Օսկար Պիստորիուսի ընտանիքն ասել է, որ ապշել է` Օսկարի ձեռքով սպանված ընկերուհու նկարները տեսնելով:
Daily Archives: June 3, 2013
WikiLeaks-ի մասին նկարահանված ֆիլմի ռեժիսորը հեռանկար չունի. Ասսանժ
Ստամբուլի ցուցարարները առաջին մարդկային զոհը տվեցին
Թուրքիայի բժիշկների միությունը հետաքրքիր տվյալներ է հրապարակել ամբողջ երկրով մեկ շարունակվող ցույցերի վերաբերյալ: Ստամբուլի «Gezi» այգու պահպանության համար սկսված խաղաղ ցույցերի արդյունքում, որոնք աստիճանաբար վերածվեցին հակակառավարական ելույթների, ցավոք արդեն առաջին զոհը կա: Երեկ գիշերը Ստամբուլի Մայիսի 1-ի թաղամասում մի մեքենա վրայերթի է ենթարկել Մեհմեդ Այվալըթաշ անունով մի երիտասարդի: Միությունը հրապարակավ հայտարարել է. «Այս մահվան պատասխանատուն այն կառավարությունն է, որը օրեր շարունակ ընթացող ժողովրդավար ցույցերը փորձում է բռնությամբ դադարեցնել, ցուցարարների իրավացի պահանջները լսելու փոխարեն նրանց «երեք-հինգ ավազակ» է անվանում»:
«Radikal»-ը հաղորդում է, որ միության հրապարակած տվյալներով՝ այժմ 26 վիրավոր բուժվում է հիվանդանոցում, որոնցից 2-ի վիճակը ծանր է, 5-ը գտնվում են խիստ հսկողության տակ: 880 մարդ դիմելով հիվանդանոց՝ բուժում է ստանում տնային պայմաններում: Այս թվերին ավելացնելով Ստամբուլի մեկ այլ հիվանդանոցում առաջին օգնություն ստացած 625 հոգուն՝ ընդհանուր առմամբ վերջին օրերին նվազագույնը 1485 վիրավոր է գրանցվել:
Անկարայի հիվանդանոցներից ստացված տվյալներով՝ այնտեղ նվազագույնը 414 վիրավոր կա, որոնցից 15-ի վիճակը ծանր է, իսկ մի երիտասարդ մահվան վտանգի տակ է գտնվում: Իզմիրում երկու օրվա ընթացքում հիվանցանոց են դիմել 420 վիրավոր, որոնցից 60-ը հոսպիտալացվել է:
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Հունիսի 3-ին, 7-ին, 8-ին` երեկոյան ժամերին հատկապես Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
Հունիսի 4-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-ին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում` հունիսի 4-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-ին, 8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Դոլարը կարծես թե կայունանում է
Տարոն Մարգարյանը անդրադարձել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային. Մայրաքաղաքում կտեղադրվեն առաջարկությունների արկղեր
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է:
“Երևանը զարգացող քաղաք է և միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել և կամ կյանքի կոչվել անմիջապես: Այսօր մենք քաղաքաշինական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնց նախագծերը մեզ են փոխանցվել մեր նախորդներից: Մասնավորապես, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու ներկայում ընթացող շինարարության նախագիծը մշակվել է դեռևս 1970-ական թվականներին, և մենք այն այսօր կյանքի ենք կոչում: Մենք էլ մեր հերթին պետք է մշակենք տարբեր ծրագրեր, որոնց մի մասը, հնարավորության դեպքում, կիրականացնենք հիմա, իսկ մյուս մասն էլ կփոխանցենք հաջորդ սերունդներին”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով ևս հայտարարել բաց մրցույթներ:
Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ոստիկանության, ինչպես նաև համապատասխան այլ կառույցների հետ կազմակերպվել են համատեղ համալիր միջոցառումներ: Հանձնարարվել է աշխատանքները շարունակել և հարցը մշտական հսկողության տակ պահել:
Գյուղատնտեսական մթերքների առևտրի ակտիվացման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաև առաջարկություններ ներկայացնել գյուղմթերքների նոր շուկաների կազմակերպման վայրերի մասով:
Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրման աշխատանքների, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները թերի կատարած 64 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր վարչական շրջանում հայտարարել հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ և պարգևատրել լավագույն տնտեսվարողներին:
Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ընթացող աշխատանքների որակի ապահովման նկատմամբ իրականացվում է մշատական հսկողություն:
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ առաջնահերթության կարգով, համաձայն ծրագրի, արդեն իսկ փոխարինվել և վերականգնվել է Երևանի տարածքում գտնվող հնամաշ և վթարավտանգ համարվող 231 էլեկտրասյուն:
“Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի” տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման աշխատանքները:
Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երևանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու, նպատակով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով ներգրավվում են նոր աշխատակիցներ: Կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բորենիների ժամանակը
Հունիսի 1-ի և 2-ի լույս գիշերը Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան հարևանությամբ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 43-ամյա Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 40-ամյա Արտակ Բուդաղյանը և 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արտակ Բուդաղյանը ՀՀ ՊՆ Գորիսում տեղակայված զորամասի նախկին հրամանատարն է, արժանավոր զինվորական, ով ներկայումս ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում, զորամասի հրամանատար: Նա մեկն է այն նվիրյալներից, ով հակառակորդի հետ շփման գծում պաշտպանում է մեր հասարակության խաղաղ գոյակցությունը: Բայց արի ու տես, որ ներքին տականքները հանդգնել են ոտնձգություն կատարել մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Գնդապետ Արտակ Բուդաղյանը այժմ հոսպիտալում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:
Այս միջադեպը, ինչ խոսք, լայն արձագանք է գտել հասարակության շրջանում, առաջացրել է դժգոհության և բողոքի ալիք հատկապես զինվորականության շրջանում: Սա հանցագործություն է ուղղված ոչ միայն անձի, անհատի դեմ, այլ մի ամբողջ համակարգի դեմ, մի համակարգի, որն ապահովում է մեր սահմանների անառիկությունը: Այս հանցագործության բոլոր մեղավորները` անկախ պաշտոնից և դիրքից, պետք է արժանի պատժի ենթարկվեն, հակառակ դեպքում` հասարակական ընդվզումը կհասնի աննախադեպ չափսերի:
Դատելով վերջին տարիներին նմանաբնույթ դեպքերի քանակից` պետք է ցավով արձանագրել, որ դրանք համատարած բնույթ կրելու միտումներ ունեն, իսկ անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում: Միայն վերջին երկու տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիական անձիք ոտնձգություն են իրականացրել ազատամարտիկների և զինծառայողների հանդեպ: Անգամ եղել են դեպքեր, երբ բորենիները հանդգնել են հարձակվել զորամասերի վրա:
Դեռ 2006 թվականին դանակահարվեց Պռոշյան ավանի բնակիչ, զինված ուժերից նոր զորացրված գնդապետ Աշոտ Միքայելյանը: Այս սպանությունը կատարվեց անձնական հարաբերություններից ծագած վրեժի հողի վրա, սակայն հանցագործները այդպես էլ համանապատասխան խիստ պատիժ չստացան: Բոլորին քաջ հայտնի է Վահե Ավետյանի սպանության ողբերգական դեպքը: Հիմա էլ բորենիները հանդգնել են ձեռք բարձրացնել մեր սահմանների պաշտպանությանը լծված սպայի վրա, սակայն այլևս պետք է կանխել այս մտահոգող միտումի խորացումը:
Հայկական բանակը մեր երկրի անվտանգության ապահովման, մեր սահմանների պաշտպանության երաշխավորն է: Եվ հենց հայ զինվորի ու սպայի ամենօրյա ծառայության շնորհիվ մենք ունենք ազատ ու անկախ Հայաստան: Սակայն արի ու տես, որ զինված ուժերը անպաշտպան են ներքին տականքներից, բորենիներից: Հարկավոր է մաքրազերծվել ու խիստ դատապարտել նմանաբնույթ երևույթները, իսկ մեղավորներն անխտիր պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Այլապես կգտնվեն արդարադատության իրականացման ոչ պետական ձևեր ու մեթոդներ:
Գագիկ Ղազարյան
Կառավարությունը Սյունիքի մարզպետի կողմից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում դեռ չի ստացել
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ վերջինս որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն: «Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները», նշում է հայտարարության մեջ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը նշեց, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզպետի կողմից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ստացվել:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության վերաբերյալ քննարկումները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտներին հատկացված ֆինանսական միջոցների և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կատարված հատկացումներն ու ծախսերը, իսկ ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, ներկայացրին իրենց կառույցներում իրականացված ծրագրերն ու ուղղությունները, ծավալված հարցուպատասխանի ընթացքում անդրադարձան նաև առաջիկա աշխատանքերին, պատասխանեցին պատգամավորների հարցերին:
Հանրապետության գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում կրթության ոլորտին հատկացվել է 104,1 մլրդ դրամ, որից օգտագործվել է 102,9 մլրդ դրամը: Իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը:
Միջնակարգ կրթությանը հատկացվել է 49 մլրդ դրամ, նախադպրոցական և տարրական կրթության համար օգտագործվել է 22.2 մլրդ դրամ, իսկ բարձրագույն կրթությանն ուղղվել է 7,8 մլրդ դրամ: Այս ծրագրերի կատարողականը կազմել է 100 տոկոս:
4,1 մլրդ դրամի շրջանակներում հիմնանորոգվել են հանրապետության 71 դպրոցներ: «Հանգիստ և սպորտ» հոդվածներով հատկացվել է 1,4 մլրդ դրամ, մշակութային ծառայություններ հոդվածով նախատեսվել և հատկացվել է 14,9 մլրդ դրամ: Կատարողականը կրկին 100 տոկոս է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությանը նախորդ տարվա բյուջեով հատկացվել է 31 մլրդ 952 մլն դրամ, իրականացված 70 ծրագրերի կատարողականը կազմել է 96,8 տոկոս: Բացի այս՝ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 620 մլն դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ:
Գիտության պետական կոմիտեն իրականացրել է 65 ծրագիր՝ ծախսելով 9 մլրդ 111 մլն դրամ: Կատարողականն այստեղ 99,1 տոկոս է:
ՀՀ սփյուռքի մնախարարությունն իրականացրել է 14 ծրագիր՝ ծախսելով 722,4 մլն դրամ: Կատարողականը կազմել է 94,8 տոկոս:
ՀՀ մշակույթի նախարարությունն իրեն հատկացված 14 մլրդ 353 մլն դրամով իրականացրել է 42 ծրագիր, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունն իր գործունեությունն իրականացրել է՝ ունենալով 4,7 մլրդ դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հատկանշական համարեց , որ բոլոր նախարարություններում ծրագրերն իրականացվել են գրեթե 100 տոկոսով՝ բացառությամբ սոցիալական փաթեթով ապահովագրության, որը թերակատարվել է:
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին հաշվետու տարում հատկացվել է 3,2 մլրդ դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ: 3,3 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը. կատարողականը կազմել է 99,8 տոկոս:
Նույն օրը ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծախսերի ուղղվածությունը:
2012 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությանը հատկացված 67 մլրդ 390 մլն դրամից օգտագործվել է 64.8 մլրդ դրամը: Առողջապահության նախարարությունը իրականացրել է 65 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից ևս հատկացվել են ֆինանսական միջոցներ: Արտաբյուջետային հաշիվներով իրականացվել է 8 ծրագիր:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով՝ 2012 թվականին ազգաբնակչության մեկ շնչի հաշվով առողջապահության ծախսերը կազմել են 20.000 դրամ: 2012 թվականին խիստ հսկողություն է սահմանվել բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որի նպատակն էր կանոնակարգելու և առավել կանխատեսելի դարձնելու ազգաբնակչության կողմից բուժօգնության սպասարկման համար կատարվող ծախսերը, լեգալացնելու ստվերային վճարումները, բարձրացնելու բուժաշխատողների աշխատավարձերը և շարունակելու ոլորտում իրականացվող ծրագրային բարեփոխումները: Հիմնական թիրախը 2012 –ին շարունակել է մնալ բուժօգնության առաջնային օղակը, որի համար հատկացվելէ 23 մլրդ 100 մլն դրամ:
2012-ին շարունակվել է տեղամասային սկզբունքով աշխատող բուժաշխատողների` ըստ կատարած աշխատանքի որակի գնահատման ցուցանիշների, խրախուսական, հավելյալ ֆինանսավորման ծրագիրը :
Հանրապետությունում բացված հեմոդիալիզ իրականացնող նոր կազմակերպությունների շնորհիվ ավելացել է մատչելությունը: Պլանավորած 508 հիվանդի փոխարեն, տարվա վերջին սպասարկվել է 552-ը, որի արդյունքում լրացուցիչ 122 մլն դրամ այլ ծրագրերից հատկացվել է այդ ծրագրին:
Շտապօգնության ծառայությունների բարեփոխումների արդյունքում ևս նկատվել է մատչելիության բարձրացում: 2012-ին սպասարկվել է 428.000 կանչ՝ ծախսելով 2 մլրդ 900 մլն դրամ: Դիսպանսերների և բուժհաստատությունների միջոցով բնակչության արտոնյալ խմբերում ընդգրկված 320 հազար անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու համար պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Հոգեկան հիվանդների, չարորակ գոյացություններով հիվանդների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվել բարձր արդյունավետությամբ դեղեր: Հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար ծախսվել է 27 մլրդ 100 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս: Մոր և մանկան առողջության համար ծախսերը կազմել են 13.4 մլրդ դրամ՝ հիվանդանոցային ծախսերի կեսը:
9 մլրդ 400 մլն դրամ ծախսվել է ուռուցքաբանական, արյունաբանական, հոգեկան, ինֆեկցիոն, տուբերկուլյոզի և այլ մասնագիտացված բուժօգնության ծառայությունների ձեռքբերման համար:
Անապահով խավի բժշկական սպասարկման համար ծախսվել է 4 մլրդ 300 մլն դրամ: Անապահովության 36 և ավելի միավորներ ունեցող 61 նպաստառուի, 170 երեխայի սրտի վիրահատությունները ամբողջապես փոխհատուցվել են պետության կողմից:
2012 թվականին շահագործման է հանձնվել Գյումրու բժշկական կենտրոնը, վերանորոգման աշխատանքներ են սկսվել մարզերի 13 ամբուլատորիաներում, սկսվել են Մեղրի, Կապան, Աբովյան, Բերդ բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները:
«Համագործակցություն-2013» միջազգային մարաթոնը Երևանում
Հաշմանդամ մարդկանց խնդիրները բազմազան են, դրանցից առաջնային կարելի է համարել հասարակությանը ինտեգրվելու խնդիրը: Այդ կապակցությամբ հունիսի 2-9-ը Երևանում անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը։
«Համագործակցություն-2013» խորագրով սայլակից օգտվող անձանց միջազգային մարաթոնի նպատակն է խթանել առօրյա կյանքում հաշմանդամների լիարժեք ինտեգրմանն ուղղված պետական ծրագրերի իրականացմանը, աջակցել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Տարբեր երկրներից ժամանած հաշմանդամություն ունեցող երիտասարդները կներկայացնեն իրենց երկրներում սահմանափակ կարողություններով անձանց խնդիրները։
«Համագործակցություն-2013» խորագիրը կրող միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան։
«Ապարրել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրենց խնդրանքը չմերժելու և աջակցելու, որ մարաթոնը Հայաստանում անցկացվի:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ. ծրագրի մասնակիցները կայցելեն Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: Կհրավիրվի «Կլոր սեղան» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում կունենան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ։
Ինչպես նաև կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ անձանց երթ Երևանի փողոցներով (անվասայլակներով, հեծանիվներով և այլն), ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պողոտայում:
Լուսինե Ասատրյան
Թաքսիմը Էրդողանի համար Թահրիր հրապարա՞կը կդառնա. «Time» հանդես
Ամերիկյան «Time» հանդեսը անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր հոդվածը վերնագրելով այսպես՝«Թաքսիմը Էրդողանի համար Թահրիր հրապարա՞կը կդառնա»: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիայում մի շարք ցույցեր են տեղի ունեցել Էրդողանի կառավարության ընդունած որոշումների դեմ՝ PKK-ի հարցում, Սիրիայի խնդրի վերաբերյալ, արհեստական վիժեցման արգելքի և ոգելից խմիչքի վաճառքի ու օգտագործման սահմանափակման օրենքների դեպքում, մամուլի ազատության հարցում: Սակայն «Time» հանդեսը նշում է, որ «Gezi» այգու համար սկսված ցույցերը որակապես տարբերվում են նախորդներից և այն վերջին տարիներին կազմակերպված ամենամեծ բողոքի նախաձեռնությունն է համարվում:
«Time» հանդեսը հիշատակել է նաև Էրդողանի կառավարության գրանցած տնտեսական հաջողությունները և նշել, որ վերջին իրադարձությունները վարչապետի համար պետք է «արթնության կոչ» լինեն: «Այժմ ցուցարարների շրջանում կան երիտասարդ ձախեր, աշխարհիկներ, քիչ թվով կրոնամետներ, որոնք բոլորն էլ հակակառավարական դիրքորոշում ունեն: Էրդողանի համար ամենամեծ վտանգն այն է, որ պահպանողական մուսուլմանները, տեսնելով ոստիկանության կիրառած բռնությունները, կարող են անցնել ցուցարարների կողմը»,-գրում է «Time»-ը:
Ստամբուլի «Gezi» այգու ցուցարարներին իր աջակցությունն է հայտնել «Lost» ֆիլմի դերասանուհին
«Radikal»-ը հաղորդում է, որ նշանավոր «Lost» ֆիլմում Դանիել Ռուսոյի կերպարը մարմնավորած Միրա Ֆուրլանը իր «Twitter»-յան էջում աջակցությունն է հայտնել Ստամբուլի «Gezi» այգու պահպանության համար պայքարի դուրս եկած ցուցարարներին:
Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Թուրքիայի տասնյակ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցեր են, որոնց իրենց աջակցությունն են հայտնել ինչպես թուրք, այնպես էլ համաշխարհային կինոյի մի շարք հայտնի դեմքեր:
“Նմանատիպ մրցույթները մեկ հոգու ցանկությամբ չեն հայտարարվում”. ճարտարապետ
Հանրապետության հրապարակի վերակառուցմանն ու հայտարարված բաց մրցույթին այսօր անդրադարձան ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը հենց սկզբից էլ ցույց տվեց իր բացասական վերաբերմունքը նշված վերակառուցման մասին` նշելով, որ քաղաքապետարանն այս դեպքում պասիվ դիրք է զբաղեցրել:
Ճարտարապտ Սաշուր Քալաշյանն էլ կարծում է, որ նմանատիպ մրցույթները մեկ հոգու ցանկությամբ չեն հայտարարվում և, ցանկացած շենք ունի ժամկետ,և, եթե ինչ-որ շինություն վնասվել է,պետք է լուծում գտնել.”Հարցը շոշափվել է ճարտարապետական խորհրդում:Ամեն խորհրդի ժամանակ երկու նախադասությունով հարցը բարձրացվել է, այնուհետև անցել ենք օրակարգային խնդրին:Վերջին անգամ հարցը քննարկվել է մարտի վերջին, և ոչ թե քննարկվեց , այլ պատրաստի տեքստը տրվեց մասնակիցներին, որից հետո քար լռություն և հայտարարվեց մրցույթ: Տեքստը փոփոխության չի ենթարկվել, այնինչ ասում են, որ հարցը 10 անգամ քննարկվել է”:
Բալասանյան Մերի
Թուրքիայի բախումները ազդել են Ստամբուլի բորսայի ցուցանիշների վրա
Թուրքիայում օրեր շարունակ ոստիկանության և քաղաքացիների միջև ընթացող բախումներն իրենց ազդեցությունն են ունեցել Ստամբուլի բորսայում տեղի ունեցող գործարքների վրա։
Ինչպես հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը, հունիսի 3-ին Ստամբուլի բորսայում դոլարը ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցել։
Թուրքական ընկերությունների արժեքը 30 վայրկյանում պակասել է 50 մլրդ լիրայով: Բանկային ցուցանիշը նվազել է 8%-ով:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են “Գեզի” այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածը ճանապարհ դարձնելու համար, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է, և այգին քանդվելու է։ Ոստիկանությունը դաժան մեթոդներով փորձել է ցրել ցուցարարներին: Այս ամենը մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլև Թուրքիայի այլ քաղաքներում`դառնալով լայնամաշտաբ բախումների առիթ:
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկով
Բաքվում մեկնարկած Ապագայի միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հարցի կարգավորմամբ, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը
“Մենք կարծում ենք, որ հասունացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժգոհությունները վերացնելու ժամանակը: Կարծում եմ, որ “ուղեղային կենտրոնները” պետք է մտածեն, թե ինչ է անհրաժեշտ անել այս տարածաշրջանի ապագայի համար: Կարևոր է, որ երկու երկրները մտածեն իրենց լուսավոր ապագայի մասին: Այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներին ընդունված զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում”,-հայտարարել է դեսպանը:
Ապագայի միջազգային համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է այսօր: Համաժողովին քննարկվելու են նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
Մալթայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի կազմը
Մալթայի հավաքականը հունիսի 7-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կմրցի Հայաստանի ընտրանիի հետ: Եվ ահա, Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկվել են թիմի կազմում.
դարպասապահներ՝ Ջաստին Հաբեր («Բիրկիրկարա»), Գլեն Զամիտ («Սլիմա»), Մարիո Մուսկատ («Հիբերնիանս»):
պաշպաններ՝ Յակոբ Բորգ («Բալցան»), Ալեք Մուսկատ («Սլիմա»), Կլայտոն Ֆայիլա («Հիբերնիանս»), Անդրեի Ագիուս («Լատինա Կալչիո»), Լուկե Դիմեչ («Վալետա»), Ջոնատան Կարվանա («Վալետա»), Ջաստին Գրիոլի («Տարկսեն»), Կլիֆորդ Բալդաչինո («Սլիմա»), Ռայան Կամիլերի («Հիբերնիանս»):
կիսապաշտպաններ՝ Ռոդերիկ Բրիֆա («Վալետա»), Էդվարդ Էրեյրա («Հիբերնիանս»), Գարետ Սցիբերս («Մարսաշլոկ»), Փոլ Ֆենեչ («Բիրիկիրկարա»), Ռաուեն Մուսկաթ («Բիրիկիրկարա»), Շոն Բայադա («Բիրիկիրկարա»):
հարձակվողներ՝ Ժեան Պիեր Միֆսուդ Տրիգանզա («Բիրկիրկարա»), Մայքլ Միֆսուդ («Վալետա»), Անդրյու Կոհեն («Հիբերնիանս»), Տերենս Վելա («Համուրն»), Անդրե Շեմբրի («Օմոնիա Նիկոսիա»):
Իսպանական տոնակատարության ժամանակ սատանային խորհրդանշող տղամարդը ցատկում է մեկ տարեկան երեխաների վրայով` նրանց ոգիները մաքրագործելու համար
Շատ քիչ ծնողներ կցանկանային, որ իրենց երեխաները նման միջոցառման մասնակցեին:
Իսպանիայի հյուսիսում գտնվող Կաստրիլո դե Մուրսիա գյուղում 1621թ-ից ի վեր ամենամյա կազմակերպվող փառատոնի ժամանակ սատանային ներկայացնող Էլ Կոլաչո անվանումն ունեցող տղամարդը ցատկում է երեխաների վրայով նրանցից չար ոգին վանելու համար:
Այս միջոցառումը կազմակերպվում է միջնադարյան Քորպուս Քրիստի կաթոլիկ տոնի շրջանակներում: Միջնադարյան ավանդույթի համաձայն` այս կերպ երեխաներին ցույց են տալիս ճիշտ կյանքի ուղին և չարքը քշվում է ամբողջ քաղաքից:
Արարողաության ժամանակ ծնողները իրենց երեխաներին պառկեցնում են ներքնակի վրա, և սատանային խորհրդանշող դեղին համազգեստով տղամարդը ցատկում է նրանց վրայով:
Արարողության ընթացքում տարբեր տարիների երեխաների վնասվելու դեպքեր են գրանցվել: Այն մինչ այժմ համարվում է աշխարհի ամենառիսկային տոնակատարություններից մեկը:
Նախորդ պապը` Բենեդիկտոս XVI, իսպանացի քահանաներին խնդրել էր այլևս չպահպանել այդ ավանդույթը:
Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել
Սուրեն Խաչատրյանը վայր է դրել Սյունիքի մարզպետի լիազորությունները: Խաչատրյանը իր տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասում է. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում են: Ավելի վաղ Բուդաղյաններն ու Խաչատրյանը վեճի էին բռնվել խնջույքի ժամանակ:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Գործի շրջանակներում ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին ` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Օգոստոսի 24-ին Գերմանիայում Արթուր Աբրահամը կրկին ռինգ դուրս կգա
Գերմանիյում մարզվող և մրցելույթներ ունեցող գերմիջին քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մրցամարտը կանցկացնի օգոստոսի 24-ին՝ Գերմանիայում:
Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Արթուրի վերջին հակառակորդ եղել էր գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը և վերջինս խլել էր Աբրահամի չեմպիոնական գոտին Սակայն Աբրահամ-Շտիգլից 3-րդ մրցամարտն առաջիկայում չի նախատեսվում: Այնպես որ, հայ բռնցքամարտիկն ուժերն է չափելու մեկ ուրիշի հետ:
Քննարկել են Հայաստանի և ԵՄ–ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունները
Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի և Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։
Երկուստեք կարևորվեց եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

