ավելի քան 5000 նոր համակարգիչ է հատկացվել հանրապետության դպրոցներին, սակայն համակարգչային վերազինումը մշտական գործընթաց է”,- ուսուցիչներից մեկի հարցին ի պատասխան ասել է նախարար Ա. Աշոտյանն ու առաջարկել մարզպետարանին գնահատել մարզի դպրոցների համակարգչային լաբորատորիաների պահանջարկն ու ներկայացնել ԿԳՆ:
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: “Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված, կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից”,- շեշետել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում:
Նախարարը տեղեկացրել է, որ “Դպրոցական սնունդ” ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝ Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: “Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից”, – պարզաբանել է նախարարը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում և հաջորդ սեպտեմբերիր 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
Daily Archives: August 27, 2013
Չինաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ բանակցություններ վարել
Չինաստանը Արևելա-չինական ծովում Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շուրջ բանակցություններ վարելու հիմք չի տեսնում:
Չինաստանի ԱԳ փոխնախարար Լի Բաոդունի խոսքով, Ճապոնիայի բարձր մակարդակով բանակցելու կոչն անկեղծ չէր:
Ճապոնիայի իշխանությունները տվյալներով, նախօրեին Չինաստանին պատկանող ափային պաշտպանության 3 նավ է մոտեցել կղզիներին, որոնք հայտնի են որպես Սենկակու` Ճապոնիայում և Ձյաոյույդաո` Չինաստանում:
Անմարդաբնակ կղզիների շուրջ հակասությունը սրվել է այն ժամանակ, երբ 2012-ին Ճոպոնիան ազգայնացրեց 5 կղզիներից 3-ը, որոնք մինչ այդ գտնվում էին մասնավոր տիրապետության տակ:
Մադուրոն իր վրա կատարված մահափորձի մեջ մեղադրում է ԱՄՆ-ին
Վենեսուելայի նախագահ Մադուրոն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակավ պատասխանելու, թե արդյոք գիտեր նա իր վրա կատարվելիք մահափորձի մասին:
“Դավադրությունն ԱՄՆ փողոցից է եկել, մենք բավական ապացույցներ ունենք”,-ասել է Մադուրոն ազգային հեռուստաալիքների եթերից: Նրա կարծիքով, այդ դավադրությանը մասնակից է նաև Լուիս Պոսադա Կարիլեսը, որին Կուբայի ու Վենեսուելայի իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ:
“Նախագահ Օբամա, միթե դուք չգիտեք, որ ԱՄՆ-ում Կարիլեսի խմբավորումը, որը վերահսկում ու ուղղորդում են (ամերիկյան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ) Օտտո Ռեյչն ու Ռոջեր Նորյեգան, դավադրություն են կազմակերպում, որ ահաբեկչական ակտեր իրականացնեն ու սպանեն Վենեսուելայի բարձրաստիճան դեմքերի”:
Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները հայտնել էին երկու կոլումբիացու ձերբակալման մասին, որոնք կասկածվում են երկրի ղեկավարի նկատմամբ մահափորձի մեջ: Վենեսուելայի ՆԳՆ-ի տվյալներով, պետության ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ ներքաշված է 10 մարդ: Ձերբակալվածները 18-22 տարեկան երիտասարդներ են, որոնք գործել են “Դեղին թղթապանակ” գաղտնանունով օպերացիայի շրջանակներում` այդ նպատակով Վենեսուելա ժամանելով օգոստոսի 13-ին:
Հետաքննության տվյալներով, ձերբակալված կոլումբիացիների մոտ օպտիկական նշանոցով 2 զենք է հայտնաբերվել, Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Դիոսդատո Կաբելյոյի լուսանկարը, ինչպես նաև վենեսուելական բանակի զինվորի արտահագուստներ:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 26-ին ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Գրիբոյեդով փողոցում այրվել է 500 քմ, Հրազդանի կիրճում՝ 1700 քմ, Դավթաշենի կամրջի տակ՝ 1000 քմ, Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ 450քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Նուբարաշեն-Խարբերդ ավտոճանապարհին՝ 205 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում՝ 1200 քմ, Նոր Գեղի գյուղի մոտակայքում՝ 200 քմ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 15 քմ, Վայոց ձորի մարզի Հեր-հեր գյուղի մոտակայքում՝ 4.5 հա, Եղեգնաձոր քաղաքում՝ 20քմ, Արարաատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 300քմ, Շահումյան գյուղում՝ 600 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Էկոլոգներն առաջարկել են փոթորիկները քաղաքական գործիչների անուններով կոչել
Ամերիկացի էկոլոգների խումբը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանն առաջարկել է փոթորիկները քաղաքական գործիչների անուններով կոչել: Առաջարկվում է մթնոլորտային երևույթներն այն գործիչների անուններով կոչել, որոնք քամահրանքով են վերաբերվում կլիմայի փոփոխությունների խնդրին:
Գիտնականների կարծիքով, գլոբալ տաքացումը կարող է ավելի հզոր փոթորիկների պատճառ դառնալ:
Մեզ շարունակում են զգուշացնել` «No parking»
Վճարովի ավտոկայանատեղերի ներդրման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է, թե ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը մեկնարկել է հունիսից, նախատեսված է ավտոկայանատեղի ունենալ Երևանի բոլոր թույլատրելի փողոցներում, վարչական շրջաններում, և կոչ է արել վարորդներին չվճարել փողոցներում ավտոմեքենաների կայանման համար ապօրինի գումար գանձող «պարկովշչիկներին»:
Բարի ցանկություն ու մտադրություն կլիներ այս կոչ-ուղերձը Նավասարդյանի կողմից, եթե մի «չնչին մանրուք» հաշվի չառնեինք. բացի տարատեսակ վճարովի կայանատեղերից, Երևանում գոյություն ունեն նաև բազում ու տարատեսակ գրասենյակներ, «էլիտար օբյեկտներ», որոնց առջև կայանելն էլ երբեմն «չի թույլատրվում»: Բնականաբար, «չթույլատրողներն» այդ «էլիտար օֆիս»-ների «էլիտար» ղեկավարներն են, որոնք իրենց հաստատ լավ չեն զգա, երբ իրենց VIP օֆիսի կամ հիմնարկի կամ թեկուզ խանութի առջև կայանի ոչ ավելի, ոչ պակաս մի ինչ-որ «Ժիգուլի» կամ «Վիլիս»:
Շատերը Երևանում, հատկապես` կենտրոնում, բազմիցս առնչված կլինեն այս խնդրին, երբ ինչ-որ գործով պետք է մի տեղ մտնեն, բնականաբար, պետք է կայանեն մեքենան, և փողոցի եզրերը, մայթերն ու մեքենաները կայանելու բոլոր հնարավոր տեղերը զբաղված են լինում, ստիպված կանգնում են մի ինչ-որ էլիտար խանութի, գրասենյակի կամ օբյեկտի առջև: Նման դեպքերում տեղի աշխատողներն անմիջապես զգուշացնում են` մեքենան դուրս բերել այդ տարածքից, քանի որ այդ տարածքները միայն «իրենց» մեքենաների կամ այցելուների համար են: Նման դեպքերում կա՛մ փողոցի այդ մասերում դրված են լինում «չկայանել»` «No parking» և այլ նման կարգի գրառումներով նշաններ, կա՛մ ինչ-որ մեկն այդտեղ «ստայանշչիկ» է աշխատում ու «խնդրում» այդ տարածքը չզբաղեցնել, կա՛մ ուղղակի կայանելուց հետո ինչ-որ մեկը վազելով հետևից «տեղեկացնում» է, որ այդ տեղն իրենցն է: Մինչև վերջերս, այսինքն` մինչև այն պահը, երբ Երևանի փողոցներում սկսեցին կարմիր գծանշումներով առանձնացնել վճարովի ավտոկայանատեղիները, նման «հատուկ կարգավիճակ» ունեցող տարածքները շատ քիչ էին: Հիմնականում պետական հիմնարկները, մեծ հիմնարկները, որոնք ունեին իրենց մասնավոր տարածքները, կահավորել են համապատասխան ձևով և այդ տարածքներում, բացի իրենց մեքենաներից` այլ մեքենաների կայանումը չեն թույլատրում: Մնացած բոլոր օֆիսների, խանութների, սուպերմարկետների, ռեստորանների և այլ օբյեկտների դիմացի մայթերն ու երթևեկելի փողոցները ոչ ոքի չէին պատկանում: Բայց ոչ ոք նաև չէր էլ հետևում, որ որևէ գործարար փողոցի` իր օբյեկտի դիմացի հատվածը մասնավոր կայանատեղիի չվերածի:
Ուրեմն ինչ-որ մեկը պետք է կո՞չ աներ քաղաքապետարանին, որպեսզի նման էլիտար շինություններին հարող մայթերը կամ թեկուզ երթևեկելի ճանապարհի «օֆիսամերձ» հատվածները բռնազավթած ինքնագլուխներին պատժեին կամ գոնե բացատրեին, որ կարգն այդպես չէ, որ ճանապարհը, մայթը, փողոցը և առհասարակ հանրային տարածքները պատկանում են բոլորին: Բացատրեին, որ երբ իրենց շինությունների փողոցի «սեփականաշնորհված» հատվածում տեղադրում են «No parking» նշաններ, Սահմանադրություն են խախտում, ոտնահարում են քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Ըստ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք…»:
ՀՀ քաղաքացիները, բնականաբար, Հայաստանում են գտնվում օրինական հիմքերով: Հետևաբար նրանց, ինչպես նաև այլ երկրների` օրինական հիմքերով Հայաստանում գտնվող քաղաքացիներին կարող են արգելել այս կամ այն տարածքով անցնել, կանգնել, կայանել և այլն, եթե այդ «արգելված» տարածքը մեկ այլ մարդու կամ կազմակերպության սեփականությունն է կամ պետության կողմից հանձնված է նրա տնօրինմանը` համապատասխան կարգով:
Թվում էր, թե վճարովի ավտոկայանատեղերի ստեղծմամբ ու շահագործմամբ մեկընդմիշտ կփակվեր այս հարցը: Սակայն Երևանում դեռ կան այնպիսի փողոցներ ու տարածքներ, որոնք թեև պատկանում են հանրությանը` բոլորին, փողոցի այդ մասերի անկոչ «սեփականատերերը» դեռ շարունակում են չթույլատրել, որ այդտեղ մարդիկ չկայանեն իրենց ավտոմեքենաները:
Բայց նույնիսկ այն դեպքում, երբ խնդրո առարկա տարածքներն իրոք սեփականության կամ նման տնօրինման իրավունքով պատկանում են ինչ-որ մեկին, կարելի է պահանջել, որ հանրային տարածքի հետ շփոթվելու հնարավորություն ներկայացնող բոլոր նման կանգառներում համապատասխան նշաններ տեղադրվեին, որ այսինչ կանգառը պատկանում է այսինչ հիմնարկին: Այն պարզ նպատակով, որ սովորական քաղաքացիները, որոնք այդ նույն «Էլիտար» օբյեկտի տիրոջ հետ միասին հավասար են օրենքի առջև, իմանային, թե որտեղ իրենցից իրավունք ունեն պահանջելու չզբաղեցնել փողոցի համապատասխան հատվածը և որտեղ են ինքնագլուխ որոշել իրենցով անել փողոցի հատվածները: Որովհետև «մի քիչ սիրուն չի», երբ ամեն օր, օրվա տարբեր ժամերին ու ամենաբացահայտ կերպով որոշ մարդիկ խախտում են այլոց սահամանդրական իրավունքը: Առավել ևս, «սիրուն չի», երբ այլոց սահամանդրական իրավունքները խախտելուց հետո էլ պատասխան չեն տալիս, ու դեռ մի բան էլ քաղաքացին, որի իրավունքները խախտվում են, ինքն է «մեղավոր» լինում, որ մուտք է գործել նման ինքնագլուխների գրաված տարածքներ: