Առաջատարն առաջին պարտությունը կրեց

տքKotanjianTigran-2Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը Գրիգոր Դիլանյանն էր:: Այդուհանդերձ, Քոթանջյանը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան ընդհուպ մոտեցան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ընդամենը կես միավորով են զիջում Քոթանջյանին:

4-ական միավորով հաջորդ տեղերում են` Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը:

Հավելենք, որ մրցաշարում նախորդ տուրից պայքարից դուրս է եկել Գևորգ Հարությունյանը:Բարձրագույն խմբի երեք  ուղեգրերի համար պայքարը շարունակում են 13 շախմատիստներ:

Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԼևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և կույր խաղի ձևաչափերով:

Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:

Բրազիլիայի 9 նահանգներում միաժամանակ մարել է լույսը

i (4)Բրազիլիայի  հյուսիս-արևելյան 9 նահանգներում միաժամանակ մարել է էլեկտրականությունը: Էլեկտրիկներից 3 ժամ է պահանջվել  գլխավոր քաղաքներում հոսանքը վերականգնելու համար, մինչդեռ փոքր քաղաքներն ավելի երկար են մնացել առանց էլեկտրականության:

Բրազիլիայի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքը հոսանքազրկվել էր Պիաուի նահանգում բռնկված հրդեհի հետևանքով  միանգամից մի քանի բարձավոլտ գծերի շարքից դուրս գալու պատճառով:

Պարագվայում վարորդներն ի նշան բողոքի խաչափայտի վրա են բարձրացել

i (1)Պարագվայում վարորդները որպես անօրինական ազատումների դեմ  բողոքի նշան, խաչվել են: Աշխատանքից ազատված 8 վարորդներ իրենց գամել են փայտե խաչին` Ասունսյոնից դեպի հյուսիս գտնվող փոքրիկ քաղաքում: Նրանք մտադիր են մնալ խաչափայտի վրա այնքան ժամանակ, մինչև իրենց վերականգնեն աշխատանքում: Երեկ այդ բողոքին է միացել վարորդներից մեկի կինը: Ինչպես պատմել է  նրանցից մեկը, իրենց ազատել են աշխատանքից այն բանից հտո, երբ նրանք արտաժամյա աշախատանքի համար լրացուցիչ վճար են պահանջել, ինչպես նաև բժշկական ապահովագրություն ու թոշակային հատկացումներ են պահանջել:

Ավտոբուսային ընկերության ղեկավարությունն արդեն 5 վարորդներին խոստացել է վերադարձնել աշխատանքը, իսկ մյուսները պետք է աշխատանք փնտրեն այլ ընկերություններում: Սակայն վարորդները պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը նույն ընկերությունում:

Ադրբեջանում ավելի քան 100 տուն տուժել է հեղեղներից

3 (1)Ադրբեջանի հյուսիսային շրջաններում օգոստոսի 28-ին եղանակը կտրուկ փոխվել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Գուբայի շրջանում ուժեղ հեղեղներ են եղել: Դրա պատճառով ավելի քան 100 տուն տուժել է:

Ներկայում որոշվում է վնասի չափերը:

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

շենք2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:

Անգամ հնարավոր առավելագույն երկարաձգված վրջնաժամկետից՝ ապրիլի 30-ից 4 ամիս անց, 2013թ. օգոստոսին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Ավելին, շահագործման կրկին երկարաձգված՝ հունիսի 30-ի վերջնաժամկետը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքում (http://www.ysugu.am/hy/1361799187/new_id/5054) 2013թ. հուլիսի 4-ին զետեղված հայտարարության համաձայն կրկին երկարաձգվել է՝ այս անգամ առանց նշելու հստակ նոր ժամկետ:

Այս ընթացքում շենքի մի խումբ շահառուներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին պաշտոնական նամակներով (2013թ. մայիս 17 և հուլիս 12) և հանդիպումների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել շենքի՝ ժամանակին չշահագործելու հետ կապված, ինչպես նաև պահանջել են հստակ տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի և շենքի բոլոր բնակարանների հանձնման և շահառուների՝ բնակարան մուտք գործելու վերջնական ժամանակացույցի մասին:

Ս.թ. մայիսի 17-ի նամակին ի պատասխան մայիսի 20-ի թիվ 01910513 նամակով Արսեն Քարամյանը հայտնել է, որ «…Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են և ներկայումս իրավասու մարմինների կողմից իրականացվում են բնակարանների մակերեսների փաստացի չափագրման և շինարարության ավարտի փաստագրման աշխատանքները: 2013 թվականի մայիսի 27-ից, ըստ բնակարանների հերթականության, շահառուների, ԵՊՀ շրջանավարտների միավորման և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, կատարվելու է բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի և համապատասխանության զննություն, որի ընթացքում հայտնաբերված թերություններն արձանագրվելու են և այդ թերությունները շտկելու համար շինարարական կազմակերպությանը տրվելու է մինչև 7 օր ժամանակ: Դրանից հետո կատարվելու է բնակարանի գնի ընդհանուր վերահաշվարկ, շահառուի հետ ստորագրվելու է անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը: Բնակարանների հանձնման-ընդունման օրվա և ժամի վերաբերյալ շահառուներն անհատապես կծանուցվեն»:  Մինչդեռ հակառակ նամակում նշվածի՝ մինչ օրս իրենց բնակարանները տեսնելու հնարավորություն են ունեցել 14 բնակելի հարկերից միայն 1-4-րդ հարկերի բնակարանների շահառուների մի մասը, որոնց հետ այլևս որևէ գործարք չի կատարվել:

Ս.թ. հուլիսի 12-ին Արսեն Քարամյանին ուղղված նամակին այդպես էլ գրավոր պատասխան չտրվեց՝ չնայած նամակում հատուկ նշված գրավոր պատասխանի պահանջին: Նույն օրը պարոն Քարամյանի հետ շենքի մի խումբ շահառուների ունեցած հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ շենքի շինարարական աշխատանքներն ավարտվելու են մինչև ս.թ. օգոստոսի 15-ը, իսկ օգոստոսի 2-ին ակնկալվող շենքի շահագործման ակտը ստանալուն պես սկսվելու է առուվաճառքի հիմնական պայմանագրի կնքման գործընթացը ԵՊՀ շրջանավարտների միավորման ԽՆԴՐԱՆՔՈՎ բնակարանի արժեքի վերջին 15 տոկոսին համարժեք գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վճարած 7 շահառուների, ապա նաև մյուսների հետ: Այս պնդումը ևս, ինչպես հետո պարզվեց, իրականության հետ որևէ առնչություն չունի: Ավելին, ս.թ. օգոստոսի 16-ին  և 26-ին աշխատանքային ժամերին շինարարության հրապարակ այցելելով շահառուները համոզվել են, որ անգամ ժամկետների այսքան ուշացման պարագայում շենքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։

Հաշվի առնելով այն, որ ծրագիրն իրականացվում է  ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո՝ իրավիճակի մանրամասն նկարագրությամբ նամակ է ուղարկվել նաև Սերժ Սարգսյանին։

Սոցիալական նշանակություն ունեցող այս ծրագրին միանալը պետական բուհերի երիտասարդ մասնագետներից շատերի համար 2010թ.-ի ապրիլին թվում էր իսկական երջանկություն և գնահատվում որպես այս խմբի հանդեպ պետական հոգածության իրական դրսևորում, մինչդեռ այսօր շենքի ճակատագրի հետ կապված բացարձակ անորոշությունը, ԵՊՀ շրջանավարտների միավորման անպատասխանատվությունը և երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պարբերաբար հնչող իրարամերժ  ու ստահոդ պատասխանները հանգեցնում են ծրագրի հանդեպ անվստահության և  շահառուների հիասթափության:

 

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ

«Ժամանակ». Մտավորականները կենաց-մահու պայքար են սկսում Սամվել Ալեքսանյանի դեմ

Սամվել ԱլեքսանյանԵրեւանի սրտում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցությունը վերջնականապես լցրել է մտավորականների եւ ճարտարապետների համբերության բաժակը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.
«Նրանց մտահոգում է, որ շուկայի սեփականատերն իրենց աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործությունը:

«Ծածկած շուկան» Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի հերթական կենտրոնը դառնալու հեռանկարից փրկելու համար ձեւավորվել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը: Շարժման պայքարի գործիքներն այսուհետ ավելի կառուցողական եւ որոշիչ կլինեն: «Ժամանակի»  հետ զրույցում նման հույս հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով նախաձեռնության ակտիվ անդամներից մեկն է: Նրա գնահատմամբ՝ իրենց այս նախաձեռնությունը վերջակետ է դնելու այս խնդրին: Ըստ նրա՝ իրենք դրել են «կամ-կամ»-ի հարց՝ կա՛մ իրենք կհաղթեն, կա՛մ Ալեքսանյանը: «Սա կենաց ու մահու հարց է: Մենք չենք դիմում օրենքին, մենք արդեն տեր ենք կանգնելու մեր ապրանքին:

Մեխանիզմն է՝ գնալ ու ֆիզիկապես արգելակել շենքի հետագա շինարարությունը՝ որպես հակազգային, ազգադավ գործունեություն: Ոչնչացել է մեր ազգային արժեքը, իսկ այն շատ ավելի բարձր է, քան հերթական սուպերմարկետը, որը կարելի է մեկ այլ տեղ կառուցել: Խնդիրն այն է, որ մենք իրավական բոլոր քայլերն իրականացրել ենք եւ երկու տարի է՝ անում ենք…»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն դատապարտյալները

դատապարտյալՊատիժ կրող դատապարտյալին և հատկապես նրա բարեկամներին ու հարազատներին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե նա ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի և որ դեպքերում կարող է օգտվել դրանցից: Այդ իսկ նպատակով, ուսումնասիրելով ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, մասնավորապես` 2-րդ գլուխը, մեզ համար պարզ է դառնում հետևյալը: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը: Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալն իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

Հիշյալ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` դատապարտյալն իրավունք ունի՝

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին,

2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի,

3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.

4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու,

5) սոցիալական ապահովության,

6) իրավաբանական օգնություն ստանալու,

7) անձնական անվտանգության ապահովման,

8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության,

9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից,

10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի,

11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու,

12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ,

13) քաղաքացիա-իրավական գործարքների մասնակցելու,

14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու,

15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ,

16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:

             Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք հետևյալն են`

1) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները,

2) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների և աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց և մյուս դատապարտյալների նկատմամբ,

3) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները,

4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին,

5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:

Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Դատապարտյալի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Աշխարհի ամենաչոր՝ Ատակամա անապատում ձյուն է տեղացել, կա հեղեղումների վտանգ

Arctic in the Atacama1Այն հայտնի է որպես աշխարհի ամենաչոր վայր, որտեղ ոչ մի օդերևութաբանական կայան երբևէ անձրև չի գրանցել:

Չիլիի Ատակամա անապատի այցելուները պարզապես կզարմանան՝ վերջին մի քանի օրերին այնտեղ ձյուն տեսնելով:

Մայրաքաղաք Սանտիագոյից 1207կմ հեռավորություն ունեցող Սան Պեդրո դե Ատակամայի բնակիչները նշում են, որ երկրագնդի ամենաչոր, շոգ անապատը համարվող այդ վայրում նման տեղումներ վերջին երեք տասնամյակի ընթացքում չէին գրանցվել:

Այժմ մտավախություն կա, որ անձրևներով ուղղեկցվող հալվող սառույցի հետևանքով գետերը դուրս կգան ափերից, ինչպես նախկինում է եղել:

Sky News-ի տեղեկություններով՝ ազգային զբոսաշրջության գրասենյակից հայտնել են, որ քաղաք տանող ճանապարհը անսովոր եղանակի պատճառով ժամանակավորապես փակ է եղել:

Առաջիկա օրերին կրկին անձրևներ են սպասվում, սակայն մարդկանց էվակուացիայի վերաբերյալ հրահանգ չի եղել:

Չիլիից մինչև Պերու ձգվող Ատակամա անապատում տարեկան ընդամենը 15մմ տեղումներ են լինում, որոշ հատվածներում դրանք հասնում են 1մմ-ի, կան նաև հատվածներ, որտեղ ընդհանրապես տեղումներ չեն լինում:

Այստեղ գիշերը ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -25 աստիճան, իսկ ցերեկը ստվերում ջերմաստիճանը հասնում է 25-30 աստիճանի:

 

Ոստիկանությունը Սանկտ Պետերբուրգի պատկերասրահից բռնագրավել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կնոջ ներքնազգեստով պատկերող նկարը

Russian President Vladimir Putin brushing the hair of Prime Minister Dmitry Medvedev1Ոստիկանությունը պատկերասրահից բռնագրավել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կնոջ ներքնազգեստով պատկերող նկարը՝ պատճառաբանելով, որ այն խախտում է օրենքը:

Կոնստանտին Ալթունինի «Ծաղրանմանակում» կոչվող նկարում նախագահ Պուտինը նեղ զգեստով սանրում է կրծկալ կրող վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մազերը:

Ոստիկանությունը օգոստոսի 26-ի երեկոյան մտել էր Սանկտ Պետերբուրգի Մուզեյ Վլաստի (Իշխանության թանգարան) և ծայրահեղականության պրոպագանդայի հիմքերով ստուգումների համար բռնագրավել մի շարք աշխատանքներ՝ ներառյալ «Ծաղրանմանակումը»:

Պատկերասրահի աշխատակազմի տեղեկություններով՝Ռուսական օրթոդոքս եկեղեցու առաջնորդ պատրիարխ Կիրիլ I-ի դաջվածքներով պատված իրանով պատկերված նկարը և ևս երկու այլ նկարներ, որտեղ ծաղրի էին ենթարկվում նույնասեռականության պրոպագանդան արգելող օրենքի կողմնակիցները, նույնպես բռնագրավվել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ իրենք երկուշաբթի նկարները վերցրել են պատկերասրահից, քանի որ տեղեկություններ են ստացել դրանց անօրինական լինելու վերաբերյալ:

Նկարների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հայտնում, սակայն Ռուսաստանում գործում է իշխանություններին վիրավորելու համար օրենք, որը ենթադրում է ամենաշատը մեկ տարի ազատազրկում:

Պատկերասրահի սեփականատեր Ալեքսանդր Դոսկոյը նշում է, որ սպաները փակել են իր հաստատությունը և բացատրություն չեն տվել «Առաջնորդները» խորագրի ներքո նկարների բռնագրավման վերաբերյալ:

 

Բնակության համար աշխարհի լավագույն 10 քաղաքները

melbourne-bayEconomist Intelligence Unit-ի համաշխարհային բարեկացության վերաբերյալ 2013թ-ի հարցումների տվյալներով Մելբուրնը երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է բնակվելու համար աշխարհի լավագույն քաղաքը:

Այս տարվա սանդղակը մեծապես հիշեցնում է անցած տարվա շարքը, որտեղ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքները զբաղեցնում էին լավագույն տասնյակի հինգ հորիզոնականներ: Կանադական քաղաքները հաջորդաբար զբաղեցնում են լավագույն10 քաղաքների շարքի երեք հորիզոնականներ:

Վիեննան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, որին երրորդ և չորորդ հորիզոնականներում հաջորդում են կանադական Վանկուվեր և Տորոնտո քաղաքները, Կալգարին և Ադելաիդան կիսում են հինգերորդ հորիզոնականը:

Economist Intelligence Unit-ի տվյալներով՝ առաջին հորիզոնականները զբաղեցրած քաղաքները հիմնականում միջին մեծության քաղաքներ են հարուստ երկրներում, որտեղ բնակչության խտությունը այնքան էլ մեծ չէ:

Ուսումնասիրությունների համար դիտարկվել են 140 քաղաքներ՝ հաշվի առնելով հինգ չափանիշներ՝ կայունություն, առողջապահություն, մշակույթ և շրջակա միջավայր, կրթություն և ենթակառուցվածքներ: Այս չափանիշների համար քաղաքները գնահատվել են ընդհանուր 100 միավորանոց սանդղակով:

Մադրիդը այնտեղ տեղի ունեցող ցույցերի և անհանգստությունների պատճառով հինգ հորիզոնականով ներքև է իջել՝ զբաղեցնելով 44-րդ տեղը: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան այժմ 63-րդ հորիզոնականում է:

Թեհրանը, Դուալան (Կամերուն), Տրիպոլին, Կարաչին, Ալժիրը, Հարարեն, Լագոսը, Պորտ Մորսբին (Պապուա նոր Գվինեա), Դակկան (Բանգլադեշ) և Դամասկոսը այնտեղ տիրող կոնֆլիկտային իրավիճակների պատճառով զբաղեցնում են ցուցակի վերջին հորիզոնականները:

Բնակվելու համար աշխարհի լավագույն 10 քաղաքները.

1. Մելբուրն՝ Ավստրալիա

2. Վիեննա՝ Ավստրիա

3. Վանկուվեր՝ Կանդա

4. Տորոնտո՝ Կանադա

=5. Կալգարի՝ Կանդա

=5. Ադելաիդա՝ Ավստրալիա

7. Սիդնեյ՝ Ավստրալիա

8. Հելսինկի՝ Ֆինլանդիա

9. Պերտ՝ Ավստրալիա

10. Օկլանդ՝ Նոր Զելանդիա

 

Մոնիկա Բելուչիի ամուսնալուծության ադրբեջանական մեկնաբանությունը. պատճառը ադրբեջանցի միլիարդատերն է

Mardan Palace Launch - Press ConferenceԻտալացի նշանավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին ամուսնալուծվում է ամուսնուց՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասելից: Ադրբեջանական մամուլը իր հերթին շտապել է պարզաբանել 17 տարվա ամուսնության ավարտի պատճառները:

 

Ադրբեջանական “Հաքքին” կայքը նշում է, որ համաձայն արևմտյան ԶԼՄ-ների` Բելուչին վերջին շրջանում ակնարկել էր, որ իրենից 2 տարով փոքր ամուսինը շատ խանդոտ է, և իրենք ավելի ու ավելի քիչ են շփվում:

 

Մինչդեռ ադրբեջանական մամուլի վարկածի համաձայն`ամուսնալուծության պատճառը ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովն է:

 

48-ամյա դերասանուհին և 57-ամյա միլիարդատերը ծանոթացել էին 2009-ին Անթալիայում, որտեղ Իսմայիլովը բացել էր իր Mardan Palace հյուրանոցը: 600 վիպ-հյուրերի թվում եղել է նաև Բելուչին:

 

Նշենք, որ Իսմաիլովը ամուսնացած է, ունի 2 որդի:

 

Բաքվում ձերբակալել են 30 երիտասարդի`ֆլեշ-մոբ անցկացնելու համար

4Բաքվի Շատրվանների հրապարակում մոտ 30 երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել:

Ինչպես հաղորդում է “Վիրտուալազ” կայքը, “Ազատ ընտրություններ” գրությամբ շապիկներով երիտասարդները փորձել են ֆլեշ-մոբ անցկացնել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել այդ խաղաղ ակցիան իրականացնել:

Բոլոր երիտասարդ ակտիվիստները ձերբակալված են և գտնվում են ոստիկանական բաժնում:

Մուշում կանգուն մնացած եզակի հայկական տները պահպանության տակ են առնվել

mushԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Մուշում քանդվել են ժամանակին հայերին պատկանող մի շարք տներ: Ահա «Aykırı doğrular» կայքը քիչ առաջ լուր է տարածել, թե Մուշի քաղաքապետի և նահանգապետարանի որոշմամբ հայկական տների քանդումից հետո մնացած մի քանի տուն կհանձնվի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության պահպանությանը:

Նախարարության Վանի մշակույթային ժառանգության պահպանության շրջանային խորհրդի կայացրած որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ հայկական տները հանդիսանում են ճարտարապետական նմուշներ և ենթարկվելու են վերակառուցման՝ նախապես պատրաստված նախագծի շրջանակներում:

Իսպանիայում տարածվել է «Ինչպես ճանաչել ծայրահեղ մուսուլմանին» վերնագրով գրքույկ

girqԻսպանիայի ներքին գործերի նախարարությունը անվտանգության ծառայությանը «Ինչպես ճանաչել ծայրահեղ մուսուլմանին» վերնագրով գրքույկ է բաժանել՝ հանձնարարելով հետևել և հայտնաբերել երկրում գտնվող նման մարդկանց: Հետքրքրական է, որ գրքույկում ներկայացված են այն առանձնահատկությունները, որոնցով կարելի է տարբերակել «ծայրահեղականներին»:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ որպես փորձնական քաղաք ընտրվել է Բարսելոնան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս քաղաքը վերածվում է Հարավային Եվրոպայում ծայրահեղական հավատացյալների հիմնման և գործունեության ծավալման կենտրոնի: Այսպես գրքույկում ներկայացված հատկանիշների հիման վրա ստեղծվել է համապատասխան ֆոտոռոբոտ, որի օգնությամբ կատալոնական ոստիկանությունը հսկողության տակ է առնելու կասկածելի անձանց: Ահա, թե ինչպես են նկարագրվում ծայրահեղական մուսուլմանները վերահիշյալ գրքույկում. «Նոսր բեղերով, 5-10 սանտիմետրանոց մորուքով անձինք, ովքեր լայն տաբատ են կրում, նրանց աշխատանքի վայրը հեռու է գտնվում ալկոհոլի վաճառակետերից, նրանց երեխաները դպրոցում չեն մասնակցում մարմնամարզության դասերին, ռամազանի ընթացքում պաս են պահում, չեն ինտեգրվում հասարակությանը և մտերմություն են անում միայն իրենց նմանների հետ»:

Այնուհանդերձ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կատալոնական կառավարության այս որոշումը անօրինական են համարել՝ այն որակելով որպես մուսուլմանների նկատմամբ սկսված որս:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ

 

 

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, հարազատներին և նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ և մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաև յուրօրինակ հոգևոր կամուրջ է եղել հայրենիքի և սփյուռքի միջև»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահը հանդիպում է ունեցել Կրթության և գիտության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

3630Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին: Կրթության և գիտության նախարարի, փոխնախարարների և աշխատակազմի ղեկավարի զեկույցներից հետո, Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին և պատրաստակամություն հայտնել նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք կարող են վերաբերել ոչ միայն կրթության և գիտության ոլորտին, այլև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին և մեր երկրի անվտանգությանը:

Նախագահը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ և նման հանդիպումներ է ունենալու նաև պետական այդ մարմինների ղեկավար անձնակազմերի հետ: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների և իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին»,-ասել է Հանրապետության Նախագահը: Մինչ այդ, գալիք Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով Նախագահը շնորհավորել է Հանրապետության բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նրանց հաջողություններից է մեծապես կախված, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են լինելու մեր երկրում: Անդրադառնալով երեկ Նախագահի նստավայրում հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտների, միջազգային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» մրցույթում, ունիվերսիադայում մրցանակների արժանացած աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը՝ Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի գերակայություններից են: Ոչ պակաս կարևոր, քան զինված ուժերի զարգացումը:

Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է նախարարությունում և նրան ենթակա պետական հաստատություններում աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջիկա ծրագրերի, մեր երկրում մրցունակ, որակյալ կադրեր պատրաստելու և միաժամանակ հայրենասեր քաղաքացիներ կրթելու ուղղությամբ ոլորտի պատասխանատուներից ակնկալիքների մասին:

«Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ, քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում: Առողջապահական ապահովագրություն ապահովել ենք, բայց պետք է այն հասու դարձնենք բոլոր կարգի ծառայողներին: Եվ այլ ծրագրեր էլ կան: Բայց այս ամենը չի կարող լինել ինքնանպատակ: Մենք պետք է կարողանանք այս միջոցներն օգտագործել արդյունավետ: Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը պատասխանել է նախարարության ղեկավար անձնակազմին հետաքրքրող տարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական գործընթացներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրմանը, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ Ժասմենա Արարատյանին և Ժենյա Ղասաբյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով, ծննդյան օրվա առիթով շնորհավորել նախարարության աշխատակցուհիներից մեկին:

Հանրապետության Նախագահը նախարարությունում դիտել է նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 2012-2013 ուստարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է այդ քոլեջի շրջանավարտներից մեկի՝ Սամվել Գևորգյանի «Բնանկար» յուղաներկ նկարը:

 

Բաշար Ասադը ընտանիքի հետ Թեհրա՞ն է մեկնել

asad  Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պատրաստվում են ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա, մամուլում լուրեր են տարածվում, որ երկրի նախագահ Բաշար Ասադը ընտանիքի և կառավարական մի շարք պաշտոնյաների հետ մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան: Մասնավորապես եգիպտական «El-Nahar» հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել, թե Ասադը երեկ երեկոյան անակնկալ այց է կատարել Թեհրան: Սակայն այս տեղեկությունը չի հաստատվել վստահելի աղբյուրների կողմից:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հարցազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի աշխատակցի հետ, որը հաստատել է այն տեղեկությունը, թե Բաշար Ասադի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Հոմեյնի օդանավակայանում: Սակայն այն լուրը, թե Ասադին ուղեկցել են ընտանիքի անդամներն ու պետական պաշտոնյաներ, առայժմ չի հաստատվել:

ԿԳ նախարարը բուհական կրթության գների մասին` պատրաստ եղեք լավի համար թանկ վճարել

Արմեն ԱշոտյանԱյսօր ԿԳՆ է այցելել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպել  նախարարության ղեկավար կազմի, աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների  ղեկավարների հետ:  Հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել  են  ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, մանրամասնվել են միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` նախագահը հավաստել է, որ կրթության և գիտության ոլորտը նույնքան կարևոր է երկրի համար, որքան պաշտպանությանը:

Անդրադառնալով հարցին, թե նախագահի հետ ինչ են քննարկել բուհական կրթության գների մասին, ԿԳ նախարարը նշեց, որ բանաձևը մնում է նույնը`  լավ սովորող որևէ ուսանող չպետք է զրկվի  կրթության հնարավորությունից. «Ֆիքսվելու է ուսանողական զեղչերի մինիմալ ծավալը, որ բուհերը պարտավոր են լինելու իրենց վճարովի ծառայությունների  բյուջեից ուղղել դեպի ուսանողություն ինչպես նաև հստակեցվելու են սոցիալական խմբերը, որոնց զեղչը երաշխավորվում է օրենքով»:

Խոսելով առաջին կուրսեցիների խնդրի մասին, որոնք ուսանող չեն համարվում, մինչև չվճարեն ուսումնական առաջին կիսամյակի վարձն ամբողջությամբ, Աշոտյանը նշեց, թե մեկ քննաշրջան է հարկավոր հասկանալու ուսանողի առաջադիմությունը:

Նախարարի խոսքով`  գրեթե չկան մասնագիտություններ, որոնցով մեկ-երկու բուհեր  մենաշնորհ ունեն: Տնտեսագետներ պատրաստում են 40-ից ավել բուհեր, իրավաբաններ` 30-ից ավել բուհեր, մանկավարժներ` 20-ից ավելի բուհեր: Եթե որոշում է կայացվում ընդունվել ինչ-որ մի բուհ, ապա այդ կրթական ծրագրի կողքին կա  նմանատիպ էժանը:

«Երբ գնում եք սուպերմարկետ, ընտրում եք ոչ միայն ձեր ցանկություններից ելնելով, այլ նաև ձեր գրպանի հնարավորությամբ, մանավանդ եթե կա միևնույն մթերքի մի քանի տարբերակը, չեք վերցնում ամենաթանկ խմիչքը և փորձում վճարել տեղական արտադրողի գնագոյացման սկզբունքով, դուք ունեք ընտրության հնարավորություն:  Կրթությունը նաև շուկա է ձևավորել:,- ասում է Աշոտյանը:- Ակնհայտ է, որ բոլորի ընտրությունը պայմանավորված է երեք հանգամանքերով` ցանկություն, ունակություն և կարողություն, ընտանիքի հնարավորություն  :

Բժշկական համալսարանը թանկ բուհ է, չնայած չի բարձրացրել ուսման վարձերը: Բժշկական կրթություն մատուցում են 6 բուհեր, որոնք դեռ տալիս են պետական նմուշի դիպլոմ: Ինչո՞ւ ենք ընտրում 800 հազար դրամով բժշկական համալսարանը, եթե 400 հազարով կարող ենք սովորել Հայբուսակում:  Ուրեմն բժշկականը լավ է, չէ, որ ենթագիտակցորեն ընտրում եք բժշկականը: Դե եթե լավն է, ուրեմն պատրաստ եղեք լավի համար թանկ վճարել»:

Աշոտյանի խոսքով` հայաստանյան բարձրագույն կրթությունը շատ խայտաբղետ է`  կողք կողքի առկա են թե լավը, թե վատը. « Չենք կարող ասել, որ ունենք շատ լավ, որակյալ բարձրագույն կրթություն, բայց նաև չենք կարող ասել, որ ունենք վատ  և անորակ բարձրագույն կրթություն: Ունենք բուհեր, ֆակուլտետներ, կրթական ծրագրեր, որոնց մատուցած  կրթական ծառայությունները ամոթ  չէ ներկայացնել արտերկրում, որոնք հետաքրքիր են տեղացի և արտասահմանցի ուսանողների համար, ունենք կրթական ծրագրեր, որոնք հավատարմագրվել կամ հավատարմագրվում են եվրոպական լավագույն հավատարմագրային  գործակալություններում: Դրանց կողքին ունենք կրթական ծրագրեր, որոնց պիտանելիության ժամկետն անցել է, կրթական ծրագրեր, որոնք արդիականացման կարիք ունեն, կրթության կազմակերպման ձևեր, որոնք  այլևս մրցունակ չեն»:

Խոսելով դպրոցական կրթության մասին` Աշոտյանն ասում է, որ ըստ սոցհարցումների հանրությունը դժգոհում է 12-ամյա կրթական համակարգին անցումից, ավագ դպրոցների ստեղծումից և նոր միայն կոռուպցիայից:

« Այսինքն թոփ 3-ի մեջ երկու  բացասական լիդերները ռեֆորմներն են,- ասում է ԿԳ նախարարը:- 12-ամյա կրթության անցել ենք 2006-ից, այսինքն 2018-ին նոր կունենանք 12-ամյա համակարգի առաջին շրջանավարտները: Մինչ այդ 12-ամյա կրթությամբ ոչ մի շրջանավարտ Հայաստանում չենք ունենալու, ո՞նց եք ասում վատն է, եթե դրա պտուղը դեռ չեք քաղել»:

Ավագ դպրոցների առումով էլ, ըստ Աշոտյանի, կա նոր միջավայրին հարմարվելու հոգեբանական խնդիր, բայց դա չի նշանակում, որ համակարգը վատն է:

Մենք վաղ թե ուշ կլուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը. գերմանացի պատգամավոր

markoԳերմանիայի խորհրդարանի իրավական կոմիտեի անդամ, պատգամավոր Մարկո Վանդերվիցը, պատասխանելով Ադրբեջանական եվրոպական միության՝ Լեռնային Ղարաբայի համար հայ-ադրբեջանական հակամարտության հարցով դիմումին, նշել է, որ Խոջալուի օդանավակայանի բացումը կարող է խանգարել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին և հանգեցնել հակամարտության սրմանը:

«Օդանավակայանի բացման շուրջ քննարկումները ցույց են տալիս, թե ինչ արագությամբ կարող են կրկին սրվել երկու երկրների միջև հարաբերությունները: Վաղ թե ուշ մենք կհասնենք այս հակամարտության լուծմանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների օգնությամբ»,-ասել է Վանդերվիցը:

Ինչպես հաղորդում է թուրքական
«Haberler»-ը՝ պատգամավոր Վանդերվիցը նշել է նաև, որ Գերմանիայի քաղաքականությունը միշտ հիմնվել է միջազգային իրավունքի վրա:
«Այդ պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի որոշումը, միանշանակ, վճռորոշ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր գործողություններում»,-նշել է պատգամավորը: