Հանրահայտ մոդել Իրինա Շեյկը պատրաստվում է նկարահանվելլ Հոլիվուդյան «Հերկուլես» ֆիլմում: Շեյկը կմարմնավորի Մեգարային՝ Հերակլեսի կնոջը:
Մոդելը սոցիալական ցանցերում տարածել է լուսանկարներ ֆիլմի ռեժիսոր Բրետ Ռետների և գլխավոր հերոսին մարմնավորող Դուեյն Ջոնսոնի հետ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014 թվականի հունիսի 25-ին:
Daily Archives: June 1, 2013
ԱՄՆ-ի անվտանգության ղեկավարը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության մեջ
ԱՄՆ-ի անվտանգության քարտուղար Չակ Հագելը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության մեջ, որի մասին նա հայտնել է Սինգապուրի անվտանգության ֆորումում:
Խոշոր ավտոպատահար Երևան-Սևան ավտոճանապարհին (լուսանկարներ)
Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ ՓԾ գ-տ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես Սպրինտեր” մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և “ՎԱԶ 21 012” մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: “Մերսեդես սպրինտեր” միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղևորներ՝ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը և Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց և վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:
Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):
Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Գյումրիում ծնվեց 50.000-րդ երեխան
Այսօր` հունիսի 1-ին, նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում օրը կրկնակի տոնական էր: Թեև այստեղ ամենամյա տոնական շքերթ չէր կազմակերպվել` կենտրոնական հրապարակի վերանորոգման պատճառով, սակայն գյումրեցին ուրախանալու այլ առիթ էլ ուներ. 88-ի ավերիչ երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում ծնվեց 50.000-րդ երեխան: Փոքրիկ Հայկը լույսաշխարհ է եկել երեկ երեկոյան: Նա ընտանիքի 3-րդ երեխան է:
Այս պատճառով, նաև տոնի խորհրդով պայմանավորված այսօր առավոտից հյուրաշատ էր Գյումրու ծննդատունը: Բնականաբար, երեխաների պաշտպանության օրը չայցելել այս կարևոր կառույցը, անհնար է: Խոսելով օրվա անակնկալի մասին ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խաչատրյանը նշեց. “Այսօր տոնն առանձնակի կարևոր է մեզ համար, քանի որ երկրաշարժից հետո մեր ծննդատանը ծնվեց 50.000-րդ երեխան”:
Գյումրիի ծննդատուն էին եկել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրանք նվերներով ու ծաղիկներով շնորհավորեցին բոլոր նորածինների մայրիկներին, իսկ փոքրիկ Հայկի ընտանիքին պարգևատրեցին խրախուսական 100.000 դրամով: Ի դեպ, փոքրիկի ընտանիքին 100.000 դրամ էր նվիրել նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Հայկը նվեր ստացավ նաև մանկասայլակ` մարզպետի կողմից, իսկ “Անի տուրը” նրա ընտանիքի անդամներից մեկին հնարավորություն ընձեռեց տեսնել Արևմտյան Հայաստանը:
Ջորջ Բուշը հայտնել է, որ չի ցավում պատերազմում վիրավորված վետեանների համար, քանի որ նրանք կամավոր են գնացել ծառայության
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը անկեղծացել է ղեկավար լինելու վտանգների մասին՝ նշելով, որ երկար ժամանակ իշխանության գլուխ մնալը քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ:
Երկու անգամ նախագահ ընտրված Բուշը կարծում էր, թե բարձր պաշտոն զբաղեցնելը և հայտնի լինելը կարող է «կուրացնել», սակայն լինելով նախագահ նա հասկացավ, որ ճանաչված լինելը սովորական բան է դառնում:
Դեռևս պարզ չէ արդյո՞ք նրա կատարած այս մեկանբանությունները կօգնեն նրան բարձրացնել իր իմիջը, թե ոչ: Անցած տարի անց կացված հարցումներին մասնակցած մարդկանց 54 տոկոսը Բուշին համարել էր ԱՄՆ-ի ամենավատահամբավ, կենդանի նախագահը:
Բուշը 2001թ-ին կաբինետ մտնելուց հետո երկու պատերազմ է սկսել՝ Իրաքի և Աֆղանստանի դեմ, որոնց ընթացքում զոհվել է 6,471 ամերիկացի զինվոր: Իրաքում վիրավորվել է 32,000, իսկ Աֆղանստանում՝ 18,000 ԱՄՆ զինվոր:
Բուշը The Huffington Post-ի հետ հարցազրույց էր ունեցել Տեխասի Կրոուֆորդ փոքրիկ քաղաքում գտնվող իր ռանչոյում կազմակերպված երեք օրյա լեռնային հեծանվարշավի ժամանակ:
Արշավին մասնակցում էին 75 հեծանվորդներ՝ ներառյալ Իրաքում և Աֆղանստանում իրենց ծառայության ընթացքում ֆիզիկիապես կամ հոգեբանորեն վիրավորված 13 վետերաններ:
Երբ Բուշին հարցրեցին արդո՞յք նա իրեն պատասխանատու չի զգում այդ վիրավորվածների առջև, նա պատասխանեց, որ նրանք չեն հակառակվել իր կայացրած որոշումներին և մյուս կողմից այդ մարդիկ կամավորներ էին, նրանք ոչ ոքի չեն մեղադրում, իսկ իր կայացրած որոշումները ճիշտ են եղել՝ ավելացնելով, որ ինքը չի ցավում նրանց համար, որովհետև նրանք ևս չեն ցավում իրենց համար:
Մայիսյան խռովությունների հետևանքով Իրաքում մահացել է 1,000 մարդ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներին համաձայն` Իրաքում մայիսյան խռովությունների հետևանքով մահացել է շուրջ 1,000 մարդ:
Մահմեդական հոգևոր առաջնորդը կոչ է անում սունիներին միանալ Սիրիայի պատերազմին
Հայտնի մահմեդական հոգևորական Յուսուֆ ալ-Քարադավին կոչ է արել սունի մահմեդականներին միանալ Սիրիայի վարչակարգի դեմ պայքարող ապստամբներին:
Տոնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել ու ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են երեխաներին նվիրված տոնական միջոցառումները:
Վարչական շրջանների տարբեր հատվածներում, այդ թվում նաև բակային տարածքներում, մանկապարտեզների, դպրոցների և մշակութային օջախների սաների մասնակցությամբ կազմակերպվել են բացօթյա համերգային ծրագրեր` պարային և երաժշտական կատարումներով: Նկարչական խմբակներ հաճախող կամ պարզապես նկարել սիրող երեխաները ևս հնարավորություն են ունեցել իրենց կարողությունները ցուցադրել գեղանկարի ու կավճանկարի միջոցով:
Միջոցառումների շրջանակում մանուկները հնարավորություն են ունեցել նաև շփվելու, խաղալու և լուսանկարվելու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ:
Անցկացվել են նաև մարզական առաջնություններ: Սկսնակ փոքրիկ շախմատիստներն իրենց ուժերն են չափել խաղատախտակների առաջ:
Երեխաների հետ տոնին մասնակցել են նաև ծնողները, տատիկ-պապիկները, ովքեր հիացմունքով նշել են, որ մայրաքաղաքում տիրող տոնական ուրախ տրամադրությունը նաև իրենց է վարակել:
Օրվա առիթով երեխաների համար այցելություններ են կազմակերպվել թանգարաններ, գադարաններ, ինչը դպրոցահասակ երեխաների համար ևս մի առիթ էր ծանոթանալու հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին:
Միջոցառումներ են անցկացվել նաև զբոսայգիներում և պուրակներում, որտեղ մանուկներին վարչական շրջանների աշխատակազմերի, տարբեր տնտեսվարողների կողմից անակնկալներ են մատուցվել: Լարախաղացներ ու աճպարարներն էլ իրենց հերթին հմուտ հնարքներով զարմացրել են փոքրիկներին:
Հունիսմեկյան միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:
ի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տոնական միջոցառումներ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է տոնական միջոցառումներ:
Այգու բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին ողջունում էին մանկական համույթները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ը մինչև 15 տարեկան երեխաների համար զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոններն անվճար էին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցելության պահին այգին մարդաշատ էր և ամենուր տոնական տրամադրություն էր: Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել մանուկների և նրանց ծնողների հետ և շնորհավորել է նրանց` մաղթելով խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն. «Ծնողների համար չկա ավելի մեծ հարստություն, քան իրենց երեխաները: Ու հատկապես այս օրը կմաղթեի, որ բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ ու ապրեն խաղաղ և անհոգ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օգտվելով առիթից ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:
«Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ունեցել է 7 միջազգային պրեմիերա և Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, հունիսի 7,8,9-ին կունենա եռօրյա կինոթատրոնային ցուցադրություն Նաիրի կինոթատրոնում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերին` Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական միջազգային մրցույթում: 2012-ին ֆիլմը պատիվ ունեցավ հրավիրվելու` ունենալու իր եվրոպական պրեմիերան Շվեդիայում` հեղինակային կինոյի ամենահայտնի կինոփառատոներից մեկում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում: Իսկ Ամերիկյան պրեմիերայի համար` այն բացարձակ հեղինակային մի ֆիլմ, ընտրվեց Ամերիկայի ամենամեծ հանդիսատես ունեցող փառատոնի` Սիեթլի կինոփառատոնի կողմից: Ֆիլմն ունեցել է նաև այլ միջազգային պերմիրաներ, իսկ Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:
Նշենք նաև, որ ֆիլմն արտադրված է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից, որին աջակցել են Մշակույթի Նախարարությունը, Ազգային կինոկենտրոնն ու «Ոսկե ծիրան» հիմնադրամը: «Ժաննան և ձայները» ռեժիսորի և ֆիլմի հիմնակազմի 90 տոկոսի` սցենարիստների, պրոդյուսերի և բեմադրող օպերատորի, առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ժաննայի դերում հանդես է գալիս Արմինե Անդան:
Արդյո՞ք սկիզբ է առնում «Թուրքական գարունը»,լուսանկարներ
Արդեն մի քանի օր է Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը Թաքսիմի «Gezi» այգու քանդման դեմ, որոնք վերածվել են հակակառավարական ելույթների: Թուրքիայի կենտրոնական քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին հետևում են նաև միջազգային լրատվամիջոցները: Հետաքրքրական է, որ արաբական առաջատար «El Cezire» հեռուստաընկերությունը Թաքսիմում տեղի ունեցող իրադարձությունները
ուղիղ եթերով հեռարձակելիս, թղթակիցը օգտագործել է «Թուրքական գարուն» արտահայտությունը:
Անգլիայում ամենակարդացվող «Guardian» հանդեսը ստամբուլյան իրադարձությունների մասին իր լուրերին տվել է «Ստամբուլի ցուցարարները Թուրքական գարնան սերմերն են ցանում» վերնագիրը՝ մասնավորապես նշելով. «Այս ցույցերը Թուրքիայի համար սովորական չեն, քանի որ երիտասարդ, թե տարեց, աջ հայացքների տեր, թե ձախ, թյուրքիզմի, թե քուրդիզմի հետևորդ, բոլորը համախմբվել են»:
Գերմանական «ZDF» հեռուստաալիքը ողջունել է Թաքսիմում ընթացող բնության համար պայքարը՝ նշելով. «Թուրքերը, որոնց բարբարոս էինք անվանում, պատերազմում են բնության համար և եթե թուրքերը պայքարեն, ապա իրադրությունը կփոխվի»: Ամերիկյան «Washington Post» թերթն ու ֆրանսիական «France 24»-ը գրել էին, որ Ստամբուլի կենտրոնում այգու պահպանման համար սկսված ցույցերը գնալով վերածվում են հակակառավարական ելույթների:
Այնուհանդերձ մի շարք վերլուծաբանների կարծիքով «Gezi» այգին միայն պատրվակ էր, որպեսզի Էրդողանի վարչակարգից դժգոհ ազգաբնակչությունը դուրս գա իր բողոքի խոսքն ասելով և հավանականություն կա, որ այն կվերածվի մի հեղափոխական ալիքի՝ «Թուրքական գարնան», որին ոչ ոք չէր հավատում:
Աշխարհի ամենամիայնակ տղան, բնակվելով 30 բնակիչ ունեցող Վրաստանի հեռավոր գյուղում, դպրոցի միակ աշակերտն է
Իննամյա Բաչո Ցիկլաուրին միակ աշակերտն է Թբիլիսիից 99կմ հեռավորության վրա գտնվող Մակարտա վրացական գյուղում:
Նա 30 բնակիչ ունեցող գյուղի չորս երեխաներից մեկն է: Մյուս երեխաները՝ ներառյալ Դաթո անունով իր եղբայրը, մեծ են և հաճախում են մոտակա գյուղի ավագ դպրոց:
Ռոյտերի լուսանկարիչը անցել է 19 կմ երկարություն ունեցող Գուդամակարի կիրճով անցնող ցեխոտ կածանով, որը Մակարտան առանձնացնում է Վրաստանից՝ Բաչոյին հանդիպելու համար:
Կիրճով անցնելու համար նրանից պահանջվել է նույնքան ժամանակ, որքան մայրուղով 80 կմ անցնելու համար:
Բաչոն դպրոց գնալու ժամը կռահում է, երբ նրա 47-ամյա մաթեմատիկայի և վրացերենի ուսուցիչը անցնում է նրանց տան կողքով:
Դասը սովորաբար սկսվում է դասամատյանում ներկա բացակա նշանակելով, որտեղ գրված է միայն Բաչոյի անունը: Այնուհետև ուսուցիչը Բաչոյի հետ քննարկում է հանձնարարված առաջադրանքները, կրկնում անցած դասերը և նոր նյութ բացատրում:
Դասամիջոցին Բաչոն միայնակ մի քանի շրջան վազում է ֆուտբոլի դաշտում, այնուհետև վերադառնում իր մյուս ուսուցչի հետ անգլերենի դասը անց կացնելու համար:
Երկու ուսուցիչներն էլ գոհ են իրենց աշակերտից, սակայն նրանք մի խնդիր ունեն. երբ Բաչոն գնա ավագ դպրոց, գյուղի դպրոցը կփակվի:
Իսրայելում հայտնաբերվել է 1948թ-ի պատերազմի ժամանակ սպանված տասնյակ պաղեստինցիների մասսայական գերեզման
Թել Ավիվի Յաֆա շրջանում հայտնաբերվել են 1948թ-ի իսրաելաարաբական պատերազմի ժամանակ սպանված պաղեստինցիների վեց մասսայական գերեզմաններ:
Մահմեդական գերեզմանատան աշխատակիցը AFP –ին հայտել է, որ այդ սարսռեցուցիչ վայրը հայտնաբերել են, երբ այդ տարածքում իրականացվող շինարարական աշխատաքների ընթացքում հողը փլուզվել է:
1948թ-ին Յաֆան հիմանականում արաբներով բնակեցված պաղեստինական քաղաք է եղել, որտեղ բնակչության տեղահանություն էր տեղի ունեցել, երբ տարածքը անցել էր նորստեղծ Իսրայելի բանակի և աջակողմյան հրեա ոստիկանության իշխանության տակ:
Յաֆայի բնակիչ, հետազոտող և պատմաբան Մահմուդ Օբեյդը As-Safri թերթին հայտնել էր, որ իրենք պեղումներ են իրականացրել հայտնաբերված վեց գերեզմաններից երկուսում, և իրենց հաշվարկներով դրանք պարունակում են շուրջ 200 մարմիններ, իսկ մյուս գերեզմանոցների մարմինների թիվը հայտնի չէ՝ ավելացնելով, որ մահացածների թվում կան տարբեր տարիքի և սեռի մարդիկ՝ ներառյալ կանայք և երեխաներ:
Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2013-ի հունիսի 1-ի խորհուրդը: Ըստ նախարարի` Խորհրդանշական է, որ այսօր` Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մեկնարկել են միասնական քննությունները:
«Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է: Նախարարությունը հետևելու է քննությունների ընթացքին և իր լիազորությունների շրջանակում արձագանքելու է դիմորդներին հուզող հարցերին: Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմորդներին, համբերություն` իրենց ծնողներին և ուսուցիչներին: Բոլոր խնդիրները լուծելի են», – գրել է Արմեն Աշոտյանը:
Կրիշտիանու Ռոնալդուի մոմե արձանը կտեղադրվի Մադամ Տյուսոյի թանգարանում
Մոմե արձանների թանգարանը կհամալրվի Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանով:
Իսպանացի քանդակագործները արդեն պատրաստում են Ռոնալդուի մոմե արձանը, որի համար ֆուտբոլիստից արդեն վերցրել են բոլոր անհրաժեշտ չափումները:
Ինքը` Կրիշտիանուն ցանկանում է, որ արձանը հնարավորինս բնական լինի. «Ցանկանում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես հանդես եմ գալիս խաղադաշտում», – լրատվամիջոցներին է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուն:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարևորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունն ստանձնելը Հանրապետության Նախագահը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել մեր երկրի համար: Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել և ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին: |
Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը: Լևոն Արոնյանն առաջատարին` նորվեգացի Մագնուս Կառլսենին զիջում է 51 միավորով և 2-րդ տեղում է:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Կառսեն – 2865.0 միավոր
2. Արոնյան – 2813.0
3. Կրամնիկ – 2803.0
4. Կարուանա – 2786.4
5. Անանդ – 2786.0
6. Կարյակին – 2782.0
7. Գրիշչուկ – 2781.6
8. Տոպալով – 2774.1
9. Նակամուրա – 2771.3
10. Կամսկի – 2762.4


