Միս աշխարհ մրցույթի կազմակերպիչները միջոցառումից հանել են բիկինիով ելույթը՝ մահմեդականներին չվիրավորելու համար

b1Միս աշխարհ մրցույթ ասելիս պատկերացնում ենք բեմի վրա քայլող կիսահագնված կանանց:

Սակայն այս տարի ճոխ տեսարանը բավականին մեղմ կլինի, քանի որ կազմակերպիչների տեղեկություններով՝ իրենք մրցույթից հանել են բիկինիով ցուցադրությունը՝ այդ կերպ փորձելով չվիրավորել մահմեդականներին:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերին Ինդոնեզիայի Բալի կղզում, որտեղ 137 մասնակիցներից մեկին կթագադրեն աշխարհի գեղեցկուհու թագով:

b2Այս տարածքը հայտնի է իր իդիալական ծովափերով, որտեղ  յուրաքանչյուր տարի բազմաթիվ օտարերկրյա տուրիստներ են այցելում:

Այնուամենայնիվ Ինդոնեզյան հիմնականում մահմեդական երկիր է, որտեղ բնակվում են ավելի քան 200 միլիոն մահմեդական:

b3Երկրի իսլամական մարմինը կոչ էր արել Միս աշխարհ մրցույթի բիկինիներով հատվածը հանել մրցույթից:

Բիկինիով ելույթի փոխարեն մասնակիցները իրենց մարմինը կծածկեն ինդոնեզական ազգային հագուստով, որը ցույց չի տա նրանց մարմնի կառուցվածքը:

 

Ռուսաստանի նախագահը և իր կինը ամուսնալուծվում են

o_783975Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կինը՝ Լյուդմիլան, հայտարարել են իրենց բաժանության մասին:

Գրեթե 30 տարի ամուսնացած լինելուց հետո Պուտինը հինգշաբթի երեկոյան Կրեմլում կազմակերպված բալետային ներկայացման ժամանակ պետական հեռուստաընկերությանը հայտնել է իրենց որոշման մասին:

«Մենք այդ որոշումը միասին ենք կայացրել» հայտնել է Պուտինը:

Լյուդմիլա Պուտինը իր ամուսնու՝ Ռուսաստանը ղեկավարելու երկարատև տարիների ընթացքում շատ հազվադեպ է երևացել հանրության առջև՝ նշելով, որ ինքը հարապարակայնություն չի սիրում և ինքնաթիռով թռչելը դժվար է իր համար:

 

Հայաստան – Իսլանդիա՝ 1:2

ffa5Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտությունով սկսեց  Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը (10-րդ խումբ): Այն Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում 1:2 հաշվով զիջեց Իսլանդիայի ներկայացուցիչներին:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Իսլանդիա՝ 1:2

Աշոտ Սարդարյան, 67, – Էմիլ Ատլասոն, 44, 89

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Գոռ Մանուկյան, Վասպուրակ Մինասյան, Վարազդատ Հարոյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Գագիկ Պողոսյան, Ղուկաս Պողոսյան (Աշոտ Սարդարյան, 64), Կարեն Մուրադյան, Աղվան Պապիկյան, Դավիթ Հակոբյան (Սարգիս Ադամյան, 55), Սարգիս Բալոյան (Վահագն Այվազյան, 79):

Սուդանում ընթացող կռիվների հետևանքով տեղահանվել է 60.000 մարդ

Displaced women and children from Abu Kershola rest at school center in Al-Rahaad at North Kordofan StateԱպրիլին ապստամբների կողմից ձեռնարկած հարձակումներից հետո Սուդանի նավթով հարուստ քաղաքից տեղահանվել են շուրջ 60.000 բնակիչ: Սրա մասին հինգշաբթի ասել է ՄԱԿ-ը:

Կառավարական ուժերը վերանվաճել են Աբու Կերշոլա քաղաքը ապստամբների կողմից քաղաքի  գրավումից երկու շաբաթ անց:

Սուդանի հեղափոխական ճակատը պայքարում է նախագահ Օմար Հասսան ալ-Բաշիրին պաշտոնանկ անելու համար:

Աբու Կերշոլան գտնվում է երկրի Հարավային Կորդոֆան նահանգի հյուսիսարևելյան մասում:

ՄԱԿ-ի տվյալներին համաձայն ՝քաղաքում ընթացող պայքարի հետևանքով տեղահանվել են 63.000 մարդ: 8.000 մարդ բնակություն է հաստատել Խարթում քաղաքում, որը գտնվում է Աբու Կերշոլայից 600 կմ հեռավորության վրա: Շուրջ 44.000 բնակիչ տեղափոխվել է հարևան նահանգ:

Շանհայում ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգության կասկածանքով

1Շանհայում ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է սեռական ոտնձգության կաÕՇանհայի ֆրանսիական էլիտար դպրոցի ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է առնվազն յոթ աշակերտների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով:

Նախքան այս լուրի ի հայտ գալը նմանատիպ մեղադրանքներով ԱՄՆ է արտաքսվել ամերիկացի մեկ այլ ուսուցիչ:

«Որպես ծնողներ մենք հուսահատված ենք», -ասել է աշակերտներից մեկի մայրը:

Շանհայի ֆրանսիական լիցեյը տեղեկացրել է, որ մի քանի ընտանիքներ մեղադրանք են ներկայացրել ընդդեմ ուսուցչի:

Հետաքննությունը ընթացքի մեջ է: Ուսուցիչը գտնվում է վարչական կալանքի տակ:

Աշակերտներից մեկի մայրը AFP լրատվական գործակալությանը ասել է, որ վերջերս իր երեխան տարօրինակ է սկսել պահել իրեն:

Շինթույլտվությունները տրամադրվում են պարզեցված ընթացակարգով

Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում բնակչության կողմից ստացվող դիմումների մեջ զգալի թիվ են կազմում գործառնական նշանակության շինարարություն ծավալելու թույլտվություն ստանալու մասին դիմումները:  Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո քաղաքացին կարող է իր նախագծային առաջարկով դիմել Մեկ պատուհանի գրասենյակներ՝  միաժամանակ ստանալով նախագծի համաձայնություն և շինթույլտվություն:

Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակվել և ավագանու որոշմամբ սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով,  եթե խոսքը արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է,  քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ և 2-3 օրում ստանալ  էսքիզային առաջարկ: Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում, ի դեպ, նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տևել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաև  նոր բնակելի տների նախագծերը:

Եթե քաղաքացին   հնարավորություն չունի  նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ և արագ շինթույլտվություն:

Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարևան տան շինության սահմանաեզրին, և կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաև ունենալ հարևանի գրավոր համաձայնությունը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Անգլիական «The Economist» հանդեսի շապիկին «սուլթան Էրդողանն» է լինելու

erdoganԱնգլիայի քաղաքական և տնտեսական կարևոր հանդեսներից «The Economist»-ը հրապարակել է իր հերթական համարի շապիկը, որը հունիսի 8-ին լույս է տեսնելու աշխարհի բոլոր երկրներում՝ բացի Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայից: Ամսագրի նոր համարի դեմքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ սուլթանական հագուստով: Շապիկին գրված է «Ժողովրդավա՞ր, թե՞ սուլթան» վերնագիրը, իսկ Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի մասին պատմող հոդվածը ստացել է «Էրդողանն ու թուրքական ապստամբությունը» ենթավերնագիրը:
Նշենք, որ «The Economist»-ը իր նախորդ համարում քննադատել է ցուցարարների նկատմամբ թուրքական պետության վերաբերմունքը: «Էրդողանի նկատմամաբ դժգոհությունը աճում է» այսպիսի մեկնաբանություն էր արել հանդեսը: Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներին, ապա այնտեղ «The Economist»-ը լույս կտեսնի այլ շապիկով:

Ստամբուլի «Գեզի» այգում ցուցարարները բացել են Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց (տեսանյութ)

Hrant Dink   Արդեն 10-րդ օրն է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակը և դրա շրջակայքը վերածվել է երկրով մեկ տարածված զանգվածային ցույցերի կենտրոնը: Հակաիշխանական ելույթներից բացի թուրք հասարակության տարբեր խմբերի համար սա մի հարթակ է դարձել արտահայտելու իրենց ունեցած բազմապիսի բողոքները: Ահա «Գեզի» այգում հավաքված մի խումբ ցուցարարներ բարձրաձայնել են, որ «Գեզի» այգու տեղում 1551-1939 թվականներին եղել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը, որը թուրքական իշխանությունների կողմից քանդվել և վերածվել է զբոսայգու: Հիշատակվել է նաև Հայոց ցեղասպանության իրողությունը, նշվել, որ այսօր արցունքաբեր գազը սեփական ժողովրդի դեմ կիրառող կառավարությունը 1915 թվականին անխղճորեն սպանել է իր երկրի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր հայերին:

Հավաքվածները հիշել են Հրանտ Դինքին, թուրքական պետությանը «մարդասպան» անվանել, բացականչել արդեն ավանդական դարձած «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» արտահայտությունը: Ցուցարարները այգում բացվել են Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց՝ իբրև պայքարի և պահանջի նշան:

Կյանքի է կոչվում արմավիրցիներին աջակցելու կառավարության ծրագիրը

10428_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ և Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին` սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, և համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, և եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարևոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ` հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, և այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաև հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, և շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետևանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղացիներին, որ առավել անապահովներին պետք է օգնենք։
Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր նիստն սկսենք այս հարցերից»։
Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին կառավարության որոշմամբ հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50 հազարական դրամի չափով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետևանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։
Երեկ արմավիրցիները վարչապետին նաև տեղեկացրել էին, որ կարկտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փոխհատուցել այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել 350 մլն դրամ, որից 328 մլն 600 հազար դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու և տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար։ Որոշումը թելադրված է Արմավիրի մարզի տարածքում հակակարկտային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Նախարարը վարչապետին հավաստիացրել է, որ հակակարկտային կայանները կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին է հատկացրել ավելի քան 7.5 մլն դրամ Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար։Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրում կա 9 և ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկը Հունան Մխիթարյանի ընտանիքն է։ Աջակցություն կստանան այդ բոլոր ընտանիքները։
Վարչապետն այցելել է նաև մշակույթի պալատ և ընդառաջելով արմավիրցիների ցանկությանը, այսօրվա իր կարգադրությամբ 1 մլն դրամ է հատկացրել գյուղում ներկայացում բեմադրելու համար։ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ըստ ամենայնի աջակցել մշակույթի պալատի գործունեությանը։ «Դրամական միանվագ օգնությունը տուժածներին աջակցելու առաջին քայլն է, երկրորդը կլինի այդ նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցների հաշվին», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 5 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ավելի քան երկու միլիոն դրամ է հատկացվել Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների համար։

Նվազագույն աշխատավարձն ավելացվում է 30 տոկոսով

Կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծերից առաջինի մշակման հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։ Ս.թ. հունվարի 1-ից 35 հազար դրամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը ս.թ. հուլիսի 1-ից 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել վերը նշված մյուս օրենքներում։ Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձի չափը կկրկնապատկվի։
Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել միայն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։
Կառավարության հավանությունն է ստացել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դիլիջանում միջազգային չափորոշիչներին համապատասխան դպրոց կառուցելու արժեքը շուրջ 40 մլրդ դրամ է։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նպաստել կրթահամալիրի կառուցմանը և շահագործմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Անապահով ընտանիքները մասնակի փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների չբաշխված շահույթի հաշվին ավելի քան 70.5 մլն դրամ վճարել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։ «Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա», – շեշտել է վարչապետը։
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից 2013 թ. ոռոգման շրջանում նշված համակարգերով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խորանարդ մետր։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման և Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման ճանապարհահատվածների նորոգման աշխատանքների և դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և սահմանել է, որ այն պետք է իրականացվի բանակցային ընթացակարգով գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով։ Վարչապետն անդրադարձել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը։ Նա նշել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը շատ լուրջ խնդիրներ է բացահայտել։ «Հիմա անհրաժեշտություն կա հրատապ շտկումներ մտցնել, և ինձ ֆինանսների նախարարը զեկուցել է, որ ունենք նաև ֆինանսական պարտավորություններ, որոնք առաջանում են բացահայտված այդ խնդիրների առնչությամբ։ Հանձնարարական է տրվում էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին` անհապաղ բանակցություն սկսել Ասիական զարգացման բանկի հետ, փոփոխություններ կատարել պայմանագրերում, որ մենք ունենք այդ բանկի հետ, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ-տուգանքներ չկիրառվեն, քանի որ ըստ այն զեկուցագրի, որ դուք ինձ ներկայացրել եք, ձգձգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել նախնական պայմանագրում։ Մասնավորապես, տեխնիկական հսկողի, ծրագրի օպերատորի հայեցակարգը, որը մի քանի անգամ փոխվել է Ասիական բանկի նախաձեռնությամբ, և այսօր բացահայտված խնդիրներն առնչվում են հենց ծրագրի կառավարմանը, որն իրականացվում է գերմանական, ֆրանսիական և իսպանական ընկերությունների կողմից։ Եվ այն դժգոհությանը, որ դուք ունեք այդ կառույցների նկատմամբ, անհապաղ պետք է տեղյակ դարձնեք Ասիական բանկին և անհապաղ սկսեք բանակցություն, որպեսզի մենք տույժ-տուգանք չվճարենք»։ Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարին է հանձնարարել սկսել բանակցային գործընթացը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում անձամբ միջամտել խնդրին։
Մյուս որոշումն ուղղված է ՀՀ քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանությանը. Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող ծանրոցային բաժանմունքի շենքը հանվել է օտարման ենթակա գույքի ցանկից, ինչով և կպաշտպանվի համայնքի բնակիչ Ժորա Խաչատրյանի իրավունքը շենքի նկատմամբ։

Հիմնադրվել է Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ

Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» և մի քանի այլ օրենքներով` ՀՀ կառավարությունը հիմնադրել է Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, սահմանել, որ հիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը ՀՀ կառավարությունն է ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից Հիմնադրամի տնօրենի ընտրությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հերմինե Հարությունյանը. նրան հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը։ Մեկ այլ որոշում միտված է պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի ակտիվացմանը, երբ պետական պարտատոմսերով գործարքների հիմք հանդիսացող բանաձևը կհամապատասխանեցվի միջազգային շուկաներում կիրառվող մեթոդին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությանը։ Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով հանրությանը տեղեկացնել հայեցակարգի մանրամասներին (առանձին)։
Կառավարությունն ընդունել է ՀՀ հեռահաղորդակցության ենթակառուցվածքը զարգացնելու որոշում, որի մշակման հիմք է հանդիսացել հեռուստառադիոհեռարձակման անալոգային համակարգից թվային համակարգի անցմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ «Մենք պարտավոր ենք թվայնացումն ավարտել 2015 թվականին», – ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել, որ առջևում են տեխնիկական մեծածավալ աշխատանքները, նոր տեխնոլոգիայի, նոր սարքավորումների կիրառումը։ Հարցն ունի նաև սոցիալական բաղադրիչ. կառավարությունը սոցիալապես անապահովներին աջակցելու է, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել թվային հաղորդումներ դիտելու համապատասխան սարքեր։

Լուծվում են մշակույթի ոլորտի հիմնախնդիրները

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում կինոռեժիսոր Ռոման Բալայանի նախաձեռնությամբ ստեղծվել է կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթաց, կառավարության կողմից` «Հայ արտ սինեմա» հիմնադրամը, որը և կարգավորելու է դասընթացի կազմակերպման գործընթացը։ Դասապրոցեսն իրականացվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բարձրագույն դասընթացի նախագիծը համաֆինանսավորվող ծրագիր է, որի ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 100 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ վերը նշված հիմնադրամին է հատկացվել մոտ 54 մլն դրամ, մնացած մոտ 46 մլն դրամը հատկացնում է «Պարադիզ» ընկերությունը։ Դասընթացի նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինոյի զարգացմանը։
Համաֆինանսավորման սկզբունքով է իրականացվում նաև «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը, որի ամբողջական նախահաշիվն ավելի քան 600 մլն դրամ է։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաև բելոռուսական Մոգիլյով և ադրբեջանական Գաբալա քաղաքները։ Գյումրու ծրագրի իրականացմանը ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ։
Հայ երիտասարդ երաժիշտների արտագաղթը նվազեցնելուն է միտված կառավարության մեկ այլ որոշում, որով, մասնավորապես, Երիտասարդական նվագախմբին լրացուցիչ միջոցներ են հատկացվում նվագախմբի կազմը փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտներով համալրելու համար։
Վարչապետը կարևորել է երաժշտական գործիքների ձեռքբերումը և ընդգծել, որ կառավարությունն այդ նպատակին ամեն տարի համապատասխան միջոցներ կտրամադրի։
Հաջորդ թեման բուհերի ընդունելության քննություններն էին։ Լսելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հավաստիացումը, թե քննաշրջանը սահուն է անցնում, որևէ դժգոհություն չկա, վարչապետը դա բացատրել է ժամանակին ձեռնարկված միջոցներով, նախապատրաստական պատշաճ աշխատանքով։
Կառավարությունը որոշել է Երևանի Ազատության 19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնը նվիրել Երևանի քաղաքային համայնքին` որպես պետության կողմից քաղաքի մշակութային կենտրոնների զարգացմանն ուղղված աջակցություն։

Աշտարակում կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամաս

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս։ ՀՀ սփյուռքի նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հստակեցնել նշված թաղամասում բնակելի տուն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքների բնակարանային պահանջարկը, հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցապատմանը հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրը։ Համապատասխան հանձնարարություններ են ստացել նաև շահագրգիռ մյուս նախարարները և պատկան մարմինները։ Բնակարան ձեռք բերելու համար արդեն իսկ գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։

Տարայավորված հեղուկ ապրանքը կդրոշմավորվի

ՀՀ օրենսդրության համաձայն ս.թ. հուլիսի 1-ից դրոշմապիտակով պարտադիր դրոշմավորման են ենթակա ՀՀ տարածքում օտարման ենթակա տարայավորված ջուրը, գարեջուրը, ըմպելիքը, կոկտեյլը, հյութը։ Գործադիրը ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակի հազար հատի արժեքը սահմանել է 3548 դրամ և դրանց ձեռքբերման նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացրել ավելի քան 3.5 մլրդ դրամ։ Դրոշմապիտակները հարկ վճարողներին են տրամադրվում դրանց ամբողջ արժեքը պետբյուջե վճարելու դեպքում։
Գործադիրը փոփոխություն է կատարել հարկային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանները սահմանող իր նախկին որոշման մեջ և սահմանել միջազգային փորձին համապատասխան տարբերանշանների նոր ձևեր։ Հաջորդ որոշմամբ սահմանվել են մաքսային ծառայողի համազգեստի ձևը և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը։

Պարզեցվում է վտանգավոր սննդամթերքի ոչնչացման գործընթացը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը պարզեցրել ու հստակեցրել է վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման գործընթացը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի կողմից ծախսվող լրացուցիչ ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը, ինչպես նաև լրացուցիչ վարչարարության բացառմանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին թույլատրել է պետական պահուստից ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել «Պահուստ» ՊՈԱԿ-ում պահվող տուրբինային և տրանսֆորմատորային յուղը` առաջացած միջոցներն օգտագործելով պետպահուստի նյութական արժեքների կուտակման համար։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը։
Արագածոտնի մարզի Վարդենիսի համայնքի 120 աշակերտական տեղով դպրոցի կառուցման աշխատանքի գնման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված է 155 մլն դրամ։ Շինարարությունը եղանակային նպաստավոր պայմաններում ավարտին հասցնելու նպատակով գործադիրը որոշել է գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։

Այլ որոշումներ

Գործադիրն իր որոշմամբ Եվրոպային խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ 2013 թ. հունիսի 18-ին Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության (հինգ լեզվով) ծախսն ուղիղ վճարման ձևով կատարելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 31 հազար եվրոյին համարժեք դրամ։
Կառավարությունը որոշել է Դավիթ Մելքոնյանի` մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հուլիսի 31-ը։
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցի օրդինատուրայի սան Ֆրունզե Պետրոսյանին ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2013 թ. զորակոչից տարկետում է տրվել մինչև 2014 թ. պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ։
ՀՀ կառավարությունը Սուրեն Խաչատրյանին ազատել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Գործադրի մեկ այլ որոշմամբ Վահե Էլոյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկները, որոնք միտված են կառավարության արտագնա նիստերի արդյունավետության բարձրացմանը. «Առաջարկվում է, որպեսզի արտագնա նիստից առաջ կառավարության բոլոր անդամները այս կամ այն մարզում հանդիպեն իրենց ոլորտին առնչվող քաղաքացիների, կամ իրենց նախարարության համակարգում գործող ստորաբաժանումների անձնակազմերի հետ և քննարկեն բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մարզի բնակիչներին, կամ մեր համակարգում աշխատողների բարձրացրած հարցերին։ Դրանից հետո մենք կհավաքվենք և կանցկացնենք կառավարության արտագնա նիստը, դուք հնարավորություն կունենաք քննության առնել այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են տվյալ մարզի բնակիչներին և ձեր արձագանքը այդ հարցերին։ Այս դեպքում մարզերում մեր արտագնա նիստերն սպասելի կլինեն, մարդիկ կպատրաստվեն դրանց և կբարձրացնեն այն հարցերը, որոնք իրենց մտահոգում են։ Դրանով իսկ կառավարության կապը մարզերի բնակիչների հետ անմիջական կլինի»։ Վարչապետն առաջարկել է կառավարության հաջորդ արտագնա նիստը հենց այսպես էլ կազմակերպել։

 

ԵՊՀ եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

387.MoU between YSU and Bucharest University 06.06.2013Հունիսի 6-ին Բուխարեստում ստորագրվեց Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխըմբռնման հուշագիր եւ կից լրացուցիչ համաձայնագիր: Հայկական կողմից նախապես ստորագրված համաձայնագրերը կնքվեցին Բուխարեստի համալսարանի ռեկտոր Միրչա Դումիտրուի կողմից, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ներկայությամբ:

Երկու կրթական հաստատությունների միջեւ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի ապրիլին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի Բուխարեստ կատարած այցի ընթացքում, Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ գործուն միջամտությամբ:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Գասպարյանը եւ դոկտոր Միրչա Դումիտրուն պայմանավորվեցին առաջիկայում համալսարանների ղեկավարների միջեւ փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ Ռումինիայում համալսարանական մակարդակով հայերենի ուսուցումը խորացնելու շուրջ:

Տեղեկանք. Հուշագիրը նախատեսում է ԵՊՀ եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխանակման ծրագրեր պրոֆեսորա-դասախոսական եւ վարչական կազմերի համար, ուսանողների փոխանակման ծրագրեր` 6-12 ամիս տեւողությամբ, համատեղ հետազոտություններ եւ գիտական հրատարակություններ, փոխադարձ մասնակցություն կազմակերպվող ամառային դպրոցներին, գիտաժողովներին եւ լեզվի դասընթացներին:

Համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի խորացնելու երկու երկրների մայր բուհերի միջեւ առկա գործակցությունը: Վերջին տասնամյակում միջպետական ծրագրով Բուխարեստի համալսարանում բուհական եւ հետբուհական կրթություն են ստացել տասնյակ հայ ուսանողներ: 2011 թվականից Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները, պատրաստվել եւ տպագրության է հանձնվել դոկտոր Աիդա Մարկոսյանի՝ հայոց լեզվի ուսուցման դասագիրքը ռումինախոսների համար:

Միանգամից երեք բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց,լուսանկարներ

3Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում միանգամից երեք բողոքի ակցիա էր կազմակերպված: Հրապարակում օտարերկրացիներ էլ կային, որոնք զարմացած նայում էին մարդկանց ակցիաներին, իսկ նրանց ուղեկցորդները փորձում էին բացատրել, որ Հայաստանում թանկացել է գազի գինը, որ իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ թանկացումները Ռուսաստանից են գալիս: Նրանք միևնույնն է զարմացած նայում էին ու ոչինչ չէին հասկանում: Իսկ իրականում մարդիկ միայն գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումներից չէ, որ բողոքում էին: Իրենց բողոքը հրապարակ էին բերել նաև ազատամարտիկները, ովքեր դեռ երեկ լրագրողների հետ հանդիպմանը պնդում էին, որ մինչև վերջ տեր են կանգնելու իրենց իրավունքին և հասնելու այն բանին, որ թոշակները բարձրանան: “Մենք հո՞ մեղավոր չենք, որ պատերազմում չենք զոհվել”, – նորից կրկնում էին նրանք ու պնդում, որ իրենց թոշակները չեն բավարարում անգամ դեղորայք գնելուն, իսկ հիմա առհասարակ բարձրացան գազի, հետևաբար նաև մյուս բոլոր ապրանքների գները:

8967712788_892e8520f0_b“Ի՞ նչ ենք անելու, – հարցնում էին ազատամարտիկներն ու խմբվում կառավարության շենք մտնողների շուրջ,- տա՞ մ, ձեփռնափայտս էլ տա՞ մ` ուտեք”, – բորբոքվում էին նրանք:

Մոտ տասը րոպե տևած ակցիայից հետո ազատամարտիկները շարժվեցին Ազատության հրապարակ` այնտեղ շարունակելու իրենց բողոքը:

Բայց Կառավարության շենքի դիմացի հրապարակը չազատվեց: Քաղաքացիները այժմ էլ պահանջում էին Սուրիկ Խաչատրյանին ոչ միայն հեռացնել աշխատանքից, այլև ենթարկել պատասխանատվության քրեական օրենսգրքով: Ակտիվիստներից մեկը` Դավիթ Սանասարյանը, լրագրողների համար ձևակերպեց պահանջի ողջ բովանադակությունը. “Անպատժելիության մթնոլորտին վերջ տալ է պետք: Մենք պահանջում ենք, որ Լիսկային ենթարկեն քրեական պատասխանատվության”:

ՀՀ ԱԳ նախարարն ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում

386. Minister Nalbandian made a speech at the OSCE Permanent council 06.06.2013Հունիսի  6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես եկավ ելույթով՝ Եվրախորհրդի առջև ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ – ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ասաց.

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներից է ԵԱՀԿ-ն, և երկու կազմակերպությունների միջև համագործակցության մակարդակը, որն արտահայտվում է խորհրդակցությունների և բարձրաստիճան հանդիպումների մշտական ձևաչափով, դրա ապացույցներից մեկն է։

2004թ.-ից համագործակցությունն ամրապնդվել է հատկապես ազգային փոքրամասնությունների պաշտպանության, ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և հանդուրժողականության խթանման ոլորտներում:

Եվրախորհուրդը և ԵԱՀԿ-ն սերտ համագործակցություն են հաստատել մի շարք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լրատվամիջոցների ազատությունը, ընտրությունների դիտարկումը։ Երկու կազմակերպությունների միջև փոխգործակցությունը զարգանում է նաև որոշ անդամ-պետություններում, որտեղ երկուսն էլ ներկայացուցչություններ ունեն։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահությունն ուշադրության կենտրոնում է պահելու Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև ուղղորդված և արդյունավետ համագործակցությունն առավել զարգացնելուն ուղղված քայլերը»։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ելույթ ունեցան նաև Եվրոպական միության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Անդորրայի, Վրաստանի, Բելառուսի, Շվեյցարիայի պատվիրակությունների ղեկավարները, որոնք շնորհավորելով նախարար Նալբանդյանին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, իրենց երկրների աջակցությունը հայտնեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ բարեկամ Հայաստանի հետ Ռուսաստանը զարգացնում է դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններ։ Նա նշեց, որ Ռուսաստանը կիսում է Հայաստանի կողմից հռչակված առաջնահերթությունները և ողջունեց եվրոպական գործերում Եվրոպայի խորհրդի դերակատարությունը բարձրացնելու Հայաստանի նպատակը, որն «ամբողջովին համընկնում է այդ կազմակերպության վերաբերյալ Ռուսաստանի տեսլականին՝ որպես եվրոպական կարևորագույն կառույցներից մեկի, որը կարող է իր նպաստը բերել առանց բաժանարար գծերի Մեծ Եվրոպայի կառուցման գործում»։

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ամուր գործընկերություն ունեն լայն շրջանակի հարցերի շուրջ՝ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանում, առևտրի և ներդրումների խրախուսում, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդում։ Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի ներդրումը Աֆղանստանում մեր միասնական առաքելությանը և Կոսովոյում խաղաղապահ գործողությանը։

Մաղթում ենք ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը ամենայն հաջողություն»,- նշեց ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:

ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցիչն իր խոսքում շնորհավորելով Հայաստանին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ողջունեց Հայաստանի որոշումը ԵԽ նախագահության ընթացքում կենտրոնանալ այնպիսի առաջնահերթությունների վրա, որոնք նաև ԵԱՀԿ օրակարգում են։ Նա կարևորեց, որ Հայաստանի առաջնահերթությունների թվում է եվրոպական արժեքների առաջմղումը, Եվրոպայում ռասիզմի ու այլատյացության դեմ պայքարը և այդ թեմայով բարձր մակարդակի համաժողովի կազմակերպումը:

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հաջորդեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի պատվին տրված պաշտոնական ճաշը։

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

3189Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին և դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռևս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետև Նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների և պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական և ընթացիկ կարևոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը

001 (1)Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝  Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր մասնակիցները արժանացել են խրախուսական մրցանակների ու դիպլոմների։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ այնքան մրցակցությունն է, որքան ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելն է։

Մինչ համերգային ծրագրի սկսվելը՝ Արամ Խաչատրյանի մտերիմ ընկերների ընտանիքների անդամները տուն-թանգարանին են նվիրել առարկաներ, որոնք պատկանել են մեծանուն երաժշտին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչութուն

Հայաստանում առաջին բջջային դրամապանակը կներկայացնեն երիտասարդ ստեղծագործողները. հայտարարված է մրցույթ

asulis3Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարված, որին կարող են մասնակցել երիտասարդ ռեժիսորներ, օպերատորներ, լրագրողներ. խրախուսվում են ուսանող մասնակիցները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԻԴՐԱՄ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը:

ԻԴՐԱՄ բջջային դրամապանակը, որը գործում է 2012 թ. հոկտեմբերից,  նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար. այն հնարավորություն է տալիս բազմաթիվ ֆինանսական գործարքներ կատարել բջջային հեռախոսից:

Ինչպես տեղեկացրեց ԻԴՐԱՄ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, մրցույթը նպատակ ունի բարձրացնելու ժամանակակից վճարային համակարգերի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, միաժամանակ հնարավորություն ստեղծելու փորձարկելու մասնագիտական ուժերը դեմո-հոլովակների նկարահանման ոլորտում:

Նախաձեռնությանը միացել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, «Օրդֆիլմ» կինոընկերությունը, «Մոբայլ սենթր» խանութների ցանցը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Աննա Երզինկյանը կարևորեց մրցույթը` նշելով, որ նմանատիպ նախաձեռնությունները ակտիվացնում են ուսումնառության գործընթացը: Նրա խոսքով` թատերական ինստիտուտի ուսանողներից շատերը կարձագանքեն մրցույթին և հաջողությամբ կմասնակցեն:

«Օրդֆիլմ» կինոընկերության ադմինիստրատոր Աննա Գրիգորյանի խոսքով` կինոընկերությունը մշտապես խրախուսում է երիտասարդներին. այս մրցույթի շրջանակներում էլ կտրամադրի տեխնիկական օգնություն, նաև պրոդյուսերական աջակցություն լավագույններին:

Հոլովակները հարկավոր է տեղադրել YouTube-ում և հղումն ուղարկել [email protected] հասցեին: Վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլում հաղթողներին (5 մասնակցի) ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին` կազմված Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և ՕՐԴՖԻԼՄ կինոընկերության լավագույն մասնագետներից:

Երկրորդ փուլում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված աշխատանքները կդրվեն Facebook-ում բաց քվեարկության:

Երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը ԻԴՐԱՄ-ի գործընկեր «Մոբայլ սենթր»-ի կողմից որպես մրցանակ կստանա  Samsung Galaxy Ace S5830  հեռախոս և  ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում:

Լավագույն հոլովակի հեղինակը  պրոդյուսերական աջակցություն կստանա ՕՐԴՖԻԼՄ կինոընկերության կողմից, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կներգրավվեն կինոընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում:

 

Բուհերում կրթության գինը մինչև 200 հազար դրամով բարձրացել է, իսկ որա՞կը…

Տիկին Կարինեի որդին ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, ապագա ծրագրավորող: Ասում է, որ մասնագիտություն ընտրելիս փորձել են այնպիսին ընտրել, որ հեռանկարային լինի և ավարտելուց հետո անգործ չմնա: Տիկին Կարինեն մանկավարժ է, աշխատում է դպրոցում: Եթե որդին ընդունվի, կդառնա ընտանիքի երկրորդ ուսանողը, իսկ դա արդեն մեծ հոգս է ընտանիքի համար: «Ծնողի համար շատ դժվար է, բայց կաշվից էլ դուրս գալով փորձում ենք այնպես անել, որ երեխաներն ապագա ունենան»,- ասում է նա` հավելելով, որ ուսման վարձավճարներն ու ծնողների աշխատավարձերն անհամատեղելի են:

Կարինեի հույսն այն է, որ  որդին անվճար կընդունվի, և հարկ չի լինի մտածել վարձավճարը հայթայթելու մասին:  Իսկ եթե վճարովի համակարգում ընդունվի, ապա կգնա,  բանակում կծառայի, կվերադառնա, նոր կշարունակի ուսումը. մինչ այդ ավագ քույրն արդեն ավարտած կլինի:

Տիկին Նաիրան էլ մեզ հետ զրույցի պահին որդու հետ փորձում էր որոշում կայացնել, թե ԵՊՀ որ ֆակուլտետն ընտրեն. մաթեմատիկայի՞, թե՞ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի: Ասում է, որ Հայաստանում աշխատավարձերը և ուսման վարձերը սարի ու ձորի տարբերություն ունեն, ուստի չեն էլ մտածել վճարովի համակարգում ուսանելու տարբերակի մասին. հույս ունեն, որ որդին, ինչպես և ավագ եղբայրը, անվճար համակարգում կսովորի:

եպհ1Այս տարվա առաջինկուրսեցիները ստիպված կլինեն մինչև 150 հազարով ավելի վճարել իրենց ուսման համար:

Վարձավճարները կտրուկ են բարձրացել ԵՊՀ-ում. այստեղ բոլոր ֆակուլտետներում նախորդ տարվա համեմատ վարձավճարն ավելացել է 100 հազար, իսկ որոշ ֆակուլտետներում էլ 150 հազար դրամով: Այսպես, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում վարձավճարն այս տարի կլինի 500 հազար` ի տարբերություն նախորդ տարվա 300 հազար դրամի, Սերվիս   ֆակուլտետում` 450 հազար  նախորդ ուսումնական տարվա 300 հազարի փոխարեն: Այժմ  ԵՊՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 400 հազար դրամն է:

Թանկացումներով հաջորդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը,  որտեղ  վարձավճարները բարձրացել են 60-140 հազար դրամով: Այստեղ, օրինակ` «գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը յուրացնելու համար ուսանողները ստիպված կլինեն վճարել 560 հազար դրամ նախորդ տարվա 420 հազար դրամի փոխարեն: Վարձավճարների նվազագույն շեմը 450 հազար դրամն է:

Երրորդ տեղում  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ  բոլոր ֆակուլտետներում վարձավճարներն ավելացել են 100 հազար դրամով, և այս բուհում վարձավճարների նվազագույն շեմը 500 հազար դրամն է:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսումը թանկացել է 60-70 հազար դրամով: ՀՊՃՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 2013-2014 ուսումնական տարվա համար 402 հազար դրամն է:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում ուսումը թանկացել է  60 հազար դրամով,  վարձավճարների նվազագույն շեմը 360 հազար դրամ է:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վարձավճարներն ավելացել են  10-40 հազար դրամով` 240 հազար դրամ նվազագույն շեմով:

Ուսումը 100-200 հազարով թանկացել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 50-70 հազար դրամով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ginՎարձավճարներն այս ուսումնական տարում անփոփոխ են մնացել Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում (580-800 հազար դրամ), Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (բոլոր ֆակուլտետներում ուսման վարձը 400 հազար դրամ է), Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (նվազագույն շեմը` 260 հազար):

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ուսման վարձի թանկացումն ինքնապատակ չէ, կրթությունն ունի իր գինը, իսկ  վերջին երեք տարիներին ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից.  «Ուսման վարձի թանկացումը նպատակ է հետապնդում բարձրացնել դասախոսների աշխատավարձերը։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում որպես հասարակություն, եթե ուզում ենք, որ դասախոսի աշխատավարձը բարձր լինի, պիտի պատրաստ լինենք ուսման վարձի թանկացմանը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության մշակույթի,  երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանն էլ, անդրադառնալով ուսման վարձերի և աշխատավարձերի տարբերությանը, ասում է. «Գիտենք,որ հուլիսի 1-ից լինելու է նվազագույն աշխատավարձի բարձրացում  շուրջ 30 տոկոսի չափով: Կասեք, թե դա բավարար չէ, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր գինը»:

Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի խոսքով. «Որակյալ կրթությունը  թանկ է, բայց… բայց , և այդ բայցերը պետք է հաշվի առնել»: Ղուկասյանն ասում է, որ վարձերի այդչափ բարձրացումը կարող է մատչելիության առումով խնդիրներ ստեղծել և դիմորդները պակասեն:

Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում սոցիալական  ծրագրեր, համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի կրթությունը շարունակի մատչելի մնալ հանրության լայն շերտերի համար: «Որակյալ կրթության համար պետք է թանկ վճարել,  այլ հարց է`  ի վիճակի՞ է արդյոք ՀՀ քաղաքացին վճարել դրա համար,- ասում է Ղուկասյանը:-  Ամեն դեպքում 100 հազարով  թանկացումը մեծ գումար է,  հույս ունեմ, որ կրթության որակն էլ կլավանա»:

Բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու համար նախագահի նախաձեռնությամբ գործում է ուսանողական վարկերի նախագիծը: Առևտրային բանկերն առաջարկում են ուսանողական վարկեր առավելագույնը 1 800 000 դրամի չափով: Ըստ այդմ` բանկը կարող է   4 տարվա ընթացքում 4 անգամ փոխանցում կատարել բուհի հաշվեհամարին առավելագույնը 450 հազար դրամի չափով` կախված վարձավճարից: Վարկի հատկացման համար հարկավոր են երկու երաշխավորներ, որոնցից մեկը պետք է ուսանողի ծնողը լինի: Վարկը հատկացվում է մինչև 10 տարի ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, ուսման տարիներին վճարվում են միայն տոկոսադրույքները, իսկ ուսումնառության ավարտից հետո սկսվում է վարկի մայր գումարի  մարումը:

Ծրագիրը ենթադրում է, որ պետբյուջեից կսուբսիդավորվի վարկի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմության դեպքում` 3 տոկոսը: Նմանատիպ պայմաններով  ուսանողական վարկեր  են տրամադրում, օրինակ, «Անելիք», ՎՏԲ,  «Արարատ», «Կոնվերս» բանկերը:

Ուսանողական վարկերին, սակայն, ծնողները թերահավատորեն են վերաբերվում, քանի որ վստահ չեն, որ իրենց երեխան բուհն ավարտելուց հետո աշխատանք կկարողանա գտնել: Ստացվում է, որ կրթության մատչելիության խնդիր ունեցող ուսանողները, օրինակ, ստիպված կլինեն ընտրել մանկավարժական համալսարանը, մինչդեռ ԿԳ նախարարը պարբերաբար հայտարարում է, որ մեր երկրին նոր մանկավարժներ պետք չեն. կադրերի ավելցուկ կա:

 

 

Սասանված հեղինակությունը վերականգնել է պետք

մինասյան-վարդանՀունիսի 7-ին Երևանում և հունիսի 11-ին Կոպենհագենում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կմրցի Մալթայի և Դանիայի հավաքականների հետ: Եվրոպական B խմբում ընդգրկված մեր երկրի թիմն այդ հանդիպումների ընթացքում պետք է փորձի լավ խաղ ցուցադրել, վերականգնել սասանված հեղինակությունը: Թե դա ինչքանով է իրատեսական` կպարզվի առաջիկայում: Փաստն այն է, որ մեր երկրի հավաքականն անհաջող է հանդես գալիս այդ ստուգատեսում և անցկացրած 4 խաղից հետո վաստակած 3 միավորով հանգրվանել է աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականում:

Առաջիկա մրցակիցը` խմբում վերջին տեղը զբաղեցնող Մալթայի հավաքականը, ամենևին էլ ուժեղ չէ: Դեռևս ոչ մի միավոր չունի, և անցկացրած 5 խաղերում միայն պարտություններ է կրել: Այնպես որ, եթե Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում Հայաստանի ընտրանին չկարողանա հաղթել մրցակցին, ապա անհաջողություն կհամարվի:

Ի դեպ, մերոնք առավելության են հասել միայն Մալթայի (1:0) թիմի նկատմամբ և տանուլ են տվել մյուս  երեք խաղերը: Այդ է պատճառը, որ օրակարգային էր դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հարցը: Այն չընդունվեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ այդ ելքը, հետո էլ նույնպիսի դիրքորոշում դրսևորեց ՀՖՖ գործկոմը: Փաստորեն, եթե թիմն առաջիկա խաղերում չարդարացնի իրեն, ակնհայտ կդառնա, որ այդ քայլը սխալ է եղել և Հայաստանի հավաքականի անհաջողությունների պատճառներից մեկն էլ բարձրակարգ մարզիչ չունենալն է: Իսկ  լավ մասնագետի հրավիրելու համար մեծ փողեր են անհրաժեշտ:

Մեր թիմի ֆուտբոլիստների զգալի մասն արտասահմանյան ակումբներում է խաղում: Հիմնական հույսն այն է, որ նրանք իրենց լավ կդրսևորեն:

Հատկապես սպասելիքները մեծ են Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանից: Նա հավաքականում մի փոքր զգուշավոր է և ընտրական այս մրցափուլում աչքի չի ընկել տպավորիչ խաղով: Ուկրաինայի առաջնության վերջին հանդիպումներում Մխիթարյանի մեջ որոշ հոգնածություն էր նկատվում, հաճախակի էր սխալվում: Այնուամենայնիվ Հենրիխն ի վիճակի է երկու հանդիպում նվիրումով անցկացնել, մնում է սպասել, որ նրա խաղը կստացվի: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին վերջին շրջանում խանգարում է վնասվածքը, և դժվար է ասել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել: Բայց Մովսիսյանը և Մխիթարյանը դարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի ավարտված առաջնությունների ռմբարկուներ և խնդիր ունեն գնդակներ խփելու նաև Հայաստանի հավաքականի մարզազգեստով խաղադաշտ դուրս գալիս: Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին էլ թեև երբեմն-երբեմն խանգարում է վնասվածքը, այդուհանդերձ նրանից առաջիկա խաղերում սպասելիքները մեծ են: Մարկոս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և իրեն դրսևորելու նոր հնարավորություններ է  ստացել, այնպես որ լավ տրամադրությամբ կարող է մասնակցել առաջիկա խաղերին: Նույնը կարելի է ասել նաև Արթուր Սարկիսովի մասին, որը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում վարձավճարով էր հանդես գալիս և այժմ վերադարձել է հարազատ ակումբ` Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Ռոբերտ Արզումանյանն էլ ղազախական «Ակտոբեի» կազմում  բացել է իր խփած գնդակների հաշիվը: Էդգար Մանուչարյանն էլ (Ռուսաստան, «Ուրալ») վատ մարզավիճակում չէ:

Մտահոգում է այն, որ  հավաքականի խաղացողներից  ոչ բոլորն են իրենց թիմերի  մեկնարկային կազմերում եղել, խաղային փորձ կուտակել: Մասնավորապես, Դոնեցկի  «Մետալուրգի» ներկայացուցիչներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն այդ կարգավիճակում են եղել: Նույնը կարելի է ասել մաև Մոսկվայի «Դինամո» ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգած դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին:

Ինչևէ, Վարդան Մինասյանն ընտրության մեծ հնարավորություններ ունի: Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել միայն Լևոն Հայրապետյանը (Լեհաստան, «Լեխիա») և Հրայր Մկոյանը (Չեխիա, «Բուդեյովիցե»): Ի դեպ, Մինասյանը շարունակում է զարմացնել իր որոշումներով: Բանն այն է, որ նա նախկինում հավաքական էր հրավիրում  Մոլդովայի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ ակումբի ներկայացուցիչ Զավեն Բադոյանին, երբ նա թիմում չէր խաղում: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի մեկնարկային կազմում էր, սակայն Հայաստանի հավաքականի մարզիչը նրան հրավեր չի ուղարկել:

Ինչ վերաբերում է առաջիկա Հայաստան-Մալթա խաղին, ապա ենթադրվում է, որ «Հանրապետական» մարզադաշտը լեցուն չի լինի հանդիսականներով: Պատճառները տարբեր են: Դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ տոմսերի գները նույնն են մնացել, ինչ ավելի հեղինակավոր մրցակիցների հանդիպումների ժամանակ:

Վարչապետի հանձնարարականով Մրգաշատի բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով

6739_en_4Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով:
Նշենք, որ ս.թ. մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում կառավարության ղեկավարը, հյուրընկալվելով Մխիթարյանների` 14 անդամներից (որոնցից 11-ը երեխա) բաղկացած ընտանիքին, խոստացել էր ամենասեղմ ժամկետում լուծում տալ այդ հարցին: Ընտանիքն ապրում էր վթարային՝ 2 սենյակից բաղկացած, կիսափուլ տանը:
Վարչապետի հանձնարարությամբ, այսօր Մխիթարյանների ընտանիքի համար ձեռք է բերվել երկհարկանի նոր առանձնատուն նույն գյուղում` 2500 քմ տնամերձ հողամասով:
Իր հերթին Մրգաշատ համայնքի գյուղապետարանը բազմազավակ ընտանիքին կտրամադրի գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար հողատարածք:

«Սմարթը» Հայաստանում կիրականացվի 3-րդ անգամ

image(1)Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողոում քննարկվեցին մարզաձևի զարգացմանն առնչվող հարցեր, կայացվեցին մի շարք ուշագրավ որոշումներ: Առաջիկա երեք տարիներիներին Եվրոպայի հանդբսլի ֆեդերացիայի աջակցությամբ «Սմարթ» ծրագիրը կիրականացվի մեր երկրի հանրակրթական դպրոցներում: Հայաստանից համաժողովին մասնակցած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանն այդ կապակցությամբ պայմանագիր կնքեց Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան Բրիհոլտի հետ: Ներկա էր նաև Եվրոպայի հանդբոլի ֆեոդերացիայի մեթոդական կոմիտեի նախագահ Ջերֆի Էլիասը:

«Սմարթ» ծրագրի շնորհիվ հանդբոլն արմատավորվում է հանրակրթական դպրոցներում, պատանիներին և աղջիկներին գրավիչ այդ մարզաձևով կանաոնավոր պարապելու հնարավորություն է տրվում: Տրամադրվում են գնդակներ, մարզագույք, մասնագետների համար միջազգային սեմինարներ կազմակերպվում, իսկ պարապմունքները վարող դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները խրախուսվում են` վարձատրվում: Եվ ահա, Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի մի շարք կրթօջախների սովորողներն առաջիկա երեք տարիներին հանդբոլի կանոնավոր պարապմունքներ անցկացնելու հնարավորություն կունենան:

Նախկինինում «Սմարթ» ծրագիրը մեր երկրում իրականացվել է 2006-2009-ին, 2009-2012-ին: Եվ ահա, այն շարունակվելու է:

Ի դեպ, Հին աշխարհամասի ոչ բոլոր երկրների հանդբոլի ֆեդերացիաներին է հնարավորություն տրվում «Սմարթ» ծրագրի օգնությամբ աշխատանքները կազմակերպել: Հաշվի է առնվում,  թե մարզաձևի մասսայականացման ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են կատարվում, ինչ առաջընթաց կա:

Հավելենք, որ 3-րդ անգամ հանդբոլի  «Սմարթ» ծրագիրն իրականացնելու իրավունք ստացան նաև Մոլդովայի ներկայացուցիչները: