ՀԱՄԱՍ-ը նոր հովանավոր է փնտրում. արաբագետ

DSC08969 (1)Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Եթե դարասկզբին մասնագետները գտնում էին, թե իսլամական արմատական գործողություններն անկում են ապրում և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դիտարկում որպես վերջակետ, ապա հիմա հակառակ միտումներն են նկատվում; «Մերձավոր Արևելքում 3 թեժ գծում այդ խմբավորումները ակտիվ գործողություններ են ծավալում. դրանք են` Իրաքը, Գազայի հատվածը և Սիրիան, որն անտեսվում է, ինչը սխալ է, քանի որ այնտեղ կատարվում են բավականին լուրջ գործընթացներ: Երեքի դեպքում էլ կա ընդհանրություն. հակամարտության կողմերից մեկը պետություն է, մյուսը իսլամիստական արմատական կազմակերպություն», – նշեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար գլոբալ առումով, այլև քրիստոնեական և էթնիկական փոքրամասնությունների համար: «Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորումը քրիստոնյաների նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է սկսել վարել. նրանց տներին նշաններ են դնում, հայտարարում, որ նրանց ունեցվածքը իրենց է պատկանում և պահանջում գլխահարկ»:  Արաբագետի խոսքով` նրանց դեմ դժվար է` պայքարել, քանի որ այդ խմբավորումը էներգակիրներով հարուստ տարածքներ է գրավել, այսինքն` ֆինանսապես կախյալ վիճակում չէ:

Նման առավելությունից զրկված է Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Դրա կենտրոնը նախկինում Դամասկոսում էր, սակայն վերջին իրադարձություններից հետո այն տեղափոխվեց Քաթար: Ըստ արաբագետի` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը վերսկսվեց, քանի որ այդ խմբավորումը նոր հովանավոր է փնտրում. «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կրկին հայտարարում են, թե «գցելու են իսրայելցիներին ծովը»:  Նրանք փորձում են ցույց տալ, որ լուրջ գործոն են տարածաշրջանում: Եվ կարծես, թե դա նրանց հաջողվում է. երեկ ԱՄՆ-ը 24 ժամով դադարեցրեց չվերթները դեպի Թել Ավիվ: Իսրայելը իր հերթին փորձում է ճնշել իսլամիստական արմատական խմբավորումներից եկող վտանգները», – նշեց նա:

 

Անկախ

Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով

oilՀնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2013-ի համեմատությամբ 2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով:
Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացրած վերջին տվյալներով 2014-ի առաջին 2 եռամսյակի ընթացքում Հնդկաստանի նավթամշակման կենտրոնները օրական Իրանից 281 հազար բարել նավթ են ներկրել:
Ուշագրավ է, որ 2013 -ի նույն ժամանակահատվածում ներկրվել է օրական 211 հազար բարել իրանական նավթ:
2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստանում իրանական նավթի ամենախոշոր գնորդներն են եղել «Մենգլուրի» պետական նավթավերամշակման կենտրոնը և Հնդկաստանի պետրոքիմիայի ընկերությունը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ալի Խամենեի. «Սիոնիստական վարչակարգի գործողություններից զերծ մնալու միակ տարբերակը դրա ոչնչացումն է»

ali khameneiԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իրանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին:
«Այդ կոշտ վարչակարգի հարցը լուծելու միակ եղանակը դիմադրության ու պայքարի շարունակումն է և հակամարտության գոտու ընդլայնումն է՝ ընդհուպ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»,- ասել է Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդի համոզմամբ, սիոնիստական վարչակարգի գործողություններից զերծ մնալու միակ տարբերակը դրա ոչնչացումն է:
«Իսրայելի կատարած ոճրագործությունների հետևանքով զոհվածների մեծ մասն անմեղ կանայք ու երեխաներ են, ովքեր իրենց տներում ռումբերի ու հրթիռների թիրախում են հայտնվել: Գազայի հատվածում սիոնիստական վարչակարգի վայրագությունները մարդու միջազգային իրավունքների բացահայտ խախտում է»,- նշել է Խամենեին:
Ալի Խամենեին հավելել է, որ անհապաղ համատեղ   քայլեր   պետք է ձեռնարկվեն սիոնիստական վարչակարգի դեմ, և այդ վարչակարգի ներկայացուցիչները պետք   է իրենց արժանի պատիժը կրեն միջազգային օրենքների շրջանակում։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլը

g6+irԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:
«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է Իրանի միջուկային բանակցությունների լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր: Այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Սահմանապահ Մովսեսի վանքերն ու արտերը վտանգված են

movsesՄովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ: Բայց սա չէ միայն, որ սահմանապահ մովսեսցիներին մտահոգում է:
Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին` Ջավահիր Բադալյանը, իր աշակերտներին արդեն պատմել է այն պատմամշակութային ու հոգևոր վայրերի մասին, որոնք հիմա ադրբեջանական տիրապետության տակ են, գերեվարված ազերի դիպուկահարների կողմից:
Մովսեսի դպրոցի մուտքի մոտ ամենավտանգավոր տեղն է` հակառակորդի դիպուկահարների աչքի առաջ, հենց այդ կետից է երևում այն բարձունքը, որտեղ Երեցի խաչն է, նրանից արևելք` VII դարի Սուրբ Հակոբյաց վանքը, որը մինչև նախորդ դարի կեսերը, մովսեսցիների խոսքով, հաստատ կանգուն է եղել: Ավելի ուշ, ըստ մովսեսցիների, վանքերն ավերվել են, կանգուն են մնացել միայն խաչերը: «Ազերիները հիմա քանդած կլինեն: Դրանից դեպի հյուսիս-արևելք գտնվել են երկաթահանքեր, որոնք XVIII-XIX դարերում շահագործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները: Իհարկե, երբ XX դարասկզբին Հայաստանը խորհրդայնացվել է, այդ հանքերը փակվել են, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները` հեռացել»,- պատմում է Ջավահիր Բադալյանը:
Մովսեսի դպրոցականները չեն հասցրել տեսնել իրենց գյուղի տարածքի վանական համալիրներն ու դիտարժան վայրերը, հակառակորդն այնտեղ բույն է դրել, բայց դա չի խանգարել, որ նրանք անգիր անեն հայրենի գյուղի պատմությունն ու պահանջատեր լինեն: Ահա թե ինչու գյուղի կրթական հաստատությունն ավարտած գրեթե բոլոր տղաները վճռական են իրենց հողը թշնամուց պաշտպանելու գործում: «Երեքին արդեն բանակ ենք ճանապարհել, երեքին էլ շուտով կճանապարհենք, մեկի բանակի ուրախ հավաքը նախատեսված էր հուլիսի 23-ին»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Մովսեսի միջնակարգ դպրոցն ունի 147 աշակերտ, այս տարի ունեցել է 15 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմել են բուհեր, հաջողությամբ հանձնել միասնական քննությունները և ընդունվել: Նրանք ընդունվել են ԵՊՀ լրագրության, բանասիրության ֆակուլտետներ, մանկավարժական և գյուղատնտեսական համալսարաններ: «Դե որ սահմանից գնացել, ընդունվել են, պետք է ամեն գնով սովորեն,- ասում է Ջավահիր Բադալյանը` անդրադառնալով սահմանամերձ մարզի երեխաների` ուսման հետ կապված խնդիրներին, ուսման վարձավճարների փոխհատուցման հնարավորություններին:- Վերջին շրջանում կրակոցները հաճախակի են դարձել, դասերն անընդհատ ընդհատվել են հակառակորդի արձակած կրակահերթերի պատճառով, երեխաներին տուն ենք ուղարկել»:
գյուղ ՄովսեսՋավահիր Բադալյանի խոսքով` հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը վերջին շրջանում ավելի է լարվել, այնպես որ, Մովսեսի կիրակնօրյա դպրոցն իր դռները ժամանակից շուտ փակել է: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնությամբ, Մովսես գյուղի կիրակնօրյա դպրոցի 19 սաները ուսուցիչների հետ հուլիսի 22-ին ճանաչողական այցով մեկնել են Սանահին ու Հաղպատ:
Ի հեճուկս հակառակորդի, տիկին Ժանետան խանութի դուռը երբեք չի փակում, եթե անգամ «անհաջող հարևանը» սկսում է գնդակոծել գյուղը: Գյուղի կենտրոնում գործող առևտրի սրահը զերծ չի մնացել գնդակոծությունից, փամփուշտները նաև այստեղ են հասել, ծակծկել պատերը: «Մենք էլ չենք վախըմ, սըվերել ենք: Սկզբնական շրջանում շատ ինք վախըմ, պադվալն ինք մտնըմ, հիմա չէ, ցավդ տանեմ, չէ, չէ, չէ, էրեխեքն են մի քիչ վախըմ»,- ասում է տիկին Ժանետան: Նա ասում է, որ գյուղում թեև շատ խանութներ կան, բայց հաճախորդներն են քիչ: «Օրը եթե 10 հազար դրամի առևտուր եմ անում, շատ գոհ եմ լինում: Մովսեսցիները հագուստին ուշադրություն չեն դարձնում, մեծ է սննդի պահանջարկը»: Ապրանքափոխանակությունն այստեղ դեռևս առևտրի ընդունված ձև է, հիմնականում հավկիթներով է փոխանակումն իրականացվում:
Մովսեսցիների գլխավոր անհանգստությունն այս պահին ակտիվացած հակառակորդն է, որն ամեն ինչ անում է գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար: Սահմանամերձ գյուղի ցորենի ցանքատարածությունների զգալի հատվածը թշնամու հետ անմիջական սահմանի վրա է: Հասկերն արդեն հնձելու ժամանակն է, սակայն ադրբեջանցի դիրքապահները չեն թողնում իրականացնել բերքահավաքը: «Մենք նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` մեզ տրամադրելու անվտանգության երաշխիքներ, որպեսզի կոմբայնավարը ազատորեն մտնի դաշտ, առանց վախենալու, որ կարող է հակառակորդի թիրախում հայտնվել»:
Մովսեսցի կոմբայնավար Արթուր Վարդանյանն ասաց, որ կոմբայնը վտանգավոր տարածքից հանելուց հետո էլ «Ճոճեր»-ի ցորենի դաշտ չեն մտել: «Ո՞վ ռիսկ կանի, մտնի, կրակի տակ ա: Հիմա մենք մյուս դաշտում ենք հնձում, որտեղ կրակոցներ չկան: Բայց ադրբեջանցիների դիրքերի մոտ մոտ 30 հեկտար դեռ ունենք, որ պետք ա հնձենք: Կոնկրետ ես 8 հեկտար ունեմ, չգիտեմ` դա ոնց պետք ա լինի: Կարմիր խաչը թող նրանց մոտ կանգնի, մեր կողմից կրակոց չի լինում: Մենք վախենում էինք, որ մեր նոր ստացած կոմբայնի շարժիչը վնասած կլինեն, բայց լավ էր` փամփուշտը թիթեղին էր կպել, սարքել ենք»,- անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի անվտանգ կազմակերպման նպատակով սահմանամերձ համայնքներից Կարմիր խաչին ուղղված նամակներին` ասաց Մովսես գյուղի կոմբայնավարը: Նա պատմեց, որ գյուղում ամեն մի շարժի դեպքում ազերի դիրքապահները կրակում են, լինի կոմբայն թե ուղևորատար ավտոմեքենա: Գյուղացիների տեղեկություններով` ԿԽՄԿ-ն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Մինչև այդ, Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է գյուղի ու բնակիչների ուղղությամբ` Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ մշտապես լարվածություն պահելով:
Մայա Խաչատրյան

Նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը

նետաձիգներԷջմիածնի «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի բազայում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը` Գոհար Շահնազարյանը:
1/24 եզրափակչում նա  0:6 հաշվով զիջեց իսպանացի Ալիսյա Մարինին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկներն ու մարզուհիները դարձան հանդիսական:
Սա խայտառակություն է: Բանն այն է, որ խոստումներ էին տրվել, որ մերոնք կուրախացնեն մարզասերներին, իսկ Հայաստանի կառավարությունը մեծ փողեր էր հատկացրել մի ստուգատեսի կազմակերպման համար, որում  մերոնց արդյունքները միայն տխրեցնում են: Մրցատեղին էլ մարզասերների աչքից հեռու է:Անհասկանալի է, թե առաջնությունն ում համար է …

Ինչ հարցեր է քննարկել ՀՀ կառավարությունը

gov2-472x265Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:
Աջակցություն են ստանում արտահանման ուղղություն ունեցող ընկերությունները
ՀՀ կառավարության որոշումներով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի և «Գրինհաուզ» ընկերության կողմից ներմուծված 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգվել են համապատասխանաբար մինչև 2017թ. օգոստոսի 25-ը և հուլիսի 10-ը: «Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
«Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով տվյալ բնագավառի արդիական սարքավորումներով: Իրականացվելու է շուրջ 8.1 մլրդ դրամի ներդրում, սկսած 2015թ. տարեկան կարտադրվի 1.72 մլրդ դրամ արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ երկրներ:
Ձեռնարկվում են էներգահամակարգի ֆինանսական առողջացման միջոցներ
Դեռևս 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ: Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով: «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:
Գործադիրն իր որոշմամբ սահմանել է երկրաբանական տեղեկության տրամադրման և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը, ինչը թելադրված է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջով:
Կանոնակարգվում է շահումով խաղերի գործընթացը
ՀՀ կառավարությունը 2013թ. վերջին «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանել է, որ խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս: Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է շահումով խաղի կամ խաղատան գործունեություն կազմակերպել երկրի չորս քաղաքների վարչական սահմաններում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, վարչական շենքերից, հիվանդանոցներից կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: Այդ չափանիշների պահպանման իսկությունը կարող է պարզվել միայն տեղում ստուգման ժամանակ: Գործադիրն իր նախկին որոշումը համապատասխանեցրել է փոփոխված օրենքին:

 

Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ:
Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

 

Գործադրի որոշմամբ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, որտեղ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկառուցվեն քաղաքային պուրակ և նախակրթարան:
Նիստում «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ կողմից Բյուրականի բնակավայրերի շինարարությունն իրականացնելու նպատակով հատկացվել է 127 մլն դրամ: ՀԿ-ն ամեն տարի կազմակերպում է համահայաստանյան միավորային բանակումներ, որոնց մասնակցում է ավելի քան 1000 երիտասարդ:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը քնարկել է «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց առաջարկով կվերանա հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նշված և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում ամրագրված ժամկետների տարբերությունը: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացություններին և ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Քննության է առնվել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակներն ակնկալում են, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանում կներդրվի ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կվայելի ուսանողների պահանջարկը: Կառավարությունը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության անհրաժեշտությունը, սակայն ներկայացված օրենքների փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:
Նիստում քննարկվել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը և որով առաջարկվում է վերացնել կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, քանի որ դրա արժեքը բարձր է: Գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ այն կնվազեցնի կուսակցությունների գործունեության թափանցիկությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Սիրիայի իրավիճակի պատճառով չի կարող իրականացնել Հալեպի համալսարանում հայոց լեզվի դասավանդում կազմակերպելու ծրագիրը, ուստի դրա համար նախատեսված մոտ 5 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվելու է Պրահայի Կարլի համալսարանում հայոց լեզվի, գրականության, պատմության դասընթացները ս.թ. սեպտեմբերից վերաբացելու նպատակին:
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկ ներառել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ պահվում է 270 թանգարանային առարկա, հիմնականում Սարյանի գեղանկար և գծանկար աշխատանքները, որոնք ազգային մեծ արժեք ունեն:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2016թ. ամառային զորակոչը, տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Հրանտ Ղարիբյանին:

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ Երևան-ԼՂՀ համագործակցությանը գործուն նպաստի համար

006Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղադրված արձանների հեղինակներ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուղանողներն ու խմբի գեղարվեստական ղեկավարներ, քոլեջի դասախոսներ Իսահակ Ապրեյանը և Ժակ Գասպարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։ Արձանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մեծ եռանդով իրականացրած աշխատանքի համար՝ շնորհակալագրերը հանձնել է այցի կազմակերպչական աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

«Երևանը բազմակողմ, ծավալուն համագործակցություն է մեկնարկել Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ։ Ուրախ ենք, որ այդ համագործակցության ամրապնդման մասնակիցն եք, այն էլ՝ այդչափ խորհրդանշական, մնայուն նախագծով։ Շնորհակալ կլինենք, եթե նոր նախագծեր առաջարկեք և ձեր մասնագիտական տիրույթում ևս նպաստեք համագործակցությանը»,- նշել է Դավիթ Գևորգյանը։

Հուլիսի 10-13-ը ԼՂՀ-ում կայացած մարզաառողջարարական արշավին ակտիվ մասնակցութան համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության մի խումբ անդամներ։

Հանձնելով շնորհակալագրերը՝ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել՝ կարևորելով պատանի սկաուտների մասնակցությունը Երևանում ու ԼՂՀ-ում բնակվող պատանիների շփումն ու բարեկամությունն ամրապնդելու գործում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Մահվան ելքով վրաերթ Երևան-Իջևան ճանապարհին

ՎրաերթՀուլիսի 23-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.45-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Նելլի Խաչատրյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 23-ից 24-ը)

ՈստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության` 8 դեպքից 6-ը, յուրացման՝ 2, սպանության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի. Ջեյմս Ուորլիք

1 (2)Բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին Twitter-ի էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ: Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսերեն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության և բռնության կապակցությամբ: Համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին կոչ են արել թուլացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի մասին համաձայնագրի պայմաններին:

 

Անկախ

Քաղաքացիական ինքնաթիռի խոցումն առի՞թ էր, թե՞ պատճառ. դեռևս դժվար է ասել

inqnatirՀուլիսի 17-ին Ուկրաինայում կործանվեց Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր` MH17 չվերթով թռչող «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը: 298 մարդ զոհվեց: Ինքնաթիռն ընկավ ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա` Ուկրաինայի տարածքում` Դոնեցկի մարզի Գրաբովո գյուղի մերձակայքում:

Այն հատվածում, որտեղ ընկել էր ինքնաթիռը, Ուկրաինայի իշխանությունները պայքարում են անջատողականների դեմ: Նախնական վարկածով` օդանավի վրա հրթիռ է արձակվել: Օդանավի ընկնելուց անմիջապես հետո կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրը շտապեց հայտարարել, որ ինքնաթիռը խփվել է մյուսի կողմից արձակված հրթիռով: Ու թեև դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով է արձակել այդ հրթիռը, կարծես բոլորը համակարծիք են, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով:

Դեպքից հետո Ուկրաինան սկսեց մեղադրել «ռուսամետ սեպարատիստներին», Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները` ուկրաինական բանակին, Ռուսաստանը` նույնպես ուկրաինական բանակին, բայց Արևմուտքի օժանդակությունը մատնանշելով, իսկ Արևմուտքը` Ռուսաստանին: Թե ով է մեղավոր և ով` անմեղ, այս պահին ուղղակի անհնար է հստակ ասել, բայց հարկ է նշել, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիաաղետից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները սրվում են ժամ առ ժամ:

Դեպքի հաջորդ օրը` հուլիս 18-ին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտտը հայտարարեց, որ Ռուսաստանը խստագույնս կպատժվի, եթե պարզվի, որ օդանավը կործանվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի անջատողականներին տրամադրված զենքով:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին CNN-ի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ունեցած տվյալներով` «Երկիր-օդ» հրթիռը, որով խփվել է «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը», Ուկրաինայի արևելքի անջատողականներին տրամադրել է Ռուսաստանը: ԱՄՆ-ն վստահ է, որ օդանավի կործանման տարածքում ուկրաինական իշխանությունները «Բուկ» զենիթային համակարգեր չունեին:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հուլիսի 20-ին հայտարարեց, որ Ուկրաինայի իշխանություններն արբանյակային լուսանկարներ ունեն, որոնք պատկերում են «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը» ոչնչացրած հրթիռի արձակման ճշգրիտ տեղը: Ուկրաինայի ղեկավարը զրույցում նորից մեղադրել է ռուս անջատողականներին` ասելով, որ նրանք խոչընդոտում են աղետի հանգամանքները պարզելու նպատակով ժամանած միջազգային փորձագետների աշխատանքը:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Բորոդայն էլ ասել է, որ իրենք հայտնաբերել են «Բոինգի» «սև արկղերը» և դրանք փոխադրել են Դոնեցկ: Արևմուտքի և Ուկրաինայի մեկնաբանների համոզմամբ` ռուս անջատողականներն ամեն կերպ փորձում են թաքցնել որևէ իր կամ սարքավորում, որը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա:

Ավիաաղետից հետո Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկեցին Ռուսաստանի նկատմամբ նոր` էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Եվրոպացիներից առավել անողոք է տրամադրված Մեծ Բրիտանիան: Այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը The Sunday Times-ում հրապարակեց հոդված, որում հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդ երկրի իշխանություններին պատասխանատվության կանչի այն դեպքում, եթե ապացուցվի, որ «Բոինգը» ռուս անջատողականներն են խփել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն էլ իր հերթին Daily Mail-ին ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի գործերին: «Եթե Ռուսաստանն է մեղավոր այդ աղետի համար, ապա մենք հստակ կհասկացնենք, որ պատերազմը հովանավորելու նման մեթոդներն անընդունելի են: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, ահաբեկչության հովանավորում է», – ասել էր Ֆելոնը:

Երկրորդ կողմի կարծիքը չեն էլ ուզում լսել, ուր մնաց` քննարկել

Մինչդեռ ինքնաթիռի խոցման ուրիշ վարկած է ներկայացնում Ռուսաստանը: ՌԴ բանակի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կորտոպոլովը ճեպազրույցի ընթացքում տարբեր գրաֆիկների ու թվային տվյալների միջոցով ապացուցել է, որ ողբերգությունից առաջ «Բոինգը» շեղվել է նախատեսված ուղուց, սակայն չի հասցրել կատարել վերադարձի մանևրն ու կործանվել է: Կորտոպոլովը նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը «Բոինգի» կործանման օրը Դոնեցկի շրջանում կենտրոնացրել էին 4 «Բուկ» տեսակի 4 հակահրթիռային կայան: Դրանից բացի, ռուսական ԳՇ-ն հայտնաբերել է նաև ուկրաինական զինուժի 2 ռադիոտեղորոշիչ կայան:

«Մալազիական «Բոինգի» թռիչքի պահին ռուսական տեղորոշիչ կայաններն արձանագրել են ուկրաինական օդուժի օբյեկտների` հավանաբար «ՍՈւ 25» կործանիչների օդ բարձրացում: «Բոինգի» և «ՍՈւ 25-ի» միջև տարածությունը եղել է 3-4 կմ: Իր տեխնիկական բնութագրի համաձայն` «ՍՈւ 25»-ը կարող է կարճ ժամանակում հասնել 10 հազար մետր բարձրության և իր զինանոցում ունի երկինք-երկինք տեսակի Ռ-60 հրթիռներ, որոնք կարող են թիրախին հարվածել մինչև 10 կմ հեռավորության վրա: Իսկ մինչև 5 կմ հեռավորության վրա թիրախը խոցելի է դառնում 100 տոկոսով»,- ասաց Անդրեյ Կորտոպոլովը:

Բայց այս տեսակետը ոչ միայն քննարկող չկա, այլև` լսող:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հորդորեց Ուկրաինայի ղեկավարությանն ու զինվորականներին ապահովել հետաքննության համար անհրաժեշտ պայմաններն ու որևէ կերպ չխոչընդոտել փորձագետների աշխատանքը: Նա կրկին հիշեցրել է, որ Մոսկվան քանիցս կողմերին կոչ է արել վայր դնել զենքն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Բայց այս ամենից հետո էլ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, Միացյալ Նահանգները սպառնում է միջազգային մեկուսացմամբ, Կրեմլն էլ ի պատասխան հայտարարում է մարտունակությունը բարձրացնելու մասին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 22-ին Վաշինգտոնում հայտարարեց, որ իրականում Ռուսաստանն ու ռուսների աջակցությունը վայելող անջատողականներն են խոչընդոտում անկախ հետաքննությունը: «Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի անջատողականների վրա, որևէ մեկը դա չի ժխտում, Ռուսաստանն է նրանց զինել, առաջ մղել ու վարժեցրել, անջատողականների առաջնորդները ՌԴ քաղաքացիներ են, այնպես որ Ռուսաստանը և նախագահ Պուտինն են, մասնավորապես, պատասխանատու, որպեսզի ստիպեն նրանց համագործակցել հետաքննության հետ: Դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել», – ասաց Օբաման:

«Եվրամիությունը պետք է անջատողականներին որպես ահաբեկիչ դիտարկի»,- հավելել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը` կոչ անելով գործընկերներին հստակ ուղերձ հղել Ռուսաստանի իշխանություններին: «Մեր համոզմամբ, ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով և, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններին տալ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Մեր անգործությամբ, մեր թույլ դիրքորոշմամբ, ոչ հստակ ուղերձով ու չհամակարգված քայլերով երբեմն հնարավորություն ենք տալիս, որ մյուսներն իրենց սկսածը շարունակեն», – ասել է Լինկևիչուսը:

Ինչևիցե, թե՛ Ուկրաինայի, թե՛ Դոնեցկի ղեկավարներն օրերս հայտարարեցին, որ օդանավի աղետի վայրից 40 կմ հեռավորությամբ դադարեցնում են մարտական գործողությունները` հետաքննությանը չխանգարելու համար: Իսկ արդեն հուլիսի 22-ին Դոնեցկի ապստամբները նախօրեին Դոնեցկ ժամանած Մալազիայի 12 պաշտոնական ներկայացուցիչ-փորձագետերին հանձնեցին խոցված «Բոինգ-777»-ի 2 «սև արկղերը»:
Vesti.ru-ի հաղորդմամբ` «սև արկղերը» չեն վնասվել և գտնվում են լավ վիճակում, ինչը հնարավորություն կտա միջազգային անկախ փորձագետներին արագ վերծանելու դրանք և լույս սփռելու «Բոինգի» հետ կապված միջադեպի վրա:
Արդեն հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է վերծանման ընդունել «Բոինգ 777»-ի սև արկղերը. դրա մասին իր թվիթերյան միկրոբլոգում համապատասխան գրառում կատարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Մենք ընդունել ենք Նիդեռլանդների խնդրանքը, որ Ֆարնբորոյի ավիամիջադեպերի հետաքննությամբ զբաղվող փորձագետները վերծանեն MH17-ի «սև արկղերը»` միջազգային վերլուծության համար»,- գրել էր Քեմերոնը:

Իսկ թե ինչով պետք է ավարտվի այդ «հետաքննությունը», արդեն գրեթե հասկանալի է, եթե հաշվի առնենք մինչ այժմ հնչած մեկնաբանություններն ու հայտարարությունները: Այնպես որ, մալազիական «Բոինգը» Ռուսաստանին ժանիքները ցույց տալու և սեփական հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության կողմը շրջելու իսկական առիթ էր Արևմուտքի համար:

Բայց մի հանգամանք էլ կա, որն, ի դեպ, առաջ են քաշում նաև Ռուսաստանի նախագահը և այլ ռուս պաշտոնյաներ: Նրանք չեն պնդում, որ ինքնաթիռը խոցվել է ուկրաինացիների կողմից, բայց միաբերան մեղադրում են ուկրաինական կողմին այն բանի համար, որ չի արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մարտական գործողությունների տարածքում: Այսինքն` եթե Ուկրաինան հիմնավորված է համարում, որ սեպարատիստները «Բուկ» համակարգեր ունեին, ապա պարտավոր էր արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրայով, որը, սակայն, չարվեց մինչ ավիաաղետը: Ուստի, եթե Ուկրաինան մեղք չունի «Բոինգի» խոցման մեջ, ապա գոնե մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռները վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար:

Մեկ այլ տարօրինակ հարց էլ դեռ բաց է մնում: Հուլիսի 22-ին համացանցում հայտնվեց մի հոլովակ, որն ամբողջացնում էր մալազիական «Բոինգի» կործանման վայրի` արբանյակից արված լուսանկարները: Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ արբանյակային տվյալներ կան, ու հստակ պարզ է, թե որտեղից է արձակվել ինքնաթիռը խոցած հրթիռը: Ուրեմն առնվազն տարօրինակ է` ինչու մինչ օրս չեն հրապարակվում արբանյակների տվյալները…

 

 

ՕԵԿ-ը կրկին սկսեց ընդդիմադիր բարբառել

IMG_0660Հուլիսի 9-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ժողովրդից ներողություն խնդրեց իրենց սխալների համար: Նա հույս հայտնեց, որ ժողովուրդը կհավատա իր անկեղծությանը. «Ես այն մարդկանցից եմ, որոնց ճիշտ չեն հասկացել: Ճշմարիտ է այն մարդը, որը բարձրաձայնում է իր սխալները»: Բաղդասարյանը նշեց, որ արդեն երեք ամիս է` ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից, և այդ ընթացքում կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, լսել քաղաքացիների դիրքորոշումները, հանգել մի քանի եզրակացությունների: Դրանք ներկայացնելով` Արթուր Բաղդասարյանը նշեց. 1. Հայաստանում ձևավորվել է միահեծան, միակուսակցական իշխանական համակարգ, 2. տնտեսական ոլորտում խորանում է մենաշնորհային տնտեսությունը, վարչական ճնշում է գործադրվում գործարարների նկատմամբ, ինչն առաջացնում է տնտեսության մեջ անորոշություն, 3. ՀՀ-ում շարունակվում է արտագաղթը, 4. Հայաստանում ավանդույթ է դառնում անօրինականությունների իրականացումը օրենքի անվան տակ, 5. արտաքին քաղաքական ճակատում կան մտահոգիչ զարգացումներ:
ՕԵԿ-ն առաջարկում է արդիականացնել ՀՀ քաղաքական համակարգը, անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ընտրությունները դարձնել բաց ու թափանցիկ: ՕԵԿ-ը համարում է նաև, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, պետք է նվազեցնել հարկերը, շրջանառվող հարկը փոքր ձեռնարկությունների համար պետք է սահմանել մեկ տոկոս և այլն:

Հետաքրքիր է` իսկ եթե այդ խնդիրները տեսանելի էին ՕԵԿ-ի համար, ինչո՞ւ մինչ կոալիցիայից դուրս գալը, գոնե կառավարությունում ու ԱԺ-ում ՕԵԿ և ոչ մի ներկայացուցիչ երբևիցե չխոսեց այդ խնդիրների մասին: Հակառակը` ՕԵԿ-ն ավելի ջերմեռանդորեն էր պաշտպանում այս խնդիրների իշխանական տեսակետները, քան ՀՀԿ-ն: Ասուլիսի ժամանակ Արթուր Բաղդասարյանը նաև չբացառեց իր մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին: Տեղին են ասում` փորացավդ ասա:

Մի խոսքով` արդեն հուլիսի 18-ին` հանրահավաքի ժամանակ, ՕԵԿ-ը, ի դեմս Արթուր Բաղդասարյանի ու մյուս երևելի օեկականների, սկսեց ընդդիմադիր բարբառել: Արթուր Բաղդասարյանն ակնարկեց, որ ՕԵԿ-ը գնում է` լրացնելու ընդդիմադիր դաշտը: Եվ նրան լսող անտեղյակ մեկը կմտածեր, թե ՕԵԿ-ը վերջին 10 տարիներին արմատական ընդդիմություն է եղել: Իր ելույթը, որի միայն մի փոքրիկ մասն էր ուղղված օրվա խորհրդին` էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, Արթուր Բաղդասարյանը զարմանալիորեն սկսեց իշխանություններին քննադատելով. թանկացումներ, սոցիալական վիճակ, տնտեսական վիճակ:
ՕԵԿ նախագահն իր քննադատությամբ նույնիսկ հասավ այնտեղ, որ արտագաղթի թեման շոշափելիս հայտարարեց, թե արդեն պետության ապագան է վտանգված: Ու այս ամենն ասում էր մի մարդ, որն ընդամենը մի տարի առաջ, պատասխանելով լրագրողի հարցին` իսկ արտագաղթը ազգային անվտանգության խնդիր չի՞ առաջացնում, խրոխտ հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ պետք է կապվի ազգային անվտանգության հետ:
«Ես ասել եմ մի քանի անգամ` ՕԵԿ-ը կա՛մ գործուղվել է ընդդիմություն, կա՛մ նրան գործուղել են. երկուսն էլ մեզ համար նույնն է: ՕԵԿ-ն ինչպե՞ս կարող է ընդդիմություն լինել: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` հիմա էլ խորհրդի անդամը, ընդդիմությո~ւն է… Պարզ չէ՞, որ պետք է խաղա, սցենարի մեջ է, որ ընտրությունները խեղաթյուրեն: Դուք հիշում եք Հայաստանի նախագահական բոլոր ընտրությունները, այնտեղ մի մաթեմատիկոս կա, 0 տոկոս ձայն է վերցնում, բայց այդ մարդն անընդհատ ընտրությունների է մասնակցում. Այդպիսի մի բան էլ անելու է ՕԵԿ-ը, ինձ թվում է: Հավատո՞ւմ եք ուրիշ բանի: Ընդդիմություն լիներ` գործարանը ձեռքից կառնեին, ասում են չէ՞, որ Արթուր Բաղդասարյանը գործարան ունի»,- ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքի առնչությամբ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Մեղադրում էին, հիմա էլ են մեղադրում, ու դեռ շարունակելու են մեղադրել` արդարացիորեն

Արթուր Բաղդասարյանը, հանրահավաքի ժամանակ փորձում էր բացատրել, թե ինչու 2003 թվականին ինքը «լքեց» ընդդիմադիր դաշտն ու իշխանական կոալիցիա կազմեց: Դրա պատճառը, ըստ Բաղդասարյանի, այն էր, որ այդ ընտրություններում երեք հիմնական թեկնածուներ կար` ինքը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ինքը հանդիպել է առաջին նախագահի հետ, որը, իբր, Բաղդասարյանին ասել է, որ նա կա՛մ կմիանա իրեն, կա՛մ ինքը քաղաքականապես կոչնչացնի Բաղդասարյանին: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինքն այդ ընտրություններում հավաքեց Լևոն Տեր-Պետրոսյանից փոքր-ինչ պակաս ձայներ` մոտ 300 հազար, այսինքն` առաջին նախագահն իր հետ նման կերպ խոսելու իրավունք չուներ: Երկրորդ` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այդ ժամանակ հրապարակավ առաջին նախագահի ճամբարը սկսել էր ցեխ շպրտել իր վրա: Եվ այդ պայմաններում, ըստ նրա, ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին մնում էր 3 ճանապարհ` միանալ իրենց հետ վերջնագրի ու քննադատությունների լեզվով խոսող ընդդիմության լիդերին, իսկ նախ` այդպիսի հրավեր իրենք չէին ստացել, նաև վիրավորված էին այդ վերաբերմունքից, երկրորդ ճանապարհը` արձագանքել Սերժ Սարգսյանի` իշխանական կոալիցիա ձևավորելու առաջարկին ու այդ ձևով փորձել իրենց ծրագրերը կյանքի կոչել, և երրորդ` շարունակել երկուսից էլ առանձին, իսկ այդ դեպքում` հարվածներ ստանալ երկու կողմից էլ: «Եվ դուք գիտեք, թե մենք որ ճանապարհն ընտրեցինք»,- նշեց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, թե դրանից հետո, սակայն, իրենք չեն կարողացել իշխանական կոալիցիայում էական դեր ունենալ:

Իր ընդդիմադիրությամբ պակաս բոցաշունչ չէր նաև վերջին մի քանի տարիներին իր իշխանամետությամբ բազմիցս աչքի ընկած ՕԵԿ փոխնախագահ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը: «Սակագների բարձրացումը նման է գրպանահատ ժուլիկի արարքի, որ օրը ցերեկով, ցանկացած պահի կարող է մտնել մեր` առանց այն էլ աղքատիկ գրպանը և տանել այնտեղից որքան ուզում է»,- հայտարարեց նա` հավելելով, որ եթե բոլորս այս անգամ մեր գրպանը չփակենք այդ ժուլիկի առջև ու նրան ցույց չտանք իր իրական տեղը, ապա մեր ամբողջ կյանքում անիմաստ կբողոքենք ու արդյունքի չենք հասնի: Բիշարյանը նշեց նաև, որ ՕԵԿ-ի պայքարի ակունքները բխում են հասարակության սոցիալական խնդիրներից, և կուսակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը:

«Այս տարիների ընթացքում մենք պայքարել ենք հանուն գրագիտության և ոչ թե խավարամտության, հանուն տնտեսական ազատության, ոչ թե օլիգարխիկ տնտեսության, հանուն մարդու իրավունքի, այլ ոչ շղթայված ազատության, հանուն սոցիալական արդարության, ոչ թե ծայրահեղ բևեռացման թե՛ իշխանության մեջ և թե՛ ընդդիմադիր դաշտում: ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել և չի հեռացել իր առաքելությունից: Մեր տեսակը պայքարող, մաքառող, կռիվ տվող տեսակ է, մենք ասում ենք այն, ինչ հետագայում դառնում է սկզբունք, վարքագիծ և արդյունք, որքան էլ շատերը չկամությունից գիշեր ու ցերեկ լծված են ՕԵԿ-ի ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ սև փիառ անելուն»,- հենց այսպես` իսկական արմատական ընդդիմության ներկայացուցչի պես էլ հայտարարեց «պայքարող տեսակի» տիկինը:

Այսպիսով ՕԵԿ-ը փորձում է ինքն իրեն դիրքավորել ընդդիմադիր դաշտում: Նույնսկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց շատ են քննադատել, թե ՕԵԿ-ը կեղծ ընդդիմություն է, հիմա էլ են հայտարարում, նշում են, թե ՕԵԿ-ը գործուղվել է կոալիցիա` ընտրությունների նախաշեմին ընդդիմությունը փոշիացնելու: Փոխանակ ուրախ լինեն, որ ՕԵԿ-ը ևս դառնում է ընդդիմություն:

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով` ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից և փորձը տեղավորվելու ընդդիմադիր դաշտում կախված էր վարչապետի անձի և նրա սկսած գործընթացի հետ, որովհետև հասկանալի էր, որ ՕԵԿ-ը որևէ դեր չպիտի խաղա, զգաց, որ պարզապես ավելորդ է այս գործընթացում, ու որոշեց, որ լինելով ընդդիմության շարքերում` միգուցե քաղաքականության առումով ավելի շատ ակնկալիքներ կարող է ունենալ:
«Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո հասկանալի էր, որ ՕԵԿ-ը դարձավ այսպես կոչված` «5-րդ անիվ»: Այստեղ, իհարկե, արհեստականություն կա. 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն միանձնյա դարձավ իշխող կուսակցություն, հասկանալի էր, որ ՕԵԿ-ն ինչ-որ ֆորմալ դեր է խաղում և ո՛չ խորհրդարանում ու ո՛չ էլ կառավարությունում իրականում դերակատարում չուներ»,- նշեց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ ապագա ընտրություններում ունենալիք դերակատարության առումով էլ, իհարկե, ՕԵԿ-ը պետք է աշխատի. նրա վիճակը, չի կարելի ասել, թե չափազանց փայլուն է:

Իսկ այն իրողությունը, որ մի անգամ արդեն ՕԵԿ-ին հաջողվել է «գործուղվել» ընդդիմություն ու այդ դաշտում որոշակի դերակատարություն ու հաջողություններ ունենալ, քաղաքագետի կարծիքով, ներկայումս չի կրկնվում, նա գործուղման տարբերակը քիչ հավանական է համարում, քանի որ այն ժամանակ այլ քաղաքական իրավիճակ էր, այս պահին մի քիչ ավելի տարբեր իրավիճակ է, և մեկնարկային պայմաններն այս պահին ՕԵԿ-ի համար ավելի անբարենպաստ են:

 

Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

Սամուել Սևյանը շախմատի Կանադայի առաջնությունում հետապնդում է առաջատարներին

սսSevian-14Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացվող շախմատի Կանադայի բաց առաջնության  մասնակիցների թվում է 2012-ի մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն, 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը:

Կայացած 5 տուրից հետո  ԱՄՆ-ը ներկայացնող պատանի հայ շախմատիստը վաստակել է 3,5 միավոր: Նա հետապնդում է առաջատարներին:

Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են` Հոլանդիայի պատվիրակներ, գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովը, Ռոբին Վան Կամպենն և Կանադան ներկայացնող գրոսմայստեր Անտոն Կովալյովը:

Կանադայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 26-ին:

Արզումանյանի և Պիզելիի «Ակտեբեն» կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման 3-րդ փուլւմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտեբեն», կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ: Վերջինս երկու խաղի արդյունով պայքարից դուրս է թողել «Ստրյոմսգոդսետին» (Նորվեգիա)`2:0 (1:0)

Ներկայացնենք նաև որակավորման երրորդ փուլի մյուս զույգերին:

Հանդիպումները կայանալու են հուլիսի 29-ին և օգոստոսի 5-ին:

«Լեգիա»(Լեհաստան) –  «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Մարիբոր» (Սլովենիա)» – «Մակքաբի» Թել Ավիվ (Իսրայել)

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԱՊՈԵԼ (Կիպրոս)

«Սպարտա» (Չեխիա) – «Մալմյո» (Շվեդիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  – «Պարտիզան» (Սերբիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Դեբրեցեն» (Հունգարիա) – ԲԱՏԵ (Բելառուս)

«Սլովան» (Սլովակիա) –  «Շերիֆ» (Մոլդովա)

«Օլբորգ» (Դանիա) – «Դինամո» (Խորվաթիա)

 

Էջմիածնում հայտնի դարձան նետաձգության Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիրները

13364 նետաձգությունԷջմիածնի «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբում շարունակվող նետաձգության Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարում անցկացվեցին  օլիմպիական, նաև ոչ օլիմպիական մրցաձևերի մեկնարկները:

Օլիմպիական մրցաձևում հանդես եկան եկան տղամարդկանց 31 եև կանանց 19 թիմեր: Տղամարդկանց թիմային փայքարում բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանի, կանանց պայքարում՝ Լեհաստանի ընտրանին: Տղամարդկանց և կանանց եզրափակիչներում կհանդիպեն Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Ոչ օլիմպիական մրցաձևում կարողությունները փորձեցին  տղամարդկանց 14, կանանց՝ 9 թիմեր:

Տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալակիր դարձան Իտալիայի, կանանց պայքարում` Թուրքիայի  ներկայացուցիչները:

Տղամարդկանց եզրափակիչում կմրցեն Հոլանդիայի և  Թուրքիայի ,  կանանց եզրափակիչում` Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հավաքականները:

Թիմայի նմրցաձևերի եզրափակիչները կանցկացվեն հուլիսի 25-ին:

Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Գոհար Շահնազարյանը, որը  հանդես կգա 1/24 եզրափակչում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում

չլ9257Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտոբեն», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում սեփական հարկի տակ  3:0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»:

Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մարկոսը փոխարինվեց 83-րդ րոպեին:

Մրցակիցների  առաջին հանդիպումն ավարտվել էր «Ակտոբեի» հաղթանակով` 1:0 հաշվով:

Այսպիսով, ղազախական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ և կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) – «Ստրյոմսգոդսետ» (Նորվեգիա)  զույգի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ՉԼ, որակավորման երկրորդ փուլ,

պատասխան հանդիպում

«Ակտոբե» (Ղազախստան) – «Դինամո» (Վրաստան)՝ 3:0 (Առաջին խաղ՝ 1։0)

Ալեքսեյ Անտոնով, 75, Իվան Զենկովիչ, 82, Աբատ Աիմբետով, 90+4

Ի՞նչ հարաբերություններ է կարգավորում վարձույթի պայմանագիրը

պայմանագիր«Վարձույթ» եզրույթը քաղաքացիական իրավունքին հայտնի է շատ վաղուց: Հաճախ այն օգտագործվում էր որպես գույքային վարձակալության պայմանագրի անվանումներից մեկը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 2-րդ պարագրաֆը նվիրված է վարձույթին, որը ներառում է 629-634 հոդվածները: Վարձույթի հարաբերությունները կարգավորվում են նաև վարձակալության մասին ընդհանուր դրույթներով: Օրենսգրքի 629 հոդվածի 1-ին կետի համաձայն` «վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք»:
Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից: Վարձույթի պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի տարբերություն վարձակալության պայմանագրի, որը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով, վարձույթի պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով:
Վարձույթի պայմանագիր կնքող վարձատուն պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձով տրվող գույքի սարքինությունը, ինչպես նաև վարձակալին ծանոթացնել գույքի շահագործման կանոններին կամ նրան հանձնել այդ գույքի օգտագործման մասին գրավոր հրահանգներ:
Վարձակալի կողմից վարձակալության հանձնված գույքից օգտվելուն ամբողջությամբ կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս, վարձատուն պարտավոր է թերությունների մասին վարձակալի դիմելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ վարձույթի պայմանագրով, տեղում անհատույց վերացնել գույքի թերությունները կամ այդ գույքը փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման այլ գույքով:
Եթե վարձակալած գույքի թերությունները վարձակալի կողմից գույքը շահագործելու և պահպանելու կանոնները խախտելու հետևանք են, ապա վարձակալը վարձատուին վճարում է գույքը վերանորոգելու և տեղափոխելու արժեքը:
Վարձույթի պայմանագրով վարձավճարը սահմանվում է պարբերաբար կամ միանվագ մուծվող որոշակի կայուն գումարի տեսքով:
Վարձակալի կողմից գույքը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում վարձատուն նրան է վերադարձնում ստացած վարձավճարի համապատասխան մասը` այն հաշվարկելով գույքը փաստացի վերադարձնելու օրվան հաջորդող օրվանից:
Վարձույթի պայմանագրով վարձատուն պարտավոր է կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգում:
Վարձույթի պայմանագրով արգելվում են վարձակալին հանձնված գույքը ենթավարձակալության հանձնելը, իր իրավունքները և պարտականություններն այլ անձի փոխանցելը, այդ գույքն անհատույց օգտագործման տրամադրելը, վարձակալության իրավունքների գրավը, և դրանք, որպես գույքային ավանդ, տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների կանոնադրական կապիտալում մուծելը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ