«Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
Իրականում, ըստ նախարարի, այս որոշումը կարող է որպես նմուշ-օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլև մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար: Հ.Թովմասյանի դիտարկմամբ` որոշումն իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ պատճառաբանական մասում ներկայացված իրավական գնահատականներն և վերլուծությունները կառավարության համար հանդիսանալու են ուղղորդող քաղաքականություն:
«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը գտնվում է որակական նոր փուլում»,-նշել է նախարարը:
Նշվել է նաև, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և կառավարությունը հնարավորություն ունի մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական:
Daily Archives: April 3, 2014
«ՍԴ-ն իր որոշմամբ անորոշ իրավաքաղաքական քայլ է կատարել` խնդիրը ուղղորդելով Կառավարություն և ԱԺ». «ԴԵՄ ԵՄ»
Սահմանադրական դատարանը հասարակության մեծամասնության օգտին որոշում է կայացրել, սակայն պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով փորձում են մոլորեցնել մարդկանց իրենց տարաբնույթ հայտարարություններով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամները` հավելելով, որ շարժումը ՍԴ որոշմանն իր իրավաբանական գնահատականը կտա մի քանի օրվա ընթացքում, երբ իրավաբանների կողմից մանրամասն կքքնվի այն, իսկ մինչ այդ շարժման անդամները հորդորում են քաղաքացիներին որպես հիմք չընդունել որոշ պաշտոնյաների մեկնաբանությունները:
«Մեր շարժումը պայքարում է «պարտադիրի» դեմ առաջին հերթին այն պատճառով, որ այն հակասոցիալական է և հակասահմանադրական: Երբ այն դեռ ՍԴ-ի կողմից հակասահամանադրական չէր ճանաչվել, իշխանություններն ամբողջ ուժով պնդում էին, որ այն շատ լավ օրենք է և հակասահմանադրականության վերաբերյալ մեր փաստարկները ծիծաղելի էին համարում»,- նշեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը` հիշեցնելով, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումից հետո էլ պաշտոնյաները գործում էին նույն մարտավարությամբ:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ այս պահին պայքարն ինֆորմացիոն դաշտում է, քանի որ Հայաստանում ամենաբարձր մակարդակով իշխանության մարմինները իրենց թույլ են տալիս մեկնաբանել ՍԴ որոշումն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:
«ՍԴ-ն իր որոշմամբ անորոշ իրավաքաղաքական քայլ է կատարել` խնդիրը ուղղորդելով Կառավարություն և ԱԺ, և այժմ խնդիրը քաղաքացի-կառավարություն հարթության մեջ է, ոչ թե իրավական դաշտում»,- ասաց Հարություն Աղլամազյանը:
Շարժման անդամները նշեցին, որ վերջնական հաղթանակ չի արձանագրվել, և պայքարը շարունակվելու է:
«Մենք շարունակելու ենք պայքարել օրինականության սահմաններում, բայց, մի´ կասկածեք, մեր ֆանտազիան մեծ է, իսկ մեթոդները` շատ: Մեր պայքարը կզգան իրենց վրա նաև այն լրատվամիջոցները, որոնք վեց ամիս շարունակ չէին լուսաբանում ժողովրդի արդարացի բողոքը, իսկ այժմ երկու րոպեանոց ռեպորտաժով ապատեղեկացնում են հանրությանը»,- նշեց շարժման անդամ Վահագն Ավագյանը:
Անդրադառնալով վարչապետի` օրենքը վերամշակելու հարցում իրենց աջակցելու առաջարկին, նախաձեռնության անդաները նշեցին, որ օրենքներ գրելու և մշակելու համար հատուկ մասնագետներ կան, որոնք համալսարաններ են ավարտում:
«Մենք ոչ օրենսդիր ենք, ոչ գործադիր, մենք պարզապես հանրության ձայնն ու պահանջն ենք լսելի դարձնում, մենք օրենք մշակող չենք և անհասկանալի է նման առաջարկի իմաստը»,- ասացին նրանք` հավելելով, որ երկխոսություն կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ որ պահանջը բավարարվի` «պարտադիրը» վերանա:
Ուսումնարաններում և քոլեջներում` գնահատումը 10 միավորային համակարգով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին”: Համաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով: Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաև ապահովել դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին:
Եվրամիությունն աջակցում է ՔԿԱԳ ոլորտի բարեփոխմանը
Տիգրան Սարգսյանի համոզմամբ քաղաքացիները դրական են արձագանքում ծառայությունների որակի բարձրացմանը
ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհ է հատկացնում շտապ բուժօգնության զարգացմանը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը և դիմումները պատրաստվում են ձեռագիր: Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում: Նշված համակարգը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին: Սակայն գործող օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը նախատեսի էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում և համակարգի կիրառման պարտավորություն: Այս հասկացություններն օրենսդրություն ներմուծելու նպատակ ունեն առաջարկվող լրացումները, որոնք հնարավորություն կտան հստակեցնել ՔԿԱԳ համակարգը և ներդնել էլեկտրոնային գրանցման համակարգ: Այս ամենի արդյունքում ծառայությունները կլինեն ավելի որակյալ, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Ես խնդրում եմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սա էլ ներկայացնեք, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական այս նոր հնարավորությունների օգտագործումը, ինչի շնորհիվ մենք ծառայությունների որակը բարելավում ենք, անարձագանք չի մնում: Մեր քաղաքացիները գոհ են այդ ծառայություններից, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում, եթե դիմում են պետական մարմիններին, նրանք ստանում են բոլոր հարցերի պատասխանները, ստիպված չեն լինում տարբեր մարմիններով վազվզել, տեղեկանքներ հավաքել: Որքան տեղեկացված լինեն մեր քաղաքացիները, այնքան դրական վերաբերմունք կլինի այս ռեֆորմին: Ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու: Դրա վկայություններից մեկը նաև հեռախոսահամարների տեղափոխելիության խնդիրն էր: Այսօր քչերն են հիշում, որ կառավարությունը սկզբունքային դիրքորոշումը պաշտպանեց, չնայած որ կար մեծ դիմադրություն: Հիշում եք, որ կային սուբյեկտներ, որոնք դեմ էին, որ մենք այդ հնարավորությունը ստեղծենք մեր քաղաքացիների համար, որպեսզի հեռախոսահամարների տեղափոխելիությունը լինի ազատ քաղաքացու ցանկությամբ: Մենք այս հարցում եղանք վճռական և ունենք դրական արդյունք՝ քաղաքացիներին մատուցում ենք որակյալ ծառայություն: Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում գնալ տարբեր օղակներից թույլտվություն ստանալ: Դա արվում է շատ հեշտ և ավտոմատ ձևով: Մենք միասին պարտավոր ենք այս ամբողջական տեղեկատվությունը մշտապես տալ մեր քաղաքացիներին, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակը ավելանա»:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը բովանդակում է անցումային և եզրափակիչ դրույթներ: Առաջարկվում է ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ մտցնել 2014թ. օգոստոսի 3-ին: Մինչև 2018թ. հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է թղթային գրանցում՝ այն էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելով ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի 2014թ. բյուջեն: Ծրագիրն իրագործվում է երկրի նշված ծառայությունների գործունեության իրավիճակի գնահատման հիման վրա: Ըստ գնահատման զեկույցի, շտապ բուժօգնությունը զարգացնելու և ծանր հիվանդություններից ու վնասվածքներից մահացության դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել միասնական հեռանկարային ռազմավարությանը: Նպատակահարմար է բարելավել դիսպետչերական համակարգը, հեռախոսային ծածկույթը, ինչպես նաև ապահովել բուժանձնակազմի մշտական վերապատրաստման կազմակերպումը: Որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ 2014թ. պետբյուջեի եկամտային մասը կավելանա շուրջ 62 մլն, ծախսային մասը՝ ավելի քան 100 մլն դրամով:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն համար հետևողական աշխատանքի կարևորությունը: Բանակցությունների օրակարգում էին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Քեսաբում վերջին զարգացումների վերաբերյալ: Չեխ դիվանագետը դատապարտեց խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի:
Պրահա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալն ունեցավ նաև երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես,Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի հետ կայացած հանդիպմանը քննարկվեցին ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 5-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման օրակարգային մի քանի հարցեր:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում փոխնախարար Մնացականյանը Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Չեխիա հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար, պալատի բնապահպանության կոմիտեի նախագահ Րոբին Բյոհնիշի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում կողմերը մեծապես կարևորեցին միջխորհրդարանական գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին
«Քեսաբի թեման պետք է ակտիվ պահել` չտարածելով ապատեղեկատվություն». մեդիափորձագետներ
Քեսաբի դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը լայն թափ է ստացել մարտի 29-ին «Ինստագրամ» սոցիալական ցանցում և արդեն մարտի 30-ին տեղափոխվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանց: Մարտի 29-ին «Ինստագրամում» սկսեց ակտիվանալ Քեսաբի թեման: Այդ ժամանակ այդ ցանցում առկա էր մոտ 4 հազար փոստ Քեսաբի թեմայով, որին զուգահեռ օգտագործվում էր savekessab հեշթագը` մոտ 600 անգամ, կիրառվում էին նաև Armenian genocide և Genocide հեշթագերը: Մարտի 30-ի առավոտյան ակտիվությունը փոխանցվեց արդեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, որտեղ սկսեցին բացվել էջեր Քեսաբի պաշտպանության վերաբերյալ և հավաքել լայքեր: Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տարոն Պապիկյանը` շեշտելով, որ հիմնական ակտիվությունը նկատվել է Ռուսաստանի երիտասարդության կողմից:
«Ակտիվությունն ավելի մեծ թափ առավ, երբ սկսեցին տարածել տեսանյութեր, որտեղ իբր գնդակահարում են քեսաբահայերին: Այնուհետև տարածվեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Քեսաբի հարցին վերաբերող ստորագրահավաքը, որն այնքան էլ ակտիվորեն չի ստորագրվում, այս պահին կա ընդամենը 18 հազար ստորագրություն: Կարելի է ասել, որ տարածված ապատեղեկատվությունն ունի հուզական բնույթ, քանի որ հիշյալ տեսանյութերը տարածվել են, հիմնականում, 13-20 տարեկան իգական սեռի ներկայացուցիների կողմից»,- նկատեց Տարոն Պապիկյանը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, խոսելով Քեսաբի դեպքերի առնչությամբ տարածված կեղծ տեղեկատվության մասին, խորհուրդ տվեց հայկական լրատվամիջոցներին խայծը կուլ չտալ ու փորձել մաքսիմալ ճշգրտված ինֆորմացիա տրամադրել հանրությանը:
«Շատ կարևոր է պահել զգոնությունը, երբ թեման այլ երկրների կողմից շահարկվում և օգտագործվում է պաշտոնական մակարդակով: Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Քեսաբում տեղի ունեցածի մասին կա երեք տարբեր պաշտոնական տեղեկատվություն»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ Քեսաբի թեման պետք է ակտիվ պահել`չտարածելով ապատեղեկատվություն:
Հայ շախմատիստուհին` Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտրյանը` Գերմանիայի չեմպիոն
Ադրբեջանում ձերբակալվել է ոստիկանության աշխատակից
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կազմակերպված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Բելոքանի շրջանի ոստիկանության կապիտան Վուգար Ֆիլիևը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ ականատեսների՝ վարչության աշխատակիցները Ֆիլիևին ձերբակալել են Բելոքան քաղաք բենզալցակայաններից մեկի մոտ:
Դեռևս հայտնի չէ՝ինչում է նա մեղադրվում:
Սաուդյան Արաբիան աթեիստներին ահաբեկիչներ է անվանել
Բրիտանական “The Independent”-ը իրավապահ “Human Rights Watch”-ին հղում անելով , տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայում մի շարք նոր օրենքներ են ուժի մեջ մտնում, որոնցով աթեիստներին կարգում են ահաբեկիչները դասը: Օրենքներն ուղղված են հասարակական բոլոր բողոքները, որոնք կարող են”վնասել հասարակական կարգը” ճնշելուն: Սկզբում օրենքները որոշել էին ուղղել սաուդացիների դեմ, որոնք պատրաստվում էին մասնակցել Սիրիայի քաղաքացիական կռվին` ապստամբների կողմից: Սակայն, դրանք հետագայում ավելի ընլայնված նշանակություն ստացան ու հիմա ահաբեկչությունը որակվում է որպես “աթեիստական մտածողության կոչեր կամ էլ իսլամի հիմքերը, որի վրա հիմնված երկիրը, կասկածի տակ առնելու փորձեր”:.isra.com
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն.Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 125 կգ քաշայինների մրցաշարում հայտավորված Անդրանիկ Գալստյանը զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Տահա Ակգյուլին, սակայն քանի որ վերջինս եզրափակիչ է դուրս եկել, մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտ անցկացրեց: Նա հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Շվեդաուին և բրոնզե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկիի հետ:
Հավելենք, որ այսօր կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 69 կգ քաշային Կարինե Շադոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր լիտվացի Դանուտո Դոմիկայիտիտեին:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիային ձեռնտու չէ հայերի նոր կոտորածը». քաղաքագետ
Քեսաբում Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ թե հայերի, այլ քրդերի դեմ: Թուրքիայի հիմնական նպատակը ոչ թե Քեսաբը և հայերին ոչնչացնելն է, այլ Սիրիայում ձևավորված Արևմտյան Քրդստանի ոչնչացումը, քանի որ այն լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով` այդ տարածքում քրդերի թիվն անհամեմատ ավելի մեծ է հայերի թվից: Երկու տարի առաջ Բաշար Ասադը Սիրիայում քրդերին ինքնավարություն տվեց: Այժմ Սիրիայում արդեն ձևավորվել է «Արևմտյան Քրդստան» հասկացությունը, իսկ Սիրիայի քրդերին միացել են նաև Թուրքիայի քրդերը:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիային ձեռնտու չէ հայերի նոր կոտորածը: Ուղղակի Արևմտյան Քրդստանը ոչնչացնելու Թուրքիայի նպատակի առջև կանգնել են Քեսաբի հայերը, և լավ է, որ սիրիական բանակին և հայկական կազմակերպություններին հաջողվեց ժամանակին տարհանել բնակչությանը Քեսաբից»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով` սիրիական բանակն ամեն ինչ անում է՝ Քեսաբը զինյալներից հետ գրավելու համար, ինչի մասին է խոսում այն, որ Քեսաբի համար մարտերում զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբորորդին:
Դարպասները մնացին անառիկ
Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող թիվ 2-րդ հանրակացարանի մի բնակչուհի օրերս զանգահարել էր ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ հանրակացարանի դարպասները փորձում են տեղահան անել և տանել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 1938 թ. ծնված Մալխաս Ա.-ի հանձնարարությամբ դարպասները փորձել են գողանալ 1996 թ. ծնված Աբրահամ և 1998 թ. ծնված Էդիկ Ռ.-երը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասել:
Կատարվում է քննություն:
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, Հրաչ Մուրադյանի հարազատներին
Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել է նրանց հարցերին:
Մինչ Հ. Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում: ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վեաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե գաղտնիությունը, թե անվտանգությունը, ՀՀ քրեաական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգա. տանտերերն ուժեղ էին
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերում տանտերերն ուժեղ էին:
Փարիզում ՊՍԺ-ն 3:1 հածվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Մադրիդոմ տեղի «Ռեալը» 3:0 հածվով առավելության հասավ դՀենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Գերմանական ակումբի խաղացողներն իրենց լավ չդրսևորեցին: Մխթարյանը բաց թողեց երկու գոլային ռեալ պահ և չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Նա 64-րդ րոպեին փոխարինվեց:
Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին:
Տեխնիկական արդյունքներ
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 3:1
Էզեկյել Լավեցի, 4, Դավիդ Լուիս, 61 (ինքնագոլ), Խավյեր Պաստորե, 90+3 – Էդեն Ազար, 27 (11 մ)
«Ռեալ» Մադրիդ (Իսպանիա) – «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա)՝ 3:0
Գարեթ Բեյլ, 3, Իսկո, 27, Կրիշտիանու Ռոնալդու, 57
Օլանդը հաշտվել է նախկին կնոջ հետ
Ֆրանսիայի նախագահ Օլանդի հարաբերություններն իր կանանց հետ նոր մակարդակ են տեղափոխվել, որոնք նշանավորվել են պետության ղեկավարի` նախկին քաղաքացիական տիկնոջ հետ հաշտեցման փաստով:
Դա փորձառու քաղաքական գործիչ Սեգոլեն Ռուայալին թույլ է տվել նախարարների նորացված կաբինետի անդամ դառնալու:
Երբ Օլանդը դարձավ նախագահ, Սեգոլեն Ռուայալը ֆրանսիական քաղաքականությունից դուրս մղվեց Օլանդի սիրուհի Վալերի Տրերվեյլերի պահանջով, որը կտրականապես դեմ էր, որ իր մրցակցուհին հայտնվեր իր տղամարդու կողքին: Սակայն, վերջերս Օլանդին բռնեցին տիկին Տրիերվեյլերին դավաճանության մեջ, ու նա ստիպված էր Առաջին տիկին տիտղոսին հրաժեշտ տալ: Ամենայն հավանականությամբ, Վալերիի ազդեցությունից ազատվելով, Օլանդը կարողացել է ընդհանուր լեզու գտնել Սեգոլեն Ռուայալի հետ: Ի դեպ, նրանք միասին 30 տարի են ապրել և ունեն համատեղ 4 երեխա:isra.com
«Տեղեկատվությունը կա, կարիքի գնահատումն արված է, մնում է շատ արագ աշխատել». Էդմոն Մարուքյանը Սիրիա այցելության արդյունքների մասին
Հարցազրույց Աժ պատգամավոր, Քեսաբի հարցով Սիրիա մեկնած պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ
– Պարոն Մարուքյան, Քեսաբի դեպքերից հետո մասնավոր նախաձեռնությամբ մի խումբ պատգամավորներով մեկնեցիք Սիրիա` տեղում ծանոթանալու հարյուրավոր հայ ընտանիքների խնդիրներին, որոնք տարհանվել էին իրենց բնակավայրերից: Ձեզ այնտեղ սպասո՞ւմ էին, և ի՞նչ ազդեցություն ունեցավ այն:
– Ճիշտն ասած` չէին սպասում, լուրջ անակնկալի եկան մարդիկ, որովհետև նախ չունենք ավանդույթ, որ նման իրավիճակներում այդպիսի արագ արձագանք լինի, միշտ աշխատում ենք ձեռնպահ մնալ, բացի այդ, Սիրիան ռեալ պատերազմական գոտի է, որտեղ չի գործում օդանավակայան, չկան տարրական անվտանգության պայմաններ և այլն: Շատ զգացված էին, շատ էմոցիոնալ ընդունեցին և ասում էին, որ զգում են` պետություն ունեն իրենց թիկունքին: Իսկ այսօր Սիրիայում շատ փոքրամասնություններ կան, որոնք տուժում են, սակայն բոլորը չէ, որ իրենց սատար կանգնող պետություն ունեն: Այս առումով շատ եմ կարևորում մեր պետության դերը` ցույց տալու աշխարհասփյուռ հայությանը, որ պետություն ունեն:
– Եթե չլիներ ձեր նախաձեռնությունը, համարժեք քայլ պետության կողմից կարվե՞ր, և ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում պետական համապատասխան մարմինների աշխատանքն այս հարցում: Հիշենք, որ երբ հարցն Ազգային ժողովում բարձրացվեց և հնչեց առաջարկ գործողությունների պլան մշակելու վերաբերյալ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ավելորդ է նման բաներ անել, Հայաստանն իրավունք չունի միջամտելու այլ երկրների խնդիրներին:
– Մենք խոսել ենք այդ հարցով պարոն Աբրահամյանի հետ, նա հարցն այլ կերպ էր ընկալել, այդ պատճառով էր նման բան ասել, սակայն, հանդիպման ժամանակ այդ ամենը պարզաբանվեց: Ինչ վերաբերում է մեր նախաձեռնությանը, ապա միանշանակ է, որ եթե դա էլ չլիներ, ինչ-որ բան արվելու էր: Մեր նախաձեռնությունը դարձավ սկիզբը, որին հետևեցին հետագա քայլերը: Մենք մինչ գնալը հայտարարություն արեցինք, դրանից հետո հանրապետության նախագահը հանդես եկավ հայտարարությամբ Հաագայում, ինչը, ի դեպ, սիրիահայերին շատ էր ոգևորել, և գործողությունները սկսվեցին շատ արագ` մեկը մյուսին հաջորդելով: Միգուցե այցը մասնավոր առումով շատ ավելի արդյունավետ էր, որովհետև, եթե ընկնեինք պաշտոնական ընթացակարգային պրոցեսների մեջ, կարող էր մեկ շաբաթ ձգվել, իսկ մարդիկ կարող էին ցրվել, սիրիական իշխանություններն այդքան հստակ չհայտարարեցին, որ պատրաստ են ինչ-որ բան անել:
– Որո՞նք էին քեսաբահայության բարձրացրած հիմնական խնդիրներն ու խնդրանքը մեր պետությանը:
– Քեսաբահայերը հավատում են, որ հետ են վերադառնալու իրենց բնակավայր, սակայն գիտեն նաև, որ իրենց տները կիսավեր ու թալանված են լինելու: Խնդրում էին, որ աջակցենք իրենց վերադառնալուց հետո վերականգնել իրենց տնտեսությունները: Այս պահին եղած աջակցության մասով ներկայացնում էին առօրյա կարիքները հոգալու խնդիրը: Պատկերացրեք` մարդիկ բնակվում են եկեղեցու, վարժարանների տարածքում, քնում են գետնին և այլն:
–
.Ձեր այցելությունից հետո հավաքված տեղեկատվության հիման վրա ի՞նչ հստակ գործողություններ են իրականացվել և ի՞նչ արդյունք կա:
-Մենք մեր փաստահավաք այցի արդյունքները փոխանցել ենք բոլոր պետական մարմիններին: Երեկ, օրինակ, սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված միջգերատեսչական նիստ, որին մասնակցում էինք նաև մենք, քննարկվում էր, թե ինչ պետք է արվի: Շատ կարևոր է, որ պետական մեխանիզմը միացել է: Տեղեկատվությունը կա, կարիքի գնահատումն արված է, մնում է շատ արագ աշխատել, գումարներ հավաքել, մտածել դրանք տեղ հասցնելու մասին:
-Սիրիայի նախագահի և մի շարք պաշտոնյաների հետ ձեր պատգամավորական խմբի հանդիպումը շահարկվեց, նաև մեղադրանքներ հնչեցին ձեր հասցեին: Դուք ինքներդ այդ հանդիպումներն ինչպե՞ս եք գնահատում:
– Մեզ տեղեկացրին, որ նման հանդիպումների հրավերներ կան Սիրիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի և երկրի կրոնի հարցերով նախարարի հետ, և մենք մտածեցինք, որ այդ հրավերները մերժելը չի բխում ո՛չ մեր պետության, ո՛չ մեր ազգային շահերից: Այն, որ սիրիական բանակն է մեր 670 հայ ընտանիքներին հանել այնտեղից, և որևէ մեկը չի զոհվել, չի կարելի չգնահատել: Բոլոր հանդիպումների ընթացքում մեր կողմից բարձրացվել են սիրիահայության, մասնավորապես` Քեսաբի ազատագրման հետ կապված խնդիրները և հնարավորությունները, այլ հարցեր չեն քննարկվել:
– Եթե Թուրքիան նախատեսեր, որ նման աղմուկ կբարձրանա Քեսաբի դեպքերի շուրջ, կգնա՞ր նման քայլի, թե՞ , այնուամենայնիվ, սա հաշվարկված քայլ չէր:
– Կարծում եմ` չէին հաշվարկել, որ այսքան աղմուկ կբարձրանա, որովհետև Սիրիայում արդեն բազմաթիվ քրիստոնյա գյուղեր են դատարկվել, և նման աղմուկ չի եղել: Հնչում է մեղադրանք, թե ինչու Հալեպի դեպքերի ժամանակ նման արձագանք չեղավ մեր կողմից: Նախ` Հալեպի դեպքերի ժամանակ կար մի մոտեցում, որ դա Սիրիայի ներքին գործն է, քաղաքացիական պատերազմ էր, որտեղ բոլորն էին տուժում, բացի այդ, այսպես ակնհայտ չէր Թուրքիայի դերը: Քեսաբի դեպքում լրիվ բացահայտվեց Թուրքիայի ակտիվ մասնակցությունը, և այդ դեպքերը ողջ հայությանը հիշեցրին ցեղասպանությունը: Բնական է, որ մենք սիրիահայության խնդիրը չենք տարանջատում, Քեսաբը միացավ ողջ սիրիահայության փրկության քարոզարշավին, ինչպես և ընդհանրապես այնտեղ տեղի ունեցող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների խնդրին`ուղղված կրոնական փոքրամասնությունների դեմ:
– Թուրքիան այսօր քեսաբահայերին հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնում, ինչի՞ մասին է դա վկայում:
– Դա թուրքական դիվանագիտության սովորական դրսևորում է, կարող են լինել նման հայտարարություններ, հիմա էլ սկսել են արդարանալ, քարոզարշավ մեկնարկել, որ իրենք «բարի են», զինյալներն են հայտարարում, որ իրենք ոչինչ չունեն հայերի դեմ: Ոչինչ չունե՞ք, դե դուրս եկեք էդ մարդկանց տներից:
– Մենք ականատես ենք լինում մի կողմից թուրքական, մյուս կողմից ռուսական քարոզչամեքենաների խիստ ծայրահեղ դրսևորումներին: Ի՞նչ պետք է անի հայկական կողմը տեղեկատվական դաշտը վերահսկելու առումով:
– Մենք պետք է չտրվենք որևէ կողմի շահարկմանը, պետք է շարունակենք «Save Kessab» քարոզարշավը` օբյեկտիվ տեղեկատվությամբ առ այն, որ հայկական մի ողջ տարածք հայաթափվել է, և Թուրքիան ունի իր ակտիվ մասնակցությունը:
– Իսկ «Save Kessab» նախաձեռնությունն ի՞նչ արդյունք է տալիս, ի՞նչ արձագանքներ կան:
– Կարծում եմ` շատ լուրջ արդյունքներ կան: Այդ քարոզարշավի արդյունքում է, որ բազմաթիվ երկրների պետական այրեր դատապարտել են այս դեպքերը, բացի այդ, բազմաթիվ մարդիկ միացան այս նախաձեռնությանը, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, մեր հայրենակիցներ, որոնք կոտրում են այն տեղեկատվական շրջափակումը, որ այսօր կա աշխարհում, այն կարծրատիպը, որ Սիրիայում ընդդիմությունն ու իշխանությունը պատերազմում են, բայց դա խաղաղ բնակչության դեմ ուղղված չէ, ընդդիմությունը պայքարում է Ասադի ռեժիմի դեմ երկրում ժողովրդավարություն և ազատություն հաստատելու համար:
– Սփյուռքի տարբեր հատվածներում այսօր բողոքի ցույցեր են ընթանում, հայտարարություններ են հնչում: Կարելի՞ է արձանագրել, որ աշխարհասփյուռ հայությունն այսօր Քեսաբի հարցում համախմբված է և ունի մեկ ընդհանուր դիրքորոշում:
– Կարծում եմ` այո: Կա մոտեցում, որ սիրիական հարցում պետք է որոշակի զսպվածություն դրսևորել, այսինքն` չաջակցել որևէ կողմի, ինչի հետ ես ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց մյուս կողմից ակնհայտ երևաց, որ հայությունը միասնական է այս հարցում, և մենք չենք զլանում պաշտպանել մեր հայրենակիցների շահերը:
– Կռվախնձոր հանդիսացող Քեսաբն ի վերջո ի՞նչ ճակատագրի կարժանանա, քեսաբահայությունը հնարավորություն կունենա՞ երրորդ անգամ վերագտնելու իր բնօրրանը:
– Սիրիական լուծումներն արդեն սիրիական ժողովրդի ձեռքում չեն, դա գլոբալ աշխարհաքաղաքական հարց է, և դժվարանում եմ ասել` ինչ հանգուցալուծում կլինի: Համենայն դեպս, եթե Ասադի ռեժիմը տապալվի, համոզված եմ, որ քրիստոնյաներն այլևս այնտեղ չեն մնա, որովհետև շատ ծայրահեղական է այսպես կոչված ընդդիմությունը: Մտավախությունները շատ են: Բայց մեր հույսն այն է, ինչը նաև այնտեղ ենք ասել, որ սիրիական ժողովուրդը երկխոսության միջոցով լեզու գտնի, խաղաղություն հաստատի էդ հողի վրա և շարունակի ապրել, որովհետև վերջին 40 տարիների ընթացքում եղել է մի բանաձև, որի արդյունքում բոլոր փոքրամասնությունները կարողացել են խաղաղ ապրել միասին և զարգացնել իրենց պետությունը:
Զրույցը վարեց Անի Գասպարյանը
Սիրիայում ստեղծված անկայուն վիճակը վտանգավոր է Մերձավոր Արևելքի երկների համար
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Մուհամադ Քարդաշի հետ: Երկու երկրների ներկայացուցիչները փորձում են ելք գտնել տարածաշրջանում ստեղծված վիճակը բարելավելու համար:
«Սիրիայում առկա ներկայիս անկայուն վիճակը վտանգավոր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Չի կարելի լավատես լինել, որ սիրիական խնդիրը կկարգավորվի, քանի դեռ չի դադարեցվել երկրում գտնվող ահաբեկիչներին զենքի մատակարարումը և զինյալների նոր խմբերի այնտեղ ուղարկումը: Իրանի կառավարությունը պատրաստակամ է տարածաշրջանի երկների հետ համագործակցել և բանակցել`Սիրիայում վիճակը կայունացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Առաջնահերթ անհրաժեշտ է, որ Սիրիայում վերջ տրվի եղած ծայրահեղականությանը»,- հանդիպման ժամանակ ասել է Հոսեին Ամիր Աբդոլլահը:
Հանդբոլի ուսանողական մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա այսօր
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Անզիջում էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պետական համասարանի թիմերի մրցավեճը:
Առաջին խաղակեսում վանաձորցիներին հաջողվեց երեք գնդակի առավելությամբ առաջ անցնել: Նրանք հանդիպումը շահում էին 11:8 հաշվով: Սակայն հանգստից հետո երևանցիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ի վերջո, խաղն ավարտվեց 20:20 հաշվով:
Իսկ ահա, Երևանի ճարտարագիտական համալսարանի ընտրանին ուժեղ էր Երևանի տնտեսագիտական համալսարանի հավաքականից` 36:28 (19:12):
Ապագա ճարտարագետներներ էլ վաստակած 4 միավորով գլխավորում են աղյուսակը: Վանաձորցի հանդբոլիստներն ունեն 3 միավոր: Ապա հաջորդում է Երևանի պետհամալսարանի ընտրանին`1 միավոր: Ժողտնտեսության համալսարանը երկու պարտություն է կրել և եզրափակում է աղյուսակը:
Այսօր կայանալիք Երևանի ճարտարագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականների մրցամարտն էլ ի հայտ կբերի հաղթողին:
Կկայանա նաև ԵՊՀ-Երևանի տնտեսագիտական համալսարան հանդիպումը:



