Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել գերմանական «Der Spiegel» ամսագրին՝ խեսելով երկրում տիրող պատերազմական իրավիճակի մասին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սիրիան կվերականգնի իր նախկին ուժը՝ Ասադը նշել է. «Եթե Թուրքիան դադարեցնի օգնություն տրամադրել ընդդիմադիր ուժերին, իսկ Սաուդյան Արաբիան ու Քաթարը այլևս ֆինանսապես չօգնեն նրանց, ապա մի քանի ամսվա ընթացքում խնդիրը լուծում կստանա»:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Ասադը համուզմունք է հայտնել, որ սիրիական ժողովրդի մեծամասնությունը իրեն է աջակցում: «ԱՄՆ իմ դեմ է, ողջ Արևմուտքն իմ դեմ է, Արաբական աշխարհի բոլոր երկրները և հարևան Թուրքիան իմ դեմ են: Այնուհանդերձ ես ոտքի վրա եմ կանգնած, նշանակում է սուպեր մա՞րդ եմ: Ո՛չ: Միայն Սիրիայի ժողովրդի մեծ մասի աջակցության շնորհիվ»,-ասել է Ասադը:
Monthly Archives: October 2013
Իլհամ Ալիևի դուստրը պարգևատրվել է ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանով
Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստանում հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանով պարգևատրվել է իշխանուհի Օլգայի 3-րդ կարգի շքանշանով:
Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Լ. Ալիևան այդ պարգևին արժանացել է Աստրախանում իշխան Վլադիմիրի հուշարձանի տեղադրմանն աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության ամրապնդման գործում բազմաթիվ արժանիքների համար:
Այս շքանշանին ավելի վաղ արժանացել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային հավաքի ֆեդերացիայի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը և Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան:
Մադոննան հայտնել է, որ Ղուրան է ուսումնասիրում
Մադոննան հայտնել է, որ ինքը Ղուրան է ուսումնասիրում:
55-ամյա երգչուհին կաթոլիկ դաստիարակություն է ստացել, սակայն վերջին 17 տարիների ընթացքում նա հուդաիզմի կաբալա ճյուղի հետևորդ է:
Երգչուհին, որի ներկայիս զուգընկերը մահմեդական է, այժմ սկսել է մահմեդականություն ուսումնասիրել:
Նա հայտնել էր, որ ինքը մահմեդական երկրներում աղջիկների համար դպրոցներ է կառուցում և Ղուրան ուսումնասիրում:
Նրա խոսքով բոլոր սուրբ գրքերն ուսումնասիրելը կարևոր է մարդու համար՝ ավելացնելով, որ իր ընկեր Յամանը հայտնում է, որ լավ մահմեդականը նաև լավ հրեա է, իսկ լավ հրեան՝ լավ քրիստոնյա և այդպես շարունակ:
Մադոննան 1996 թ-ից ի վեր կաբալայի հետևորդ է, իսկ մինչև 2008թ-ին իր ամուսնուց՝ բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիից բաժանվելը նրան համոզում էր մասնակցել կաբալայի պատարագների: Սակայն այժմ նա և իր 25-ամյա զուգընկեր Բրահիմ Զաիբատը կրոնի հետ կապված տարաձայնություններ ունեն:
Ըստ տեղեկությունների՝ Մադոննան իր երեխաների համար նարնջի հյութ պատրաստում է հատուկ օրհնված կաբալայի ջրով և հաճախ սպիտակ զգեստներ է հագնում, քանի որ դրանք դրական էներգիան են կլանում:
Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է որոշակի միջոցներ ձեռնարկել աղետալի դեֆոլտը կասեցնելու համար
Երեկ Չինաստանը հանրային կերպով միջամտել է Ամերիկային սպառնացող պարտքի ճգնաժամին՝ պահանջելով, որ ԱՄՆ-ը որոշակի միջոցներ ձեռնարկի կառավարության պարտքի դեֆոլտը կասեցնելու համար, որը կարող է գլոբալ, աղետային հետևանքներ ունենալ:
Չինաստանը ԱՄՆ-ի ամենամեծ արտաքին պարտատերն է, որի ձեռքում են կենտրոնացած 794 միլիարդ ֆունտ արժողությամբ Միացյալ նահանգների գանձապետական պարտատոմսեր, ուստի երկրի ղեկավարները Վաշինգտոնին նախազգուշացրել են վտանգի տակ չդնել Ամերիկայի տնտեսությունում իրենց ունեցած հսկայական կապիտալը:
Չինաստանի ֆինանսների նախարար Չժու Գուանյաոն, հայտնելով իր մտավախությունները կառավարության պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ Վաշինգտոնում շարունակվող անելանելի վիճակի կապակցությամբ, նշել է, որ ԱՄՆ-ի ժամանակը սպառվում է:
Նա նաև հայտնել է, որ որպես աշխարհի երկու ամենամեծ տնտեսություններ Չինաստանը և ԱՄՆ-ը անբաժանելի են:
Նախարարը, նկատի ունենալով 2011թ-ի ԱՄՆ-ում ստեղծված նմանատիպ իրավիճակը, հույս է հայտնել, որ Միացյալ նահանգները դասեր կքաղեն պատմությունից:
Միացյալ նահանգները մինչև հոկտեմբերի 17-ը պետք է որոշում կայացնի իր պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ, իսկ եթե ոչ գանձարանի գումարը կվերջանա վճարումներ կատարելու համար:
Հայցում ենք քաղաքացիների օգնությունը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1944 թ. ծնված Վրեժ Խաչատրյանը (տառապում է հիշողության կորստով) դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 13 նրբանցքի 3-րդ տնից և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է 10 թեկնածու
Հոկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով 08:00-ից սկսած, Ադրբեջանում “լռության օր” է: Համաձայն ԱՀ-ի ընտրական օրենսգրքի` մինչ հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունները վերջին 24 ժամը արգելվում է ցանկացած նախընտրական քարոզարշավ և քարոզչություն, որի նպատակը ընտրողներին հանգիստ իրադրությունում կողմնորոշվելու և սեփական թեկնածուի հարցում ընտրության հնարավորությունն է:
Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելված են նաև զանգվածային լրատվամիջոցներում սոցհարցումների և արդյունքների կանխատեսումների մասին նյութերի հրապարակումը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախագահական ընտրություններին մասնակցելու են 10 թեկնածու` իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահ, երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, “Ումիդ” (Հույս) կուսակցության ղեկավար Իգբար Աղազադեն, Միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Զահիդ Օրուջը, “Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ” կուսակցության ղեկավար Հուդրաթ Հասանղուլիևը, “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, “Ազգային վերածնունդ” կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆարաջ Գուլիևը, Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին, “Ադալեթ” (Արդարություն) կուսակցության նախագահ, պատգամավոր Իլյաս Իսմայըլովը և Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:
Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 5.141.000 քաղաքացի:
Մարդկանց զոհաբերություն Աֆրիկայում
Աֆրիկայում ռուս ոստիկանը փրկել է երեխային զոհ մատուցելուց: Ոստիկանության փոխգնդապետը տեղեկություն է ստացել, որ վաճառում են 7-ամյա տղա զոհ մատուցելու համար: Ընտրված էր նաև մի կին, որը պետք է գնորդի դեր կատարեր: Նա հանդիպել է երեխային վաճառողի հետ և պայմանավորվել 150 դոլարով գործարք կատարել մասին: Այդ ընթացքում չարագործին ձերբակալում են, նա երեխայի հեռավոր ազգականն էր, որը ծնողների մահից հետո որոշել էր երեխային վաճառել:
Այս դեպքը մեկնաբանում է Մոսկվայի լեզվաբանական պետական համալսարանի դոցենտ, իսլամագետ Ռոման Սիլատևը.”Աֆրիկացիների համար 150 դոլարով երեխային վաճառելը և հետո զոհաբերելը չի համարվում վայրենություն: Ինձ թվում է, որ այդ կերպ վաճառվում և զոհ են մատուցվում հազարավոր երեխաներ ոչ միայն Աֆրիկայում: Դա տարածված է և Հաիթիում, և նույնիսկ այնպիսի եվրոպական քաղաքում, ինչպիսին Լոնդոնն է, որտեղ անընդհատ գտնում են երեխաների մասնատված մարմիններ: Սև կախարդության ծեսերի համար կա հատկապես երեխաների պահանջարկ “:
“Դա անցյալի ժառանգությունը չէ, դա ներկան է: Հաիթիում բնակչության մեծ մասը վուդու կրոնի հետևորդ է, որը հատկապես մարդկանց զոհաբերություն է ընդունում:Հարցն այն է, որ դա վուդուական կախարդություն է. որքան ուժեղ է, այնքան կարևոր է դևերին մատուցվող զոհը: Եթե աքլոր մորթեք, դա այլ է, իսկ երեխան բոլորովին այլ արդյունք է: Այդ պատճառով ամենակարևոր կախարդանքների ժամանակ օգտագործվում է մարդկանց զոհաբերությունը: Դա ներկա է, ոչ թե անցյալ”,-ընդգծում է Սիլանտևը:
“Որոշ վայրերում պայքարում են այս ամենի դեմ, որոշ տեղերում, եթե հիշում եք, նույնիսկ նախագահները մարդակերներ են եղել և զբաղվել կախարդությամբ: Հարկավոր է երկրները առանձին-առանձին դիտարկել: Շատ զարմանալի և վայրենի սովորույթներ կան: Օրինակ` որոշ տեղերում հավատում են, որ եթե քնեն սպիտակ կնոջ հետ, ապա կբուժվեն ՁԻԱՀ-ից, որոշ տեղերում ալբինոսներ են որսում : Կան որոշակի թվով սևամորթ ալբինոսներ, որոնք չեն ապրում մինչև հասունացման տարիք, քանի որ այդ ծեսերում նրանց պահաջարկը շատ է: Վուդուիզմը Հաիթի և Կարիբյան կղզիներ եկել է Աֆրիկայի արևմուտքից, հատկապես Նիգերիայից : Հետո տարածվել է Հարավային Օռլեանում և այլն: Նույնիսկ Ռուսաստանում ինչ-որ քանակի վուդուիստներ կան :
«Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժություններ (լուսանկարներ)
«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցը քննարկվելու է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում
«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակներում Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Պիկասոն բացի օծանելիքից նաեւ նկարիչ է. Սամվել Երեմյան
«Առանց դադարի աշխատելու ենք: Պատրաստվում ենք կազմակերպել ժամանակակից արվեստի փառատոն: 5-10 նկարիչներով կնկարենք մեկ մեծ կտավ, որի աշխատանքները կտևեն 20 օր և24 ժամ: Այս կերպ ուշադրություն կսևեռվի նախագծին, որը անցնելու է «Աշխարհն ինչպիսին է և աշխարհն ինչպիսին պետք է լինի» խորագրով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Infinity 2 Art festival» միջազգային փառատոնի մասին նշեց «Infinity Art Production» տնօրեն, նախագծի ղեկավար Հայկ Մութաֆյանը:
Նրա խոսքով փառատոնը նախատեսվում է կազմակերպել 2014-15թթ.-ին: Ժամանակակից արվեստի փառատոնը մեծ ռեսուրսներ է պահանջում, տարածաշրջանում նախադեպը չի եղել: Միջոցառումը բոլորի կողմից կընդունվի, սակայն մեծ աշխատանք է պետք կատարել.
«Անգամ հնարավոր է ցուցադրումներ կազմակերպել հնարավորինս օղակներով՝ թատրոնի ոճով, գրական արվեստ, երաժիշտական լուծումներ և այլն: Այս կերպ հնարավորություն կտրվի արվեստագետներին ստեղծագործելու»:
Նկարիչ Սամվել Երեմյանի պնդմամբ մի քանի տարի առաջ հարցման արդյունքում իրենք պարզել են, որ հայ երիտասարդների մեծամասնությունը մեծագույն, համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներին շփոթել են օծանելիքի, խմիչքների և այլնի հետ, մասնավորապես՝ Մոցարտին համարել են բանբաներկա, Պիկասոյին՝ օծանելիք, Ռոդենին՝ մեքենա, Բալզակին ՝լիկյոռ և այլն.
«Մինչ այսօր շատ բան չի փոխվել և եթե փոխվել է ապա դեպի վատը: Այս ծրագիրը հակված է սեր առաջացնելու արվեստի, մշակույթի նկատմամբ: Բնակչության մեծ մասը կիմանա, որ Պիկասոն բացի օծանելիքից նաև նկարիչ է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ռուսաստանը բողոքել է Նիդեռլանդներում իր դիվանագետին վատ վերաբերվելու համար
Ռուսաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հակամարտություն է սկսվել այն ժամանակ, երբ երկու երկրները տարաձայնություններ ունեն՝ կապված Ռուսաստանում Greeenpeace-ի ակտիվիստների ձերբակալության հետ:
Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ պահանջել էր, որ Նիդեռլանդները բացատրի ու ներողություն խնդրի Հաագայում ռուս դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:
Դիվանագետ Դմիտրի Բորոդինը իր Twitter-ի էջում նշել էր, որ շաբաթ օրը ուշ երեկոյան իր տանը իրեն վատ են վերաբերվել: Ոստիկանությունը նրան իր երկու երեխաների հետ տարել էր ոստիկանական բաժանմունք և ազատ արձակել հաջորդ առավոտյան:
Երեքշաբթի Հաագայի ոստիկանության խոսնակը հաստատել էր դիվանագետի հետ կատարված դեպքը, սակայն մանրամասներ չէր հաղորդել: Այժմ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը պատասխան է պատրաստում:
Դոլարը բարձրանում է
Քաղաքաշինության նախարարն առաջարկում է քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը
“Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում:
Նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ պարոն Թադեւոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին նկարագրից անցել է ավելի քան 10 տարի, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Կարեւորելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցությունը` պարոն Թադեւոսյանն ընդգծեց ուսումնասիրությունների անցկացման գործում կազմակերպության աջակցությունը, որը մեծապես կնպաստի նոր մարտահրավերների եւ ծագած խնդիրների լուծմանը:
Նոր մարտահրավերներից նախարար Թադեւոսյանը մասնավորապես առանձնացրեց տարածական զարգացման եւ տարածաշրջանային պլանավորման ոլորտում նկատվող տեղական մակարդակներով քաղաքաշինության փաստաթղթերի մշակման եւ հաստատման հետընթացը (համաձայն օրենսդրության` հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունը): Հաշվի առնելով, որ հենց այդ մարմիններին է տրված շինարարության թույլտվություն տրամադրելու իրավունքը, ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կառուցապատման ոչ բավարար կարգավորման եւ, հետեւաբար բնակավայրերի կայուն զարգացման խախտման:
Տեղեկացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը եռօրյա այցով գտնվում է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Եվրապական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանին: Նախատեսվում է հանդիպման արդյունքում հաստատել բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման 2014-2020 թթ-ի ռազմավարությունը:
Էդուարդ Շարմազանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Նիստի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վիկտոր Չերկեսովի առաջարկությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Պետական բյուջեն շարունակվում է կատարվել հավելուրդով. ՖՆ
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Տիկին Զարգարյանի պարզաբանմամբ, քանի որ 8 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ ութ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 88.4 և 81.8 տոկոսով:
Բյուջեի եկամուտներն աճել են 18.5% ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա ութ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.7% ով կամ 103.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրված մեկ միասնական հարկի` եկամտային հարկի աճով և նոր ներդրված շրջանառության հարկի մուտքերով:
Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետը հավաստեց՝ պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի, պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 590.2 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով 7.9%-ով կամ 43.3 մլրդ դրամով:
Գ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին
Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:
«Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Եվրոպական միության միջև Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում:
Քեթրին Էշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։
Հանդիպմանն անդրադարձ արվեց Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձան Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։
ԱՄՆ-ն Բաքվին ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու կոչ է արել
ԱՄՆ-ն Ադրբեջանին ազատ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: “Մենք շարունակում ենք կոչ անել ապահովել ազատ, արդար և թափանցիկ գործընթաց: ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանում ընտրական գործընթացին բոլոր ընտրողների խաղաղ մասնակցությունը, ինչպես նաև կոչ է անում թույլ չտալ ընտրությունների օրը և հաջորդող շրջանում բռնություններ և սպառնալիք”,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Մարի Հարֆը:
ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին ապահովել այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ազատ արտահայտման և հավաքների իրավունքը: “Մենք մտահոգված ենք հոկտեմբերի 4-ին լրագրողների խմբի վրա հարձակմամբ: Ընտրություններից հետո ԱՄՆ-ն մինչև շաբաթվա վերջ կտա ընտրական գործընթացին իր գնահատականը”,- նշել է Հարֆը:
Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ
2013թ-ի հոկտեմբերի 10-ից 18-ը Մոսկվայում տեղի կունենա «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո:
«Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:
Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:
Սիրով տեղեկացնում ենք, որ «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրարգրերով ներկայանալու համար:
Ահազանգով մեկնած ոստիկանները Երևանի տարբեր հատվածներից զենք-զինամթերք են հայտնաբերել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 12 դպրոցի էլեկտրակայանի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 137 փամփուշտ և 5 ազդանշանային փամփուշտ-հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի դիմացի այգում զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 9 մմ տրամաչափի «GLOCK» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Շախմատի տան» հարակից այգու նստարաններից մեկի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ազդանշանային ատրճանակ, ազդանշանային փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 400 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:

