Ադրբեջանում երգչուհին թևին դաջել է Հ. Ալիևի ստորագրությունը (լուսանկար)

1Ադրբեջանում տիպիկ ադրբեջանական “նորաձևության” նոր տենդենց է նկատվում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, Ադրբեջանում այսօր արդեն նորաձև են Հեյդար Ալիևի ստորագրությունը պատկերող դաջվածքները: Շոու բիզնեսի իգական սեռի շատ ներկայացուցիչներ որոշել են նոր ուղղություն մտցնել նորաձևությունում. իրենց մարմնի  վրա դաջում են Հեյդար Ալիևի ստորագրություն:
2Ադրբեջանում հայտնի երգչուհի Ռաքսանան սոցիալական կայքերից մեկի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ աղջկա թևին դաջված է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Երգչուհին նկարին կից հետևյալ մեկնաբանությունն է թողել. “Այսպես ես արտահայտում եմ սերս իմ նախագահի նկատմամբ”:
Հեյդար Ալիևը ծնվել է 1923թ.-ի մայիսի 10-ին: Նա երկիրը ղեկավարել է 1993-2003թթ.: Նրան փոխարինել է իր որդին` ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն է:

Գյումրին քաղաքապետարանը որոշեց հանձնել ոստիկանությանը

IMG_0463“Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս քաղաքի բոլոր խաչմերուկներում տեղադրել անհրաժեշտ քանակի լուսացույցեր, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, վերանորոգել և թարմացնել նախկինում տեղադրված նշանները, անընդհատ կատարել փողոցների գծանշումները, իսկ կառավարության կողմից քաղաքապետարանին համապատասխան միջոցներ չեն հատկացվում: Ուստի, նպատակահարմար է այդ աշխատանքների կազմակերպումը փոխանցել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նշված գույքը` փաստացի վիճակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը”, – այսպիսի ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանը: Խոսքը վերաբերում է Գյումրու համայնքային հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցերը և այլ տեխնիկական միջոցները` փողոցային երթևեկության բոլոր նշանները, ՀՀ-ին նվիրատվությամբ հանձնելու մասին ավագանու համաձայնությունը ստանալուն:

Ըստ ոլորտի պատասխանատուի ամբողջ հանրապետությունում միայն երկու քաղաքում է, որ այս տեխնիկական միջոցները գտնվում են համայնքային հոգածության ներքո`Գյումրի և Վանաձոր քաղաքներում, մնացած բոլոր բնակավայրերում դրանք վաղուց հանձնված են ճանապարհային ոստիականությանը:
“Մենք որոշ չափով քաղաքի տեխնիկական միջոցների վիճակը բարելավել ենք, մասնավորապես, քաղաքում գործող 12 լուսացույցերից 11-ն արդեն փոխարինվել են թվային-ցուցիչային լուսացույցերով, իսկ որտեղ դեռ չեն փոխարկվել, մեկ շաբաթվա ընթացքում կկատարվեն: Սակայն մեր քաղաքին մոտ 30 լուսացույց է հարկավոր, դրանք բավական թանկ հաճույք են: Պիտի ասեմ, որ մինչև հիմա քաղաքի լուսացույցերը փոխվել են քաղաքապետի անձնական միջոցների հաշվին, քաղաքապետարանի բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվել”, – ասում է Կնյազ Մանասյանը:
Այս տարի քաղաքային բյուջեից ոլորտը սպասարկելու համար հատկացվել է 14,5-15 մլն դրամ, արդեն պատվիրվել են շուրջ 83 նոր նշաններ:
“Ճանապարհային ոստիկանության կողմից նախնական հաշվարկներ են կատարվել և դա ներկայացվել է ֆինանսների նախարարությանը, որ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ճանապարհային երթևեկության միջոցները իդեալական վիճակում լինեն, անհրաժեշտ է 480-ական մլն դրամ գումար: Ես չեմ կարող ասել, այդ չափի գումարը կհաստատվի, թե ոչ, բայց մեր այսօրվա ունեցած միջոցներից որ շատ կլինի”, – ավագանու անդամներին զեկուցեց բնակկոմունալ բաժնի պետը:
Խնդրին անդրադառնալով քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ես առաջարկեցի այդ 480 մլն-ի 50 տոկոսը մեզ տան, և մենք կատարենք աշխատանքները, բայց չհամաձայնեցին: Բայց ավելի լավ է մենք կարողանանք վերահսկողություն կատարել: Եթե այդքան գումար է հատկացվում, ապա պիտի որակ ապահովվի. եթե փողոցների գծանշումները կատարելու համար 1 կգ ներկն արժե 700 և 13,000 դրամ, բնականաբար այդ էժանն անորակ է և շուտ է ջնջվում”:
Գյումրու ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը նախագծին դեմ արտահայտվեց, նշելով, թե նախևառաջ, ոչ մի համայնք իրավասություն չունի վերահսկողություն սահամանել կառավարության աշխատանքներին, առավել ևս նրանց պարտավորեցնել լուսացույց նորոգել և այլն. “Այդ պատճառով, առաջարկում եմ ոչ թե կառավարությանը նվիրաբերել համայնքի սեփականությունը, այլ ինչ-որ ժամկետով կառավարության պահպանությանը տրամադրել”:
Սակայն, ավագանու մյուս անդամները կողմ քվեարկեցին և ավագանու որոշմամբ Գյումրի քաղաքի լուսացույցերն ու տեխնիկական միջոցները նվիրաբերվեց ՀՀ կառավարությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարցին

Shavarsh-QocharyanՀարց.

Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

 

Պատասխան.

Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել:

 

 

Համեմատականներ Թուրքիայի և Բրազիլիայի հակակառավարական ցույցերի միջև

brazilԻնչպես գիտենք՝ այս օրերին հակակառավարական ցույցեր են ընթանում ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Բրազիլիայում: Ահա Վաշինգթոնի Բրուքինգսի համալսարանի փորձագետ Վանդա Բրաունը փորձել է վերլուծել այս երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները, անցկացնել համեմատականներ, գտնել նմանություններ և տարբերություններ:

Թուրքիան և Բրազիլիան համարվում են «աճող ուժ» և հանդիսանում են առաջատար իրենց տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Սակայն նրանց մեջ կա նաև տարբերություններ: Դրանք հիմնականում կապված են հասարակական ոլորտի վրա տնտեսական աճի ազդեցության հետ: Եթե Թուրքիայում վերջին տասը տարիներին տնտեսական աճը դրական ազդեցություն է գործել բնակչության միջին և ցածր խավերի վրա, ապա Բրազիլիայում դա տեղի չի ունեցել:
Երկու երկրներին միավորում են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ զանգվածային ցույցերը, բողոքները, որոնք կարծես թե աննշան պատճառներից սկսվեցին: Թուրքիայում դժգոհության առիթ դարձավ Թաքսիմի «Գեզի» այգու ծառահատումը, իսկ Բրազիլիայում մարդիկ բողոքի ցույցերի դուրս եկան հասարակական տրանսպորտի ուղեվճարի թանկացման պատճառով: Սակայն եթե Բրազիլիայում ցույցերի պատճառը սոցիալական անարդարությունն էր, ապա Թուրքիայում ցուցարարները կառավարությանը սկսեցին մեղադրել խոսքի ազատության սահմանափակման և քաղաքացիների անձնական կյանքին խառնվելու մեջ, այսինքն ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման:
Ակնհայտ է, որ երկու երկրներում էլ ցույցերի իրական պատճառը քաղաքացիների դժգոհությունն է իշխող կառավարությունից, պարզապես դրանց պատճառներն են տարբեր:

Արդեն Սոմալին է դուրս եկել Էրդողանին աջակցելու

somaliՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին Թաքսիմի «Գեզի» այգու իրադարձությունների հետ կապված աջակցության ցույց, որը կազմակերպվել է Սոմալիի ուսանողական միության կողմից: Ակցիայի մասնակիցները պարզել են թուրքական դրոշներ և բացականչել են Էրդողանին աջակցող արտահայտություններ, ում կառավարությունը, ըստ նրանց մեծ աջակցություն է ցույց տվել Սոմալիին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցի կազմակերպիչ ուսանողական միության նախագահը նշել է, որ Էրդողանը ամենածանր օրերին Սոմալիի կողքին է եղել և այժմ իրենք շատ վշտացած են, որ Էրդողանը Թուրքիայում հայտնվել է քննադատական ալիքի տակ: Ըստ նրանց՝ Էրդողանը արժանի չէ նման վերաբերմունքի և նրա դեմ ուղղված ուժերը ղեկավարվում են Թուրքիայի և իսլամի թշնամիներով:
Փաստորեն վարչապետ Թայիփ Էրդողանը իր կատարած աֆրիկյան շրջագայության ժամանակ կարողացել է լավ համակիրներ ձեռք բերել:

Երևանի քաղաքապետը հանդիպել է 33-րդ թաղամասի նախկին բնակիչների հետ

001 (6)Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչների խնդրանքով հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ: Բնակիչները մտահոգություններ են փոխանցել քաղաքապետին՝ իրենց իրացված տարածքների հետ կապված հարցերի լուծման ձգձգման կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետին կից ստեղծված է  միջգերատեսչական հանձնաժողով, նշել է, որ այն համակողմանիորեն քննարկում է ստեղծված իրավիճակի լուծման եղանակները:

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ որպես հանձնաժողովի անդամ՝ մշտապես արծարծում է բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու հավելել է, որ արվում է հնարավորը՝ դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը առաջընթաց է գրանցել. զեկույց

ջոն քերիՀունիսի 19-ին պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են և դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

ՀՀ կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանն համարվում է մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն անդրադարձ է կատարել այս փաստին իր տեսաուղերձում, որը ներկայացված է դեսպանատան կայքում և ֆեյսբուքյան էջում:

Մարդկանց թրաֆիքինգի մասին պետքարտուղարության զեկույցն այն հիմնական դիվանագիտական գործիքն է, որով Միացյալ Նահանգների կառավարությունը ներգրավում է օտարերկրյա պետություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Զեկույցը ներկայացնում է նորովի ու համընդհանուր վերլուծություն մարդկանց թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ողջ աշխարհում և պետությունների կողմից ձեռնարկվող գործողությունների լայն շրջանակը, որն ուղղված է խնդրի վերացմանն ու դրա դեմ պայքարին: Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի միջոցով ԱՄՆ կառավարությունը երկխոսություն է ծավալում տարբեր պետությունների հետ հակաթրաֆիքինգային բարեփոխումների իրականացման, թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև կանխարգելման, պաշտպանության և քրեական կարգով հետապնդման ծրագրերին ռեսուրսներ ուղղելու վերաբերյալ: Այս զեկույցն օգտագործվում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և հասարակական կազմակերպությունների կողմից որպես մի գործիք, որ թույլ է տալիս վերհանել այն ոլորտները, որտեղ ռեսուրսներ ուղղելու անհրաժեշտություն կա: Այս զեկույցի և Միացյալ Նահանգների հակաթրաֆիքինգային քաղաքականության անմիջական նպատակն է զոհերին ազատելը, թրաֆիքինգը կանխարգելելը և թրաֆիքինգ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելը:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում պետքարտուղարությունը իրականացնում է երկրների դասակարգում երեք խմբերում՝ դիտարկելով տվյալ պետության ջանքերը «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտների» ապահովման մասով: Արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգի հարցերով նախարարական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ԶԼՄ-ների և տարածաշրջանային գործընկերների հետ: 2012թ. ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդումների ավելացում, ընդ որում մեղավորների նկատմամբ կիրառվել են խիստ պատժամիջոցներ և չեն կայացվել պայմանական ազատազրկման վճիռներ:

Թեպետ առաջին խումբը ամենաբարձր վարկանիշն է, սակայն դա չի նշանակում, որ երկրում թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ պետությունն ընդունում է, որ խնդիրը կա, նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և բավարարում է որոշակի ստանդարտների: Ամեն տարի պետությունները պետք է կարողանան ի ցույց դնել որոշակի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզում, որպեսզի պահպանեն դասակարգման սանդղակում իրենց առաջատար դիրքը: Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները երբեք ոչ մի երկրում չի կարելի ավարտված համարել:

Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումը

10489_am_1ՀՀ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ:
«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները: Պետք է թիրախավորել շոշափելի, կարևորագույն 2-3 հիմնարար խնդիր և պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծություն, թե այդ բնագավառներում որոնք են կոռուպցիան ծնող պատճառները և ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի վերացնենք դրանք»,– ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն էլ կարգավորիչ Գիլյոտինն է, որի նպատակն է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը: Վարչապետը նշել է, որ շնորհիվ Եվրամիության ու դոնոր կազմակերպությունների օժանդակության՝ այդ ծրագիրն այսօր արդյունավետորեն է աշխատում: Առաջին օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, հանձնաժողովի կողմից ընդունվել է համապատասխան մեթոդաբանություն, թե ինչպես պետք է այն գործի, ընտրի թիրախներն ու գործառույթներն իրականացնելու մեթոդը, որպեսզի կարճ ժամանակում ստացվեն էֆեկտիվ արդյունքներ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք ևս դրական արդյունքներ են տվել: Այդ տեսակետից, վարչապետն առանձնացրել է ձեռնարկությունների գրանցման միասնական ռեգիստրում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ում ձեռնարկությունների գրանցման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերը հասցնել նվազագույնի: «Այսօր Հայաստանում հնարավոր է էլեկտրոնային եղանակով, տնից դուրս չգալով 15 րոպեում ձեռնարկություն գրանցել: Սա նույնպես Doing Business-ի համար բարենպաստ միջավայր է ստեղծել: Կարելի է հիշատակել կադաստրում իրականացված միջոցառումները, որոնք էապես նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը: Ներդրվել է էլեկտրոնային միասնական տվյալների բազա, սպասարկման մեկ պատուհանի սկզբունք և մեր քաղաքացիների գնահատմամբ սա այն բնագավառն է, որտեղ արձանագրվել է լուրջ առաջընթաց»,– նկատել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտը, որովհետև, ըստ Տիգրան Սարգսյանի, այն առնչվում է հազարավոր մարդկանց հետ: «Եթե մենք կարողանանք առողջապահության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրել, ապա բնակչության կողմից կլինի վստահություն, որ կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է դրական արդյունքներ»,– նշել է կառավարության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ հակակոռուպցիոն բնագավառում համագործակցության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

001«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար և նշել, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրն իսկապես սպասված էր. «2001թ.-ից ի վեր հիմնադրամի կողմից ծավալած մարդասիրական գործունեության արդյունքում բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացվել, որոնք իսկապես արժանի են գնահատանքի: Եվ իմ ու մայրաքաղաքի, հատկապես՝ «Հույսի ավանի» բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ բարեգործական և անձնվեր աշխատանքի համար: Վստահ եմ, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերը կլինեն շարունակական» ,- նշել է Տարոն Մարգարյանը:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեգործական ծրագրերին մշտապես աջակցելու համար` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և վստահեցրել է, որ հիմնադրամի ծրագրերն անպայման կլինեն շարունակական: Պարույր Ջանբազյանը նաև հավելել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի առաջիկա  տարիների ընթացքում ավարտին հասցնել բարեգործական ծրագիրը և ավելացնել սոցիալապես անապահով 76 ընտանիքների համար արդեն իսկ կառուցված բնակարանների թիվը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք

10488_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստի օրակարգի ձևավորումը վարչապետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` այդ կերպ արձագանքելով ՀՀ վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությանը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը խիստ շահագրգռված է, որպեսզի պալատի բացահայտումներն անհապաղ հանձնվեն իրավապահ մարմիններին, որպեսզի օրենսդրորեն սահմանվի պալատի հաշվետվության ներկայացման կանոնակարգը։Վարչապետը նաև նախարարներին հանձնարարել է անպատասխան չթողնել Վերահսկիչ պալատի մեղադրանքները։

Սոցիալական ոլորտը մնում է կառավարության ուշադրության կենտրոնում

Հիմք ընդունելով «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը` կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, նվազեցնել կոռուպցիոն ռիսկը։ Անձը հնարավորություն կունենա կասեցման համար սահմանված ժամկետում վերադաս մարմնից ստանալ համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, ինչի շնորհիվ փորձաքննական որոշումը կկայացվի առավել օբյեկտիվ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել մոտ մեկ տարի առաջ նախարարությունում անցկացված խորհրդակցությունից և տրված հանձնարարություններից հետո։ Նախարարը թվարկել է աշխատանքի էական բարելավմանն ուղղված, այդ թվում` կադրային փոփոխությունները, նշել, որ զգալիորեն պակասել են քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությանը, ապա այն նույնպես հիմնովին բարեփոխվել է, և դա զգացել են տասնյակ հազարավոր մարդիկ։
ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի հետգնման միջոցով նվազեցրել է ՀՀ առողջապահության նախարարության հարյուր տոկոս պետական մասնակցությամբ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ների զուտ ակտիվները։ Որոշման նպատակն է ոչ միայն առողջացնել նշված առևտրային կազմակերպությունները, այլև դրանք ՀՀ պետբյուջե շահութաբաժին վճարող դարձնել։
Մեկ այլ որոշմամբ անհետաձգելի է համարվել և ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան առավելագույնը 1 հազար 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև ՀՀ սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված ծախսերը։ Նախարարությանը նաև թույլատրվել է գնման ձևով պայմանագիր կնքելու միջոցով ձեռք բերել 450 տոննա փաթեթավորված ցեմենտ` 1 տոննան առավելագույնը 52 հազար դրամով։


Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են պահպանվում հուշարձանները

Գործադիրն ընդունել է գնման գործընթաց կազմակերպելու որոշում` սահմանելով, որ 2013 թ. պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական 11 հուշարձանի վերականգնման, մեկ հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Ցանկում տեղ են գտել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Լոռու մարզի Սանահինի վանքը, Կոտայքի մարզի Բջնո ամրոցը, Սյունիքի մարզի Որոտնավանքը և այլ հուշարձաններ։ «Կոնկրետ Սանահինում մեծածավալ աշխատանքներ են կատարվել, – հարցի առնչությամբ ասել է վարչապետը։ Գերմանական, իտալական, ֆրանսիական մասնագետներ են այցելել Սանահին, տվել իրենց մասնագիտական եզրակացությունները։ Ես տեսա, որ արդեն բավական մեծածավալ աշխատանք է կատարված»։ Վարչապետը հետաքրքրվել է, թե այս պահին Սանահինի հետ կապված ինչ հարցեր են մտահոգում հասարակական կազմակերպություններին։ Մտքերի փոխանակության ընթացքում պարզվել է, որ հանրությունը հաճախ թյուր պատկերացում է կազմում արվածի վերաբերյալ, քանի որ տեղեկության պակաս ունի։ Օրինակ` մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաներով հետազոտություն են արել և պարզել, որ հիմնական պատի հիմքն ամուր է, և փլուզման վտանգ չկա։ Հատկացված միջոցներով այս տարվա ընթացքում էական առաջընթաց կարող է արձանագրվել։ Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներին հանձնարարել է ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց փոխանցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եզրակացությունները։
Ընդլայնվում է միջազգային համագործակցությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա կնքված «Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերականգնում» պայմանագրով նախատեսված է առաջացող հարկերը և պետտուրքերը ֆինանսավորել ՀՀ պետբյուջեից` որպես Ծրագրի համաֆինանսավորում, ինչը և արվել է կառավարության որոշմամբ։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև վերջերս ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում. երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որով տրամադրվում է 5 մլն եվրոյի վարկ։ Ծրագիրն ավարտվելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը։Այս երկու հարցերին անդրադառնալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, թե եվրոպական ֆինանսական կազմակերպություններն ինչ մեխանիզմներով են վերահսկում իրենց տրամադրած վարկերի նպատակային օգտագործումը. պատասխանատուները հավաստիացրել են, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն եկել։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով այդ համակարգերը նվիրաբերվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի 26 համայնքներին։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ստորագրած բնածին և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քատարի Պետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Կներդրվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը, որի համաձայն 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի Հր. Աճառյան 31 հասցեում գտնվող շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված 2.65 հա մակերեսով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին և դրա նկատմամբ իրականացնել սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Որոշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվում խորհրդի պատվավոր նախագահ ընտրելու իրավասությունը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որը միտված է ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգի կատարելագործմանը։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության 2012 թ. ընթացքում կատարած ստուգումների արդյունքում վիճակախաղի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը ցածր է եղել։ Սույն որոշմամբ որոշ չափանիշներ փոխարինվել են նորերով, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը։
Գործադիրը որոշել է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի որոշակի ծածկագրերի ապրանքախմբերին դասվող ապրանքների պարտադիր դրոշմավորման համար 2013 թ. հուլիսի 1-ից կիրառության մեջ դնել «Ա» սերիայի դրոշմապիտակները։ Նիստում սահմանվել է ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպման պարզեցված կարգը։
Կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է դատախազի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը` ուժը կորցրած ճանաչելով նախկին նույնաբովանդակ որոշումը։


Դրամարկղային գրքի վարումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի դրամարկղային գիրքը վարվի էլեկտրոնային եղանակով` նպաստելով երկրի գործարար միջավայրի բարելավմանը։
Գործադիրը քննարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին։ Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Արցախի Մարտունի քաղաքում բախվել են մեքենան և մոտոցիկլը

բախվել են մեքենան և մոտոցիկլըՀունիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և «ՄԻՆՍԿ» մակնիշի մոտոցիկլը: Փրկարարները տուժածին` մոտոցիկլի վարորդ, 1991 թ. ծնված Ն. Ավագյանին տեղափոխել են Մարտունու շրջանային հիվանդանոց, որտեղից էլ` Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:

ԵՄ-ն պատերազմ է հայտարարում մազերի ներկերի դեմ

ol3001371549995Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ  անցկացված ուսումնասիրությունը հաստատեց, որ մազերի ներկի մեջ պարունակվող շատ նյութեր խիստ վտանգավոր են առողջության համար:

Փորձագետները վստահեցնում են, որ խոսքը ոչ միայն էժանագին ներկերի, այլև համաշխարհային ճանաչման արժանացած «L’Oreal», «Clairol” և ուրիշ  ապրանքանիշերի արտադրանքների մասին է :

Ներկերում վտանգավոր են ճանաչվել 36 նյութեր, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ` մահվան հանգեցնել: 2011-ից  ներկ արտադրողները ապրանքի փաթեթի վրա նշում են, որ այն կարող է ալերգիա առաջացնել, սակայն եվրահանձնաժողովը պահանջում է, որ այդ նախազգուշացումները շատ լավ տեսանելի լինեն:

Օձը խայթել է Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքի 10-ամյա աղջկան

shtap-300x240Հունիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքի բնակչուհի` 2003 թ. ծնված Մ. Նազարյանին իրենց տան բակում օձը խայթել է (աջ ոտնաթաթի հատվածում): Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Հրդեհներ Արցախում

big_1371730752_LXH PC logoՀունիսի 15-ին հրդեհ է բռնկվել Հադրութի շրջանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 5 հա մակերեսով խոտածածկ տարածք:
***
Հունիսի 18-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Ղարվենդ» տեղանքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է 100 հա չոր խոտածածկ տարածք:

***
Հունիսի 19-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Նորշեն համայնքի բնակիչ Գ. Ասրյանի տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ամբողջությամբ այրվել է Գ. Ասրյանին պատկանող 2-հարկանի բնակելի տունը:

Զենք-զինամթերքի հայտնաբերում Արցախում

Զենք-զինամթերքՀունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ս. Վանյանը տնամերձ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (1 միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

***
Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Օրբելի 1 տան մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ նռնակ և մեկ ինքնաձիգի պահունակ) վնասազերծել են:

 

Բոսնիայում դարպասապահը խաղացել է փամփուշտը գլխի մեջ

i (10)Սարաևոյից ոչ հեռու, սիրողական ֆուտբոլային խաղի ժամանակ, դարպասապահի գլխի մեջ փամփուշտ է հայտնվել:

Սակայն, 51-ամյա դարպասապահ Դուշկո Կրտալիցան դրան ուշադրություն չի դարձրել: Խաղի ժամանակ նրա գլուխը սկսել է ցավալ, սակայն Կրտալիցան ենթադրել է, որ ցավը դարպասաձողին հարվածելու հետևանք է ու, շարունակել է խաղը` ընդամենը մեկ գնդակ բաց թողնելով դարպաս:

Խաղի ավարտին հնչած սուլոցից հետո Կրտալիցան դիմեց բժշկի, քանի որ գլխացավը ուժգնանում էր և, բացի այդ, թուլանում էր ձախ ձեռքը: Նրան իսկույն տեղափոխեցին Սարաևոյի հիվանդանոց, որտեղ էլ ռենտգենով հայտնաբերվեց փամփուշտը, որը հետո վիրաբուժական եղանակով հեռացրին:

Վարկածներից մեկի համաձայն, փամփուշտը կարող էր հարևան գյուղից արձակված լինել, որտեղ այդ ժամանակ 3 հարսանիք էին նշում ու խնջույքի հյուրերն անկանոն օդ էին կրակում:

Չինաստանում սեփական “Մեռյալ ծովն” են բացել

894ba83c7dՉինաստանում հայտնվել է սեփական “Մեռյալ ծովը”` հսկայական ծովային լողավազան, որը միաժամանակ կարող է 10 հազար այցելու ընդունել:

Դեյնինգ մարզում գտնվող լողավազանի ընդհանուր մակերեսը 30 000 քմ է:

Չինաստանում մեկ այլ լողավազան կա` Յաո Ստինկը, որը կարող է միաժամանակ 230 հազար լողորդ տեղավորել:

Առողջապահության նախարարության հաշվետվության համաձայն, Չինաստանի 5639 լողավազաններում կատարված ստուգումներով հայտնաբերվել է, որ ջրի մեջ միզանյութի մակարդակը 10%-ով գերազանցում է անվտանգության սահմանը:

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են հենապատերի հիմնանորոգման և նոր հենապատերի կառուցման աշխատանքները

0001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում մեկնարկել են թվով 14 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Նոր հենապատերից մեկը կառուցվում է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում:  8 հենապատերի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ըստ անհրաժեշտության  բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը: Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոս ամիսը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Յուրաքանչյուր հինգշաբթի՝ քաղաքացիների ընդունելության օր բոլոր վարչական շրջաններում

001 (5)Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանվել է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց:

Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 144 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 299 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին լուծումները տրվել են տեղում, մյուս մասն ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը նշել է, որ ընթացքի մեջ գտնվող հարցերը հիմնականում կապված են քաղաքապետարանի տարեկան ծրագրային աշխատանքների հետ և, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է իրականացվում դրանց կատարման ընթացքի նկատմամբ:

Նշենք նաև, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝  ներկայացնելով անձնագիր: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռուսաստանի ու ԱՄՆ համագործակցության շնորհիվ ձերբակալվել է 88 ստրկավաճառ

i (8)Ռուսաստանի ՆԳՆ ու ԱՄՆ իրավապահ մարմինները համատեղ ձերբակալել են 88 մարդու, որոնք մարկանց վաճառքով են զբաղվել աշխարհի տարբեր երկրներում: Դրա մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը իր  ամենամյա զեկույցում:

Փաստաթղթի համաձայն, ռուսական ՆԳՆ աշխաատակիցները համագործակցել են ամերիկյան իշխանությունների հետ նաև սեքսուալ շահագործման  8 դեպքի հետաքննության ժամանակ, որոնցից 7-ի դեպքում զոհերը երեխաներ էին: