Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը: «Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով, ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից և անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև, վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին է ներկայացրել Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը և նշել, որ կառավարությունը ծառացած նոր մարտահրավերների լուծման նպատակով շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները տարբեր ոլորտներում:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին՝ ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից միջին եկամուտ ունեցողների շարքին դասվելու համար: Ուրախ ենք լսել նաև Doing Business-ի ուղղությամբ Ձեր երկրի առաջընթացի և բարձր հավակնությունների մասին: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ հետագա առաջխաղացման համար»,- դիմելով վարչապետ Սարգսյանին՝ նշել է Ֆրենկ Հիմսկերկը:
Այնուհտեև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց ուղղությամբ հետագա սերտ փոխգործակցությունը:
Daily Archives: February 17, 2014
Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:
Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:
Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:
«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:
Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:
«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:
«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:
Տղամարդը 28 շաբաթվա ընթացքում աշխատել է 28 պաշտոններում
Ջուբանշավա Միշրան 28 շաբաթվա ընթացքում աշխատել է 28 պաշտոնում, որի համար նա Հնդկաստանի տարածքով ճամփորդել է 24,140 կմ:
29-ամյա տղամարդը իր այս նախագիծը սկսել է 2013թ-ի մայիսին՝ թողնելով Չեննաիում ծրագրավորողի իր աշխատանքը, քանի որ այնքան էլ չի հավանել այն:
Նա հույս ունի, որ այս նախաձեռնությունը կոգևորի երիտասարդներին իրենց երազանքների մասնագիտությունը գտնելու համար:
Նա հայտնել է, որ Հնդկաստանում աճում է բժշկական և ծրագրավորման ոլորտում բարձրագույն կրթություն ստանալու նախապաշարումը, սակայն այլ մասնագիտություններ ևս գոյություն ունեն, որոնք երեխան ցանկանա ընտրել, սակայն երեխայի երազանքները ոչնչացնում են դեռահասության տարիքում:
Ուստի նա «մեկ շաբաթում մեկ աշխատանք» ծրագրով փորձել է խախտել այդ միտումը:
Այս նախագիծը իրականացնելու համար տղամարդը ճամփորդել է Հնդկաստանի 28 նահանգներով՝ օգտվելով տարբեր տրանսպորտային միջոցներից:
Նա տարբեր նահանգներում աշխատելուց հետո այժմ վերադարձել է տուն և աշխատում է որպես գրող և մոտիվացիոն բանախոս:
Ռոբերտ Աղասարյանը լրացրել է գրոսմայստերի նորմա
Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը՝ մարտի 5-ին՝ ժամը 18:00-ին
Մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում` Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: ՀՖՖ լրատվության բաժինը տեղեկացնում է, որ հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ այս հանդիպումը կլինի 5-րդն երկու երկրների հավաքականների միջև:
1999 թ. Ռուսաստանի հավաքականը հաղթել էր 3:0 և 2:0 հաշիվներով, իսկ 2011 թ. Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, մինչդեռ, Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել էին ռուսաստանցիները:
Նախագահի ելույթը բացահայտ ճնշում է Սահմանադրական դատարանի վրա. «Դեմ եմ» նախաձեռնություն
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:
Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:
Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:
ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Թուրքիայում աճել է գործազրկության մակարդակը
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հրապարակել է երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ տվյալներ 2013 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ: Այսպես, նոյեմբեր ամսին գործազրկությունը հասել է 9,9 տոկոսի, այն դեպքում, երբ հոկտեմբեր ամսին այդ ցուցանիշը եղել է 9,7 տոկոս: Նոյեմբեր ամսին Թուրքիայում գործազուրկների թիվը աճել է 154 հազարով և կազմում է 2,784 մարդ: Գյուղատնտեսության բնագավառում գործազրկությունը աճել է 0,3 տոկոսով և կազմել 12 տոկոս, իսկ երիտասարդության շրջանում 19,3 տոկոս:
Հետաքրքրական է, որ միևնույն ժամանակահատվածում աճել է նաև զբաղվածության մակարդակը՝ կազմելով 50,5 տոկոս:
Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել. ՀայՌուսգազարդ
Հայաստանում գազի կալորիականության վերաբերյալ այսօր տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել:
Նրա խոսքով` ԳՈՍՏ 5542-87 համաձայն՝ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը չի կարող 7600 Կկալ-ից ցածր լինել, սակայն այդ մինիմումը էապես գերազանցվում է:
Ընկերության գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանի խոսքով` ռուսական գազի միջին կալորիականությունը կազմում է 8278 Կկալ/ քմ, իրանական գազինը՝ 8009:
«Գազի որակի մասին ինֆորմացիան հասանելի է յուրաքանչյուրին: Տասն օրը մեկ ընկերությունը տեղեկություններ է հրապարակում հանրապետության մարզերում գազի միջին ջերմատվության վերաբերյալ»,- կլոր սեղանի ժամանակ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Այն նկատառմանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, ամբողջությամբ պատկանելով «Գազպրոմին», ներկայացնում է Մոսկվայի շահերը և փոխկապակցված է Հայաստանի կառավարական պաշտոնյաների հետ, Վարդան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ցանկանում եմ հայտարարել, որ քաղաքականությունում ո’չ ես կամ, ո’չ էլ իմ կողմից ղեկավարվող ընկերությունը: Մենք կապված չենք երկրում գործող որևէ կուսակցության հետ ու միայն տեխնիկական խնդիր ենք կատարում՝ բնակչությանը գազ մատակարարելով»:
Ադրբեջանի տոնավաճառներից մեկում հրդեհ է բռնկվել
Ադրբեջանում`Աստարա քաղաքի կենտրոնական տոնավաճառում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղրոդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այն սկսվել է տեղի ժամանակով 15:00: Կրակը մարելու համար դեպքի վայր են ժամանել 4 հրշեջ մեքենա և ԱԻՆ հրդեհային պաշտպանության Աստարայի շրջանի աշխատուժը:
Ըստ գործակալության` հրդեհը սկսել է տարածվել, ուստի դեպքի վայր է ժամանել ևս մեկ հրշեջ մեքենա: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում կրակը մեկուսացնելու համար:
Հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի Նախագահին
Փետրվարի 14-ին Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին ընդունեց երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
Մեքսիկայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը Նախագահ Պենյա Նիետոն, գոհունակությամբ նշելով Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացման փաստը, հաջողություն մաղթեց դեսպան Հովհաննիսյանին և հույս հայտնեց, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ ինքը ջանք չի խնայի հայ-մեքսիկական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Մեքսիկայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Խոսե Անտոնիո Մեադե Կուրիբրենյաի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Խոհանոցային դանակով հարվածել է եղբորը
Փետրվարի 16-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք, ենթամաշկային հեմատոմա, դեմքի և դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Ռոման Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ եղբայրը դանակով հարվածել է իրեն:
Պարզվել է, որ Ռոման Մ.-ն ստացել է բուժօգնություն և գնացել:
Նույն օրը, ժամը, 01.25-ին, Երևանի Շարուրի փողոցի 28/2 շենքից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել Ռոման Մ.-ի եղբայրը` 1975 թ. ծնված Հարություն Մ.-ն, ով բացատրություն է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, տանը, խոհանոցային դանակով հարվածել է եղբորը և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Կողոպուտ` սուպերմարկետից
Փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:
Վնասի չափը պարզվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Փորձելու նպատակով կոշիկներ է հագել և առանց վճարելու դուրս եկել խանութից
Փետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մտնելով ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում` Րաֆֆու փողոցում գտնվող առևտրի կենտրոն` հագել է 8.500 դրամ արժողության կոշիկներ, առանց վճարելու դուրս եկել խանութից և քիչ անց բռնվել խանութի հսկիչ-վաճառողի և այդ պահին նշված վայրով անցնող ոստիկանության ծառայողի կողմից:
Գրիգոր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դոլարի գինը բորսայում` 412,25 դրամ
«Պետք է այնպես անել, որ Հայաստանը պահանջված երկիր դառնա Մաքսային Միությունում». Վարդան Այվազյան
Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում` շաքարն ու հացը չեն թանկանա: Փոխարենը, Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը որոշակի առավելություններ կունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Մոտ 70 տարի Հայաստանի ողջ ենթակառուցվածքն անուղղակիորեն կապված է եղել Մաքսային միության անդամ երկրներին: Արտաքին տրանսֆերտների մոտ 80 %-ը գալիս է Ռուսաստանից: Հայաստանը պետք է Ռուսաստանին նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին: Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցային գործընթացը պետք է այնպես կառուցել, որ պահանջված լինենք այդ կառույցների համար»,-ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, պետք է ո’չ ռուսամետ լինել, ո’չ էլ եվրոպամետ, պետք է լինել հայամետ:
Վարդան Այվազյանի խոսքով` մի կարևոր հարց կա, որը պետք է լուծել միասնական քաղաքական ուժերով: Բանախոսի համոզմամբ` պետք է կազմակերպել ենթակառուցվածքների ինտեգրացված տեղադրում Հայաստանում, և Հայաստանը պահանջված դարձնել Մաքսային Միությունում:
«Պետք է այնպես անել, որ Հայաստանը պահանջված երկիր դառնա Մաքսային Միության երկրների շրջանում: Եվ հետո, այնպես չէ, որ մենք Ռուսաստանին պետք չենք»,- ասաց Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ինտեգրման գործընթացների շրջանակներում` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:
Մաքսային Միության ֆոնին անդրադառնալով նաև գազային պայմանագրին` Վարդան Այվազյանը նշեց, որ շուտով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է վերահսկի գազի ցանկացած լուման: Հանձնաժողովը պետք ուսումնասիրի, թե ինչո՞ւ սահմանին 190 ԱՄՆ դոլարով ստացվող գազը բնակչությանը հասնում է 393 ԱՄՆ դոլարով:
Ադրբեջանի ՊՆ-ն մտադիր է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2014թ.-ին ավելացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը. տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին։
Պայմանագրայիններին հանձնվելու է ռազմական տեխնիկայի ղեկավարումը, ինչպես նաև նրանք նշանակվելու են կրտսեր հրամանատարների պաշտոններում և անմիջական կապի մեջ են լինելու անձնակազմի հետ։
Ադրբեջանի Զինված ուժերում կարծում են, որ այդ կերպ կբարձրանա զինծառայության որակը, իսկ դժբախտ դեպքերը կհասցվեն նվազագույնի։
Թուրքիան կարող է բախվել խմելու ջրի պահասի խնդրի հետ
Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքները կարող են բախվել խմելու ջրի պակասի խնդրի հետ: Այս մասին է գրում թուրքական «Միլիյեթը»: Ներկայումս Ստամբուլի ջրապահոցը լցված է միայն 30,87 տոկոսով, իսկ Անկարայինը՝ 36 տոկոսով:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ երկրում յուրաքանչյուր քաղաքացի օրական 217 լիտր ջուր է օգտագործում: Բնակչության օգտագործած ջրի 47-ը մատակարարվում է ջրապահոցներից:
Օտարված տների բնակիչները Բաքվում ցույց են կազմակերպել
Փետրվարի 16-ին Բաքվի կենտրոնում` նախկին Սովետսկի փողոցի 5 հազար բնակիչներ ցույց են կազմակերպել` բողոքելու քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար իրենց օտարված տների դիմաց առաջարկվող ցածր փոխհատուցման դեմ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
“Մեզ առաջարկում են ստանդարտ գին` 1,5 հազար մանաթ 1 քմ-ի դիմաց, իսկ մենք ընտանիքներ ունենք, որոնք, փաստաթղթերի համաձայն, ունեն 10-20 քմ: Ո՞ւր գնանք, ի՞նչ կգնենք 20-30 հազար մանաթով: Մենք պահանջում ենք նորմալ տուն տրամադրել”,- ասել է բնակիչներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել առաջին փոխվարչապետ Սամեդ Իսլամովը, որը փորձել է հանգստացնել ցուցարարներին` նշելով, որ որևէ մեկը նրանց բռնի ուժով չի արտաքսի տներից`ընդգծելով, որ կօտարվեն միայն այն բնակիչներից տները, որոնց կբավարարի փոխհատուցման չափը:
Ըստ տների սեփականատերերի` փոխհատուցման իրական չափը պետք է կազմի 2,5 հազար մանաթ` 1 քմ-ի դիմաց: Նրանք պահանջել են այս հարցը լուծել քաղաքակիրթ կերպով` հեմնվելով օրենքի վրա:
Ոստիկանությունը և տեղական պաշտոնյաները ներկա են եղել բողոքի ակցիային, սակայն չեն միջամտել։ Ցուցարարները հայտարարել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք կսպասեն իշխանությունների արձագանքին և մեկ շաբաթից կրկին կհավաքվեն` բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին:
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են օտարել Սովետսկի փողոցի շուրջ 10 հազար ընտանիքների հին բնակարանները: Կայքը նշում է, որ դրանք հիմնականում մեկհարկանի տներ են, որոնք կառուցվել են ավելի քան 100 տարի առաջ: Տեղի բնակիչները չեն ցանկանում տեղափոխվել քաղաքի ծայրամաս:
Հնդկաստանում ավտոբուսը գլորվել է անդունդը, զոհվել է 14 ուղևոր
Կիրակի օրը հնդկական Քաշմիրում ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածից և գլորվել անդունդը, զոհվել է 14 և վիրավորվել 28 մարդ:
Գերբեռնված ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը և այն ցած է ընկել է 91մ խորություն ունեցող անդունդը
Ջամուի և Քաշմիրի տեղամասային կոմիսարը CNN-ին հայտնել է, որ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար հնդկական բանակի և ոստիկանության զորաբաժիններ են ուղարկվել դեպքի վայր՝ ավելացնելով, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
Վթարված ավտոբուսը ամբողջովին ջախջախվել է:
Քաշմիրը երկրին կապող այս մայրուղու վրա մեծ քանակությամբ վթարներ են տեղի ունենում՝ արագության գերազանցման և ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով:
Մայրուղին հաճախ փակ է լինում ձյան և սողանքների պատճառով: Այս ձմռան ընթացքում այն մի քանի անգամ փակվել է ձյան տեղումների հետևանքով:
«Բուդաղյանների գործով քննիչին ուղղորդում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը». Ժաննա Ալեքսանյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը մեծ ջանքեր գործադրեց ապացուցելու համար անապացուցելին: Որից հետո էլ ստանձնեց գլխավոր դատախազի պաշտոնը և, բնական է, որ նա «տեր է կանգնելու» այս գործին մինչև վերջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Նրա խոսքով` զավեշտալի է, որ Բուդաղյանների գործով քննիչն ինքն է որոշում գործի քննության նյութերը ներկայացնե՞լ դատարան, թե՞ ոչ: Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե քննիչներն ինչ դեր ունեն: Մասնավոր զրույցներում քննիչները շատ են բողոքում իրենց ստրկական վիճակից:
«Իսկ հիմա Գևորգ Կոստանյանի ուղղորդմամբ հայտնվել է մի քննիչ, ով թույլ չի տալիս բացահայտել հանցագործությունը: Բնական է, որ նման դեպքում նախկին մարզպետն էլ կընտրվի ԵԿՄ վարչության անդամ: Նրանք բոլորը մի թիմ են` Սերժ Սարգսյանի գլխավորոթյամբ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Նրա կարծիքով` Բուդաղյանների գործին տեղյակ Սերժ Սարգսյանն ի պաշտոնե պարտավոր էր հադես գալ հայտարարություններով, ոչ թե ԵԿՄ համագումարի պարտադրող ելույթներով: Բնական է, որ քննիչին հովանավորում է նախագահը:
«Եթե արդար դատաքննություն լիներ, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեր առնվազն երեք հոգի` դեպքի հետ կապված և ևս մի քանի հոգի, ովքեր կոծկել են այս գոծը: Գործի նախաքննության ողջ ընթացքում եղել են մարդիկ, ովքեր փորձել են շեղել նախաքննության ընթացքը»,- ասաց բանախոսը:

