Լիոնել Մեսին մեղադրվել է Իսպանիայում հարկերից խուսափելու միջոցով 3.4 միլիոն ֆունտ ստեռլինգ յուրացնելու համար

messi1Իսպանիայում Բարսելոնայի աստղ Լիոնել Մեսիին մեղադրել են կեղծ հարկային փաստաթղթերի միջոցով 3,4 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար յուրացնելու մեջ:

Պետական մեղադրող կողմը քայլեր է ձեռնարկել ֆուտբոլիստի և նրա հոր՝ Խորխե Օրացո Մեսիի դեմ:

Նրանք երկուսն էլ մեղադրվել են պետության դեմ հանցանք գործելու մեջ՝ 2007, 2008 և 2009թթ-երին իրենց եկամուտները թաքցնելով միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար:

Բողոքը դատախազի կողմից ստորագրվելուց հետո հանձնվել է Գավայի դատարան, որտեղ և բնակվում է Արգենտինացի ֆուտբոլիստը:

messi and his girlfriendՖուտբոլային աստղը Facebook իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել:

Մեսին իր կարիերայի ընթացքում ստացել է Պրիմերա Դիվիզիոնի վեց տիտղոս, Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, կատալոնական թիմի հետ ՝ FIFA-ի աշխարհի առաջնության երկու գավաթ: 2012 թ-ին նա Բարսելոնա ֆուտբոլային ակումբի և երկրի պատմության ընթացքում ռեկորդ է սահմանել` խփելով 86 գոլ:

Բարսելոնան այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:

 

Էրդողանը այսօր «Գեզի» այգու հարցի շուրջ հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ

handipum  Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հանրությանը ներկայացնող 11 հոգանոց պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Թաքսիմի «Գեզի» այգու շուրջ առաջացած խնդրի լուծման ճանապարհները: Վերոնշյալ պատվիրակության կազմում եղել են դերասաններ, ռեժիսոր, ակադեմիկոսներ, ուսանողուհի, ճարտարապետ, սոցիալական ԶԼՄ-ների գծով փորձագետ, երկու այլ ուսանող:

«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի  ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության նախարարները, ԱԶԿ-ի փոխնախագահ Հուսեին Չելիքը:

Իբրահիմբեկովը չի կարող ազդել Ադրբեջանի քաղաքական կյանքի վրա. “Ենի Ազերբայջան”-ի նախագահի տեղակալ

3Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահի տեղակալ, գործադիր քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը հայտարարել է, որ ընդդիմադիր Ազգային խորհուրդը և դրա ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը գալիք նախագահական ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունեն:
“Ազգային խորհրդի ստեղծումը սովորական իրադարձություն է, որն Ադրբեջանի կյանքում որևէ նշանակություն չունի: Փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունն ինչ հեշտությամբ որ ստեղծել է նման կառույցներ, նույնքան հեշտությամբ ու արագությամբ էլ քանդել է: Ընդդիմությանն ավելի լավ հաջողվում է քանդել իր ստեղծածը, քան միավորվել: Ազգային խորհրդի կազմում ընդգրկված մարդիկ արդեն 20 տարի է, ինչ փորձում են դառնալ Ադրբեջանի քաղաքական կյանքի մասնակիցը և հաջողության հասնել ընտրություններում, սակայն Ազգային խորհրդի կազմում ընդգրկվածները չեն վայելում քաղաքացիների աջակցությունը, ուստի բոլորն էլ դատապարտված են անհաջողության”,- ասել է Ահմեդովը:

 

Ադրբեջանցի քաղաքական գործիչը անդրադառնալով, կինոդրամատուրգ Իբրահիմբեկովի՝ Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու փաստին, հայտարարել է, որ նա չի կարող որևէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի քաղաքական կյանքի վրա: “Նա որոշ հաջողությունների է ունեցել կինոյի բնագավառում: Մենք, անշուշտ, դա խոստովանում ենք: Սակայն նա՝ որպես քաղաքական գործիչ, ոչ փորձ ունի, ոչ էլ վայելում է Ադրբեջանի ժողովրդի աջակցությունը: Ուստի պարզապես միամտություն է հաջողություն ակնկալել Ազգային խորհրդից, որի կազմում Իբրահիմբեկովի գլխավորությամբ հավաքվել են մի խումբ անհաջողակ ընդդիմադիրներ”,-նշել է նա:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ: Սպասվում է, որ Ազգային խորհուրդը 2013թ-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է հենց Իբրահիմբեկովի թեկնածությունը:

 

 

 

 

Իսպանիան պատասխանել է Ադրբեջանի նոտային

2Իսպանիայի արտգործնախարարությունը պատասախանել է իսպանացի հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի` Լեռնային Ղարաբաղ այցի առնչությամբ հունիսի 5-ին Ադրբեջանի կողմից իրեն հղած նոտային, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի արտգործնախարության պատասխանում նշվում է, որ նման այցերը անց են կացվում  մասնավոր նախաձեռնությամբ և չեն ազդում այդ հարցի վերաբերյալ Իսպանիայի պաշտոնական դիրքորոշոման վրա:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ Իսպանիան միջազգային իրավունքի սկզբունքների հետ մեկտեղ աջակցում է Ղարաբաղյան հակամարատության կարգավորմանն ուղղված ջանքերին ՝ ճանաչելով տարածքային ամբողջականության սկզբունքը:

 

 

Ֆիլիպ Լեֆորը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հարցը

1 (1)Հունիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին և հեռանկարներին առնչվող հարցերի վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

 

 

Նախարարը խորհուրդ տվեց կարկուտից տուժած բնակիչներին ահազանգել թեժ գծին

timthumbՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներին հայտնեց մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ կարկուտից տուժած Արմավիրի մի շարք համայնքների բնակիչներին բանկերը ստիպում են վճարել տոկոսները` չնայած որ կառավարության որոշմամբ դրանք պետք է սառեցվեին:

Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հաստատեց, որ վարկերի վերաձևակերպման վերաբերյալ որոշում է կայացվել: Նախարարը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկին կից գործում է թեժ գիծ և խորհուրդ տվեց տուժած գյուղացիներին թեժ գծի միջոցով իրենց մտահոգող բոլոր հարցերը հայտնել Կենտրոնական բանկ:

Իրանի դեսպանը գազի հարցում ստե՞լ է, թե՞ չի տիրապետել իրավիճակին

images«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գազի սակագների բարձրացմանը` հիշեցնելով. «Հայտարարեցիք, որ Իրանը մեզ գազ է մատակարարում Ռուսաստանից շատ ավելի բարձր գներով, և այդ գինն աճելու է: Իսկ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին, լիովին բավարար է մեր կարիքներն ապահովելու համար»:

Այնուհետև պատգամավորը տեղեկացրեց, որ օրեր անց «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին հայտարարել է, որ Իրանը Հայաստանին առաջարկում է գազ Ռուսաստանից շատ ավելի էժան գնով:

Արզումանյանը պարզաբանում խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարից`թե արդյոք վերջինս պնդում է, որ Ռուսաստանն է ամենաէժան գազամատակարարը Հայաստանին. «Եթե այո, ապա ինչո՞ւ է ստում Իրանի դեսպանը և եթե ոչ, ապա ինչո՞ւ եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցում»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պնդեց իր նախորդ տեսակետը: Ավելին, նա հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների ընթացքում ինքը նաև բանակցություններ է վարել Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի, փոխնախարարի և նախարարի հետ` Հայաստան մատակարարվող գազի վերաբերյալ. «Պնդում եմ` նրանք չեն կարող մեզ ավելի էժան գազ տալ, քան առաջարկում է ռուսական կողմը»:

Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, ապա նախարարն անձամբ դեսպանի բերանից դա չի լսել, բայց եթե նա իսկապես նման բան ասել է, ապա, Մովսիսյանի գնահատմամբ, դեսպանն ուղղակի չի տիրապետել իրավիճակին:

Արձագանքելով նախարարին` Արզումանյանն ասաց. «Ես էլ անձամբ չեմ տեսել բերանը բացել-փակելուց, ցիտում եմ լրատվամիջոցից»:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանի արտգործնախարարը պետք է համապատասխան զրույցի հրավիրի Իրանի դեսպանին և բացատրի, որ չի կարելի հասարակությանը թյուրիմացության մեջ գցել նման հայտարարություններով:

«Կառավարությունն իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն». Տիգրան Սարգսյան

arm136981121434«Ինչպիսի՞ն պետք է լինի պետական բյուջեի հաշվետվությունը, որ մենք կարողանանք բավարարել մեր ընհդդիմախոսներին և այն պատգամավորներին, որոնք ունեն հարցադրումներ»,-այսպես սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ամփոփիչ ելույթը:

Նա հիշեցրեց, որ ներկայացվել է 2600 էջի վրա շարադրված հաշվետվություն, որից 1300-ը վերաբերում է ոչ ֆինանսական խնդիրներին:

Որպես կարևորագույն ձեռքբերում` վարչապետն ընդգծեց ամեն օր օնլայն ռեժիմով բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը` նշելով, որ Հայաստանն այդ առումով աշխարհի հնգյակի մեջ է: «Սա աշխարհում գոյություն ունեցող թափանցիկության ամենաբարձր մակարդակն է, և դա նշանակում է, որ մենք բացարձակապես ձեզանից բան չունենք թաքցնելու»,-ընդգծեց նա:

Այս ամենն, ըստ վարչապետի, դեմոկրատական հասարակություն կառուցելու ճանապարհին լրջագույն ձեռքբերում է: Վարչապետը քաղաքացիական հասարակության կառուցման կարևորագույն քայլերից է համարում նաև խորհրդարանում ծավալվող երկխոսությունը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարության տնտեսական քաղաքականությունը կառուցված է ճիշտ, ճիշտ են ընտրված թիրախներն ու առաջարկվող մեխանիզմները, ասաց, որ այսօրվա փոփոխվող աշխարհում, ցավոք, կանխատեսելիության մակարդակը բավականին ցածր է. «Օրեցօր գնահատականները փոփոխվում են, իսկ մեր հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն, ինչը նշանակում է, որ փոփոխվելու է այն միջավայրը, որում մենք իրականացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը»:

Ո՞րն է այդ դեպքում ելքը: Ըստ վարչապետի` հիմնական շեշտադրումն այս պահին պետք է դնել ներքին ռեսուրսների բացահայտման վրա, առավելագույնս օգտագործել երկրի պոտենցյալը, ի գործխ դնել ներքին խնայողությունները` հաշվի առնելով, որ արտաքին շուկաներից գալու է բացասական ազդեցություն: «Դա նշանակում է, որ արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է»,-նշեց նա:

Ինչպե՞ս լուծել սոցիալական ոլորտի խնդիրները` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Ըստ վարչապետի` տարեցտարի պահանջվում է սոցիալական ոլորտի հատկացումների ավելացում, սակայն այդ հատկացումներն անելու համար նախ և առաջ պետք է ապահովել տնտեսական աճ: «Պետք է պայքարել ոչ թե աղքատության դեմ` որպես սոցիալական լուրջ մարտահրավեր, այլ դրանք ծնող պատճառների դեմ»:

Տիգրան Սարգսյանը կարևորեց նաև աշխատավարձերի ռեֆորմը. «Հուլիսի 1-ից ավելացվելու է նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի մեկից տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությանը` թե արդյոք այն նպաստել է տնտեսական աճին և ինչպիսին է կառավարության ռազմավարությունը` վարչապետն ասաց. «Սկզբունքային հարցը հետևյալն է. երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար պետք է ապահովել մակրոտնտեսական այնպիսի միջավայր, որ գնաճը լինի կանխատեսելի տնտեսավարող սուբյեկտների համար: Դա կայուն տնտեսական աճ ապահովելու լավագույն նախապայմանն է և աքսեոմատիկ ճշմարտություն»:

Վարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քաղաքական շահարկման և վրա, որի ընթացքում նաև մասնագիտական քննադատությունն են հնչում կառավարության հասցեին, թե. «Թող կառավարությունն իրականացնի ընդլայնողական քաղաքականություն, բայց արտաքին ու ներքին պարտքերը թող չաճեն, իսկ բյուջեի դեֆիցիտը լինի ցածր: Այսինքն, մեզ միևնույն ժամանակ քննադատում են, որ մենք չափից ավելի պարտք ենք վերցնում, բայց մյուս կողմից էլ քննադատում են, որ մենք զսպողական ենք»:

Իրականում, ըստ վարչապետի, կառավարությունն իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն:

Ի՞նչ տվեց ծննդօգնության տեղայնացումը մարզերին

Eghishe KhachatryanՀՀ առողջպահության նախարարի 2012թ. նոյեմբերի 28-ի հրամանի համաձայն սկսած 2013-ի մայիսի 1-ից ծննդաբերների և մինչև 7 տարեկան երեխաների ծննդօգնության և բուժօգնության կազմակերպումը կատարվելու է վարչատարածքային սկզբունքով: Այսինքն, քայլն ուղղված է ծննդկանների հոսքը դեպի մայրաքաղաք նվազեցնելուն, որպեսզի մարզի ծննդատներին հատկացված գումարները մնան մարզերում:

Մայիսի 1-ից սկսած, եթե հղի կինը ցանկանում է ծննդաբերել Երևանում, բայց ապրում է մարզում, ապա նրա համար ծննդօգնությունը դառնում է վճարովի, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիի մոտ բարդություններ և ռիսկեր են առաջնում, ու նրան ուղեգրում են Երևան:

Հրամանի կիրառումից մեկ ամիս անց, ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել մարզային ծննդատներում, պարզելու համար զրուցեցինք Գյումրիի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խաչատրյանի հետ.

“Տեղայնացումը շատ տեղին էր, բնակիչը պետք է հսկվի իր բնակության վայրում, մնա մասնագետի տեսադաշտում: Բայց մշտապես մեզ մոտ շատ են եկել Լոռու մարզից, Ախալքալակից հղիներ, նույնիսկ վերջերս ծննդկան ունեցանք արտերկրից, որը վճարեց ծառայության համար: Ներկա պահին ծննդկան ունենք նաև Ախալքալակից: Հանրապետության 10 մարզից միայն մենք ունենք 2-րդ կատեգորիայի ծննդատուն, և խիստ անհրաժեշտության` նեղ մասնագիտական միջամտության պահանջի դեպքում ենք ուղեգրում Երևան”:

Արդյո՞ք պոլիկլինիկաներից հղիների ուղեգրումը ըստ հայեցողության չի կատարվում, հարցին Ե.Խաչատրյանը նշեց. “Եթե անգամ ուղեգրում են տվյալ բուժհաստատություն, էլի վերջնական ընտրությունը կատարում է հիվանդը. նա է որոշում որ ծննդատանը ծննդաբերել, որ բժշկի մոտ: Ավելին, մարզի տարբեր բուժհաստատություններից բարդացած դեպքերով` արնահոսությունների, դեռահաս աղջիկ ծննդկաններին մեզ մոտ են ուղեգրում: Այստեղի բուժաշխատակազմն էլ արհեստավարժ է` 30-40 տարվա աշխատանքային փորձով:

Եթե բացեք վիճակագրությունները, ապա կտեսնեք, որ հանրապետության բոլոր 10 մարզերից ամենաքիչը Շիրակի մարզից են հղիներ ուղեգրվել Երևան: Խիստ նվազել է նաև մանկան մահացության դեպքերը”, – վստահեցրեց Գյումրիի ծննդատան տնօրենի ժ/պ Եղիշե Խաչատրյանը:

Հայոց լեզվի և գրականության գնահատականը բողոքարկել է դիմորդների 1,4 տոկոսը

DSCN2227Հայոց լեզվի և գրականության քննության արդյունքներն ընդամենը 122 դիմորդ (1,4 տոկոսը) է բողոքարկել: Միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո` հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում,  ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կքննեն բոլոր առարկաների բողոքարկումները և կհրապարակեն  որոշումները:

Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրեցին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:

Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:

«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:

Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:

Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:

Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:

«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:

Հիշեցնենք, որ այս տարի  Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

2013 թվականին Երևանի կանաչ տարածքների մակերեսը հասցվելու է 850.0 հեկտարի

001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։

Իսակովի պողոտային հարակից թեք լանջին և Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են,  Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում և Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից տարածքում՝ դեռևս  ընթացքի մեջ են։

Այս տարի Երևանի ոռոգման ցանցը համալրվելու է 21 կմ-ով։ Ոռոգման նոր ցանց է անցկացվելու հատկապես նորաստեղծ սիզամարգերում, ինչպես նաև անջրդի այլ տարածքներում՝ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

2013 թվականին մայրաքաղաքում արդեն տնկվել է 40.000 ծառ, այդ թվում՝ 4000 գնդաձև ակացիա, 1500 կիպարիս, 14.500 հացենի, սոսի, կաղնի, թխկի, վայրի խնձոր, տանձ. տնկվել է նաև 10.000 թուփ։ Եվս 7000 ծառ տնկվելու է աշնանը։ Նոր տնկիների կպչողականությունը ներկայիս ժամանակում կազմում է 72 տոկոս։

Երևանի ծաղկային 6.2 հա տարածքներում արդեն տնկվել է 12.000 վարդի թուփ և 700.000 ծաղկասածիլ, 1.300.000-ը տնկվելու են։

2013 թվականի՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կազմելու է 850.0 հա, որից 188.0 հա–ն  Երևանի 68 այգիներն ու պուրակներն են։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դոլարը տատանվում է

g_imageՀունիսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:

Հրապարակվել են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության քննությունների գնահատականները

Picture 032Հրապարակվել են հունիսի 7-ին տեղի ունեցած երեք առարկաների միասնական քննության գնահատականները: Վաղը ժամը 9-18-ը քննակենտրոններում դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

«Աշխարհագրություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 340 դիմորդներից 330-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 19 դիմորդ կամ ընդհանուրի 6 տոկոսը:  7,5-12,75 է ստացել 101 դիմորդ կամ 30 տոկոսը, 13-16,75 է ստացել 102 դիմորդ կամ 31 տոկոսը, 17-20 է ստացել 108 դիմորդ կամ 33 տոկոսը: Առավելագույն` 20 միավոր է ստացել 12 դիմորդ (4 տոկոսը):

Նշենք, որ 2012-ին աշխարհագրության միջին միավորը  2,2 նիշով ցածր էր` 12,3 էր,  դիմորդների 9,7 տոկոսն անբավարար էր ստացել, իսկ հիմնական մասը` 47,1 տոկոսը ստացել էր նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25:

«Ընդհանուր պատմություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 224 դիմորդներից 214-ը:

Միջին գնահատականը 11,5 է:  Ընդհանուր պատմությունից կտրվել է դիմորդների 20 տոկոսը (43 դիմորդ), 7,5-12,75 է վաստակել 95 դիմորդ` 44 տոկոսը, 13-16,75` 42 դիմորդ` 20 տոկոսը, 17-20 միավոր է ստացել 34 դիմորդ` 16 տոկոսը: 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Նախորդ տարի «Ընդհանուր պատմության» միջին գնահատականը ավելի բարձր էր`  12,2 էր,  ավելի փոքր էր նաև անբավարար ստացած  դիմորդների  թիվը` 14,8 տոկոսը: 2012-ին «Ընդհանուր պատմություն»-ից 20 միավոր էր ստացել 2 դիմորդ:

«Կենսաբանություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 1687 դիմորդներից 1643-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 199 դիմորդ` 12 տոկոսը: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է հավաքել 392 դիմորդ` 24 տոկոսը, 13-16,75 միավոր է ստացել 364 դիմորդ` 22 տոկոսը, 17-20` 688 դիմորդ` 42 տոկոսը: Այս տարի կենսաբանությունից 20 միավոր է ստացել աննախադեպ թվով` 182 դիմորդ` 10 տոկոսը:

2012-ին «Կենսաբանության»  միջին միավորը 11,4 էր`3,1 նիշով ցածր այս տարվա միջինից: Անբավարար էր ստացել դիմորդների 19,9 տոկոսը, իսկ մեծ մասը` 45,7 տոկոս, ստացել էր նվազագույն դրական միավորներ`  7,5-13,25:   20 միավոր էր ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

1Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Ի. Տաղիսը հավաստիացրեց, որ հունական կողմի համար Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում և իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար

IDEASԱյսօր կայացավ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը:

IDEAS ծրագրի տպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության դերը և կարողությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մոնիտորինգ իրականացնելու գործընթացում արդյունավետ աշխատելու համար: Այս մասին լրագրողներին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Արևիկ Սարիբեկյանը իր խոսքում նշեց, որ ծրագրի անգլերեն հապավումը շատ ճիշտ է տալիս ծրագրի էությունը, քնաի որ IDEAS նշանակում է գաղափար, իսկ ծրագիրն ինքը մի մեծ գաղափար է, որի իմաստն է ներգրավել հաշմանդամություն ունեցող մարդկանց ոչ միայն սեփական խնդիրներին առնչվող պրոբլեմների լուծմանը, այլև առհասարակ հասարակությանը հուզող խնդիրների քննարկումներին:

Անդրադառնալով սայլակով տեղաշարժվող անձանց համար թիվ մեկ պրոբլեմ դարձած տրանսպորտին` Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք հարմարեցված են անվասայլակներին, իրականում հասարակական տրանսպորտ չեն, այլ հատուկ երթևեկության միջոց` հաշմանդամություն ունեցողների համար, մինչդեռ իրենց նպատակն է հասնել այն բանին, որ հասրակական տրանսպորտը հարմարեցված լինի նաև հաշմանդամություն ունեցողներին:

Բանախոսների պնդմամբ իրենց ծրագիրը մեծ կարևորություն ունի` կոտրելու հասարակական կարծրատիպերը, որոնք էլ ոլորտի հիմնական պրոբլեմն են:

Ասուլիսից հետո հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով հետաքրքրված և ոլորտում դերակատարություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերը մասնակցեցին ծրագրի առաջին համաժողովին, որը վարեց Միացյալ Թագավորությունից ժամանած փորձագետ Մայքլ Մուրը:

«Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է». վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին

nara-tigran-sargsyan-copyԿառավարության 2012 թ. կատարողականի հաշվետվության վերաբերալ ամփոփիչ ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օֆշորային գոտում իր անունով ձեռնարկություն ունենալու վերաբերյալ տարածված տեղեկությանը: Նրա խոսքով՝ ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է:

«Ավելին, որևէ մեկի համար դժվար չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա էլ հենց օֆշորային գոտիների առանձահատկությունն է:

Նա նաև ասաց, որ անհրաժեշտ բացատրություն ինքն այդ ամենի վերաբերյալ արդեն տվել է՝ ասելով, որ դա անհեթեթություն է, և ինքը որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, ոչ էլ լիազորել է որրևէ մեկին դա անել: «Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է»:

Նա նկատեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերն իրեն հարցրել էր, թե որտեղ է գտնվել այդ օրը, երբ իր անունով գրանցվել է այդ ձեռնարկությունը: «Ես ասել եմ, որ այդ օրը պաշտոնական այցով գտնվել են Պրագայում, ինձ ուղեկցել են բազմաթիվ լրագրողներ, և բոլորը րոպե առ րոպե գիտեն, թե ես որտեղ եմ եղել: Ես միաժամանակ չէի կարող լինել և Կիպրոսում, և Պրագայում»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, վարչապետը հանգիստ է վերաբերում իր հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը:  «Վերջին տարիներին բազմիցս է իմ անունը կապվել տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ: Դեմոկրատական զարգացումը սա ենթադրում է, և մեր կառավարության, մեր նախագահի հետևողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք և կիրառում ենք կարևորագույն մի օրենք, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքը պետք է դառնա հանրային հսկողության առարկա: Սա ճիշտ ճանապարհ է, և ցանկացած պաշտոնատար անձ ի սկզբանե պետք է կաշկանդված լինի»:

Տիգրան Սարգսյանը նաև ուրախ է, որ այսօր թիրախն ինքն է, ասում է, որ պետք է ապագայում էլ պատրաստ լինի նման մեղադրանքների, ինչպես նաև բավարար ապացույցներ ներկայացնելուն:

Մոսկվայում սպանվել է Իրաքում ՀՀ դեսպանի եղբայրը, հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են մարդասպանին

spanutyunՄոսկվայի բարձրակարգ Lotte Plaza հյուրանոցի մուտքի մոտ դանակահարվել է հայազգի խոշոր գործարար: Մարդասպանը  դանակի մի քանի  հարված է հասցրել ձեռնարկատիրոջը: Հանցագործին հաջողվել է փախչել “Տոյոտա Քեմրի” ավտոմեքենայով:Հարուցվել է քրեական գործ:

Life News-ին հայտնի է դարձել, որ սպանվածը 51-ամյա գործարար Հովիկ Մուրադյանն է` Իրաքում ՀՀ  դեսպանի Մուրադ Մուրադյանի  եղբայրը: Նա հյուրանոց էր եկել հանդիպման:

Անմիջապես իր  BMW-ից դուրս գալուց հետո  նրա ետևից շենք է մտել դարչնագույն հագուստով տղամարդ: Հասնելով ձեռնարկատիրոջը, հանցագործը հինգ անգամ հարվածել է նրան դանակով:

Սպանվածը Մոսկվայում հայտնի  ձեռնարկատեր է: 1992թ. նա եղբոր Մուրադի հետ հիմնադրել է միջազգային “Բամո” շինարարական ընկերությունը:  Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Իրաքում:

Մուրադյան եղբայրների ընկերությունների խումբը զբաղվում է տարբեր բարդության օբյեկտների շինարարությամբ: “Բամո”-ի կառուցած օբյեկտներից են ֆաբրիկաներ, սպորտհամալիրներ, հյուրանոցներ և լոգիստիկ կենտրոններ:

Հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են մարդասպանի գործունեությունը`

Մոնթե Մելքոնյանի մասին պատմում են նրա մարտական ընկերները

մոնթե1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են,պարզվում է ադրբեջանցիներ  են: Սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով  սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Այս միջադեպից  անցել է ուղիղ 20 տարի:

Մոնթեի ու ազատագրական պայքարում նրա ունեցած ներդրման մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին նրա մարտական ընկերներ Աշոտ Ղարիբյանը և Տիգրան Խանումյանը:
«Ռազմական գործողությունների ժամանակ իրեն դրսևորում էր որպես պահանջկոտ հրամանատար, կատակասեր չէր, ընդհանրապես ոգելից խմիչք չէր օգտագործում,  լավ մարտիկ էր` անխոցելի», – ասաց Աշոտ Ղարիբյանը:
Տիգրան Խանումյանը  հիշեց, որ Մոնթեն գրեթե միշտ մտախոհ էր. «Քիչ էր շփվում, մտքերի մեջ էր մշտապես: Ինչպես մենք հետո հասկացանք, նա մտահոգ էր կանոնավոր բանակ ստեղծելու գործով»: Նրա խոսքով՝ Մոնթե Մելքոնյանը լրջորեն լծվեց բանակաշինության գործին 1992 թվականի կեսերից, աջակցում էր Վազգեն Սարգսյանին:

Մոնթե Մելքոնյանի գործը իրականում անգնահատելի է: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:
1989 թվականի հունվարի 16-ից լծվեց  Արցախյան ազատագրական պայքարին: 1991թ.–ի սկզբին հիմնեց Հայրենասիրական ջոկատը: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Բռնության ենթարկված կինը Պաշտպանի միջամտությամբ ապաստան է գտել

img_7093810610_BRNUTYUN11_n22-ամյա Նարինե Հակոբյանը ամուսնու` Հակոբի հետ ծանոթացել էր, երբ ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամիսներ անց ծնվել էր նրանց որդին: Սակայն շատ շուտով Նարինեն հասկացել էր, որ ամուսնու համար իր հետ բնակվելու միակ պատճառը իր կողմից ընտանիքին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն էր, մինչդեռ իր հանդեպ ոչ ամուսնու և ոչ էլ ընտանիքի մյուս անդամների կողմից որևէ հոգատարություն չէր ցուցաբերվում անգամ այն ժամանակ, եր դեռ հղի էր: Ոչինչ չփոխվեց նաև երեխայի լույս աշխարհ գալուց հետո:

Բնակվում էին իրենց եռամյա որդու, ամուսնու և վերջինիս ծնողների հետ: Նարինեին ստիպում էին աշխատել, պարբերաբար ծեծում և վատ էին վերաբերվում, իսկ երեխային թույլ չէին տալիս անգամ մոր հետ լիարժեք շփվել: Նա նույնիսկ անձնագիր չուներ, քանի որ ամուսնու ընտանիքը իրեն թույլ չէր տալիս հաշվառվել իրենց տան հասցեով: Նարինեն խուսափում էր վերադառնալ իր ծնողների տուն, վախենալով, որ իր պատճառով ծնողները կընկնեն ամոթալի դրության մեջ:
Հայտնվելով անելանելի վիճակում Նարինեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ անգամ չէ, որ բռնության ենթարկված կանայք Պաշտպանի միջամտությամբ ապաստան են գտել Լայթ Հաուս բարեգործական կազմակերպությունում և հնարավորություն ստացել կրկին վերադառնալ իրենց բնականոն կյանքին:

Այժմ Նարինեն ևս իր որդու հետ բնակվում է Լայթ Հաուսում, հաճախում մատնահարդարման, համակարգչային և կարուձևի ուսուցման դասընթացների, ինչպես նաև հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:

Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկելու է նաև բոլոր հնարավոր միջոցները կնոջ անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու համար:

Կնոջ անուն-ազգանունը փոխված է :

«Let’s do it! World համաշխարհային շարժման ձեռքբերումները աշխարհում և Հայաստանում» թեմայով կոնֆերանս

let«Ժողովրդական դիվանագիտական առաքելություն՝ բոլորը ուղևորվում են Երևան» միջոցառման շրջանակներում «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և ՀԱՀ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է «Let’s do it! World համաշխարհային շարժման ձեռքբերումները աշխարհում և Հայաստանում» թեմայով կոնֆերանս: Ժողովրդական առաքելության կապակցությամբ Հայաստան են ժամանելու հարյուրավոր էստոնացիներ, այդ թվում` Let’s do it! շարժման հիմնադիրները:

Կոնֆերանսի ընթացքում շարժման հիմնադիրները կներկայացնեն աշխարհում Let’s do it!-ի կատարած աշխատանքը և հետագա քայլերը, ինչպես նաև կներկայացվի 2012թ.-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի 2012՚ նախաձեռնության ձեռքբերումները և արդյունքները: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով և ցուցադրություններով հանդես կգան շարժման մասնակից կազմակերպությունները` ներկայացնելով իրենց գործունեությունը` ուղղված Հայաստանում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարի տարածմանը:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու և լուսաբանելու կոնֆերանսը: Կոնֆեըանսը տեղի կունենա ս/թ հունիսի 13-ին ժ. 15:00-16:45` Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուգեան դահլիճում /40 Բաղրամյան, Երևան/: