Մոսկվայի Նովոկոսինո շրջանում 3 անհայտ անձինք ծեծել ու բռնաբարել են 55-ամյա մի կնոջ: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակվողները ոչ սլավոնական արտաքին ունեն: Շտապօգնությունը կնոջը հոսպիտալացրել է: Ոստիկանությունը հանցագործներին է որոնում: Ստուգումներ են կատարվում, պարզվում հանգամանքները:
Monthly Archives: October 2013
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում երրորդ կորուստը կրեց
Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից հինգ բռնցքամարտիկ է ռինգ դուս եկել, ցավոք, նրանցից երեքը տանուլ տալով առաջին իսկ մրցամարտերը, դարձել են հանդիսական:
Ցուցանիշը տխուր է, և պետք է կատարվածի համար պատասխան տա հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
75 կգ քաշային Արման Հովիկյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչիցև պարտվեց հարավկորեացի Ջեյմին Յոնգին: Ավելի վաղ մեկնարկային հանդիպումները տանուլ էին տվել 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը և 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
Առայժմ մեկական հաղթանակներ են տարել և պայքարը շարունակում են 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Արման Ամիրխանյանը:
50 հազար սիրիացի քրիստոնյա ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ
Սիրիացի քրիստոնյաներից բաղկացած 50 հազարանոց մի խումբ դիմում է ներկայացրել Ռուսաստանի արտգործնախարարություն ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Նախարարության կայքում տարածված տեղեկության համաձայն՝ Դամասկոսի մերձակա Քալամուն շրջանում բնակվող քրիստոնյաները իրենց դիմումներում նշել են, թե ուզում են երկքաղաքացիություն ստանալ և իրենց համար պատիվ կլինի, եթե ՌԴ նրանց շնորհի ռուսական քաղաքացիության իրավունք: Սիրիացի քրիստոնյաները համոզմունք են հայտնել, որ Սիրիայում արևմտյան ուժերի օգնությամբ գործող ահաբեկիչների իրական նպատակը պատմականորեն այստեղ բնակվող քրիստոնյաների ոչնչացումն է, որի համար նրանք անխիղճ և տգեղ միջոցներ են ձեռք առնում:
Հարցի շուրջ «Interfaks-Religia» հանդեսի հետ զրուցած Ռուս ուղղափառ եկեղեցու վերին դասի ներկայացուցիչներից Նիկոլայ Բալաշովը նշել է. «Սիրիացի քրիստոնյաների դիմումը ցույց է տալիս թե Ռուսաստանը ինչպիսի հարգանք է վայելում Միջին Արևելքում և հատկապես այնտեղ ապրող քրիստոնյաների շրջանում»:
Ադրբեջանական այսպես կոչված “Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը” սպառնացել է Ռուսաստանին
Ադրբեջանական այսպես կոչված “Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը” հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ռուսաստանում “հակաադրբեջանական” արշավը: Կազմակերպությունը նաև զգուշացրել է` եթե “Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ հարձակումները չդադարեցվեն, ապա համարժեք միջոցառումներ կձեռնարկվեն Ադրբեջանում ապրող ռուսների նկատմամբ”, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Կազմակերպությունը նաև պահանջել է, որ ռուսական իշխանությունները փոխհատուցեն “սպանության դեպքին հաջորդած անկարգությունների հետևանքով ադրբեջանցիներին հասցված” վնասը: Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արվում պատժել իրավապահ մարմինների աշխատակիցներին, “որոնք բռնություն են կիրառել Օրհան Զեյնալովի նկատմամբ”:
Կազմակերպությունը Ռուսաստանից պահանջել է արտահանձնել Զեյնալովին և նրան դատել հայրենիքում: Համաձայն հայտարարության հեղինակների` Ադրբեջանում ռուսների հանդեպ այժմ “ոչ մի ճնշում չի իրականացվում”: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ “ադրբեջանցի ժողովրդի համբերությունը անսահման չէ”:
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Ա. Համբարյանին և Ս. ՀովհաննիսյանինՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին
|
Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
|
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Է. Բաբայանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
ԱԳ նախարարը ընդունեց Արգենտինայի արտաքին առևտրի քարտուղարին
Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերին, որ Հայաստան է ժամանել հայ-արգենտինյան գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Արգենտինայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման կապակցությամբ նշելով, որ այդ գործընթացում կարևոր դերակատարություն ունի արգենտինահայ համայնքը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բեատրիս Պագլիերին ասաց, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ և արգենտինյան գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը և գործարար համաժողովը դրա վկայությունն են:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը խթանելու ուղիների շուրջ, կարևորվեցին գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի վերմշակման, դեղագործության և տուրիզմի ոլորտներում համագործակցությունը:
Երկուստեք նշվեց, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականցումը կարևոր գործոն է համագործակցության և փոխանակումների ընդլայնման համար:
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ս. Աֆյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
Ճարտարապետության պետական կոմիտեն հակասում է Սահմանդրությանը

Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նիստում ասաց, որ նորաստեղծ կոմիտեի խնդիրն է լինելու ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, կառուցապատման համար բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումները խրախուսելը, քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածքներում բարենպաստ պայմանների ստեղծման ապահովումը, օրենսդրական դաշտի բարելավումն ու այլ խնդիրներ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետի հանձնարարականը` այս ամբողջ հարաբերությունները օրենքով կարգավորելու համար:«Թեպետ մեր դիտողություններից, առաջարկություններից հետո որոշակի վերախմբագրումներ են կատարվել, բայց ըստ էության հարցը չի լուծվում: Քողարկված ձևով այնուամենայնիվ մնում է, որ այս ոլորտում քաղաքականություն իրականացնողն այս կոմիտեն է, ինչը ուղղակիորեն կհակասի Սահմանդրությանը, քանի որ կոմիտեն քաղաքականություն չի կարող իրականացնել: Երկրորդը վերաբերում է լիազորություններին: Մենք ունենք Սահմանադրություն, մեր Սահմանադրության համաձայն պետական մարմնի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պիտի հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը չունենք մենք օրենքով, հիմքը չունենք, այսինքն՝ Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Այս փուլում պիտի դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, լիազորություններն այդպիսին պետք է լինեն, և օրենքով նոր կարգավորենք այս հարաբերությունները»,- ասաց Հ.Թովմասյանը:
Վարչապետի հարցին, թե «մենք նախադեպ ունենք չէ՞», Հ.Թովմասյանը պատասխանեց. «Վատ նախադեպ ունենք»: Մեկ այլ նախադեպ էլ էր գալիս՝ այս նախադեպին հղում անելով, մենք հիմա փորձում ենք դա օրենքով կարգավորել»:
Տ.Սարգսյանի հարցին, թե բոլոր կոմիտեների վերաբերյալ մենք հիմա խնդի՞ր ունենք, պետք է կարգավորենք օրենքո՞վ, արդադատության նախարարը նշեց, որ նրանց մի մասի լիազորությունները սահմանված են օրենքով: «Եթե անշարժ գույքի կադաստրի մասին խոսենք, մենք ունենք օրենք, որտեղ հստակ այդ լիազորությունները սահմանվում են: Ավիացիայի մասին օրենքով ևս սահմանվում են ավիացիայի ոլորտի լիազորությունները: Սակայն ջրային կոմիտեն օրենքով ստացած լիազորություններ չունի, բայց լավ վիճակից չէ, որ չունի»,- նշեց Թովմասյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարարին հանձնարարեց ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություններ:
Երկրաշարժ` Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի ՝ Գյումրի քաղաքից 11կմ արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.730 և արևելյան երկայնության 43.730
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժ Գյումրիում
Քիչ առաջ` ժամը 19:05-19:10-ի սահմաններում, Գյումրիում երկրաշարժի ցնցումներ են զգացվել: Հատկապես խուճապի են մատնվել բազմաբնակարան շենքերի բնակիչները: Նրանց հավաստմամբ ցնցումները եղել են ուղղահայաց:
“Տանը համակարգչի դիմաց նստած էի, հանկարծ սեղանն ուժեղ ցնցվեց, շարժվեց”, – նշեց շենքերից մեկի բնակչուհին:
“Այս պահին մեր շենքի բակում առնվազն 6 ընտանիք կա”, – մեզ փոխանցեց բարձրահարկերից մեկի բնակիչը:
Հավելենք, որ առավել հստակ և ճշտված տվյալներ կներկայացնենք վաղը:
ԱԳ նախարարն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ
Հայոց ցեղասպանության
Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցության տարբեր բնագավառներում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ռուս երիտասարդին սպանած Օրհան Զեյնալովը 2 ամսով կալանավորվել է
Մոսկվայի Բիրյուլևո շրջանում աղմկահարույց սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովը չի ընդունել իր մեղքը, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարեով ռուսական “ՌԻԱ Նովոսթի” գործակալությանը: Սակայն դեռևս հոկտեմնբերի 16-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ Օրհանը խոստովանել է իր հանցանքը: Քննիչի խոսքով`սպանված երիտասարդի ընկերուհին ճանաչել է Զեյնալովին:
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Զեյնալովի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք է սահմանել:
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել:
Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող տեղ ունենալ Եվրամիությունում և քաղաքակիրթ աշխարհում. Էլենի Թեոհարիս
Կիպրոսի Հանրապետության Դեմոկրատական համախմբում կուսակցության Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից Էլենի Թեոհարիսը հայտարարել է, որ «առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող տեղ ունենալ Եվրամիությունում և քաղաքակիրթ աշխարհում»:
«Filelftheros» կայքի հաղորդմամբ՝ Թեոհարիսը այս մասին խոսել է օրերս Եվրախորհրդարանում հայերի վերաբերյալ տեղի ունեցած նիստի ժամանակ: Պատգամավորը նշել է, որ Հայաստանը Կովկասում համարվում է Եվրամիության ռազմավարական դաշնակիցը: Թերթը հիշեցնում է, որ Թեոհարիսը հանդիսանում է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի նախագահը:
Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին: ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձևավորված խորը և ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:
|
Իտալացի ուսանողները Բոլոնիայում գրավել են հասարակական շենքը՝ այն կոչելով «Թաքսիմ»
Իտալիայի ուսումնական կենտրոնը հանդիսացող Բոլոնիա քաղաքում մի խումբ ուսանողներ, բողոքելով կառավարության հատկացումների կրճատումների դեմ, ինչի հետևանոով պակասել է ուսանողական հանրակացարանների թիվը, գրավել են հասարակական շենքերից մեկը՝ այն հռչակելով որպես իրենց նոր հանրակացարանը: Ուսանողները իրենց նոր տարածքը անվանել են Թաքսիմ՝ պատշգամբից կախելով հետևյալ գրությամբ պաստառ՝ «Օկուպացված Թաքսիմ ուսանողական հանրակացարան»:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ իտալացի ուսանողները, ի պատիվ Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքարի, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ բոլորին հրավիրելով իրենց «Թաքսիմ»: Ուսանողները այս կերպ ցանկանում են վրեժ լուծել պետությունից՝ կրթությանը տրամադրվող բյուջետային հատկացումների կրճատման համար: Հայտնի է, որ Բոլոնիայում շուրջ 40 հազար ուսանող է սովորում, սակայն նրանց տրամադրվում է ընդամենը 1465 հանրակացարանային սենյակ: Սեփական միջոցներով ապրելու տեղ որոնող ուսանողները միջինում ստիպված են մոտ 200 եվրո վճարել, իսկ տուն կամ սենյակ վարձելու դեպքում մինչև 700 եվրո:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմը, հավանաբար, կվերացվի
Ադրբեջանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմը կվերացվի, այս ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում: Այս մասին թուրքական “Դունյա” թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆայիք Բաղիրովը:
“Վիզային ռեժիմը, իհարկե, կվերացվի: Այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է”, – ասել է Բաղիրովը՝ նշելով, որ այդ հարցը բարձրացվել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհրդի նիստում:
Դիվանագետը ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցների խումբն այս առնչությամբ այցելել է Անկարա, և մոտ ապագայում ակնկալվում է թուրքական կողմի այցելությունը Բաքու:
“Այս հարցերը կլուծվեն մոտ ապագայում, դրանով շատ են հետաքրքրվում, սակայն ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմ, ըստ էության, չկա: Այսպես՝ միայն Թուրքիայի քաղաքացիներն են, որ կարող են այցագիր ստանալ օդանավակայանում՝ Ադրբեջան մտնելուն պես: Մյուս երկրների քաղաքացիներին նման հնարավորություն չի ընձեռնվում: Այցագրային ռեժիմը կարող է վերացվել մեկ տարվա ընթացքում”, – ասել է Բաղիրովը:
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության ներկա փուլին և ապագա հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Կկազմակերպվի միակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 18-ից Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի՝ Կոմիտաս պողոտայի անցուղու խաչմերուկից (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի մոտից) մինչև Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկ հատվածում կազմակերպվելու էմիակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Թուրքիայում մոտ 110-130 հազար մարդ ապրում է որպես ստրուկ
Ավստրալական «Walk Free Foundation» հիմնադրամի կողմից առաջին անգամ պատրաստվել է մի զեկույց, որը վերաբերվում է աշխարհում դեռևս գոյություն ունեցող ստրկատիրական կարգերին ու մարդկանց առևտրին: 162 երկրներում անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ ստրկության ինդեքսը ամենաբարձր ցուցանիշն ունի Մավրիտանիայում, որտեղ ստրկության ավանդույթները խորը արմատներ ունեն և փոխանցվում են հորից որդուն: Այս ցուցակում երկրորդ տեղում գտնվում է Հայիթին, իսկ երրորդը Պակիստանն է: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այս երկիրը 90-րդն է: Ըստ վիճակագրական տվյալների՝ Թուրքիայում մոտ 110-130 հազար մարդ ապրում է որպես ստրուկ:
«Ռադիկալը» գրում է, որ հիմնադրամի հրապարակման համաձայն՝ ստրկությունը ժամանակակից մեկնաբանությամբ նշանակում է մեկին ստիպողաբար ամուսնացնել, մեկին պարտք տալու միջոցով դարձնել քեզնից կախյալ, ինչպես նաև վաճառել մարդկանց: Թվային տեսանկյունից ամենաշատը ստրուկներ կան 14 միլիոնանոց Հնդկաստանում: Սակայն այս երկիրը ցուցակի 4-րդ հորիզոնականում է, քանի որ բնակչության խտության առումով Մավրիտանիայում երկրի բնակչության մեկ չորրորդն է դատապարտված ստրկության: Իսկ ընդհանուր առմամբ աշխարհում 29 միլիոն 8 հազար մարդ ապրում է իրավազուրկ վիճակում:

