Խոշոր ՃՏՊ Արագածոտնի մարզում. կան զոհեր

Լուսանկարը` Mes.am-ի

Լուսանկարը` Mes.am-ի

Օգոստոսի 30-ին, ժամը 05.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Ավտոմեքենայի վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիատալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել զոհերին ավտոմեքենայից և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Գերմանացի ուսանողը փափուկ լամպ է նախագծել

1377762080Soft_Light_1Գերմանացի երիտասարդ դիզայներ Սիմոն Ֆրամբախի Soft light-ը սովորական կենցաղային  իրերին նայելու նոր մոտեցում է: Հեղինակը լամպը փաթաթել է փրփրաբազմաուրեթանի մեջ ու առաջարկել կիրառել այն ցանկացած տեղում` որպես լույսի աղբյուր:

1377762087Soft_Light_5Փափուկ ու միևնույն ժամանակ ձիգ նյութը հեշտությամբ վերականգնում է նախնական դիրքը: Այն կարելի է տեղադրել անգամ կահույքի կտորների միջև, անկյունում, կամ էլ կրառել թեկուզ  որպես բարձ: Լամպի ամբողջ մակերեսից  մեղմ ու հավասարաչափ լույս է սփռվում: Լամպը  կարող է ցանկացած ձև ու դիրք ընդունել:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ բուսածածկ տարածքումՕգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում` 1,5 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում` 1000 քմ, Արզնի գյուղի թռչնաֆաբրիկայի մոտակայքում գտնվող եգիպտացորենի այգում` 1500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին` 500 քմ, Կապան-Կովսական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին` 4000 քմ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` 5 հա, Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում` 100 քմ, Մելքումովի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում` 500 քմ, Ֆանարջյան փողոցի թիվ 76 տան բակում` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

YouTube-ը պատրաստվում է փոխել լոգոտիպը

522008d0-ade5-c138-ade5-c137e7ac0cfc.photo.0Մոտ ապագայում YouTube տեսահոսթինգը նոր լոգոտիպ կունենա: Նոր պատկերն արդեն հայտնվել է Facebook-ում  և Twitter-ում, ինչպես նաև iOS և Android հավելվածներում: Նոր լոգոտիպը շատ է տարբերվում հնից, այն բացարձակ հարթ է, ու կարմիրի մեջ:

Այս փոփոխությունը 2005-ից հիմնադրված  տեսահոսթինգի պատմության մեջ առաջինն է:

 

 

Հայաստանի և Յակուտիայի երկաթուղայինները զարգացնում են երկկողմանի համագործակցությունը

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ ներկայացուցիչները: Օգոստոսի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ընդունեց «ՅԵ» ԲԸ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Մարիա Ատամանչուկին և մարքեթինգի ու պայմանագրային աշխատանքի բաժնի պետ Լյուդմիլա Ալեքսեևային՝ քննարկելով «Ռուսական երկաթուղիներ»-ի երկու դուստ-ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մասնագիտական գործունեության, հումանիտար, մշակութային և սոցիալ-կրթական ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցերը, ինչպես նաև երկկողմանի համագործակցության և համատեղ աշխատանքի մասին համաձայնագրի մշակման ընթացքը:

Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով:

Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում:

Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամների հետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանց երեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում:

Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակչությունը, միջազգային բարեկամական կապերի ամրապնդոըմը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենական կապերի զարգացումը:

Սա Յակուտիայի երկաթուղու ներկայացուցիչների առաջին այցը չէ Հայաստան: 2012 թվականի մարտին ՀԿԵ այցելեց «Յակուտիայի երկաթուղի» ԲԸ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը՝ ծանոթանալու Հայաստանում կիրառվող գծի ախտորոշման տեխնոլոգիաներին, մասնագետների ուսուցանման ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրելու նման հնարավորությունների գործարկումը Յակուտիայում: Ինչպես նշեց այցի ժամանակ Վ.Շիմոխինը, ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր: Մասնավորապես, երկու ընկերություններն էլ ընդգրկված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունների համակարգում, ունեն մոտավորապես նույն ուղևորա- և բեռնափոխադրումների ծավալներ, իսկ ՀԿԵ-ի առաջ ծառացած խնդիրները ակտուալ են նաև Ամուր-Յակուտական երկաթուղու համար:

Վ.Շիմոխինի այցի շրջանակներում, ՀԿԵ-ի և ՅԵ-ի ղեկավարներն այցելեցին Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը, ծանոթացան Հայաստանի կայարանային համալիրի զարգացմանը, անցկացրեցին համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդակցություն:

Ադրբեջանում հարսանիքի ժամանակ տղամարդը կրակել է հյուրերի վրա

1 (6)Ադրբեջանի Բելոքանական շրջանում հարսանիքի ժամանակ զինված պատահար է տեղի ունեցել, կան վիրավորներ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ոչ սթափ վիճակում գտնվող մի քանի հյուրեր վիճել են հարսանյաց արարողության ժամանակ, այնուհետև վեճը շարունակել են դրսում: Արդյունքում հյուրերից Իբրահիմ Մուհումովը կրակել է իր երկու համագյուղացիների`Սաբուհի Ռահիմովի (ծնված 1978թ.) և Մուսաննիֆա Լահըջևի (ծնված 1976թ.) վրա: Վերջիններս ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Մուհումովը ձերբակալված է, փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Փող չունենալը թուլացնում է մտավոր ունակությունները. ուսումնասիրություն

521f955d-0a77-313b-0a77-31347fc5baa5.photo.0Աղքատությունն այնպես է զբաղեցնում մարդու միտքը, որ նկատելիորեն նվազեցնում է նրա մտավոր ունակությունները, ասվում է Science ամսագրում հրապարակված նյութում:

“Ավելի վաղ աղքատության համար մեղքն ընդունված էր գցել աղքատների անձնական անհաջողությունների վրա կամ էլ պայմանավորել այն միջավայրով, որը  չի նպաստում առաջադիմելուն: Մենք եկել են այն եզրակացության, որ աղքատությունն ինքնին վատ է անդրադառնում մարդու իմացական ունակությունների վրա. դա խանգարում է նրան դուրս գալ աղքատությունից”,- ասել է ուսումնասիրության համահեղինակներից Ցզյան Չաոն:

Ուսումնասիրություններից մեկն էլ իրականացվել է իրական պայմաններում. դրա համար դիմել են հնդիկ ֆերմերներին: Նրանց եկամուտը շաքարեղեգից տարեկան կազմում է 60%: Գիտնականները 464 ֆերմերի խնդրել են սովորական թեստեր հանձնել  մինչ գումար ստանալն ու դրանից հետո: Ստացված արդյունքները թույլ են տվել եզրակացնելու, որ փողի բացակայությունը նվազեցնում է իմացական ունակությունը  IQ թեստում` մոտ 13 միավորով : Մի հետաքրքիր դիտարկում էլ` մտավոր ունակությունների նման մակարդակ է դիտվում նաև անքուն գիշերից հետո:

Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով:
Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են”:

«Հայկական գամփռը վարժեցնելու կարիք չունի, ճիշտ դաստիարակելն էլ բավարարար է». Արմեն Խեչոյան

հայկական գամփռՀայկական գամփռների լավագույն գիտակներից է Արմեն Խեչոյանը: Նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, շնաբույծ-սելեկցիոներ, 2011-ին արժանացել է Անանիա Շիրակացի հուշամեդալի:

Ներկայումս տնօրինում է Հայաստանի խոշորորագույն ֆերմերային տնտեսություններից մեկը: Արմեն Խեչոյանին ու նրա տիկնոջը՝ Իրինային լիիրավ կարելի է համարել Հայաստանում գամփռների և Վանա կատուների պահպանման, տարածման ջատագովներ ու առաջամարտիկներ: Նրանք դեռ 1989-ին իրենց ընտանեկան ֆերմերային տնտեսությունն են հիմնել Ամասիայի նախկին վարչական շրջանի ամենահեռավոր, ներկայումս Դարիկ անունը կրող գյուղում:

Այնուհետև Հայաստանի ամենահեռավոր վայրերից ձեռք են բերել այդ թվերին հատուկենտ մնացած հայկական գամփռներ և սկսել են զբաղվել ավանդական այդ շնատեսակի բուծմամբ՝ կորստից փկելով հայկական գամռին: Նրանց ավելի քան հայտնի գամփռներին տեսնելու նպատակով մենք նախորդ շաբաթ այցելեցինք սահմանամերձ այդ փոքրիկ գյուղը և ականատես եղանք, առանց չափազանցության, եվրոպական չափանիշերին գրեթե ոչնչով չզիջող մի հսկա և հոյակապ ֆերմերային տնտեսության:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում Արմեն Խեչոյանը պատմում է գամփռ շնատեսակի առավելությունների, գամփռին պետական մակարդակով որպես հայկական շնատեսակ ընդունելու անհրաժեշտության, դրա բազմացման և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության ու խնդիրների մասին:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի  տեսանյութում

ԱՄՆ-ն առանց դաշնակիցների չի կռվի

227bigԱՄՆ-ն Սիրիայում ռազմական օպերացիա առանց դաշնակիցների աջակցության չի սկսի: Դրա մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը`  խոստանալով  դրա համար ստեղծել  միջազգային կոալիցիա:

“Մենք շարունակում ենք դաշնակիցների հետ խորհրդակցել  ու այսուհետ էլ կուսումնասիրենք հետախուզության արդյունքները, թե ինչ է կատարվել”,-ասել է պաշտպանության նախարարը`  նկատի ունենալով Դամասկոսի մոտ կիրասռված քիմիական զենքի դեպքը

: “Մենք կշարունակենք բանակցությունները Մեծ Բրիտանիայի ու մեր մյուս դաշնակիցների հետ: Դա նախագահ Օբամայի նպատակն է.ինչ որոշում էլ լինի, այն պետք է միջազգային համագործակցությունը կայացնի”:

Հեյգելը նշել է, որ Օբամայի ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյաների` Կոնգրեսի լիդերների հետ խորհրդակցությունն անարդյունք է ավարտվել: Նրա խոսքով, բանակցությունները պետք է օրենսդիրներին համոզեն ԱՄՆ-ի` սիրիական հակամարտությանը միջամտելու անհրաժեշտությունը:

Առաջին “Ոսկե առյուծը” ստացել է “Սատանային ոչնչացնողը”

o_817705Վենետիկում հանձնել են հոբելյանական կինոփառատոնի առաջին մրցանակը: Կինեմատոգրաֆում ձեռքբերումների համար “Ոսկե առյուծի” է արժանացել ամերիկյան հայտնի ռեժիսոր ու սցենարիստ “Սատանային ոչնչացնողը” և “Ֆրանսիացի կապավորը” ֆիլմերի հեղինակ Ուիլյամ Ֆրիդկինը:

Նա համարվում է “Նոր Հոլիվուդ” անկախ կինոյի հիմնադիրներից մեկը: Պարգևատրման հանդիսությունից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Ֆրիդկինը ոչ միայն արվեստի մասին է խոսել, այլև քաղաքականության: Նա խոսել է Սիրիայի խնդրից ու նշել, որ ԱՄՆ-ը չի կարող համաշխարհային դահիճ լինել ու պատերազմով սպառնալ մյուս երկրներին:

Հուսահատ ամուրին12 տարի է, ինչ հայտարարության վահանակով շրջում է Նյու Յորքի փողոցներով՝ խնդրելով հարուստ կանանց ամուսնանալ իր հետ

Robert DarlingՄիայնակ ամուրիները իրենց սիրուն փնտրում են ծանոթությունների կայքերում:

Սակայն Ռոբերթ Դարլինգը արդեն տասերկու տարի է, ինչ հայտարարության վահանակը ձեռքին շրջում է Նյու Յորքի փողոցներում և խնդրում կանանց ամուսնանալ իր հետ:

58-ամյա գործազուրկը, ընդունելով, որ ինքը հրաշալի զրուցակից է, ցանկանում է ամուսնանալ հարուստ տիկնոջ հետ, որ հոգ տանի իր մասին:

Նյու Ջերսիի բնակիչը շաբաթը երկու անգամ երկու ժամ է անցկացնում Մանհեթենում շրջելու համար:

Նրա հայտարարությունների վահանակի վրա նշված է, որ ինքը բաց է առաջարկների համար, և վահանակը ներառում է նաև նրա հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն:

Քառասուն տարի անհաջող սիրային կյանք ունենալուց հետո նա որոշել էր դիմել այդ ծայրահեղ միջոցին:

Դարլինգը հայտնում է, որ ինքը երբեք լուրջ հարաբերություններ չի ունեցել և հազվադեպ է իր կյանքի ընթացքում հանդիպել որևէ մեկի հետ:

Նա հայտնում է, որ ինքը երբեք տեղի չի տա և պարզապես ժամանակ է պետք այդ հարցը լուծելու համար, իսկ ինքը շատ համբերատար է և գիտի, որ մեծ հաջողությունը դեռ առջևում է:

 

Մուգաբեի պահանջով 300 ընձուղտներ, զեբրաներ և այլ կենդանիներ են տեղափոխվել ազգային պարկ՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության գագաթնաժողովի ընթացքում այցելուներին տպավորելու համար

elandՆախքան ՄԱԿ-ի համաժողովը՝ Զիմբաբվեի տարածքով հարյուրավոր սաֆարիի կենդանիներ են տեղափոխվել բնական արգելոց՝տարածքին բնակեցված տեսք հաղորդելու համար:

Victoria FallsՄասնավոր արգելոցից կենդանիներին Զիմբաբվեի հրավարևելյան հատվածներ՝ Վիկտորիա ջրվեժի մոտ տեղափոխելու որոշումը կայացվել է արգելոցի տարածքը վերաբնակեցնելու նպատակով՝ ի նպաստ ՄԱԿ-ի զբոսաշրջության ոլորտի համաժողովի շրջանակներում այցելուների:

Զիմբաբվեի պահպանության հարցերով ուժերի անկախ բնապահպանների տվյալներով՝ 151 այծքաղները, 100 այծեղջյուրները, 60 զեբրաները, 25 եզնայծերը և 10 ընձուխտները տեղափոխվել են ավելի քան 643կմ:

Կենդանիներին ազատ են արձակել Զամբեզի գետի և Վիկտորիա ջրվեժի մոտակայքում գտնվող Զամբեզիի ազգային պարկում:

Զիմբաբվեի և Զամբիայի սահմանի մոտակայքում գտնվող Վիկտորիայի ջրվեժի մոտ վեցօրյա գագաթնաժողով անցկացնելու որոշումը զարմանքով էր ընդունվել՝ կապված վերջին ընտրություններում նախագահ Մուգաբեի հաղթանակի կապակցությամբ հնչած մեղադրանքների հետ:

ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը կիրակի հայտարարել էր, որ իրենք Զիմբաբվեին ընտրել են հաջորդ երկու տարիների ընթացքում Աֆրիկայի հանձնաժողովը ղեկավարելու համար:

ՄԱԿ-ի համաշխարհային տուրիզմի կազմակերպությունը նաև տեղեկացրել է, որ Վիկտորիա ջրվեժի մոտ տեղի ունենալիք գագաթնաժողովի ընթացքում թղթի վրա տպված կոնֆերանսի նյութեր չեն բաժանվելու՝ ծառերը խնայելու նպատակով:

Վեցօրյա համաժողովը բացել են Զիմբաբվեի և Զամբիայի նախագահները, որոնք ավտոմատ կերպով վերցրել են վեց օրվա ընթացքում ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության նախագահությունը: Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 1200 մասնակիցներ ամբողջ աշխարհի կառավարություններից և զբոսաշրջային կազմակերպություններից:

 

Կարգալուծությունները Գարեգին Բ Կաթողիկոսի անվան հետ կապելն անհեթեթություն է

Mayr-Ator Վերջին շրջանում մամուլում հաճախ է շրջանառվում Եկեղեցուց հեռացած հոգևորականների թվի աճման հարցը, որի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի հետ, որի գործունեության հետ են առնչվում նաև եկեղեցականների հարցերը:

-Տե՛ր Հայր, ինչպես կմեկնաբանեք եկեղեցականների կարգալուծության մասին մամուլում շրջանառվող լուրերը, որոնք հատկապես կապակցվում են Գարեգին Բ կաթողիկոսի անձի հետ:

-Եկեղեցին գործող օրգանիզմ է, և ձեռնադրությունների հետ կան նաև կարգալուծության դեպքեր: Այս երևույթը գոյություն է ունեցել Եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում: Կարգալուծությունները կապելը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ`բացարձակ անհեթեթություն է: Եկեղեցականների վերաբերյալ վիճակագրությունը բոլորովին այլ է: Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետության տարիներին ձեռնադրություն են ստացել և ծառայության կոչվել 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 թ, որոնցից`  29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա, որոնք իրենց սպասավորությունն են իրականացնում հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տեղին է նշել նաև, որ Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատությունների շարքում ի թիվս Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի ավելացել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանը: Այս չորս հաստատություններում ուսանում են 247 ուսանողներ:

Ինչ վերաբերում է ծառայությունը թողած եկեղեցականներին՝ դրանց թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել.

ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Հիշյալ դեպքերում եկեղեցականները ծառայությունից ազատվել են եկեղեցական կանոնական սկզբունքների շրջանցման համար, ինչպես օրինակ մի դեպքում եկեղեցականի փաստացի ամուսնալուծությունը, մեկ այլ դեպքում անգամ քրեական հանցակազմի առկայությունը և այլն:

Ինչ վերաբերում է կարգալույծ բառի գործածությանը, ապա կարծում ենք, որ հասարակության մոտ որոշակի շփոթ կա այս հասկացության ընկալման առումով: Հաճախ այն մեկնաբանվում է որպես որոշում, որով եկեղեցականին հեռացնում են ասպարեզից, առանց նրա ցանկության և կամքի հետ հաշվի նստելու: Սակայն ինչպես արդեն վերը նշեցինք կարգալույծ արվածների ստվար հատվածը ասպարեզը լքել է սեփական նախաձեռնությամբ` ներկայացնելով իր դիմումը կամ փաստացի հրաժարվելով իր ծառայությունից:

-Ինչ ընթացակարգով է տեղի ունենում ծառայությունից հրաժարված հոգևորականների կարգալույծ հռչակումը:

–Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ հոտի փաստացի լքումի դեպքերում կարգալուծության տնօրինությունը ուղղակիորեն կատարվում է Վեհափառ Հայրապետի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցական սպասավորի կարգազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում են Նորին Սրբությանը և արդյունքում կատարվում է Հայրապետական տնօրինություն:

 

Սեդա Մանուկյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետեւանքներով

Շահան ԳանտահարյանՍիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:

Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարեւորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետեւանքներից:  Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաեւ շրջանային կարեւոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաեւ Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը եւ վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը եւս կներգրավի պատերազմին:

Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին եւ մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձեւված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ  կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:

Ուղերձը խառն է եւ միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն  է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն,  այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետեւանքներից:

Իսկ հիմա մտածենք նաեւ, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետեւանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերեւացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչեւ հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաեւ ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միեւնույն տարածքների վրա:

Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի եւ Իրանի միջին արեւելյան կարեւորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետեւանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Հոնգ Կոնգի օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով՝ զբոսաշրջության պատասխանատուները պարզ երկինք պատկերող պաստառ են տեղադրել զբոսաշրջիկների համար

Hong Kong 7Հոնգ Կոնգի երկիքը այնքան աղտոտված է, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները տեղադրել են պարզ օրերին երկինքի պատկերով պաստառ, որպեսզի զբոսաշրջիկները լուսանկարվեն դրա մոտ:

Մոնիտորինգային կայանի տվյալներով՝ այս շաբաթ Հոնգ Կոնգի օդի աղտոտվածությունը մեծացել է, որի մեջ գրանցվել է թունավոր օզոնի և ազոտի երկօքսիդի բարձր ցուցանիշ:

Ծուխը մեծ խնդիր է Չինաստանի համար, որի պատճառով երկրի հյուսիսում բնակվողների կյանքի տևողությունը հինգ և կես տարով նվազել է:

Հետազոտողների տվյալներով՝ 1990-ականներին հյուսիսային շրջաններում բնակվող կես միլիարդ մարդ երկրի հարավային շրջանների բնակիչներ համեմատությամբ 5 և կես տարի պակաս է ապրելու՝ ածխի այրման արդյունքում առաջացած աղտոտված օդը շնչելու պատճառով:

Չինաստանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ձմռանը տաքանալու նպատակով անվճար ածուխ է տրամադրում միայն հյուսիսի բնակիչներին:

Այս տարվա սկզբներին ավազե փոթորկից հետո Պեկինում օդի որակը երբևէ գրանցված ամենավատ ցուցանիշին էր հասել, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը անվտանգության սանդղակից բարձր էր 30-ից 45 անգամ:

 

Թուրքական «Գալաթասարայը» մտադիր է ձեռք բերել Ֆաբիո Կուենտրաուին

coentraoԹուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը թիմի համար սկսել է ձախ պաշտպանի դիրքում խաղացող ֆուտբոլիստ փնտրել՝ ամենահավանական թեկնածու դիտարկելով իսպանական «Ռեալ Մադրիդի» խաղացող Ֆաբիո Կուենտրաուին: Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամը»: Թերթը նշում է, որ երկու ակումբները համաձայնության են եկել, ըստ որի Կուենտրաուն 12 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի թուրքական ակումբ: Սակայն 25–ամյա պաշտպանին ձեռք բերելու ճանապարհին «Գալաթասարայի» համար միակ արգելքը Կուենտրաուի անվճռականությունն է: Եթե այնուհանդերձ Ֆաբիոն որոշի լքել Մադրիդը, ապա թուրքական ակումբը պատրաստ է նրան տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ վճարել:

Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել

4Ադրբեջանական բանակում զինվորի ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել:

Ադրբեջանի Գյոյթեփե քաղաքում տեղակայված Սահմանապահ զորքերի զինծառայող Նոֆել Մամեդովը կախվել է: Ինքնասպանության պատճառը դեռևս հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, 1994թ.-ին ծնված Նոֆել Մամեդովը զորակոչվել էր Գերանբոյի շրջանից:
Հարուցվել է քրեական գործ, փաստի կապակցությամբ կատարվում է հետաքննությունը:
Կանյքը տեղեկացնում է, որ համաձայն ոչ պաշտոնական վիճակագրությանը` 2013թ.-ի ընթացքում Ադրբեջանում մահացել է ավելի քան 60 զինվորական, վիրավորվել`70-ը:

Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլըի փաստաթղթերը

3Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Ջամիլ Հասանլըի` կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ներկայացրած փաստաթղթերը: Վերջինս Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (ԴՈւԱԽ) երկրորդ միասնական թեկնածուն է:

Հասանլըն այդ փաստաթղթերը ԿԸՀ-ին էր ներկայացվել օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի առաջին միասնական թեկնածում Ռուստամ Իբրահիմբեկովն էր: Օգոստոսի 23-ին կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում Հասանլըն ընտրվել էր որպես ընդդիմության երկրորդ միասնական թեկնածու, եթե ԿԸՀ-ն չհաստատի Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Օգոստոսի 27-ին ԿԸՀ-ն մերժել էր Իբրահիմբեկովին, քանի որ վերջինս և՛ Արբեջանի, և՛ Ռուսաստանի քաղաքացի է, մինչդեռ նախագահի թեկնածուն պետք է լինի միայն Ադրբեջանի քաղաքացի:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:

Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

10641_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները ևս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:
Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:
Կողմերը կարևորել են նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում: