Կառավարությունը կիրառել է արմավիրցիների հոգսը թեթևացնելու բոլոր գործիքները

10472_am_4Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստն սկսվել է մարզի 2013 թ. հինգ ամիսների գործունեության և սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը մարզի բնակչության և իր անունից շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` ս.թ. մայիսի 12-ի կարկտահարությունից հետո բնակչությանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցների համար։ Սահմանված կարգով կազմակերպվել է մարզային ենթակայության 122 կազմակերպությունների գործունեությունը, համակարգվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքը։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, ինչպես միշտ մեր արտագնա նիստերից առաջ մենք ուսումնասիրում ենք մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ուսումնասիրում բնակչության վերաբերմունքը կառավարության, մարզպետարանի, համայնքների ղեկավարների, մեր բոլոր գերատեսչությունների գործունեության նկատմամբ։ Այս անգամ ևս մենք այդպիսի հետազոտություն իրականացրել ենք, և դրա առանձնահատկությունն այն է, որ կարկուտը լուրջ շեղում է մտցրել նաև մարդկանց տրամադրության մեջ։ Տեղյակ եք, որ բոլոր մարզերի համար մեկ խնդիրը, որ մեր առջև դնում են մեր քաղաքացիները, աշխատատեղերի խնդիրն է։ Այսօր Արմավիրի մարզում երկրորդ տեղում է հայտնվել ֆինանսական խնդիրը և վարկերի սպասարկման խնդիրը, հաշվի առնելով, որ կարկուտը 47 համայնքի շատ լուրջ վնաս է հասցրել։ Այժմ մեր գերատեսչությունների ղեկավարները մեզ կտեղեկացնեն, թե ինչ վիճակ է ստեղծվել իրենց բնագավառներում»։ Կառավարության անդամներին համապատասխան տեղեկություն են տվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ քաղաքաշինության փոխնախարարները։ Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետը տեղեկացրել է, որ մարզի Արմավիր գյուղում իրեն են դիմել արտագնա աշխատանքից նոր վերադարձած երկու բնակիչներ` խնդրելով աջակցել ստանալու ՀՀ քաղաքացու նոր անձնագիր։ Ոստիկանությունը հանձնարարություն է ստացել ուսումնասիրել հարցը և հնարավորության դեպքում օգնել բնակիչներին։
Կարկտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով զիջել ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով մարզի Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների 2011, 2012 թթ. ստանձնած պարտավորությունները։ Կառավարությունը փոփոխել է մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` նպատակ ունենալով մեղմել Արմավիրի և Լոռու մարզերի կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառած վնասը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսության նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի իրականացման կարգը։ Դրա կիրառումը կնպաստի համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացմանը։ Ծրագրի արժեքն է շուրջ 175 մլն դրամ։
Ծավալված մտքերի փոխանակությունն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Սրանով ավարտում ենք քննարկումը Արմավիրի մարզին նվիրված բոլոր այն հարցերի, որոնք իր զեկույցում բարձրացրեց նաև մարզպետը։ Իհարկե, ինչքան էլ որ մենք փորձենք օգնել մեր գյուղացիներին, հասկանալի է, որ այդ օգնությունը բավարար չէ։ Բայց նաև փաստ է, որ մենք արեցինք առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնենք կարկուտի պատճառով եղած բացասական հետևանքները, և արմավիրցիներն իրականում զգացին, որ պետությունն իրենց կողքին է։ Բոլոր գործիքները, որոնք մենք ունեինք, կիրառել ենք, որպեսզի թեթևացնենք այն բեռը, որ այս աղետալի կարկուտի պատճառով ընկել է մեր քաղաքացիների վրա»։

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2013 թ. գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրում` դրանով իսկ կարգավորելով մարզերին փաստացի հատկացված սերմացուի քանակության և չիրացված սերմացուի հետագա պահպանման, 2014 թ. գարնանը դրա իրացման հարցերը։
Կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին թույլատրել է 1.9 մլն ԱՄՆ դոլար արժեքով տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ գնելու պայմանագրեր կնքել բելառուսական ընկերությունների հետ և մշակել տեխնիկայի բաշխման պայմանները։ Վարչապետը խնդիր է դրել, որպեսզի բելառուսական առաջին 100 տրակտորը հնարավոր լինի օգտագործել արդեն այս տարի։

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2013 թ. հունիսի 18-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով ավելի քան երկու տասնյակ հարց։

Օրենսդրորեն սահմանվում է երկրապահ կամավորականի կարգավիճակը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է փոստային կապի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող օրենքներին, ինչպես նաև բացառել օրենքում առկա ոչ հստակ ձևակերպումները։ Նիստում հավանության է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել մի շարք միջոցառումների իրականացման ժամկետները։
Վերը նշված օրենսդրական փաթեթների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։

Կազատվեն պետտուրքի վճարումից

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետտուրքի վճարումից ազատելու կարգը, նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթերը,
– աուդիտորական ծառայությունների իրականացման արտոնագրի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը, աուդիտորների գործունեությանը և պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ ապրանքների առավելագույն գներին վերաբերող նախկինում հաստատված կարգերի փոփոխությունները. այս վերջինի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությունում խորհրդակցություն հրավիրել և նախարարությունների ֆինանսական պատասխանատուներին ծանոթացնել նորամուծության մանրամասներին,
– համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները,
– ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ ՀՀ նախարարությունների ՀՀ ԿԱ մարմինների և մասնագիտությունների, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ։
ՀՀ կառավարությունը սահմանել է ռազմական արդյունաբերության ազգային չափորոշիչների մշակման, ընդունման և կիրառման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը։

Վերամշակման աշխատանքն ավարտին կհասցվի

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 14-ը։ Ընկերությունը Եգիպտոսից Հայաստան է ներմուծել չվերամշակված ձիթապտուղ, որը պետք է պահածոյացվեր և արտահանվեր։ Սակայն Եգիպտոսում տիրող տնտեսական անկայունության պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել արտահանման ժամկետը։ Որոշումը հնարավորություն կտա կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը, պահպանել ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում նույնպես կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. Դրամաշնորհային ծրագիրը ՀՀ 2013 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ, որով կապահովվի ստանձնած պարտավորությունների գծով մասնակցության ապահովումը։ «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրում, որի դրամաշնորհառուն Հունաստանն է, որպես գործընկեր ներգրավված է նաև ՀՀ քաղծառայության խորհուրդը։
Մինչ այժմ եղած քարտեզագրական փաստաթղթերում Արփա-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները (ստորգետնյա) տարբեր են, ինչը հնարավորություն չի տալիս ամրագրել Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու ճշգրիտ սահմանները։ Կոորդինատները չափագրման միջոցով ճշգրտելու նպատակով ավելի վաղ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ աշխատանքի արդյունքում կհստակեցվեն հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործառույթները։

Կարգավորվում է վարչական հսկողության ընթացակարգը

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրում լրացում կատարելու` ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի նպատակն է կարգավորել տարածքային կառավարման մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը։ Օրենսդրության համաձայն ՀՀ մարզպետներն իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն` համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների կատարման նկատմամբ։ Սակայն օրենսդրորեն կարգավորված չէ ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը. այդ բացը լրացվում է ՀՀ նախագահի նոր հրամանագրով։
2012 թ. օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքի հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 29 մլն դրամ` ի լրումն 2013 թ. պետբյուջեով նախատեսված 150 մլն դրամի։
Հայաստանի «Այկիդո Այկիկայ ֆեդերացիային», որն զբաղվում է ճապոնական այկիդո մարտարվեստի և առողջ ապրելակերպի գաղափարների տարածմամբ և զարգացմամբ, կառավարությունը 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացրել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հիմնական դպրոցի նկուղային հարկում (Վ. Վաղարշյան 24)։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքն ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռամկավար Ազատական կուսակցությանը։

Այլ հարցեր

Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Ասպար արմս» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է զենքի (քաղաքացիական զենքի և դրա փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության արտոնագիր։
ՀՀ կառավարությունը տարբեր ժամկետներով երկարաձգել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում հանդես եկող ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։

 

Մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը Պաշտպանի ուշադրության կենտրոնում

միպՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրը: Օրեր առաջ նա դիմել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի տրամադրման կարգում:

Նախագծի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մանկական խնամակալական կազմակերպությունների 1991-2003թթ-ի շրջանավարտները, ովքեր ունեն բնակելի տարածության իրավունք, ներառված են լինելու նոր ձևավորվող հերթացուցակում նախկինում սահմանված հաջորդականությամբ: Այսինքն՝ նոր ցուցակում նրանց հերթը պահպանվելու է՝ ըստ նախկինում ներկայացված դիմումների ժամանակագրական հաջորդականության:

Նախարարության տրամադրած նախագծում, սակայն, առկա է մի դրույթ, որը մտահոգության տեղիք է տալիս: Մասնավորապես, սոցիալական տան կացարանների թվաքանակի բաշխումը սահմանվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, համաձայն որի՝ բացառվում է նույն հասցեում գտնվող կացարաններում որևէ սոցիալական խմբին կացարանների 50%-ից ավելի թվաքանակի տրամադրումը: Նույն խմբին տրամադրվող բնակարանների նվազագույն թվաքանակը, սակայն, որևէ կերպ չի սահմանվում և ստացվում է, որ օրինակ Թբիլիսյան խճուղի 3 հասցեի մասնաշենքում, որտեղ նախատեսվում է 45 առանձնացված սենյակ, լավագույն դեպքում, բնակելի տարածություն կստանան մանկատան շրջանավարտներից 22-ը:

Մտահոգված լինելով բնակարանների տրամադրման հերթացուցակում հաշվառված մանկատների 243 շրջանավարտների ճակատագրով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կոչ է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորինս ողջամիտ լուծումներ գտնել գոյություն ունեցող ռեսուրսների բարեխիղճ օգտագործման համար՝ չչարաշահելով հայեցողական լիազորությունները:

Ռոստովյան – Մուրացան փողոցների խաչմերուկում մեքենա է հրդեհվել

այրվող մեքենաՀունիսի 13-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան – Մուրացան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հ.Դավթյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 35LS591 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ. մալուխներ:

 

Փրկարարներն օգնության են հասել վատառողջ քաղաքացուն

Փրկարարները   օգնել  ենՀունիսի 13-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գեներալ Բաբայան փողոցի թիվ 36 շենքի 38-րդ բնակարանի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փր­կա­­րար­ների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները անօգնական վիճակում գտնվող 1927 թ. ծնված Հ. Ահարոնյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է ՛՛Քանաքեռ – Զեյթուն՛՛ բժշկական կենտրոն:

«Դայմլեր-Բենց»-ը կամրջից ընկել է

ավտովթարՀունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Դայմլեր-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին  բախվել է կամրջի բետոնե հենասյանն ու կամրջի վրայից շրջվել, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մահափորձի գործով ամբաստանյալի շաքարի տոկոսը բարձրացել է

հայրիկյանՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի առողջական խնդիրների պատճառով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց համապատասխան քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքը, ըստ որի շաքարային դիաբետով տառապող ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին արյան մեջ շաքարի տոկոսի բարձրացման պատճառով՝ այն 13,6 տոկոս է: Դատական նիստին չէին ներկայացվել նաև մյուս ամբաստանյալները՝ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արամ Ամիրզադյանը հայտարարեց, որ ըստ իր տեղեկությունների, այսօրվա համար բժշկական ստուգում ու անալիզների հանձնում նախատեսված չի եղել, ինչպես նախօրեի դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Խ.Պողոսյանը: Այսինքն, ըստ մեղադրողի, ամբաստանյալը նախատեսել էր, որ չի ներկայանալու ներկա դատական նիստին: Ա.Ամիրզադյանը կասկած հայտնեց, որ ամբաստանյալը չի ընդունում հակադիաբետային իր դեղորայքը՝ հակառակ դեպքում շաքարի մակարդակն այդքան չէր բարձրանա:

Հունիսի 17-ին նշանակված հաջորդ դատական նիստին, ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, կհետազոտվեն գործի ապացույցները:

Հեղինակ:

 

Բորսայում դոլարի գինը`413 դրամ

դոլարՀունիսի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 50,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

NASDAQ OMX Armenia

Հունիսի 14-ից երթևեկելի կլինի Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը

001Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Երթևեկը Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:  Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը,  որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հայ բնապահպաններն իրենց փորձը կներկայացնեն Գերմանիայում

դանիելյանԱյսօր “Երիտասարդները եւ ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները. կայուն զարգացումը` որպես լուծման ուղի’’ թեմայով լրագրողների հետ հնդիպմանը խոսեցին Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ երիտասարդական թեւի նախագահ Լիանա Ներսիսյանը եւ Արեւելյան Եվրոպայի զարգացման եւ համագործակցության ցանցի խորհրդի անդամ Հմայակ Առաքելյանը:

Կ. Դանիելյանի խոսքով` այս ոլորտում կան բավականին ակտիվ երկրներ, որոնցից մեկն էլ Գերմանիան է` ում հետ համագործակցում են իրենք:Մայիսի վերջին Գերմանիայում եղել է մի հավաք, որտեղ եղել է փորձագիտական խումբ, Եվրամիության եւ մի քանի երկրների ներկայացուցիչներ:Հավաքի նպատակը եղել է դրական փորձի փոխանակումը, խնդիրների լուծումը:

՛՛Շուրջ 2 տարի անցկացվում է ծրագիր, որը փորձում է համախմբել երիտասարդների` մարզերից եւ Երեւանից, եւ նրանց տալ գիտելիքներ, որոնք իրենք չէին ստանա առօրյայում:Երիտասարդներն  իրավաբաններ, տնտեսագետներ, լրագրողներ եւ էկոլոգներ են:Հուսով ենք, որ կունենանք շոշոփելի արդյունք՛՛,-ասաց Լիանա Ներսիսյանը:

Կարինե Դանիելյանը նշեց, որ Գերմանիայում պետք է լինի մեծ հավաք եւ մեր երկրի ներկայացուցիչը պետք է ներկայացնի մեր փորձը, այնուհետեւ` հոկտեմբերին, պետք է լինի միջազգային հավաք:

Մերի Բալասանյան

Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի համար 101 մանկապարտեզին

003Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 101 մանկապարտեզի համերգային  դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիպիլի աջակցությամբ։

Դեռևս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երևանում կազմակերպել էր իր «Սիպիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով  հասույթը տրամադրել Երևանի մանկապարտեզներից մեկին։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ երգչուհու ցանկությամբ մանկապարտեզի ընտությունը կատարվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների ցանկից. որոշումը կայացվել է հաշվի առնելով մանկապարտեզի շենքային պայմաններն ու հաճախելիությունը։ Երևանի N101 մանկապարտեզ է հաճախում ավելի քան 230 երեխա։

«Ձեռքիցս եկածի չափով որոշեցի աջակցել։ Որքան երաժշտություն եմ սիրում, ավելին երեխաներին եմ սիրում. Համադրելով՝ որոշեցի հենց մանկապարտեզի դահլիճի նորոգումը հոգալ»,- նշել է երգչուհին, ով այս օրերին Երևանում է և այցելել է N101 մանկապարտեզ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ

frak1ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանն այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մամլո ծառայությունից, հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն է եղել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

 

Անկարգություններ գիշերային Անկարայում

ankaraԵրեկ գիշեր Անկարայում մի խումբ ցուցարարներ փորձել են փակել քաղաքի փողոցներից մեկի երթևեկությունը: Ցուցարարները աշխատել են բարիկադներ կանգնեցնել փողոցում՝ այդպիսով արգելակելով ավտոմեքենաների շարժը:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է նաև, որ ցուցարարների խումբը քարեր և շշեր է նետել իրենց խանգարել փորձող ոստիկանների վրա: Վերջիններս պատասխան են տվել արցունքաբեր գազի կիրառմամբ և ցրել ամբոխը: Մի քանի հոգի ձերբակալվել են:

Իրավապահները մաքրել են փողոցը կանգնեցված բարիկադներից և վերականգնել երթևեկությունը: Այդ ընթացքում ցուցարարներից մեկը փորձել է իր մեքենայով վրաերթի ենթարկել ոստիկաններին, ինչից հետո ձերբակալվել է:

Սա մի փորձություն է թուրքական ժողովրդավարության համար. Աբդուլլահ Գյուլ

gulԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները փորձություն են դարձել թուրքական ժողովրդավարության համար: Գյուլի խոսքով՝ ժողովրդավարական չափանիշները Թուրքիայում գտնվում են միևնույն մակարդակի վրա եվրոպականի հետ: Նախագահը նշել է, որ Թուրքիան մեծ հաջողությունների է հասել մի շարք ոլորտներում, մասնավորապես տնտեսության մեջ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրներում առաջացած տնտեսական ճգնաժամը գրեթե չազդեց Թուրքիայի վրա:

«Իրավական և ժողովրդավարության համակարգի հետագա կատարելագործման համար դեռ շատ անելիքներ կան: Իհարկե, բողոքի խոշոր ակցիաներն ու ցույցերը հաճախ ուղեկցվում են բռնության կիրառմամբ, սակայն դա չի մտնում ժողովրդավարության սահմանման մեջ»,-ասել է Գյուլը՝ նշելով, որ ցանկացած պարագայում ամենից առաջ անհրաժեշտ է երկխոսություն հաստատել: «Կարծում եմ՝ տեղի ունեցած իրադարձությունները Թուրքիայի համար դաս եղան, ինչից նա անհրաժեշտ եզրահանգումներ կանի և կշարունակի զարգացման իր ուղին»,-Գյուլի խոսքերն է վկայակոչում «Անադոլու» գործակալությունը:

 

Իշխան Զաքարյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի խայտառակ չարաշաահումների մասին

images (2)Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված են բազմաթիվ խախտումներ, թերացումներ մի շարք ոլորտներում՝ մասնավորապես շինարարության և գնումների ոլորտում, որոնք էլ, ըստ Զաքարյանի, իրենց կողմից որպես հիմնական կոռուպցիոն ոլորտներ խիստ հսկողության տակ են:

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Վերահսկիչ պալատի նախագահին ուղղեց հաշվետվության հետ կապ չունեցող, բայց հանրության ուշադրության տակ գնտվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի խայտառակ չարաշահումներին վերաբերող հարց:

«Մեկ ամիս ժամանակ եք տվել իսպանական ընկերություններին ուղղվելու համար: Իմ հաշվարկներով մեկ ամիսն արդեն ավարտվել է: Ե՞րբ և ի՞նչ չափորոշիչներով ենք մենք տեսնելու, որ ընկերությունը շտկվել է իր թերությունները, և ճանապարհը կունենա որակ»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Իշխան Զաքարյանը նախ հիշեցրեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն այս պահին մեր քաղաքաշինության ոլորտի ֆինանսական ամենամեծ ծրագիրն է՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկի կողմից ներկայացված բոլոր պահանջները կառավարությունը հստակ կատարել է. «Ի՞նչն է խնդիրը: Երբ մենք սկսեցինք մեր երկու-երեք հանձնախմբերով վերահսկողություն իրականացնել, պարզվեց, որ բավակնաի խնդիրներ արդեն իսկ Կապի և տրանսպորտի նախարարության կողմից արդեն բացահայտված են եղել: Մենք միասին շարունակեցինք ուսումնասիրությունները, և արդյունքում մեր կողմից կազմվեցին երեք՝ մեկը մեկից վատ արձանագրություններ, որից հետո ես խնդիրն անմիջապես զեկուցեցի հանրապետության նախագահին: Տասը օր հետո տնօրենն ազատվեց աշխատանքից»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Նա նաև տեխնիկական մանրամասներ ներկայացրեց խախտումներից՝ թվարկելով առաջացած խնդիրները:

Զաքարյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատի և Կապի և տրանսպորտի նախարարության կողմից բացահայտված խախտումները շտկվել են: «Կա շինարար, կա տեխնիկական հսկող, որը պարտավոր է կանգնեցնել և թույլ չտալ, որ նման ձևով աշխատանքը շարունակվի: Շինարարի հետ կապված էլ մենք ունենք բավականին շատ նյութեր հավաքած և մոտ ապագայում խոսելու ենք նաև դրա մասին: Այս պահին շտկումների աշխատանք է իրականացվում: Վերահսկիչ պալատի երկու աշխատակիցներ ամբողջ օրն այդ ճանապարհի շինարարությունը հսկում են»,-հավաստիացրեց նա:

Նաիրա Կարապետյանն, արձագանքելով Զաքարյանի պատասխանին, կարծիք հայտնեց, թե միգուցե ճիշտ կլինի մրցույթի չափորոշիչնե՞րը փոխել.  «Էդ շինարարները, կներեք արտահայտությանս համար, ոնց որ խոպան եկած լինեն Հայաստան: Իսկ տնօրենին աշխատանքից ազատելը Հյուսիս-Հարավը չփրկեց»:

Իշխան Զաքարյանը, սակայն կարծում է, որ եթե վերահսկողությունը ճիշտ է ընթանում, կառուցողը չի կարող անընդհատ խախտումներ թույլ տալ:

Նա նաև հիշեցրեց, որ ութ միլիոն դոլլարի պայմանագիր է կնքված տեխնիկական հսկողություն կատարող ընկերության հետ, սակայն զարմացել է, երբ այդ ընկերության ներկայացուցիչը բողոքել է, թե ընդամենը ութ հսկող ունեն. «Ես էլ ասացի՝ դա մեր ի՞նչ խնդիրն է կամ դա ի՞նչ արդարանալու բան է, քսան հսկող պահեք, նման մեծ ծրագիր եք շահել»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ մինչ այս հայտարարվում էր, թե այդ ընկերություններն աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող ընկերություններից են և այլն. «Հենց գալիս են մեր պետություն, սկսում են վատ աշխատե՞լ»:

Իշխան Զաքարյանն էլ արդարացավ, թե իրենք երբեք չեն հայտարարել նրանց բարձր ռեյտինգների մասին, այլ ընդամենն ասել են, որ տարբեր երկրներում լավ գործեր արել են:

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջև Harlem Shake կկազմակերպվի (տեսանյութ)

3Լոնդոնում` Ադրբեջանի դեսպանատան առջև, այսօր՝ հունիսի 13-ին, տեղի կունենա Harlem Shake ակցիա, որի նպատակն է ուշադրություն սևեռել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին:

Ցուցարարները Ադրբեջանի դեսպանատան մոտ կհավաքվեն Art for democracy ընկերության կողմից իրականացվող ակցիայի շրջանակներում: Միջոցառումն իրականացվում է Article 19 և İndex of Censorship կազմակերպությունների աջակցությամբ, ասվում է ակցիայի կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում` փոխանցված “Թուրան” գործակալությանը:

Հաղորդվում է, որ երիտասարդ ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն ձերբակալվել է մայիսի 17-ին` քաղաքական բնույթի մեղադրանքների պատճառով` կապված Բաքվի պուրակում նկարահանված Harlem Shake տեսագրության առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Ակցիայի մասնակիցները կպահանջեն Ադրբեջանում անհապաղ ազատ արձակել Ռուստամզադեին և ավելի քան 80 այլ քաղբանտարկյալներին: Նրանք նաև կպահանջեն Ադրբեջանի կառավարության վրա միջազգային ճնշում ավելացնել` մարդու իրավունքների հետ կապված միջազգային պարտականություններն իրականացնելու համար:

ԱՄՆ-ի կոկորդի ոսկորը Սիրիան է, այն անկախ է, իսկ ԱՄՆ-ը «անկախություն չի սիրում»

DSCN4127Այսօր կայացավ «Սիրիա: Անցյալը, ներկան և ապագան» խորագրով կոնֆերանսը: Քննարկմանը ներկա էին  քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, Նորավանք գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ՀՀ-ում իրենց առաքելությունն իրականացնող բազմաթիվ դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ:

Սիրիայում ստեղծված իրավիճակին անդրադառնալով` քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը մատնանշեց, որ այն, ինչ այսօր տեսնում ենք Սիրիայում, սկսվել է 1990-ականների առաջին կեսին, երբ Ադրբեջանն ագրեսիա էր կատարում Լեռնային Ղարաբաղում, և պաշտոնական Ստեփանակերտը զգուշացնում էր միջազգային հանրությանը, որ  Ադրբեջանում տեռորիստական հրեշ է ծնվում, որը ուտելու է նաև իրենց: Խոսքը միջազգային տեռորիստական կազմակերպության մասին էր, որի մեջ էին մտնում զինյալներ Ռուսաստանից, Չեչնիայից, արաբական երկրներից, Պակիստանից, Թուրքիայից և այլն: Ներկայացնելով կադրեր, որոնցում տեռորիստական այդ կազմակերպությունները գերիներին գնդակահարում են, մահացած մարդկանց սրտերն  ուտում, փոքր երեխային սովորացնում  գերիների գլուխներ  կտրել, գնդակահարում խաղաղ բնակչությանը` քաղաքագետը բնորոշեց այդ զինյալներին մարդակերներ, արնախումներ, որոնք իրենց տեռորիստական ճանապարհը սկսել են Ադրբեջանում:

«Սա Սիրիական ազատ բանակն է, որը այսօր դարձել է մի շարք պետությունների` Ֆրանսիայի, Թուրքիայի, Քաթարի, ԱՄՆ-ի գործընկերը: Այս երկրները որպես կանոնավոր իշխանություն սրանց են ճանաչում: Սիրիական ազատ բանակը սկսել է ձևավորվել 2011-ին, Թուրքիայի արևելքում: Այն ժամանակ բանակի մեջ էին մտնում Աիրիայի բանակի դասալիքներն ու ընդդիմադիրները, այժմ գրեթե սիրիացիներ չկան: Զենքը ստանում են Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից և Թուրքիայից: Զինակոչվում են 9 տարեկանից: Սա  է այն կազմակերպությունը, որին ԱՄՆ-ը ցանկանում է բերել Սիրիայի իշխանության գլուխ, այն ԱՄՆ-ը, որը ամենուր խոսում է մարդու իրավունքներից»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը  նկատեց, որ ԱՄՆ-ի կոկորդի ոսկորը Իրանն ու Սիրիան են: ԱՄՆ-ը այսօր եկել ու դեմ է եղել Սիրիային, որին չի կարողանում շրջանցել, քանի որ Սիրիան անկախ է, իսկ ԱՄՆ-ը  «անկախություն չի սիրում»: Այդ պատճառով էլ նպատակ է դրել Սիրիան ոչնչացնելը, ինչին պետք է խոչընդոտել բոլոր հնարավոր միջոցներով:

 

 

 

 

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը դեղի գնի տատանումը համեմատում է պաղպաղակի գնի տատանման հետ

DSCN4146Դեղերը կրկին թանկանում են: Այսօր  Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը փորձեց լրագրողներին համոզել, որ որոշ դեղատեսակների թանկացումները և մյուսների էժանացումները` այսինքն գնային տատանումները բալանսավորված են, և կտրուկ գնաճեր չեն գրանցվել, թեև չկարողացավ կոնկրետ ներկայացնել թե որ դեղատեսակները որքան են թանկացել:

Լրագրողներից մեկի հարցին, թե  Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը  չի՞ ձեռնարկում միջոցառումներ թանկացումները կանխելու համար, Սամվել Զաքարյանը պատասխանեց, որ միությունը սեփականատերերի բիզնեսին չի խառնվում. «Պաղպաղակը կարելի է  չէ՞ մի տեղից մի գնով գնել, մյուս տեղից `այլ գնով: Եթե դեղին նայենք իբրև ապրանք, կհասկանանք, որ նրա գինն էլ կարող է տատանվել` կախված ներկրողի բիզնես ցանկությունից, որին մեր միությունը չի կարող խառնվել», – ասաց    Սամվել Զաքարյանը:

 

 

ԷՖՐՈՍՅԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. «Վերջերս սեռական հեղափոխություն տեղի ունեցավ»

NAHAPETYAN 1Որևէ պետության գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են այդ երկրում ապրում ծերերն ու երեխաները: Բնականոն է,  եթե ծերերն ապահով են, իսկ երեխաները՝ ուրախ:

Էֆրոսյա Նահապետյանն ավելի քան 40 տարի է, ինչ զբաղվում է գինեկոլոգիայով ու մանկաբարձությամբ: 40 տարվա ընթացքում հասցրել է մասնակցել միջազգային սեմինարների ու կոնֆերանսների՝ ներկայացնելով մեր երկիրը, 40 տարվա ընթացքում շատ կանայք, որոնք վերարտադրության   խնդիր են ունեցել` երջանկություն ու մայրական բերկրանք է պարգևել:

Մեր զրույցն էլ տիկին Նահապետյանի հետ թեպետ բժշկական հիմք ունի, վերաբերում է ընտանեկան ու հասարակական խնդիրներին:

– Ինչպե՞ս սկսվեց:

– Փոքրուց հասկացա, որ սիրում եմ մարդկանց օգնել: Հարևան ունեինք, երեխան էպիլեպսիայով հիվանդ էր: Ես վախենում էի այդ ցնցումներով երեխային տեսնելիս, բայց չէի կարողանում անտարբեր անցնել: Այդ կնոջն օգնում էի, նրա համար հաց ու ջուր էի տանում: Իսկ հաց ու ջուր բերելու համար առնվազն երկու-երեք կիլոմետր պետք է գնայինք: Ոսկե մեդալով ավարտեցի դպրոցը և մտածեցի, որ ամենաճիշտը բժշկական ինստիտուտ ընդունվելն է, բժշկուհի դառնալը: Ես կարծում էի, որ մարդուն օգտակար լինելն ամենաերջանիկ զգացողությունն է, և փաստորեն չսխալվեցի: Կողքից ինձ անընդհատ ասում էին, որ չեմ կարող ընդունվել բժշկական ինստիտուտ, ու զարմանում էին անգամ, որ այդ ուղղությամբ մտածում էի: Դասախոսի մոտ պարապելու հնարավորություն չունեի, ես ինքնուրույն էի պարապում, ու ի զարմանս բոլորի, ընդունվեցի:

– Տկն Նահապետյան, 80-90-ականներին հայ կանայք ի՞նչ խնդիրներ ունեին և ի՞նչ խնդիրներ ունեն այսօր:

– Ես կարծում եմ, որ խորհրդային, նորանկախ շրջանում  խնդիրները քիչ էին: Այն ժամանակ կանայք ավելի երջանիկ էին, սեքսուալ խնդիրներն ավելի քիչ էին: Քիչ էին նաև այսքան տարածված սեռավարակները: Ճիշտ է, արհեստական ընդհատումներ՝ վիժումներ, միշտ էլ եղել են, և անգամ երբեմն եղել են չբացահայտված վիժման դեպքեր: Գիտեք, վերջին ժամանակներս սեքսուալ հեղափոխություն տեղի ունեցավ: Մարդիկ գտան, որ ազատամտությունը, ազատ վարքագծով ապրելն ավելի լավ է, բայց իրականում կյանքը նորից վերադառնալու է հնին: Օրինակ՝ այսօր շատերը, ուսումնասիրելով հայ ժողովրդի ապրելաձևը, տեսնում են, որ մեր ավանդույթները շատ ավելի թանկ են: Դա է պատճառը, որ շատ երկրների տղամարդիկ երազում են հայ կին ունենալ:

– Բայց այսօր մենք ազատ Եվրոպային ենք ձգտում, չէ՞: Սեռական ազատությունից զատ, նշենք աղջիկների ծխելը, խմելը…

–  Ալկոհոլիզմը հիվանդություն է. անընդհատ պահանջ է առաջացնում նորից օգտագործելու: Ալկոհոլի ազդեցության տակ կատարած որևէ գործողություն կարող է մարդու համար ճակատագրական լինել: Նա կարող է ունենալ անցանկալի սեռական ակտ, անցանկալի հղիություն, անցանկալի հղիության պատճառով անցանկալի աբորտ:

Պատահում են դեպքեր, երբ առաջին աբորտից հետո կինն այլևս չի հղիանում:

Ընդամենը մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկել մի գեղեցկադեմ աղջիկ, որին ասել էին, թե իր մոտ արատավոր է պտուղը, բայց պտղի արատը հաստատված էլ չէր: Վերցրել ընդհատել էին, ընդհատման ժամանակ արգանդը վնասվել էր, և ստիպված են եղել արգանդը հեռացնել, որ կարողանան փրկել կյանքը:

Ես կարծում եմ, որ պետք է լուրջ վերաբերվել կյանքին, պետք է պատասխանատու լինես: Կինն ալկոհոլ պետք է օգտագործի միայն առիթների ժամանակ ու շատ քիչ քանակով: Ծխելու մասին էլ չասեմ, թե որքան բացասական հետևանքներ կարող է առաջացնել. ուղղակի պետք է աղջիկները չծխեն:

– Բժշկական հետազոտություններն էի ուսումնասիրում ու կարդացի, որ 18-25 տարեկան աղջիկները, եթե սեռական հարաբերություններ չեն ունենում, 30 տարեկանից  նրանց մոտ սկսվում են հիվանդագին զգացողություններ, հնարավոր է՝ այդ աղջիկները նաև հոգեկան հիվանդություններ ձեռք բերեն…

– Գիտեք, այդպիսի  բան չկա: Ես չէի ասի, որ մեր երկրում այլանդակություն է տիրում: Իրոք, մեր աղջիկները զուսպ են, գոնե 70 տոկոսն այդպիսին են: Ուղղակի երբեմն աղջիկները գայթակղվում են: Ձեր ասածի մեջ որոշակի ճշմատություն կա:

Ես կողմնակից եմ, որ աղջիկներն ամուսնանան 20-30 տարեկանում: Եթե ուզում ենք առողջ սերունդ ունենալ: Այնպես չէ, որ երբ ուզենք ամուսնանանք, երբ ուզենք երեխա ունենանք: Հետաքրքիր են այսօրվա երիտասարդները, նրանք ձգտում են ունենալ ամեն ինչ՝ մեքենա, բնակարան, լավ աշխատանք, ու նոր միայն մտածում են ամուսնանալու մասին: 35 տարեկանից հետո պտղի արատների հնարավորություններն են մեծանում, դա ապացուցված է:

– Իսկ ես կարդացել էի դրա հակառակ տարբերակը: Խելացի ու առողջ երեխաներ ունենալու համար զույգը գոնե պետք է լինի 40 տարեկան… Անգամ բրիտանական «Դը Ջոռնալսը» բավական լուրջ լրագրողական հետաքննություն էր իրականացրել այս թեմայով, ու պարզել, որ աշխարհի ամենախելացի երեխաները հենց «տարիքով» ծնողներից են:

– Այո՛, նման բան էլ կա, բայց դա համընդհանուր չէ: Ախր միայն խելքով չի որոշվում, այստեղ նաև ֆիզիոլոգիա գոյություն ունի: Տարիքի հետ, այո՛, մարդու ինտելեկտն էլ է աճում, և նրանցից ծնված երեխաները պետք է որ ավելի խելացի լինեն, բայց ես հակառակը կասեի. այդ տարիքում կնոջ արգանդում անոթների սկլերոզ է սկսվում:

Դրա հնարավոր ապացույցներից են, օրինակ, աուտիզմով տառապող երեխաները:

Կանայք այսօր ծխում են ու դրանով ցանկանում են նմանվել տղամարդկանց: Մայրանալու հնարավորություն միայն կինն ունի, տղամարդը կարող է այսօր ծխել, վաղը չծխել. կինը միանշանակ վնասում է այն մարդուն, որը պետք է լույս աշխարհ գա:

– Ներկայացրեք կանանց մոտ հանդիպող տարածված բարդ դեպքերը:

– Դեպքերը շատ են: Ես բնավ նպատակ չունեմ բնակչությանը վախեցնել, որովհետև տեղից էլ մեր ժողովուրդը պրոբլեմների մեջ է: Այսօր, օրինակ, սեռավարակների հետևանքով շատացել են վիժումների, բարդ զարգացող հղիությունների դեպքերը: Այդ սեռավարակները հանգեցնում են ընկերքի շերտազատման, ծանր արյունահոսությունների, որոնց ժամանակ դժվար է լինում փրկել մորն ու  ծնվող երեխային:

Տարածված խնդիրներից է նաև աբորտը: Օրինակ՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկն ունի սեռական զուգընկեր և արդեն 22 տարեկանում հասցրել է անել 5-6 աբորտ: Դա ցավալի է մեզ համար: Ճի՞շտ է, որ ասում ենք, թե 17-25 տարեկանում մարդը պետք է ապրի ազատ սեռական կյանքով: Ես սեռական զսպվածության կողմնակից եմ: Եթե սեր կա, եթե կան լուրջ հարաբերություններ, հնարավոր է, որ մարդիկ ունենան սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը, հիմա այսօր դա ընդունելի է համարվում:

– Բայց տղամարդը կարող է իրեն միշտ էլ խաբված զգալ: Ապացույցը՝ մեր երկիր ներմուծված արհեստական կուսաթաղանթներն են, մյուս կողմից` անընդհատ բժիշկների միջամտությամբ կուսաթաղանթը կարելը և կույս մնալու ձգտումը…   

– Այսօր կուսաթաղանթի առկայությունը չի կարող պայմանավորել աղջկա ճիշտ բարոյական կերպարը՝ վարքագիծը, ապրելակերպը: Դա հնարավոր է անգամ ամենահամեստ ու ամենաբարոյական աղջկա մոտ: Ես ավելի քան 40 տարի է՝ այս ոլորտում եմ, ինչքա՜ն դեպքեր եմ տեսել: Օրինակ՝ մի դեպք ասեմ: Տղան գնում է բանակ ու ընկերուհուն առաջարկում է սեռական հարաբերություն ունենալ, որպեսզի վստահ լինի, որ սիրած աղջիկը սպասելու է իրեն: Աղջիկը համաձայնում է, տղան գնում է բանակ ու «կորչում»: Բանակից գալուց հետո էլ այդ տղան, աղջկան փողոցում տեսնելով, անգամ չի էլ բարևում: Եվ այդ աղջիկը ծանր է տանում: Երբեմն խաբելու հետևանք էլ է, չէ՞, լինում:

– Տիկին Նահապետյան,  ըստ վիճակագրության՝ շատացել են ամուսնալուծությունները: 

– Այո՛, հիմա ես ընտանեկան դաստիարակության շատ մեծ պակաս եմ զգում: Երիտասարդ ընտանիքների 30 տոկոսն այսօր բաժանվում է: Հայ ընտանիքներում այդքան մեծ բաժանումների թիվ չի եղել: Երեխաներից ամեն երրորդը կամ չորրորդը հայր չունի:

Այս հարցը ես չեմ կապում միմիայն սեռական խնդիրների հետ, որովհետև նման խնդիրներ միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ եղել են ու կլինեն: Պարզապես ընտանիք պահելը հատուկ մասնագիտություն է: Աղջիկներից շատերը մտածում են շքեղ ապրելու ու զուտ երեխա ունենալու մասին, ասում են՝ ամուսին էլ կարող ենք չունենալ: Բայց ամբողջ ընտանիքի համնուհոտը տղամարդն է ապահովում, երեխայի վրա գիտեք` որքան է ազդում հոր բացակայությունը:

– Տիկին Նահապետյան, հին դարերում սպանում էին սպանողին: Այսինքն՝ կինը, որն աբորտ էր անում, սպանվում էր: Կրոնական ու քրեական կողմերով սա ևս ինչ–որ առումով սպանություն է համարվում, իսկ բժշկակա՞ն:

– Բժշկական առումով էլ ես համարում եմ, որ սպանություն է: Դու խլում ես մարդու ապրելու իրավունքը: Երբեմն, իհարկե, կարող են պատահել դեպքեր, երբ բժշկական ցուցումով կինը աբորտ անի, քանի որ կյանքին վտանգ է սպառնում: Եթե տեսնում ենք, որ այդ հղիությունը վտանգում է կնոջ առողջությունը, պետք է ընդհատել, որպեսզի գոնե հնարավոր լինի պահել կնոջ կյանքը: Իսկ մյուս բոլոր դեպքերում ես աբորտը համարում եմ սպանություն:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Մեր երկրում լրագրողները անպաշտպան են

DSCN4152«Հայելի» մամուլի ակումբում Կենտրոն հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և Ազգ օրաթերթի Հակոբ Ավետիքյանը այսօր լրագրողների հետ քննարկեցին Հայաստանում լրագրողի ազատությանն ու իրավունքի սահմաններին վերաբերող խնդիրները` Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու վերջին իրադարձությունների համատեքստում:

Հակոբ Ավետիքյանը նախ անդրադարձավ ոլորտի ընդհանուր խնդրին` շեշտելով, որ մեր երկրում ցավոք լրագրողները պաշտպանված չեն ու հեռացվում են աշխատանքից իրենց հիմնական պարտականությունը կատարելիս, այն է` ճշմարտությունը փնտրելիս:

Պետրոս Ղազարյանը անցավ միանգամից վերջին աղմկահարույց իրադարձություններին. ««Շանթ» հեռուստաընկերությունը, ճիշտ է, նոր ֆորմատներ է բերել և մեծ լումա ունի հեռուստաոլորտում, բայց պետք է ընդգծել, որ մյուս կողմից վերջին դեպքը մտորելու տեղիք է տալիս: Ի վերջո սեփականատերը կարող է ընդունել աշխատանքի ու ազատել աշխատանքից իր լրագրողներին: Բայց զարմանքի տեղիք է տալիս հեռացման հիմնավորումը: Արմեն Դուլյանին  հեռացրել են կարծիք հայտնելու համար, նույնն է թե` բժշկին հեռացնեն մարդուն բուժելու կամ հրշեջին` հրդեհը մարելու համար: Ընդ որում` կարծիքը Դուլյանը չի հայտնել հեռուստաեթերում, չի խախտել կորպորատիվ էթիկայի նորմերը: Ֆեյսբուքյան էջում` իր անձնական տարածքում, կատարել է գրառում, ինչն իր իրավունքն է: Եթե անգամ ընդունենք, որ այդ գրառումը Շանթ հեռուստաընկերությունում կարող էին իրենց վերագրել ու զայրանալ, ապա ինձ համար անհասկանալ է մնում հեռացման ձևը: Ցանկացած կոլեկտիվում թյուրըմռնումներ միշտ լինում են: Դրանց դեպքում պետք է բացատրություն պահանջել, և միայն եթե բացատրությունները չբավարարեն, աշխատողին հեռացնել աշխատանքից: Այս դեպքում նման բան չի եղել, Արմեն Դուլյանին միանգամից հեռացրել են: Հետո  է նա մեկնաբանել, որ գրառմամբ չի հղել իր հեռուստատեսության ղեկավարությանը», – ասաց Պետրոս Ղազարյանը և փաստեց. «Մեր երկրում լրագրողները անպաշտպան են, ինքնապաշտպանությունը ևս լավ չի աշխատում, լրագրողները հետամուտ չեն լինում իրենց կոլեգաների իրավունքների պաշտպանությանը: Սրա մասին է վկայում այն, որ Դուլյանի հեռացման դեմ հենց թեկուզ սոց. ցանցերում շատ քիչ լրագրողներ  դուրս եկան»: