Ադրբեջանում` Լենքորանում, հակատանկային ականներ են հայտնաբերվել

4Փետրվարի 27-ի Ադրբեջանի Լենքորանի շրջանում` ջրի մեջ, երեք հակատանկային ական է հայտնաբերվել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկության`դեպքի վայր են անմիջապես ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ և սահմանապահ զորքերի զինծառայողներ:

Ադրբեջանի այս տարածքում հաճախ են տարբեր զինամթերքներ գտնում: Խորհրդային տարիներին այդդեղ զորամաս է եղել: Ըստ գործակալության`գտնված զինամթերքները ժամանակին զորամասի ծառայողներ են գցել ջուրը:

 Անկախ

Պահնորդական գործունեություն իրականացնողներն իրենց բողոքը հասցրել են Վազգեն Մանուկյանին

IMG_3306Այսօր` փետրվարի 27-ին, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ:

Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով` ոլորտը մենաշնորհային դառնալու միտում ունի, ինչի հետևանքով իրենք կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում պետական համապատասխան գործունեություն իրականացնող կառույցի նկատմամբ և դուրս կմղվեն շուկայից: Նրանք նաև նշել են, որ մասնավոր պահնորդական կազմակերպությունները գործունեություն են իրականացնում դեռևս 1996 թվականից և այսօր արդեն կայացած և լուրջ ընկերություններ են:

Ընկերությունների ղեկավարներն անարդար են համարել «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա պարտադիր բաղադրիչի նախատեսումը, ըստ որի պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպությունները պարտավոր են պայմանագիր կնքել ՀՀ ոստիկանության հետ` նշելով, որ մասնավոր ընկերություններում աշխատող պահնորդները ոչ միայն պետք է տվյալ լիցենզավորված կազմակերպություններում ուսուցման կուրս անցնեն և որակավորման քննություն հանձնեն, այլ նաև առանձին որակավորման ստուգում անցնեն ՀՀ ոստիկանությունում, որից հետո միայն հնարավորություն ստանան իրականացնել պահնորդական գործունեություն:

Նրանց համար ընդունելի չէ, որ մասնավոր ընկերությունները, որոնք նաև հարկ են վճարում պետությանը, պարտավոր են նման բարդ ընթացակարգով գործունեություն իրականացնել, մինչդեռ ոստիկանության ռազմականացված ջոկատների համապատասխան աշխատակիցներն ուղղակի պայմանագրով անցնում են աշխատանքի և իրականացնում պահնորդական և թիկնապահական գործունեություն և´ մասնավոր, և´ պետական հատվածներում:

ՀԽ նախագահն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:

 

Անկախ

Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է արել Ղրիմի վերաբերյալ

դավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քանի որ դա շատ կարևոր է իրենց համար: Նրա խոսքերով՝ Թուրքիան և Ուկրաինան համագործակցում են մի շարք ոլորտներում: «Ղրիմը կարևոր է նաև Թուրքիայի համար, քանի որ այդ թերակղզում էթնիկ թյուրքեր՝ թաթարներ են բնակվում»,-նշել է Դավութօղլուն:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ արտգործնախարարը նշել է, որ Անկարան հույն ունի, որ իրավիճակը Ղրիմում շուտով կկայունանա: Դավութօղլուն հայտնել է նաև, որ մոտ օրերս պատրաստվում է այցելել Ուկրաինա:

Նշենք, որ Ուկրաինայից Ղրիմի անջատվելու դեպքում այդ տարածքների նկատմամբ հավակնություն կարող է ցուցաբերել նաև Թուրքիան:
Անկախ

Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ժողովրդական դիվանագիտությանը

jamsՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ժողովրդական դիվանագիտությանը հանդուրժողականության և վստահության ուժեղացման համար: Այս մասին Ուորլիքը գրել է իր «Twitter»-յան էջում՝ հիշելով սումգայիթյան ողբերգությունը: «Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան դեպքերը: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է հետևեն ժողովրդական դիվանագիտությանը»,-գրել է Ուորլիքը:

Նշենք, որ այսօր լրանում է սումգահիթյան ջարդերի 26-րդ տարելիցը:

Անկախ

Բրիջիտ Բարդոն խնդրում է Վլադիմիր Պուտինին պաշտպանել անտուն շներին

բրիջիտՀայտնի դերասանուհի և երգչուհի Բրիջիտ Բարդոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակ է գրել, որտեղ հորդորում է նրան կարճ ժամկետում կենդանիների պաշտպանության օրենք ընդունել: Առաջին նամակը  Բարդոն գրել էր անցյալ տարի ապրիլին, Մոսկվայում շների զանգվածային թունավորումից հետո:

 

ՙՀազարավոր հուսահատ օգնություն հայցող նամակներ է ստանում  իմ հիմնադրամը  այն անձանցից, ովքեր ականատես են եղել ահավոր տեսարանի` շների սպանդի Սոչիում և Ռուսաստանի այլ վայրերում,- գրում է դերասանուհին.-ՙ Շների որսորդները՚ սոցիալական ցանցերում ազատ տարածում են իրենց հաղթական նկարները: Պարոն Նախագահ, վերջապես Դուք կընդու՞նեք մի օրենք, որը իսկապես կպաշտպանի կենդանիներին և մեղավորներին պատասխանատվության կենթարկի: Պատիժը պետք է ցուցադրական լինի, որ կանխի բռնությունը, որը ինչ որ չափով ազդում է Ձեր և Ձեր երկրի կերպարի վրա: Լինելով մեկը, որը միշտ Ձեզ սատարել  և համակրել Է, հիմա խորը հիասթափված եմ և տխուր: Բրիջիտ Բարդո՚:

Բնօրինակ նամակը այս տեսքն ունի.

Բրիջիտ Բարդոն կենդանիների ակտիվ պաշտպան է: 1986 թ նա բացել է կենդանիների պաշտպանությոն հիմնադրամ /Brigitte Bardot Foundation for the Welfare and Protection of Animals/ՙ այդ հիմնադրամը պահպանելու համար նա աճուրդում վաճառում է իր թանկարժեք իրերը:

Փարիզում պարբերաբար միջոցառումներ են անց կացվում ռուսական գործընկերներին սատարելու և Ռուսատանում կենդանիների պաշտպանության օրենքը ընդունելու համար: Ամենամեծ ակցիան տեղի ունեցավ անցյալ տարի Փարիզի Տրուկադերո թաղամասում հետևլալ կարգախոսով`ՙՀանուն այն օրենքի, որը պաշտպանում է, այլ ոչ թե սպանում՚: Մասնակիցները  բռնել էին անօթևան և շան որսորդների  սպանած կենդանիների ազդեցիկ լուսանկարներ:

“Ուժ նչունենք այլևս նայելու Ռուսաստանից եկած սարսափելի նկարներն ու տեսանյութերը, որոնք լցված են սոցցանցերում,-նկատել է ակցիայի կազմակերպիչներից կենդանիների պաշտպան Նատալիա Կլուզոն:-Համացանցը լցված է Ռուսաստանի տարբեր վայրերում անտուն կենդանիների դաժան և անպատիժ սպանությունների մասին պատմություններով, վկայություններով  և հոդվածներով:

Միայն Մոսկվայում  2013 թ սպանվել ու թունավորվել են ավելի քան 1000շուն – ինչպես փողոցային, այնպես էլ ընտանի:

անտուն կենդանիների գնդակահարության նոր աղմուկ բարձրացավ Սոչիում, անմիջապես Օլիմպիական խաղերից առաջ, որը անուշադրության մատնվեց: Հայտնի միլիարդատեր Օլիգ Դեռիպասկան  օլիմպիական քաղաքում շների կացարան բացեց  և միանգամից մի քանի օտարերկրյա սպորտսմեններ  Սոչիի  շներից տարան իրենց երկրներ: Այսպիսով օլիմպիադայի արծաթե մեդալակիր  Գաս Կենուորին իր հետ Կոլորադոյի նահանգ տարավ մայր ժանը իր չորս ձագերի հետ, իսկ ամերիկացի հոկեյիստ Դևիդ Բեկեսը միանգամից երկու անտուն շուն վերցրեց:

 

Անկախ

Պարգևատրվեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները

British Film Festival (640x390)«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը  պարգևատրեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար։

 Նախքան մրցույթը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-ից-27-ը դասընթացներ է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։ Երեք օրվա ընթացքում բրիտանացի կինոռեժիսորը սովորեցրել է պատանիներին ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբությունները, ինչպես նաև սովորեցրել ֆիլմի գաղափարն ընդամենը 60 վայրկանի ընթացքում ներկայացնելու հմտությունը:

 Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնցից լավագույն երեքի հեղինակներն արժանացել են մրցանակների: Մարիամ Բորեցյանի և Մարիա Սարգսյանի համատեղ ֆիլմը, Մարինե Ղազարյանի,  Տիգրան Ղալեչյանի աշխատանքները ճանաչվեցին լավագույնները, իսկ հեղինակները պարգևատրվեցին Sony Xperia E C1505 սմարթֆոներով:

 «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր իրենց ստեղծարար մտածելակերպով և հետաքրքիր լուծումներով հիացրեցին հանձնաժողովի անդամներին։ Համոզված եմ , որ այս տաղանդաշատ երիտասարդներից շատերը իրենց դերը կխաղան հայկական կինոարվեստի զարգացման գործում, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կդարձնեն մեր կյանքն ավելի լավը» ,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 «Դասընթացի մասնակիցներին փորձել եմ սովորեցնել, որ պատմության վիզուալ ներկայացումը շատ կարևոր գործոն է: Ոչ բոլոր ֆիլմերը պետք է ծանրաբեռնված լինեն երկխոսություններով, կինոն նաև պատմությունների վիզուալ ներկայացումն է` հնչունային բաղադրիչի ստեղծագործ օգտագործմամբ: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա փորձել ենք կենտրոնանալ դասընթացների ընթացքում»,-նշում է Մեթ Հալսը:

 Մեթ Հալսի «Պարզամիտ Ջիմը» ֆիլմը ներկայացվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնին։ Ֆիլմը պատմում է խուլ հեծանվորդ Ջեյմս Դյութիի կատարած արկածախնդիր ուղևորության մասին: Ռեժիսորը պատմում է, որ մինչ ֆիլմի նկարահանումներին ձեռնամուխ լինելը սովորել է ժեստերի լեզուն, շփվել թույլ լսողություն ունեցող մարդկանց հետ: «Պարզամիտ Ջիմը» ֆիլմը ներկայացվել է նաև Թումո կենտրոնում, իսկ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել քննարկելու ֆիլմը ռեժիսորի հետ:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

 

Դոլարի գինը բորսայում` 413,3 դրամ

դոլարՓետրվարի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 9,010,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.3 դրամ:

NASDAQ OMX Armenia

Աշխատանքային այց վարժական կենտրոն

ՀՀ ՊՆՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետերը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, կադրերի և ռազմական կրթության ու պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ, ս.թ. փետրվարի 25-ից 26-ը աշխատանքային այցով եղել է Չեխիայի Հանրապետության Վիշկով քաղաքում գտնվող Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում:

Կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, որտեղ բրիտանացի հրահանգիչների կողմից տարեկան մեկ տասնյակից ավելի դասնթացներ են անցկացվում տարածաշրջանի երկրների զինծառայողների համար: Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից: Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ և սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում:

Այցելության ընթացքում քննարկվել են Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են կենտրոնում հայ զինծառայողներին հատկացվող տեղերի քանակի ավելացումը, կենտրոնի հրահանգիչների կողմից Հայաստանում վարժանքների կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակման և ՀՀ զինված ուժերում կիրառման հնարավորություններին առնչվող խնդիրներ և այլ հարցեր:

Ահարոն Ադիբեկյանը «Նաիրտի» փակման մեղքը Ղարաբաղ կոմիտեինն է համարում

Ահարոն Ադիբեկյան«Նաիրիտի» վերբացելը բավականին մեծ խնդիր է, որովհետև հումքը շատ թանկ է: Խնդիրը նաև գազի գինն է, ու քանի որ Ռուսաստանն է վերցնում իր վրա վերաբացելու հարցը, գուցե գազի գինը նվազեցնի, և կաուչուկ արտադրելը շահավետ դառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Այս առումով Ահարոն Ադիբեկյանը խելամիտ քայլ է համարում ՀՀ կառավարության ղեկավարի «Ռուսնևթի» հետ կնքած պայմանագիրը:

«Լավ է, որ մենք մեր մասնագետներին չենք կորցրել: Այդ 600 աշխատակիցներն այստեղ են: Եթե այս նախագիծն  իրականություն դառնա, մենք կունենանք աշխատատեղեր, և արդյունաբերությունը կաշխատի: Մնում է ռուսները գիտակցեն, որ քաղաքական ու ռազմավարական առումով «Նաիրիտը» կարևոր գործարան է»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով` մենք երկու ձեռքով պետք է կողմ լինենք «Ռուսնևթի» հետ կնքած համաձայնագրին, նույնիսկ հարկային արտոնություններ տանք, որ նրանք կարողանան աշխատեցնել:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը չեն կարողանում նման քիմիական գործարանն այնպես աշխատեցնել, որ պայթյուններ չլինեն: Միայն հայերն են կարողանում նման գործարան շահագործել, գաղտնիք է, ոչ մեկին չեն ասում»,-ասում է Ահարոն Ադիբեկյանը:

Հարցին` արդյո՞ք ամբողջ հզորությամբ կաշխատի գործարանը, և ի՞նչ կլինի այսօրվա աշխատակիցների 15 ամսվա աշխատավարձերի հետ, սոցիոլոգը պատասխանեց. «Պետք է պայմանագրի մեջ լինի պարտքը փակելու պահանջը: Այսօր դժվար է որոշել, թե քանի  մարդ կաշխատի, քանիսը ոչ, որովհետև այդ ամենը կախված է շուկայի պայմաններից»: Ահարոն Ադիբեկյանը «Նաիրտի» փակման մեղքը Ղարաբաղ կոմիտեինն է համարում: «Երբ խոսք գնաց փակելու մասին, Նիկոլայ Ռիժկովն ասաց՝ ինչ ուզում եք արեք, բայց «Նաիրիտը» մի փակեք: Բայց Ղարաբաղ կոմիտեն լծվել էր մեր տունը քանդելուն ու փակում էր բոլոր ռազմավարական օբյեկտները: Իսկ մինչ այդ քիմիան շատ զարգացած էր Հայաստանում, մենք առաջին արհեստական կաուչուկ արտադրողն էինք Խորհրդային Միությունում»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

 

«Քանի դեռ դուք կաք, թույլ չեք տալու, որ բացահայտվի ձեր իշխանության օրոք տեղի ունեցած սպանդը». Ալ. Արզումանյան

Alik-Arzumanyan58-e1349516930712Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Մարտի մեկի գործով Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը համարում է անիմաստ` չնայած որ ստորագրել է նախաձեռնության տակ: Նրա համար անհասկանալի են այս փուլում նորից այս հարցն առաջ քաշելու դրդապատճառները: ՙՔանի դեռ այս խորհրդարանում կա իշխող մեծամասնությունը, բացառված է, որ մարտի մեկի որևէ հանձնաժողով նպաստի սպանությունների բացահայտմանը և տա անաչառ գնահատական: Սա քաղաքական այբուբեն է: Քանի դեռ դուք կաք, թույլ չեք տալու, որ բացահայտվի ձեր իշխանության օրոք տեղի ունեցած սպանդը: Մնում ա, որ մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի՝ պահանջելով բացահայտել իրողությունը: Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել մարտի մեկին, հո լուսնից չե՞նք իջել՚,-ասաց նա:

Արզումանյանը վերհիշեց դեպքերից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իբր ընդդիմադիրները զենքով կրակում են ոստիկաններին թիկունքից, ապա խորհուրդ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին հարցեր տվողներին հարցեր տալ Քոչարյանին, թե այդ ինչի մասին էր խոսում.ՙԵթե նման բան կար, ինչո՞ւ գոնե մեկ հոգի չդատապարտվեց մինիմումը զենք պահելու համար: Հարցնեիք՝ այ պարոն նախագահ, էդ ի՞նչ հեքիաթ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերեն լեզվով, աշխարհին էլ ասեցին, թե իբր ընդդիմադիրներն են զենքով  հարձակվել: Էդ հարցերը չեք տվել, հիմա հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալը հարցնում է` ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք /ի նկատի ունի Հայկ Բաբուխանյանին-Անկախ/: Ստեղծիր, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող ա բացահայտվի՚,-խորհուրդ տվեց Արզումանյանը:

Հայկ Բաբուխանյանը տեղից ինչ որ բան ասաց, որին Արզումանյանը պատասխանեց. ՙԵս նստելուց չեմ վախում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, այ տղա՚:

Այնուհետև նա հայտարարեց, որ այս հահլիճում բացի ՀԱԿ-ից ու Ժառանգությունից, մյուս բոլոր խմբակցությունները մարտի մեկի դեպքերը կոծկելու մասնակիցներ են: ՙԲոլոր չորս խմբակցությունները, որ այն ժամանակ կոալիցիա էին կազմում՚,-պարզաբանեց նա:

Հայտարարությանն այս անգամ տեղից արձագանքեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ասելով, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել:

Վեճին խառնվեց Հովիկ Աբրահամյանը` կոչ անելով տեղից չարձագանքել, ինչին Մարգարյանը պատասխանեց, որ չէր կարող չարձագանքել, քանի որ Արզումանյանն ուղիղ մեղադրանք է հրահրում: Արզումանյանն էլ ասաց, որ պատասխանատու է իր ասած բոլոր խոսքերի համար:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ՙխրատ տվեց՚ Արզումանյանին` հորդորելով բոլորի հասցեին մեղադրանքներ չհնչեցնել:

 

Անկախ

Սամվել Ալեքսանյանի բարեկամը կանաչ տարածքում ավտոտնակ է տեղադրում

Գյուլբենկյան 34 շենքի բակումԳյուլբենկյան 34 շենքի բակում բնակիչները արթնանալով տեսել են կանաչ տարածքում շինարարական աշխատանքներ։
Բնակիչներին հայտնի է դարձել, որ շենքում տուն է գնել Սամվել Ալեքսանյանի բարեկամը և ցանկանում է գարաժ կառուցել։
Բնակիչները դեմ են միակ բակի կանաչ տարածքի բետոնապատմանը և պատրաստվում են բողոքել։ Բացի այդ, տվյալ տարածքով կարևոր ջրի խողովակներ և կոմունիկացիաներ են անցնում։

Խնդրում ենք լրատվամիջոցներին ահազանգել։

Կանաչ տարածքը երևում է լուսանկարում։

Անկախ

Համահայկական ձմեռային խաղերում մեդալները վիճարկեցին լեռնադահուկորդները

 

հձխPanArmenian-Winter-GamesՀամահայկական ձմեռային առաջին խաղերի ծրագրով այսօր մրցասպարեզ էին դուրս եկել լեռնադահուկորդները: Նրանք ուժերը չափեցին հսկա ոլորավայրէջքում:

Տղամարդկանց պայքարում առաջին տեղը գրավեց թբիլիսցի Նիկոլաս Կոզանաշվիլին: Օլիմպիական խաղերի մանակից Արման Սերեբրակյանը երկրորդն էր: Երրորդ տեղը գրավեց ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը:

Կանանց պայքարում լավագույնը թբիլիսցի Թամարի Բարբարյանն էր:  Ծաղկաձորցի Եվա Պապոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Սիրանուշ Նաղաթյանը հանգրվանեց 3-րդ տեղում:

Անկախ

«Թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի». Գալուստ Սահակյանի մաղթանքը մայդան ցանկացողներին

TH_Galust-Sahakyan1ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հանրապետականն իր կարծիքը կհայտնի քվեարկությունից առաջ: Այնուամենայնիվ, նա իր ելույթում բացահատեց ՀՀԿ դիրքորոշումը. «Կանխավ մտածում էինք գնալ ընդառաջ ձեր առաջարկին, բայց հիմա մտածում ենք` արժե՞ գնալ պրովոկատորների առաջարկին ընդառաջ: Դուք սա հատուկ եք արել, որպեսզի գրգռեք ժողովրդին: Դուք արդեն կայքերով հայտարարել եք, որ մարտի մեկի հավաքից հետո կասենք` էստեղ մայդան կլինի՞, թե չէ: Էն մարդիկ, որ մտածում են, որ էստեղ կարող են մայդան անել, թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի»:

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին` նա դրանք որակեց պրովոկացիոն, մայդանական ոճի և խորհուրդ տվեց չոգևորվել մադանով. «Մեր մայդանն արդեն եղել է 88-ին և ավելի հզոր` կայսրության դեմ, որից հետո մենք ստեղծել ենք պետություն, և դա ղեկավարում են պետություն ստեղծողները: Հակադրե´ք մեզ և ուկրաինացիներին: Նրանք, փաստորեն, ամբողջապես վերացրին իրենց պետությունը, և էսօր պետություն չի, չենք իմանում, թե ինչ է: Եվ էսօր դրսից փողեր են տալիս, որ ոտքի կանգնեն: Իսկ մեր դառը վիճակում մեր ձեռքը ոչ ոք չէր սեղմում, բայց մենք դարձանք պետություն»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի դուրս գար և ասեր` շնորհակալություն ԲՀԿ, շնորհակալություն, քանի որ. «Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա մտածում եք` ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է, դուք դարձրել եք ընտրանքային, դուք էլ դարձել նրանց ընտրյալները: Ո՞վ ասեց, որ մենք քննարկելու բան չունենք, մենք շատ քննարկելու բան ունենք: Բայց դուք նույնիսկ զոհերին եք մասնավորեցրել: Մեր զոհերն են, դո՞ւք ով եք, որ: Հիմա մենք գալու ենք քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի»:

Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարն ակնարկեց, որ էսօրվա գործիչների բոլորի ականջներին կարող է ասել, թե ժամանակին ով որտեղ էր, որ դիրքով էր ու ինչ էր արնում: «Շատերը, որ էսօր բղավում են, էդ թվերին բուլավկով մայկա էին հագնում: Աքլորը որ աքլոր է, միայն առավոտյան է կանչում: Սրանք համ առավոտյան են կանչում, համ կեսօրին են կանչում, համ էլ իրիկունը»:

Գալուստ Սահակյանը համոզված է, որ մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների միջոցով, այլ լուրջ մարդկանց, որը ՀՀԿ-ն է և շատ քաղաքական ուժեր ընդդիմությունից:

 

Անկախ

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի մի մասը հատկացվել է ԵԿՄ-ին

նիստ2ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:

Բելառուսի դեսպանատունը կտեղակայվի Առինջ գյուղում

բելառուսԱյսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:

Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին

թվային հեռուստատեսությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը  հաստատել է   ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:

Առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է Կանանց առողջության պահպանման միամսյակ

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության ախարար Դերենիկ Դումանյանի հրամանով` մայրաքաղաքի և մարզային բժշկական հաստատություններում մարտի 8-ից ապրիլի 7-ը կիրականացվեն կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, հետազոտություններ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում միամսյակի շրջանակներում նաև անվճար բուժում կիրականացվի, այդ թվում` վիրահատություններ:

«Մենք փորձելու ենք բազմաթիվ հետազոտություններ անել, ի հայտ բերված հիվանդությունները բուժել: Սա այս տարվա առաջին միջոցառումն է: Հաջորդ այսպիսի միջոցառումը կլինի մայիսի 9-ին՝ Հայրենական պատերազմի մասնակիցների և ազատամարտիկների առողջության պահպանմանն ուղղված: Կլինի նաև միջոցառում՝ երեխաների առողջության պահպանմանն ուղղված»,- ասաց Վահան Պողոսյանը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ տեղեկացրեց, որ միամսյակի շրջանակներում կանկցավեն հանրային իրազեկման, քարոզչության և խորհրդատվական միջոցառումներ կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ: Մարզերում էլ կաշխատեն Երևանի մասնագետները` նյարդաբաններ, սրտաբաններ և այլոք:

«Երևան քաղաքի նեղ մասնագիտական բժշկական կենտրոններում, ծննդատներում կիրականացվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վիրահատություններ»,- ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ նախաձեռնությամբ ևս մեկ քայլ է կատարվում կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա կենտրոնացնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություն սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ:

Կարինե Սարիբեկյանի խոսքով` վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրում ակնառու նվաճումներ են արձանագրվում, ինչը դրսևորվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության աննախադեպ իջեցմամբ, նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացմամբ:

Անկախ

Արարատյան դաշտում շարունակվում է ջրօգտագործման տեսչական ստուգումը, կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը

նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը` ՀՀ վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումներին, որոնց արդյունքում որոշ հարցադրումներ, բացահայտումներ են արձանագրվել: Խնդրի առնչությամբ պարզաբանում է տվել ՀՀ բնապահպանության նախարարը:
Արամ Հարությունյան. «Պարոն վարչապետ, վերջին օրերին իսկապես եղան մի շարք անհիմն, անհեթեթ մեկնաբանություններ: Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք արել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում նաև օրենսդրական և մնացած բոլոր առումներով: Ըստ էության այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: Բնականաբար, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ: Եվ եթե համեմատենք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:

Հիմնվում է հերթական ազատ տնտեսական գոտին
Ընդլայնվում են լոլիկի, վարունգի և հոլանդական վարդի ջերմոցային տնտեսությունները
Հիմք ընդունելով «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել ԱՏԳ` «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում (Երևան, Կաշեգործների փ. 70), օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը մեր երկրում, ոլորտի ԱՏԳ հիմնումը և դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: «Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, – հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: – Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց: Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը: Ընկերությունը, որը զբաղվում է հոլանդական բարձրակարգ վարդերի աճեցմամբ և իրացմամբ, արդեն հաջողությամբ իրականացրել է ներդրումային երկու ծրագիր: Այս ծրագրով 3 հեկտարով ընդլայնվելու է գործող ջերմոցային տնտեսությունը, ստեղծվելու են նոր աշխատատեղեր:
ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների վերաբերյալ: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ. և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կառուցում է ջերմոցային տնտեսություն, որը հոլանդական տեխնոլոգիայով տարեկան արտադրելու է շուրջ 700 մլն դրամի լոլիկ և վարունգ:

Անկողնային խնամք ստացող անձանց պայմանները կբարելավվեն
Պայքար կմղվի այգիների վնասատուների դեմ
Տարածք է տրամադրվում երկրապահ կամավորականների միությանը
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ թույլատրել է սկսել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի նախահաշվային փաստաթղթերի մշակումը և բացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվը: Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Գործադիրը որոշել է կառավարության ավելի վաղ ընդունած «Գույք օտարելու մասին» որոշմամբ գույքի վաճառքից առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ տալ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին` նպատակ ունենալով բարելավել ընկերության ֆինանսական վիճակը:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:

Նպատակը հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացումն է
Ֆինանսական աջակցություն կստանան ջրօգտագործողների ընկերությունները
Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին 
ՀՀ կառավարությունը հաստատել է `
-ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները,
-բնապահպանական ծրագրերի մշակման կամ նախագծման կարգը,
-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, որով նախատեսվում է զգալիորեն բարելավել հաճախորդների սպասարկման որակը, պարզեցնել ընթացակարգերը, կրճատել դիմումների սպասարկման ժամանակը,
-ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2014 թ. ծրագիրը, 2014 թ ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները,
-ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:
ՀՀ կառավարությունը սահմանել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման որոշման լրացումները, որոնցով կապահովվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը:

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը
Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ
Կառավարության որոշմամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Գործադիրը հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին, որի նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը:
Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:

Օրենսդրական փոփոխության նախագիծը կընդունվի կառավարության առաջարկներն ընդունելու դեպքում
Նպաստի խնդրին կարելի է անդրադառնալ 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ
Նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան մահացած է ծնվել: Նկատի առնելով, որ երբեմն կենսաբանորեն բարդ է սահմանազատել` երեխան մահացած է ծնվել, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, նախագծով առաջարկվում է հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Սկզբունքորեն ընդունելով արծարծված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` գործադիրն անհրաժեշտ է համարում միանվագ նպաստի նշանակման և վճարման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների հետ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ: Գործադիրը նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ԱԺ մի խումբ պատգամավորներին առաջարկել է օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, լուսանկարներ

Սերժ Սարգսյան

5615

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:

Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:

Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:

Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:

Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:

 
***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:

Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:

Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում:

Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:

Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:

Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:

Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:

Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը:

 

Անկախ

Ադրբեջանական գյուղը քաղաքակրթությունից կտրված վիճակում է հայտնվել

Ադրբեջանի Աղամալըլար գյուղԱդրբեջանի Իմիշլիի շրջանի Աղամալըլար գյուղը, ըստ էության, շրջափակման մեջ է գտնվում: 500 բնակիչ ունեցող գյուղի՝ քաղաքակրթությունից կտրված լինելու պատճառը ճանապարհների բացակայությունն է: Գյուղը գտնվում է շրջանի կենտրոնից 52 կմ հեռավորության վրա, այնտեղ չկա ո՛չ հիվանդանոց, ո՛չ էլ նույնիսկ բուժկենտրոն, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական  կայքը:

Ըստ կայքի՝գյուղում չկա նաև գազ և հեռախոսակապ: Խմելու ջրի միակ աղբյուրը  աղտոտված Քուր գետն է: Բացի դրանից, 1970թ.-ից այս տարածքում նավթ են արտահանել, և լքված հորերի մեծ մասից մինչ օրս նավթ է հոսում ու աղտոտում շրջակա միջվայրը:

Անասունները արածում են աղտոտված տարածքներում, ինչի արդյունքում էլ սատկում են:  Այս ամենի բատճառով բնակիչները ստիպված են լքել իրենց պատմական բնակավայրերը:

Բյուղի բնակիչների խնդիրներին լուծում տալու խնդրանքով վերջիններս բաց նամակ են գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դիմումը ստորագրել է ավելի քանի 100 մարդ:

 Անկախ