Ազգային ժողովն արտահերթ նիստում 3 նախագիծ ընդունեց

701420Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց  պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից ներկայացված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետև պատգամավորներն ընդունեցին Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 74 կողմ, 9 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

67 կողմ, 5 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային-մաքսային արտոնություններ տալու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը:

Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը

footballՇաբաթ օրը Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական  առաջնությունը, որին մասնակցելու են 24 ազգային հավաքականներ: Վերջիններս բաժանվելու են 6 խմբի: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ առաջնության խաղերը կանցկացվեն Թուրքիայի 7 քաղաքների մարզադաշտերում: Այսպես Անթալիան, Բուրսան, Գազիանթեփը, Ստամբուլը, Տրաբզոնը, Ռիզեն և Կայսերին ընդունելու են աշխարհի երիտասարդական առաջնության խաղերը: Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին:

Իսրայելում մեծ շուքով նշել են նախագահ Շիմոն Պերեսի 90-ամյակը

peres Իսրայելում սկսվել են երկրի նախագահ Շիմոն Պերեսի 90-ամյակին նվիրված տոնակատարությունները: Այս տարի այն համընկել է «Դեմքով դեպի ապագա» նախագահական 5-րդ համաժողովի հետ, որը Պերեսի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվեց 2008 թվականին: Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Իսրայել են ժամանալ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Մոնակոյի արքայազն Ալբերտը, ինչպես նաև հոլիվուդյան աստղեր Ռոբերտ Դե Նիրոն, Շերոն Սթոունը և Բարբարա Ստրեյզանդը: Ընդհանուր առմամբ հոբելյանական երեկոյին մասնակցել է 2500 հյուր:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ նախագահ Պերեսին շնորհավորել են հանդիսությանը ներկա բարձրաստիճան հյուրերը, ինչպես նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Պերեսին իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Առաջին քայլը՝ Երևանում ֆրանսիական լիցեյի բացման ուղղությամբ

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար  Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ստորագրել են  կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ներկայացնելով և կարևորելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հուշագրի վավերացմամբ  հնարավորություն է ստեղծվում  Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում, ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդնումը: “Մենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ սկիզբ ենք դնում Հայասատում ֆրանսիական լիցեյի հիմնադրման և կայացման գործընթացին: Այս փուլում թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարան կձևավորվի, զուգահեռ աշխատանքներ կտարվեն կրթության բովանդակության ձևավորման, մասնագետ-ուսուցիչների վերապատրաստման և Հայաստանի հանրակրթության ոլորտի ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձը կենտրոնացնելու ուղղությամբ”,- նշել է նախարարը և հավելել, որ դպրոցի լավագույն շրջանավարտները, ըստ համաձայնագրի, բացի ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայականից, կստանան նաև ֆրանսիական կողմից տրված համապատասխան վկայական, որը կհավաստի աշակերտի լեզվական իմացության  համապատասխան մակարդակը: Նախարարը նաև շեշտել է, որ դա հնարավորություն կընձեռի ֆրանսիական լիցեյի շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր: Ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է. <Մեր հիմնական նպատակը՝ Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ Հայաստանում լիարժեք ֆրանսիական լիցեյի կայացումն է: Ֆրանսիայի նախկին նախագահ պարոն Սարկոզին այս գաղափարի մասին խոսել է Երևանի ֆրանսիական հրապարակում՝ հայ հասարակության ներկայությամբ: Սա դժվարին աշխատանք է, սակայն ես վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը համատեղ ջանքերով լավագույնս կյանքի կկոչվի>:
Նախաձեռնությանը հետևողականորեն աջակցելու համար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս կարևորել է  Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու գաղափարը՝ շեշտելով, որ Հայաստանում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդեն երրորդ պայմանագիրն է ստորագրվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Դեսպանը նշել է, որ այս պահին դրվում է ֆրանսիական լիցեյի հիմնադրման առաջին քարը: <Թիվ 119 ավագ դպրոցում գործող երկլեզու կրթությամբ դասարանները կարող են դառնալ Հայաստանում ֆրանսիական լիցեյի կրթական ծրագրի հիմքը>,- նշել է Ա. Ռենոն և ավելացրել, որ  իրենք հեռահար նպատակ ունեն ապահովելու բակալավրի ծրագրով կրթություն:  Դեսպանը տեղեկացրել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել լավագույն աշակերտների  համար սահմանել կրթաթոշակներ, ինչպես նաև ստանձնել է ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումն ու ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստումը:
Դպրոցում նախատեսվում է իրականացնել  “Ֆրանսերեն լեզու” և “Ֆրանսերեն գրականություն” առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրային և “Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն”, “Ֆրանսիական քաղաքակրթություն” առարկաների ուսուցում` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ` գնահատման համակարգի կիրառմամբ:
Ծրագիրը ներդրվելու է տարեկան մեկ դասարանում մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով` սկսած 2013-2014 ուսումնական տարվանից: Ֆրանսիական կողմը պարտավորվում է աջակցել կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը՝ ապահովելով  անհրաժեշտ մեթոդական աջակցություն, ծրագրերի շարունակականություն,   դասավանդողների պարբերաբար վերապատրաստումները ֆրանկոֆոն միջավայրում:
Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանը ավարտելու վերաբերյալ սովորողին կտրամադրվի  լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով սովորողի ստացած գնահատականները, իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած լավագույն  սովորողները կստանան Ֆրանսիական  ծրագրերն ավարտելու մասին վկայական:

Արոնյան, Կարլսեն, Նակամուրա, Կամսկի

chp_chess_gameԼևոն Արոնյանը սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կմասնակցի «Սինքֆիլթի գավաթ» շախմատի միջազգային մրցաշարին: Լևոնի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին:

Մրցաշարը, որի հիմնադրամը կկազմի 170 հազար դոլար, կանցկացվի երկու շրջանով:

Առայժմ երկու արծաթ Չեռնոգորիայից

OLYMPUS DIGITAL CAMERAՀունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում  անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցաելույթներ են ունենում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները: Երեկ իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին և միայն եզրափակիչում պարտվեցին Վահե Մատինյանը (50 կգ), Տիգրան Մնացականյանը (69 կգ) և արժանացան արծաթե մեդալների: Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը (42 կգ), ով, տանուլ տալով մեդալի համար գոտեմարտը, բավարարվեց հինգերորդ տեղով:

Այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի ևս հինգ մարզիկներ:

Եղանակը` ՀՀ-ում

big_1371633755_flower4ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում`
Հունիսի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 36.40C (1941թ)

· Օդի նվազագույն ջերմաստիճան 8.40C (1913թ)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C

 

Հունաստանը մտադիր է 400 մլն եվրոյով Ադրբեջանին վաճառել DESFA գազային ընկերությունը

2 (1) Հունական իշխանությունները մտադիր են DESFA գազային ընկերությունն ադրբեջանական SOCAR ընկերությանը վաճառել 400 մլն եվրոյով: Դրա արդյունքում Աթենքը կվաճառի գազի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկության 66% բաժնետոմսերը։

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Hellenic Petroleum-ին, իսկ 31%-ը՝ կառավարությանը: Վաճառքի դեպքում կառավարությանը կստանա մոտ 188 մլն եվրո, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” կայքը:

Բացի SOCAR-ից DESFA–ն ցանկանում էին գնել նաև ռուսական “Սինթեզ” և հույն-չեխական “PPF-Terna” ընկերությունները, սակայն դրանք հունիսին հրաժարվել են այդ մտքից։

Երևանում մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում և մի շարք այլ հարցեր: Համաժողովի բացմանը ներկա էին նաև ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվինգ Վան Շտաան և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կազմակերպվող այս համաժողովի Երևանում անցակացումը, մասնավորապես նշել է. «Համաժողովի թեման, իրոք, դիպուկ է ընտրված։ Չնայած Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նստաշրջանների, հանձնաժողովների նիստերի շրջանակներում այս հարցերի շուրջ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, միևնույն է, մասնակցային ժողովրդավարության թեման ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև ավելի ու ավելի առանցքային է դարձել: Ընդ որում՝ կառավարման բոլոր մակարդակներում։

Մասնակցային ժողովրդավարությունը, համոզված եմ, լուրջ մարտահրավեր է ոչ միայն հետխորհրդային երկրների համար։ Հունաստանում, Իսպանիայում, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ քաղաքացիական հասարակությունը դարձել է ավելի զգայուն և իշխանություններից ակնկալում է առավել արդյունավետ կառավարում։

Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում։ Եվ, իմ խորին համոզմամբ, որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության ու կառավարման անբաժանելի բաղադրիչը։

Զարգացած տեխնոլոգիաների մեր դարում, սրընթաց փոխվող աշխարհն ինքն է առաջադրում պահանջներ, որոնց ինչպես միջազգային ու ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում անհրաժեշտ է համարժեք արձագանքել: Եվ այս տեսանկյունից համացանցը, ժամանակակից նոր տեխնոլոգիաները, տեղեկատվական նոր միջոցներն ու աղբյուրները, նոր ու լայն հնարավորություններ են տալիս՝ մի կողմից քաղաքացիների կարծիքների ու սպասելիքների արտահայտման, մյուս կողմից հետադարձ կապի և որոշումների կայացմանը նրանց մասնակից դարձնելու համար ։

Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ նախաձեռնել և իրականացնում է քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության մասնակցության բազմազան ձևերի ներդրման, հասարակական ու մասնագիտական խորհուրդների կազմավորման գործընթացներ, որոնց մասով արդեն իսկ արձանագրում ենք որոշակի արդյունքներ:

Այս առումով համաժողովն, անկասկած, փոխադարձ օգտակար կլինի։ Վերոնշյալ գործընթացներում մենք հատկապես կարևորում ենք երիտասարդների ներգրավումը, նրանց մասնակցությունն ու  նախաձեռնություններին աջակցելը։

Մենք հստակ գիտակցում ենք, որ այսպես կոչված «էլեկտրոնային ժողովրդավարությունը» շարունակում է փոխել մեր կենցաղը, կառավարման համակարգերը, նաև՝ մեզ ու մեր վարքագիծը։ Ուստի, ընդունելով ժամանակակից մարտահրավերները, զարգացնելով կառավարման մեր գործիքները և ավելի մոտ ու անմիջական կապի մեջ լինելով մեր քաղաքացիների հետ, նաև մեկս մյուսից սովորելով պետք է առաջ գնանք»։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում մասնակիցների ու ներկաների ձևավորած միասնական տեսակետներն ուղենիշ կդառնան հետագա գործունեության համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Փրկարարները կանխել են 32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

ինքնասպանությունՀունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում Վիլնիուսի փողոցի թիվ 99 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհու՝ 1981 թ. ծնված Է. Մինասյանի ինքնասպանության փորձը կանխվել է:

Շարունակվում են Շատին գյուղի կորած բնակչի որոնումները

Փրկարարները   օգնել  ենՀունիսի 19-ին, ժամը 09.30-ին վերսկսվել են 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի որոնողափրկարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:

Նոր Արեշի բնակիչը թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՀունիսի 19-ին, ժամը 12.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երևանի Նոր Արեշ 12-րդ փողոցի թիվ 71 տան բնակիչ՝ 1967 թ. ծնված Հովհաննես Հարությունյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների բնակարանում

հրդեհՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:

Տեղեկացնում ենք նաև, որ մարդկային և նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները:

Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով վայրում:

 

 

Ադրբեջանցի իրավապաշտպանը Freedom House-ին մեղադրել է լպիրշության մեջ

1 (1)“Freedom House” միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը զայրացրել է ադրբեջանցիներին:

Ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն հայտարարել է, թե կազմակերպությունը “լպիրշացել է”, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

“Ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանում մարդու իրավունքները չեն խախատվում կամ քաղբանտարկյալներ չկան: Սակայն ես այդ զեկույցում օբյեկտիվություն չեմ տեսնում, և ընդհանրապես Freedom House-ը լպիրշացել է: Արդարացի լինելու համար գոնե պետք է նշել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը շատ ավելի լավ է, քան հետխորհդային երկրներում: Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում մարդու իրավունքները խախտվում են, իսկ մյուս երկրներում` ոչ: Օբյեկտիվ զեկույց պետք է կազմել, ոչ թե մատից հոտ քաշելով չհիմնավորված փաստեր գրել: Freedom House-ը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի նաև Հայաստանում տիրող իրավիճակին, որտեղ մարդու իրավունքների աղաղակող դեպքեր են գրանցվում, այլ ոչ թե կառչի Ադրբեջանից”,-հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպանը:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Անցումային շրջանում գտնվող պետությունները” խորագրով ամենամյա զեկույցը: Ըստ զեկույցի`Ադրբեջանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, ինչպես նաև Ռուսաստանը համալրել են ավտորիտար երկրների շարքը: Կազմակերպությունը Ադրբեջանին քննադատել է նաև սպա Ռամիլ Սաֆարովի փառաբանման, Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի, ինչպես նաև հանրահավաքներին մասնակցելու պատճառով տույժերի խստացման համար:

ՃՏՊ Էրեբունի-Նուբարաշեն ավտոճանապարհին

ապակիՀունիսի 19-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի-Նուբարաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ջիպ» մակնիշի 11 ՕՏ 878 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է Նուբարաշենի խճուղու 5/5 հասցեի մոտ գտնվող գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում հերթապահել են, իսկ գազի վարչության աշխատակիցներն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ:

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ ԱրտաշատումՀունիսի 19-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ՀԱ Բ4 թաղամասում գտնվող «Սապիր» գիշերային ակումբի մոտակայքում` ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.07-ին, մարվել՝ 04.08-ին:

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է կախովի առաստաղից 0,5 քմ հատված և էլ. վահանակ:

Սարերում կորած նախրապանները և նախիրը գտնվել են

նախիրՀունիսի 18-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ հունիսի 17-ի առավոտյան երեք նախրապաններ 45 խոշոր եղջերավոր անասուններով դուրս են եկել Կոտայքի մարզի Բուժական գյուղից և շարժվել Հանքավան գյուղի ուղղությամբ, իսկ հունիսի 18-ի կեսօրից նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայր են մեկնել Եղվարդ և Հրազդան քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:

Հունիսի 19-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 07.35-ին Աղվերան-Երնջատափ գյուղերի սահմանային սարերում հայտնաբերվել են մոլորված նախրապանները  (Հ., Ա. և Հ. Հաբեթնակյան), ովքեր տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում:

Տուն ներխուժած գողը տեսնելով արթնացած տանտիրուհուն՝ դիմել է փախուստի

կողոպուտՀունիսի 16-ին, ժամը 03.30–ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նուբարաշենի 9-րդ փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ մտել է իրենց տուն և տեսնելով, որ տանը մարդ կա՝ դիմել է փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.20-ին, անհայտ անձը բաց դռնից մուտք գործելով նշված տուն՝ գողացել է ճնշման սարք, չորս զույգ գուլպա, արևային ակնոց, մեկ տուփ անձեռոցիկ և մեկ տուփ «Ինդոմետազին» քսուք:
Տան բնակիչների արթնանալու և տանտիրուհուն տեսնելուց հետո՝ անծանոթը նշված իրերը գցել է տան բակում և դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով Նուբարաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1965 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Արթուր Օ.-ն: Նա խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Արթուր Օ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

ձերբակալելՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 1-ին զանգվածի Նանսենի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Գագիկ Վ.ին, որը հունիսի 17-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Բջջային հեռախոսների գողը ձերբակալվել է

ձերբակալելՕրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Մ. Ա.-ի բնակարանից 3 բջջային հեռախոս գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատված Ռուդիկ Բ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:
Ռուդիկ Բ.-ն ձերբակալված է: