Էդմոն Մարուքյանը կոչ արեց կառավարությանը խորհրդարան չուղարկել տրամաբանությունից զուրկ նախագծերը

558315_10151871487057410_701397500_nԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ կառավարության ներկայացրած «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` դրանք համարելով տրամաբանությունից զուրկ նախագծեր:

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու կարգ, որի վարման և համակարգման աշխատանքներն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը: Գրանցամատյանում գրանցվելու համար փաստաբանները պարտավոր են վճարել տարեկան 60 000 դրամ տուրք:

«Նախագիծն անգամ ամենաթույլ քննադատությանը չի դիմանում: Ինչ վերաբերում է տուրք գանձելուն, ապա դա ոչ միայն անընդունելի է, այլև արվում է այն դեպքում, երբ փաստաբանը մեր երկրում չունի հարկային որևէ արտոնություն և վճարում է բոլոր այն հարկատեսակները, որը վճարում է  ցանկացած ձեռնարկատեր»,-ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանին հայտնի չէ մի որևէ զարգացած երկրի փորձ, որը նման արհեստական և անտրամաբանական ձևով փաստաբաններից գումարներ գանձվի: «Բյուջեն լցնելու համար տեղեր շատ կան, բայց դրանք փաստաբանական գործունեությունից շատ հեռու են»,-կարծում է նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ այսօր փաստաբանների հաշվառումն անվճար և պատշաճ կարգով իրականացնում է փաստաբանների պալատը, և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տեղադրված են պալատի պաշտոնական կայքում. «Անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը փորձում այդ գործառույթն իրեն վերապահել և դրա համար գանձել գումար կամ ինչու հենց 60 000 դրամ»:

Հիմնավորումը, թե այդ գումարն ուղղվելու է հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, պատգամավորը նույնպես տրամաբանությունից զուրկ փաստարկ է համարում, քանի որ փաստաբանը պարտավոր չէ վճարել պետության ուղղակի պարտականությունը հանդիսացող գործառույթի համար, որն ամրագրված է սահմանադրությամբ:

Էդմոն Մարուքյանը կոչ արեց կառավարությանը օրենքների նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից և չուղարկել Ազգային ժողով:

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

585. Minister Nalbandian received OSCE Representative for Freedom of Media 22.10.2013Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հայկական նախագահության շրջանակներում անցկացվող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության հարցերում, ինչին նպաստել է նաև ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։ Նա հավելեց, որ Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ և ողջունեց իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում հեռահաղորդակցության թվայնացման գործընթացի վերաբերյալ։

Դունյա Միյատովիչը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը և ապագա ծրագրերը։

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և ռուս ժողովրդին:
Խնդրում եմ մեր մխիթարանքի և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել անմարդկային բռնի գործողության հետևանքով տուժածներին»:

Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

10786_am_1Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգևը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին: Արդյունքում հրավեր է ստացվել մասնակցել նաև հաջորդ տարվա փառատոնին, որը կայանալու է 2014 թվականի մայիսին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և հայկական միջնադարյան երաժշտությունը:

«Փյունիկի» մարզչին փոխարինեց «Արարատի» մարզիչը

ախimagesՀայսատանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Նրա օգնականները կլինեն Արման Տոնոյանը և Աշոտ Գրիգորյանը, իսկ դարպասապահների մարզիչը՝ Արման Կիրակոսյանը:

Հավելենք, որ  երիտասարդական հավաքականը գլխավորում էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը և այն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 4 խաղից 3-ում պարտվել է և միայն 1 հաղթանակ է տարել:

Իսկ Խաշմանյանը ներկայումս գլխավորում է նաև Երևանի «Արարատը», որը Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է:

Իշխանությունը պնդում է, որ մարդկանց պետք է ձուկ բռնել սովորեցնել, իսկ ընդդիմությունը կարծում է, որ մարդիկ բռնել գիտեն, պարզապես ձուկ արդեն չկա

աժՍոցապնախարար Արտեմ Ասատրյանը այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ կառավարության՝ զբաղվածության մասին օրենքում

փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն, ըստ էության, նախատեսում է վերացնել գործազրկության նպաստը: Կառավարության
հիմնավորումն այն է, որ մարդուն պետք է ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել: Պատգամավոր Մարգարիտ Եսայանը, օրինակ, մտքերի
փոխանակման ժամանակ ասաց. ՛՛ՀՀ քաղաքացին սովորել է, որ պետք է սպասի նպաստին, սպասի պետական հովանավորությանը, բայց
պետության հիմնական գործառույթն է քաղաքացուն տալ հնարավորություն սեփական աշխատանքով սեփական
կարիքները հոգալու՛՛:
Մարգարիտ Եսայանի տեքստը դժգոհություն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների շրջանում: Առաջինը բողոք հայտնեց
Արծվիկ Մինասյանը. ՛՛Այսօր նպաստների ամբողջությամբ վերացնելու հեռանկարը պարզ չէ. արդյոք ունե՞նք այդքան
աշխատատեղեր, կարո՞ղ ենք կազմակերպել այդքան վերապատրաստման կուրսեր… Գյումրիում ու Վանաձորում ի՞նչ ենք անելու: Աշխատատեղեր
չկան: Հնարավոր է, որ այս նախագծով աջակցենք արտագաղթի ճամփան բռնածներին՛՛:
Բողոքն ու դժգոհությունը առավել հստակ ձևակերպեց Նաիրա Զորաբյանը: Իր խոսքում նա շեշտեց, որ տպավորություն ունի, թե այսօր ԱԺ է
բերվել քաղաքացու հոգեբանությունը փոխելու մասին նախագիծ. ՛՛Թող չնստեն տանն ու սպասեն նպաստին, այլ գնան աշխատելու այն բազմաթիվ
աշխատատեղերում, որ մեզ համար ստեղծել է մեր պետությունը: Ես բազմիցս ասել եմ ու կրկնում եմ՝ որևէ միտք ասելուց առաջ մտածելը դեռ
վնաս չի բերել: Ձեր խոսքերը ուղղակի գեղեցիկ բառերի շարան են, դատարկ օդ՝ պոպուլիստական դիվիդենտներ շահելու համար: Պետք է չէ
վիրավորել ՀՀ քաղաքացուն: ՀՀ քաղաքացին ծույլ չէ, մուրացկան չէ: Ազնիվ եղեք ու ասեք, որ 18000 մարդու 20000
դրամ էիք տալիս, հիմա դա էլ չունեք: Գլոբալ, գեղեցիկ, Ձեր սիրած բարդ ու գեղեցիկ բառերով ասում եք, որ նախատեսում եք
սովորեցնել ՀՀ քաղաքացուն որակյալ մասնագետ դառնալու ձևերը: ՀՀ քաղաքացին գործազրուկ է, ոչ թե որովհետև որակավորում չունի, այլ
որովհետև ուղղակիորեն գոյություն չունեն աշխատատեղեր: Մենք հրաշալի մասնագետներ ունենք, որոնք լքում են երկիրը: Մարդիկ կարթից
օգտվելու ձևերը շատ լավ գիտեն, բայց արդեն բռնելու ձուկ չկա՛՛:

—
Լարա Առաքելյան

 

Կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ,լուսանկարներ

 

 Սերժ Սարգսյան,Կոտայքի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:

Աշխատանքային այցը Սերժ Սարգսյանն սկսել է Եղվարդ քաղաքի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից: Հանրապետության Նախագահն այստեղ շրջայց է կատարել ընկերության հիմնած գործարանի արտադրամասերում, ծանոթացել իրականացված ներդրումներին և դրա արդյունքում ընդլայնված արտադրական հնարավորություններին, ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ: Նախագահին ներկայացրել են, որ «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունն արտադրությունը զարգացնելու նպատակով ձեռք է բերել իտալական արտադրության հոսքագիծ՝ 3 հազ. շիշ/ժամ արտադրական հզորությամբ, տեղադրել է սառնարանային ժամանակակից տնտեսություն, արդիականացման ուղղությամբ իրականացրել մի շարք այլ աշխատանքներ: Ծրագրով իրականացվող ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմում է շուրջ 19 մլն եվրո: Ներկայումս ընկերությունն արտադրում է 3, 5, 7 և 15 տարեկան կոնյակներ: Արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եվրոպական երկրներ, վերջին շրջանում՝ նաև Ղազախստան: Ընկերությունում աշխատում է 80 մարդ՝ մոտ 180.0 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով:

«Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված նշվել է, որ նախատեսվում է կառուցել 8-10 հազ. տոննա մթերման հզորությամբ խաղողի ընդունման, վերամշակման և համապատասխան հզորությամբ թորման արտադրամասեր, ինչպես նաև ավելացնել սպիրտների հնեցման համար նախատեսվող պահման տնտեսության հզորությունը՝ այն հասցնելով 5 մլն լիտրի: Գինիների արտադրությանը զարկ տալու նպատակով նախատեսվում է կառուցել համապատասխան սարքավորումներով պահման արտադրամաս 1500 տոննա խաղողի համար, ինչպես նաև տեղադրել գինու շշալցման հոսքագիծ: Վերոնշյալ բոլոր սարքավորումները նախատեսվում է ներկրել Իտալիայից: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, զարգացման ծրագրերի արդյունքում, որի համար կպահանջվի շուրջ 12 մլն դոլարի ներդրում, կստեղծվի լրացուցիչ շուրջ 30 նոր աշխատատեղ:

Կոտայքի մարզում Նախագահն այնուհետ այցելել է Ակունք համայնքում գտնվող «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությանը պատկանող ելակի, ազնվամորու և մոշի տնտեսություն, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ ընկերությունն Ակունքում 2012թ. վարձակալված 10 հա հողատարածքի վրա ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպում է վերոնշյալ հատապտուղների ընտրված սորտերի արտադրություն, որոնք հաջողությամբ աճում են Հայաստանի պայմաններում և ապահովում բարձրորակ բերք: Էկոլոգիապես մա-քուր բերք ստանալու համար արտադրությունում օգտագործվում են հիմնականում Եվրոպայից ներկրված բնական պարարտանյութեր, իսկ վնասատուների դեմ՝ միայն կենսաբանական միջոցներ, որոնք ավելի թանկ են, քան քիմիականը:

2013թ. ներմուծվել և հողապարկերի մեջ տեղադրվել են 16 հազ. ազնվամորու, 4 հազ. մոշի տնկիներ, ինչպես նաև 350 հազ. հատ ելակի սածիլներ, որոնց մի մասն աճեցվում է որոշակի բարձրության դարակների վրա: Ներկայումս աշխատանքներ են տարվում 2013թ. վարձակալված 6 հա հողատարածքի վրա կազմակերպելու բարձր բերքատվությամբ սորտի կեռասի այգի, որի արտադրանքը նույնպես արտահանվելու է, ինչպես նաև՝ տնկիների և սածիլների սեփական արտադրություն: Փորձնական նպատակով կառուցվում է զովացնող համակարգերով ջերմատուն, ինչը հնարավորություն կտա տարածքն օգտագործելու նաև ամռանը: Ծրագրով իրականացվող ներդրումները կազմում են շուրջ 3.5 մլն դոլար: Ընկերությունում աշխատում է 73 մարդ՝ 100-125 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Աշխատակիցները հիմնականում Ակունք և շրջակա գյուղերի բնակիչներ են:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չարենցավանում ներկա է գտնվել նաև «Ասկե գրուպ» ընկերության մետաղական ամրանների արտադրության գործարանի բացման արարողությանը: Այստեղ Նախագահը ծանոթացել է վերազինված արտադրամասի հնարավորություններին, իրականացված ներդրումներին: Նշվել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ, 3 տարի ժամկետով հետաձգելով ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը, ընկերությունն իրականացրել է պողպատի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ, ամրանների արտադրության համար կազմակերպել նոր արտադրամաս: Ըստ ընկերության ներկայացուցիչների, 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործարանում աշխատել է 76 մարդ՝ 71 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Պողպատի ձուլման նախկին գործարանի վերապրոֆիլավորման արդյունքում «Ասկե գրուպե ընկերությունն ավելացրել է աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն 330-ի: Այսօր ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է մոտ 180 հազար դրամ: Ձուլման արտադրամասի գործարկումից հետո գործարանում կստեղծվի ևս 150 նոր աշխատատեղ:

Գործարանում Նախագահ Սերժ Սարգսյանի շրջայցի ավարտին Նախագահի ներկայությամբ ստորագրվել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներինե բնակարանային ապահովության սոցիալական ծրագրին «Ասկե գրուպ» ընկերության աջակցության վերաբերյալ փոխըմբռնման երկու հուշագիր՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Ա.Քարամյանի, կապալառու «Էյ-Դի-Էյ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մելքումյանի և «Ասկե Գրուպ» ԲԲԸ միջև ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի, կապալառու «Հորիզոն-95» ՍՊԸ ղեկավար Գագիկ Գալստյանի և «Ասկե Գրուպ» ԲԲԸ միջև: Հուշագրերով ամրագրվել է, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման միջոցներով «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետների համար» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները և ԵՃՇՊՀ աջակցությամբ երիտասարդ դասախոսների, մասնագետների և գիտաշխատողների համար բազմաբնակարան շենքի կառուցման, նույն համալսարանի մասնաշենքերի ուժեղացման և ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի կառուցման աշխատանքներն իրականացվելու են «Ասկե գրուպ» ընկերության արտադրության 10-32 մմ տրամագծով A500S դասի ամրանների օգտագործմամբ: Իր հերթին «Ասկե գրուպ» ընկերությունը նշված ամրանները 10 տոկոս զեղչով տրամադրելու է շինարարական ընկերություններին:

Կոտայքի մարզ այցի ավարտին Չարենցավանի կենտրոնական հրապարակում Սերժ Սարգսյանը մասնակցել է «Չարենցյան շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում անցկացված «Չարենցի քաղաք» խորագրով համաքաղաքային առաջին էքսպո-ցուցահանդեսի, այնուհետ նաև Եղիշե Չարենցի հուշարձանի բացման արարողություններին, հրապարակում դիտել երեխաների կավճանկարչության աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզից աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Հանդիպում Տրանսպորտի վարչությունում՝ Սարի Թաղի խնդիրների լուծման նպատակով

Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար: Տիկին Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կյանքի կոչել նշված խնդիրների լուծման առաջարկները: Քաղաքապետի պատասխանը չգոհացրեց բնակիչներին, ինչին հետևեց նրանց 2-րդ դիմումը ավագանու խմբակցության ղեկավարին: Վերջինիս միջնորդությամբ այսօր Սարի Թաղի բնակիչների անունից Գեղամ Պետրոսյանի հետ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում կայացավ հանդիպում, որին «Բարև Երևանից» ներկա էին Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը և Անահիտ Բախշյանը, Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և երթևեկության կառավարման բաժնի պետ Հարություն Մելքումյանը:

 

Բնակիչներն առաջարկում են թիվ 9 և 21 ավտոբուսների երթուղիները երկարաձգել մինչև Սարի Թաղ, թիվ 11 ավտոբուսը Սարի Թաղը շրջանցելու փոխարեն մուտք գործի թաղամաս և շարունակի իր երթուղին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկում կառուցել կամրջակ հետիոտնի ապահով անցուդարձի համար, կարգավորել բանուկ փողոցների մայթերը:

 

Առաջարկները քննարկվեցին: Ինչպես նշեց պարոն Նավասարդյանը, տրանսպորտային խնդիրը թաղամասում գոյություն ունի դեռևս Սովետական Միության ժամանակներից: Բանն այն է, որ թաղամասի փողոցները չափազանց նեղ են, անհարթ, տրանսպորտային միջոցների համար շրջադարձի տեղ չկա, նամանավանդ ձմռանը բարձր է վթարների հավանականությունը և այլն: Վարչությունը քննարկել է տրանսպորտային հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնցից առավել նպատակահարմարը թիվ 13 ավտոբուսի երթուղին մինչև Սարի Թաղ երկարաձգելն է: Գեղամ Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց բնակիչների հետ քննարկել առաջարկը և պատասխանել:

 

Քննարկվեց նաև վերգետնյա անցում կառուցելու հարցը: Անահիտ Բախշյանն առաջարկեց այն ներառել 2014թ. բյուջե, սակայն վարչության պետը տեղեկացրեց, որ վերգետնյա անցումները մինչ այժմ կառուցվել են ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ ներդրողների բյուջեով: Տիկին Բախշյանը նշեց, որ բանուկ փողոցների մայթերի վերանորոգման հարցը ևս կառաջարկեն ընդգրկել հաջորդ տարվա բյուջե: 

Պառավաքարի մոտ հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա,կան վիրավորներ և մեկ զոհ

զինվոր է վիրավորվելԱյսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր  խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

 ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար, Էդվարդ Նալբանդյան,ագնՀոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշեց, որ Եվրոպայում Հայաստանի նախագահությունը բավականին հաջող է ընթանում և դրա վկայություններից է  «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդաժողովի խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ այդ խնդիրները այսօր ոչ միայն այժմէական են, այլև լուրջ մարտահրավեր են միջազգային հանրության համար։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց. «Չնայած Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից այլատյացության, խտրականության և ատելության դեմ տարվող պայքարին, այսօր անգամ ԵԽ կազմում դեռևս կան երկրներ, որոնք ոչ միայն քարոզում են այլատյացությունը, այլև առաջնորդվում են այդ գաղափարախոսությամբ իրենց գործունեության մեջ՝ ոչ միայն անտեսելով թե ԵԽ-ի, և թե այլ հեղինակավոր միջազգային կառույցների քննադատությունը, այլև հանդիմանելով և հակադրվելով դրանց, հռչակում են իրենց հանդուրժողականության կենտրոն, որից աշխարհը պետք է օրինակ վերցնի»։

Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Մուիժնիկսը քննարկեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։

Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ hայրենիքում ապաստանած սիրիահայերին օժանդակելու նպատակով իրականացվող քայլերին։

Ինչ-որ փաստաթուղթ(եր)

Շահան ԳանտահարյանԵրեւութապես իրարից անջատ երկու հայտարարություններն ընդգծում են համատեղ դիտարկման անհրաժեշտությունը։ Նրանք վերաբերում են ՀՀ-ՄՄ եւ ՀՀ-ԵՄ համագործակցության ձեւաչափերի ճշտմանը։

«Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի»,- ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նախագահ Լուկաշենկոն ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին պայմանաւորել է ընթացակարգային ճանապարհի անցումով, որտեղ ՀՀ կճշտի թե ԵՄ-ի ուղղությա՞մբ կգնա, թե՞ ՄՄ-ի։

«Եվ չի բացառվում, որ մենք կստորագրենք փաստաթուղթ՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին»,- ասել է Լուկաշենկոն ակնարկելով Մինսկում այս շաբաթ կայանալիք ԱՊՀ երկրների և Եվրազեսի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։

Այս հայտարարության հիմնական ուղերձը այն է, որ կա հաւանականություն, որ շուտով ՀՀ-ն ստորագրի ինչ-որ փաստաթուղթ դեպի ՄՄ անդամակցության ճանապարհին։ Իհարկե, դա չի լինելու ուղղակի անդամակցություն, բայց` համագործակցության ձեւաչափի նոր հարթություն։

Հիմա տեսնենք, թե ի՞նչ է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս անգամ ՀՀ-ի դեպի ԵՄ ասոցացման ուղղությամբ տեսանելի հաւանականությունը ընդգծելու առումով. «Այո՛, մենք հուսով ենք, որ նման փաստաթուղթ լինելու է, որով արձանագրվելու է ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը, փաստաթղթի անունը դեռ չեմ կարող ասել, որովհետև մենք քննարկումների փուլում ենք»։

Այս մասին որեւէ դիտարկում կատարելուց առաջ մեջբերենք նաեւ
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի հայտարարությունը, որտեղ նա ասել էր, որ շատ կոնկրետ ժամանակահատված է հիմա, Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ. իրենք այստեղ են քննարկելու բոլոր հարցերը, և շատ կարևոր է, որ քննարկվի նաև ՄՄ-ին անդամակցելու հարցը:

Զուգահեռ-հակակշիռ հայտարարությունների տպաւորությունն են թողնում այս երեք ընդգծումները։ Եթե նախագահ Լուկաշենկոն ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցությունը պայմանաւորում է դեպի ՄՄ կամ դեպի ԵՄ ուղղության ճշտումով, ապա աւելի նուրբ դիւանագիտությամբ նույնն է ասում եվրոպացի պաշտոնատար Վիգանդը, շեշտելով որ Վիլնյուսից առաջ, այսինքն որեւէ փաստաթուղթ ստորագելուց առաջ պետք է քննարկել ՀՀ-ի ՄՄ անդամակցության հարցը։

Եւ եթե Լուկաշենկոն չի բացառում, որ դեպի ՄՄ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարը չի բացառում դեպի ԵՄ ինչ-որ փաստաթղթի ստորագրումը։

Պարզ երեւում է, որ թե՜ ՄՄ-ի համագործակցության ճարտարապետները եւ թե՜ ԵՄ-ի ասոցացման շրջանակը գծագրողները փորձում են համագործակցության ձեաւաչափեր ճշտել եւ պահպանել հարաբերությունները, տարածաշրջանում գործընկերներ չկորցնելու եւ խաղի կանոնների վրա ազդեցության գործոնները պահպանելու միտումով։ Երկկողմանիորեն, սակայն հիշեցնելով ընտրանք կատարելու պայմանականությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել ՀՀ-ի կողմից տեսանելիությունը ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ուրմիա լիճը վերանալու վտանգի տակ է

Ուրմիա լիճՊատմական Հայաստանի Ուրմիա լճի փրկության համար Իրանին 200 միլիարդ դոլար է անհրաժեշտ: Այս մասին է հայտարարել Իրանի Արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության և գյուղատնտեսության գծով Առևտրի պալատի ղեկավարի օգնական Մոհսեյ Ջալափուրը: Մոտ 6 հազար քառ. կմ մակեսեր ունեցող լիճը թռչունների երամակների համար ժամանակավոր ապաստան է հանդիսանում: Տեղումների սակավության հետևանքով լճի ջրի մակարդակը աստիճանաբար նվազում է՝ ազդելով շրջական ֆլորայի և ֆաունայի վրա:

Իրանական «ISNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ուրմիա լիճը իրականում 32 մլդ կուբամետր պետք է լինի, սակայն այսօր ջրամբարը մոտ կիսով չափ ցամաքել է: Ւրանի էկոնամիկայի նախարար Համիդ Չիթչիյան նշել է, որ լճում քիչ ջուր է մնացել և այն չափազանց աղի է դարձել: Այս ամենը առաջ է բերել բնապահպանական լուրջ խնդիր, որի լուծման համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ:

Բրունեյում այսուհետ անառակները հրապարակավ կքարկոծվեն

ԲրունեյՀարավ-Արևելյան Ասիայում գտնվող Բրունեյ փոքրիկ պետության սուլթանը հայտարաևել է, որ 6 ամսվա ընթացքում երկրում ուժի մեջ կմտնեն մի շարք նոր օրենքներ՝ հիմնված շարիաթի վրա: Սուլթան Հասանալ Բոլկիահի հրապարակած «Շարիաթական քրեական օրենսգիրքի» համաձայն՝ գողություն կատարածները որպես պատիժ կզրկվեն իրենց որոշ օրգաններից, իսկ անառակության մեջ մեղադրվողներին հրապարակավ կքարկոծվեն:
«Ռադիկալը» գրում է, որ Բրունեյի սուլթանությունում գործող շարիաթական դատարանները նախկինում զբաղվել են ավելի շատ քաղաքացիական և ընտանեկան բնույթի հարցերի լուծմամբ: Բրունեյում մուսուլմանները կազմում են բնակչության երկու երրորդը, իսկ փոքրամասնությունները հիմնականում բուդդիստներ, քրիստոնյաներ կամ տեղական հավատալիքների հետևորդներ են:

Կարենը բարեգործական հիմնադրամից 130000դրամ է գողացել

գողությունՀոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել բարեգործական  հիմնադրամներից մեկի ղեկավարն ու հայտնել, որ Երզնկյան փողոցում գտնվող տնից գողացել են երեխաների հասանելիք գումարները:
Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ի ժամը 20.30-ն ընկած ժամանակահատվածում, չկողպված փակ դռնից մտնելով նշված տուն` տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են աշխատասենյակի դռան նրբատախտակի հատվածը, մտել ներս, այնուհետև բացել աշխատասեղանի փականով դարակը և գողացել մոտ 130.000 դրամ:
Ոստիկանության Արաբկիրի  բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Կարեն Խ.-ն, որը հոկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Արթուրը տանիքից չի ընկել,նա վրաերթի է ենթարկվել

Վրաերթ (1)Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, 1984 թ. ծնված  Արտյոմ Կ.-ն կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ նշված օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան գյուղում ինքն է վրաերթի ենթարկել Արթուր Հ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անահիտը գողացել է օտարերկրյա քաղաքացու պայուսակը

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Կենտրոնականի  բաժին դիմած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գտնվող  հագուստի խանութում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, «Նոութբուք» համակարգիչ և ոսկյա ականջօղ:
Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին  պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Վանաձորում հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՀոկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Խնձորուտի փողոցից բերման են ենթարկել  1990 թ. ծնված Դավիթ Բ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 34-268 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ոստիկանները ձերբակալեցին բնակարանագողին

ձերբակալվել էՀոկտեմբերի 21-ին, ժամը 13.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ դիմացի հարևանի   բնակարան գող է մտել. ներսից փակված է դիտանցքը և ձայներ են լսվում:
Մեկնած ոստիկանության ծառայողները Դեմիրճյան փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտեմ Ս.-ն, որի մոտ հայտնաբերվել է բնակարանից գողացված 325.000 դրամը:
Արտեմ Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Հետաքննիչին մեղադրանք է առաջադրվել

ոստիկանՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վահե Խաչատրյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա նախապատրաստվող նյութերով կազմած, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում, անձնական դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նմանեցման եղանակով կեղծել ընթերակաների ստորագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է: