Փետրվարի 7-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Սուբարու» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Daily Archives: February 8, 2014
Հերիքնազը հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով
Փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հերիքնազ Դ.-ին, որը 2013 թ. հունիսի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ավտովթարից զոհվել է “Շախտյորի” բրազիլացի ֆուտբոլիստ Մայկոնը
«Թուրքիան ֆրանսիայի հետ հարաբերություններում միակ խոչընդոտը համարում է «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» օրինագիծը». թուրքագետ
Թուրքական մամուլը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած այցելությունը ներկայացնում է որպես ֆրանս-թուրքական հարաբերությունների վերականգնման փորձ: Թուրքական մամուլն ամեն կերպ փորձում է Օլանդի այցելությունը իրեն ցանկալի հունով տանել: Թուրքական իշխանությունները գտնում են, որ Ֆրանսիան ցանկանում է վերականգնել այն ջերմ հարաբերությունները, որ պատմության ընթացքում եղել են Ֆրանսիայի և Թուրքիայի միջև: Այստեղ Թուրքիան որպես միակ խոչընդոտ դիտարկում է Ֆրանսու Օլանդի կողմից “Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող” օրինագիծը առաջ քաշելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով թուրքական մամուլում տարածված լուրերը՝ ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը:
Ըստ թուրքագետի՝ թուրքական մամուլում մշտապես շեշտադրումներ են կատարվում այն փաստի վրա, որ Ֆրանսիայի Սահմանադրությունը ժխտել է “Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող” օրինագիծը չեղյալ հայտարարելը, և շեշտում է, որ միևնույնն է Ֆրանսուա Օլանդի՝ օրինագծի վերաբերյալ կատարած երկրորդ քայլը ևս դիտվելու է հակասահմանադրական:
“Թուրքիան ամեն կերպ փորձում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրքական իշխանություններն իրենց ողջ ուշադրությունը կկենտրոնացնեն 100-ամյակի միջոցառումների վրա: Այս ֆոնին կարող են ակտիվանալ նաև Թուրքիայի քրդերը, և իրենց ուժերը օգտագործել Թուրքիայում գործունեություն ծավալելու համար, ինչը կարող է տարածաշրջանում իրադրությունը փոխել”,- ասաց Կարեն Սիրունյանը:
Քնած ճապոնացին մահճակալով կատապուլտվել է(տեսանյութ)
Ճապոնացի կոմիկ դերասան Տոսիակի Կասուգույին երկինք են բարձրացրել կատապուլտի արդյունքում, երբ նա քնած էր իր մահճակալին: Մահրճակալի “արձակումը” Dokkiri Award շոուի մի մասն է կազմել: Դերասանը հետո հայտարարել է, ոչինչ չի կասկածել, երբ հատուկ տնակ են կառուցել Ֆուձիյամայի ստորոտին ու իրեն հրավիրել իբր նկարահանումների: Երբ նա քնած էր` տեխնիկների բրիգադը 2 շինարարական կռունկ է մոտեցրել տնակին ու հատուկ տանիքի վրայի բացվածքներով առաձգական ճոպաններով կապկպել նրա մահճակալը:
Հետհաշվարկից հետո հեռուստահաղորդավարներից մեկը միացման կոճակն է սեղմել, ու մահճակալը տնակից ուղիղ 50 մ վերև` երկինք է բարձրացել: Շոուի մասնակիցները վստահեցնում են, որ դերասանի կյանքը վտանգված չի, քանի որ ամրանագոտիներով հուսալի ամրացված է եղել մահճակալին: Տեսանյութում երևում է, որ խորը քուն մտած դերասանն արթնանում է մահճակալի մոտ հրավառությունից, որոնք խորհրդանշել են ռեակտիվ հրթիռներ;
Հետո դերասանը պատմել է, որ նախօրեին նկարահանող խմբի հետ մոտակա բար է գնացել , քանի որ դրսում շատ ցուրտ էր, իսկ հետո տնակում խորը քուն է մտել:
Ավտոմեքենայից գողություն կատարողը, որ հասցրել էր նախկինում 4 անգամ դատվել, խոստովանել է հանցանքը
Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարել:
Փետրվարի 7-ին ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Մհեր Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
Թուրքիայում օդանավի առևանգման փորձ է կանխվել, ահաբեկիչը սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռը
Թուրքիայում փետրվարի 7-իմ Խարկով-Ստամբուլ չվերթով թռչող ինքնաթիռը փորձել են առևանգել`ստիպելով ուղղությունը փոխել դեպի Սոչի, ուր մեկնարկել է ձմեռային օլիմպիական խաղերը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ինքնաթիռի ուղևորներից մեկը հայտարարել էր, որ ինքը պայթուցիկ նյութ ունի իր մոտ` սպառնալով պայթեցնել ինքնաթիռը, և պահանջել է վայրէջք կատարել Սոչիում: Ինքնաթռում 110 ուղևոր է եղել:
Թուրքական F-16 կործանիչը օդ է բարձրացել, որպեսզի ստիպի Ուկրաինայից ժամանած օդանավին վայրէջք կատարել Ստամբուլում, ինչը հաջողվել է:
Թուրքիայի իրավապահ ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են տղամարդուն, նրա մոտ զենք, պայթուցիկ սարք չի եղել:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ ահաբեկիչը ոչ սթափ վիճակում է եղել:
Գոհարը հափշտակել է իր բջջային հեռախոսը
Փետրվարի 7-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները ոստիկանություն են հրավիրել 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին, որը հաղորդում է տվել, որ փետրվարի 3-ի երեկոյան իրենց բակում ընկերոջ ավտոմեքենայի սրահից նրա ծանոթ Գոհարը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոհարը 1989 թ. ծնված Գոհար Ե.-ն է, որը ժամը16.30-ին Կոմիտասի պողոտայի թիվ 65 հասցեից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել բենզալցակայանի աշխատակցին
11-ամյա տղային վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Առաջարկվել է մետրոյի փակված կայարանները վերածել լողավազանների
Փարիզի քաղաքապետի թեկնածու Նաթալի-Կոստյուշկո-Մորիզեն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում առաջարկել է մետրոյի փակված կայարանները վերածել հասարակական պիտանի օբյեկտների:
Նա հայտնի ճարտարապետների համագործակցությամբ մի շարք էսքիզներ է ներկայացրել, որոնք ցուցադրում են հին կայարանների` լողավազանների, կինոթատրոնների, համերգասրահների ու ռեստորանների վերածելու հնարավորությունը: Նա նշել է, որ ներկայացված մանրակերտերը այդ կայարանների փոխակերպման հնարավորությունների մի չնչին մասն են կազմում, ու խոստացել է, քաղաքապետ ընտրվելու դեպքում` լսել նաև բոլոր փարիզցիների համապատասխան գաղափարները:
Ընդհանուր առմամբ, Փարիզում 16 չգործող կայարան կա, որոնց մեծ մասը փակ է 1939-ից` Համաշխարհայինի սկսվելու հետ կապված: Հիմա դրանց տարածքում ապրում են անօթևանները, երբեմն էլ ֆիլմեր են նկարահանվում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Կոստյուշկո-Մորիզեն հասարակական կարծիքի հարցումներով, զիջում է իր գլխավոր մրցակից Աննա Հիդալգոյին մի քանի տոկոսով:
“Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, սիրիական իշխանությունները հնարավոր է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը”. պատմաբան
Անցած շաբաթը բավական բուռն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Վերջերս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Սիրիայում կատարվածը համեմատեց 1915 թվականին հայերի և ասորիների հետ կատարված ցեղասպնաթյան հետ:
Սակայն պետք է նկատել, որ մինչև 2011 թվականը Սիրիայի իշխանությունները շատ զսպված քաղաքականություն էին վարում Հայոց ցեղասպանության հարցում, կային որոշ սահմանափակումներ, Սիրիայի նախագահը կոչ էր անում հայերին հաշտվել Թուրքիայի հետ, Սիրիայում խուսափում էին թույլ տալ մեծ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցներին: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Սիրիայի քաղաքականության կտրուկ փոփոխությունը հատուկ նպատակ է հետապնդում: Երբ Թուրքիան սկսեց անմիջականորեն միջամտել Սիրիայում կատարված դեպքերին, սիրիական իշխանությունները կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:
“Ես կարծում եմ, որ Սիրիայի այս քաղաքականությունը Թուրքիային ճնշելու նպատակ է հետապնդում, և Սիրիան այսպես շարունակելու է այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը սիրիական դեպքերի վերաբերյալ: Եթե այսպես շարունակվի, շատ հնարավոր է, որ Սիրիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,- ասաց Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ անգամ Գերմանիան, որ հարյուրամյակներ եղել է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, կոչ է անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Ստացվում է, որ այն երկրներում, որտեղ Թուրքիան ունի այդքան մեծ համայնք և մի շարք արտոնություններ, դարձյալ Հայոց ցեղասպնության ճանաչման խնդիր ունի:
Բաքվում նավ է այրվել
Ադրբեջանի պետական Կասպյան շոգենավային գործակալությանը պատկանող “Նավերի վերանորոգում և նավաշինություն” արտադրական ընկերության` Բաքվի Սուրախանի շրջանում տեղակայված նավաշինարանում փետրվարի 7-ին հրդեհ է բռնկվել։ Այրվել է մեկ նավ:
Ուժեղ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր առմամբ հրշեջների 9 բրիգադ։
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը նավերից մեկում կարճ միացումն է եղել։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը և թույլ չտալ, որ այն տարածվի կից նավերի վրա։
Տուժածներ չկան, փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Մոսկվայում մի ընտանիք է ինքնասպան եղել
3 անձից բաղկացած ընտանիքն ինքնասպան է եղել: Ոստիկանությունը գտել է զոհերի մարմինները “Բաբուշկինյան” մետրոյի մոտ գտնվող բնակարանում: Ոստիկանություն է զանգել նրանց բարեկամը, որը ոչ մի կերպ չի կարողացել կապ հաստատել այդ ընտանիքի հետ:
Բնակարանում գազի սուր հոտ է եղել, լուսամուտները պինդ փակված, դուռն էլ կողպած են գտել: Խոհանոցում գազը բաց է եղել: Ոստիկանները ջրով լիքը լոգարանում մեռած են գտել 30-ամյա տղամարդուն, 28-ամյա կնոջն ու նրանց 4-ամյա երեխային: Նախնական վարկածի համաձայն, կամ մայրը, կամ էլ հայրը որոշել են ինքնասպան լինել` հետն էլ սպանել ընտանիքի մյուս անդամներին:
Լոնդոնյան ոստիկաններին կասկածում են պոռնոգրաֆիա տարածելու մեջ
Անգլիայի մայրաքաղաքում շարունակվում է 3 ոստիկանների նկատմամբ հետաքննությունը, որոնց կասկածում են միմյանց պոռնոգրաֆիական նյութեր փոխանցելու մեջ:
3 ձերբակալվածներն էլ աշխատում էին օտարերկրյա դեսպանատների պահակությունում: Երբ անցած տարի դեկտեմբերին նրանց հարցաքննեցին` մեկին հեռացրին աշխատանքից, իսկ մյուս 2-ի ծառայական պարտավորությունները սահմանափակեցին:
Ոստիկանները կասկածվում են “կոշտ անօրինական պոռնոգրաֆիայի” փոխանցման մեջ, սակայն չի ճշտվում, թե արդյոք այն մանկական պոռնոյի հետ կապ ունի է , թե ոչ:
Կասկածյալների տներում նույնպես խուզարկություն է անցկացվել, սակայն արդյունքները չեն բացահայտում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասված է ստացել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի ձախորդ օրերը շարունակվում են: Նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի, փորձաշրջան է անցնում տարբեր թիմերում, բայց բանը աշխատանքային պայմանագիր կնքելուն չի հասնում:
Հայրապետյանն այժմ փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում: Թիմն ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Զեստաֆոնիի» հետ և պարտվել է 0:1 հաշվով:
Հայրապետյանը խաղադաշտ է դուրս եկել «Պրիբրամի» մեկնարկային կազմում, սակայն, ոտքի վնասվածքի պատճառով, 5-րդ րոպեին փոխարինվել է:
24-ամյա ֆուտբոլիստը ձգել է մկանը: Միայն բժշկական հետազոտությունը կարող է բացահայտել, թե վնասվածքն ինչքանով է լուրջ և ինքան ժամանակ կպահանջվի այն ապաքինելու համար:
Թեհրանում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մնաց ձեռնունայն
Թեհրանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 14 երկրների պատվիրակներ, Հայաստանի հավաքականն անմասն մնաց խաղարկված պարգևներից:
Կարողությունները փորձած մեր երկրի 8 մարզիկներից լավագույն արդյուքը ցույց տվեց 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, որը մրցաշարի 2-րդ օրը գրավեց 5-րդ տեղը:
Հավելենք, որ ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 96 հազար դոլար էր: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողներին հանձնվեցին 5, 3, 2 հազար դոլար:
Հրդեհ«Օջախ» ռեստորանային համալիրում
Փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 07.19-ին:
Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը` մասնակի:
Հայաստանի թենիսիստուհիների հավաքականը պարտվեց առանց լուրջ դիմադրության
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող թենիսիստուհիների ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբի A ենթախմբի մրցաշարի երկրորդ խաղում ևս Հայաստանի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չէր: Մերոնք 0:3 հաշվով զիջեցին Էստոնիայի թիմին:
Հիշեցնենք, որ մրցաշարում 1 2 երկրների հավաքականներ վիճարկում են 2-րդ խմբի 2 ուղեգրերը:
Ցավոք, Հայաստանի հավաքականը լուրջ դիմադրություն ցույց չտվեց:
Անի Ամիրաղյանը 0:6, 0:6 հաշվով պարտվեց Կայա Կանեպիին, Անի Սաֆարյանն էլ նույն հաշվով զիջեց Անետ Կոնտավեյտին:
Զուգախաղում Անի Սաֆարյանը և Լուսինե Չոբանյանը 2:6, 3:6 հաշվով պարտվեցին Եվա Պաալմա-Տատյանա Վորոբյովա զույգին:
Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավեց վերջին՝ 3-րդ տեղը և 9-12-րդ տեղերը վիճարկողների խմբում կմրցի C ենթախմբում վերջին տեղը գրաված Մադագասկարի հավաքականի հետ, որը 0:3 հաշվով պարտվել է Դանիայի, 1:2 հաշվով՝ Նորվեգիայի ներկայացուցիչներին:
Վլադիմիր Գասպարյանը դժգոհել է որոշ ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, հանցավոր վարքագծից
Փետրվարի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության պետը դժգոհություն հայտնեց, ործ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար:
Վլադիմիր Գասպարյանը փաստեց, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները:
Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով:
Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգեց սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:


