Հոն

հոնՀոնի պտուղն արժեքավոր է համարվում կենսաբանական իմաստով.պարունակում է գլյուկոզա ու ֆրուկտոզա, խնձորաթթու, կիտրոնաթթու դաբաղանյութեր, պեկտիններ:  Հարուստ է վիտամիններով, երկաթի, կալիումական, կալցիումի, մագնեզիումի ու ծծմբական աղերով:

С վիտամինի պարունակությամբ գերազանցում է սև հաղարջին: 100 գ պտղի մեջ պարունակվում է 50 մգ ասկորբինաթթու:

Հոնի կիրառումը բուժական նպատակով

Ստամոքս-աղիքային հիվանդությունների դեպքում թարմ կամ եփած հոնը կապակցանյութի դեր է կատարում:

Ֆիտոնցիդների պարունակության շնորհիվ ոչնչացնում է տիֆի, դիզենտերիայի ու այլ մանրէներ: Գաստրիտի դեպքում  նույնպես այն օգտակար է:

Լուծի դեմ օգտագործում են հոնի  պտուղների թուրմն ու եփուկները: Դրա համար 1 բաժակ եռման ջրին ավելացնում են 2 ճ/գդալ չոր հոնի  հումք ու եռացնում 30 րոպե, ապա քամում  ու կրկին եռացնում այնքան, որ  ամբողջ եփուկը դառնա մեկ բաժակ: Օգտագործում են 100-ական գ օրական 3 անգամ: Թուրմի համար 2 ճաշի գդալ հումքի վրա լցնում են 1 բաժակ եռացրած ջուր ու թրմում 8 ժամ, խմում օրական 2 անգամ` 100-ական գ:

Օգնում է մաշկային հիվանդությունների (էկզեմա) դեպքում: Ցուցված են լյարդի ու երիկամների հիվանդությունների, մաշկային ու նյութափոխանակության խանգարումների դեպքում: Խորհուրդ է տրվում գիրության հակման  դեպքում: Շաքարային դիաբետի ժամանակ օգտակար է  թարմ պտուղներից պատրատված հյութը. սկզբում  պետք է ընդունել 50-70 գ մինչ սնունդ ընդունելը, իսկ եթե օրգանիզմը լավ է տանում այն, ապա չափաբաժինը կարելի է ավելացնել մինչև մեկ բաժակ:

Հոնի տերևները լեղամուղ, միզամուղ ու շաքարը նվազեցնող հատկություն ունեն:

Օգտակար են սակավարյունության դեպքում, այդ նպատակի համար կարելի է կիրառել նաև չորացրած հոնը:

Պտուղներն օգնում են ազատվել հոդացավից;

Շուկայում արդեն հոն կա  և կարելի է արդեն   մուրաբա եփել ու նաև չորացնել:

Որո՞նք են վերաքննիչ դատարանի լիազորությունները

վերաքննիչՆախ պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակին, կազմին և տեղաբաշխմանն առնչվող հարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքի 39-49 հոդվածներով:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա իր իրավասության սահմաններում վերանայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների և վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Իսկ միջանկյալ են համարվում գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, օրինակ` գործի վարույթի կասեցման, գործի վարույթի հետաձգման մասին որոշումները և այլն:

Դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Հարկ է նշել, որ այս դրույթն էապես տարբերվում է նախկին օրենսդրությամբ ամրագրված այն դրույթից, որի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված չէր վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող էր գործը քննել լրիվ ծավալով:

Վերաքննիչ դատարանի դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վերաքննիչ դատարանի լիազորություններն ամրագրված են ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածով, համաձայն որի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը,

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ,

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը,

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից,

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Ի՞նչ վտանգներով է հղի սակավաշարժությունը

շարժումՀիպոդինամիա կամ սակավաշարժություն. այս հասկացությունը թերևս ծանոթ է մեզնից յուրաքանչյուրին: Դա զարմանալի չէ, քանի որ սակավաշարժությունն իրավամբ  նվաճել է «դարի հիվանդություն» «պատվանունը»: Այն առաջընթացի հակառակ երեսն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում սակավաշարժության համախտանիշը: Ի՞նչով է վտանգավոր: Ի՞նչու է այն համարվում դարի հիվանդություն:

Ուրեմն սկսենք այն հարցից, թե ինչ է սակավաշարժությունը: Բառը հունարեն «hypo»  և «dynamis» բաղադրիչներից է կազմված, որ թարգմանաբար նշանակում են «ներքևում» և «ուժ»: Հիպոդինամիա ասելով` հասկանում ենք մկանային գործունեության թուլացում, որն առաջանում է նստակյաց կենսակերպի հետևանքով ու շարժողական ակտիվ գործունեության սահմանափակմամբ:

Այսօր սակավաշարժության խնդիրը հաճախ է քննարկվում ամենուր, հիմնականում` քաղաքակիրթ երկրներում: Դրա պատճառն այն է, որ հիվանդությունը երիտասարդանում է: Ժամանակակից բժշկությունն այսօր հաճախ է բախվում դեռահասության գիրության խնդրին: Ինչո՞ւ է այն դարի հիվանդություն կոչվում, որովհետև ժամանակակից մարդն ասես մոռացել է, թե ինչ ասել է ֆիզիկական աշխատանք: Տեխնիկան օրեցօր ավելի ու ավելի է զարգանում: Դրա արդյունքում մարդն այլևս ստիպված չէ իր ձեռքով ինչ-որ բան անել: Բավական է սեղմել այս կամ այն կոճակը, և անհրաժեշտ աշխատանքը մարդու փոխարեն լավագույն ձևով կանեն մեքենաները: Դա իսկապես դարի ձեռքբերումն է, սակայն այդ ձեռքբերման հակառակ երեսն էլ այն է, որ հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, որոնցից մեկն էլ հիպոդինամիան է: Ինչո՞վ է այն վտանգավո՞ր:

Մկանային գործունեության թուլացումն առաջին հերթին վտանգավոր է  նրանով, որ հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման, որոնցից շատերը կարելի է հանգիստ լրջագույն ախտերի դասը կարգել: Սակավաշարժությունը հանգեցնում է բոլոր օրգանների ու համակարգերի  աշխատանքի խանգարման: Օրինակ` հաճախ հիպոդինամիայի հետևանքով տուժում են սրտանոթային, նյարդային համակարգերը: Այն կարող է հանգեցնել նաև գիրացման: Նյութափոխանակության լուրջ խանգարումները հիմնականում առաջանում են հիպոդինամիայի հետևանքով:

Կանխելու համար չպետք է պարզապես հանգիստը պառկած վիճակում անցկացնել: «Վերջ» ասեք նստակյաց կյանքին: Մոռացեք անգործության բոլոր «հմայքների» մասին: Վերջապես, առողջ կենսակերպի անցեք, սնվեք ճիշտ ու ժամանակին, զբաղվեք որևիցե մարզաձևով, հնարավորինս շատ քայլեք, հրաժարվեք բոլոր վատ սովորություններից: Մի խոսքով, զբաղվեք ոչ միայն հոգու խնդիրներով, այլև` մարմնի:

Ամեն տարի ողջ աշխարհում 5 մլն մարդ մահանում է միայն այն պատճառով, որ չափազանց պասիվ կենսակերպ է վարում: Այսօր ռիսկի խմբում մեկուկես մլրդ մարդ կա, որոնք ոչինչ չեն անում սակավաշարժությունը հաղթահարելու համար:

«15 և ավելի տարիքի մարդկանցից 10-ից 3-ը չափազանց պասիվ ու անառողջ կենսակերպ  են վարում»,- հայտնում է հեղինակավոր հրատարակություններից մեկը: Այդ խմբում շատ է կանանց թիվը, այն էլ` զարգացած ու ապահովված երկրներից:

Մինչդեռ ակտիվ կենսակերպ վարել չի նշանակում  պարտադիր սպորտով զբաղվել: Գիտնականները նշում են, որ այդ մեկուկես միլիարդի մեջ չհայտնվելու համար բավարար է շաբաթական 5 անգամ, 30- րոպեանոց  ֆիզկուլտուրայի պարապմունքը:

Չմոռանանք նաև, որ անգործությունը ոչ միայն ֆիզիկականին է վնասում, այլև հոգեկանին:

Այսօր համեմատաբար քիչ են այն  մասնագիտությունները, որոնք ֆիզիկական ակտիվություն են պահանջում: Եթե դուք լրագրող եք, հաշվապահ, ծրագրավորող, մի խոսքով` գրասենյակային աշխատող, այսինքն` ստիպված ալյուրի պարկեր չեք տեղափոխում շալակած, դա լավ է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, պետք է մեդալի հակառակ երեսն էլ նայել: Հոգնածություն, տկարություն, թուլություն, անսովոր ծուլություն, երբ անգամ գիրք չես ուզում կարդալ և անընդհատ ցանկանում ես քնել ու քնել…: Կար ժամանակ, երբ հանգիստ մի քանի կանգառ ոտքով կանցնեիք, իսկ հիմա գերադասում եք տաքսի կանչել: Ծանո՞թ է այդ վիճակը, ուրեմն արդեն պետք է զգաստանանք, դա  նշանակում է, որ սակավաշարժության թիրախում եք:

Սակավաշարժ կենսակերպին սովորելը շատ հեշտ է: Ու որքան քիչ ենք շարժվում, այնքան գայթակղիչ է դառնում ջանքեր գործադրելուց խուսափելը:

Զարմանալի փաստ է, որ շարժունակության նվազման հետ թուլանում են ոչ միայն մկանները, այլև մտավոր ունակությունները: Մկանային ծանրաբեռնվածության թուլացումը հանգեցնում է հյուսվածքներին արյան մատակարարման նվազման, թթվածնի անբավարար մատակարարման, և մարդը սկսում է տառապել թթվածնային քաղցից: Պարբերաբար շարժումների սահմանափակման հետևանքով  խախտվում է  հորմոնալ և այլ համակարգերի վիճակը:

Մինչդեռ կարելի է պայքարել դրա դեմ, եթե նույնիսկ մի փոքր ցանկություն ունեք:

Բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է, որ կարևոր է ոչ թե մարզումների ծանրությունը, այլ դրանց կանոնավորությունը:

Բոլորովին պարտադիր չէ ուժային մարզումներ կատարել, ֆիթնես  սրահ հաճախել կամ լողավազան գնալ, որ բավարարված զգաք: Ամենապարզ միջոցը, որ կարելի է անել, օրական գոնե կես ժամ քայլելն է: Տուն գնալիս կարելի է մեկ կամ երկու կանգառ ոտքով գնալ: Աստիճանաբար այդ զբաղմունքը ձեզ դուր կգա:

Եթե վերելակն ուշանում է` մի սպասեք, փորձեք ոտքով հանգիստ բարձրանալ: Հրաշալի միջոց են շարժուն խաղերը, ֆուտբոլը, վոլեյբոլը կամ, ձեր նախընտրությամբ, մեկ այլ խաղ:

Խորհրդակցության ժամանակ կանգնեք.  ի դեպ, կանգնած դիրքն օգնում է նաև կենտրոնանալուն:

Հիշեք այն ժամանակները, երբ էլեկտրոնային նամակների փոխարեն հաղորդելիքը բերանացի էինք փոխանցում կամ այցելություններ կատարում: Դա մարզվելու տարբերակ է ու մտերիմներին և ծանոթներին հանդիպելու մի նոր  առիթ:

Իսկ այժմ աշխատասենյակում  մեզ շրջապատող գրասենյակային պարագաները կարելի է  օհգտագործել  մարզվելու նպատակով,ասենք` պատճենահանման համար նախատեսված թղթի կապոցը կարելի է «վերածել» ծանրաձողի: Մարզվեք գրասենյակային ծանրաձողով ու   նստակյաց դիրքից ընդարմացած մարմնին հանգստություն պարգևեք:

Հեռախոսով զրուցելու հաճելի ժամանակը կարելի է  օգտակարի հետ համադրել, օրինակ` ամենևին չի խանգարի ոտքերի մարզանքը:

Միշտ են մասնագետները հորդորում. համակարգչի առջև աշխատելիս 2 ժամը մեկ ընդմիջում արեք ու աչքերի վարժանք` լարվածությունը վանելու համար:

Մի խոսքով, հիպոդինամիայի գերին չդառնալը ձեր իսկ ձեռքերում է:

 

 

Միլիոնավոր մարդիկ դիտեցին հանրահայտ եգիպտական թոք շոուն Հայոց ցեղասպանության մասին

եգիպտական հաղորդումԵգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատաբար է արտահայտվում նոր կառավարության մասին, պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ՝ Մուրսիի վերադարձը իշխանություն:

Հաշվի առնելով Էրդողանի անցանկալի միջամտությունը Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի և նրա վարչապետի դեմ: Եգիպտական թերթերը լիքն են հակաթուրքական զեկույցներով և խմբագրականներով: Տասնյակ հոդվածներ են հրապարակվում` դատապարտելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը և հորդորելով Եգիպտոսի նոր ղեկավարներին ճանաչելու այն: Նաև կոչեր են հնչում` Կահիրեում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելու և պահանջներ՝ հայոց զոհերին Թուրքիայից փոխհատուցում վճարելու համար: Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամեդ Սաադ Խեյրալլահը, աննախադեպ քայլ կատարելով, դատական հայց է ներկայացրել` Թուրքիային մեղադրելով հայերի դեմ գործած ցեղասպանության համար:

Խեյրալլահը և Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտ. Այման Սալաման, սեպտեմբերի 4-ին հայտնվեցին Լիլիան Դաուդի «Ալ-Սուրա ալ-Կամիլա» (Ամբողջական պատկերը) հանրահայտ թոք շոուում, ON հեռուստաընկերությունում, որը դիտում են միլիոնավոր հեռուստադիտողներ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ ամբողջ արաբական աշխարհում: Շոուին հեռախոսի միջոցով մասնակցում էին նաև` Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Էրդողանի իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ռեսուլ Թոսունը և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: 36 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումը վարում էին արաբերեն լեզվով, որը ես հազվադեպ եմ օգտագործել մանկությանս տարիներից ի վեր:

Պրոֆ. Սալաման լսարանին տեղեկացրեց, որ 1919 թվականին Թուրքիայի ռազմական տրիբունալը մեղադրանք էr ներկայացրել Հայոց ցեղասպանության համար պատասխանատու ոճրագործներին: Տասնյոթ թուրք պաշտոնյա ճանաչվել էր մեղավոր, իսկ երեքը կախվել: Դոկտ. Սալաման նշեց, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915 թվականին հանդես էին եկել համատեղ Հռչակագրով, նախագզուշացնելով, որ իրենք պատասխանատու են ճանաչելու թուրք ղեկավարներին՝ հայերին կոտորելու և «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար:

Փաստաբան Խեյրալլահը պնդեց, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը Եգիպտոսում վաղուց է հասունացել և որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Նա հույս հայտնեց, որ իր դատական հայցը կստիպի Եգիպտոսին՝ «Մերձավոր Արևելքում սուննի մահմեդական ամենամեծ պետությանը» ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով արաբական այլ երկրների համար: Խեյրալլահը հայտարարեց, որ իր հայցը եգիպտական դատարանի կողմից կքննվի նոյեմբերի 5-ին: Նա հուսով է, որ դատարանը պատմական որոշում կկայացնի «մարդու իրավունքների» այս կարևորագույն հարցի վերաբերյալ:

Երբ հեռուստաշոուի հաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ կարծիքը եգիպտական դատական հայցի վերաբերյալ, ես մեծ գոհունակություն արտահայտեցի, հուսալով դրական դատավճիռ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին, և ասացի, որ անհամբեր սպասում եմ Ցեղասպանության ճանաչմանը Եգիպտոսի կառավարության կողմից:

Նաև նշեցի, որ Էրդողանն ինքն իրեն կարգել է որպես Մերձավոր Արևելքի նոր սուլթան, և բոլոր մահմեդականների, արաբների ու պաղեստինցիների միակ պաշտպան: Սակայն Էրդողանի խեղաթյուրումները վերջապես բացահայտվեցին, երբ արաբական աշխարհը հասկացավ, որ նա պարզապես փորձում է իշխել տարածաշրջանում, հետամուտ լինելով Թուրքիայի սեփական, այլ ոչ թե արաբների և մահմեդականների շահերին:

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռեսուլ Թոսունը, շոուին միանալով հեռախոսով, անմիջապես իր դեմ տրամադրեց հեռուստադիտողներին, պնդելով, որ «ներկայիս եգիպտական կառավարությունը, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով, օրինական չէ, ուստի ներկայացված հայցը չի կարող դիտարկվել որպես օրինական»: Թոսունը շարունակեց թութակի պես կրկնել իր թուրք շեֆերի անհիմն ժխտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պրոֆ. Սալաման, զայրացած Թոսունի ելույթից, Էրդողանին կոչեց «օսմանյան մարդասպանների իրավահաջորդը, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը»:

Այնուհետև հեռուստահաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թոսունի արտահայտած աղավաղված տեսակետներին: Ես հեռուստադիտողներին հիշեցրի, որ Քեմալ Աթաթուրքը, «Լոս Անջելես էքզամիներ» թերթում 1926 թվականի օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում, պահանջել էր, որ երիտթուրքերը «պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք դաժանորեն զանգվածաբար քշվեցին և կոտորվեցին»: Ես նաև հիշեցրի, որ Ալ-Ազհարի շեյխը` Կահիրեում գործող իսլամական հետազոտությունների համաշխարհային նշանավոր կենտրոնի առաջնորդը, 1909 թվականին ֆեթվա (կրոնական հրամանագիր) է արձակել, որով դատապարտել է թուրք պաշտոնյաներին Կիլիկիայի Ադանա քաղաքում 30 հազար հայերի կոտորածի համար:

Շոուի ավարտին, փաստաբան Խեյրալլահը հայտարարեց, որ շուտով հանրահավաքներ տեղի կունենան ցույց տալու համար, որ նրա խմբի դատական հայցը բխում է համաժողովրդական պահանջից` եգիպտացիները պահանջում են իրենց կառավարությունից «ճանաչել, որ հայերը կոտորվել են թուրք ոճրագործների ձեռքով»:

Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:

Ահա այդ թոք շոուի հղումը. http://www.youtube.com/watch?v=teAKr6Psyl0&sns=em

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ. Հայ բոլշևիկյան շարժման ամենակարկառուն ներկայացուցիչը

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԱլեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի  նրա սիրտն արդեն նվաճված էր:

Ստեփան Շահումյանի կերպարը հակասական է ու շղարշով ծածկված: Ոմանք նրան համարում են XX դարասկզբի մեծագույն գործիչ, ոմանք` դավաճան և ապազգային…

Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թ. հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում:

Պատանեկության տարիներից սեր ունենալով գիտության հանդեպ` նա սովորեց քիմիա, ճարտարագիտություն, հետագայում նաև` գրականություն և փիլիսոփայություն:

1889-1898 թթ. Շահումյանը սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, որտեղ առաջին անգամ հաղորդակից է դառնում հեղափոխական գաղափարներին և  կատարում առաջին հեղափոխական քայլերը: 1898 թ. նա մտնում է ՌՍԴԲԿ շարքերը, իսկ 1899 թ. Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան) հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը` «Սպարտակը»:  Մի տարի անց, Բոգդան Կնունյանցի հետ հիմնում է Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը: Նա ակտիվ կազմակերպչական աշխատանքներ   տարավ 1903-1905 թթ. Ալավերդու բանվորական ելույթների և 1903 թ. Հաղբատի գյուղացիների զինված ելույթների նախապատրաստման գործում: Աջակցեց Հաղբատի կոմբջիջի աշխատանքներին: Շահումյանի ուսուցիչներն էին նշանավոր հեղափոխականներ Դեդուշկան (Մելիք Մելիքյան), Բանվոր Խեչոն (Ասատուր Կախոյան)  այլք:

Ուսումնարանն ավարտելուց հետո` 1898-1902 թթ. նա սովորում է Ռիգայի ճարտարագիտական համալսարանում: 1902-1905 թթ. նա փիլիսոփայություն է ուսանել Բեռլինի համալսարանում, 1911 թ. էքստեռն կարգով ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Այնքան մեծ էր Ստեփան Շահումյանի հեղինակությունն ու ազդեցությունը, որ ժամանակակիցները նրան կոչում էին «Կովկասի Լենին»: Առհասարակ նա ոչ միայն մարտիկ-հեղափոխական էր, այլև մարքսիզմի տեսաբան: Նա խմբագրեց «Նոր խոսք» «Սոցիալ-դեմոկրատ», «Պրոլետարիատ», «Կայծ» թերթերը, բազում հոդվածների և հրապարակումների հեղինակ էր: Հայերեն է թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունները:

Ստեփան Շահումյանը հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հոգեզավակն էր: Մանթաշյանցն էր հովանավորում և ֆինանսավորում Շահումյանի ուսման ծախսերը: Մանթաշյանցի կրտսեր դուստրը սիրահարվել էր Շահումյանին: Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր…

1917 փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում տապալվեց ցարական կարգը, հսկայածավալ կայսրության ողջ տարածքում քաոս սկսվեց: Գավառներում տեղական իշխանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին կոլեգիալ մարմիններ: Մասնավորապես, 1917 թ. հոկտեմբերին Թիֆլիսում մենշևիկների, էսէռների, մուսավաթականների և դաշնակցականների համատեղ ջանքերով ստեղծվեց Հասարակական անվտանգության անդրկովկասյան կոմիտեն:

Սակայն այս մարմինը սոսկ ձևական բնույթ ունեցավ, և նրա իշխանությունը Անդրկովկասի վրա այդպես էլ չտարածվեց:

Այլ իրադրություն էր Բաքվում: Բաքուն այդ տարիներին, ինչպես և Օդեսան թերևս ամենաբազմազգ քաղաքներից էր կայսրության տարածքում: Այնտեղ էր կենտրոնացած Անդրկովկասի բանվորական ուժի մեծ մասը: Քաղաքական առումով էլ Բաքվում խառնաշփոթ էր. բանվոր դասակարգը, բնականաբար, համակրում էր բոլշևիկյան կուսակցությանը: Սակայն հայ հոծ բնակչության հաշվին ուժեղ էին նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև` տեղական թաթարների կողմից մեծ աջակցություն ստացող մուսավաթականները:

Իշխանության համար պայքարում, սակայն, ուժեղ գտնվեցին բոլշևիկները և 1917 թ. հոկտեմբերի 31-ին գումարված բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի ընդլայնված կոնֆերանսը հայտարարեց քաղաքում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Ձևավորվեց Բաքվի խորհուրդը, որի գործկոմի նախագահ ընտրվեց Ստեփան Շահումյանը: Գործկոմի կազմում ընտրվեցին նաև Պ. Ջափարիձեն, Ի. Ֆիոլետովը, Մ. Բասինը, Ս. էֆենդիևը, Ի. Վացեկը, ձախ էսեռ Մ. Վեզիրովը և ուրիշներ։ Իսկ 1917 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար:

Առհասարակ, կոմունայի մեջ մեծ թիվ էին կազմում հայ բոլշևիկները: Հետագայում գնդակահարված 26 կոմիսարներից ութը ազգությամբ հայ էին:

Բաքվի կոմունան սկզբից ևեթ հայտարարեց, որ պաշտպանում է բոլշևիկյան Ռուսաստանի շահերը երկրամասում: Սակայն նույն ժամանակահատվածում Թիֆլիսում այլ զարգացումներ էին ընթանում: 1917 թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը: Նրա մեջ մտած հիմնական ուժերը, սակայն, տարբեր շահեր ու նպատակներ էին հետապնդում: Վրաց մենշևիկները, հույսը դնելով գերմանա-թուրքական աջակցության վրա, ձգտում էին Անդրկովկասի տարանջատմանը Ռուսաստանից: Դրան դեմ չէին նաև մուսավաթականները, որովհետև այդ միջոցով թուրքական զորքերը հնարավորություն կունենային ճեղքելու կազմալուծված Հայկական ճակատն ու արշավել Բաքու, որի արդյունքում մուսավաթականները այնտեղ կտապալեին Կոմունան և կվերցնեին իշխանությունը:

ՀՅԴ-ն դեմ էր Անդրկովկասի` Ռուսաստանից անջատվելուն: Դա առավել կմեկուսացներ հայությանը և նրան կթողներ անպաշտպան թուրքական ներխուժման դեմ: Այս առումով դաշնակցությունը սերտ համագործակցում էր Բաքվի կոմունայի և Ստեփան Շահումյանի հետ, մանավանդ որ վերջինս հանդես էր գալիս հակաթուրքական միասնական ճակատ կազմելու առաջարկությամբ: Այդ ժամանակաշրջանում Ստեփան Շահումյանն անգամ առաջարկեց Անդրկովկասի վարչական բաժանման տարբերակ, ըստ որի` Անդրկովկասի հայաբնակ տարածքները պետք է մաս կազմեին Արևելյան Անդրկովկաս կոչվող երկրամասի` Երևան կենտրոնով: Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, ըստ Շահումյանի, պետք է վճռվեր համաժողովրդական քվեարկությամբ: Առհասարակ, այդ շրջանում Շահումյանը հանդես էր գալիս ընդգծված հայանպաստ դիրքերից. նրան են պատկանում «բոլշևիկ լինելով հանդերձ` ես հայ եմ» արտահայտությունը:

1917 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որում նշվում էր արևմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ընդունվեց նաև Ստեփան Շահումյանի ջանքերով:

Իրերի բերումով 1918 թ. Շահումյանի հետ համագործակցության փորձ արեց նաև Արամ Մանուկյանը` հույս ունենալով նրա միջոցով ռուսական նահանջող զորքերը պահել ռազմաճակատի գծում: Սակայն Շահումյանն այլևս անզոր էր որևէ էական բան փոխելու:

Այսինքն` ՀՅԴ աջակցությունը Ստեփան Շահումյանին և Բաքվի կոմունային էական էր: Հետագայում Շահումյանն իր նամակներում գրեց. «Դաշնակցական կուսակցությունը մեզ պաշտպանում է ամեն բանում»: Իսկ նրա որդին` խորհրդային  գեներալ Սուրեն Շահումյանը, ավելի ուշ  գրել է. «Դաշնակները գնում էին բոլշևիկների հետ, որովհետև հայ բնակչության համար ավելի հուսալի էին համարում այդ դաշինքը: Չլիներ այդ դաշինքը, թուրքերը և ադրբեջանական մուսավաթականներն ավելի շատ հայեր կկոտորեին, կիրականացվեր նոր ցեղասպանություն»: Հետևաբար, անհիմն են խորհրդային պատմագիրների պնդումները, որոնք փորձում են Կոմունայի տապալման մեջ նաև ՀՅԴ-ի մեղքը որոնել:

Ինչևէ:  ՀՅԴ-ն անզոր էր մենակ դիմագրավելու դեպքերի զարգացմանը, և ի վերջո Անդրկովկասը հռչակվեց Ռուսաստանից անկախ հանրապետություն:

Ստեղծված իրադրությունը շտկելու և հակաթուրքական միասնական ճակատ կազմելու ծրագրով Ստ.Շահումյանը գնաց Թիֆլիս: Սակայն նրան գրկաբաց չընդունեցին: Մենշևիկները փորձեցին ձերբակալել Շահումյանին, սակայն  նա դաշնակցականների օգնությամբ խույս տվեց և ծպտյալ հեռացավ Բաքու:

Ստեփան Շահումյանի և ՀՅԴ-ի միջև համագործակցությունը շարունակվեց մինչև 1918 թ. մարտի 3-ը, երբ Խորհրդային Ռուսաստանը ստորագրեց Բրեստ-Լիտովսկի դավաճան պայմանագիրը, որով նա ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Արևմտյան Հայաստանի վրա: Սա առիթ դարձավ, որ հայ քաղաքական ուժերը սթափվեին և այլևս հույսեր չկապեին Ռուսաստանի հետ:

Մարտի 2-ին մուսավաթականներն իրենց կազմած «վայրի դիվիզիայով» Բաքվում խռովություն են բարձրացնում: Բաքվի կոմունայի շահերը պաշտպանում և փաստորեն կոմունայի իշխանությունը փրկում են դարձյալ հայերը` գեներալ Հակոբ Բագրատունին, որ մինչ այդ Պետրոգրադի պարետն էր, և Հայոց ազգային խորհրդի զորամիավորումները` Հմայակ Սրվանձտյանի, Համազասպի, Սեբաստացի Մուրադի  հրամանատարությամբ:

Առհասարակ Բաքվի պաշտպանությունն իր վրա էր վերցրել ՀՅԴ-ն իր մարտունակ խմբերով: Այդ օրերին անգամ Հյուսիսային Կովկասի հայության շրջանում ՀՅԴ-ն զորահավաք էր հայտարարել` Բաքվի կոմունայի փրկության համար: Շահումյանը Ասքանազ Մռավյանին զորահավաքին աջակցելու հրաման էր տվել: Հետագայում Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրեց. «Մեզ վրա հենված` բոլշևիկները խորտակեցին Բաքվում Մուսավաթի ուժը 1918 թ. մարտին»:

Սակայն Ստ. Շահումյանը, վախենալով ՀՅԴ աճող հեղինակությունից, ապրիլի 13-ին հրաման է արձակում հայկական ազգային երկրորդ հետևակային գունդը ցրելու մասին: Նրա հրամանով պետք է գնդի հիման վրա կազմվեին Կարմիր բանակի ստորաբաժանումներ` բոլշևիկ հրամկազմով: Իսկ ապրիլի 15-ին նրա գլխավորությամբ ստեղծվում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Շահումյանը խորհրդի կազմի մեջ դաշնակցականներին էական դերակատարությունից զրկում է, սակայն ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով հայության շահերին, իր մոտ 5000-անոց ռազմական ջոկատներն առաջնորդում է ճակատ` թուրքերի դեմ:

Խոսելով հայերի զինված ուժերի՝ Բաքվի կոմունայի պաշտպանությանը մասնակցելու մասին` այն ժամանակ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կորզանովը գրել է. «Հայերը տարածքային հավակնություններ չունեին, այլ միայն սահմանափակվում էին Բաքվի մարզի պաշտպանությամբ, քանի որ Բաքուն

թուրք-թաթարների կողմից գրավվելու դեպքում հայկական խաղաղ ազգաբնակչությունը անխուսափելիորեն կոչնչացվեր: Բացի դրանից, թշնամական ուժերի մի մասի զբաղված լինելը Բաքվի ճակատում հեշտացնում էր Հայաստանի ռազմական ընդհանուր դրությունը»:

Սակայն դա չկարողացան գիտակցել անձամբ Շահումյանը և Բաքվի բոլշիկ պարագլուխները: Նրանց ապաշնորհ գործելաոճի  հետևանքով Բաքվի շուրջ թուրքերի օղակը գնալով սեղմվում է: Հուլիսին իրավիճակը ճգնաժամային է դառնում: Կոմունան այլևս անկարող էր պայքարել: ճակատում մնում են միայն հայկական զորամիավորումները: Եվ այս ճակատագրական պահին Բաքվի կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, փախուստի է դիմում` թողնելով բնակչությանը թուրքական յաթաղանին: Շահումյանն իր հետ Բաքվից տանում է գանձարանը, զենք- զինամթերքը` քաղաքի պաշտպաններին թողնելով անհույս վիճակում: Հայկական զորամիավորումները պայքարում են մինչև արյան վերջին կաթիլը: Սեպտեմբերի 16-ին թուրքերը, մտնելով Բաքու, արյան նախճիր են սարքում, որին զոհ է գնում 30 հազար հայ:

Շուտով փախուստի դիմած Բաքվի կոմունան գերվում է: 1918 թ. սեպտեմբերի 20-ին Շահումյանին ու նրա զինակիցներին գնդակահարեցին:

ԼՂՀ-ի երկրորդ ճանապարհը և հեռանկարները

արցախՆերկայիս Արցախի Գորիս–Ստեփանակերտ մայրուղին այնքան էլ հարմարավետ չէ, այդ պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշեց ԼՂՀ–ի նոր`  երկրորդ  ճանապարհ կառուցել, որն ավելի կարճ կլինի, քան առաջին՝  հիմնական ճանապարհը: Հենց այդ մասին էլ որոշեցինք  զրուցել միջազգային հարաբերությունների վերլուծաբան և խորհրդատու Մարկ Դիզենի հետ:

–        Պրն. Դիզեն, ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջերս որոշեց կառուցել Հայաստան–Արցախ նոր՝  երկրորդ ճանապարհ:

– Նախ և առաջ պետք է սկսել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, որը ուղիղ կապ ունի մեր թեմայի հետ, քանի որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի հիմնահարցերից ամենակարևորը վերաբերում է ապագա ԼՂՀ-ի անվտանգությանը: Հայաստանի տեսանկյունից դա ևս կարևոր է և կապված է բուֆերային տարածքների հետ, որոնց ներգրավման գլխավոր պատճառը նախկին ԼՂ Ինքնավար Մարզի անվտանգության գոտու ստեղծումն է: Ուստի ապացուցված մարդասպանի ներման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, հասկացրեց հայաստանյան կողմին և միջազգային հանրությանը, որ հային սպանելը հերոսական արարք է: Եվ կարծում եմ, որ հայերը լուրջ ընդունեցին, քանի որ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծն իսկապես անհանգստացնող է: Դա է պատճառը, որ հայերը որոշեցին լինել ավելի ակտիվ և հեռատես՝ կառուցելով երկրորդ ճանապարհը, որպեսզի պաշտպանեն Արցախի անվտանգությունը:

– Ի՞նչ փոփոխություններ կարող է բերել այդ ճանապարհի կառուցումը:

– Նոր ճանապարհը կնպաստի ԼՂՀ-ի տնտեսական զարգացմանը, հատկապես` Շահումյանի և Մարտակերտի տարածաշրջաններում: Կհեշտանա ապրանքների փոխադրումը ԼՂՀ և դրանից դուրս, որովհետև նոր ճանապարհը Երևանից Ստեփանակերտ կկրճատի ճանապարհորդության ժամանակը մոտ 3 ժամով: Առաջին ճանապարհի համեմատ, որն անցնում է Բերձորի միջով, երկրորդ՝ Վարդենիսից Մարտակերտ ճանապարհն ավելի վստահելի կլինի: Այն հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք Ստեփանակերտի օդանավակայանի փակ լինելու հանգամանքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականությունը: Երկրորդ ճանապարհը հնարավորություն է տալիս ապահով և ռազմավարական այլընտրանքային տրանսպորտային երթուղի ստեղծել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

–        Նշեցիք, որ կառուցվող ճանապարհը կնպաստի տնտեսական զարգացմանը: Դա ենթադրում է նաև սոցիալական զարգացո՞ւմ:

– Տնտեսական զարգացումը կհանգեցնի սոցիալական զարգացման: Ռազմական և անվտանգության ասպեկտները ևս կարևոր են, որպեսզի նպաստեն սոցիալական զարգացմանը, չէ՞ որ Արցախում ապրող երիտասարդ հայերի համար առաջին և ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես ապահովել ընտանիքն ու հարմարավետ կյանք ունենալ այնտեղ: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն անվտանգության նշանակություն կունենա՝ ապահովելով ԼՂՀ-ի քաղաքացիներին: Դրանից զատ, այն կնպաստի նաև զբոսաշրջությանը, քանի որ զբոսաշրջիկներն ի վիճակի կինեն ավելի արագ, հարմարավետ և հեշտ հասնել Հայաստանից Արցախ:

–        Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանն այդ ծրագրին:

– Երբ Ադրբեջանը լսում է Հայաստան-ԼՂՀ նոր տրանսպորտային ծրագրերի մասին, բողոքում է: Այս անգամ կարող ենք ևս սպասել բողոքի: Բայց քանի որ արդեն կա գործող մայրուղի՝ Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի արժանանա նմանօրինակ հարվածների, այնպես ինչպես ականատես եղանք Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում: Ի տարբերություն նոր օդանավակայանների, Ադրբեջանի լծակներն ավելի քիչ են, երբ խոսքը ԼՂՀ նոր ճանապարհների մասին է:

արցախ (1)–        Այն կհանգեցնի՞ պատերազմի կամ ներքին կոնֆլիկտի:

– Չեմ կարծում, որ այս ծրագիրը կհանգեցնի ռազմական հակամարտության: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, անշուշտ, հաստատել է նոր ճանապարհի կառուցման ծախսերն ու օգուտները, իսկ ծրագրին հետամուտ լինելու իր որոշումը արտացոլում է իր վստահությունը: Դա շատ կարևոր է նաև հայկական սփյուռքի համար, որպեսզի իմանա, որ իրենց ֆինանսական աջակցությունը կօգտագործվի վստահելի ծրագրերի իրականացման մեջ, իսկ նոր ծրագիրը այդ վստահության ապացույց կլինի:

–        Ո՞ր երկրները, հատկապես գերպետությունները կօգտվեն նոր ճանապարհի կառուցումից:

– Երկրորդ ճանապարհն առաջին հերթին նպաստավոր կլինի Արցախի համար, հետո՝ Հայաստանի: Սակայն գերտերությունների համար այն էական նշանակություն չի ունենա: Այսօր Հայաստանն ու ԼՂՀ-ն առավել ակտիվ քայլեր են ձեռնարկում իրենց ապագան անվտանգ դարձնելու նպատակով, ինչն էլ ազդում է ԼՂՀ-ի հիմնահարցի առնչությամբ գերպետությունների քաղաքականության վրա: Դրանք Մինսկի խմբի համանախագահող խմբերն են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ, ինչպես նաև այլ տարածաշրջանային պետությունները՝ Իրանը, Թուրքիան և Եվրամիությունը: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հայերի նախաձեռնության խորհրդանիշն է, որպեսզի խրախուսի միջազգային հանրությանը ԼՂՀ-ին նայել այլ աչքերով:

– Ինչպիսի՞ն է Արցախի «նոր քարտեզը»:

– ԼՂՀ-ի հարավային տարածքը կարևոր է Իրանի հետ հարևանության տեսանկյունից: Օվկիանոս չունեցող երկրների համար միջազգային սահմաններն արժեքավոր են: Այդ տարածքը ԼՂՀ-ի համար ապագա կարևոր առևտրային ներուժ ունի: Կովկասցիները շատ լավ գիտեն, որ միջազգային հարաբերությունները փոփոխվում են, և ներկա իրավիճակը` կապված Իրանի հետ, ի վերջո կարող է փոխվել: Իսկ ԼՂՀ-ն գիտակցում է, որ ապագայում  այն փոքր սահմանը, որը կիսում է Իրանի հետ, շատ կարևոր նշանակություն ունի իր համար:

–        Նոր ճանապարհը կարո՞ղ է որոշ անձանց համար բիզնեսի նպատակ լինել:

– Բիզնեսի տեսանկյունից երկրորդ ճանապարհը նպաստավոր է ԼՂՀ-ի համար, սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ արդյոք որոշ անհատներ կօգտվե՞ն դրանից: Կարծում եմ՝ դա կախված է բիզնեսի տեսակից: Այսպես, օրինակ՝ նրանք, ովքեր Արցախում ներգրավված են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության (օրինակ՝ Դրմբոն հանքը), փոքր արդյունաբերության և զբոսաշրջության մեջ, անպայման կօգտվեն:

Կարևոր է, որ Արցախը շարունակի պահպանել իր գեղեցիկ միջավայրը, բնությունը թե՛ այնտեղ ապրողների, թե՛ հյուրընկալվողների, զբոսաշրջիկների համար: Չէ՞ որ նա չի ցանկանա կորցնել զբոսաշրջիկներին: Ինչպես Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, այնպես էլ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կայուն զարգացման դրական օրինակ կծառայի:

–        Ի՞նչ շրջահայաց քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը Ադրբեջանի և այլ երկրների հետ քաղաքականության առումով:

– Հայաստանը Արցախի հետ կապված կարող է դիմել երեք խելացի քայլի. առաջին`  շարունակի համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ԼՂՀ-ի հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ, քանի որ դեռ ժամանակ կա: Երկրորդ` անդադար աշխատի ԼՂՀ-Ադրբեջան սահմանի լարվածությունը նվազեցնելու համար, և երրորդ՝ պետք է նպաստի Մինսկի խմբում ԼՂՀ-ի մեծ դերին՝ քարոզելով Արցախի ներառումը որպես բանակցությունների պաշտոնական կողմի:

Եվ վերջում նշեմ, որ որքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ, այնքան ԼՂՀ-ի բուֆերային գոտիները Հայաստանի համար կարևոր են դառնում:

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Տոնաշենի 20-ամյա փառավոր ուղու հանգրվանը…

1315938790_leonid-azgaldian-13Օգոստոսի 25-ին Մարտակերտի շրջանի հյուսիսային դարպասը համարվող   Տոնաշենում մեծ տոն էր, որպիսին հնամենի գյուղը չէր տեսել 1993 թ. ազատագրումից ի վեր:

Մինչ 1989 թ. 160 բնակիչ և հազար ու մի խնդիր ունեցող գյուղն այսօր էլ ապրում է իր խնդիրներով և հոգսերով, որոնք նույնն են մնացել, միայն թե, ցավոք, բնակիչների թիվն է պակասել: Գյուղն ասես մարդաթափ է եղել: Անշուշտ, գյուղն  առանց հոգսի չի լինում, առավել ևս, եթե երկու անգամ թշնամու կողմից ոտնակոխ է արվել, բայց այսօր խնդիրների մասին չէ  որ  ուզում եմ խոսել, քանզի առիթը տոնական է:

Օրերս մեծ հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում զոհված և Արցախյան պատերազմում մարտիրոսացած տոնաշենցիների, ինչպես նաև գյուղի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակը  հավերժացնող  վեհաշուք  հուշակոթողը: Տոնաշենցիների ուրախությանը մասնակցելու էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարարը, հարևան գյուղերի բնակիչներ:

Ի դեպ, Թարթառի ձախափնյա գեղատեսիլ վայրում գտնվող այս  հնամենի գյուղի պատմությունը դարերի խորքից է գալիս: Այդ են վկայում գյուղի գերեզմանոցի հուշաքարերը: Իսկ ըստ ավանդության` գյուղը հիմնադրել է Վաչագան թագավորի տոհմակից Տոնին, որի պատվին էլ անվանակոչվել է: Գյուղի Ս. Գևորգ եկեղեցին մինչև 1930 թ. կանգուն է եղել, իսկ «Երեք մանկուք» եկեղեցին, որտեղ ծվարել են շատ շահումյանցիներ բռնագաղթի տարիներին, լավագույնն է  համարվել վերջին  500 տարում կառուցվածների մեջ:  Կոլտնտեսությունն էլ 1930 թ. է կազմավորվել, իսկ 1950 թ. միավորվել է Մադաղիսի, այնուհետև Այգեստանի (Չայլու) հետ:

OLYMPUS DIGITAL CAMERAԻնչպես կյանքն ապացուցեց, արցախյան շարժումն ամեն ինչից զատ նաև երկրի կենսունակության ստուգման լուրջ քննություն էր, որովհետև հոգևոր զարթոնքը, որն օծվեց ազգային-ազատագրական պայքարի մեռոնով, անմահացրեց մեր շատ սիրասուն զավակների կյանքը կրակի մեջ, հանուն Արցախի, որի համար ոտքի ելան հազարավորները: Ոմանց կենսագրությունը  պատմություն դարձավ, շատերինն էլ՝ քարե մատյան, հուշակոթող՝ դարեդար մնալու հավատամքով:

20-ամյա հաղթանակից հետո  առաջին անգամ իսկական տոն էր Տոնաշենում:  Արցախյան այս փոքրիկ հողակտորի համար իրենց կյանքն են նվիրաբերել շատ նվիրյալներ, այդ թվում նաև «Անկախության բանակի» լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, որպեսզի քայլենք գլուխներս բարձր,  հպարտ: «Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի: Թուրքը կկորցնի` ուրեմն թուրքը, հայը՝ ուրեմն հայը: Դրա համար Արցախում շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի  փոքր կտոր հողի հարց չէ: Սա Հայաստան է,   և վերջ»,- համոզված էր ազգի մտավորական զինվորականը: Նա առաջիններից էր, որ մարգարեաբար կանխատեսում էր, որ արթնացած շարժումը զինված պայքարի է վերածվելու: Սին երազներով ապրող մարդ չէր ամենևին, անգամ կանխազգում էր իր մոտալուտ մահը… 1992 թ. հունիսի 21-ին զարկվեց  Տոնաշենում, երբ այն թիկունք էր համարվում, ավելին՝ Շահումյանի, Այգեստանի բնակիչների առաջին հանգրվանը,  որտեղ թուրքի սմբակը դեռ չէր հասել: Իսկ թե ում արձակած գնդակը եկավ ու ազգի նվիրյալ զավակին դիպավ, մինչ օրս առեղծված է մնում…

Մեր ազատամարտիկների թափած արյան ամեն մի կաթիլն ըստ արժանվույն պիտի գնահատվի, արժևորվի, որպեսզի մեր հայրենիքն  արժանապատվորեն ժառանգություն թողնենք մեր սերունդներին, որոնք էլ իրենց հերթին պիտի դասեր քաղեն  կատարվածից՝ գիտակցելով, որ արցախյան այս փոքրիկ գյուղի ամեն մի հողակտորի վաղվա տերն ու տիրականն իրենք են: Իսկ հուշակոթողը դրա առհավատչյան է, որովհետև հետայսու այն հերոսների փառքն ու ոգին է թևածելու Տոնաշենում ու նրա բարձունքներում, որոնց շնորհիվ մենք ապրում ենք հպարտ ու արժանապատիվ:

Իսկ որպեսզի կարողանանք հավերժ պահել մեր Արցախ աշխարհը, փոքրիկ Տոնաշենը, ապա ամեն տոնաշենցի իր մեջ պիտի փնտրի  իր հողի համար ընկած տղաներին… Նրանց ներկայությունն այսուհետ հավերժական է: Ներկաներին այդ մասին է հիշեցրեց նաև  Արցախի ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը:

«Արցախյան գոյապայքարի ժամանակ, երբ բռնազավթված է եղել Հյուսիսային Արցախը, Մարտակերտի մեծ մասը, մենք այս տարածաշրջանում ունեցել ենք զինվորական ներկայացուցչություն՝ «Եղնիկներ» կոչված ջոկատը:  Եվ այս հուշարձանը արտացոլում է նաև այս տղաների սխրագործությունը: Այսօրվա բանակը պահապան է այս տարածաշրջանին, և մենք այս հուշարձանի կառուցմամբ փաստում ենք այն, որ եկել ենք մշտական ու հավերժական: Սա նաև հիմք պետք է հանդիսանա մեր հետագա խնդիրները կատարելու  համար»,- հավատացրեց նախարարը:

Կասկած չկա, որ այսուհետ հուշակոթողը ոչ միայն տոնաշենցիների, այլև հարևան բնակիչների ու զորամասի զինվորների համար սրբատեղի  է դառնալու:

Էլ ինչ տոն առանց պարգևների` պատվոգրերի ու մեդալների, այդ թվում՝ դրամական, Արցախի նախագահից, ՊՆ նախարարից և Արցախի ազատամարտիկների միության կողմից, որոնց արժանացան ինչպես համայնքի բնակիչները, այնպես էլ  ազատամարտիկներ ու զինվորականներ: Իսկ բարերար Սերժիկ  Հայիրյանը Տոնաշենի պատվավոր քաղաքացի ընտրվեց…

Փռում պատրաստված ծաղկակաղամբ

ծաղկակաղամբՊատրաստվում է 30 րոպեում

Սա շատ հեշտ պատրաստվող ուտեստ է, որը կարելի է մատուցել որպես  առանձին ուտեստ  կամ մսի խորտիկների հետ` որպես խավարտ: Այն շատ ախորժաբեր տեսք ունի ու անսովոր համ:

Այս կերպ պատրաստված ծաղկակաղամբն առավելագույնս պահպանում է օգտակար հատկությունները:

Բաղադրությունը

1 գլ ծաղկակաղամբ

1 բաժակ կաթ

3/4 բաժակ ալյուր

սխտորափոշի` 2 թ/գդալ

50 գ կարագ

4 բաժնի համար

Պատրաստման նկարագրությունը

Ծաղկակաղամբը լավ լվանալ հոսող ջրով ու քամել անձեռոցի վրա,բաժանել ցողունների, ապա հալած կարագի վրա ավելացնել մաղած ալյուրը, սխտորը, մի քիչ կաթ ու խառնել: Պետք է ստացվի հեղուկ խառնուրդ, որի մեջ թաթախվում է ծաղկակաղամբի յուրաքանչյուր ցողունը: Ապա տապակի վրա տարածած կալկայի վրա շարել ու  մինչև 220 աստիճան  աստիճան տաքացված ջեռոցում եփել 15-20 րոպե, որից հետո հարկավոր է նվազեցնել ջերմությունը մինչև 160 աստիճան ու շարունակել եփը ևս 20 րոպե:

Պատրաստի ծաղկակաղամբը կարելի է մատուցել ձեր նախընտրած թանձրահյութով, ասենք` մի քիչ զեյթունի ձեթով կծու կետչուպով: Կարելի է նաև մայոնեզն ու կետչուպն իրար խառնած օգտագործել : Ամեն դեպքում, բոլոր տարբերակներով էլ շատ համեղ է ստացվում:

 

 

Այդպես էլ կրթությունն «ապրանք» չդարձավ

կրթությունԱյդպես էլ Հայաստանի «մեծապատիվ տիարք» չհասկացան մի պարզ ճշմարտություն` կրթություն մատուցելը համարվում է ծառայությունների մատուցում: Իսկ ծառայությունների մատուցման ոլորտում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործում է մի պարզ սկզբունք. ցանկացած սակագին փոփոխվում է, երբ տվյալ ծառայություն մատուցող ոլորտը թևակոխում է զարգացման ավելի բարձր աստիճան, դրանից հետո է տեղի ունենում թանկացումը: Իսկ ծառայությունների գները բարձրացնել ընդամենն աղոտ խոստումներ տալով, թե ինչ–որ անորոշ ապագայում  հայկական բուհերում մատուցվող կրթական ծառայությունները ինչ–ինչ փոփոխություններ կունենան, ուղղակի ծիծաղելի է, եթե ոչ ծաղր: 

Ինչպես գիտենք, ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարները թանկացնել 100.000 դրամով և նվազագույն շեմը նախկին 300 հազար դրամի փոխարեն դարձնել 400 հազար դրամ: Վարձավճարների բարձրացմամբ են նոր ուսումնական տարին սկսում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով:

Այս որոշման հեղինակներն ուսման վարձավճարների թանկացումը  պատճառաբանում են այն հանգամանքով, որ վերջին տարիներին բուհերի ծախսերը շատացել են. բուհն այժմ մեկ ուսանողի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է կահավորանքի, տեխնիկական և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ:

Մի պահ մոռանանք հայկական իրականությունը և անդրադարձ կատարենք առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների փորձին: Ֆրանսիայում, օրինակ, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի ռեզիդենտ քաղաքացիների համար ուսումն անվճար է, իսկ ոչ ռեզիդենտների համար ուսման վարձավճարները սկսվում են տարեկան 7 հազար եվրոյից: Բացի Սորբոնի համալսարանից, Ֆրանսիայի շատ այլ համալսարաններում կրթությունը բավականին թանկ է: Նայենք ԱՄՆ-ի օրինակին. այդ երկրի բուհերում, առավել ևս միջազգային հեղինակություն վայելող, ուսման վարձավճարները հասնում են տասնյակ հազարավոր դոլարների: Եվրոպական շատ այլ երկրների առաջատար ու միջին կարգի բուհերում էլ ուսման վարձավճարները բավականին բարձր են:

Իհարկե, լավ կրթությունը չի կարող էժան լինել, եթե հաշվի առնենք ուսումնական գործընթացի կազմակերպչական, նյութատեխնիկական պայմանների բավարարումը, հեղինակավոր ու որակյալ փորձագետներով ու մասնագետներով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմերը համալրելու անհրաժեշտությունը և այլն: Տպավորություն կարող է ստեղծվել, թե մեզ մոտ էլ նույն պատճառաբանություններն են բերվում, սակայն դա չի արդարացնում կրթության ոլորտի հայ պատասխանատուներին:

Նախ` այն պարզ պատճառով, որ այդ երկրներում առաջնորդվում են «կրթությունը պետք է լինի ոչ թե էժան ու անհասանելի, այլ թանկ, բայց հասանելի բոլորին» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ ստեղծված են բազմազան ու բազմապիսի մեխանիզմներ, որոնցով ուսանողներն ու նրանց ծնողները կարող են վճարել որակյալ կրթության համար: Օրինակ` գործում են կրթության ֆինանսավորման տարբեր ու տարատեսակ հիմնադրամներ, այդ երկրների բանկային համակարգերն ունեն ուսանողական վարձավճարների վարկավորման ճկուն մեխանիզմներ, պետությունը կիրառում է կրթության վարձավճարների սուբսիդավորման, զեղչերի ու փոխհատուցումների ճկուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս գումար չունեցող, բայց  ուսումնատենչ երիտասարդին ստանալ որակյալ կրթություն` համոզված լինելով, որ իր ստացած կրթությամբ հետագայում կկարողանա արդարացնել ու «ծածկել» կրթության համար արված ծախսերը:

Այդ երկրներում կրթությունը, ինչպես և պետք է լինի, դիտարկվում է, որպես ապրանք, և մարդիկ գիտեն, թե ինչի համար են վճարում, գիտեն այդ ապրանքի, այսինքն` իրենց ստացած կրթության արժեքը: Օրինակ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համալսարաններում կրթություն ստանալ ցանկացողներին բուհերը տրամադրում են սպառիչ տեղեկություններ, թե ուսանողն իրենց մոտ ինչ առարկաներ է ուսումնասիրելու, ինչ մակարդակով, ինչ չափանիշների է համապատասխանում այդ կրթությունը, ինչպիսի հիմնարկների, կազմակերպությունների կամ կառույցների համար են կրթության այդ չափանիշներն ընդունելի, իրենց համալսարանի շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում, ինչպիսի վարձատրությամբ աշխատանք է գտնում, ինչպես են օգնում իրենց շրջանավարտներին հետագայում աշխատանք գտնելու հարցում, իրենց պատրաստած մասնագետներն աշխատաշուկայում ինչ պահանջարկ ունեն և այլն:

Բացի այս ամենը, նորմալ ու նախանձելի կրթական համակարգեր ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում  և այլն, բուհերն ակտիվորեն համագործակցում են պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` իրենց կրթական ծրագրերը նրանց պահանջներին համապատասխանեցնելու համար, որպեսզի կարողանան պահանջված մասնագետներ պատրաստել, ոչ թե ընդամենը դիպլոմներ տալ… Մեկ այլ օրինակելի մեխանիզմ էլ կա այդ երկրներում. օրինակ` ինչպես Հայաստանում պետությունն է բուհերին պետպատվերի շրջանակներում մասնագետների պատրաստում պատվիրում, նույն կերպ էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են այդ բուհերին ուղիղ, անմիջական կապի միջոցով պատվիրում իրենց համար համապատասխան մասնագետների պատրաստում` պետության պես  ուսման վճարները լրիվ կամ մասնակի փոխհատուցելով: Սա ևս մեկ լծակ է, որն օգնում է ուսանողներին չվախենալու ուսման վարձավճարների թանկությունից: Իսկ հայկական բուհերից քանի՞սը կարող են իրենց գոնե մեկ տարվա շրջանավարտների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կամ վիճակագրություն ներկայացնել: Քանի՞սը կարող են ասել, թե իրենց պատրաստած որ մասնագիտությունն ինչպիսի պահանջարկ ունի աշխատանքի շուկայում, քանիսն են դիմորդների ու նրանց ծնողների համար էքսկուրսիաներ կազմակերպում իրենց կրթօջախներում` ներկայացնելու համար մատուցվող կրթության ձևը, որակը, բուհի լաբորատոր-լսարանային, նյութա-տեխնիկական պայմանները, ուսումնա-մեթոդական տարրերն ու պրոցեսները, պրոֆեսորա-դասախոսական կազմին…

Հայ ուսանողը կա՛մ պետք է հարմարվի, կա՛մ հեռանա…

Մինչդեռ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը հրավիրված ասուլիսում արդարացնում է ուսման վարձերի թանկացումը` պնդելով, թե դա ինքնանպատակ չէ, թե վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի ուսման վարձից, որ կրթությունն էլ իր գինն ունի…

Նախարարը խոստանում է «ջանքեր թափել», որ այս ամենից, իր խոսքերով ասած, «պլյուսով դուրս գանք», որ կրթաթոշակներ են սահմանվելու լավագույն ուսանողների համար, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որ վարձավճարներից գոյացած միջոցների 7 տոկոսը բուհերը հատկացնեն ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու հիմնադրամներին և այլն:

Բայց ոչ մի տեղ չի խոսվում, թե ուսման վարձավճարների բարձրացումն ինչպես կանդրադառնա ուսման որակի բարձրացման վրա: Օրինակ` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կշարունակե՞ն տառապել «նախնադարյան» համակարգիչներն աշխատեցնելով, թե՞ նոր ու ժամանակակից համակարգիչներով կստեղծեն իրենց նյութերը, 240 հոգով 4-5 տեսախցիկի վրա՞ հույսները կդնեն տեսանյութեր պատրաստել սովորելիս, թե՞ գոնե 2-3 հոգուն մեկ տեսախցիկ կհասնի…

Ոչ մի տեղ այս հարցերի պատասխանները չկան: Չկան նաև այնպիսի հարցի պատասխաններ, թե ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կներդրվեն ուսումնական գործընթացների կազմակերպման համար, ինչպիսի ու ինչ կարգի մասնագետներ կհրավիրվեն դասավանդման համար և այլն: Կարծես ամեն ինչ, բացի մի քանի լսարանների կոսմետիկ վերանորոգումից, նույնն է մնում` թե՛ կրթության որակը, թե՛ պայմանները, միայն վարձավճարներն են թանկանում:

Սեպտեմբերի 2-ին` «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած բողոքի երթի ժամանակ, երբ ուսանողները հասան կառավարության շենքի մոտ, նրանց դիմավորեց կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու ցնցող «նորություններ» հայտնեց. «Բուհերն ինքնավար մարմիններ են, ու երբ ուսման վարձը թանկանում է, հավասարաչափ թանկանում է նաև պետության համար: Պետպատվեր գոյություն ունի, ես պարտավոր եմ լինելու կատարել նրանց որոշումը և ավելի գումար վճարել պետպատվերի համար: Այնպես որ մենք այստեղ  դեմ դիմաց կանգնած կողմեր չենք` այս խնդիրն ինչքան ձեզ համար է բարդ, այնքան էլ կառավարության համար է բարդ: Բայց կառավարությունը մյուս կողմից փորձում է ուրիշ միջոցներ ձեռնարկել` սոցիալական խնդիրները լուծել, ուսանողական հիմնադրամների խնդիրները լուծել, լրացուցիչ զեղչեր սահմանել»:

Ստացվում է` պետական բուհերն ինքնագլուխ ինչ ուզեն, կարող են անել` առանց կառավարության ցանկությունները հաշվի առնելու: Կառավարությունն էլ համաձայն է բուհերի ղեկավարների պատճառաբանությունների հետ ու հարց չի բարձրացնում, թե ինչու են ուսման վարձավճարները թանկացնում խոստացված փոփոխություններից ու բարելավումներից առաջ, ոչ թե հետո:

 

Հովհաննես Աբրահամյան. «Լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա»

Ovannes Abraamyan IMG_0021Լրանում է ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ հաղթանակների 40 տարին: Լեգենդար թիմի հաջողության հոբելյանն արժանապատիվ նշելու հարցում առայժմ անորոշություն է: Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արարատ» թիմի այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանի հետ:

 – Ի՞նչ պարտականություններ ուներ այն տարիներին թիմի պետը:

– Բացի խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին հանձնարարականներ տալուց,  զբաղվում էր բոլոր հարցերով: Հնարավորն արվում էր, որպեսզի խաղացողները բարվոք պայմաններում մարզվեն, հանգստանան, վերականգնեն ուժերը, կենցաղային որևէ խնդիր չունենան, մարզական ռեժիմը չխախտեն և այլն: 

– Մեր երկրի լավագույն թիմում, կարելի է ասել, աստղեր էին խաղում: Նրանք քմահա՞ճ էին, դժվա՞ր էր այդ ֆուբոլիստների հետ աշխատելը:

– Իհարկե, բոլորն էլ աստղեր էին: Եթե նրանք Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարում հաղթում են (1:0) իր կազմում աշխարհի 5 չեմպիոն ունեցող Մյունխենի «Բավարիային», ապա կասկած չի կարող լինել, որ դա կարող էին միայն բարձրակարգ խաղացողները: Բայց ինքս էլ նախկինում ֆուտբոլիստ էի եղել, մարզիչ, ֆուտբոլը հասկանում էի, և որևէ բարդություն չկար: Եթե ֆուտբոլիստը լավ էր խաղում,  որպես խրախուսանք պարգևավճար էի խոստանում, եթե վատ էր խաղում, հայտնում էի, որ ոչինչ էլ չի ստանալու: Արդարամիտ էի, հեղինակություն ունեի, և դա էլ օգնում էր աշխատանքը կազմակերպելուն:

 – Ո՞վ էր որոշողը, որ այս կամ այն խաղացողը պարգևավճար պետք է ստանա կամ չպետք է ստանա:

– Որոշողը թիմի գլխավոր մարզիչն էր, սակայն նա միշտ խորհրդակցում էր թիմի պետի հետ: Թիմի պետը գիտեր, թե ինչ հնարավորություններ կան: 

– «Արարատի» շատ մարզիչների հետ եք աշխատել: Նրանցից հատկապես ո՞ւմ կառանձնացնեք:

– 10 մարզչի հետ եմ աշխատել: Ամենափառահեղ պատմությունը գրել է Նիկիտա Սիմոնյանը, նրա ղեկավարած տարիներին է «Արարատը» ամենամեծ հաջողություններին հասել: Այդուհանդերձ, որպեսզի լավ թիմ ձևավորվեր, հիմնական աշխատանքը կատարել էր Արտյոմ Ֆալյանը: Նա խստապահանջ էր, կարգապահություն էր սիրում, բայց կարող էր ցանկացած խաղացողի քննադատել: Որոշ մարզիչներ խուսափում էին արդեն ճանաչված ֆուտբոլիստներին կամ   օրինակ` այնպիսի անհատականության, ինչպիսին Արկադի Անդրեասյանն է, դիտողություն անել, բայց Ֆալյանը  ոչ մեկին բացառություն չէր անում, մտածածն ասում էր: Նա սիրում էր ֆուտբոլը, կարգապահությունը, ճշտապահությունը: Թիմի հիմնական կազմ ընկնելու համար, պետք էր խաղալ, արդարացիորեն այդ իրավունքը նվաճել: Խստապահանջություն կար,  և դա լուրջ գրավական էր հաջողության հասնելու համար: 

– Այն ժամանակներում տրանսֆերային պատուհան, ֆուտբոլիստների առուվաճառք չկար: Ինչպե՞ս էր կատարվում թիմի համալրումը, խաղացողներն ի՞նչ ճանապարհով էին հրավիրվում:

– Ֆալյանը նոր թիմ ստեղծեց, մի շարք խաղացողներ դրսից հրավիրվեցին: Նամակագրություն կար, բացի այդ, ուսումնամարզական հավաքների ժամանակ այս կամ այն խաղացողին տեսնում էինք Սոչիում, այլ վայրերում ստուգողական խաղեր անցկացնելիս: Այն ժամանակ ֆինանսական գործարքներ չկային: Պարզապես բանակցում էինք, պայմանավորվում, թե հրավիրված ֆուտբոլիստներն ինչքան աշխատավարձ պետք է ստանան: «Արարատի» հիմնական կազմի խաղացողն ամիսը ստանում էր 2500 ռուբլի, փոխարինողների կազմի խաղացողը`1500 ռուբլի: ֆուտբոլիստներին որպես աշխատող տեղավորում էինք տարբեր գործարաններում, նաև լրացուցիչ ֆինանսներ էին հատկացվում: Ֆուտբոլը համարվում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մարզաձևը, և խաղացողներն իրենց փողերը ստանում էին ժամանակին: Ֆուտբոլիստներ կային, որոնք 4-5 տեղից աշխատավարձ էին ստանում: Լավագույններին արտահերթ ավտոմեքենա էին տրամադրում, բնակարան, կահույք: 

– Նիկիտա Սիմոնյանի հետ հե՞շտ էր աշխատել:

– Նա հանդարտ բնավորություն ունի, խաղաղասեր մարդ է, հեշտ էր: Դեպք է եղել, երբ նրան տեղեկացրել  եմ, որ առաջատար այսինչ խաղացողը ծախել է խաղը, ասում էր` ոչինչ: Բայց եթե նույն բանը Ֆալյանն իմանար, ապա նա խաղացողի կաշին  կքերթեր, մարզակոշիկները հանել կտար և պարտադիր մի քանի շրջան խաղադաշտի շուրջը կվազեցներ:

 – Իրո՞ք, այն տարիների՞ն էլ խաղերի առուծախ կար:

– Այն էլ ինչպիսի, պայմանավորված հանդիպումները քիչ չէին: Ուշագրավն այն է, որ հայկական թիմն անգամ այդպիսի պայմաններում, նաև երբ ԽՍՀՄ առաջնությունում ռուսական, ուկրաինական թիմերը գերակշռում էին և իրար օգնում, կարողանում էր ակնառու հաջողությունների հասնել: 

Արարատ– Այդպիսի մի խառը պատմությունում մեկ անգամ նաև Դուք եք հայտնվել: Խոսքն Ալմա–Աթայում կատարվածի մասին է:

– «Արարատը» դժվարին դրության մեջ էր հայտնվել և բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար երկու խաղից պետք է երկու միավոր վաստակեր: Դրսում մրցելու էինք Ղազախստանի «Կայրաթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Եվ Ալմա-Աթայում ինձ և թիմի ադմինիստրատոր Աշոտ Մանուկյանին ձերբակալեցին: Նախապատմությունն այսպիսին է: Հույս ունեինք, որ «Կայրաթի» ղեկավարությունը կընդառաջի, սակայն երբ դիմեցինք, որ միավորներ տրամադրեն, մերժեցին: Պատճառաբանությունն այն էր, որ Ղազախստանի Կենտկոմի ղեկավարությունը կարող է պատժել: Ընդ որում, դրանից մեկ տարի առաջ դժվարին դրության մեջ էր «Կայրաթը», և «Արարատը» սեփական հարկի տակ կայացած խաղում միավոր էր նվիրել, որպեսզի այդ թիմը չլքի բարձրագույն խումբը: Ստիպված պայմանավորվեցինք «Կայրաթի» դարպասապահի հետ: Ի նշան երախտիքի 4 հազար ռուբլի պետք է տայինք, որ նա էլ որպես պարգև բաժաներ թիմի խաղացողներին: Փողը պետք է հանձնեինք դարպասապահի աներձագին, բայց վերջինս պայմանավորված ժամին չեկավ: Զանգահարեցինք դարպասապահին: Բայց այդ ժամանակ հեռախոսը վերցնում է  նրա համարում գտնվող թիմի մարզիչը, և Մանուկյանը, առանց կասկածելու, ցանկանում է իմանալ, թե ինչու փողերը տանելու համար ոչ ոք չի եկել: Եվ մարզիչն ամեն ինչի մասին հայտնում է ոստիկանությանը: Շուրջ երեք տասնյակ ոստիկան ու զինվորական հայտնվեցին, մեզ տարան ոստիկանական բաժանմունք, մեկ օր պահեցին: Հետո ներկայացավ մի գեներալ և հետաքրքրվեց, թե ինչ է կատարվել: Հայտնեցինք, որ թիմը վտանգավոր իրավիճակում է, խնդրել ենք, որ օգնեն: Ընդ որում, մեկ տարի առաջ նույն հարցում մենք ենք աջակցել «Կայրաթի» ներկայացուցիչներին: Երբ նա լսեց այդ մասին, ցանկացավ ճշտել, ապա խիստ զայրացավ ու հանդիմանեց  ղազախական ակումբի թիմի պետին, թե ինչու նա չի ընդառաջել, բարեկամաբար վերաբերվել: Նիկիտա Սիմոնյանը մեզ մոտ էր մնացել, խաղից հետո թիմի հետ չէր մեկնել Մոսկվա: Հետո այդ գեներալն օգնեց, որ մեզ ինքնաթիռի տոմսեր տրամադրեն, և ուղևորվեցինք Մոսկվա: Իսկ «Կայրաթին» պարտվել էինք 0:1 հաշվով:

 – Երբ «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ի՞նչ պարգևներ տրամադրվեցին:

– «ԳԱԶ 24» մակնիշի 5 ավտոմեքենա տրամադրվեց, որից  մեկն ինձ բաժին հասավ: Մյուսներն էլ «Ժիգուլի» ավտոմեքենաներ ստացան: Պարզապես դրանք գնվում էին արտահերթ, ինքնարժեքով: Նիկիտա Սիմոնյանն էր որոշում, թե ով ինչ արժանիքներ ունի: Ինքը հրաժարվեց «ԳԱԶ 24» ավտոմեքենա գնելուց: Խաղացողները բնակարաններ ստացան, տարբեր օգնություններ:

 – Ինչպե՞ս է նշվելու փառահեղ հաջողության հոբելյանը:

– Դեռ պարզ չէ, մի քանի օր առաջ «Արարատի» վետերանների ակումբի նախագահ Սերգեյ Պողոսյանի հետ էի զրուցում: Ինքս «Արարատի» վետերանների թիմի մարզիչն եմ: Նա էլ չգիտեր, թե ինչ պետք է արվի: Փաստորեն, ոչ ոք չի ցանկանում, որ  40-ամյակն արժանիորեն նշվի: Ստիպված ենք դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Ժամանակ չի մնացել: Հանդիսությունը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Ի դեպ,  դա նաև Սիմոնյանի ծննդյան օրն է: Նրա հետ խոսել եմ, ասել եմ, որ ցանկանում ենք հաղթանակների տարեդարձը հանդիսավորությամբ նշել, բայց դեռևս անորոշ վիճակ է: Ընդ որում, Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների ենթահանձնաժողովում, որի նախագահն է Կառլեն Հարությունյանը, քննարկվել է և հավանության  արժանացել, որ հոբելյանի առթիվ Երևանի  «Հրազդան» մարզադաշտի  հարևանությամբ հուշարձանախումբ տեղադրվի, որում կերտված կլինեն փառաբանված թիմի խաղացողները և մարզիչները: Դա աշխարհում ընդունված է: Այդ քայլը կնպաստի, որ նոր սերնդի մարզիկները ոգևորվեն և ֆուտբոլը զարգանա: Ի դեպ, արձանախումբը պատրաստվում է: Պետք է նաև ցուցահանդես բացվի: Սիմոնյանին  ցավով տեղեկացրի, որ այդ ամենին  «տորմուզ է» տրվել: Կառլեն Հարությունյանը զբաղվում է այդ հարցով, սակայն երևում է` նրա ուժը չի պատում: Հանձնաժողով է ստեղծվել, դիմել են նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Մերժում չի եղել, սակայն ոչինչ չի էլ արվում:

 – Հնարավոր է, որ Վարդանյանը չի ցանկանում խառնվել ֆուտբոլային հարցերին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ինքնիշխան է և որևէ միջամտություն պարզապես անթույլատրելի է համարում:

– Երևի այդպես է: Ֆեդերացիան խոստացել է օգնել: Բայց օգնելը մի բան է, հանդիսավոր նշելը` մեկ այլ: Նշելու համար կարելի է վետերանների մեկ խաղ կազմակերպել և ամեն  ինչ դրանով ավարտել: Մինչդեռ ծրագրով շատ բան է նախատեսվում: Պետք է Սիմոնյանը գա, հրավիրվելու են նաև ԱՄՆ-ում բնակվող արարատցիները, տարբեր հյուրեր և այլն: Բայց եթե չի նշվելու, ինչպե՞ս կարող են նրանք գալ: Փաստորեն, լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա:

 

Համակարգչային հիվանդությունը` ուռուցքային հիվանդությունների մրցակից

computer-stressԱյսօր համակարգիչը գրեթե բոլորի կյանքում կարևոր դեր է խաղում: Սակայն վատն այն է, որ դրանից օգտվելիս չենք պահպանում անվտանգության կանոնները և վնասում ենք մեր առողջությունը: Տարիներ առաջ համակարգչից օգտվելու կանոններն ավելի խիստ էին, որովհետև  նախկին սերնդի համակարգիչների էկրանները պաշտպանիչ շերտ չունեին և էլեկտրամագնիսական ճառագայթներն ավելի արագ էին թափանցում մարդու օրգանիզմ: Իսկ այսօր կան բազմաթիվ մեթոդներ պաշտպանվելու համար:

Մասնագետների համոզմամբ՝ համակարգչի դիմացից չհեռացող մարդը հակված է բազմաթիվ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային խնդիրների, աղեստամոքսային տրակտի խանգարումների և այլն:

Ահա, թե ինչ է ասում նյարդավիրաբույժ Հայկ Միրզոյանն այդ մասին.

– Համակարգչից երկար օգտվելը նպաստում է ողնաշարի դիստրոֆիկ դեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը, որը հանգեցնում է հիպոդինամիայի՝ շարժունակության պակասեցմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանիզմի ճարպակալման: Մյուս կողմից` հիպոդինամիան առաջացնում է սրտանոթային համակարգի որոշ խանգարումներ, որոնք երկրորդային ձևով հանգեցնում են միկրոշրջանառության վատացման:

Համակարգչից անընդհատ օգտվելը, սակայն,  առաջին հերթին, հարվածում է տեսողությանը, ակնաբույժները դա անվանում են համակարգչային տեսողական համախտանիշ:

– Առաջին հերթին խորանում է կարճատեսությունը:  Կան մարդիկ, որոնք գանգատվում են վատ տեսողությունից, բայց ստիպված են համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնել: Ժամանակի ընթացքում նրանց տեսողությունը վատանում է: Առաջանում է նաև կեղծ կարճատեսություն, որը, ի տարբերություն  իրականից, աչքի ներսի մկանների աշխատանքի խախտման  հետևանք է և  կարելի է բուժել, – նշում է ակնաբույժ Նազելի Բաղդասարյանը:

Բացի այդ, տեսողության երկարատև լարվածության հետևանքն աչքերի մակերեսի գերչորացումն է, որին նպաստում է նաև Հայաստանի փոշոտ կլիման:

– Չորացումն ավելի շատ սուբյեկտիվ խնդիրներ է ստեղծում. մշտական անհարմարավետություն օրվա տարբեր ժամերին, ավազի զգացողություն, ծանրություն աչքերում, առավոտյան աչքերի դժվար բացվելը և այլն: Այսինքն`փոխվում է կյանքի որակը, – բացատրում է բժիշկը:

Մասնագետների գնահատմամբ` այդ ժամանակակից հիվանդությունն իր աճի տեմպերով գերազանցում է ուռուցքային հիվանդությունների դինամիկան, սակայն եթե երկրորդի դեպքում հնարավոր չէ խուսափել բացասական զարգացումից, առաջինի հետևանքներից խուսափելը շատ ավելի հեշտ է: Դրա համար չպետք է մոռանալ համակարգչից օգտվելու անվտանգության կանոնները:

– Ցանկալի է համակարգչից օգտվել մեկ-երկու ժամ, որից հետո փոխել դիրքն ու քայլել սենյակում: Անընդհատ նստած նույն դիրքում` փաստորեն ամբողջ մարմնի կշիռը գցում ենք գոտկային հատվածին՝ միջողնային աճառներին, և փոքր փոփոխությունները հանգեցնում են ողնաշարի միջողնային աճառների ճողվածքների, որոնք էլ ազդում են աշխատունակության վրա,- խորհուրդ է տալիս Հ. Միրզոյանը:

Ակնաբույժ Ն. Բաղդասարյանն իր հերթին առաջարկում է համակարգչի առջև  նստել ուղիղ, մոնիտորի` էկրանի վերին եզրը պահպանել աչքերի մակարդակին, այսինքն` հայացքը լինի ոչ թե վեր, այլ՝ ներքև, և աշխատասենյակում լինի ընդհանուր լուսավորվություն, քանի որ մութ վայրում լուսավորված էկրանով աշխատելը տեսողության թշնամին է:

Իսկ երեխաներին մասնագետները բոլորովին խորհուրդ չեն տալիս օգտվել համակարգչից, քանի որ նրանց աճող օրգանիզմն էլ ավելի է հակված ողնաշարային խնդիրների (սկոլիոզ և այլն): Այնպես որ, հարգելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր երեխաների առողջության հարցում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Գիրք, որ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է կարդա

ռաֆայել իշխանյանԼույս է տեսել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի նոր հրատարակությունը: Մինչև սեպտեմբերի կեսը գիրքն արդեն գրախանութներում կլինի:

«Անտարես» հրատարակչությունը եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրավիչ արտաքին, որակյալ թուղթ, ընթերցելու համար հարմար  տառաչափ և հնագիտական գտածոների ու պատմական դրվագների  բազմաթիվ նկարներ: Գիրքն առաջին անգամ ձեռքը վերցնելիս այս հատկանիշներն են աչքի զարնում:

Իսկ մի  քանի էջ կարդալուց  հետո ընթերցողը կհասկանա, որ հենց այս գրքով է պետք կրթել աճող սերնդին: Սա գիրք է, որից կարող են օրինակ վերցնել ժամանակակից դասագիրք գրողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել գիտականության և մատչելիության համատեղելիության խնդիրը:

Երեք մասից կազմված գրքում  մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը` սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների թագավորության անկումը:

Գրքի առաջին մասում ներկայացված են հայ ժողովրդի ծագումը, հայոց հնագույն պատմությունն ըստ այլալեզու վկայությունների, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի պատմությունը:

Երկրորդ գրքում հեղինակը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը, Արշակունիների հարստության անկումը, հայ դպրության սկզբնավորումը և հայոց պետականության անկումը:

Երրորդ գրքում արդեն ներկայացված են Պարսկաստանին ենթակա Մարզպանական Հայաստանի պատմությունն ու ազատագրական պայքարները, արաբական տիրապետությունը Հայաստանում և Բագրատունիների կողմից հայոց պետականության վերականգնումը, ապա դինաստիայի անկումը:

Ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել գրել գրքի չորրորդ հատորը, որում պետք է ներկայացներ Կիլիկյան Հայաստանի պատմությունը: 90-ականների դժվարին օրերին հեղինակն ասում էր, որ գրքի 4-րդ մասը մտքում պատրաստի ունի, մնում է միայն շարադրել: Բայց չէր շտապում, քանի որ  նրա գրքերը սովորաբար երկարատև պայքարի արդյունքում էին հրատարակվում, իսկ գրքի 2-րդ և 3-րդ հատորները դեռևս տպագրված չէին:  Մինչդեռ, ըստ նախնական գաղափարի, գիրքը պետք է վեցհատորյակ լիներ:

պատկերազարդ պատմություն հայոցՀետաքրքիր զուգադիպությամբ գիրքն առաջին անգամ հրատարակվել է Արցախյան շարժման տարիներին և կոչված  էր հայ մանուկին ու երիտասարդին ոչ միայն սովորեցնել իր պատմությունը, օգնել խուսափելու պատմական սխալների կրկնությունից:

Այսօր ևս Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, երբ անընդմեջ երկընտրանքի առջև ենք: Եվ մեծից փոքր հասկանում ենք, որ հարկ է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի դարերի խորքից մինչև XXI դարը հասած հայությունը կարողանա պահպանել պետականությունը: Վերահրատարակված գիրքը  ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ` նախ պետք է լինել հայամետ: Եվ սա արվում է ոչ թե քարոզով, այլ պատմական փաստերը կողք կողքի դնելով:

Իշխանյանը պատմական օրինակներով ընթերցողի մեջ սերմանում է այն միտքը, որ պետք է հավասարակշռված  անկախ քաղաքականություն վարել հարևանների հետ` հօգուտ հայրենիքի և պետականության:  Նա հիշեցնում է, որ «քաղաքականության  մեջ միևնույն կրոնը դավանելը նշանակություն չունի, որ ամեն պետություն իր շահն ունի, և հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք նրանց չի օգնել և չի օգնի»:

Ասվածի ապացույցը Արշակունիների հարստությունից Արշակ Երկրորդի և նրա որդու` Պապի վախճանն է: «Հայրը զոհ գնաց մի հակառակորդի` պարսիկների, իսկ որդին մյուսի` Հռոմի դավերին: Հայքը թուլանում էր»,- գրում է հեղինակը:

Գրքի ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ  հեղինակը կարողացել է հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գիրքը հավասարապես ըմբռնելի ու գրավիչ է  թե՛ դպրոցահասակ փոքրիկի համար, որը նոր-նոր է սկսում պատմության ուսումնասիրությունը,  թե՛ գիտակ  մեծահասակի համար:

Հեղինակը աշխատության սկզբում բացատրում է ընթերցողին պատմական տերմինները և մի շարք բառեր, որոնք ներկայիս դասագրքերը չեն բացատրում, և բեռը մնում է ծնողի ուսերին, մինչդեռ ամեն ծնող չէ, որ ունի բավարար գիտելիք կամ ժամանակ այդ ամենը երեխային բացատրելու համար: Օրինակ` սովորեցնում է, թե ինչ է «մ.թ.ա»-ն և «մ.թ.»-ն, ինչպես հաշվել, թե օրինակ` մ.թ.ա. 95 թվականը մեզանից քանի տարի առաջ է եղել, ինչպես որոշել, թե տվյալ թվականը որ դարն է: Նա անհրաժեշտ է համարել նաև տեղեկացնել ընթերցողին, թե ինչ են պապիրուսը, մագաղաթը, ինչպես են պատրաստվել և կիրառվել: Ավելին, ընթերցողը գիտելիք է ստանում նաև, թե մեր պատմության մասին  տեղեկություններն ինչ աղբյուրներից ենք ստանում, ինչպես է պատմությունը գրվում:

Այս ամենը ժամանակին տողերիս հեղինակին բացատրել են ծնողները, քանի որ դասագիրքը նման գիտելիքներ չէր տալիս: Այս աշխատությունը, փաստորեն, լուծում է երեխայի` դասն ինքնուրույն սովորելու խնդիրը,  թեպետ այն դպրոցական դասագիրք չէ:

Աշխատության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մշտապես կարևորվում է լեզվի` որպես ազգ կերտող և պահող գործոնի դերը: «Զուտ հայկական ամեն առանձնահատկություն իր հիմքում ունի հայոց լեզուն,- բացատրում է Իշխանյանն իր ընթերցողին:- Իրոք, դարերի ընթացքում հայերի գլխավոր ու վճռական առանձնահատկությունը, որը միայն հայերինն է եղել, և որը չի ունեցել ու չունի ուրիշ որևէ ժողովուրդ, լեզուն է` հայոց լեզուն»:

Իշխանյանը հմտորեն կապակցում է հայոց լեզուն և հայոց պատմությունը, ընթերցողին բացատրում, որ չկա հայ առանց հայոց լեզվի,  և չկա հայոց լեզու առանց հայի, քանի որ այն լեզուն, որով չեն խոսում, մեռած է:

Ցավոք, այսօր դպրոցում միջառարկայական կապն այնքան էլ հստակ չէ: Մինդեռ ներկայիս դասագրքերի հեղինակները կարող են Իշխանյանից օրինակ վերցնել, թե ինչպես է պետք մատուցել միջառարկայական կապը:

Կասկած չկա, որ «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը կարդացած աշակերտն իր գիտելիքներով կփայլի ոչ միայն պատմության, այլև մայրենիի դասաժամին:

«Պատկերազարդ պատմություն հայոց»-ը գիրք է, որ ամեն հայ գեթ մեկ անգամ պետք է կարդա, որպեսզի ներսում խլրտա ազգասիրության ոգին, հպարտությունը, որպեսզի երբևէ հանկարծ չարտաբերի օտարների կողմից հայերի մեջ սերմանված այն միտքը,  թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, թե հայերը եկվոր են կամ իրենց մեջ ամփոփում են ամենայն վատը: Սա գիրք է, որ ամեն օր պետք է աչքի առաջ ունենալ, իսկ կարդացած ամեն մի տողն էլ ականջին օղ անել:

 

 

Քո լեգենդը, մա’յր. քառասուն տարի անց

Դու չկաս արդեն աշխարհում այս մեծ,

Բայց զուր է մահը քեզ ինձնից խլում,

   Մայր, ես կրում եմ քեզ հիմա իմ մեջ,

Ինչպես դու էիր ինձ քո մեջ կրում…

 Մորիս Քարեմ

 New Picture (1)Քառասուն տարի է արդեն, ինչ մայրս` Քնարիկ Վախթանգի Մելիքսեթյանը, որ հպարտությամբ էր կրում հորս ազգանունը, չկա այս մեծ աշխարհում: Իսկ ապրածը բազում հոգսերով ու դառնություներով լի 43 տարիներ էին ընդամենը, նաև համառության, կամքի դռսևորման, ծնողական սիրո ու մայրական հոգածության, նվիրումի օրինակելի տարիներ:

Շատ անգամ եմ հիշել կորստի առիթով հորեղբորս խոսքը մորս մասին. «Նա էլ մի ղուշ էր, որ իջավ մեր օջախին ու թռավ գնաց»:

Բոլորի պես մայրս էլ ուներ իր համոզմունքները: Ընդգծված առաքելությունը, որ մնացել է մերձավորների ու ճանաչողների հուշերում, նվիրումն էր օջախին, աշխատանքին ու ինքնամոռաց ծառայելը շրջապատին:

Մայրս հարգում էր ուսումը, գիրը, գրականությունը: Չգիտես ինչու, որոշել էր, որ ես ինժեներ եմ դառնալու: Սովորաբար չէր երգում (բնատուր շատ շնորհքներ ուներ, բայց այդ մեկը չուներ, կամ էլ գուցե ճակատագիրը երգելու տրամադրություն չէր թողնում), բայց այդ ժամանակ շատ տարածված «Ինժեներ բալա» երգի տողերը հաճախ էր արտասանում: Մորս այս ցանկությունը ես չկատարեցի, բայց ոչ նրա համար, որ դա չէր իմ ճանապարհը, այլ ուզեցի գնալ հենց նրա կիսատ թողած ճանապարհով: Նա ժամանակին ընդունվել էր մանկավարժական ինստիտուտ ու կիսատ թողել ընտանիքի ու նաև առողջական խնդիրների պատճառով:

Մանկավարժության մեջ իմ վարած նաև ունկնդրած ամեն մի դաս մորս տված «դասերն» էր հիշեցնում: Գերիշխում էր համոզման ու նվիրումի մեթոդը:

Հավերժ պարտք մնալով քեզ, մայր, շնորհակալ եմ իմ կյանքն իմաստավորելու, դասեր տալու համար: «Ուրիշի գործ չկա»,- սիրում էիր կրկնել: Հավատա մայր, որ դա ինձ համար ևս համոզմունք է:

Շատ բան տվեց աշխարհին մայրս, վայելքներ գրեթե չտեսավ: Հայրս դեռ կենդանի էր, երբ կիսակառույց մեր գյուղական տանը Վարդավառի առիթով մորթված ուլի  մսին մորաքույրս աղի փոխարեն շաքարավազ էր խառնել, ծիծաղը չէր դադարում: Մորս շատ ուրախ այդ օրն եմ տեսել ու մեկ էլ իմ և քրոջս օրագրերը թերթելիս, նաև ծնողական ժողովների օրերին:

Ինը տարի խնամել է հիվանդ հորս, հետո առանց նրա տասը տարի միայնակ իր հոգնած ուսերին առել մեր հոգսը: Երբ նայում էր հորս լուսանկարին, ու աչքերը սկսում էին թրջվել, մի պատրվակով առանձնանում էր մեզնից:

Հիմա ներողություն եմ ուզում խնդրել մորս, թող լինի ուշացած, թող լինի հիշատակի խոսք ու զղջում, բայց կոկորդս կչորանա, եթե չասեմ: Մորս միշտ ասում էի, որ հորս եմ շատ սիրում: Այդ անիմաստ հարցի իմ հստակ ու նույնքան անիմաստ պատասխանը այսօր էլ ճնշում է հոգիս: Ես կրկնակի եմ շնորհակալ ճարտարապետության դոկտոր, իմ համագյուղացի Գառնիկ Շախկյանին, որ շնողեցիներին նվիրված կենսագրական հանրագիտարանում հայրիկիս հետ նաև մորս  նկարն է ներկայացրել ու նրան, որպես հարգանքի տուրք, պարուրել իր չտեսած թոռնիկներով: Իմ Աղասին այնպես լիաթոք է ասում` «Քնարիկ տատիս արևը», որ ինձ թվում է, ահա դուռը կբացվի և տատ ու թոռ կգրկախառնվեն:

Ինչո՞ւ քեզ չխնայեցիր, մայր, նաև դրա համար: Առավոտյան դաշտ էիր գնում աշխատանքի, երեկոյան գալիս, ուսից գցում խոտի խուրձն ու տարվում ընտանեկան հոգսերով` այգի, բակ, անասուն… Ծխախոտագործ էր մայրս, այգեգործ, խոհարար, մի բառով` հրաշագործ: Ավարտել էր Օձունի գյուղատնտեսական տեխնիկումը, բայց չինովնիկ չէր ու չէր էլ ուզում դառնալ: Նրան նկատում էին, գնահատում: Գյուղական խորհրդի, շրջխորհրդի պատգամավոր էր, օղակավար…

Դեպքից դեպք ասում էր` հոգնել եմ: Ուզում էին օգնել, գյուղխորհրդի նախագահ էր լինելու: Տրտնջում էր, հրաժարվում, բայց համոզել էին կարծես:

Ես չեմ սիրում ոչ մի ընտրություն, քանզի մորիցս հավերժ բաժանումը ընտրական օրվա հետ է կապված: Նախախնամությունը մորս մեզնից խլեց Պարույր Սևակի մահվան օրը: 1971-ի այդ օրը նրա այգում տապալվեց հսկա ծիրանենին, իսկ 1973-ին երկփեղկվեց իմ սիրտը: Ու այդ օրից հոգիս շշնջում, մեկ-մեկ էլ հրաբխի նման ժաթքում է:

…Աստվածային էր օրհնանքը նրա,

Որ զգացել եմ ես ինձ վրա,

Իմ ամեն գործում, իմ ամեն քայլում

Մորս ուղեկից հայացքն է փայլում:

…Դու նախանձ չունեիր մայր ու դրա սաղմն անգամ իմ մեջ չկա, բայց բարի նախանձով եմ նայում նրանց, ովքեր հարազատ գյուղ ու հայրական տուն են գնում` մոր մերած մածունը կտրելու կամ տնական հավի ձվածեղը համտեսելու, կամ էլ  պարզապես բարի լույս ասելու նրան, ով արդեն արժանացել է հարևանների աչքալուսանքին:

Տոն չէր քեզ համար մարտի 8-ը, մայր, կապված հորս կորստյան սև օրվա հետ, իսկ ապրիլի 7-ն այն ժամանակ չէր նշվում: Հիմա թույլ տուր շնորհավորել բոլոր մայրերին ու նաև այդպես փարատել կարոտս…

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

 

Հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել

մխիթարյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Սեպտեմբերի 6-ին մեր երկրի ներկայացուցիչները Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում կմրցեն Չեխիայի հավաքականի հետ, որին  մարտին սեփական հարկի տակ զիջել են 0:3 հաշվով: Իսկ սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Դանիայի ներկայացուցիչներին: Սերնդափոխություն ապրող հեղինակավոր այս թիմը Հայաստանի հավաքականին հյուրընկալելիս պարտվել էր 0:4 հաշվով, և կասկած չկա, որ փորձելու է վրեժը լուծել, վերականգնել սասանված հեղինակությունը:

Դժվար է լինելու հատկապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար: Առայժմ նրա գլխավորած հավաքականի ցուցանիշներն անբավարար են, մասնագետն ինքն էլ դժգոհ է և հրաժարական է տվել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այն չի ընդունել: Ակնհայտ է, որ նոր անհաջողություններից հետո ամեն ինչի պատասխանատվությունը կընկնի ՀՖՖ-ի ղեկավարության վրա: Հայկական ֆուտբոլում միակ հետաքրքրությունը մնացել են ազգային հավաքականի խաղերը, և հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել:

Թե Հայաստանի հավաքականն ինչպես հանդես կգա, շատ բանով պայմանավորված կլինի դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստների խաղամակարդակից:

Բարեբախտաբար, թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ի վերջո դրսևորեց իրեն: Նրա մասին քննադատական խոսքեր էին սկսել հնչել նաև գերմանական լրատվամիջոցներում: Եվ ահա Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում Մխիթարյանը  երկու գնդակ խփեց  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը, և նրա թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Լավ է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստն արթնացել է նիրհից: Մնում է, որ Մխիթարյանը նվիրումով խաղա և իրեն դրսևորի նաև Հայաստանի հավաքականի կազմում: Յուրա Մովսիսյանը մարտնչող ֆուտբոլիստ է, և կասկած չկա, որ  կներդնի բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի հավաքականին իր խաղով օգտակար լինի: Ի դեպ, ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա Մոսկվայի «Սպարտակի» կազմում 3 գնդակ է խփել: Վերջին` 7-րդ տուրում Մովսիսյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոմի» նկատմամբ, և Յուրան էլ գրավեց մրցակցի դարպասը: Նրա խաղընկերը` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը, նույնպես այդ հանդիպման ժամանակ մարզադաշտում էր և փոխարինվել է: Կարևորն այն է, որ նա խաղային փորձ ունի և կարող է օգտակար լինել մեր երկրի ազգային ընտրանուն:

Հայաստանի հավաքականի մյուս լեգեոնականները, բացառությամբ Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի, իրենց թիմերում բոլոր հանդիպումներին գրեթե չեն մասնակցում: Նրանք փոխարինողներ, փոխարինվողներ են կամ էլ նստում են պահեստային ֆուտբոլիստների կողքին: Այդուհանդերձ, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, անկանխատեսելի, և Հայաստանի հավաքականը կարող է իրեն լավ դրսևորել:

 

 

Արևադարձ,heliotropium

d06_1244_heliotropium-arborescensՊատկանում է գաղտրիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Պերուն է:Մշտադալար կիսաթուփ է, որը Երևանի պայմաններում կարող է ձմեռել միայն ջերմատներում և բնակարաններում:Տերևները անհարթ են, ունեն կնճռոտ տեսք, մանրիկ, կոշտ մազմզուկներ: Ծաղիկները շատ փոքր են, վահանակի տեսքով իրար կողքի խիտ դասավորված, մուգ կամ թավշամանուշակագույն, դուրեկան վանիլի բուրմունքով: Իր բուրավետ մանուշակագույն ծաղիկների շնորհիվ բույսը կարելի է հանդիպել ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ պարտեզներում ու բնակարաններում:

Բազմացվում է կտրոններով և սերմերով:

Թփին կիսաբնի տեսք տալու նպատակով, անհրաժեշտ է թողնել, որ բույսի գագաթը աճի, իսկ կողքից դուրս եկող շիվերը հեռացնել:Երբ շիվերից մաքրված բունը հասնում է ցանկալի բարձրության, անհրաժեշտ է թողնել 5-8 շիվ, ապա բույսը ծերատել 2-3 անգամ: Այդ գործողությունից հետո բույսի պսակը գնդի ձև է ստանում:Ձմռանը վաղ ծաղկեցման նպատակով, առանձնացված բույսերի վրայից անհրաժեշտ է հեռացնել ամռանը աճած բոլոր ծաղկակոկոնները:

Բարելավվել է Հայաստանի մրցունակության ցուցանիշը

10665_am_6Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանի դիրքը բարելավվել է: Կատարված ուսումնասիրության և զեկույցի այլ ցուցանիշների մասին հանգամանալից տեղեկություն է տվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, որից հետո Տիգրան Սարգսյանը մատնանշել է մեր երկրի այդ ոլորտի առավելություններն ու թերությունները:

Նպատակը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է

ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. հուշագիր են ստորագրել Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմոլոգիայի, ակտիվ տեկտոնիկայի և հրաբխայնության բնագավառում հետազոտություններ իրականացնելու նպատակով: ՀՀ տարածք է ներմուծվել տեղորոշման 8 հավաքածու: Նշված սարքերն այժմ օգտագործվում են երկրադինամիկական երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար, աշխատանք, որը թույլ կտա առավել համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի հատվածների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ: Որոշումը համահունչ է տվյալ բնագավառում կառավարության վարած քաղաքականությանը` նվազեցնել և բացառել աղետների հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը և ունեցվածքին հասցվող վնասը, նվազեցնել սեյսմիկ ռիսկը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը երեք տարով երկարաձգել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ընկերությունը զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր ներդրումային ծրագիրը սկսել է 2009 թվականին` ներմուծելով Սևանի թերակզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու տեխնիկական միջոցներ: Այժմ ծրագիրը շարունակվում է, ընկերությունը բացի հյուրանոցային բարձրակարգ ծառայություններից մտադիր է բավարարել նաև լեռնադահուկային սպորտի սիրահարների հետաքրքրությունը:

Հիմնադրվում է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ

Կառավարությունն իր որոշմամբ հիմնադրել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը: Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջից, ինչպես նաև անձնավորված հաշվառման ավտոմատացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Գնումների մասին ՀՀ օրենսդրությունում առկա խնդիրների լուծման նպատակով կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից երեքը: Դրա շնորհիվ հստակեցվել են առկա ռիսկային և երկակի մեկնաբանության տեղիք տվող դրույթներն ու նորմերը, արվել խմբագրական շտկումներ:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի («IWRM/Ախուրյան գետ» ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով 550 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ») նախագծին:
Նկատի առնելով, որ «Երևանջուր» ՓԲԸ-ն չի օգտագործում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին սեփականության իրավունքով պատկանող 3 հազար 863 գծամետր երկարությամբ Արարատյան առաջին հերթի խողովակաշարի մի մասը, գործադիրը որոշել է այն օտարել մրցութային կարգով:
Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած մի քանի որոշումներում, կառավարությունը մարզերում իրագործված ծրագրերից տնտեսված միջոցներն ուղղել է համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացմանը:
ՀՀ կառավարությունը համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված մոտ 31 մլն դրամն ուղղել Նորատուսի Վ. Մամիկոնյան փողոցի հիմնանորոգմանը:
Սյունիքի մարզի Շաքի գյուղի վարչական տարածքում նոր մաքսատուն կառուցելու նպատակով կառավարության որոշմամբ համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 7.1 հա և համայնքի սեփականությունը հանդիսացող 0.56 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա շահ:
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և Մոլդովական 70 թիվ 1 հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաև Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչներին սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները :

Ջրի որակի վերահսկումը առողջության գրավականն է

ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը քաղցրահամ ջրի մոնիթորինգի և պահպանման գործում» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող ծրագրով պետական տարբեր մարմիններ և ակադեմիական շրջանակներ ներկայացնող շուրջ 50 մասնակիցներ կծանոթանան ջրային էկոհամակարգերում քաղցրահամ ջրի վերահսկման և պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներին և բիոգնահատման տարբեր եղանակներին,
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը,
-ՀՀ ֆինանսների նախարարության «Կարողությունների զարգացում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
-«Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների` որոնց բաժնետոմսերի 50 կամ ավելի տոկոսը պատկանում է պետությանը (բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձև չունեցող առևտրային կազմակերպությունների)» լուծարման կարգը,
-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու փոփոխություններն ու լրացումը, որոնք միտված են նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների լիարժեք իրականացմանը :
Գործադիրը սահմանել է ՀԴՄ միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները:

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում ընթացող բարեփոխման և իրավական դաշտի ներդաշնակեցմանը և կարող է նպաստել նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակում սահմանված ուսումնառության արդյունքի նպատակային օգտագործմանը, աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը:
Կառավարության հավանությունն է ստացել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է Արարատյան դաշտում ստեղծել ջրային պաշարի օգտագործման բնապահպանական տեսանկյունից ավելի կանոնակարգված և հավասարակշռված իրավիճակ, երբ տնտեսական օգուտը կգնահատվի բնապահպանական իրական վնասի համադրմամբ: Արարատյան ջրավազանի ջրօգտագործման ծավալի նվազեցման կամ աճի դադարեցման շնորհիվ բնապահպանական բարդ իրավիճակը կբարելավվի, կապահովվի ջրային պաշարի կայուն օգտագործումը :
Գործադիրը հավանության է արժանացրել «Ոստիկանությունում ծառայության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբարձրանա ոստիկանության մարդկային ռեսուրսի կառավարման արդյունավետությունը:
Նիստում հավանություն է ստացել ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի «Սփայս» անվամբ դիզայներական թմրամիջոցները և համանման նյութերը ներառել ՀՀ տարածքում արգելված թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցուցակ:
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագիծը միտված է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքում առկա իրավակարգավորիչ անհամաչափ միջոցները` բացառելով դատապարտյալ անձի վիճակի անհիմն վատթարացումը: Նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Քննության է առնվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը: Նա առաջարկում է ձեռնարկատիրական գործունեության իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները ևս համարել ԱԱՀ վճարող: Ըստ կառավարության եզրակացության օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի. գործադիրը պատրաստ է մասնակցելու նախագծի լրամշակմանը` արծարծված խնդիրը կարգավորելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը յոթ միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված «Անտոն Քոչինյան. կյանքը և գործունեությունը» և «Անտոն Քոչինյանը ժամանակակիցների հուշերում» գրքերը տպագրելու համար:
Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել Արտաշատի «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ-ին 2011թ. տրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կամ դրանց պրոկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Մասաչուսեթսի Բրանդիսի համալսարանի բակալավրիատի սան (կենսաբանություն մասնագիտությամբ) Վարդգես Ծերունյանին տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2017 թ. գարնանային զորակոչը:
Գործադիրը որոշել է Կարեն Թամազյանին նշանակել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար:

Տարածաշրջանային պատերազմը հետաձգվում է հարգելի պատճառներով

սիրիաԱնցյալ շաբաթ բոլորին անխուսափելի էր թվում Արևմտյան մի քանի երկրների կողմից Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու հեռանկարը: Մասնավորապես` ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի` ՆԱՏՕ–ի առաջատարներից երեք երկրների իշխանությունները հայտարարում էին, որ Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու անհրաժեշտություն կա, որ պետք է ռազմական հարվածներով ստիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին` թողնել նախագահի պաշտոնը`հիմնավորելով իրենց «բարի ցանկությունն» այն հանգամանքով, որ իբր օգոստոսի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառումը Սիրիայի գործող իշխանությունների` Ասադի վարչակարգի ձեռքի գործն է:

 Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աննախադեպ որոշում կայացրեց

Միացյալ ուժերի կողմից նշվում էր անգամ հարվածներ հասցնելու հավանական օրը` նախորդ հինգշաբթի, եթե ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցերով ուսումնասիրություններ կատարող փորձագետներն անհերքելի ապացույցներ բերեին, որ կառավարական զորքերն իրոք քիմիական զենք են կիրառել ապստամբների ու նրանց կողմնակիցների դեմ:

Հարվածը տեղի չունեցավ, որովհետև, որքան էլ անսպասելի էր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը գործադիր իշխանություններին ռազմական հարված հասցնելու իրավունք չտվեց: Գրեթե նույնպիսի իրավիճակ ստեղծվեց Գերմանիայում, որտեղ ևս գերմանացի խորհրդարանականները դեմ էին իրենց երկրի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությանը Սիրիայի դեմ իրականացվելիք մարտական գործողություններին:

Եվրոպական մի շարք երկրներ ևս հայտարարեցին, թե առանց ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի` դեմ են Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելուն: ԱՄՆ-ի կամակատարը դարձած ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունն էլ իր հերթին հայտարարեց, թե չի պատրաստվում մասակցել ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող այդ ռազմական արշավին:

Այսպիսով, ԱՄՆ-ն մնում է միայնակ Սիրիայի դեմ մարտական գործողություններ իրականացնելու իր նպատակներով ու ծրագրերով:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք Սիրիա էին մեկնել տեղի իշխանությունների առաջարկով` տեղում հետաքննելու քիմիական զենքի կիրառման փաստերը և ըստ նախնական պայմանավորվածության` Սիրիայում պետք է ուսումնասիրություններ կատարեին 14-օրյա ժամկետում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կարող էին կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ երկարաձգել ուսումնասիրությունների տևողությունը, արդեն վերադարձել են Սիրիայից: Այժմ աշխարհը սպասում է նրանց վերջնական եզրակացությանը, թե իրականում ով և ինչպիսի զենք է կիրառել և ում դեմ:

Ինչևիցե, ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի և եվրոպական քարոզչամեքենան չէր էլ սպասում փորձագետների եզրակացությանը, քանի որ արդեն իսկ սկսել էր տեղեկատվական գրոհ իրականացնել Սիրիայի դեմ (օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշում էր, թե փորձագետների մուտքը Դամասկոս կառավարության կողմից միտումնավոր խոչընդոտվել է`քիմիական զենքի կիրառման փաստական ապացույցները վերացնելու համար և այլն), պարզ է, որ Արևմուտքին ամենևին էլ չէր հետաքրքրում ՄԱԿ-ի փորձագետների կարծիքը Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Հայտնի էր նաև ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումների մասին, ըստ որոնց` ԱՄն քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկիրը մարտական գործողություններ սկսի Սիրիայի դեմ, սակայն պատկերը կփոխվի, եթե Սիրիայում քիմիական զենք կիրառվի: Պատրվակը պարզ է: ԱՄՆ-ի նախապատրաստական քայլերը նույնպես հուշում են, որ Արևմուտքը, վերջիվերջո, որոշել էր վճռական գործողությունների անցնել սիրիական թնջուկի լուծման հարցում:

Պատերազմ սկսելը խաղուպար չէ, ամեն մեկի բան չէ…

Այստեղ կան մի շարք նրբություններ: Նախ, ըստ ԱՄՆ սահմանադրության, նախագահը մի որևէ երկրի դեմ ռազմական գործողություններ ստանձնելուց առաջ պետք է ստանա Կոնգրեսի թույլտվությունը: Սա  դժվար կլինի, քանի որ բազմաթիվ կոնգրեսականներ չեն  ողջունում ԱՄՆ վարչական ապարատի ռազմատենչ ձգտումները: Սակայն, սահմանադրության այս դրույթը գործում է մարտական գործողությունների` երկու ամսից ավելի ձգձգվելու դեպքում: Իսկ ԱՄՆ նախագահը, ինչպես նախապես հայտարարվել էր, ցանկանում է Սիրիային միայն օդային հարվածներ հասցնել: Սակայն, միայնակ այդ քայլին գնալ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չի կարող և չի էլ ուզում: Առավել ևս, երբ սեփական քաղաքացիները դրա համար, ինչպես ցույց են տալիս վերոհիշյալ սոցիոլոգիական հարցումները, բացի Կոնգրեսի հավանությունից, պահանջում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը ևս: Իսկ այնտեղ ԱՄՆ-ն լուրջ հակառակորդներ ունի ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի, որոնք միշտ Սիրիայի հարցում Արևմուտքին հակառակ կեցվածք են ընդունել: Ու եթե վերջին շրջանում Չինաստանը հիմնականում չեզոքություն է որդեգրել այս հարցում, ապա Ռուսաստանը պարբերաբար կիրառում է  ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած իր վետոյի իրավունքը և «վիժեցնում» ԱՄՆ-ի իղձերը:

Ամեն դեպքում,  Սիրիայի դեմ մարտական գործողություններ սկսելու հարցում ԱՄՆ-ն այս պահին միայնակ չէ. Թուրքիան է պարբերաբար կուրծք ծեծելով հանդես եկել դրա անհրաժեշտության մասին, ինչպես նաև` Ֆրանսիան, որ ինչպես ԱՄՆ-ը, Սենատի հավանության կարիքը չունի, ինչը Օլանդի կառավարությանը ազատ գործելու հնարավորություն է տալիս: Ու ինչպես երևում է Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմական ներկայության էական ընդլայնումից, նա լրջորեն պատրաստվում է  Սիրիայում մարտական գործողություններին:

ԱՄՆ-ն Սիրիայի ափերի մոտ էր ուղարկել սկզբում երեք, իսկ այժմ նաև չորրորդ ականակիր ռազմանավը` զինված երկիր-երկիր դասի թևավոր հրթիռային համակարգերով: Ինչպես նշվում է միջազգային մամուլում, Միջերկրական ու Ադրիատիկ ծովերում են գտնվում նաև բրիտանական ու ֆրանսիական ռազմանավեր և սուզանավեր, Պարսից ծոցում ԱՄՆ-ն տեղակայել է նաև ավիակիրների մի ամբողջ տորմիղ, իսկ  Կարմիր ծովում` մեկ ավիակիր ու երկու ծովային հետևակի դեսանտային ռազմանավեր: Թուրքիան էլ Սիրիայի հետ սահմանին մարտական վիճակի է բերել իր զենիթա-հրթիռային համակարգերն ու զինուժը:

Այս համատեքստում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շարունակում է պնդել, որ քիմիական զենք կիրառել են ապստամբները, որ այդ զենքը ապստամբներին է փոխանցվել Արևմուտքից և Սիրիա է հասել Վրաստանի ու Թուրքիայի ճանապարհով: Բաշար Ասադը հայտարարել է նաև, որ Սիրիայի դեմ մարտական գործողություններ սկսողն անպատասխան չի մնա:

Սիրիային, բնականաբար, շարունակում է աջակցություն ցույց տալ Իրանը: Մեր հարևանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ կաջակցի Սիրիային, ինչպես նաև «ակնարկել» է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սանձազերծման դեպքում ԱՄՆ-ն պետք է մտածի նաև իր տարածաշրջանային դաշնակցի` Իսրայելի մասին: Սա արդեն լուրջ սպառնալիք է`տարածաշրջանային մեծ պատերազմ սկսելու առումով:

Մի նրբություն էլ կա. երբ ներկայացվում էին Սիրիա հավանական ներխուժման սցենարները, առաջարկված չորս սցենարներից ԱՄՆ ղեկավարությունն ընտրեց ավիա- և հրթիռային հարվածների սցենարը: Դրան զուգահեռ, ԱՄՆ-ն ակտիվորեն դիվանագիտական խողովակներով «բանակցություններ սկսեց» Ռուսաստանի հետ: Համապատասխան հայտարարություններով հանդես եկան ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Եվ այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչից է, որ եթե անգամ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողություններ սանձազերծի, այնուամենայնիվ դրանց համար ցամաքային ճանապարհը չի ընտրի: Ինչպես իր հարցազրույցներից մեկում փաստում էր Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Սիրիայի արևմտյան`միջերկրածովյան ափերին հարող շրջաններում Ռուսաստանն ունի մի քանի ռազմաբազաներ և Միջերկրական ծովում հերթապահություն իրականացնող ռազմանավերի համար նյութատեխնիկական ապահովման բազա:  Շ. Գանտահարյանը նաև նշում էր, որ այն շրջաններում, որտեղ ռուսական զինուժն է այսօր տեղակայված, նույնիսկ մարտական գործողություններ էլ չկան, ու դա «բոլորովին ուրիշ Սիրիա» է: Պարզ է, որ եթե Սիրիայի Միջերկրածովյան ափամերձ շրջանները զբաղեցված են ռուսական ուժերի կողմից, իսկ ԱՄՆ ռազմանավերն էլ Սիրիայի սահմաններին ուղղակիորեն`առանց այլ երկրների տարածքներ օգտագործելու, կարող են մոտենալ միայն  Միջերկրական ծովից, ԱՄՆ-ն բնականաբար, չի համարձակվի դա անել «ձիու քայլով»` ռուսական զորքերի վրայով թռչելով… Առավել ևս, որ ինչպես տեղեկացվել էր դեռևս անցյալ տարի, սիրիական բազաներում Ռուսաստանը նաև «Իսկանդեր – Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռներ ունի`  բոլոր հետևանքներով հանդերձ…

Դեռ ավելին, այն պահից սկսած, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են Սիրիային ռազմական հարվածներ հասցնել, տարածաշրջանում ռուսական շահերը պաշտպանելու նպատակով դեպի Միջերկրական ծով ուղղություն են վերցրել նաև ռուսական ռազմանավերը:

Այս առումով արդեն հասկանալի կարող է դառնալ, թե ինչու Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աննախադեպ որոշումով արգելեց իր զինված ուժերի մասնակցությունը սիրիական կոնֆլիկտի ռազմական հանգուցալուծման ծրագրերում: Նույնը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրներին, որոնք դեմ արտահայտվեցին Սիրիայի դեմ մարտական գործողությունների անցկացմանը:

Այս «հարգելի» պատճառները հաշվի առնելով` կարելի է հասկանալ, թե Մերձավոր Արևելքում, որտեղից տարածաշրջանային «պատերազմի հոտ էր գալիս», ինչու նոր ռազմական զարգացումներ չեղան: Չնայած դրանք դեռ  իսպառ բացառված չեն:

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

ՆԱՏՕ-ի երկրներում, դաշինքի բանակներում զինծառայողների թիվը վերջին հինգ տարում ավելացել է 10 անգամ և ներկայումս հասել ավելի քան 300 հազար մարդու, որոնցից 40 հազարը սպաներ են։

ԱՄՆ-ում բանակի և նավատորմի շուրջ 20 տոկոսը կանայք են։ Ավելի քան 11,2 հազար ամերիկացի զինծառայող կանայք մասնակցել են ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին, 37 հազարը՝ 1991 թ. «Փոթորիկ անապատում» գործողությանը։ Ամերիկյան բանակում կան նաև գեներալի պաշտոնում ծառայող կանայք՝ 11 գեներալ և 1 կին-ադմիրալ:

Ամերիկացի կանայք ծառայության ոչ մի սահմանափակում չունեն. նրանք ծառայում են նավերում, ծովային հետևակազորում, սակայն սուզանավերը մինչև վերջին ժամանակներս համարվում էին բացառապես «տղամարդկանց տարածք»։ 2011-ին այդ արգելքը հանվեց, և ամերիկյան ատոմային սուզանավերում ծառայության են պատրաստվում 18 կին սպաներ։ ԱՄՆ-ն ամենևին էլ առաջին երկիրը չէ, որը կանանց թույլ է տալիս ծառայել սուզանավերում։ Այդ նույն մոտեցումը ավելի վաղ գործում էր Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում, Իսպանիայում, Շվեդիայում և բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայում։

Ֆրանսիայի բանակի կանանց զորախումբը կազմում է մոտ 15 տոկոս։ Դրանք ուսադիրներով 23 հազար կանայք են՝ շարքայինից մինչև գնդապետ, փաստորեն բոլոր զորքերում, բացի արտասահմանյան լեգեոնից, ծովային հետևակազորից և սուզանավերի անձնակազմից։ 1995 թվականից նրանց թույլատրվել է վարել ամեն կարգի օդանավեր, այդ թվում նաև ՝ մարտական։ Այսօր կանայք կազմում են թռիչքային-օդաչուական անձնակազմի 1,5 տոկոսը։ «Ֆիգարո» թերթի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ կանանց զինվորական ծառայության մեջ հրապուրում են ռոմանտիկան, մշտական, լավ վարձատրվող աշխատանք ունենալու ձգտումը, ընտանեկան կյանքի համար զուգընկեր գտնելու հնարավորությունը, ինչպես նաև ցանկությունը ապացուցելու, որ կանայք ի զորու են գլուխ հանել «տղամարդկանց» խնդիրներից։

Բանակում ծառայող կանանց ամենամեծ թիվը Իսրայելում է։ 18 –ից մինչև 24 տարեկան բնիկ իսրայելցի կանայք պարտադիր զորակոչվում են բանակ։ Նրանք ծառայությունն անցնում են առանձին զորամասերում, որոնք միավորվում են հատուկ կանանց կորպուսում։ Դրանուն կա 36 հազար կին, բայց մարտական պայմաններում այդ ստորաբաժանումները չպետք է գտնվեն հակառակորդի հետ անմիջական շփման մեջ։ Կանանց հիմնական գործառույթները վարչական են, սպասարկող և սանիտարաբժշկական։

Իսպանիայի զինված ուժերում կանայք կազմում են անձնակազմի մոտ 18 տոկոսը, ընդ որում, նրանք ծառայում են ոչ միայն բժշկական հաստատություններում կամ շտաբներում, այլև առանց բացառության բոլոր ստորաբաժանումներում և պաշտոններում՝ ներառյալ հրաձգային և օդադեսանտային ստորաբաժանումները, ծովային հետևակազոր, հրետանային անձնակազմ, զրահամեքենաներ, անգամ տանկեր։

Եվրամիության երկրների մեծամասնությունում 2009-2010-ի տվյալներով կանանց թիվը բանակում տատանվում է 6-9 տոկոսի սահմաններում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում կանանց թիվը բանակում համապատասխանաբար 9,5 % և 8,6% է, Դանիայում 5,2% է, Բելգիայում՝ 8,02%, Գերմանիայում՝ 8,9%:

Եվրամիության նոր անդամ-երկրների բանակներում կանայք ավելի շատ են: Լատվիայի բանակում կանայք 17,4% են կազմում , Լիտվայում՝ 11%, Էստոնայում ՝14 %, Բուլղարիայում՝ 13%, Չեխիայում՝ 13,6%, Սլովենիայում՝ 15,4%, Հունգարիայում՝ 20%:
Ուկրաինայի բանակի 13 տոկոսն է կին: Ավելի մեծ է կանանց թիվը Ռուսաստանի բանակում, սակայն ռազմական ռեֆորմի վերջին երեք տարվա ընթացքում այն գրեթե երկու անգամ կրճատվել է՝ 90 հազարից հասնելով 45 հազարի: Գեներալի պաշտոնի հասած կանայք չկան, սակայն 2 հազար կանայք սպայական կոչումներ ունեն:

Հայկական բանակում ներկայումս ծառայում են շուրջ 1500 կանայք, նրանց մեծ մասը զբաղեցնում են պաշտոններ պաշտպանության նախարարության աշխատակազմում և բժշկական ծառայության ոլորտում։ Անկախության 20-ամյակի առթիվ տեղի ունեցած զորահանդեսում առաջին անգամ մասնակցեցին հայոց բանակի  հատուկ նշանակության ստորաբաժանման կին-զինծառայողները:

Կանայք մարտի դաշտում

Արդեն Ք.ա. 4-րդ դարում Աթենքում և Սպարտայում հունական զորքերում կռվում էին կանայք։ Ավելի ուշ նրանք մասնակցեցին Ալեքսանդր Մակեդոնացու արշավներին։

Սլավոնացի կանայք երբեմն պատերազմ էին գնում հայրերի ու ամուսինների հետ՝ չվախենալով մահից. այս մասին հիշատակում է Կարամզինը։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կանանց արդեն վերցնում էին Թագավորական ռազմաօդային ուժերում: Ձևավորեց Թագավորական օժանդակ կորպուս և ավտոտրանսպորտի կանանց լեգեոնը՝ մոտ 100 հազար հոգով։

Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում բազմաթիվ կանայք նույնպես սկսեցին ծառայել զինվորական հոսպիտալներում ու սանիտարական գնացքներում։ 1917-ին ժամանակավոր կառավարության օրոք Ռուսաստանում ձևավորվեցին կանանց գումարտակներ։

pilots300

Երկրորդ

համաշխարհային պատերազմի ժամանակ կանայք ծառայում էին աշխարհի բազմաթիվ երկրների տարբեր զորքերում. անգլիական բանակում՝ 225 հազար, ամերիկյանում՝ 450-500 հազար, գերմանականում՝ 500 հազար։ Խորհրդային բանականում մարտնչում էին շուրջ 1 միլիոն կանայք, այդ թվում 10 հազար հայուհիներ։

Հայ պատմիչների վկայությամբ՝ մեր պատմության ողջ ընթացքում հայուհիները որպես կամավորներ մասնակցել են ազգային-ազատագրական մարտերին։ Հայ կնոջ անձնվեր հայրենասիրության և մարտի դաշտում խիզախության խորհրդանիշն է Սոսե Մայրիկի կերպարը:

Արցախյան պատերազմին մասնակցել են շուրջ 600 կանայք, որոնցից 18-ը զոհվել են մարտի ժամանակ, 87-ը՝ դարձել հաշմանդամ։

Լուսանկարը՝

Արցախյան պատերազմի մասնակից՝ Ալլա Բարխուդարյանի արխիվից

 

Նյութի աղբյուրը՝  http://womennet.am

«Մենք այլևս այն ազգը չենք, որ 88-ին կանգնած էինք հրապարակում` մոռանալով մեր հացի խնդիրը». Կարինե Դանիելյան

Փակ շուկա-4«Փակ շուկայի սեփականատիրոջ դեմ կարող են հայց ներկայացնել բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրության մեջ ամրագրված է պատմա-մշակութային արժեքների պահպանության հարցը»,- ասում է բնապահպան, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարինե Դանիելյանը:

Նրա համար ամենաանհեթեթն այս ամենի մեջ այն է, որ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը բազմիցս արգելել են շինարարությունը` այն համարելով ոչ օրինական, ապամոնտաժման որոշում են կայացրել և այլն, բայց շինարարությունը շարունակվում է: «Եթե լիազոր մարմինը համաձայն չէ, քաղաքապետարանը համաձայն չէ, ուրեմն պետք է որ նույն ոստիկանությունը գար և դադարեցներ շինարարությունը, հետո ապամոնտաժվեր, բայց հակառակն է տեղի ունենում»,- նկատում է նա:

8da92ebf-ded1-4463-af9a-d272413cafb6Կան լուսանկարներ, որոնք փաստում են, որ դա այլևս այն շուկան չէ, դա «սիթի» է. երկրորդ հարկ է ստեղծվել, կամարների մի մասը վերացել է, չկա ջրավազանը, որտեղ ոսկե ձկնիկներ էին լողում, մի խոսքով, ըստ Դանիելյանի, ստանդարտ սուպերմարկետ է դարձել. «Մենք կորցրեցինք մեր պատմա-մշակութային հուշարձանը, որը սովետական, նաև միջազգային  մրցանակներ էր ստացել»:

Կարինե Դանիելյանին ամենից շատ ցավ է պատճառում այն, որ իրար դիմաց գտնվող երկու պատմա-մշակութային հուշարձանները` Ծածկած շուկան և Կապույտ մզկիթը, պիտի ներկայցվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու, և որքան ինքն է տեղյակ, մզկիթի գործընթացը շատ դրական ընթացքի մեջ է, իսկ Ծածկած շուկայինը` ոչ:

«Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր պատմությունը, սա ուղղակի խայտառակ երևույթ է»:

arm137821742012Բնապահպանին ցավ է պատճառել նաև Սամվել Ալեքսանյանի շահերը ներկայացնող մի խումբ կանանց պահվածքը և այն տեսարանը, երբ շուկայի մոտ հավաքված այդ կանայք սկսել են բղավել, որ իրենց պետք չեն այդ կամարները. «Կամարս ո՞րն ա, ի՞նչ պատմա-մշակութային արժեք, մեզ աշխատանք է պետք, ստեղ կռիսանոց էր, ինքը (Սամվել Ալեքսանյանը) մաքրեց…»:

«Ես հասկանում եմ, չեմ ուզում մեղադրել, մարդիկ այդ վիճակին չպիտի հասնեին, որ լրիվ մոռանային իրենց արժանապատվությունը, ազգի արժանապատվությունը»,- ասում է նա:

Իսկ երբ հաջորդ օրն այդտեղով անցել է, զարմացած է մնացել Սամվել Ալեքսանյանի կողմից ստեղծած այն հզոր բանակից, որը մի գիշերվա մեջ հասցրել էր հսկա պաստառներ պատրաստել և հայտնվել շուկայի մոտ. «Անգամ նոյեմբերի 7-ին` խորհրդային տարիներին, նման պաստառներ

arm137812630160մարդիկ չէին տանում,- ասում է նա,-պաստառներ, որոնց վրա գրված էր, թե ի՜նչ բարերարի հետ մենք գործ ունենք, ի՜նչ լավ գործ է նա արել, մարդկանց աշխատանքով է ապահովել և այլն և այլն: Ամո՛թ է, շա՛տ ամոթ, որ մենք իջել ենք այս մակարդակի: Մենք այլևս այն ազգը չենք, որ 88-ին մեր արժանապատվության համար կանգնած էինք հրապարակում`մոռանալով մեր հացի խնդիրը»:

Ինչ վերաբերում է «կռիսանոցը մաքրելու և տարածքը բարեկարգելու» հակադարձ հիմնավորումներին, ապա Կարինե Դանիելյանը նկատում է, որ դա մարտավարություն է, որը կիրառվում է նաև կանաչ տարածքները կառուցապատելու դեպքում. «Երբ որ աչք են դնում տվյալ կանաչ գոտու վրա, որ պիտի կառուցապատեն, առաջին փուլում ջուրն են կտրում, որ չորանա, հետո աղբը չեն հավաքում, բերում, նույնիսկ իրենք են աղբ լցնում, իբր աղբանոց է, հետո ասում են` էկոլոգներ, էս աղբանոցի, էս կռիսանոցի համա՞ր եք պայքարում: Հիմա նույն պատմությունն էստեղ է»:

Բնապահպանին շատ է զարմացրել վերջերս Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն էլ է տխրած: Մինչ այդ բուռն դեպքերը Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովը ճարտարապետական հանձնաժողովի ճարտարապետների հետ միասին հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ, որտեղ կրկին բարձրացվել է Ծածկած շուկայի հարցը: Կարինե Դանիելյանի խոսքով` քաղաքապետն ընդունել է, որ սխալ է տեղի ունեցել:

Այնուամենայնիվ, սխալն ընդունելով հանդերձ, որևէ բան չի փոխվել, ինչն էլ, ըստ Դանիելյանի, ամենագլխավոր խնդիրն է: «Եթե ամենաթողությունը մեր կյանքի հիմնական սկզբունքն է, ուրեմն մենք բոլոր ոլորտներում նույն վիճակին պիտի հանդիպենք, և գնալով վիճակն ավելի պիտի վատանա: Սա հանգույց է, որ պե՛տք է լուծվի»:

Karine-Daniyelyan

Իսկ լուծումը, ըստ նրա, քաղաքական կամքի խնդիր է: Սական դրանից էլ առանձնապես մեծ հույսեր չունենալով` Կարինե Դանիելյանն անիրական լավատեսությամբ հույս է հայտնում, որ միգուցե «մարդկանց կողմից ընտրված» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարի կամք կդրսևորի և կասի. «Հա՛յ ժողովուրդ, ես վերադարձնում եմ քեզ քո պատմա-մշակութային արժեքը»:

 

 

Որևէ իրավական ակտով արդյո՞ք կարգավորված են ՀՀ և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները

OLYMPUS DIGITAL CAMERA2007 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», որով էլ իրավական բնույթ է հաղորդվել վերջիններիս միջև գոյություն ունեցող հարաբերություններին:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության և նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի կարգավորման առարկա են դարձել այդ հարաբերությունների մի շարք առանձին տարրեր, մասնավորապես 2-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

Կարևորելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում` Օրենքն այս հարցը նույնպես իրավական կարգավորման է ենթարկել, մասնավորապես, այդ ոլորտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում,

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները,

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները,

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցները հրապարակում են անփոփոխ:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ