Աֆրիկայում ավտոբուսի վթարման հետևանքով 47 մարդ է զոհվել

gonaives15p4

Աֆրիկյան Տոգո հանրապետությունում ավտովթարի հետևանքով 47 մարդ է զոհվել, 15-ը  տարբեր վնասվածքներ են ստացել:

Ավտոբուսը մայրաքաղաք Լոմեից հյուսիս էր ուևորվել ու տրանսպորտային միջոցի վարորդը լրիվ թափով բախվել է բեռնատարի: Վթարը տեղի է ունեցել գիշերը: Զոհերի մեջ Բուրկինա-Ֆասոյի 15 քաղաքացի ու մեկ նիգերացի է եղել:

Ավտոճանապարհների անմխիթար վիճակի պատճառով Տոգոյում վթարներ հաճախ են լինում: Այս տարվա փետրվարին խոշոր վթարից զոհվեց 48 մարդ, տուժեցին 40-ը: Իսկ տարվա սկզբից արդեն 162 մարդ է զոհվել:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի առթիվ

 

 սերժ սարգսյանՀայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայ և եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաև մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, և զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում:

Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, և ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը:

Անկախ

ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ

ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻԿարևորելով եկեղեցու բացարձակ հեղինակության ամրապնդումը Հայաստանում` նա հանուն դրա անգամ վիժեցրեց Հայաստանում թափ առնող ազատագրական շարժումը:

XVIII դարի հայ իրականության հոգևոր-քաղաքական գործիչների ներկապնակը թերի կլիներ առանց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի:
Ապագա կաթողիկոսը ծնվել է 1710 թ. Երևանում: Ծնողները որոշում են նրան հոգևոր կրթություն տալ, և Սիմեոնն ընդունվում է Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր դպրոց: Ցուցաբերած առաջադիմությունը նրան հնարավորություն է տալիս դպրոցն ավարտելուց հետո դասավանդելու այնտեղ:
1752 թ. Սիմեոն Երևանցին վարդապետ է կարգվում, յոթ տարի անց` եպիսկոպոս:
Մինչ այդ` 1756 թ., նա հոգևոր ծառայության է անցնում Կոստանդնուպոլսում` հանդիսանալով հայոց կաթողիկոս Հակոբ Շամախեցու նվիրակը, որի հովանավորությունն էր վայելում նրա կաթողիկոսության ողջ ընթացքում: Շուտով Պոլսից նույն պաշտոնով անցնում է Հնդկաստան և հաստատվում Մադրաս հայաշատ քաղաքում:
Սակայն Մադրասում նա երկար չի մնում և շատ չանցած` վերադառնում է Էջմիածին: 1763 թ. մահանում է Հակոբ Շամախեցին և նույն թվականի ապրիլի 20-ին Սիմեոն Երևանցին օծվում է իբրև ամենայն հայոց կաթողիկոս:
Սիմեոն Երևանցին մեծ վարչարար էր ու հրաշալի կազմակերպիչ: Նրա առաջին գործը եղավ Էջմիածնի խարխլված տնտեսության վերականգնումը: Ապա ձեռնամուխ եղավ Մայր աթոռի արտաքին պարսպի վերանորոգմանը: Այն վաղուց խարխլվել էր, և միաբանությունն ու Էջմիածնի գանձերը թալանի ու ավարառության սպառնալիքի տակ էին:
Վանքի պարսպապատման աշխատանքների ժամանակ նա գյուղացիական շատ տներ քանդել տվեց և հեռացրեց վանքի մերձակայքից: Դրանից հետո Վաղարշապատում կառուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բազում գործեր ձեռնարկեց նաև վանքի ներսում: Մասնավորապես, Սիմեոն կաթողիկոսին է պատկանում նախկին վեհարանի, վանքի սեղանատան, մոմատան, ձիթհանքի, միաբանության խցերի և այլ հոգևոր ու կենցաղային շինությունների շինարարության պատիվը: Նա նաև նորոգեց Մայր տաճարի չորս հիմնական սյուները:
1771 թ. Սիմեոն Երևանցին Հայաստանի տարածքում` Վաղարշապատում հիմնում է առաջին հայատառ տպարանը: Տպարանի կարիքները հոգալու համար վեց տարի անց նույն վայրում հիմնում է նաև թղթի գործարան:
Սիմեոն Երևանցին, լինելով ժամանակի ուսյալ այրերից մեկը, նաև տոմարագիտությամբ է զբաղվել: Նա կարգավորեց հայոց եկեղեցական տոնացույցը, տոմարը, որը հրատարակվեց Էջմիածնում 1774 թ. և հայ իրականության մեջ գործածության մեջ դրվեց 1777-ից:
Սիմեոն Երևանցին նաև գիտնական էր: Նա բազում տոմարագիտական, պատմական և փիլիսոփայական աշխատությունների հեղինակ է, որոնց մեջ առանձնանում է «Ջամբռ» ընդարձակ աշխատությունը, որում կաթողիկոսն ամփոփել է հայ եկեղեցու պատմությունը` անդրադառնալով նաև հայ ժողովրդի պատմությանն առհասարակ, ինչպես նաև` հարևան երկրների պատմությանը:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սիմեոն կաթողիկոսի «Մեկնություն տոմարի» երկը: Իսկ փիլիսոփայության բնագավառում` «Պորփյուրի մեկնությունը», «Արիստոտելի Պերիարմենիաս երկերի մեկնությունը», Դավիթ Անհաղթի, Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական ժառանգության բազում վերլուծություններ: Նա մանավանդ զմայլված էր Արիստոտելի աշխատություններով ու երկերով.
«Արիստոտէլ միտն անզբաղ,
Բանասիրաց համեմիչ աղ:
Զընթրիս շնորհալիս կազմէ,
Եվ զմիտս պարզս հրավիրէ:
Ի յայս թեպետ յոլովք բազմին,
Բայց սակաւ են որք զմայլին:
Զի որոց ոչ գոյ միտ պարզեալ,
Արտաքս հանցին մերկ և քաղցեալ:
Զի սա մտաց է զմայլելի,
Ոչ թե մարմնոյ գիշակերի:
Ուրեմն որ յայս ընթրիս բազմի,
Յարմար կոչնատեառն պարտի»:

Սիմեոն Երևանցին, ուսումնասիրելով հայ եկեղեցու պատմությունը, հստակություն մտցրեց շատ հարցերում, ճշգրտեց հայոց կաթողիկոսների գահակալման տարեթվերը:
Նաև հստակեցրեց հայոց եկեղեցու վիճակները, անգամ հարկահանության չափը, եկամուտների և ծախսերի հաշվարկ մտցրեց, հստակեցրեց կաթողիկոսի իրավունքները, արտոնությունները, միաժամանակ սահմանափակեց Կիլիկիո կաթողիկոսության իրավասությունները, պայքար մղեց Գանձասարի կաթողիկոսության դեմ:
Սիմեոն Երևանցին ջանք ու միջոցներ չխնայեց հայոց եկեղեցու դիրքի ամրապնդման գործում: Նա մեծ պայքար ծավալեց հատկապես կաթոլիկ քարոզիչների դեմ` թույլ չտալով, որ նրանք Հայաստանի տարածքում ազատ քարոզեն:
Ամեն կերպ ամրապնդել հայոց եկեղեցու դիրքերն ու պաշտպանել նրա շահերը. ահա Սիմեոն Երևանցու քաղաքական հայեցակարգը: Իր գործում նա խտրություն չդրեց միջոցների մեջ: Կարևորելով եկեղեցու բացարձակ հեղինակության ամրապնդումը Հայաստանում` նա հանուն դրա անգամ վիժեցրեց Հայաստանում թափ առնող ազատագրական շարժումը: Հենց հայոց կաթողիկոսի գործուն ջանքերով Հովսեփ Էմինը վրաց թագավոր Հերակլ Բ Բագրատունու կողմից վտարվեց երկրից, քանզի Սիմեոն Երևանցին նրան սպառնաց Թուրքիայի և Պարսկաստանի տիրակալների առաջ բացահայտել Հերակլի և Հովսեփ Էմինի ծրագրերը: Սիմեոն Երևանցին չհապաղեց բանադրանքով սպառնալ նաև Գանձասարի կաթողիկոսին և Արցախի մելիքներին, որպեսզի նրանք ևս չընդունեն Հովսեփ Էմինին և չհամագործակցեն նրա հետ: Սա, մեղմ ասած, հայության հավաքական շահերից բխող քայլ չէր, բայց ցավոք, հայոց կաթողիկոսի համար հայության ազատագրումը ստորադաս էր Էջմիածնի շահերին:
Հովսեփ Էմինը, հիասթափված հայ հոգևորականի նման վարմունքից, հետագայում իր ինքնակենսագրական վեպում գրեց, որ հայ ժողովուրդն իր թշվառության համար պարտական է հենց քրիստոնյա հոգևորականությանը:
Հետագայում, երբ Էմինը միջոցներ հայթայթեց և փորձեց վերադառնալ Հայաստան, կաթողիկոսի ցուցումով Երուսաղեմի նվիրակն ուղղակի թալանեց և ձեռնունայն թողեց նրան:
Սիմեոն Երևանցին դժկամորեն էր վերաբերվում նաև Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությանը և Հայաստանի ազատագրման ծրագրերին: Ըստ նրա` Հայաստանում լուսավորության միակ աղբյուրը Էջմիածնի եկեղեցին պիտի լիներ:
Նա միաժամանակ սերտ կապեր հաստատեց Պետերբուրգի հետ` Եկատերինա Երկրորդ կայսրուհուն համոզելով հաստատել Էջմիածնի իրավասությունը ռուսահայերի նկատմամբ:
1779 թ. կաթողիկոսը հիվանդացավ: Նրա առողջությունը վատթարանում էր, և 1780 թ. հուլիսի 16-ին` Վարդավառի տոնակատարության օրը մահացավ:
Աճյունն ամփոփվեց Սուրբ Գայանե եկեղեցու գավթի հարավային կողմում:

 
Հաղբատի վանքը. Աշոտ Գ Ողորմած թագավորի (954-977) պատվերով 977 թ. կառուցել է Տրդատ ճարտարապետը:

1. Երկրորդ համաշխարհային պատերազմում հրաշքներ գործած «Կատյուշայի» գյուտարարներից մեկը հայ է ՝ Ստեփան Հակոբի Ակոպովը (1899-1958):
2. Կրասնոյարսկում դեկաբրիստների և Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանախմբերի հեղինակներն են Ա. Դեմիրխանովը և Վ.Իշխանյանը:
3. Մոսկվայի բանակի կենտրոնական ակումբի շենքի նախագծի հեղինակն է Կարո Հալաբյանը: Նա նաև Վոլգոգրադի գլխավոր հատակագծի համահեղինակ է:
4. Միակ հայը, որ երեք անգամ արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, Կիրակոս Մետաքսյանն է (Կիրիլ Շչյոլկին,1912-1968):

 

 

 

 

Էրդողանը մատ է թափ տվել Օբամայի վրա Սպիտակ տանը կայացած թեժ զրույցի ժամանակ

Հարութ ՍասունյանՊուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետևեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:

 

Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին: Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը Հերշին ասել էր. «հայտնի էր, որ Էրդողանը սատարում է ապստամբ ընդդիմության շրջանում ջիհադական «ալ-Նուսրա ճակատ» խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբավորումների»: Հերշը պարզել էր, որ ԱՄՆ ռազմական հետախուզությունը 2013 թվականի հունիսի 20-ին մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ էր պատրաստել, հաստատելով, որ «Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում գտնվող քիմիկոսները փորձել էին զարին գազի բաղադրիչների մեծ խմբաքանակ ստանալ տասնյակ կիլոգրամներով, հնարավոր է, Սիրիայում զանգվածային արտադրության փորձի համար»:

 

Արդարև, նախորդ տարվա մայիսին «ալ-Նուսրա ճակատի» մի քանի անդամներ ձերբակալվեցին Թուրքիայում, որոնց մոտ հայտնաբերվել էր երկու կիլոգրամ զարին: Թուրքական դատարանը մեղադրեց խմբին Սիրիայի վրա քիմիական հարձակում սկսելու համար հարակից այլ նյութեր ձեռք բերելու մեջ: Շուտով ձերբակալվածներից հինգին ազատ արձակեցին, իսկ մնացածին բաց թողեցին մինչև դատը: Սակայն նրանք անհայտացան…

 

2013 թվականի գարնանը, ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ առաքելության` Սիրիա մեկնելուց հետո, ՄԱԿ-ի գործունեությանը լավատեղյակ մի անձնավորություն հայտնել էր Հերշին, որ «ապացույցներ կան սիրիական ընդդիմության` Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ գյուղում մարտի 19-ին արձանագրված առաջին գազային հարձակման հետ ունեցած առնչության վերաբերյալ…. Ակնհայտ էր, որ ապստամբները գազ էին կիրառել»:

2013 թվականի սեպտեմբերին Սիրիայի վրա ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական համատեղ հարձակումից անմիջապես առաջ նախագահ Օբաման անսպասելիորեն որոշեց հետաձգել հարվածը, պատճառաբանելով, որ նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հարձակման հետաձգման իրական պատճառը Նախագահի բացահայտումն էր, որ նրան Սիրիայի դեմ «անհիմն» հարձակման էր դրդել Թուրքիան, սակայն նա չուզեց հրապարակավ ընդունել իր սխալը՝ որը կարող էր ամբողջ Մերձավոր Արևելքի համար աղետալի հետևանքներ ունենալ: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ փրկեց նախագահ Օբամային դժվար կացությունից՝ երաշխավորելով Սիրիայի համաձայնությունը հանձնելու իր քիմիական զենքի պաշարները, դրանով իսկ քողարկման միջոց ապահովելով Նախագահի համար՝ հրաժարվելու իր հարձակման սպառնալիքից:

 

Հետաքննող լրագրող Հերշը նաև պարզել էր, որ քիմիական զենքերը հասել էին սիրիացի ապստամբներին ԿՀՎ-ի «առնետային արահետ» կոդային անվամբ գործողության միջոցով (թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն, 2012 թ.), որպեսզի Լիբիայից զենք ու զինամթերք տեղափոխեն Սիրիա Թուրքիայի տարածքով: Լիբիայում Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակումից հետո, այս գաղտնի գործողության կենտրոնը` ԱՄՆ-ը, դուրս եկավ նշված գաղտնի համաձայնությունից, սակայն Թուրքիան շարունակեց լիբիական զենք մատակարարել սիրիական ապստամբներին:

 

Քանի որ ապստամբները 2012 թվականի ավարտին պարտվում էին Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում, ամերիկացի մի հետախույզ հայտնել է Հերշին, որ «Էրդողանը զայրացած էր», ինչը նրան ստիպեց դավադիր մի ծրագիր մշակել, որով ապստամբները զարին գազ կիրառելով սիրիական կառավարությանը կեղծ մեղադրանք կներկայացնեին, այսպիսով դրդելով Միացյալ Նահանգներին հարձակվել Սիրիայի վրա:

 

Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետը մեկնեց Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնի Սիրիայի վրա ամերիկյան հարձակման իր ծրագիրը` փրկելու համար ապստամբներին հասատ պարտությունից: 2013 թվականի մայիսի 16-ին Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ միասին, աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տանը նախագահ Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ: Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի դժկամությունից վրդովված, Էրդողանը «սրիկայաբար մատ է թափ տվել նախագահի վրա Սպիտակ տանը», Դոնիլոնը զեկուցել է այս շշմեցուցիչ դրվագի մասին արտաքին քաղաքականության մի փորձագետի, որն էլ այդ մասին հայտնել է Հերշին: «ԿՀՎ աջակցությամբ Սիրիա զենք առաքելուն վերջ դնելու ամերիկյան որոշումը Էրդողանին անպաշտպան թողեց քաղաքական և ռազմական առումով», բացատրեց Հերշը: «Առանց ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության, ասաց մի նախկին հետախույզ, «Էրդողանի` Սիրիայում կախյալ պետություն ունենալու երազանքը հօդս է ցնդում և նա կարծում է՝ մեր մեղքով: Եթե Սիրիան հաղթի պատերազմը, նա գիտի, որ ապստամբները, ամենայն հավանականությամբ, դառնալու են իր դեմ. էլ ո՞ւր կարող են նրանք գնալ: Ուստի, նա ունենալու է հազարավոր արմատականներ իր երկրի ներսում»:

 

2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Գուտա արվարձանում  քիմիական  հարձակումից հետո մի նախկին հետախույզ ասել էր Հերշին. «Այժմ մենք գիտենք, որ դա գաղտնի գործողություն էր՝ ծրագրված Էրդողանի մարդկանց կողմից, որպեսզի Օբամային դրդեն հատել կարմիր գիծը…. Գործարքն տպավորիչ և ուշագրավ պետք է լիներ…. Զարինը մատակարարվել էր Թուրքիայի միջոցով»:  Ըստ Հերշի զեկույցի` թուրք պաշտոնյաների մեղսակցության մյուս ազդանշանը Միացյալ Նահանգների կողմից գաղտնալսված հեռախոսազանգերն էին, որոնցով բացահայտվում էր նրանց ուրախությունը հաջող քիմիական հարձակում կազմակերպելու համար…

 

Հերշն իր բացահայտումը եզրափակում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի առավել մտահոգիչ դիտողությամբ. «Ես հարցրեցի իմ գործընկերներին, թե կա՞ արդյոք որևէ միջոց կանգնեցնելու Էրդողանի շարունակական աջակցությունը ապստամբներին, հատկապես հիմա, երբ գործերն այնքան անհաջող են ընթանում, նա պատասխանեց. «Մենք անտանելի վիճակում ենք: Կարող ենք ամեն ինչ հայտնել, եթե Էրդողանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, սակայն Թուրքիան առանձնահատուկ դեպք է: Նա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքերը չեն վստահում Արևմուտքին: Նրանք չեն կարող մեր կողքին մնալ, եթե մենք թուրքական շահերի դեմ ակտիվ դիրքորոշում ունենանք: Եթե հայտարարենք, թե ինչ դեր է խաղացել  Էրդողանը գազի հետ կապված պատմության մեջ` այն կործանարար կլինի: Թուրքերը կասեն. «Մենք ատում ենք ձեզ այն բանի համար, որ մեզ թելադրում եք, թե ինչ կարող ենք անել և ինչ` ոչ»:

 

Վերջին հարյուր տարիների իրարահաջորդ ամերիկյան կառավարություններն այդպես էլ չեն կարողացել հասկանալ մի կարևոր աշխարհառազմավարական ճշմարտություն, որ Թուրքիան ավելի շատ ունի Միացյալ Նահանգների կարիքը, քան ԱՄՆ-ը երբևէ կունենա նրա կարիքը: Անկասկած, ինչ-որ սարսափելի սխալ է կատարվում, երբ «պոչն է թափահարում շանը»…

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

[Նախորդ շաբաթվա հոդվածի («Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ») երկրորդ մասը կհրապարակվի ավելի ուշ]

 

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

եղանակը հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ

հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ին շրջանների զգալի մասում, 17-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Ապրիլի 16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ապրիլի 17-20-ը անձրևի հավանականությունը փոքր է:
        
Երևանի  ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան      27.00C (2008թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան          0.00C (1980թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       13.40C:

Անկախ