Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պարտատոմսեր

պարտատոմսերԱպրիլի 15-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 80 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 115 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 276 263 458 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6851 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Հայաստանի գրոսմայստերները Դուբայում

chess3Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան  Պետրոսյանը Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցածարի վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Վլադիմիր Հակոբյանն ունի 5 միավոր:

7 միավորով մրցաշարի առաջատարն է գրոսմայստեր Ռոման Էդուարը (Ֆրանսիա):

Ռուսաստանցի պատգամավորը ԽՍՀՄ-ի փլուզման համար մեղադրում է Վիկտոր Ցոյին

front_friends-390x290

ՌԴ-ի պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Ֆյոդորովն իր կայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է, որ հայտնի ռուսաստանցի երգիչ Վիկտոր Ցոյը ԿՎՀ-ի գործակալ է եղել ու նրա բոլոր վերջին երգերը գրվել են Հոլիվուդում: Դա, պատգամավորի խոսքով, ԽՍՀՄ-ի ոչնչացման պլանի մի մասն էր կազմում:Ֆյոդորովը Գլխավոր դատախազություն ներկայացված հարցման հեղինակներից մեկն էր, որում շարադրված էր ԽՍՀՄ-ի փլուզումն անօրինական ճանաչելու ու բոլոր մեղավորերին, այդ թվում նաև երկրի նախկին նախագահ Գորբաչովին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջը:

Ֆյոդորովը տեսանյութում նշում է, որ ուշ ԽՍՀՄ-ի շրջանում ՊԱԿ-ի շարքային աշխատակիցները գիտեին այդ պլանի մասի, որի տարրերից էր համարվում նաև ռուս ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի ստեղծագործությունը:

Պատգամավորը հղում է անում ՊԱԿ-ի հասարակ աշխատակիցներին, որոնք ասում են, թե «մի փուլ եղավ, որ Ցոյը երգում էր ոչ այնպես, ինչպես մինչ այդ: Մինչ այդ նա երգում էր ալյումինե վարունգների մասին ու մեկ էլ հանկարծ`սկսեց փոփոխությունների մասին երգել, նրա ոճը չէր, ոնց որ 2 տարբեր երգիչներ լինեին»:Պատգամավորի աղբյուրները հայտնել են նրան, որ իրենք հետազոտություն  ու հարցաքննություններ են անցկացրել ու պարզել, որ վերջին երգերը (Ցոյն ինքը  երգ գրել չգիտեր) նրան բերում էին Ամերիկայից»:

«Հոլիվուդում պրոֆեսիոնալ մարդիկ նրա համար ռուսերեն երգեր էին գրում: Նման նախագծերը հազարավոր են.և մշակույթում, և էկոնոմիկայում ու քաղաքականության մեջ, ուժային համակարգում… դա պրոֆեսիոնալ աշխատանք է… Այսինքն, Ցոյի  հետևում ԿՎՀ-ում հատուկ մարդիկ էին, որոնք աշխատում էին նրա հետ, դրամաշնորհներ հատկացնում ու երգեր տալիս…»,պատմել է պատգամավորը:

Պարգևատրվեցին միջբուհական մարզական խաղերի հաղթողները

DSC_6301Ապրիլի 15-ին տեղի ունեցավ միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվել են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ: Խաղերը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանող-մարզիկներին, նշեց. «Մարզական այս խաղերում խոշոր հաշվով հաղթողներ ու պարտվողներ չկան, հաղթել ենք բոլորս, քանի որ կարողացել ենք համատեղ նման ծրագիր անել, երիտասարդության շրջանում մեծացնել հետաքրքրությունը սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ։ Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե միջոցառումից միջոցառում, այլ մշտապես մրցաշարեր կազմակերպել տարբեր մարզաձևերում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամեն կերպ կաջակցի նման ծրագրերին»։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նկատեց, որ ոչ պետական բուհերում ֆիզիկական կուլտուրան և սպորտն այնքան էլ զարգացած չեն։ «Այս միջոցառումը նախաձեռնելով՝ մենք մեծ հույս ունենք զարգացնել սպորտը ոչ պետական բուհերում և հետագայում այս բուհերի ուսանողներն ավելի պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակցեն»,- ասաց Արմինե Բարսեղյանը։

Ֆուտբոլի մրցաշարում առաջին մրցանակակիրը Երևանի գյուղատնտեսական համալսարանի թիմն էր։ Երևանի գյուղատնտեսական համալսարան ուսանող Արտյոմ Մարտիրոսյանը նշում է, որ իրենց բուհի ուսանողների շրջանում ֆուտբոլը մեծ մասսայականություն է վայելում և սիրված մարզաձև է։ Նա նկատում է նաև, որ վերջին տարիներին ուսանողների շրջանում մեծապես ավելացել է հետաքրքրությունը սպորտի, ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ։

Նշենք, որ միջբուհական մարզական խաղերի նպատակն էր նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ԱԳ և պաշտպանության նախարարներ նշանակելու մասին

ստորագրել2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկու հրամանագրեր է ստորագրել, որոնցով Էդվարդ Նալբանդյանին նշանակել է ՀՀ ԱԳ նախարար, իսկ Սեյրան Օհանյանին` ՀՀ պաշտպանության նախարար:

Հրամանագրերում մասնավորապես ասված է.  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:

Ստամբուլում ևս 80 ոստիկան հեռացվել է աշխատանքից

polisԹուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Ստամբուլում աշխատանքից հեռացվել է 80 ոստիկան, ինչպես նաև Ազգային հետախուզական ծառայության ստամբուլյան բաժանմունքի պետը: Հեռացման պատճառը պետական այրերի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են: Ավելի վաղ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆքան Ալին հայտարարել էր, որ գործի առնչությամբ պետական տարբեր կառույցների 150 աշխատակից է հեռացվել: Նրա խոսքերով՝ այս միջոցառումները նպատակ են հետապնդում բացահայտելու անօրինական գաղտնալսումների պատասխանատուներին:

Ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի կունենա «Ցեղասպանության հետ առերեսում» խորագրով ֆորում

1915Ցեղասպանության հետ առերեսման պլատֆորմը, որը ձևավորվել է թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներից և ակտիվիստներից, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ին Ստամբուլում կանցկացնի «Ցեղասպանության հետ առերեսում» խորագրով ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու են հյուրեր ինչպես Թուրքիայից, այնպես էլ հայկական սփյուռքից: 100-ամյակին նախաշեմին քննարկվելու են այն միջոցներն ու ճանապարհները, որոնք կարող են օգնել թուրք հասարակությանը առերեսվել ցեղասպանության իրողությանը: Ֆորումի հիմնական թեմաներ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչում. ներողություն և արդարություն, Սփյուռքի պահանջները և թուրքական կողմի  պարտավորությունները, Քաղաքականության դերը ցեղասպանության հետ առերեսման գործընթացում:

Տիգրան Սարգսյանի հրաժարականը հասունացել էր և պետք էր “գոլորշի բաց թողնել”. քաղտեխնոլոգ

վիգեն«Ակնհայտ է` նոր վարչապետի նշանակումը ցույց տվեց, որ հաղթեց Հանրապետական կուսակցության օլիգարխիկ թևը, այսինքն` կուսակցությանը մի քանի տարի առաջ անդամագրված  տեխնոկրատների խմբին փոխարինեցին նրանք, ովքեր հենց այդ կուսակցության հիմքն են: Նախագահը հայտարարարեց, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին կառավարության ծրագիրը, և,  ըստ իս` գլոբալ առումով ծրագրային լուրջ փոփոխություններ դժվար լինեն, սակայն համոզված եմ, որ օպերատիվ կառավարման մեթոդները կփոխվեն»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում վարչապետի հրաժարականին և ներքաղաքական զարգացումներին նվիրված հանդիպման ընթացքում նշեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

Պարզաբանելով  «օպերատիվ կառավարման մեթոդների փոփոխման»  մասին իր տեսակետը`  վերլուծաբանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը լինելով ազդեցիկ, հարուստ մարդկանցից մեկը, իրեն պետք չէ, որ իր որոշումները կայացվեն միջնորդված, այսինքն` եթե Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ շատ խոսքեր պարզապես օդում էին, մնում, ապա Հովիկ Աբրահամյանի կողմից,  եթե այդ որոշումներն ընդունվեն, ապա կիրականան վաչարարական ու այլ ազդեցության լծակների կիրառմամբ. այս առումով Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ այս մեթոդների կիրառումը կարող է և արդյունավետ լինել, բայց գլոբալ առումով լուրջ փոփոխություններ մեզ չեն սպասվում:

Ըստ քաղաքական տեխնոլոգի` Տիգրան Սարգսյանի, նրա կառավարության նկատմամբ դժգողությունն արդեն վաղուց առկա էր գլխավոր տնտեսական ազդեցության խմբավորումների և հենց օլիգարխների շրջանում. “Մեր տիպի երկրներում, որտեղ ամեն-ինչ հիմնված է օլիգարխների, խմբավորումների  շահերի վրա, շատ կարևոր է բալանսը, որը վաղուց խախտվել էր երկրում և իշանության ներսում` հոգոնել էին կառավարությունից, վարչապետից»:

Իսկ «քառյակի»  ճակատագրի մասին խոսելով, նա նշեց, որ ՀՅԴ-ն ինչ-որ ձևաչափով, այնուամենայնիվ, մտադրություններ ունի համագործակցելու իշխանության հետ, իսկ մյուս երեք ուժերի հանդիպումը վկայեց, որ ապագայի հանդեպ ինչ-որ պայմանավովածություններ եղել են: «ԲՀԿ-ն հայտարարում է, որ չի կազմելու կոալիցիա, սա հնարավոր է, բայց պարզ է, որ Հովիկ Աբրահամյանի անձը, այնուամենայնիվ, զսպաշապիկ կլինի ԲՀԿ-ի համար. առանց այն էլ ԲՀԿ-ն խուսափում էր ընդդիմադիրի կարգավիճակից, իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցելու պարագայում հաջորդ քայլը ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի դեմ, ուստի, ծայրահեղ քայլեր չեն լինի ԲՀԿ-ի կողմից, բայց ինչ-որ պայմանավորվածություններ առկա են»,- կարծում է Հակոբյանը:

Ադրբեջանն Իրանում զենքեր է գնում

2(2)Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն  ապրիլի 15-ին Իրանում հանդիպում է ունեցել երկրի զինված ուժերի գենշտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեիդ Հասան Ֆիրուզաբադիի հետ, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ քննարկման հիմնական թեմաներն  եղել են երկկողմ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև տարածքային անվտանգության և կայունության հարցերը:

Ֆիրուզաբադին նշել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականությունում հատկապես կարևորում է մուսուլման և հարևան երկրների հետ երկկողմ և բարեկամական հարաբերություններ հաստատելը: Ըստ նրա՝ վերջին 10 տարվա ընթացքում բազմիցս կազմակերպվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումներ և իրականացվել են համագործակցության ծրագրեր: “Ադրբեջանը ռազմական ոլորտում իր կարիքների մի մասն  ապահովել է ի հաշիվ Իրանի ռազմական արդյունաբերության արտադրանքի: Մենք պատրաստ ենք համագործակցել հարևան, մուսուլմանական հավատքով մեզ մոտ Ադրբեջանի հետ: Ռազմական ոլորտում Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը ծառայում է երկու երկրների բարեկեցությանն ու կայունությանը”,- ընդգծել է Իրանի զինված ուժերի գենշտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեիդ Հասան Ֆիրուզաբադին:

Նիգերիայում պայթյունի հետևանքով 71 մարդ է զոհվել

պայթյունՆիգերիայի պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ երկուշաբթի առավոտյան երկրի մայրաքաղաք Աբուջայի ավտոկանգառներից մեկում մեքենայի պայթյունից զոհվել է 71 մարդ:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 133 մարդ:

Պայթյունի պատճառը միանգամից պարզ չի եղել, սակայն արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնել են, որ պայթել է կանգառում կանգնեցված մեքենաներից մեկը:

Ինտերպոլը իր աջակցությունն է առաջարկել պայթյունի հետաքննության նպատակով՝ այն անվանելով անիմաստ ահաբեկչական հարձակում:

Մինչ այս պահը որևէ կազմակերպություն կամ անհատ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

 

Հայաստանը եզակի երկիր է, որ ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, մինդեռ աշխարհում շատ պատերազմներ են պայթում էներգիայի պաշարների համար. Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանՀայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ինքը պատրաստվում է դիմել նորընտիր վարչապետին մի քանի շատ կարևոր հարցերով: Մասնավորապես, նրան անհանգստացնում են մեր երկրում էլեկտրաներգիայի օգտագործման սխալները: Ըստ նրա՝ Հայաստանը եզակի երկիր է, որ ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ:

«Աշխարհում շատ պատերազմներ են պայթում էներգիայի պաշարների համար: Այս տեսանկյունից մենք շատ շահեկան դիրքում ենք, բայց ինչպե՞ս ենք օգտագործում այդ վիճակը,  շատ վատ», – նշեց Արմեն Պողոսյանը և հավելեց, որ սնունդ ու գյուղմթերք արտադրելն ու արտահանելը նվաճում չէ:

«Սնունդ արտադրում ու արտահանում են բոլոր երկրները, նվաճում կլիներ կոնկրետ որևէ մթերքի մենաշնորհը, որ չունենք, Նաիրիտ ունենք, բայց չունենք, ստացվում է, որ ծիծաղելի վիճակում ենք»:
Նոր վարչապետին է ներկայացվելու տրանսպորտի խնդիրը: «Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով ՝ ավերակ, ո՞ւր է մեր տրամվայը, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, իսկ մետրոն մեռած վիճակում է: Երկու վագոնով մետրո չեն շահագործում: Դա ոչ միայն անիմաստ է տնտեսապես, այլ վտանգավոր է»,- ահազանգեց Արմեն Պողոսյանը:

ՄԻ ՀԱՎԱՏՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄԻՐԱՆԵՐ

գիրքՀայերն Օսմանյան կայսրությունում հմուտ առևտրականների, արհեստավորների համբավ են վայելել: Կայսրությունում հայերը հատկապես առևտրի, սեղանավորական ասպարեզում են գերիշխող դիրք գրավել: Հարյուրից ավելի արհեստներում հայերը մրցակիցներ չեն ունեցել շնորհիվ իրենց ստեղծագործ մտքի, աշխատասիրության, տաղանդի ու հայ արհեստավորներին բնորոշող ազնիվ ու բարոյական վարքագծի:

Նրանց ծառայություններից ու տաղանդից սկսեցին օգտվել օսմանյան սուլթանները, սկզբում՝ որպես պալատական արհեստավոր-ծառայողների, իսկ հետո արդեն որպես պալատական բարձրաստիճան պաշտոնյաների, իրենց բնագավառների տնօրինողների, երկրի ներքին ու արտաքին կյանքի կարևորագույն դեմքերի: Այդպիսով ստեղծվեց ամիրայական՝ արևմտահայության համար ազնվականական մի խավ, որի որոշ գերդաստաններ իրապես շարունակությունն են հանդիսացել հայ արքայական, ազնվականական տոհմերի, եղել «բանկային իշխաններ»:
Իր առանձնակի դիրքով, ազդեցությամբ ու հնարավորություններով, որ մինչ այդ փակ ու անհասանելի էր քրիստոնյա հպատակներին, նրանք մի նոր մակարդակ ձևավորեցին Օսմանյան կայսրությունում ու պալատում: Նրանք, ի տարբերություն քրիստոնյա հպատակների, բազմաթիվ առավելություններից էին օգտվում։ Իսկ այն ամիրաները, որոնք ուրանում էին սեփական հավատքն ու մահմեդականություն ընդունում, էլ ավելի էին մերձենում թուրքական պալատին, անձեռնմխելի դառնում, սուլթանից ստանում իրենց ուզած պաշտոնը և չափազանց արագ բազմապատկում իրենց հարստությունը։ Այդպիսի օրինակներն արևմտահայության պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ դրդապատճառները տարբեր են եղել:
Ամիրայական խավի մի մասը, ցավոք, տուրք տալով եվրոպամոլությանը և գերվելով նրա լուսավորյալ, առաջադիմական գաղափարներով, հուսալով այս առավելությունները վերածել ազատության, անկախության, բարեկեցության, եվրոպական հովանավորության տակ գտնվելու մենաշնորհի, դարձել էր կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Ազգի միասնության մեջ սեպ խրելով` այնուամենայնիվ նրանք, որպես կանոն, լավագույն ազգասերներ ու բարերարներ էին, արևմտահայության առաջադիմությամբ ու ապագայով մտահոգ ազգային այրեր։
Այս հանգամանքն ընդհանուր առմամբ մեծապես փոխեց կայսրությունում արևմտահայության դեմքը և հետագա XVIII-XIX դարերն արևմտահայ իրականության մեջ հայտնի դարձան որպես ամիրայական իշխանության շրջան՝ իրենց բացառիկ դրական ու որոշ բացասական կողմերով: Ամիրայական դասը, որի մեծ մասը դեմոկրատական հայացքների կրող էր, որքան էլ ազգային մեծ գործունեություն է ունեցել, բավականին «փակ» խավ էր։
«Գլուխդ շատ մի բարձրացրու, որ չկտրեն, բայց շատ էլ մի ծռիր, որ վրան չկոխեն»: Զգուշության, չափավորության, խելամտության, համեստության այս գիծը հիմնականում պահպանել են բոլորը` ամիրաները, փաշաները, անվանի ու հարուստ հայերը: Կյանքը Օսմանյան կայսրությունում նրանց բազմիցս ապացուցել էր այս սկզբունքին հավատարիմ լինելու իմաստությունը:
Մեր պատմությունն առնչվում է արքունի ոսկերչապետերի, նկարիչների, սերնդեսերունդ որպես ոսկերիչներ ու փողերանոցի տնօրեններ, դրամահատարանն իրենց ձեռքում պահած Տյուզյան հայտնի գերդաստանի բացառիկ դաժան ճակատագրին:
Այս գերդաստանի նահապետներից Հարություն անունով անձը 1600 թ. Տիվրիկից գաղթել է Պոլիս և այնքան մեծ հաջողություններ ունեցել ոսկերչության մեջ, որ Արքունի ոսկերիչ է անվանվել ու իր խանութը բացել կայսերական գանձատան մոտ: Նրա որդին՝ Մահտեսի Սարգիսը, հենց հոր մահվան օրը Սուլթան Սելիմ Գ-ից ստացել է Արքունի ոսկերչի պաշտոնն ու տիտղոսը: Վալիդե (մայր) թագուհու համար ոսկերչական դժվարագույն մի պատվերի համար որպես վարձատրություն չնչին մի գումար է խնդրել, որի համար ստացել է «Տիւզ» (շիտակ) մականունը: Իրավամբ այս գերդաստանն աչքի է ընկել իր բացառիկ տաղանդով, ազնվությամբ ու նվիրվածությամբ։
Նրանց է վստահվել փողերանոցը, դրամահատարանը, որ Տյուզյան ամիրայական ընտանիքը մեծ հավատարմությամբ էր աշխատացնում: Սակայն նրա դիրքը շատ բանսարկությունների, խանդի ու նախանձի առիթ է տվել մրցակիցներին։ Իսկ փողերանոցը՝ խարդախությունների, գողության, զեղծարարության բացառիկ հնարավորություններ էր ներառում։ Սուլթանական Յըլդզ պալատը չէր հանդուրժում գողությունը։
Եվ ահա Եագո Պոնֆիլ անունով մի հրեա ոսկերիչ խաբեության համար հեռացվում է պալատից և կախաղան պիտի հանվեր փողերանոցի առջև։ Դրամահատարանի տնօրեն է կարգվում Միքայել Տյուզյանը: Նա խնդրում է սուլթանին խնայել հրեայի կյանքը և մինչև նրա մահն իր նախորդին սեփական գումարներից ամսական է տալիս: Փոխադարձ վերաբերմունքը խարդավանքն էր Տյուզյանի նկատմամբ։
Նա ստիպված հեռանում է պալատից, վախից հիվանդանում: Սակայն Մուստաֆա Գ-ն իմանալով, որ Միքայելը զոհ է դարձել նրան փոխարինած Պալթի անունով մի այլ հրեայի բանսարկության, հետ է կանչում նրան: Սուլթանն անգամ իր բժիշկներին է ուղարկում նրա մոտ: Լավանալով, ամիրան գնում է սուլթանի մոտ, պատմում ամեն ինչ, խոստանում հրեաների գողացածն իր միջոցներից տեղը դնել: Նա ազատ ելումուտ ուներ պալատում: Սուլթանն ասում էր. «Եթե տերությանս մեջ երկու Միքայել ունենայի, ինձ կբավեր»։
Ոչ ոք չէր կարողանում փոխարինել Տյուզյաններին, որոնք շնորհիվ բազմաթիվ հայտնագործությունների, կատարելության էին հասցրել փողերանոցի աշխատանքը, իրենց գործը, գանձերի մանրամասն հաշվապահություն ապահովել։ Նրանք էին հեղինակը մինչ օրս հարգի «Ֆընտըգ ալթըն» կոչվող ոսկե դրամների, եվրոպական թագավորական տների համար պատվիրվող սուլթանական զարդերի: Տյուզյանները տերության ու սուլթանի բարձրագույն շքանշաններին էին արժանանում։ Իսկ հրեա աշխատողները նախանձից գողանում էին դրամահատարանի ոսկին ու արծաթը:
Սուլթանի և քրիստոնյայի մտերմությունը դուր չէր գալիս հրեաներին ու մոլեռանդ մահմեդականներին: Նրանց դրդումով, հավաստիանալու համար Տյուզյանի «շվայտ վիճակին», Սուլթանն իր քրոջը ծպտյալ ուղարկում է Միքայել Տյուզյանի Գուրու-Չեշմեի նորակառույց տունը: Վերադառնալով քույրը հավաստում է, որ պարզ զարդարված և ոչ թե շքեղ ու շռայլ տուն է տեսել: Ամիրան շատ լավ դիվանագետ էր: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հունական խնդիրների նկատմամբ նրա մտքերը հավանության են արժանանում կառավարող ավագանու կողմից: Շատ հայերի, հույների է ազատել բանտերից, գլխատվելուց:
Հոճա Միքայելի ավագ որդին ու նրան փոխարինողը Սուլթան Սելիմի սիրելի ու վստահելի պալատականներից էր: Մանկությունից մեծացել էր սուլթան Սելիմի հետ, պալատում, միասին մանկական խաղեր էին խաղացել:
Իրենց անձնվեր ծառայությունների շնորհիվ Ենի գյուղի ապարանքը կառուցելու համար սուլթան Մահմուդ Բ-ից նվեր են ստանում 30 հազար ղռուշ: Սուլթանը նրանց սամույրներ է հագցնում, որ արքայական սիրո ամենամեծ նշանն էր։
մզկիթՍակայն թշնամիները չէին հանգստանում։ Մի բանսարկությունը հաջորդում էր մյուսին։ Իսկ ստուգումներն ապացուցում էին ամիրայական այս ընտանիքի անմեղությունը։ Սակայն մի անգամ հրեաների գողացած գումարն այնքան մեծ էր, իսկ հրեա ու թուրք միացյալ դավադրությունն այնքան խորամակ վարպետությամբ կազմակերպված, որ Սուլթանի զայրույթն է շարժում, ու առանց հետաքննելու՝ Տյուզյանները բանտարկվում են` չկարողանալով անմիջապես գտնել անհրաժեշտ գումարը։
Նրանց գերդաստանի ողջ ունեցվածքը պիտի պետականացվեր ու աճուրդի հանվեր: Տյուզյան երեք եղբայրները և հորեղբայրը՝ Մկրտիչ Չելեպին, անմեղ տեղը գլխատվում են: Ունեցվածքը աճուրդի է հանվում: Նրանց գլուխները կախում են Ենիքեոյի իրենց ծովեզրյա տան պատուհաններից: Երբ Տյուզյանների գլխատումից մեկ ժամ չանցած կեղծիքը բացվում է և պարզվում է Տյուզյանների անմեղությունը, սուլթանը խորապես ափսոսում է եղածի համար, սակայն ուշ էր :
Սուլթան Մահմուդ Բ-ի ժամանակաշրջանի մասին մի փորագրանկար պատկերում է զրպարտության զոհ դարձած Տյուզյան ամիրաներից Գրիգոր Չելեպի Տյուզի տանջալից մահը կրակի վրա դրած եռացած յուղի կաթսայում:
Եվ ահա, անմեղ տեղը մահապատժի ենթարկված Տյուզյանների ունեցվածքը աճուրդի է հանվել։ Այն ղեկավարում էր մատնիչ հրեա սեղանավոր Եհեսխել Գաբայն իր թուրք համախոհ Հալեթ էֆենդիի հետ, որը շատ թուրք փաշաների, վեզիրների դավաճանելով` մահվան էր դատապարտել` սեփականացնելով նրանց ունեցվածքը։
Հայ որոշ ամիրաներ ներկա էին ձմեռային այդ տխուր աճուրդին որպես հարգանքի տուրք հայրենակից անմեղ զոհերի հիշատակին։
Տյուզյանները, ինչպես և ամիրայական գերդաստանների մի հիմնական մասը, կաթոլիկություն էին դավանում։ Նրանցից շատերը չէին հաճախում հայկական եկեղեցիներ և գաղտնի մատուռներ ունեին իրենց տանը։ Իսկ առանց հատուկ կառավարական արտոնության եկեղեցի կամ մատուռ կանգնեցնելը մահվամբ էր պատժվում։ Ուստի, աճուրդի ժամանակ սրիկա մատնիչներից հրեա Իսխելն անհամբերությամբ սպասում էր այդ գաղտնի մատուռի դռների բացմանը, որ ըմբոշխներ իր ատելության ու մատնության արդյունքի մահաբեր հաճույքը։ Երբ բոլորը կանգնում են մատուռի սրբապատկերներով, խաչով ու մոմերով խորանի առջև, Տյուզյանների դահիճը, քմծիծաղով խորանից վերցնելով հաղորդության սկիհը, «թքաման» է անվանում այն։ Սրբապիղծ խոսքերը հազիվ արտասանած՝ շառաչուն ապտակ է ստանում Երկանյան Հովհաննես Հաջի Չելեպի Ամիրայից, որը մի կողմ գլորելով սրիկային, ճմլելով ձեռքը, խլում է սկիհը, սուրբ անոթը տանում շրթներին ու երկյուղածորեն դնում խորանին ասելով՝ «Ջհուդ, քո պիղծ ձեռքերը անարժան են սրբության հպվելու»։
Տյուզյանների մոխրացած տան մեջ ամիրայի հարվածից գետին գլորված ու խայտառակված սրիկայի հայացքը մահ էր ավետում, որ առերես հանդարտությամբ տանում է Ամիրան։ Դեպքից քիչ անց, Հալեթ էֆենդին շուտով իր հերթական հայ զոհին՝ Չերազյան Գասպար ամիրային ևս անմեղ տեղը գլխատել է տալիս (1821 թ.)։ Ազնավուրօղլու Կարապետը, որ սեղանավորների գլխավոր էր, աքսորվում է Սաքըզ կղզի, և մի այլ սեղանավոր` Մկրտիչ օղլու Իլյանը՝ Իսթանքոյ կղզին։ Ճարտարապետ Գրիգոր ամիրա Պալյանը աքսորվում է Կեսարիա։ Հերթը Երկանյան ամիրայինն էր, որ իր ընտանիքի կյանքը փրկելու համար ճարահատյալ դիմում է Շեյխ-ուլ-իսլամին ու մահմեդականություն ընդունում։ Այլևս փրկված էր նրա ունեցվածքը, իր և ընտանիքի կյանքը։
Ուրացող ամիրան դուրս է գալիս տնից ու այդ օրվանից չի հանդիպում իր ընտանիքին։ Սուլթանը տալիս է նրան իր ուզած մաքսային տեսչության ղեկավարի պաշտոնը` ամուսնացնելով մահմեդական մանկամարդ մի կնոջ հետ։ Վերջինս շաբաթը մեկ այցելում էր ամիրայի հայ կնոջն ու ծնկաչոք նրա առջև պատմում ամիրայի՝ օտար բնում, ընտանիքից զրկված դժբախտ մարդու անխոս տառապանքների մասին։
Ստոր դավադիրներն արդեն անկարող էին վրեժ լուծել նրանից։
Ազգային գործերից հեռացած ու միայն իր նոր պաշտոնով զբաղվող հայ ուրացողը գաղտնի ու երկար, խորհրդավոր թղթակցություն էր վարում արտասահմանի հետ, ու մի օր էլ բռնել է տալիս Իսխելի անունով եկած սնդուկներն ու թղթակցությունը, դրանք սուլթանական պալատ փոխադրել տալիս, ինքն էլ ունկնդրություն խնդրելով սուլթանից՝ բացահայտում իրողությունը։ Սուլթանական պետության կեղծ դրամները և թղթակցությունը կայսրության դեմ հրեայի ու թուրք պաշտոնյայի դավադրության ահավոր ապացույցներ էին։ Սուլթանը սոսկալի բարկացած էր։ 1823 թ. Հալեթին տանում են Կոնիա, գլխատում ու գլուխը բերում Պոլիս։ Հրեային տանում են Թեքէ, գլխատում ու գլուխը բերում Ստամբուլ։
Հաջի Չելեպի Երկանյան ամիրան, որ սարսափելի ու անճանաչելիորեն ծերացած, փոխված էր, գնում է դիտելու դավաճանների գլուխները, այդ սրբապիղծ շրթունքները։
Նա ճանաչում է հայատյաց ու կործանիչ սրիկաների գլուխները, որոնց անշարժության դատապարտողն ինքն էր եղել ու… ժպտում է։ Տարիներ անց առաջին ժպիտը նրա սեղմված շրթունքների ծայրին։
Իր անարգված հավատքի վրեժը լուծել էր։
Ի՞նչ բուռն հավատք էր, որի դեմ եղած անարգանքը սրբելու համար դիմել էր ամենավերջին անընդունելի քայլին՝ նույն սուրբ հավատքն ուրանալուն։

«ՀԱՅԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» գրքից

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 Անկախ

Դիեգո Կոստան կհամալրի Լոնդոնի «Չելսիի» կազմը

դկ1134Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան շուտով կհամալրի  Լոնդոնի «Չելսիի» կազմը:

Մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը Կոստայի համար որպես փոխհատուցում «Աթլետիկոյին» կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ի դեպ, հարցական է աշխարհի առաջնությանը նրա մասնակցությունը: Բանն այն է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և պարզ չէ, թե երբ նա կապաքինվի:

Կոստան մարզվում է անհատական ծրագրով և հավանական է, որ կկարողանա մասնակցել  34-րդ տուրի «Էլչեի» հետ խաղին, որը կայանալու է ապրիլի 18-ին:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը կողմնորոշվելով հայտնել է, թե որ երկրի ազգային հավաքականում է հանդես գալու:

«Թեև ծնվել եմ Բրազիլիայում, սակայն Իսպանիան տվել է ինձ այն ամենը, ինչ ունեմ: Չեմ մերժի Իսպանիայի հավաքականի հրավերը»,- ասել էր նա:

Պարզաբանենք, որ Իսպանիայի և  Բրազիլիայի քաղաքացիություն ունեցող 24-ամյա Կոստան  ընկերական երկու  խաղ է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, սակայն ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընդառաջել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային և թույլ էր տվել, որպեսզի նա հանդես գա այդ երկրի հավաքականում:

 

Հնդկաստանի գերագույն դատարանը ճանաչել է երրորդ սեռային կարգը

trans- indiaՀնդկաստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել երրորդ սեռային կարգ սահմանելու վերաբերյալ՝ հայտնելով, որ տրանսգենդերային մարդիկ կարող են պաշտոնական փաստաթղթերում իրենց հենց այդպես անվանել:

Ակտիվիստները նշում են, որ այս որոշումը կթեթևացնի միլիոնավոր մարդկանց վիճակը, որոնք խտրականության են ենթարկվում Հնդկաստանի խիստ պահպանողական հասարակության մեջ:

Գերագույն դատարանը ուղենշել է դաշնային և պետական կառավարությանը տրանսգենդերային մարդկանց ներառել աղքատների համար նախատեսված  կրթական, առողջապահական և այլ ծրագրերում՝ նրանց օգնելով հաղթահարել սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները:

Նախքան երեքշաբթի օրվա որոշումը  Հնդկաստանի տրանսգենդերային  քաղաքացիների  սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվում էր արական կամ իգական:

Եվրոպայում Թուրքիայի զինուժը Ռուսաստանից հետո երկրորդն է. զեկույց

    turkey Օրերս Ստոկհոլմյան համալսարանում հրատարակվել է թուրք հետազոտող Նուրհան Յենթուրքի զեկույցը, որի համաձայն Եվրոպայում Թուրքիայի զինուժը  երկրորդն է Ռուսաստանից հետո: Թուրք հետազոտողը նշում է, որ Թուքիայի ռազմական ներդրումների մասին տեղեկությունները սակավաթիվ են: Այնուհանդերձ վերջինիս ներկայացրած տվյալներով՝ 2013 թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 17.2 մլրդ դոլար:  2014 թ. նախատեսվում է, որ ծախսերի թիվը կհասնի 18.9 մլրդ, իսկ 2015 թ. 20.3 մլրդ դոլարի:

Զեկույցում ներկայացվող մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ 2012 թ. 44 եվրոպական երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ իր ռազմական կարիքների վրա ամենից շատ ծախս կատարել է Ադրբեջանը: Երկրորդ տեղում Ռուսաստանն էր, որին հաջորդում են Ուկրաինան, Հունաստանը, Ֆրանսիան  և Թուրքիան:

Նշենք, որ Թուրքիան  ունի 600 հազարանոց բանակ, որով աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը: Թուրքիայում ռազմական բյուջեի մեծ մասը հատկացվում է նախկին և գործող զիվորականների աշխատավարձներին և թոշակներին: Բյուջեի մի մասն էլ օգտագործվում է ժամանակակից զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպման է մասնակցել

pnԱպրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն  ու հեռանկարները, քննարկվեցին և համաձայնեցվեցին Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները: Բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարևորվեց պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ:

Բերդավանում ականի պայթյունից մեկ մարդ մահացել է, մեկն էլ վիրավոր է

ականԱպրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:

Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով ՊՆ-ն  կոչ է  անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:

Սիրիահայ ընտանիքները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

001(2)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը:

2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի:

Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:

Զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների տրամադրումը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև վերջինների զբաղվածության հարցը: Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև հրատապ օգնություններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
հասարակայնության հետ կապերի վարչություն

Կտեղափոխվի՞ Յուրգեն Կլոպը «Բարսելոնա»

հմ վիշապ3c0h554.bildԽոսակցությունները շատ են, որ կատալոնական «Բարսելոնան» կարող է գլխավորել Յուրգեն Կլոպը:
Կատալոնական թիմի ներկայիս մարզիչ Տատա Մարտինոն հեռանալու է: Արգենտինացի մասնագետը «Բարսելոնայի» ղեկավարներին հայտնել է, որ  Իսպանիայում իրեն լավ չի զգում և, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ցանկանում է հայրենիք վերադառնալ:
Ի դեպ, «Բարսելոնայի» ներկայացուցիչները հերքել են շրջանառվող լուրերն այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Կլոպը համարվում է որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզչի թեկնածու:«Կտրականապես հերքում ենք շրջանառվող լուրերը: Որևէ բանակցություններ Կլոպի հետ չենք վարել: Երբևիցե չենք մտածել կապ հաստատել Դորտմունդի ակումբի գլխավոր մարզչի հետ»,-ասել է  կատալոնյան ակումբի մամուլի քարտուղարը:

Խորեն Բայրամյանը գոլի հեղինակ

խբ17286.large_-315x213Ռուսաստանի ֆուտբոլի  առաջնության 32-րդ տուրում Վոլգոգրադի «Ռոտորի» խաղացող Խորեն Բայրամյանը դարձավ գոլի հեղինակ:

«Ռոտորը» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Նալչիկի «Սպարտակի» հետ:

Տանտերերից 48-րդ մրցակցի դարպասը գրավեց և հաշիվը բացեց Խորեն Բայրամյանը:

«Ռոտորը» ապրիլի 20-ին կմրցի Մոսկվայի «Տորպեդոյի» հետ: