Հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

ձերբակալելՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:                                                       

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արման Ս.-ն, որը հունիսի 28-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու մեղադրանքով

ոստիկանությունՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, ժամը 10.15-ին, Երևանի Արտաշիսյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Հրանտ Ա.-ին, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու մեղադրանքով:

Բաշար Ասադը համաներում է հայտարարել հանցագործ զինվորականների համար

asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել մինչև հոկտեմբերի 29-ը զինվորական ծառայության շրջանակներում հանցանք կատարածների համար: Այս որոշումը հրապարակվել է որպես կառավարության՝ համար 70-րդ համաներման հրամանագիր:

5 կետից բաղկացած հրամանագիրը ուշագրավ հիշատակում է պարունակում դասալիք զինվորների վերաբերյալ: Այսպես, եթե երկրի սահմաններից դուրս ծառայող սիրիացի զինվորները դիմել են դասալքության, ապա 90 օրվա ընթացքում զորամաս հետ գալու և ներկայանալու պարագայում նրանց ներում է շնորհվելու: Սա վերաբերում է նաև երկրի ներսում ծառայող զինվորներին, սակայն վերջիններիս հետ գալու համար 30 օր է տրվելու: «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրամանագիրը ուժի մեջ կմտնի պետական պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո և կտարածվի մինչև հոկտեմբերի 29-ը հանցանք կատարածների վրա:

Թուրքիան և Ճապոնիան համատեղ ատոմային էլեկտրակայան կկառուցեն

turk-japon   Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Թուրքիայի և Ճապոնիայի վարչապետները համաձայնագիր են ստորագրել թուրքական Սինոպ քաղաքում համատեղ ատոմային էլեկտրակայանի կառուցման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել երեկ երեկոյան Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի և Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպման արդյունքում:

Էրդողանի խոսքերով՝ ատոմային էլեկտրակայանին առնչվող առաջին պայամանագիրը Թուրքիան կնքել է Ռուսաստանի հետ: «Հիմա մենք այդ քայլը անում ենք Ճապոնիայի հետ»,-նշել է Թուրքիայի վարչապետը: Սինդզո Աբեն իր հերթին  գոհունակություն է հայտնել փաստաթղթի ստորագրման առիթով՝ ընդգծելով, որ Թուրքիայի ընտրությունը խոսում է Ճապոնիայի հանդեպ ունեցած մեծ վստահության մասին:

“Սբ Հուդան” իր հետևից խավար է թողել

o_842228“Սբ Հուդա” փոթորիկը, որ նախօրեին պատուհասել էր Ռուսաստանին, այսօր թուլանում է: Սանկտ-Պետերբուրգում եղանակը հանդարտվել է, նավագնացությունը` վերականգնվել, ջրարգելները  կրկին բարձրացվել են: Մասնագետները համոզված են, որ պաշտպանական կառույցն է քաղաքը փրկել  ջրհեղեղից:

Այդուհանդերձ, Պետերբուրգին պատուհասած փոթորիկը զգալի է եղել: Տասնյակ ծառեր են տապալվել, գովազդային վահանակներ  ու ճանապարհային նշաններ են ընկել: Շուրջ 20 տան տանիք է պոկվել,  մի քանի փողոցներ են հեղեղվել: Քաղաքացիներն ասում են, որ քամին իրենց իսկապես քշում-տանում էր:

Լուրջ վնաս է հասել Լենինգրադի մարզին ու հարևան տարածաշրջաններին: Հոսանքազրկվել է ավելի քան 80 հազար մարդ:

Հիմա ԱԻՆ ծառայությունը վթարա-վերականգնողական աշխատանքներ է կատարում: Փրկարարները խոստանում են աշխատանքներն ավարտել 3 օրում:

Հնդկաստանում 40 մարդ կենդանի-կենդանի հրկիզվել է

o_584171Ավտոբուսի ու բենզատարի բախման հետևանքով Հնդկաստանում 40 մարդ է զոհվել: Ուղևորատար ավտոբուսում 48 մարդ է եղել: Բախման հետևանքով բենզատարը պայթել է ու բռնկվել: Ողբերգությունը կատարվել է  Անդրա Փրադեշ նահանգում:

Ավտոբուսը պատկանում էր տուրիստական մասնավոր ընկերությանը ու ուղևորվում էր Բանգալոր քաղաքից Հայդարաբադ:

Հնդկաստանը ողբերգական ՃՏՊ-ների  թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: 2011-ին Հնդկաստանի ճանապարհներին վթարներից զոհվել է 140 հազար , իսկ  2012-ին` 150 հազար մարդ:

 

Չինուհին սեքս-հանդիպում է առաջարկել սկեսրայրին

o_842309Շատերն են սիրում պատմել  իրենց առաջին անհաջող հանդիպման մասին, սակայն դժվար թե  դա համեմատվի 28-ամյա չինուհու պատմության հետ: Համացանցում ծանոթանալով տղամարդու հետ`  կինը չէր էլ կարող ենթադրել, որ ժամադրվել է սեփական սկեսրայրի հետ:

Մինչ ամուսինն աշխատանքի էր, կինը, որ համացանցում հայտնի էր Լիլի անունով, արկածներ էր որոնում: Ծանոթանալով մի տղամարդու հետ` նրանք պայմանավորվում են հանդիպել հյուրանոցի համարներից մեկում: Որքան մեծ էր կնոջ զարմանքը, երբ հյուրանոցային սենյակում նա հանդիպում է իր 57-ամյա սկեսրոջը: Թյուրիմացությունն առաջացել էր այն պատճառով, որ օն-լայն ծանոթության ժամանակ  հարս ու սկեսրայր իրար կեղծ լուսանկարներով էին ներկայացել:

Ոչինչ չասելով` Լիլին շնչակորույս վազում է աստիճաններով ներքև և հայտնվում ամուսնու գրկում. տուն գալով, վերջինս  տեսնում է համակարգիչը միացրած ու կարդում  կնոջ ու խորհրդավոր անծանոթի նամակագրությունը: Կնոջը հետևելով` գալիս է հյուրանոց: Սկզբում նա պարզապես սկսեց գորգոռալ կնոջ վրա, ապա հարվածեց: Դրանից հետո կատաղած ամուսինը հարձակվեց նաև հոր վրա, բղավելով, որ ինքը եզան նման աշխատում է, մինչդեռ կինը չգիտես ում հետ է քարշ գալիս:

Տղամարդու բարկության հետևանքը եղավ այն, որ նա կնոջ 2 ատամը կոտրեց, հոր գլուխն էլ այնպես վնասեց, որ նրան տեղափոխեցին հոսպիտալ: Ագրեսորը 5 օր անցկացրեց ոստիկանական բաժանմունքում: Հայտնի չէ, սակայն, ընտանեկան անդորրը վերահաստատվեց, հարաբերությունները կարգավորվեցին, թե ոչ:

ԱՆ-ն վերջերս Սիրիայից Հայաստան ժամանածներին կոչ է անում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ

rotaԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն ( http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/ )`  Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով  վարակվելու ռիսկ ունեն:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:

Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:

Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ  առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին, 8 մարդ վնասվածքներով հիվանդանոցում է

ավտովթարՀոկտեմբերի 29-ին, ժամը 13.35-ին, Այգևան-Լենուղի գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի կամրջի մոտ իրար են բախվել երկու «ԳԱԶ-3110» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սոլակ-Քաղսի գյուղերի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վրաերթ Սարի Թաղի նոր ճանապարհին` կամրջի տակ

վրաերթՀոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում, Սարի Թաղի նոր ճանապարհի կամրջի տակ, վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սթիվ Ջոբսի տունը` տեսարժան վայր

iՏունը, որտեղ ստեղծվել են Apple ընկերության առաջին համակարգիչները, այսուհետ ունենալու է “պատմական տեսարժան վայրի” կարգավիճակ: Լոս Ալթոսում գտնվող փոքրիկ ռանչոն այդ կարգավիճակին  է արժանացել Սիլիկոնային հովտի հանձնաժողովի ջանքերի շնորհիվ: Ջոբսի քույրը, որը հիմա այդ տան տերն է, չի առարկել ձեռնարկի դեմ:

Հիմա տանը ցանկացած փոփոխություն պետք է կատարվի միայն հատուկ հանձնաժողովի թույլտվությամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ – ՍՄԲԱՏ Գ թուլակամ, անփառունակ գահակալը

դրոշՀայոց պատմությունը հարուստ է փառահեղ, հայրենանվեր գործիչներով: Ցավոք, հայոց պատմության մեջ ունեցել ենք նաև թուլամորթ ու անկամ, անփառունակ գործիչներ, որոնք պատասխանատու պահին, չկարողանալով վեր դասել հայրենյաց շահը անձնական հավակնություններից, ձախողվել են` դառնալով մեծ ողբերգության գլխավոր դերակատար:

Նման գործիչներից էր Բագրատունյաց Հայաստանի Հովհաննես-Սմբատ Գ թագավորը (1020-1041):

Հովհաննես-Սմբատը հորից` Գագիկ Ա Բագրատունուց (990-1020) ժառանգեց մեծ ու հզոր թագավորություն: Իր երկարատև գահակալման շրջանում Գագիկ Ա-ն կարողացավ նվաճումներով մեծացնել իր տերության սահմանները, ամրապնդել հայոց թագավորության դիրքերը: Գագիկ Ա-ն իր ժամանակի հզոր տիրակալներից էր և արտաքին քաղաքականության մեջ կարող էր անգամ արհամարհել Բյուզանդիայի շահերը: Նա կարողացավ Կովկասում իր գահերեցությամբ ստեղծել մի հզոր դաշնակցություն, որն ի զորու էր դիմագրավելու ցանկացած մարտահրավերի:

Ահա այսպիսի պետություն պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը:

Գագիկ Ա-ն երեք որդի ուներ` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը քիչ բան է հայտնի:

Ավագության իրավունքով հայոց գահը պետք է ժառանգեր Հովհաննես-Սմբատ Գ-ն: Սակայն, ինչպես պատմիչներն են նշում, Հովհաննես-Սմբատն ամենևին էլ արքայավայել կեցվածք չուներ: Նա հսկայամարմին էր, թանձրամորթ, թուլակամ ու ոչ պատերազմիկ: Հովհաննես-Սմբատը հմուտ էր միայն եկեղեցիական գրքերի ուսումնասիրման ու ընթերցանության մեջ: Չեր սիրում սուր գործածել և առհասարակ հմուտ չէր պատերազմի և երկիր կառավարելու գործում:

Նրա հակապատկերն էր կրտսեր եղբայրը` Աշոտը, որ ժամանակակիցների հավաստմամբ` քաջ էր ու պատերազմիկ, հմուտ մարտիկ էր, խոր ու սուր մտքի տեր անձնավորություն և չէր երկնչում երբևէ:

Ահա երկու եղբայրների միջև Գագիկ Ա-ի մահից հետո պայքար է ծավալվում հայոց գահին տիրելու համար: Պետք է նշել, որ երկփեղկված էր նաև հայոց ավագանին: Հայոց զինվորականությունը` ռազմատենչ Պահլավունի իշխանների հրամանատարությամբ, համակրում էր Աշոտ արքայազնին:

Հովհաննես-Սմբատի կողմնակիցն էին իշխանների մի մասը և հայ կղերականությունը` կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի (1019-1058) գլխավորությամբ:

Հայ կղերականությունը բավական ազդեցիկ էր Հայաստանում: Բանն այն է, որ հոգևորականությունը ցանկացած իշխանից պակաս հզոր չէր իր սոցիալական դիրքով ու ունեցվածքով: Հայ եկեղեցին ուներ անհամար հարստություն` կալվածքներ, ագարակներ, սեփական գյուղեր…

Հայ եկեղեցին նաև ողջ հայությունից տասնորդ էր գանձում և դարերի ընթացքում ժողովրդի հաշվին կուտակելով  մեծ հարստություն` մեծ ազդեցություն ու իշխանություն էր ձեռք բերել երկրում: Դրան գումարած` հայոց կաթողիկոսի ձեռքին էր երկրի դատական իշխանությունը, որը նրան տալիս էր նաև որոշ վարչական իրավասություններ և հիմք` միջամտելու երկրի ներքին և արտաքին գործերին:

Այս պայմաններում, բնականաբար, հայոց հոգևորականության համակրանքը պիտի Հովհաննես-Սմբատ թուլամորթ ու անկարող թագաժառանգի կողմը լիներ, քանզի նրա գահակալման դեպքում հայոց ռազմատենչ զինվորականությունը հետին պլան կմղվեր և կաթողիկոս Պետրոս Ա-ի դիրքերը հայոց արքունիքում էլ ավելի կամրանային:

Ինչևէ: Այս հակամարտությունները զինված բախման են հանգում և Հայաստանում քաղաքացիական պատերազմի տեղիք են տալիս: Պետք է նշել, որ եղբայրասպան այս պատերազմին պետական բանակը չի մասնակցել: Համենայն դեպս, դրա մասին հիշատակություններ չկան: Վասակ Պահլավունի սպարապետը, չնայած իր համակրանքին առ Աշոտ Բագրատունին, հետ է քաշում հայոց զորագնդերն այդ  կործանարար կռվից: Պետք է ենթադրել, որ ռազմական բախում եղել է երկու թագավորազուն եղբայրների անձնական զորագնդերի միջև:

Շուտով պատերազմը դուրս է գալիս Բագրատունյաց տիրույթների սահմաններից, քանզի Աշոտ Բագրատունին օգնական զորք է խնդրում Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունուց, որը, ի դեպ, հայոց արքայազների հետ կապված էր խնամիական կապերով և ստանում է օգնական զորք:

Սենեքերիմ Արծրունին շահագրգռված էր Աշոտի հաղթանակով, քանզի նրան ևս ձեռնտու էր հայոց գահին տեսնել քաջ ու պատերազմիկ Աշոտին, քան թուլակամ Հովհաննես-Սմբատին: Վասպուրականի թագավորությունը մշտապես բյուզանդական և սելջուկյան սպառնալիքի տակ էր, և Սենեքերիմը հուսալի ու հզոր դաշնակցի կարիք ուներ:

Ամբողջ մեկ տարի արքայազուն եղբայրները ավերում են միմյանց կալվածքները: Ի վերջո, վճռական ճակատամարտում Աշոտ Բագրատունին հաղթում է: Հովհաննես-Սմբատի բանակը փախչում է` լքերով իր տիրոջը, որը գերվում է և հանձնվում եղբոր ողորմածությանը: Աշոտ արքայազնը անողոք է գտնվում եղբոր նկատմամբ. նրան հանձնելով Ապիրատ Պահլավունի իշխանին` կարգադրում է մահապատժի ենթարկել և փութալ Անի` կազմակերպելու այնտեղ Աշոտի հանդիսավոր ընդունելությունը:

Սակայն Ապիրատ իշխանը Աշոտի հրամանը կատարելու փոխարեն շտապում է Անի և այնտեղ ազատ է արձակում Հովհաննես-Սմբատին:

Հովհաննես-Սմբատը վերակազմավորում է իր բանակը, և կռիվը նոր թափ է ստանում:

Ի վերջո, գործին միջամտում են հայոց ավագանին, կաթողիկոսը և վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ն: Եվ պատերազմը դադարում է:

Անիում կողմերի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի` Հովհաննես-Սմբատ Գ-ն հռչակվում է թագավոր Անիի և շրջակա տարածքների վրա, իսկ Հայաստանի մնացյալ հատվածում թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041):

Պատմիչները չեն ավանդում, թե եղբայրներից ով է ժառանգում «շահնշահ հայոց և վրաց» տիտղոսը: Հավանաբար դա ժառանգել է Աշոտ Դ-ն, քանզի նա թագավոր էր «ի դրուց աշխարհի»` այսինքն` Անիից դուրս գտնվող աշխարհի վրա:

Պայմանագրի համաձայն` Աշոտ Դ-ն իրավունք չուներ երբևէ մուտք գործելու Անի մայրաքաղաք մինչ Հովհաննես-Սմբատ Գ-ի մահը:

Ինքը` Հովհաննես-Սմբատը, ժառանգ չուներ: Պատմիչ Արիստակես Լաստիվերցու վկայությամբ, Հովհաննես-Սմբատ Գ-ն որդի է ունեցել Երկաթ (հավանաբար` Աշոտ) անունով, որ մահացել է մանկահասակ տարիքում: Եվ եղբայրների միջև կնքված համաձայնագրի համաձայն` Հովհաննես-Սմբատ Գ-ի մահից հետո հայոց երկիրը պետք է վերամիավորվեր Աշոտ Դ-ի թագի ներքո:

Հավանաբար վաղաժամ է մահացել նաև Հովհաննես-Սմբատ Գ-ի կինը, քանզի հետագայում` 1032 թ. նա ամուսնացավ Բյուզանդիայի Ռոմանոս Գ Ագիրոս կայսեր եղբոր դստեր հետ, սակայն այդպես էլ ժառանգ չունեցավ:

Ահա այսպիսի տհաճ իրադարձություններով սկսեց Հովհաննես-Սմբատ Գ-ն իր անփառունակ թագավորությունը Հայաստանում:

Շուտով մեծ բանակով Արևելք է արշավում բյուզանդական հայազգի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը: Սկսված վրաց-բյուզանդական պատերազմում ջախջախվում է վրացական բանակը: Հովհաննես-Սմբատ Գ-ն անխոհեմ է գտնվել և զինական աջակցություն է ցուցաբերել վրացիներին: Բյուզանդիայի կայսեր ցասումը կանխելու համար նա 1022 թ. Տրապիզոն` կայսեր մոտ արտակարգ լիազորություններով բանակցելու է ուղարկում իրենից ոչ պակաս անփառունակ գործչի` ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Ա-ին, որն աչքի էր ընկնում ոչ միայն իր հունասիրությամբ, այլև` արծաթասիրությամբ:

Գերազանցելով իր լիազորությունները` Պետրոս կաթողիկոսը Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Գ-ի անունից կտակ է գրում, որի համաձայն` հայոց արքայի մահից հետո հայոց թագավորությունը կտակվում էր Բյուզանդիային:

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսը դավաճանում է հայրենիքը:

Կաթողիկոսի դավաճանությունը կոծկելու համար շուտով եկեղեցին հորինում և շրջանառության մեջ է դնում այն հեքիաթը, թե իբր, 1022 թ. հունվարի 6-ին` Ջրօրհնեքի օրը, կայսրն անձամբ է խնդրում կաթողիկոսին, որ վերջինս կատարի Ջրօրհնեքի ծեսը: Եվ երբ Պետրոս Ա դավաճանը խաչը ջուրն է գցում, իբր գետը սկսում է հոսել իր հոսանքին հակառակ: Այդ իսկ պատճառով Պետրոս Ա-ն պատմության մեջ մտավ Գետադարձ մականվամբ:

Ինչևէ, պատմությունը փաստում է, որ նման հեքիաթախառն առասպելները միշտ ծնվում են որևէ ծանր հանցանք քողարկելու համար: Իսկ հայոց կաթողիկոսի դավաճանությունն աններելի էր: Նրան չներեց անգամ Հովհաննես-Սմբատ Գ-ի պես թուլամորթ ու ապիկար գահակալը: Երբ կաթողիկոսը չորս տարի բյուզանդական Հայաստանում մնալուց հետո վերադարձավ հայրենիք` վայելելու իր դավաճանության արդյունքում ստացած Գետադարձ տիտղոսը` թագավորը նրան կարգալույծ անել տվեց, արգելափակեց Բջնիի ամրոցում` Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կալվածքում և նրա փոխարեն կաթողիկոս օծել տվեց Դիոսկորոս Սանահնեցուն:

Սակայն Պետրոս Ա Գետադարձի ազդեցությունը մեծ էր, և նրա հետևորդները չընդունեցին Դիոսկորոս կաթողիկոսին: Նրան շարունակ անարգում էին, անգամ եկեղեցում հարձակցեցին նրա վրա, պատռեցին նրա վեղարը: Դիոսկորոս Սանահնեցին, որ գիտնական էր, աստվածավախ ու բարոյական մարդ, ի վերջո, հրաժարվեց կաթողիկոսական գահից: Հայ եկեղեցին նրան այդպես էլ կաթողիկոսների անվանացանկում չներառեց: Պետրոս Գետադարձ դավաճանը 1045 թ. խաբեությամբ Գագիկ Բ արքային (1042-1045) ուղարկեց Բյուզանդիայի մայրաքաղաք` Կոստանդնուպոլիս և նրա հետևից` Անիի բանալիները` այն գրավելու հրավերով:

Հետագայում Հովհաննես-Սմբատը որևէ արժանահիշատակ գործ չկատարեց: Հայտնի է միայն, որ նա 1038 թ. նորոգել է Հռոմոսի վանքը և 1040 թ. զինական աջակցություն ցուցաբերել Լոռվա Տաշիր-Ձորագետի գահակալ Դավիթ Ա Անհողինին` (990-1048) Դվինի էմիրության դեմ պայքարում: Երբ Դվինի ամիրան հարձակվում է Լոռվա թագավորության վրա, Դավիթ Անհողինը սպառնալիքով օգնական զորք է պահանջում Հովհաննես-Սմբատից` ասելով, որ եթե նա մերժի, կմիանա Դվնո ամիրային և իր երկիրը կխավարեցնի: Ահաբեկված Հովհաննես-Սմբատ արքան 4000-անոց օգնական բանակ ուղարկեց Լոռվա թագավորին:

Հովհաննես-Սմբատ արքան թագավորեց 21 տարի և մահացավ 1041 թ.:

Պետք է նշել, որ հենց նրա գահակալման օրոք սկսվեց Բագրատունյաց թագավորության անկումը, որի հոգեվարքը արագացրին հենց դավաճան կաթողիկոսն ու թուլամորթ թագավորը:

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII փառատոնը` որպես նոր շունչ, շարժում

Հայաստանի թատերական գործիչների միություն  Հայաստանի թատերական գործիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը, որին այս տարի կմասնակցեն Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Թիբիլիսիից` ընդհանուր թվով 16 ներկայացում:

 Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում, իսկ ահա Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը ներկա գտնվելով ներկայացումներին` կընտրեն դրանցից մեկը Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրին մասնակցելու համար: Նշված ծրագրի շրջանակում փառատոնը կկայանա 2014 թ.-ի ամռանը` Մինսկում:

Ներկայացումների քննարկումներն անցնում են երիտասարդ թատերագետների, մասնագետների, ինչպես նաև հանդիսատեսի մասնակցությամբ, իսկ քննարկումների վերջնական ամփոփումը կկատարի ՌԴ-ի ժող. արտիստ, Չեխովի անվ. ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվ. մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Ըստ թատերագետ Լևոն Մութաֆյանի փառատոնը այս ութ տարիների ընթացքում ունեցավ իր պատմությունն ու հետագիծը. <<Շնորհիվ փառատոնի թատերական կյանքում նկատվում է նոր շունչ, շարժում>>:

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոնն առաջին անգամ կայացել է 2006 թ.-ին` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

 

Լուսինե Ասատրյան

 

Քուրդ-թուրք բախումներն ու տարածաշրջանի ապաքրիստոնեացման միտումները

Շահան ԳանտահարյանՔրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Թել Աբյաթի արվարձաններում  մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։

Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձաւ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման եւ հրկիզման արարքով։ Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը հայ ընտանիք է ապրում։ Քրիոստոնյա հոգեւորականների առեւանգման, տարբեր դաւանապատկան եկեղեցիների աւերման, ռմբակոծման եւ հոգեւոր գործիչների սպանության դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ իսլամականությունը ընդհանրապես թիրախ է ընտրել քրիստոնեական միջավայրերը, հստակ այն ուղերձը փոխանցելով, որ քրիոստոնյա ազգաբնակչությունը ապագա չունի տարածաշրջանում։

Այս ուղղվածությունը, իր հերթին առաջին հայացքից այն մեկնաբանության դուռն է բացում, որ Թել Աբյաթի  հայկական եկեղեցու  դեմ կատարված ոտնձգությունը կդիտարկվի ընդհանրապես տարածաշրջանի ապաքրիստոնեականացմանը միտող (եւ ոչ թե զուտ հայկական թիրախ ընտրած) ընդհանուր գործողությունների շարքում։ Մանաւանդ, որ Թել Աբյաթը հայաթափված քաղաք է։

Բայց վերադառանանք առաջին հաստատմանը։ Փաստորեն, Թել Աբյաթի շրջակայքը ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդական կազմակերպության եւ ծայրահեղ իսլամական տարրերի միջեւ։ Իսկ Թել Աբյաթը, ըստ երեւույթին, միակ աշխարհագրական միջավայրը չէ, որտեղ այս երկու կողմերը պատերազմում են։

Հիմա տեսնենք, թե ծայրահեղ իսլամականության զինյալները դիպաշարի այս վերջին շրջանում  ի՜նչ տեսակ կենտրոններից են ֆինանսաւորվում եւ զինվում։ Այլ աղբիւրներ վկայակոչելը այս հանգրւանին այնքան հատկանշական չէ, որքան հակամարտող կողմի համոզումը։

Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութողլուն հայտնել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը բոլոր քրդերին չի ներկայացնում` նշելով, որ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք նեղացել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության ճնշումներից եւ աջակցության խնդրանքով Անկարա են գալիս. միեւնույն ժամանակ հերքելով, որ Թուրքիան Սիրիայում «Քաիդայի» առնչակից խմբավորումներին որեւէ աջակցություն չի ցուցաբերել։

Թուրքիայի արտգործնախարարի կատարած հայտարարության մեջբերված բաժինը իր պարունակում իսկ հստակորեն մեկնաբանվում է, որ Սիրիայի քրդերի մեկ կազմակերպությունն է միայն, որ հակադրվել է Անկարային։ Մնացյալները Անկարայի հովանավորությունն են հայցում։ Անկարան արդեն իսկ իր հարաբերությունները բնականոնացնում է Թուրքիայի քրդերի հետ եւ սերտ հարաբերություններ է մշակում Իրաքի քրդերի հետ։ Հակադրված տարրը քրդական իրականության մեջ, ըստ Դաւութողլուի, այսպիսով մեկուսանում է  իր հակադրությամբ։

Թէ որքանո՞վ է Անկարային հաջողվում Թուրքիայի  քրդերի հետ իր հարաբերությունները բնականոնացնել կամ թե որքա՞ն ամուր են Իրաքի քրդերի հետ իր կապերը, կմնան խիստ հարցականների տակ։ Այս դեպքում պետք է կենտրոնանալ ծայրահեղ իսլամականների դեմ կռվող Սիրիայի քրդերի վրա եւ տեսնել հայտարարության երկրորդ բաժինը, որ հերքում է։ Դավութողլուն առանց  հասցեն ճշտելու հերքում է Անկարայի կողմից «Քաիդան» ֆինանսաւորելու եւ զինելու մեղադրանքը։ Մեղադրանքի հասցեատերը պարզ է։ Նրանք այն քրդերն են, որոնցից նեղացել են մյուսները եւ որոնք վազում են  իբրեւ թե դեպի Անկարա…

Հիմա պարզ է դառնում, որ քրդական «ժողովրդավարական միություն»-«Ահրար Շամ» (ծայրահեղ իսլամականներ) բախումները պետք է դիտարկել իբրեւ քուրդ-թուրք բախումներ, սիրիական տարածքների վրա։ Այս առումով էլ Թել Աբյաթի եկեղեցու հրկիզումը ընդհանուր քրիստոնեական թիրախից մի քայլ անդին լինելու տրամաբանությունն է հուշում. թեկուզ քաղաքի հայաթափված պատկերով։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,Ֆիլիպ ԼեֆորՀոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

 

Չինացի տղամարդը կտրել է իր առնանդամը՝ կարծելով, որ այն այլևս պետք չէ իրեն

Չինաստան,Յան Հում,առնանդամՉինացի տղամարդը, հուսախաբ լինելով միայնությունից, բարկացած կտրել է իր առնանդամը, այնուհետև որոշել գնալ հիվանդանոց բուժվելու:

 

Բժիշկները նրան հայտնել են, որ չեն կարող վերականգնել նրա տղամարդկային արժանիքները, և նախքան բուժումը նա պետք է գնա տուն ու իր հետ բերի առնանդամը:

Երբ 26-ամյա Յան Հում հետ էր վերադարձել հիվանդանոց նրան ասել էին, որ առնանդամը չափազանց երկար ժամանակ առանց արյուն է մնացել, և այլևս հնարավոր չէ այն հետ կարել:

Յանի ընկերները հայտնել են, որ նա դեպրեսիայի մեջ է եղել քաղաք տեղափոխվելուց հետո, քանի որ չի կարողացել ընկերուհի գտնել:

Նրանց տեղեկություններով՝ Յանը չափազանց շատ երկար ժամանակ էր անցկացնում հագուստի արտադրամասում, և նա կասկածում էր, որ երբևէ որևէ կնոջ հանդիպելու առիթ կունենա:

Նրա դեպրեսիան այնքան մեծ է եղել, որ հոկտեմբերի 27-ին վերադառնալով տուն՝ նա կտրել էր իր առնանդամը՝ կարծելով, որ այդ քայլից հետո կդադարի մտածել ընկերուհի գտնելու մասին:

Զարմանալիորեն նա այդ վիճակում կարողացել էր ինքնուրույն գնալ հիվանդանոց, հետ գալ տուն, այնուհետև կրկին գնալ հիվանդանոց:

Նրա ընկերները քննադատել են բժիշկներին՝ նշելով, որ եթե նրանք տղամարդուն շտապօգնության մեքենա տրամադրեին տուն վերադառնալու համար, հնարավոր է նրա սեռական օրգանը կարողանային փրկել:

 

Ռուսական ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, օդաչուները փրկվել են

ռազմական ուղղաթիռԵրեքշաբթի օրը ռուսական ռազմական ուղղաթիռը փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել  Մոսկվայի ծայրամասային բնակելի շենքերի մոտակայքում: Պաշտոնյաների տեղեկություններով՝ երկու օդաչուները փրկվել են:

Վթարված Ka-52 ուղղաթիռը պատկանում էր այն ստեղծող Կամով ընկերությանը և փորձարկումներ էր անցնում ռազմածովային նավերի վրա օգտագործվող տարբերակ ստեղծելու համար:

Այն վթարի է ենթարկվել  Մոսկվայի հարավարևելյան հատվածում գտնվող Կամովի թռիչքային հրապարակի վրա՝ բնակելի շենքերից մի քանի մետր հեռավորության վրա:

Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, մեջբերելով Կամովի ներկայացուցիչներին, հայտնում է, որ ուղղաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, երբ այն անկառավարելի կերպով շրջադարձ է կատարել, հարվածել գետնին և բռնկվել: Օդաչուներից մեկը ինքնուրույն դուրս է եկել ինքնաթիռից, իսկ մյուսին փրկարարները արագ դուրս են հանել: