ԱՐՏԱՇԵՍ Բ.Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը

արտաշեսՆա հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը ատելի հռոմեացիների դեմ պայքարում:

Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր (մ.թ.ա. 34-20): Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր:

Հռոմեական կայսրությունը, հաստատվելով Արևելքում, ձգտում էր իր տիրապետությունը հաստատել և իր ազդեցությունը տարածել Առաջավոր Ասիայի հզորագույն երկրների` Պարթևական թագավորության և Հայաստանի վրա:

Դեպի արևելք մեծ արշավանք կազմակերպեց հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսը, որ մինչ այդ` դեռևս մ.թ.ա. 71 թ., աչքի էր ընկել Սպարտակի ապստամբությունը ճնշելով: Սակայն Կրասոսի արշավանքը ջախջախվեց հայ-պարթևական զինակցության արդյունքում` Խառանի ճակատամարտի ժամանակ: Ինքը` Կրասոսը, անփառունակ վախճան ունեցավ և գլխատվեց:

Սակայն Կրասոսի օրինակը դաս չեղավ Հռոմի արկածախնդիր մեկ այլ զորավարի` Մարկոս Անտոնիոսի համար: Նա, ցանկանալով տիրանալ Ալեքսանդր Մակեդոնացու փառքին և նվաճել Հնդկաստանը, հսկայական բանակով արշավեց Արևելք: Մարկոս Անտոնիոսի արկածախնդրությունը նույնպես վատ վախճան ունեցավ, և հռոմեական բանակը կործանվեց: Զորավարն իր կյանքը և զորքի մնացորդները փրկեց սոսկ հայոց Արտավազդ Բ արքայից արքայի ողորմածության շնորհիվ:

Սակայն նենգ հռոմեացին Հռոմի Սենատի առջև իր պարտությունը կոծկելու նպատակով արևելյան արշավանքի տապալման ողջ մեղքը բարդեց իր փրկչի` Արտավազդ Բ արքայի վրա: Հայ-հռոմեական հարաբերությունները վատացան, և Հայաստանը դարձյալ կանգնեց պատերազմական վտանգի առաջ:

Շուտով Անտոնիոսը խաբեությամբ ու խարդավանքով գերում է Արտավազդ Բ արքային ու նրա ընտանիքը, հայոց արքային գլխատել տալիս Եգիպտոսում, իսկ նրա զավակներին ուղարկում Հռոմ` որպես գերիներ: Անգամ հռոմեացի պատմիչները, որոնք հազվադեպ են իրենց աշխատություններում արդարադատ ու կշռադատված օտարի հանդեպ, Մարկոս Անտոնիոսի այդ վարմունքը համարում են քստմնելի: Նվաճելով Հայաստանը` հռոմեացիները թալանի ու ավերածությունների են մատնում հայոց երկիրը: Կողոպուտի են ենթարկվում հայոց շեները, քաղաքները, տաճարները: Հենց այս ժամանակահատվածում են հռոմեացիները Աստվածամայր Անահիտի գլխավոր սրբավայր Երիզա ավանի Անահտական տաճարից հափշտակել դիցուհու արձանն ու կտորների բաժանել, որի մի մասն այժմ պահպանվում է Լոնդոնում` Բրիտանական թանգարանում:

Հռոմեական գերությունից բարեբախտաբար փրկվում է հայոց գահաժառանգը` Արտավազդ Բ արքայի ավագ որդին` Արտաշեսը:

քարտեզԵրիտասարդ թագավորն իր պապի` Տիգրան Մեծի պես աննկուն կամքի և ռազմավարական տաղանդի տեր գործիչ էր:

Հոր գերեվարությունից ու սպանությունից հետո Արտաշես Երկրորդը, գահ բարձրանալով, չի հապաղում և դաշինք է առաջարկում Պարթևաց թագավորության գահակալ Հրահատ Դ-ին: Պարթևաց արքան լավ հասկանալով, որ Հայաստանի ու իր տերության շահերը համընկնում են, և Հռոմը  չի բավարարվի Հայաստանը նվաճելով, ընդունում է Արտաշեսի առաջարկը: Դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ: Արտաշես Բ-ն կնության է առնում Հրահատ Դ արքայի դստերը:

Որպեսզի վերադասավորի ուժերը` Արտաշես Բ-ն իր զորագնդով նախ անցնում է Պարթևստան` սպասելով ոսոխին հարված հասցնելու հարմար պահի:

Պահը չի ուշանում: Մ.թ.ա. 31 թ. Ակտիումի ծովամարտից հետո Մարկոս Անտոնիոսը պարտություն է կրում և սպանվում, իսկ Հռոմում միանձնյա կայսերական իշխանության է հասնում նրա թշնամին` Օկտավիանոս Օգոստոսը: Արտաշես Բ արքայից արքան Պարթևստանից  հայոց բանակով մտնում է Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության տարածք, պարտության մատնում մար Արտավազդ արքային, որը փախուստի է դիմում և ապաստանում Օգտավիանոս Օգոստոս կայսեր մոտ: Այս գործողությամբ, փաստորեն, Արտաշես Բ-ն Ատրպատականի տարածքը նվաճում է և կցում հայոց թագավորությանը: Ատրպատականը նվաճելուց հետո Արտաշես Բ-ն մտնում է Հայաստան, վճռական ճակատամարտում ջարդում հռոմեական զորագնդերը և իր իրավունքը վերահաստատում հայոց գահին: Նա հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը` ատելի հռոմեացիների դեմ պայքարում:

Հաստատվելով հայրենական գահին` Արտաշես Բ-ն դեսպանություն ուղարկեց Հռոմ` Օկտավիանոս Օգոստոս կայսրից պահանջելով ազատ արձակել իր գերյալ եղբայրներին: Հռոմի պատասխանը, բնականաբար, մերժողական էր: Օկտավիանոս կայսրը հույս ուներ գերյալ թագաժառանգներին հռոմեական դաստիարակություն տալ և հետագայում հայոց գահին նրանց հաստատելով` Հայաստանն առնել իր ազդեցության ոլորտը:

Մի քանի տարում երկիրն ազատելով հռոմեական գերությունից` Արտաշես Բ արքայից արքան ամրացնում է իր իշխանությունն ու պատրաստվում անցնել արտաքին նվաճումների: Նա արծաթե և պղնձե դրամներ հատեց Արտաշատ մայրաքաղաքում` «Արքայից արքա», «Մեծ արքա» մակագրություններով:

Հռոմը վախենում էր հայ-պարթևական դաշինքից և ամեն կերպ խուսափում էր բաց պատերազմից: Սակայն հռոմեական նենգ դիվանագիտությունն անում էր իր սև գործը:

Հայաստանի արևմտյան` Հռոմի դրածո թագավորները Օկտավիանոսի դրդմամբ շարունակ դավեր են նյութում հայոց պետության դեմ: Հայաստանի հարաբերությունները լարված էին հատկապես Փոքր Հայքի հետ, որտեղ Օկտավիանոսը գահ էր բարձրացրել Արտաշես Բ-ի թշնամի, ազգությամբ մար Արտավազդին, որը, ի դեպ, մորական կողմից հայ էր և Արտաշեսյան: Հայոց պետության դեմ թշնամաբար էին տրամադրված նաև Հռոմի ազդեցության տակ գտնվող Պոնտական թագավորությունը, Գամիրքը, անգամ` Վիրքը:

Թշնամական օղակը Հայաստանի շուրջ սեղմվում է:  Այսուհանդերձ Օկտավիանոս կայսրը չի համարձակվում բացեիբաց պատերազմ հայտարարել Մեծ Հայքին: Հայոց հզորությունը բավարար էր թշնամուն հակահարված տալու համար:

Եվ հռոմեացիները դիմում են նենգության: Մ.թ.ա. 20 թ. կայսեր որդեգիր Գայոս Տիբերիոսը մեծ բանակով մտնում է Ասորիք: Պարթևաց արքան չի կարողանում դիմագրավել հռոմեացիներին, քանզի իր երկրում խառնակ վիճակ էր, և հաշտություն է կնքում Օկտավիանոսի հետ:

Հայաստանն ահեղ թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Սակայն աննկուն հայոց արքան չի վհատվում և պատրաստվում է պատերազմի: Այստեղ, սակայն, հերթական անգամ դեր է խաղում Հռոմի նենգ դիվանագիտությունը: Արտաշես Բ արքան զոհ է գնում Հռոմի կազմակերպած նենգ դավադրության և սպանվում է:

Արտաշես Բ-ի սպանությունից հետո Հռոմում իսկական ցնծություն էր: Կայսեր հրամանով անգամ արծաթե դրամներ են հատվում` «Հայաստանը նվաճված» մակագրությամբ: Իսկ հռոմեացի բանաստեղծներ Հորացիոսն ու Օվիդիոսը ներբողներ հյուսեցին հռոմեական «փառապանծ» հաղթանակի կապակցությամբ:

Արտաշես Բ-ի սպանությունը բարոյալքեց ու կազմալուծեց Հայաստանի պաշտպանությունը: Շուտով Տիբերիոսը որպես հայոց գահի թեկնածու առաջարկեց Արտավազդ Բ-ի մյուս որդուն` Արտաշես Բ արքայի եղբորը` Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20-8): Հայոց ավագանին ստիպված էր ընդունել Հռոմի առաջարկը, քանզի Արտաշես Բ-ն զավակներ չուներ: Տիգրան Գ-ն, լինելով գերության մեջ, հասակ էր առել և դաստիարակվել Հռոմում, և այս քայլով հռոմեացիները հույս ունեին գահի իրենց թեկնածուի միջոցով հպատակեցնել Հայաստանը: Սակայն Հռոմի հույսերն ի դերև ելան:

Գահ բարձրանալով` Տիգրան Գ-ն վարեց Հռոմից բոլորովին անկախ քաղաքականություն: Նա նույնպես իր թողարկած դրամների վրա դաջել է «արքայից արքա» տիտղոսը, ինչը նշանակում է, որ Հայաստանի դիրքերը և ազդեցությունը շատ հզոր էին և երկիրը պահպանել էր իր լիակատար անկախությունը: Սակայն մ.թ.ա. 8 թ. Տիգրան Գ սպանվեց Կովկասի լեռնականների դեմ մղվող մի պատերազմում, իսկ շատ չանցած` Հայաստանը դարձավ Հռոմեական կայսրության հպատակ ու հարկատու երկիր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Փոքր ՀԷԿ-երը հարցի լիարժեք լուծում չեն

hek Ինչպես արդեն «Անկախը» նշել է, Հայաստանում դեռ արդիական է մնում էներգետիկ անվտանգության խնդիրը: Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, առաջին հերթին, էներգիայի այլընտրանքային ռեսուրսների ներդրումն է, մասնավորապես` վերականգնվող էներգետիկան: Այս մասին նշել են թե՛ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, թե՛ հայ էներգետիկները, թե՛ տարբեր փորձագետներ: Մասնավորապես ասվել է, որ Հայաստանում արժե շեշտը դնել ՀԷԿ–երի, հատկապես` փոքր ու միջին ՀԷԿ–երի  վրա: Հետո, ինչպես նշում են փորձագետները, պետք է զարգացնել արեգակնային, հողմային, բիո և այլ տեսակի էներգետիկական ուղղությունները: 

Էլեկտրաէներգիայի քանակության մեջ փոքր ՀԷԿ–երի կշիռը փոքր է

Այս ամենը, իհարկե, բավականին հրապուրիչ է թվում հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանում սուր զգացվում է արտաքին էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը: Այս անգամ այդ առիթը գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն է: Եվ ամեն անգամ, երբ դրսից Հայաստան ներմուծվող  էներգակիրների գները բարձրանում են, բոլորս, բնականաբար, հարց ենք  տալիս. «Իսկ հնարավոր չէ՞ խուսափել արտաքին էներգակիրներից և հենվել սեփական ռեսուրսների վրա»:

Քանի որ էներգակիրներով հարուստ երկիր չենք, մեր ուշադրության կենտրոնում է հայտնվում էլեկտրաէներգիայի արտադրությունը:  Հայաստանում այսօր էլեկտրաէներգիա արտադրող վեց խոշոր կայան կա` ԱԷԿ-ը Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադն ու Սևան-Հրազդան կասկադը` միջազգային էներգետիկ կորպորացիան: Դրանից բացի ունենք 142 վերականգնվող էներգիայի կայաններ, որոնցից 1-ը Պուշկինի լեռնանցքի հողմակայանն է, մեկը` Լուսակերտի թռչնաֆաբրիկայի թռչնաղբի բազայի վրա աշխատող բիոէներգետիկ կայանը և մնացածը փոքր ՀԷԿ-երն են: Ու ինչքան էլ նշվի, որ մեր երկրի էներգետիկ անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեն փոքր ՀԷԿ-երը, միևնույն է, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ այս սեկտորի արտադրած էլեկտրաէներգիան կազմում է ընդամենը 6.47%: Որովհետև 2012 թ. Հայաստանում արտադրվել է 8 մլրդ, 36 մլն 200 հազար կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից միայն 512.8 միլիոն կվտ /ժամ-ն է բաժին հասնում փոքր ՀԷԿ-երին:

«Մենք փոքր ՀԷԿ-երի մասով մեծ հաջողությունների օրինակ ունենք` չնայած էկոլոգիական և այլ խնդիրներին, և բնական է, որ գործընթացը սահուն չի անցնի, բայց բոլոր դեպքերում դա այն ոլորտն է, որտեղ 6-7 տարվա ընթացքում 100 մլն կվտ/ժամից հասել ենք շուրջ 600 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության: Դա մեր ներքին պահանջարկի մոտ 8%-ն է: Դա ֆանտաստիկ լավ արդյունք է: Ցավոք, մեր ՀԷԿ-երը չեն կարող ինչ-որ մի օր էներգետիկ պահանջարկի մեծ մասը բավարարել: Մենք շատ ջուր չունենք, մեր գետերը փոքր են, և մենք հիմնականում օգտագործում ենք ոչ թե ջրի քանակությունը, այլ ճնշումը` ռելիեֆը, քանի որ այդ գետերը բարձրից ցած են իջնում, մենք հիմնականում ճնշումն ենք օգտագործում:  Մեր ամբողջ պոտենցիալը գնահատել ենք այսպես (կլիմայական փոփոխություններից կախված` ջրերի քանակությունը նվազում է,  ուստի կլորացրած թիվ եմ ասում), որ մոտ 1 մլրդ կվտ/ժամ կարող ենք արտադրել: Հիմա արտադրում ենք 600 մլն:  Իսկ մեր ներքին պահանջարկը`  արտադրանքը  2012 թ. դրությամբ, 6 մլրդ է եղել: Համեմատենք` կարո՞ղ ենք ներքին պահանջարկը փակել միայն փոքր ՀԷԿ-երով: Այդպիսի խոսակցություններ լինում են: Մենք հիմա մոտավորապես 80 նոր փոքր ՀԷԿ ենք կառուցում, որոնք լիցենզիա են ստացել: Դրանց կառուցումից հետո նոր ցուցանիշը կհասնի 1 միլիարդ կվտ/ժամի»,- ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Ըստ պաշտոնական թվերի` Հայաստանում 2012 թ. բնակչության էլեկտրաէներգիայի պահանջարկը կազմել է 1 մլդ 901 մլն 700 հազար կվտ/ժամ: Սա նշանակում է, որ շինարարական ընթացքի մեջ գտնվող փոքր ՀԷԿ-երի կառուցումից հետո էլ դրանք չեն կարող ծածկել բնակչության պահանջարկը: Ուստի ուզած-չուզած պետք է դիտարկել նաև էլեկտրաէներգիայի ստացման մյուս հնարավոր աղբյուրները ևս:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը համոզված է, որ հնարավոր չէ խուսափել, օրինակ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ծառայություններից: Որովհետև էլեկտրաէներգիայի պահանջարկը տարվա կտրվածքով հավասարաչափ չի բաշխվում: Ձմռան սեզոնին բնակչությունը, հասկանալի պատճառներով, ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառում: Եվ այդ ժամանակ առաջանում է սպառման պիկ, մեծ պահանջարկ: Դա, իհարկե, երկար չի տևում, 4-5 ամիս, սակայն այդ պիկի ժամանակ էլ հենց անհրաժեշտություն է առաջանում գործի գցել 5-րդ էներգաբլոկը, որպեսզի խափանումներ չառաջանան, էլեկտրաէներգիան էլ հերիքի քաղաքացիներին:

Ընտրենք այլընտրանքային էներգետիկան, եթե այդպիսին կա

Ինչ վերաբերում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրմամբ աստիճանաբար անկախ էներգետիկ համակարգ ունենալուն, Գարեգին Բաղրամյանի պարզաբանմամբ, դա շատ թանկ հաճույք է դեռևս, ու ոչ ոք պատրաստ չէ մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար վճարել արեգակնային կամ հողմային թանկ էլեկտրաէներգիայի գնով:

Նույն կարծիքին է նաև Արեգ Գալստյանը:  Նա նշեց,  որ ամեն մի էներգառեսուրս իր դրական ու բացասական կողմերն ունի, և ոչ մեկից չպետք է հրաժարվել: Որովհետև, ինչպես պարզվեց, ՀԷԿ-երի ներուժը չի հերիքում էներգետիկ պահանջարկն ամբողջությամբ ծածկելու համար, ՀԱԷԿ-ի գործողության ժամկետը մոտենում է ավարտին, իսկ ատոմային նոր էներգաբլոկ դեռ չունենք:

«Եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ծրագրում ենք, 2022 թ., երբ կառուցենք ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը, մենք կլինենք աշխարհի ամենամաքուր էներգետիկա ունեցող երկրներից մեկը, ինչպես Կանադան, Նորվեգիան և նմանատիպ երկրները: Ատոմային էներգետիկան, ինչքան էլ քարկոծում են, մաքուր էներգետիկա է: Եթե մոռանանք ռիսկային գործոնները, այնտեղ որևէ արտանետում չկա: Մեծ էներգետիկայում մենք 100 տոկոսով կարող ենք օգտագործել միայն վերականգնվող էներգետիկան և ատոմայինը: Գազը կարող է օգտագործվել կենցաղում, ջեռուցման համակարգերում և այլն»,- նշեց էներգետիկայի փոխնախարարը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային էներգետիկային` արևային և հողմային, Արեգ Գալստյանի տեղեկացմամբ, 3-4 տարի հետո գուցե այդ ոլորտն այնքան զարգանա, սարքավորումներն էժանանան, որ այդ եղանակով ստացված էներգիայի ինքնարժեքը հավասարվի Հայաստանում արտադրվող ամենաթանկ` ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիային:

Բայց մինչ այդ «էժանացմանը» սպասելը, մինչ նոր ատոմակայանի կառուցումն ու շահագործումը պետք է մտածել նաև էներգախնայողության մասին, ինչն այսօր ամբողջ աշխարհում դառնում է էներգետիկ քաղաքականության գերակա ուղղություն:

«Հիմա ի հայտ են եկել  բավականին լուրջ և շատ էֆեկտիվ ֆինանսական գործիքներ, որոնք առաջարկվում են, օրինակ, Եվրամիության կողմից,  և դրանց վերաբերյալ մենք արդեն մեր հետաքրքրությունը պաշտոնական նամակով հայտնել ենք: Դրանք համապատասխան ֆոնդերի գումարներ են… Ապագա շինարարության մեջ քաղշիննախարարությունն ավելի խիստ նորմատիվային սահմաններ կընդունի, տեխնիկական պայմաններ, քանի որ էներգախնայողությունը մեր ներքին ռեսուրսն է. ավելի էժան են նստում էներգախնայող տեխնոլոգիաները, քան էներգիայի նոր աղբյուր ստեղծելը»,- տեղեկացրեց Արեգ Գալստյանը:

Մեկ բան, սակայն, հիմա էլ ակնհայտ է. Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից: Չի կարող նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանը որոշի Հայաստանին գազ վաճառել, որովհետև որքան տարբեր ուղիներով ու տարբեր տեսակի էներգետիկ հոսք լինի Հայաստան, այնքան մեզ ավելի վստահ ու ապահով կզգանք թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական:

«Մարդկության դեմ ոճիրը»՝ ցույց-հակացույց ճամբարներում

շահանԳիզի  այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ ընդդիմության կիսաընդառաջումներով եւ շարժման վերածավալման միտումներով: Նոր հունավորումը ավելի վերաբերում է ցույց-հակացույց երեւույթին:

Եթե մինչ այժմ քաղաքացիական շարժում-իրավապահ մարմիններ հակադրության ձեւաչափը իրողապես աշխատում էր, շաբաթ օրվանից սկսյալ ոչ միայն Ստամբուլում, այլ նաեւ Անկարայում հակադրությունը արձանագրեց նոր տարողություն` իշխանամետ-ընդդիմադիր զանգվածներն իրար դեմ փողոց դուրս հանելու առումով:

Ցույց-հակացույցն արդեն տարբեր երկրներում նախադեպեր գրանցած երեւույթ է: Անշուշտ հակացույցը անպայման տարերայնականությամբ չի բացատրվում: Իշխանության պատվիրատուի հանգամանքը, հատկապես նման երկրների դեպքում, տեսանելի է դառնում դիպաշարի հետեւողների եւ վերլուծողների մոտ:

Հակացույցը միտում ունի նախ ներքին սպառման համար տպավորել մի քանի խավ: Նախ չկողմնորոշված զանգվածը, ցույցերին բազմապատիկ անգամ մարդաշատ հավաքներով ստվերի մեջ թողնելու բողոքողներին ու պահանջները եւ մտածել տալու շարժման ձախողության մասին: Երկրորդ, դարձյալ ներքին սպառման համար հոգեբանական ճնշում գործադրելու  իշխանության դեմ հրապարակ իջած քաղաքացիների վրա: Իսկ արտաքին իմաստով, բնականաբար ներքին ալեկոծումները հրահրողներին վերահաշվարկներ պարտադրելու եւ, ընդհանրապես, հանրային կարծիքը կողմնորոշելու նպատակով:

Հակացույցը, սակայն, շարժման ահագնացումից մտահոգ իշխանություններն են ձեռնարկում։ Հակացույցը իշխանությունների կողմից գործադրելի առաջին միջոցներից  չէ: Բայց երբ իրավապահ մարմինների ի գործ դրած ճնշումները, բռնությունները, եւ նույնիսկ բազմաթիվ վկայություններով արդեն հրապարակված ցուցարարների մոտ մաշկային այրվածքներ առաջացրած քիմիական նյութերի օգտագործումը, եւ այլ ուղղությամբ իշխանությունների հետ բանակցություններն ու պայմանաժամերն ակնկալված արդյունքի չեն հանգեցնում, գործում է հակացույցեր կազմակերպելու մեքենականությունը:

Հակացույցը, ուրեմն, մի  որոշ հանգրվանի համար ոչ ցանկալի, այսուհանդերձ պարտադիր միջոց է, որ սեփական ժողովուրդը ճամբարների բաժանման է առաջնորդում ու բեւեռայնացնում:

Վարչապետ Էրդողանի պայմանաժամային վճռականությունը նախանշում է, որ իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել դիմել խստագույն միջոցների: Այլապես, վարչապետությունից դեպի նախագահություն ընթացող Էրդողանի հեղինակությունը, որը  արդեն իսկ նժարի վրա է դրված, խիստ հարված կստանա: Հարվածը սակայն եթե մի կողմից պայմանաժամի անհետեւանքայնությամբ օդում կրակելու հեղինակազրկման է համազոր, մյուս կողմից սպանություն, վիրավորներ եւ քաղաքական բանտարկյալներ երեւույթը կարող է նույնքան, եթե ոչ ավելի հարված հասցնել նրա ժողովրդականությանը եւ միջազգային հեղինակությանը:

Վերադառնանք իշխանություն-ընդդիմություն կամ ցույց-հակացույց ձեւաչափին, դրա բերած հռետորականության աննախադեպ խստացմանը: Այնքան, որ վարչապետ Էրդողանը ցուցարարներին որակում էր արտաքին դավադրության ճարտարապետների գործակալներ, մինչ ընդդիմադիր գլխավոր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն վարչապետ Էրդողանին ամբաստանելուց հետո իբրեւ Թուրքիան սպանող, կատարվածը համարում էր ոճիր` մարդկության դեմ:

Ուրեմն, արտաքին ուժերի գործակալները ընդդեմ մարդկության դեմ ոճիր գործողներին: Ահավասիկ ցույց-հակացույցի ճամբարային բնակիչների բնութագրումները: Մարդկության դեմ ոճիրի ամբաստանությունը կարող էր լուսարձակի տակ չգալ, եթե այն հայտարարողը ընդդիմադիր գլխավոր կուսակցության առաջնորդը չլիներ։

Դիպաշարին հետեւող որևէ տրամաբանող, մինչ այժմ չորս զոհ խլած բռնամիջոցները մարդկության դեմ ոճիր դասակարգելու տեսակետին դժվար կհամաձայնի: Կհիշի սակայն անպայման, որ թուրքական իրարահաջորդ իշխանությունները մարդկության դեմ բազմաթիվ ոճիրներ են գործել։ Ոճիրներ, որոնց պատասխանատվությունը վերցնելու կոչեր չեն հնչում թուրքական երկու ճամբարներում:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

«Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է»

ազատամարտՋոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:  Օր, որ անցնում է գրեթե սուսուփուս: Լավագույն դեպքում ադրբեջանահայության ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի մամուլի ասուլիսով, որ հավակնում է Ադրբեջանի նախագահ դառնալ և իր թեկնածությունն է առաջադրելու աշնանը կայանալիք ընտրություններում: Մինչդեռ յուրաքանչյուր շահումյանցի  քայլող ու դեռ չընթերցված պատմություն է:

Շահումյանը գտնվում էր ԼՂՀ-ի հյուսիսային մասում և համարվում պատմական Արցախի Գյուլիստան գավառ:  600 քկմ տարածք և 16 բնակավայր ունեցող շրջանը 1989 թ. մարդահամարի տվյալներով`ավելի քան 20 հազար բնակիչ  ուներ, որից  17 հազարը` հայեր:  Առանձնանում էր իր մշակութային օջախներով, խաչքարաշատ գերեզմաններով, ուներ հայկական և ռուսական դպրոց, ավերակ եկեղեցի, կենցաղային այլ հաստատություններ…

Եթե մենք լռության ենք մատնել ու հաշտվել այդ կորստի հետ, ապա 1939 թ.  Շահումյանում ծնված Վիկա Զինավորի Հայրյանը համոզված է,որ օրերից մի օր հրաշք կկատարվի և ինքն իր ծննդավայր կվերադառնա ու կփարվի որդու շիրիմին: Հինգ զավակ` 1 տղա 4 դուստր ունեցող մայրը հավատացած է, որ եթե ինքը չտեսնի այդ օրը, ապա իր փոխարեն դա կանեն դուստրերը: Աններելի է,որ իրենք եկան, իսկ միակ որդու շիրիմը թողեցին Շահումյանում:

1992 թ. հունվարի 1-ին Վիկա մայրիկը պիտի տոներ ազատամարտիկ Արսեն որդու  ծննդյան 24-ամյակը: Երբ 1991 թ. դեկտեմբերի 26-ին Արսենը, հերթափոխը հանձնելով,  դիրքերից տուն վերադարձավ, որպեսզի մի փոքր հանգստանա ու ծննդյան օրը նշի, մայրը հետաքրքրվեց. «Արսեն, Երևանից փոխարինող ջոկատ եկա՞վ»: «Չէ մամա, չեկան, Բուզլուխի ջոկատն է պոստը պահում, իրենք էլ վախկոտ են, բայց ոչինչ, մի երկու օր կդիմանան, հունվարի 2-ին կգնամ»,- մորը հանգստացնում է որդին:

Ու մինչ մայրը որդու ծնունդը նշելու վերջին մանր-մունր գործերն էր անում, կարճատև հանգստի եկած որդին հասցրեց նաև Թալիշում լինել, որտեղից զանգահարել և օգնություն էին խնդրել: Բայց շուտ վերադարձավ, թեև  ծնունդն այնտեղ նշելու բազմաթիվ առաջարկներ ստացավ:  Տիկին Վիկան նկուղում էր, երբ  վերևից ձայներ լսելով` անմիջապես տուն  բարձրացավ ու դռան մեջ ավտոմատը գրկած  որդուն տեսավ: «Արսեն, ո՞ւր»,- տեսարանից անակնկալի եկած` հարցրեց մայրը: «Մամա, կես ժամից տանը կլիեմ, դու սեղանը գցիր»,- պատասխանեց որդին ու նետի պես սլացավ, որովհետև իրադրությունը Ջամբազի դիրքերում կտրուկ սրվել էր:

երիտասարդ1991 թ. դեկտեմբերի 31-ի օրն արդեն իրիկնանում էր: Պայթյուններն ու դղրդյունները, որ բնակչության հոգին արդեն հանել էին, այդ օրվա իրիկնամուտից  ավելի ուժգնացան: Այնպես որ դեկտեմբերի 31-ի իրիկունը ահավոր ծանր օր էր ոչ միայն տիկին Վիկայի համար, որ սրտատրոփ որդուն էր սպասում, այլև բոլոր շահումյանցիների, որոնք, բան ու գործ թողած, պաշարել էին հիվանդանոցը: Վիրավոր է, որ բերում էին: Վիկա մոր սիրտն անչափ անհանգիստ էր:  Հերթական արկը հիվանդանոցի մուտքին ընկավ` ցրելով հավաքվածներին:

    ԶՈՀՎԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կես ժամով տնից դուրս եկած Արսենն այդպես էլ չվերադարձավ, որովհետև իր ծննդյան օրը զոհվեց Ջամբազի մարտական գործողություններում: Մեկ շաբաթ մոր աչքը որդու ճամփին էր, թե ուր որ է կգա: Ամեն աստծո առավոտ մայրը որդու համար ուտելիք է պատրաստում, տաք հագուստներ դնում: Հայրը լուռումունջ տանում է, նրա ձեռքից ընկերները վերցնում են` ոչինչ չասելով:  Բայց որդու մեկշաբաթյա լռությունն անչափ տարօրինակ էր մոր համար, քանզի, երբ նա մարտից դուրս էր գալիս, առաջինը մորն էր զանգահարում: Մի անգամ էլ մորը խոստովանել էր. «Երբ ասեն, որ Արսենը  գերի է ընկել, չհավատաս, մայր, կնշանակի, որ ես այլևս չկամ, որովհետև Արսենը գերի ընկնող չէ: Ավելի շուտ ինձ կսպանեմ, քան գերի կընկնեմ»:

Գերի չընկավ, բայց նրա անկենդան մարմինը մի շաբաթ մնաց Ջամբազի դիրքերում: Այդ բարձունքի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ էլ ընկան Արսենն ու տիկին Վիկայի քեռորդի Աշոտը: Վեց օր շարունակ մայրն  Աստծուն աղաչանք ու պաղատանք արեց, որ գոնե որդու դին բերեն ու իրեն տան: Մոր աղաչանքը տեղ հասավ. տարածքն ազատագրեցին, և որդուն էլ հավուր պատշաճի հուղարկավորեցին  շրջկենտրոնի պատերազմի զոհերի հուշակոթողում:

Երբ 1992 թ. հունիսի 13-ին շահումյանցին բռնեց գաղթի ճամփան, Վիկա մայրիկը  Երևանում էր: Որդու քառասունքը նոր էր լրացել, երբ 15-ամյա դուստրը ականի պայթյունից ծանր վիրավորվեց: Երկար ու տևական բուժում անցավ Երևանի հիվանդանոցներից մեկում: Ուրիշ էլ ով, եթե ոչ մայրը պիտի խնամեր դստերը: Երբ Շուշին ազատագրեցին ու բոլոր հիվանդներն ու բժիշկները ցնծության մեջ էին,  տիկին Վիկայի հոգին խռովված էր: «Տիկին Վիկա, ինչո՞ւ չես ուրախանում»,- հարցնում է բժիշկ Արտավազդ Բագրատիչը: «Ի՞նչ ուրախանամ, երբ շուտով Շահումյանն ենք կորցնելու: Սիրտս ու բանականությունս է դա վկայում, որովհետև երբ Գետաշենը չկա, մենք միշտ փշից կախված ենք»,- ահա այդպես մարգարեաբար պատասխանում է տիկին Վիկան: Բայց որ ընդմիշտ կթողնեն, անպատկերացնելի էր:

Ուստի ամեն ինչ, այդ թվում նաև որդու իրերը, լուսանկարները հիշողությունների հետ միասին մնացին Շահումյանում, որովհետև աղջկա ապաքինվելուց հետո դեռ Շահումյան պիտի վերադառնար: Միակ  սուրբ մասունքը, որ միշտ իր հետ էր, որդու անձնագրի լուսանկարն էր` արված 14 տարեկանում:  Դատարկաձեռն մնաց նաև 80-ամյա սկեսուրը, որ այդ չարաբաստիկ օրը վաղ առավոտյան  կովն արոտավայր էր տարել, ու երբ տուն էր վերադարձել, հարևանը զգուշացրել էր, թե Շուշիկ տատի, էլ տուն մի մտիր… Տարեց կինն էլ այդպես լռելյայն հեռացել է իր դարավոր օջախից: Տրակտորով նրան Գյուլիստան են ճամփել, այնտեղ էլ պատահմամբ հանդիպել է  Ալինա դստերը ու նրա օգնությամբ դուրս եկել այդ փախեփախից:

«ՓՐԿԻՉ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ»

Քիչ չեն եղել նաև գաղթի ճամփեքին մնացածները, ինչպես, օրինակ` Վելյան Մուրադը, որ գերադասել է իրեն սարից ցած նետել, քան հեռանալ իր ոստանից: Շատ տարեցներ էլ Նապատում են մնացել: Այդ պատմությունները դաժան են ու սրտաճմլիկ: Իսկ երբ  Նապատը ռմբակոծության թիրախ  դարձավ, շատերը ցաքուցրիվ եղան:

Չեմ ուզում հավատալ, բայց բերնեբերան փոխանցված մի պատմություն կա, որը տիկին Վիկային է  պատմել Գաբուլյան Քրիստափորը, որի աղջիկն ու տղան  վերահաս նախճիրից հրաշքով են փրկվել: Նրանք ականատես են եղել, թե ինչպես հայերեն խոսող մի խումբ «ֆիդայիներ» իրենց շուրջն են   հավաքել մի խումբ մոլորյալ հայերի, այդ թվում իրենց, ու հարմար առիթի սպասել: «Իսկ երբ տեքրակնոջս քույրն ու եղբայրը որոշել են շարունակել իրենց ճանապարհը, «ֆիդայիներից» մեկը բղավել է, թե քույրիկ, ինչո՞ւ եք գնում, վերադարձեք, հիմա ուղղաթիռը կգա ու ձեզ կտանի: Ի՞նչ ուղղաթիռ, երբ քիչ անց ուժգին կրակոցներ են լսվում»,- պատմում է տկն. Վիկան` հավելելով, որ այդ  չակերտավոր ֆիդայիները  Հայաստանից հեռացած հայախոս ադրբեջանցիներ էին:

Մինչ օրս տիկին Վիկան չի ըմբռնել քրոջ այն քայլը, երբ հոգնած մի եկեղեցում նստած են եղել, քույրը, «Թմկաբերդի առումն» արտասանելով, իր տան բանալիները ջուրն է գցել: Ինչո՞ւ, երբ շատերը հավատացած էին, որ այդ ամենը ժամանակավոր է, մի քանի օր անտառներում կմնան ու կրկին տուն կվերադառնան, չէ՞ որ դա առաջին անգամ չէր: Հակառակ դեպքում գոնե տան բանալիները որպես հուշ կունենար: «Շահումյանի կյանքն ու ապրուստը որևէ տեղ էլ երբեք չեմ տեսնի, բայց ոչինչ չեմ ուզում, գիտեմ, որ տունուտեղ չկա, ոչինչ չկա, բայց միայն Շահումյանի դատարկ հողն ու իմ որդու շիրիմն եմ ուզում»,-  իր խոսքն է ավարտում տիկին Վիկան` հիշեցնելով, որ եթե ռուսը չլիներ, թուրքը երբեք մեր մեջքը չէր կոտրի: Թեև մի բանով էլ մեզ է օգնել` ասելով` դուրս եկեք, որ չկոտորվեք` մարդակերները, մարդասպանները գալիս են…

Ուրիշ ի՞նչ անեին, եթե  պաշտպան չկար…  Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին էր:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

«Առանց երազանքի ժողովուրդը մեծ բաների չի հասնի». Վազգեն Մանուկյան

vazgen ManukyanՀարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

– 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:
– Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները վերացնել և կանոնավոր տեսք տալ դրանց: Ես` որպես վարչապետ, առաջին հրամանը տվեցի, որ բոլոր ջոկատները լուծարվում են, բայց նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, պետք է մտնեն ՄՀՕՋ (Միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատ):
Դա առաջին քայլն էր. հետո՝ 1991 թ., կրկին կառավարության հրամանով պաշտպանության կոմիտե ստեղծվեց, քանի որ դեռ Խորհրդային Միությունում էինք և չէինք կարող նախարարություն ստեղծել: Հետագայում, երբ անկախացանք, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, կոմիտեն վերածվեց նախարարության:
Երբ պաշտպանության նախարար դարձա, կարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք հիմնվել սովետական, ոչ թե ՆԱՏՕ-ի տիպի բանակի մոդելի վրա: Քանի որ մինչ այդ մեր տղամարդիկ ծառայել էին սովետական բանակում, այնտեղ էին փորձառություն ձեռք բերել մեր պրոֆեսիոնալ սպաները, իմաստ չուներ անտեսել այդ փորձը և զրոյից նոր բան սկսել: Ստեղծեցինք այդպիսի բանակ` որոշելով հետագայում բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:
Մեր երկրորդ որոշումն այն էր, որ զինակոչով բանակը նվազագույն չափով օգտագործվի ռազմական գործողությունների ժամանակ, և այդ գործողությունների համար փորձառու, հասուն տղամարդիկ պատասխանատվություն կրեն: Դրանք նախկին ֆիդայիներն էին, նախկինում Աֆղանստանում և սովետական բանակում ծառայածները, հիմնականում երեսունն անց տղամարդիկ: Մենք նրանցով պրոֆեսիոնալ բանակ ստեղծեցինք, այսինքն՝ նրանք արդեն իսկ կամավոր կռվում էին, պարզապես բանակային պարտավորություններ ստորագրեցին, պետությունն էլ իր հերթին թիկունքում գտնվող նրանց ընտանիքներին աշխատավարձ սահմանեց:
Նրանց հետ հինգ տարվա պայմանագրեր էինք կնքում, այսինքն՝ զինակոչով բանակին զուգահեռ ստեղծվում էր նաև պրոֆեսիոնալ բանակ: Նրանց կորուստերը շատ քիչ էին լինում. փորձ ունեին, լավ գիտեին, թե երբ հարձակվել, երբ խուսանավել, իսկ 18 տարեկան տղաներն ուրիշ էին: Հիշում եմ, մի անգամ Լաչինում, երբ մեծ հարձակում սկսվեց, մերոնք փախան, 18 տարեկան տղա էր մենակ մնացել… Դա այն բացառիկ դեպքերից էր, որ 18 տարեկան տղան ընկել էր ռազմաճակատ ու գնդացրով 2 ժամ պահել էր թշնամուն, մինչև մերոնք կարողացել էին ուժերը հավաքել: Բայց նա զոհվեց: Սա 18 տարեկանի մտածողություն է՝ հերոսություն, իսկ երբ պրոֆեսիոնալների հետ էինք գործ ունենում, մեր կորուստները չնչին էին:
Հաջորդ կարևոր քայլը: Մենք փորձառու ֆիդայի տղաներ ունեինք, որոնք պատերազմում էին, բայց պատերազմը գրքերում կարդացածից շատ արագ վերափոխվեց ժամանակակիցի. պետք էր տիրապետել էլեկտրոնիկային, հակաօդային պաշտպանությանը, պետք էր տիրապետել տեխնիկային, որն ունեինք:
Կարևորեցինք պրոֆեսիոնալ սպաների դերը: Երբ դիմեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, պարզվեց, որ մոտ 4400 հայ սպաներ են ծառայում ռուսական բանակում: Մենք կոչ արեցինք նրանց հայրենիք վերադառնալ: Եվ եկան: Հայրենիքին ծառայելու անձնական պարտքը բերեց նրանց: Ամենակարևորը` բանակում հաջողվեց իրականացնել նախկին ֆիդայիների և սովետական բանակից եկած պրոֆեսիոնալների համատեղ գործունեությունը, որ հաղթանակի երաշխիքներից մեկն էր:
Կանոնավոր բանակի կառուցման գործում մեծ էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դերը: Ռազմական գործողությունների ծրագրման, օպերացիաների մշակման գործում մեծ դեր ունեին նաև այլ զինվորականներ` գեներալ Դարիբալթայանը Քելբաջարի օպերացիայի ժամանակ (Հայաստանի կողմից), Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի ժամանակ և շատ ուրիշներ: Ինչքան էլ այժմ շատ անուններ նշեմ, միևնույն է, բոլորին չեմ կարող նշել, և դա անարդար կլինի շատերի հանդեպ, որոնք անձնազոհաբար պայքարել են մեր հաղթանակի համար: Հետագայում երևի հարկ կլինի այդ ամենի մասին խոսել ավելի մանրամասն` նշելով յուրաքանչյուրի դերը:
Այդ ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի բանակները միասնական էին: Ես` որպես պաշտպանության նախարար, սերտ համագործակցում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ: Շատ բաներ Ղարաբաղում էին ծրագրվում, շատ բաներ՝ մեզ մոտ, բայց միասին էինք կատարում: Ղարաբաղում այդ ժամանակ մոբիլիզացիա էր, այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ համապատասխան տարիքում պարտավոր էր բանակում լինել:
Իմ դուրս գալուց հետո էլ բանակի ձևավորումը շարունակվում էր, մինչ օրս էլ բանակը ձևավորվում է և, իհարկե, հիմա շատ ավելի կարգավորված է, քան այն ժամանակ: Պատերազմի օրերին բանակում գտնվող մարդիկ միմյանց հանդեպ շատ ավելի անձնազոհ և նվիրված էին, քան խաղաղ պայմաններում, և դա բնական է:
Հիշում եմ, Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողությունների որոշ դադար եղավ: Հրամանատարներ կային, որ գալիս ասում էին` արագացնենք ռազմական օպերացիաները, որովհետև խաղաղ պայմաններում բանակը փտում է: Երբ խաղաղ պայմաններ էին, հարաբերությունների մեջ ճաքեր էին առաջանում, իսկ երբ պատերազմ էր՝ բոլորը միասին էին:
Ռազմական առաջին հաղթական գործողությունները եղան այն ժամանակ, երբ մենք դեռ բանակ չունեինք, այն նոր էր ձևավորվում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչները ղարաբաղցիներն էին և Հայաստանից գնացած կամավորական ջոկատները:
Այն ժամանակ շատ կարևոր օպերացիա կատարվեց ջոկատների միջոցով՝ Շուշիի գրավումն ու Լաչինի ազատագրումը, բայց դրանից հետո մենք սկսեցինք պարտություններ կրել: Չնայած արդեն սկսվել էր բանակի ձևավորումը, բայց մեր բանակը հին ձևով էր պայքարում՝ ավելի շատ ջոկատներով, ոչ թե ստրուկտուրաներով: Պատերազմը մտնում էր նոր փուլ, պահանջվում էր նոր մտածողություն, նոր` ժամանակակից բանակ: Այդ ժամանակ էր, որ ես նշանակվեցի պաշտպանության նախարար: Եվ իրար հաջորդեցին հաղթանակները, որոնք ես ինձ չեմ վերագրում: Դրանք մեծ կոլեկտիվի աշխատանք էին: Ուզում եմ ընդգծել, որ հաղթանակները ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու արդյունք էին, այլև` տասնյակ հազարավոր երիտասարդների անձնազոհության ու Ղարաբաղի հետ սերտ համագործակցության: Սա էր ամբողջ գաղտնիքը:
Իսկ անունս ինչու չեն ասում… Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո` մի քանի ամիս անց, ես, լինելով ԱԺՄ-ի նախագահ, ընդդիմության ղեկավարներից մեկը դարձա, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էի: Եվ իշխանությունն աշխատում էր թուլացնել իմ ազդեցությունը բանակի վրա: Սկսեցին անջատել ինձ բանակից, հեղինակությանս հետ խաղալ, դա հատուկ կուրս էր: Բացի այդ, ամեն ոք ուզում է լավ բաներն իրեն վերագրել: Հետո էական դեր խաղաց հայաստանցի-ղարաբաղցի պայքարը, ամեն մեկն իր անունն էր առաջ տանում: Մի պահ ամենամեծ պետական գաղտնիքն այն էր, որ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, և նրա օրոք մենք սկսել ենք պարտություններից անցնել հաղթանակների և նորմալ բանակ ունենալ: Դա կարծես պետական գաղտնիք լիներ և մինչև այժմ էլ իներցիայով շարունակվում է:
– Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետն եք եղել, կպատմե՞ք այդ շրջանի մասին: Նաև ի՞նչ ուրվագիծ էիք տեսնում առջևում, և, արդյոք, այն նմա՞ն է ներկային:
– Հիշում եմ, Լոս Անջելես էի գնացել, ուր հայերի հետ հանդիպում էր կազմակերպված: Մեկը հարցրեց ինձ` օրինակ, ինչո՞ւ ես չպիտի լինեի առաջին վարչապետն, այլ Դուք, ես այս-այս բաները գիտեի: Մտքումս բարկացա, ուզում էի պատասխանել, թե ես ինչեր գիտեմ, բայց ամենապարզ բացատրությունը սա էր. նրանք են իշխանության գալիս հեղափոխությունից հետո, ովքեր կազմակերպում և իրականացնում են այն, բնականաբար, ժողովուրդը հենց նրանց է ղեկավար ընտրում:

 

Ղարաբաղ կոմիտեի փաստացի ղեկավար լինելով` ես վարչապետ դարձա:Առաջին հայացքից թվում է, թե մեծ թռիչք է. դասախոս էի, մաթեմատիկոս և հանկարծ դարձա վարչապետ: Իրականում այդ փոփոխությունն ինձ համար աննկատ անցավ, որովհետև, մինչ վարչապետ դառնալը, Ղարաբաղ կոմիտեն անսահման մեծ իշխանություն ուներ Հայաստանում: Եվ, դառնալով վարչապետ, ոչ թե լիազորություններս, այլ պատասխանատվությունս ավելացավ:
Զգացվում էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, մենք որոշակի դեր էինք ունեցել այդ հարցում, շատ վտանգավոր էր, եթե փլուզվեր մեզ վրա: Երբ որպես վարչապետ գնում էի Մոսկվա հանդիպումների, զգացվում էր, որ Խորհրդային Միությունն ինչ-որ հարվածներ պիտի հասցնի: Գետաշենի դեպքերը Կրեմլն ինչ-որ իմաստով մեզ պատժելու և զգաստացնելու համար արեց:
Ամեն ինչ պետք է արվեր այդ հարվածներից խուսափելու համար, և պետք էր հստակ անկախության ճանապարհով գնալ: Դա մեծ պատասխանատվություն էր բոլորիս համար:
Հենց առաջին հրամաններից մեկն իմ պաշտոնավարման տարիներին ՄՀՕՋ-ի միջոցով բանակի ստեղծումն էր:
Մենք կամաց-կամաց մտնում էինք շրջափակման մեջ, և առաջին հարվածը, որ ստացանք, էներգետիկայի կորուստն էր: Մեր գազամուղը, տրանսպորտային կապերը հիմնականում անցնում էին Ադրբեջանի տարածքով: Սովետական Միության ժամանակ Վրաստանի տարածքով գազամուղի կառուցում էր սկսվել, բայց անավարտ էր մնացել, որովհետև Վրաստանում հեղափոխական վիճակ էր, էկոլոգիական շարժում կար, որ արգելք էր դրել: Շրջափակման հետևանքները մեղմելու, դիմանալու, էներգետիկան մասամբ պահպանելու համար մեր կառավարությունում հարց դրվեց շատ արագ կառուցել այդ գազամուղը: Պետք է հպարտությամբ ասեմ, որ կարճ ժամանակում՝ մեկ տարի երկու ամիս էր, ինչ վարչապետ էի, հասցրեցինք կառուցել գազամուղն ու Վրաստանի միջոցով Հայաստան գազ մտցնել (1991թ.): Այդ ժամանակ նաև անգնահատելի դեր ունեցավ մեր գազի վարչության պետ Թաթարյանը, ով լավ կապեր ուներ Վրաստանում: Շատ մեծ դեր խաղաց նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը, նա մոտ էր Գամսախուրդիայի և վրացական շարժման ղեկավարների հետ:
Շատ կարևոր էին նաև կապի միջոցները: Մենք կարողացանք պայմանագիր կնքել ITT ամերիկյան ֆիրմայի հետ շատ էժան գներով, և Հայաստանը դեպի դուրս գնացող հեռախոսակապ ունեցավ: Առաջին անգամ Հայաստանից կարող էիր հեռախոսահամար հավաքել և ոչ Մոսկվայի միջոցով աշխարհի ցանկացած անկյուն միանալ: Մենք առաջին հանրապետությունն էինք ԽՍՀՄ-ում, որ աշխարհի հետ անմիջական կապ ունեինք, բացի մեզնից ու Մոսկվայից, ոչ մեկը նման հնարավորություն չուներ:
Երբ հրաժարական պետք է տայի, մի քանի օր ձգձգեցի, ուզում էի կապի հարցերը վերջնականապես լուծել և նոր հանգիստ սրտով դուրս գալ: Հիշում եմ, երբ կապը պատրաստ էր, վերցրեցի լսափողը, զանգեցի Նյու Յորք, Լուիզ Սիմոնին` համոզվելու համար, որ կապը գործում է:
Մեր գյուղատնտեսությունը հենված էր Խորհրդային Միության դոտացիաների վրա: ԽՍՀՄ-ը փլուզվում էր, դոտացիաները վերանում էին, և պետական սեփականությունը հողի նկատմամբ այլևս չէր արդարացնում: Պետք էր գյուղատնտեսությունում արագ անցնել մասնավոր սեփականության: Դա անխուսափելի քայլ էր, իմ պաշտոնավարման տարիներին ես հողի սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահն էի: Հողը սեփականաշնորհվեց, և առաջին տարիներին գյուղացիները շատ գոհ էին դրանից, որովհետև իսկապես կարողացան ծանր օրերին իրենց ապրուստն ապահովել: Բայց հետո պետական ծրագրեր չեղան, իսկ առանց պետական ծրագրերի գյուղատնտեսությունը զարգանալ չի կարող: Եվ գյուղացիներն ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցին, քան քաղաքացիները:
Հողը սեփականաշնորհում էինք, բայց կոչ էինք անում գյուղացիներին, որ կոլեկտիվ տնտեսություն վարեն: Մի 3-4 գյուղ այդպես էլ վարվեց, մնացածն ուզեցին հողը` որպես իրենց սեփականությունը, միայնակ օգտագործել: Հիմա հանրային խորհրդում հաճախ հարց ենք բաձրացնում գնալ կոոպերատիվների ճանապարհով: Այդ ճանապարհով են գնացել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:
Իմ պաշտոնավարման ընթացքում մենք արդյունաբերության մեջ սեփականաշնորհում չենք կատարել, բայց ես իմ նկատառումներն ունեի, և իմ պաշտոնաթող լինելուց հետո, իմ կարծիքով, բավականին սխալ կատարվեց այդ սեփականաշնորհումը: Այն կորուստները, որ ունեցանք արդյունաբերության մեջ, անխուսափելի չէին:
Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն:

 

Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար: Ասեմ, որ այդ քայլերի շնորհիվ Հայաստանն առաջ անցավ Վրաստանից ու Ադրբեջանից, այնտեղ դեռ երկար ժամանակ ջոկատներ կային:
Իմ պաշտոնաթողությունից հետո ոստիկանության պետ Վանո Սիրադեղյանն էլ շարունակեց այդ գործունեությունը, երբեմն ոչ օրինական ձևերով, բայց կրիմինալի դեմ պայքարելով` Հայաստանը կամաց-կամաց հանգեց մի վիճակի, երբ չարիք կարող էիր գործել, եթե իշխանություն էիր (ծիծաղում է): Ու արդեն առաջացավ մի հարց` իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը, փոխե՞լ այն, թե՞ չէ: Կատակով եմ ասում, բայց այսպիսի միտում իրոք կար:
Անկեղծ ասած, եթե ինձ ասեին, որ այսպիսի ճանապարհով է գնալու Հայաստանը, ես կզարմանայի, որովհետև մենք շատ ավելի լավ ճանապարհ էինք տեսնում: Կարծում եմ, այն, ինչ երազում էինք, հեքիաթային չէր: Մեր երազանքների մեծ մասը կարելի էր իրականացնել, եթե իշխանավորները քիչ մտածեին իրենց անձնական շահերի մասին, լինեին մի քիչ ավելի խելոք ու գրագետ, և ազգային ջիղն էլ ավել լիներ: Առանց երազանքի ժողովուրդը, առանց երազանքի մարդը երբեք մեծ բաների չի կարող հասնել:
-Չե՞ք կարծում, որ այսօր հազարավոր մարդիկ հետևում են Րաֆֆի Հովհաննիսյանին հենց այն երազանքի համար, որ կրում է իր մեջ: Կարծում եմ, մեր ղեկավարությունը կորցրել է երազանքը:
-Ես կարող եմ հստակ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թարմ հոսանք է բերում հայկական քաղաքական կյանք: Եվ իշխանության, և ընդդիմության մեջ քաղաքական գործիչները շատ պրագմատիկ են դարձել: Որոշ երազանքների, որոշ սյուրռեալիզմի կարիք կա: Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ տարրը մտցնում է քաղաքական դաշտ, որն, ըստ իս, օգտակար է:
-Մայիսյան հաղթանակներից ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը:
-Ես բոլորն էլ կարևորում եմ: Ոմանք ասում են, որ Երկրորդ համաշխարհայինի հաղթանակը մերը չէր, Խորհրդային Միության պատերազմն էր, բայց երբ հրապարակվեցին որոշ գաղտնի փաստաթղթեր, տեսանք, որ եթե Գերմանիան գրավեր Սովետական Միությունը, ապա ինչ տխուր ճակատագիր էր սպասում Հայաստանին: Ոչ միայն համամարդկային մարդասիրական, այլև զուտ ազգապահպանման տեսանկյունից շատ կարևոր էր այդ հաղթանակը:
Շուշիի գրավումը շատ մեծ նշանակություն ուներ: Գիտեք, որ XIX դարում և XX դարի սկզբին մեր մտավորականության սերուցքն ապրում ու ստեղծագործում էր հիմնականում Թիֆլիսում, Բաքվում և Շուշիում: Շուշին թանկ էր մեզ համար նախևառաջ պատմական տեսանկյունից:
Եթե մայիսի 28-ին Սարդարապատում չհաղթեինք, չէր լինի Հայաստանը: Մայիսյան բոլոր տոներն իսկապես տոներ են, ոչ մեկն էլ երկրորդական չէ:
– Ներկայումս հանրային խորհրդի նախագահն եք: Շատերն, այնուամենայնիվ, չգիտեն, թե ինչով է զբաղվում հանրային խորհուրդը:
– Հանրային խորհրդի թերությունն այն է, որ մենք ցույց չենք տալիս մեր արածը, PR-ի, ճիշտ ինֆորմացիա տալու կարիքը կա, որը, թերևս, մեր սխալն է: Մարդ պետք է կարողանա իր գործերը ճիշտ ներկայացնել:
Մարտի 1-ից հետո արտառոց քայլերն ավելի են գրավում հասարակության ուշադրությունը, քան այն հավասարաչափ քայլերը, որ Հանրային խորհուրդն անում էր այս կամ այն ոլորտում վիճակը լավացնելու համար:
Այս տարվա վերջին պետք է նոր հանրային խորհուրդ ձևավորվի, և, կարծում եմ, առջևում գոնե մի 4-5 տարի բավական կայուն ժամանակաշրջան կա, որ մարդկանց ուշադրությունը ոչ թե սևեռվի սկանդալների, այլ երկիրը կառուցելու և երկրում քաղաքացիական հասարակությունը զարգացնելու վրա: Եվ Հանրային խորհրդի դերն ավելի հստակ կերևա, կհասկանան, թե որքան կարևոր նշանակություն ունի այն երկիր կառուցելու համար:
-Ունենալով նման անցյալ, Դուք հիմա Ձեր տեղում ե՞ք:
-Այո: Իհարկե, ես ավելի շատ բան անելու հնարավորություններ ունեի, բայց այսպես է ստացվել: Չի կարելի ոչինչ չանել, պետք է մշտապես օգտագործել ամեն մի հնարավորություն՝ Հայաստանում որևէ բան փոխելու, լավացնելու համար:
Արփի Մաղաքյան

 

http://www.emporium.am/am/articles/3467-l-r-

Առատ քրտնարտադրություն

քրտնարտադրությունՔրտնարտադրությունը հատուկ է  մարդուն և որոշ կաթնասունների: Քրտինքը կաթնասունների համար տեղեկություն հաղորդելու  միջոց է, այն պարունակում է 98-99% ջուր, 0,01% մեզ, միզաթթու, կրեատինին, ծծմբանյութ, ճարպեր,  խոլեստերին, հիմնային աղեր ևն:

Քրտնագեղձերը գերազանցապես տեղակայված են դեմքին, ափերին, ոտնատակերին, աճուկային ու անութափոսերում: Քրտնագեղձերը երիկամների նման իրականացնում են օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների դուրսբերում: Քրտնագեղձերի ֆունկցիան որպես արտազատիչ օրգան կարևորվում է հատկապես երիկամային հիվանդության ժամանակ. դրանք մասնակցում են օրգանիզմի  ջուր-աղային հավասարակշռությանը, մեծ դեր են կատարում օրգանիզմի ջերմակարգավորման գործում:

Մարդու ափերի մեջ`  1 քսմ-ի վրա, մինչև 600 քրտնագեղձ է տեղակայված: Կաթնասունների քրտնքի հոտը կարող է լինել վանող ու գայթակղող` կախված սեռական պատկանելությունից և  տեղեկություն հաղորդել բեղմնավորման պատրաստ լինելու մասին:

Առողջ մարդու թարմ քրտինքի հոտը գրեթե զգալի չէ:  Հոտն արտահայտված է դառնում ժամանակի ընթացքում, երբ քրտնքի մանրէները մարմնի վրա սկսում են բազմանալ:

Մարդկանց մեծ մասը քրտնում է պարապմունքի , մարզվելու կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Դա նորմալ  է ու անհրաժեշտ, քանի որ քրտնարտադրությունն օրգանիզմը պաշտպանում է գերտաքացումից:

Ինչպես է կատարվում քրտնարտադրությունը

Մեխանիզմը շատ պարզ է. նյարդային ազդակը հասնում է քրտնագեղձին, ինչի պատճառով այն կրճատվում է ու քրտինք արտադրում:

Քրտնարտադրությունը առատ է համարվում, եթե`

– հագուստը խոնավանում է ու  այն փոխելու անհրաժեշտություն է առաջանում,

– մարմնից ու ոտքերից տհաճ հոտ է գալիս,

– դա ձեզ անհանգստացնում է, դուք ձգտում եք խուսափել սերտ շփումից (համբույր, ձեռքսեղմում), սահմանափակում եք ֆիզիկական ակտիվությունը քրտնելուց խուսափելու նպատակով:

Պատճառները

Առատ կամ գերքրտնարտադրությունը պայմանավորված է քրտնագեղձերի լարված աշխատանքով: Գոյություն ունի գերքրտնարտադրության երկու տեսակ:

  • Երկրորդային, որը պայմանավորված է ինչ որ հիվանդությամբ, օրինակ` հիպերթիրեոզով, դիաբետով կամ վարակով: Քրտնարտադրությունը կարող է որոշ դեղամիջոցների ազդեցության ուղեկցող երևույթ լինել: Ընդ որում, այդ դեպքում  քրտնում է ամբողջ մարմինը, նույնիսկ կուրծքն ու թիկունքը: Երբեմն մարդը քրտնում է անգամ երազում:
  • Առաջնային.գերքրտնարտադրության այս տեսակը հիվանդության հետևանք չէ: Բժիշկներին հայտնի չեն  այս տեսակի իրական պատճառները, սակայն նկատվում է առաջնային գերքրտնարտադրության ժառանգականության միտում: Այս դեպքում քրտնում են մարմնի տարբեր հատվածներ, ասենք` ափերը, ոտնաթաթերը, անութները, դեմքը:

Հիվանդություններ, որոնք առաջացնում են գերքրտնարտադրություն

– Վահանաձև գեղձի հիվանդություն (օրինակ` հիպերթերիոզ), շաքարային դիաբետ:

– Նյարդային խանգարումներ:

– Հիվանդություններ, որոնք ուղեկցվում են մարմնի ջերմության բարձրացմամբ, օրինակ` վարակիչ հիվանդությունները:

– Ապրումներ, դրանք կարևորագույն դեր են կատարում մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Ու եթե մենք ակտիվ կերպով փորձում են թաքցնել  մեր ապրումները, ապա մարմնին չես խաբի, այն իսկույն պատասխանում է քրտնարտադրությամբ: Սուր ապրումների ժամանակ,  ասենք` զայրույթի, վիրավորանքի, վրդովմունքի, վախի դեպքում առաջանում է ուժեղ քրտնարտադրություն:

– Հորմոններ. արդեն գիտենք, որ հորմոնները կարող են ամեն ինչ գլխիվայր շուռ տալ: Հորմոնալ ցանկացած փոփոխություն անմիջապես երևում է արտաքինի վրա: Կանանց մոտ առատ քրտնարտադրություն է լինում դաշտանադադարի ժամանակ կամ մինչդաշտանային համախտանիշի դեպքում: Հորմոնալ խիստ փոփոխությունների ժամանակ քրտնարտադրությունը սովորականից կարող է վերածվել գերառատի:

Ում է պետք դիմել գերքրտնարտադրության դեպքում

Հարկավոր է դիմել ներզատաբանին, նյարդաբանին, թերապևտին (ընդհանուր պրակտիկայի բժիշկ):

Գերքրտնարտադրությունը բուժվում է: Դրա համար բազում միջոցներ կան: Բժիշկը կօգնի գտնել լավագույն մեթոդը:

Գոյություն ունեն հզոր հակապերսպիրանտներ,  առաջին հերթին գերքրտնարտադրության դեմ  նշանակվում է այդ միջոցը: Դրանց մեջ 20-25% ալյումինի քլորիդ կա: Դա ավելին է, քան սովորական հակապերսպիրանտներում (1-2%): Դրանցով կարելի է մշակել ափերը, ոտնաթաթերը, անութները: Սակայն հարկավոր է ուշադիր ու զգույշ լինել, որ դրանց կիրառումը չհանգեցնի մաշկի բորբոքումների:

Քրտնարտադրությունը բնական գործընթաց է, ուստի դրանից վերջնականապես ազատվելն անհնար է: Սակայն կան միջոցներ, որոնք կարող են օգնել էականորեն նվազեցնելու այդ տհաճ խնդիրը:

Օգնում են հունական ընկույզի տերևները, որոնք օժտված են վարակասպան հատկությամբ: Կարելի է այդ տերևներից թուրմ պատրաստել ոտների, ինչպես նաև ափերի համար. 5 թեյի գդալ մանրացրած հումքի վրա  1 լ եռման ջուր լցնել, թրմել 3 ժամ, ապա եռացնել թույլ կրակի վրա, հովացնել, քամել ու օգտագործել:

Կերակրի սոդա. նախ, այն չեզոքացնում է տհաճ հոտը: Սա թերևս  քրտնարտադրության դեմ ամենաարագ ազդեցության միջոցն է: Ցնցուղ ընդունելուց հետո չորացրեք մաշկն ու սոդայաջրով շփեք ամենաշատ քրտնող հատվածները` այդ նպատակի համար կիրառելով 3:1 հարաբերությամբ սոդայի ու ջրի լուծույթ:

Ինչպես կարելի է ազատվել ոտքերի քրտնելու հատկությունից

Ոտքերի քրտնելու հատկության պատճառով տհաճ հոտ է առաջանում, ինչը ոչ միայն ձեր տրամադրությունը կարող էգցել, այլև ձեզ շրջապատողների: Այդ մտահոգիչ խնդրից ազատվելու համար պետք է  այս խորհրդին հետևել:

1.Անպայման ոտքերը լվացեք հակաբակտերիալ օճառով օրական երկու անգամ` առավոտ և երեկոյան: Դրանից հետո լավ չորացրեք: Հիգիենան ոտքերի քրտնելու հատկության դեմ առաջին  փրկարար միջոցն է:Ոտքերը կարելի է լվանալ նաև մանգանաթթվի լուծույթով: Դա նույնպես կվերացնի հոտը:

Կիրառեք հակամանրէ ու հակասնկային հատկությամբ հոտազերծիչ միջոցներ կամ դրա փոխարեն կարելի է կիրառել նաև ցանափոշիներ` մենթոլով կամ քաֆուրով գելեր:

Ամեն օր պարտադիր պետք է փոխել կիսագուլպաները, գուլպաները, դրանք պարտադիր պետք է մաքուր լինեն: Ի դեպ, խուսափեք սինթետիկ գործվածքից պատրաստված հագուստից: Նախապատվությունը տվեք բնական թելերից գուլպաներին:

Ուշադիր ուսումնասիրեք կոշիկը: Ընտրեք օդաթափանց, «շնչող» կոշիկներ: Մի մոռացեք դրանք լվանալ թե՛ ներսից, և թե՛ դրսից: Գոնե ամիսը մեկ փոխեք միջադիրները: Կոշիկը հանելուց հետո հոտավետ բնանյութով տոպրակներ դրեք դրանց մեջ:

Խնդիրը կարելի է լուծել ոտքերի համար հատուկ լոգանքով, օրինակ` սկզբում ոտքերը թասով լի տաք ջրի մեջ իջեցրեք, որ հանգստանան 15-20 րոպե: Մեկ անգամվա համար բավարար է  3 լ ջրին 2 ճաշի գդալ հանգստացնող պատրաստուկ ավելացնել: Արդյունքն անպայման կզգաք:  Ահա  նման պատրաստուկի մի քանի տարբերակ.

– Եղեսպակի 3 ճաշի գդալ հումքը թրմել մեկ բաժակ եռման ջրում և օգտագործել հովանալուց հետո: Թուրմը խառնել լոգանքի համար նախատեսված ջրին:

– Կաղնու չոր կեղևի 3 ճաշի գդալ հումքը խառնել 3 բաժակ եռման ջրի մեջ ու թրմել 2-3 րոպե: Կարելի է օգտագործել նաև վուշի սերմեր, սև թեյի թուրմ, ծովաղ, կիտրոնի կեղև, մասրենու տերևներ, արևքուրիկ, եղինջ ու այլ դեղաբույսեր:

Քրտնելու հատկությունը կարելի է վերացնել նաև ոտքի մատները շփելով քացախով` մեկ ճաշի գդալ քացախը` 5 լ ջրին հարաբերությամբ կամ  բորաթթվով:

Մեկ միջոց էլ կարելի է կիրառել գիշերը: Կարելի է գուլպաների մեջ կաղնու ծեծած կեղև կամ որևիցե դեղաբույս լցնել, հագնել ու քնել: Կարելի է ոտնաթաթերը շփել նարդոսի մի քանի կաթիլ  յուղով, ապա բամբակյա գուլպաներ հագնել ու քնել:

Բոլոր այս միջոցները կարելի է կիրառել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին:

Իսկ եթե ոչ մի միջոց չի օգնում վերացնելու ոտքերի քրտնելու հատկությունը, ապա դա կարող է խոսել ոտքերի լուրջ վարակի մասին:

Հակապերսպիրանտներ

Առաջացել է հունարեն αντι` հակա և perspiration ` քրտինք, քրտնարտադրություն բառերից: Կոսմետիկ միջոց է, որը ստեղծված է  քրտնարտադրության պատճառը վերացնելուն, որի հետևանք է տհաճ հոտը:

Այն պարունակում է օրգանական աղեր, ինչպիսիք են` ցինկն ու ալյումինը: Կրճատում, սեղմում է  գեղձերի անցքերն ու նվազեցնում քրտնարտադրությունը: Օգտագործում են առավոտյան, ցնցուղից հետո: Այն խորհուրդ չի տրվում կիրառել շոգեբաղնիքում կամ  ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, ամենուր, որտեղ մարդը չափազանց շատ է քրտնում: Հակառակ դեպքում կարող է տեղային այտուց առաջանալ անութներում. քանի որ քրտինքը  դուրս գալու ելք չի ունենա:

Ցանափոշիները ևս  հրաշալի կլանում են քրտինքը: Դրանք ևս կիրառում են ցնցուղից հետո, սակայն ոչ թաց մաշկին: Եթե ցանափոշու բաղադրության մեջ մանրէասպան հավելիչներ կամ ալյումինի փոշի կա, ապա այդ միջոցը միաժամանակ կարող է լինել և՛ հակապերսպիրանտ, և՛ ծառայել որպես հոտազերծող:  Չոր մաշկի դեպքում դրանք խորհուրդ չեն տրվում կիրառել:

Դեզադորանտներ. առաջացել է ֆրանսերեն dռs նախդիրից, որ նշանակում է հեռացնել  ու լատիներեն  odor` հոտ բառերի համադրությունից: Կոսմետիկ միջոց է, որը նախատեսված է  տհաճ հոտերը վերացնելու կամ քողարկելու համար: Դեզադորները գործում են հետևյալ մեխանիզմով. կանխում են խոնավ միջավայրում մանրէների բազմացումն ու կլանում մարմնի բնական հոտը: Դեզադորների բաղադրության մեջ հիմնականում ախտահանող ու մանրէասպան հավելիչներ են, որոնք ոչնչացնում են  միկրոօրգանիզմներն ու խոչընդոտում հոտառաջացումը:

Վաճառքում կան նաև դեզադոր-հակապերսպիրանտներ, որոնք հոտը չեզոքացնելուց բացի նպաստում են քրտնագեղձերի «փակմանն» ու  այդ կերպ կանխում քրտնառաջացումը:

Շատ  ավելի առաջ քրտնքի հոտը մեղմելու համար կիրառում էին օծանելիք: Օդի, սենյակի  հոտը թարմացնելու նպատակով կիրառվել են տարբեր նյութեր (փայտածուխ,  ջրածնի գերօքսիդ):

Ներկայումս լայն կիրառություն ունեն գնդիկավոր դեզադորանտ-հակապերսպիրանտները, ինչպես և աերոզոլային փաթեթավորմամբ դեզադորները: Դեզադոր-հակապերսպիրանտներում ալյումինի ու ցիրկոնի համակցություններ են, հաճախ առկա է նաև էթիլ սպիրտ: Սակայն ոչ բոլոր սպառողներն են նախընտրում սպիրտ պարունակող արտադրանք: Զգայուն մաշկի պարագայում սպիրտը կարող է  չորացնող ազդեցություն ունենալ:

Յուրաքանչյուրն ինքը կարող է գտնել իրեն հարմար տարբերակը: Բոլոր միջոցներն էլ արդյունավետ կլինեն, եթե պահպանվեն հիգիենայի կանոններն ու չափավորությունը:

Հակակարկտային կայանների գործունեությունը հենց գյուղաջակցության ոլորտի չարաշահում է

կարկուտԱռհասարակ ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտը, բացի ամենառիսկայինը համարվելուց, նաև ամենից շատ ուշադրություն պահանջողն է: Ցանկացած գյուղատնտեսագետ կփաստի, որ գյուղոլորտն առանց աջակցության ուղղակի չի զարգանա: Հայաստանը բացառություն չէ:

Քաղաքակիրթ աշխարհում գյուղատնտեսության ամենագործուն աջակցության ձևերից է ապահովագրական համակարգը: Հայաստանում այս համակարգը բացակայում է: Բայց մեր երկրում էլ գյուղատնտեսությունը որոշակի աջակցություն ստանում է: Օրինակ` կառավարությունն էժան պարարտանյութեր, սերմացու և վառելիք է տրամադրում գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, սուբսիդավորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, խորհրդատվություն է տրամադրում և այլն:

 Շատ է խոսվում նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերում չարաշահումների, կամայականությունների և այլ բացասական երևույթների մասին:

ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, սակայն, գյուղատնտեսության սուբսիդավորումը նորմալ է ընթանում: Այստեղ գործընթացներն ավելի հասցեական են, որովհետև գյուղացիներն անձամբ վճարում են էժան վառելիքի, սերմի կամ պարարտանյութերի համար, իսկ համապատասխան մարմիններն էլ այդ ապրանքները տանում-հասցնում են գյուղացուն: Անմիջականությունն ակնբախ է: Գյուղատնտեսական վարկերի մասով պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսադրույքի 4 տոկոսը, իսկ մնացած 10-11 տոկոսը գյուղացին ինքն է վճարում և այլն: Այս տարի, կարելի է ասել` ՀՀ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ, պետությունը նաև բնական աղետի հետևանքները վերացնելու համար, մասնավորապես մայիսյան կարկտահարությունից տուժածներին է աջակցություն ցույց տալիս:

«Հայաստանում բնական աղետների պատճառած վնասների առաջին փոխհատուցումը Արմավիրի մարզի կարկտահարության հասցրած վնասների դիմաց են նախատեսվել, որոնք արդեն ճշտված են թե՛ բանկերի, թե՛ գյուղատնտեսության նախարարության կողմից: Մասնակցում էր նաև ֆինանսների նախարարությունը. մանրամասն հաշվարկներն արվել են: Եվ այս անգամ որոշեցին, ու 100 տոկոս վնաս ստացածների հողի հարկը, ջրի վարձը և այլ վճարները 100 տոկոսով փոխհատուցելու են, 50 տոկոս վնաս կրածինը` 50 տոկոսով և այլն: Մի խոսքով` նորմալ գնաց այս գործընթացը»,- ասաց Հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

արտՆրա կարծիքով, սակայն, գյուղատնտեսական խորհրդատվությունը լավագույն վիճակում չէ: Այստեղ, ըստ մասնագետի, թերությունները, բացթողումները շատ են:

«Բազմաթիվ դեպքեր ունենք, որ խորհրդատուներն ուղղակի տեղաշարժման հնարավորություն չեն ունենում. տրանսպորտի հետ կապված հարցեր կան և այլն, չեն կարողանում իրենց գործն արդյունավետ կատարել, բայց ասվում է, թե խորհրդատվություն է մատուցվում»,- նշեց Ջավադյանը:

Նույն կարծիքին է նաև ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա համոզմամբ` այն ծառայությունները, որոնք գյուղացիներին մատուցվում են, պետք է լինեն պայմանագրային, մատուցողը գյուղացու հետ պայմանագիր պիտի կնքի ու դրա շրջանակներում իր ծառայությունները մատուցի:

«Այսինքն` կարգ ու կանոն պետք է մտնի ամեն ինչի մեջ, և եթե խորհրդատվություն է մատուցվում գյուղացուն, ապա համապատասխան գրանցում պետք է լինի, պայմանագրային  ակտ գրանցվի, թե ինչ խորհրդատվություն է մատուցվել գյուղացուն և ինչ բարեփոխումներ են արվել այդ խորհրդատվության արդունքում: Այսօր մենք ունենք շատ կազմակերպություններ, այդ թվում` նաև միջազգային ֆինանսավորող կազմակերպություններ, որոնք ինչ-որ ծրագրեր են իրականացնում, բայց պարզվում է` դա գյուղացուն չի հասնում: Եթե գրասենյակն աշխատում է, բայց գյուղացին դրանից որևէ օգուտ չի ստանում, դա արդեն չարաշահում է: Օրինակները բազմաթիվ են. ամենամոտիկ գյուղի գյուղացիներին հարցնելով էլ պարզ կդառնա, թե իրականությունն ինչպիսին է»,- ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ որպես չարաշահում կարելի է դիտել Հայաստան ներկրվող և գյուղացուն որպես աջակցություն տրամադրվող սերմացուի որակի հարցը: Որովհետև, ասաց նա, ծրագրի առաջին տարում, օրինակ, շատ բարձր որակի ցորենի սերմ ներկրվեց, բայց հաջորդ տարիներին այդ սերմի որակն այնքան էլ բարձր չէր, ու բազմաթիվ բողոքներ կային: Բայց ցորենի սերմը ներկայացվում էր որպես էլիտար և այլն:

Գյուղատնտեսության ոլորտում չարաշահումների մեկ այլ ձև էլ Հրաչ Բերբերյանը  նշեց հակակարկտային կայանների օրինակով: «Եթե գյուղացին ոռոգման համար ունի համապատասխան պայմանագիր, էլեկտրացանցի հետ ունի համապատասխան պայմանագիր, չէ՞ որ հակակարկտային կոչված կայաններն էլ ծառայություն են մատուցում ազգաբնակչությանը: Բայց հակակարկտային կայանի կողմից գյուղացու հետ կնքված որևէ պայմանագիր չկա: Այստեղ չարաշահումն այն է, որ հայտնի չէ, թե այդ կայաններն ում համար են աշխատել: Այս առումով համակարգը թերի է, և պարզ չէ, թե որ պայմանագրի հիման վրա է այդ ծառայությունը մատուցվում»,- ասաց  նա` հավելելով, որ պատասխանատվության հարց պետք է դրվի, որովհետև եթե էլեկտրացանցը թերություն ունի և մեկի տանը տեխնիկա է փչանում, էլեկտրացանցն է այդ վնասը փոխհատուցում: Իսկ հակակարկտային համակարգերի հետ գյուղացու առնչություններում պայմանագրային հարաբերություններ չկան, հետևաբար նաև պատասխանատվություն չկա, հսկողություն էլ չկա, ու հայտնի չէ, թե նրանք ինչով են զբաղվում, ինչպես են զբաղվում կամ զբաղվո՞ւմ են առհասարակ…

Ի դեպ, «Անկախը» տեղեկություն ստացավ, որ ԱԱԾ-ի կողմից գյուղատնտեսական աջակցության ստուգումներ են ծավալվել, ու հայտնաբերվել են չարաշահուների բազմաթիվ դեպքեր: ԱԱԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծվին Բաղրամյանից փորձեցինք ճշտել, թե ինչ ստուգումներ են եղել դրանք ու ինչ բացահայտումներ են եղել: Ա. Բաղրամյանը զարմացավ մեր հարցից ու նշեց, որ ինքը գյուղոլորտում ԱԱԾ-ի կողմից անցկացված որևէ միջոցառման մասին տեղյակ չէ, և ԱԱԾ-ն էլ ստուգումներ իրականացնող մարմին չէ: Իսկ եթե չարաշահումներ են եղել, ապա այդ հարցերով կզբաղվի դատախազությունը կամ ոստիկանությունը:

 

Փողոցն ու մայթը պետք է ճիշտ սարքել

երևանԳարնանը տեղացած հորդ անձրևները մի լուրջ խնդիր  ջրի երես հանեցին Երևանի կառավարման բնագավառում. անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակումներ ու հեղեղներ եղան: Նույնիսկ որոշ դեպքերում փրկարարների միջամտության անհրաժեշտություն առաջացավ: Օրինակ` Վաղարշյան փողոցում, որպեսզի կիսանկուղային խանութի աշխատակցուհուն փրկեն հեղեղից…

 «Երևան ջրի» «հումորը» քաղաքացիների վրա ծանր է նստում

Այդ հեղեղներն ու ջրերի կուտակումները երևակեցին, որ քաղաքապետարանի համար այլևս գերկարևոր խնդիր է ջրահեռացման ու հեղեղատարների հարցերով զբաղվելը: Քաղաքապետարանը, իհարկե, մինչև հիմա էլ պետք է զբաղվեր այս խնդրով: Ու երբ նայում ենք քաղաքապետարանի կայքի «կոմունալ տնտեսություն» բաժինը, որտեղ էլ ջրամատակարարման ու ջրահեռացման մասին կետերն են ու հաշվետվությունները, բացի ջրամատակարարման բարելավմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող մեկ-երկու տեղեկություններից, ավելի լուրջ ու հստակ տեղեկատվություն ջրահեռացման ու հեղեղատարների մասին չենք գտնում:

Իհարկե, Երևանի քաղաքապետարանին անմիջապես վերաբերող հարց է սա, սակայն միայն քաղաքապետարանը չէ այս ոլորտի պատասխանատուն: 2005 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն` 10 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով Երևանի ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ պետք է զբաղվի առաջին հերթին  Veolia Water ընկերության «ենթակայության տակ գործող» «Երևան ջուր» ընկերությունը:

Վերջինս էլ նշում է, թե գարնան սկզբից վերսկսված շինարարական աշխատանքները, կապված մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում բարենպաստ եղանակների հետ, ընդլայնվում են:

«Ներկայումս Ավան, Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններում և Երևանի հարակից համայնքներում իրականացնում են 29  տեսակի աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 987 մլն դրամ: Բացի այդ, նորով են փոխարինվում հնամաշ կամ վթարված ջրագծերն ու կոյուղագծերը, կոլեկտորներն ու հեղեղատարները, դիտահորերն ու փականային հանգույցները: Զգալի արդյունք է ակնկալվում նաև Զորավար Անդրանիկի թաղամասի Ա2 բնակելի զանգվածում իրականացվող ծրագրից (պայմանագրի գինը կազմում է 79 մլն դրամ), որտեղ նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 1300 գծամետր ջրագծեր և կոյուղագծեր»,- նշվում է ընկերության կայքէջում:

Շատ լավ: Բայց «Երևան ջրում» կարծես ոչ թե անհանգստացած են այս խնդրով, այլ դեռ մի բան էլ «հումորով» են վերաբերվում: Մասնավորապես մայիսի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը, ոչ ավելի, ոչ պակաս,  նշել է հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակման «դրական կողմերը»: «Ինչո՞ւ չենք տեսնում, որ տարիներ առաջ մայթային տարածքներն ու փողոցներն անբարեկարգ էին, և հորդառատ անձրևները ներծծվում էին հողի մեջ կամ անցնում շենքերի գրունտային շերտերի տակ: Այն, որ քաղաքի կենտրոնում եղան նման ջրակուտակումներ, խոսում է այն մասին, որ փողոցները դարձել են ավելի բարեկարգ, և հին ջրահեռացման համակարգը չի կարողանում հեռացնել այնքան ջուր, որքան կուտակվում է սալիկապատ փողոցներում», – ասել էր Կարապետ Օհանյանը, բայց դրանից հետո, անկախ ամեն ինչից, ընդունել, որ ջրահեռացման համակարգում խնդիրներ կան:

«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչը նշել էր նաև, որ առաջիկա 1 ամսում կկազմվի ռազմավարական ծրագիր 25-30 փողոցների համար: «Մոտ 30 փողոցներից գուցե ոչ բոլորում հիմա խնդիր կա, բայց տարիներ հետո ջրակուտակման խնդիր կարող է լինել դրանցից յուրաքանչյուրում, ուստի ավելի լավ է նախօրոք զբաղվել դրանցով»,-  ասել էր Օհանյանը և խոստացել, որ քաղաքապետարանն ու «Երևան ջուրը» կանեն ամեն ինչ հետագայում նման վիճակներից խուսափելու համար:

Սովորենք ջրահեռացում կազմակերպել

Հարց է ծագում, թե ինչ են արել մինչև հիմա, որ նման իրավիճակներ են առաջանում: Այս հարցի պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք ճարտարագետ-ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանին: Նա էլ  ասաց, որ այս ամենի ամենամեծ պատճառը մայրաքաղաքում ծավալված ու ծավալվող սխալ ճանապարհաշինությունն է:

«Սովորաբար ցանկացած ճանապարհ սարքելուց կամ նորոգելուց առաջ, տեղանքին համապատասխան, որոշվում է, թե ինչ թեքություններ պետք է ունենա այդ ճանապարհների ասֆալտ-բետոնային ծածկույթը: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ասֆալտի կամ բետոնե ճանապարհի կենտրոնը պետք է լինի ուռուցիկ, իսկ ծածկույթի երկու կողմերով անցկացված լինեն ջրահեռացման գոգավոր ակոսներ, որպեսզի անձրևներից, ձյունից, կարկուտից առաջացած ջրերը ասֆալտի ուռուցիկ հատվածից հոսեն դեպի կողքերը և այդ  փողրակներով թափվեն ջրահեռացման դիտահորերի մեջ: Նայեք մեր թեկուզ ամենավերջին նորոգված ճանապարհներին, քանի՞ ջրահեռացման փողրակ կհայտնաբերեք. էլ չեմ խոսում այն մասին, որ որոշ դեպքերում դիտահորերի մակարդակը ասֆալտից բարձր է, ու հավաքված անձրևաջրերը չեն կարող թափվել դրանց մեջ, այլ հոսում են փողոցներն ի վար, ու որքան էլ զարմանալի է, հենց մեջտեղով… Պատճառն այն է, որ ճանապարհաշինական ընկերությունների աշխատանքը ոչ ոք չի ստուգել ու չի պահանջել ջրատար փողրակներ թողնել»,- պարզաբանեց Արմեն Հակոբյանը:

Սա փողոցների դեպքում էր, բայց նույնը կարելի է ասել նաև մայթերի վերաբերյալ: Քաղաքներում այդ նույն ասֆալտե ճանապարհների փողրակները ծառայում են նաև մայթերից հոսող անձրևաջրերը դեպի ջրահեռացման դիտահորեր ուղղելու համար:

«Մեկ-մեկ նայում եմ մայթերը սարքողներին ու տեսնում, որ հարթաչափով թելը ուղիղ կապած` շողուլի բերած` գործ են անում, մայթի սալիկ են շարում: Զարմանում եմ, որ դրանց մտքով չի անցնում, որ մայթը պիտի թեթև թեքես դեպի փողոց, որ ջրերը հոսեն եզրաքարերի տակ` ջրահեռացման ակոսների մեջ: Թե չէ դրանց շարած սալահատակից հետո էդ մայթերով քայլել չի լինում»,- մասնագիտորեն բացատրում է 26 տարի սալահատակ շարած վարպետ Կորյուն Ա.-ն:

Այսինքն` այդ հարցերը կարելի էր հեշտությամբ կարգավորել, եթե ժամանակին փողոցի ու մայթերի անհրաժեշտ թեքությունները հաշվի առնվեին, ու այդ փողոցների ու մայթերի համար ջրահեռացման ակոսներ թողնեին: Իսկ ջրահեռացման դիտահորերն էլ մեկ-մեկ մաքրեին: Թե չե ամբողջությամբ ասֆալտ-բետոնե Երևանում ջուրը, որ չի կարողանում նույնքան հեշտությամբ ներծծվել այդ ասֆալտի ու բետոնի մեջ, որքան հողի, սկսում է հոսել ու վերջում դառնում է հեղեղ: Պատասխանատուներն էլ ստիպված «հումորով» պատասխաններ են փնտրում` իրենց չարածն արդարացնելու համար:

 

Կառավարությունը կիրառել է արմավիրցիների հոգսը թեթևացնելու բոլոր գործիքները

10472_am_4Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստն սկսվել է մարզի 2013 թ. հինգ ամիսների գործունեության և սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը մարզի բնակչության և իր անունից շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` ս.թ. մայիսի 12-ի կարկտահարությունից հետո բնակչությանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցների համար։ Սահմանված կարգով կազմակերպվել է մարզային ենթակայության 122 կազմակերպությունների գործունեությունը, համակարգվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքը։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, ինչպես միշտ մեր արտագնա նիստերից առաջ մենք ուսումնասիրում ենք մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ուսումնասիրում բնակչության վերաբերմունքը կառավարության, մարզպետարանի, համայնքների ղեկավարների, մեր բոլոր գերատեսչությունների գործունեության նկատմամբ։ Այս անգամ ևս մենք այդպիսի հետազոտություն իրականացրել ենք, և դրա առանձնահատկությունն այն է, որ կարկուտը լուրջ շեղում է մտցրել նաև մարդկանց տրամադրության մեջ։ Տեղյակ եք, որ բոլոր մարզերի համար մեկ խնդիրը, որ մեր առջև դնում են մեր քաղաքացիները, աշխատատեղերի խնդիրն է։ Այսօր Արմավիրի մարզում երկրորդ տեղում է հայտնվել ֆինանսական խնդիրը և վարկերի սպասարկման խնդիրը, հաշվի առնելով, որ կարկուտը 47 համայնքի շատ լուրջ վնաս է հասցրել։ Այժմ մեր գերատեսչությունների ղեկավարները մեզ կտեղեկացնեն, թե ինչ վիճակ է ստեղծվել իրենց բնագավառներում»։ Կառավարության անդամներին համապատասխան տեղեկություն են տվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ քաղաքաշինության փոխնախարարները։ Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետը տեղեկացրել է, որ մարզի Արմավիր գյուղում իրեն են դիմել արտագնա աշխատանքից նոր վերադարձած երկու բնակիչներ` խնդրելով աջակցել ստանալու ՀՀ քաղաքացու նոր անձնագիր։ Ոստիկանությունը հանձնարարություն է ստացել ուսումնասիրել հարցը և հնարավորության դեպքում օգնել բնակիչներին։
Կարկտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով զիջել ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով մարզի Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների 2011, 2012 թթ. ստանձնած պարտավորությունները։ Կառավարությունը փոփոխել է մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` նպատակ ունենալով մեղմել Արմավիրի և Լոռու մարզերի կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառած վնասը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսության նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի իրականացման կարգը։ Դրա կիրառումը կնպաստի համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացմանը։ Ծրագրի արժեքն է շուրջ 175 մլն դրամ։
Ծավալված մտքերի փոխանակությունն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Սրանով ավարտում ենք քննարկումը Արմավիրի մարզին նվիրված բոլոր այն հարցերի, որոնք իր զեկույցում բարձրացրեց նաև մարզպետը։ Իհարկե, ինչքան էլ որ մենք փորձենք օգնել մեր գյուղացիներին, հասկանալի է, որ այդ օգնությունը բավարար չէ։ Բայց նաև փաստ է, որ մենք արեցինք առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնենք կարկուտի պատճառով եղած բացասական հետևանքները, և արմավիրցիներն իրականում զգացին, որ պետությունն իրենց կողքին է։ Բոլոր գործիքները, որոնք մենք ունեինք, կիրառել ենք, որպեսզի թեթևացնենք այն բեռը, որ այս աղետալի կարկուտի պատճառով ընկել է մեր քաղաքացիների վրա»։

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2013 թ. գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրում` դրանով իսկ կարգավորելով մարզերին փաստացի հատկացված սերմացուի քանակության և չիրացված սերմացուի հետագա պահպանման, 2014 թ. գարնանը դրա իրացման հարցերը։
Կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին թույլատրել է 1.9 մլն ԱՄՆ դոլար արժեքով տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ գնելու պայմանագրեր կնքել բելառուսական ընկերությունների հետ և մշակել տեխնիկայի բաշխման պայմանները։ Վարչապետը խնդիր է դրել, որպեսզի բելառուսական առաջին 100 տրակտորը հնարավոր լինի օգտագործել արդեն այս տարի։

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2013 թ. հունիսի 18-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով ավելի քան երկու տասնյակ հարց։

Օրենսդրորեն սահմանվում է երկրապահ կամավորականի կարգավիճակը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է փոստային կապի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող օրենքներին, ինչպես նաև բացառել օրենքում առկա ոչ հստակ ձևակերպումները։ Նիստում հավանության է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել մի շարք միջոցառումների իրականացման ժամկետները։
Վերը նշված օրենսդրական փաթեթների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։

Կազատվեն պետտուրքի վճարումից

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետտուրքի վճարումից ազատելու կարգը, նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթերը,
– աուդիտորական ծառայությունների իրականացման արտոնագրի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը, աուդիտորների գործունեությանը և պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ ապրանքների առավելագույն գներին վերաբերող նախկինում հաստատված կարգերի փոփոխությունները. այս վերջինի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությունում խորհրդակցություն հրավիրել և նախարարությունների ֆինանսական պատասխանատուներին ծանոթացնել նորամուծության մանրամասներին,
– համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները,
– ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ ՀՀ նախարարությունների ՀՀ ԿԱ մարմինների և մասնագիտությունների, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ։
ՀՀ կառավարությունը սահմանել է ռազմական արդյունաբերության ազգային չափորոշիչների մշակման, ընդունման և կիրառման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը։

Վերամշակման աշխատանքն ավարտին կհասցվի

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 14-ը։ Ընկերությունը Եգիպտոսից Հայաստան է ներմուծել չվերամշակված ձիթապտուղ, որը պետք է պահածոյացվեր և արտահանվեր։ Սակայն Եգիպտոսում տիրող տնտեսական անկայունության պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել արտահանման ժամկետը։ Որոշումը հնարավորություն կտա կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը, պահպանել ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում նույնպես կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. Դրամաշնորհային ծրագիրը ՀՀ 2013 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ, որով կապահովվի ստանձնած պարտավորությունների գծով մասնակցության ապահովումը։ «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրում, որի դրամաշնորհառուն Հունաստանն է, որպես գործընկեր ներգրավված է նաև ՀՀ քաղծառայության խորհուրդը։
Մինչ այժմ եղած քարտեզագրական փաստաթղթերում Արփա-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները (ստորգետնյա) տարբեր են, ինչը հնարավորություն չի տալիս ամրագրել Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու ճշգրիտ սահմանները։ Կոորդինատները չափագրման միջոցով ճշգրտելու նպատակով ավելի վաղ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ աշխատանքի արդյունքում կհստակեցվեն հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործառույթները։

Կարգավորվում է վարչական հսկողության ընթացակարգը

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրում լրացում կատարելու` ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի նպատակն է կարգավորել տարածքային կառավարման մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը։ Օրենսդրության համաձայն ՀՀ մարզպետներն իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն` համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների կատարման նկատմամբ։ Սակայն օրենսդրորեն կարգավորված չէ ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը. այդ բացը լրացվում է ՀՀ նախագահի նոր հրամանագրով։
2012 թ. օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքի հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 29 մլն դրամ` ի լրումն 2013 թ. պետբյուջեով նախատեսված 150 մլն դրամի։
Հայաստանի «Այկիդո Այկիկայ ֆեդերացիային», որն զբաղվում է ճապոնական այկիդո մարտարվեստի և առողջ ապրելակերպի գաղափարների տարածմամբ և զարգացմամբ, կառավարությունը 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացրել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հիմնական դպրոցի նկուղային հարկում (Վ. Վաղարշյան 24)։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքն ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռամկավար Ազատական կուսակցությանը։

Այլ հարցեր

Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Ասպար արմս» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է զենքի (քաղաքացիական զենքի և դրա փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության արտոնագիր։
ՀՀ կառավարությունը տարբեր ժամկետներով երկարաձգել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում հանդես եկող ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։

 

Հանրային խորհրդի նախագահը «Խտրականության դեմ» օրենքի, միասեռականության և կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մասին

Վազգեն-Մանուկյան

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում տարակարծությունների և մտահոգության տեղիք է տվել: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների, կապված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված խտրականությունն արգելող դրույթների առավել արդյունավետ կիրառման,  ինչպես նաև խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարի, հակազդման և կանխարգելման հստակ միջոցների սահմանման հետ: «Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից և կամ անձնական կամ սոցիալական բնույթից և այլ հանգամանքներից»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ:

Նշենք, որ նախագծի վերաբերյալ հայտարարության տեսքով իր մտահոգությունն է հայտնել նաև Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովը, որում մասնավորապես նշված է. «Օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրինագիծն անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլ հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն«Անկախի» հետ զրույցում նախ անդրադարձավ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշմանը, ապա ՀԽ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը: Նա ասաց, որ պաշտպանի աշխատակազմի նախագծին ամբողջությամբ ծանոթ չէ, ընդհանուր է թերթել, բայց կարծում է, որ նման անվանումով օրենքի անհրաժեշտություն այս պահին Հայաստանում գոյություն չունի: «Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ շատ հստակ են գրված նաև փոքր խմբերի շահերը, ավելին՝ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը հստակ ներկայացնում է, որ որևիցե խտրականություն պետք է բացառվի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած օրենք մինչև ընդունվելը պետք է անցնի Մարդու իրավունքների հռչակագրի և Սահմանադրության պրիզմայով: Այնպես որ հատուկ օրենք հնարելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա:

Մանուկյանը չի տեսնում նաև, որ հասարակության կողմից նման խնդիրների վերաբերյալ ահազանգ կա: Նա կարծում է, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում մարդկանց հանդուրժողականությունը տարբեր փոքրամասնությունների, խմբերի նկատմամբ ավելացել է, և արհեստական օրենքներ հնարելը որևէ կերպ գործին չի նպաստի:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը, ապա Հանրային խորհրդի նախագահը նախ հիշեցնում է, որ խորհրդում կա 70 ենթահանձնաժողով, որտեղ էլ՝ հազարավոր մարդիկ, և ցանկացած մարդ կամ խումբ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը. «Այդ առումով Հանրային խորհրդում լիակատար ազատություն է,- ասաց նա,- ճիշտ է, անձամբ ես կարծում եմ, որ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մեջ եղած ձևակերպումներն ու մտքերը չեն համապատասխանում XXI դարին, բայց ես լրիվ հասկանում եմ նրանց մտահոգությունը: Եթե մենք խոսենք ոչ թե հայտարարության տեքստի մասին, այլ մտահոգության, ապա իրոք իրականություն կա»:

Մանուկյանը, անդրադառնալով միասեռականության խնդրին, որի վերաբերյալ էր ենթահանձնաժողովն իր մտահոգությունը հայտնել, հիշեցնում է, որ ի տարբերություն Եվրոպայի, մենք այդ փորձն ունենք: 1920-ական թվականներին Խորհրդային Միությունը որդեգրել էր սեռական լիակատար ազատության սկզբունքը՝ անգամ հայտարարելով, որ ընտանիքը բուրժուական գաղափար է. «20-30-ականների այդ ազատությունը աշխարհը դեռ չի տեսել,- ասում է Մանուկյանը,- ազատություն տրվեց ազատ սեռական հարաբերություններին, միասեռականությանը, ինչն առաջ բերեց մի շարք խնդիրներ, նոր հիվանդություններ: Դրան հետևեց մյուս ծայրահեղությունը. բոլշևիկները միասեռականությունը համարեցին քրեական հանցագործություն»:

Խորհրդային Միության փլուզման հետ միասին քրեական հետապնդումը միասեռականների նկատմամբ վերացավ, ինչը նա ճիշտ քայլ է համարում, բայց միաժամանակ նկատում է, որ հիմա կարծես թե հակառակն է տեղի ունենում. միասեռականությունը քարոզվում է. «Նորից մի ծայրահեղությունից մյուսն  ենք ընկնում: Եթե կոպիտ ասենք՝ խտրականություն է առաջանում մեծամասնության նկատմամբ,- ասում է նա:- Ընդհանրապես այն, որ եվրոպական մի շարք երկրներում օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ինձ համար անհասկանալի է, այն, որ օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել, ինձ համար անընդունելի է, իսկ որ  հայր ու մայր հասկացությունները փոխարինվում ծնող մեկ, ծնող երկուսով, իմ կարծիքով՝ դա արդեն խտրականություն է մեծամասնություն կազմող ավանդական ընտանիքների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է «Խտրականության դեմ» օրինագծին, ապա Հանրային խորհրդի նախագահը հայտնեց, որ այն առաջիկայում քննարկվելու է Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում, որից հետո միայն Հանրային խորհուրդն իր կարծիքը կհայտնի:

images«Խտրականության դեմ» օրենքի նախագծի վերաբերյալ «Անկախին» մեկնաբանություն տվեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ասաց, որ դեմ է այդ օրենքի ընդունմանը, քանի որ կարծում է, որ խտրականության վերաբերյալ դրույթները պետք է ամրագրված լինեն ՀՀ բոլոր օրենքներում: «Խտրականության դեմ սկզբունքը սահմանված է Սահմանադրությամբ, իսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ ընտանիքը հասարակության բնականոն բջիջն է, և ցանկացած բջիջ բազմանալու ունակություն ունի: Մեր երկրում, մեր Սահմանադրության համաձայն` չի կարող նման բան լինել»:

Նշենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բարձրացված աղմուկին զուգահեռ վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարություններով՝ պարզաբանելով նախագծի «բուն նպատակը», այն է` պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական ու աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Օրենքի նպատակն է նաև ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

images (1)ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2005 թ. ընդունված աշխատանքային օրենսգիրքն անդրադարձ է կատարել աշխատանքային ոլորտում առկա բոլոր այդ խնդիրներին և այս ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների՝ հաշվի առնելով այդ խնդիրները. «Մեր աշխատանքային օրենսգիրքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններին, այդ թվում` Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին, որոնք ՀՀ-ն վավերացրել է, իսկ մենք վավերացրել ենք մի քանի տասնյակից ավելի կոնվենցիաներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` որպես լիազոր մարմին, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ, և եթե մենք ստանում ենք որևէ դիտողություն կամ մտահոգություն ինչ-ինչ դրույթների վերաբերյալ, ապա փորձում ենք լուծումներ տալ այդ խնդիրներին: Դա անընդհատ պրոցես է: Այս պահին մենք չունենք էնպիսի սուր հարց, որ պիտի լուծեինք, բայց չենք լուծել»:

Օրենքի նախագիծն առայժմ Ազգային ժողովում չէ, այն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու համար, սակայն փաստ է, որ այն արդեն իսկ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, և դրա վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են:

Վարսակափաթիլով թխվածքաբլիթ առանց ձվի ու ալյուրի

բլիթԲաղադրիչները

Վարսակափաթիլ, չրեր, ընկույզ, բանան, խնձոր:

Պատրաստման եղանակը

Մեծ թասի մեջ լցնել չոր բաղադրիչները: Մեկ բաժակ վարսակափաթիլը տրորել կամ սրճաղացով աղալ, որ դառնա ալյուր, մեկ բաժակ էլ` առանց աղալու: Մեկ բաժակի երկու  երրորդի չափ շաքարավազ վերցնել կամ մի քիչ պակաս, որ շատ քաղցր չլինի: Բաժակից քիչ պակաս` չիր ու չամիչ: Ավելացնել թեթևակի բոված ու բարակ շերտերով` թերթերով կտրատած նուշ (2/3 բաժակ): Այդ բոլոր բաղադրիչները միասին խառնել, ավելացնել 1 թ/գդալ աղ, վանիլին, սոդա կամ փխրեցուցիչ` թեյի գդալի ծայրով, 2 թ/գդալ դարչին կամ հիլ:

2 մեծ կանաչ խնձոր կեղևահանել ու միջուկը հեռացնել, ապա խոշոր քերիչով անցկացնել: Բանանը նույնպես բարակ կտորներով կտրատել ու դա խառնել 6 ճաշի գդալ ձեթի (զեյթունի) հետ:

Դրանից հետո բոլոր բաղադրիչները միացնել իրար ու խմոր հունցել, ապա 20 րոպե թողնել, որ հանգստանա ու վարսակի փաթիլները ներծծվեն:

Ջեռոցը տաքացնել 1800, խմորը ճաշի գդալով լցնել բլիթների նման, հատ-հատ, կողերը հավասարեցնել , որ կոկիկ տեսք ստացվի, ապա թխել 30-40 րոպե:

Մատուցել հովանալուց հետո, սուրճի կամ էլ թեյի հետ:

Լցոնած լոլիկներ «Ուրախ տղաներ»

պոմիդորԲաղադրությունը`

4 լոլիկ

200 գ երշիկ

2 ձու

200 գ պահածոյացված եգիպտացորեն

100 գ պանիր

կանաչի (սամիթ)

աղ ու մայոնեզ:

Կարելի է պատրաստել ցանկացած միջուկով: Եթե  լցոնենք թթվասերով համեմած աղցանով, ապա կարելի է նաև հրամցնել երեխաներին. նրանք հաստատ կհավանեն  կերպարային այս աղցանը:

Բաղադրիչների նշված քանակից կստացվի 4 բաժին:

Պատրաստման եղանակը

Երշիկը կտրատել մանր խորանարդներով, ձուն քերել միջին չափսի անցքերով քերիչով: Խառնել երշիկը, ձուն, եգիպտացորենն ու թեթևակի համեմել աղով, ավելացնել մայոնեզ ու խառնել:

Լոլիկը լվանալ, կտրել վերին հատվածը` ինչպես տոլմայի խճողակի համար ենք անում: Թեյի գդալով հեռացնել փափուկ մասը, որը նույնպես կարելի է ավելացնել միջուկին:

Թարմ կանաչու ցողուններից «մազեր» պատրաստել, մայոնեզով աչուկներ, քիթ ու բերան նկարել, իսկ պանրից` ոտիկներ կտրել:

Երեխաները կգնահատեն ձեր աշխատանքը:

 

Ինքնության խնդիրներ գուցե այլ հանգրվանի

շահանՍտամբուլի եւ այլեւս նաեւ Անկարայի իրադրություններին (եթե դեռեւս չենք ուզում ընդհարումներ բառակապակցությունը օգտագործել բնութագրելու համար ներթուրքական իրավիճակը) հետեւելու ընթացքում աւելանում են մի քանի դիտակետեր։

Նախ, իհարկե, ցույցերի, բողոքների տեւողության երեույթը։ Եթե ցույցերի մոտ տարողության նոր մագլցումներ չեն արձանագրվում, այսուհանդերձ պետք է նկատել անպայման, որ դրանք շարունակվում են։ Իսկ զանգվածային բողոքի գործողությունների աւելի քան տասը օր տեւելը ենթադրում է շարժման հետեւանքայնությունը։ Տարերայնությունը արագ մակընթացություններին առընթեր արագ տեղատվություններ է ունենում։ Այս դեպքը հուշում է, որ իրադրությունների շարունակականությանը միտող նախադրյալներն արդեն զգալի են դառնում։

Ոճի փոփոխությունը եւս տեսանելի է շատ հստակ ձեւով։ Երկուստեք բնականաբար։ Եթե մի կողմից վարչապետ Էրդողանը վճռակամություն ցուցադրելու, անզիջողականության կոչերով հանդես գալու եւ պայմանաժամերով խոսելու վարքագծի դրսեւորումներ է ունենում ամեն առիթով, մյուս կողմից ցուցարարների մոտ նկատվում է բողոքի գործողությունների հարձակողապաշտություն, որը քաղաքական բառապաշարով բանաձեւվում է իբրեւ քաղաքացիական անհնազանդություն։ Բազմաթիւ են փաստերը զոհերի, վիրաւորների, հրկիզումների, քանդումների, ջրցան մեքենաների, արցունքաբեր ռումբերի եւ ուժի հետեւողական կիրառման։

Երկկողմանի խստացման երեւույթների դիմաց միջազգային արձագանքը նախ լրատվական առումով ի նպաստ ցուցարարների է։ Իսկ տեղեկատվական քաղաքականությունը, անշուշտ, պետական ներշնչումներ ունի։ Պարզ է. Միացյալ Նահանգներն արդեն կհասցնեին երկու հիմնական հայտարարություն կատարել Ստամբուլի ալեկոծումների մասին։ Ուղերձը ուղղված էր իշխանություններին, որոնց հանդուրժողական կոչ էր ուղղվում։ Այս բոլորը իհարկե բանաձեւված են դիւանագիտական ասելաձեւով. այսուհանդերձ հասկանալի է դառնում հիմնական ուղերձը, երբ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ անհանգստությամբ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին և վերստին ընդգծում է, որ պետք է հարգվի ժողովրդի ազատ արտահայտվելու իրաւունքը։

Արտաքին այս ներշնչումը, իր հայտարարողականության սահմաններում թեկուզ, ո՞րքան կարող է ազդել բնապահպանական, ձախակողմյան եւ ժողովրդավարացման պահանջներով Ստամբուլի հրապարակները գրաւած, քաղաքակիրթ բողոքի գործողություններից հետզհետե քաղաքացիական անհնազանդության վերածվող ամբոխի վրա, դեռեւս մնում է հստականալի։ Առնվազն սակայն պետք է մտածել շարժման տեւողության մասին համեմատություններ կատարելով տարբեր շրջանների, երկրների եւ Թուրքիայում կիրառված-կիրառվող  գունաւոր հեղափոխությունների համար օգտագործված տեխնոլոգիաների միջեւ։ Թվում է երեւութապես գեթ, որ իբրեւ որդեգրված ոճ արաբական գարնանային հովերից աւելի գունաւոր հեղափոխության նմուշներ են ցուցադրվում։

Շրջանային մակարդակի վրա անպայման պետք է հայացքները ուղղել հարեւան Սիրիայի վրա, այնտեղ նկատելու ներկա հանգրվանի իրադարձությունների որոշ մի ուղղություն։ Ժնեւ 2-ի նախօրյակին եւ ներթուրքական ալեկոծումներին զուգահեռ  «Հյուսիսի փոթորիկը» թափ է ստանում։

Հիմա հայկական առնչությունների մասին՝ իբրեւ անշրջանցելի դիտակետ։ Թուրքական մամուլը խոսում է բողոքի հիմնական այլ շարժառիթի մասին, որ դարձյալ հայկական ակունքներ ունի։ Թուրքական TRT տեղեկատվական համակարգի ռադիոյի շենքը եւս կառուցված է նախկին հայկական գերեզմանատան վրա։ Հայկական գերեզմանների ոչնչացման պետության օրոք կիրառած քաղաքականության նպատակները պարզ են։ Սա եւս ժխտողական համընդհանուր քաղաքականության հատկանշական երեւույթներից է։ Գերեզմանների ոչնչացումը պատահական չէ. սերունդները իրենց նախնիների կրոնական եւ ազգային պատկանելիության կարեւորագույն փաստերից մեկը կորցնում են այս ձեւով։ Հաւաքական հիշողության չեզոքացման պետական գործողություններից պարզ մի օրինակ է սա։ Իսկ խնդիրը ոչ միայն հայկական հետքերը ջնջելու պետական մտադրության մասին է խոսում, այլ սեփական պատմության հետ առերեսման խուսափման։

 

Պետական շենքերի, այգիների եւ դեռեւս բացահայտելի շատ կառույցների ակունքները այսօր զգալի են դառնում եւ խոսում բնաջնջման ենթարկված մի ինքնության մասին։ Հայկական կամ այլ ինքնությունների խնդիրների բարձրաձայնումը դեռեւս լսելի չէ։ Դա արդեն բոլորովին ուրիշ հարթություն կտեղափոխի շարժումը։ Թեեւ դա եւս կարող է աւելի ուշ, այլ հանգրվանում առնչվել Սպիտակ տան հաղորդագրությունում տեղ գտած կոչին թե՝ «պետք է հարգվի ժողովրդի ազատ արտահայտվելու իրաւունքը»:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ինչպե՞ս են կատարվում սանիտարական հատումները

հատումՀանրահայտ է, որ անտառները բնության «թոքերն» են, առանց որոնց բնության մեջ շատ գործառույթներ կխախտվեն: Այդուհանդերձ, չենք կարող համաձայնել, որ անտառներում հատումներ չկատարվեն, առավել ևս, որ դա նախատեսված է օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` սանիտարական հատումները կատարվում են անտառների վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով: Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Անտառներում կիրառվում է սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած և ընտրովի: Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած տնկարկներում և ծառուտներում: Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ: Իսկ ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած առանձին ծառեր:

Սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

2006 թ. հունիսի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 897-Ն որոշումը «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին»: Կարգի համաձայն` խնամքի և սանիտարական հատումները կատարվում են մատղաշ և միջահասակ անտառներում:

Խնամքի և սանիտարական հատումները նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը:

Անտառներում խնամքի հատումներն իրականացվում են տնկարկի կազմը բարելավելու, արմատի վրա մնացած ծառերի ընթացիկ աճն ավելացնելու, բարձրորակ անտառանյութի աճեցման ժամկետները կրճատելու, միավոր տարածությունից փայտանյութի օգտագործման քանակն ավելացնելու, միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ տնկարկի դիմադրողականությունը բարձրացնելու, ինչպես նաև անտառի սանիտարական վիճակը բարելավելու համար:

Անտառային հրդեհներից հետո սանիտարական հատումների համար ծառերի ընտրությունը կատարվում է` գնահատելով սաղարթի, բնի արմատաթաթի, ծառերի ընդհանուր վիճակը՝ այրվածքի հետևանքով առաջացած վնասի չափը գնահատելուց հետո: Առաջին հերթին մշակվում են այրված գետնատապալ, այնուհետև ցցաչոր ծառերը: Ընտրովի սանիտարական հատումներն իրականացվում են ծառուտը հրդեհից վնասվելուց հետո՝ սեղմ ժամկետում և ավարտվում տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Խոշոր այրվածքների դեպքում մշակման աշխատանքների ժամանակահատվածը երկարացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայոց լեզվի և գրականության գնահատականը բողոքարկել է դիմորդների 1,4 տոկոսը

DSCN2227Հայոց լեզվի և գրականության քննության արդյունքներն ընդամենը 122 դիմորդ (1,4 տոկոսը) է բողոքարկել: Միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո` հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում,  ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կքննեն բոլոր առարկաների բողոքարկումները և կհրապարակեն  որոշումները:

Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրեցին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:

Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:

«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:

Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:

Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:

Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:

«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:

Հիշեցնենք, որ այս տարի  Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան և ոչ թե Մալի

հարութՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քննարկում է Հարավային Լիբանան երկու զորախումբ ուղարկելու հարցը: Այս շաբաթ նախարարության պաշտոնատարները մեկնելու են Հռոմ՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ հայկական զորախմբերի կառուցվածքի, տեղակայման վայրի, թվաքանակի և տեխնիկական ապահովման հարցերը քննարկելու համար:

 

Սա դրական տեղաշարժ է 2006 թվականից ի վեր, երբ նախագահ Քոչարյանի կառավարությունը ձեռնպահ մնաց մի քանի տասնյակ երկրներին միանալուց, որոնք համաձայնել էին մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Լիբանանի հետ Իսրայելի պատերազմից հետո: Այդ ժամանակ, նախկին նախագահ Քոչարյանի մամլո քարտուղարը «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր խաղաղապահ զորախմբեր տրամադրել՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անորոշ մանդատի և այն պատճառով, որ հայ զինվորների մասնակցությամբ ցանկացած բախում կարող էր վտանգի ենթարկել Լիբանանի հայ համայնքը: 2006 թվականին նախագահ Քոչարյանի հետ իմ ունեցած մասնավոր զրույցի ժամանակ նա անդրդվելիորեն պաշտպանեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

 

Մյուս կողմից, Թուրքիայի կառավարությունը շատ արագ գիտակցեց Լիբանան խաղաղապահներ ուղարկելու օգուտները՝ զինվորական ներկայություն հաստատելու, իր քաղաքական և տնտեսական ազդեցությունն արաբական աշխարհում ընդարձակելու, արժեքավոր հետախուզական տվյալներ հավաքելու և լիբանանյան հարցերում հայկական ազդեցությանը դիմակայելու գործում: Հետևաբար, Օսմանյան կայսրության անկումից գրեթե մեկ դար անց թուրքական զորքերն առաջին անգամ մտան Լիբանան: Ներկայումս ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունը բաղկացած է 37 երկրների 11 հազար խաղաղապահներից, այդ թվում՝ 495-ը Թուրքիայից: Անցյալ տարի Հայաստանը միայն մեկ սպա է ուղարկել Հարավային Լիբանան դիտորդական առաքելությամբ: Մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ ավելի քան 130 հայ խաղաղապահ զինվորներ ծառայում են Աֆղանստանում, և 35-ը՝ Կոսովոյում. մինչև վերջերս նրանք ծառայում էին նաև Իրաքում:

 

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը ամբողջովին չբացատրեց, թե ինչու է հիմա շահագրգռված իր խաղաղապահ ուժերը Լիբանան ուղարկելու գործում՝ յոթ տարի առաջ նախկին նախագահ Քոչարյանի մերժումից հետո: Իմ կարծիքով, գոյություն ունեն հինգ դրական պատճառներ, թե ինչու Հայաստանը պետք է խաղաղապահներ տրամադրի ՅՈՒՆԻՖԻԼ-ին.

 

1. Հայ զինվորների ներկայությունը լիբանանյան տարածքում հպարտության մեծ զգացում կառաջացնի այդ երկրի հայկական կարևոր համայնքի մոտ:

 

2. Հայկական զորամիավորումը որոշ չափով կնպաստի թուրքանպաստ քարոզչության հավասարակշռմանը, որն առաջացել է 2006 թվականից ի վեր Հարավային Լիբանանում թուրքական ավելի մեծաքանակ ռազմական ներկայության պատճառով:

 

3. Հայկական զորախմբերը միակը կլինեն Հարավային Կովկասից, քանի որ ոչ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը խաղաղապահներ չեն ուղարկել Լիբանան:

 

4. Թեև Իսրայելի և Սիրիայի հետ սահմանակից Հարավային Լիբանան զորախմբեր ուղարկելն իր մեջ վտանգ է պարունակում, սակայն սա ավելի քիչ վտանգավոր առաքելություն է քան Աֆղանստանում, որտեղ ավելի քան 130 հայ զինվորներ ծառայում են երկար տարիներ:

5. Հայկական զորախմբերը, ինչպես Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում, այնպես էլ այստեղ, ռազմական արժեքավոր փորձ ձեռք կբերեն տասնյակ այլ երկրների զորամիավորումների հետ համատեղ ծառայության ընթացքում:

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարեց, որ կարող է խաղաղապահ զորախմբեր ուղարկել աֆրիկյան Մալի պետություն, որտեղ մի շարք արյունալի բախումներ են հրահրվել: Այդ ընդհարումներում Ալ-Քաիդիայի հետ կապված իսլամիստական խմբավորման զինյալները կռվում են մալիական, ֆրանսիական և աֆրիկյան ուժերի դեմ: Քաղաքացիական պատերազմ է հրահրվել նաև անջատողական տուարեգ ցեղերի և մալիական զորքերի միջև: Իրավիճակն այնքան անկայուն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անցյալ շաբաթ իր զեկույցում զգուշացրեց, որ խաղաղապահները կարող են լուրջ վտանգների ենթարկվել Մալիում և դրա շուրջ ծավալվող գործողություններում:

 

Նման վտանգավոր պայմաններում անխոհեմ կլինի հայ խաղաղապահներ ուղարկել Մալի: Մալիի անվտանգության համար պատասխանատվությունը հիմնականում ստանձնել են աֆրիկյան երկրների ուժերը՝ ֆրանսիական զինվորականների նյութատեխնիկական աջակցությամբ: Հայաստանը չի կարող անհարկի վտանգի ենթարկել իր զինծառայողների կյանքը, նկատի ունենալով անվտանգության առաջնահերթությունն իր սեփական տանը՝ Արցախյան հակամարտության պատճառով:

 

Հայկական զորախմբերի ծառայությունը նվազ վտանգավոր վայրերում կարող է դրական լինել ռազմական պատրաստականության և դիվանագիտական տեսանելիության ձեռք բերման առումով, սակայն մեծ թվով զինվորներ հակամարտության բազմաթիվ թատերաբեմեր ուղարկելը և պայթյունավտանգ իրավիճակներում նրանց տեղակայումը անխոհեմ քայլ կլինի, հաշվի առնելով հայկական բանակի զինվորների սահմանափակ թիվը:

 

Չնայած Հայաստանի մասնակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ին ենթակա է խորհրդարանական հաստատման, սակայն հաշվի առնելով իշխող կուսակցության ճնշող մեծամասնություն լինելը՝ մեծ դիմադրություն չի սպասվում: Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը խաղաղապահ զորախմբերը միայն Լիբանան ուղարկելու համար: Կան բազմաթիվ իմաստալից պատճառներ հայկական զորամիավորումները Լիբանանում և ոչ թե Մալիում տեղակայելու համար:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Երևանում սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. սահմանապահ զինվորի մեկ օրը

Առավոտյան ժամը 6-ին` նույն ժամին, երբ զինվորների վերկացն է, լրագրողներով լեցուն մեքենաները շարժվում են դեպի Տավուշի մարզ` մեկ օր մասնակից լինելու հայրենիքի պաշտպանի ծառայությանը: Նշանակետ զորամասը պատահական չի ընտրված. բանակային վերջին` մահվան ելքով միջադեպը այստեղ է գրանցվել: Բացի այդ, այն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչմերուկում է գտնվում:

ժամապահՇուտով ասֆալտապատ հարթ ճանապարհն ավարտվում է ու մեքենան սկսում է խորդուբորդ, հակառակորդի աչքից թաքցրած  գետնափոր ճանապարհով ընթանալ:

Չորս ժամ տևած ուղևորությունից հետո մեքենաները կանգ են առնում զորամասում. Խնամված, մաքուր բակ, չորս կողմը ծաղկած վարդեր ու իրենց ծառայությունն անցկացնող երիտասարդներ:

Ճիշտը բանակ գնալն է

Ներս ենք մտնում այն պահին, երբ զինվորզորամասի դրոշի մոտ ժամապահի հերթափոխ է կատարվում: Զորամասը նույնպես մաքուր է, կահավորանքը` նոր. զգացվում է` ամեն ինչ արված է, որ զինվորի համար հարմարավետ լինի:

Դասասենյակում մի խումբ զինծառայողներ ուսումնասիրում են միջազգային մարդասիրական իրավունքը: Բոլորի առջև դասախոսությունների տետր է դրված:

Միջազգային մարդասիրական իրավունք ուսումնասիրող զինվորներից մեկն էլ Կարո Գալստյանն է: Նա արդեն մի տարվա ծառայության փորձ ունի: ԵՊՀ  աշխարհագրության  և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Ասում է, որ երբ զորացրվի, կշարունակի իր ուսումը:

Այն հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, պատասխանում է` ամբողջ օրը դասերով: Հավատացնում է, որ  ազատ ժամանակ շատ չեն ունենում, հազիվ հասցնում են իրենց կարգի բերել ու մի քիչ էլ հանգստանալ: «Ճիշտը բանակ գալն է»,- ասում է նա` հավելելով, որ իր կրտսեր եղբայրն էլ երկու տարուց բանակ կզորակոչվի:

Հետախույզ. «Ադրբեջանցիներն իրար հետ լեզու չեն գտնում, ուր մնաց մեզ հետ»

հետախույզՀաջորդը  շարահրապարակն է:  Այստեղ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները պարապմունք են անցկացնում: Դիմակավորված զինվորներից մեկն  Արտավազդ Սիմոնյանն է: Էջմիածինցի երիտասարդի ծառայությանը վեց ամիս է մնացել:  Նա ընտանիքի կրտսերն է, իրենից մեծ երեք քույր ունի: Արտավազդը ոսկերիչ է, մինչ բանակ գալը հասցրել է իր մասնագիտությունը լրիվ յուրացնել, անգամ իր պատրաստած զարդերից նվիրել ուսուցիչներին: Ժամանակին նաև բռնցքամարտով է զբաղվել: Հենց ֆիզիկական հատուկ տվյալների շնորհիվ էլ ընդգրկվել է հետախույզների վաշտում: Վաշտը նկարագրելիս ասում է, որ բոլորը համախմբված են, իսկական ընտանիքի պես:

Արտավազդը պատմում է, որ մարտական դիրքեր բարձրացել է մեկ տարի առաջ, երբ հակառակորդը սահմանը խախտելու փորձ էր արել: Սակայն իր հերթապահությունները միշտ խաղաղ են անցել, առանց կրակոցների: Այն հարցին, թե ինչ գիտի ադրբեջանցիների մասին, ժպիտով պատասխանում է, որ շատ բան գիտի, բայց գաղտնիք է. «Միակ բանը, որ կարող եմ ասել,  նրանք իրար հետ չեն կարող լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ»:

Պատմում է, որ բանակն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Լավն այն է, որ այստեղ մտածելակերպն է փոխվում դրական առումով, վատն այն է, որ ընտանիքից հեռու է. «Երբեմն հուսահատվում ես  դրսի հետ կապված մտքերից, կարոտում ես, ընտանիքիդ հետ չես կարող լինել, օգնելու բան է լինում` չես կարողանում անել»:

Այդուհանդերձ Արտավազդը վստահեցնում է` ուրախ է, որ եկել է ծառայության. «Ծառայությունը տղայի համար է: Այնպես որ բոլորին խորհուրդ կտամ իրենց պարտքը կատարել և ծառայել»:

Սպանության մանրամասները` ըստ հրամանատարի

ծխարանՀրետանավորների պարապմունքներին ու մեքենավարների աշխատանքին հետևելուց հետո շտապում ենք դեպքի վայր` ծխարան, որտեղ և կատարվել է ողբերգական պատահարը:

Գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացնում է կատարվածն առանց մանրամասների` պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ:

Նրա խոսքով`մի քանի զինվորներ ծխարանում նստած կարդալիս են եղել պահակային ծառայության կանոնագիրքը: Մուտքի դռան մոտից ժամապահը` Դավիթ Խաչատրյանը,  ժամ է հարցրել, սակայն ժամացույց չեն ունեցել, որ պատասխանեն: Դրանից էլ սկվել է կրակողի և սպանվածի միջև խոսակցությունը:

«Ծխարանում  չորս  մարդ է նստած եղել` վիրավորը, մահացողը և երկու հանգտստացող զինվոր: Նախնական տվյալներով` մեկ գնդակ է արձակվել մոտավորապես 25-30 մետր հեռավորությունից, առաջինը դիպել է վիրավորին, հետո դիպել է պատին ու մահացու խոցել Լյուքս  Ստեփանյանին:  Կրակել է ոչ թե կրծքին դրված դիրքից, այլ երբ իջեցրել է, գոտկատեղի մոտից»,- ասում է Ասատրյանը` հավելելով, որ երեքն էլ  լավ ծառայողներ են եղել, միմյանց հետ երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:

Դեպքի պահին պահակապետը շրջելիս է եղել`պահակակետերը ստուգելիս:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ զորամասը  ԶՈւ լավագույններից է, պարզապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել  միջանձնային հարաբերություններին, հայրենիքի պաշտպանի ձևավորման գործընթացում  ամեն օղակ իր մասնակցությունը պետք է ունենա:

«Այնտեղ, որտեղ շատ տղամարդիկ կան, վեճերը և կոնֆլիկտներն անխուսափելի են, պարզապես պետք է այնպիսի հատկանիշներ ձևավորենք, որ կարողանան ելքը խոսքով գտնել:  Մենք բոլորս էլ այդ ճանապարհով անցել ենք, բայց երբ բավականին պատկառելի հասակում ես գտնվում, նոր ես հասկանում, որ վեճերը պետք է լուծել փոխադարձ հասկացողության և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասում է Օհանյանը:

 «Փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»

զինվորներՀաջորդը զորավարժությունն է բաց դաշտում: Սցենարը հետևյալն է. հրետանային կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկով անցնում է հարձակման: Ճանապարհի կենտրոնում դիրքավորված զինվորը կրակի դեմ հիմնական պայքարողն է, որ նռնակի միջոցով կարողանում է շարքից հանել հակառակորդի զրահատեխնիկան, ապա ոչնչացնել հետևից հարձակվող հակառակորդին:

Օհանյանն ասում է, որ գործնական պարապմունքները հոգեբանական պատրաստվածության ուղղվածություն ունեն: Զորային հրաձգարաններում,  շուտով նաև  զորամիավորումներում մեծ  շինություններ են լինելու, որտեղ հոգեբանական գործնական պատրաստության պարապմունքներ են անցկացվելու:

«Երբ հակառակորդը կրակում է, ու գնդակը գլխավերևում վզզում է, գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք: Իսկ պատերազմի ժամանակ զինվորներն ուշադրություն չեն դարձնում դրան, քանի որ պատերազմական գործողությունները հոգեբանորեն վարժեցնում են  ցանկացած իրավիճակում  պատրաստ լինել  առաջացած խնդիրներն իրականացնելուն: Պատերազմի ժամանակ, երբ զինվորի գլխավերևով է գնդակը վզզում,  ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, քանի որ գիտի` փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»:

Այցելում ենք նաև մարտական դիրքեր. թշնամին մոտ 300 մետր հեռավորության վրա է:

Անցած տարի ադրբեջանցիներն այստեղ դիվերսիոն  գործողություն են  իրականացրել` փորձելով խախտել սահմանը: Բայց ապարդյուն: Հայ զինվորները հակառակորդին հետ են մղել, ապա նաև պատասխան գործողություն հասցրել: Անցած տարվա փորձը հաշվի առնելով` դիրքը կահավորվել է դիվերսիոն հետախուզական միջոցների դեմ պայքարի միջոցներով,  խուսանավման ,  հակառակորդին  խաբելու և պաշտպանվելու պայմաններ են ստեղծվել:

Նշենք, որ ամեն օր հայկական զինված ուժերի մեկ երրորդը զենքի հետ գործ ունի. կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը` պարապմունքներ` պատրաստվելով հերթապահությանը:

Վերադառնում ենք Երևան, ուր սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. այստեղ, շնորհիվ սահմանին կանգնած հայ զինվորի, վայելում ենք թվացյալ խաղաղությունը, երբեմն էլ անգամ մոռանում գնահատել մեր խաղաղ կյանքի երաշխավորի վաստակը:


«Ես սիրում եմ հայերին». պարսից թագուհին՝ Նյու Յորքի հայկական տաղավարում

մշակույթ-2Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որ արդեն 28 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ներկայացրել է հայկական կերպարվեստը, վստահաբար հայտարարում է. «Այսօր աշխարհում հայ կերպարվեստը կարող է լինել մրցունակ, եթե այն ներկայացնենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ ձևով»:

Հերկելյանը մարտ և ապրիլ ամիսներին կայացած վերջին երկու խոշոր ցուցահանդեսներում՝ Մոնակոյում և Նյու Յորքում,  դարձյալ ներկայացրել է մի շարք ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Ասում է, որ հաջողություն են ունեցել: «Հատկապես Նյու Յորքում հայ գեղանկարիչների ստեղծագործությունները շատ բարձր գնահատվեցին, և եթե Հայաստանից այլ ցուցասրահներ էլ մասնակցեին, ապա հաջողություն կունենային»:

Նյու Յորքի ցուցահանդեսում, որին Հերկելյանն իր «Նոյյան տապան» ցուցասրահով մասնակցում էր յոթերորդ անգամ, ներկայացված են եղել համաշխարհային դասական և ժամանակակից հայտնի նկարիչների գործեր՝ Շագալ, Պիկասո, Մոդիլիանի և ուրիշներ: Ընդհանրապես գալերիստներն այդ ցուցահանդեսների ժամանակ ամենաթանկ կտավներն են վաճառում:

Մոնակոյի ցուցահանդեսին արվեստաբանը մասնակցել է հինգերորդ անգամ՝ ներկայացնելով հայ նկարիչներ Գևորգ Եղիազարյանի, Վահրամ Դավթյանի, Սուրեն Ոսկանյանի, Ռուբեն Աբովյանի, Յուրոզի և այլ նկարիչների գործեր: Մոնակոյում Հայաստանից մասնակցել է նաև «Բարձր արվեստ» ցուցասրահը, որն  անցած տարի Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացրել էր նաև Երվանդ Քոչարի նորահայտ տարածական ստեղծագործություններից մեկը: Այն արժանացել էր գլխավոր մրցանակին «Ամենայուրօրինակ ստեղծագործություն» անվանակարգում և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը:

Հերկելյանը հետաքրքիր դրվագներ է պատմում Մոնակոյի ցուցահանդեսից. ֆրանսիացի հայտնի բալետի պարուհի Պրիդելլը, որը ցուցահանդեսի ընթացքում ելույթներ էր ունենում (երբեմն՝ բոլորովին մերկ), այցելել է «Նոյյան տապան» ցուցասրահի տաղավար և կտավներից ներշնչված՝ պարել հենց տաղավարում:

«Նոյյան տապան» տաղավար են այցելել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայրը՝ Փալ Սարկոզին, որը նկարիչ է՝ մոդեռն ոճի քանդակների և կտավների հեղինակ: Հերկելյանն ասում է, որ ցուցահանդեսում հարյուրավոր տաղավարներ կան, և հնարավոր չէ բոլորն այցելել. հյուրին տաղավարը պետք է ինչ- որ բանով գրավի:

մշակույթ-1Նկատելով «Նոյյան տապան» տաղավարի ցուցանակին գրված «Արմենիա» բառը՝  այցելել է նաև Պարսկաստանի նախկին թագուհի Ֆարահ Դիբա Փահլավին: Հերկելյանը պատմում է, որ թագուհին զրուցել է իր տիկնոջ՝ Էլոյի հետ, ասել, որ մեծ հարգանք ունի հայոց պատմության ու մշակույթի հանդեպ: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև, որոնք հետևում էին թագուհուն ողջ ընթացքում, մաքուր հայերենով ասել է. «Ես սիրում եմ հայերին»: «Երբ տիկինս ասաց, որ շատ լավ հայերեն է խոսում, թագուհին պատասխանեց, որ իր ամուսինը՝ շահ Ռեզա Փահլավին, շատ ավելի լավ է իմացել և իր հայ մտերիմների հետ հայերեն է խոսել»,- պատմում է Հերկելյանը:

Արվեստաբանը միջազգային խոշոր ցուցահանդեսներին մասնակցելը կարևորում է նաև նմանատիպ հանդիպումների, շփումների առումով և ևս մեկ անգամ հայտարարում, որ հայկական կերպարվեստը դրսում ըստ արժանվույն ներկայացնելու համար հայ գալերիստներն ու Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Հիշեցնենք, որ Մովսես Հերկելյանն առաջարկում է Սփյուռքի և Հայաստանի ազդեցիկ հայերի ուժերի համախմբման միջոցով վերամշակել հայկական մշակութային քաղաքականությունը, որի նպատակով հանդիպումներ է ունեցել վարչապետի, Հանրային խորհրդի նախագահի, մշակույթի և սփյուռքի նախարարների և այլ անձանց հետ: Վերջերս Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել էր նրա նախաձեռնությունը:

Հերկելյանն ասում է, որ քննարկումն իր նպատակին ծառայեց, սակայն  գերազանց կլիներ, եթե չլինեին շեղումներ: «Ոմանք կա՛մ քննադատում էին մշակույթի նախարարին, կա՛մ գովաբանում, ինչը երկու պարագայում էլ նյութից շեղում էր,-ասում է արվեստաբանը,- իսկ մեր նպատակը քննադատելը կամ գովաբանելը չէ, այլ գործնական քայլեր կատարելը: Չնայած ես եկել եմ դրսից և Հայաստանի ներքին մշակութային կյանքին քաջածանոթ չեմ, սակայն ունեմ միջազգային փորձառություն և դրանից ելնելով՝ կարծում եմ, որ մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ունենք բարձր արվեստ, սակայն դրան համապատասխան շուկա և գնահատանք չունենք»:

Մինչդեռ նա նկատում է, որ շատ այլ երկրներ, մեզանից բավականին թույլ մշակութային մակարդակ ունենալով, կարողանում են իրենց մշակույթը ճիշտ  ներկայացնել և դրանից օգտվել տնտեսապես, քաղաքականապես և բարոյապես:

Նշենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մշակույթի նախարարությունն արդեն իսկ ունի պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ:

Հերկելյանը չի ժխտում, որ նման քաղաքականություն գոյություն ունի, և ինքն անձամբ վարչապետի առաջարկով մի քանի անգամ ընթերցել է այդ փաստաթուղթը, սակայն կարծում է, որ այն թերի է և չի համապատասխանում մեր արվեստի որակին ու քանակին, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակին: Նա իր հատուկ կարծիքը գրավոր ներկայացրել է մշակույթի նախարարություն՝ գործնական առաջարկներով:

Ըստ Հերկելյանի` չպետք է ջնջել նախարարության փաստաթուղթը, ընդհակառակը` այն պետք է ընդունել իբրև հիմք և դրա վրա լրացումներ կատարել: «Այդ փաստաթղթում գրված է, թե ինչ է պետք անել, մենք պետք է ավելացնենք, թե ինչպես է պետք անել»,- ընդգծում է նա,- և բոլոր այն հայերը, որոնք հետաքրքրված են այս հարցով և ունեն միջազգային փորձառություն, պետք է համախմբվեն մշակույթի նախարարության շուրջ և մշակեն գործնական քայլեր, որպեսզի մենք դուրս գանք մեր կաղապարներից և կարողանանք մեր մշակույթը տնտեսականացնել և քաղաքականացնել»:

Հանրային խորհրդի քննարկման օրն արձանագրել են, որ առաջին քայլը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի մտավոր կարող ուժերին մեկ համաժողովի շրջանակներում համախմբելը, որից հետո պարզ կլինեն նաև երկրորդ ու երրորդ քայլերը: «Իմ կարծիքով, Հանրային խորհրդի քննարկումը՝ իբրև նախաքայլ, արդյունավետ էր: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, պատրաստակամ էր այդ ծրագիրն իրականացնել` շատ լավ հասկանալով, թե խոսքն ինչի մասին է»:

Արվեստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աշխարհի ուժեղ երկրներն իրենց մշակութային քաղաքականության օրակարգում շատ կարևոր բաներ գրավոր չեն ամրագրում, բայց անում են, իսկ մենք, ընդհակառակը՝ շատ բան գրում ենք ու խոսում, բայց չենք իրականացնում:

 

 

2013-ի ամառային նորաձևության կարևոր միտումները

baska2

 

 

 

 

 

 

 

 

 

Ամառ, նորաձևություն: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ: Խանութների կողմից առաջարկվող բազմազանությունը, վառ գույներն ու ոճային մեծ ընտրանին ցանկացած կնոջ` անգամ ամենամտազբաղներին, ստիպում է մի հայացք նետել իր զգեստահարանին և մտածել այն թարմացնելու մասին:

93429069_3_644x461_lakirovannye-baletki-s-dip-dye-effektom-hm-zhenskaya-obuv

Այս ամառ նորաձևության գագաթնակետին են լաքապատ կոշիկներն ու աքսեսուարները: Սև և բեժ գույնի կոշիկներն, իհարկե, անհրաժեշտություն են, բայց այս ամառ գոնե մեկ զույգ կաշվե վառ գույնի բալետկա պետք է ունենալ: Սակայն դա պետք է
զուգակցել լաքապատ պայուսակներով ու կլատչերով, որոնք ամենուր են` թանկարժեք և մատչելի բրենդերի հավաքածուներում:

971dfa

Բայց քանի որ լաքապատ պայուսակներն առանց այն էլ աչքի ընկնող են, դիզայներներն աշխատել են համեստ գտնվել ձևավորման հարցում, այնպես որ դրանք ավելի շատ դասական են:

короткие-летние-платья-2013-39

 

2013-ի զգեստներն առանց ավելորդությունների են: Հիմնական շեշտը դրված է կնոջ կառուցվածքի ուրվագիծն ընդգծելու վրա:

50-ականների ռետրո ոճի զգեստներն այս տարի կրկին նորաձև. կիպ գրկող իրան և մինչև ծնկները հասնող փարթամ կիսաշրջազգեստ:

modnye-platya_5Նորաձև են նաև 80-ականների ասիմետրիկ զգեստները. դրանց մեջ են մտնում նաև փարթամ,  ընդգծված և որոշակի դետալներով մեկուսանի զգեստները:

Կաշվե զգեստներն այս տարի նորաձևության գագաթնակետին են. Դիզայներներն առաջարկում են ամբողջությամբ կաշվե զգեստներ կամ կաշվե կորսետով զգեստներ, իսկ ընտրությունը ձերն է:

Նշենք, որ կամաց-կամաց նորաձևությունը լքում են զգեստ-բլուզները: Այնպես որ դրա նց սիրահարներին մնում է սպասել դրանց վերադարձին:

-IJW3SwbpdAՉնայած որ այս տարի դիզայներները ձգտել են մինիմալիզմի և փորձել են իրենց հագուստներում ներառել դեկորացիայի նվազագույն էլեմենտներ, այնուամենայնիվ որոշ դետալներ շատ ակտուալ են. օրինակ, բասկան:

Բասկան տարվա ամենահիթային դետալներից մեկն է: Նրանց, ովքեր մի փոքր շփոթվեցին, ասենք, որ բասկան իրանի ու կոնքերի հատվածն առանձնացնող վոլանով դեկորն է, որը հանդիպում է զգեստների, կոստյումների և այլ հագուստի վրա: Այս ոճը հիանալի լուծում է հատկապես նրանց համար, որոնց կոնքերն արտահայտված չեն կամ որոնք շատ նիհար են:

Բասկան իր հաղթարշավը սկսել է` իբրև իսպանացի բասկերի ազգային կոստյում: Այդտեղից էլ առաջացել է ոճի անվանումը: Սակայն իրականում բասկան նորաձևություն են բերել ֆրանսիացիները: Վիկտորիա թագուհու դարաշրջանում այդ դետալը դարձավ տղամարդու կոստյումի զարդարանքը, իսկ մի ավելի ուշ` նաև կանանց հագուստի բաղկացուցիչ մասը:

baska_520-րդ դարում հայտնի կուտյուրե Քրիստոբալ Բալենսիագան իր հավաքածուներից մեկի առանցքային դետալներից մեկը դարձրեց հենց բասկան: Դա պատահական չէր. Քրիստոբալը ծնունդով իսպանական փոքրիկ Գեթերիա քաղաքից էր, որը եղել էր Բասկերի երկրի մի մասը: Այդպես նա ցանկացել էր ընդգծել իր արմատները:

1947 թվականին Քրիստիան Դիորն իր լեգենդար Նյու լուք ոճի հավաքածուն ստեղծելիս փարթամ կիսաշրջազգեստի համար ընտրեց ժակետ` բասկայով: Մինչ օրս բասկան Դիորի բոլոր հավաքածուների անբաժանելի մասն է կազմում:

1947-ից հետո մի պահ բասկան անհետացավ պոդիումներից` միայն հազվադեպ երևալով դիզայներների հավաքածուներում: 70-ականներին երկու անգամ բասկայով զգեստներ ցուցադրեց Իվ Սեն Լորանը: Սակայն այն վերադարձավ վերջին ժամանակաշրջանում` բավականին մեծ շուքով:

perforaciaՍեզոնի ամենակարևոր միտումներից է նաև կաշվի պերֆորացիան: Այն ամենուր է` հագուստին և աքսեսուարներին: Սակայն հիշեք, որ այն չպետք է չարաշահել. կա՛մ ընտրեք պերֆորացված կիսաշրջազգեստ կամ պայուսակ, կամ վերնաշապիկ, բայց ոչ երբեք այդ բոլորը միասին:

Սեզոնի գույները

Սեզոնի հիմնական գույներից է զմրուխտյան` իր բոլոր երանգներով` ամենանուրբ փիրուզից մինչև կանաչ:modnye-platya_13

Սեզոնի ոչ պակաս ֆավորիտներից է արքայական կապույտն ու դրա երանգները:

Սեզոնի պիկում են նաև կարմիրի երանգները: Կարմիր զգեստները միանգամայն ընդունելի են և՛ աշխատավայրում, և՛ ժամադրության գնալիս, և՛ modnye-platya_14զբոսանքի դուրս գալիս, և՛ իհարկե երեկոյան հանդիսությունների ժամանակ: Ամեն դեպքում այն ուշադրություն կհրավիրի ձեզ վրա և կստիպի ձեզ լսել:

Բայց եթե կարմիրը ձեզ համար չափազանց վառ գույն է, իսկ սևից արդեն ձանձրացել եք, ապա նորաձևությունն առաջարկում է կոմպրոմիսային տարբերակ. Մանուշակագույնն իր երանգներով: modnye-platya_15

2013-ի ամենանորաձև համադրություններից է սև-սպիտակը: Հատկապես գրավիչ են սև-սպիտակ համադրությամբ զգեստները:

Ամառային նորաձևության առավելություններից են վառվռուն, եթերային և թեթև սարաֆանները, որոնք կնոջն էլ՛ ավելի կանացի ու գրավիչ են դարձնում:

sarafany_letnie_43 Ձմռան ընթացքում տաբատները հագից չհանած կանայք վերջապես sarafany_letnie_46կարող են կրել իրենց սեռին բնորոշ հագուստ` ընդգծելով իրենց ողջ հմայքը: Նորաձևությունն այս առումով հատկապես գլխապտույտ բազմազանություն է առաջարկում: Իսկ գլխավոր միտումը սարաֆանների չափազանց երկար և չափազանց կարճ լինելն է:

Վայելե՛ք ամառը վառվռուն գույներով և վառ տրամադրությամբ:

 

 

Դարի ու քարի արանքում

դարՀունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին  16 հազար հայ  բնակիչ  հայտնվեց  դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր,  պատմությանը  դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք  Շուշին,  և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:

Վերինշենցի Գրետա Զարգարյանի հետ իմ հանդիպման առիթը, բնականաբար, Շահումյանի գաղթի հազար ու մի ինչուների պատասխանն ունենալն էր: Իսկ պատասխանը երկար է, սկսվում է ծննդավայրի հուզական նկարագրությամբ և այն թողնելու դրվագներով:

Վերինշենը շրջանի ամենամեծ գյուղն էր և մինչ բռնագաղթը  7,5 հազար բնակիչ է ունեցել: Աչքի է ընկել իր գեղեցիկ առանձնատներով, հրաշալի մարդկանցով, բարեկեցիկ ապրելակերպով ու ազգայնականությամբ: Իսկ զրուցակիցս, ինչպես հետո պարզվեց, հետաքրքիր կյանքի ուղի անցած մի տիկին է, բազմանդամ ընտանիքի զավակ: Երեք քույր  ու եղբայր էին ու անշուշտ  պիտի արմատավորվեին իրենց սիրելի Վերինշենում, եթե չարաբաստիկ բռնագաղթը չլիներ:

Ավարտել է գյուղի  դպրոցը, միջնակարգ-մասնագիտական կրթությունը` Երևանի կոոպերացիայի տեխնիկումում ստացել, իսկ բուհն ավարտել է Մոսկվայում` ստանալով տնտեսագետի որակավորում: Այնուհետև գլխավոր տնտեսագետ է աշխատել  Շահումյանի շրջկոպում և Ագրոարդում: Իսկ 1991 թ., երբ վերջապես  սկսվեց շրջանի գազաֆիկացումը, որպես գլխավոր հաշվապահ աշխատեց այդ գրասենյակում, բայց, ցավոք, գործընթացը դեռ չսկսված ավարտվեց: «Չգիտեմ` ինձ ինչպես կհասկանաք, յուրաքանչյուր ազգի մեջ երբեմն շատ անհաղթահարելի գործոններ են լինում, առավել ևս, երբ շատ այլազգիներով  ես շրջապատված ու  փոքրամասնություն ես, փոքր շրջան, որը քարտեզի վրա  երբեք նշված չի եղել, բայց միշտ անկախ է եղել: Միակ բացն այն էր, որ դպրոցներում հայ ժողովրդի պատմություն չէր  ուսուցանվում»,- խոստովանում է տիկին Գրետան: Թեև աշխատանքային դժվարություններ, հակասություններ վերադասի հետ միշտ են ունեցել, բայց անարդարությունների դեմ ընդվզելով, ըստ զրուցակցիս, հաջողվել է որոշ խնդիրներ լուծել, միշտ բողոքել են մարզի պակաս ֆինանսավորումից:

Երբ 1962 թ. փակեցին «Նոր ուղի» օրաթերթը,  հայության ճնշման, ցույցերի ներքո այն  կրկին բացեցին: Ավելին ` շրջանը Երևանից միշտ  ստացել է հայկական թերթեր, ամսագրեր, հայալեզու հարուստ գրականություն: Այս ավանդույթը շարունակվել է նաև շարժման տարիներին, երբ տ-ն Գրետան էր արդեն ղեկավարում «Հայմամուլը»:  Հաճախ էր ուղղաթիռով Երևան  գալիս ու տանում  անհրաժեշտը:

Թեև Վերինշենին հարևան թուրքաբնակ մի քանի մեծ գյուղ եղել է, սակայն նրանից ավելի բարձր դիրքում գտնվող ու դեպի Մռավը ձգվող թուրքաբնակ Բալուղայան և Բաշղշլաղը Վերինշեն գյուղական համայնքի կազմում էին: Հայկական բնակավայրը, սահմանակից լինելով Կասմիր Իսմայելովի շրջանին, Լեռնային Ղարաբաղի հետ տրանսպորտային ճանապարհ չի ունեցել:  Իսկ  Ստեփանակերտ հասնելու համար հայը Իսմայելովից Եվլախ, Աղդամ, նոր միայն Ստեփանակերտ պիտի հասներ:

ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

88-ի շարժումը շրջանի վիճակն ավելի վատացրեց: Թե 4 տարի ինչպես  դիմակայեցին, մեկ Աստծուն ու մեկ էլ շահումյանցուն է հայտնի.  «Շրջանն ուներ իր պաշտպանական ջոկատը, որը ղեկավարում էր իմ գործընկեր Շահեն Մեղրյանը: Երբ նա  համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտեց, որոշ ժամանակ ինձ մոտ աշխատեց, հետո` կոմերիտմիության առաջին քարտուղար դարձավ, պահածոների գործարանի տնօրեն: Երբ շարժումը սկսվեց,   Բաքվից մի ռուսախոս հայի՝ Ռուդոլֆ Միրզոև անունով, նշանակեցին որպես առաջին քարտուղար, որը մեզ շարունակ հանդարտեցնում էր, թե` սպասեք մինչև  Ղարաբաղի հարցը լուծվի, դուք մեխանիկորեն նրան կմիանաք: Բայց ժողովուրդն ինչի՞ն սպասեր կամ ո՞ւմ սպասեր, եթե չսատարեին ղարաբաղյան շարժմանը»,- ասում է Գրետան ու հավելում, որ Ժողովրդի ճնշման ներքո Միրզոևը հեռացավ իշխանությունից, նրան փոխարինելու եկավ Շահեն Մեղրյանը` միաժամանակ ղեկավարելով ողջ շրջանի ինքնապաշտպանությունը:

1992 թ. հունվարի 13-ին առաջին գրադը խփեց շրջկենտրոնին: Կրակի բաժին չդառնալու համար մարդիկ շարունակ ապահով վայր էին փնտրում, երեխաներին երբեմն Ստեփանակերտ տեղափոխում, շատերն էլ՝ բլինդաժներում լուսացնում: Միակ ապահով վայրը Գյուլիստանն էր ու Վերինշենի այն թաղամասերը, որոնք մեջքով սարին էին հենված: Գյուղի կենտրոնով Ղարաչայ գետն էր հոսում: Թեև Մանաշիդի բարձր սարը Վերինշենը պաշտպանում էր  թուրքի ռմբակոծումից, բայց 13-ի  գիշերը Բուզլուխի կողմից գյուղն այնքան ուժգին ռմբակոծեցին, որ  արկերը, սարին դիպչելով, հրավառության պես պայթում էին: «Երեխաներին հանգստացնում էինք, թե հրավառություն է, մի վախեցեք»,- հիշում է զրուցակիցս:  Մինչդեռ մեծերն էլ համոզված էին, որ Գետաշեն մտնող մեր տղաներին են ռմբակոծում, քանի որ լուսաբացին մերոնք  Գետաշեն պետք է մտնեին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

88-ից Վերինշենը  հոսանքազրկված էր:  Հունիսի 13-ին գյուղի առավոտը  ուժգին  ռմբակոծություններով սկսվեց, ինչն էլ խուճապի մատնեց բնակիչներին: Շատ չանցած՝ Հայ Պարիս գյուղի ժողովուրդը, անկողինները անասուններին բարձած, սարերով  Վերինշեն հասավ: Գյուլիստանի անտառ տեղափոխվելու և այնտեղ մնալու որոշում կայացվեց, մինչև Հայաստանից օգնություն կգար: Զրուցակիցս անձամբ է լսել, թե Շահեն Մեղրյանն ինչպես էր խնդրում, որ ժողովրդին գոտեպնդելու համար գոնե մեկ  «Կոբրա» ուղղաթիռ  ուղարկեն,որ աչքներով տեսնեն ու զգան` իրենց պաշտպանող կա:

DSCF2117Գյուղից հեռացողների այս խումբը Նապատ չհասավ: Գիշերը լուսացրին  Գյուլիստանի անտառում, որովհետև  տ-ն Գրետայի Արկադյա փեսան, որ  զենք- զինամթերք էր տեղափոխում և տեղյակ էր շտաբի պլաններին, հուսադրում էր, որ Նապատ հասնելու կարիք չկա, որովհետև շուտով գյուղ են վերադառնալու: Մնում են ու տեսնում, թե իրենց տներն ինչպես են թալանում խաշնարածները:  Իսկ առավոտյան, երբ տեսան, թե մեր ԲՄՊ-ներն ինչպես թողեցին դիրքերն ու Գյուլիստան հասան,  նոր միայն  Նապատ շարժվեցին: Մինչ այդ մերոնք բուլդոզերով Կարաչինար գյուղի սարերով նեղլիկ ճանապարհ էին բացել, որպեսզի ժողովուրդը գոնե Թալիշ հասնելու հնարավորություն ունենար: Վտանգավոր ճանապարհ էր, բայց  այն փրկության արահետ եղավ հազարավորների համար, որոնք 3 օր ու գիշեր քայլեցին ինքնամոռաց՝ մի գետը 13 անգամ աջ ու ձախ կտրել-անցելով: Այս ու այնտեղից աղեկտուր ձայներ էին լսվում, հուսահատ ճիչեր, հարազատների փնտրտուք: Եթե շատ շահումյանցիներ, որպես սուրբ մասունք իրենց հետ տարան այնքան հող, որքան կպել էր ոտնամաններին, ապա Գրետան այդ «բարեբախտությունն» էլ չունեցավ, որովհետև ինքը դիմացավ ճանապարհի դժվարություններին, իսկ ոտնամանները՝ ոչ: Կես ճանապարհը ստիպված էր ոտաբոբիկ անցնել:

Երբ մտան Մարտակերտ,  Չայլուն ու Լուլասազն արդեն վառվում էին: Հունիսի 16-ին դատարկվեց նաև Այգեստանը (Չայլու): Գիշերը լուսացրին Երեք մանկուք եկեղեցում: Քարավանի անվտանգությունը, իհարկե, ապահովում էին հայ մարտիկները, հետախույզները` նախապես ստուգելով, հետախուզելով  անցնելիք ճանապարհի անվտանգությունը: Հասան Հաթերք, որտեղ կռիվն ու սոդոմ-գոմորը դեռ նոր պիտի սկսվեին:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»

Որոշ ժամանակ մնացին Ստեփանակերտում, քանի որ տուն վերադարձի հույս դեռ փայփայում էին, հետո  Շուշի գնացին, որպեսզի ժամանակավոր մի կացարան գտնեին, բայց բոլոր բնակարաններն արդեն զբաղված էին: «Ավտուբուսով մեզ Երևան բերին, սակայն Գորիսում Վանո Սիրադեղյանը մեզ արգելեց Հայաստան մտնել ասելով, թե հայաթափում ենք Ղարաբաղը: Տեղատարափ անձրևի  տակ ավտոբուսները կրկին Լաչին վերադարձան»,- հիշում  է տ-ն Գրետան:  Երբ հաջորդ օրն այդ խմբերին միացավ նաև Մարտակերտի ժողովուրդը,  Երևան վերադարձի ճամփան, որքան էլ Սիրադեղյանը չցանկանար, արդեն անխուսափելի էր: Հիմա ինչպե՞ս չասես` մտահոգվելու փոխարեն լավ կլիներ` Շահումյանը պահելու ցանկություն դրսևորեիք, որպեսզի շահումյանցիք այդպես ցիրուցան չլինեին աշխարհով մեկ ու նոր գերեզման չփնտրեին օտարության մեջ: Ինչպես  զրուցակցիս պատերազմի վետերան երկու եղբայրները, որոնց գաղթի ճամփաները  հեռավոր Կալինինգրադ հասցրին: Նրանք այդ քաղաքի պատվավոր  քաղաքացի դարձան ու շիրիմ գտան այդ օտար  հողում:

Կյանքը շարունակվում է: Շատ է պատահել` Գրետան մտքերով տարված  երթևեկել է  երևանյան փողոցներում, բայց մտովի քայլել է իր Վերինշենով, որտեղ ոչ միայն իր հայրական տունը, մանկությունն ու երիտասարդությունը մնաց, այլև ծնողների, հարազատների շիրիմները, որոնց  հոգիների հանգստության  մոմը միշտ վառում է Սբ. Սարգիս եկեղեցում:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ…

Լուսանկարից մեզ նայող երիտասարդը Գրետայի քրոջ որդին է, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի  ուսանող Ֆուրման Գյորգյանը: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 28-ին,  զոհվել 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում:19-ամյա այս պատանին դեռ  8-րդ դասարանից է  եղել Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից: Անգամ ուսանող դառնալը նրան չկտրեց այդ «հիվանդությունից»: Երկու տարի անընդմեջ, հունվարյան քննությունները հանձնելուց հետո, պարտադիր գյուղ էր վերադառնում և  ինքնապաշտպանական ջոկատների կազմում տարբեր  մարտական գործողությունների մասնակցում:

Այդպես եղավ նաև 1992 թ. մայիսյան քննությունները հանձնելուց հետո, երբ իր ընտանիքն ու հարազատներն  արդեն Երևանում էին: Միևնույն է, նա կրկին Ղարաբաղ վերադարձավ: Շահումյանն արդեն ընկած էր, և Շահեն Մեղրյանը, պարտիզանական ջոկատներ կազմելով, փորձում էր հետ բերել կորցրածը: Միացավ այդ ջոկատներին: 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում, հատուկ առաջադրանքի ուղարկված ուղղաթիռի վթարից  զոհվեց 19-ամյակը նոր բոլորած խիզախ պատանին, որ սեպտեմբերին ոչ թե հատուկ առաջադրանք կատարելիս պիտի լիներ, այլ համալսարանի լսարանում: Մայր բուհն այսօր հերոսի անվան լսարան ունի:

Թաղված է Եռաբլուրում:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ