Փետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մշակույթի տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին և 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին:
Խուզարկությամբ Համլետ Ղ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 85.86 գ և 8.3 գ դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը կանեփի թուփ է, որն ինքը քաղել է Շիրակամուտ գյուղի ձորի հարակից տարածքից:
Նույն օրը, ժամը 23.00-ին, դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` Համլետ Ղ.-ի մոտից հայտնաբերվածը 78.94 գ կշռով մարիխունա թմրամիջոց է:
ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Համլետ Ղ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Daily Archives: February 13, 2014
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 12-ին, ժամը 00.35-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը կորցնելով ղեկավարումը` Մաշտոցի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» ու «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաների:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 03.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց բախվել է ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, բախվել է «Բելառուս-ՅուՄԶ» մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 19.45-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իակ վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:
Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու և Տրդատ Ճարտարապետի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21013», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:«ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101», Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի և «ԲՄՎ»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Էրիկ Անթառանյանի տպավորությունները Սոչիից. նա ուղղակի հիացած է
Հ1-ի հաղորդավար Էրիկ Անթառանյանը օլիմպիական քաղաքից՝ Սոչիից, Ֆեյսբուքի միջոցով կիսվել է իր տպավորություններով և իր հիացմունքը փոխանցել բոլորին.
“Չէի գրի այսքան երկար, բայց կարծում եմ` այս օրերին քանի որ այստեղ եմ, իրավունք ունեմ գրելու ու գոնե աչքիս տեսածը ասելու, որ արևմտյան դեղին մամուլին հավատալու փոխարեն հավաստի տեղեկություն ունենաք: Այսօր վերջին կասկածներս փարատվեցին, երբ անձամբ այցելեցի մեր մարզիկների օլիմպիական բնակավայրը՝ ԼԱՈՒՐԱ օլիմպիական գյուղակ: Անգամ լինելով այս ամեն ինչի ներսում՝ մի պահ ես էլ էր կարդում արևմտյան մամուլ ու փորձում հասկանալ՝ արդյո՞ք իսկապես մի բան այն չէ: Սկսեմ կիսվել տպավորություններով կետ առ կետ:
1.Սոչիում եղել էի շատ վաղուց՝ մոտ 10 տարի առաջ, ու երբ լսեցի, որ 2014-ը վստահվել է հենց այս քաղաքին, չհավատացի: Փետրվարի 6-ին բացահայտել եմ ինձ անծանոթ մի նոր «հրաշաքաղաք»՝ համեմատելի Դուբայի կամ Լաս Վեգասի հետ՝ իր մեգա կառույցներով, հզոր շինություններով ու, որ ամենակարևորն է, այս ամենը կառուցվեց ընդամենը 4 տարում: Տեղաբնակները պիտի իրենց նախագահին արձան կառուցեն այս նվերի համար: Հիմա այստեղ կարելի է ցանկացած տիպի մասսայական միջոցառում կազմակերպել՝ ժամանցային, սպորտային, մշակույթային և այլն: Շքեղ է, գեղեցիկ է, երջանիկ եմ, որ վայելում եմ և իմ լուման ունեմ գոնե հեռարձակման մասով աշխատանքների մասնակցության մեջ
2. Բացման արարողություն: Իմ անձնական կարծիքով՝ լավն էր, բայց ոչ զարմանահրաշ: Ժամանակի ոգուն համընթաց, հագեցած ԱՅՍՕՐՎԱ հեռուստատեսային հնարքներով և լուսա-ձայնային նորագույն էֆֆեկտներով: Այո, կային թերություններ, բայց ոչ սարսափելի: Իսկ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ անթերի միջոցառում դեռ չի եղել: Կարծում եմ՝ ստացած բավականությունը հաստատ շատ ավելին պետք է լինի, քան սխալներ քչփորելու տգեղ գործընթացը:
3. Ֆիշտ Մարզադաշտ: Ուրիշի փողերը հաշվելու բնավ ցանկություն չունեմ, ոչ էլ կանեմ, բայց հաստատ միլիոններից մի քանիսը ծախսվել են այս մարզադաշտը հատուկ բացման արարողության և Կոնստանտին Էռնստի քմահաճույքների բավարարման համար: Եթե այդ մի քանի «ավելորդ» միլիոնը մի կողմ դնենք՝ ստացվել է ևս մեկ գեղեցիկ մարզադաշտ՝ հետագայում լավ միջոցառումների համար:
4. Կոնստանտին Էռնստ: Ինչ էլ ասենք էս մարդուն՝ իդեան Լոնդոնից էր գողացել, թերություններ՝ Օղակ չբացվեց, ինչ անկապ էր Ձյաձյա Ստյոպան, մարդը 2 անգամ Խաչատուրյան հնչեցրեց: Հատկապես հրավառությունը Խաչատուրյանի տակ…Կարծում եմ՝ վերջակետ դրեցինք ու անցանք:
5.Олимпийский Парк. Օֆիցիալ հովանավորների և օրգ.կոմիտեի ջանքերով արված է ամեն ինչ, որ ամեն օրդ անցնի հեքիաթի նման: Microsoft-ի SAMSUNG-ի, COCA-COLA-յի, AUDI-ի անիմացիոն տաղավարները, դրանցում ցուցադրվող հնարքները միայն փոքրիկ մասն են Օլիմպիական այգու բոլոր զվարճավայրերի: Առաջին անգամ է, թերևս, որ թե մարզադաշտերը և թե զվարճանքի տեղերը այսքան իրար մոտ և հարմար են դասավորված:
5.ԼՈԳԻՍՏԻԿԱ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Կարծում եմ՝ Պուտինի խոսքն արդեն բավական էր անվտանգ զգալու համար, բայց նշեմ, որ, իրոք, արվում է հնարավոր ու անհնարին ամեն ինչ անվտանգության համար, ու այս կամ այն երկրի նախագահին, քաղաքապետին, պաշտոնյային առանց մեծ թիկնազորի, парк-ում ազատ զբոսնելիս տեսնելու հանգամանքն արդեն իսկ խոսում է շատ բանի մասին:
• Տրանսպորտ: Ласточка հրաշքի մասին չասեմ, կարծում եմ, լսել եք: Այս մեգահարմարավետ և արագընթաց գնացքները ոչ միայն օլիմպիադայի ընթացքում, այլ կարծում եմ դեռ դրանից հետո էլ կլինեն Սոչիի բնակիչների համար պարզապես փրկօղակ: Դե իսկ բացի գնացքից, շատ հարմարավետ երթուղիներով աշխատում են նաև ավտոբուսներ ու երթուղայիններ, որոնք միացնում են իրար ԲՈԼՈՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ԲՈԼՈՐ: Պարզապես ընտրիր քեզ հարմար երթուղին: Պատվիրակություններին դրանց ենթակառույցներին հատկացված են AUDI և WOLKSVAGENմակնիշի բոլորովին նոր ավելին քան 5000 ավտոմեքենաներ վարորդով և առանց՝ հագեցված GPS սարքավորումներով:
• Սնունդ: Սնվել կարելի է գրեթե ամեն քայլափոխի ու ամենատարբեր մենյուներով: Քաղաքում հասանելի են ամենաբազմազան ռեստորանները, իսկ օլիմպիական գյուղակներում երկու տիպի հատուկ ճաշարաններ՝ մարզիկների համար (շքեղ սնունդով) և մյուս աշխատողների համար (հանգիստ կարելի է անվճար լավ սնվել): Օլիմպիական գյուղակներից ներքև՝ Красная Поляна գյուղաքաղաքում, որի մասին դեռ շաաաաաատ ենք լսելու, կարելի է գտնել ոչ միայն ամենաշքեղ ռեստորաններ, այլ նաև հրաշք ժամանցային ակումբներ ու աշխարահռչակ բրենդային խանութների բուտիկներ:
• Հյուրանոց: Այո, բոլորը նորակառույց են, Բայց նորից ու նորից խնդրանք՝ մի հավատացեք արևմտյան դեղին մամուլին: Ամեն ինչ կարգին է: 3 աստղանին 3 աստղանի է՝ իր առավելություններով ու թերություններով, 4-ը՝ 4, 5-ը՝ համապատասխանաբար բոլոր պահանջվող ստանդարտներին համապատասխան: Իսկ ի՞նչ պայմաններում են ապրում մարզիկները, առաջարկում եմ նրանց վերադարձից հետո նախ լավ դիմավորել, հետո հարցնել իրենցից: ԻՐՈՔ ԸՆՏԻ՛Ր ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ:
6. ՄԵԴԻԱ: Աշխարհի խոշորագույն մեդիա գիգանտներն անգամ այստեղ ոչ մի թերություն կամ իրենց աշխատանքին խանգարող հանգամանք չեն գտնի: Մի ամբողջ մեծ, շատ մեծ համալիր իր սեփական ենթակառույցներով՝ սննդի կետեր, մերսման սրահ, հանգստի սենյակներ, անգամ լվացքատուն՝ սպասարկելու աշխարհի մեդիագիգանտներին, որոնք այստեղ ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ տաղավարներ են կառուցել ու ապահովում են լուսաբանումը: Սա իմ գրառման այն կետն է, որին ես դեռ առանձին կանդրադառնամ, էնպես որ, էստեղ կդնեմ վերջակետ ու կառաջարկեմ Ձեզ խորը շունչ քաշել, հիշել, որ դեռ մոտ երկու շաբաթ ունեք հնարավորություն վայելելու այս մեգա ներկայացումը, պարզապես վայելեք, կիսվեք տպավորորթյուններով, ցավեք մարզիկների համար, ուրախացեք հաղթանակներով ու տխրեք՝ նրանց արցունքները տեսնելով”,-գրել է նա:
«Made in Turkey» տեսահոլովակը ցույց է տվել Թուրքիայի իրական դեմքը (տեսանյութ)
Թուրքական մամուլում հայտնվել է Ուչման Բալաբանի հեղինակած «Made in Turkey» 48 վայրկյան տևողությամբ անիմացիոն տեսահոլովակը, որտեղ ներկայացված են 2013 թվականին և ընդհանրապես վերջին մի քանի տարիներին Թուրքիայում տեղի ունեցած առավել ուշագրավ իրադարձությունները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ալկոհոլի վաճառքի արգելման մասին օրենքին, «Գեզի» այգու ցույցերին, ուսանողական հանրակացարանների առանձնացման խնդրին, կոռուպցիոն սկանդալին և այլն: Տեսանյութը սոցիալական մեդիայում ստացել է «Այլընտրանքային Թուրքիայի ներկայացում» անվանումը: Սա մի յուրատեսակ պատասխան է հունվար ամսին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տեսանյութին, որտեղ Թուրքիան ներկայացվում է միայն իր մշակույթով ու պատմական վայրերով:
«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի կինոփառատոնում
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը կներկայացվի մարտի 14-20-ը Նյու Յորքում կայանալիք «Socially Relevant Films» կինոփառատոնում: Ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի մարտ ամսին, արդեն հասցրել է ցուցադրվել միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոններում և արժանանալ մրցանակների:
«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված («թուրքացված») Համշենի հայության սերունդների ներկա վիճակը: Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում, որ կոչվում է «Արդվինի նահանգ», հայոց Համշեն գավառի մասին պատմական ակնարկից հետո ներկայացվում են դրվագներ Արդվինի նահանգի Խոփա գավառի համշենցիների կյանքից: Երկրորդ մասը, որ կոչվում է «Ռիզեի նահանգ», արդեն ներկայացնում է թուրքախոս համշենցիներին: Ֆիլմում տեղ են գտել բացառիկ դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության, մշակույթի մասին, ինչպես նաև մեկնաբանված է բռնի իսլամացման օսմանյան քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության մի տարատեսակ:
Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային:
Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:
Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. Բուցկովան ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված բուհական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նպաստել անդամ երկրների միջբուհական կապերի զարգացումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի համագործակցության, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:Այդ նպատակով նախարարի նախաձեռնությամբ հիմնադրամի պատասխանատուները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ և կքննարկեն ըստ ուղղությունների համատեղ դրամաշնորհային ծրագրերի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի շարժունության ապահովմանը միտված նախաձեռնություններ:
Վիշեգրադյան գործընթացում ներգրավված երկրներն են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:
Նոր Օռլեանի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել
Նոր Օռլեանի նախկին քաղաքապետ Ռեյ Նեյգինին փետրվարի 12-ին ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչվել Կատրին փոթորկի ավերածություններից հետո քաղաքի վերականգնման ժամանակ կոռուպցիայի մեջ:
Դատավճիռը կկայացվի հունիսի 11-ին: Մինչ այդ նա տնային կալանքի տակ կլինի: Իրավաբանների գնահատմամբ, նախկին քաղաքապետին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Ատենակալները Նեյգինի մեղքն ապացուցված են համարել ներկայացված մեղադրանքներից 20-ի դեպքում, այդ թվում` կաշառք, մեքենայություններ, հանցավոր պայմանավորվածություն, փողերի լվացում ու հարկերի վճարումից խուսափում: Մեղադրող կողմը կաշառքի ընդհանուր չափը գնահատել է 500 հազար դոլար: 57-ամյա մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:
Դեմոկրատական կուսակցության անդամ Ռեյ Նեյգին գլխավորել է Նոր Օռլեանի ադմինիստրացիան երկու ժամկետ `2002-2010 թ ու ղեկավարել է Կատրին փոթորկի հետևանքների վերացումը, որ պատուհասել էր 2005-ին: 2013-ին նրան մեղադրանք առաջադրվեց շահավետ պայմանագրեր համաձայնեցնելու համար կաշառք վերցնելու, անօրինական եկամուտներն օրինականացնելու ու հարկային կեղծ հայտարարագրեր ներկայացնելու մեջ:
Կաշառակերության գործով Նոր Օռլեանում ձերբակալվել է նաև 3 ձեռներեց: Բոլորն ընդունել են իրենց մեղքը` պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ: Դատավճիռ նրանց նկատմամբ դեռևս չի կայացվել:
Սուրբ Սարգիս
Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ (այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին): Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Գևորգը հայերի ամենասիրած սրբերն են: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:
361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել V դարում:
Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:
«Ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն» . Պետրոս Ղազարյան
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Նոր կարդացի, որ Կարեն Ավագյանը ոչ միայն արդարացնում է երիտհանրապետականների հարձակումը թռուցիկ տարածող ակտիվիստների վրա, այլև սպառնում է ավելի խիստ պատասխաններ տալ, եթե թռուցիկներն իր սրտով չլինեն։
Անկեղծ ասած, ծանոթ չեմ թռուցիկների բովանդակությանը, բայց ենթադրենք այնտեղ վիրավորական բաներ են գրված նախագահի և ՀՀԿ-ի հասցեին։
Շատ բնական է, որ դա Կարեն Ավագյանին դուր չի գա։ Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս որևէ մեկին վիրավորելը, անկախ նրանից, թե ինչպես ես վերաբերվում վերջինիս, դատապարտելի է։ Բայց սա դաստիարակության և ճաշակի հարց է։ Իսկ Կարեն Ավագյանը, կոչ անելով ինքնադատաստանի, շատ ավելի է վիրավորում Սերժ Սարգսյանին, քան թռուցիկներ բաժանողները։ Որովհետև թռուցիկ բաժանելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Եվ եթե ինչ որ բան էլ այն չէ, միջամտելու իրավունք ունեն միայն իրավապահները. ինքնադատաստանը նույնպես արգելված է Սահմանադրությամբ։ Արհամարհելով Սահմանադրությունը՝ Կարեն Ավագյանը արհամարհում և վիրավորում է նրա գլխավոր երաշխավորին՝ նախագահին։ Հարգարժան պատգամավորը պետք է նաև իմանա, որ ինքնադատաստանը երկու սայր ունի։ Շատերին դուր չի գալիս, որ կառավարության որոշումով պետական բուհերը միլիոնավոր դրամներ են տալիս իր հիմնադրամին, որ վերջինս իր քեֆով ծախսի։ Ելնելով ինքնադատաստանի կոչից՝ ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն։ Մանավանդ որ այդ տեխնոլոգիան բոլորը գիտեն։ Չասեմ՝ ում շնորհիվ”։
Ամերիկացին երկու օրում ստանալու է ավելի շատ աշխատավարձ, քան հայաստանցին՝ մեկ ամսում
Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին քայլին՝ կապված դաշնային աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ: Նա մասնավորապես գրել է.
“Բարաք Օբաման այսօր դաշնային աշխատողների նվազագույն աշխատավարձը 7,25 դոլարից բարձրացրել է մինչեւ 10,10 դոլար՝ մեկ ժամվա համար… Փաստորեն, այսուհետ 8 ժամ աշխատողը մեկ օրում կվաստակի ամենաքիչը 80 դոլար… Հայաստանում անցած տարվանից նվազագույն աշխատավարձը սահմանված է 45 հազար դրամ կամ մոտ 110 դոլար ամսական… Այսինքն, նվազագույն աշխատավարձով աշխատող ամերիկացին ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ստանալու է ավելի շատ, քան հայաստանցին ՄԵԿ ԱՄՍՈՒՄ…”:
Ադրբեջանը և Վրաստանը պետք է համաձայնեցնեն ընդհանուր սահմանի 180 կմ հատվածը
Ադրբեջանը և Վրաստանը պետք է համաձայնեցնեն ընդհանուր սահմանի 180 կմ հատվածը, հայտարարել է Ադրբեջանի հողագրության և քարտեզագրության պետական հանձնաժողովի նախագահ Ղարիբ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Վրաց-ադրբեջնական սահմանաը 480 կմ է, որից համաձյանեցված է միայն 300 կմ-ը: Չհամաձայնեցված հատվածում է գտնվում նաև վիճելի “Դավիթ Գարեջիի” վանական համալաիրը, որի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Վրացական կողմը առաջարկել էր տարածքներով փոխանակվել, որպեսզի ամբողջ համալիրը Վրաստանում մնա, սակայն Բաքուն մերժել է այս առաջարկը:
Մայրավանքը համարվում է Սուրբ Դավիթի եկեղեցին, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծին: Ադրբեջանում այս վանքը համարում են ոչ թե վրացական, այլ աղվանական մշակույթի հուշարձան:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ինչպես Անկախին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին սպասվում
է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սկանդալ.կոնգրեսականը դատի է տվել Օբամային
Գաղտնալսման սկանդալի հետ կապված նոր մանրամասներ են պարզվում: Այս անգամ այդ հետքը “տուն” է տանում, ԱՄՆ: Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մտադիր է դատարանում ապացուցել ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների անօրինականությունը:
Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Փենսիլվանիա նահանգից կոնգրեսականը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերի, ԱԱԳ-ի տնօրեն Քեյթ Ալեքսանդերի ու ԿՀՎ-ի ղեկավար Ջեյմս Կոմի դեմ:
Հեռախոսազանգերի տվյալների հավաքումը, ինչպես Ռենդ Փոլն է ապացուցում, հակասում է ԱՄՆ Սահմանադրության 4-րդ ուղղմանը, որն ամերիկացիներին պաշտպանում է իշխանությունների գործողություններից`թույլատրված ընդհանուր օրդերով,այսինքն, որով նշված չէ կոնկրետ հետապնդման ենթակա անձը (ձերբակալման կամ էլ իրերի առգրավման նպատակով):
“Սպասում եմ, որ գործը կհասնի ԱՄՆ Գերագույն դատարան ու կանխատեսում եմ, որ Ամերիկայի ժողովուրդը կհաղթի”,-հայտարարում է սենատորը, ով մտադիր է գերագույն դատական կառույցից ստանալ “Իրավունքի մասին բիլի” բացատրությունը:”Ի վերջո, գերագույն դատարանը կորոշի, թե ինչ է նշանակում Չորրորդ ուղղում”,կարծում է սենատորը:
Հրդեհ՝ “SAS” սուպերմարկետի պահեստում
Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
“Վարդագույն հովազի” “պոչը” հաջողվել է բռնել
Իսպանիայում ոստիկանությունը բռնել է “Վարդագույն հովազ”` անորսալի գողերի հանցավոր խմբակցության մի անդամի: Խմբավորումը զբաղվում է ոսկերչական խանութների թալանով: Կասկածյալը սերբ Բոյկո Իլինչիչն է, որին բռնել են Մադրիդում:
Հետաքննության տվյալներով, նա մասնակցել է Դուբայի առևտրի տան թալանին, 2007-ին: Այն ժամանակ գողերը 3 մլն-ի ապրանք տարան: Արաբական Էմիրություններում Իլինչիչին հեռակա դատապարտել են ցմահ բանտարկության:
“Վարդագույն հովազներ” ավազակախումբը գոյություն ունի 90-ականների վերջից: Ավազակախումբը 200 անդամ ունի, հիմնականում` նախկին Հարավսլավիայի քաղաքացիներ: Նրանց են վերագրվում աշխարհի տարբեր անկյուններում կատարված ընդհանուր հաշվով` կես միլիարդ դոլար արժողությամբ գողություններ:
Երկգլխանի երեխայով հղի կինը հրաժարվում է աբորտից(տեսանյութ)
Սիդնեյում բժիշկները Ռենե և Սայմոն Հոուիներին հայտնել են , որ նրանց դեռևս չծնված աղջիկները 2 ուղեղ ու 2 դեմք են ունենալու, սակայն գանգը մեկն է: Բժիշկները 7 երեխաների մորը անհապաղ աբորտ անել են խորհուրդ տալիս, քանի որ երեխան նման թերությամբ 2 օր էլ չի ապրի: Սակայն Ռենեն դեմ է:
“Մենք ամուսնուս հետ որոշել ենք, որ ոչ մի դեպքում չենք դադարեցնի հղիությունը: Նա ասել է, որ սկզբունքորեն է դեմ դրան, եթե անգամ փոքրիկի ծնունդն իրենց ու ամբողջ ընտանիքին տանջանք պատճառելու լինի:
Սայմոնը համաձայն է կնոջ հետ.”Ոչ լիարժեք երեխային սպանելն ավելի վատ է, քան աուտիզմով երեխայից հրաժարումը”,-հայտարարել է ավստրալացին: Նա ցանկանում է ծանոթանալ իր ապագա դստրիկի հետ, եթե անգամ վիճակը շտկելն անհնար է:
“Եթե անգամ մենք 2 օր ունենք դրա համար, ուրեմն այդպես է վիճակված”,-ասում է Ռենե Հոուին: Նրա դուստրերը նույնպես համաձայն են: ”Մենք սիրում ենք մեր քրոջը”,-ասում են աղջիկները:
Ամբողջ պատմության մեջ արձանագրվել է երկդեմ երեխաների ծնվելու 32 դեպք : Նման շեղումով վերջին փոքրիկը ծնվել է 2008-ին, Հնդկաստանում.նրանցից ոչ մեկին վիճակված չէր կենդանի մնալ:
Որո՞նք են ՀՀ արտաքին գործերի նախարարության գործառույթները
ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1245-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը, որի 2-րդ բաժինը վերաբերում է նախարարության գործառույթներին: Ըստ Կանոնադրության 8-րդ կետի` Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները, որոնցից կթվարկենք մի մասը`
- Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը,
- Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը,
- միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը,
- «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը,
- Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը,
- Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը,
- միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը,
- Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը,
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
- հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի,
- դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը,
- Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում` դրանք կազմակերպելը:
Պատրաստեց` Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Սուրբ Սարգսի տոնի կերակուրների բաղադրատոմսեր
Աղի բլիթ
1 բ. ալյուր
1 ճ. գ. աղ
ջուր
Հունցել աղի խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:
Փոխինձի գնդիկներ
1 բ. փոխինձ
1/2 բ. դոշաբ (կամ մուրաբայի հյութ)
50 գ կարագ
Փոխինձը և դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:
Առանց թթխմորի և աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ դրամ կամ պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:
Խաշիլ
1 բ. փոխինձ
1 ճ. գ. յուղ
1 բ. թան
աղ
Ջուրը եռացնել, ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին ավելացնել յուղ և թան:
Խավիծ
Ջուրը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ մատուցել տաք վիճակում:
Կլոնդակ
Փոխինձը շաղել յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:
Թթվասերով հալվա
1/2 բ. թթվասեր
1 բ. ալյուր
1/2 բ. շաքարավազ
դարչին
Սարի թարմ թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ, հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:
Հալվա
3 բ. ալյուր
1 բ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
1/2 բ. տահին
1/2բ. գետնանուշ
1 թ.գ. դարչին
Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:




