Ապրիլի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:
Daily Archives: April 23, 2014
Կարեն Կարապետյան. “Պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը “
Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ, նման նախաձեռնության հիմքերը որևէ ուղղակի կապ չունեն ոչ կուսակցության, ոչ նրա ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից որևէ որոշում կամ քայլ դոգմատիկ չէ, ուստի միշտ էլ կարելի է շտկել:
Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և <ձախ ձեռքով աջ ականջը քորելու> գործելաոճից: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը: Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ: Միանշանակ համաձայն եմ, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների վաղվա օրվա մասին, համաձայն եմ, որ կենսաթոշակային համակարգը, ինչպես և ցանկացած համակարգ, բարելավման կարիք ունի: Սակայն նաև վստահ եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների թե վաղվա, թե այսօրվա մասին: Իսկ մեր իրականության մեջ մեծամասնության համար նույնիսկ ամենափոքր թվացող գումարի հավելյալ բեռը լրջորեն ազդելու է նրա ընտանեկան, առանց այն էլ, մեղմ ասած, համեստ բյուջեի վրա: Այնպես որ պետության գերակա խնդիրն է նախ և առաջ զարգացնել տնտեսությունը, ավելացնել մարդկանց ու պետբյուջեի եկամուտները, որպեսզի մի կողմից հնարավոր լինի այսօր արդեն ապահովել մեր թոշակառուների բարեկեցիկ ծերությունը, մյուս կողմից երիտասարդները դժվարություններ չունենան իրենց ապագայի համար ներդրումներ կատարելու գործում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը <երկար փողերի> կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:
Վերջապես, առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում էապես կարևորվում է պետության դիմադրողականության խնդիրը: Իսկ դա հնարավոր է, երբ մեծ է իշխանությունների կամ նրանց ընդունած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը: Եվ ընդհանրապես, նույնիսկ լավագույն գաղափարը հնարավոր չէ կյանքի կոչել, այն չի կարող արդյունավետ լինել, եթե չկա հասարակության վստահությունն ու աջակցությունը: Իսկ որ պարտադիր բաղադրիչի նկատմամբ ոչ միայն աջակցություն չկա, այլև առկա է լուրջ ընդվզում, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում: Որևէ մեկին դժվար է ապացուցել, որ պարտադրանքով հրամցվող որևէ երևույթ օգտակար է: Այդ իսկ պատճառով, իմ խորին համոզմամբ, հարցի լուծման բանալին ոչ թե ադմինիստրատիվ, պարտադրող, այլ շահագրգռող մոտեցման մեջ է, որպեսզի մարդը շոշափելիորեն զգա համակարգի առավելություններն ու ինքնակամ ընտրի այն: Մասնավորաբար, կարելի է առաջարկել համակարգն ընտրողների համար պետության համամասնորեն աջակցությունը, ինչը, բնականաբար, չի լինի մյուսների պարագայում: Սա միայն մեկ տարբերակն է, կարծում եմ՝ նման մի շարք տարբերակներ կարելի է գտնել ու քննարկել: Իսկ որ անվերապահորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, աներկբա է: Կներեք, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Կարեն Կարապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Արմենիա» հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 6-րդ հարկից ծուխ է նկատվում:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնությունների հաղթող և մեդալակիր մարզիկներին
Այսօր` ապրիլի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին` Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Լենդրուշ Զատիկյանին (սամբո) , Արթուր Ալեքսանյանին (ըմբշամարտ) և մեդալակիրներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզիկներից Գյումրու սպորտային պատիվը բարձր պահելու համար: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց նաև մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Պատասխան խոսքով հանդես եկան նաև մարզիչները, որոնք հորդորեցին մարզիկներին չսահմանափակվել առկա ձեռքբերումներով և ձգտել ավելի բարձր արդյունքների:
Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և խոստացավ հետայսու ևս աջակցել քաղաքում սպորտի զարգացմանը:
Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել Ճապոնիայի պատերազմի սրբավայր այցելելու համար
Չորքեշաբթի օրը Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է այս շաբաթ Ճապոնիայի Յասուկունի պատերազմական սրբավայր այցելելիս. հայտնելով, որ ինքը այդ վայրը թյուրիմացաբար դիտարկել է որպես աղոթավայր:
Տոկիոյում գտնվող սինտոական սրբավայրը նվիրված է պատերազմում 2,5 միլիոն զոհված մարդկանց: Չինաստանը և Հարավային Կորեան Յասուկունին դիտարկում են որպես Ճապոնիայի նախկին միլիտարիզմի խորհրդանիշ, իսկ այդ վայր այցելությունը համարում են պատերազմի պատմությունը չհասկանալու վկայություն:
Երեքշաբթի օրը Instagram կայքում տեղադրված, իսկ այժմ կայքից հանված երկու նկարներում Բիբերը աղոթում էր սրբավայրի մոտ: Նկարները վրդովեցրել էին Չինաստանին, ինչպես նաև Instagram և Twitter կայքերի բազմաթիվ օգտատերերի:
Չորեքշաբթի օրը Բիբերը Instagram կայքում գրառել էր, որ ինքը, տեսնելով սրբավայրը, իր վարորդին խնդրել էր կանգնել:
Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:
Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարություների պատասխանատուները
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ:
Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երևանում, իրեն երկար սպասեցնել չի տա:
Այցելության ծրագրով պարոն Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ ևս նախատասվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների և ագրոարդյունաբերողների հետ:
«Femen»-ը ընդդեմ ֆաշիզմի կիսամերկ ցույց է անցկացրել Փարիզում
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանրահայտ «Femen» շարժման ակտիվիստները բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի: Շարժման մասնակցի 22 կին հավաքվել է այն շենքի դիմաց, որտեղ մամլո ասուլիս է ունեցել Լը Պենը: Առանց վերնահագուստի կանանց կրքին նկարված է եղել Եվրամիության դրոշը, իսկ երեսին պատկերել են Հիտլերին հատուկ բեղեր: «Ընդդեմ ֆաշիզմի» ակցիայի մասնակիցները բացականչել են «Ֆաշիստ վարակ, ֆաշիստ Մարին» արտահայտությունը: Ցույցը տևել է մոտ 10 րոպե, արդյունքում 22 ակտիվիստն էլ ձերբակալվել են: «Femen»-ի խոսնակ Իննա Շևչենկոն հայտարարել է, որի իրենք ակցիաների շարք են սկսել Եվրոպայում ֆաշիզմի դեմ պայքարելու համար:
Դիտորդական խումբը իր մտահոգությունն է հայտնում ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման որակի վերաբերյալ
2014 թվականի մարտի 31-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ հանդիպել են դատապարտյալ Ա.Մ.-ին: Վերջինիս 2014 թվականի մարտի 31-ի դրությամբ 24 օր գտնվում էր հացադուլի մեջ: Ա.Մ.-ի հացադուլի պահանջն է իրեն մասնագիտացված բուժհիմնարկություն տեղափոխելը և բուժում տրամադրելը:
Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 3 տարի, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, հիպերտոնիա: Ինչպես նաև, որ իր ողնաշարի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է և ինքը (Ա.Մ.-ն)՝ որպես բժիշկ, գիտակցում է, որ իր օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ: Ա.Մ.-ն նշել է, որ պատարաստվում է շարունակել հացադուլն այնքան ժամանակ մինչև լուծում կտրվի իր խնդրին և նա կստանա համապատասխան բուժօգնություն:
Խնդրի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը /19.03.2014թ/ գրություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն: Խմբի գրությանը ԱՆ-ն պատասխանել է /18.04.2014թ/, որ Ա.Մ.-ն գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի անձանակազմի հսկողության տակ: Սակայն հարկ ենք համարում ընդգծել այն փաստը, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում տևական ժամանակ բժշկի հաստիքը թափուր է և աշխատում են միայն 3-րդ կարգի մասնագետներ:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մտահոգություն է հայտնում խնդրի վերաբերյալ և ընդգծում, որ ՔԿՀ-ներում բժշկական սպասարկումը խնդրահարույց է նախ և առաջ մասնագետների պակասի պատճառով: Մասնավորապես «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալները չեն կարող ստանալ անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն ՔԿՀ-ի տարածքում և միայն հրատապ, ծայրահեղ դեպքերում են դատապարտյալներին տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:
Ձերբակալված ադրբեջանցի լրագրողի հայրը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի հայրը, որի որդուն օրերս ձերբակալել են պետական դավաճանության մեղադրանքով, դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, իր նամակում լրագրողի հայրը՝Գաբուբուլլա Միրգադիրովը նշել է, որ ցնցված է իր միակ որդու ձերբակալությունից, և խնդրել Ադրբեջանի նախագահին ազատ արձակել նրան:
“Հարգելի նախագահ, իմ որդին սիրում է իր երկիրը, հայրենիքը և ժողովրդին: Նա չի դավաճանել և չի կարող դավաճանել: Դա անհնար է : Ես նույնիսկ գիտեմ՝ ինչով է շնչում նա: Հարգելի նախագահ, ես չեմ ասում, որ Ռաուֆը սխալներ չի գործել: Նա այնպիսի հոդվածներ է գրել, որ մենք ընդհանրապես չենք հավանել: Հարգելի նախագահ, բարձրյալ Ալլահը սիրում է բազմազանություն և նայում է ոչ թե բառերին, այլ մտադրությանը: Եթե նրա հոդվածներում սխալներ են եղել, և նա վիրավորել է ինչ-որ մեկին, որպես հայր՝ իմ պարտքը նրա համար ներողություն խնդրելն է: Հարգելի նախագահ, նորից խնդրում եմ Ձեզ թույլ չտալ, որ մենք մեր ծերունական տարիքում արցունքոտ աչքերով մնանք: Թույլ մի՛ տվեք մեզնից խլել մեր որդուն: Մեր ամբողջ հույսը Դուք եք ”,-նշված է նախագահին ուղղված նամակում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու “Զերկալո” թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ (“լրտեսություն Հայաստանի օգտին”): Վերջինս ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան:
Վազգեն Սարգսյանի եղբայրը նշանակվել է Պաշտպանության նախարարի խորհրդական.NEWS.am
Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այս մասին NEWS.am-ին հայտնել են նրա հարազատները: «Արդեն մի քանի օր է՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում»,- ասացին նրանք:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ 2008թ.-ին բանտից դուրս գալուց հետո ոչ մի տեղ չէր աշխատում:
Ավելի վաղ Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երբեմն հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Երբեմն պատահաբար հանդիպում ենք, ինձ թույլ չեմ տալիս քաղաքական հարցեր տալ, հարցնում եմ իրենից, իր ընտանիքից: Երկրի վիճակը, որպես քաղաքացի, գնահատում եմ միջակ: Չեմ կարծում, որ եթե ուզենամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, նա ինձ կմերժի: Սովորական կենցաղային հարցերից ենք խոսում, քաղաքական հարցեր չեմ տալիս, որպես իմ եղբոր ընկեր եւ իմ բարեկամ, իսկ քաղաքական հարցերը թող կուսակցությունները տան: Մենք անցած ճանապարհ ունենք Սերժ Սարգսյանի հետ 1988թ-ից սկսած»,- ասել էր նա:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը պահանջում է ճանաչում և հատուցում
Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց:
Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը:
Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան քսան պետություն և միջազգային կազմակերպություն: Սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` նա դառնում է անցյալի ոճրագործության մեղսակիցը:
Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբևէ պետք է դատապարտվի, և հայ ժողովուրդն արդար հատուցում ստանա:
Մենք զորակցում ենք հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին, քանզի դրանք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը և նոր ոճրագործությունների կանխմանը:
Մենք մերժում ենք այդ հարցում դրսևորվող շահախնդիր մոտեցումներն ու խուսանավումները և կոչ ենք անում աշխարհի առաջատար պետություններին ջանքեր գործադրել հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին: Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել և չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել:
Պահանջում ենք ճանաչում և հատուցում:
Իշխանության շանսերը կախված են «հրաշալի քառյակի» որոշումների՞ց
Քաղաքական զարգացումների ընթացքը վերջին օրերին մի փոքր շեղվեց, երբ ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ իշխող քաղաքական ուժին լքում է կոալիցիոն ամենահավատարիմ գործընկերը` «Օրինաց երկիր» կուսակցությունը: Սա թերևս ավելի անսպասելի էր, քան դրանից առաջ տեղի ունեցած ոչ պակաս շոկային իրադարձությունը` Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Իսկ շեղումը մեծ չէր, որովհետև, ըստ էության, ՕԵԿ-ը` որպես քաղաքական ուժ, վաղուց արդեն զուգորդվում էր քաղաքական կցորդի հետ և եղանակ չէր փոխում քաղաքական դաշտում:
Այնուամենայնիվ, այս հարցը հետաքրքրեց շատերին, հատկապես` իշխանության ներսում իրականացվող ներխոհանոցային խմորումների տեսանկյունից:
Այս փոփոխություններն ո՞ւմ սցենարով են կազմակերպված և ի՞նչ են նախանշում. հնչեցին հակասական կարծիքներ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը, Ռոբերտ Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունները համարում է Սերժ Սարգսյանի թուլացման նշան:
Այն տեսակետին, թե հենց Սերժ Սարգսյանն էլ Արթուր Բաղդասարյանին «գործուղել» է ընդդիմություն, Լևոն Զուրաբյանը պատասխանում է. «Եթե անգամ այդպես է, ապա դա էլ է իշխանության թուլացման նշան: Իսկ ինչո՞ւ առաջ չէր գործուղում: Սա նշանակում է, որ նման անհրաժեշտություն կա: Իսկ եթե դա արվել է ԲՀԿ-ին թուլացնելու համար, ապա կրկին նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը թուլացել է»:
Խոսելով կոալիցիայի մասին` Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ընդհանրապես ժողովրդավարական երկրներում կոալիցիա կազմվում է միայն այն դեպքում, երբ որևէ կուսակցություն անհրաժեշտ թվով մանդատներ չի ունենում խորհրդարանում. «Կոալիցիան ընդհանրապես իշխանության թուլությունն է ցույց տալիս, և գալիս է նրանից, որ որևէ կուսակցություն չի կարող ինքնուրույն իր խնդիրները լուծել: Եթե կարող է, ապա բացառվում է, որ լինի կոալիցիա»:
Այդ դեպքում ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն, ձգտում կոալիցիայի: «Որովհետև իրենք էլ գիտեն, որ իրենց մեծամասնությունը կեղծ մեծամասնություն է, փորձում են իրենց լեգիտիմության պակասը լրացնել կոալիցիաներ ստեղծելով»,- պատասխանում է նա:
Այնուամենայնիվ, նա կարծում է, որ շատ կարևոր է, որ երկրում ծավալվում է քաղաքական գործընթաց, որին մասնակից են դառնում նաև հանրությունն ու քաղաքացիական կառույցները, և իշխանությունները գոնե հաշվի են նստում ընդդիմության ու քաղաքացիների պահանջների հետ. «Թեկուզ այն, որ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, ստիպված նահանջեց և հայտարարեց պարտադիր բաղադրիչի ժամանակավոր կասեցման մասին, նույնպես քառյակի, հանրության, քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ հաղթանակն է: Հիմա մենք սկսել ենք տանել փոքր հաղթանակներ, բայց իհարկե, դրանց վրա չի կարելի
կանգնել, որովհետև հենց որ իշխանությունն ամրապնդի իր դիրքերը` կխլի այդ հաղթանակները»:
Ըստ Զուրաբյանի` իշխանության շանսերը հիմա կախված են քառյակի որոշումներից. «Եթե քառյակը հապաղի, իշխանությանը շանսեր կտա»:
Բայց ինչպես երևում է, հրաշալի քառյակը հապաղում է. «Այս պահին քառյակում դեռևս քննարկումները գնում են, և պետք է հանգենք նույն օրակարգին»,- ասում է Զուրաբյանը` անուղղակիորեն խոստովանելով, որ իրենց համար գլխավոր հարցի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ համախմբումն այդպես էլ չի ստացվում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը համարում է սովորական քաղաքական գործընթաց, որտեղ չպետք է դավադրությունների տեսություն փնտրել: «Կարող եք հիշել, թե այս ընթացքում որ քաղաքական ուժերը որ ժամանակահատվածում որ դաշտում են եղել, քաղաքական բնականոն գործընթաց է տեղի ունենում»:
Նա նաև կարծում է, որ որևէ ուժ չպետք է իրեն իրավունք վերապահի ասելու, թե ով է ընդիմադիր, ով ոչ. «Դա ընթացքը ցույց կտա, բոլոր դեպքերում քառյակի օրակարգում ՕԵԿ-ին մեր շարքերն ընդունելու հարց չկա, որովհետև նման հարցադրում էլ չկա»:
Այն վարկածին, որ ՕԵԿ-ին ընդդիմություն է «գործուղել» Սերժ Սարգսյանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանում է. «Գնահատականներ կտամ միայն կոնկրետ գործունեության հետ կապված: Իսկ թե հետագայում ՕԵԿ-ն ինչ քաղաքական կուրս կորդեգրի` դա իր իրավունքն է»:
Այնուամենայնիվ, ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են հերթական նիստին, որտեղ քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում նաև պարտադիր կուտակայինի հետ կապված հարցը, արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված հարցերը և իհարկե ներքաղաքական հարցեր: Հնարավոր է` հանդես գան որոշակի ընդհանուր հայտարարությամբ:
Իսկ ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով` պատասխանելով մի շարք հարցերի, որոնք ամենայն հավանականությամբ ոչ թե պարզաբանում կմտցնեն իրավիճակի մեջ, այլ կառաջացնեն նորանոր հարցեր, իսկ գլխավոր հարցը, թե ինչու ՀՀԿ-ի հետ նույն նավին գտնվող ՕԵԿ-ը որոշեց փոխել իր նավը և նավարկել բոլորովին հակառակ ուղղությամբ, այդպես էլ կմնա դավադրությունների տեսության ոլորտում:
Սկսվել է Գերմանիա-Հայաստան ֆուտբոլի ընկերական մրցամարտի տոմսերի վաճառքը
Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կայանալու է Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական մրցամարտը:
Արդեն սկսվել է հանդիպման տոմսերի վաճառքը:
ՀՖՖ պաշտոնականն կայքը տեղեկացնում է, որ հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ:
J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները: Տոմսերի արժեքն է 30 եվրո:
Անուշ Գրիգորյանը վաղը ոսկե մեդալի համար կպայքարի իտալուհի Իրմա Տեստայի հետ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի «Armeec Sofia» մարզապալատի ռինգում հաղթարշավն է շարունակում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Նա Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովային` 40:36, 40:36, 40:36 հաշվով:
Մեր մարզուհին վաղը ոսկե մեդալի համար կպայքարի իտալուհի Իրմա Տեստայի հետ: Վերջինս կիսաեզրափակչում հաղթեց թրքուհի Ներիման Իշթիքին:
Հսկաների բախում`Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում
Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում, ժամը 22:45-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում պայքարը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»: Գլխավոր մրցավարն է` անգլիացի Հովարդ Վեբը:
Գրավախաղերի կազմակերպիչները կողմերի հաղթանակի հասնելու հնարավորությունները գրեթե հավասար են համարում: Բուքմեյքերները սահմանել են այսպիսի գործակիցներ` 2,5 – 3,4 – 2,75:
Հիրավի անկանխատեսելի հանդիպում է սպասվում` հսկաների բախում:
«Ռեալն» Իսպանիայի գավաթակիր է դարձել, իսկ «Բավարիան»` ժամկետից շուտ իր երկրի չեմպիոն: Այնպես որ, թիմերի խաղացողների տրամադրությունները բարձր են:
Երկու ակումբները նախկինում մրցել են 4 անգամ: 8 անգամ հաղթել են գերմանացիները, 5 անգամ՝ իսպանացիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: «Բավարիան» խփել է 23, «Ռեալը»՝ 19 գնդակ:
Նավաբեկումից փրկված. Երեխաները սղում էին ձեռքիցս
Հարավկորեական «Սևոլ» նավի խորտակումից փրկված բեռնատար մեքենայի վարորդը պատմել է, թե ինչ դժվար որոշում է կայացրել, երբ նավը սկսել է խորտակվել, իսկ ջուրը` քշել երեխաներին, որոնց նա փորձում էր փրկել:
«Մենք ցանկանում էինք քաշել երեխաներին վերև մեզ հետ, բայց դա շատ դժվար էր: Այդ ժամանակ մենք որոշեցինք ինքներս բարձրանանք, բայց հիմա զղջում եմ դրա համար»,- BBC-ին ասել է Ին Սու Չոյը, որը վթարից փրկված 174 մարդկանցից մեկն էր:
Ներկա պահին հայտնաբերվել և հաստատվել է 133 մարդու դի, սակայն ջրասույզները շարունակում են փնտրտուքները: Կորած մարդկանց թիվը 190-ից ավել է:
Նավի անձնակազմին խիստ քննադատում և մեղադրում են մարդկանց փրկել չկարողանալու համար: Նավապետը և մի քանի աշխատակիցներ մեղադրվում են ուղևորների տարահանման ժամանակ իրենց պարտականությունների անփույթ կատարման մեջ:
Հիշեցնենք, որ «Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին Չեժդու առողջարանային կղզու մոտակայքում: Նավատորմում եղել է 476 մարդ, մասնավորապես դպրոցականներ, որոնք Հարավային Կորեայի Ինչեոն նավահանգստից ուղևորվում էին Չեժդու:
Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը հետաձգել է նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումը
Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը հետաձգել է ապրիլի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման նշանակված օրը:
Չորեքշաբթի օրվա հայտարարությունը ավելի է մեծացրել ընտրությունների միջոցով նախագահ Համիդ Կարազային հեռացնելու շուրջ առկա խառնաշփոթը:
Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեին երեքշաբթի օրը, սակայն Ազատ ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ արդյունքների հայտարարությունը հետաձգվել է առնվազն մինչև շաբաթ օրը, որպեսզի համոզված լինեն, որ դրանք կեղծված չեն: Նախնական արդյունքները այնուհետև պետք է քննի լրացուցիչ հանձնաժողովը՝ նախքան մայիսի 14-ին վերջնական արդյունքների հրապարակումը:
Մինչ այժմ 7 միլիոն քվեների կեսի հաշվարկների արդյունքում առաջատար է համարվում նախկին արտաքին գործերի նախարար Աբդուլա Աբդուլան:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի հաղորդագրությունը «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող ապօրինությունների վերաբերյալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Լիլիթ Պետրոսյանը, Տաթև Վարդապետյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների դիտորդական խմբի անդամներ Սիրվարդ Մամիկոնյանը և Հասմիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ս. թ. ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները և սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:
Այդ հրապարակումների համաձայն՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանը բռնության ամենակոպիտ ձևեր է կիրառում` անպատվելով, ծեծելով երեխաներին ու անընդհատ հիշեցնելով նրանց ծնողների անբարոյական վարքի մասին: Երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսվում նրանց կերակրելու համար, ներկայացվում է զգալի գումարների ծախսեր պարունակող հաշվետվություններ էքսկուրսիաների մասին, որոնց երեխաները չեն մասնակցել: Դպրոցին պատկանող «Լադա» մակնիշի մեքենան, որ վարում է տնօրենի որդին՝ Վահե Քոչարյանը, երբևէ չի ծառայել դպրոցի կարիքներին:
Հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին: Ավելին, փոխարենը տնօրենը շահագործում է աշխատակիցներին՝ աշխատանքային ժամերին ստիպելով կատարել իր և հարսի տնային գործերը: Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել: Տնօրենի համախոհ–հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով միաժամանակ զբաղեցնելով մի քանի հաստիք այլ անձանց անվամբ՝ բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից:
Տնօրենի դեմ մի քանի բողոք է ուղարկվել նախարարություն, որի աշխատակիցները նամակի հետքերով գնացել են հաստատություն և աչք փակելով իրականության վրա՝ հեռացել: Նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը տնօրենը իմացել է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողը դաժան հոգեբանական ճնշումների է ենթարկվել: Տնօրենը ամենուր հայտարարում է, որ «ունի նախարարի դաբրոն, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է»:
Նամակը հրապարակվել է [email protected] հասցեից: Հրապարակումից անմիջապես հետո Նարե Սահակյանին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանը՝ փորձելով ճշտել՝ նա է արդյոք ուղարկել բաց նամակը, թե ոչ: Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նամակի հերքումն է տարածել, որը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.diplomat.am/news/2014-04-04-1037: Ճնշման է ենթարկվել «Հետքի» լրագրողուհին: Դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մնացականյանը տնօրենի հետ վերջին օրերին ունեցած վիճաբանությունից հետո նույն գիշերը սրտի սուր նոպա է ունեցել և այդ օրվանից չի կարողացել դպրոց մտնել: Հանդիպումներ են եղել հաստատության աշխատակիցների և երեխաների հետ, ովքեր հաստատել են նշված փաստերը: Մի քանի աշխատակիցների, ովքեր ևս հաստատել են վերը նշվածը, հարցման է ենթարկել նաև դիմողների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փոխնախարար Բերիկյանը երկու օր հետո այցելել է հաստատություն, ժողով անցկացրել աշխատակիցների հետ՝ ճնշում գործադրել, որ խոստովանեն, թե ով է ուղարկել նամակը: Նա հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երկու անգամ նույնաբովանդակ բողոքներ են եղել, սակայն իրավախախտում չի հայտնաբերել: Հավանաբար հենց Բերիկյանի հրահանգով է, որ տնօրենը հարկադրել է ուսուցիչներին ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը հաստատել է, որ նրանք չեն ուղարկել նամակը: Դեպքից հետո երեխաներին ամեն կերպ կաշառում են, և վերջիններս հնարավոր բոլոր ձևերով հրաժարվում են ձայնագրություններում իրենց ասածներից:
Հարց է առաջանում՝ ինչու են երեխաները հրաժարվում իրենց ասածներից, և ինչու են նրանք այժմ այդպես պաշտպանում տնօրենին, և դա հենց այն ժամանակ, երբ նրանց հետ խոսել է Բերիկյանը: Դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնողները վստահ են, որ նա կարող է պաշտպանել երեխաներին և թույլ չտալ, որ գործիք դառնան մի խումբ «վայ պաշտոնյաների» ձեռքում: Բացի այդ՝ չնայած մամուլի հրապարակման հետ կապված նյութեր է նախապատրաստվել, որևէ քննություն չի իրականացվել, ու հետաքննիչն անգամ չի հարցաքննել հաստատության աշխատակիցներին:
Իրանը և Հնդկաստանը կընդլայնեն առևտուրը
Այսօր Իրանի գործարարների պատվիրակությունը ժամանել է Հնդկաստան: Այցի հիմնական նպատակն է` ընդլայնել առևտրական կապերը Հնդկաստանի հետ: Իրանական պատվիրակության անդամները Հնդկաստանում կմնան մեկ շաբաթ, կայցելեն մի քանի հնդկական քաղաքների մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ: Սա ընթացիկ տարում իրանցի գործարարների արտերկիր կատարած առաջին այցն է:
Ի դեպ, վերջին 5 տարվա ընթացքում Իրանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է տարեկան 16 մլրդ դոլարի: Կողմերը ձգտում են առաջիկա 5 տարվա ընթացքում այն հասցնել 25 մլրդ դոլարի: