Երկու ջրահեղձում մեկ օրում

ջրահեղձումՀունիսի 16-ին, ժամը 19.38-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ջրահեղձվել է Աղի լճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

***

Հունիսի 16-ին, ժամը 18.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի մոտակայքում 11 ամյա երեխան ջրահեղձվել է ջրափոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ժամը 19.30-ին փրկարարները ջրափոսից դուրս են բերել 2003 թ. ծնված Սիփան Այվազյանի դին:

Իրանը Ասադին աջակցելու համար 4000 զինծառայող կուղարկի Սիրիա

ասադՄոտ օրերս Իրանը Սիրիա կուղարկի 4000 զինծառայողների: Ինչպես ակնկալվում է, նրանք աջակցություն  են ցուցաբերելու Բաշար Ասադի ուժերին:
Բրիտանական Independent թերթի տեղեկություններով` Թեհրանը «միանգամայն վճռական է տրամադրված պահպանել Ասադի վարչակարգը»:  Հավանաբար Արաբական Հանրապետություն կուղարկվեն Իսլամական հեղափոխության կորպուսի պահազորի ստորաբաժանումներից, որոնք համարվում են Իրանի զինված ուժերի «էլիտան»:

Ժվանեցկին՝ հայ հանդիսատեսի մասին. ՙԵս պատրաստ եմ նման դահլիճի և հանդիսատեսի համար ամեն ինչ տալ՚

GvaneckiyՀունիսի 15-ին «Բեմ փրոդաքշն» ընկերությունը ներկայացրեց գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։ «120 րոպե` Ժվանեցկու հետ» խորագրով նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ պարգևեց հանդիսատեսին։

Երեկոյից հետո Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Մ. Ժվանեցկին հանդիպեց լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին։ Երգիծաբանը նշեց, որ հայ հանդիսատեսն ու Հայաստանը հաճելիորեն զարմացրել են իրեն։ «Հանդիսատեսի՝ ռուսական հումորի ընկալումն ինձ զարմացրեց։ Ես սկզբից շատ արագ սկսեցի, սակայն հետո սկսեցի խոսել դանդաղ, և ամեն ինչ հունի մեջ ընկավ: Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես երկուսս էինք ուզում՝ ես և նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը։ Ես պատրաստ եմ նման դահլիճի և հանդիսատեսի համար ամեն ինչ տալ։ Երևանյան երեկոյի ընթացքում իշխում էր փոխադարձ հիացմունքի մթնոլորտը։ Հայաստանում հրաշալի ընկալում են ռուսական հումորը»,- ասաց երևանյան հանդիսատեսից տպավորված արտիստը:

Նա նկատեց նաև հայերի աշխատասիրությունը։ «Հայ ժողովուրդը ստիպված է անգամ մրգերն ու բանջարեղենը քարից քարից քամել, ինչը շատ դժվար է»,- ասաց երգիծաբանը։

Մ. Ժվանեցկին նշում է, որ մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ տեղի է ունենում արժեքների վերագնահատում։ Նա կարծում է, որ անկեղծությունն աստիճանաբար դառնում է թանկարժեք ապրանք։

Համեմատելով խորհրդային հումորը ներկա ժամանակների երգիծանքի հետ՝ Ժվանեցկին նշեց, որ այսօր խոսում են ամեն ինչի մասին, սակայն մակերեսորեն։

 

 

«Բեմ փրոդաքշըն» ընկերություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Հասան Ռոհանի

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:

Հարգարժան գործընկեր,

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման և Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

«Առանց երազանքի ժողովուրդը մեծ բաների չի հասնի». Վազգեն Մանուկյան

vazgen ManukyanՀարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

– 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:
– Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները վերացնել և կանոնավոր տեսք տալ դրանց: Ես` որպես վարչապետ, առաջին հրամանը տվեցի, որ բոլոր ջոկատները լուծարվում են, բայց նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, պետք է մտնեն ՄՀՕՋ (Միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատ):
Դա առաջին քայլն էր. հետո՝ 1991 թ., կրկին կառավարության հրամանով պաշտպանության կոմիտե ստեղծվեց, քանի որ դեռ Խորհրդային Միությունում էինք և չէինք կարող նախարարություն ստեղծել: Հետագայում, երբ անկախացանք, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, կոմիտեն վերածվեց նախարարության:
Երբ պաշտպանության նախարար դարձա, կարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք հիմնվել սովետական, ոչ թե ՆԱՏՕ-ի տիպի բանակի մոդելի վրա: Քանի որ մինչ այդ մեր տղամարդիկ ծառայել էին սովետական բանակում, այնտեղ էին փորձառություն ձեռք բերել մեր պրոֆեսիոնալ սպաները, իմաստ չուներ անտեսել այդ փորձը և զրոյից նոր բան սկսել: Ստեղծեցինք այդպիսի բանակ` որոշելով հետագայում բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:
Մեր երկրորդ որոշումն այն էր, որ զինակոչով բանակը նվազագույն չափով օգտագործվի ռազմական գործողությունների ժամանակ, և այդ գործողությունների համար փորձառու, հասուն տղամարդիկ պատասխանատվություն կրեն: Դրանք նախկին ֆիդայիներն էին, նախկինում Աֆղանստանում և սովետական բանակում ծառայածները, հիմնականում երեսունն անց տղամարդիկ: Մենք նրանցով պրոֆեսիոնալ բանակ ստեղծեցինք, այսինքն՝ նրանք արդեն իսկ կամավոր կռվում էին, պարզապես բանակային պարտավորություններ ստորագրեցին, պետությունն էլ իր հերթին թիկունքում գտնվող նրանց ընտանիքներին աշխատավարձ սահմանեց:
Նրանց հետ հինգ տարվա պայմանագրեր էինք կնքում, այսինքն՝ զինակոչով բանակին զուգահեռ ստեղծվում էր նաև պրոֆեսիոնալ բանակ: Նրանց կորուստերը շատ քիչ էին լինում. փորձ ունեին, լավ գիտեին, թե երբ հարձակվել, երբ խուսանավել, իսկ 18 տարեկան տղաներն ուրիշ էին: Հիշում եմ, մի անգամ Լաչինում, երբ մեծ հարձակում սկսվեց, մերոնք փախան, 18 տարեկան տղա էր մենակ մնացել… Դա այն բացառիկ դեպքերից էր, որ 18 տարեկան տղան ընկել էր ռազմաճակատ ու գնդացրով 2 ժամ պահել էր թշնամուն, մինչև մերոնք կարողացել էին ուժերը հավաքել: Բայց նա զոհվեց: Սա 18 տարեկանի մտածողություն է՝ հերոսություն, իսկ երբ պրոֆեսիոնալների հետ էինք գործ ունենում, մեր կորուստները չնչին էին:
Հաջորդ կարևոր քայլը: Մենք փորձառու ֆիդայի տղաներ ունեինք, որոնք պատերազմում էին, բայց պատերազմը գրքերում կարդացածից շատ արագ վերափոխվեց ժամանակակիցի. պետք էր տիրապետել էլեկտրոնիկային, հակաօդային պաշտպանությանը, պետք էր տիրապետել տեխնիկային, որն ունեինք:
Կարևորեցինք պրոֆեսիոնալ սպաների դերը: Երբ դիմեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, պարզվեց, որ մոտ 4400 հայ սպաներ են ծառայում ռուսական բանակում: Մենք կոչ արեցինք նրանց հայրենիք վերադառնալ: Եվ եկան: Հայրենիքին ծառայելու անձնական պարտքը բերեց նրանց: Ամենակարևորը` բանակում հաջողվեց իրականացնել նախկին ֆիդայիների և սովետական բանակից եկած պրոֆեսիոնալների համատեղ գործունեությունը, որ հաղթանակի երաշխիքներից մեկն էր:
Կանոնավոր բանակի կառուցման գործում մեծ էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դերը: Ռազմական գործողությունների ծրագրման, օպերացիաների մշակման գործում մեծ դեր ունեին նաև այլ զինվորականներ` գեներալ Դարիբալթայանը Քելբաջարի օպերացիայի ժամանակ (Հայաստանի կողմից), Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի ժամանակ և շատ ուրիշներ: Ինչքան էլ այժմ շատ անուններ նշեմ, միևնույն է, բոլորին չեմ կարող նշել, և դա անարդար կլինի շատերի հանդեպ, որոնք անձնազոհաբար պայքարել են մեր հաղթանակի համար: Հետագայում երևի հարկ կլինի այդ ամենի մասին խոսել ավելի մանրամասն` նշելով յուրաքանչյուրի դերը:
Այդ ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի բանակները միասնական էին: Ես` որպես պաշտպանության նախարար, սերտ համագործակցում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ: Շատ բաներ Ղարաբաղում էին ծրագրվում, շատ բաներ՝ մեզ մոտ, բայց միասին էինք կատարում: Ղարաբաղում այդ ժամանակ մոբիլիզացիա էր, այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ համապատասխան տարիքում պարտավոր էր բանակում լինել:
Իմ դուրս գալուց հետո էլ բանակի ձևավորումը շարունակվում էր, մինչ օրս էլ բանակը ձևավորվում է և, իհարկե, հիմա շատ ավելի կարգավորված է, քան այն ժամանակ: Պատերազմի օրերին բանակում գտնվող մարդիկ միմյանց հանդեպ շատ ավելի անձնազոհ և նվիրված էին, քան խաղաղ պայմաններում, և դա բնական է:
Հիշում եմ, Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողությունների որոշ դադար եղավ: Հրամանատարներ կային, որ գալիս ասում էին` արագացնենք ռազմական օպերացիաները, որովհետև խաղաղ պայմաններում բանակը փտում է: Երբ խաղաղ պայմաններ էին, հարաբերությունների մեջ ճաքեր էին առաջանում, իսկ երբ պատերազմ էր՝ բոլորը միասին էին:
Ռազմական առաջին հաղթական գործողությունները եղան այն ժամանակ, երբ մենք դեռ բանակ չունեինք, այն նոր էր ձևավորվում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչները ղարաբաղցիներն էին և Հայաստանից գնացած կամավորական ջոկատները:
Այն ժամանակ շատ կարևոր օպերացիա կատարվեց ջոկատների միջոցով՝ Շուշիի գրավումն ու Լաչինի ազատագրումը, բայց դրանից հետո մենք սկսեցինք պարտություններ կրել: Չնայած արդեն սկսվել էր բանակի ձևավորումը, բայց մեր բանակը հին ձևով էր պայքարում՝ ավելի շատ ջոկատներով, ոչ թե ստրուկտուրաներով: Պատերազմը մտնում էր նոր փուլ, պահանջվում էր նոր մտածողություն, նոր` ժամանակակից բանակ: Այդ ժամանակ էր, որ ես նշանակվեցի պաշտպանության նախարար: Եվ իրար հաջորդեցին հաղթանակները, որոնք ես ինձ չեմ վերագրում: Դրանք մեծ կոլեկտիվի աշխատանք էին: Ուզում եմ ընդգծել, որ հաղթանակները ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու արդյունք էին, այլև` տասնյակ հազարավոր երիտասարդների անձնազոհության ու Ղարաբաղի հետ սերտ համագործակցության: Սա էր ամբողջ գաղտնիքը:
Իսկ անունս ինչու չեն ասում… Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո` մի քանի ամիս անց, ես, լինելով ԱԺՄ-ի նախագահ, ընդդիմության ղեկավարներից մեկը դարձա, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էի: Եվ իշխանությունն աշխատում էր թուլացնել իմ ազդեցությունը բանակի վրա: Սկսեցին անջատել ինձ բանակից, հեղինակությանս հետ խաղալ, դա հատուկ կուրս էր: Բացի այդ, ամեն ոք ուզում է լավ բաներն իրեն վերագրել: Հետո էական դեր խաղաց հայաստանցի-ղարաբաղցի պայքարը, ամեն մեկն իր անունն էր առաջ տանում: Մի պահ ամենամեծ պետական գաղտնիքն այն էր, որ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, և նրա օրոք մենք սկսել ենք պարտություններից անցնել հաղթանակների և նորմալ բանակ ունենալ: Դա կարծես պետական գաղտնիք լիներ և մինչև այժմ էլ իներցիայով շարունակվում է:
– Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետն եք եղել, կպատմե՞ք այդ շրջանի մասին: Նաև ի՞նչ ուրվագիծ էիք տեսնում առջևում, և, արդյոք, այն նմա՞ն է ներկային:
– Հիշում եմ, Լոս Անջելես էի գնացել, ուր հայերի հետ հանդիպում էր կազմակերպված: Մեկը հարցրեց ինձ` օրինակ, ինչո՞ւ ես չպիտի լինեի առաջին վարչապետն, այլ Դուք, ես այս-այս բաները գիտեի: Մտքումս բարկացա, ուզում էի պատասխանել, թե ես ինչեր գիտեմ, բայց ամենապարզ բացատրությունը սա էր. նրանք են իշխանության գալիս հեղափոխությունից հետո, ովքեր կազմակերպում և իրականացնում են այն, բնականաբար, ժողովուրդը հենց նրանց է ղեկավար ընտրում:

 

Ղարաբաղ կոմիտեի փաստացի ղեկավար լինելով` ես վարչապետ դարձա:Առաջին հայացքից թվում է, թե մեծ թռիչք է. դասախոս էի, մաթեմատիկոս և հանկարծ դարձա վարչապետ: Իրականում այդ փոփոխությունն ինձ համար աննկատ անցավ, որովհետև, մինչ վարչապետ դառնալը, Ղարաբաղ կոմիտեն անսահման մեծ իշխանություն ուներ Հայաստանում: Եվ, դառնալով վարչապետ, ոչ թե լիազորություններս, այլ պատասխանատվությունս ավելացավ:
Զգացվում էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, մենք որոշակի դեր էինք ունեցել այդ հարցում, շատ վտանգավոր էր, եթե փլուզվեր մեզ վրա: Երբ որպես վարչապետ գնում էի Մոսկվա հանդիպումների, զգացվում էր, որ Խորհրդային Միությունն ինչ-որ հարվածներ պիտի հասցնի: Գետաշենի դեպքերը Կրեմլն ինչ-որ իմաստով մեզ պատժելու և զգաստացնելու համար արեց:
Ամեն ինչ պետք է արվեր այդ հարվածներից խուսափելու համար, և պետք էր հստակ անկախության ճանապարհով գնալ: Դա մեծ պատասխանատվություն էր բոլորիս համար:
Հենց առաջին հրամաններից մեկն իմ պաշտոնավարման տարիներին ՄՀՕՋ-ի միջոցով բանակի ստեղծումն էր:
Մենք կամաց-կամաց մտնում էինք շրջափակման մեջ, և առաջին հարվածը, որ ստացանք, էներգետիկայի կորուստն էր: Մեր գազամուղը, տրանսպորտային կապերը հիմնականում անցնում էին Ադրբեջանի տարածքով: Սովետական Միության ժամանակ Վրաստանի տարածքով գազամուղի կառուցում էր սկսվել, բայց անավարտ էր մնացել, որովհետև Վրաստանում հեղափոխական վիճակ էր, էկոլոգիական շարժում կար, որ արգելք էր դրել: Շրջափակման հետևանքները մեղմելու, դիմանալու, էներգետիկան մասամբ պահպանելու համար մեր կառավարությունում հարց դրվեց շատ արագ կառուցել այդ գազամուղը: Պետք է հպարտությամբ ասեմ, որ կարճ ժամանակում՝ մեկ տարի երկու ամիս էր, ինչ վարչապետ էի, հասցրեցինք կառուցել գազամուղն ու Վրաստանի միջոցով Հայաստան գազ մտցնել (1991թ.): Այդ ժամանակ նաև անգնահատելի դեր ունեցավ մեր գազի վարչության պետ Թաթարյանը, ով լավ կապեր ուներ Վրաստանում: Շատ մեծ դեր խաղաց նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը, նա մոտ էր Գամսախուրդիայի և վրացական շարժման ղեկավարների հետ:
Շատ կարևոր էին նաև կապի միջոցները: Մենք կարողացանք պայմանագիր կնքել ITT ամերիկյան ֆիրմայի հետ շատ էժան գներով, և Հայաստանը դեպի դուրս գնացող հեռախոսակապ ունեցավ: Առաջին անգամ Հայաստանից կարող էիր հեռախոսահամար հավաքել և ոչ Մոսկվայի միջոցով աշխարհի ցանկացած անկյուն միանալ: Մենք առաջին հանրապետությունն էինք ԽՍՀՄ-ում, որ աշխարհի հետ անմիջական կապ ունեինք, բացի մեզնից ու Մոսկվայից, ոչ մեկը նման հնարավորություն չուներ:
Երբ հրաժարական պետք է տայի, մի քանի օր ձգձգեցի, ուզում էի կապի հարցերը վերջնականապես լուծել և նոր հանգիստ սրտով դուրս գալ: Հիշում եմ, երբ կապը պատրաստ էր, վերցրեցի լսափողը, զանգեցի Նյու Յորք, Լուիզ Սիմոնին` համոզվելու համար, որ կապը գործում է:
Մեր գյուղատնտեսությունը հենված էր Խորհրդային Միության դոտացիաների վրա: ԽՍՀՄ-ը փլուզվում էր, դոտացիաները վերանում էին, և պետական սեփականությունը հողի նկատմամբ այլևս չէր արդարացնում: Պետք էր գյուղատնտեսությունում արագ անցնել մասնավոր սեփականության: Դա անխուսափելի քայլ էր, իմ պաշտոնավարման տարիներին ես հողի սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահն էի: Հողը սեփականաշնորհվեց, և առաջին տարիներին գյուղացիները շատ գոհ էին դրանից, որովհետև իսկապես կարողացան ծանր օրերին իրենց ապրուստն ապահովել: Բայց հետո պետական ծրագրեր չեղան, իսկ առանց պետական ծրագրերի գյուղատնտեսությունը զարգանալ չի կարող: Եվ գյուղացիներն ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցին, քան քաղաքացիները:
Հողը սեփականաշնորհում էինք, բայց կոչ էինք անում գյուղացիներին, որ կոլեկտիվ տնտեսություն վարեն: Մի 3-4 գյուղ այդպես էլ վարվեց, մնացածն ուզեցին հողը` որպես իրենց սեփականությունը, միայնակ օգտագործել: Հիմա հանրային խորհրդում հաճախ հարց ենք բաձրացնում գնալ կոոպերատիվների ճանապարհով: Այդ ճանապարհով են գնացել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:
Իմ պաշտոնավարման ընթացքում մենք արդյունաբերության մեջ սեփականաշնորհում չենք կատարել, բայց ես իմ նկատառումներն ունեի, և իմ պաշտոնաթող լինելուց հետո, իմ կարծիքով, բավականին սխալ կատարվեց այդ սեփականաշնորհումը: Այն կորուստները, որ ունեցանք արդյունաբերության մեջ, անխուսափելի չէին:
Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն:

 

Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար: Ասեմ, որ այդ քայլերի շնորհիվ Հայաստանն առաջ անցավ Վրաստանից ու Ադրբեջանից, այնտեղ դեռ երկար ժամանակ ջոկատներ կային:
Իմ պաշտոնաթողությունից հետո ոստիկանության պետ Վանո Սիրադեղյանն էլ շարունակեց այդ գործունեությունը, երբեմն ոչ օրինական ձևերով, բայց կրիմինալի դեմ պայքարելով` Հայաստանը կամաց-կամաց հանգեց մի վիճակի, երբ չարիք կարող էիր գործել, եթե իշխանություն էիր (ծիծաղում է): Ու արդեն առաջացավ մի հարց` իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը, փոխե՞լ այն, թե՞ չէ: Կատակով եմ ասում, բայց այսպիսի միտում իրոք կար:
Անկեղծ ասած, եթե ինձ ասեին, որ այսպիսի ճանապարհով է գնալու Հայաստանը, ես կզարմանայի, որովհետև մենք շատ ավելի լավ ճանապարհ էինք տեսնում: Կարծում եմ, այն, ինչ երազում էինք, հեքիաթային չէր: Մեր երազանքների մեծ մասը կարելի էր իրականացնել, եթե իշխանավորները քիչ մտածեին իրենց անձնական շահերի մասին, լինեին մի քիչ ավելի խելոք ու գրագետ, և ազգային ջիղն էլ ավել լիներ: Առանց երազանքի ժողովուրդը, առանց երազանքի մարդը երբեք մեծ բաների չի կարող հասնել:
-Չե՞ք կարծում, որ այսօր հազարավոր մարդիկ հետևում են Րաֆֆի Հովհաննիսյանին հենց այն երազանքի համար, որ կրում է իր մեջ: Կարծում եմ, մեր ղեկավարությունը կորցրել է երազանքը:
-Ես կարող եմ հստակ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թարմ հոսանք է բերում հայկական քաղաքական կյանք: Եվ իշխանության, և ընդդիմության մեջ քաղաքական գործիչները շատ պրագմատիկ են դարձել: Որոշ երազանքների, որոշ սյուրռեալիզմի կարիք կա: Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ տարրը մտցնում է քաղաքական դաշտ, որն, ըստ իս, օգտակար է:
-Մայիսյան հաղթանակներից ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը:
-Ես բոլորն էլ կարևորում եմ: Ոմանք ասում են, որ Երկրորդ համաշխարհայինի հաղթանակը մերը չէր, Խորհրդային Միության պատերազմն էր, բայց երբ հրապարակվեցին որոշ գաղտնի փաստաթղթեր, տեսանք, որ եթե Գերմանիան գրավեր Սովետական Միությունը, ապա ինչ տխուր ճակատագիր էր սպասում Հայաստանին: Ոչ միայն համամարդկային մարդասիրական, այլև զուտ ազգապահպանման տեսանկյունից շատ կարևոր էր այդ հաղթանակը:
Շուշիի գրավումը շատ մեծ նշանակություն ուներ: Գիտեք, որ XIX դարում և XX դարի սկզբին մեր մտավորականության սերուցքն ապրում ու ստեղծագործում էր հիմնականում Թիֆլիսում, Բաքվում և Շուշիում: Շուշին թանկ էր մեզ համար նախևառաջ պատմական տեսանկյունից:
Եթե մայիսի 28-ին Սարդարապատում չհաղթեինք, չէր լինի Հայաստանը: Մայիսյան բոլոր տոներն իսկապես տոներ են, ոչ մեկն էլ երկրորդական չէ:
– Ներկայումս հանրային խորհրդի նախագահն եք: Շատերն, այնուամենայնիվ, չգիտեն, թե ինչով է զբաղվում հանրային խորհուրդը:
– Հանրային խորհրդի թերությունն այն է, որ մենք ցույց չենք տալիս մեր արածը, PR-ի, ճիշտ ինֆորմացիա տալու կարիքը կա, որը, թերևս, մեր սխալն է: Մարդ պետք է կարողանա իր գործերը ճիշտ ներկայացնել:
Մարտի 1-ից հետո արտառոց քայլերն ավելի են գրավում հասարակության ուշադրությունը, քան այն հավասարաչափ քայլերը, որ Հանրային խորհուրդն անում էր այս կամ այն ոլորտում վիճակը լավացնելու համար:
Այս տարվա վերջին պետք է նոր հանրային խորհուրդ ձևավորվի, և, կարծում եմ, առջևում գոնե մի 4-5 տարի բավական կայուն ժամանակաշրջան կա, որ մարդկանց ուշադրությունը ոչ թե սևեռվի սկանդալների, այլ երկիրը կառուցելու և երկրում քաղաքացիական հասարակությունը զարգացնելու վրա: Եվ Հանրային խորհրդի դերն ավելի հստակ կերևա, կհասկանան, թե որքան կարևոր նշանակություն ունի այն երկիր կառուցելու համար:
-Ունենալով նման անցյալ, Դուք հիմա Ձեր տեղում ե՞ք:
-Այո: Իհարկե, ես ավելի շատ բան անելու հնարավորություններ ունեի, բայց այսպես է ստացվել: Չի կարելի ոչինչ չանել, պետք է մշտապես օգտագործել ամեն մի հնարավորություն՝ Հայաստանում որևէ բան փոխելու, լավացնելու համար:
Արփի Մաղաքյան

 

http://www.emporium.am/am/articles/3467-l-r-

Մոլորված հովիվները հայտնաբերվել են

231384971371362419Հունիսի 16-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից երկու հովիվ նախիրը (10 կով, 200 ոչխար) բարձրացրել են Արագած սարը և նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:

Անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ «Ուրալ» ամենագնացով և ՄՓՎ օպերատիվ խումբը պետ փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանի գլխավորությամբ:

Ժամը 02.32-ին հրշեջ-փրկարարները «Տառերի պուրակ»-ից սկսել են որոնողական աշխատանքները:

Ժամը 05.07-ին «Ամբերդ» ամրոցից մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվել են որոնվող հովիվներ՝ Զ. Մինասյանը և Սուրիկը, որոնք տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում:

Հրդեհ՝ Գումի շուկայում

images (1)Հունիսի 15-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացի 35 հասցեում՝ Գումի շուկայի ներսում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել սառնարանի էլ. լարերի կարճ միացում հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է 21.57-ին: Այրվել են սառնարանի էլ. լարերը և աթոռ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին՝ 60-ամյակի առթիվ

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

 

«Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն և հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերից:

 

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջպետական հարաբերությունների խորացման և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանք մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրականացվում են որոնողական աշխատանքներ

imagesՀունիսի 16-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են Թամամ Արմենակյանի (ծնվ. 1933 թ.) որոնողական աշխատանքները:

 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում` Եղեգիս գետի մոտ:

Ժամը 23.00-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել էին:

Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԵրևան-Ախալքալաք երթուղու ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

big_1371373090_1Հունիսի 16-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Երևան-Ախալքալաք երթուղու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի GEO CSC143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թ. ծնված` Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված` Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված` Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թ. ծնված` Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված` Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնված` Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված` Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված` Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված` Լուսիկ Կիրակոսյանը և 2011թ. ծնված` Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Ամբոխը սպանել է հնդիկ կնոջը, քանի որ նրա դուստրը ջինս էր հագնում

traditional Indian dressԿնոջը ծեծելով սպանել են իր դստեր արևմտյան հագուկապից բողոքող հարևանները:
Նոր Դելից 144 կմ հեռավորության վրա գտնվող Հնդկաստանի Ալիգարա քաղաքում 55-ամյա կինը սպանվել է իր դստեր՝ ջինսե տաբատները ավանդական հնդկական հագուստից նախընտրելու շուրջ երկարատև վեճի արդյունքում:
Վեճը, որի ընթացքում մի քանի մարդ ևս վիրավորվել է, սկսվել էր այն բանից հետո, երբ հարևաններից մեկը շարունակաբար բողոքել էր 20-ամյա աղջկա հագուստի ընտրության վերաբերյալ:
Indian city AligarahԱղջկա հայրը India Today-ին հայտնել էր, որ հարևանը իրեն խնդրել էր՝ իր դստերը չթողնել ջինս հագնել, քանի որ նրա տղանները անընդհատ նայում են աղջկան:
Աղջկա հայրը նաև ավելացրել էր, որ հարևանը իրեն զգուշացրել էր, որ նման կերպ շարունակվելու դեպքում, իր աղջկան կբռնաբարեն:
Ըստ տղամարդու՝ հրացաններով և մահակներով զինված ամբոխը ներխուժել էր իր տուն, հրացանի ետնամասով խփելով իր կնոջ գլխին՝ սպանել նրան և վիրավորել իրեն ու իր դստերը:
Ոստիկանության տվյալներով՝ այս դեպքի կապակցությամբ մի կին ու մի տղամարդ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են սպանության և սպանության փորձ կատարելու մեջ:
Ոստիկանությունը աշխատում է մյուս մեղավորներին գտնելու ուղղությամբ:

Վարչապետն ընդունել է Էստոնահայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին

10477_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայում բնակվող հայազգի հայտնի գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, ով հայրենիք է ժամանել «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության ծրագրի շրջանակներում: Ողջունելով գրողին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք հեղինակություն եք վայելում ընթերցողների շրջանում և մենք բոլորս սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին»:
Էստոնահայ գրողը վարչապետին է ներկայացրել իր նոր վեպի հրատարակման ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են մշակույթի, մասնավորապես, գրական ասպարեզում մեր երկրում առկա վիճակն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում, Էստոնիայում և ողջ աշխարհում արվեստի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին:
Գոհար Մարկոսյան-Կասպերը հայտնի է իր հեղինակած մի շարք վեպերով՝ «Պենելոպե», «Հեղինե», «Կարիատուհիներ» և այլն), պիեսներով ու պատմվածքներով:
Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, էստոներեն և այլ լեզուներով:

Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը

10478_am_3ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը:
ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձևում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: «Գրան Պրի»-ն այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետև ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգևորել, համախմբել հայ ժողովրդին»:
Կառավարության ղեկավարը մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է հաջողություններ և հետաքրքրիր պարտիաներ:
«Գրան Պրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան և Հայաստանը:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

«Կսովորեն, կամաց-կամաց օրենքի պահանջները կսովորեն». Ստեփան Սաֆարյան

013Կայացավ Երեւանի ավագանու հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ մայրաքաղաքի ավագանին հավանության արժանացրեցլ նաեւ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի, հաստիքացուցակի եւ աշխատավարձերի չափերի վերաբերյալ ներկայացված նախագիծը:   Ի դեպ, այս հարցին քվեարկությունից առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել «Բարեւ Երեւան» դաշինքը` կարծիք հայտնելով, թե աշխատակազմերն ու աշխատավարձի չափերն անհարկի ուռճացված են եւ անընդունելի: Այդուհանդերձ, ներկայացված նախագիծը ընդունվեց ՀՀԿ խմբակցության «կողմ» ձայների շնորհիվ, «Բարեւ երեւանը» «դեմ» քվեարկեց, իսկ ԲՀԿ-ն գերադասեց «ձեռնպահ» մնալ:
Այսպիսով, ավագանին , փաստորեն, որոշել է շուրջ 100 000 դրամով ավելացնել քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավար կազմի աշխատավարձերի չափերը: Օրինակ, եթե Երեւանի քաղաքապետը 2009 թվականից մինչ օրս ստանում էր ամսական 400 000 դրամ աշխատավարձ, ապա այսուհետ ստանալու է 500 000: Առաջին տեղակալը կստանա 416 000, տեղակալները՝ 385 000-ական դրամ, նույնքան աշխատավարձ կստանա նաեւ գլխավոր ճարտարապետը, ով նախկինում 220 000 դրամ էր ստանում: Քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձը հասավ 301 000-ի՝ նախկին 220 000-ի փոխարեն:   Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա նրանց աշխատավարձերը 270 000-ից բարձրացան մինչեւ 348 000 դրամի, իսկ նրանց տեղակալներինը` 220 000-ից 301 000 դրամի:   Հիշեցնենք, որ հուլիի 1-ից կառավարության որոշմամբ նվազագույն աշխատավարձի չափն ավելացվել է ընդամենը 10 000 դրամով:
Ավագանու նիստից հետո «Բարև երևան»-ի ցուցակով ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ցույց տվեց թվերի ուռճացված լինելը` հատկապես «հասարակ քաղաքացիների» ցածր աշխատավարձերի ֆոնին: «Երեւանի քաղաքապետի քարտուղարուհին, օգնականը ստանում է գրեթե ԱԺ պատգամավորին հավասար աշխատավարձ: Բոլոր վարչության պետերը, քաղքապետերի տեղակալները ստանում են ավելի շատ աշխատավարձ, քան ԱԺ պատգամավորը, նախարարը: Իսկ թե Երեւանի քաղաքապետարանում ու 12 վարչական շրջաններում քանի վարչության պետ կա, ինքներդ հաշվեք: Սա նորմալ կհամարեի, եթե կոռուպցիան վերացած լիներ այս համակարգում, ու նաեւ եթե ՀՀԿ-ի ղեկավարած երկրում նվազագույն աշխատավարձը 45.000 չդարձվեր, այն էլ` վերջերս»,- գրեց Ստյոպա Սաֆարյանը:
Նա բացի այս խնդրից անդրադարձավ ավագանու հերթական նիստում գրանցված այլ զավեշտների ևս. «Երեւանի ավագանու նիստերը նախկինում կարճ էին տևում, քանի որ հարցեր գրեթե չէին հնչում,որոշումներն անցնում էին միաձայն, առանց դեմ կամ ձեռնպահ լինելու: Արդեն նոր ձևավորված ավագանին այդ ավանդույթը խախտեց: Յուրաքանչյուր հարցից հետո «Բարև Երևան» դաշինքի անդամները գրանցվում էին, հարցեր տալիս և ելույթներ ունենում:  Նրանց այս ակտիվությունը դուր չէր գալիս ՀՀԿ-ական ավագանիներին` արդյուքնում նստած տեղից ռեպլիկներ էին հնչում: «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամները նրանց նկատողություններ արեցին, սակայն, ինչպես ասում են, հարցը դրանով չվերջացավ»:
Մյուս գրառումը վերաբերում էր ավագանու նիստին մասնակցության իրավունք չունեցող անձի մասնակցությանը. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը մինչեւ հիմա տեղյակ չի, որ ինքը ավագանու անդամ չէ եւ իրավունք չունի մեջ ընկնել ավագանու նիստերի ժամանակ: Ոչինչ, կսովորի: Տարօրինակ է, որ ավագանու եւ ոչ մի ՀՀԿ-ական անդամ, այդ թվում նիստը վարող Տարոն Մարգարյանը, նույնպես չգիտեն, որ ավագանու անդամ չհանդիսացողները իրավունք չունեն «ինքզինքը» մեյդան գցել եւ ոչ մի անգամ սույն պարոնից չպահանջեցին լռել. տպավորություն էր, թե նա Տարոնի շեֆն է: Ի դեպ, ընկերներս պատմում են, որ նախորդ նիստին էլ Տարոն Մարգարյանը չգիտեր, որ ինքը նույնպես պետք է քվեարկի որպես ավագանու անդամ եւ նախազգուշացում է ստացել «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների կողմից: Այս մի նիստում նա արդեն կանոնավոր քվեարկում էր: Կսովորեն, կամաց-կամաց օրենքի պահանջները կսովորեն»:

Նյու Յորքի Պատրիոտներ ֆուտբոլային թիմի ղեկավար Կրաֆթը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը գողացել է 25,000 դոլար արժողությամբ սուպեր գավաթի իր մատանին

Robert Kraft and Vladimir PutinNew England Patriot ֆուտբոլային թիմի ղեկավար Ռոբերտ Կրաֆթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2005թ-ին գողացել է Սուպեր գավաթ XXXIX-ի իր մատանին, սակայն Ամերիկայի կառավարության բարձաստիճան պաշտոնյաները միջազգային խնդիրներից խուսափելու համար նրան խնդրել են հայտնել, որ ինքն է նվիրել մատանին:

Կրաֆթը այդ դեպքի մասին հայտնել է հինգշաբթի օրը Նյու Յորքում կազմակերպված Կարնեգի Հոլի գերազանցության մեդալի գալա մրցանակաբաշխության ժամանակ:

Կրաֆթը նշել է, որ երբ ինքը Պուտինին ցույց է տվել մատանին, Ռուսաստանի նախագահը վերցրել է այն և դրել գրպանը, որից հետո ՊԱԿ-ի երեք աշխատողների հետ դուրս է գնացել:

Այդ միջադեպը գրանցվել էր 2005 թ-ի ամռանը, երբ թիմը Կրաֆթի ղեկավարման ընթացքում նվաճել էր իր երրորդ սուպեր գավաթը:

Կրաֆթը ամերիկացի հայտնի բիզնեսմեններից մեկն էր, որ հետագայում այցելել էր Ռուսաստան Պուտինին հանդիպելու: Նա այդտեղ հայտնել էր, որ ավելի քան 25,000 դոլար արոժողությամբ մատանին նվեր է եղել:

super bowl ringNew York Post-ի տեղեկություններով՝ այժմ Կրաֆթը պնդում է, որ Պուտինը պարզապես գրպանել է 4,94 կարատ մատանին, իսկ երբ բիզնեսմենը ցանկացել է այն հետ պահանջել, Սպիտակ տունը միջամտել է:

Ըստ տեղեկությունների՝ մատանին այժմ պահվում է Կրեմլի հավաքածուի մեջ:

 

Չինացի գրաքննադատները ինտերնետային որոնումից հանել են Վինի պուխի անունը, քանի որ մուլտ հերոսին համեմատել են Չինասատանի նախագահ Սի Ցզինպիի հետ

Winni the Pooh and TigerՎինի պուխը մեղրով սնվող, բոլորի կողմից սիրված կերպար է:

Սակայն երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպիին համեմատել են Վինի պուխի հետ երկրի խիստ գրաքննական օրենքները գործի են անցել:

Չինական կայքերից մեկում հրապարակվել էր Կալիֆորնիայի գագաթնաժողովի ժամանակ հանդիպած Սի Ցզինպիի և Բարաք Օբամայի լուսանկարը:

Նկարի կողքին տեղադրվել էր նաև Վինի պուխի և նրա ընկեր վագրի նկարը, որոնք պատկերված էին այն նույն դիրքով, ինչ որ քաղաքական գործիչները:

Xi Jinping and Barak ObamaՆկարի տակ արված գրառումները և նկարը անմիջապես հեռացվել էին կայքից:

Ամեն դեպքում նկարը տարածվել էր ինտերնետում, իսկ քննադատները հայտնել էին, որ գրաքննադատները սխալ են հասկացել համեմատության իմաստը:

Կոմունիստական կուսակցության գրաքաննադատները միջամտում են ինտերնետային կայքերում կառավարության հասցեին արված նույնիսկ ամենաաննշան քննադատությանը:

Nicaragua Rabbit անունով բլոգերը Twitter –ին հավասարազոր չինական կայքում երկու նկարները տեղադրել էր երեքշաբթի օրը:

 

Գունավոր համազգեստներով Պերուի բանտարկյալները աերոբիկ շարժումներ ցուցադրելու աշխարհի ռեկորդ են սահմանել (լուսանկարներ,տեսանյութ)

peruvian prisonersԳունավոր համազգեստներով բանտարկյալները հատուկ պար են ստեղծել ռեկորդների գրքի մեջ ընդգրկվելու համար:

Պերուի տխրահռչակ Լուրիգանչո բանտի ավելի քան 1,200 բանտարկյալներ ետնաբակում բոլորը միասին որոշակի գործողություն կատարելու աշխարհի ռեկորդ են սահմանել:

Զինված գողերը, վարձու մարդասպանները, նարկոբարոնները և մանր գողերը հավաքվել էին բոլորը միասին մասնակցելու արեոբիկ շարժումներով պարային շոուին:

Նրանք այդ շոուին պատրաստվել էին ավելի քան երեք ամիս:

 

Պարը բանտարկյալներին սովորեցրել էր Պերուում աբողջ մարմնի աերոբիկ շարժումների ստեղծող Ռոջեր Ռոմերոն:

Լուրիգանչոն նախատեսված է 2,500 բանտարկյալների համար, սակայն այնտեղ այժմ պահվում են 7,000 բանտարկյալներ: Այն Պերուի ամենամարդաշատ բանտն է:

«Գեզի» այգու համար պայքարի 19-րդ օրը, լուսանկարներ

1Թաքսիմի համերաշխության պլատֆորմի այն հայտարարությունից հետո, թե «Գեզի» այգու համար պայքարը շարունակվելու է, որոշում է ընդուվել հանել այգու տարածքում գտնվող մյուս բոլոր միություններին, նախաձեռնություններին և հասարարակական կազմակերպություններին պատկանող պաստառները: «Շարունակում ենք Գեզի այգու դիմադրությունը: Հարցով զբաղվող կազմակերպությունների որոշման համաձայն որոշ քաղաքական կուսակցությունները, շրջակա շարժումները և միությունները մեկ ընդհանուր վրանի տակ են հավաքվելու և շարունակելու դիմադրությունը: Հիմնվելու է ընդհանուր վրան, բոլորը հավաքվելու են այնտեղ»,-նշվել է համերաշխության պլատֆորմի որոշման մեջ:

«Դողան» լրատվալան գործակալությունը, անդրադառնալով «Գեզի» այգու համար պայքարի արդեն 19-րդ օրվան, հայտնում է, որ անցած շաբաթ այգու մուտքի առաջ կանգնեցված բարիկադը այսօր ակտիվիստների կողմից կրկին բացվել է: «Այցելուների մուտքի ու ելքի համար այս բարիկադը դժվարություն է ստեղծում, այդ պատճառով էլ բացեցինք: Իրականում այս պահին բարիկադի կարիք էլ չկա»,-նշել է ակտիվիստներից մեկը: