ՀՈՎՀԱՆՆԵՍ – ՍՄԲԱՏ Գ թուլակամ, անփառունակ գահակալը

դրոշՀայոց պատմությունը հարուստ է փառահեղ, հայրենանվեր գործիչներով: Ցավոք, հայոց պատմության մեջ ունեցել ենք նաև թուլամորթ ու անկամ, անփառունակ գործիչներ, որոնք պատասխանատու պահին, չկարողանալով վեր դասել հայրենյաց շահը անձնական հավակնություններից, ձախողվել են` դառնալով մեծ ողբերգության գլխավոր դերակատար:

Նման գործիչներից էր Բագրատունյաց Հայաստանի Հովհաննես-Սմբատ Գ թագավորը (1020-1041):

Հովհաննես-Սմբատը հորից` Գագիկ Ա Բագրատունուց (990-1020) ժառանգեց մեծ ու հզոր թագավորություն: Իր երկարատև գահակալման շրջանում Գագիկ Ա-ն կարողացավ նվաճումներով մեծացնել իր տերության սահմանները, ամրապնդել հայոց թագավորության դիրքերը: Գագիկ Ա-ն իր ժամանակի հզոր տիրակալներից էր և արտաքին քաղաքականության մեջ կարող էր անգամ արհամարհել Բյուզանդիայի շահերը: Նա կարողացավ Կովկասում իր գահերեցությամբ ստեղծել մի հզոր դաշնակցություն, որն ի զորու էր դիմագրավելու ցանկացած մարտահրավերի:

Ահա այսպիսի պետություն պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը:

Գագիկ Ա-ն երեք որդի ուներ` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը քիչ բան է հայտնի:

Ավագության իրավունքով հայոց գահը պետք է ժառանգեր Հովհաննես-Սմբատ Գ-ն: Սակայն, ինչպես պատմիչներն են նշում, Հովհաննես-Սմբատն ամենևին էլ արքայավայել կեցվածք չուներ: Նա հսկայամարմին էր, թանձրամորթ, թուլակամ ու ոչ պատերազմիկ: Հովհաննես-Սմբատը հմուտ էր միայն եկեղեցիական գրքերի ուսումնասիրման ու ընթերցանության մեջ: Չեր սիրում սուր գործածել և առհասարակ հմուտ չէր պատերազմի և երկիր կառավարելու գործում:

Նրա հակապատկերն էր կրտսեր եղբայրը` Աշոտը, որ ժամանակակիցների հավաստմամբ` քաջ էր ու պատերազմիկ, հմուտ մարտիկ էր, խոր ու սուր մտքի տեր անձնավորություն և չէր երկնչում երբևէ:

Ահա երկու եղբայրների միջև Գագիկ Ա-ի մահից հետո պայքար է ծավալվում հայոց գահին տիրելու համար: Պետք է նշել, որ երկփեղկված էր նաև հայոց ավագանին: Հայոց զինվորականությունը` ռազմատենչ Պահլավունի իշխանների հրամանատարությամբ, համակրում էր Աշոտ արքայազնին:

Հովհաննես-Սմբատի կողմնակիցն էին իշխանների մի մասը և հայ կղերականությունը` կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի (1019-1058) գլխավորությամբ:

Հայ կղերականությունը բավական ազդեցիկ էր Հայաստանում: Բանն այն է, որ հոգևորականությունը ցանկացած իշխանից պակաս հզոր չէր իր սոցիալական դիրքով ու ունեցվածքով: Հայ եկեղեցին ուներ անհամար հարստություն` կալվածքներ, ագարակներ, սեփական գյուղեր…

Հայ եկեղեցին նաև ողջ հայությունից տասնորդ էր գանձում և դարերի ընթացքում ժողովրդի հաշվին կուտակելով  մեծ հարստություն` մեծ ազդեցություն ու իշխանություն էր ձեռք բերել երկրում: Դրան գումարած` հայոց կաթողիկոսի ձեռքին էր երկրի դատական իշխանությունը, որը նրան տալիս էր նաև որոշ վարչական իրավասություններ և հիմք` միջամտելու երկրի ներքին և արտաքին գործերին:

Այս պայմաններում, բնականաբար, հայոց հոգևորականության համակրանքը պիտի Հովհաննես-Սմբատ թուլամորթ ու անկարող թագաժառանգի կողմը լիներ, քանզի նրա գահակալման դեպքում հայոց ռազմատենչ զինվորականությունը հետին պլան կմղվեր և կաթողիկոս Պետրոս Ա-ի դիրքերը հայոց արքունիքում էլ ավելի կամրանային:

Ինչևէ: Այս հակամարտությունները զինված բախման են հանգում և Հայաստանում քաղաքացիական պատերազմի տեղիք են տալիս: Պետք է նշել, որ եղբայրասպան այս պատերազմին պետական բանակը չի մասնակցել: Համենայն դեպս, դրա մասին հիշատակություններ չկան: Վասակ Պահլավունի սպարապետը, չնայած իր համակրանքին առ Աշոտ Բագրատունին, հետ է քաշում հայոց զորագնդերն այդ  կործանարար կռվից: Պետք է ենթադրել, որ ռազմական բախում եղել է երկու թագավորազուն եղբայրների անձնական զորագնդերի միջև:

Շուտով պատերազմը դուրս է գալիս Բագրատունյաց տիրույթների սահմաններից, քանզի Աշոտ Բագրատունին օգնական զորք է խնդրում Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունուց, որը, ի դեպ, հայոց արքայազների հետ կապված էր խնամիական կապերով և ստանում է օգնական զորք:

Սենեքերիմ Արծրունին շահագրգռված էր Աշոտի հաղթանակով, քանզի նրան ևս ձեռնտու էր հայոց գահին տեսնել քաջ ու պատերազմիկ Աշոտին, քան թուլակամ Հովհաննես-Սմբատին: Վասպուրականի թագավորությունը մշտապես բյուզանդական և սելջուկյան սպառնալիքի տակ էր, և Սենեքերիմը հուսալի ու հզոր դաշնակցի կարիք ուներ:

Ամբողջ մեկ տարի արքայազուն եղբայրները ավերում են միմյանց կալվածքները: Ի վերջո, վճռական ճակատամարտում Աշոտ Բագրատունին հաղթում է: Հովհաննես-Սմբատի բանակը փախչում է` լքերով իր տիրոջը, որը գերվում է և հանձնվում եղբոր ողորմածությանը: Աշոտ արքայազնը անողոք է գտնվում եղբոր նկատմամբ. նրան հանձնելով Ապիրատ Պահլավունի իշխանին` կարգադրում է մահապատժի ենթարկել և փութալ Անի` կազմակերպելու այնտեղ Աշոտի հանդիսավոր ընդունելությունը:

Սակայն Ապիրատ իշխանը Աշոտի հրամանը կատարելու փոխարեն շտապում է Անի և այնտեղ ազատ է արձակում Հովհաննես-Սմբատին:

Հովհաննես-Սմբատը վերակազմավորում է իր բանակը, և կռիվը նոր թափ է ստանում:

Ի վերջո, գործին միջամտում են հայոց ավագանին, կաթողիկոսը և վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ն: Եվ պատերազմը դադարում է:

Անիում կողմերի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի` Հովհաննես-Սմբատ Գ-ն հռչակվում է թագավոր Անիի և շրջակա տարածքների վրա, իսկ Հայաստանի մնացյալ հատվածում թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041):

Պատմիչները չեն ավանդում, թե եղբայրներից ով է ժառանգում «շահնշահ հայոց և վրաց» տիտղոսը: Հավանաբար դա ժառանգել է Աշոտ Դ-ն, քանզի նա թագավոր էր «ի դրուց աշխարհի»` այսինքն` Անիից դուրս գտնվող աշխարհի վրա:

Պայմանագրի համաձայն` Աշոտ Դ-ն իրավունք չուներ երբևէ մուտք գործելու Անի մայրաքաղաք մինչ Հովհաննես-Սմբատ Գ-ի մահը:

Ինքը` Հովհաննես-Սմբատը, ժառանգ չուներ: Պատմիչ Արիստակես Լաստիվերցու վկայությամբ, Հովհաննես-Սմբատ Գ-ն որդի է ունեցել Երկաթ (հավանաբար` Աշոտ) անունով, որ մահացել է մանկահասակ տարիքում: Եվ եղբայրների միջև կնքված համաձայնագրի համաձայն` Հովհաննես-Սմբատ Գ-ի մահից հետո հայոց երկիրը պետք է վերամիավորվեր Աշոտ Դ-ի թագի ներքո:

Հավանաբար վաղաժամ է մահացել նաև Հովհաննես-Սմբատ Գ-ի կինը, քանզի հետագայում` 1032 թ. նա ամուսնացավ Բյուզանդիայի Ռոմանոս Գ Ագիրոս կայսեր եղբոր դստեր հետ, սակայն այդպես էլ ժառանգ չունեցավ:

Ահա այսպիսի տհաճ իրադարձություններով սկսեց Հովհաննես-Սմբատ Գ-ն իր անփառունակ թագավորությունը Հայաստանում:

Շուտով մեծ բանակով Արևելք է արշավում բյուզանդական հայազգի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը: Սկսված վրաց-բյուզանդական պատերազմում ջախջախվում է վրացական բանակը: Հովհաննես-Սմբատ Գ-ն անխոհեմ է գտնվել և զինական աջակցություն է ցուցաբերել վրացիներին: Բյուզանդիայի կայսեր ցասումը կանխելու համար նա 1022 թ. Տրապիզոն` կայսեր մոտ արտակարգ լիազորություններով բանակցելու է ուղարկում իրենից ոչ պակաս անփառունակ գործչի` ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Ա-ին, որն աչքի էր ընկնում ոչ միայն իր հունասիրությամբ, այլև` արծաթասիրությամբ:

Գերազանցելով իր լիազորությունները` Պետրոս կաթողիկոսը Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Գ-ի անունից կտակ է գրում, որի համաձայն` հայոց արքայի մահից հետո հայոց թագավորությունը կտակվում էր Բյուզանդիային:

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսը դավաճանում է հայրենիքը:

Կաթողիկոսի դավաճանությունը կոծկելու համար շուտով եկեղեցին հորինում և շրջանառության մեջ է դնում այն հեքիաթը, թե իբր, 1022 թ. հունվարի 6-ին` Ջրօրհնեքի օրը, կայսրն անձամբ է խնդրում կաթողիկոսին, որ վերջինս կատարի Ջրօրհնեքի ծեսը: Եվ երբ Պետրոս Ա դավաճանը խաչը ջուրն է գցում, իբր գետը սկսում է հոսել իր հոսանքին հակառակ: Այդ իսկ պատճառով Պետրոս Ա-ն պատմության մեջ մտավ Գետադարձ մականվամբ:

Ինչևէ, պատմությունը փաստում է, որ նման հեքիաթախառն առասպելները միշտ ծնվում են որևէ ծանր հանցանք քողարկելու համար: Իսկ հայոց կաթողիկոսի դավաճանությունն աններելի էր: Նրան չներեց անգամ Հովհաննես-Սմբատ Գ-ի պես թուլամորթ ու ապիկար գահակալը: Երբ կաթողիկոսը չորս տարի բյուզանդական Հայաստանում մնալուց հետո վերադարձավ հայրենիք` վայելելու իր դավաճանության արդյունքում ստացած Գետադարձ տիտղոսը` թագավորը նրան կարգալույծ անել տվեց, արգելափակեց Բջնիի ամրոցում` Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կալվածքում և նրա փոխարեն կաթողիկոս օծել տվեց Դիոսկորոս Սանահնեցուն:

Սակայն Պետրոս Ա Գետադարձի ազդեցությունը մեծ էր, և նրա հետևորդները չընդունեցին Դիոսկորոս կաթողիկոսին: Նրան շարունակ անարգում էին, անգամ եկեղեցում հարձակցեցին նրա վրա, պատռեցին նրա վեղարը: Դիոսկորոս Սանահնեցին, որ գիտնական էր, աստվածավախ ու բարոյական մարդ, ի վերջո, հրաժարվեց կաթողիկոսական գահից: Հայ եկեղեցին նրան այդպես էլ կաթողիկոսների անվանացանկում չներառեց: Պետրոս Գետադարձ դավաճանը 1045 թ. խաբեությամբ Գագիկ Բ արքային (1042-1045) ուղարկեց Բյուզանդիայի մայրաքաղաք` Կոստանդնուպոլիս և նրա հետևից` Անիի բանալիները` այն գրավելու հրավերով:

Հետագայում Հովհաննես-Սմբատը որևէ արժանահիշատակ գործ չկատարեց: Հայտնի է միայն, որ նա 1038 թ. նորոգել է Հռոմոսի վանքը և 1040 թ. զինական աջակցություն ցուցաբերել Լոռվա Տաշիր-Ձորագետի գահակալ Դավիթ Ա Անհողինին` (990-1048) Դվինի էմիրության դեմ պայքարում: Երբ Դվինի ամիրան հարձակվում է Լոռվա թագավորության վրա, Դավիթ Անհողինը սպառնալիքով օգնական զորք է պահանջում Հովհաննես-Սմբատից` ասելով, որ եթե նա մերժի, կմիանա Դվնո ամիրային և իր երկիրը կխավարեցնի: Ահաբեկված Հովհաննես-Սմբատ արքան 4000-անոց օգնական բանակ ուղարկեց Լոռվա թագավորին:

Հովհաննես-Սմբատ արքան թագավորեց 21 տարի և մահացավ 1041 թ.:

Պետք է նշել, որ հենց նրա գահակալման օրոք սկսվեց Բագրատունյաց թագավորության անկումը, որի հոգեվարքը արագացրին հենց դավաճան կաթողիկոսն ու թուլամորթ թագավորը:

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII փառատոնը` որպես նոր շունչ, շարժում

Հայաստանի թատերական գործիչների միություն  Հայաստանի թատերական գործիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը, որին այս տարի կմասնակցեն Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Թիբիլիսիից` ընդհանուր թվով 16 ներկայացում:

 Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում, իսկ ահա Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը ներկա գտնվելով ներկայացումներին` կընտրեն դրանցից մեկը Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրին մասնակցելու համար: Նշված ծրագրի շրջանակում փառատոնը կկայանա 2014 թ.-ի ամռանը` Մինսկում:

Ներկայացումների քննարկումներն անցնում են երիտասարդ թատերագետների, մասնագետների, ինչպես նաև հանդիսատեսի մասնակցությամբ, իսկ քննարկումների վերջնական ամփոփումը կկատարի ՌԴ-ի ժող. արտիստ, Չեխովի անվ. ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվ. մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Ըստ թատերագետ Լևոն Մութաֆյանի փառատոնը այս ութ տարիների ընթացքում ունեցավ իր պատմությունն ու հետագիծը. <<Շնորհիվ փառատոնի թատերական կյանքում նկատվում է նոր շունչ, շարժում>>:

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոնն առաջին անգամ կայացել է 2006 թ.-ին` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

 

Լուսինե Ասատրյան

 

Քուրդ-թուրք բախումներն ու տարածաշրջանի ապաքրիստոնեացման միտումները

Շահան ԳանտահարյանՔրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Թել Աբյաթի արվարձաններում  մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։

Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձաւ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման եւ հրկիզման արարքով։ Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը հայ ընտանիք է ապրում։ Քրիոստոնյա հոգեւորականների առեւանգման, տարբեր դաւանապատկան եկեղեցիների աւերման, ռմբակոծման եւ հոգեւոր գործիչների սպանության դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ իսլամականությունը ընդհանրապես թիրախ է ընտրել քրիստոնեական միջավայրերը, հստակ այն ուղերձը փոխանցելով, որ քրիոստոնյա ազգաբնակչությունը ապագա չունի տարածաշրջանում։

Այս ուղղվածությունը, իր հերթին առաջին հայացքից այն մեկնաբանության դուռն է բացում, որ Թել Աբյաթի  հայկական եկեղեցու  դեմ կատարված ոտնձգությունը կդիտարկվի ընդհանրապես տարածաշրջանի ապաքրիստոնեականացմանը միտող (եւ ոչ թե զուտ հայկական թիրախ ընտրած) ընդհանուր գործողությունների շարքում։ Մանաւանդ, որ Թել Աբյաթը հայաթափված քաղաք է։

Բայց վերադառանանք առաջին հաստատմանը։ Փաստորեն, Թել Աբյաթի շրջակայքը ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդական կազմակերպության եւ ծայրահեղ իսլամական տարրերի միջեւ։ Իսկ Թել Աբյաթը, ըստ երեւույթին, միակ աշխարհագրական միջավայրը չէ, որտեղ այս երկու կողմերը պատերազմում են։

Հիմա տեսնենք, թե ծայրահեղ իսլամականության զինյալները դիպաշարի այս վերջին շրջանում  ի՜նչ տեսակ կենտրոններից են ֆինանսաւորվում եւ զինվում։ Այլ աղբիւրներ վկայակոչելը այս հանգրւանին այնքան հատկանշական չէ, որքան հակամարտող կողմի համոզումը։

Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութողլուն հայտնել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը բոլոր քրդերին չի ներկայացնում` նշելով, որ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք նեղացել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության ճնշումներից եւ աջակցության խնդրանքով Անկարա են գալիս. միեւնույն ժամանակ հերքելով, որ Թուրքիան Սիրիայում «Քաիդայի» առնչակից խմբավորումներին որեւէ աջակցություն չի ցուցաբերել։

Թուրքիայի արտգործնախարարի կատարած հայտարարության մեջբերված բաժինը իր պարունակում իսկ հստակորեն մեկնաբանվում է, որ Սիրիայի քրդերի մեկ կազմակերպությունն է միայն, որ հակադրվել է Անկարային։ Մնացյալները Անկարայի հովանավորությունն են հայցում։ Անկարան արդեն իսկ իր հարաբերությունները բնականոնացնում է Թուրքիայի քրդերի հետ եւ սերտ հարաբերություններ է մշակում Իրաքի քրդերի հետ։ Հակադրված տարրը քրդական իրականության մեջ, ըստ Դաւութողլուի, այսպիսով մեկուսանում է  իր հակադրությամբ։

Թէ որքանո՞վ է Անկարային հաջողվում Թուրքիայի  քրդերի հետ իր հարաբերությունները բնականոնացնել կամ թե որքա՞ն ամուր են Իրաքի քրդերի հետ իր կապերը, կմնան խիստ հարցականների տակ։ Այս դեպքում պետք է կենտրոնանալ ծայրահեղ իսլամականների դեմ կռվող Սիրիայի քրդերի վրա եւ տեսնել հայտարարության երկրորդ բաժինը, որ հերքում է։ Դավութողլուն առանց  հասցեն ճշտելու հերքում է Անկարայի կողմից «Քաիդան» ֆինանսաւորելու եւ զինելու մեղադրանքը։ Մեղադրանքի հասցեատերը պարզ է։ Նրանք այն քրդերն են, որոնցից նեղացել են մյուսները եւ որոնք վազում են  իբրեւ թե դեպի Անկարա…

Հիմա պարզ է դառնում, որ քրդական «ժողովրդավարական միություն»-«Ահրար Շամ» (ծայրահեղ իսլամականներ) բախումները պետք է դիտարկել իբրեւ քուրդ-թուրք բախումներ, սիրիական տարածքների վրա։ Այս առումով էլ Թել Աբյաթի եկեղեցու հրկիզումը ընդհանուր քրիստոնեական թիրախից մի քայլ անդին լինելու տրամաբանությունն է հուշում. թեկուզ քաղաքի հայաթափված պատկերով։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,Ֆիլիպ ԼեֆորՀոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

 

Չինացի տղամարդը կտրել է իր առնանդամը՝ կարծելով, որ այն այլևս պետք չէ իրեն

Չինաստան,Յան Հում,առնանդամՉինացի տղամարդը, հուսախաբ լինելով միայնությունից, բարկացած կտրել է իր առնանդամը, այնուհետև որոշել գնալ հիվանդանոց բուժվելու:

 

Բժիշկները նրան հայտնել են, որ չեն կարող վերականգնել նրա տղամարդկային արժանիքները, և նախքան բուժումը նա պետք է գնա տուն ու իր հետ բերի առնանդամը:

Երբ 26-ամյա Յան Հում հետ էր վերադարձել հիվանդանոց նրան ասել էին, որ առնանդամը չափազանց երկար ժամանակ առանց արյուն է մնացել, և այլևս հնարավոր չէ այն հետ կարել:

Յանի ընկերները հայտնել են, որ նա դեպրեսիայի մեջ է եղել քաղաք տեղափոխվելուց հետո, քանի որ չի կարողացել ընկերուհի գտնել:

Նրանց տեղեկություններով՝ Յանը չափազանց շատ երկար ժամանակ էր անցկացնում հագուստի արտադրամասում, և նա կասկածում էր, որ երբևէ որևէ կնոջ հանդիպելու առիթ կունենա:

Նրա դեպրեսիան այնքան մեծ է եղել, որ հոկտեմբերի 27-ին վերադառնալով տուն՝ նա կտրել էր իր առնանդամը՝ կարծելով, որ այդ քայլից հետո կդադարի մտածել ընկերուհի գտնելու մասին:

Զարմանալիորեն նա այդ վիճակում կարողացել էր ինքնուրույն գնալ հիվանդանոց, հետ գալ տուն, այնուհետև կրկին գնալ հիվանդանոց:

Նրա ընկերները քննադատել են բժիշկներին՝ նշելով, որ եթե նրանք տղամարդուն շտապօգնության մեքենա տրամադրեին տուն վերադառնալու համար, հնարավոր է նրա սեռական օրգանը կարողանային փրկել:

 

Ռուսական ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, օդաչուները փրկվել են

ռազմական ուղղաթիռԵրեքշաբթի օրը ռուսական ռազմական ուղղաթիռը փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել  Մոսկվայի ծայրամասային բնակելի շենքերի մոտակայքում: Պաշտոնյաների տեղեկություններով՝ երկու օդաչուները փրկվել են:

Վթարված Ka-52 ուղղաթիռը պատկանում էր այն ստեղծող Կամով ընկերությանը և փորձարկումներ էր անցնում ռազմածովային նավերի վրա օգտագործվող տարբերակ ստեղծելու համար:

Այն վթարի է ենթարկվել  Մոսկվայի հարավարևելյան հատվածում գտնվող Կամովի թռիչքային հրապարակի վրա՝ բնակելի շենքերից մի քանի մետր հեռավորության վրա:

Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, մեջբերելով Կամովի ներկայացուցիչներին, հայտնում է, որ ուղղաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, երբ այն անկառավարելի կերպով շրջադարձ է կատարել, հարվածել գետնին և բռնկվել: Օդաչուներից մեկը ինքնուրույն դուրս է եկել ինքնաթիռից, իսկ մյուսին փրկարարները արագ դուրս են հանել:

 

«Վանդալների, բարբարոսների, թուրք-սելջուկների նման` առանց խղճմտանքի, քանդեցինք արվեստի այդ ստեղծագործությունը»

16522

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որը բավականին ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական կայքում, հերթական գրառումն է կատարել` այս անգամ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի վերաբերյալ: Նա մասնավորապես գրել է.

«Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին ներկայացված աշխատանքները վերջերս բուռն քննարկման առարկա դարձան: Նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր:

Մեզանում այդպես է, նախ` ջարդում ենք, փշրում, հետո մտածում նորը կառուցելու մասին…
Խորհրդային տարիներին անխնա ավերվեցին պատմամշակութային մեծ թվով հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, տարբեր նշանակության շենքեր, շինություններ…Պատճառներից մեկն էլ դա է, որ այսօր Երևանն անդեմ, պատմական անցյալից, ժառանգական իրականությունից կտրված մի քաղաք է դարձել: Տասնյակ տարիներ էր պետք, որպեսզի խորհրդային իշխանությունները գիտակցեին, սկսեին թեկուզ ուշացումով` պահպանել, վերակառուցել այդ հուշարձանների մի մասը:

Սակայն, խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսվեց <<հուշարձանների դեմ պայքարի>> նոր ալիքը…Հիմնովին ավերվեցին շենքեր, շինություններ, որոնք շատ փոքր ծախսերով կարելի էր ինտեգրել Երևանի ժամանակակից ճարտարապետական լուծումներին…Առանձնակի ցինիկությամբ, դաժանությամբ ավերվեց Հանրապետության հրապարակի Լենինի արձանը, որը տեղադրվել էր 1940 թվականի նոյեմբերի 24-ին և ապամոնտաժվեց 1991թվականին:
Իմ կարծիքով արվեստի իրական գործ էր արձանի պատվանդանը, որն իր հերթին ապամոնտաժվեց 1996 թվականին:

Լա’վ, ասենք Լենինի արձանը հանեցիք, հասկացանք, սակայն ինչ կարիք կար վայրագաբար, հարևան քոչվոր ցեղերի նման բառացիորեն քարուքանդ անել, ավերել այդ արվեստի ստեղծագործությունը: Ինչ է, դա պատմամշակութային արժեք չէր?…
Հետաքրքիր կլիներ նայել այդ տարիների տեսանյութերը, ծանոթանալ ականատեսների հուշերին և այսօր նայել այդ <<տոտալիտար անցյալի>> ոչնչացման ջատագովների, մերօրյա վանդալների աչքերի մեջ…Ես համոզված եմ, նրանցից շատերն այսօր արցունքն աչքերին իրենց ներկայացնում են որպես ճարտարապետական հուշարձանների պահպանության պայքարի <<անխոնջ, սրտացավ մարտիկի>>…

Եթե պահպանեինք այդ հոյակերտ պատվանդանն իր ամբիոնով, գեղեցիկ անձեռակերտ զարդանախշերով, ապա տեղադրելով որևէ սիմվոլիկ` հաղթանակը, միասնությունը կամ անկախությունը բնութագրող հուշարձան, մենք կպահպանեինք Հանրապետության հրապարակի նախկին տեսքն իր հրաշալի լուծումներով: Կլիներ շատ գեղեցիկ, կպահպանվեր հրապարակը իր ամբողջական տեսքով և պատվանդանն իր ամբիոնով կօգտագործվեր նաև զորահանդեսների, շքերթների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ:
Վանդալների, բարբարոսների, թուրք-սելջուկների նման` առանց խղճմտանքի, քանդեցինք արվեստի այդ ստեղծագործությունը, մի շարք հին շենքեր, շինություններ և կառույցներ…
Ափսոս, հազար ափսոս…Իսկ հիմա` հայի հետին խելքով, նոր հեծանիվ ենք փորձում հայտնագործել…
Պատկերացնում եք հեղափոխությունների <<օրրան>> Ֆրանսիայում հայկական տրամաբանությամբ սկսեին հեղափոխություններին զուգընթաց քարուքանդ անել պատմամշակութային հուշարձանները?…Այսօր Փարիզից, մյուս քաղաքներից հավանաբար ոչինչ չէր մնա…»:

Լիբիայում զինված տղամարդիկ շուրջ 50 միլիոն դոլար են գողացել բանկի ֆուրգոնից

Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԼիբաիայի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ զինված տղամարդիկ Միջերկրական ծովի ափամերձ հատվածի երկայնքով ձգվող ճանապարհին հարձակվել են Կենտրոնական բանկի ֆուրգոնի վրա և գողացել 50 միլիոն դոլար:

Պաշտոնիայի տեղեկություններով՝ Սիրտ քաղաքի մոտակայքում հարձակման ենթարկված մեքենային ուղեկցող պահակախումբ չի եղել: Գողացված գումարի մեջ կար ինչպես արտասահմանյան դրամական միավոր, այնպես էլ լիբիական դինար:

Արևելյան Բենգազի քաղաքում հարձակվողները կրակ են բացել նստացույց կազմակերպած հինգ մարդու վրա՝ սպանելով նրանցից երկուսին և վիրավորելով երեքին:

Նստացույց կազմակերպած մարդիկ բողոքում էին բանակի նախկին ղեկավար Աբդել Ֆաթահ Յունիսի սպանության դեմ:

Յունիսը Մուամար Քադաֆիի ներքին գործերի նախարարն էր՝ նախքան ապստամբների կողմը անցնելը և Լիբիայի երկարաժամկետ ղեկավարի դեմ ապստամբությունը կազմակերպելու հարցում օգնելը:

 

Նոր նշանակում գյուղատնտեսական նախարարությունում

10811_am_2Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

 

***
Արմեն Հարությունյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. 9 սեպտեմբերի, ք. Երևան

Կրթություն 
1998-2002 թթ. – ՀՀ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
2000-2002 թթ. – ՀՀ պետական ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն
2006-2009 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հանրային կառավարում, մագիստրատուրա
2010-2011 թթ. – Բրիստոլի համալսարան, միջազգային զարգացում, մագիստրատուրա

Աշխատանքային գործունեություն
2004 թ. – ՀՀ ագրարային համալսարանի ագրոգիտասփյուռ, փորձագետ-դասախոս
2004 թ. – ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիր, փորձագետ
2004-2005 թթ. – ԱՄՆ Գյուղդեպարտամենտ, Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագիր, Ախալքալակի մասնաճյուղի համակարգող
2005-2010 թթ. – «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, տնտեսագետ
2011 թ. – «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, ծրագրերի գնահատման և դիտանցման փորձագետ
2011-2012 թթ. – Հայկական բերքի առաջմղման կենտրոն, մարկետինգի և միջազգային կապերի բաժնի պետ
2012 թ. – Կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոն, փորձագետ
2012-2013 թթ. – Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն, դասախոս
2012 -2013 թթ. – ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական
2013 թ. հոկտեմբերի 29-ից` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ավագ սերժանտ: Մասնակցել է արտասահմանում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Վրաստանում, Նիդերլանդներում, Դանիայում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի: Ստացել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կրթաթոշակ: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

«Մոսկվա» կինոթատրոնում հանդիպել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչներն ու տվյալ երկրները ներկայացնող անիմատորները

J4vmlJR0f9FkcAhTs5YnX5XyzG2455ZL1U6ws7Gstsw,Js8QL7j3rIhgPburZ05sMa7YCIIUwcwFpbzQRs11--k«ՌեԱնիմանիա»  5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին,  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչների և տվյալ երկրները ներկայացնող անիմատորների հետ:

 

Կարևորելով և գնահատելով փառատոնի դերն ու նշանակությունը` արդեն 5-րդ տարին է այս երկրների ներկայացուցիչները ժամանում են Հայաստան` մասնակցելու «ՌեԱնիմանիա» փառատոնին:

 

Նախորդ օրը տեղի էր ունեցել “Let’s Talk Animation 2013” ֆորումը, որն այս տարի անցկացվում է անիմացիայի միջազգային օրվան նվիրված: Այն հրաշալի հնարավորություն  է  Հայաստանի և Էստոնիայի միջև անիմացիոն ոլորտում համագործակցելու համար: «Մարանի»-ի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ անցկացվում է “Let’s Talk Animation” ֆորում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:

 

Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր  հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:

 

Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև  նրանով, որ այն ընդլայնում է իր սփռվածությունն: Նոյեմբերի 1-3-ը  փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

 

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, իսկ խարդախության` 6, ապօրինի ծառահատման, խուլիգանության, մաքսանենգության և կողոպուտի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման, խուլիգանության և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Պուտինը հայտնել է, որ նույնասեռականները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին

putin-olympicՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլորը հրավիրված են մասնակցելու հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին՝ անկախ սեռական կողմնորոշումից:

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության տեղեկություններով՝ Պուտինը այս հայտարարությունը արել է երկուշաբթի օրը Սոչիի իր ամառնոցում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և սպորտային ոլորտի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը սեպտեմբերին հայտնել էր, որ նույնասեռականների նկատմամբ Սոչիի Ձմեռային խաղերի ժամանակ խտրականություն չի լինի: Սակայն դա հակասում էր կառավարության պաշտոնյաների այն հայտարարությանը, որ հականույնասեռականության պրոպագանդայի օրենքը կիրառվելու է խաղերի ժամանակ:

Օգոստոսին Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանից բարձր մակարդակի հավաստիացում էր ստացել, որ օրենքը չի տարածվի խաղերին մասնակցող մարդկանց վրա: Հաջորդ ամիս Միջազգային օլիմպիական կոմիտեն նշել էր, որ օրենքը չի հակասում Օլիմպիական կանոնադրությանը:

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անտեսել էր խաղերը բոյկոտելու կոչերը՝ նշելով, որ այդ քայլը կվնասի ամերիկացի մարզիկներին, որոնք մարզվել և զոհողությունների են գնացել մրցմանը մասնակցելու համար:

 

Ոստիկանությունը շարունակական պայքար է մղում ապօրինի ծառահատումների դեմ

ծառահատումՀոկտեմբերի 28-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «մաքրման կայանի» ուղղությամբ` սարալանջին, ծառեր են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 18.00-ին բերման է ենթարկել 1960 թ. ծնված Մարտուն Թ.-ին, որը նշված վայրում, կացնի գործադրմամբ, ապօրինի հատել է 6 բոխի և 4 լորենի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուսաղբյուր համայնքի տարածքում կատարվել է ապօրինի ծառահատում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1960 թ. ծնված Սամվել Մ.-ն բենզասղոցի գործադրմամբ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Լուսաղբյուր համայնքի վարչական տարածքում ապօրինի հատել է 20 հատ սոճի:
Նշանակվել էր մասնագիտական ստուգում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտենբերի 25-ին ստացվել է մասնագիտական եզրակացություն, համաձայն որի` ապօրինի հատմամբ պատճառված վնասի չափը կազմում է 727.500 դրամ:
Պատճառված վնասի հատուցման սակագինը վճարված է:

 

Կարինեն օղու կոտրած շշով հարվածել և վնասվածքներ է պատճառել Ռուբենին

օղու կոտրած շշով հարվածելՀոկտեմբերի 29-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել է 1972 թ. ծնված Կարինե Ս.-ն և հայտնել, որ ինքը «մարդ է խփել, որը արյունաքամ է լինում»:
Նույն օրը, ժամը 02.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի «թիկնային մակերեսի կտրած արյունահոսող վերք, պարանոցի աջ կողմնային շրջանի կտրած-պատռած արյունահոսող վերք, պարանոցի և կզակի շրջանի քերծած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1960 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:
Պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, Կարինե Ս.-ն օղու կոտրած շշով երկու անգամ հարվածել է Ռուբեն Հ.-ին ` պատճառելով վնասվածքներ:
Կարինե Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: