Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնվել է Սիրիայում քիմիական զենքը ոչնչացնող քիմիական զենքի վերահսկման կազմակերպությանը

mideast-syria-nobel-peace-prizeՆոբելյան խաղաղության մրցանակը կրկին համաշխարհային ուշադրության կենտրոն է դարձրել Սիրիայի կոնֆլիկտը:

Նորվեգիայի Օսլո քաղաքում տեղակայված մրցանակի հանձնաժողովը ուրբաթ խաղաղության մրցանակը հանձնել է Քիմիական զենքի վերացման կազմակերպությանը, որը քիմիական զենքը վերահոսկող մարմին է և օգնում է Սիրիայում բանակի թունավոր գազի պաշարները ոչնչացնելու հարցում:

Կազմակերպության տեսուչները վերջերս են սկսել աշխատել ակտիվ պատերազմի գոտում, և Նորվեգիայի նոբելյան մրցանակի հանձնաժողովը հույս է հայտնել, որ մրցանակը մեծ աջակցություն կլինի նրանց համար, քանի որ նրանք իրենց կյանքին սպառնացող առաջադրանքներ են իրականացնում:

Քիմիական զենքի վերացման կազմակերպությունը Սիրիայում իրականացվող աշխատանքների պատճառով ուղիղ կերպով չի կարողացել ստանալ մրցանակը:

Հանձնաժողովի նախագահ Տրոբյորն Յագլանդը հայտնում է, որ, մրցանակը հանձնելով քիմիական զենքի վերացման կազմակերությանը, իրենք որոշ չափով ցանկացել են քիմիական զենքի վերացման ուղերձ հղել այն երկրներին, որոնք դեռևս թաքցնում են այն:

Նախքան մրցանակի հասցեատիրոջ հայտարարումը՝ համաշխարհային լրատվամիջոցները կարծում էին, որ այն անհատ կստանա՝ նշելով կոնգոլեզցի բժիշկ Դենիս Մուկվեգեյի անունը, որը բուժում է բռնաբարությունների զոհ դարձած մարդկանց, և պակիստանցի կանանց կրթությանը աջակցող դեռահաս Մալալա Յուսաֆզաիի անունը, որի նկատմամբ իր գործունեության համար մահափորձ էին իրականացրել թալիբանները:

Նախկինում Նոբելյան խաղաղության մրցանակ ստացած կազմակերպություններից են ՄԱԿ-ը, Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալությունը, Կարմիր խաչը և Ականառումբերի արգելքի միջազգային նախաձեռնությունը:

Խաղաղության մրցանակը այս շաբաթվա ընթացքում հանձնված թվով հինգերորդ Նոբելյան մրցանակն էր՝ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության ոլորտներում հանձնված մրցանակներից հետո:

Երկուշաբթի կհանձնվի վերջին Նոբելյան մրցանակը տնտեսագիտության ոլորտում:

Էրեբունի փողոցը վերածվել է վարպետաց քաղաքի

002«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի: Բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ: Տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված  համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մշակույթի օջախների սաները, երգիչ-երգչուհիներ, ազգագրական, ժողովրդական ու էստրադային, ինչպես նաև պարային համույթներ ինքնատիպ կատարումներով շնորհավորում են մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

2Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-ին Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:

Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը, ինչը կողմերի համոզմամբ՝ նոր հեռանկարներ կարող է բացել:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը եւ Ալեքսեյ Սերգեեւն ընդգծել են, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության շարունակական ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մինչդեռ Ադրբեջանը, ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերելով, շարունակում է մերժել եռանախագահների խաղաղատենչ կոչերը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին՝ վեհաժողովի շրջանակում հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելու համար:

Ալեքսեյ Սերգեեւը իր հերթին նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն 2014 թվականը հայտարարելու է ԱՊՀ պետությունների մշակույթի տարի:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։  Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը։

Պատասխան. Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր։

 

Նախագահը մասնակցել է Սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը

4189

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դիտել է նաև Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:

Նախարարության աշխատակազմի, համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչների, Հայաստան-Սփյուռք զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը շնորհավորել է Սփյուռքի նախարարության հիմնադրման հոբելյանի առթիվ, խոսել նախարարության առջև դրված խնդիրների, անցած ուղու և ձեռքբերումների, այդ կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետագա ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախարարությունն առաջիկայում կյանքի կկոչի ազգային նպատակների, համահայկական իղձերի իրագործմանն ուղղված ավելի մեծ ծրագրեր և որոշ ժամանակ հետո իր աշխատանքի արդյունքներով կդառնա այնպիսի կառույց, ինչպիսին ցանկանում է տեսնել յուրաքանչյուր հայ: Սերժ Սարգսյանը նախարարությանը մաղթել է նորանոր ձեռքբերումներ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համազգային այդ դժվարին առաքելության իրագործման ճանապարհին:

«Հինգ տարի առաջ Սփյուռք–Հայաստան կապերին նոր որակ հաղորդելու նպատակով ստեղծվեց պետական կառավարման այս մարմինը՝ Սփյուռքի նախարարությունը, որի խնդիրն էր համագործակցելով մեր դիվանագիտական ծառայության, ասել է թե՝ Արտաքին գործերի նախարարության և սփյուռքյան կառույցների հետ, նպաստել հայապահպանությանը, օժանդակել հայրենադարձությանն ու նպաստել Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հայ ժողովրդի: Եվ ուրախ եմ, որ այս ժամանակահատվածում Սփյուռքի նախարարությունը դարձել է այդ աշխատանքի հիմնական օղակը: Այժմ նախարարության միջոցով ենք իրականացնում հայապահպանությանը նպաստող բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են մեր ազգային ինքնության պահպանմանը, մայրենի լեզվի և հայ մշակույթի տարածմանը, հայկական ավանդույթների պահպանմանը:

Նախարարության կարևոր խնդիրներից է՝ բացահայտելով Հայրենիքի և Սփյուռքի ներուժը, նպաստել առանձին ուղղություններով համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Մասնագիտական համաժողովների միջոցով արդեն հաջողվել է իրար կապել տարբեր մասնագիտությունների տեր հազարավոր մարդկանց: Սա, կարծում եմ, բավականին արդյունավետ ճանապարհ էր:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայության համախմբվածությունը և մեր համատեղ ներուժը կարող են բազմապատկել մեր մրցակցային առավելություններն արդի աշխարհում: Անցած ժամանակաշրջանում նախարարությանը հաջողվել է Սփյուռքի կառույցների և կազմակերպությունների հետ հաստատել փոխվստահության ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է հետևողական աշխատանքի համար։

Այդ կազմակերպություններն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հայապահպանության հիմնասյուներն են: Նրանց շնորհիվ սերնդեսերունդ են փոխանցվում մեր հոգևոր ժառանգությունը, Հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացմունքները։ Անհրաժեշտ է առավելագույնս համադրել պետության և համահայկական կառույցների ծրագրերը։ Պետք է ձգտել յուրաքանչյուր կառույցի հետ ունենալ մի քանի երկարաժամկետ ծրագիր:

Այս տարիների լավագույն ձեռքբերումների շարքում կարող ենք նշել հայ մշակութային ժառանգության պահպանմանը միտված քայլերը: Նշված ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում հոգևոր կառույցների, առաջին հերթին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Սիրելի՛ բարեկամներ,

Սփյուռքի նախարարությունը ոչ միայն կայացել է, այլև դարձել է զարգացող և հեռանկարային կառույց, որը լծված է հայության օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառույցն է այն շաղախը, որ կապում է Սփյուռքը Հայրենիքին, ամրացնում և ուղղորդում է այդ կապը: Նախարարությունն իր 5-ամյա գործունեությամբ ապացուցեց Սփյուռքի հետ հարաբերությունների համակարգման և պետության հետ առնչությունների կենտրոնացման նպատակահարմարությունը։ Այս տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել է փոխըմբռնման, վստահության և համագործակցության բարենպաստ մթնոլորտ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար և մեր մի խումբ հայրենակիցների` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահը հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևներ և ՀՀ Նախագահի շնորհակալագրեր:

Հայտնի է դարձել Նոբելյան Խաղաղության մրցանակակիրը

nobelՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղակայված Նոբելյան կոմիտեն որոշում է կայացրել, թե ով է արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին: ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար

կարժանանա այս բարձրագույն մրցանակին: Այս մասին ժամեր առաջ հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

Անցած ամիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2014 թվականի կեսերը պետք է ոչնչացվեն Սիրիայում առկա  քիմիական զենքի պաշարները: Պաշտոնական Դամասկոսը տվել է իր համաձայնությունը:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝  Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը թուրք դիվանագետ Ահմեդ Ուզյումջուի ղեկավարությամբ դեկտեմբերի 10-ին կազմակերպվելիք արարողության ժամանակ կստանա 1,25 միլիոն դոլարանոց Նոբելյան Խաղաղության մրցանակը:

Թուրքիան մտադիր է հայրենական ուղղաթիռ արտադրել

Vertalyot  Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թուրքիան մտադիր է սկսել առաջին հայրենական ուղղաթիռի արտադրությունը: Այս մասին հայտարարությունը տարածել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունը: Նոր ուղղաթիռի արտադրությամբ զբաղվելու է Թուրքիայի ավիատիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնը:

Վերջին տարիներին թուրքական ռազմական արդյունաբերությունը կենտրոնացած է սեփական տեխնիկայի մշակման և արտադրության վրա: Ձեռնարկված միջոցառումներին շնորհիվ՝ Թուրքիային հաջողվել է այս ոլորտում հասնել 54 տոկոս  ինքնաապահովման:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

10761_am_3ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:

Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:
ՌԴ կողմը, բացի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովից, ներկայացնում էին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, պաշտոնատար այլ անձինք: Տիգրան Սարգսյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկված էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հանդիպումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Մաքսային միության միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
ՀՀ վարչապետն այցելել է նաև Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիր, այնուհետև եղել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղակայված Հայաստանի մշտական տաղավարում, ծանոթացել տաղավարի աշխատանքներին, ներկայացված ընկերությունների գործունեությանը:

Հայտարարություն վճարովի ավտոկայանատեղիների մասին

վճարովի ավտոկայանատեղիներՄենք` ներքոստորագրյալներս, սույնով անդրադառնում ենք Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման  (այսուհետ՝ Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը: Մեր կարծիքով Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման և իրականացման հետ կապված իրավական ակտերն ու Երեւանի քաղաքապետարանի ու ծառայությունը մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա ընդունված կարգերը հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններին: Նշված որոշումն ինչպես չի բխում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջներից,  այնպես էլ առաջացնում է սոցիալական և տնտեսական բազմաթիվ խնդիրներ:

  1. Եվ օրենքով, և Երևանի ավագանու վիճելի որոշման համաձայն, խախտման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություններ կազմելը, դրանք ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ուղարկելը վերապահված է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը: Փաստորեն մասնավոր ընկերությանը տրվել է ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով պետական, տեղական մարմիններին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությանը վերապահված լիազորություններն ու գործառույթները:
  2. Խախտումները վերահսկելու նպատակով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը քաղաքապետարանին է ներկայացնելու խախտում կատարած ավտոմեքենաների տեսաձայնագրված տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը տուգանք է կիրառելու: Դրանով խախտվում է ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
  3. Վճարովի ավտոկայանատեղիներում չեն սահմանվել հատուկ տեղեր հաշմանդամություն ունեցող վարորդների համար, որը փաստացի խախտում է Հաշմանդամների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի 9-րդ հոդվածը:

Մեր կողմից արձանագրվել են նաև հետևյալ թերությունները և բացթողումները, որոնք էականորեն ազդում են որոշման կիրարկման արդյունավետության վրա.

  1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 6-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր:  «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության  պարզաբանմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Beeline-ի բաժանորդները կարող են գնալ համապատասխանաբար ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր եւ ստանալ իրենց անդորրագրերը, իսկ Օրանժ Արմենիա-ի հետ ներկայումս բանակցություններ են վարվում նմամ մեխանիզմ ապահովելու համար: Մեր կարծիքով, վարորդը չպետք է ավելորդ ժամանակ ու ծախս կատարի այդ անդորրագիրը ձեռք բերելու համար ավտոկայանատեղից օգտվելու նպատակով յուրաքանչյուր անգամ այցելի ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր, որտեղհերթերն անխուսափելի են:
  2. Վճարման նախատեսվող ձևն առաջին հերթին հարվածում է փոքր ու միջին բիզնեսին (խանութներ, առևտրի այլ օբյեկտներ), որոնց աշխատակիցներից շատերն աշխատանքի են գալիս իրենց սեփական ավտոմեքենաներով և/կամ առաքումներ են իրականացնում, նրանք ստիպված են լինելու օրը 500 դրամ կամ տարեկան 12.000 դրամ միանվագ վճարել ավտոկայանատեղիի համար, ինչը արհեստականորեն կհանգեցնի այդ ծառայությունների և սպասարկման (առաքման) գների անհիմն բարձրացման:
  3. Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման մեջ ավտոկայանատեղի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանված են բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների և ավտոկայանատեղիների համար առանց տարբերակման մոտեցման: Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշումը չի բխում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներից, ըստ որի՝ Երևանի ավագանին պետք է սահմաներ տեղական տուրքի դրույքաչափեր՝ ըստ կայանատեղերի և ըստ տրանսպորտային միջոցի տեսակների (օրինակ՝ մարդատար և բեռնատար մեքենաների համար):
  4. Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման նոր կարգը տարբերակում չի մտցնում կայանատեղի տարածքում բնակվող և տարածքում ժամանակավոր գտնվող վարորդների միջև, որի արդյունքում տարածքի բնակիչները չեն կարող իրենց ավտոմեքենաները կայանել իրենց շենքի առջև, իսկկայանելիս ստիպված են վճարել: Ողջամիտ չէ նաև աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին նույն  մոտեցումներ որդեգրելըը:
  5. Ոչ Երևանի քաղաքապետարանի, ոչ ծառայություն մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից ըստ էության ծառայություն չի մատուցվում վարորդների համար: Միայն փողոցներում կարմիր գույնով գետնանշեումներն ու տեսախցիկների տեղադրումը ծառայության մատուցում չի կարող համարվել: Բացի այդ, ընկերությունը որևէ պարտավորություն չի ստանձնել ստացվելիք եկամուտների մի մասը դարձյալ տրանսպորտային համակարգի բարեկարգման մեջ ներդնելու համար:
  6. Ցանկացած տեսակի վճարի ձևավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնարժեքի հաշվարկը, սակայն Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշմամբ պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ինչ հիմնավորմամբ են սահմանվել տեղական տուրքի դրույքաչափերը:  Հաշվարկված չէ, թե որոշումների կիրարկումն ինչպես կազդի տրանսպորտային հոսքերի խտության և թողունակության վրա:
  7. Խնդրո առարկա որոշումներն ընդունվել են առանց հանրային քննարկումների, թեև դրանք ուղղակիորեն շոշափում էին հանրության շահերը:

Հաշվի առնելով, որ վերը նշված խնդիրները կարգավորված չեն,  դեռևս վաղ է Երևանում վճարովի ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման նոր ձև սահմանել ու հապճեպ կիրառել: Առավել ևս, որ մասնավոր ընկերությունը չի կարող տնօրինել հարկատուներիս հաշվին պահպանվող հանրային տարածքն օգտագործելու համար գանձվող որևէ գումար և քաղաքային ճանապարհներին ավտոկայանատեղի տեղակայելու արդյունքում վարորդներից գանձվող ամբողջ գումարը պետք է մտնի Երևան համայնքի բյուջե:

Ներկա իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ու մասնավոր ընկերության հանրության գործառույթները դիտվում են ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող և ապօրինի, ուստի պահանջում ենք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերով և կարգով անհապաղ դադարացնել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ընդունված Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման գործողությունը:

 

 

ü  «Կանաչաստան» ՀԿ

ü  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

ü  «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

ü  «Քաղաքացիական ֆորում» ՀԿ

ü  «Էկոլոգիական իրավունք» ՀԿ

ü  «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

ü  APR Group («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ)

Ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնում յուրահատուկ կերպով նշել են Իլհամ Ալիևի հաղթանակը

4Հոկտեմբերի 9-ի երեկոյան`Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո, երկու երիտասարդ միլիոնատերեր յուրահատուկ մրցույթ են կազմակերպել Լոնդոնի էլիտար ակումբներից մեկում: Մրցույթի էությունը կայանում էր նրանում, որ ինչքան հնարավոր է շատ պատվիրել շամպայն:

Երիտասարդների անունները հայտնի չեն, նրանց անվանել են “ռուսներ”: Ըստ “Հագին” կայքի` արևմտյան մամուլում հետխորհրդային երկրների ներկայացուցիչներին հաճախ անվանում են “ռուսներ”: Սակայն չի բացառվում, որ նրանք ադրբեջանցի օլիգարխների երեխաներն են եղել, ովքեր այդ կերպ նշել են իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ “շամպայնի օրը” կազմակերպվել է այն պահին, երբ Ալիևի կուսակիցները Բաքվում նշել են դա:

Միլիոնատերերը մեկը մյուսի հետևից պատվիրել են թանկարժեք շամպայներ: Օրվա վերջում պարզվել է, որ “շամպայնի օրը” նրանց 2-ի համար արժեցել է 210.000 դոլար: Հաղթողը վճարել է մոտ 67 հազար ֆունտ և նույնիսկ երջանկությունից սկսել է պարել: Նրանք պատվիրել են 84 շիշ Dom Perignon և 30 շիշ Crystal շամպայն: Երիտասարդներից յուրաքանչյուրը մատուցողների նույնիսկ 8.000 ֆունտ թեյավճար է թողել:

Մեքքայում ավելի քան երկու միլիոն մահմեդական է հավաքվել հաջի ուխտագնացությանը մասնակցելու համար

Mecca -hajj pilgrimageԱյսօր Մեքքայի Մեծ մզկիթի դիմաց միլիոնավոր ուխտագնացներ էին հավաքվել ամենամյա հաջին մասնակցելու համար, որը մահմեդականության մեջ երկրպագություն արտահայտելու ամենամեծ գործողություն համարվող կրոնական ճանապարհորդություն է:

Mecca -hajj pilgrimage1Մահմեդականության առանցք համարվող մզկիթը լի էր հաջի ժամանակ ընդունելի հասարակ սպիտակ զգեստներ հագած այցելուներով:

Ծիսակատարության համար մինչ այս պահը Սաուդյան Արաբիա է ժամանել գրեթե երկու միլիոն մարդ, ևս մեկ միլիոն այցելու է սպասվում: Ծիսակատարությունները իրենց գագաթնակետին կհասնեն երկուշաբթի:

Հաշվի առնելով 36 c ջերմաստիճանը՝ մարդկանց մեծ մասը հավաքվել է կառույցի մինարեթների ստվերներում:

Թանկ և դժվարին ճանապարհորդության հնարավորություն ունեցող յուրաքանչյուր մահմեդական իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է հաջ իրականացնի: Այս պարտականությունը հավասարապես վերաբերվում է և´ սունիներին, և´ շիաներին:

Mecca -hajj pilgrimage4Սաուդյան Արաբիայի իշխանությունները ուխտավորներին կոչ են արել ամենամյա հաջի ժամանակ քաղաքականությունը դնել մի կողմ, սակայն Եգիպտոսում տեղի ունեցող բախումների ֆոնին որոշ իսլամիստական խմբավորումներ հրաժարվել են հանգստություն պահպանել:

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար արքայազն Մոհամեդ բին Նաիֆը խնդրել է ուխտագնացներին իրենց տարաձայնությունները թողնել տանը՝ հայտնելով, որ 95,000 անվտանգության ուժերի անդամներ են հանվել թագավորությունում կարգ պահպանելու համար:

Սուրբ քաղաք ժամանած եգիպտացիների մեծ մասը հայտնում է, որ իրենք աղոթում են խաղաղության համար:

Օտար լեզուներով ամենից լավ խոսում են հոլանդացիները

  holland  Ճանապարհորդասերների ուղեցույց «Skyscanner» ընկերությունը մի հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե որ ազգն է ավելի լավ կարողանում խոսել օտար լեզուներով: Մի շարք երկրների քաղաքացիներ պատասխանել են հարցաթերթիկում ընդգրկված հարցերին, որի արդյունքում հետաքրքիր տվյալներ են պարզ դարձել: Ահա հետազոտության համաձայն՝ օտար լեզուներով ամենից լավ խոսում են հոլանդացիները: Նրանց հետևում են շվեդներն ու անգլիացիները:

«Հաբերլերը» գրում է, որ տարբեր ազգերի լեզվական կարողությունների գնահատման շուրջ ուսումնասիրության արդյունքում թուրքերը հայտնվել են այս ցուցակի 5-րդ հորիզոնականում: Իսկ ահա հենց թուրքերի կարծիքով օտար լեզուներին ամենից լավ տիրապետում են անգլիացիները, այնուհետև գերմանացիներն ու ռուսները:

 

 

Բուքմեյքերները գերդասելի են համարում ոչ թե Հայաստանի, այլ Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները

ՀԲSON95103-320x210Այսօր Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալելու է Բուլղարիայի ներկայացուցիչներին: Աշխարհի առաջնոթյան ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք այդ հանդիպումում գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հյուրերին:

Բուլղարիայաի հավաքականի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 2,30 գործակիցը: Ոչ- ոքին գնահատվում է 3.50, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3,30 գործակցով:

 

Աջափնյակի և Այլավերդիի հավաքականները գլխավորում են աղյուսակը

c4d89371 նոր հանդբոլԱյսօր Վանաձորի մարզապալատում շարունակվեցին Հայաստանի մինչև 17 տարեկան հանդբոլիստների եզրափակիչ մրցաշարի հանդիպումները: Հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել նախորդ երկու տուրում միայն հաղթանակներ տարած Աջափնյակի և Վանաձորի հավաքականների մրցամարտը: Ի վերջո, 30:24 (15:8) հաշվով հաղթեց Աջափնյակի թիմը: Մյուս առաջատարը` Ալավերդիի թիմը, 30:21 (16:8) հաշվով առավելության հասավ ՀՄԴ-ի հավաքականի  նկատմամբ: Առաջին հաղթանակը տարավ Արցախի ընտրանին: Այն 37:27 (14:10) հաշվով շրջանցեց ԽՄՕՄՄ-ի թիմին:
Այսպիսով, կայացած 3 տուրից հետո 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Աջափնյակի և Ալավերդիի թիմերը: Վաղը կայանալիք 4-րդ տուրում այս կոլեկտիվները կմրցեն իրար հետ: 4 միավոր ունի Վանաձորի հավաքականը, 2 միավոր են վաստակել Արցախի ներկայացուցիչները: Դեռևս ոչ մի միավոր չունեն ՀՄԴ-ի և ԽՄՕՄՄ-ի հավաքականները:

Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները.

11:00 Արցախ – ՀՄԴ

12:30 Աջափնյակ – Ալավերդի

14:00 ԽՄՕՄՄ – Վանաձոր

Հանրային խորհուրդը քննարկել է Զվարթնոցի հին ուղևորային համալիրի հարցը և փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունները

454_sՀոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Օրակարգում եղել է երկու հարց՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Առաջին հարցի քննարկմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի այն ենթահանձնաժողովների նախագահներն ու ներկայացուցիչները, որտեղ հարցը դրվել է քննարկման (ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների ենթահանձնաժողովներ):

Հարցը քննարկվել է նաև ՀԽ տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում, որի արդյունքները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը:

Ենթահանձնաժողովների նախագահները հայտնել են, որ հարցի վերաբերյալ բուռն քննարկումներն են տեղի ունեցել` մասնագետների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդգծվել է շենքի ճարտարապետական և մշակութային բարձր արժեքը, բացասական կարծիք է հնչել այն պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու փաստի վերաբերյալ և առաջարկ ներկայացվել դիմել մշակույթի նախարարություն շենքն այդ ցանկում կրկին ներառելու նպատակով: Ենթահանձնաժողովները բացասական կարծիք են հայտնել շենքը քանդելու վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի շարք առաջարկներ շենքի ամրացման և դրա օգտագործման հետ կապված:

Հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու համար Հանրային խորհրդին անհրաժեշտ են նաև ուսումնասիրել հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը և լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, որից հետո հարցը վերջնականորեն կդրվի քննարկման Հանրային խորհրդի լիագումար նիստին և կկայացվի որոշում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը,  որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր «Փասաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ներկայացրեց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

Քննարկման ընթացքում ներկաները համակարծիք են եղել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգը, որը նախատեսում է նաև գրանցամատյանում հաշվառելու համար գանձվող տարեկան վաթսուն հազար դրամ տուրք, բացասական ազդեցություն կունենա դատիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծին դեմ է Փաստաբանների պալատը, որի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիսանում է նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության ենթահանձնաժողովի նախագահը:

Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը կվերանայի այդ որոշումը և հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, հարցը քննարկման կդրվի Հանրային խորհրդի լիագումար նիստին, որին կհրավիրվի նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

 

 

 

 

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը

001Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը, որին, օրենքով սահմանված կարգով համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Առաջարկված նախագծում ներկայացված են ինչպես նախորդ 4 տարիներին իրականացված ծրագրերի ամփոփ տվյալները, այնպես էլ ծրագրեր, որոնք առաջիկա 4 տարիների մեր գործունեության ուղենիշը պետք է լինեն»,- անդրադառնալով ներկայացված նախագծին՝ նշել է խորհրդի նախագահի տեղակալ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհուրդը որոշել է տասնօրյա ժամկետ սահմանել նախագիծն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար, որից հետո, մինչև Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնելը, ծրագիրը նաև հանրային քննարկման կներկայացվի:

Ներկայացնելով օրակարգի երկրորդ՝ Երևան քաղաքի բյուջեի կազմման գործընթացի վերաբերյալ հարցը, Վահե Նիկոյանը խորհրդի անդամներին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել նաև բյուջեի ձևավորման գործընթացում և այս հարցի վերաբերյալ նույնպես առաջարկություններ ներկայացնել:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությանը մասնակցում է նաև 45 հոգանոց հայկական ստորաբաժանումը

11Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2013 թվականի պլանի համաձայն այսօր` հոկտեմբերի 11-ին, Չեբարկուլում /Ռուսաստանի Դաշնություն/ ընթանում է «Անխախտ եղբայրություն-2013» պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:

Զորավարժությանը մասնակցում է ՀՀ զինված ուժերի 45 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Նշված զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Չեբարկուլ է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը:

 

«Ապրում ենք թափթփված գոյությամբ…». Ռոբերտ Ամիրխանյան

r.aՀարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ

– Պարո՛ն Ամիրխանյան, խորհրդային տարիներին ամեն ինչ պարզ էր. կոմպոզիտորները պետական պատվերներ էին ստանում, գրում երաժշտություն, որից բավականություն էին ստանում թե՛ իրենք, թե՛ հանրությունը: Ի՞նչ է փոխվել այսօր, արդյոք կոպմոզիտորների ստեղծագործությունները պահանջարկ ունե՞ն:

– Երգիչն այն մարդը չէ, որ կարող է երգել, այլ այն մարդը, որ չի կարող չերգել: Նույնն էլ կոմպոզիտորը. նա չի կարող չգրել: Սովետմիությունն ունեցել է իր փայլատակումները և բավականին նեգատիվ կողմեր, ինչպես մեր ներկայիս կյանքը: Այն ժամանակ էլ յուրաքանչյուր հեղինակ ազատ ստեղծագործել է: Ուրիշ բան, որ Սովետմիությունը խնդիր ուներ աշխարհին ցույց տալու, որ ամենապրոգրեսիվ հասարակությունն է, և դրա համար մեծ միջոցներ էր դնում մշակույթի, մասնավորապես` երաժշտարվեստի մեջ: Իհարկե, դրանից օգտվում էին նաև միջակությունները, որոնք կարող էին սովետական թեմաներով ստեղծագործություններ գրել, փորձել դուր գալ ու խցկվել: Բայց իրական ստեղծագործողները միշտ եղել են ժամանակի պուլսի վրա, գրել են ստեղծագործություններ, որոնք չէին կարող չգրել, և ոչ մի պահանջարկի խնդիր չկար: Այո, պահանջված էր պրոֆեսիոնալ երաժշտությունը, սիմֆոնիկ երաժշտությունը, օպերային երաժշտությունը: Այսօր Խորհրդային Միության փլուզման փոշու մեջ շատ բաներ չեն երևում: Նախկին կյանքից շատ քիչ բան է մնացել, մասնավորապես` պրոֆեսիոնալ երաժշտության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:

– Այսօր ունե՞նք կոմպոզիտորների երիտասարդ սերունդ, որը կշարունակի անցյալի հարուստ ավանդույթները:

– Խորհրդային տարիների բարձր երաժշտագիտակցությունն այսօր փորձում ենք հաղորդել ուսանողներին, որպեսզի նոր կադրերը կրեն այդ գիտակցությունը և խնդիրը:  Կան փայլուն երիտասարդներ, որոնց, ցավոք, կենցաղը քաշում է ուրիշ տեղ:  Ես դեմ չեմ, որ մեր երիտասարդներն իրենց ունակությունները կարողանան կիրառել մասսայական սպասարկման երաժշտության մեջ: Նրանք կարող են հարսանիքի համար էլ երաժշտություն գրել: Խնդիրը դա չէ, այլ այն` արդյոք նրանք իջնում են շուկայի մակարդակի՞ն, թե՞ կարողանում են պահպանել իրենց:  Շատ հաճախ նրանք գնում են դուր գալու ճանապարհով: Ես կոչ կանեի պահպանել հոգու մաքրությունը և մասնագիտական բարձունքները, իսկ շուկան, ուզի թե չուզի, կգա նրանց հետևից: Ինչպես մշակույթն ունի շուկայի պահանջ, այնպես էլ շուկան կարիք ունի մշակույթի:

– Ի՞նչ է պետք որակյալ երաժշտություն, առհասարակ բարձր մշակույթ ստեղծելու, հասարակական ճաշակը և մեր կյանքը փոխելու համար: 

– Ստեղծագործողի գիտակցություն և իհարկե համոզում, որ աշխատանքը չի մնա դարակի մեջ: Բոլոր օղակները պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

30-ականներին մենք մի վիճակի մեջ էինք, երբ փողոցներում մահանում էին երեխաները, բայց մենք այդ տարիներին մյուս կողմից կառուցում էինք Մատենադարանը, կառուցում էինք մեր երկիրը հայրենասիրաբար: Այսօր մենք չունենք ազգային գաղափարախոսության կռվանը: Ի՞նչն ենք այսօր արժևորում, ի՞նչ է մեր դրոշի վրա գրված, ո՞րն է քո երդումը: Մեզ բոլորիս անհանգստացնում է  այն, որ մեր գաղափարը միայն փող վաստակելն է դարձել: Մենք դուրս ենք եկել գաղափարականացված երկրից և մտել հակագաղափարականացված երկիր: Սակայն վստահ եմ, որ ունենք հսկայական պոտենցիալ, որը օրինակ` արտահայտվեց տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարում: Այդ համախմբումը հարկավոր էր պահել, որը կարող էր դառնալ շատ պոզիտիվ ուժ մեր կյանքում: Ցավոք, մենք ապրում ենք թափթփված գոյությամբ: Կարծես շատ արխային ենք, մտածում ենք` դե մի բան կլինի, իսկ այդպիսի մոտեցումը երբեք չի ներվում:

– Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարության գործունեությունը:  Համապատասխան պետական մշակութային քաղաքականություն այսօր իրականացվո՞ւմ է:

– Մշակութային քաղաքականության ջահը բռնողը պետք է լինի մշակույթի նախարարությունը: Նա ունի բազմաթիվ անելիքներ, բայց մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է մասսայական մշակույթի ագրեսիան, և նախարարությունը ստիպված է կանգնել այդ փաստի առջև:

– Չե՞ք կարծում, որ նախարարության գործառույթներից է նաև այդ մասսայական մշակույթի տարածումը կանխելը:

– Ես նրանց վրա եմ թողնում իրենց գործառույթները որոշելը, պատրաստ եմ միայն օգնել նրանց: Հարգանքով եմ վերաբերվում նրանց գործունեությանը, բայց զգում եմ պակասը ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ, կենտրոնաձիգ կառույցի, որի գաղափարի շուրջ յուրաքանչյուրը կհամախմբվի:

– Պարո՛ն Ամիրխանյան, գարնանը ներկայացրեցիք Ձեր վերջին` «Կանտատ սիրո»  ստեղծագործությունների շարքը, որը պատվիրված էր գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնի կողմից: Այն հայ հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացվե՞ց, գո՞հ եք հասարակության արձագանքից:

– Անշուշտ, հանդիսատեսն ունեցավ իր գնահատականը, բայց ինձ համար կարևոր է այն, որ ես զգացի, թե ինչպես է թրթիռը մեզ միավորում, և մարդիկ ինչ քաջալերանքով ընդունեցին ստեծագործությունը: Մարդկանց միջև երաժշտության միջոցով ներքին դիալոգ է ընթանում: Այն մի մոգական գործիք է, որը ներքին հաղորդակցություն է ստեղծում:

Առայժմ ստեղծագործության առաջին մասն եմ գրել, շուտով պետք է անցնեմ երկրորդ մասին: Այդ ստեղծագործության մեջ խտացված է սիրո խոստովանանքը տարբեր կարգախոսներով, որոնցից մեկն էլ հետևյալն է. «Սիրելիս, ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:

– Նունե Եսայանի` անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը Հայաստանի պետական բյուջեի վրա 54 մլն 691 հազար  դրամ նստեց, ինչը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը դրա  վերաբերյալ:

– Անշուշտ, ցանկացած երգիչ երգում է այնպես, ինչպես ինքն է ուզում և ունի նաև իր աուդիտորիան: Բայց արդյոք ամե՞ն երգիչ է, որ պետական տոնին պետք է ներկայացնի մեր մշակույթը: Շատ լավ է, որ մեր երկիրը պատրաստ է մի համերգային տոնի վրա նման գումար ծախսել, բայց խնդիրն այնքան փողի մեջ չէ, որքան ճաշակի և սիմվոլների: Արդյոք մեր մշակութային սիմվոլը Նունե Եսայա՞նն է: Ես ոչ թե պախարակում եմ, այլ ընդամենը խորհուրդ եմ տալիս մշակութային սիմվոլներ ստեղծելիս ավելի խոհեմ լինել:

– Պարո՛ն Ամիրխանյան, վերջերս Ձեր դեմ ուղղված շարժում է սկսվել. անցյալ տարի բարձրացվեց  Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչելու հարցը, և այսօր որոշ կոմպոզիտորներ հայտարարում են, որ դա տեղի չի ունենում, քանի որ Դուք չեք ցանկանում:  Այնուհետև իրավիճակն էլ ավելի լարվեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում, և կոմպոզիտորներից ոմանք հայտարարեցին, որ միությունը քանդման եզրին է, և դրանում մեղադրեցին Ձեզ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ պարզապես անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին:

– Դուք դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ:

– Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…

 

Զրույցը վարել է Անի Գասպարյանը

Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. Էշթոն և Ֆյուլե

3ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատական հայտարարությամբ են հանդես եկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

“Ընտրողների մասնակցության բարձր մակարդակը վկայում է Ադրբեջանի ժողովրդի՝ ժողովրդավարական գործընթացներին հակվածության մասին: Այդուհանդերձ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացության համաձայն՝ քվեարկության օրվա բոլոր փուլերում լուրջ խնդիրներ և թերություններ են արձանագրվել, այդ թվում՝ ինքնաարտահայտման և խաղաղ հավաքների ու միավորումների անցկացման, չի ապահովվել հավասար մրցակցային դաշտ բոլոր թեկնածուների համար, ինչն Ադրբեջանը պետք է կատարեր միջազգային իր պարտավորություններին համապատասխան: Բացի այդ,  պետք է լուրջ երաշխիքներ տրամադրվեն առ այն, որ կբավարարվեն քաղաքացիների՝ ընտրախախտումների վերաբերյալ բողոքները”,- ասված է հայտարարության մեջ:

Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հաշվի առնել միջազգային հանրության առաջարկությունները և քայլեր ձեռնարկել ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության համար:

Քննարկվեցին կանանց առողջության խնդիրները

DSC03181 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն  Բիլեզիկյանին և Լոս Անջելեսի Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մի խումբ անդամների։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ուրախ եմ, որ շարունակում եք Ձեր ծրագրերը Հայաստանում` ուշադրության կենտրոնում պահելով կանանց առողջության խնդիրները»,-ողջունելով  հյուրերին, ասաց նախարարը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Դերենիկ Դումանյանի հետ  քննարկեցին թե՛ հերթական այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, թե՛ նախանշվող հետագա ծրագրերը Հայրենիքում։

Ամերիկահայ բժիշկները ելութներ կունենան Օստեոպորոզին նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովում և իրենց փորձը կհաղորդեն մեր մասնագետներին։ Կկազմակերպեն կանանց առողջությանը նվիրված կլոր սեղան, առողջության քայլարշավ, և մի շարք այլ միջոցառումներ։ ԵՊԲՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Մարիամ Մանուկյանը կարևորեց «Առողջ ապագա» ակցիան, որի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճի ճեմասրահում 50 տարեկանից բարձր 1000 և ավելի մարդկանց շրջանում անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ կիրականացնեն դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի և այլ հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ։

«Մենք ևս չափազանց կարևորում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այդ ուղղությամբ  2014 թվականին մեծ ծրագրեր են նախատեսվել։  Համաշխարհային բանկի դրամաշնորհով ամենից տարածված և ամենաբարձր մահացություն բերող երեք հիվանդությունների` սրտանոթային, դիաբետիկ և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ` ազգաբնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ, սկրինինգ ծրագրեր կիրականացվեն։ Այժմ նախապատրաստական փուլում ենք` թիրախային խմբերը և  առաջնային օղակի բուժհիմնարկների գործիքային ապահովվածությունն է ճշտվում և այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսվեն»,-ասաց նախարար Դումանյանը։

Որոշվեց «Առողջ ապագա» ակցիայի արդյունքները քննարկել նախարարության սկրինինգային ծրագիրը նախապատրաստող խմբի  հետ։

Ջոն  Բիլեզիկյանն իր գոհունակությունը հայտնեց այն առթիվ, որ  իրենց կողմից Հայաստան բերված ոսկրի խտությունը որոշող 6 սարքը (դենսիտոմետր) հաջողությամբ կիրառվում են թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Նաև տեղեկացրեց, որ անհարժեշտության դեպքում առաջիկայում ևս կարող են Հայաստանի համար նման սարքեր ձեռք բերել։ Քննարկվեցին հետագա համագործակցությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու հարցեր։

Նախարար Դումանյանն իր հյուրերին նաև ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը։