SOCAR-ը պարզաբանել է, թե որ դեպքում Ադրբեջանը Հայաստանին գազ կմատակարարի

2SOCAR-ը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, հստակեցրել է Հայաստան գազ մատակարարելու հնարավորության մասին ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի ավելի վաղ արված հայտարարությունը: Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի մատակարարման հարցը կքննարկվի միայն այն դեպքում, եթե “ Հայաստանը “օկուպացված” տարածքների հարցում դիքորոշումը փոխի”, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

“Եթե Հայաստանը փոխի “օկուպացված” տարածքների նկատմամբ իր դիրքորոշումը, աջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ապա կներգրավվի տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ նախագծերում”,-ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշվում է նաև, որ “Հայաստանը ինքնամեկուսացվել է տարածաշրջանային համագործակցությունից և այդպիսով խոչընդոտում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ տարածարջանի զարգացմանը”:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հարցը

1 (1)Հունիսի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է աշխատանքային այցով մայրաքաղաք Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցությունը: Քննարկվել է նաև իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության ներկայսի վիճակը:
Պաղեստինին նվիրված համաժողովի մեկնարկից առաջ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան մշտապես աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանին: “Թուրքիան  մշտապես եղել է եղբայրական Ադրբեջանի կողքին: Ամենից շատ հենց Թուրքիան է ուրախ Ադրբեջանի տնտսական զարգացման և միջազգային ասպարեզում դիվանգիտական հաջողությունների համար”, -ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն Ադրբեջանում մասնակցել է Պաղեստինին աջակացության տրամադրման հարցերով համաժողովին: Այս համաժողովը կազմակերպել են Իսմալական համագործակցության կազմակերպությունը և Ադրբեջանի կառավարությունը: Դրան մասնակցելու են կազմակերպության անդամ արտգործնախարարները: Համաժողովի անցկացման մասին որոշում էր կայացվել դեռևս տարեսկզբին՝ Կահիրեում գագաթաժողովի ընթացքում:

Կարկտահարություն Ցամաքասար գյուղում

Կարկտահարություն ՍտեփանավանումՀունիսի 11-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 17.30-ը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ:

Վնասի չափերը ճշտվում են:

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դիՀունիսի 11-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 53-րդ շենքի 75-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16.05-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1938թ. ծնված Ռ. Խաչատրյանի դին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

 

Սպասվում են տեղումներ

big_1370943865_3pMiw6E0IPl21rFL5wbKGqvyLKՀանրապետության տարածքում`

Հունիսի 12-16-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա՝ ընդհանուր առմամբ 8-10 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 12-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է: 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 35.40C (1990 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան 9.30C (1985 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան 21.40C

 

Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով դասընթացի բացում ՀՀ ԱԳՆ-ում

393. Launching of the Conference on security issues at the MFA 11.06.2013Հունիսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով վերապատրաստման դասընթացի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին` Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության պատվիրակությունը, ՀՀ գերատեսչությունների ու ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ, Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության ու Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից: Այն անցկացվելու է Ծաղկաձորում հունիսի 11-14-ը, որի ընթացքում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասը կազմող Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական թիմի փորձագետները անվտանգության խնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կդասավանդեն անվտանգության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի եւ դրա բովանդակության, հետհակամարտային միջավայրում բարեփոխումների ծրագրման եւ կոորդինացման, ինչպես նաեւ հիմնախնդրին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Իր ողջույնի խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց դասընթացի անցկացումը` նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ: Միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ զինված ուժերի եւ անվտանգության համակարգի այլ բաղադրիչների արդյունավետությունն ու որակական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ`  առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ պետությանը եւ իր քաղաքացիներին ուղղված արտաքին սպառնալիքներին արձագանքելու դրանց կարողությունները ամրապնդելու նպատակով:

Իր ելույթում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունեց սեմինարի մասնակիցներին եւ վստահություն հայտնեց, որ դասընթացն իր նպաստը կբերի Հայաստանի անվտանգության համակարգի բարեփոխումներին:

Վարչապետը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված տոնական ընդունելությանը

10465_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն:
«Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների հետ: Մեր ժողովուրդների կողմից պատմական ընտրություն է կատարվել՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Դրա համար այս տոնն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ:
Ռուսաստանի օրը տոն է, որը միավորում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին՝ տարբեր սերունդների և տարբեր ազգային մշակույթների: Սա յուրաքանչյուր քաղաքացու տոն է, որը հասկանում է, որ երկրի հաջողությունը կախված է նաև իր անձնական ջանքերից:
Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մեզ ոչ միայն հաջողվել է պահպանել դարավոր եղբայրական և բարեկամական կապերը, այլև ամրապնդել այն հիմքը, որի հիման վրա հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մակարդակով: Կարևոր է, որ մեր հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ շնորհիվ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում իրականացվող նոր նախաձեռնությունների:
Մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հնարավոր է դարձել ոչ միայն բարձր մակարդակի փոխադարձ վստահելի երկխոսության, այլև այն նախաձեռնությունների և առաջարկությունների շնորհիվ, որոնք գալիս են մեր երկրների հասարակ քաղաքացիների կողմից»,
– ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ունենալով նման ընդարձակ հասարակական աջակցություն՝ երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը: Որպես երկու պետությունների առաջընթացի կարևոր նախապայման՝ Տիգրան Սարգսյանը նշել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

 

«Շանթ»-ը պարզաբանում է Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու պատճառները

arm137096204965«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ.

«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:

 

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:

Նաև նշենք, որ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջին բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարում` իրենց աջակցությունը հայտնելով հեռուստալրագրողին և քննադատելով այն իրողությունը, որ ֆեյսբուքում ազատ արտահայտվելը կարող է աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ:

 

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը «Ոսկե Ավազներում»

chessԳրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը, Դավիթ Պառավյանը հաղթանակներ տարան Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում սկսված  «Մեծ Եվրոպա» միջազգային անդրանիկ տուրում:

Առվի ջրերը լցվել են անասնագոմ .ջրահեղձվել է 15 հավ

ջրահեղձվել է 15 հավՀունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է 15 հավ. անասնագոմը չի վնասվել:

ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե…

Armen-rustamyanՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին` «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: «Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունն ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս  ուղղությամբ»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` այս խնդիրն առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունը: Նրա համոզմամբ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները. առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝  ԵԽ-ն պետք է լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Ըստ Ռուստամյանի, աա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին: Ըստ նրա` այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը, հատկապես` կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման  և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ:

«Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի ու ստանդարտների չկիրառմանը»,-համոզված է Արմեն Ռուստամյանը:

Վերջապես` լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գործընթացին, ըստ նրա, կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին` վերահաստատել 1994թ. զինադադարի բիշքեկյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

«Հուսով եմ՝ Հայաստանը կօգտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ին մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»,-ամփոփեց դաշնակցական պատգամավորը:

 

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

vichՀունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների եւ քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ներկայացվեց 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստին ելույթներով հանդես եկան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրեցին հռչակագրում տեղ գտած ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչեւ 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի եւ իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ, չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետեւանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արեւելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում եւ հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաեւ լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայնման, խորհրդատվական եւ ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրանացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է՝ հավելելով, որ ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ դեսպանը Նազարյանը նշեց, որ անհրաժեշտ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաեւ 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում եւ ծրագրերում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գնդապետ Հենրիկ Մուրադյանը հինգ տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով:

Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար:

 

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

001 (3)Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ:

Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել և երկու մայրաքաղաքների միջև այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվում:

<<Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել է նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Երևանի կառավարման գործում: Անդրադառնալով Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համատեղ ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության ու հետևողականության համար: Առանձնակի կարևորելով Երևանի և Ստեփանակերտի  քաղաքապետարանների միջև 2012-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող գործնական քայլերը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նաև նկատել է, որ վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի անցկացումը ևս լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի հետագա ծրագրերի հետ կապված հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊՆ. Գագիկ Ջահնգիրյանը կանչվել է հարցաքննության

ջհանգիրյան«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի 11.06.2013թ. համարում «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ հոդվածում հրապարակվել է «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս` անդրադառնալով    2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. «Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»:

Գ.Ջհանգիրյանի կողմից ներկայացրած տեղեկատվության աղբյուրը և դրա ճշմարտացիությունը ստուգելու համար ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գ.Ջհանգիրյանին` 13.06.2013թ. ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժին կանչելու և գործով որպես վկա հարցաքննելու համար:

 

ՀՀ ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հայտարարությունը

բանտ2013թ. մայիսի 29-ին և 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:

Առաջինը հաշվետվությունը վերաբերվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Դ. Մ.-ի առողջական վիճակին, ով տառապում է մի շարք հիվանդություններով և նրա վիճակը գնահատվել է խիստ ծանր: Խմբի անդամներն արձանագրել են, որ դատապարտյալին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք, առանձնացված պալատ, մասնագիտացված բուժում, որպիսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ապահովել հնարավոր չէ:

Ս.թ. մայիսի 29-ին Դիտորդական խմբի կողմից ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված հրատապ հաշվետվությամբ բարձրացվել են հիշյալ դատապարտյալին շատ շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդիրները:

ՀՀ քրեակատարողական վարչությունից ստացվել է պատասխան, որի համաձայն՝ դատապարտյալ Դ. Մ.-ն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան տրամադրվում է համապատասխան բուժում: Միաժամանակ, Դիտորդական խմբին հայտնվել է, որ դատապարտյալ Դ. Մ.-ի՝ պատժից վաղաժամկետ ազատման հարցը կքննարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջիկա նիստում:

Դիտորդական խումբը դրական է գնահատում ՀՀ քրեակատարողական վարչության կողմից տվյալ հարցի լուծման վերաբերյալ դրսևորված պատրաստակամությունը:

Մյուս հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. մայիսի 28-ին դիտորդական խմբի անդամները «Վանաձոր» ՔԿՀ այցելության ընթացքում մի քանի դատապարտյալների վրա հայտնաբերել էին մարմնական վնասվածքներ, որի վերաբերյալ նույնպես ներկայացվել էր հրատապ հաշվետվություն:

«Վանաձոր» ՔԿՀ-ում առկա փաստաթղթերի և վարչակազմի կողմից ստացված պարզաբանումների համաձայն՝ «Ս.թ. մայիսի 27-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի 3 դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ սամբոյի հնարք և հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, բարձրաձայն զազրախոսելու, խցից դուրս հրավիրելու օրինական պահանջին չենթարկվելու, խուզարկության իրականացմանը խոչընդոտելու պատճառով» :

Կատարվածի վերաբերյալ Դիտորդական խումբը մտահոգություն է հայտնում հետևյալի մասին` արդյոք կիրառված ֆիզիկական ուժը և հատուկ միջոցը համաչափ են եղել կատարված արարքին, որի վերաբերյալ խումբը արձանագրում է հետևյալ խնդրահարույց հարցերը.

–          Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ արձանագրություններում հստակ նշված չէ, թե կոնկրետ ինչպիսի հնարք է կիրառվել դատապարտյալների նկատմամբ:

–         Արդյոք բոլոր դատապարտյալների նկատմամբ որպես ֆիզիկական ուժ նույն հնարքն է կիրառվել:

–         Արդյոք տվյալ հնարքի կիրառումը համաչափ էր դատապարտյալների արարքին:

–         Դատապարտյալների վնասվածքները 2013թ. հունիսի 3-ի դրությամբ դեռևս արձանագրված չեն եղել դատաբժիշկ-փորձագետի կողմից, թեև վարչակազմի կողմից նման որոշում կայացվել էր:

–         Դատապարտյալ Ա. Գ.-ի վերաբերյալ տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ դատապարտյալի մոտ առկա ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրված:

–         Արդյոք կիրառված հնարքը կարող էր հանգեցնել դատապարտյալների մոտ արձանագրված մարմնական վնասվածքների առաջացմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ երկրորդ հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտորդական խումբը դեռևս պատասխան չի ստացել:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբ

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է Մարտի 1-ի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ

071409153230ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նախորդ քառօրյայում Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի մերժմանը:

«Ժամանակավոր հանձնաժողովի մերժմամբ, սակայն, Մարտի 1-ի գործը չփակեց,-ասաց նա,-ընդհակառակը, դա հավելյալ բարդություններ հարուցեց: Մարդասպաններին պատժված տեսնելու հույսը զոհերի հարազատների մոտ փոխվեց հուսալքության»,-ասաց նա:

Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը թե երկրի ներսում, թե միջազգային ատյաններում:

Նա դիմեց Աժ նախագահին` առաջարկելով Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանում կազմակերպել լսումներ (համաձայն են նաև փակ լսումներին): «Հուսով ենք, որ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած պատգամավորներն այդ լսումների ընթացքում կվերահամոզվեն, որ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը օֆշորային սկանդալի մասին պարզաբանում խնդրեց ֆինանսների նախարարից

images (1)Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց 2012 թ. բյուջեի կատարողականը: Ըստ նրա՝ նշված տարում տնտեսական աճը կազմել է 7.2% աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը, գնաճը կազմել է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հատկանշական համարելով այն երևույթը, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, որը նշված ժամանակահատվածում կառավարության անդամ չի եղել, ասաց. «Սա իսկապես բնորոշ փաստ է և հերթական անգամ ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Ազգային ժողովի կանոնակարգը Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տալիս Ազգային ժողովում խուսափել հիմնական զեկուցողի կարգավիճակից, նա դա անում է, որովհետև կռահում է, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար հեշտ չէ»,-ասաց Փաշինյանը:

Դիմելով ֆինանսների նախարարին`ՀԱԿ պատգամավորը հարցրեց. «Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից տրված 10 միլիոն դոլարի վարկը, ըստ էության, անհայտ վիճակում է գտնվել, և մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանն անձամբ է դերակատարություն ստանձնել, և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ»։

Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով, դա շատ կասկածելի գործարք է, որն ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը` ծառայել ՀՀ ժողովրդին, այլ անձամբ Տիգրան Սարգսյանի:

Փաշինյանին պատասխանեց ֆինանսների նախարարը`հիշեցնելով, որ վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել և ինչ տարբերակով է օգտագործվել համապատասխան պաշտոնյայի անունը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը հենց դրանում է. փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից այդ մասին ասել»:

«Պարո՛ն Փաշինյան, կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց ոչ թե պատասխան լսելու, այլ հնչեցնելու համար»,-նկատեց Դավիթ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն` վերջերս «Հետք» էլեկտրոնային օրաթերթում հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում իր անունն արծարծելու համար:

 

«Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ

հայրենիքի զինվորԴիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-ից 22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղ-մրցույթներ:

«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները կազմակերպում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

10464_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները:
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի զարգացմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ուղղված աշխատանքների շուրջ: