Արտեմ Ասատրյան. քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում

աշխատանքԱնցած շաբաթ կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքին փոխարինելու է գալիս «Զբաղվածության մասին» նոր օրենքը, ըստ որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլևս նպաստ չի տրամադրելու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորում է, թե քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում: Մարդիկ թաքնված զբաղված են և նրանց չի հետաքրքրում աշխատանքը. գրանցվել են 18 հազար դրամ կորզելու համար: Իհարկե, չի բացառվում, որ կլինեն նման մարդիկ, սակայն տասնյակհազարավոր են այն մարդիկ, որոնք իսկապես աշխատանք չունեն, իսկ գործակալությունը նրանց առաջարկում է հիմնականում մինչև 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք:

Հայաստանում,  2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար մարդ, աշխատանք փնտրողներից  48.5 հազարը կանայք են, 18  հազարը` երիտասարդ: Օգոստոս ամսվա ընթացքում զբաղվածության պետական գործակալություն է ներկայացվել 2458 թափուր աշխատատեղի հայտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: Փաստորեն, 68 հազար գործազուրկին առաջարկում են ընդամենը 2400 աշխատատեղ ու եզրակացնում, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն գնում աշխատելու, որովհետև գերադասում են ստանալ 18 հազար դրամ նպաստ:

Առհասարակ միջազգային մի հետաքրքիր պրակտիկա կա այս առումով: Մարդը, իր մասնակցության արդյունավետությունից ելնելով, գնահատական է տալիս, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ գործում: Այսինքն` եթե քաղաքացին նախընտրում է 18 հազար դրամ գործազրկության նպաստը և դրա դիմաց չի մտնում ակտիվ ծրագիր` ստանալու 150 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է, որ 150 հազար դրամանոց ծրագիրն արդյունավետ չէ: Եվ քաղաքացին իր մասնակցությամբ, փաստորեն, պետք է հուշի կառավարությանը, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ:

Բայց արի ու տես, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ. նպաստների 94 տոկոսն էր հասնում այն մարդկանց, որոնք աշխատանք էին փնտրում և միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»:

Իհարկե, կան դեպքեր, որ թաքուն աշխատող է գրանցվել զբաղվածության գործակալությունում, կան դեպքեր, որ մարդը հրաժարվել է կատարել 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք, բայց այդ փոքրաթիվ դեպքերի պատճառով 70 հազար մարդու զրկել նպաստից նույնն է, թե մեկ պաշտոնյայի կաշառք վերցնելու դեպքում, կաշառակերության համար դատես ամբողջ կառավարությանը:

Միջազգային պրակտիկան այլ փորձեր էլ ունի

«Խնդիրն այն է, որ զբաղվածության քաղաքականությունը, ինչպես շատ երկրներում է կիրառվում, նպատակ ունի տվյալ երկրի քաղաքացիներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ, ոչ թե զուտ ձևական զբաղվածության ծրագրեր իրականացնել: Մինչդեռ ներկայացված օրինագիծն անդրադառնում  է զբաղվածության քաղաքականությանը ոչ թե իբրև եկամտաստեղծ գործունեության մեջ մարդկանց ներգրավելու գործիքի, այլ իբրև պետության` նվազագույն պարտավորություններից խուսափելու միջոցի: Անգամ գործող, բայց թերի օրենքի պայմաններում կան զբաղվածության պասիվ ծրագրեր, որոնց մի զգալի հատվածը պարզապես վերացվում է այս նոր նախագծով»,- նոր օրենքի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Փաստորեն այսօրվա դրությամբ գործազրկության խնդրին ուղղված երկու տիպի պասիվ ծրագիր կա: Առաջինը գործազրկության նպաստի ծրագիրն է, երբ մարդուն շնորհվում է գործազուրկի կարգավիճակ և տրվում է գործազուրկի նպաստ` 18 հազար դրամ, որ մինչև աշխատանք գտնելը կարողանա գոնե ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Երկրորդը հասարակական վարձատրվող աշխատանքներն են:

Մի խոսքով, պարզվում է` սրանից հետո կառավարությունն այդ գործազուրկներին տրվող նպաստներն ուղղելու է դարձյալ գործազուրկներին, բայց արդեն աշխատատեղեր ստեղծելու գործին, ոչ թե «մուրացկանություն զարգացնող» նպաստներին, ինչպես ԱԺ-ում այս թեմայով քննարկումների ժամանակ նշեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:

Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ սոցիալական աջակցությունը ոչ թե նպաստի կամ թոշակի ձևով են հասցնում կարիքավորներին, այլ անուղղակի, օրինակ` աշխատատեղեր ստեղծելով գործազուրկների համար, տնտեսական ակտիվությունը բարձրացնելով, ինչ-ինչ ինքնագործունեության հնարավորություններ ստեղծելով, որպեսզի կարիքավորները նպաստ ստանալու փոխարեն իրենց հնարավորությունները, ունակությունները, կարողությունները ներդնեն ու իրենց համար ավելի արժանապատիվ կյանք ապահովեն:

Ինչպես ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ նշում էր օրինագիծը ներկայացնողը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  Վաչե Գաբրիելյանը, հենց ՓՄՁ ֆինանսավորմանն ու տարատեսակ ներդրումային ծրագրերին են ֆինանսավորելու գործազուրկներից կտրվող նպաստի փողերով, որպեսզի այդ ձևով, իբր, աշխատատեղեր ստեղծվեն և այլն:

Մի պահ մի կողմ թողնենք այն մտահոգությունը, թե կառավարությանը  չի հաջողվի իր  մատնանշած քաղաքականությունը կյանքի կոչել, և ընդունենք, որ այս անգամ, իրոք, կստացվի, օրինակ` 20 հազար նոր աշխատատեղ  ստեղծել այն գործազուրկների համար, որոնց նպաստը կտրեցին: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործազուրկին նպաստից զրկում են միայն այն դեպքում, երբ նրա համար աշխատանքի հնարավորություն են ստեղծում կամ մի քանի անգամ նրան առաջարկում են աշխատանք, ու նա հրաժարվում է:

«Իրենք ասում են` զբաղվածության պասիվ ծրագրերը, ինչպիսիք են գործազրկության նպաստի ծրագիրը, ամսական վարձատրվող աշխատանքները, պետք է նվազեցնեն կամ վերացնեն’ փոխարինելով դրանք ակտիվ զբաղվածության ծրագրերով: Մենք ասում ենք` ոչ թե սրանք վերացրեք, այլ ակտիվ ծրագրեր առաջարկեք, սահմանենք, որ քաղաքացիները կարողանան կա՛մ ակտիվ, կա՛մ պասիվ ծրագրերում ընդգրկվել զուգահեռաբար»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Այսինքն` առանց կոնկրետ այլընտրանքային ծրագիր իրականացնելու, առանց իրական աշխատատեղ ստեղծելու` մարդկանց վերջին հույս 18 հազար դրամը չեն կտրում: Իսկ եթե անգամ կարծիք կա, թե առկա 18 հազար դրամն առանձնապես էական գումար չէր, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղից մոտ 3.5 անգամ քիչ է, դրանով նույնիսկ աղքատության գիծը չի հաղթահարվում, նույնպես սխալ է: Որովհետև եթե մարդը որևէ տեղ չի աշխատում, 18 հազար դրամն էլ է էական գումար:

Ի դեպ` Արծվիկ Մինասյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի առաջ կառավարությունը սկսեց գործազուրկներին 18 հազար դրամ վճարել: Իսկ մինչ այդ, ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով էր ամրագրված,  դա պետք է կազմեր նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:  30 հազար դրամի պայմաններում դա կազմում էր 18 հազար դրամ: Հետո, երբ նվազագույն աշխատավարձը մի քանի տարի առաջ որոշվեց բարձրացնել, 60 տոկոսը փոխարինեցին 18 հազար դրամով, որպեսզի պահպանեն եղած չափը: Սա, անշուշտ, հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին, քանի որ դրանցով ամրագրված է, որ պետությունը պետք է  կատարի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու կամ ծանր սոցիալական վիճակը մեղմելու պարտականությունը: Իսկ մեր պետությունը, ինչպես արդեն նշվեց, փորձում է  խուսափել իր պարտավորություններից:

 

 

 

Մեկ շաբաթում` երկու ապտակ հակադիր ուղղություններից

եխ-մմ (1)Վերջին օրերին մի շարք ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում: Նախ` Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանին վերաբերող հերթական բանաձև, որում ոչ հայանպաստ անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի` ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու Աքվիլայի սկզբունքներից ելնելով, որոնք տարածքային ամբողջականությունը գերադասում են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքներից:

Այս հարցի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով news.am գործակալությանը, նշեց, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև, հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մոտեցումներին:

«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը վնասելու համար»,- նշել էր Շավարշ Քոչարյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցի կապակցությամբ նշեց, որ Եվրախորհրդարանի բանաձևի պարագայում մենք գործ ունենք միաժամանակ երեք գործոնների` ադրբեջանական լոբբինգի, Ադրբեջանի հանդեպ մտրակի և բլիթի քաղաքականության և եվրոպական հանրության կողմից սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցող զարգացումների չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության հետ:

«Մենք սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը որոշակիորեն թերագնահատել ենք: Եվ կարծում եմ, որ բոլոր հնարավոր մակարդակներով պիտի արվեր մեծ և ծավալուն աշխատանք եվրոպական գործընկերներին բոլոր հարթակներով` կառույցներով, գործադիր մարմիններով, եվրոպական կառույցներով ու երկրների խորհրդարաններով և, իհարկե, եվրոպական հանրություն ավելի լայն կտրվածքով` իրավիճակը բացատրելու, հասկացված լինելու, գործընկերների հետ փոխըմբռնման գալու համար»,- նշեց  Բեքարյանը` հավելելով, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևն առնվազն ցույց է տալիս, որ աշխատանքը ընդգրկուն և խորքային չի կատարվել:

Մեզ հարվածում են բոլոր անհավանական ուղղություններից

Բայց այդ օրերին նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ էլ Մաքսային միության անդամ ու նրան անդամակցել ցանկացող երկրների ղեկավարների քննարկումներ տեղի ունեցան: Ու դեռ չէինք հասցրել մարսել Եվրախորհրդարանի բանաձևը, Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակնօրյա լուրեր» հաղորդման հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27-ի իր ռեպորտաժում անդրադարձավ Մաքսային միությանը և նշեց, որ Թուրքիայի դրան միանալու որոշումն իսկական սենսացիա է դարձել:

«ՆԱՏՕ-ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել: Չէ՞ որ Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է: Եվ հենց այդ պատճառով Հայաստանի ՄՄ-ին միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,- նշեց Զեյնալովան:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին մենք բոլորս բոլորովին այլ տեսակետներ էինք լսել: Եվ այս ռեպորտաժն իսկական փոթորիկ բարձրացրեց հայաստանյան իրականության մեջ: Երբ հայկական լրատվամիջոցներով ներկայացվում է մեկ բան, իսկ ռուսական լրատվամիջոցի կողմից` բոլորովին այլ բան, ընդունելի չէ: Որովհետև Հայաստանը, ի վերջո, մեր երկիրն է, նրա ապագան` մեր բոլորի ապագան է, ու մենք պետք է իմանանք, թե մեր երկրի շուրջ ինչ զարգացումներ են լինում, որպեսզի նաև մեր մասնակցությունն ունենանք ու մեր դիրքորոշումն արտահայտենք ճակատագրական հարցերում: Այսինքն` ընդունելի չէ ճշմարտությունը չասել կամ ասել ճշմարտության մի մասը: Եվ ընդունելի չէ այն առումով, որ դա կհանգեցնի սխալ եզրակացությունների, սխալ եզրակացությունները` սխալ քայլերի, ու այսպես շարունակ:

«Մենք ունեցանք մի վիճակ, որ արդեն Եվրամիության հետ հարաբերություննեըն ակնհայտորեն փչացրինք, այսինքն` Եվրոպան նեղացած է, և այս մի շարք բանաձևերը, որ կամաց-կամաց ի հայտ են գալիս` անդրադառնալով ԼՂՀ հարցին ոչ նպաստավոր լույսի ներքո և այլն, դրա արտացոլումն է: Մյուս կողմից էլ հիմա պարզվում է, որ տարբեր այլ խնդիրներ կան ու վերջիվերջո ստիպելու են (Մաքսային միության մասին է խոսքը), որ հայտարարություն անենք, թե Ղարաբաղը, Մաքսային միության առումով, որպես տնտեսական մաս, որևէ կապ չունի Հայաստանի հետ: Ակնհայտորեն այդ գիծն է տարվում»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին էլ այս «ռեպորտաժային» պատմության մեջ հետաքրքրում է պաշտոնական հաղորդագրությունը, որը եղավ հանդիպումից հետո` Մինսկի գագաթաժողովի ժամանակ, որի շրջանակներում ասվել է, որ երեք պետություններն իրենց հավանությունն են  հայտնում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբանությանը, քաղաքագետը նշեց, որ կարևոր է ոչ թե լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարի ասածը:

«Ես հենվում եմ փաստի վրա, փաստն այն է, որ գագաթաժողվից հետո պետության ղեկավարներն իրենց մամլո ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ համաձայնել են այն դիրքորոշմանը, որը հայտնել է Հայաստանը և որը հայտնի է: Երկրորդ` հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում իրականացվելու են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության ձևակերպման` ֆորմալացման համար»,- իր դիտարկումները ներկայացրեց Ա. Մարգարովը:

Ու ինչպես նշեց քաղաքագետը, եթե այդ աշխատանքային քարտեզն իր մեջ պարունակում է ԼՂՀ կարգավիճակի կամ չկարգավորված կոնֆլիկտի հարցը, դա այնպիսի երկրորդական հարց չէ, որ չհնչեր հանդիպման ժամանակ: Իսկ քանի որ այն չի հնչել և օրակարգում այդպիսի հարց ընդգրկված չի եղել, Մարգարովն ընդունում է, որ ավելի շատ տնտեսական բնույթի հարցեր են եղել, որոնք կարիք ունեն կարգավորման:

«Եթե ռեպորտաժում ասվել է սեփական կարծիք, դա մարդու` լրագրողի իրավունք է, բայց հաշվի առնելով այն հաղորդումը կամ այն հեռուստաընկերությունը, որտեղ այս կարծիքը հնչել է, անհրաժեշտ է ուղղակի պարզաբանում մտցնել` դա պետակա՞ն դիրքորոշումն է, թե՞ հեղինակի»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:

Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներից մեկին այս կապակցությամբ ասել է. «Գագաթաժողովի քննարկումները և արդյունքները ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում: Դա՛ է միակ պաշտոնական և հավաստի աղբյուրը»:

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը մեր հարևաններին ուղղված տեղեկատվական կրակահերթ է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանալի է` ռուսական առաջին ալիքն ինչ լրատվամիջոց է:

«Մի առիթով Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է, որ CNN-ը մեր անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Հիմա OPT-ն էլ, ըստ էության, Ռուսաստանի անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Նորից պետք է ասեմ, որ հռետորաբանությունը իրողություններից պետք է տարբերենք»,- նշել էր Արտակ Դավթյանը:

Նրա դիտարկմամբ` այն ցանկությունները, որոնք հայտարարվեցին սեպտեմբերի 3-ին Մինսկում, պաշտոնական տեսք ստացան:

Բոլոր դեպքերում, Եվրախորհրդարանն ընդունել է հայկական շահերից չբխող բանաձև, Մինսկում Լուկաշենկոն արել է հայկական շահերից չբխող հայտարարություն, ռուսական առաջին ալիքը եթեր է հեռարձակել հայկական շահերից չբխող ռեպորտաժ: Ու այս ամենը հուշում են, որ արտաքին քաղաքական վեկտորների կամ քաղաքական ուղղությունների ընտրության հարցում Հայաստանը  հիմնավոր վերանայումների ու վերարժևորումների լուրջ խնդիր ունի:

 

Ի՞նչ անել, որ գործի 15 = 20 բանաձևը

Մաքսային միությանը Հայաստանի միանալու պարագայում մի շատ կարևոր հարց է առաջանում, որին այնքան էլ ուշադրություն չի դարձվում: Այդ հարցը կապված է այնպիսի կազմակերպություններին Հայաստանի մասնակցության պայմանների հետ, ինչպիսին է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:

 Մաքսային միությունը տեսանք, ԱՀԿ–ի մասին մոռացա՞նք

Ատոմ Մարգարյան

Ատոմ Մարգարյան

Ինչպես գիտենք, Հայաստանը 2003 թ. փետրվարի 5-ից հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի լիիրավ անդամ:

ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, ստեղծվել է 1995 թ., նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը: ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային համաձայնագրերի մշակման և ներդրման համար, ինչպես նաև հսկում է, որ անդամները հետևեն այդ համաձայնագրերին:

2008 թ. հուլիսի դրությամբ ԱՀԿ-ի անդամ է եղել 153 պետություն, իսկ 2013-ից ԱՀԿ-ում «փորձաշրջան» է անցնում նաև Ռուսաստանը: Յուրաքանչյուր անդամ պարտավոր է մյուս անդամ պետություններին տրամադրել առևտրի ավելի բարենպաստ ռեժիմ:

ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերությունները: ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը հատուկ ստեղծված մեխանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող Վեճերի կարգավորման մարմնի միջոցով:

ԱՀԿ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն իրականացրել է օրենսդրական և կառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ` ուղղված ԱՀԿ-ի սկզբունքներին ու պահանջներին  համապատասխանեցմանը:

Հայաստանը, ինչպես և ԱՀԿ անդամ այլ երկրները, ԱՀԿ շրջանակում, ի լրումն օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցման, պարտավորություններ է ստանձնել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերի, ծառայությունների առևտրի և գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասով:

Ներմուծման մաքսային դրույքաչափերի մասով Հայաստանը պարտավորվել և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափն ամրագրել է առավելագույն 15 տոկոսի չափով, այսինքն` մաքսատուրքի դրույքաչափերը կարելի է բարձրացնել միայն մինչև 15 տոկոս: Դրանից ավելի բարձրացնելու համար, ինչպես նշվում է նաև ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում, ըստ ԱՀԿ-ի կանոնների, Հայաստանը նախ պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, և երկրորդ` Հայաստանը պարտավոր է ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց  փոխհատուցում տալ ԱՀԿ անդամ երկրներին և ենթակա է առևտրատնտեսական հակազդման միջոցների ԱՀԿ անդամ երկրների կողմից:

Բագրատ Ասատրյան

Բագրատ Ասատրյան

Իսկ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում այդպիսի փոփոխությունների պահանջ, ինչպես նշում են մասնագետները, անպայման կլինի.

«Միասնական մաքսային ռեժիմ պետք է լինի Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանը շատ մեծ է ու Հայաստանն էլ շատ փոքր է, Հայաստանը պետք է ընդունի այն սկզբունքները, որոնք Ռուսաստանն է թելադրում: Այս կետի վրա անպայման կոնֆլիկտ է առաջանալու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որին մենք անդամակցում ենք արդեն 10 տարի, իսկ ռուսներն անցյալ տարվանից միայն անդամակցեցին: Թե այդ առումով հարցերն ինչպես են լուծվելու, թե ինչ հետևանքներ են լինելու, թող պատասխանատուներն ասեն, ես չեմ պատկերացնում»,- նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հետևը հուր, առաջը` ջուր

Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցեց միայն անցյալ տարի, բայց ոչ թե լիիրավ անդամ դառնալու, այլ փորձաշրջան անցնելու պայմանով:

Առհասարակ ցանկացած միջազգային կառույցի անդամակցելու համար պետությունները պետք է բանակցեն անդամակցության պայմանների շուրջ: Այսինքն` բանակցող կողմերը կազմում են իրենց կարիքների, առաջնահերթությունների, նպատակների, շահերի փաթեթը և սկսում են բանակցել: Ընդհանուր կետեր ունեցող հարցերը, բնականաբար, լուծվում են առաջին հերթին: Հետո արդեն փոխհամաձայնություններ են կայացվում խնդրահարույց հարցերի, փոխադարձ շահերի համադրության առումներով և այլն: Բնականաբար, միջազգային կազմակերպություններին անդամակցելու բանակցություններում յուրաքանչյուր պետություն աշխատում է ստանալ հնարավորինս շատ օգուտներ, ավելի նպաստավոր պայմաններ ամրագրել, քան զիջումներ անել: Այլ կերպ ասած` բանակցությունների արդյունքում ով ինչ կարողանում է, «պոկում» է:

Ռուսաստանը` որպես խոշոր ու մեծ շուկա ունեցող երկիր, ունի իր նախապայմանները, որոնք, բնական է, նաև չեն հակասում ԱՀԿ պայմաններին, եթե ԱՀԿ-ն համաձայնել է այդպիսի պայմաններով ներգրավել Ռուսաստանին: Ու ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակ Ռուսաստանը հաջողել է ամրագրել այնպիսի պայմաններ, ըստ որոնց, օրինակ` արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերն ու վճարները 7 տարում կիջնեն ու կհասնեն մինչև 7 տոկոսի, իսկ գյուղատնտեսական ապրանքների ու արտադրանքի համար այդ տուրքերն ու վճարները կնվազեն ու կհասնեն 18 տոկոսի` տատանվելով 5-20 տոկոսի միջակայքում: Ռուսաստանը կարողացել է ամրագրել նաև, որ ծառայությունների մատուցման 155 սեկտորներից 39-ում կարող է չթույլատրել արտասահմանյան ընկերությունների մուտքը, 86 սեկտորներում այդպիսի ընկերությունների մուտքը կարող է լինել որոշ սահմանափակումներով, օրինակ` բանկային ոլորտում մինչև 50 տոկոս մասնաբաժնով մասնակցությամբ, ապահովագրական ոլորտում` մինչև 55 տոկոս և այլն: Եվ ընդամենը 30 սեկտորներում է պարտադիր ազատ շուկայական մրցակցային մասնակցությունը: Տարբերություններն ակնհայտ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտում:

«Հայաստանը պետք է իր մաքսային և հարկային օրենսդրությունը համապատասխանեցնի Մաքսային միության պահանջներին` հաշվի առնելով նաև ԱՀԿ պայմանները: Հետևաբար ես ենթադրում եմ, որ դա արագ տեղի ունեցող պրոցես չի լինի, երևի առնվազն մեկ տարի կտևի Մաքսային միությանն անդամակցելու պրոցեսը, այդ ընթացքում պետք է փոխադարձ ընդունելի տարիֆներ, նաև ոչ տարիֆային կարգավորման միջոցներ օգտագործվեն ու կիրառվեն Հայստանում, այնպես որ, կարծում եմ` Հայաստանի անդամակցության պրոցեսը պետք է փոխադարձ համաձայնության դաշտում ընթանա: Ու քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ԱՀԿ-ին անդամակցել են տարբեր պայմաններով, այժմ անպայման կառաջանա այդ պայմանների համադրելիության խնդիրը: Այդ հակասություններն անզեն աչքով էլ տեսանելի են, հատկապես` ներկրվող ապրանքների ու մանավանդ սննդամթերքի մասով, որը շատ ցավոտ կարող է լինել Հայաստանի համար: Մսի, մսամթերքի, ձկնարդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսական վերամշակված այլ ապրանքատեսակների գծով Հայաստանը կարող է ոչ շահեկան վիճակում հայտնվել երրորդ երկրներից ներկրվող ապրանքների առնչությամբ: Անկասկած, մեկնարկային պայմանները բարենպաստ չեն այս իմաստով»,- պարզաբանեց  տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Ահա մնում է առկախ` ինչպե՞ս պետք է Հայաստանը մի դեպքում կիրառի ԱՀԿ-ի առջև ստանձնած առավելագույնը 15 տոկոս ներմուծման մաքսատուրքեր վճարելու պայմանը, իսկ մյուս դեպքում նույնացնի, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը Ռուսաստանի 18-20 տոկոս մաքսատուրքերի պահանջի հետ, առավել ևս, ինչպես նշեցինք, ԱՀԿ-ին անդամակցության պայմանները խախտելու դեպքում Հայաստանին սպառնում են որոշակի պատժամիջոցներ: Սա հաստատ գիտեն այն պետական մարմինները, որոնց կայքերում են այդ տեղեկությունները հրապարակվել:

Սակայն, ինչպես նշեց նաև Ատոմ Մարգարյանը, միայն դա չէ խնդիրը, խնդիր կա նաև ընդհանուր տնտեսական համակարգի վրա ազդեցությունների առումով: Սա է, որ այս պահին պետք է  գնահատվի, և սա ավելի լուրջ ու խորքային վերլուծություններ պահանջող պրոցես է, քան ֆորմալ տարիֆների, դրանց մակարդակների համաձայնեցումը: Էլ չասենք, որ հարցերի հարցը` ընդհանուր ֆիզիկական, աշխարհագրական սահմանների բացակայությունը և  հաղորդակցությունների միակողմանի սահամանափակությունը լուրջ հոգս կարող են լինել Հայաստանի համար Մաքսային միությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցելու պարագայում:

«Կարծում եմ, որ այդ խնդիրները, որոնք կարող են ծագել Մաքսային միության անդամ երկրների կողմից ներքին փոխհատուցումների համակարգեր, հատկապես բյուջետային փոխհատուցումներ կիրառելիս, պետք է հաշվի առնվեն, և Հայաստանը պետք է  նախապայմանների մեջ այդպիսի կետեր ներառի: Կարծում եմ, որ բանակցային սեղանին պետք է նաև այսպիսի հարցեր դրվեն»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

 

 

«Տարածաշրջանը եռացող կաթսա է, իսկ Հայաստանը` այդ կաթսայի կափարիչը». քաղաքագետ

Levon-Shirinyan (1)Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում բավականին կարևոր ու բուռն զարգացումներ են նկատվում: Այդ ակտիվությունը, սակայն, բացի մեկ–երկու արտահայտությունից ու մտահոգությունից, չի վերածվում երկրի ներքաղաքական կյանքի աշխուժացման` քաղաքական բանավեճերի ու գործընթացների ուժգնացման: Թե ինչու է այդպես, փորձեցինք քննարկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

– Պարո՛ն Շիրինյան,Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական ասպարեզներում լուրջ զարգացումների ու գործընթացների ենք ականատես լինում, սակայն Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես անտարբեր է և իրավիճակին համարժեք չի արձագանքում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իշխանությունները ստեղծում են երկրի տեղաշարժի մի վիճակ, ու դրան ընդդիմացողներ էլ պետք է լինեն: Բայց մեծամասնության մեջ այս հարցի կապակցությամբ վեճ չկա. վեճն արտաքին է: Հիմա ներքին  քաղաքական կյանքն ավտորիտար ռեժիմի դասական օրինակ է դարձել, տնտեսությունը կիսակենդանի է կամ կիսամեռ, որի քաղաքական կյանքը բացարձակ մենիշխանական համակարգի է վերածվել` Հանրապետական կուսակցության բացարձակ գերիշխանությամբ, ընդդիմությունն էլ հոգնած, բեզարած է. այսպես ասեմ` ՀՀ ընդդիմության ղեկավարությունը, առանց բացառության, էրոզիայի է ենթարկվել. չկա նոր գաղափար, նոր ձգտում, և ամենակարևորը` ժողովրդի մեջ վստահությունը չկա: Դա էլ ստեղծում է մի տարտամ վիճակ: Ժողովուրդն էլ խիստ անտարբեր է այդ ամենի նկատմամբ: Որովհետև քանի տարի է` անընդհատ տեսնում է ինչ-որ հույս, իբր փոփոխության տեսլական, բայց հուսախաբ է լինում, և այդ վիճակը տարիների ընթացքում մարդկանց մեջ առաջացրել է անտարբերություն իր շուրջն ընթացող գործընթացների հանդեպ: Անշուշտ, դա վատ բան է, բայց այդպես է:

– Կխնդրեի ավելի մանրամասն ասել, թե դա ինչ վտանգներ է պարունակում:

– Երկիրը չի զարգանա: Ճիշտ է, թվում է թե կուսակցությունները շատ են, և թվով իրականում շատ են, ավանդական կուսակցություններ կան` հզոր լոզունգներով, բայց նրանք սնամեջ են դարձել: Կա մի ՀՀԿ կուսակցություն, որը տեր ու տնօրեն է բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում` թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական կյանքում: Իսկ դա երկրի զարգացում թույլ չի տալիս: Ժողովրդի անտարբերությունը հետաքրքիր ցուցիչ է: Այդ անտարբերությունը գալիս է այդ վիճակից. ժողովուրդը չի տեսնում հույսի որևէ կետ և համակերպվում է իր վիճակին ու շարժվում առաջ: Եթե վերլուծենք, ապա չկա բանվոր դասակարգ. ամբողջությամբ լյումպենացած է այդ դասակարգը, գյուղացիությունը հազիվ քարշ է գալիս` իր  չարչարանքների մեջ տառապելով, հարկերի բեռը շալակին, մտավորականությունն էլ 20 տարի է, ինչ օրվա հացի հարց է լուծում, իսկ երիտասարդությունը տեսնում ենք` քաղաքական ինչ ակտիվություն ունի: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է տեղաշարժ լինել:

– Իսկ ի՞նչ է պետք անել հիմա:

– Ավտորիտար ռեժիմը միայն մեզ մոտ չէ, բայց մեզ մոտ, քանի որ պատերազմական վիճակում ենք, դա սուր է արտահայտվում: Ավտորիտար ռեժիմը երկու հատկություն ունի. նրա քաղաքական ղեկավարը, հիմնական դերակատարը մեզ մոտ նախագահն է: Նա կարող է երկիրը տանել վերածննդի ուղիով, որովհետև ավտորիտար ռեժիմի մոբիլիզացիոն ռեսուրսը շատ մեծ է և դիմադրողները շատ քիչ կարող են լինել, կամ էլ կարող է նույն վիճակով շարունակել, ինչն այսօր մեզանում է կատարվում:

Դրա համար դասական իմաստով բոլոր երկրներն էլ, որոնք փորձել են զարգանալ, նման վիճակներում նման քայլեր արել են: Երկրի քաղաքական ղեկավարությունն արդիականացման` մոդեռնիզացիայի ծրագիր է մշակում, հրամցնում է հասարակությանը` անկախ այն հանգամանքից` օպոզիցիոն կուսակցությունները դա հասկանում են, թե ոչ, դա նրանց համար շահավետ է, թե ոչ: Որովհետև օպոզիցիան իր տաք վիճակին սովոր է. խորհրդարանում խոսում է, աշխատավարձը ստանում ու իր շարժիչի դերը չի կարողանում կատարել: Հիմա այս վիճակում նախագահը կարող է առաջարկել մի արդիականացման ծրագիր տնտեսության համար, երկրի քաղաքական կյանքի համար, հոգևոր-մշակութային ոլորտի ու սոցիալական բարեփոխումների համար և իր մոբիլիզացիոն ուժով երկիրը տանել զարգացման: Նման օրինակներն աշխարհում շատ-շատ են: Մի բարդություն կա. տվյալ պարագայում նախագահը պետք է իր շրջապատը հարմարեցնի այդ վիճակին, արդիականացնողների, համախոհների թիմ ստեղծի, որոնք երկիրը կտանեն վերափոխման: Որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական դեմքերը տասնյակ տարիներով չեն փոխվում: Բայց կարծում եմ, որ մի ժամանակ կգա, որ այդ իրավիճակին կհանգենք:

– Բայց Հայաստանում Ձեր նշած մոբիլիզացիոն ուժի դրսևորումներ  չեն նկատվում:

– Այո, դա քաղաքական ղեկավարության պատասխանատվությամբ է պայմանավորված: Այն երկրներում, որտեղ ընդդիմություն կա, այդ գործն օբյեկտիվորեն ընդդիմությունն է անում, իշխանությանը պարտադրում է քաղաքական կուրս: Հիմա մենք մեր ընդդիմությունը, որոշ մարդկանց բացառությամբ, կարող ենք համարել «նորին մեծություն նախագահի ընդդիմություն»: Ու այս պայմաններում նախագահը պետք է ստանձնի երկրի արդիականացման ու վերափոխման պարտավորությունը, ինչպես 1960-ական թվականներին Ֆրանսիայում Շառլ դը Գոլն արեց: Այդ ժամանակ Ֆրանսիան էլ խեղդվում էր քաղաքական, տնտեսական և այլ կարգի ճահճի մեջ: Ես կարծում եմ, որ նախագահի համար սա պետք է ընկալելի դառնա, և նա ինքնուրույն դա անի: Չինաստանի կոմկուսը դա պարբերաբար անում է: Այլապես այդ լճացումը կշարունակվի:

– Բայց Ձեր նշած մոդեռնիզացիայի  նախադրյալներն էլ չեն երևում:

– Սուբյեկտիվ գործոնի հարց է: Եթե նախագահը չի ուզում իր միջավայրը փոխել, ապա լճացումը կշարունակվի: Մեզ մոտ վատն այն է, որ ժողովրդի կրիտիկական զանգվածի հատվածն արդեն իրեն սպառել է: Հավանաբար, այս քանակի ժողովուրդն այլևս նախաձեռնության ընդունակ չէ: Սա ենթադրություն է, որովհետև կրիտիկական զանգվածը գոյանում է նույնիսկ առանց ընդդիմության ու տարերային բունտերի է հանգում: Կամ կա մեկ այլ տարբերակ, որը արտաքին գործոնի հետ է կապված, երբ, Աստված չանի, արտաքին ուժն է միջամտում և քաղաքականություն պարտադրում: Եթե մենք լինեինք այնպիսի երկիր, ինչպիսին Իսրայելն է, և ունենայինք այնպիսի բարեկամ, ինչպիսին ԱՄՆ-ն  է, կարելի էր նույնիսկ ենթադրել, որ այդ արտաքին գործոնը շատ լավ բան է երկրի ներքին կյանքը աշխուժացնելու համար: Բայց մենք այդ բարեկամը չունենք, և այդ միջամտությունները մեզ համար կարող են աղետաբեր լինել: Ուստի, այդ նորացողների խումբը` նախագահի գլխավորությամբ, պետք է երկիրը տեղից շարժի` ավտորիտար ռեժիմից անցում կատարելով դեպի ժողովրդավարություն, բայց ավելի շատ` դեպի կազմակերպված հասարակություն: Նախագահը պետք է իմանա, որ այսպիսի ուռճացած ապարատն ի վիճակի չէ երկիր կառավարելու, քանի որ շատ է ուռճացել ու ինքնաբավ դարձել` ինքն իրեն սպասարկող համակարգի վերածվելով, բարեկամ-հարազատներին աշխատանքի ընդունելով: Մեկ այլ ելք էլ եմ տեսնում. հանկարծ միջազգային ճգնաժամ չլինի, որը կարող է մեզ խփել, և հանկարծ խոշոր տերությունների կողմից արտաքին միջամտության ցանկություն չառաջանա, որը մեր պարագայում բացառված չէ, քանի որ մեր տարածաշրջանը եռացող կաթսա է, Իսկ մենք այդ եռացող կաթսայի կափարիչն ենք:

– Կափարի՞չն ենք, թե՞…

– Մարդիկ դրան չեն հավատում, բայց ի՞նչ է, չե՞ք տեսնում` Ռուսաստանը պատերազմ է մղում Հայաստանի համար, Եվրոպան կպել ու պոկ չի գալիս մեզնից: Եթե Հայաստանի արժեքն այդքան ցածր է, ապա ինչո՞ւ է նման կատաղի մրցակցություն ընթանում Հայաստանի շուրջ: Սա պետք է գիտակցեն: Սա պատմական շանս է: Այդպիսի դեպքեր եղել են նաև Թուրքիայում 1920 թ.: Այն ժամանակ Աթաթուրքը մաքրեց իր միջավայրը, ու երկիրը սկսեց ընթանալ իր ուզած ճանապարհով:

– Սովորաբար նման իրավիճակներում, երբ ընդդիմությունը թույլ է, հասարակությունը պասիվ է, իշխանություններն էլ փոփոխությունների նախաձեռնություն չեն դրսևորում, առաջանում են նոր, ավելի ծայրահեղ, ավելի հանդուգն քաղաքական շարժումներ, հոսանքներ, ժողովրդական զանգվածներին առաջնորդող ուժեր, նոր լիդերներ և փորձում են շարժման մեջ դնել ճահճացած համակարգը. Հայաստանում այդպիսի սցենարի հավանականություն կա՞:

-Դա հնարավոր է, բայց մենք ժամանակ չունենք: Մեր երիտասարդությունը նկատելի բունտարար չէ: Պետք է բոլորս հստակ հասկանանք, որ երկիրը ժամանակ չունի: Ադրբեջանը նավթադոլարներով է հզորանում, Վրաստանի թևութիկունքը Եվրոպան ու ԱՄՆ-ն են, Թուրքիան աշխարհի 18 արագ զարգացող երկրներից մեկն է, ու իր առջև նպատակ է դրել առաջիկա 10-ամյակում մտնել տասնյակի մեջ: Պետք է մտածել, որ դա հնարավոր կարող է լինել: Իրանն էլ Արևմուտքի հետ խաղերի մեջ է, փորձում է մերձենալ ու յոթ մղոն առաջ կնետվի զարգացման ճանապարհին, եթե այդ մերձեցումը ստացվի: Այսինքն` այդ դեպքում մենք մնում ենք այս ճահիճի վիճակում:

– Այսինքն` այդ լոկոմոտիվային ուժի ի հայտ գալու համար հարմար պահը հասունացել է, բայց ժամանակ չկա՞:

– Ոչ, չի հասունացել: Երիտասարդությունը պետք է հասունանա, զարգանա: Որովհետև երկիր վերափոխելը սովորական բունտ, բողոքի ակցիաներ անել չէ: Քաղաքական հասունություն պետք է լինի: Դրա համար 5-10 տարի է պետք, մինչդեռ մենք չենք կարող այդքան սպասել: Բայց կրիտիկական զանգվածը, կարծում եմ, հասունացել է: Նախագահը պետք է վերջիվերջո իր խոսքն ասի: Կանի թե ոչ` ինքը գիտի, բայց պետք է անի: Դրա համար հասարակական պահանջ պետք է ներկայացվի, ու այստեղ շեղող հանգամանքներ չլինեն: Ասում ենք` քաղաքացիական հատվածն իր գործը կանի: Բայց քաղաքացիական հատվածը կռիվ է տալիս մեկ այս բնակարանի համար, մեկ այն խանութի դեմ, մեկ այն օլիգարխի դեմ: Այսինքն` նա ընդհանրապես ի վիճակի էլ չէ լուրջ փոփոխություններ անելու, ու միայն նախագահը կարող է այդ վերափոխումներն անել: Իսկ դրանից հետո նա հանգսիտ կարող է թոշակի գնալ` մնալով պատմության մեջ: Հիմա Հայաստանում շատ մեծ դիմադրություն չի լինի, քանի որ ժողովրդի դիմադրողականության ռեսուրսը, այսինքն` այն հատվածը, որ պետք է ընդվզի, առանձնապես մեծ չէ: Ու նախաձեռնող երիտասարդությունն այդ դեպքում կկպչի գործին:  Մի բան էլ. նախագահը պետք է անպայման գնա տնտեսությունը քաղաքականությունից անջատելու ճանապարհով:

Պակասում ենք, ծերանում ու չենք վերարտադրվում

population1«Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մասն է կազմում և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,-  նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում:

 Երբ նայում ենք ժողովրդագրության համաշխարհային միտումներին, ստացվում է հետևյալ պատկերը. 1650 թ. աշխարհում ապրում էր 500 մլն մարդ, 1990-2004 թթ.` 6.7 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների` 2025 թ. աշխարհում կապրի 8.2 մլրդ մարդ, դրանից 20 տարի անց` 2045 թ.` 9 մլրդ, իսկ XXI դարավերջին` 2095 թ., Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհատի 13 մլրդ-ի սահամանգիծը և կկազմի մոտ 13.7 մլրդ մարդ: Սրան գումարվում են նաև կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի խնդիրները, բնական ռեսուրսների սահմանափակ լինելը և այլն, ու ստացվում է, որ այս դարավերջին լուրջ մարտահրավերներ են սպասում մարդկությանը: Այսինքն` այդքան մարդու սննդի, կացարանի և այլ պահանջների բավարարման համար բնական ռեսուրսները կսկսեն չբավարարել: Նույնիսկ հիմա, երբ Երկրի բնակչությունը 6.7 մլրդ է, արդեն նման խնդիրներ կան, էլ ուր մնաց կրկնակի շատանալու դեպքում:

Այժմ նայենք մեր տարածաշրջանին ու այն կազմավորումներին, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը: Ըստ ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալների` բնակչության անկում են ունեցել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, սակայն ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: 2007 թ. Հայաստանն ունեցել է 3 մլն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին` 2 մլն 830 հազար:

Սրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, ինչպես, օրինակ` գործազրկության մակարդակը: Ըստ այդմ` 2013 թ. գործազրկությունը Ադրբեջանում եղել է 6.6%, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 7%, Մոլդովայում` 5.1%, Ռուսաստանում` 6.2%, Ղրղզստանում` 8.3%, Տաջիկստանում 7.4%, իսկ Հայաստանում` 16.4%:

Բնակչության աճի տեմպերի վրա շատ գործոններ են ազդում, բայց դրանցից հիմնականները պատերազմները, ժողովրդագրական տեղաշարժերը,  համաճարակներն ու բնական աղետներն են: Սրանց ազդեցությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրությունների` բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, Ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր և 1264 խաղաղ քաղաքացի:

Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999 թթ. տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը: Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թթ. Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 մլն 200 հազար քաղաքացի:

Ժողովրդագրական այս փոփոխությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է Թաթուլ Մանասերյանն իր «ՀՀ ժողովրդագրական սպառնալիքները. պատճառներ և հանգուցալուծումներ» զեկույցում, սպառնում է լեռնային սահմանամերձ գյուղերի ամայացումով, ուրբանիզացիայի մակարդակի փոփոխությամբ, բնակչության ծերացմամբ, ծնելիության ցածր մակարդակով, չկառավարվող և անօրինական արտագաղթով, կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքով և այլն:

Ի՞նչ են նշանակում ժողովրդագրական փոփոխությունները

Փաստորեն, այսօր ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետև բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան և մահացությունը կամ ծերացումը, Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին մատուցում: Նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել. ծնելիության գործակիցը 2,5-2,6- ից հասել է նրան, որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,5-1,6 երեխա է ծնվում: Այսինքն` 10 զույգերը միասին, որոնք դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա: Բայց որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, վերարտադրողականության գործակիցը պետք է լինի 2,1:

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը, մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը և այլն: Համաձայն ընդունված ցուցանիշների` սահմանային կետերից հավաքված տեղեկությունների, որոնք այսօր միակ պաշտոնական ու հասանելի տեղեկատվությունն են, մենք տարեկան մոտավորապես 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

Շատ լուրջ խնդիր է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4% ցուցանիշ, և արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

«Մինչև 13 տոկոսը ծերացող է, իսկ 13 տոկոսից ավելի 60 և ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարևոր բան արժե այս կապակցությամբ ասել, որ 2017 թ. առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսինքն` հասարակության մեջ մեծահասակների և երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչև 2050 թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդիրը, աշխատուժն է քչանում, հետևաբար նաև տնտեսական ակտիվությունն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետև, օրինակ, ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրի համար ավելի կարևոր է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և նման այլ ոլորտները, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտների զարգացմանը: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրերին, որպեսզի մարդիկ մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու բարիքներ ստեղծել:

Նման դեպքերում նաև պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ է առաջանում: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետև, եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, աշխատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ` 3,5, իսկ 2050 թ., դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և բոլոր քաղաքականությունները:

Այս պատկերը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Ու եթե շատերի կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակն է այս պատկերի պատճառը, ապա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ մոտ 7 տարի ղեկավարել է Հայաստանում ժողովրդագրական պատկերի ուսումնասիրությունները, ավելի է լայնացնում «սոցիալ-տնտեսական» պայմանները: Նրա ներկայացմամբ` թեև Հայաստանն արդեն ուշացել է, դեռ կարող է ու պարտավոր է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` հետագա լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար:

 

 

 

Բերքը կա, մթերողներն էլ, բայց գները գյուղացու հոգսը չեն թեթևացնում

խաղող«Հենց գիտես հեշտ ա՞ էս խաղողը մշակել, պահել, բերել ստեղ հասցնել ու էս գնով ծախել, հավատա, որ քեզ ամենաէժան գնով եմ տալիս»,- օրերս, երբ գնացել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող շուկա, ասաց խաղող վաճառող մի գյուղացի: Փորձում էի նրա առաջարկած 220 դրամն իջեցնել: Դրանից հետո էլ սակարկելու փորձ չարեցի, բայց նրա ու հարևանությամբ առևտուր անող մի քանի այլ գյուղացիների հետ «ջերմ» զրույց ունեցանք:

«200-220 դրամով էլ որ խաղողը ծախում ենք, մեկ ա, մենակ մեր էշության փողն էլ չենք հանում: Դե ուղղակի ավելի լավ ա սենց տանք, քան 140-150 դրամով քցեն գելի բերան: Ախպերս, հավատա, մենակ մեր ծախսն ենք կարում հանենք, շահույթ, կարելի ա ասել, չունենք: Բայց մենք էլ պետք ա հարկուտուրք տանք, տուն ու տեղ պահենք, կնիկ-երեխա ունենք»,- ասում էր զրուցակիցներիցս մեկը:

Մեկ ուրիշը փորձում էր բացատրել ամբողջ մեխանիզմը. պատմում էր, որ իրենք առավոտյան շատ վաղ վերցնում են իրենց նախօրոք հավաքած մթերքն ու գալիս շուկա: Մինչև առավոտյան 7-8-ը պետք է հասցնեն վաճառել իրենց բերածն ու հետ վերադառնան, քանի որ պետք է դեռ ամբողջ օրը դաշտում աշխատեն, ու եթե չգնան, գործերը կմնան, բերքը կփչանա: Բայց ավելի ձեռնտու է նրանց համար գալ ու մայրաքաղաքում 200-250 դրամով վաճառել խաղողը, քան 150 դրամով տան մթերող գործարաններին: Իհարկե, բերքի մեծ ծավալների դեպքում ձեռնտու է միանգամից գործարանին վաճառել «բիրիքով»: Բայց այդ դեպքում «տակը սկի աշխատանքի հախը չի մնում», իսկ շուկայում գոնե 200, որոշակի ժամերին նույնիսկ 250-300 դրամով վաճառելով` մի քիչ ավելի լավ են իրենց զգում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և  Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն  Արա Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին  Երևանի կոնյակի գործարանի  Այգավանի մասնաճյուղում   մասնակցում էին խաղողի մթերման մեկնարկին: Այդ ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուս գործարանները ևս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել է շուրջ 156 հազար տոննա խաղող, իսկ այս տարի խաղողի մթերման պահանջարկը կազմում է ավելի քան 170 000 տոննա: Մի քանի մթերող ընկերություններ, այդ թվում` Երևանի կոնյակի գործարանը, հայտարարել են, որ պատրաստ են ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող: Այսպիսով, կարող ենք նշել, որ այս տարի խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան»:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն էլ ասել էր, որ այս տարի գործարանը նախատեսում է մթերել 35000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար:

Հայաստանում խաղող մթերում են գինու և կոնյակի, պահածոների, չրերի արտադրությամբ զբաղվողները, արտահանողները: Ընդհանուր առմամբ, չնայած տարբեր մթերողներ տարբեր գներ են սահմանում, Հայաստանում մթերվող խաղողի գինը միջինը շուրջ 150 դրամ է կազմում, իսկ Արենի տեսակի խաղողինը` 200 դրամ:

Սահմանված գների մեջ, իհարկե, հաշվի չեն առնվում ու չեն գնահատվում գյուղացու աշխատանքը, իրավունքները և այլն: Հայաստանում հայտարարված են շուկայական հարաբերություններ, ու գները թելադրում է շուկան, իսկ ոմանք ստանում են գերշահույթներ:

«Խաղողի մթերման համար տարբեր գներ են սահմանված. սկսվում է 130-ից, որոշ սորտեր, օրինակ` «Արենի» տեսակի խաղողը մթերվում է 200 դրամով: Միջինը մթերող ընկերությունները մթերում են մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամ վճարելով: Եկեք հաշվարկ կատարենք: Եթե 1 կգ խաղողից մեկ 700 գրամանոց շիշ գինի կարելի է ստանալ, այս գներով մթերումների դեպքում ընկերությունները գերշահույթ ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Այստեղ արդեն մեզ պետք է մտահոգի այն փաստը, որ գյուղացին այսօր ավելի քիչ շահույթ ունի, քան վերամշակողը»,- իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Անցյալ տարի, միայն գյուղատնտեսության նախարարության տվյալներով, հանրապետությունում արտադրվել է ավելի քան 241 000 տոննա խաղող: Այս տարի ևս կանխատեսվում է, որ կպահպանվեն արտադրման ծավալները, եթե, իհարկե, չաճեն: Բերքը կա, մթերողներն էլ, կարծես, կան, բայց գյուղացիները, ինչպես հասկացանք, դժգոհ են մթերման գներից:

Սեպտեմբերի 8-ին պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Այդ օրը, ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց հավաքվել և իրենց բողոքի ակցիան էին անցկացնում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են իրենց և չեն կատարում տված խոստումները:

Գյուղացիներին ստիպում են, որ խաղողը վաճառեն իրենց գրոշներով, այն դեպքում, երբ որոշ գյուղերից խաղողը մթերել են ավելի բարձր գներով, իսկ հայաստանցի ցանկացած մարդ, որ գիտի խաղողի պատմությունը, չի հերքի, որ նշված «Արենի» տեսակի խաղողը համարվում է թիվ 1-ը ու չնչին գնով մթերելու պահանջը մթերող ընկերությունների կողմից կարելի է համարել անբարոյականություն:

Գյուղացիներն անգամ փակեցին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը, քանի որ իրենց բարձրացրած հարցին լուծում չէր տրվում: Արդյունքում գյուղացիների հետ հանդիպեց ու բանակցեց Վայոց ձորի մարզպետը, հետո հասավ Երևան ու «աննախադեպ» հաջողություն գրանցվեց. որոշվեց, որ «Արենի» տեսակի խաղողը պետք է մթերվի 200 դրամով: Սրանից հետո էլ գյուղատնտեսության փոխնախարարը հեռուստաէկրաններից պարծենում էր իրենց այս «ձեռքբերումով»: Ու այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է գյուղացիները դիմեն ծայրահեղ քայլերի, որ լսվեն նրանց պահանջները:

«Ընդհանրապես գյուղացու պրոբլեմները սկսվում են այնտեղից, որ մեր գյուղացին օրենքով պաշտպանված չէ: Երբ գյուղացին օրենքով պաշտպանված կլինի, այդ ժամանակ էլ գյուղացուն լավ կվճարեն կամ պետությանը լավ կվճարեն: Հստակ եմ ասում, եթե մենք այս բոլորը կարողանանք բերել օրենսդրական դաշտ, գնող կազմակերպությունները երկու քարի արանքում կհայտնվեն` կա՛մ գյուղացուն լավ կվճարեն, կա՛մ պետության հարկերը տեղը տեղին կմուծեն: Դրա համար գյուղմթերք արտադրողի մասին օրենքի ընդունումը դարձել է անհրաժեշտություն»,- նշեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Իսկ այդպիսի օրենք Հայաստանում չկա, նշանակում է` գյուղացուց դեռ երկար են էժան մթերք մթերելու ու վերամշակելով թանկ վաճառելու:

 

«Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի հայկականացված Վրաստանում». Մ. Սահակաշվիլի

սահակաշվիլիՀոկտեմբերի 12-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ «Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի  թե՛ Եվրասիական միությունում, թե՛ հայկականացված Վրաստանում, այլ կապրի Եվրոպայում»: Սա Վրաստանի էքսցենտրիկ նախագահի առաջին նման հայտարարությունը կամ արտահայտությունը չէ: Ամեն անգամ, երբ նրան հայկական արմատներ են վերագրվում, մի «հետաքրքիր» բան հորինում է ու հայտարարում, ինչը դժգոհություն է առաջացնում Վրաստանի հարևաններից որևէ մեկի մոտ: 

Դա Սահակաշվիլու հերթական չմտածված արտահայտությո՞ւնն էր

«Սահակաշվիլու համար այդ տիպի հայտարարությունը նորություն չէ, նա շուտ-շուտ է անում այդպիսի հայտարարություններ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի վերաբերյալ: Օրինակ` նույնը կարող է ասել Ուկրաինայի կամ մեկ այլ երկրի մասին, մի անգամ էլ ասել է` «մենք նորմալ ազգ ենք, ղազախների և ուզբեկների նման չենք» և այլն: Սահակաշվիլին այնքան էլ չի կարողանում իր խոսքերը վերահսկել: Երկրորդ` Սահակաշվիլին չի կարողանում ընդունել Վրաստանի դերը միջազգային ասպարեզում  և անձամբ իր  դերը` որպես վրաց քաղաքական գործչի, այլ ոչ թե միջազգային նշանակություն ունեցող անձի: Դրա համար նա փորձում է ինչ-որ միջազգային կատեգորիաների համար խոսել, ասես նրա ելույթներն ուղղված են ոչ թե Վրաստանի ներքին լսարանին, այլ ուրիշ երկրներին ու գործիչներին»,- Սահակաշվիլու հայտարարության կապակցությամբ նշում է Վրաստանի հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ էլ նույն կերպ Միխայիլ Սահակաշվիլին  խոսել է  Ադրբեջանի մասին, այնտեղից նեղացածության դրսևորումներ նկատեց ու հետո նորից կարծես ինչ-որ չափով մեղմեց իրավիճակը:

Բայց Վրաստանի նախագահի այս հայտարարությունը` «հայկականացված արտաքին քաղաքականության» մասին, ըստ մասնագետների, այլ հիմնավորումներ ունի: Մասնավորապես` արդեն մի տարի է, ինչ Վրաստանում իշխանափոխություն է եղել, և եթե ուշադիր նայում ենք,  նա վերջին տարին այսպիսի բազմաթիվ «հուզիչ» ելույթներ ու հայտարարություններ է ունենում, հատկապես երբ արտասահմանում է գտնվում:

«Նա անընդհատ փորձում է իր ելույթներով ու հայտարարություններով հակադրվել Վրաստանի գործող իշխանություններին: Վերջին հայտարարությունը, որը վերաբերում է Հայաստանին ու հայկականությանը, իհարկե, կարելի է դասել հենց այդ շարքը, Վրաստանի նոր իշխանություններին հակադրվելու քայլերի շարունակությունն է: Որովհետև, ինչպես հիշում ենք, երբ Իվանիշվիլին հունվարին ժամանեց Հայաստան, կարծիք հայտնեց, որ Վրաստանը կարող է Հայաստանի օրինակով իրականացնել արտաքին քաղաքականությունը: Այսինքն` լավ հարաբերություններ ունենալ ու ձգտել Եվրոպային` եվրաինտեգրացիա զարգացնել, միաժամանակ լավ  հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եվ Սահակաշվիլու այս խոսքերն ու արտահայտությունները հիմնականում կարելի է հենց դրա հետ կապել: Ինչպես նաև` ընդհանուր առմամբ տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ»,- այս կապակցությամբ նշեց Վրաստանի հորցերով մեկ այլ փորձագետ` Ալիկ Էրոյանցը:

Ըստ փորձագետի դիտարկումների, Սահակաշվիլին ներկայումս չի կարող նախագահ լինել և ավարտում է իր պաշտոնավարման ժամկետը, բավականին ընկել է նրա վարկանիշը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Եվ նրա այդ բոլոր հայտարարություններն ուղղված են արտաքին աշխարհին և երկրի ներսում հասարակությանը ցույց տալու համար, որ դեռ ուժեղ է, դեռ կարող է և ապագայի համար քաղաքական դիվիդենտների պաշար է դիզում: Այդ քայլը նա, ըստ մասնագետի, անում է հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի աչքը շոյելու համար, քանի որ տարածաշրջանում նրա հիմնական համակիրները Ադրբեջանի գործող նախագահն ու Թուրքիայի բարձր ղեկավարությունն են:

«Վերջին շրջանում նա ոչ այնքան հակահայկական, որքան պրոթուրքական ու պրոադրբեջանական հայտարարություններով է հանդես եկել` դարձյալ հակադրվելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, որը, իհարկե, փոխեց երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Այսինքն` փորձեց բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի ընթացքում Վրաստանի գործող իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանին որպես էներգետիկ բնագավառում Ռուսաստանի այլընտրանքի պետք է դիտել: Համագործակցությունը ոչ այնքան ակտիվ է ընթանում Թուրքիայի հետ, ինչպես Սահակաշվիլու թիմի իշխանության ժամանակ էր և այլն: Այսինքն` Սահակաշվիլին հետագայի համար քաղաքական պաշար է հավաքում ու փորձում է Ադրբեջանի ու Թուրքիայի համակրանքը պահել»,- նշեց Ալիկ Էրոյանցը:

Բոլոր դեպքերում երկրի ղեկավարը մեկ այլ երկրի անվան հետ կապված նման հայտարարություն չպետք է անի. դա գեղեցիկ չէ: Ու շատ բնական է, որ այս հայտարարությունը շարժում է հայերի զայրույթը ոչ միայն Հայաստանում, այլև հենց բուն Վրաստանում: Այստեղ կարևոր է հասկանալ, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ Վրաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, թե՛ Վրաստանի հասարակական կարծիքի և թե՛ հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Իմ կարծիքով` նրա այս հայտարարությունը ոչ մի լուրջ հետևանք ունենալ չի կարող, որովհետև Սահակաշվիլին Վրաստանի նախագահն է լինելու մինչև հոկտեմբերի 27-ը. տեխնիկապես` մինչև տարեվերջ: Այդ ընթացքում նա, ամեն դեպքում, կփորձի այնպես անել, որ իրեն հիշեն: Այսինքն` մինչև իր պաշտոնավարման ժամկետի վերջը էլի կփորձի խոսել: Դրա համար չպետք է նրան ուշադրություն դարձնել, որովհետև հիմա դա ոչ մի հետևանք չի ունենա,  առավել ևս, որ Վրաստանում նրան առանձնապես չեն էլ լսում»,- համոզմունք հայտնեց Հրանտ Միքայելյանը:

Եթե Սահակաշվիլին նոր ընտրվելիս լիներ կամ դեռ պաշտոնավարման ժամանակ ունենար, կամ նրա թիմի իշխանության օրոք լիներ այս հայտարարությունը, ապա դրան կարելի էր լուրջ վերաբերվել: Սակայն ներկա փուլում մի քիչ իրավիճակն այլ է, քանի որ գործող իշխանությունները բոլորովին այլ արտաքին քաղաքականություն են իրականացնում: Իհարկե, որոշակի հակահայկական նիշ կա Վրաստանի նախագահի հայտարարության մեջ, բայց նրա հակահայկական կեցվածքն առաջին անգամ չէ, որ դրսևորվում է:

Օրինակ` Սահակաշվիլին մի քանի օր առաջ շնորհավորեց Ալիևին երրորդ անգամ «վերընտրվելու»,  «պատմական հաղթանակի» կապակցությամբ:

«Նա անընդհատ խոսում էր ժողովրդավարությունից, եվրոպական արժեքներից և կարծես այսպիսով եվրոպական արժեքների սկզբունքներին դավաճանում է` շնորհավորելով մի մարդու` մի երկրի նախագահի, որը նույն ժողովրդավարության չափանիշներով բավականին ցածր մակարդակ է դրսևորում: Այնպես որ սա ևս մեկ անգամ իր վրա ուշադրություն հրավիրելու հերթական միջոց էր: Չեմ կարծում, թե նպատակադրված ու պատրաստված էր այդ խոսքն ասել, ուղղակի պահի տակ հարմար գտավ, որ պետք է ասի ու ասաց»,- ասաց Ալիկ Էրոյանցը` հավելելով, թե Սահակաշվիլու խոսքերը Վրաստանում հակահայկականության ալիք չեն կարող բարձրացնել:

 

Պարտքը կա, մնում է ճիշտ ծախսելը

eurobondsՍեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկեց եվրապարտատոմսեր: Գլխավոր տեղաբաշխողները` Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտեցին պարտատոմսերի առաջին թողարկումը: Թողարկման պայմաններն էին. ծավալը` 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը թողարկման պահին Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը` BB- կայուն:

 Պարտատոմսն արտաքին պարտքի ավելի ձեռնտու տարբերակ է 

Պետության կողմից թողարկվող պարտատոմսերը, կոպիտ ասած, պարտամուրհակներ են: Այսինքն` պետությունն իր կարիքները հոգալու համար պարտք է վերցնում: Ու պարտք է վերցնում ոչ թե այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ու բանկերից, այլ անհատ մարդկանցից: Ասել է թե` թողարկում է պարտատոմսեր` պարտամուրհակներ, ու դրանք վաճառում է անհատ մարդկանց, որոնք իրենց ֆինանսները տոկոսով (կոնկրետ մեր դեպքում` տարեկան 6 տոկոսով) տրամադրում են պարտատոմսերը թողարկող պետությանը:

Սա կարևոր է նաև այն առումով, որ կախում չի առաջացնում մի որևէ երկրից կամ կազմակերպությունից: Այդ պարտատոմսերն անվանում են նաև եվրոբոնդեր, ու դրանք  կարող են լինել միջնաժամկետ, կարճաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև` ներքին շրջանառության ու արտաքին բորսաներում շրջանառության պայմաններով: Տվյալ պարտատոմսերը երկարաժամկետ, արտաքին բորսաներում շրջանառության համար նախատեսված, արտարժույթով պարտատոմսեր են: Այսինքն` ի տարբերություն Հայաստանի կողմից մինչ այժմ թողարկված պարտատոմսերի, որոնք հայկական դրամով էին արտահայտվում, այժմ եվրապարտատոմսերը դոլարով են արտահայտվում:

Բուն թողարկումը կարելի է հաջողված համարել, քանի որ քիչ պետությունների է հաջողվում առաջին անգամ արտարժութային պարտատոմսեր թողարկել միջազգային շրջանառության համար, որոնք և՛ ավելի երկարաժամկետ լինեն, և՛ այս ծավալներն ունենան, և՛ այսպիսի տոկոսադրույք ունենան: Որովհետև առաջին թողարկման ժամանակ ռիսկը բարձր է լինում` տոկոսադրույքներն են բարձր լինում, ծավալն է քիչ լինում և այլն:

Կառավարությունն էլ անցյալ շաբաթ ներկայացրեց, թե ուր են ուղղվելու ՀՀ-ի կողմից թողարկված եվրապարտատոմսերից ստացված ֆինանսական միջոցները: Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, առաջին կետով ՌԴ-ից ստացված վարկի մայր գումարն ու կուտակված տոկոսները կմարվեն, որը կկազմի շուրջ 440 մլն դոլար գումար: Երկրորդ` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով Կենտրոնական բանկին կհատկացվեն 60 մլրդ դրամ գումարի չափով միջոցներ` 7 տարի մարման ժամկետով և 7 տոկոս տոկոսադրույքով, որի նպատակն է տնտեսության խթանումն ու ՓՄ բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Նույն նպատակներով կառավարությունը նախատեսում է ևս 3,9 մլրդ դրամ գումար հատկացնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին, որ ստեղծվել է պետության կողմից նպաստավոր պայմաններով տնտեսությանը միջոցներ հատկացնելու նպատակով:

Բացի այդ, 1 մլրդ 950 մլն դրամ պետք է  ուղղել արտահանման ֆինանսական ապահովագրական կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումներ իրականացնելու համար` հիմք ընդունելով այն ռազմավարությունը, որ կառավարությունն արդեն հաստատել էր, և որի հիմքում դրված էր արտահանման խրախուսումն ու դրա համար համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումը:

«Սրանից բացի, մնացած 25 մլրդ դրամը մնալու է եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքից: Առաջարկվում է  ըստ այդ գումարի փոփոխել մեր` պարտքի կառավարման ռազմավարությունը, մասնավորապես` ներքին պարտք-արտաքին պարտք հարաբերակցությունում որոշակի փոփոխություններ կատարել, որի արդյունքում, ըստ հաշվարկների, առաջիկա մեկ տարվա ընթացքում դա մեզ թույլ կտա պարտատոմսերի շուկայում նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, որը դարձյալ ավելի բարենպաստ միջավայր է ստեղծելու բիզնեսի համար` ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ստանալու առումով»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարը:

Կարևորը պարտքն արդյունավետ տնօրինելն է

Ընդհանրապես եվրոբոնդերը և միջազգային շրջանառություն ունեցող պարտատոմսերը, որպես արտաքին պարտքի գործիք, միջազգային փորձում լավագույններից են համարվում: Բայց նպատակադրումների տեսանկյունից յուրաքանչյուր երկիր որոշում է իր առաջնահերթությունները, թե որտեղ է դա օգտագործում: Գաղտնիք չէ ու տնտեսագիտությամբ հաստատված փաստ է, որ արտաքին պարտքի մեծացումը բերում է երկրի տնտեսական աճի դանդաղում, հատկապես այն դեպքում, երբ արտաքին պարտքն օգտագործվում է ընթացիկ դեֆիցիտի կամ կարճաժամկետ ֆինանսավորումների համար:

«Այդ տեսանկյունից այն մոդելը, որ Հայաստանում առաջարկվել է, բնականաբար, բերելու է միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի նվազեցում, որովհետև հավաքվող միջոցները, ինչպես հայտարարվել է ըստ նպատակի, օգտագործվելու են նաև պետբյուջեի ֆինանսավորման կամ ընթացիկ հաշվի կարճաժամկետ ֆինանսավորումների համար: Սա նշանակում է, որ մեր տնտեսական երկարաժամկետ զարգացման տեսանկյունից այս միջոցները չեն կարող իրենց նպատակին ծառայել ու ըստ էության, հանգեցնել երկարաժամկետ աճի»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բացի այդ, կառավարության հայտարարած ուղղություններն էլ, որտեղ պետք է ուղղվեն միջոցները, մեծ հաշվով, տնտեսական զարգացման վրա մեծ ազդեցություն ունենալ չեն կարող: Եվ այդ առումով ակնկալել, որ այս պարտքը կարող է հանգեցնել տնտեսության զարգացման,  ճիշտ չէ:

«Բայց մյուս կողմից` մենք, իհարկե, ունենք փորձ, որ ներգրավված արտաքին պարտքն արդյունավետորեն չի իրացվում մեր տնտեսության մեջ, թեկուզ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կամ արտարժութային դիրքը պահելու կամ ընթացիկ հաշվի ֆինանսավորման տեսանկյունից մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ: Եվ ինչպես նախորդ փորձն է ցույց տալիս, արտաքին պարտքը կարող ես նաև էժան ներգրավել, բայց քանի որ չես կարողանում դա արդյունավետորեն մտցնել տնտեսության մեջ, ստացվում է, որ դրա բացասական  ազդեցությունն ավելի մեծ է, քան կարող էր դրական ազդեցություն բերել: Այդ ռիսկն առկա է նաև այս պարագայում»,- մտավախություն հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Մյուս կարևոր խնդիրն արտաքին շուկայում ձևավորված վիճակն է, որով էլ պայմանավորվում է այդ թողարկման նպատակահարմարությունը: Չնայած միջազգային շուկաներում ձևավորված է բարենպաստ միջավայր պետության կողմից թողարկվող արտարժութային արժեթղթերի համար, սակայն Հայաստանի պարագան մի քիչ այլ է: Նախ` Հայաստանն առաջին անգամ է դուրս գալիս այդ շուկա, չկա որևէ մասնավոր թողարկող, որ Հայաստանը ներկայացրած լինի այդ շուկաներում, ու  ներդրողների տեսանկյունից, որպես կշռված ռիսկ, շատ բարձր մակարդակում է, այսինքն` մասնավոր ներդրողների համար ռիսկը բարձր է:

Ընդհանրապես  յուրաքանչյուր նման արժեթղթերի թողարկումը պետք է ուղեկցվի կայուն շուկայում շրջանառելիության կանոնների պահպանմամբ: Այլ կերպ ասած` ֆոնդային բորսաներում կամ առևտրային հարթակներում լիստինգ պետք է անցնի այս արժեթուղթը, որ ներդրողները կարողանան առավել ակտիվ իրենց իրավունքները պաշտպանել: Այդ  առումով կարևոր է, թե մեր արժեթղթերը որտեղ են լիստինգ անցել և ովքեր են մեր հիմնական մարքեթմեյքերները` շուկա ստեղծողները, որոնք միշտ պարտավոր են, թե՛ ըստ միջազգային կանոնների, թե՛ մեր ներպետական օրենսդրության, գնում-վաճառքի առաջարկներ անել, որպեսզի շուկայում այդ արժեթղթերի լիկվիդայնությունը միշտ պահպանվի:

ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ թողարկած եվրապարտատոմսերի լիստինգը կազմակերպել է իռլանդական Irish stock exchange կազմակերպությունը, և որոշ վերապահումներով ընտրվել է տեղաբաշխումն ըստ  շուկայական տեղաբաշխման ծավալների: Ֆինանսների նախարարությունից տեղեկացանք նաև, որ միջազգային շուկաներում ու բորսաներում մեր պարտատոմսերի մարքեթմեյքերները նույնպես հանդիսանում են վերոհիշյալ տեղաբաշխողները:

Իհարկե, ցանկալի տարբերակն այն կլիներ, որ  հայկական արժեթղթերն ունենային երաշխավորված տեղաբաշխման համակարգ, սակայն մեր պարտատոմսերը տեղաբաշխվել են ըստ շուկայում տեղաբաշխման ծավալների:

«Սրանց տարբերությունը հետևյալն է. գլխավոր տեղաբաշխողը կամ տեղաբաշխողների սինդիկատը երաշխավորում է, որ պետությո՛ւն, մենք ձեզ տալիս ենք այդ գումարը, բայց սպասարկումը 6 տոկոս է լինելու: Բայց քանի որ չկան մանրամասնություններ, դժվար է ասել` արդյոք այդ 6 տոկոսը պահպանվելո՞ւ է, թե՞ բարձրանալու է: Որովհետև թե՛ միջնորդավճարի, թե՛ հավելյալ ծախսումների անհրաժեշտություն կարող է առաջանալ: Այդ առումով ռիսկը պահպանվում է, որ տեղաբաշխման ժամանակ այն կարող է ունենալ 6 տոկոս եկամտաբերություն, բայց ընթացքում փոխվել»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը:

Լիստինգի առումով լավագույն տարբերակներից կլիներ, որ մեր պարտատոմսերը լիստինգ անցնեին, օրինակ, Լոնդոնի բորսայում լիստինգ իրականացնողների մոտ: Սակայն նրանց պահանջները բավականին բարձր են, տևողությունը` երկար, իսկ Հայաստանը, ինչը նաև հաստատեց ֆինանսների նախարարը, այդքան ժամանակ չուներ:  Թե ինչու, դա այլ հարց է, միայն նշենք, որ նայած հանգամանքին, թե որտեղ են արժեթղթերը լիստինգ անցել, կարող են էականորեն նվազել դրանց նկատմամբ սպեկուլյատիվ ռիսկերը, քանի որ բարձր վարկանիշ ունեցող լիստինգ անողները արժեթղթերի հետ կապված ամեն տեսակի տեղեկատվությունը ժամանակին են տրամադրում, ինչը սպեկուլյացիայից պաշտպանվելու լավագույն տարբերակն է: Չնայած իռլանդական ընկերությունն էլ վատը չէ, բայց ավելի ցածր վստահելիություն ունի, քան Լոնդոնի ֆոնդային բորսան: Ամեն դեպքում, կապրենք` կտեսնենք:

 

Սիրիայում պատերազմը դեռ չի ավարտվի

Դեռևս անցած ամիս, երբ համաշխարհային հանրությունը ակտիվորեն քննարկում էր` Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական հարվածներ կհասվեն, թե ոչ, ակտիվ բանակցություններ էին ընթանում ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև: Ռուսաստանի առաջարկով Սիրիան պետք է սեղմ ժամկետներում միջազգային հանրության վերահսկողությանը հանձներ իր տրամադրության տակ եղած ամբողջ քիմիական զենքը և միանար Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը:

Սիրիան հաստատեց, որ մտադիր է համագործակցել այս խմբի հետ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից սիրիական քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 16-ին հրապարակեցին նախնական զեկույց, որում հաստատեցին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում զարին գազ է օգտագործվել: Իսկ սեպտեմբերի 21-ին Սիրիան ռուս–ամերիկյան համաձայնության կատարման շրջանակում Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը փոխանցեց իր քիմիական զինանոցի ամբողջական նկարագիրը: 

Գերհզորները պայմանավորվել են Սիրիայի հարցում 

Սիրիա2Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման նպատակով էլ հոկտեմբերի 1-ից արդեն  Դամասկոս էր ժամանել զինաթափման գծով միջազգային փորձագետների խումբը` սկսելու Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները: Սիրիայի տրամադրության տակ եղած բոլոր քիմիական նյութերը պետք է ոչնչացվեն մինչև  2014 թ. կեսը: Արդեն տեղեկատվություն կա, որ մեկ շաբաթվա աշխատանքների արդյունքում միջազգային փորձագետների խումբը որոշ քանակությամբ քիմիական զենք ոչնչացրել է: Այսինքն` Բաշար Ասադի կառավարությունը պահում է միջազգային հանրությանը տված իր խոստումները: Սա նշանակում է, որ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական ոտնձգությունները գոնե այս պահին բացառված են: Հոկտեմբերի 7-ին ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծման ռազմական սցենարների անընդունելիության մասով:

«Մենք պայմանավորվեցինք, որ կոնֆլիկտի լուծման ռազմական սցենարն անհնար ու անընդունելի է»,- ասել է Ջոն Քերրին:

Քերրիի խոսքով` սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծմանն ուղղված «Ժնև-2» կոնֆերանսը կանցնի նոյեմբերի երկրորդ շաբաթում: Կոնֆերանսի վերջնական ժամկետը կորոշի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, բայց մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի երկրորդ շաբաթում:

Լավրովի խոսքով` Դամասկոսը հիանալի համագործակցում է քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվող միջազգային փորձագետների հետ:

Լավրովի և Քերրիի բանակցությունները տեղի են ունենում Ինդոնեզիայի Բալի կղզում` Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Վաշինգտոնն ու Մոսկվան հույս ունեն օգտվել այն միաձայնությունից, որ ձեռք է բերվել քիմիական զենքի հարցում: Նրանք մտադիր են հասնել Ժնևում նոր միջազգային խաղաղ համաժողովի գումարման:

«Ես չափազանց կարևոր եմ համարում այն, որ երեկ` կիրակի` ընդամենը մեկ շաբաթ անց բանաձևի ընդունումից, որոշ քիմիական զենք արդեն ոչնչացվել է: Եվ ես կարծում եմ, որ կան հիմքեր վստահելու Ասադի վարչակարգին, որը պատրաստակամությամբ կատարում է իր պարտավորությունները»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով` Սիրիայի իշխանություններն անթերի համագործակցում են միջազգային փորձագետների հետ. «Եվ ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է տասն օր առաջ, կիրագործվի բոլոր կողմերի, այդ թվում` Սիրիայի հարևան երկրների կողմից»:

Սա անթաքույց ակնարկ էր Թուրքիային ու Իսրայելին, որոնք սիրիական կոնֆլիկտում ոչ երկրորդական դեր ունեն ու աչքի են ընկնում իրենց ակնհայտ դժգոհությամբ Սիրիայի դեմ ռազմական էքսպանսիա սկսելու հարցի շուրջ ու պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն բխում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման տրամաբանությունից: 

Պատերազմում` ինչպես պատերազմում.

Սիրիա (1)Ու մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիվանագիտական ձեռքսեղմումներով ցույց են տալիս, որ ի վիճակի են գտնելու սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծման տարբերակը, Սիրիայում ապստամբների ու կառավարական ուժերի միջև զինված ընդհարումը շարունակվում է` ուղեկցվելով զոհերով: Միայն Սիրիայի հյուսիսում ընդդիմության արմատական իսլամիստական կազմակերպությունների զինյալների և քրդական աշխարհազորային ջոկատների միջև Խասեկե նահանգում տեղի ունեցած բախման հետևանքով հոկտեմբերի 5-ին զոհվել է 18 մարդ:  Նույն օրը Հալեպում ռմբակոծումների և բախումների հետևանքով զոհվել է ևս 115 մարդ, ինչպես հաղորդում է սիրիական Aksalser կայքը:

Ամեն ինչով ակնհայտ է, որ Բաշար Ասադի կառավարությունը շարժվում է ոչ թե միջազգային պայմանավորվածությունների տրամաբանությամբ, այլ Ռուսաստանի անմիջական ցուցումով: Նույնիսկ հենց ինքը` Բաշար Ասադը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե իր վարչակարգը քիմիական զենքի ոչնչացման հարցում համաձայնում է համագործակցությանը` հարգելով Ռուսաստանի ջանքերը:

Բայց արդեն հստակ ընդգծվում են նաև նրա հայտարարություններն ու արտահայտությունները դիվանագիտական խաղերի համատեքստում: Օրինակ` Սիրիայի նախագահը սիրիական կոնֆլիկտի գլխավոր «մեղավորներից» մեկն է համարում հենց ԱՄՆ-ին ու նրան ընդունում է որպես կոնֆլիկտի շահագրգիռ կողմ: Սակայն միևնույն ժամանակ գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում հոկտեմբերի 6-ին  հայտարարեց, որ Գերմանիան կարող էր միջնորդ հանդիսանալ իր երկրում 2011-ից շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործում: Ասադը նաև նշել է, որ ինքը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի ապստամբների հետ,  քանի դեռ նրանք վայր չեն դնի իրենց զենքերը:

Միաժամանակ Սիրիայի Ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ արդեն տեղական մակարդակով բանակցություններ են ընթանում մի քանի ընդդիմադիր խմբերի առաջնորդների և կառավարության ներկայացուցիչների միջև: Հայդարն ընդգծել է, որ խոսքն այն խմբերի մասին է, որոնք կապված չեն «Ալ Քաիդայի» հետ: Տրամաբանությունը հասկանալի է` Ասադը փորձում է ազդել ԱՄՆ-ի ժողովրդի տրամադրությունների վրա` նրանց ցույց տալով, որ սեփական երկրում ԱՄՆ-ի վերնախավը հայտարարում է, թե պայքարում է «Ալ Քաիդայի» դեմ, սակայն Սիրիայում համագործակցում է նրանց հետ: Իսկ Եվրոպայի դեմ, ըստ ամենայնի, Ասադը չի համագործակցել ու դրանով իսկ ապահովագրել ռազմական միջամտությունը նրանց կողմից ևս: Չէ՞ որ սիրիական խնդրի վերջին զարգացումների ժամանակ պարզ դարձավ, որ բացի ԱՄՆ-ից, կարևոր է շահել նաև Եվրոպայի աջակցությունը, որն ավելի կողմ էր Սիրիայի նկատմամբ ռազմական ներխուժում կիրառելուն, քան ԱՄՆ-ն, որի ղեկավարությունը կաշկանդված էր սեփական ժողովրդի դիրքորոշմամբ: Այս ամենը, սակայն, դեռ չի նշանակում, թե Սիրիայի հարցում ամեն ինչ լուծված է և մոտ ապագայում պատերազմը կդադարի: Սակայն լարվածության էական թուլացում, ինչ խոսք, նկատվում է:

Գևորգ Կոստանյանն այն անձը չէ, որ լուրջ փոփոխություններ բերի. փաստաբան

արտակ զեյնալյանՀայաստանի դատաիրավական համակարգի վերաբերյալ ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ բազմիցս բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնել, վեր հանել, բողոքել: Օրինակ` միշտ էլ կարծիքներ են հնչել դատարանների անկախության, կառուցվածքային խնդիրների մասին և այլն: Փաստաբանների հետ զրույցներում կարմիր թելի պես անցնում են հատկապես դատարաններում փաստաբան–դատախազ հարաբերությունների ու հարաբերակցության մասին մտահոգությունները: Մասնավորապես` փաստաբանները դժգոհում են, որ դատարանը, ըստ էության, հանդես է գալիս, որպես դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության դակիչ, որ դատարանում փաստաբանն ու դատախազը, որն, իր էությամբ, պետության փաստաբանն է դատարանում, պետք է հանդես գան հավասար դիրքերից, սակայն մեր երկրի դատարաններում դատախազները միշտ ավելի բարձր դիրքերից հանդես եկողներ են դիտարկվում:

Այս առումով` հետաքրքիր է, թե դատաիրավական համակարգի վրա ինչպես կազդեն  հատկապես վերջին երկու` ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություները:  Մեր զրուցակիցն է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

– Պարո՛ն Զեյնալյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փոփոխություններից, ու ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա:

-Փաստաբանների պալատի նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի փոփոխություններն ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն: Դրանք զուտ եղած պաշտոններում նոր անձանց նշանակում է: Մի դեպքում փաստաբանների պալատն ուղղակի` անմիջական քվեարկությամբ ընտրեց պալատի նախագահ, և կողմնակի ու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ էր, որ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ էին, ընտրություններն օրինական էին: Փաստաբանների պալատի նախագահը լրիվ վայելում է փաստաբանների պալատի աջակցությունը, ընտրված է փաստաբանների կողմից և լեգիտիմ է` անկախ նրանից` բոլորը նրա օգտին են քվեարկել, թե ոչ: Ակնհայտ է, որ օրինական ընտրության արդյունքում փաստաբանների պալատի նախագահը լինելու է Արա Զոհրաբյանը: Սա շատ ողջունելի է, և այն, ինչ կատարվեց փաստաբանների պալատում, շատ դրական է, ինչը չեմ կարող ասել գլխավոր դատախազի նշանակման մասին: Այն, որ քվեարկության արդյունքները կեղծվել են. մեկ քվեաթերթիկի կեղծված լինելն էլ և դրա բացահայտված չլինելն էլ բավական է, որ ցանկացած արդյունք չլինի հավաստի: Որոշ գնահատականներով` 25 դեմ քվեարկված քվեաթերթիկներ են եղել նշանակված գլխավոր դատախազի դեմ: Այն, որ ընտրությունը կեղծված էր,  հավաստի կամ ճշմարիտ կարելի է համարել այն մեկ քվեաթերթիկի հրապարակման փաստով, որ կեղծիք տեղի ունեցել է: Սա, իհարկե, շատ բացասական երևույթ է:

– Ի՞նչ կարող է փոխվել դատախազ–փաստաբան հարաբերությունների մասով:

– Դիրքերի առումով կարծում եմ` կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել: Դատախազությունը դրական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այն սկզբունքներն ու մեթոդները, որոնցով գործում են դատախազները, շատ հնացած են, և դրանց փոփոխմանը կարող է նպաստել միմիայն դատարանների անկախությունը: Եթե դատարաններն իրենց անկախ դրսևորեն, չկատարեն դատախազության կանխավարկածը կամ չառաջնորդվեն այն սկզբունքով, որ դատախազն ինչ ասում է` դատարանը պետք է դա հաստատի, ապա դատախազությունը ստիպված կլինի բարեփոխվել:

Այսօր փաստաբանությունը շատ արագ է զարգանում, որովհետև մշտապես գտնվում է հարվածի տակ, կոնֆլիկտի մեջ ու պետք է կատարելագործվի, որպեսզի կարողանա դիմակայել հարվածներին ու հարձակումներին: Իսկ դատախազությունը` ոչ այնքան. պահպանել է իր ոճը, նույն ձեռագիրը: Մեղադրական եզրակացությունները, ընդհանրապես գործերը կազմելիս պահպանվել է այն ոճը, ինչ կար տասնամյակներ շարունակ:

–Գլխավոր դատախազի անձի փոփոխությունից ինչ–որ բան կախվա՞ծ է:

– Անձանցից, այո՛, որոշ բան կախված է: Բայց չեմ կարծում, թե Գևորգ Կոստանյանն այն անձնավորությունն է, ով նման մեծ ու կտրուկ փոփոխություններ բերի: Նրա վարքագիծը, համենայն դեպս ամենաթարմ` վերջին վարքագիծը` կապված Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերի հետ, չի խոսում այն մասին, որ նա շատ լուրջ փոփոխություններ կկատարի: Քանի որ նա հանդուրժել է դա: Իսկ իր նշանակումն էլ տեղի ունեցավ կեղծիքով, սրանք այդ հույսը չեն տալիս:

– Դուք նշեցիք, որ փաստաբանների պալատն օրինական է ընտրվել, լեգիտիմ է, դա ինչպե՞ս է ազդելու փաստաբանների գործունեության վրա:

– Պալատի նոր նախագահը մանդատը ստացել է փաստաբաններից ու բավականին ուժեղ դիրքերից կարող է հանդես գալ և փաստաբանների հետ միասին կառավարել, ուղղորդել կազմակերպության ներուժը` որոշակի փոփոխությունների հասնելու համար: Նրա թիկունքին կանգնած է ամբողջ փաստաբանությունը:

– Այսինքն` զուտ ինքնավստահությա՞ն գործոնն է ազդելու:

– Ինքնավստահության, որ երկրի ամենամեծ ու հզոր, ամենագործուն և կայացած հասարակական կազմակերպությունը կանգնած է իր թիկունքին: Այսինքն` հասարակական կազմակերպությունը նրա դեմքով է հանդես գալիս:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք, առաջիկայում դատաիրավական համակարգում կլինե՞ն ինչ–որ փոփոխություններ, բարեփոխումներ, թե՞ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ այժմ էր:

– Որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, կլինեն, իհարկե տեմպերը գոհացուցիչ չեն: Օրինակ` նախապատրաստվում է օրենսգրքի ընդունում, մոտ ապագայում` վարչական դատավարության օրենսգրքի: Նախագծի քննարկումն արդեն եղել է Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովում,  ամսի 10-ից հետո կլինի ևս մեկ քննարկում, սակայն այստեղ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Իր էությամբ նախագիծը լրիվ նոր օրենսգիրք է, բայց որպեսզի խուսափեն երեք ընթերցմամբ անցնելու ընթացակարգից, ձևակերպում են հին օրենսգիրքը նոր խմբագրմամբ ընդունելու նպատակ: Իր էությամբ նախագիծը նոր օրենսգրքի նախագիծ է, բայց որպեսզի խուսափեն ԱԺ այդ ընթացակարգից, գնում են այդ տարբերակով: Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Մնալու է նույն վերնագիրը, օրենքի նույն համարը, բայց հոդվածների հերթականությունը լրիվ փոխվում է:

– Նաև բովանդակությունը:

– Այո, հերթականությունը երբ փոխվում է, բնականաբար, բովանդակությունն էլ է փոխվում: Սա առաջացնելու է խառնաշփոթ: Մյուս կողմից էլ ինքնանպատակ չէ նոր օրենքը կամ օրենսգիրքը երեք ընթերցմամբ ընթացակարգով ընդունելը: Դա օրենքի ընդունման պարտադիր ատրիբուտներից է` դրա որակի, լեգիտիմությամբ պայմանավորված: Բայց գտել են այդ զարտուղի ճանապարհը` սողանցքը, և երկու ընթերցմամբ պետք է անցկացնեն: Օրենքի որակը թողնենք մի կողմ, որակը լավն է, իհարկե, կարող է շատ ավելի լավը լինել: Բայց բարեփոխումներն այս ձևով անելը խորամանկություն է, կարծում եմ` չարժե ռիսկի տակ դնել այդքան կարևոր նախագիծը ընդամենը մի քանի ամիս շահելու համար: Կարծում եմ` չի կարելի այդ եղանակով բարեփոխումներ անել:

– Այսինքն` առաջիկա գոնե հինգ տարիներին Դուք լուրջ փոփոխության ակնկալիքներ չունե՞ք:

– Այդքան լավատես չեմ այդ առումով, հատկապես այդ Մաքսային միության ուրվականի առկայության պարագայում. լավատես չեմ, թե լուրջ ու էական բարեփոխումներ կլինեն:

Պարզվում է` հեռու գործընկերն ավելի լավ է, քան մոտ դաշնակիցը

ԵՄ-մաքսայինՄաքսային միություն–Եվրամիություն երկընտրանքը, որքան էլ պարզ է ու հասկանալի Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ազգաբնակչության ակտիվ զանգվածի համար, այնուամենայնիվ շատ հարցեր է առաջացրել: Օրինակ` բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն հասկանում` Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Մարդիկ ելույթ են ունենում ու վստահեցնում, որ Ռուսաստանի հետ ապրանքների շրջանառությունը կմեծանա, որ Հայաստանում ռուսական ներդրումները կշատանան և այլն: Բայց ինչքա՞ն են եղել, որ դեռ կշատանան: Նման հարցերը շատ են: Ու եթե դժվար է այսօր վստահաբար ասել, թե ինչպես կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա Մաքսային միություն մտնելու ընտրությունն ընդհանրապես, գոնե որոշ համեմատություններ հնարավոր է կատարել:

 Ովքեր են Հայաստանի հետ ավելի շատ առևտուր արել

Հավանաբար պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը: Բայց Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Այնպես որ այս առումով որևէ բան չի փոխվելու: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մուտքը Մաքսային միություն կհանգեցնի էժանացման: Այս հարցի վերաբերյալ օրերս  ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հարցազրույց է տվել «Ժամանակ» օրաթերթին ու նշել, որ  Մաքսային միության շրջանակներում ներքին առևտրային ռեժիմների փոփոխություն չի լինելու, միակ բանը, որ կարող է հանգեցնել էժանացման, էներգակիրների գնագոյացման խնդիրն է, որը, սակայն, այսօր գործող Մաքսային միության շրջանակներում դեռևս լուծված չէ: Ըստ տնտեսագետի` ավելի սպասելի են թանկացումներ, քանի որ Մաքսային միության անդամ երկրներին, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքված օպերատիվ տվյալների (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որի աղբյուրը հանդիսանում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և էներգետիկ կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին)` ՀՀ արտաքին առևտուրը 2013 թ.  հունվար-հուլիս ամիսներին կազմել է  1 տրլն 313.4  մլրդ դրամ կամ  3 մլրդ 189.9 մլն դոլար, առևտրի բացասական հաշվեկշիռը եղել է -633.6 մլրդ դրամ, այսինքն` ներմուծումը գերազանցել է արտահանմանը:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշները, ըստ առանձին երկրների, 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 3 189 839.0 հազար դոլար, որից` ԱՊՀ երկրների հետ` 895 460.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրների հետ` 930 756.5 հազար դոլար: Ընդ որում, Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշը  կազմել է 709 502.9 հազար դոլար, Բելառուսի ցուցանիշը` 29 119.7 և Ղազախստանի ցուցանիշը` 3 710.6 հազար դոլար: Այսինքն` ակնհայտ է, որ 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին, ինչպես նաև նախորդ տարիներին, Հայաստանի Հանրապետությունն ավելի շատ առևտուր է արել Եվրամիության, ոչ թե Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների հետ:

Փաստորեն, արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախևառաջ կհանգեցնի թանկացումների:

Գազի գնի իջեցման սպասումները նույնպես իրատեսական չեն: Հայաստանն արդեն շահեկան վիճակում է ԵՄ երկրների համեմատ: Եթե մենք գազ ստանում ենք 270 դոլարով, ԵՄ երկրի համար գինը 400-ից ավելի է: Այստեղ նույնպես էժանացումը զգալի լինել չի կարող, եթե, իհարկե, Ռուսաստանը չհանի գազի արտահանման հարկը, ինչի լավագույն պատասխանը կարող է լինել ՄՄ-ի մեկ այլ անդամի` Բելառուսի դժգոհությունն այս հարցում:

Ովքեր են ավելի շատ ներդրումներ կատարել Հայաստանում

Բացի նրանից, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք կկորցնենք տարիների ընթացքում ձևավորված արտաքին առևտրի առկա կառուցվածքը, ազատ առևտրի առկա ռեժիմները կփոխարինվեն ՄՄ առևտրային ռեժիմներով: Ահա առաջանում են  նաև ներդրումների հետ կապված հարցեր: Բազմաթիվ հայ տնտեսագետներ, վերլուծաբաններ ու փորձագետներ կանխատեսումներ են անում, թե Հայաստանի տնտեսության մեջ միանգամից ինչքան են ավելանալու Ռուսաստանի ու Մաքսային միության ներդրումները, ու թե դրանք ինչպիսի «հրաշք» են գործելու մեր տնտեսության զարգացման առումով:

Հետևաբար, հիմա էլ նայենք` օտարերկրյա ներդրումների մասով Հայաստանում Մաքսային միության անդամ երկրնե՞րն են ավելի շատ ներդրումներ արել, թե՞ Եվրամիության:

Այսպիսով` 2013 թ. հունվար-հուլիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 293.1 մլն դոլար: Ընդ որում, ՌԴ ներդրումները 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել են 38 մլն 422.6 հազար դոլար, որից ուղղակի ներդրումներ` 32 մլն 816.6 հազար դոլար: ՄՄ անդամ մյուս երկրների կատարած ներդրումների մասին, եթե իհարկե այդպիսիք կան, առանձին տվյալներ հրապարակված չեն: Սա այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրներից միայն Ֆրանսիան ընդհանուր 28 մլն  921.4 հազար դոլարի ներդրումներ է կատարել, որից ուղղակի ներդրումները եղել են 28 մլն 921.4 հազար դոլարի: Գերմանիան  12 մլն 408.2  հազար դոլարի ընդհանուր ներդրումներ է կատարել, բոլորն էլ եղել են ուղղակի ներդրումներ: Այսինքն` միայն Գերմանիան ու Ֆրանսիան միասին ավելի շատ ներդրումներ են արել, քան ՄՄ անդամ երկրները միասին:

Մի հարց էլ կա. մինչև հիմա ի՞նչն էր խանգարում Ռուսաստանին Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարել, ի՞նչն է փոխվել, որ ռազմավարական դաշնակիցը միանգամից սկսի աստղաբաշխական ներդրումներ անել մեր տնտեսության մեջ:  Վերջապես, վերը բերված թվերն էլ, մեղմ ասած, չեն կարող համոզել, որ ռուսական ներդրումներ են համարվում նաև «գույք պարտքի դիմաց» ծրագրով ռուսական վերահսկողության տակ անցած հայկական հիմնարկ-ձեռնարկությունները ևս…

Ու արժե երկար մտածել` արդյոք Ռուսաստանի հետ առանց այն էլ ջերմ հարաբերություններն ավելի ջերմացնե՞լն էր տնտեսապես ձեռնտու, ինչը փորձում են մեզ համոզել վերջին մեկ ամսվա ընթացքում, թե՞ ԵՄ-ի հետ:

 

Ռազմավարական դաշնակցին «արջի ընկերությունը» խորթ չէ

15ca931ebbd479ca025f8516e8fԴեռևս 2000 թ. լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ լրագրողի հարցին` իսկ ի՞նչ է երևում այս աշխատասենյակից, ՌԴ նախկին ու ներկա նախագահը պատասխանում է. «Այս աշխատասենյակից երևում է, որ մեր երկիրը ապագա ունենալու համար վերակազմավորման կարիք է զգում: Կան որոշ ակնհայտ երևույթներ, որոնք այս աշխատասենյակից պետք է տեսանելի լինեն: Պետք է հասկանալ, և անկեղծ ասած, դա հասկանալի է, որ շատ կոշտ պայքար է ընթանում ոչ միայն շուկայում` ընկերությունների միջև, այլև երկրների կողմից` միջազգային թատերաբեմերում: Եվ շատ ափսոս, կա որոշակի տագնապ, քանի որ այդ մրցավազքում մենք առաջնորդ չենք հանդիսանում…»:

 Ու սկսվե~ց…

Օրերս, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, աշխարհաքաղաքական ու պատմական դիտարկում կատարեց ու նշեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում  ակնհայտ է նեոկայսերական նոր` երրորդ ալիքը: Պատգամավորի պարզաբանմամբ` Ռուսաստանը սկզբում բավականին հաշտ ու համերաշխ էր ապրում Եվրոպայի հետ, բայց հետզհետե պանսլավոնիստները կարողացան այն վերածել կայսերապաշտական ձգտումներով կայսրության, որը կործանվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այնուհետև, ինչպես համոզված է Վահան Հովհաննիսյանը, ռուս ազգայնականները փորձեցին բոլշևիկների միջոցով պահպանել կայսրությունը, ու դա որոշակիորեն հաջողվեց, և արդյունքում ստեղծվեց ռուսական երկրորդ` այս անգամ բոլշևիկյան կայսրությունը, որը նույնպես տապալվեց: Այժմ Ռուսաստանը նորից փորձում է  հագուրդ տալ իր կայսերապաշտական նկրտումներին, և իրադարձությունները հուշում են, որ նեոկայսերական ալիքով նոր կայսրություն են փորձում ստեղծել:

Նման կայսրության համար հարկավոր են երեք գլխավոր հենասյուներ` ռազմական, տնտեսական և  քաղաքական: Ի դեմս ՀԱՊԿ-ի` Ռուսաստանը լուծել է ռազմական բաղադրիչի հարցը: Մաքսային միությունը, բնականաբար, նոր կայսրության տնտեսական հենասյունն է հանդիսանալու, իսկ երրորդ` քաղաքական հենասյունն էլ, անշուշտ, կլինի Ռուսաստանի կողմից նախաձեռնված Եվրասիական միությունը: Ու կայսրությունը պատրաստ է…

Բնականաբար, այս համատեքստից անջատ հնարավոր չէ դիտարկել Հայաստանում ընթացող որոշ իրադարձությունների ու միջադեպերի տրամաբանությունը:

Այսպես,  սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից ընդամենը 3 շաբաթ անց Հայաստանում երկու կարևոր միջադեպեր եղան, որոնց վրա, այս համատեքստում, հնարավոր չէ ուշադրություն չդարձնել: Առաջին` սեպտեմբերի 25-ին Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ՀՀ միջպետական ճանապարհի վրա կանգնեցրել, խուզարկել ու հայ պատգամավորի ազատ տեղաշարժը խոչընդոտել էին ՌԴ-ի անվտանգության` ԱԴԾ -ի աշխատակիցները: Երբ պատգամավորին ուղեկցողները փորձել են տեսանկարահանել միջադեպը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել և կոտրել էր նրանց տեսախցիկը: Իհարկե, այնուհետև միջադեպի կապակցությամբ պարզաբանմամբ հանդես եկավ ռուսական կողմը: Մասնավորապես` ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչությունից ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին հայտնել էին, թե  սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որը, ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:

«Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ: Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը: Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իրեն ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին»,- նշում է ռուսական կողմը: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը, իհարկե, նաև նշել էր, թե ցավում է տեղի ունեցածի համար, բայց միայն այս միջադեպով ամեն ինչ չվերջացավ:

Սրանից հետո Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը  տեղեկատվություն տարածեց, որ Գյումրիի 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ) բնակվող մի քանի հայ ընտանիքներ ահազանգել են, որ իրենց ստիպում են ազատել բնակարանները, որպեսզի դրանք տրամադրվեն Ռուսաստանից ժամանող զինվորականների ընտանիքներին: Ըստ ահազանգողների` թաղամասի բոլոր ընտանիքներին թերթիկներ են բաժանվել, որտեղ նշված է, որ 10-օրյա ժամկետում նրանք պետք է ազատեն իրենց զբաղեցրած բնակարանները, որպեսզի ռուս ընտանիքների համար տեղ բացվի: Իսկ ըստ թաղամասում ապրող ռուս զինվորականների` 102-րդ ռազմաբազան լուրջ համալրումներ է ունենալու, և ևս 3000 ընտանիք տեղափոխվելու են Գյումրիում բնակվելու:

Այս մի միջադեպն էլ դիտարկենք ՌԴ-ի կողմից իրականացվող «հայրենակիցներ» ծրագրի հետ միասին… Ստացվում է, որ Ռուսաստանը, մի կողմից, դատարկում է Հայաստանը, մի այլ կողմից` զենք վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին, իսկ մյուս կողմից էլ համալրում է Հայաստանում տեղակայված իր ռազմական կոնտինգետն ու նաև ռուս զինվորականների ընտանիքներով վերաբնակեցնում Հայաստանը:

 

Ակամա հիշեցինք դեռևս անցյալ տարի ռուս լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հեղինակային`«Պոեդինոկ» թոք-շոուի հերթական հաղորդումներից մեկը, որը վերաբերում էր Մերձավոր Արևելքի իրադարձություններին ու իսլամական շարժումների համատեքստում ՌԴ-ի իրականացնելիք քաղաքականությանը: Այդ հաղորդման շրջանակներում   բանավիճողները ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ՌԼԴԿ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ու ՌԴ իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալն էին: Վլադիմիր Ժիրինովսկին, անդրադառնալով արաբական գարնան ու համաշխարհային իսլամի դեմ ՌԴ անհրաժեշտ քայլերին, նշեց, որ որպես արաբական աշխարհից ՌԴ-ին սպառնացող իսլամական շարժման դեմ պայքարի միջոց Ռուսաստանը պետք է Կովկասում իրագործի «կենդանի պատնեշի» քաղաքականություն. մասնավորապես` Կովկասի բնակչության 70 տոկոսը պետք է լինի ռուս ազգաբնակչություն…

Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են, քանի որ վերը նշված դեպքերն այս համատեքստում առավել քան խոսուն են:

 

Ազատամարտիկներին թոշակ նշանակելը ձեռնտու չէ պետության համար

83jQF7f3KQmqsoYUSwBikryyWLԱրդեն ինչքան ժամանակ է, ինչ ազատամարտիկները դուրս են եկել փողոց: Նրանք դուրս են եկել հացադուլով, նստացույցով, բողոքի ակցիաներով` իրենց սոցիալ–կենցաղային խնդիրների վրա մեր երկրի ղեկավարության ուշադրությունը գրավելու համար: Ընդ որում, այն ղեկավարության, որի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն իրենք էլ են պարծենում ազատամարտիկ լինելու հանգամանքով… Սակայն նույնիսկ «յուրայինների»` ղեկավար լինելու հանգամանքը չի օգնում ազատամարտիկներին, որ ոչ թե քաղաքական, տնտեսական, այլ ընդամենը սոցիալ–կենցաղային վիճակին վերաբերող պահանջները բավարարվեն:

 Փող չկա, որ ազատամարտիկներին տան

Ու եթե բոլորն էլ տրամաբանական ու տեղին են համարում, որ ազատամարտիկների բարձրացրած այդ հարցերը պետք է բավարարվեն, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու, վերջիվերջո, այդ պարզ, տրամաբանական, հասկանալի ու ընդունելի պահանջները չեն բավարարվում:

Նայենք հարցին մեկ այլ տեսանկյունից: Ազատամարտիների բարձրացրած պահանջները, հատկապես թոշակների պահանջը, առաջիկա գոնե մի քանի տարիներին չի բավարարվի: Դրա համար կան «օբյեկտիվ» թվացող պահանջներ: Դժվար չէ հասկանալ մի քանի թվերի համադրությունը: Օրինակ` թերևս ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանում քանի ազատամարտիկ կա: Համենայն դեպս, ԱԺ-ն միայն այս տարի համապատասխան օրենք ընդունեց, որով պետք է սահմանվի, թե ովքեր են ազատամարտիկ, ովքեր` պատերազմի մասնակից և այլն: Ու դրանից հետո միայն պետք է կարգավորվի ու հստակեցվի, թե քանի ազատամարտիկ կա Հայաստանում: Ողջ մնացածներին նկատի ունենք: Մի խոսքով,ոչ պաշտոնական թվերով, Հայաստանում այսօր ապրում է մոտ 50-60 հազար ազատամարտիկ, ներառյալ` եռամսյա հավաքների շրջանակներում արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցները:

Ընդունենք, թե նրանց թիվը  նվազագույն է`50 հազար հոգի: Նրանց, բնականաբար, չեն նշանակի զինվորական նորմալ թոշակներ, այլ ենթադրենք` կառավարությունը կորոշի նրանց ամեն ամիս, որպես թոշակ, վճարել զինվորական նվազագույն թոշակի չափով թոշակ` 60 հազար դրամ: Այդ դեպքում կստացվի, որ միայն ազատամարտիկներին մեկ ամսում պետբյուջեից պետք է վճարվի 3 մլրդ դրամ գումար, իսկ մեկ տարում` 36 մլրդ դրամ: Դա մոտավորապես 88 մլն 235 հազար դոլար է կազմում: Հաջորդ տարվա բյուջեն, ըստ օրերս ԱԺ-ին ներկայացված բյուջեի նախագծի, կկազմի 1,15 տրլն դրամ, և կունենանք մոտ 130 մլրդ դրամի դեֆիցիտ: Այսինքն` ազատամարտիկների թոշակային բավարարումը կազմակերպելու համար պահանջվող ծախսերը բավականին լուրջ մեծություն են: Տրամաբանությունը պարզ է` փող չկա…

Բայց հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Այս մարդիկ` ազատամարտիկները, իրենց կյանքի ու արյան գնով ձեռք են բերել անկախություն, ազատագրել են տարածքներ, ու նրանց ինքնազոհությամբ ապահովել են մեր` պետություն ունենալու իրավունքը` իր բոլոր բաղադրիչներով հանդերձ: Այսինքն` այս երկիրն ինչ չափելի ու անչափելի արժեք ունի, դրա համար պարտական ենք հենց ազատամարտիկներին:

Փո՞ղ չկա, թե՞ փող գտնելու ցանկություն

Հարցին նայենք ևս մեկ կողմից: Սովորաբար երկրներն իրենց այս կամ այն կառույցի արդյունավետությունը կամ նրա գոյության անհրաժեշտությունն արդարացնելու համար այդ կառույցների ստեղծած արժեքը վերածում են չափելի մեծության` եկամտի, ու նշվում է, թե այս կամ այն կառույցը պետությանը որքան օգուտ է տվել:

Հիմա  Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պետական աշխատանքներից են պատգամավորների, նախարարների, դեսպանների, դատավորների աշխատավարձերը: Օրինակ` Հայաստանն ամբողջ աշխարհում այս պահին ունի առնվազն 37 դեսպան, որոնք աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են կամ պետք է ներկայացնեն ՀՀ-ն. չհաշված միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հյուպատոսներին և այլն: Այժմ նայենք, թե ինչքան օգուտ են նրանք տվել Հայաստանին չափելի մեծությամբ: Դա անհնար է, քանի որ Հայաստանում երբեք նման հաշվարկ, վերլուծություն, հաշվետվություն չի իրականացվել: Ու եթե մի քանի դեսպաններ իրոք շատ լավ ու արդյունավետ են աշխատել, կարողացել են Հայաստանի համար ապահովել վարկեր, դրամաշնորհներ, նվիրատվություններ, ներդրումներ, կարողացել են այնպես անել, որ Հայաստանն ավելի քիչ ծախսի և այլն, ապա շատերն էլ այդքանը չեն արել: Բայց նրանք շարունակում են բարձր վարձատրվել, իսկ դիվանագիտական ծառայության վերջանալուն պես էլ կստանան բարձր թոշակներ:

Ու եթե դիվանագիտական ծառայություն անցկացնողների աշխատանքը դեռ արդարացված ու թեկուզ անտեսանելի, բայց հույժ կարևորներից է, ու եթե նրանք ֆինանսական կամ չափելի օգուտ էլ չեն տալիս երկրին, գոնե անուրանալի է, որ ինչ-որ օգուտ, այնուամենայնիվ, տալիս են, ուրեմն նայենք մեր «փառապանծ» դատական համակարգին:

Ամենավերջին` 2012 թ. տվյալներով` Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ավելանում են: ՄԻԵԴ-ը մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Դատավորների սխալի պատճառով պետբյուջեից մոտ կես մլն եվրո տուգանք կվճարվի: Ըստ ՄԻԵԴ-ի 2012 թ. հաշվետվության` Հայաստանից ուղարկվել է շուրջ 800 գանգատ: Մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացվել է 42 վճիռ, որից 15-ը` միայն 2012 թ. ընթացքում: Ըստ կայացված 42 վճիռների` մեր կառավարությունը պարտավորվել է իր քաղաքացիներին վճարել, ընդհանուր առմամբ, 440 հազար եվրո տուգանք, որից 225 հազար եվրոն արդեն վճարվել է:

Իհարկե, ԱԺ-ին նոր բյուջեի նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավորներին Վաչե Գաբրիելյանը հավաստիացնում էր, որ այդ միջոցները հատկացվում են արտաբյուջետային միջոցներից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. բոլոր դեպքերում մինչ այժմ դեռ ոչ մի դատավոր սխալ վճիռ կայացնելու ու դրանով հանդերձ ՀՀ-ին ֆինանսական վնաս պատճառելու կապակցությամբ չի պատժվել: Ավելին` դատավորները, դատախազները, հանգիստ պաշտոնավարում են, հետո հանգիստ անցնում են թոշակի, հետո էլ, առավել հանգիստ, ստանում իրենց բարձր աշխատավարձին համապատասխան բարձր թոշակ:

Ստացվում է, որ անգնահատելի օգուտ տվածների հարցերը մնում են օդում, իսկ պետությանը վնաս հասցրած մարդիկ անհոգ շորունակում են օգտվել այդ նույն պետության միջոցներից: Իսկ ազատամարտիկները նստացույց են անում, հացադուլ, բողոքի ցույցեր են կազմակերպում, այնուհետև քրեական հետապնդման ենթարկվում, իսկ նրանց բարձրացրած խնդիրներն էլ մնում են օդում, հավանաբար` մինչև հաջորդ պատերազմ:

 

Հասկանալի է` ազատամարտիկների կենսաթոշակային հարցերը լուծելու համար պետությունը միջոցներ չունի` ի տարբերություն դիվանագետների, դատավորների ու պատգամավորների «կարիքները հոգալու» համար պահանջվող միջոցների:  Բայց գոնե կարո՞ղ են լուծվել այնպիսի կոմունալ-կենցաղային հարցեր, ինչպիսիք են կոմունալ վճարների զեղչերի կիրառումը, նրանց երեխաների ուսման վարձը փոխհատուցելը, բժշկական ապահովագրությունը, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելը և այլն: Վերջին երկուսը, իհարկե, պաշտոնապես գործում են, սակայն միայն պաշտոնապես, քանի որ հասարակական տրասնպորտի այն ուղեգծերը, որոնք սպասարկում են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ազատամարտիկի վկայականին ուշադրություն չեն դարձնում, իսկ անվճար բուժօգնությունից օգտվելու համար ազատամարտիկից այնքան թղթեր, տեղեկանքներ, ջանքեր ու միջոցներ են պահանջվում, որ նույնիսկ առողջ մարդն այդ ամբողջը ապահովելու համար կհիվանդանա, իսկ բուժօգնության կարիք ունեցող ազատամարտիկը, մինչև այդ ամբողջ բյուրոկրատական քաշքշուկի միջով անցնի, արդեն ոչ թե բուժօգնության, այլ բոլորովին ուրիշ ծառայության կարիք կունենա. ցավոք սրտի` հետմահու…

Չմոռանանք, որ Հայաստանի համար պատերազմը դեռ ավարտված չէ, հիշենք, որ հիմա ընդամենը հրադադար է, որն ամեն վայրկյան կարող է խաթարվել, ու այդ դեպքում կռվող մարդկանց կարիք նորից կզգացվի…

«Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա…»

AdbashyanՍտեփանակերտի օդանավակայանի գործարկման համար նշվում էր, որ դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի կեսերին: Ու թեև արդեն վերջանում է սեպտեմբերը, օդանավակայանն այդպես էլ չի գործարկվել: Հիշեցնենք, որ նախկինում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նախատեսվում էր 2011 թ. մայիսի 9-ին, ու առաջին թռիչքի ուղևորն էլ պետք է լիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Հետագայում ևս մի քանի անգամ տեխնիկական պատճառաբանությամբ հետաձգվեց օդանավակայանի գործարկումը: Այս անգամ էլ, փաստորեն, օդանավակայանի գործարկումը հետաձգվեց` պատճառաբանությամբ, թե ձեռք բերած ինքնաթիռները, որոնք պետք է թռիչքներ իրականացնեն, տեխնիկական վերազինման կարիք ունեն:

Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական վիճակի մասին «Անկախի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

 – Պարո՛ն Ադբաշյան, Դուք բազմիցս նշել եք, թե Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է գործարկման, բայց չի գործարկվում: Ներկայացրեք խնդրեմ, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն այսօր:

– Օդանավակայանն այսօր նորմալ տեխնիկական վիճակում է, թռիչք-վայրէջքի ուղին նորմալ վիճակում է, բոլոր աերոնավիգացիոն միջոցները նորմալ սպասարկվում են և աշխատում են, օդանավակայանի կազմը` աշխատողները, բոլորը ավարտել են հատուկ կուրսեր, ստացել են միջազգային սերտիֆիկատներ և իրավունք ունեն աշխատելու օդանավակայանում տեղադրված սարքավորումներով:

 – Օդանավակայանի նախնական` տեխնիկական փորձարկումներ իրականացվե՞լ են արդեն: Օդանավակայանի աշխատանքները գործի մեջ ստուգելու համար տեխնիկական թռիչքներ իրականացվե՞լ են:

– Ունենք ICAO-ի նորմատիվներ, և այդ ցուցանիշներով օդանավակայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նաև երկու անգամ ստուգվել է Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: Տեխնիկական թռիչքներ դեռ չեն իրականացվել: Փոքր ինքնաթիռներ մենք ունենք, որոնք թռչում են, սակայն դրանք շատ փոքր են, որպեսզի համարենք, թե փորձնական թռիչքներ ենք իրականացրել: Տեխնիկական թռիչքը կատարում է այն օդանավը, որը նախատեսվում է, որ պետք է հետագայում շահագործվի` աշխատի այդ օդանավակայանում: Օրինակ` եթե Airbus A-320-ն ուզի մեզ մոտ վայրէջք կատարել, օդանավը մեզ մոտ պետք է կատարի տեխնիկական թռիչք մի քանի անգամ, որից հետո եզրակացություն  արվի` հնարավո՞ր է արդյոք այդպիսի վայրէջք ու անվտա՞նգ է այդ օդանավակայանում նման ինքնաթիռ շահագործելը: Այդ թռիչքները կատարվում են, որ բացահայտվեն բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այդ աննկատ են եղել:

 – Կխնդրեի անդրադառնալ օդանավակայանը սպասարկող անձնակազմի տեխնիկական պատրաստվածությանը, անձնակազմը պատրա՞ստ է իրականացնելու օդանավակայանում վայրէջք կատարող ու օդանավակայանից թռչող ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը:

Stepanakert-airport– Airbus A-320 տեսակի օդանավից փոքր ինքնաթիռները կարող են մեզ մոտ իջնել:  Մենք ունենք կարճ կանգառների ժամանակ սպասարկումն իրականացնելու համար պատրաստված մասնագետներ: Խորը տեխնիկական սպասարկումներ նույնիսկ «Զվարթնոցում» չեն անում, այլ Եվրոպայի ու այլ երկրների  հատուկ տեխնիկական կենտրոններում:

 – Վերջերս  տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ քաղավիացիան հենց Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու համար ինքնաթիռ է գնել, որը, սակայն, տեխնիկական վերազինման  կարիք ունի, ո՞ր փուլին եք հասել:

– Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սպասում ենք մինչև օդանավակայանի գործարկումը: Հետո պետք է օդաչուական կազմը պատրաստվի, որովհետև մենք չենք գնի օդանավ, որը գա ու կանգնի մեզ մոտ միայն այն պատճառով, որ համապատասխան կադրեր չունենք: Մենք պետք է պատրաստենք որակյալ օդաչուական կազմ: Չեմ կարող ասել, թե քանի օդանավ ենք պատրաստվում ձեռք բերել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:

 – Ստեփանակերտի օդանավակայանն ինչպիսի՞ օդանավակայան է, ռեգիոնա՞լ նշանակություն ունի, թե՞, այնուամենայնիվ, կառուցված է հետագայում միջազգային օդանավակայանի վերածվելու հաշվարկներով:

– Օդանավակայանը միանգամից հիսուն հոգու թռիչքային սպասարկման համար է նախատեսված: Բայց եթե 100 հոգանոց ինքնաթիռ իջնի, բոլորն էլ, իհարկե, հանգիստ կարող են սպասարկվել: Այսինքն` օդանավակայանն իր չափերով ու տեխնիկական հնարավորություններով հանդիսանում է ռեգիոնալ թռիչքների համար նախատեսված օդանավակայան: Այն նախատեսված է Airbus A-320-ների ու դրանցից չափերով փոքր մոդելի ինքնաթիռների համար: Այսինքն` տեղական գծերի, Երևան հասնելու համար:  Պլանավորում ենք սկսել երևանից, որից հետո, իհարկե, կարող ենք զարգացնել այլ ուղղություններ: Դա կարող է լինել կես, մեկ կամ մի քանի տարի հետո. կյանքը ցույց կտա: Երևանը կարող ենք օգտագործել որպես տրանզիտային կետ: Հետո պարզ կդառնա` տնտեսական տեսանկյունից հնարավո՞ր է կամ արժե՞ նոր չվերթներ զարգացնել, թե՞ ոչ:

 – Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանից բացի, այլ ուղղություններով թռիչքներ կունենա՞ք, արտասահմանյան երկրների ընկերություններից դեպի Ստեփանակերտ ու, Ստեփանակերտից թռիչքների պահանջարկի ցանկություն հայտնե՞լ են:

-Այո, այո, շատերն են նման ցանկություն հայտնել` Իտալիայից, Ռուսաստանից, եվրոպական մի քանի այլ երկրներից արդեն որոշ ընկերություններ կապվել են մեզ հետ ու ցանկություն հայտնել մեր օդանավակայան թռիչքներ իրականացնել: Ու բոլոր նման ցանկություններ հայտնողներին ես ասել եմ, որ եթե ուզում են թռիչքներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, ապա  թող գնան, իրենց թռիչքնեը ձևակերպեն ու թռչեն, քանի որ մեր օդանավակայանը բաց է: Բայց ընկերություններն էլ իրենց խնդիրներն ունեն, քանի որ ICAO-ում մեր օդային տարածքը դեռ ճանաչված չէ:

 – Իսկ այդ խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, որպեսզի այդ ընկերությունները կարողանան օրինական գրանցվել ու թռիչքներ իրականացնել:

– Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա, որովհետև ինչպես ԼՂՀ անկախությունը ճանաչված չէ, նույնպես էլ մեր օդային տարածքը միջազգային մարմինների կողմից ճանաչված չէ: Իսկ քաղաքացիական օդանավերն իրավունք չունեն մուտք գործել չճանաչված օդային տարածքներ:

 – Այսինքն` օդանավակայանի տնտեսական, քաղաքական, կապի ու հաղորդակցության առումներով  նշանակությունն այնքան մեծ է, որ մեզ պե՞տք է Ստեփանակերտում օդանավակայան ունենալ:

– Իհարկե, շատ է պետք: Եթե օդանավակայանը գործի, թռիչքները կարողանանք լավ կազմակերպել, ամբողջ ԼՂՀ-ի ազգաբնակչությունը կկարողանա օգտվել իր ազատ տեղաշարժվելու միջազգային իրավունքից: Գործարար մարդիկ կկարողանան իրենց բեռները տեղափոխել, մարդիկ կարող են ավելի արագ հասնել Արցախ և այլն, և այլն: Օդանավակայանը բեռնատար ինքնաթիռների համար էլ է նախատեսված: Իհարկե, առաջնային նշանակությունը տրված է ուղևորափոխադրումներին, բայց մենք պլանավորում ենք, ու ոչինչ չի խանգարում օդանավակայանը կիրառել նաև բեռնատար ինքնաթիռներ ընդունել-ճանապարհելու համար:

 – Այսօրվա դրությամբ, եթե լինի համապատասխան քաղաքական որոշումը, կարո՞ղ եք հենց վաղվանից թռիչքներ իրականացնել:

– Ես չեմ պատասխանի քաղաքական հարցերին, քանի որ դրանք իմ իրավասությունների շրջանակներից դուրս են: Ինչ վերաբերում է օդանավակայանին, մի քանի փոքրիկ խնդիրներ դեռ ունենք շտկելու, ու քանի դրանք լիովին հաղթահարված չեն, ես չեմ կարող 100 տոկոս վստահությամբ ասել, որ հենց վաղն օդանավակայանից կարող են թռիչքներ կատարվել: Դրանք մանրուքներ են, օրինակ` ԼՂՀ-ի ձեռք բերվելիք ինքնաթիռի վրա որոշ տեխնիկական սարքերի համալրումներ պետք է իրականացվեն, չեկեր լրացվեն և այլն. այդ գործընթացները ընթացքի մեջ են ու շուտով կհարթվեն: Դրանք, ճիշտ է, օդանավակայանի հետ այնքան էլ կապ չունեն, խանգարում են 100 տոկոսով ասելու, թե հենց վաղն էլ կարող ենք մեր մոտից թռիչքներ իրականացնել: Այսինքն` ինչպես նշեցի, օդանավակայանը պատրաստ է թռիչքներ սպասարկելուն:

 

Հարցազրույցը` Գևորգ ԱՎՉՅԱՆԻ

Կենտրոնի վերաասֆալտապատումը չի նպաստում մարզերի զարգացմանը

Management expert Harutyun Mesrobyan guest in Friday press clubՀՀ կառավարությունը բազմիցս կարևորել է ՀՀ–ում տարածքների համաչափ զարգացումն ու մայրաքաղաքի բեռնաթափումը: Այս նպատակով տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի մասին էլ է հայտարարել: Սակայն մեր կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում, որոնք կարծես չեն համադրվում այս կարևոր խնդրի լուծման տրամաբանության հետ: Օրինակ` կառավարությունն անցած շաբաթվա նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից բավական գումարներ «բաժանեց» Երևանին ու մարզերին. մոտ 9 մլրդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին, որից մոտ 7.5 մլրդ դրամն ուղղվելու է Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը, և մեկ այլ որոշմամբ էլ 500 մլն դրամ ուղղվեց Հայաստանի մարզերին, յուրաքանչյուրին` 50  մլն դրամ: 

Այս երևույթը հասկանալու համար «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի օգնությանը` արդյունավետ կառավարման տեսանկյունից մեկնաբանելու կառավարության որդեգրած տրամաբանությունը.

– Պարո՛ն Մեսրոբյան, կառավարությունը հայտարարում է մարզերի զարգացման  ծրագրերի մասին, բայց 7,5 մլրդ տրամադրում է մայրաքաղաքի կենտրոնի ասֆալտապատմանը և 50-ական մլն դրամ` մարզերին: Մի՞թե այդ քայլը բխում է տարածքների համաչափ զարգացման ծրագրի էությունից:

– Ընդհանրապես,  բոլոր ծախսերը, լինեն դրանք մարզերի թե մայրաքաղաքի մակարդակով, բյուջեից ֆինանսավորվեն թե ոչ, միշտ պետք է բաժանվեն ըստ նախապատվությունների: Այսինքն` կարևորագույնները և հետո մնացածները` ըստ կարևորության, իջեցման կարգով: Կարևորագույններն ընտրվում են հետևյալ սկզբունքով. որո՞նք են անհետաձգելի լուծում պահանջող  հարցերը, և որոնք` միտված զարգացմանը, բուն զարգացմանը, եթե կա զարգացման ռազմավարական ծրագիր:

Հայաստանում իշխանական մակարդակով զարգացման ծրագիր չունենք. կան լոզունգներ, միջնաժամկետ պլանավորում և այլն, որոնց անունը դնում են զարգացման ծրագիր: Քանի որ մենք, կիրառական իմաստով, չունենք զարգացման ծրագիր, բնական է, որ ծախսային մասը չի լինի արդյունավետ: Որովհետև այդ դեպքում չգիտես, թե ինչպիսի ապագայի համար, ինչպիսի ծրագրերի շարունակականության համար ես ինչ-որ ֆինանսավորում ուղղում: Ինչ վերաբերում է անհրաժեշտ մասին, ապա այստեղ, այո’, եթե նայում ենք երևանի կենտրոնին,  ապա վերջին 10 տարիներին պարբերաբար այն ուղղակի ձախից աջ, աջից ձախ վերակառուցում են, փոխում են, դնում-հանում են, բայց քանի գնում է, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է և դառում շատ ավելի անընդունելի ապրելու համար: Սա նշանակում է, որ այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ:

– Ուրեմն կարո՞ղ ենք փաստել, որ այսօր կառավարության կողմից որպես անհետաձգելի հարց ընկալվում է քաղաքի կենտրոնի կառուցապատումը կամ վերանորոգումը, իսկ մարզերը երկրորդական–երրորդական պլան են մղվում:

– Երևի` այո: Որովհետեև մարզերն էլ տարբեր են: Կան մարզեր, որոնք սահմանամերձ երկար գիծ ունեն, որտեղ բոլորովին այլ քաղաքականություն պետք է վարվի, կան մարզեր, որոնք արագ դատարկվում են, մարդիկ թողնում գնում են, ու այնտեղ ավելի շատ  պետք է սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրներ լուծել: Իսկ այսպես հավասարաչափ գումար բաժանելն ու ամենաշատը Երևանի կենտրոնին գումար հատկացնելը նշանակում է, որ խնդիրը տարածքների զարգացման հետ կապ չունի, նախապատվությունների հետ կապ չունի, ուղղակի ինչ-որ սկզբունք է վերցված և արվում է:

– Իսկ Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ միջոցների ավելի օպտիմալ բաշխումը զարգացման ծրագրերի տեսանկյունից:

– Առաջին` եթե մենք պետություն ենք, ապա պետք է լինի ռազմավարական զարգացման ծրագիր, որը պետք է երկու ուղղություն ունենա` ժամկետների և տարածքային: Այսինքն` ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով օժտված լինի: Որից հետո պետք է դրա հիման վրա մշակվի մարտավարություն` ելնելով ռազմավարությունից, պետք է դրվեն կշիռների գործակիցները, որոնցով և կորոշվեն նախապատվությունները, թե որ ուղղությամբ ինչ տոկոսային հարաբերակցությամբ միջոցներ պետք է ուղղվեն: Համենայն դեպս մարդկությունը մինչ այժմ, եթե զարգացել է, հենց այս կերպ է զարգացել. ուրիշ ձևով չի զարգացել:

– Ենթադրենք, թե Ձեր նշած բոլոր նկատառումները դրված են կառավարության գործողությունների հիմքում. արդյոք Երևանի կենտրոնի վերակառուցման նպատակների համար այդքան գումարներ հատկացնելը կարո՞ղ է հանգեցնել գոնե Երևանի կենտրոնի զարգացմանը:

– Հստակ ու վստահ ասելու համար պետք է  բուն ծրագիրն ուսումնասիրել: Բայց կարելի է չդնել «ենթադրենք սա» կամ «ենթադրենք մյուսը» հարցադրումները շատ պարզ պատճառով: Եթե լիներ ռազմավարական ծրագիրն ու մնացած-մնացածը, ապա մեզ մոտ արտագաղթը չէր շատանա: Բայց հակառակն է տեղի ունենում. Հայաստանում ապրելն ավելի դիսկոմֆորտային իրավիճակ է ստեղծում` սկսած սոցիալական հարցերից և վերջացրած արդարության զգացումով, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ մարդիկ թողնում-գնում են: Այստեղից բխում է, որ չունենք ռազմավարական զարգացման ծրագիր:

– Ձեր կարծիքով` մարզերին տրամադրված գումարները բավարա՞ր են թեկուզ տեղական առաջին նշանակության խնդիրների լուծման համար:

arm137658003197– Բնական է, որ ոչ. 50 մլն դրամն ի՞նչ թիվ է, մոտ 110 հազար դոլար. դա մեկ հատ միջին կարգի էլիտար ավտոմեքենայի արժեք է: Այսինքն` դա նույնն է, որ յուրաքանչյուր մարզի տրվի մեկական էլիտար ավտոմեքենա, մի՞թե դա հերի՞ք է, որ մարզը զարգանա. իհարկե՛ ոչ:

– Բայց կառավարությունը կարող է ասել և ասում է, որ ծրագրեր էլ, ռազմավարություն էլ ունի և այլն:

– Այդպես չէ, նախադասությունների ամեն մի շարան ծրագիր չէ: Ծրագիրը ենթադրում է ենթարկվել որոշակի օրենքների ու օրինաչափությունների, որպեսզի պարզ լինի, որ սա ծրագիր է, սա էլ ելույթ է, սա վերլուծություն է, սրանք լոզունգներ են, սրանք բաժակաճառեր են… Մեզ մոտ այս ամենը շիլա-փլավ է, ու ստացվում է  մի փաստաթուղթ, որը, ըստ էության, նվազագույն պահանջներով անգամ չի համապատասխանում ծրագիր կոչվող փաստաթղթի պահանջներին: Բերեմ օրինակ. մեզ մոտ քանի անգամ է, որ ընդունվում են կոռուպցիայի դեմ պայքարի փաստաթղթեր, սակայն արդյունքը զրոյական է: Եթե փաստաթուղթը չի իրագործվում, ուրեմն  երկու պատճառ կա. և՛ փաստաթուղթը փաստաթուղթ չէ, և՛ իրագործման նպատակ չկա: Նույնն էլ այստեղ է:

 

Զրույցը վարեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ

Հասկացողին մին ասա, ղազախին` հազար ու մին

3877Սեպտեմբերի 23-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որը բավականին սպասված և երկու կարևոր ու շատ հետաքրքիր  շեշտադրումներ ուներ մեր երկրի համար:

 Նախագահի կոշտ հայտարարությունը վաղուց էր անհրաժեշտ

Դրանցից առաջինը կարևոր է Հայաստանի դեմ այլ երկրների կողմից ձեռնարկվող կամ կիրառվող քայլերի ու հայտարարությունների համատեքստում, հատկապես` ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ու նրանց ղեկավարների կողմից: Օրինակ` ՀԱՊԿ անդամ Ղազախստանը մեկ անգամ չէ, որ միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել Հայաստանի դեմ, իսկ ավելի ճիշտ` ադրբեջանամետ դիրքորոշումներով ու հայտարարություններով: Վերջինը, թերևս, թուրքալեզու երկրների կազմակերպությունում ստորագրված փաստաթուղթն էր, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, Ադրբեջանի անմիջական նախաձեռնությամբ, տարածքային ամբողջականության սկզբունքի գերադասումն էր, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև ՀԱՊԿ շրջանակներում մեր «դաշնակից» Ղազախստանը:

Այսպիսով` Սերժ Սարգսյանն իր ելույթում, անդրադառնալով միջազգային ասպարեզներում ՀԱՊԿ անդամների փոխհստակեցված գործելաոճի անհրաժեշտությանը, ընդգծեց.

«Մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում` անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում` նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»:

Հայ հասարակությունը, իհարկե, ավելի վաղ էր նման հայտարարություն սպասում: Որովհետև Հայաստանը, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ հետագա զարգացման հարցին` որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է երկրների ինքնիշխանության և անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից: Ու ստացվում էր այնպես, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում էր այդ համատեքստում իր ստանձնած պարտականությունները, քանի որ միշտ ելնում էր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից: Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ այդպես էլ այս սկզբունքը չորդեգրեցին, եթե չասենք ընդհակառակը` բազմիցս դրա էությանը բոլորովին հակասող քայլեր ձեռնարկեցին:

«Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. ընդհանուր առմամբ, Ղազախստանի դիրքորոշումը, քանի որ այն երկփեղկված վիճակում է` ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ է, այլև թուրքալեզու երկրների կազմակերպությանն է անդամակցում, ըստ էության փորձում է որոշակի բալանսավորված դիրքորոշում ունենալ, ինչքանով որ դա հնարավոր է: Սակայն վերջին հանդիպման ժամանակ այդ բալանսը, կարելի է ասել, խախտվեց: Եվ ես կարծում եմ, որ նախկին բալանսավորված քաղաքականության մեջ իր ազդեցությունն ուներ նաև Մոսկվան: Այսինքն` Ղազախստանն այդպիսի հանդիպումների ժամանակ միշտ իր հետևից զգում է Ռուսաստանի շունչը: եվ այս վերջին հանդիպման ժամանակ այդ շունչը չնկատվեց, և այդ հանգամանքը զգալով` ղազախները գնացին ավելի ռադիկալ որոշման, ինչին չէր կարող չարձագանքել նաև Հայաստանը, քանի որ, ըստ էության, շատ ծիծաղելի վիճակում ենք հայտնվում: Լինելով ՀԱՊԿ-ի անդամ` փաստացի Ղազախստանը ստորագրում է այնպիսի փաստաթղթի տակ, որը հակասում է մեր, այսինքն` իր դաշնակցի ազգային-պետական շահերին: Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ճիշտ էր, բայց ուշացած էր»,- այս առումով նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նախագահի ելույթը, այո,  վաղուց էր սպասվում, որովհետև արդեն ակնհայտ երևում ու աչք էին ծակում այն դիրքորոշումները, որ կայացնում էին ՀԱՊԿ-ի որոշ անդամներ: Տվյալ դեպքում, ճիշտ է, կոնկրետ երկրի անուն չնշվեց, բայց խոսքը մասնավորապես վերաբերում էր Ղազախստանին: Այդ երկրի ներկայացուցիչները, այդ թվում նաև նախագահը, տարբեր քաղաքական հարթակներում, հատկապես թուրքալեզու պետությունների կազմակերպությունում, իրեն թույլ է տալիս ելույթներ ունենալ, որոնցում քննադատական կամ ուղղակի մեղադրական շեշտադրումներ է հնչեցնում Հայաստանի վերաբերյալ: Օրինակ` վերջին անգամ լինելով Ադրբեջանում` Ղազախստանի նախագահը նույնիսկ չթաքցրեց, որ իր ցանկությունն է տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում: Այսինքն` ՀՀ նախագահի այս հայտարարությունն ուղղակի անխուսափելի էր:

«Ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ դա ասվեց հրապարակային, ոչ թե առանձնազրույցի` տետատետ հանդիպման ժամանակ: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող էր օգտագործել նաև այդ հնարավորությունը և զուտ անձնապես, մարդկայնորեն առաջարկել նման ելույթներ չունենալ հրապարակներում, որովհետև Հայաստանի բնակչությունն իր վստահությունն է կորցնում ՀԱՊԿ-ի նկատմամբ: Սակայն ոչ, Սերժ Սարգսյանն արեց բոլորի ներկայությամբ և մենք պետք է հասկանանք, որ այդ խոսքերը զուտ խոսքեր չեն»,- նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Հայտարարությունը` հայտարարություն, բայց կարևոր է ոչ միայն հայտարարություն հնչեցնելու հանգամանքը, այլև այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ: Այս առումով ևս Լևոն Մելիք-Շահնազարյանը լավատես է ու համոզված, որ այդ հայտարարությունը կարող է ունենալ կոնկրետ քաղաքական հետևանքներ:

«Օրինակ` Հայաստանը կարող է պահանջել, և ինձ թվում է, որ հենց այդպես էլ լինելու է, որ բոլոր հարցերը ՀԱՊԿ-ի մասնակիցները տարբեր քաղաքական հրապարակներում մեկնաբանեն միևնույն կերպ, ինչպես ընդունված է ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ: Երկրորդ, որ ոչ միայն ՀԱՊԿ կանոնադրությանը, այլև միջազգային փաստաթղթերին, այսինքն` ՄԱԿ-ի ընդունած և այլ որոշումներին համապատասխան լինեն դիրքորոշումները: Ինձ թվում է, որ նման խախտումները կրկնվելու դեպքում Հայաստանը կարող է նաև պահանջել, որ պատիժ կիրառվի ՀԱՊԿ-ի այն անդամի նկատմամբ, որը կխախտի այդ պայմանավորվածությունները»,- ասաց քաղաքագետը:

Թե ինչ պատիժ, ըստ մեր զրուցակցի, ընտրության գամման բազմազան է: Օրինակ` կարող է ՀԱՊԿ-ի կողմից զգուշացում լինել այդ նորմերը խախտողներին, կարող է պատիժը դրսևորվել ՀԱՊԿ-ից ժամանակավոր կամ ընդհանրապես հեռացման տեսքով և այլն: ճիշտ է, այսօր այդ պատժաձևը կանխատեսելը դժվար է, քանի որ անգամ դրա պահանջը չկա, բայց որ Հայաստանը չի էլ կարող հետամուտ չլինել նախագահի ասածին, և այս պրոցեսը շարունակական է լինելու, արդեն ակնհայտ է:

 Եվս մեկ անսպասելի քայլ ՀՀ նախագահի կողմից

Ի տարբերություն առաջին շեշտադրման, որը խիստ սպասված ու անհրաժեշտ էր, երկրորդը, թեև շատ կարևոր, բայց և անսպասելի էր: Որովհետև ՀՀ նախագահը, դիմելով իր ՀԱՊԿ գործընկերներին, խնդրեց. «Որպես ամփոփում, ցանկանում եմ հաստատել Հայաստանի` տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը»:

Ինչպես և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունը, այս մեկ հայտարարությունը նույնպես անսպասելի էր, գոնե Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության համար: Թե դա ինչ էր նշանակում, կպարզվի մոտ օրերս, երբ քննարկումներ ծավալվեն:

 

 

Ո՞ւմ սիրտն է Բաքվի փախլավա ուզում

ադրբեջանԴեռևս հայ–թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ էր, երբ Հայաստանում լայն թափով շրջանառվում էին վերլուծությունները թուրքական տնտեսության ներուժի, թուրքական ապրանքների, ներմուծում–արտահանում հարաբերությունների մասին: Այդ ժամանակ, եթե հիշում եք, նշվում էր, որ Թուրքիան պետական մակարդակով արգելում է հարյուրավոր, նույնիսկ` 1000-ի հասնող  ապրանքատեսակների ներմուծումն իր երկիր կամ դրանց համար այնպիսի հարկեր է կիրառում, որ ներմուծումը դառնում է աննպատակահարմար: Այդ համատեքստում հայ–թուրքական սահմանի բացման կողմնակիցներն էլ, որպես հակափաստարկ նշում էին, թե հայկական կողմն էլ կարող է նման պրակտիկա կիրառել, եթե այդքան շատ ենք վախենում այդ իրականությունից:

 Ադրբեջանական գյուղմթերքն արդեն կարող է ներմուծվել Հայաստան

Նույնիսկ կարծիքներ էլ էին շրջանառվում, թե գյուղնախարարի 2009 թ. ամռանը հրապարակած հրամանը, որով արգելվում էր թուրք-ադրբեջանական ծագման գյուղատնտեսական մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան, հենց այդպիսի գործընթացների հիանալի օրինակ են:

Եվ ահա 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ստորագրեց N 03-Ա հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 15-ի «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. հունիսի 11-ի N146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N220-Ա հրամանը: Այսպիսով, ինչպես կարծում են շատերը, հերթական հարվածն է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը:

Ըստ մամուլի հրապարակումների` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան են ներկրվել թուրքական ծագմամբ մի քանի ապրանքներ` կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ: Ադրբեջանական ծագման ապրանքներ հունիսի 7-ից մինչ օրս չեն բերվել:

Հարցն այն է, որ Թուրքիան այսօր հանդիսանում է  G-20-ի անդամ, ուժեղ զարգացող տնտեսություն ունի և իր տնտեսական ներուժով դարձել է մի շարք եվրոպական առաջատար տնտեսությունների «ահուսարսափը»: Օրինակ` Ֆրանսիայի, քանի որ Հյուսիսային Աֆրիկայում, որն ավանդաբար համարվում է ֆրանսիական ազդեցության ու տնտեսական շահերի գոտի, այն հատվածներում, որտեղ Թուրքիան մի քիչ ակտիվացնում է իր տնտեսական գործունեությունը, Ֆրանսիան միանգամից սկսում է նահանջել: Որովհետև Թուրքիան ընկալվում է որպես մուսուլմանական` եղբայր երկիր, նրա ապրանքներն էլ համեմատաբար որակյալ են, քան, օրինակ, չինական ապրանքները, իսկ գները, համեմատած եվրոպական արտադրանքի հետ, անհամեմատ էժան են:

Թուքրիան ունի նաև զարգացած գյուղատնտեսություն: Այստեղ գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս սննդամթերքով ապահովելու ոչ միայն ներքին շուկան, երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքը: Թուրքիան ունի 78 մլն հա տարածք, նույնքան, ինչքան Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին վերցրած, և այս տարածքի 36%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Թուրքական գյուղատնտեսության մեջ պետք է առանձնացնել մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Թուրքիան տարեկան 3.2-3.6 մլն տոննա արտադրանքով մտնում է աշխարհի խաղող արտադրողների հնգյակի մեջ: Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է նաև ծիրանաբուծությունը: Ծիրանի ողջ բերքն օգտագործվում է չրի պատրաստման համար, որի 95%-ն արտահանվում է: Թուրքիայում զարգացած է նաև սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Արտադրանքի 75-80%-ն արտահանվում է: Թուրքիան եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հայտնի է իր մսամթերքով: Ու թեև ալկոհոլային խմիչքները մտնում են ներմուծման համար արգելված ապրանքների շարքը, հիշարժան է նաև Թուրքիայի ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Թուրքիայում տարեկան արտադրվում ու արտահանվում է 42-43 մլն լիտր գինի, արտադրվում է 7 մլն լ օղի, 1.0 մլն լ կոնյակ, 2 մլն լ լիկյոր, 3.7 մլն լ ջին, 0.1 մլն լ վիսկի: Երկիրը համարվում է նաև կաթնամթերք արտադրող խոշոր երկիր:

Այս տվյալները հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում:

hramanՄի խոսքով, այս հիմնական փաստերը համադրելով, կարելի է ասել, որ Թուրքիան ունի զարգացած գյուղատնտեսություն և վարում է պրոտեկցիոն քաղաքականություն: Եթե սրան գումարենք Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, ապա նման հրամանը մեզ համար դառնում է վտանգավոր: Իհարկե, Թուրքիայից ներկրվող էժան ապրանքները շուկայում հայ սպառողների համար կարող են ընտրության լրացուցիչ հնարավորություն ստեղծել, բայց դրանից հարցի տնտեսական նշանակությունը չի փոխվում: Որովհետև այն նույն ժամանակահատվածում, երբ մեր հարևան երկրները տարբեր հնարքներ են կիրառում օտարերկրյա մթերքները շուկայից դուրս մղելու և սեփական տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, վարում են ուժեղ պրոտեկցիոն քաղաքականություն, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը:

Նախարարի այս հրամանի կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում նշում է. «Տարիներ շարունակ շատ արտադրողներ բողոքում էին, որ թույլ վերահսկողության  հետևանքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում թուրքական պտուղ-բանջարեղեն, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանում նոր զարգացող ջերմոցային տնտեսությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունն այս հրամանով գյուղացուն աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ավելի բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցառումներ են իրականացվել կամ գոնե իրականացվելու տեղական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով, ցավոք, մինչ օրս տրված չէ (չգիտես ինչու, հրապարակված չէ նաև այս հրամանը)»:

Նայենք հարցին մեկ այլ` զգացմունքային տեսանկյունից: Թուրքական, առավել ևս ադրբեջանական ծագում ունեցող ներկրվող մթերքների սահմանային հսկողությունը, ինչպես ընդունված է, պետք է կատարվի` հիմք ընդունելով ուղեկցող փաստաթուղթը: Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնց ազգանունը վերջանում է «յան»-ով, չի թույլատրում իր սահմաններից ներս մտնել,  մինչդեռ ադրբեջանական փաստաթղթերը մեզ մոտ հիմք  են ընդունվելու:

 

 

 

Պատերազմում` ինչպես պատերազմում. սիրիական խնդիրը դեռ չի լուծվել

Վերջին երկու շաբաթն աննախադեպ ակտիվ էր սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի հարցում:Նախ` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները համաձայնեցին: Այնուհետև պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնի քիմիական զենքը: 

Լավրով-ՔերիՍիրիական խնդրում դեպքերն աննախադեպ արագ զարգացումներ են ապրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հենց այն օրը, երբ նշվում էր Սիրիային հարվածներ հասցնելու ամենահավանական ժամկետը` սեպտեմբերի 11-ը, հանկարծ փոխեց իր քաղաքական կուրսը` համաձայնելով Ռուսաստանի` սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու առաջարկին: Օբաման հայտարարել է, թե պատրաստ է սպասել է ՄԱԿ-ի հետաքննությանը` կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, և կոչ է արել Կոնգրեսին դեռևս քվեարկության չդնել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ սեպտեմբերի 12-ին հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու ստորագրել դրա կիրառումն արգելող համաձայնագիրը:

Դրանով Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մտան աննախադեպ բուռն զարգացումների շրջան: Ժնևում Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկկողմ մակարդակում և ՄԱԿ-ում քննարկում էին Սիրիայի քիմիական զենքերը միջազգային վերահսկողության տակ դնելու առաջարկը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ  «Ժնև-2» (ԱՄՆ և ՌԴ) համաժողովի շրջանակներում  ԱՄՆ-ն պնդելու է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացումը:

Սեպտեմբերի 14-ին Ժնևում բանակցություններ վարող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերին հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը:

Ժնևյան եռօրյա բանակցություններն աննախադեպ էին ու կդառնան դիվանագիտության դասագրքային օրինակ, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողացան համաձայնեցնել  սիրիական քիմիական զենքի խնդրի կարգավորման խաղաղ սցենարն այն պահին, երբ ռազմական միջամտությունն Արևմուտքի կողմից անխուսափելի էր թվում:

Այս բանակցությունները եկան ապացուցելու, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխարհի երկու ամենահզոր գերտերություններն են, որոնք կարող են որոշել, թե աշխարհի որ կետում ինչպիսի զարգացումներ ընթանան կամ չընթանան:

Ինչպես այս առիթով գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ռուսական պատվիրակության կազմում իր աղբյուրին, ռուսական պատվիրակությունը մինչև վերջին պահը լիովին համոզված չի եղել, որ ամերիկացիները կընդունեն Մոսկվայի նախագիծը սիրիական քիմիական պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Անորոշությունը պահպանվել է անգամ, երբ համաձայնությունը կայացած է եղել, և բանակցողներին մնացել է միայն այդ մասին հայտարարել լրագրողներին:

«Ջոն Քերին երկար ժամանակ ձգձգում էր ճեպազրույցը: Այդ ժամանակ Սերգեյ Լավրովը ոչ սովորական քայլի դիմեց. նա մամուլի սրահ գնաց միայնակ, նստեց իր աթոռին ու սկսեց խոսել եղանակի մասին: Նրան անմիջապես շրջապատեցին արևմտյան լրագրողները: Նրանցից մեկի հարցին, թե ինչ է այս ամենը նշանակում, Լավրովը պատասխանեց. «Ես ժամանակ եմ սպանում, պարզապես անելիք չունեմ»: Դրանից քիչ անց Ջոն Քերին հայտնվեց»,- գրում է թերթը:

Ըստ պարբերականի` բանակցությունների ընթացքում ամենադժվար կետը եղել է այն, թե ինչ կլինի, եթե հակամարտող կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը: ԱՄՆ-ն պնդել է, որ պատասխանատվություն կարող է կրել միայն Բաշար ալ-Ասադի ռեժիմը, և եթե այն չգործի ըստ ռուսական սցենարի, ապա անմիջապես պետք է պատժել և ուժ կիրառել` համաձայն  ՄԱԿ-ի օրենսդրության: Իսկ Ռուսաստանը պահանջել է համաձայնությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը տարածել նաև ընդդիմության վրա` կտրուկ դեմ արտահայտվելով որևէ ավտոմատ պատժիչ միջոցի: Հատկանշական է, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քերին հրապարակավ խոստովանեց, որ ընդդիմությունը ևս քիմիական զենք ունի:

Ընդամենը` «թայմ աութ»

Մի խոսքով, բանակցությունները Ժնևում դեռ նոր էին ավարտվել, երբ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը ստացել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային Սիրիայի անդամակցությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսով Սիրիայում կոնվենցիան ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 14-ին` անդամակցության մասին փաստաթղթերի փոխանցումից 30 օր հետո:

Թվում էր` մնում են արդեն միայն տեխնիկական խնդիրները: Սակայն սեպետեմբերի  16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում հանգեցին այն եզրակացության, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ «ուժեղ և պարտադրող» բանաձև պետք է ընդունվի:

Այդ նույն օրը OPCW-ն` Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), հայտարարել է, որ  պատրաստ է մի քանի օրվա ընթացքում սկսել Սիրիայի քիմիական զենքերի ոչնչացման ծրագիրը:

Եվ եկավ ամենասպասելի ժամը` սեպտեմբերի 16-ին հրապարակվեց Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի պատրաստած զեկույցը, որում հաստատվել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը: Մասնագետների խոսքով` Սիրիայում օգտագործվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռ` զարին գազով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- Մունը, սակայն, հայտարարել է, որ քիմիական հարձակման մեղավորներին բացահայտելու համար պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնել, քանի որ առկա տվյալները բավարար չեն ռեժիմին պատասխանատու համարելու համար:

ՄԱԿՍրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշեց, որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը: «Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից` շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, թե ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում:

Այս փաստը հետաքրքիր է դառնում հատկապես Բարաք Օբամայի այն հայտարարության համատեքստում, որ ԱՄՆ-ն  կշարունակի իրականացնել Սիրիայի վրա միջազգային ճնշման քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, եթե այս խնդրի լուծման դիվանագիտական տարբերակը արդյունք չտա: Ըստ Օբամայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդիրներ են սպասում, եթե նա փորձի շեղվել նախագծված ծրագրից:

Ամենայն հավանականությամբ, հենց ՄԱԿ-ի համապատասխան զեկույցի բովանդակությունն էլ բխում է այդ տրամաբանությունից, քանի որ «տեղ է թողնում» ԱՄՆ-ի համար, ցանկացած պահի այդ զեկույցին հղում կատարելով, դարձյալ ակտիվացնել Սիրիայի վրա ռազմական ուժի կիրառման սցենարները: Այս դեպքում, համոզված ենք, Ռուսաստանի արձագանքը չի ուշանա: «Պատերազմում` ինչպես պատերազմում»,- ասում է ռուսական ասացվածքը: Իսկ հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ծավալվում է նյարդերի և ուղեղների լարված պայքար` սառը պատերազմ: Ամեն դեպքում, մինչև հոկտեմբերի 14-ը ԱՄՆ-ն դժվար թե ռազմական ուժ կիրառի Սիրիայի նկատմամբ: Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու մտադրությունները վերջնականապես չեզոքացված չեն, ընդամենը մտել են «թայմ աութի» փուլ:

 

Սառը պատերազմը հասավ Հայաստան

 Putin-SargsyanԵրկու շաբաթ է անցել, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության ու հետագայում Եվրասիական միության ստեղծման աշխատանքներին լծվելու պատրաստակամության մասին: Այս ընթացքում քաղաքական այդ կարևոր որոշումը քննարկվեց բազմաթիվ տեսանկյուններից: Հիմնականում, իհարկե, շեշտը դրվեց տնտեսական կողմի վրա, տարբեր իշխանամետ գործիչներ և վերլուծաբաններ սկսեցին բացատրել, թե ինչքան ձեռնտու է Հայաստանին Մաքսային միությանը անդամակցելը, իսկ ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբաններ էլ քննարկում էին, թե ինչքան վնաս էր  Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրային գոտու համաձայնագրերի չստորագրումը: Սրանք թերևս վիճելի հարցեր են, քանի որ երկու կառույցներն էլ` թե՛ Մաքսային միությունը, թե՛ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին մեր երկրի տնտեսությանը կարող են շատ հարցերում օգուտ, բայց բազմաթիվ հարցերում էլ վնաս տալ: Սա տնտեսագետների ու գործարար հատվածի  ներկայացուցիչների վիճելու թեմա է: 

Այդ որոշման մեջ էականն ու մեծ դժգոհություն առաջացնողը, բնականաբար, եղել ու մնում է երկրի հետագա ճակատագրի համար նման կարևոր որոշման ընդունման ժամանակ միայն մեկ հոգու` նախագահի կամքի պարտադրումը բոլորին, այսինքն` քաղաքական բաղադրիչը: Բայց քաղաքական մեկ այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչ էլ կա, որ արժե նախագահի  հիշյալ որոշումից ու հայտարարությունից երկու շաբաթ հետո դիտարկել մի քիչ ավելի սթափ մտքով:

 Գործընթացներ, որոնք հուշում էին «սեպտեմբերի 3»-ի մասին

Անդրադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դիտարկենք Սերժ Սարգսյանի որոշումը:

Ինչպես արդեն «Անկախը» բազմիցս նշել է, Հայաստանի շուրջն ու ոչ հեռու տարածաշրջաններում արդեն վաղուց ընթանում են լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ: Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, իրար հետևից հրապարակեց ու այս տարածաշրջանում փորձեց իրականացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր: Դրանցից ամենահայտնին, թերևս, Զբիգնև Բժեզինսկու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծն է, ինչպես նաև  2006 թ. հունիսից «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրիրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Պետերսի քարտեզ»:

Մեր տարածաշրջանի համար սրանք ենթադրում էին խաղի նոր կանոններ ու համաշխարհային իշխանության միաբևեռ վերադասավորումներ` ԱՄՆ գերիշխանությամբ: Այս երկու նախագծերի ժամանակ էլ Ռուսաստանը, որ դեռ չէր հասցրել ուշքի գալ Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական և մշակութային շոկից, բավականին պասիվ դիրքերից էր հանդես գալիս` միայն ժամանակ առ ժամանակ հիշեցնելով իր մասին:

Սակայն սկսած «Արաբական գարնան» գործընթացներից, որոնք արդեն ԱՄՆ հեղինակած ծրագրերի գործնական քայլերն էին, Ռուսաստանն այլևս չէր կարող պասիվ դիրքերում մնալ, քանի որ ԱՄՆ բոլոր ծրագրերը, վերջիվերջո, ուղղված էին հենց Ռուսաստանի դեմ: Մի խոսքով, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ հարևան տարածաշրջաններում և թե՛ ընդհանրապես ամբողջ աշխարհում Ռուսաստանը սկսեց արտաքին ակտիվ,  երբեմն նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն վարել:

Այս առումով Հայաստանը չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի հետաքրքրության տիրույթից մի պարզ պատճառով. մեր տարածաշրջանում Արևմուտքը երկու գերկարևոր դաշնակից ունի` Թուրքիան ու Իսրայելը: Երկու երկրներում էլ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն ունի: Ուստի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները  շատ կարևոր նշանակություն են ստանում, որովհետև ավելի մոտիկ են տեղադրված խնդրո առարկա տարածքներին, քան բուն Ռուսաստանում գտնվող ռազմաբազաները: Սա նշանակում է, որ օրինակ` մեր երկրում տեղակայված ռազմաբազայից արձակված հրթիռը 1-2 րոպե ավելի շուտ կհասնի թիրախներին, քան Ռուսաստանի տարածքից:

«Այդ 1-2 րոպեները կարևորագույն նշանակություն ունեն` քաղաքական որոշումներ կայացնելու առումով: Իսկ միջազգային քաղաքական հարաբերություններում 1-2 րոպե ավելի ժամանակ ունենալը երբեմն ռազմավարական նշանակություն են ունենում»,- նշում է նախկին դեսպան Արա Պապյանը: Այսինքն` երբ մի երկիրը կարողանում է մյուս երկրի քաղաքական որոշումներ ընդունողների որոշումների կայացման ժամանակը 1-2 րոպեով նվազեցնել, կարևոր առավելություն է ստանում:

Մի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի համար ուներ և այժմ ավելի շատ ռազմավարական կարևորություն ունի: Այս հանգամանքը, բնականաբար, հստակ գիտեին ու դրա դեմ ամեն ինչ անում էին նաև Արևմուտքի ներկայացուցիչները: Եվ երբ վերջին մի քանի տարիներին Հայաստանը «ջերմացրել» էր իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, հետապնդում էր Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու նպատակ, ինչը չէր կարող Ռուսաստանին անտարբեր թողնել:  Արդյունքը եղավ սեպտեմբերի 3-ը:

Հայաստանն էլ սկսեց «սրթսրթալ» սառը պատերազմից

FyuleԱկնհայտ է, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն ավելի շատ էական է հետագայում Եվրասիական միության հիմնադիրներից լինելու համատեքստում: Որովհետև Եվրասիական միությունը պետք է ստեղծվի որպես ԱՄՆ-ին հակակշիռ նոր աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքը կլինեն Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ այդ միությանը Հայաստանը պետք է միանար: Այս մտքի հետ պետք է համակերպվել, չհամակերպվելու տարբերակ կարծես չի մնում: Որովհետև Հայաստանը ռազմական ու էներգետիկ անվտանգության երաշխիքներ չունի: Թե նման պայմաններում այս կացությանը չհամակերպվելն ինչ կարող է արժենալ Հայաստանի համար, ոչ վաղ անցյալի շատ օրինակներ կարելի է բերել` սկսած Արցախյան պատերազմի օրերից մինչև ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Այլ տարբերակներ չեն առաջարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն:

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար եմ եղել ու բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների և մյուսների հետ, և երբ նրանք այդ հարցը տալիս էին, թե ռուսական բազաները Հայաստանում ինչ գործ ունեն, ես նրանց պարզ հարց էի տալիս` եթե մենք ռուսական բազաները հանենք, դուք կարո՞ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր այդ բազաներով ու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջոցով ապահովվում է: Ու նրանք ասում էին` ոչ, իհարկե՛ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը:

Սա, իհարկե, չի նշանակում ԵՄ-ի հետ բոլոր կապերի ու հարաբերությունների խզում, այլ միայն Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու ծրագիրն է ի չիք դառնում: Եվրամիությունը մի հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ հաշվի է նստելու կատարված փաստի հետ: Եվ այս առումով ԵՄ-ն տարբեր միջոցներ ունի: Իհարկե, Ասոցացման համաձայնագիր Հայաստանի հետ այլևս չի կնքվի, բայց  ԵՄ-ն նման դեպքերի համար ձևավորել է տարբեր կարգավիճակներ: Կարելի է դիտարկել նույն Եվրախորհրդի օրինակը, որ «Հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ է ստեղծել, որի մեջ մտել են Պաղեստինը, մի շարք աֆրիկյան երկրներ և այլն: Այսինքն` ԵՄ-ն կարող է և այժմ ամենայն հավանականությամբ կգտնի տարբեր ձևաչափեր, որ Հայաստանին համապատասխան համագործակցություն առաջարկի:

Հարաբերությունների շարունակության մասին  սեպտեմբերի 13-ին Երևանում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես ակնարկեց և նշեց. «Ես եկել եմ` լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրությունները, և եթե նրանք ցանկանան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրի շրջանակներում, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»:

Այսինքն` Եվրոպան դեռ չի հրաժարվում Հայաստանը Ռուսաստանից պոկելու գաղափարից, ուղղակի դրան հասնելու ուղիները փոքր-ինչ բարդացան: Այսինքն` «երկրորդ սառը պատերազմին», որը հետզհետե ուժգնանում է, Հայաստանն այլևս անմիջական մասնակցություն ունի:

 

Վարորդները բողոքում են, ոստիկանությունը` պարզաբանում, իսկ տաքսիստները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը

Արագաչափ-սարքՎարորդները  դժգոհում են, որ իրենց սկսել են շատ տուգանել 

Բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում քաղաքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ու դրանց միջոցով արձանագրվող երթևեկության կանոնների խախտումների կարգից ու ընթացքից:

Դժգոհողների հիմնական բողոքը, այսպես ասած, կրկնակի տուգանքներից է: Այսինքն` ինչպես ներկայացնում են վարորդները, դեպքեր են լինում, երբ իրենց կատարած խախտման համար ՃՈ սպան տուգանում է, բայց միառժամանակ հետո իրենք փոստով ծանուցում են ստանում, որ այդ նույն  խախտման համար, որը ֆիքսել են տեսանկարահանող կամ արագաչափ սարքերը, նույնպես տուգանք է նշանակվել:

Այս հարցի մասով ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե բացառվում է, որ միևնույն խախտման համար քաղաքացիները կրկնակի տուգանվեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման դեպքերում քաղաքացիները կարող են ուղղակի վերցնել տուգանքների կտրոնները և մոտենալ ՃՈ բաժին, ու այդ հարցը 3 րոպեում կլուծվի: Այս հարցերի կապակցությամբ, իհարկե, ոստիկանությունը հայտարարություններ էլ է տարածել իր պաշտոնական կայքում, բայց…

Վարորդները բողոքում են նաև, որ միևնույն տուգանքի համար ՃՈ աշխատակիցը իրենց մեկ այլ չափի տուգանք է նշանակում,  և տեսանկարահանող կամ արագաչափ սարքերի գրանցած խախտման համար բոլորովին այլ տուգանքի ծանուցագիր են ստանում: Այս հարցը ևս ուղղեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետին: Նա դարձյալ բացառեց, որ միևնույն խախտման համար երկու տարբեր չափերի տուգանքներ նշանակված լինեն քաղաքացուն, քանի որ տուգանքը ոչ թե որոշում է ՃՈ սպան, այլ սահմանվում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ  օրենքով: Ընդ որում` օրենքով  սահմանվում են ոչ միայն խախտումները, այլև դրանց համար նախատեսված տուգանքի չափերը:

«Հաճախ քաղաքացիները երկու տարբեր խախտումներ են անում` միաժամանակ կամ իրար հետևից ու հետո, երբ նրանց տուգանում են, ասում են` ինչո՞ւ տուգանեցիք, ինձ հենց նոր էին տուգանել»,- նշեց Ա. Ահարոնյանը:

Եվս  մի խնդիր կա. օրինակ` Երևանի կենտրոնում տարածքներ կան, որտեղ մարդիկ նախկինում կայանել են իրենց մեքենաները, բայց այժմ այդ վայրերում մեքենա կայանելն արգելված է, ու մարդիկ, չիմանալով դրա մասին, սովորության համաձայն, կայանում են ու տուգանվում:  Եվ դժգոհությունը բուն տուգանվելու փաստի առթիվ չէ:

«Տերյան փողոցում ես միշտ մեքենաս կայանում էի այն խանութի մոտակայքում, որտեղից միշտ առևտուր եմ անում: Մի օր էլ փոստով ծանուցում ստացա, որ տուգանվել եմ, քանի որ այդտեղ կայանելն արգելված է, ու իմ խախտումը ֆիքսվել է տեսանկարահանող սարքի միջոցով: Լավ, խախտումը` խախտում, բայց ես չգիտեի, որ կարգ է փոխվել կամ ամեն օր կանոններ են փոխվում, գոնե պետք է ինչ-որ նշաններ տեղադրվեն, որոնք արգելում են այս կամ այն գործողությունը, ու դրանից հետո մի որոշ ժամանակ էլ անցնի, որ մարդիկ իմանան ու այդ խախտումը չանեն: Ամենահետաքրքիրն այն է, որ տուգանելուց հետո, բնականաբար, մինչև ծանուցումն ինձ էր հասել, 2-3 օր անցել էր, բայց ես, չիմանալով, որ խախտում եմ անում, այդ օրերին էլ կայանել եմ այն վայրում, որտեղի համար տուգանվել եմ: Ու մինչև տուգանվելու մասին ծանուցումը ստացա, մնացած օրերի համար էլ տուգանվեցի: Կարծում եմ` այդպես ճիշտ չէ»,- պատմեց մեզ ծանոթ վարորդ Վ.Ի.-ն:

Այս դեպքում, իհարկե, ընդունված է այն սկզբունքը, որ օրենքի չիմացությունը չի արդարացնում այն խախտելը, և չի ազատում օրենքը խախտելու համար սահմանված պատասխանատվությունից:  Փաստորեն քաղաքացին պարտավոր չէ օրենքներն անգիր իմանալ, բայց պարտավոր է դրանք չխախտել: Այստեղ, իհարկե, չես մեղադրի ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ որևէ մեկին: Ուղղակի մարդկային մոտեցումը կարելի է պահպանել ու մի քիչ մեղմ վերաբերվել թեթև խախտումներ անողների հանդեպ: Առավել ևս, որ օրենքները, դրանց կիրառման գործիքները, տեղադրված բոլոր սարք-սարքավորումները ոչ թե ստեղծված են պատժելու, այլ սխալը, խախտումը, զանցանքն ու, ի վերջո, հանցանքը կանխարգելելու նպատակով: Այս դեպքում ավելի շատ մոտեցման խնդիր է, որ ո՛չ ոստիկանը, ո՛չ պետությունը, ո՛չ էլ որևէ պետական կամ մասնավոր հիմնարկ չփորձի հասարակական կարգի պահպանման հարցերը վերածել առևտրի կամ շահույթ ստանալու ձգտման:

Ինչ վերաբերում է վերջինին, ապա Հայաստանում, գոնե տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի արձանագրած խախտումների համար նշանակված տուգանքների մի զգալի մասը` գանձված գումարների 70 տոկոսը, ուղղվում է այդ սարքերը տեղադրող և սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, որը, ըստ ոստիկանության տված բազմաթիվ պարզաբանումների, շահույթ չի հետապնդում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման դիմաց:

Հիշեցնենք, որ տեսախցիկների և արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորություններից է 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումներ իրականացնելը: 2011թ. «SENSYS Traffic AB» ընկերության հայաստանյան գործընկերը ազգային երթևեկության մոնիթորինգի համակարգի վերաբերյալ պայմանագիր է կնքել` կոնսորցիումի մեջ մտնելով տեղական երկու ընկերությունների` «Սեքյուրիթի դրիմի» («Security Dream») և «Ellips GA»-ի հետ, որոնցից առաջինը` «Սեքյուրիթի դրիմը», պայմանագիր է կնքել ոստիկանության հետ: Այդ ժամանակ, ի դեպ, «Sensys Traffic AB» ընկերության տնօրեն Յոհան Ֆրիլունդը, համագործակցությունից իր գոհունակությունն արտահայտելով, հայտարարել է. «Մենք շատ գոհ ենք, որ ՀՀ ոստիկանությունը ընտրել է մեր առաջարկած լուծումը: Պայմանագիրը համապատասխանում է օպերատորական պայմանագրեր գործարկելու մեր ռազմավարությանը և երկարաժամկետ բիզնես մոդելներ կառուցելու տեսլականին: Մենք հույս ունենք առաջիկայում ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի երթևեկության անվտանգության բարձրացման գործում»:

Ինչպես տեսանք, նա իր խոսքում նշել է «բիզնես մոդել» եզրույթը, իսկ ցանկացած բիզնես շահույթ է հետապնդում:

«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ  զզվում են իրենց գործից»

 Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»: