«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»

Tigran-Hovhannisyan«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն և բազմաթիվ տաքսիստներ պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես: Ու մինչև տուգանքի մասին փոստով իմանում ենք  երկու ամիս տևում ա, բայց էդ ընթացքում մենք արդեն մի հարյուր անգամ նույն տեղը կանգնած ենք լինում ու չենք իմանում, որ խախտում ենք անում»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Taxi-miting Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:

Սիրիահայերը Թուրքիայի թիրախներից մեկն են

սիրիահայերԱյս օրերին աշխարհն անհամբեր սպասում է` Սիրիայի դեմ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ռազմական գործողություններ կսկսե՞ն, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքիր է ոչ միայն Սիրիայում աշխարհաքաղաքական շահեր հետապնդողներին, ուղղակի հետաքրքրասերներին ու միջազգային հարաբերություններով հետաքրքրվողներին, այլև մեզ` հայերիս համար: Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի մայր համայնքն է համարվում:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ այդ համայնքը ձևավորվել է հատկապես Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանության ենթարկված մեր ազգի մնացորդներից մի չնչին մասը, որ կենդանի է մնացել, անցնելով Դեր-Զորի անապատը, Սիրիայում է հաստատվել հետագայում այլ երկրներ տեղափոխվելու հույսով, բայց 1924 թ., ինչպես գիտենք, նրանց տրվեց քաղաքացիության իրավունք, և սիրիահայերը անցյալ 90 տարում ինտեգրվեցին սիրիական հանրությանը»,- ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարության` սիրիահայերի հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:

Փաստորեն սիրիահայ համայնքը ձևավորվել է Ցեղասպանության իրականացման հիմնական վայրերում. Դեր Զորը Սիրիայում է: Բավականին մեծ ու կազմակերպված համայնք էր, որը լուրջ դեր ու նշանակություն ուներ ոչ միայն Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարքում, այլև աշխարհի` համարվելով սփյուռքի կենտրոնական ու գլխավոր համայնքներից մեկը: Մինչև սիրիական խնդիրների սկիզբը ոչ պաշտոնական տվյալներով Սիրիայում ապրում էր 100 հազար, իսկ պաշտոնական տվյալներով` մոտ 80 հազար հայ: Եվ այս համայնքը ոչ միայն հայկական խոշոր ազգային-մշակութային կենտրոն էր, այլև անմիջապես  Թուրքիայի սահմանների մոտ բավական ուժեղ հայկական գործոն:  Այս համայնքը մեծ դեր ուներ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում,  և հենց նման հզոր ու կազմակերպված համայնքի գոյությունը սահմանի երկարությամբ բավական լուրջ խնդիրներ էր ստեղծում Թուրքիայի համար: Դրա համար էլ պատահական չէ, որ սիրիական կոնֆլիկտի մեկնարկից սկսած` Թուրքիայի համար այն հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից մեկն էր:

«Սիրիայի հարցի հետ կապված` Թուրքիայի թիրախում, ի թիվս այլ հարցերի, նաև տեղի հայ համայնքի խնդիրն է: Թուրքիայի համար ներկայում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է Սիրիայի հայկական համայնքը թուլացնելու և կազմալուծելու համար: Իհարկե, Անկարային որևէ կերպ ձեռնտու չէր հարևան երկրում ուժեղ հայկական համայնքի գոյությունը, որը, ի դեպ, հենց Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հետևանքով է ձևավորվել իր այսօրվա տեսքով: Սպասելի էր, որ Թուրքիան ամեն կերպ թիրախավորելու է հայ համայնքին և փորձելու է թուլացնել այն: Եվ այն տեղեկությունները, թե Թուրքիայից ֆինանսավորում են հայերի վրա հարձակումներն ու սպանությունները, տրամաբանությունից զուրկ չեն և իրականությունից հեռու չեն: Պետք է հասկանալ, որ Թուրքիան մեր օրերում նույնպես շարունակում  է հայատյաց քաղաքականություն վարել, և Սիրիայի հայ համայնքի դեպքում դա վառ ընդգծվում է: Այս առումով տեղի հայ համայնքի համար ևս մեկ բացասական զարգացում կլինի միջազգային լիարժեք ներխուժումը Սիրիա, որի ակտիվ ջատագովներից և պատրաստակամ մասնակիցներից է Թուրքիան»,- պարզաբանեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Համենայն դեպս, սիրիական դեպքերի ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ եղան, կարծիքներ ու տեսակետներ հնչեցին, որ Սիրիայի ապստամբները, որոնք  մարտական պատրաստություն են անցնում նաև Թուրքիայում կամ թուրք հրահանգիչների միջոցով, հենց այդ թուրք հրահանգիչների միջոցով էլ ուղղորդվում են` հարվածներ հասցնելու նաև հայկական թիրախներին` մարդկանց, տներին, գույքին, ազգային-մշակութային շինություններին և այլն: Տարբեր կազմակերպություններ նաև բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որ սիրիայի ապստամբների շարքերում քիչ չեն նաև թուրք ու ադրբեջանցի վարձկանները, որոնք, բնականաբար, նույնպես հայերին ու հայկական ամեն ինչը որպես թիրախ են տեսնում: Ու, ինչպես նշեց թուրքագետը, միջազգային ներխուժումն էլ ավելի վտանգավոր պայմաններ կստեղծի սիրիահայ համայնքի համար:

«Բացի մարդկանց սոցիալ-կենցաղային հարցերից, Սիրիայում կան բազմաթիվ մշակութային կոթողներ ու հուշարձաններ, այդ թվում նաև հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ, որոնք մեր մշակութային ժառանգությունն են և պարզապես կործանվում են ու կորչում: Եվ շատ ցավալի կլինեն այդ կորուստները: Ցեղասպանությունից հետո մարդիկ 100 տարվա ընթացքում ստեղծել են դպրոցներ, մշակութային օջախներ, միություններ` նոր կյանք, և հիմա կորցնում են այն»,- նշեց սփյուռքի նախարարության  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:

Նշենք, որ թեև ոչ ոք հստակ չգիտի, թե սիրիահայ բազմահոծ համայնքից քանի հոգի է դեռ մնում Սիրիայում, քանիսն են տեղափոխվել Հայաստան ու քանիսը` այլ երկրներ, ամեն դեպքում թե՛ սփյուռքի նախարարությունը և թե՛ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշում են, որ այս պահին Հայաստանում է հանգրվանել մոտ 10 հազար սիրիահայ:

«Վերջին տվյալներով, որը մեծ մասամբ ստանում ենք լրատվամիջոցներից, քանի որ պաշտոնական տվյալներ, որպես այդպիսին, չկան, տարբեր կարգավիճակներով ու փաստաթղթերով սիրիահայեր են, որոնք անընդհատ ժամանում են Հայաստան կամ մեկնում են Հայաստանից, ուստի մենք այդ տվյալներով ասում ենք, որ մոտ 10 հազար սիրիահայ է այսօր գտնվում Հայաստանում: Այդ 10 հազար սիրիահայերից 432-ը միայն այս պահին ունի փախստականի կարգավիճակ: Եվս 103 հոգի սպասում է իր կարգավիճակի հաստատմանը: Սիրիահայերը Ցեղասպանությունից են մազապուրծ եղել, մեկ սերունդը դեռ չվերջացած, մեկ դարի ընթացքում, նրանք արդեն երկրորդ անգամ են ստիպված բռնում գաղթի ճանապարհը»,- հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Սիրիայում, ըստ սփյուռքի նախարարության ունեցած տվյալների, դեռ ունենք շուրջ 50 հազար հայրենակից: Արդեն նշեցինք` 10 հազար սիրիահայ գտնվում է Հայաստանում, իսկ մնացած շուրջ 20 հազարը հարակից ու հեռավոր երկրներում են ապաստանել: Ստույգ հայտնի չէ նաև, թե ներկայումս Սիրիայում գտնվող հայերից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, բայց բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան այնտեղ: Մոտավոր տվյալներով` Սիրիայում ներկայումս գտնվող սիրիահայերից վերջին 1 տարում գոնե 5 հազար հոգի ձեռք բերեց հայկական անձնագիր:

«Սիրիայում գտնվող հայերի խնդիրների հետ կապված` նախարարության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան ո՛չ ցամաքային, ո՛չ էլ օդային ճանապարհներ, փակ են, և մենք, ըստ էության, որևէ կերպ չենք կարող ազդել  այնտեղի գործընթացների վրա»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Բնականաբար, կոնֆլիկտի հետագա  ծավալման դեպքում դեռևս Սիրիայում մնացած հայերի մեծ հոսք կարող է  լինել դեպի Հայաստան: Հաշվի առնելով, որ Հայաստանում ներկայումս գտնվող սիրիահայերը դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր ու խնդիրներ ունեն, պետք է պարզել` մեր երկիրը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ընդունել ու ապաստան տալ սիրիահայերին նոր հոսքի դեպքում:

«Սիրիական կոնֆլիկտի շուրջ նոր զարգացումների սպասելիս, լարվածության մեծացմանն ընդառաջ, ասեմ ձեզ, որ մենք բոլոր սցենարներին էլ պատրաստ ենք: Մենք ելնում ենք իրավիճակից ու առկա փորձից: 2012 թ. մայիսի վերջին մենք չէինք սպասի, որ սիրիահայերի այդպիսի ներհոսք կունենանք և մեկ տարի անց Հայաստանում 10 հազար սիրիահայեր կլինեն: Ենթադրում էինք, որ մի քանի հազար հոգի կգան: Հիմա մենք, բոլոր դեպքերում, պատրաստ ենք, ու եթե նորից սիրիահայեր գան, մենք կընդունենք նրանց, ինչպես ընդունել ենք այս 10 հազար հոգուն: Եթե նրանք խնդիր չդնեն, որ անպայման պետք է Երևանում հանգրվանեն, մենք կարող ենք նույնիսկ նրանց երևանամերձ համայնքներում տեղավորել»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Ամեն դեպքում սիրիահայերի հանդեպ սփյուռքի նախարարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ որևէ արհեստական մոտեցում չի լինելու սիրիահայ համայնքի պահպանման համար. ո՛չ  փորձելու են այդ համայնքը քանդել, ո՛չ էլ հորդորելու են մնալ Սիրիայում, քանի որ դա սիրիահայերի լուծելու ու որոշելու հարցն է:

Այդպես էլ կրթությունն «ապրանք» չդարձավ

կրթությունԱյդպես էլ Հայաստանի «մեծապատիվ տիարք» չհասկացան մի պարզ ճշմարտություն` կրթություն մատուցելը համարվում է ծառայությունների մատուցում: Իսկ ծառայությունների մատուցման ոլորտում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործում է մի պարզ սկզբունք. ցանկացած սակագին փոփոխվում է, երբ տվյալ ծառայություն մատուցող ոլորտը թևակոխում է զարգացման ավելի բարձր աստիճան, դրանից հետո է տեղի ունենում թանկացումը: Իսկ ծառայությունների գները բարձրացնել ընդամենն աղոտ խոստումներ տալով, թե ինչ–որ անորոշ ապագայում  հայկական բուհերում մատուցվող կրթական ծառայությունները ինչ–ինչ փոփոխություններ կունենան, ուղղակի ծիծաղելի է, եթե ոչ ծաղր: 

Ինչպես գիտենք, ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարները թանկացնել 100.000 դրամով և նվազագույն շեմը նախկին 300 հազար դրամի փոխարեն դարձնել 400 հազար դրամ: Վարձավճարների բարձրացմամբ են նոր ուսումնական տարին սկսում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով:

Այս որոշման հեղինակներն ուսման վարձավճարների թանկացումը  պատճառաբանում են այն հանգամանքով, որ վերջին տարիներին բուհերի ծախսերը շատացել են. բուհն այժմ մեկ ուսանողի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է կահավորանքի, տեխնիկական և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ:

Մի պահ մոռանանք հայկական իրականությունը և անդրադարձ կատարենք առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների փորձին: Ֆրանսիայում, օրինակ, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի ռեզիդենտ քաղաքացիների համար ուսումն անվճար է, իսկ ոչ ռեզիդենտների համար ուսման վարձավճարները սկսվում են տարեկան 7 հազար եվրոյից: Բացի Սորբոնի համալսարանից, Ֆրանսիայի շատ այլ համալսարաններում կրթությունը բավականին թանկ է: Նայենք ԱՄՆ-ի օրինակին. այդ երկրի բուհերում, առավել ևս միջազգային հեղինակություն վայելող, ուսման վարձավճարները հասնում են տասնյակ հազարավոր դոլարների: Եվրոպական շատ այլ երկրների առաջատար ու միջին կարգի բուհերում էլ ուսման վարձավճարները բավականին բարձր են:

Իհարկե, լավ կրթությունը չի կարող էժան լինել, եթե հաշվի առնենք ուսումնական գործընթացի կազմակերպչական, նյութատեխնիկական պայմանների բավարարումը, հեղինակավոր ու որակյալ փորձագետներով ու մասնագետներով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմերը համալրելու անհրաժեշտությունը և այլն: Տպավորություն կարող է ստեղծվել, թե մեզ մոտ էլ նույն պատճառաբանություններն են բերվում, սակայն դա չի արդարացնում կրթության ոլորտի հայ պատասխանատուներին:

Նախ` այն պարզ պատճառով, որ այդ երկրներում առաջնորդվում են «կրթությունը պետք է լինի ոչ թե էժան ու անհասանելի, այլ թանկ, բայց հասանելի բոլորին» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ ստեղծված են բազմազան ու բազմապիսի մեխանիզմներ, որոնցով ուսանողներն ու նրանց ծնողները կարող են վճարել որակյալ կրթության համար: Օրինակ` գործում են կրթության ֆինանսավորման տարբեր ու տարատեսակ հիմնադրամներ, այդ երկրների բանկային համակարգերն ունեն ուսանողական վարձավճարների վարկավորման ճկուն մեխանիզմներ, պետությունը կիրառում է կրթության վարձավճարների սուբսիդավորման, զեղչերի ու փոխհատուցումների ճկուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս գումար չունեցող, բայց  ուսումնատենչ երիտասարդին ստանալ որակյալ կրթություն` համոզված լինելով, որ իր ստացած կրթությամբ հետագայում կկարողանա արդարացնել ու «ծածկել» կրթության համար արված ծախսերը:

Այդ երկրներում կրթությունը, ինչպես և պետք է լինի, դիտարկվում է, որպես ապրանք, և մարդիկ գիտեն, թե ինչի համար են վճարում, գիտեն այդ ապրանքի, այսինքն` իրենց ստացած կրթության արժեքը: Օրինակ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համալսարաններում կրթություն ստանալ ցանկացողներին բուհերը տրամադրում են սպառիչ տեղեկություններ, թե ուսանողն իրենց մոտ ինչ առարկաներ է ուսումնասիրելու, ինչ մակարդակով, ինչ չափանիշների է համապատասխանում այդ կրթությունը, ինչպիսի հիմնարկների, կազմակերպությունների կամ կառույցների համար են կրթության այդ չափանիշներն ընդունելի, իրենց համալսարանի շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում, ինչպիսի վարձատրությամբ աշխատանք է գտնում, ինչպես են օգնում իրենց շրջանավարտներին հետագայում աշխատանք գտնելու հարցում, իրենց պատրաստած մասնագետներն աշխատաշուկայում ինչ պահանջարկ ունեն և այլն:

Բացի այս ամենը, նորմալ ու նախանձելի կրթական համակարգեր ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում  և այլն, բուհերն ակտիվորեն համագործակցում են պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` իրենց կրթական ծրագրերը նրանց պահանջներին համապատասխանեցնելու համար, որպեսզի կարողանան պահանջված մասնագետներ պատրաստել, ոչ թե ընդամենը դիպլոմներ տալ… Մեկ այլ օրինակելի մեխանիզմ էլ կա այդ երկրներում. օրինակ` ինչպես Հայաստանում պետությունն է բուհերին պետպատվերի շրջանակներում մասնագետների պատրաստում պատվիրում, նույն կերպ էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են այդ բուհերին ուղիղ, անմիջական կապի միջոցով պատվիրում իրենց համար համապատասխան մասնագետների պատրաստում` պետության պես  ուսման վճարները լրիվ կամ մասնակի փոխհատուցելով: Սա ևս մեկ լծակ է, որն օգնում է ուսանողներին չվախենալու ուսման վարձավճարների թանկությունից: Իսկ հայկական բուհերից քանի՞սը կարող են իրենց գոնե մեկ տարվա շրջանավարտների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կամ վիճակագրություն ներկայացնել: Քանի՞սը կարող են ասել, թե իրենց պատրաստած որ մասնագիտությունն ինչպիսի պահանջարկ ունի աշխատանքի շուկայում, քանիսն են դիմորդների ու նրանց ծնողների համար էքսկուրսիաներ կազմակերպում իրենց կրթօջախներում` ներկայացնելու համար մատուցվող կրթության ձևը, որակը, բուհի լաբորատոր-լսարանային, նյութա-տեխնիկական պայմանները, ուսումնա-մեթոդական տարրերն ու պրոցեսները, պրոֆեսորա-դասախոսական կազմին…

Հայ ուսանողը կա՛մ պետք է հարմարվի, կա՛մ հեռանա…

Մինչդեռ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը հրավիրված ասուլիսում արդարացնում է ուսման վարձերի թանկացումը` պնդելով, թե դա ինքնանպատակ չէ, թե վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի ուսման վարձից, որ կրթությունն էլ իր գինն ունի…

Նախարարը խոստանում է «ջանքեր թափել», որ այս ամենից, իր խոսքերով ասած, «պլյուսով դուրս գանք», որ կրթաթոշակներ են սահմանվելու լավագույն ուսանողների համար, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որ վարձավճարներից գոյացած միջոցների 7 տոկոսը բուհերը հատկացնեն ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու հիմնադրամներին և այլն:

Բայց ոչ մի տեղ չի խոսվում, թե ուսման վարձավճարների բարձրացումն ինչպես կանդրադառնա ուսման որակի բարձրացման վրա: Օրինակ` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կշարունակե՞ն տառապել «նախնադարյան» համակարգիչներն աշխատեցնելով, թե՞ նոր ու ժամանակակից համակարգիչներով կստեղծեն իրենց նյութերը, 240 հոգով 4-5 տեսախցիկի վրա՞ հույսները կդնեն տեսանյութեր պատրաստել սովորելիս, թե՞ գոնե 2-3 հոգուն մեկ տեսախցիկ կհասնի…

Ոչ մի տեղ այս հարցերի պատասխանները չկան: Չկան նաև այնպիսի հարցի պատասխաններ, թե ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կներդրվեն ուսումնական գործընթացների կազմակերպման համար, ինչպիսի ու ինչ կարգի մասնագետներ կհրավիրվեն դասավանդման համար և այլն: Կարծես ամեն ինչ, բացի մի քանի լսարանների կոսմետիկ վերանորոգումից, նույնն է մնում` թե՛ կրթության որակը, թե՛ պայմանները, միայն վարձավճարներն են թանկանում:

Սեպտեմբերի 2-ին` «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած բողոքի երթի ժամանակ, երբ ուսանողները հասան կառավարության շենքի մոտ, նրանց դիմավորեց կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու ցնցող «նորություններ» հայտնեց. «Բուհերն ինքնավար մարմիններ են, ու երբ ուսման վարձը թանկանում է, հավասարաչափ թանկանում է նաև պետության համար: Պետպատվեր գոյություն ունի, ես պարտավոր եմ լինելու կատարել նրանց որոշումը և ավելի գումար վճարել պետպատվերի համար: Այնպես որ մենք այստեղ  դեմ դիմաց կանգնած կողմեր չենք` այս խնդիրն ինչքան ձեզ համար է բարդ, այնքան էլ կառավարության համար է բարդ: Բայց կառավարությունը մյուս կողմից փորձում է ուրիշ միջոցներ ձեռնարկել` սոցիալական խնդիրները լուծել, ուսանողական հիմնադրամների խնդիրները լուծել, լրացուցիչ զեղչեր սահմանել»:

Ստացվում է` պետական բուհերն ինքնագլուխ ինչ ուզեն, կարող են անել` առանց կառավարության ցանկությունները հաշվի առնելու: Կառավարությունն էլ համաձայն է բուհերի ղեկավարների պատճառաբանությունների հետ ու հարց չի բարձրացնում, թե ինչու են ուսման վարձավճարները թանկացնում խոստացված փոփոխություններից ու բարելավումներից առաջ, ոչ թե հետո:

 

Տարածաշրջանային պատերազմը հետաձգվում է հարգելի պատճառներով

սիրիաԱնցյալ շաբաթ բոլորին անխուսափելի էր թվում Արևմտյան մի քանի երկրների կողմից Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու հեռանկարը: Մասնավորապես` ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի` ՆԱՏՕ–ի առաջատարներից երեք երկրների իշխանությունները հայտարարում էին, որ Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու անհրաժեշտություն կա, որ պետք է ռազմական հարվածներով ստիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին` թողնել նախագահի պաշտոնը`հիմնավորելով իրենց «բարի ցանկությունն» այն հանգամանքով, որ իբր օգոստոսի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառումը Սիրիայի գործող իշխանությունների` Ասադի վարչակարգի ձեռքի գործն է:

 Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աննախադեպ որոշում կայացրեց

Միացյալ ուժերի կողմից նշվում էր անգամ հարվածներ հասցնելու հավանական օրը` նախորդ հինգշաբթի, եթե ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցերով ուսումնասիրություններ կատարող փորձագետներն անհերքելի ապացույցներ բերեին, որ կառավարական զորքերն իրոք քիմիական զենք են կիրառել ապստամբների ու նրանց կողմնակիցների դեմ:

Հարվածը տեղի չունեցավ, որովհետև, որքան էլ անսպասելի էր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը գործադիր իշխանություններին ռազմական հարված հասցնելու իրավունք չտվեց: Գրեթե նույնպիսի իրավիճակ ստեղծվեց Գերմանիայում, որտեղ ևս գերմանացի խորհրդարանականները դեմ էին իրենց երկրի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությանը Սիրիայի դեմ իրականացվելիք մարտական գործողություններին:

Եվրոպական մի շարք երկրներ ևս հայտարարեցին, թե առանց ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի` դեմ են Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելուն: ԱՄՆ-ի կամակատարը դարձած ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունն էլ իր հերթին հայտարարեց, թե չի պատրաստվում մասակցել ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող այդ ռազմական արշավին:

Այսպիսով, ԱՄՆ-ն մնում է միայնակ Սիրիայի դեմ մարտական գործողություններ իրականացնելու իր նպատակներով ու ծրագրերով:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք Սիրիա էին մեկնել տեղի իշխանությունների առաջարկով` տեղում հետաքննելու քիմիական զենքի կիրառման փաստերը և ըստ նախնական պայմանավորվածության` Սիրիայում պետք է ուսումնասիրություններ կատարեին 14-օրյա ժամկետում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կարող էին կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ երկարաձգել ուսումնասիրությունների տևողությունը, արդեն վերադարձել են Սիրիայից: Այժմ աշխարհը սպասում է նրանց վերջնական եզրակացությանը, թե իրականում ով և ինչպիսի զենք է կիրառել և ում դեմ:

Ինչևիցե, ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի և եվրոպական քարոզչամեքենան չէր էլ սպասում փորձագետների եզրակացությանը, քանի որ արդեն իսկ սկսել էր տեղեկատվական գրոհ իրականացնել Սիրիայի դեմ (օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշում էր, թե փորձագետների մուտքը Դամասկոս կառավարության կողմից միտումնավոր խոչընդոտվել է`քիմիական զենքի կիրառման փաստական ապացույցները վերացնելու համար և այլն), պարզ է, որ Արևմուտքին ամենևին էլ չէր հետաքրքրում ՄԱԿ-ի փորձագետների կարծիքը Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Հայտնի էր նաև ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումների մասին, ըստ որոնց` ԱՄն քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկիրը մարտական գործողություններ սկսի Սիրիայի դեմ, սակայն պատկերը կփոխվի, եթե Սիրիայում քիմիական զենք կիրառվի: Պատրվակը պարզ է: ԱՄՆ-ի նախապատրաստական քայլերը նույնպես հուշում են, որ Արևմուտքը, վերջիվերջո, որոշել էր վճռական գործողությունների անցնել սիրիական թնջուկի լուծման հարցում:

Պատերազմ սկսելը խաղուպար չէ, ամեն մեկի բան չէ…

Այստեղ կան մի շարք նրբություններ: Նախ, ըստ ԱՄՆ սահմանադրության, նախագահը մի որևէ երկրի դեմ ռազմական գործողություններ ստանձնելուց առաջ պետք է ստանա Կոնգրեսի թույլտվությունը: Սա  դժվար կլինի, քանի որ բազմաթիվ կոնգրեսականներ չեն  ողջունում ԱՄՆ վարչական ապարատի ռազմատենչ ձգտումները: Սակայն, սահմանադրության այս դրույթը գործում է մարտական գործողությունների` երկու ամսից ավելի ձգձգվելու դեպքում: Իսկ ԱՄՆ նախագահը, ինչպես նախապես հայտարարվել էր, ցանկանում է Սիրիային միայն օդային հարվածներ հասցնել: Սակայն, միայնակ այդ քայլին գնալ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չի կարող և չի էլ ուզում: Առավել ևս, երբ սեփական քաղաքացիները դրա համար, ինչպես ցույց են տալիս վերոհիշյալ սոցիոլոգիական հարցումները, բացի Կոնգրեսի հավանությունից, պահանջում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը ևս: Իսկ այնտեղ ԱՄՆ-ն լուրջ հակառակորդներ ունի ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի, որոնք միշտ Սիրիայի հարցում Արևմուտքին հակառակ կեցվածք են ընդունել: Ու եթե վերջին շրջանում Չինաստանը հիմնականում չեզոքություն է որդեգրել այս հարցում, ապա Ռուսաստանը պարբերաբար կիրառում է  ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած իր վետոյի իրավունքը և «վիժեցնում» ԱՄՆ-ի իղձերը:

Ամեն դեպքում,  Սիրիայի դեմ մարտական գործողություններ սկսելու հարցում ԱՄՆ-ն այս պահին միայնակ չէ. Թուրքիան է պարբերաբար կուրծք ծեծելով հանդես եկել դրա անհրաժեշտության մասին, ինչպես նաև` Ֆրանսիան, որ ինչպես ԱՄՆ-ը, Սենատի հավանության կարիքը չունի, ինչը Օլանդի կառավարությանը ազատ գործելու հնարավորություն է տալիս: Ու ինչպես երևում է Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմական ներկայության էական ընդլայնումից, նա լրջորեն պատրաստվում է  Սիրիայում մարտական գործողություններին:

ԱՄՆ-ն Սիրիայի ափերի մոտ էր ուղարկել սկզբում երեք, իսկ այժմ նաև չորրորդ ականակիր ռազմանավը` զինված երկիր-երկիր դասի թևավոր հրթիռային համակարգերով: Ինչպես նշվում է միջազգային մամուլում, Միջերկրական ու Ադրիատիկ ծովերում են գտնվում նաև բրիտանական ու ֆրանսիական ռազմանավեր և սուզանավեր, Պարսից ծոցում ԱՄՆ-ն տեղակայել է նաև ավիակիրների մի ամբողջ տորմիղ, իսկ  Կարմիր ծովում` մեկ ավիակիր ու երկու ծովային հետևակի դեսանտային ռազմանավեր: Թուրքիան էլ Սիրիայի հետ սահմանին մարտական վիճակի է բերել իր զենիթա-հրթիռային համակարգերն ու զինուժը:

Այս համատեքստում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շարունակում է պնդել, որ քիմիական զենք կիրառել են ապստամբները, որ այդ զենքը ապստամբներին է փոխանցվել Արևմուտքից և Սիրիա է հասել Վրաստանի ու Թուրքիայի ճանապարհով: Բաշար Ասադը հայտարարել է նաև, որ Սիրիայի դեմ մարտական գործողություններ սկսողն անպատասխան չի մնա:

Սիրիային, բնականաբար, շարունակում է աջակցություն ցույց տալ Իրանը: Մեր հարևանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ կաջակցի Սիրիային, ինչպես նաև «ակնարկել» է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սանձազերծման դեպքում ԱՄՆ-ն պետք է մտածի նաև իր տարածաշրջանային դաշնակցի` Իսրայելի մասին: Սա արդեն լուրջ սպառնալիք է`տարածաշրջանային մեծ պատերազմ սկսելու առումով:

Մի նրբություն էլ կա. երբ ներկայացվում էին Սիրիա հավանական ներխուժման սցենարները, առաջարկված չորս սցենարներից ԱՄՆ ղեկավարությունն ընտրեց ավիա- և հրթիռային հարվածների սցենարը: Դրան զուգահեռ, ԱՄՆ-ն ակտիվորեն դիվանագիտական խողովակներով «բանակցություններ սկսեց» Ռուսաստանի հետ: Համապատասխան հայտարարություններով հանդես եկան ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Եվ այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչից է, որ եթե անգամ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողություններ սանձազերծի, այնուամենայնիվ դրանց համար ցամաքային ճանապարհը չի ընտրի: Ինչպես իր հարցազրույցներից մեկում փաստում էր Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Սիրիայի արևմտյան`միջերկրածովյան ափերին հարող շրջաններում Ռուսաստանն ունի մի քանի ռազմաբազաներ և Միջերկրական ծովում հերթապահություն իրականացնող ռազմանավերի համար նյութատեխնիկական ապահովման բազա:  Շ. Գանտահարյանը նաև նշում էր, որ այն շրջաններում, որտեղ ռուսական զինուժն է այսօր տեղակայված, նույնիսկ մարտական գործողություններ էլ չկան, ու դա «բոլորովին ուրիշ Սիրիա» է: Պարզ է, որ եթե Սիրիայի Միջերկրածովյան ափամերձ շրջանները զբաղեցված են ռուսական ուժերի կողմից, իսկ ԱՄՆ ռազմանավերն էլ Սիրիայի սահմաններին ուղղակիորեն`առանց այլ երկրների տարածքներ օգտագործելու, կարող են մոտենալ միայն  Միջերկրական ծովից, ԱՄՆ-ն բնականաբար, չի համարձակվի դա անել «ձիու քայլով»` ռուսական զորքերի վրայով թռչելով… Առավել ևս, որ ինչպես տեղեկացվել էր դեռևս անցյալ տարի, սիրիական բազաներում Ռուսաստանը նաև «Իսկանդեր – Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռներ ունի`  բոլոր հետևանքներով հանդերձ…

Դեռ ավելին, այն պահից սկսած, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են Սիրիային ռազմական հարվածներ հասցնել, տարածաշրջանում ռուսական շահերը պաշտպանելու նպատակով դեպի Միջերկրական ծով ուղղություն են վերցրել նաև ռուսական ռազմանավերը:

Այս առումով արդեն հասկանալի կարող է դառնալ, թե ինչու Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աննախադեպ որոշումով արգելեց իր զինված ուժերի մասնակցությունը սիրիական կոնֆլիկտի ռազմական հանգուցալուծման ծրագրերում: Նույնը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրներին, որոնք դեմ արտահայտվեցին Սիրիայի դեմ մարտական գործողությունների անցկացմանը:

Այս «հարգելի» պատճառները հաշվի առնելով` կարելի է հասկանալ, թե Մերձավոր Արևելքում, որտեղից տարածաշրջանային «պատերազմի հոտ էր գալիս», ինչու նոր ռազմական զարգացումներ չեղան: Չնայած դրանք դեռ  իսպառ բացառված չեն:

 

Արցախն արդեն 22 տարեկան անկախ պետություն է

ԼՂՀՍեպտեմբերի 2-ին անկախ Արցախը կդառնա 22 տարեկան. բավական քիչ ժամանակ՝  լուրջ ու շոշափելի արդյունքներ ունենալու և բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները լուծելու համար, սակայն բավական երկար` թշնամու մշտական սպառնալիքի ներքո ժողովրդավարություն և պետականություն կերտելու համար:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: Մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, և մասնակցածներից շուրջ 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության:

1991 թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին: Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը: Իսկ 1992 թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը: Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:

Իհարկե, ոչ ոքի համար նորություն չէ, թե ինչպիսի ծանր ժամանակներում ու պայմաններում է իր առաջին քայլեր սկսել հայկական երկրորդ հանրապետությունը. պատերազմ, տնտեսական շրջափակում, զրկանք և այլն: Բայց նորանկախ ու փոքրիկ պետությունն իր մեջ ուժ գտավ մեկ անգամ միջազգային հանրությանն ու պատմությանն ասելու, որ ինքն  այլևս ինքնուրույն է ցանկանում շարունակել իր ուղին: Եվ անկախությունը կերտվեց արյունով, ամրագրվեց պատերազմում տարած հաղթանակով:

Այսօր արդեն Արցախը աշխարհին է ներկայանում որպես կայացած պետականությամբ, ինքնիշխան ու ժողովրդավարական արժեքների հետևող երկիր` անկախ ճանաչումից:

22 տարիների հեռվից արդեն մի հարց է առաջանում` ի՞նչ ձեռքբերումներ ու ի՞նչ ձախողումներ ունեցավ ազատ Արցախն իր անկախության 22 տարիներին:

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարանք, գրեթե առաջին անգամ երկարատև պատերազմում լուրջ հաջողության հասանք` ունենալով ավելի քիչ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ, քան հակառակորդը: Եվ այդ իմաստով՝ մենք մեր  գլխավոր խնդիրը լուծել ենք: Մնում է` դիվանագիտական ասպարեզում ԼՂՀ դե ֆակտո անկախությունը հասցնենք դե յուրեի:

Այս հարցում, ներկա դրությամբ, բավականին հակասական կարծիքներ կան: Մի կողմից, ըստ էության, համաձայն Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրությունն ընդունում է, որ ղարաբաղցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Մյուս կողմից` այդ ինքնորոշման  իրավունքի հստակ տեխնոլոգիան դեռ ոչ ոք չի պատկերացնում, այդ թվում նաև` միջազգային հանրությունը: Հենց այստեղ է, որ մենք հայտնվում ենք վտանգավոր ու հակասական վիճակում, որովհետև այդ նույն  մադրիդյան սկզբունքները բավականին հեղհեղուկ են, և դրանց համաձայն` մենք կարող ենք  հաջողության հասնել և դե յուրե իրականություն դարձնել ԼՂՀ անկախությունը: Եվ ճիշտ հակառակը. եթե չկարողանանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սառը պատերազմում հասնել հաջողության, ապա կարող ենք նաև տանուլ տալ Ղարաբաղյան խնդրում:

Աշխարհի դիվանագիտական պատմության մեջ, համաձայնվենք թե ոչ, ամրագրվել է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Այդպես է նաև այսօր. Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Ասիայում և բոլոր այն տեղերում, որտեղ դեռ տաք հակամարտություններ կան: Վերջիվերջո, դիվանագիտությունն ամրագրում է այն սահմանները, որոնք զենքով ու արյունով են գծվել: Սա արդեն դարձել է անհերքելի ճշմարտություն:

Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման  ճանապարհին

Բայց Արցախյան ճակատում հաղթանակ տանելու դերն ու նշանակությունը կարևոր է ոչ միայն դիվանագիտական ասպարեզում ու ԼՂՀ-ի` միջազգային ճանաչման գործընթացում: Տևական անհաջողություններից ու պարտություններից հետո առաջին անգամ հայ ազգը, զենքով ու իր սեփական կյանքը զոհաբերելով, ապացուցեց, որ ինքն այս աշխարհում ապրելու իրավունք ունի: Հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն, որպես  անկախ պետություն ու պետականություն, կայացած է  միջազգային նորմերի տեսանկյունից: Այն վերջնականապես կայացած պետություն է թե՛ բանակի իմաստով, թե՛ պետական ինստիտուտների ու կառույցների իմաստով և, առավել ևս, ժողովրդավարության չափանիշների հաստատման իմաստով: Այս տեսանկյունից Արցախը չի զիջում ժամանակակից եվրոպական երկրներին, և նույնիսկ, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների որակով գերազանցում է եվրոպական մի շարք  երկրների:

Ճիշտ է` ԼՂՀ ցանկացած ընտրություններից երկու-երեք օր հետո սկսվում են ինչ-որ արձագանքներ, գնահատականներ: Իսկ եթե ԼՂՀ նախագահական հերթական ընտրություններն անխափան իրականացվում են, նշանակում է` մեր երկրորդ պետականությունն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Ու մինչև այժմ դեռ  որևէ մեկը ԵԱՀԿ-ի կողմից երբեք դեմ չի արտահայտվել ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների որևէ տարբերակին, և որևէ երկիր կամ պաշտոնյա երբեք չի ասել, թե ընտրությունները  կարող են խանգարել բանակցային գործընթացին:

Եվ որքան բարձր լինի Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների որակն ու աստիճանը, այնքան ավելի հեշտ կլինի անցնել այդ ճանապարհը, և օրերից մի օր ԼՂՀ-ն ՄԱԿ-ում կունենա իր ներկայացուցիչը, ինչպես Հարավային Սուդանը, Կոսովոն և այլն: Համենայն դեպս, միջազգային փորձն էլ է այդպես վկայում:

Ինչ վերաբերում է  բացթողումներին, ապա մենք խնդիրներ ունենք քարոզչության  բնագավառում, որ դեռ չենք լուծել, որովհետև այսօր էլ մեզ չի հաջողվել հակամարտության կերպարին  համարժեք կերպար արմատավորել միջազգային շրջանակներում:

Օրինակ` պատմական ցայտուն նախադեպեր էլ կան, որ ազգերի ինքնորոշման իրավունքի նորմերից ելնելով` անկախ պետություններ են ստեղծվում: Ազգերի ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ամրագրվեց հենց ԱՄՆ պետության սահմանադրության մեջ: ԱՄՆ պետությունը 200 տարի առաջ անգլիական գաղութարարների դեմ սեպարատիստական շարժման արդյունքում, բայց հիմք ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը, պետություն ստեղծեց: Ու ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, թեկուզ ցածրաձայն նշել, թե ԱՄՆ-ն օկուպացրել է Անգլիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները: ԱՄՆ-ն 200 տարի է` ինքնուրույն պետություն է կառուցում, ԼՂՀ-ն` 20, տարբերությունը տարիների քանակն է, բայց հիմքը ժողովրդական շարժումներն են` ազգերի ինքնորոշման իրավունքը:

 Ամեն դեպքում Արցախը շարունակում է կերտել իր պետականությունն ու ամրապնդել անկախությունը` զարգացնելով ժողովրդավարություն: Ու այդ ժողովրդավարությունը նախանձելի է անգամ Հայաստանի համար:

 

Չինական AR1A համակարգերը լավ այլընտրանք են «Սմերչի» համար

ԱՌԻԱԱնցնող շաբաթ հայկական ու միջազգային լրատվադաշտը միանգամից հեղեղվեց «Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությամբ, թե Հայաստանը Չինաստանից նոր`  AR1A համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ է (ՀԿՌՀ)  ձեռք բերել: Այս լուրը, իհարկե, չհաստատվեց պաշտոնապես, բայց նաև չհերքվեց: Սակայն էականն այս դեպքում այլ հարց է: Անկախ այն հանգամանքից` Հայաստանն այս զինատեսակները ձեռք է բերել, թե ոչ, ձեռքբերման մասով բանակցություններ է վարում, թե սա ապատեղեկատվություն է, միևնույն է, այն շատ կարևոր քաղաքական ուղերձ է:

 Չինական համակարգ`«Սմերչի» փոխարեն ի գիտություն Ռուսաստանի

Ինչպես հիշում ենք, համազարկային կրակի ռուսական «Սմերչ» ռեակտիվ կայաններ ձեռք բերեց մեր ռազմավարական գործընկերոջից մեր հակառակորդը` Ադրբեջանը: Սա բազմապիսի հետևությունների տեղիք տվեց, ինչպես նաև ստվեր ձգեց հայ-ռուսական հարաբերությունների ավանդական պատկերացման վրա: Ռուսական կողմն իր «Սմերչի» և այլ զինտեխնիկայի վաճառքը բացատրում էր բիզնես շահերով, ինչպես նաև Ադրբեջանին իրենից կախման մեջ գցելու մղումով: Ռուս-ադրբեջանական այս գործարքը սթրեսային ընկալում առաջացրեց հայ հասարակության մեջ: Ու հենց այդ գործարքներից անմիջապես հետո հատկանշական էր հայ-չինական ռազմատեխնիկական հարաբերությունների մասին լուրը:

«Մեր երկրի համար խիստ կարևոր է նախ,  որ մեր անվտանգության համակարգը ըստ էության կախված չլինի մեկ երկրից: Որովհետև մենք ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հետո ասում ենք ՀԱՊԿ, որը, ըստ էության, նորից հայ-ռուսական հարաբերություններն են: Կենցաղում, կյանքում մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ` վերելակը, որը 4 մարդ է տանում, բացի հիմնական ճոպանից, լրացուցիչ ճոպան ունի, դրանից բացի, անվտանգության այլ տարրեր էլ ունի, քանի որ մարդկային կյանքերի հետ է կապված: Երկիրն ավելի մեծ մոդել է, և այդտեղ միլիոնավոր մարդկային կյանքերի հետ գործ ունենք: Ու այստեղ հարց է` արդյոք ճի՞շտ է, երբ մի երկրից, այսինքն` մեկ ճոպանից ես կախում ունենում ու փորձում քո անվտանգությունն ապահովել: Կարծում եմ, որ սխալ է: Հետևաբար, մեր անվտանգության հիմնական համակարգը  համարելով Ռուսաստանը կամ մերձռուսական բլոկը, մենք պետք է հնարավորինս այլ համակարգերի կամ երկրների հետ էլ զարգացնենք ռազմական կամ երկկողմ հարաբերություններ»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Առհասարակ ցանկացած պետության համար, հատկապես` փոքր, խիստ կարևոր է մշտապես ունենալ այլընտրանքներ: Որովհետև այլընտրանքի առկայությունը հնարավորություն է տալիս  խուսափելու միակողմանի կախվածությունից: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, լինի սննդի, էներգետիկ անվտանգություն, թե ռազմական անվտանգություն: Ռուսաստանը ցույց տվեց, որ երբ իր շահը թելադրում է, հանգիստ կարող է Հայաստանի անվտանգությունը իր շահին ստորադասել: Քաղաքականության մեջ դա շատ բնական է, բայց լինելով բնական, միևնույն է, մեզ համար վտանգավոր է: Այսինքն` մենք պետք է դիտարկենք  այլընտրանքների հնարավորությանը: Այսօր  մեր արտաքին քաղաքականության վեկտորի շեղվածությունը դեպի ռուսական կողմ համեմատաբար շատ է: Ու այս համատեքստում Չինաստանից ՀԿՌՀ-ների ձեռքբերման մասին խոսակցությունները, ամեն դեպքում,  ճիշտ ուղերձ էին:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ միայն ինքը չէ զենք մատակարարողը: Այսինքն` գոնե այս կարգի զենք չինացիներն էլ ունեն, որը, ըստ մասնագետների, իր որակով չի զիջում ռուսականին: Իսկ եթե հեռահարությամբ ենք նայում, ապա մի բան էլ գերազանցում է ռուսականին: Հետևաբար, սա ճիշտ է»,- նշեց Արա Պապյանը:

Մի օրինակ պատմեմ. ես մի ընկեր ունեի, որը Կանադայում բիզնես ուներ, և երկու մատակարարից ինչ-որ ապրանք էր առնում` նյութեր: Նա 80 տոկոսը մեկից էր գնում, 20 տոկոսը` մեկ ուրիշից: Ումից որ 20 տոկոս մասն էր առնում, շատ ավելի թանկ էր վճարում` գրեթե 1,5 անգամ թանկ: Երբ հարցրեցի, թե ինչու չես մեկից առնում, նա պարզաբանեց, թե երբ 100 տոկոսն էլ մեկից սկսի գնել, կես տարի հետո նա գինը կբարձրացնի ու մյուսի գնից կանցնի: Բայց քանի որ այդ մատակարարը գիտի, որ ես ունեմ այլընտրանք և սահմանը պարզ է, ինքը միշտ դրանից ցածր է պահելու: Դա շատ պարզ բիզնես օրենք է, որ շատերն են կիրառում: Հիմա նույնը պետք է  կիրառել նաև պետական մակարդակով:

Այսինքն` եթե մեր հիմնական զենքն ու ռազմական տեխնիկան պետք է Ռուսաստանը մատակարարի, ապա մենք գոնե պետք է  պարբերաբար գնումներ կատարենք տարբեր երկրներից, որպեսզի այդ խողովակը բաց թողնենք, բոլորը հասկանան, որ մենք այլընտրանքային ճանապարհներ էլ ունենք, ու լուրջ վերաբերվեն Հայաստանի հետ հարաբերություններին:

Տակտիկա–տեխնիկական տվյալներով էլ չինական համակարգերը չեն զիջում ռուսականին

Ինչ վերաբերում է մեր հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ներին. մեզ համար կարևոր է ոչ թե նույնությամբ գնել այն զինտեխնիկան, ինչ գնում է Ադրբեջանը, այլ այնպիսի զինտեխնիկա ու մարտական միջոցներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի տեխնիկան ու զինուժը: Այսինքն` եթե Ադրբեջանը ձեռք է բերել «Սմերչ», նշանակում է, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի տարբերակներ, որոնք ոչ միայն ավելի էժան են, այլև ավելի հեռահար, ավելի օպերատիվ, ավելի քիչ ծախսեր են առաջացնում և ավելի հարմար են մեր բնակլիմայական պայմաններում օգտագործելու համար: Զուտ ռազմական տեսանկյունից դիտարկելիս նույնպես առավելությունն անցնում է չինական ՀԿՌՀ-ների կողմը: «Սմերչերը», որոնց նախագծումն ու մշակումը սկսվել է ԽՍՀՄ-ում, ու շահագործման են հանձնվել 1980-ական թթ., ըստ ռուսական գովազդային հոլովակների, համարվում էին ատոմային ռումբից հետո երկրորդ հզոր զենքը, աշխարհում հավասարը չունեցող և այլն: Հենց սա էլ հայ հասարակության մեջ խուճապ էր առաջացրել: Իրականում այդպես չէ: Իրականում համազարկային կրակի ռեակտիվ կայաններից ամենահզորը համարվում են բրազիլական ASTROS III համակարգերը, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 200-250 կիլոմետրի: Դրանով նրանք համարվում են օպերատիվ-մարտավարական: Սակայն թանկ են ու մարտական գործողությունների ժամանակ փորձված չեն: Մոտ երեք տասնյակ նման համակարգեր կան աշխարհում`տարբեր երկրների կողմից մշակված: Այդ բոլորի մեջ համեմատաբար ամենանորն ու արդիականացվածը համարվում են չինական  AR1A համակարգերը: Սրանց մշակումը սկսվել է 2009 թ., համակարգերը հավաքվել են ռուսական «Սմերչ» համակարգերի բազայի վրա` ավելի արդիականացված պարամետրերով: Այս համակարգերը նաև անհամեմատ ավելի էժան են, քան «ուռճացված» «Սմերչերը»:

Եվ քանի որ մեր հակառակորդը ձեռք է բերել ռուսական «Սմերչ» համակարգեր, ապա համեմատենք դրանք չինական համակարգերի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, աշխարհի ավելի քան 3 տասնյակ նմանատիպ համակարգերից չինականները և՛ ավելի նոր ու արդիական են, և՛ ավելի մատչելի:

Զուտ տակտիկատեխնիկական տվյալներով ևս չինական AR1A համակարգերը չեն զիջում ռուսական «Սմերչներին»: Չինական համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է, իսկ «Սմերչինը»` 43.7 տոննա: Այսինքն` չինականն ավելի թեթև է: Երկու համակարգերն էլ 8*8 անվավոր թափքի բազայի վրա են հավաքված` շարժիչների համարյա հավասար հզորությամբ: Երկու համակարգերի մարտական մեքենաներն էլ զարգացնում են 60 կմ/ժ արագություն: «Սմերչների» վառելիքի պաշարը մի քիչ ավելի երկար` 850 կիլոմետր ճանապարհի է բավականացնում, իսկ չինականների վառելիքի պաշարը` ընդամենը 65 կիլոմետրի: Սակայն դա Հայաստանի պես փոքր երկրի համար լուրջ առավելություն կամ թերություն չէ: Ինչ վերաբերում է մարտական մասին, երկու համակարգերի տրամաչափն էլ 300 միլիմետր է:  «Սմերչն» ունի հրթիռների 12 ուղղորդիչ փող, իսկ AR1A համակարգերը` 10: «Սմերչների» հեռահարությունը հասնում է 70, իսկ որոշ տեսակի հրթիռներով` առավելագույնը 90 կիլոմետրի, իսկ AR1A համակարգերի հեռահարությունը 120-130 կիլոմետրի է հասնում: Այսինքն` էականորեն ավելի հեռահար է, քան «Սմերչը», ինչը նրա հիմնական առավելություններից մեկն է:

Երկրորդ առավելությունը, որ ունեն չինական համակարգերը, վերալիցքավորման ժամանակն է: Չինական հրթիռները վերալիցքավորվում են կոնտեյների տարբերակով. միանգամից բոլոր ուղղորդիչ փողերը, որոնք գտնվում են մեկ կոնտեյներում, հանվում են, ու տեղը դրվում է նոր` լիցքավորված կոնտեյներ: Ամբողջ պրոցեսը տևում է 10-15 րոպե: Իսկ «Սմերչները» լիցքավորվում են յուրաքանչյուր ուղղորդիչը առանձին-առանձին տարբերակով: ժամանակի մասին արտադրողները չեն էլ նշում… Սա մեծացնում է «Սմերչի» վերալիցքավորման ժամանակը, ինչը մարտի ժամանակ լուրջ թերություն է: Մարտական լիցքի ամբողջական պարպումը երկու համակարգերի մոտ էլ նույնն է, երկուսն էլ աշխատում են ծովի մակերևույթից միևնույն` մինչև 3000 մետր բարձրության վրա. «Սմերչները»` -55 -+55 Co, իսկ AR1A համակարգերը`-22-+55 Co ջերմաստիճանային պայմաններում: Այս ամենով հանդերձ, չինական համակարգերն ավելի նախընտրելի են, քանի որ կարող են հարվածել հակառակորդի սահմանից ավելի հեռու, քան նրանց միջոցները: Այսինքն` եթե Հայաստանը ունենա նման համակարգեր, կարող է ավելի շուտ խոցել դեպի հայկական կողմի վրա կրակել պատրաստվող «Սմերչներին», քան նրանք կհասցնեն զբաղեցնել մեր դիրքերին հարվածելու համար անհրաժեշտ նվազագուն հեռավորությամբ կրակակետը:

Թերահավատության միակ առիթը համակարգերի չինական լինելն է: Ինչպես չինական ամեն ինչին, մեր երկրում չեն վստահում չինական արտադրության ռազմատեխնիկայի որակին ևս:

«Եթե խոսքը վերաբերում է զինտեխնիկային, ապա չի կարելի թերահավատորեն վերաբերվել և ոչ մի երկրի ստեղծած տեխնիկային,լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իսրայելը, թե նույնիսկ Հայաստանը: Ու համեմատել Չինաստանի մի ինչ-որ նկուղում, չգիտես թե ինչով պատրաստված հեռախոսները զինտեխնիկայի,առավել ևս նման զինտեխնիկայի հետ, ուղղակի ճիշտ չէ: Եվ մենք ունենք նաև չինական արտադրության ավելի հին մոդելի ՀԿՌՀ-ներ, որոնք իրենց որակով չեն զիջում նույն ռուսական զինտեխնիկային»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Այնպես որ լավ կլինի, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել չինական նորագույն AR1A համակարգերից, եթե նույնիսկ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, ու դեռ չունենք այդպիսի համակարգեր:

 

Կանխատեսելի էին ԱՄՆ ռազմաքայլերը Սիրիայի ուղղությամբ

syria-usa-mideast-plan1Արդեն տևական ժամանակ է, ինչ Արևմուտքի` հատկապես ԱՄՆ–ի կողմից շրջանառվում են մտքեր, թե իբր Սիրիայում կառավարական զորքերը գրոհայինների ու նրանց աջակցող խաղաղ ազգաբնակչության դեմ քիմիական զենք են կիրառել: Դեռևս հունիսին ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել էր, թե փաստեր ունի ապստամբ ուժերի դեմ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

 Բաշար Ալ Ասադի վարչակարգն էլ պնդում էր, թե ապստամբ ուժերն են քիմիական զենք կիրառել կառավարական զորքերի դեմ: Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ին առաջարկել էին հանձնաժողով գործուղել Սիրիա` հետաքննելու, թե ով ու երբ է քիմիական զենք կիրառել այնտեղ: Այդ առաջարկությունը ՄԱԿ-ն ընդունել էր դեռևս հուլիսին, բայց բանակցություններ էին ընթանում ստուգումների անցկացման մանրամասների կապակցությամբ: Երկու շաբաթ տևած բանակցություններից հետո սիրիական իշխանություններն օգոստոսի սկզբին համաձայնության էին եկել ՄԱԿ-ի հետ երկրում քիմիական զենքի առկայության ուսումնասիրման հարցում: Ըստ ձեռք բերված համաձայնության` ՄԱԿ-ի աշխատակիցները Սիրիայում կարող են մնալ 14 օր` դրանք երկարացնելու հնարավորությամբ, երկու կողմերի միջև նախապես համաձայնեցնելուց հետո:

Եթե քիմիական զենքի օգտագործումը հաստատվի, ապա ԱՄՆ իշխանությունները մտադիր են ռազմական միջամտություն կիրառել Սիրիայի նկատմամբ: Այդ նպատակով, ինչպես նշվեց համաշխարհային մամուլում, Միջերկրական ծովից Սիրիայի ափերին են մոտենում ամերիկյան ռազմանավերը, Պենտագոնն էլ Սպիտակ տանն էր ներկայացրել Սիրիայի դեմ ռազմական հարված իրականացնելու տարբեր սցենարներ… Ինչպես նշվում է, Սպիտակ տունը մտադիր է բավարարվել երկօրյա հրթիռակոծմամբ, որը դաստիարակչական բնույթ է կրելու:

Այս տարբերակը միաձայն ընդունվել է Սպիտակ տան բոլոր ներկայացուցիչների կողմից, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում տևական պատերազմական գործողություններ ծավալել Սիրիայում, սակայն չի էլ թողնի, որ «Սիրիայի կառավարությունը կամայական գործողություններ  կատարի խաղաղ բնակչության նկատմամբ»:

Նշենք, որ չնայած ՄԱԿ-ի փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին` պնդելով, թե «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»:

Թե ինչ անհերքելի «փաստեր» կան, դեռևս անհայտ է, սակայն մեկ այլ անհերքելի փաստ կա, որին չի կարելի ուշադրություն չդարձնել: Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չէր տալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտելուն: Դա էին վկայում սոցիոլոգիական հարցումները, որոնք համատեղ իրականացրել էին Reuters-ը և Ipsos-ը ապրիլի 26-ից մայիսի 1-ը:

Հարցվածների 61%-ը դեմ էր ԱՄՆ ինտերվենցիային: Հակառակն էր ցանկանում 10%-ը: Բայց այն դեպքում, երբ Դամասկոսը քիմիական զենք կիրառի, այդ թիվը, ըստ հարցումների, կհասնի 27%-ի: Ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն հայտնեց միջամտել Սիրիայի իրադարձություններին միայն այն դեպքում, երբ անհերքելի փաստեր լինեն այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին: Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները համարյա ամեն շաբաթ հայտարարում են, թե կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի ապացուցվել: 

Մեկ դար` նույն սցենարով

ԱՄՆ հայտարարությունները քիմիական զենքի կիրառման մասին և պատրաստակամությունը` «պաշտպանելու Սիրիայի  խաղաղ ազգաբնակչությանը», ինքնըստինքյան ԱՄՆ-ի պատմությանը հետադարձ հայացք ձգելու կարիք են առաջացնում:

XX դարասկզբին ԱՄՆ-ն հասցրեց մի քանի ֆինանսական համակարգեր ստեղծել ու վերացնել, որոնց հիմքում բանկիրների կողմից խորամանկորեն առաջարկված նույն ԿԲ-հիմքի վրա գործող համակարգերն էին: Վերջապես 1913 թ. ընդունվեց «Ֆեդերալ ռեզերվ» ստեղծելու մասին բանկիրների համաձայնագիր, որը ներկայացվեց կոնգրես ու հաստատվեց: Պետք է հասկանալ, որ «Ֆեդերալ ռեզերվը» մասնավոր բանկ է, որն ունի դրամ հատելու մենաշնորհ և  պետությանը տոկոսով փող է տալիս: Այս համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել փողի հետ կապված ամեն ինչ, հետևաբար նաև ամբողջ պետությունը:

Բայց մարդկանց կառավարման մեկ այլ միջոց էլ համարվում է պատերազմը: Հատկանշական է, որ 1913 թ. «Ֆեդերալ ռեզերվի» ստեղծումից հետո մի շարք խոշոր ու փոքր պատերազմներ են սանձազերծվել: Դրանցից ամենանշանակալին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն են, Վիետնամական պատերազմը և այլն:

1914 թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ամերիկացիները չէին ուզում խառնվել այդ զինված հակամարտությանը, և ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարեց չեզոքության մասին: Սակայն կուլիսների հետևում ԱՄՆ վարչախումբը փնտրում էր նույնիսկ ամենաչնչին առիթը պատերազմի մեջ մտնելու համար: Այդ ժամանակվա ԱՄն պետքարտուղար Ուիլյամ Ջենինգսն այդ իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ. «Խոշոր բանկիրները հետաքրքրված էին պատերազմով, քանի որ այն դիտարկում էին որպես լրացուցիչ շահույթ ստանալու միջոց»:

Կարևոր է հասկանալ, որ բանկիրների համար պատերազմը  միանգամից հարստանալու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ ստիպում է պետությանը «Ֆեդերալ ռեզերվից» ավելի շատ տոկոսով փող վերցնել պատերազմական ծախսերը հոգալու համար:

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն ու ներկայացուցիչը գնդապետ Էդուարդ Հաուսն էր: Նրա և Անգլիայի այդ ժամանակվա արտգործնախարար սըր Էդվարդ Գրեյի խոսակցության սղագրություններում, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի` պատերազմի մեջ ներքաշվելուն,  պարզ նշված է հետևյալը: Գրեյը հարցնում է Հաուսին. «Ի՞նչ կանի ԱՄՆ ղեկավարությունը, եթե գերմանական զինուժը կործանի ԱՄՆ քաղաքացիներ տեղափոխող օվկիանոսային նավ»: Հաուսը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ զայրույթի մեծ ալիք կբարձրանա ԱՄՆ-ում, ինչը բավարար պատճառ կլինի, որ ԱՄՆ-ն մտնի պատերազմի մեջ»:

Ահա 1915 թ. մայիսի 7-ին «Լուզիտանիա» նավը Էդվարդ Գրեյի ցուցումով ուղղվեց դեպի գերմանական ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո գտնվող ջրեր: Ինչպես և ակնկալվում էր, գերմանական սուզանավը տորպեդահարեց նավը, ինչի  հետևանքով զոհվեց մոտ 1200 մարդ:  Մինչդեռ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանությունը «Նյու Յորք թայմս» թերթում հայտարարություն էր հրապարակել, որ «Լուզիտանիայով» ուղևորվող քաղաքացիները մեծ ռիսկի են դիմում, քանի որ ռազմական գործողությունների վայրով անցնող ցանկացած միջոց ենթակա է կործանման զինվորականների կողմից…

«Լուզիտանիայի» կործանումը ԱՄՆ-ում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, և շուտով ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ: Այդ պատերազմը ԱՄՆ-ից պահանջեց մոտ 323 հազար մարդկային կյանք: Ջոն Ռոկֆելլերն աշխատեց  200 մլն դոլար` չհաշված պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 30 միլիարդանոց ծախսերը, որոնցից մեծ մասը տոկոսով վերցված էին «Ֆեդերալ ռեզերվից»` էականորեն ավելացնելով բանկիրների եկամուտները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1941 թ. դեկտեմբերի 7-ին, Ճապոնիան հարձակում գործեց Պիրլ Հարբորում տեղակայված ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա, ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն մտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: 60 տարվա լռությունից հետո  տեղեկատվության արտահոսք եղավ, որ Պիրլ Հարբորի վրա հարձակման մասին ոչ միայն հայտնի էր դրանից մեկ շաբաթ առաջ, այլև հենց բուն միջադեպը պրովոկացիա է եղել:

Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որի ընտանիքը Նյու-Յորքում բանկեր ուներ, իսկ հորեղբայր Ֆրեդերիկ Ռուզվելտը «Ֆեդերալ ռեզերվի» խորհրդի անդամ էր, համակրում էր բանկիրներին, իսկ պատերազմը նրանց շահերից էր բխում, քանի որ բանկիրների համար ավելի եկամտաբեր միջոց, քան պատերազմն է, չկա: Դրանից առաջ Ռուզվելտն ամեն ինչ արել է սադրելու համար ճապոնացիներին առաջինը հարվածել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ով է իրական «ագրեսորը». կրճատել, իսկ հետո արգելել է ամերիկյան նավթի մատակարարումները Ճապոնիա, սառեցրել է ԱՄՆ տնտեսության մեջ եղած ճապոնական ակտիվները, ցուցադրաբար գումարներ է փոխառել Չինաստանից և դրանք ուղարկել Անգլիա և այլն: Մինչև Պիրլ Հարբորի միջադեպն ամերիկացիների 83%-ը չի ցանկացել պատերազմի մեջ մտնել, իսկ միջադեպից անմիջապես հետո 1 մլն մարդ կամավորագրվել է բանակին:

Վիետնամական պատերազմի սցենարն էլ կարծես կրկնվում է. 1964 թ. Հյուսիսային Վիետնամին ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու պաշտոնական մեկնաբանությամբ նշվում է, թե իբր վիետնամական սուզանավերը Տանկինի ծովածոցում հարձակվել են ամերիկյան կործանիչ նավի վրա: Այս դեպքը հայտնի է որպես «Տանկինյան միջադեպ», որը առիթ դարձավ Վիետնամում պատերազմ սկսելու համար: ԱՄՆ աղբյուրների պնդմամբ` ամերիկյան կործանիչ նավի վրա հարձակում երբեք չի եղել, այլ սադրանք է եղել, որպեսզի պատերազմ սկսելու առիթ լինի: ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան շատ տարիներ հետո հրապարակավ հայտարարեց, թե «Տանկինյան միջադեպը» սխալմունք էր, չնայած ամերիկյան մամուլում այդ միջադեպի բազմաթիվ այլ մասնակիցներ պարբերաբար հայտարարել են, որ  դա կեղծիք է, չի եղել…

Արդեն իսկ ամերիկյան իրականության մեջ բարձրաձայն ու բավականին համարձակ տեսակետներ են հնչում, որ սեպտեմբերի 11-ը նույնպես ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկար տարիների ընթացքում մշակված ու իրականացված օպերացիա էր: Արդյունքում ԱՄՆ-ն միանգամից երկու` ոչնչով չհիմնավորվող պատերազմներ սկսեց Իրաքում և Աֆղանստանում: Չնայած մի դեպքում ԱՄՆ-ն ասում էր, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա, իսկ Աֆղանստանում իբր Ուսամա Բեն-Լադենն էր թաքնվում:

Բայց պետք է հիշել, որ Իրաքը նախևառաջ նավթ արդյունահանող երկիր է, և երկրորդ` հիանալի ռազմաբազա նավթով հարուստ տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար, երրորդ` հենարան` Իրաքի հարևան, խոշոր նավթարդյունահանող Իրանի և Սիրիայի վրա հարձակումներ գործելու համար: Աֆղանստանն էլ միջազգային նարկոթրաֆիքի կարևորագույն ու գլխավոր հանգույցներից է:

Պատմությունը կրկնվում է

Սրանից հետո Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, նախաձեռնեցին «Արաբական գարուն» կոչվող շարժումը, որով բոլոր այն երկրներին, որոնք էներգակիրների խոշոր արդյունահանողներ են կամ կարևորագույն դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում, բայց չեն ուզում ենթարկվել հզոր Արևմուտքի թելադրած խաղի կանոններին, հերթով չեզոքացնում են:

Շատ ենք անդրադարձել Իրանի և սիրիական ճգնաժամերին: Նշենք միայն, որ Սիրիայում, որտեղ ներկա դրությամբ ծավալվում են աշխարհաքաղաքական շահերի դիմակայության հիմնական գործողությունները, տևական ժամանակ է, ինչ «Արաբական գարունը» քնած է, ու հակամարտության ելքը դեռ չի երևում: Բազմաթիվ փորձագետներ բազմիցս նշել են, որ այս հարաբերական բալանսի վիճակը կարող է փոփոխվել միայն արտաքին միջամտությամբ: Ուստի սպասելի էր, որ մի այդպիսի միջամտություն կլինի:

Թեև, ինչպես նշեցինք, ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր փնտրող հանձնաժողովականները դեռ ոչ մի լուրջ ապացույց չեն գտել, այնուամենայնիվ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները վերացնում են քիմիական հարձակման վերաբերյալ ապացույցները: «Քիմիական զենք իսկապես օգտագործվել է Սիրիայում: Եվ այն օգտագործվել է Բաշար Ասադի զորքերի կողմից: Սիրիայում գործող վարչակարգը կարող է քիմիական հարձակումներ իրականացնել`  օգտագործելով հրթիռներ»,- հավելել է պետքարտուղարը` Reuters-ի տեղեկացմամբ:

Պարզ է, որ սոցիոլոգիական հարցումների տրամաբանությանը հետևելով` ԱՄՆ ղեկավարությունը սեփական ժողովրդին նախապատրաստում է մեկ այլ պատերազմի Սիրիայում: Առավել ևս, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մոտեցել են Սիրիայի միջերկրածովյան ափերին:

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ինչպես հայտնի է, Սիրիայի արևմտյան` Միջերկրական ծովին հարող ափերը այժմ գտնվում են ռուս զինվորականների վերահսկողության ներքո, այնտեղ են գտնվում ռուսական նյութատեխնիկական ապահովման բազաները,այլ ռազմաբազաներ ևն: Այսինքն` ռուս զինվորականները, թեև անմիջական մասնակցություն չունեն սիրիական հակամարտությունում, սակայն ֆիզիկապես ներկա են Սիրիայում: Ու եթե Սիրիայում հնարավոր պատերազմական գործողությունների ընթացքում նույնիսկ մեկ ռուս զինվորի կորուստ լինի, դիտավորյալ կամ միտումնավոր ռուսական ռազմաբազային ինչ-որ կերպ վնասվի. ապա այդ հանգամանքը Ռուսաստանի ռազմական միջամտության անմիջական պատճառ կդառնա:

 

 

Մեզ շարունակում են զգուշացնել` «No parking»

no-parking-round-sign2Վճարովի ավտոկայանատեղերի ներդրման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է, թե ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը մեկնարկել է հունիսից, նախատեսված է ավտոկայանատեղի ունենալ Երևանի բոլոր թույլատրելի փողոցներում, վարչական շրջաններում, և կոչ է արել վարորդներին չվճարել փողոցներում ավտոմեքենաների կայանման համար ապօրինի գումար գանձող «պարկովշչիկներին»:

Բարի ցանկություն ու մտադրություն կլիներ այս կոչ-ուղերձը Նավասարդյանի կողմից, եթե մի «չնչին մանրուք» հաշվի չառնեինք. բացի տարատեսակ վճարովի կայանատեղերից, Երևանում գոյություն ունեն նաև բազում ու տարատեսակ գրասենյակներ, «էլիտար օբյեկտներ», որոնց առջև կայանելն էլ երբեմն «չի թույլատրվում»: Բնականաբար, «չթույլատրողներն» այդ «էլիտար օֆիս»-ների «էլիտար» ղեկավարներն են, որոնք իրենց հաստատ լավ չեն զգա, երբ իրենց VIP օֆիսի կամ հիմնարկի կամ թեկուզ խանութի առջև կայանի ոչ ավելի, ոչ պակաս մի ինչ-որ «Ժիգուլի» կամ «Վիլիս»:

Շատերը Երևանում, հատկապես` կենտրոնում, բազմիցս առնչված կլինեն այս խնդրին, երբ ինչ-որ գործով պետք է մի տեղ մտնեն, բնականաբար, պետք է կայանեն մեքենան, և փողոցի եզրերը, մայթերն ու մեքենաները կայանելու բոլոր հնարավոր տեղերը զբաղված են լինում, ստիպված կանգնում են մի ինչ-որ էլիտար խանութի, գրասենյակի կամ օբյեկտի առջև: Նման դեպքերում տեղի աշխատողներն անմիջապես զգուշացնում են` մեքենան դուրս բերել այդ տարածքից, քանի որ  այդ տարածքները միայն «իրենց» մեքենաների կամ այցելուների համար են: Նման դեպքերում կա՛մ փողոցի այդ մասերում դրված են լինում «չկայանել»` «No parking» և այլ նման կարգի գրառումներով նշաններ, կա՛մ ինչ-որ մեկն այդտեղ «ստայանշչիկ» է աշխատում ու «խնդրում» այդ տարածքը չզբաղեցնել, կա՛մ ուղղակի կայանելուց հետո ինչ-որ մեկը վազելով հետևից «տեղեկացնում» է, որ այդ տեղն իրենցն է: Մինչև վերջերս, այսինքն` մինչև այն պահը, երբ Երևանի փողոցներում սկսեցին կարմիր գծանշումներով առանձնացնել վճարովի ավտոկայանատեղիները, նման «հատուկ կարգավիճակ» ունեցող տարածքները շատ քիչ էին: Հիմնականում պետական հիմնարկները, մեծ հիմնարկները, որոնք ունեին իրենց մասնավոր տարածքները, կահավորել են համապատասխան ձևով և այդ տարածքներում, բացի իրենց մեքենաներից` այլ մեքենաների կայանումը չեն թույլատրում: Մնացած բոլոր օֆիսների, խանութների, սուպերմարկետների, ռեստորանների և այլ օբյեկտների դիմացի մայթերն ու երթևեկելի փողոցները ոչ ոքի չէին պատկանում: Բայց ոչ ոք նաև չէր էլ հետևում, որ  որևէ գործարար փողոցի` իր օբյեկտի դիմացի հատվածը մասնավոր կայանատեղիի չվերածի:

Ուրեմն ինչ-որ մեկը  պետք է կո՞չ աներ քաղաքապետարանին, որպեսզի նման էլիտար շինություններին  հարող մայթերը կամ թեկուզ երթևեկելի ճանապարհի «օֆիսամերձ» հատվածները բռնազավթած ինքնագլուխներին պատժեին կամ գոնե բացատրեին, որ կարգն այդպես չէ, որ ճանապարհը, մայթը, փողոցը և առհասարակ հանրային տարածքները պատկանում են բոլորին: Բացատրեին, որ երբ իրենց շինությունների փողոցի «սեփականաշնորհված» հատվածում տեղադրում են «No parking» նշաններ, Սահմանադրություն են խախտում, ոտնահարում են քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք…»:

ՀՀ քաղաքացիները, բնականաբար, Հայաստանում են գտնվում օրինական հիմքերով: Հետևաբար նրանց, ինչպես նաև այլ երկրների` օրինական հիմքերով Հայաստանում գտնվող քաղաքացիներին կարող են արգելել այս կամ այն տարածքով անցնել, կանգնել, կայանել և այլն, եթե այդ «արգելված» տարածքը մեկ այլ մարդու կամ կազմակերպության սեփականությունն է կամ պետության կողմից հանձնված է նրա տնօրինմանը` համապատասխան կարգով:

Թվում էր, թե վճարովի ավտոկայանատեղերի ստեղծմամբ ու շահագործմամբ մեկընդմիշտ կփակվեր այս հարցը: Սակայն Երևանում դեռ կան այնպիսի փողոցներ ու տարածքներ, որոնք թեև պատկանում են հանրությանը` բոլորին, փողոցի այդ մասերի անկոչ «սեփականատերերը» դեռ շարունակում են չթույլատրել, որ այդտեղ մարդիկ չկայանեն իրենց ավտոմեքենաները:

Բայց նույնիսկ այն դեպքում, երբ խնդրո առարկա տարածքներն իրոք սեփականության կամ նման տնօրինման իրավունքով պատկանում են ինչ-որ մեկին, կարելի է պահանջել, որ հանրային տարածքի հետ շփոթվելու հնարավորություն ներկայացնող բոլոր նման կանգառներում համապատասխան նշաններ տեղադրվեին, որ այսինչ կանգառը պատկանում է այսինչ հիմնարկին: Այն պարզ նպատակով, որ սովորական քաղաքացիները, որոնք այդ նույն «Էլիտար» օբյեկտի տիրոջ հետ միասին հավասար են օրենքի առջև, իմանային, թե որտեղ իրենցից իրավունք ունեն պահանջելու չզբաղեցնել փողոցի համապատասխան հատվածը և որտեղ են ինքնագլուխ որոշել իրենցով անել փողոցի հատվածները: Որովհետև «մի քիչ սիրուն չի», երբ ամեն օր, օրվա տարբեր ժամերին ու ամենաբացահայտ կերպով որոշ մարդիկ խախտում են այլոց սահամանդրական իրավունքը: Առավել ևս, «սիրուն չի», երբ այլոց սահամանդրական իրավունքները խախտելուց հետո էլ պատասխան չեն տալիս, ու դեռ մի բան էլ քաղաքացին, որի իրավունքները խախտվում են, ինքն է «մեղավոր» լինում, որ մուտք է գործել նման ինքնագլուխների գրաված տարածքներ:

Բիզնես-շահերի պաշտպան` Երևանի քաղաքապետարան…

վճարովի ավտոկայանատեղՎերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի նախաձեռնությամբ մի շարք զարգացումներ եղան Երևանում, որոնք կասկածի տակ են առնում «քաղաքապետարան» ինստիտուտի գործունեության տրամաբանությունը, եթե չասենք` հակասում են:

Առաջին դեպքը Մաշտոցի պուրակն էր, որտեղ քաղաքապետարանը քաղաքացիների` հանրային տարածք հանդիսացող այգու հաշվին ուզում էր «լավություն անել» որոշ ձեռներեցների: Այս դեպքը, բարեբախտաբար, դրական ելք ունեցավ` շնորհիվ «Տարո՛ն ջան, սիրուն չի» թևավոր խոսք դարձած արտահայտության: Բայց քաղաքապետարանը կարծես չհաշտվեց պարտության մտքի հետ ու նախաձեռնեց մեկ այլ աղմկահարույց միջոցառում` հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը: Այս դեպքում էլ քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը հիմնված էր այն «փաստարկների» վրա, որ գծատերերը` գործարարները, «վնասով են աշխատում»: Ուզենք թե չուզենք, ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ստանձնում է մասնավոր հատվածի շահերի պաշտպանի դերը, չնայած բոլոր նորմալ մարդակենտրոն հասարակություն ունեցող և ժողովրդավարական չափանիշներով շարժվող երկրներում պետական կառույցները, առավել ևս` տեղական ինքնակառավարման մարմինները, աշխատում են հանրային շահերի պաշտպանության տրամաբանությամբ, ոչ թե մասնավոր ընկերությունների, անհատ ձեռներեցների շահույթ ստանալու նպատակների արդարացման մղումով…

 «Անկախը» բազմիցս է անդրադարձել տրանսպորտին, հատկապես հասարակական տրանսպորտին առնչվող խնդիրներին ու նշել, որ հանրային տրանսպորտը պետք է ծառայի հանրության տեղաշարժի` տեղափոխման նպատակներին, ու այս ոլորտում քաղաքապետարանը պետք է առաջնորդվի ոչ թե գծատերերի «վնասները» ծածկելու պարտավորությամբ, այլ հասարակական տրանսպորտով մարդկանց տեղաշարժը քաղաքակիրթ կազմակերպելու մղումով: Գոնե այդպիսի քաղաքակիրթ ծառայությունների մատուցման մթնոլորտ պետք է ստեղծի իր որոշումներով:

Իսկ եթե քաղաքապետարանի աշխատակիցները չգիտեն, թե դա ինչպես պետք է անել, ապա հեռու գնալու հարկ չկա, կարելի է կազմակերպել մեր պաշտոնյաների «ճանաչողական ուղևորությունը» հարևան Վրաստան ու պահանջել, որ վերադարձին նրանք շարադրություն գրեն «Վրաստանն իմ աչքերով» դպրոցական թեմայով: Հավանաբար այդ դեպքում կտեսնեն, որ քաղաքակիրթ երկիր կառուցել ցանկացող պետություններում առաջին հերթին մարդակենտրոն կառավարում է իրականացվում, մարդն է համարվում գերագույն արժեք, ու հանրային ծառայություններն  էլ մատուցվում են մարդկանց,  և ոչ հակառակը…

Երրորդ «դեպքը», որ դեռ «Մաշտոցի պուրակի» կամ «150-դրամանոց տրանսպորտի» հնչեղություն չի ստացել, մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի հարցն է: Ինչպես գիտենք, Երևանի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 25-ի` N561-Ն որոշման համաձայն, Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում պետք է կազմակերպել ավտոկայանատեղեր:

Էլի «Հանրության քթերից` հանուն  մասնավորի գրպանի» մեխանիզմ

Մի խոսքով, ավտոկայանատեղիի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Բայց Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական  անձանց, որոնք գանձում են տուրք Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Այդ կայանատեղիների համար սահմանվեցին անհրաժեշտ կահավորանքի չափանիշները, թե ինչ տեխնիկական պարամետրեր պետք է ունենան, ու սկսվեցին կայանատեղիները «առանձնացվել»` կարմիր ներկով գծանշվել: Այս վճարովի ծառայության համար, բնականաբար, սահմանվեց նաև կայանման տուրքի չափը, վճարման ձևերը և այլն: Ըստ այդմ` ավտոկայանատեղիի կազմակերպիչը տուրքը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:

Երևանի ավագանու որոշման համաձայն` ավտոկայանատեղիի համար սահմանվել են հետևյալ դրույքաչափերը. մեկ ժամի համար` 100 դրամ, ընդ որում, կայանելու պահից մինչև 5 րոպե տուրք չի գանձվում, մեկ օրվա համար` 500 դրամ, – մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, ամսվա համար` 2000 դրամ և մեկ տարվա համար` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 12 000 դրամ: Ժամը 24:00-ից մինչև 9:00-նն էլ կայանելու դեպքում տուրք չի գանձվում:

Վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով և ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է  հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը: Ավտոկայանատեղիների կազմակերպման նոր գործընթացի համաձայն` տուրքը վճարվելու է անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն կայանատեղիներում առկա տեղեկատվական ցուցանակների վրա:  Տուրքը չվճարելու դեպքում կկազմվի հատուկ արձանագրություն և վարորդից կգանձվի 5000 դրամ տուգանք, իսկ 48 ժամից ավելի առանց տուրքի վճարման կայանելու դեպքում, ատոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի, որի դեպքում ևս նախատեսվում է տուգանք օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական տուրք չվճարելու և մեքենան հատուկ տարածքում պահպանելու համար:

Ինչո՞ւ քաղաքի կառավարումն էլ չհանձնենք մասնավոր հատվածին

Մի խոսքով, քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց,  և «պարզ դարձավ», որ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կառավարումն ու սպասարկումը պետք է իրականացնի «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը:

Երևանի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների կազմակերպումն առաջին հայացքից  քաղաքակիրթ է երևում: Համենայն դեպս, շատ քաղաքակիրթ երկրներում է նման փորձ կիրառվում: Բայց մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Օրինակ` վճարման ձևերից ու չափից երևում է, որ կայանման համար գանձվող գումարները չեն ուղղվելու քաղաքային բյուջե, դրանք տնօրինելու է մասնավոր ընկերությունը, որը, բնականաբար, շահույթ ստանալու նպատակով է առաջնորդվում: Իսկ քանի որ մեր քաղաքապետարանն արդեն հասցրել է մասնավոր հատվածի շահերի համար աննկուն պայքարողի համբավ ձեռք բերել, այս անգամ էլ սակագները սահմանելիս առաջնորդվել է հենց «Փարկինգ սիթի սերվիսի» շահերից: Որովհետև կայանման համար գանձվող գումարները, ըստ գանձման ձևի, ֆինանսական միջոցների միանվագ հավաքում են ենթադրում: Իսկ գումարների միանվագ հավաքումը բխում է ընկերության շահերից, քանի որ նվազեցնում է կայանատեղիների սպասարկման ծախսերը, այս դեպքում նվազում են վճարումների վերահսկողության համար կատարվող ծախսերը: Բացի այդ, վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպող ընկերությունը ծախսերը հոգալու է ոչ միայն հավաքվող գումարներից, այլև քաղաքային բյուջեից, և այդ միջոցները հատկացվելու են քաղաքապետարանի բյուջեի «համայնքների պահուստային ֆոնդից»:

Ստացվում է, որ հարկատուների վճարած հարկերի միջոցով կառուցված փողոցներում, որոնք նույնպես հանրային սեփականություն են, քաղաքապետարանի որոշմամբ մասնավոր հատվածի ներկայացուցիչը շահույթ հետապնդող գործունեություն է իրականացնելու, դեռ մի բան էլ նույն հարկատուների մուծած հարկերից ու տուրքերից նրան լրացուցիչ գումարներ են տալու, որ կարողանա վնասով չաշխատել:

Հենց սրա վրա քաղաքակիրթ երկրներում մի կուշտ կծիծաղեն: Որովհետև չեն հասկանա, թե ինչո՞ւ պետք է հենց քաղաքապետարանը չկազմակերպի վճարովի ավտոկայանատեղիները, ինչու պետք է դրանց համար մուծված գումարները հոսեն մասնավորի գրպանը, դեռ մի բան էլ քաղաքային բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացվեն մասնավորին` հանրային սեփականությունը շահույթ ստանալու նպատակով օգտագործելու համար: «Միջոցների բացակայության պատճառով»,- կփորձեն պարզաբանել պարոնայք չինովնիկները: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ քաղաքապետարանն էլ չդարձնենք օֆիս ու քաղաքի կառավարումն էլ չհանձնենք շահույթ հետապնդող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին…

Հուսանք, որ գոնե ապագայում Հայաստանն այնպիսի երկիր կդառնա, որտեղ պետական կառույցները կզբաղվեն ոչ թե մասնավոր հատվածի շահերի պաշտպանությամբ, այլ իրենց անմիջական պարտականություններով` հանրային շահերի գերապատվությամբ ու պաշտպանությամբ:

 

Անհասկանալի է Հայաստանի տեղը «Նոր Կովկասում»

օբամա-սարգսյանԵթե Արևմուտքը սկսել ու ակտիվորեն իրականացնում է «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը, և այդ առումով մինչ այժմ ռուսական կողմից կտրուկ ու համարժեք քայլեր չէին նկատվում, ապա այժմ, կարելի է ասել, իրավիճակը հիմնովին փոխվել է: Ռուսաստանն էլ ձեռնամուխ է եղել «Նոր Կովկասի» շինարարությանը, այդ ընթացքում` արտաքին քաղաքական վեկտորների կտրուկ փոփոխությամբ: 

Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ադրբեջանում:

Ինքնին ուշագրավ է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Վլադիմիր Պուտինը հարավկովկասյան տարածաշրջանային առաջին այցը կատարեց ոչ թե իր ստրատեգիական գործընկերը համարվող Հայաստան, այլ Ադրբեջան, այն դեպքում, երբ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեք-չորս անգամ Պուտինին պաշտոնապես հրավիրել է Երևան և պատասխան չի ստացել: Այս իմաստով Պուտինի կատարած ընտրությունը` հօգուտ Ադրբեջանի, պետք է ընկալել իբրև դիվանագիտական ժեստ թե՛ այդ հրավերների և թե՛ առհասարակ Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Մոսկվան ոչ միայն փաստում է երկու երկրների քաղաքական հարաբերությունների նկատելի սառեցման իրողությունը, այլև փորձում հասկացնել, որ Հայաստանի եվրաինտեգրացիոն գայթակղությունների պատճառով կարող է փոխել նախընտրությունների վեկտորները:

Այս առումով հետաքրքրական է «Գոլոս Ռոսիի»-ի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ՌԴ ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Սերգեյ Գրինյաևի անդրադարձները, որ զրույցի ժամանակ նշել է. «Մինչև ներկա պահի ռուս-հայկական հարաբերությունների գնահատականին անցնելը, ես կանդրադառնայի ընդհանուր իրավիճակին, այդ թվում և աշխարհաքաղաքական, որ վերաբերում է Ռուաստանին և նրա հարևաններին: Շատերն են նշում այն մասին, որ Պուտինի` նախագահի պաշտոնին վերադարձով Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրավիճակը զգալի փոփոխություններ կրեց, որոնք, անխոս, վերաբերում էին նաև ԱՊՀ երկրների, ամենամոտ դաշնակիցների, ՌԴ սերտ գործընկերների հետ հարաբերություններին»: Վերլուծաբանի խոսքերով` նախկինում այդ հարաբերությունները կառուցվում էին քաղաքականության վրա, որն իր էությամբ խորհրդային ժամանակների ժառանգություն էր, այն ժամանակների, երբ Ռուսաստանը գործնականում ԱՊՀ բոլոր երկրների անպատասխան հովանավորն էր, անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն էին տանում այդ երկրները:

«Վերջին ժամանակներս քաղաքականությունն ավելի պրագմատիկ է դառնում, ավելի պատասխանատու` երկու կողմերի համար էլ, ինչը ստիպում է ԱՊՀ երկրների կողմից արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորելու հարցում մոտեցումների վերանայում կատարել: Մենք դա նկատում ենք Ուկրաինայի և Ուզբեկստանի հետ հարաբերություններում, որոնք վերջին տարիներին բազմիցս մե՛կ մտնում, մե՛կ դուրս են գալիս ՀԱՊԿ կազմից և իրենց ուրույն վերաբերմունքն ունեն արտաքին քաղաքականության հարցում: Ես կարծում եմ, որ եկել է նաև ռուս-հայկական հարաբերությունների վերանայման ժամանակը, որի օրինակը կարող են լինել վերջին զարգացումները, այդ թվում` Պուտինի այցը Բաքու»,- նշել էր Գրինյաևը:

map_caucasusՍա նշանակում է, որ եթե մինչև հիմա Անդրկովկասում ՌԴ հիմնական ռազմավարական գործընկեր համարվում էր Հայաստանը, ապա այժմ վերջինս մի կողմից  սկսել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հստակ կուրս, ինչը կփակի նրա ճանապարհը դեպի Մաքսային միություն, մյուս կողմից շարունակում է դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս երկու ուղղությունները համատեղելի չեն:

Հարց է առաջանում` ի՞նչ էր Պուտինը փնտրում Ապշերոնում… Ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանը փաստացի թաղեց «ՆԱԲՈՒԿՈ» նախագիծը` իր գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար նախապատվությունը տալով մինչև 20 մլրդ խմ թողունակությամբ Տրանսադրիատիկ գազատարին, որը կառուցվելու է 2017 թ.: Այս նախագիծն ավելի փոքր շուկաներ է խոստանում Ադրբեջանին, քան «ՆԱԲՈՒԿՈ»-ի շրջանակում, իսկ դա, միանշանակ, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Տրանսադրիատիկ գազատարը, ի տարբերություն «ՆԱԲՈւԿՈ»-ի, ավելի թույլ մրցակից է ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի համար, և այս իմաստով Ադրբեջանը հսկայական ծառայություն մատուցեց Ռուսաստանին` նրան ազատելով հիմնական մրցակցից: Նաև այն փաստը, որ Պուտինի այցելության օրակարգում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ռուսական Ռոսնևտի և ադրբեջանական «Սոկար» ընկերությունների միջև, հուշում է, որ Ռուսաստանը փորձում է մուտք գործել ադրբեջանական էներգետիկ արդյունահանման ոլորտ, ինչը կարող է հանգեցնել այդ երկրում նրա ազդեցության մեծացմանը: Սա էլ, իր հերթին, հնարավորություն կարող է տալ Ադրբեջանին մանևրելու ՌԴ-ի հետ հարաբերություններում և նրա առջև որոշակի քաղաքական պահանջներ դնելու, այդ թվում նաև ԼՂ հիմնահարցի մասով:

Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած մեկօրյա աշխատանքային այցում դիվանագիտական «ժեստիկուլյացիայի» առումով մի շատ կարևոր բան ընդգծվեց` նրա ժամանումը Կասպից ծովով «Դաղստան» հրթիռային ռազմանավի ուղեկցությամբ: Իսկ կայացած բանակցությունների վերաբերյալ երկու նախագահների հրապարակային հայտարարությունները չափազանց զուսպ էին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցելության ժամանակ երկու գլխավոր հարցեր են հուզել Ռուսաստանին: Առաջինը` Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ մատակարարելը Եվրոպա: Երկրորդը` Ադրբեջանի քաղաքականության շատ հստակ լինելը ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն պրոցեսների նկատմամբ: Իսկ Բաքվին, բնականաբար, հետաքրքրում էր Ղարաբաղյան խնդիրը:

Հատկանշական է մեզ վերաբերող այլ «մանրուք» ևս. այն օրը և օրերին, երբ մեր տարածաշրջանում փորձագետներն ակտիվորեն քննարկում էին Պուտինի ադրբեջանական սիրախաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր արձակուրդում:

Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան. մարդ է մեր նախագահը և իրավունք ունի արձակուրդ անցկացնելու նույնիսկ հեռավոր Ամերիկայի ափերի մոտ` Մարտաս-Վինյարդ (Marthas vineyard) կղզում: Բայց հետաքրքիրն այն է, որ օգոստոսի 11-ին այդ նույն` Մարտաս-Վինյարդ էր ժամանել նաև ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման: Իհարկե, հնարավոր է, որ այստեղ «դավադրությունների տեսության» ժանրին վերաբերող ոչ մի առանձնահատկություն էլ չկա, սակայն պետք է հիշել, որ կղզին շատ փոքր է, իսկ ԱՄՆ նախագահի պես պաշտոնյայի այցելության դեպքում, բնականաբար, գերտերության հատուկ ծառայությունները «սանրել են» կղզին:  Այսինքն` այնպես չէ, որ Բարաք Օբաման չգիտեր, որ Սերժ Սարգսյանն այնտեղ է, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն էլ  միամիտ էր իր արձակուրդն անցկացնելու համար հենց այդ փոքրիկ կղզին ընտրել, ու առավել ևս դժվար է հավատալ, թե Օբամայի ու Սարգսյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել Մարտաս Վինյարդում:  Եթե նույնիսկ այդպիսի հանդիպում տեղի չի էլ ունեցել, ուշագրավ է, որ ՀՀ և ԱՄՆ նախագահներն իրենց հանգիստն անցկացնում են միևնույն փոքրիկ` մոտ 15 հազար բնակչություն ունեցող կղզում: Եթե մանավանդ դիտարկենք այդ «արձակուրդը» Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ջերմացման ու հայ-ռուսական հարաբերությունների ակներև լարման համատեքստում:

Լուրջ խմորումներ են ընթանում մեր տարածաշրջանում, որը գոնե քաղաքական համապատկերի փոփոխության առումով արդեն իսկ «Նոր Կովկաս» կարելի է համարել, ու Հայաստանի համար, ինչպես և սպասվում էր, գալիս են բարդ ժամանակներ. կողմնորոշման խնդիր կա` իր բոլոր դրական ու բացասական հետևանքներով հանդերձ:

 

 

«Էլ ի~նչ տուրիստ, որին գոնե մեկ անգամ չեն խաբել»

վրաստան1Ամռան ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ամառային արձակուրդներն անմոռանալի կազմակերպելու հարցը: Ու սա, անկախ սոցիալական, հասարակական դիրքից, կարգավիճակից ու կարողություններից: Այսինքն` յուրաքանչյուրն էլ փորձում է իր հանգիստը կազմակերպել` սեփական գրպանի պարունակությանը համապատասխան: Ամառային հանգստի աժիոտաժի մեջ արդեն մի քանի տարի է, ինչ իր ուրույն տեղն ունի հարևան Վրաստանը, մասնավորապես, Աջարիայի ծովափնյա բնակավայրերը` Բաթումին, Քոբուլեթին, Ուրեկին, Սարփին և այլն: Սրա համար մի շարք պատճառներ կան, իսկ առաջինը` հենց այդ ուղղությամբ է ամենակարճ, ամենաէժան ճանապարհը դեպի ծով: Սրանում կարելի է համոզվել ամենահասարակ` հայտարարությունների կայքերում ու սոցցանցերում հանգստի կազմակերպման համար համապատասխան որոնումների ընթացքում. նման կայքերում արդեն պարզ է դառնում, որ ծովափնյա հանգստի բոլոր առաջարկվող ուղղություններից Աջարիայի լողափերի համար, հիմնականում, ամենաքիչ ծախսերն են պահանջվում: Երբեմն, նույնիսկ, ավելի քիչ, քան հենց Հայաստանում հանգստի անցկացման համար: Թողնենք Հայաստանի ու Վրաստանի տուրիստական ոլորտների գների ու ծախսերի համեմատությունը ու անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի:

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում ամառային արձակուրդն անցկացնել Աջարիայում, մի բնական ու տրամաբանական հարց է ծագում. իսկ արդյոք առաջարկվող ծառայություններն ու գները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ իրականությունն այլ է` արդյոք չե՞ն խաբում իրենց:

Այս առումով տուրիզմի համար մի հին ասացվածք կա. «Էլ ի~նչ տուրիստ, որին չեն խաբել…»: Աջարիայում հանգստի որակի, առաջարկվող ծառայությունների գների ու, առհասարակ, ծախսերի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում միշտ: Բայց նաև բավական հաճախակի են հանդիպում այնպիսիք, ովքեր պնդում են, որ Աջարիայում խաբեությունը շատ է:

Հանուն արդարության նշենք, որ խաբեություն, իհարկե, պատահում է, ինչպես և Հայաստանում: Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, որ Հայաստանում Աջարիայի հյուրանոցների ուղեգրեր վաճառողները հաճախորդներին վաճառում են մի փաթեթ, բայց հաճախորդները տեղում հանդիպում են այլ պայմանների: Օրինակ` հենց այն հյուրանոցում, ուր կանգ էինք առել մենք, նույն օրը եկան նաև 3 այլ հայ ընտանիքներ: Միջանցքում հանդիպեցինք ընտանիքների տղամարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից դժգոհ էին ու «ակտիվ բանակցությունների» մեջ էին հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Պարզվեց, որ նրանք Երևանում տուրիստական ընկերությունում պատվիրել են 3 հատ 4 տեղանոց համարներ, բայց Քոբուլեթիի հյուրանոցում նրանց ասում էին, թե իրենց պատվիրել են 4 հատ 3 տեղանոց համարներ:

Հայերից Կարենը, արդեն հայերենով, ասաց, որ եթե տուրիստական ընկերության աշխատակցուհին հենց իր ներկայությամբ զանգած ու ճշտած չլիներ պատվերի մանրամասները, ապա ինքը կհավատար, թե իրոք տուրիստական ընկերությունն է վրիպել: Մի խոսքով` նրանց փորձում էին պարտադրել 4 համարներն էլ զբաղեցնել, քանի որ պատվերն այդպիսին է եղել: Հետո, իհարկե, համաձայնության եկան, սակայն երևույթը ամենևին էլ հաճելիներից չէր: Նման «պատահական թյուրըմբռնումներ» վրացիների մոտ, կարծես, շատ են պատահում: Օրինակ` մենք էլ, ծանոթ լինելով այդ հյուրանոցին, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ հենց այնտեղ ենք հանգրվանում, պատվիրել էինք երկու տեղանոց մեկ համար` անպայման պատշգամբով: Բայց մեզ առաջարկում էին համար առանց պատշգամբի: Մեր դեպքում, որպես հին հաճախորդների, հարցը շատ արագ լուծվեց, սակայն էլի վրիպակի համար հղում կատարեցին տուրիստական գործակալությանը: Համենայն դեպս, մասնավոր զրույցներից դատելով էլ, բավական շատ են դժգոհությունները, որ վրացի հյուրանոցատերերը շատ են խաբում, այլ բան են ներկայացնում, այսպես ասած` վաճառքի, սակայն վերջում փորձում են այլ բան վաճառել: Ի դեպ, եթե հյուրանոցում համարն էլ նախօրոք չես պատվիրել ու դրա համար վճարել, տեղում կարող է պարզվել, որ բոլորովին այլ գին պետք է վճարել: Սա նույնպես, կարծես, օրինաչափություն է, որը հունից հանում է հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Աջարիայում անցկացնում իրենց հանգիստը: Մի փոքր այլ է պատկերը մասնավոր բնակարաններ կամ տներում սենյակներ վարձելու առումով: Սակայն այստեղ էլ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել բնակարանատիրոջ կողմից նախօրոք` առանց կացարանը տեսնելու առաջարկած պայմանները, քանի որ վրացիները, ինչպես արևելյան բոլոր ժողովուրդները, իրենց ապրանքը գերագնահատելու սովորությունից զերծ չեն: Մի խոսքով, փոքրիկ աչալրջությունը ոչ ոքի էլ, բոլոր դեպքերում, չի խանգարում:

Այլ տեսանկյունից նայենք Աջարիայում հանգստի անցկացմանը. «Էժան գներով բնակարան չե՞ք ուզում, մատչելի գներով տաքսի~, լավ պայմաններով տուն` հենց ծովի ափին, 100 մետր հեռավորությամբ…»,- ու էլի բազմաթիվ նման` կոտրած ռուսերենով բացականչություններ, որ լսում են Աջարիայի ծովափնյա բնակավայրերում ավտոբուսներից, մեքենաներից, գնացքից իջնող հայերը: Արևի այրող ճառագայթների ու ծովի խոնավ օդի հետ միախառնվելով` այս բացականչություններն արևելյան խառնաշփոթ շուկայի կերպարանք են ստանում երկար ճանապարհից հոգնած, մի քանի օր ինքնամոռաց ծովի ալիքներին ու ափի արևին տրվել վրաստան2ցանկացող հովեկների համար, ովքեր դեռ չեն էլ հասցրել թոթափել ճանապարհի փոշին ու հոգնությունը: Ծով, ծովափ ու արև երազող հայացքները ավտոբուսների, գնացքի, մեքենաների դռների հետևում հանդիպում են ոչ թե տուրօպերատորների կեղծավոր, արհեստական, բայցևայնպես քաղաքավարի ու բարեհամբույր ժպիտներին, այլ մարդկային դեմքերի մի ամբողջ հեղեղի` իր գունեղ առաջարկություններով և վրացական առոգանությամբ ռուսերենի տարափով. «զդայուտցա կվարտիրի, խառոշի կոմնատ, ս կոնդիցիոներ, պո սամոյ նիզկոյ ցենե, տաքսի, բիջո, նե խոչիշ տաքսի, դավայտե յա բուդու պամագատ վաս ս վեշամի»: Հովեկները չեն էլ հասցնում ուշքի գալ, թե արևախանձ դեմքով վրացին ինչ է ուզում իրենցից` բերանում կարծես տաք կարտոֆիլ պահած ինչ-որ անհասկանալի բառեր արտաբերելով:

Ու մեկ էլ տեսնում ես, որ ճամպրուկներդ արդեն, անկախ քո կամքից ու ցանկությունից, հենց այդ «բիջոյի» թեթև ձեռքով ուղևորվում են դեպի իր «տեխնիկայի վերջին ճիչ» ավտոմեքենան, իսկ վրացին էլ դեռ գոռգոռում է. «Դավայ, յա պամագու, բիջո…»: Մեզ մի անգամ «բախտ» վիճակվեց նկատել, թե ինչ ջանասիրությամբ է մեր ճամպրուկները իր` նախորդ դարի 80-ականների արտադրության փոքրիկ ԲՄՎ-ի մեջ խցկում մի կարճլիկ վրացի, ընթացքում վրացերեն շաղակրատելով ու աչքերը խորամանկորեն փայլեցնելով: Փորձեցի առարկել, թե մեզ իր տաքսին պետք չէ, քանի որ շատ փոքր է, ես մենակ չեմ, այլ ևս հինգ հոգու ուղեկցությամբ, որ բոլորի իրերը տեղավորելուց հետո մեզ էլ տեղ չի մնա և այլն… Վրացին էլ` իր ջանասիրությամբ ու գործնականությամբ «համոզեց», թե իր մեքենան մենք իրենից լավ չգիտենք, ու դեռ կարող ենք մի երկու հոգու էլ կողքից հրավիրել` միասին տեղ հասնելու համար: Հետո, երբ փորձում էի առարկել, նա վճռականորեն շրջվեց, թե բոլոր տաքսիստներին ինքը կասի, որ մեզ չտանեն, եթե մենք իր մեքենայով չուղևորվենք հյուրանոց, քանի որ ինքը, զբաղված լինելով մեզանով ու մեր իրերով, չի կարողացել իր համար այցելու «ապահովել»:

Լուրջ չընդունեցինք ու սկսեցինք կայարանի մեծ ավտոկանգառում, ուր այդ պահին մոտ 20-30 տաքսի կանգնած կլիներ, այլ մեքենա փնտրել: Բայց, ո~վ զարմանք, ոչ ոք չի համաձայնում մեզ տեղափոխել` բոլորը հայացքով ցույց են տալիս մեր «հին բարեկամի» ուղղությամբ: Ստիպված համաձայնեցինք ու մի կերպ` խցկված, հասանք հյուրանոց: Բայց տեղում էլ պարզվեց, որ պետք է վճարենք ոչ թե նախօրոք պայմանավորված գումարը, այլ կրկնակին, քանի որ վարորդը միանգամից երկու մեքենայի ուղեբեռ և ուղևոր է տեղափոխել…

Նման տարաբնույթ առաջարկություններից առաջին անգամ օգտվողները, ովքեր ծանոթ չեն տեղական գներին, վրացիների կողմից դիտարկվում են ճիշտ այնպես, ինչպես պարսիկ տուրիստները` հայ տաքսիստների աչքին` որպես փողի քսակ: Նման դեպքերում, իհարկե, տաքսին, օրինակ, 1 վրացական լարի վերցնելու փոխարեն հանգստացողից վերցում է 2-3, երբեմն էլ 4 կամ 5 լարի: Եվ համեստ ու ամոթխած հովեկները շատ են ընկնում այս թակարդը:

Հատուկ ուշադրության է արժանի Աջարիայում` Հայաստանից տուրիստական հոսքի մեծանալուն զուգընթաց դիտարկվող «գնային վարիացիաների» երևույթը: Օրինակ` հուլիսի կեսին, երբ տուրիստական հոսքերը դեռ փոքր են, շուկայում 1 կիլոգրամ լոլիկն արժեր 70-80 տետրի (վրացական մանրադրամ, մոտ 175-200 ՀՀ դրամին համարժեք), արդեն հուլիսի երկրորդ տասնօրյակում լոլիկի գինը հասավ 1 լարիի (250-260) դրամ, իսկ հուլիսի վերջին, երբ արդեն սկսվում է Հայաստանից տուրիստների ամենամեծ հոսքը, նույն վաճառողի մոտ լոլիկն արդեն արժեր 1,5 լարի (մոտ 360-370 դրամ): Այսինքն` ընդամենը 10 օրում գինը բարձրացավ 50 տոկոսով ու դեռ ավելի կբարձրանա օգոստոսին: Նշեցինք միայն լոլիկի օրինակը, սակայն նույնը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին:

Բոլոր հայ տուրիստներն էլ, ովքեր մեկնում են Աջարիա, պետք է հաշվի առնեն մեկ հանգամանք. նույն ապրանքը տուրիստների համար մի գին ունի, տեղացիների համար` մեկ ուրիշ: Անձնական օրինակից ելնելով` նշեմ, որ, օրինակ` վաճառողը խաշած եգիպտացորենը մեզ վաճառեց 2 լարիով (50-520 դրամ), իսկ անմիջապես մեր հետևից մոտեցած վրացուն, աչքով-ունքով հասկացրեց, որ թաքուն տա 1 լարի: Սա արդեն խաբեություն էլ չէ, այլ հայերի համար` աջարական առօրյա…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ, Երևան-Քոբուլեթի-Բաթումի-Երևան

Հայաստանին առաջարկվում է գայթակղիչ, բայց վտանգավոր ընտրություն

armenia-europeԵթե անցյալ տարի որևէ մեկն ասեր, որ ընդամենը մեկ տարուց մեր տարածաշրջանում ուժերի ու քաղաքական գործընթացների այնպիսի ընթացք կարձանագրվի, ինչպիսին այսօր է, թերևս, ծիծաղի կարժանանար: Բայց այսօր տեսնում ենք, որ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը բավական կոշտ ու վճռական քայլերի են դիմում Հարավային Կովկասում: Այդ քայլերի ազդեցությունը մենք ամեն օր զգում ենք:

Նախանցյալ շաբաթ Երևանում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ կապված բանակցությունների վերջին` 7-րդ փուլը: Դա նշանակում է, որ կողմերն արդեն իսկ պատրաստ են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` նշելով. «2010 թ. սկսված այդ բանակցությունների ավարտը մեծ ձեռքբերում է երկկողմ հարաբերություններում: Դա կողմերին հնարավորություն կտա անցկացնելու բարեփոխումներ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, խորացնել տնտեսական ինտեգրումը: Այդ համաձայնագրի ստորագրումը դրական կազդի Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի վրա` երկիրը մոտեցնելով Եվրամիությանը»:

Այսինքն` Հայաստանի` եվրաինտեգրման համար, բացի տեխնիկական խնդիրներից, որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի, և ամեն ինչ կախված է Հայաստանի կամքից:

Սակայն օրեցօր ավելի է ընդգծվում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման եզրագիծը, ու այս պայմաններում, բնականաբար, երկու կողմերից յուրաքանչյուրն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ` բռնել իր կողմը:

Ինչպես նշում էր նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ, օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ հայամետ դիրքորոշում է որդեգրում: Բայց նման բան չկա: Հետևաբար` Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը: Մյուս կողմից` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Այսինքն` ԵՄ-ի հետ հարաբերությունները Հայաստանին, առաջին հերթին, պետք են հենց ֆինանսական առումով: Ու ռուսաստանյան կողմն արդեն սկսում է անցնել «ռուսական արջին» բնորոշ վայրի, բռի քաղաքական շանտաժի` փորձելով կշեռքի հակառակ նժարին դնել Հայաստանի ու ԼՂՀ-ի ռազմական անվտանգության հարցերը:

Այս ընթացքում Ռուսաստանը, թերևս վիրավորված Հայաստանի «դավաճանական» քայլերից, միանգամից ու գրեթե ամբողջապես է օգտագործում Երևանի վրա ազդելու իր ամբողջ զինանոցը` թե՛ տնտեսական ու էներգետիկ, թե՛ քաղաքական և թե՛ հոգեբանական ու քարոզչական: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արդեն որերորդ անգամ հնչում են տեսակետներ, թե «հայաստանյան արևմտյան թևը կարող է անգամ գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլուն». նման տեսակետ օրեր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից սա ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստություն է թվում` Հայաստանի եվրաինտեգրման կուրսի կապակցությամբ: Սակայն մեկ այլ «փորձագիտական տեսակետի» հետ համադրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ սա ոչ այնքան անհանգստության դրսևորում է, որքան Հայաստանի նկատմամբ սանձազերծվող քարոզչական էքսպանսիա:

Ռուսական REX ինֆորմացիոն գործակալությունը հուլիսի 21-ին և 22-ին հաջորդաբար հրապարակեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի երկու հոդված` «շանտաժոտ» վերնագրերով` «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» և «Ե՞րբ և որտե՞ղ է Ալիևն ընդունելու Սարգսյանի կապիտուլյացիան»: Այս հոդվածներով Տարասովը փորձում է առաջ մղել այն տրամաբանությունը, թե, իբր, Եվրամիության հետ ասոցացման քաղաքականության` Հայաստանի ընդունած կուրսը տանում է դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային ու տնտեսական տարանջատման, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ընկնելով կապանքների մեջ Ադրբեջանում էներգետիկ շահեր ունեցող Արևմուտքից, մենակ է թողնում ԼՂՀ-ին Ադրբեջանի դեմ ու ստիպում Ստեփանակերտին իր անվտանգության ապահովման բանալին փնտրել ադրբեջանական հետաքրքրությունների տիրույթում: Նշվում է, թե ԵՄ ինտեգրման քաղաքականությունը տանում է դեպի ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցություն, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի սկզբունքներին: Դրանով Հայաստանը քանդում է իր ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները: Ըստ Տարասովի` ելնելով վերոգրյալից` Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե Ռուսաստանի հարավկովկասյան շահերի, այլ սեփական պետության և ազգային շահերի դեմ, որովհետև այդ քաղաքականությունը նշանակում է ԼՂՀ-ի անկախության զոհաբերում:

russia-armenia-flagsԱյս շեշտադրումների նպատակն առավել քան հասկանալի է. մի կողմից անվստահություն ներշնչել վարվող եվրաինտեգրման քաղաքականության նկատմամբ և առաջացնել հանրային դիմադրություն դրա նկատմամբ` պայմանավորված ազգային անվտանգության ապահովմանն առաջնահերթություն տալու հանգամանքով, երկրորդ` հասարակությանը մեծ հաշվով հանել սեփական իշխանության դեմ` դավադրության մեղադրանքով և այդ ճանապարհով ուժեղացնել ճնշումը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուն տրամադրելու առումով: Ռուսաստանը դա անում է` չխորշելով դիմել ակնհայտ զեղծարարությունների և փաստերի աղավաղման, որը մանիպուլյացիաների միջոցով ներհայաստանյան և հանրային կարծիքի ուղղորդման փորձ է: Մասնավորապես` Տարասովն իր հոդվածում գրում է, թե ստեղծված իրավիճակը շատ նման է 20-րդ դարի երկրորդ և երրորդ տասնամյակի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին… Հիշեցնելով 20-ականների տխուր իրադարձությունները` Ռուսաստանը պարզապես զգուշացնում է` խելո՛ք մնացեք, եթե չեք ուզում մեր միջոցով կրկին կորցնել Լեռնային Ղարաբաղը…

Այստեղ հատկանշական է մեկ այլ` ոչ պակաս կարևոր իրադարձություն, որը, «չգիտես թե ինչու», դուրս մնաց հայկական ուշադրության կիզակետից: Բացի ֆինանսատնտեսական օգնությունից, Արևմուտքը, դատելով իրադարձությունների ընթացքից, նաև Հայաստանի հանդեպ որոշակի ռազմական աջակցության պարտավորություններ էլ է խոստանում ստանձնել: Առաջին օրինակն այն էր, որ Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ գերմանական հակատանկային հրթիռներ տրամադրեց: Երկրորդ` հենց այն ժամանակ, երբ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները Հայաստանի դեմ քարոզչական արշավանք էին նախապատրաստում, Արցախ ժամանեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի պատվիրակությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի` հոկտեմբերի 25-ին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Դա, ինչպես այդ ժամանակ բացատրեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախազգուշացում էր Ադրբեջանին, քանի որ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ էր հղել բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» նավթարդյունաբերական ընկերությանը, որը, ինչպես գիտենք, միջազգային հարաբերություններում այնքան էլ երկրորդական սուբյեկտ չէ. Նոր Ուելսի նահանգապետը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, այդ նահանգն Ավստրալիայի հնագույն նահանգն է` արդյունաբերական տեսանկյունից առավել զարգացած, որտեղ ապրում է Ավստրալիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը, որի կազմի մեջ է գտնվում Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքը և այլն, այսինքն` սա պարզապես մի խուլ նահանգ չէ: Առավել ևս եթե նախորդ տարվա հոկտեմբերին այս նահանգի ձայնը բարձր լսվեց` հաշվի առնելով «Բրիթիշ փեթրոլիում»-Ալիև հակադրությունը: Իրադարձությունների ընթացքն այս պրիզմայով դիտարկելով` ԼՂՀ Ազգային ժողովում բավականին հատկանշական մեսիջներ հնչեցին ավստրալացի գործիչների շուրթերով:

«Նոր Հարավային Ուելս նահանգում, ընդունելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությանը սատարող բանաձև, ընդամենը սկզբնակետն ենք դրել մի գործընթացի, որը դեռևս շարունակվելու է: Կասկած չկա, որ ձեր երկրի ապագան կախված է նաև այս երկրի տնտեսական հաջողություններից, և մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու նաև այս գործում: Գաղտնիք չէ նաև, որ պետության հաջողությունը պայմանավորված է ինչպես նրա տնտեսական աճով, այնպես էլ սահմանների անձեռնմխելիությամբ, ու մենք պատրաստ ենք սատարելու ձեզ այդ գործում ևս»,- ԼՂՀ ԱԺ-ում հայտարարեց Նոր հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ, ԼՂՀ անկախության,   Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինագծերի հեղինակ Մարի Ֆիկարան:

Ու երբ համադրում ենք իրադարձություններն ու փաստերը, ստացվում է հետաքրքիր պատկեր` Հայաստանը դրսից ակնկալում է ֆինանսատնտեսական ու ռազմատեխնիկական աջակցություն: Ընդ որում, Ռուսաստանը Հայաստանի տեսանկյունից դիտարկվում է որպես ռազմական անվտանգության երաշխավոր, իսկ Արևմուտքը` ֆինանսատնտեսական: Սակայն Ռուսաստանը, ռազմական աջակցությանը զուգահեռ, չի առաջարկում ֆինանսատնտեսական աջակցություն, մինչդեռ Արևմուտքը` տարբեր խողովակներով և ձևերով, պատրաստակամություն է հայտնում Հայաստանին ոչ միայն փող, այլև զենք էլ տրամադրել: Սրան գումարենք նաև, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սպառնում է ԼՂՀ-ի կորստով, Արևմուտքը, ԼՂՀ անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պատվիրակների միջոցով հիշեցնում է, թե ովքեր են ճանաչել և դեռ ովքեր են պատրաստ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂՀ-ին… Կողմնորոշվելը, բնականաբար, դառնում է գայթակղիչ, բայցև վտանգավոր…

 

Ո՞վ գիտի, թե ինքն ինչքան գազ ու հոսանք է ծախսել մինչև հուլիսի 7-ը

gazi hashvichԴեռ չենք մոռացել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հունիսի 7-ին որոշում ընդունեց սպառողներին  մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել: Չենք մոռացել նաև, որ այդ որոշումը ուժի մեջ էր մտնում հուլիսի 7-ից: Այսինքն` մինչև հուլիսի 7-ը բնակիչները պետք է սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարեն նախկին` էժան գնով, իսկ հուլիսի 7-ից ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի համար` նոր սահմանված` ավելի թանկ գնով: Բայց կարծես այդ մասին մոռացել են սպառողներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարողները:

 Պայմանագրի դրույթները չգործելու դեպքում նոր պայմանագիր պետք է կնքել

Ինչպես գիտենք, գազ ու էլեկտրաէներգիա ստանալու համար առաջին դեպքում պետք է լինել  «Հայռուսգազարդի», իսկ երկրորդ դեպքում` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդներ: Բաժանորդ դառնալու համար քաղաքացին պետք է այդ ընկերությունների հետ պայմանագիր կնքի, որով էլ կարգավորվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Այսինքն` պայմանագրով են սահմանվում, թե ինչ սակագնով, ինչ պայմաններով պետք է մատակարարները քաղաքացիներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարեն, ինչ ծառայություններ մատուցեն և այլն: Այդ պայմանագրերով է սահմանվում նաև, թե քաղաքացիներն ինչպես, ինչ ժամկետներում պետք է իրենց սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ անեն և այլն: Այսինքն` սա պայմանագրային հարաբերությունների տիրույթ է: Օրինակ` նույն «Հայռուսգազարդ» ընկերության կայքէջում նշված մեխանիզմի համաձայն` «Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը` պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցելու ցուցմունքի գրանցմանը: Հաշվարկային ժամանակաշրջանն օրացուցային ամիսն է: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:  Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում»:

Պայմանագրային հարաբերությունները մի կարևոր կողմ էլ ունեն. եթե պայմանագրային պայմանների մեջ որոշակի փոփոխություններ են լինում, ապա կողմերի փոխադարձ համաձայնությամբ կա՛մ  նոր պայմանագիր է կնքվում, կա՛մ նախկին պայմանագրի մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ: Որովհետև ինչպես գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն են պայմանագրով կարգավորվում, այնպես էլ դրանց դիմաց վճարումները: Ուստի մատակարարող ընկերությունները բնակիչների հետ պետք է նոր պայմանագրեր կնքեին արդեն նոր` թանկացած սակագներով գազ ու էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Սակայն փաստը մնում է այն, որ մինչ այս պահը բաժանորդների հետ նոր պայմանագրեր չեն կնքվել: Իսկ դա նշանակում է, որ չկա այն հիմքը, համաձայն որի` բնակիչները գազի ու էեկտրաէներգիայի դիմաց պետք է մատակարարող ընկերություններին վճարեն նոր` թանկ  սակագներով:

Բացի այդ, գազի ու էլեկտրաէներգիայի բարձր սակագները, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, գործում են հուլիսի 7-ից: Սակայն, ինչպես գիտենք, այդ «ապրանքների» ծախսի հաշվարկները կատարվում են ամսական կտրվածքով` հաշվարկվելով ամսվա սկզբից մինչև վերջին օրվա ընթացքում կատարված ծախսերը: Ու եթե բարձր սակագները սկսում են գործել ամսվա միջնամասի օրերից մեկից, ապա առանձին հաշվարկ պետք է կատարվի` պարզելու համար, թե յուրաքանչյուր բաժանորդ որքան գազ կամ էլեկտրաէներգիա է սպառել ցածր և որքան` բարձր գներով: Այսինքն` հուլիսի 7-ին համապատասխան հիմնարկների տեսուչները պետք է բաժանորդների գազի ու հոսանքի հաշվիչների թվերը ֆիքսեին բնակիչների ներկայությամբ, ու դրանց մասին տեղյակ պահեին բաժանորդներին:

Բերեմ տողերիս հեղինակի օրինակը: Հուլիսի 20-ի դրությամբ մեր բնակարանի դուռը թակել է միայն «Հայռուսգազարդի» ներկայացուցիչ-տեսուչը, առաջարկել ստորագրել մի փաստաթուղթ, որ իբր տեղյակ ենք, որ ինքը արձանագրել է հուլիսի 7-ի դրությամբ հաշվիչի ցույց տված ցուցմունքները: Նա չի հայտնել անգամ, թե ինչ թիվ է արձանագրված եղել` հուլիսի 7-ի դրությամբ: Ստացվում է` մենք տեղյակ ենք, որ ինչ-որ թիվ է արձանագրվել, սակայն տեղյակ չենք, թե ինչ թիվ է դա: Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի ծախսին` հուլիսի 7-ի դրությամբ, ապա մինչ օրս, անգամ Հայռուսգազարդի` տեղեկացման փաստաթուղթ չի արձանագրվել ու չգիտենք, թե այդ հաշվարկն ինչպես է արվելու:

Այս մտահոգությունը, դատելով առօրյա զրույցներից, բոլոր բնակիչներն ունեն, քանի որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ձևով է կատարվելու իր ծախսած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկները:

Համոզված ենք, որ հաջորդ ամիս` ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման ժամանակ մեզ հավաստիացնելու են, թե ամեն ինչ կարգին է, ոչ ոք ոչ մեկի իրավունքները չի խախտել: Համենայն դեպս, այդպես եղել է միշտ, ու դույզն-ինչ նշան էլ չկա, որ հույս առաջացնի, թե այս անգամ բացառություն է լինելու: Համոզված ենք, որ ընկերությունների մամուլի ծառայությունները նաև «խելամիտ ու համոզիչ» պատասխաններ կգտնեն, թե ինչու քաղաքացիներին չեն վերաբերվում որպես քաղաքացիների կամ իրավունքի սուբյեկտների: Համոզված ենք նաև, որ սուսուփուս մուծելու ենք այն գումարը, որն առաջարկվելու է մեզ` թեկուզ համոզված չլինելով, որ այն ճիշտ է հաշվարկվել ու դրանով իսկ հերթական անգամ հնարավորություն ու առիթ ենք տալու, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես ուզեն, այլ ոչ ինչպես օրենքն  ու մարդակենտրոն հասարակության տրամաբանությունն է պահանջում:

 

«Արաբական գարունը» Եգիպտոսում իմաստազրկվեց

արաբական գարունԲավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետադարձ հայացք ենք ձգում Եգիպտոսում ընթացող զարգացումների  վրա: Այդ զարգացումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ երևակում են մահմեդական աշխարհի լոկոմոտիվի` առաջնորդող երկրի կարգավիճակի համար մղվող պայքարի էությունը, այլև ստվեր գցեցին «արաբական գարուն» երևույթի տրամաբանության վրա: 

Եգիպտոսի իրադարձությունները տարածաշրջանում ճշգրտումների կարիք են առաջացրել

Ինչպես գիտենք, անցյալ ամիս Եգիպտոսում մեծ թափ հավաքեցին հակակառավարական բողոքի ցույցերը, իսկ նախագահ Մուրսին, չնայած բազմամիլիոնանոց ցույցերին, կտրականապես հրաժարվում էր հեռանալ իր պաշտոնից:

Դրանից հետո Եգիպտոսի բանակի գեներալները հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են առնելու երկիրն այն դեպքում, եթե քաղաքական գործիչները մինչև հուլիսի 3-ի երեկոյան ինչ-որ փոխզիջման չհասնեն:

Բանակը, խորհրդարանը, որում մեծամասնությունը իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն էին, լուծարելու և սահմանադրությունը կասեցնելու մտադրություն ուներ: Հուլիսի 3-ի դրությամբ քաղաքական գործիչները փոխզիջման չէին հասել, ուստի բանակը գործի անցավ: Հուլիսի 4-ին զինվորականները Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ Մուհամեդ Մուրսին այլևս նախագահ չէ: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավար Ալի Մանսուրը:Դրանից հետո երկրի ղեկավարությունն անցավ անցումային խորհրդին, որը կնախապարաստի սահմանադրության փոփոխությունները և կանցկացնի համընդահուր ընտրություններ: Նախագահ Մուրսին այդ նախագծից դուրս է մնացել:

Բայց այդքանով «թատրոնը» չավարտվեց, այլ միայն դեպքերի զարգացման նոր սցենարներ բերեց: Որովհետև երկրի իսլամիստական ուժերը` նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցները, պարբերաբար սկսեցին մեծ հանրահավաքներ հրավիրել ու նաև նշել, որ սկսելու են պայքար Մուրսիի պաշտոնը վերականգնելու նպատակով: Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են զինվորականների կողմից պաշտոնից հեռացված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների բախումները:

Հենց այստեղ էլ ուրվագծվում է այն կարևորությունը, որ նշում էինք: Փաստորեն, այն Եգիպտոսում, որտեղ ընդամենը 2-3 տարի առաջ նույն ժողովուրդը դուրս էր եկել նախկին վարչակարգի դեմ, որտեղ կատարվեց հեղափոխություն, և իշխանության եկան իսլամիստական ուժերը, այդ նույն Եգիպտոսում այդ նույն ժողովուրդն այս օրերին էլ պայքարում էր «արաբական գարնան» արդյունքի` Մուրսիի գլխավորած իսլամիստական վարչակարգի` «Մուսուլման եղբայրների» իշխանության դեմ: Այս առումով, արդեն ոչ թե ենթադրաբար, այլ վստահ պետք է արձանագրել, որ «Արաբական գարուն» նախագիծը միջազգային հարաբերություններում ձախողվեց:

Արժե հիշել, թե ովքեր էին «Արաբական գարնան» ջատագովները և ամենայն հավանականությամբ նաև ճարտարապետները: Բնականաբար Արևմուտքը` ի դեմս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ «Մուսուլման եղբայրներին» իշխանությունից հեռացնելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ դիմելով Եգիպտոսի անցումային կառավարությանը` նշեց, թե «Մուսուլման եղբայրներ» շարժումը չպետք է հեռացվի Եգիպտոսի քաղաքականությունից, և անհրաժեշտ է գտնել առաջ գնալու ընդհանուր ուղի:

Թույլ Եգիպտոսը ձեռնտու է Թուրքիային

Առաջ գնալու ուղի «գտավ» Թուրքիան: Նախ` Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Թուրքիան Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը հակաժողովրդավարական քայլ է համարում: Այս հայտարարությունը Եգիպտոսում լուրջ դժգոհություն էր առաջացրել, և Եգիպտոսն էլ իր հերթին կոչ արեց Թուրքիային չխառնվել իր ներքին խնդիրներին:

Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամլո ասուլիսի ժամանակ նշել էր. «Եգիպտոսում զինվորական հեղաշրջումը քննադատելը և այնտեղ ստեղծված կացությամբ մտահոգված լինելը չի նշանակում միջամտություն Եգիպտոսի ներքին հարցերին»: Նա ասել էր նաև, որ Եգիպտոսի կայունությունը հրատապ հարց է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար, և Թուրքիան Եգիպտոսի ու նրա ժողովրդի բարեկամն է:

Իսկ Եգիպտոսում հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված տեսանյութում նշվել է, որ Թուրքիան Եգիպտոս զենք է մատակարարել: Հեռուստառեպորտաժում ներկայացվում էր Թուրքիայից ժամանած նավերից մեկում մեծ քանակությամբ ատրճանակ հայտնաբերելու և առգրավվելու մասին: Եգիպտացի իրավապահները Թուրքիայից ժամանած նավում հայտնաբերել էին մեծ քանակությամբ ակուստիկ ատրճանակներ, որոնք հեշտությամբ կարելի է վերափոխել իրական հրազենի:

Թուրքիայի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ գրավոր բացատրություն տվեց, որով նշվում էր. «Եղբայրական Եգիպտոսի կայունությունն ու խաղաղությունը Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի, և ինչ նպատակով էլ լինի, բռնության կիրառումը երկրում անընդունելի է համարում»:

Հիմա իրադարձություններին նայենք այլ տեսանկյունից: Նշենք, որ մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը սունի է: Իսկ սունիների վրա ազդեցություն ունենալու համար երեք հիմնական մրցակից պետություններ են պայքարում` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան: Եգիպտոսի խաղից դուրս գալը հօգուտ Թուրքիայի էր, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե շատ ավելի նկրտումներ ուներ  սունի մահմեդականության լիդերության առումով: Բայց այստեղ մեկ հանգամանք կա, որ անպայման պետք է նկատի ունենալ. եգիպտական վերջին զանգվածային բողոքն իսլամական վարչակարգի դեմ էր, Թուրքիան ևս իսլամական վարչակարգ է: Բացի այդ` Արևմուտքի կողմից ընդունելի էր համարվում Թուրքիայի մոդելը, որպես իսլամական երկրի մոդել:

Բայց թուրքական իսլամիստական երկրի մոդելը մեծ հարված կրեց Թուրքիայում ծավալված ներքին խմորումների հետևանքով, որոնք ցույց տվեցին, որ այդքան փառաբանված թուրքական մոդելի պայմաններում Թուրքիայի քաղաքների փողոցներում մարդիկ բարիկադների վրա են: Եվ այս առումով սպասելի էր, որ Թուրքիան պետք է օգտվեր ցանկացած առիթից իր մրցակիցների հաշվին սեփական խնդիրները կոմպենսացնելու համար: Իսկ Եգիպտոսի վիճակից ավելի հարմար առիթ, երևի չէր էլ ունենա: Այսինքն` Թուրքիան շահագրգռված է, որ Եգիպտոսում քաոս լինի, այդպիսով իր դերն էլ ավելի կընդգծվի:

«Նշենք, որ Եգիպտոսում շատ լուրջ վտանգ կա, որ տապալվող իշխանության թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրները», որ իհարկե տարբերվում են Թուրքիայի իսլամիստներից իրենց ծայրահեղականությամբ, անցնեն ընդհատակ: Իսկ ընդհատակն արդեն քաղաքացիական անհնազանդության, բռնամիջոցների կիրառման և ահաբեկչական գործողությունների սկիզբն է: Սա, իրոք, քաոս է»,- ասում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Փաստը մնում է փաստ, որ մինչև «Արաբական գարուն» հզոր Եգիպտոս կար, իսկ այժմ` քայքայված ու ներսից ցնցվող, որը խառնում է այս տարածաշրջանում սցենարի հեղինակների խաղաքարտերը: Եգիպտական ներկա քաոսային իրադարձություններն անպայման տարածաշրջանի համար նախատեսված սցենարների մեջ վերանայումներ ու սրբագրումներ կմտցնեն:

 

Պետությունն է ափսոս

MHM80087 copyՔաղաքակիրթ աշխարհում մի սկզբունք կա. հանրային ծառայությունների ոլորտում թանկացումներ կատարվում են այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման որակական նոր փուլ է արձանագրվում: Օրինակ` անթրաշ ու կեղտոտ շորերով ռաբիս երաժշտություն լսող վարորդի ու ավերակ միկրոավտոբուսով  ուղևորափոխադրումների փոխարեն հասարակությանը սկում են տրանսպորտային ծառայություններ մատուցել մաքուր, կոկիկ արտաքինով, օրինակելի հագուկապով, բարեկիրթ վարվելակերպով վարորդները` հարմարավետ ու արժանապատվությունը չվիրավորող մեքենաներով, որոնցում քաղաքացիներին նոր որակի այլ ծառայություններ էլ են մատուցվում: Հայաստանում այս առումով ոչինչ չի փոխվել, բայց երթևեկում ենք արդեն 50 տոկոսով ավելի բարձր ուղեվարձով, քան մեկ շաբաթ առաջ էր:

Քաղաքապետարանը համառորեն փորձում է ապացուցել, որ տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագների վերանայումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացմամբ, այլ պահեստամասերի, վառելիքի և ծառայությունների ընդհանուր գնաճով, որը տեղի է ունեցել աստիճանաբար: Եվ որպեսզի ասվածն ավելի համոզիչ թվա, վկա են բերում ուղևորափոխադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է լրագրողներին ասեն, որ իրենք այս ամբողջ ընթացքում աշխատել են վնասով: Ու քանի որ դա շարունակել այլևս հնարավոր չէր, ուղևորավարձի բարձրացումը մնում էր միակ խելամիտ որոշումը: Մի՞թե:

Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 76  երթուղի` 1565 միավոր շարժակազմով, ավտոբուսային 68 երթուղի` 939 միավոր շարժակազմով և տրոլեյբուսային 10 երթուղի` 108 միավոր շարժակազմով:

Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 370-380 միավոր շարժակազմ:

Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 13 մասնավոր  և 2 պետական կազմակերպություններ: 2012 թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 49.3 մլն ուղևոր:

Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 43  մասնավոր կազմակերպություններ: Մայրաքաղաքում ուղևորափոխադրման հիմնական մասն էլ դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 68 տոկոսը:  Այսինքն` ինչքան  էլ բարձրանա ուղեվարձը, դրանից քաղաքապետարանը ոչ մի օգուտ չի ունենա, այլ միայն երթուղիները սպասարկող մասնավոր գծատերերը ավելի պատկառելի գերշահույթ կստանան:

MHM80050 copyՎաղուց էր խոսվում, որ մայրաքաղաքի ուղևորափոխադրողները կամ ժողովրդական տարբերակով ասած` գծատերերն այնքան էլ գոհ չէին գործող 100 դրամ սակագնից և բողոքում էին, թե իրենք աշխատում են կորուստներով: Չնայած այստեղ մի հանգամանք կա. պետք է հաշվի առնել, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:

Այսպիսով` տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան են մուծում են ամսական 16 500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում են ամսական 33 800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36 400 դրամ, «Ռաֆ» մակնիշի մեկ մեքենայի համար` 28 600 դրամ, իսկ մեկ ավտոբուսի համար` 44 000 դրամ:

Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կեսաթոշակային վճարները, որոնք ամսական մոտավորապես կազմում են 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` «Ռաֆ» մակնիշի մեքենայի համար` 63 100 դրամ, 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68 300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70 900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78 500 դրամ:

Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում էր մոտ 10 հազար դրամ: Մի քիչ ավելի կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ էր մուծում գծատիրոջը: Ընդունենք, որ մեկ մեքենան ամբողջ ամիսը չի աշխատում, այլ 25 օր, և գծատիրոջը մուծվում էր 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը` 78 500 դրամ: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերն ամսական ստանում է մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնայած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է իրականացնում:

Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարում ենք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է մոտ 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ այն դեպքում, երբ վառելիքի ծախսը կատարում են վարորդները: Այդ դեպքում գծատերերի եկամուտների գումարն ավելին է, քան 3-5 պատգամավորի կամ նախարարի և մոտ 50 թոշակառուի ամսական աշխատավարձերն են:

Բայց և այնպես քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով բարձրացնել ուղեվարձերը:

Քաղաքակիրթ աշխարհում` հատկապես Արևմտյան Եվրոպայում, մի ուրիշ մոտեցում էլ կա հանրային տրանսպորտի ոլորտում: Այնտեղ հասարակական տրանսպորտը ոչ միայն որպես շահույթ հետապնդող գործունեության ձև` շահութաբեր բիզնես չի դիտարկվում, այլև ինքնածախսածածկում չի ակնկալվում: Համարվում է, որ հասարակական տրանսպորտը քաղաքացիներին` երկրի աշխատող մարդկանց պետք է տնից և այլ տեղերից աշխատանքի վայր տեղափոխվելու համար, որտեղ նրանք աշխատում ու ստեղծում են նյութական բարիքներ: Եվ այդ ստեղծված բարիքների արդյունքից ստացված հարկերից գոյացող սուբսիդավորմամբ էլ պետք է  ծածկվեն տրանսպորտի ոլորտի ծախսերը: Բացի այդ, եվրոպական երկրներում կարելի է միևնույն տոմսով երթևեկել ամբողջ երկրում` ամենուր նույն տոմսը ներկայացնելով: Այդ երկրներում գործում են աբոնենտային վճարումների ճկուն համակարգեր, զեղչեր սոցիալապես անապահովների, թոշակառուների, ուսանողների և այլ սոցիալական շերտերի համար և այլն: Մեր երկրում նման բաներ չկան և տեսանելի ապագայում էլ չեն լինի: Մեր երկրում պետությունը, որը պետք է աշխատի հանուն իր քաղաքացիների շահերի, անտրամաբանական հոգատարություն է ցուցաբերում հարուստների նկատմամբ` ոտնահարելով քաղաքացիների տարրական իրավունքները: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտի թանկացման մասին որոշում ընդունելով, առաջնորդվում է ոչ թե քաղաքացիների շահերով, ոչ թե իր բյուջեն հավելյալ եկամուտների հոսքեր ապահովելու մղումով, ոչ թե քաղաքակիրթ տրանսպորտային ոլորտ ունենալու նպատակով, այլ մասնավոր գծատերերի շահույթն անխափան ապահովելու «սուրբ պարտականությամբ»:

Ասում են, թե սրանից հետո երթուղայինների հոգնատանջ վարորդները կսկսեն արժանապատիվ վարձատրություն ստանալ: Չենք հավատում: Նրանք շարունակելու են նույն անարժանապատիվ աշխատավարձով նույն չարքարշ աշխատանքը կատարել, մարդիկ սկսելու են տրանսպորտի համար 50 տոկոսով ավելի վճարել, դրանից պետությանը ոչ մի օգուտ չի հասնելու, իսկ որոշ գծատերեր էլ, որոնք գերշահույթներ էին ստանում, հիմա ավելի շատ են ստանալու:

Որովհետև սա Հայաստանն է: Ու վե՛րջ:

 

Ընդերքի ջուրը վատնում ենք ավելի արագ, քան այն հասցնում է վերականգնվել

յուրի ջավադյանԱնցյալ շաբաթ, կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացվեց Արարատյան արտեզյան ավազանում տիրող վիճակը, ներկայացվեցին լրջագույն խնդիրներ, և վարչապետն այդ խնդիրները լուծելու համար որոշ հանձնարարականներ հնչեցրեց, մասնավորապես` որոշ արտեզյան հորեր կոնսերվացնելու վերաբերյալ: Ընդերքային ջրերի աղետալի վիճակի ուսումնասիրության և վեր հանված խնդիրների լուծման առաջարկության հեղինակներից մեկն էլ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն է:  Նա «Անկախին» ներկայացրեց, թե որոնք են այս ոլորտի խնդիրներն ու անելիքները:

– Պարո՛ն Ջավադյան, ընդերքային ջրերի ի՞նչ պաշարներ ունենք Արարատյան արտեզյան ավազանում, և  ի՞նչ խնդիրներ են այնտեղ առաջացել: 

– Այդ պաշարները վերջին անգամ որոշվել են 1984 թ.: Այդ տվյալներով` Արարատյան արտեզյան ավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար, լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից` տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Սա է այն հիմնական գիծը, որից ավելի ջուր օգտագործելու թույլտվություն տալու իրավունք  որևիցե մեկը չունի, և որից ավելի օգտագործումը խափանում է ավազանի վերականգնումը:

Այդ ավազանի գրունտային շերտն այն 80 մետրն է, որը հորատելով ջրերից օգտվում են խորքային հորերը: Դրանք էլ երկու տեսակի են` պոմպերով ու շատրվանող խորքային հորեր: Խնդիրները հիմնականում շատրվանող հորերն են առաջացնում: Եթե դրանց շատ ջուր օգտագործելու թույլտվություն տրվի, ապա խորքային ջրերի ճնշումներն անընդհատ կընկնեն: Այդ խորքային հորերից ջուր օգտագործելու համար պետք է այնքան ջրօգտագործման թույլտվություն տրվի, որ ավազանը վերականգնման հնարավորություն ունենա: Մենք վերականգնման հնարավորությունը վերացրել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55% հանվում է  անօրինական: Այսինքն` ստացվում է, որ մենք 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար տարեկան 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում: Այսինքն` շատ հետաքրքիր ու տխուր տվյալներ ի հայտ եկան, որոնք կործանման կհանգեցնեն Արարատյան դաշտը, եթե այսպես շարունակվի ու արագ միջոցներ չձեռնարկվեն:

– Խնդրում ենք ավելի մանրամասն նշել, թե ինչ սպառնալիքներ կան:

 -Մեծամոր ` նախկին Սևջուր կոչվող գետի հունում, որը սկսվում է Այղր լճից, 303 խորքային շատրվանող հորերից 122-ն իսպառ չորացել են: Նաև Ակնալճի ջրատվությունն է 70-75%-ով անկում ապրել: Այժմ ռիսկեր են առաջացել արդեն Ակնալճից սնվող ոռոգելի տարածքների համար, քանի որ պոմպակայաններ կային, որոնք լճից ջուր էին հանում, ու ահագին հողատարածքներ ոռոգվում էին այդ ջրերով: Քանի որ այդտեղի բոլոր լճերն ու աղբյուրներն արտեզյան ճնշումային զոնայի հետ ընդհանուր կապի մեջ են, խիստ տուժում են նաև նրանք, ինչպես նաև այն 80 մ հաստությամբ շերտը, որը տակից է սնվում: Մեր հետազոտությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանային և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ` դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այժմ մեր արտեզյան զոնան կրճատվել է: Կրճատումն ընդգրկում է արտեզյան ավազանի սահմանի ամբողջ երկարությամբ 5 կմ լայնությամբ տարածք: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80 մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում, քանի որ կոլեկտորում արդեն ջուր չկա, չոր է, արդեն հողի ստրուկտուրան է փոխվում: Հողը սկսում է  անապատային ստրուկտուրա ձեռք բերել:

Դրանից բացի, այդ շրջանում ձկնային տնտեսությունների մոտ 85%-ի հատակները բետոնապատված չեն: Փաստորեն, ձկնային տնտեսությունների զոնայի հողերում ջրի շերտը սկսվում է 1 մետրից` ձկնաբուծարանի ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Արարատյան դաշտավայրում ժամանակին կառուցել ենք կոլեկտոր, դրենաժային համակարգ, անընդհատ մաքրում ու շահագործում էինք հողերը, որպեսզի ջրի մակարդակը պահենք 2-3 մետրի վրա: Այդ 10 հազար հեկտարը, որ մոտիկ են այդ 85% բետոնապատված հատակներով ձկնաբուծարաններին, ջրի շերտի մակարդակը հասել է 0.5 մետրի, իսկ 12 հազար հեկտարի վրա` մինչև 1 մետրի: Այսինքն` մենք մի կողմից անապատ ենք ստանում, մյուս կողմից` ճահճացում ու կրկնակի աղակալման վտանգ:

Արարատյան դաշտը մեր ոսկե ֆոնդն է, քանի որ ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի  մոտ 75%-ը ստացվում է Արարատյան դաշտի 83 հազար հեկտար հողատարածքներից: Այսպիսով, մենք կարող ենք նաև աստիճանաբար զրկվել դրանից: Իսկ դրա  հետևանքով և՛ չքավորությունն է ավելանալու, և՛ տնտեսությունն է տուժելու:

Իսկ եթե խմելու ջրի պաշարներն էլ արդեն սկսեն տատանվել ու նվազել, այդ դեպքում բացի ոռոգումից, արդեն խմելու ջրի հիմնախնդիր էլ է առաջանալու, որովհետև Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղեր այդ նույն շատրվանող հորերից են հիմնականում օգտվում խմելու ջուր ստանալու համար:

– Այս ամենի մեղավորն ո՞վ է:

 – Յուրաքանչյուր պետության լիազոր մարմին, ջրի ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակություն` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարն ու ջրի ռազմավարական պաշարը: Այս երեք պաշարները, եթե ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, այսպիսի վիճակ չէր ստեղծվի, կտեսնեին, որ մեր ռազմավարական պաշարներն այսքան են, բայց մենք սկսում ենք այդ պաշարներից ավելի շատ օգտվել, և այդ պաշարը ոչնչանում է: Այդ մոնիթորինգի արդյունքներն ամեն տարի պետք է լիազոր մարմինն ուղարկեր կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է, բայց չի արվել:

– Այժմ ի՞նչ պետք է արվի իրավիճակից ելք գտնելու համար: 

– Սա Արարատյան հարթավայրի ճնշումային զոնան է: Սև գիծն այսօրվա վիճակն է: Այսինքն` այս ամբողջ` 5 կմ լայնությամբ միջին գիծը պակասել է: Այստեղ են չորացած կոլեկտորները, այստեղ են այն չորացած հորերը, որ խմելու ջուր են տալիս, այստեղ են այն չորացած հողերը, որոնց ոռոգման ջուր են տալիս: Այստեղ է անապատացում դիտարկվում: Սա է խնդիրը, որ շտապ լուծում է պահանջում:

– Ո՞րն է, ըստ Ձեզ,  այս հարցի լուծումը: 

– Ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու  գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի. հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը, որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլատրված քանակությամբ ջուր: Այս համակարգում մարդկային գործոնը նվազագույն է, բայց այն մեծ ծախսերի հետ է կապված: Ուստի այժմ առաջարկել ենք, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես կնվազի: Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ ջրի հանույթը զգալիորեն պակասի. 3-4 անգամ պետք է պակասի, որպեսզի մենք հույս ունենանք, որ վերարտադրություն կլինի: Այդ դեպքում, ճնշումները կբարձրանան, սնուցումը կլավանա:

Այդ հորերի կոնսերվացումը և այլ ձեռնարկումները միջոցառումներ են, որոնք որոշ օգնություն կլինեն, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70%-ով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այն դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա  ընթացքում պաշարները կարող են վերականգնվել:

– Ձեր առաջարկած ծրագիրը, հատկապես ձկնաբուծարանների մասով,  որոշակի ֆինանսական պահանջներ ունի: Այդ ֆինանսները ո՞րտեղից պետք է հայթայթվեն:

 – Օրինակ` Հյուսիսային Եվրոպայի երկրներում, որոնք հիմնականում արտադրում են նշված փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծության համար անհրաժեշտ  սարքավորումները, այս ոլորտում քաղաքականությունն այնպիսին է, որ  առանց կառավարության երաշխավորության, միայն ձկնային տնտեսության ֆինանսական հոսքերի, ներկայացրած ծրագրերի վրա հենվելով, տալիս են մինչեւ 5-7% տոկոսադրույքով վարկեր` այդպիսի տեխնոլոգիաներ ներդնելու համար: Դրանք ամենաէժան վարկերն են: Դա ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղություններից մեկն է: Մենք կառավարությանն առաջարկել ենք, հիմա էլ ընթացքի մեջ է այդ առաջարկը, և հնարավոր է, որ կառավարությունն այդ տնտեսվարողներին շրջանառու փոխհատուցող միջոցներ տրամադրի:

– Եթե բազմաթիվ ձկնային տնտեսություններից հրաժարվելու հարց առաջանա, դա կլինի՞ այն արդարացված գինը, որը մենք պետք է վճարենք ստորգետնյա ջրերի ռեսուրսները վերականգնելու համար, արժե՞ զոհաբերել ձկնաբուծությունը, որպեսզի Արարատյան արտեզային ավազանի հարցը լուծվի:

 – Զոհաբերելու մասին առայժմ չենք մտածում, մենք մտածում ենք այնպես անել, որ ո՛չ ձկնային տնտեսությունը տուժի, ո՛չ էլ մեր ռեսուրսները տուժեն: Իհարկե, առաջնայինը ռեսուրսներն են, այլ տեղում էլ կարող ենք ձուկ աճեցնել: Եթե հարկ լինի, ապա արժե այդ գինը վճարել` փակել բոլոր ձկնաբուծարանները և Արարատյան դաշտավայրը չկորցնել: Այս հարցը մեզ համար խոշոր` ռազմավարական նշանակություն ունի:

Կողնորոշվելու վերջնագիրը կամաց-կամաց մոտենում է Հայաստանին

Armenia-UEՉնայած այն հանգամանքին, որ արդեն բավական երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ վերաձևակերպումներ չեն կատարվում, Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, բայց  այդ գործելաոճը, վերջին շրջանում, կարծես անընդունելի է դառնում աշխարհի ուժային կենտրոնների ու քաղաքական բևեռների համար: Եթե մինչև այժմ միջազգային հարաբերությունների երկու ուժերի առճակատումն այնքան էլ ընդգծված չէր, և այդ պայմաններում Հայաստանին հաջողվում էր բավականին հաջող «սպրդել» շահերի բախման տիրույթից, ապա այսօր վիճակն օրեցօր փոփոխվում է:

 Հետզհետե ավելի զգալի է դառնում Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժգնացումը: Այդ ճնշումները, ճիշտ է, նոր չեն սկսվել, բայց Արևմուտք-Ռուսաստան` Եվրամիություն-Եվրասիական միություն, ՆԱՏՕ-ՀԱՊԿ առճակատման խորացմանը զուգընթաց, հատկապես G8 գագաթաժողովից հետո, երբ Պուտինը բավականին կոշտ ու հատու շեշտադրումներ կատարեց:

Արդեն այս գարնանից այդ ճնշումը նկատվում էր Հայաստանի վրա Եվրոպայից, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ բացահայտ նշում էին, որ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհով և ում հետ է շարունակում իր ընթացքը, չնայած ՀՀ ղեկավարությունը մինչ օրս էլ պնդում է, թե նման երկընտրանք իրենց երբեք չի առաջադրվել: Այդ ճնշումը զգացվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկզբում Հայաստան ներմուծվող գազը թանկացրեց, հետո զենք վաճառեց մեր հակառակորդին և այլն:

Ռուսաստանի կողմից հարցը թերևս պարզ է` իր նախաձեռնությամբ հռչակված Եվրասիական միության գաղափարին աջակցելն ու Մաքսային միությանն անդամակցելը:

«Բայց ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ինչի մասին այսօր շատ-շատ են խոսում, անկեղծ ասած, ես չեմ հասկանում` ինչի մասին են խոսում, այդպիսի միություն դեռ չկա: Կուրգինյաինը եկավ Հայաստան, վերադարձավ ու այնտեղից շատ կոպիտ ու գռեհիկ ձևով մեղադրեց Հայաստանին, որը չի համաձայնվում մտնել նոր Խորհրդային Միություն. նրա բառերն են: Եթե չկա այն կազմակերպությունը, նույնիսկ չկա նրա կանոնադրությունը, ապա ինչի՞ մասին կարելի է խոսել, ինչպե՞ս կարող է Հայաստանը ցանկություն հայտնել մտնել մի կազմակերպության մեջ, որն ուղղակի գոյություն չունի»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Ռուսաստանը, իհարկե, պատրաստվում է նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծել: Ու թեև այս պահին Արևելքի` ի դեմս Ռուսաստանի, և Արևմուտքի միջև ակնհայտ առճակատում չկա, դա դեռ չի նշանակում, թե այն չի լինի: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, երկու կողմերից յուրաքանչյուրն արդեն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ բռնել իր կողմը: Այդ դեպքում մենք բավականին տհաճ իրավիճակում կհայտնվենք:

«Մինչև վերջերս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան կոշտ չէին, հետևաբար, Հայաստանը հնարավորություն ուներ երկուսի հետ էլ հավասարաչափ հարաբերություններ զարգացնելու` երբեմն ինչ-որ տատանումներով: Հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսել է ավելի հակադրվել Արևմուտքին, բացի այդ, փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Դրա համար, իմ կարծիքով, Հայաստանի առջև երկու կողմն էլ դրել են հստակ կողմնորոշվելու հարցը, որ Հայաստանը ընտրություն կատարի: Ես անձամբ կողմնակից եմ Եվրոպական ուղղության, որովհետև չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնելն իմաստ ունի, որովհետև ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ պրոհայկական դիրքորոշում է բռնում: Բայց նման բան չկա: Հետևաբար, եթե Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը, դա Արևմուտքն էլ կարող է անել, և չարժե կորցնել այն մեծ առավելությունը, որ տալիս է Արևմուտքը»,- ասում է նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Իհարկե, խելամիտ ընտրությունը ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» տարբերակն է, բայց  ինչքանո՞վ դա կհաջողվի Հայաստանին, առավել ևս` ներկա պայմաններում, դժվար է ասել:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի` Եվրոպային ավելի շատ ինտեգրվելու քայլերը որևէ այլ երկրի դեմ ուղղված չեն:

Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ ջղագրգիռ քայլերն էլ ոչ թե արդարացում, այլ տրամաբանական պատճառ ունեն. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը Եվրամիության հետ ազատ ու համապարփակ առևտրի պայմանագիր և ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախաշեմին է և այլն, և դրանից նյարդայնանում է, Հայաստանը կորցնելու վտանգ է զգում` հակառակ նախկին ԽՍՀՄ տարածքներում իր գերակայության վերահաստատման ձգտումների:

Օրինակ` վերջերս Հայաստանում էր Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ Հայաստան չէր եկել «թիթեռ նկարելու», այլ ասոցացման համաձայնագրի կետերը վերջնական փուլից առաջ մեկ անգամ ևս համաձայնեցնելու: Իսկ այդ կապակցությամբ ի՞նչ քայլեր արեց Ռուսաստանը: Հիվանդանոցից զոռով ՀՀ քաղաքացուն, ցուցադրաբար կանացի խալաթ հագցրած և նվաստացած վիճակում դատարան քարշ տվեց ու իր լրագրողների բերանով անընդհատ սկսեց շեշտել նրա ազգությունն ու քաղաքացիությունը:

Այսինքն` բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի համար: Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի կողմնորոշված է դեպի ռուսական կողմը: Բայց մյուս կողմից էլ` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Օրինակ` դեռ Ֆյուլեի նախորդ տարվա այցից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 43 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում: Ռուսաստանը մեր անկախության այսքան տարիների ընթացքում երբևէ լուրջ առավելություններով վարկ չի տվել մեզ, եթե չասենք հակառակը` բռնազավթել է մեր տնտեսության գերակշիռ` ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը: Այսինքն` ֆինանսական առումով էլ Հայաստանին ձեռնտու է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ: Ֆյուլեի այցից հետո` անցյալ շաբաթ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էր անդրադարձել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և նշել, որ այն նոր խթան կդառնա ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն ունի նաև տնտեսական առևտրային բաղադրյալ: Նախանշված է, որ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում վերջնամշակումից հետո տեղի կունենա համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: Ես ասեմ, որ սա կարևոր ձեռքբերում է, և այս առումով ես կցանկանայի իմ շնորհավորանքն ուղղել Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորություններն ավարտին հասցնելու փուլում է: Այս պայմանագիրն իսկապես նոր թափ պետք է հաղորդի ՀՀ -ԵՄ հարաբերություններին: Բնականաբար, ենթադրվում են օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, իսկ նման փուլի ավարտից հետո այն ենթադրում է տնտեսության շոշափելի արդիականացում, որից անմասն չեն մնալու առևտրատնտեսական փոխանակումները»,- հայտարարել էր դեսպանը:

Ակնարկը պարզ է ու հասկանալի. ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար Հայաստանին «պարգևավճար» կտան` առևտրատնտեսական փոխանակումների, թերևս նաև վարկերի ու դրամաշնորհների տեսքով:

Բացի այդ, Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ հակատանկային հրթիռներ տրամադրեց: Այսինքն` Եվրոպան ցույց տվեց, որ պատրաստ է ստանձնել նաև Հայաստանի ռազմական անվտանգության որոշ հարցեր:

«Արտաքին կողմնորոշումն այնքան էլ էական ազդեցություն չի ունենա, որովհետև, ի վերջո, եթե Ռուսաստանը դժգոհ եղավ, ի՞նչ պետք է անի, բազան հանի-տանի՞ Հայաստանից: Բնականաբար, բազան թողնելու է, որովհետև այդ բազան առաջին հերթին պետք է իրեն, հետո նոր` մեզ: Այն արտոնյալ պայմանները, որով ինքն այսօր մեզ մոտ ռազմաբազա ունի, ոչ մի տեղ չի կարող գտնել, ո՛չ ֆիզիկապես տեղ կա, ո՛չ էլ այդ պայմանները: Հետևաբար, նա կշարունակի Հայաստանի հետ հարաբերություները: Այստեղ իշխանությունների հարցն է, այսինքն` Ռուսաստանը այստեղ կարող է վրեժ լուծել այն մարդկանցից, ում մեղավոր կգտնի այս իրավիճակի համար: Արդյոք մեր իշխանություններն այդքան կամքի ուժ կունենա՞ն իրենց գիծը պահելու, թե՞ ոչ: Կարծում եմ` կկարողանան, պիտի կարողանան, որովհետև այլ ելք չկա»,- համոզմունք հայտնեց  Արա Պապյանը:

Մի խոսքով, իրադարձություններն աշխարհում, մեզ անմիջապես հարող ու մի քիչ հեռու տարածաշրջաններում բավականին արագ ու հետաքրքիր զարգացումներ են ապրում, և այս պայմաններում դժվար է կանխատեսել անգամ, թե ինչ վիճակ կստեղծվի Հայաստանի համար նույնիսկ մինչև այս տարեվերջ:

 

 

 

Զենքը սպասելիքները չարդարացրեց. հերթը ուղեղներինն է

ապստամբԴեռևս  այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը, և կոչ արեց Անվտանգության խորհրդին (ԱԽ) միասնական լինել ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ընդգծել է ապրիլի 22-ին Նյու Յորքում Աֆրիկյան պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ «զենքի հոսքը» դեպի Սիրիա ավելի շատ զոհեր և ավերածություններ է նշանակում:

Սակայն Եվրամիության երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին Բրյուսելում, քննարկելով Սիրիայի հակամարտությունը, որոշեցին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու արգելքը, բայց որոշվեց Սիրիայի նկատմամբ Եվրամիության սահմանած ֆինանսատնտեսական արգելքները երկարաձգել մեկ տարով: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող ապստամբներին զենք մատակարարելու ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Եվրամիության արտգործնախարարների այս որոշման առնչությամբ իր հիասթափությունն արտահայտեց Ռուսաստանը` ընդգծելով, որ այն ուղղակիորեն վնաս կհասցնի սիրիական խնդրի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման հեռանկարներին: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Եվրամիությանն այդ ժամանակ նաև մեղադրեց երկակի չափանիշներ կիրառելու մեջ,  քանի որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ է թողել, և հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան պահպանում է Դամասկոսին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր տրամադրելու իրավունքը: Նման քայլը, ըստ Ռյաբկովի, «կայունացնող գործոն» կդառնա Սիրիայի հակամարտությանը արտաքին միջամտության դեմ:

Ինչևիցե: Եվրամիության նախարարների` Սիրիային զենք մատակարարելու արգելքի վերացման գործընթացներին զուգահեռ` ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մայիսի 6-ին Սենատի հաստատմանը ներկայացրեց մի օրինագիծ, որով թույլատրվում է զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են զենք մատակարարել այն ապստամբ խմբավորումներին, որոնք նախևառաջ մանրամասն ստուգումներ պետք է անցնեն, որպեսզի պարզվի, թե արդյոք հարգո՞ւմ են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները և արդյոք կապ չունե՞ն ահաբեկիչների հետ: Իհարկե, դժվար է պարզել, թե այն դահիճները, որոնք կտրում էին կաթոլիկ քահանայի գլուխը, ինչպե՞ս են դիտարկվում ԱՄՆ ղեկավարության կողմից մարդու հիմնարարա իրավունքների ու ազատությունների առումով:

Մենենդեսի օրինագիծը նախատեսում է նաև սիրիացի ընդդիմադիրների հետ համագործակցություն, համաձայն որի` նրանք ռազմական պատրաստվածություն են անցնելու, ստեղծվելու է 250 մլն դոլար արժողությամբ հիմնադրամ` անցումային շրջանում իշխանության ինստիտուտներ ձևավորելու համար, և պատժամիջոցներ են կիրառվելու նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին:

Putin-Obama (1)Այս փաստաթուղթը նախ պետք է հաստատվեր հանձնաժողովի, ապա կոնգրեսի երկու պալատների կողմից և այնուհետ ստորագրվեր նախագահի կողմից: Այդպես էլ եղավ, և հունիսի 14-ին օրինագիծը հավանության արժանացնելու որոշում ընդունեց Բարաք Օբաման:

 ԵՄ արտգործնախարարների և ԱՄՆ սենատորների այդ քայլերը, հասկանալի է, պայմանավորված էին Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ, քանի որ մայիսի կեսերից Սիրիայի կառավարական զորքերն սկսեցին զանգվածային հարձակում երկրի արևմուտքում գտնվող Ալ–Կուսեյր բնակավայրի վրա, որն ապստամբների հիմնական հենակետն է համարվում:

 «Ռուսական արջի» կաշին ավելի հաստ էր

Բայց հետաքրքիր է, թե ինչպես էր  Մենենդեսի օրինագծով նախատեսվում «պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին»:  Չէ՞ որ Վլադիմիր Պուտինը հունիսին` Լոնդոնում  G8-ի գագաթաժողովին մասնակցելու ժամանակ, հայտարարել էր. «Եթե խոսենք առանց զգացմունքի, ապա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարությանը զենք է մատակարարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. մենք ոչինչ չենք խախտում»: Այսինքն` ԱՄՆ-ն պետք է պայքարեր Ռուսաստանի դեմ:

Երբ լրագրողները Պուտինին հարցրեցին, թե այդ պահին արդիակա՞ն է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացումը,  քանի որ ԱՄՆ-ն որոշել է զինել Սիրիայի ընդդիմությանը, նա պատասխանեց, թե չի կարծում, որ կոնֆերանսի գաղափարը վերջնականապես թաղվել է. «Դուք չեք հերքի, որ դժվար թե արժե աջակցել այն մարդկանց, որոնք սպանում են իրենց թշնամիներին, թաքցնում մարմինները և բոլորի աչքի առջև ուտում նրանց ներքին օրգանները»,- նշել էր Պուտինը:

Նման պայմաններում, ինչպես նշում էին հենց արևմտյան վերլուծաբանները,  ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան,որոնք կողմ էին հանդես գալիս Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում, հայտնվել էին բարդ իրավիճակում: Որովհետև նշված եռյակն ունակ չէր խաղաղ կոնֆերանսում ապահովել զինված ընդդիմության ներկայությունը, որի ներսում պայքար է սկսվել: Ի տարբերություն նրանց, Ռուսաստանի կուրսը, որը հանդես է գալիս խնդրի լուծման քաղաքական մեթոդների օգտին, ունակ է ապահովել բանակցությունների սեղանի շուրջ Ասադի ռեժիմի ներկայացուցիչների ներկայությունը և դրանով իսկ առավել տպավորիչ էր թվում:

Նման երկար «վայրիվերումներից» հետո` արդեն հուլիսի 10-ին, ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովների անդամները դեմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցույց տալու մասին որոշմանը:

Օրենսդիրները կողմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում խիստ սահմանափակումներ մտցնելուն: Նման որոշման պատճառ են դարձել այն մտավախությունները, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` Ալ-Քաիդայի ձեռքում, որի ներկայացուցիչներից շատերը սերտ համագործակցում էին Սիրիայի որոշ հակակառավարական խմբերի հետ:

Հանձնաժողովների անդամների կարծիքով` ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը լավ մտածված չէ, քանի որ չի դիտարկում Սիրիա զենք մատակարարումների վերահսկողության հնարավորությունը: Վարչակազմից հայտնել են, որ օրենսդիրները խոչընդոտում են ապստամբներին զինելու պլանը` չառաջարկելով այլ տարբերակներ: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները լսել են նաև Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, չնայած նշվում է, որ Վաշինգտոնում նման որոշում են կայացրել գաղտնի փաստաթղթերի հիման վրա:

Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ հետաձգվում են նաև Սիրիայի հակակառավարական ուժերին զինամթերքի մատակարարումները  Սաուդյան Արաբիայից, ապա ամերիկյան զենքի կորուստը կարող է վճռական դառնալ գրոհայիների համար:

 Այսինքն` շուրջ երկու տարի ձգձգվող սիրիական ռազմական թատերաբեմը, ամենայն հավանականությամբ, չարդարացրեց Արևմուտքի սպասելիքները, ու հիմա Սիրիայի քաղաքների փողոցներում մկանների մարզանքը կփոխարինվի ուղեղների մարզանքով` քաղաքական հարցերի սեղանի շուրջ:

 

 

 

Միջնաժամկետ հիմնական ծախսերն ուղղվելու են թոշակներին ու աշխատավարձերին

ծախսԱռհասարակ, յուրաքանչյուր երկրում կարևոր տեղ է հատկացվում տվյալ երկրի միջնաժամկետ ծախսային ծրագրերին: Դա կարևոր է այնքանով, որ ցանկացած բյուջետային ծրագիր հետապնդում է 1 տարվա նպատակների իրականացում: Սակայն կան բազմաթիվ, հատկապես կապիտալ բնույթի միջոցառումներ` ծախսեր, որոնք ոչ թե 1 տարվա պլանավորում են պահանջում, այլ շարունակական բնույթ ունեն: Այդ առումով չափազանց կարևոր է միջնաժամկետ ծախսային ծրագրերի ինստիտուտը, և հասկանալի է, որ դա պետք է երկրում իրականացվող շարունակական ծրագրերի իրականացման ժամանակ  ծառայի ծրագրերի կայունությունը, ռիթմիկությունը, շարունակականությունն ապահովելուն: Այսինքն`  միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ըստ էության, կարևոր է աշխարհի ցանկացած երկրում բյուջետային համակարգի արդյունավետությունը բարձր պահելու համար:

Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում, համենայն դեպս` «բյուջետային համակարգի մասին» օրենքով: Ու հենց օրենքին համապատասխան էլ կառավարությունը ներկայացնում է միջնաժամկետ ծախսային ծրագիր: Այդպիսի մի ծրագիր էլ` «2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», կառավարությունը հաստատեց իր  անցյալ նիստի ժամանակ: Հայաստանում այն խնդիրներն ու նպատակները, որոնք անհետաձգելի են եղել, գերխնդիրներ ու գերնպատակներ են հետապնդել և պահանջել են շարունակական բնույթ, ծախսային ծրագրում ունեցել են իրենց արտացոլումը և հնարավոր այն ֆինանսական մակարդակները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերն իրականացնելու համար: Այդպես է ներկայացրել գործադիրը:

Հայաստանում այնքան ծրագրեր են տապալվել կամ այլ ուղիով ընթացել, որ ակամա հարց է առաջանում` արդյոք այս անգամ ներկայացված ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր երկրի համար գերակա համարվող խնդիրների լուծման անհրաժեշտությանը. «Որպես կանոն, փոքր-ինչ շեղումներով, տարբեր տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերը համապատասխանել են այն բոլոր խնդիրներին, ինչը որ դրված է եղել: Այս ծրագիրը ևս իրատեսական է: Իրատեսականության հարցում կարող եք չկասկածել, այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կարող է պատահել, չկարողանա այդքան ծավալի հատկացումներ ապահովել»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոլոր դեպքերում, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ներկայացման մեխանիզմն այնպես է նախատեսված, որ գործում է հանձնաժողով, որտեղ կոլեգիալության սկզբունքով նշվում են գերակա խնդիրները, հիմնական ուղղությունները, և հնարավոր հատկացումների ծավալը գնահատելով, ինչպես նաև գնահատելով տվյալ տարվա համար պետական բյուջեի հնարավոր մուտքերը` կազմվում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

«2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իհարկե, համապատասխանում է այն խնդիրների ու հարցերի լուծման տրամաբանությանը, որոնք այսօր լուծում են պահանջում: Այլ բան է` դրանք արդյունավե՞տ կիրականացվեն, թե՞ ոչ, բայց համապատասխանության հարցում կասկածել պետք չէ: Իհարկե, ՀՀ միջոցները ամենազանազան ծրագրերի նախագծերի համար միշտ էլ բավարար չեն, մենք չունենք մեծ հնարավորություններ, բայց ինչ վերաբերում է չափաքանականերին, ուղղորդումներին` տարիների կտրվածքով, բնականաբար, դրանք հետապնդում են ավելի գերակա խնդիրների իրականացում և հատկապես ուղղվում են նման լուծումներ պահանջող  տեղամասեր»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Կառավարությանը ներկայացնելով ծրագրի հիմնական թվերն ու ուղղությունները` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես 2014 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6.9 տոկոս աճ, շուրջ 10 տոկոս նոմինալ աճ` 2015 թվականին և շուրջ 11 տոկոս` 2016 թվականին: Այս աճերի պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների գումարը 2014 թ. կկազմի 1 տրիլիոն 146 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.63 տոկոսը: Ընդ որում`113 միլիարդ դրամով ավելացման մեծ մասը (շուրջ 110 միլիարդ դրամի չափով` 2013 թվականի համեմատ) տեղի է ունենալու հարկային եկամուտների հաշվին:

«Նմանատիպ աճեր 2015 և 2016 թ2. նույնպես նախատեսված են. 116 միլիարդ հարկային եկամուտների աճ 2015 թ. և նմանատիպ սկզբունքով հաշվարկ` նաև 2016 թ. համար: Հիմնական սցենարով հարկերի հավաքագրման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի միջինը 0.3 տոկոսի չափով: Ըստ այդմ` նաև ծրագրված են պետական բյուջեի ծախսերը, որոնք 2014 թ. համար կկազմեն 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93 տոկոսը,  այլ կերպ ասած` 2013 թ. համեմատ աճը կկազմի շուրջ 105 միլիարդ դրամ: Նմանատիպ ծախսերի նախատեսում արված է նաև 2015 և 2016 թթ. համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

Առաջիկա երեք տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական շեշտադրումները վերաբերում են երկու խոշոր ծախսային հոդվածներին: Առաջինը աշխատավարձերի բարձրացումն է, քանի որ ենթադրվում է, որ 2014 թ. հունվարի 1-ից հանրային բոլոր բնագավառներում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ` տարբեր չափերով,  դա կկազմի շուրջ 51 միլիարդ դրամի ծախս: Դրանից բացի, քանի որ հունվարի 1-ից սպասվում է նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացում մինչև 50 հազար դրամ, ապա ևս 10 միլիարդ դրամ կուղղվի աշխատավարձերի այդ բարձրացմանը:

«Ընդհանուր առմամբ` մենք ունենք 240 միլիարդից ավելի աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից: Աճը հաջորդ տարի կկազմի 60 միլիարդ կամ շուրջ 40 տոկոս: Բայց դա միջինացված է, քանի որ տարբեր սանդղակներով, տարբեր աշխատատեղերի համար ու տարբեր սկզբունքներով է կատարվելու»,- նշեց ֆինանսների նախարարը:

Ծախսերի ավելացման հաջորդ խոշոր ուղղությունը կենսաթոշակներն են: Մի կողմից` շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում` պայմանավորված այն հանգամանքով, որ 2014 թ. ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը, որով քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի 5 տոկոսի չափով գումար փոխանցել իրենց անձնական հաշիվներին որպես ապագա կենսաթոշակ, իսկ պետությունը ևս 5 տոկոսի չափով մասնակցելու է այդ կուտակմանը: Ուստի այդ ծրագիրը շուրջ 20 միլիարդ դրամ է պահանջելու: Դրանից բացի, ծախսեր են լինելու սոցիալական ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ կենսաթոշակային ծախսերը, բացի կուտակային համակարգի ծրագրից, կազմելու են շուրջ 37.7 միլիարդ դրամ: Կան այլ ուղղություններ ևս: «Օրինակ` պաշտպանության, գիտության ֆինանսավորման ավելացումը և մնացած բոլոր հոդվածները, որոնք, որպես սկզբունք, վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես ավելացվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Այս ծրագրին չի հավատում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը: Նա նույնիսկ չուզեց խոսել կառավարության որևէ ծրագրի մասին. «Ի՞նչ կարելի է սպասել այս կառավարությունից, թող նրանք օֆշորներում իրենց փողերը լվան»,- ասաց նա:

 

Ծրագիր, որ իրոք կարող է խթանել այգեգործությունը

այգիՆույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում 14 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի 4 տոկոսը կառավարությունն է սուբսիդավորում, ու գյուղացին վարկը ստանում է 10 տոկոսով, միևնույն է, այդ վարկերը մեր գյուղացիների համար թանկ են, քանի որ պետք է ձեռք բերեն վառելանյութ,  պարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմացու, անասունների ցեղական մայրեր, կեր, աշխատանքներ կատարեն իրենց գյուղացիական տնտեսությունների վրա:

 Զարգացնել գյուղատնտեսությունը, նշանակում է նորմալ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար

Դրա համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղացիական տնտեսությունների վրա: Այս կարծիքին են գյուղատնտեսության ոլորտի` կառավարության հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող մասնագետները: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, օրինակ, նշում է Եվրամիության երկրներում գյուղացիական տնտեսություններին պետության տրամադրած սուբսիդիաների չափն ու ձևերը` որպես օրինակելի ձևեր. «Եվրամիությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը` ծախսերի 35, 40, նույնիսկ 45 տոկոսի չափով: Եվրամիության ամբողջ բյուջեն, որ մոտավորապես 540 միլիարդ եվրոյի է հասնում, գրեթե կեսը գնում է գյուղատնտեսության սուբսիդավորմանը: Դրա համար էլ նրանք գյուղմթերքները ստանում են դեմպինգային գներով: Եվ որևէ մի երկիր, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե մի ուրիշը, իր գյուղմթերքները չի կարող եվրոպական շուկայում վաճառել, որովհետև նրանց մթերքներն ի սկզբանե դեմպինգային են, այսինքն` ինքնարժեքից ցածր գներով են ստացվում: Այդպիսին է գյուղի նկատմամբ մոտեցումը: Այն երկրները, այդ թվում նաև Հայաստանը, որոնք գյուղը դիտում են որպես շուկայական տնտեսության գործառույթի բաղադրիչ, այդպիսի երկրները ժամանակի ընթացքում պետք է վերանայեն իրենց մոտեցումները: Եվ կգան դրան»,- նշեց Սաֆարյանը:

Հայաստանում էլ սուբսիդավորումը կատարվում է փոքր-ինչ  միջնորդավորված: Օրինակ` դիզելային վառելանյութն է 100 դրամով սուբսիդավորում, պարարտանյութն է սուբսիդավորում: Բայց այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ` սահմանային գյուղերում ջրի վարձի համար  խորհրդանշական գին սահմանելը կամ խթանելը այնպիսի արդյունաբերությունը, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, դեռևս իրատեսական չէ մեր երկրի համար:

Բայց Հայաստանում գործում են նաև այնպիսի ծրագրեր, որոնք օրինակելի են և կարող են էապես նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Օրինակ` մի բավականին հետաքրքիր ծրագիր է այժմ  իրականացվում «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից: Հանրապետության երեք մարզերում`  Վայոց ձորում, Տավուշում և Արագածոտնում, այդ ծրագրի շրջանակներում, մոտ 300 հա հողատարածքի վրա հիմնվելու են նոր` ինտենսիվ տիպի այգիներ, որոնց համար Հայաստան կներկրվեն ժամանակակից սորտերի տնկիներ, ոռոգումն ապահովելու նպատակով կտեղադրվի ոռոգման կաթիլային համակարգ և կորիզավոր պտղատուները կարկուտից պաշտպանելու համար կներդրվեն հակակարկտային ցանցեր:

«Այցելելով մարզեր` մենք ընտրում ենք հողատարածքներ, որոնք բնակլիմայական տեսանկյունից հարմար են պտղատուներ աճեցնելու համար: Այդ հողատարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով, ունենան դեպի այգի տանող անցանելի ճանապարհներ: Յուրաքանչյուր հողակտորի չափը 1-2 հա է: Կողք-կողքի գտնվող փոքրածավալ ֆերմերային տնտեսություններ, որոնք համաձայն են ծրագրի պայմաններին, միավորվում են և ստեղծում մեկ ընդհանուր հողատարածք, բոլորի հողակտորները միասին դիտարկվում են, որպես մեկ այգի: Մենք արդեն ընտրել ենք այդպիսի 4 այգի: Մեկն արդեն հիմնված է. Տավուշի մարզի Արճիս համայնքում տնկված է 4 հա այգի: Մեկը նախապատրաստական փուլում է, համապատասխան աշխատանքները կատարվել են ու սպասում ենք տնկանյութի ձեռքբերմանը և կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ գարնանը տնկման աշխատանքները կիրականացնենք»,- պատմեց այս ծրագիրն իրականացնող «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Ալվինա Ավագյանը` հավելելով, որ 2014 թ. կկատարվեն ևս 50 հա այգու տարածքների նախապատրաստական ու այգիների տնկման աշխատանքները:

Ծրագիրն իրականացնողներն առաջարկում են հողի տեր գյուղացիներին, ըստ ցանկության, ստեղծել կոոպերատիվներ հետագայում այգիների կառավարելիությունը բարձրացնելու և իրացման ու պահպանման խնդիրները լուծելու համար: Այգետերերից հողի վարձակալության` գյուղատնտեսական հողատարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագրերը կնքվում են 12 տարի ժամկետով: Պայմանագիրը գրանցվում է կադաստրում: Ըստ պայմանագրի` առաջին 4 տարիներին հողատերը ստանում է 100 հազար դրամ մեկ հեկտարի դիմաց` որպես կանխավճար հետագա եկամուտների հաշվին: Իսկ 5-րդ տարուց սկսած` մինչև 12-րդ տարին ստանում է բերքի 25 տոկոսը կա՛մ ստացված մթերքի տեսքով, կա՛մ դրա արժեքին համապատասխան գումար` ըստ ցանկության: Հողատերերը, եթե ունեն ցանկություն, իրավունք ունեն աշխատելու իրենց հողերում:

«Որովհետև այգին միշտ աշխատուժի պահանջարկ ունի, պահպանումը պահանջում է և՛ ոռոգում, և՛ քաղհան, և՛ կուլտիվացիա և այլն, մշտական տեխնիկական միջոցառումներն իրականացնելու համար պահանջվում է բանվորական ուժ, և մենք առաջարկում ենք հենց հողատերերին այդ աշխատանքները: Քանի որ ամբողջ ընթացքում նրանք շարունակում են մնալ հողատեր, պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք այգին վերադարձնում ենք  նրանց»,- ասում է Ալվինա Ավագյանը:

Այսպիսի միջոցառման հիմնական նպատակն է ցույց տալ, որ այգեգործությունը կարող է լինել շատ եկամտաբեր: Որովհետև, օրինակ, ոռոգման կաթիլային համակարգերը և հակակարկտային ցանցերը մեղմում են այգեգործությանը սպառնացող ռիսկերը: Այս ծրագրով նաև ուզում են ներկայացնել մեր գյուղացիներին նոր տիպի այգիների մոդելը, որտեղ ծառերը կիսագաճաճ կամ գաճաճ տիպի են, պատվաստված ծառեր են, բացի այդ, կորիզավոր պտղատուների դեպքում մեկ հեկտարի վրա մոտ 1500 տնկի է տնկվում:

«Դա հնարավորություն է ստեղծում 1 հեկտարի` միավորի հաշվարկով ավելի շատ բերք ստանալ: Դրանք նոր տիպի այգիներ են, մշակության նոր կուլտուրա է, որ մենք ուզում ենք ներդնել մեր հանրապետությունում»,- ասաց «Հայկական միրգ» ընկերության տնօրենը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է  ունենալ 300 հա ցուցադրական այգիներ: Իսկ դրանք էլ, իրենց հերքին, կծառայեն նմանատիպ այգիների տարածմանը` այլ գյուղացիների մոտ ևս ցանկություն կառաջանա նմանատիպ այգիներ հիմնել, իսկ ծրագիրն էլ այդ դեպքում կտրամադրի խորհրդատվություն:

Երբ պտղատու այգիներ են տնկվում, ծրագրի շրջանակներում կոոպերատիվներ են կազմվում, սովորեցնում են, թե ինչպես կարելի է լավ այգի տնկել, պահպանել այդ այգին, հակակարկտային միջոցառումներ իրականացնել, հողը նախօրոք պարարտացնել ու բերել այն մակարդակին, որտեղ ծառը նորմալ կաճի, սա շատ լավ կուլտուրա է այգեգործությունը զարգացնելու համար: «Շատ լավ ծրագիր է: Նաև շատ օգտակար է այն գյուղացիների համար, որոնք իրենց հողերը միավորում են, կոոպերատիվներ են ստեղծում, հետո` 10 տարի հետո անվճար այդ նույն կոոպերատիվին են հանձնում իրենց հողերը: Սա մեծ կուլտուրա է` սահմանազատում են հողը` արգելապատնեշներ են ստեղծում, որ ոչ ոքի չխանգարի, պահակ են պահում, զուգարաններ են տեղադրում, կահավորում են աշխատանքային տարածքներ աշխատողների համար և այլն: Այսինքն` մեր ժողովրդին գյուղատնտեսական նորմալ կուլտուրա են սովորեցնում մաքուր ու որակյալ բերք ստանալու համար».- նշեց ՀԽ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Այլ խոսքերով` սա ծրագիր է, որն իրոք կարող է Հայաստանում խթանել ժամանակակից ու որակյալ այգեգործության զարգացումը: