Թուրքիայում ոստիկանությունը բախվել է քուրդ ցուցարարների հետ

Թուրքիա,ոստիկանություն, քուրդ ցուցարարներԹուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ քուրդ ցուցարարները Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալման 15-րդ տարելիցի կապակցությամբ բախվել են ոստիկանության հետ:

Դոգան լրատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը քարեր և դյուրավառ նյութեր է նետել ոստիկանների ուղղությամբ:

Սիլոպի քաղաքում ոստիկանության մեքենա է այրվել, իսկ Շիրնակում մեկ ցուցարար է վիրավորվել ռումբի պայթյունից:

Ցուցարարները բողոքի ցույց էին կազմակերպել Օջալանի շարունակվող բանտարկության դեմ: Օջալանին ձերբակալել էին Քենիայում 1999թ-ին, որից հետո վերադարձրել էին Թուրքիա, որտեղ նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

 Անկախ

Չինաստանը հրապարակել է աշխարհի ամենաերկար թունելը կառուցելու նախագիծը

Չինաստան,աշխարհի ամենաերկար թունելՉինացի ինժիներները հրապարակել են աշխարհի ամենաերկար թունելը կառուցելու նախագիծը:

Դալիանից Յանտայ ձգվող 123կմ երկարությամբ թունելը կկրճատի նավով ութ ժամ տևող և ցամաքով 1,400կմ ճանապարհը:

22 միլիարդ ֆունտ արժողությամբ նախագիծը հնարավոր է սկսվի առաջիկա մի քանի տարվա ընթացքում, որի ավարտը նշանակվել է 2026 թ-ին:

Ճապոնիայում գտնվող աշխարհի ամենաերկար Սեյկան ստորջրյա թունելը երկու տասնամյակ շարունակվող շինարարական աշխատանքներից հետո բացվել է 1988թ-ին:

China Daily թերթի տեղեկություններով՝ ինժիներները նախագիծը մինչև ապրիլ կներկայացնեն կառավարությանը, իսկ աշխատանքները հնարավոր է սկսվեն 2015 կամ 2016թ-ին:

թունելԹունելով ճանապարհորդությունը, որը կձգվի Դալիան նավահանգստային քաղաքից մինչև Լյաոնին նահանգի Յանտայ քաղաք, կտևի 40 րոպե:

Ներկայումս ցամաքով երկու քաղաքների մինչև ընկած հեռավորությունը կազմում է 1,400 կմ, իսկ նավով ճանապարհորդությունը տևում է ութ ժամ:

 Անկախ

Ստամբուլում բացվել է առաջին մետրո-կամուրջը

ստամբուլ,մետրո,կամուրջ   Ստամբուլում տեղի է ունեցել առաջին մետրո-կամուրջի բացման արարողությունը: Բեսֆորի նեղույցի վրայով անցնող մետրոյի գիծը իրար է կապում Շիշհանե և Հալիչ թաղամասերը: Մետրո-կամուրջի բացման հանդիսությանը ներկա է գտնվել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Վերջինս իր ելույթի ժամանակ նշել է, որ մետրոյի նոր գիծը 3,5 կմ երկարություն և ջրի մակերեսից 13 մ բարձրություն ունի, որի վրա տեղակայված է երեք կայարան:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ մետրո-կամուրջի շինարարությունը սկսվել է 2009 թվականի հունվարի 2-ին՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Շինանարության համար պետական բյուջեից ծախսվել է 180 մլն թուրքական լիրա:

Անկախ

Սոչի. տխուր փաստ է հոկեյի տարեգրությունում

սոչի36553Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով A խմբում ընդգրկված Ռուսաստանի և ԱՄՆ-ի  տափօղակով հոկեյիստների հավաքականների մրցամարտը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Այդ հանդիպման ընթացքին հետևելու էր եկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն հաղթողին ի հայտ չբերեց` 2:2: Ի դեպ, ռուսաստանցիները հիմնական խաղաժամանակի վերջին գրավեցին մրցակցի դարպասը, սակայն ամերիկացի մրցավարը կասկածեց և, տեսագրությունը դիտելուց հետո, որոշեց, որ նետումից հետո դարպասի գրավում չի կարելի արձանագրել:

Ընդ որում, խաղից հետո պարզվել է, որ մեղավորը մրցավարներն են, որոնք չեն նկատել, որ մինչև դարպասի գրավումը վերջինս տեղաշարժված է եղել: Եթե այդպիսի բան էր կատարվել, ուրեմը մրցավարները մինչև այդ պետք է դադար տային և կարգավորեին:

Սա տխուր փաստ է հոկեյի տարեգրությունում:

Իսկ տուգանային լրացուցիչ նետումներով առավելության հասան ամերիկացիները:

Վերջիններս ունեն 5, ռուսաստանցիները՝ 4, սլովենացիները՝  3 միավոր: Սլովակները միավոր չեն վաստակել:

 Անկախ

Մխիթարյանին փոխարինած ֆուտբոլիստն անմիջապես դարձավ գոլի հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում հյուրընկալել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Բորուսիան» հաղթեց խոշոր`4:0 հաշվով:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին: Նա թեև նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը` իր թիմին փրկեց մրցակցի պաշտպանը, սակայն գոլային փոխանցում կատարեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Ի դեպ, Հենրիխին փոխարինած Յոյիչն իր նորամուտը տպավորիչ նշեց «Բորուսիայի» կազմում: Հայ ֆուտբոլիստից հետո խաղադաշտ դուրս գալուց վայրկյաններ անց` նա դարձավ գոլի հեղինակ:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա»՝- «Այնտրախտ»՝ 4:0

Գնդակները խփեցին՝ Օբամեյանգը, 10, 20, Լևանդովսկին, 47 (11 մ), Յոյիչը, 68

Անկախ

 

 

Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր շենքի պատասխանատուները սպառնացել են անջատել կառույցի վերելակները

dubai-Burj Khalifa-122Եթե դուք բնակվում եք աշխարհի ամենաբարձր շենքում, ապա չեք կարող ապրել առանց վերելակի:

Սակայն Դուբայի 160 հարկանի Բուրջ Խալիֆայի բնակիչները հնարավոր է նման խնդիր ունենան:

դուբայՇենքի պատասխանատուները չվճարված աշխատավարձերի պատճառով զգուշացրել են, որ կանջատեն վերելակները՝ բնակիչներին ստիպելով բարձրանալ 2,900 աստիճան:

Emaar Properties ընկերությունը, որը սպասարկում է 829մ բարձրություն ունեցող աշտարակը, հայտնել է, որ որոշ բնակիչներ չեն վճարել շենքի ծառայությունների վճարները 2012թ-ից ի վեր, իսկ մեկ տարվա համար այդ գումարը կազմում է 25,000 դոլար:

CNN-ից հայտնում են, որ ընկերությունը դեռևս չի անջատել օդափոխության համակարգը կամ վերելակները, սակայն սպառնացել է նման բան անել:

Բուրջ Խալիֆան գրեթե 1,000 բնակարաններ ունի, որոնք տեղակայված են 12-108-րդ հարկերում:

Այստեղ մեկ տարով մեկ սենյականոց բնակարան վարձակալելու գինը կազմում է 55,000 դոլար, որին գումարվում է նաև ծառայությունների համար գանձվող տարեկան 25,000 դոլար:

 Անկախ

ՄԱԿ-ը ներողություն է խնդրել սիրիացիներից բանակցությունների ձախողման համար

Լահդար ԲրահիմիՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին ներողություն է խնդրել սիրիացի ժողովուրդից Ժնևում Սիրիայի հարցով ընթացող բանակցություններում առաջընթաց չլինելու համար: Բրահիմին Ժնևում վերջնական քննարկում է անցկացրել սիրիական ընդդիմության և իշխանության միջև՝ փորձելով ելք գտնել անելանելի իրավիճակից: Բրահիմիի խոսքերով՝ բանակցությունների ձախողման մեղավորը սիրիական կառավարությունն է, որը հրաժարվում է քննարկել անցումային կառավարության ձևավորման հարցը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ժնև-3 կոնֆերանսի անցկացման օրը դեռ հայտնի էր:

Անկախ

Ինչպե՞ս են Բարաք և Միշել Օբամաները անցկացրել սիրահարների օրը

Բարաք և Միշել Օբամաներ, սիրահարների օր   Սիրահարների օրվա երեկոն ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման միայնակ է անցկացրել, քանի որ նախագահ Բարաք Օբաման գտնվել է Կալիֆորնիայում, որտեղ ընթրիք է ունեցել Հորդանանի թագավորի հետ: Չնայած Օբամա զույգի շուրջ վերջերս մի շարք բամբասանքներ են պտտվում, թե նրանց հարաբերությունները վատ են և զույգը պատրաստվում է բաժանվել, այնուհանդերձ Միշել Օբաման իր վալենտինյան հաղորդագրությամբ ցրել է բոլոր կասկածները: Այսպես տիկին Օբաման իր «Twitter»-յան էջում հրապարակել է Բարաքի հետ համատեղ նկարներից մի քանիսը և նրան ուղղված գրություն թողել՝ «Միշտ քո սիրելին կլինեմ Բարաք»:

Անկախ

Բաքվի կենտրոնում բժիշկները բողոքի ցույց են կազմակրպել

բժիշկների ց ույց ԲաքվումԲաքվի` Հասան Ալիև փողոցում տեղակայված կլինիկաներից մեկի բժիշկներն ու բուժանձնակազմը իրեց բողոքն են արտահայտել` փակելով կենտրոնական այդ փողոցը, հաղորդում է “Հագին”-ը` “Ենի Մուսավաթ” թերթին հղումով:

Ըստ տեղեկության` բժիշկները բողոքել են, որ ավելի քան 4 ամիս չեն կարողանում իրենց աշխատավարձը ստանալ:

Բողոքի ակցիայի պատճառով փողոցում խցանում է առաջացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հեռացրել են ցուցարարներին:

Կայքը նշում է, որ այդ Բաքվի այդ շրջանում տեղակայված են “Նյու Մեդ” և “Նիգար” կլինիկաները: Այս երկու կլինիկաների ղեկավարությունը հայտարարել է, որ այդ ցուցարարները իրենց աշխատակիցները չեն:

Անկախ

Թուրքական խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել

vech  Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը, Թուրքիայի խորհրդարանում արդեն սովորական դարձած ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ իրար են բախվել իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների անդամները: Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Բյուլենթ Թեզջանը իր ելույթի համար սահմանաված ժամանակի ավարտից հետո հրաժարվել է լքել ամբիոնը: Ընդմիջումից հետո պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, որը շարունակվել է մոտ 5 րոպե: Կողմերին փորձել է հանգստացնել փոխվարչապետ Բեշիր Ալթայը: Վեճի արդյունքում պատգամավորներից մեկի քիթը վնասվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Թուքիան աշխարհի ամենածխող երկրների տասնյակում է

sigaretԹուրքական «Յեշիլայ» կազմակերպությունը, որը պայքարում է ալկոհոլի, թմրանյութերի և ծխախոտի դեմ, ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի Թուրքիան մտնում է աշխարհի ամենաշատ ծխող բնակիչներ ունեցող երկրների տասնյակի մեջ: Չնայած թուրքական իշխանությունները, բարձրացնելով ալկոհոլի և ծխախոտի գինը, փորձում են կանխել դրանց օգտագործումը, այնուհանդերձ Թուրքիան շարուանկում է բարձր տեղ զբաղեցնել ծխող բնակչության թվով: «Յեշիլայ» կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուքրայում 15 տարեկանից բարձր 16 միլիոն ծխող կա:

Կազմակերպությունը տվյալներ է հրապարակել նաև ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման վերաբերյալ: Այսպես տարեկան մեկ անձին բաժին է ընկնում 20 լիտր  ալկոհոլ, ինչը 20 լիտրով ավելի քիչ է, քան Եվրամիության երկրներում: Ինչ վերաբերում է թմրանյութերին, ապա երկրի բնակչության 2,7 տոկոսը օգտագործում է դրանք, իսկ ԵՄ երկրներում այս ցուցանիշը հասնում է 30 տոկոսի:

 

Հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք. Սերժ Սարգսյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

սարգսյանը կուտակայինի մասինՆախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցների հարցերին:

Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին:

Հարց – Սոնա Ռեչելյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի, «Երիտասարդ երկրապահ» կառույցի անդամ

– Պարո՛ն Նախագահ, ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի տնտեսությունը:

Սերժ Սարգսյան – Արդեն տևական ժամանակ է, որ կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում 2013 թվականի արդյունքները, և մենք բոլորս հնարավորություն կունենանք այդ արդյունքները քննարկելու, բայց միանգամից պետք է ասեմ, որ 2013 թվականին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջելու է 2012 թվականի տնտեսական աճին: Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5 տոկոս: Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ 2013 թվականի առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ: Եթե ծանոթ եք, պիտի հիշեք, եթե ոչ՝ իմացեք, որ ԱՊՀ-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3,8 տոկոս տնտեսական աճ, այսօր իրականը գնահատվում է 2,1 տոկոս: Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսումը 3,7 տոկոս էր, իրականը և նախնականը՝ 1,5 տոկոս: Եվրագոտու համար կանխատեսումը -0,2 տոկոս էր, նախնականը՝ -0,4 տոկոս: Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում, կախված և՛ համաշխարհային պրոցեսներից, և՛ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ է: Այնպես որ, մենք, իհարկե, պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ: Իհարկե անհանգստացնող միտումներ կա՛ն մեր տնտեսությունում: Օրինակ՝ ինձ անհանգստացնում է ներդրումների կրճատումը: Իհարկե, կան մասնագետներ, ովքեր սա բացատրում են և համաշխարհային միտումներով, երբ որ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են դեպի զարգացած երկրներ, և երկրորդ, 2013 թվականը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ՝ այնտեղ քիչ ներդրումներ: Բայց բոլոր դեպքերում, անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են, և այս առումով, իհարկե, ես ակնկալում եմ 2014 թվականի համար ավելի մեծ տնտեսական աճ: Գիտեք, շատերը՝ նույնիսկ այստեղ նստած մեր զինակիցները, կարող են մտածել, որ եթե արդեն քանի տարի է՝ տնտեսական աճ է ապահովվում, ապա ինչու է հասարակությունում այնպիսի տրամադրություն տիրում, որ վիճակը գնալով վատանում է: Գիտեք, շատ պարագաներում ընկալումների հարց է: Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով՝ գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով: Երբ ես ձեզ առաջարկում էի հարցեր տալ, ինձ մոտ, բնական է, կան նյութեր, ինձ մոտ կան տարիների բոլոր վերլուծությունները, և միանգամից կարող եմ ասել՝ եթե վեց տարվա կտրվածքով նայենք, մենք ունեցել ենք միջին տարեկան գնաճ: Դու տնտեսագետ ես, պիտի հասկանաս՝ ի՞նչ է նշանակում միջին տարեկան գնաճ և ոչ թե՝ տասներկուամսյա: Կարող եմ տասներկուամսյան էլ ասել: Վեց տարվա ընթացքում գնաճը մեր հանրապետությունում կազմել է 140 տոկոս: Այսինքն, այս վեց տարիների ընթացքում գնաճը կազմել է 40 տոկոս: Միջին աշխատավարձը կազմել է 160 տոկոս, այսինքն՝ միջին աշխատավարձն առաջանցիկ տեմպերով է գնում և, իհարկե, շատ դեպքերում ընկալումների խնդիր է: Մեզ քննադատողներն իրենց կարծիքով ունեն մի, այսպես, անխոցելի փաստարկ և միշտ այդ փաստարկը բերում են. երբ խոսում ենք բարենպաստ թվերի մասին, լավ թվերի մասին, նրանք ասում են, որ այդ թվերը նկարված են, որ այդ թվերը հնարված են: Բայց շատ զարմանալի է, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խոսում է վատ ցուցանիշների մասին, նրանք ասում են՝ ճիշտ է: Այսինքն՝ վատի դեպքում, բացասականի դեպքում ճիշտ է, լավի դեպքում՝ նկարված: Բայդ սրա համար չեմ ասում, ես դա ասում եմ մեկ այլ բանի համար. ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, որ ցանկացած տնտեսագետի համար ունենա լուրջ նշանակություն: Ինչպես գիտեք, մենք անցյալ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին թողարկեցինք արտարժութային արժեթղթեր, այսինքն՝ արժեթղթեր ոչ հայկական դրամով: Իհարկե, թողարկեցինք ոչ միայն այդ, թողարկեցինք երեք աշխարհահռչակ ընկերությունների հետ միասին, և այդ ընթացքում այդ չարակամները, մեզ քննադատողները ասում էին, որ Հայաստանին պարտք չեն տա: Գիտեք, արժեթուղթ թողարկել՝ նշանակում է պարտք վերցնել: Ասում էին, որ Հայաստանի պարտքը այնքան մեծ է, որ ոչ մեկը պարտք չի տա, իսկ եթե նույնիսկ տան, շատ մեծ տոկոսներով կլինի: Իսկ սեպտեմբերի 3-ին, երբ մենք կայացրինք որոշում՝ Մաքսային միությանը միանալու, բոլորը սկսեցին ասել՝ այս պարագայում Հայաստանին ընդհանրապես պարտք չեն տա: Արդյունքում՝ մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ ԱՄՆ դոլար պարտք: Մենք վերցրեցինք ընդամենը 700 մլն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները: Ավելին ասեմ, այս ընթացքում՝ սեպտեմբերից մինչև փետրվար, այդ արժեթղթերը, որ 6 տոկոսանոց էին, այս ընթացքում դարձել են 5,8 տոկոս: Այսինքն՝ ավելի են թանկացել: Գիտեք, ինչքան տոկոսը ցածրանում է, այնքան արժեթուղթն ավելի մեծ արժեք է ձեռք բերում: Եթե մեր վիճակը վատ է, եթե մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք որպես տնտեսություն, այդ ինչպե՞ս է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի մի թիվ՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: Կա՞ դահլիճում մեկը, որ կարող է ասել՝ ինքը պատրաստ է պարտք տալ որևէ մեկին, իմանալով, որ չի վերադարձնելու: Անհնա՛ր է: Ու՞մ ես պարտք տալիս. պարտք ես տալիս նրան, ով, գիտես, քեզ վերադարձնելու է կամ էլ նրան, ում ուղղակի ուզում ես օգնել, և եթե ետ չվերադարձնի՝ որևէ ափսոսանք չես ունենալու: Մի՞ թե որևէ մեկին թվում է, թե աշխարհի 60 ներդրողները մեզ խղճում են և հենց այնպես փող են տալիս, որ ծախսենք: Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու:

Հարց  – Կարեն Գրիգորյան – ԵԿՄ վարչության անդամ, Էջմիածնի քաղաքապետ

– Բարև Ձեզ, պարոն Նախագահ, հարցս հետևյալն է՝ վերջերս շատ է արծարծվում թոշակի և 5 տոկոսի հետ կապված հարցը: Ինչո՞ւմն է խնդիրը:

Սերժ Սարգսյան – Իհա՛րկե, շատ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումների մասին և ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ: Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեին հանդարտ, առանց դժգոհության՝ պարզ, շատ պարզ պատճառներով: Որովհետև այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավվի և երկրորդ՝ դարձյալ ակնհայտ է, մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս և ասում ենք, որ՝ այո, 5 տոկոս պետք է խնայեք՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար: Ակնհայտ է, որ մենք երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այդ քայլն արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար: Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մեր ամենախիստ քննադատներն ասում են չէ՞, որ բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այն մի թեզը ճիշտ չէ կամ ժամանակն եք սխալ ընտրել՝ վեց ամիս հետո անեիք, մի տարի հետո անեիք, հինգ տարի հետո անեիք…

Գիտեք, որ ես տևական ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ 1993թ. սկսած, և Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգել է: Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որոովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է: Ես չեմ բացառում, միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Չեմ բացառում: Բայց եթե որևէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ գրելու և միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման, և հետո այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, կասեմ, որ դրան չեմ հավատում: Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջող ձևակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, և այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է:

Մեկ անգամ ևս կրկնում եմ, այո, մենք այսօր մարդկանց աշխատավարձի 5 տոկոսի չափով նեղություն ենք տալիս: Բայց եկեք մի հատ նայենք՝ այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձեր բարձրացել են՝ ուժային կառույցներում 10 տոկոս, որոշակի ընկերություններում 10 տոկոս, 15 տոկոս, իսկ կան ընկերություններ՝ 25 տոկոս: Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխավարձները բարձրանալու են 40-80 տոկոսով: Իսկ ի՞նչ է եղել: Հաշվե՛ք, թե բարձրացել է 35 տոկոսով կամ 75 տոկոսով: Մի ակնկալեք այն 5 տոկոսը: Այն 5 տոկոսը պետք է գալու բոլորիս: Բոլորի՛ս:

Կա խնդրի երկրորդ կողմը: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը: Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար:

Հարց  – Անան Ոսկանյան – ԵԿՄ վարչության անդամ, Արթիկի տարածքային բաժանմունքի ԵԿՄ նախագահ, Պեմզաշեն համայնքի ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, մեզ բոլորիս, երևի, շատ է հուզում Ռուսաստանի հետ կապված գազի պայմանագրի ճակատագիրը: Եթե կարելի է, մի քանի բառով կներկայացնե՞ք:

Սերժ Սարգսյան – Շատ լավ: Նախ, Անան ջան, կարծում եմ, որ վաղուց արդեն այդ հուզմունքը պետք է անցներ, որովհետև մենք անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ստորագրեցինք այդ պայմանագիրը, իսկ Ազգային ժողովը հաստատեց այն, և այդ պայմանագիրը մտել է ուժի մեջ: Բայց ամբողջովին կիսում եմ քո կարծիքը, որ հանրության մեջ տարատեսակ խոսակցություններ կան, որովհետև շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել: Ոմանք կատաղությունից՝ որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել սա՝ որպես վատ: Որպեսզի ես կարողանամ ապացուցել իմ ասածները, եկեք հերթով գնանք, անդրադառնանք այն հարցերին, որոնք, ըստ իրենց, շատ տրամաբանական են: Բայց մինչև հերթականությամբ հարցերին անդրադառնալը, ուզում եմ բոլորս միասին տեսնենք՝ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է: Իմ կարծիքով, գազի պայմանագրի էությունն առաջին հերթին գազի գինն է: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին: Առաջին հերթին, թող խոսեն գնի մասին և ասեն, եթե թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել, ուրեմն մեզ այստեղ քննադատեն, ասեն սրան գումարած այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ: Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն՝ այո, գինը լավ է, բայց այստեղ, այստեղ, այստեղ սխալվել են: Ոչ մեկը չի խոսում այդ գնի մասին: Որովհետև այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության: Այսինքն՝ մենք ունենք ամենացածր գնով գազ Հայաստանի Հանրապետության սահմաններում: Հիմա երկրորդ՝ այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ: Հաջորդը՝ խոսվում է պարտքերի մասին: Եվ տարբեր որակումներ են տալիս: Կան մարդիկ, որ հիշողությունն իրենց մի քիչ արդեն դավաճանում է: Կան մարդիկ, որ լավ չեն կարողանում ընթերցել և փոձում են ասել, որ ի խախտումն մեր օրենքների՝ ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին և այլն, և այլն, թե, իբր, մենք թաքուն բանակցություններ ենք վարել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես առնվազն մեկ տասնյակի մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով 2011 թվականից սկսած և մշտապես ասել եմ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազի գինը չի թանկանա: Դա ի՞նչ է նշանակում: Պարզ է, եթե այդպիսի բան ես ասում, հայը պետք է հասկանա, որ հնարավոր է պետության համար, հիմնարկի համար ներկրվող գազը թանկանա, բայց Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազը չի թանկանալու, և այդպես էլ եղավ երկու տարի: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ բոլորին հայտնի է, որ մենք սկսած 2011 թվականից բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ և եկել էինք այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվում, փոխվում է հաշվարկային գինը: Բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով: Բանակցությունները տևեցին 3 տարի: Բոլոր կողմերը հաշվի առնելով՝ ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50 տոկոսը: Վա՞տ է արել: Այսինքն՝ այդ մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլարը որտեղի՞ց է գոյացել: Եթե մենք այդպիսի երկարատև, ծանր բանակցություններ չվարեինք, ուրեմն՝ մենք պետք է 2011 թվականից սկսած թանկացնեինք գազի գինը, և այդ 300 մլն դոլարը պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի գրպանից, տնտեսության գրպանից և այլն: Մեզ զիջել են այդ գոյացածի 50 տոկոսը: Երրորդ՝ ինչ վերաբերում է 20 տոկոսին: Ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել և այլն: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20 տոկոսը: Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսը կարելի էր վաճառե՞լ, 20-ը չէ՞ր կարելի վաճառել: Տարօրինակ չի՞: Թող որևէ մեկն ինձ ասի՝ այդ 20 տոկսն ի՞նչ էր մեզ տալիս: Քանի՞ լումա մեզ դիվիդենտ է բերել: Կամ այդ 20 տոկոսն ի՞նչ է՝ մեզ հնարավորություն էր տալիս այնտեղ տնօրեն նշանակելո՞ւ կամ ի՞նչ անելու՝ որոշումների վրա ազդելո՞ւ: Պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, և այն բավարար է, որպեսզի այդ ընկերությունը լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզական, թե ինչ՝ գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ: Իսկ ինչ վերաբերում է 20 տոկոսի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել՝ եթե մեկը գտնվի, որ այդ 20 տոկոսի համար տա 100 մլն ԱՄՆ դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և այդ 100 միլիոնով տալ այն մարդուն, ով կուզեր այդ 20 տոկոսը: Ասում են՝ ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ինչո՞ւ ուրիշներին չեք հարցրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ պետք է ասեմ՝ բա որ մրցույթ անցկացնեինք, այդ 20 տոկոսն արժենար 30 մլն, մենք ո՞նց էինք «սաղացնելու» 150 միլիոնով այդ 20 տոկոսը: Հետո դրա համար ո՞վ էր պատասխան տալու: Ակնհայտ չի՞, որ 20 տոկոսը, որ տարիների ընթացքում մի լումա դիվիդենտ չի բերել, չի կարող այդքան արժենալ: Որևէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ և ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ է, այնքա˜ն հեշտ է: Հիշո՞ւմ եք պատերազմի տարիներին ինչքան խոսողներ կային: Ինչքան հեքիաթներ էին պատմում, ինչքան առասպելներ էին պատմում, բայց հենց պետք էր գնալ կոնկրետ գյուղ գրավել՝ մեկի գլուխն էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մյուսի մեքենայի ակն էր ծակվում: Խոսելն այնքա˜ն հեշտ է:
Է՞լ ինչ խնդիր կար այդտեղ. ինչո՞ւ եք 30 տարով կնքել: Այնքան է չարությունն այդ մարդկանց կուրացրել, որ նրանք չեն հասկանում՝ ի՞նչ են ասում: Փոխանակ մեզ քննադատելու, թե ինչո՞ւ 30 տարով եք կնքել, այլ ոչ թե 60, մեզ ասում են՝ ինչո՞ւ եք այդքան երկար ժամկետով կնքել: Ցանկացած տնտեսագետի համար պարզ է չէ՞, որ ներդրումների ետբերումն ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա: 30 տարով ենք կնքել, որպեսզի ռուսներն իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն: 5 տարով կնքեինք՝ 5 տարվա ընթացքում պետք է հանեին: Ո՞րն է մեզ համար ավելի լավ:

Հարց  – Էդիկ Մինասյան – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
– Պարո՛ն Նախագահ, արտագաղթի մասին եմ ուզում հարցնել՝ ո՞րն է լուծումը:

Սերժ Սարգսյան – Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով: Բոլորիս համար էլ պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի, և այն զարգացման տարբեր միտումներ է դրսևորում տարբեր ժամանակահատվածներում: Եթե 1992 թվականին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է: 2001 թվականին, ենթադրենք, 60 հազար մարդ է լքել, բայց, փառք Աստծո, հետագա տարիներին այս պրոցեսը դանդաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վերածվել է ներգաղթի: 2013 թվականի տվյալներով, ուղևորափոխադրումը՝ համեմատած 2012 թվականի հետ, կրճատվել է, բացասական տարբերությունը գրեթե 25 տոկոս, և այդ բացասական տարբերությունը կազմում է 31 հազար մարդ: Իհարկե, 31 հազարն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ, կարող է 5-ով, 10-ով, 15-ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է, և այդ թիվն էլ, իհարկե, մեծ թիվ է, մեծ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք մեր երկրում ապրող: Եթե մենք լինեինք գոնե 10 միլիոն, 12, 15 միլիոն, դա որևէ մտահոգության առարկա լինել չէր կարող: Մյուս կողմից՝ 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթին: Մենք անպայման դրան հասնելու ենք: Բայց, նորից եմ ասում, առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին: Մյուս կողմից, երբեք պրոբլեմը չի լուծվում, պիտի կրկնեմ՝ լացուկոծով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով: Մենք բոլորս միասին պետք է աշխատենք: Բոլորս միասին: Դարձյալ ուզում եմ այն ժամանակների օրինակը բերել, երբ մենք կամ այստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մեկ գյուղ՝ ծնկները չէր ծեծում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ո՞նց անի, որ մի քանի օր հետո այս գյուղն էլ վերցնի, կողքինն էլ: Այս էր չէ՞ բոլորիս մտածածը: 1992 թվականին ինչքա՞ն էինք նահանջում: Ի՞նչն է փոխվել: Ոչ մի բան չի փոխվել. Ո՛չ կատարողներն են փոխվել, ո՛չ իրադրությունն է փոխվել: Կտեսնեք, որ գալու ենք դրական բալանսի:

Հարց – Մեսրոպ Մանուկյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս

– Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարցերի պատասխաններից մեկի ժամանակ Դուք խոսեցիք մեր տնտեսության ներկա իրավիճակի մասին: Իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ կկանխատեսեք, ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության զարգացումը հաջորդ տարիներին: Շնորհակալություն:

Սերժ Սարգսյան – Կարծում եմ՝ լավ կլինի, Մեսրոպ ջան, իրոք, լավ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միությանն անդամակցությունն անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ, հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար, թե ի՞նչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի՞ է բերելու և այլն: Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր, և այս որոշակիությունը, կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ: Եթե 2013 թվականին մենք մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ՝ 7,2 տոկոս, ապա Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7,2 տոկոսի մի առյուծի բաժինն ընկնում է հենց Մաքսային միության երկրներին, Ռուսաստանի Դաշնությանը: Կոնկրետ, օրինակ, 2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն մենք արտահանումն ավելացրել ենք 20 տոկոսով, և այդ հնարավորությունը հիմա դարձել է անսպառ՝ ահռելի շուկա: 3 միլիոնանոց ժողովրդի համար, մեր տնտեսության համար բացվել է գրեթե 200-միլիոնանոց շուկա՝ գրեթե նույն հնարավորություններով: Մենք անպայման օգտվելու ենք դրանից: Բացի այդ, այս ժամանակահատվածի համար մենք ունենք ծրագրեր տեխնոլոգիաների բնագավառում, որ ավանդաբար Հայաստանում ամեն տարի աճում է 15-20 տոկոս: 2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում: Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով: Եթե չունենանք՝ չենք կարող անել: Այսինքն՝ լեռնաարդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ: Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում: Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում՝ հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռնելու մեզ: Հաջորդը՝ 2014 թվականին արդեն առարկայական է դառնալու 2013 թվականից սկսած մեծ ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն և վերամշակում: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ քանակով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում: Մենք ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում: Մենք որոշակի հաջողություններ ունեցանք 2013 թվականին. հենց նաև դրա շնորհիվ աճեց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականին այստեղ բավականաչափ ավելացում ենք ունենալու: Մենք ունենք ծրագրեր թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր տնտեսական աճի մեջ թեթև արդյունաբերության աճը բավականաչափ տեղ ունի և այսպես շարունակ շատ երկար կարող եմ թվարկել: Ես տեսնում եմ 2014թ. և ապագա տարիներին տնտեսական լավ հաջողություններ:

Հարց  – Պարգև Մանուկյան – Վարդենիկի թիվ 2 դպրոցի թոշակառու տնօրեն, Վարդենիկի «Գայլավազ» ջոկատի հիմնադիր ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, այժմ դպրոցներում գնում է վարչատնտեսական աշխատողների մասսայական կրճատում՝ պատճառաբանելով աշակերտների թվի նվազումը, բայց վերջին տարիներին աշակերտների թիվը 25-ից դարձրին մինչև 35, դրույքաժամը 18-ից 22: Եվ պատճառաբանում են, թե նվազում է: Եթե այդ աշխատողները՝ անընտանիք կանայք, որոնք չունեն ամուսին, աշխատում են դպրոցում հավաքարար, եթե դպրոցում չլինեն հավաքարար, տնտեսվար, էլեկտրիկ և կազմակերպիչ, ինչպիսի՞ն կլինի դպրոցի ճակատագիրը: Խնդրում եմ պատասխանեք:

Սերժ Սարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում, որ մեր դպրոցներում չպետք է լինեն հավաքարարներ, տնտեսվարներ կամ էլեկտրամոնտյորներ, ինչպես Դուք եք ասում: Այդպիսի բան լինել չի կարող: Ինչպես հայտնի է, մենք դպրոցական ֆինանսավորման մեջ անպայման ներառնում ենք դա և այո, ինչ արած, ճիշտն այդպես է՝ աշակերտների թվաքանակով է ֆինանսավորվում: Եվ պետք է ասեմ, որ բոլորս պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ երբ ժամանակը գալիս է՝ մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի: Եթե թոշակառու ենք՝ ուրեմն, պետք է գնանք մեր թոռներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան: Սա՛ է իրականությունը, և այդ իրականությանը մենք պետք է սթափ հայացքով նայենք: Մենք չենք կարող ասել՝ գիտեք, այս տիկինը, որ շատ լավ ուսոցչուհի է, մեծ ընտանիք ունի՝ իրեն պահենք: Բայց իրեն պահում ենք, ուրիշներին ենք վնաս տալիս: Վերջին տասը տարիների ընթացքում մենք կտրուկ բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձերը, բայց որ ուսուցչին հարցնում ես, ասում է՝ էական փոփոխություն չկա աշխատավարձում: Ինչո՞ւ չկա. որովհետև փոխարենը մի ուսուցիչ աշխատի, աշխատում է երկուսը, երեքը: Ինչի՞ համար: Ես դա ճիշտ չեմ համարում: Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի, վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել և որքան անհրաժեշտ է, որպեսզի ինքն իր տարրական կարիքները կարողանա հոգալ: Մենք նոր բարեփոխումներ ենք նախատեսում նաև այս ոլորտում: Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձացնելու ենք: Կտրուկ: Նրանք երեք, չորս անգամ ավելի են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է: Իսկ այսօր, գիտեք, որ մեր միջին աշխատավարձը 158 հազար դրամ է: Կրկնում եմ՝ լավագույն ուսուցիչները երեք, չորս անգամ բարձր են ստանալու, բայց նրանք պետք է լինեն լավագույնն իրենց ոլորտում: Այնպես որ, եթե կոնկրետ պարագայում, իրոք, Ձեր դպրոցում կրճատվել է հավաքարարի հաստիք, էլեկտրիկի հաստիք, կարծում եմ, պարոն Արմեն Աշոտյանը, հենց երկուշաբթի օրն ինձ տեղյակ կպահի, թե ի՞նչ պատճառով:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 10-րդ համագումարում

սարգսյանի ելույթը ԵԿՄ համագումարումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 10-րդ համագումարում

Սրբազա՛ն հայրեր,
Սիրելի՛ մարտական ընկերներ,
Հարգելի՛ զինակիցներ,
Սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին և ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են:

Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի:

Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան:

Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, և բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն:

Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:

Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս:

Հարգելի՛ երկրապահներ,

Իմ փաստարկը սեփական հողում սեփական քրտինքով արարելու իրավունքն է, իմ փաստարկը Հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք և բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել: Միանգամից ասեմ՝ համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չի լինելու հենց այդ պատրաստակամ կեցվածքի պատճառով, չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ: Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք:

Բոլոր այն մտահոգ խոսակցությունները, թե իբր մեր նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է, պակաս պատրաստված և այլն, մնում են լոկ խոսակցություններ: Գրեթե ամեն օր կյանքը մեզ տալիս է հակառակը ապացուցող օրինակներ՝ ի դեմս մեր փայլուն երիտասարդների:

Տղե՛րք,

Ոչ ոք ձեզնից ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը: Ուրեմն՝ դուք առաջինը պիտի լինեք սառնասրտություն և խաղաղություն քարոզելու գործում:

Մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաև ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու: Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը: Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն: Եվ տեսանելի ապագայում չեն ունենալու: Սա է իրականությունը:

Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք բաց հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք:

Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն:

Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք:
Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք:
Հենց դրա համար էլ մեր հաղթանակն անշրջելի իրողություն է:

Հարգելի՛ երկրապահներ,

Դուք ինքներդ վկան եք եղել, թե ինչպես Ադրբեջանը ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը՝ գերագնահատելով իր ուժը: Այստեղ նստածներից շատ-շատերը հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքն անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց ի ուրախություն մեզ և ի ափսոսանք իրենց, ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել: Որքան էլ զարմանալի է, այսօր մենք վկան ենք նույն ճոռոմախոս քարոզչությանը: Թող շարունակեն, դա, միևնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որևէ մեկին լավ բանի չի հասցրել:

Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր և փայլուն երիտասարդություն: Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ: Մենք սիրում ենք կյանքը: Մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն: Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին: Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը: Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել: Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետև մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն:

Հարգելի՛ երկրապահներ,

Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի, մեր հաղթանակի ու մեր խաղաղության համար, ձեզնից շատերն իրենց կյանքի փորձն են ներդրել բոլորիս հպարտություն Հայոց բանակի կայացման գործում: Փառք ու պատիվ ձեզ դրա համար:

Այսօր մենք այլ բան ունենք անելու: Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, հավատի համար է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է, զարգացման նոր հնարավորությունների ու արդիական պետություն կայացնելու համար: Իհարկե, այս ամենը նախ և առաջ պետության պարտականությունն է: Բայց ակնհայտ է, որ միասնականությունը և համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը:

Համարձակ գաղափարներ և հեռահար նպատակներ: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եռանդ, հետևողականություն ու նվիրվածություն: Գիտելիք ու ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն: Սեփական կարողությունների հանդեպ վստահություն: Ակնածանք՝ ժառանգած ու պատգամելիք արժեքների հանդեպ: Հարգանք ու հանդուրժողականություն յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ: Համբերություն ու հաստատակամություն՝ դժվարությունները հաղթահարելու համար: Իմաստություն և խոհեմություն՝ հաղթանակների պտուղները ճաշակելիս: Այս ամենի ձևավորմանն ու կենսագործմանը նպաստող միջավայր: Եվ իհարկե՝ միասնություն ու սեր:

Մարտահրավերների ու վտանգների մեր օրերում, կայունության ու խաղաղության ծարավ մեր տարածաշրջանում երկրի վերելքը հնարավոր է հենց նման հատկանիշներով օժտված հայաստանցիների միասնական ջանքի շնորհիվ: Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք՝ ձեր սերնդի ողնաշարը, կարողացաք պահել-պահպանել երկիրը արհավիրքի ժամին: Հենց այս հատկանիշների շնորհիվ հայաստանցին կարողացավ ուղղել Խորհրդային միության փլատակների տակ կքած իր մեջքը: Որակապես նոր հասարակություն, նոր տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ստեղծեց: Որոշեց ապրել ազատ ու ինքնուրույն: Կարողացավ դժվար որոշումներ կայացնել ու վճարել դրանց գինը:

Մեր ժողովրդին հաջողվեց պատերազմի ամենակուլ ճահճից երկիրը հանել և ուղղել դեպի մեծ աշխարհի անծայրածիր հնարավորություններով լի ջրերը: Շուրջ երկու տասնամյակ տևած այդ ուղին բարդ էր ու ծանր: Դեպի հնարավորությունների օվկիանոս տանող հորդառատ գետը մեզ սեղմում էր շրջափակման ափեզրին, սուզում էր աշխարհաքաղաքական գալարապտույտներում, զարկում հակամարտության խութերին ու քաշում ճգնաժամերի սահանքներն ի վար: Իսկ դժվարությունները ժամանակի ընթացքում միայն ավելանում էին: Անցումային փոխակերպումների հորձանքը լցվող վտակները բազմացնում էին վտանգներն ու բերում նորերը: Սակայն տարիների հետ մեծանում էր նաև այդ դժվարությունները հաղթահարելու մեր ունակությունը: Մենք ամրացանք ու նավարկել սովորեցինք հենց այդ հորձանուտներում:

Անցումային տարիների դժվարությունների հաղթահարումը ծանրացավ հենց ձեր սերնդի, մեր սերնդի ուսերին: Սակայն հիշենք նաև, որ երիտասարդ սերունդն այսօր կարող էր և ճաշակել միայն ու միայն հայրերի կորուստների ու դժվարությունների դառնությունը՝ առանց լուսավոր ժառանգության: Կարող էր ժառանգել բացարձակապես այլ՝ տկար ու խոնարհված երկիր: Եվ հաղթանակներն ու ձեռքբերումները կարող էին չլինել, եթե չլիներ ձեր մեծագույն հավատն ապագայի հանդեպ: Ձեր ու բոլոր տղերքի անմնացորդ նվիրվածությունն ու անձնուրաց պայքարը: Մինչև վերջին շունչը կանգնելու պատրաստակամությունն ու անկոտրում հաստատակամությունը: Եթե չլիներ վստահությունը վաղվա օրվա հանդեպ:

Եվ այսօր, նոր հնարավորությունների ու աննախադեպ հեռանկարների օվկիանոսին ընդառաջ մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության, հայաստանցու առջև ծառացել է մեր սերնդին քաջ ծանոթ մարտահրավերը: Հնարավորությունների օվկիանոսը թափվող հորձանքի գետաբերանում կրկին ապագան շղարշող անորոշությունների մշուշն է:

Մեր առջև հին հակառակորդն է: Վհատվածությունն ու հուսահատությունը: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը: Հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը: Մշուշի մեջ և մշուշից անդին տեսնելու անկարողությունը: Հոգնածությունն ու անվճռականությունը: Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում: Սրանք են դարանել գալիքի ճանապարհին: Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները:

Այո՛, մեծանում են անորոշությունները: Լայնանում է հնարավոր զարգացումների շրջանակը: Մեծանում են մեր քայլերի համար պատասխանատվության աստիճանն ու մեր որոշումների արժեքը: Մեր երկիրն ու հասարակությունը մտել են հասունության փուլ: Հարթակ է բարձրանում նոր սերունդ, որը չի տեսել ձեր պայքարի դժվարություններն ու չունի ձեր փորձը:

Սակայն հրապարակ մտնող այս սերունդը ծնվել է պատրանքների ճահճից դուրս: Ձևավորվել ու կայացել է հորձանքների մեջ: Նոր սերունդն ունի հին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ուժ և եռանդ: Նոր հնարավորություններ: Հնարավորություններ, որոնցից զուրկ ենք եղել մենք: Եվ առավել քան երբեք, այս սերունդն այսօր ունի ձեր փորձի և իմաստնության կարիքը: Ունի վաղվա օրվա հանդեպ այն անխախտ վստահության կարիքը, որը ձեզ մտցրեց մեր պատմության դասագիրք: Վստահություն, որը ձեզնով լցրեց մեր նորօրյա էպոսի էջերը, ձեզ դարձրեց մեր թոռների հեքիաթների և պատմությունների հերոսն ու սերունդների պարծանքը:

Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները:

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն: Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին:

Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն:

Երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հարստացնելու գործում մեր սերնդի դերն անգնահատելի է: Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն:

Հենց այս թշնամուն հաղթելու գործում հայրենիքը կրկին ունի ձեր կարիքը: Ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար: Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը:

Մեզնից հետո երկրին տեր լինելու կոչված սերնդի կողքին պիտի կանգնի Երկրապահը իր խորհրդով ու պատգամով: Պիտի ուժ տանք վհատվածին ու հուսալքվածին՝ հույս: Պիտի կանգնենք դժվարության մեջ հայտնվածի կողքին, անգամ եթե դիմացինի ցավը տանելու պատրաստակամությունից բացի այլ բան առաջարկել չենք կարող: Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնված լինի հայաստանցին: Ուր էլ լինի: Նրա թիկունքը դատարկ չպիտի մնա: Դուք, մենք, պիտի զորավիգ լինենք նրան այն պահին, երբ անգամ ծնողը, զավակն ու ամուսինը հուսահատ լքեն նրան: Սա է մեր մարտի դաշտի օրենքը, և սա է մեր մարտի դաշտն այսօր: Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր:

Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է: Տարիների հետ մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել: Սակայն, որ ավելի կարևոր է, մենք սովորել ենք լսել միմյանց: Սովորել ենք երկխոսել: Փոխադարձաբար հարգել միմյանց շահերն ու հաշվի նստել յուրաքանչյուրի հետ: Գիտակցել ենք, որ հասարակության զարգացմանն ու մարդկանց ճակատագրերին առնչվող խնդիրների լուծման որևէ տարբերակ ընդունելուց և խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ անհրաժեշտ է դրանք քննարկել ու համաձայնեցնել տարբեր, երբեմն՝ հակասական շահեր ներկայացնողների, գործարարների, կառույցների, հայաստանցու հետ: Հատկապես վերջին տարիներին մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել տնտեսության զարգացմանն ու հասարակության առաջընթացին առնչվող որոշումների քննարկման շրջանակը: Փորձել ենք բացել ու ընկալելի դարձնել երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերն ու ընդունվող որոշումները: Ոչ մի հայաստանցի չպիտի օտարված զգա իր երկրում: Ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից: Ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը: Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը: Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու և շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները: Միայն նման ընդարձակ սահմաններում երկրի քաղաքացին իրեն կզգա ավելի լավ, քան անհամեմատ բարեկեցիկ որևէ այլ երկրում: Միայն նման երկիրն է ի զորու իր քաղաքացուն կապել իր ճակատագրին ու պահել իր հողի վրա:

Վստահ եմ, որ միայն այս կերպ կարող ենք ձյան մեջ արև փնտրող ու իր երկրում օրհնություն գտնող հայաստանցիների երկիր կերտել: Սա է արդիական, մրցունակ, անվտանգ և հպարտ Հայաստանի երաշխիքը: Ու մենք պարտադրված ենք հենց այս ճանապարհով գնալու:

Հարգելի՛ երկրապահներ,

Դուք ուժի, արիության ու հավատի հաղթանակի մարմնավորում եք: Շնորհակալ ենք ձեզ ձեր փառահեղ անցյալի համար, այն հայրենանպաստ կեցվածքի համար, որ ունեք այսօր և այն ամենի համար, որ դեռ անելու եք մեր ու մեր սերունդների հայրենիք Հայաստանի համար:

Ինչպես ասում են՝ պի՛նդ եղեք, տղե՛րք:

Շնորհակալ եմ ուշադրության համար: Հասկանալով, որ կարող են լինել բազմաթիվ հարցեր, եթե ձեր ժամանակը ների, և եթե վարչության անդամները դեմ չլինեն, ես պատրաստ կլինեմ ելույթներից հետո պատասխանելու ձեր հարցերին՝ ցանկացած հարցի:

Շնորհակալ եմ:

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի ևս մեկ հաշմանդամ ինքնահրկիզման փորձ է արել

2 (2)Փետրվարի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ ղարաբաղյան պատերազմի ևս մեկ հաշմանդամ Մալիք Մեջիդովը Սումգայիթի գործադիր իշխանության շենքի մոտ ինքնահրկիզվել է:

Ադրբեջանական “Հագին” կայքին “Ղարաբաղի հաշմանդամներ” հասարակական կազմակերպության սումգայիթյան մասնաճյուղի նախագահ Էլշան Մուսթաֆաևը հաղորդել է, որ այդ միջադեպի ժամանակ անցորդները հաշմանդամին թույլ չեն տվել ինքնահրկիզվել: “Մալիք Մեջիդովը իր վրա բենզին է լցրել, ինչն էլ նրա օրգանիզմի թունավորման պատճառ է հանդիսացել: Ներկայումս նա Սումգայիթ քաղաքի հիվանդանոցում է”,- ասել է Մուսթաֆաևը:

Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամը ցանկացել է ինքնահրկիզվել բնակարանային խնդիրների պատճառով:

Նշենք, որ Ադրբենում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամի ինքնահրկիզման միակ դեպքը չէ: 2013թ.-ի դեկտեմբերի 25-ին Բաքվում ինքնահրկիզվել էր ղարաբաղյան պատերազմի  վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ, 5 երեխայի հայր  Զաուր Հասանովը, ով դեկտեմբերի 28-ին մահացել էր: Ադրբեջանի Եվլախ քաղաքում`Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շենքի մուտքի մոտ, հունվարի 27-ին ղարաբաղյան պատերազմի վետերան, հաշմանդամ Նիզամի Յուսիֆ օղլու Քերիմովը ևս ինքնահրկիզվել էր:

 

Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ համագումարին

գագիկ ծառուկյանԱյսօր կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ համագումարը, որտեղ ելույթով է հանդես եկել նաև կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանը :

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ

Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր եւ մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:

Խոստանում եմ մեկ բան` լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որեւէ կեղծիք կամ գաղտնիք:

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը եւ ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ` մեր պատկերացրած կառավարությունը կազմելու եւ սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:

Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:

Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:

Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:

Սա դժվար, երկարատեւ աշխատանքի, բայց նաեւ արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:

«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:

Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, եւ ինչ ենք առաջարկում ինքներս:

Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները եւ փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:

Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար:

Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:

Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:

ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:

Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջեւ կանգնած խնդիրները ու հետեւաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա:

Մեր գործին պետք է միանան նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, եւ որ ամենակարեւորն է՝ հասարակությունը:

Մենք պետք է բաց լինենք նաեւ իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:

Հարգելի գործընկերներ

Այսօր մեր երկրի ու ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած:

Մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արդարության խնդիր, եւ որ ամենավտանգավորն է, մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն:

Ժամանակը քիչ է: Այս պայմաններում առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը:

Դուք կհարցնեք՝ ինչի՞ց սկսել:

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական փոքր բիզնեսով, իրենց ամենօրյա աշխատանքով կարողանում են այս դժվար պայմաններում պահել իրենց ընտանիքները պետք է ունենան հարկային արտոնություններ եւ ազատվեն ավելորդ քաշքշուկներից, օրինակ` տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը եւ այլն:

Ավելին, անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:

Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների եւ նմանատիպ այլ օբյեկտների վրա: Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ:

Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու ու զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարեւոր է, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե:

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու նոր բան ստեղծելու համար: Այսօր այդ մարդկանց կոպեկներն ենք գանձում բյուջե, փոխանակ պետությունը նրանց խրախուսի՝ սահմանին ապրելու ու հայրենիք պահելու համար:

«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:

Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, եւ մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:

«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է` ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:

Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման եւ զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին բառիս բուն իմաստով իր հետեւից քաշում էր արդյունաբերության եւ ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, Ճարտարապետության եւ այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:

Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում եւ իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:

Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչեւ 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս եւ ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:

Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:

Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարեւոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ: Հավատացեք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար:

«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ եւ դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:

Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:

Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:

Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:

Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել:

Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ եւ համապատասխան պայմաններ:

Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:

Հարգելի գործընկերներ

Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին:

Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:

Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:

Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ` ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:

Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաեւ ավելի ազնիվ ճանապարհը:

Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետեւաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները եւ վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:

Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով – ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետեւել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:

Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգեւ, քան՝ պետությանը եւ քո ժողովրդին օգտակար լինելը:

Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարեւոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին»:

 

Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 400 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը

նախագահը սուրբ սարգսի տոնինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ մայրաքաղաքի «Սիրահարների այգում» կազմակերպված տոնախմբությանը: Սուրբ Սարգսի հիշատակության օրվան նվիրված տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեց

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին

վարչապետը սուրբ սարգսի տոնակատարությանըՓետրվարի 15-ին նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս սրբի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսներին ներկայացված են երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները սիրո թեմայով՝ սեր առ Աստված, սեր առ Հայրենիք, սեր առ բնություն, սեր մերձավորի հանդեպ, փոխադարձ սեր: Վարչապետ Սարգսյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է ցուցադրված աշխատանքներին, զրուցել երիտասարդ ստեղծագործողների հետ, շնորհավորանքի խոսք հղել տոնի կապակցությամբ.«Միանում եմ այն ջերմ ու գեղեցիկ խոսքերին, որ հնչում են այսօր: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող սերը բոլորիցդ անբաժան լինի ու ձեր ընտանիքներում թող միշտ խաղաղություն և սեր լինի»: 
Հաջորդիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է երիտասարդներով լեցուն Սիրահարների պուրակում կազմակերպված տոնական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սիրահարների այգում կառավարության ղեկավարն այցելել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած սիրիահայերի ձեռագործ հուշանվերների ցուցահանդես, զրուցել սիրիահայերի հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմն արդեն ավանդաբար երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսի ներքո կազմակերպում է տոնական միջոցառումներ: Այս տարի տոնակատարությունները մեկնարկել են փետրվարի 10-ից: Ս. Սարգսի տոնախմբությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: