Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գարեգին Բ–ին

downloadԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է տեղադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ.

«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Ամենաբարձր գնահատանքի է արժանի Ձեր ազգանվեր գործունեությունն՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացմանն ու բարգավաճմանը, պետություն–եկեղեցի փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համայն հայության միասնության ու համերաշխության ապահովմանը։

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ հովվապետական վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում։»

 

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայկական եկեղեցի է այցելել

2Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեյվիդ Ռեդդաուեյն այցելել է Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի. տեղեկացնում է “Հայ թերթ” կայքը։

Նա մի քանի կրոնական կենտրոններ այցելելուց հետո ուղևորվել է Կեսարիա, մոմ վառել հայկական եկեղեցում ու նվիրատվություն արել եկեղեցու հիմնադրամին։

Դեսպանը նշել է, որ ժամանակին հայերի և թուրքերի միջև պատմական ու գեղեցիկ միասնություն է եղել, և այդ շինություններն անցյալի ապացույցներն են։

Բրիտանացի դիվանագետը հավելել է, որ երկու ժողովուրդների պատմության ընթացքում որոշ խնդիրներ են առաջացել, որոնք հնարավոր է լուծել, եթե երկու երկրների միջև հանդիպումներ տեղի ունենան։

Հայկական եկեղեցի այցելելուց հետո դեսպանը նաև որոշ մզկիթներ է այցելել և մեկնել Կեսարիայից:

 

Կանայք, կոշիկն ու ավտոմեքենան

ol3001376989392Շատ հաճախ շրջապատում քնադատում են  մեքենա վարող այն կանանց, որոնք նախապատվությունը տալիս են  նորաձև, 10 սմ կրունկով կոշիկներին, չնայած դրանք վարելու իմաստով  այնքան էլ վտանգավոր չեն:

Եվրոպացի մասնագետների անցկացրած սոցիոլոգիական հարցումն օգնեց պարզելու, որ մեքենա վարելու առումով ամենաանհարմար ու վտանգավորը լողաթափերն են, որոնք կարողեն ոտքից դուրս թռչել ամենաանպատեհ ժամանակ: Ուստի, լողաթափերը “հակացուցված” են և ոչ միայն կանանց:

Փորձագետները ընդունել են, որ  կանայք մեծ ռիսկի են դիմում, երբ մեքենա են վարում ոտաբոբիկ, սանդալով, հարթ ներբանով կոշկատեսակներին: Այս իմաստով, բարձրակրունկները, որոնք կրունկի մասում լավ են “դիրքավորվում” ավելի նվազ վտանգավոր են, քան վերը թվարկվածները:

Խաբարովսկի իշխանությունները նշել են քաղաքի տարհանման պայմանները

pic_897e0b00fdf2c8a67f6b4b9e6556486c (1)Խաբարովսկի իշխանությունները   հայտարարել են, որ եթե հիդրոլոգների կանխատեսումները ճիշտ լինեն ու  Ամուր գետի ջրի մակարդակը բարձրանա մինչև 780 սմ, ապա քաղաքից զանգվածային տարհանում կսկսվի:

Քաղաքապետ Սոկոլովի խոսքով, ջրի նման մակարդակի դեպքում տարհանումից խուսափելն անհնար կլինի: Ներկայում ջրի մակարդակը 688 սմ է,այն դեպքում, որ վտանգավոր է համարվում 600 սմ-ն: Քաղաքապետն ասել է, որ նույնիսկ 1 մետր բարձրանալու դեպքում էլ քաղաքի ցածրադիր տեղանքներում ջրասույզ կլինեն կենսական անհրաժեշտության օբյեկտներ:

Դամասկոսի մոտ քիմիական հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

i (1)Ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են պնդում, Ասադի բանակի գրոհի ժամանակ “Երկիր-երկիր” դասի հրթիռներ են գցվել Դամասկոսի մատույցներում: Քիմիական զենքի կիրառման փաստը մոտ ժամանակներում պետք է հաստատի ՄԱԿ-ի հանձնաժողովը:

ՄԱԿ-ի մասնագետներին թույլ է տրվել ուսումնասիրել Սիրիայի որոշ տարածքներ` քիմիական զենքի հետքեր հայտնաբերելու նպատակով. սիրիական իշխանությունները հայտնել էին, որ Հալեպի ծայրամասերում գրոհայինները  նյարդա-անդամալուծող գազ`զարին են տարածել: Տեղեկություն կա, որ զարին են կիրառել նաև Ասադի բանակի զինվորները:

Ադրբեջանում նախագահի թեկնածուների թիվը հասել է 14-ի

1Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 20-ին հաստատել է ևս երկու նախագահի թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը: Իսմայիլ Յուսիֆովը և Էլշան Հասանովը սեփական նախաձեռնությամբ են ներկայացրել իրենց թեկնածությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Յուսիֆովը մինչև 2011թ.-ը եղել է “Դասական ազգային ճակատ” կուսակցության անդամ, իսկ Հասանովը Սոցիալիստական կուսակցության ղեկավարն է: Նշվում է, որ այս կուսակցությունը պետական գրանցում չունի:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել էր  “Ենի Ազերբայջան” կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Իլհամ Ալիևի, “Ազադլըխ” կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջի, սեփական նախաձեռնությամբ թեկնածություն ներկայացրած Իլգար Ալթայի,  “Ումիդ” կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆուադ Ալիևի, Ադրբեջանի քաղաքացիական և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևի, Ադրբեջանի միասնական ազգային ճակատ կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեի, “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության նախագահ Հաֆըզ Հաջիևի, ինքնաառաջադրված  Զահիդ Օրուջի, “Ազգային վերածնունդ” կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆարաջ Գուլիևի և “Արևելք-Արևմուտք” հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուի թեկնածությունները։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 20-ին հաստատել է ևս երկու նախագահի թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը: Իսմայիլ Յուսիֆովը և Էլշան Հասանովը սեփական նախաձեռնությամբ են ներկայացրել իրենց թեկնածությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Յուսիֆովը մինչև 2011թ.-ը եղել է “Դասական ազգային ճակատ” կուսակցության անդամ, իսկ Հասանովը Սոցիալիստական կուսակցության ղեկավարն է: Նշվում է, որ այս կուսակցությունը պետական գրանցում չունի:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել էր  “Ենի Ազերբայջան” կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Իլհամ Ալիևի, “Ազադլըխ” կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջի, սեփական նախաձեռնությամբ թեկնածություն ներկայացրած Իլգար Ալթայի,  “Ումիդ” կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆուադ Ալիևի, Ադրբեջանի քաղաքացիական և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևի, Ադրբեջանի միասնական ազգային ճակատ կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեի, “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության նախագահ Հաֆըզ Հաջիևի, ինքնաառաջադրված  Զահիդ Օրուջի, “Ազգային վերածնունդ” կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆարաջ Գուլիևի և “Արևելք-Արևմուտք” հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուի թեկնածությունները։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:

Սաուդյան թագավորը ինքնաթիռ է տրամադրել 600 կգ քաշով տղամարդուն փրկելու համար

432Սաուդյան Արաբիայում փրկել են 610 կգ քաշ ունեցող տղամարդուն: Հալիդ Շաարին, որի ճշգրիտ տարիքը չի նշվում, միայն ասվում է, որ նա 18-20 տարեկան է, չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Նրան տեղափոխելու համար Էր-Ռիյադի հոսպիտալը ստիպված օգտագործել է պաշտպանության նախարարության ինքնաթիռը: Օդային տրանսպորտը տրամադրել է անձամբ սաուդյան թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզը: Բացի այդ , փրկարարները հատուկ մահճակալ են պատրաստել ու վերամբարձ կռունկ: Շաարին իր ննջարանից չէր հեռացել երկուսուկես տարի: Նրան դռնից հանելն անհնար էր: Փրկարարները ստիպված էին քանդել տան  պատերը, որպեսզի նրան հնարավոր լիներ  իջեցնել երկրորդ հարկից:

Թագավորը կես տարի առաջ որոշեց միջամտել երիտասարդի ճակատագրին: Նա կարգադրեց Շաարին հիվանդանոց տեղափոխել, սակայն դրա  համար կես տարի պահանջվեց: Այդ ընթացքում մահճակալ էին պատրաստում, որը կարող էր նման քաշի դիմանալ:

Հիվանդանոցում երիտասարդը պետք է սննդակարգի հետևի ու ֆիզիկական վարժությունների հատուկ ծրագիր կատարի, որոնք կօգնեն քաշ գցելուն:

Մման քաշով մեկ ուրիշի մասին է հայտնի. ամերիկացի Ջոն Բրաուեր Միննոկը, որը մահացել է 1983-ին, կշռում էր 635 կգ: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, աշխարհի ամենագեր մարդը դեռևս պաշտոնապես համարվում է մեքսիկացի Մանուել Ուրիբեն: 2006-ին նրա քաշը 560 կգ էր Սակայն, մեքսիկացին որոշեց պաքարել ավելորդ քաշի դեմ: Նա հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ու օգնություն խնդրեց և, բուժման շնորհիվ, 2012-ին նա կարողացավ նիհարել մինչև 444 կգ:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր կարող է ազատ արձակվել

1340170257_hosni-mubarakaԵգիպտոսի դատարանը քննարկում է հանրապետության նախկին նախագահ Մուբարաքին ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը: Դրական վճռի դեպքում, հնարավոր է, որ Մուբարաքն ազատ արձակվի այսօր ևեթ:  Դատարանը ձևականորեն կուսումնասիրի Մուբարաքից վերջին ` կաշառակերության վերաբերյալ մեղադրանքը հանելու հարցը: Ու այդ ժամանակ այլևս  նրան հսկողության տակ պահելու պատճառ չի լինի, քանի որ նրա նախնական կալանքի ժամկետն արդեն լրացել է:

“Մնացել է ընդամենը հասարակ ադմինիստրատիվ պրոցեդուրա, որը 48 ժամ կզբաղեցնի”,-կարծում է փաստաբանը: Եթե նույնիսկՄուբարաքն այսօր ազատ արձակվի, միևնույն է, նա պետք է  դատարան ներկայանա 2011-ին ցուցարարների սպանության գործով կրկնակի դատալսմանը:

Ֆիլիպիններում փողոցները վերածվել են գետերի

o_814091Ջրհեղեղները հասել են Ֆիլիպիններ: Մայրաքաղաք Մանիլան ջրի տակ է անցնում: Քաղաքի մեծ մասը հեղեղված է: Առնվազն 7 մարդ է զոհվել: Մի քանիսն անհետացել են: Մանիլայի փողոցները վերածվել են ջրառատ գետերի: Փրկարարները տուժածներին տեղափոխում են ապաստարաններ, չնայած որոշ բունկերների մուտքերը ևս հեղեղված են: Բունկերների ներսում ճիշտ է, ջուր չկա, սակայն մարդիկ դուրս գալ նույնպես չեն կարող: Քաղաքային դպրոցները, բանկերն ու փոստային բաժանմունքները գրեթե չեն աշխատում:

Տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ. «Հրապարակ»

Pjuq8VrQTd0fpIHWJhCw_tn«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը:

Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում:

Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ:

Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել և դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում: «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:- Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանք»: Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ԱՄՆ-ի արևելյան առափնյայում դելֆինների զանգվածային անկում է սկսվել

iՄիանգամից մի քանի նահանգների առափնյայում հայտնաբերվել են 228 սատկած դելֆիններ. հիմնականում սատկել են ափ նետվելու հետևանքով, որտեղից այլևս չեն կարողացել ինքնուրույն ծով վերադառնալ: Մի քանի ժամում էլ սատկում են:

Ամերիկացի էկոլոգները չեն հասկանում, թե զանգվածային անկման պատճառը որն է: ԱՄՆ Ազգային վարչության մասնագետները հայտնել են, որ վերջին 26 տարում  նման երևույթի  առումով ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել այս տարի: Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների նման վարքագիծը ափի երկայնքով տարածված ինֆեկցիան է:

«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել

111123_moodys_reuters_328ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:

«Մուդիս»-ը Հայաստանի  վարկանիշը գնահատել է « կայուն »  Ba2՝ նախորդ տարվա «բացասականի»  փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման  համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը,  ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:

 

 

 

 

Եգիպտոսն օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար Թուրքիային զգուշացնելու համար

Հարութ ՍասունյանԵգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով:

Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը:

Եգիպտոսի նոր ղեկավարները, որոնք վայելում են բնակչության ստվար զանգվածների աջակցությունը, ցասման մեջ ընկան հատկապես այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատեց նախագահ Մուրսիի տապալումն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ցուցարարների սպանությունը: Թուրքիայի վարչապետը չափազանց կոշտ լեզվով դատապարտեց Եգիպտոսի զինվորականությանը՝ «իր զինվորներով, ոստիկաններով և ծանր հրետանու միջոցով ջարդեր իրականացնելու» համար: Հեգնական է, որ Էրդողանը  «համր սատանա» անվանեց բոլոր նրանց, որոնք լուռ են մնում անարդարության դեմ:

Կասկածից վեր է, որ այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, մարդկային ողբերգություն է և օրեցօր դառնում է ավելի ծանրակշիռ: Չնայած ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ քաղաքացիների սպանությունների և խեղումների հանդեպ, այնուամենայնիվ Թուրքիայի վարչապետը վերջին մարդն է երկրագնդի վրա, ով պիտի նման հավակնոտ վերաբերմունք դրսևորեր: Յուրաքանչյուր ոք, ում ձեռքերն արյունոտ են, իրավունք չունի ուրիշին պախարակել: Կարիք չկա վերադառնալ պատմության գիրկը և հիշել Էրդողանի նախահայրերի իրականացրած ցեղասպանությունները հայերի, հույների և ասորիների դեմ: Միայն մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետի սեփական ձեռքերը թաթախված էին արյան մեջ, երբ նա հպարտորեն հայտարարում էր, որ հրամայել է ոստիկանությանը կրակ բացել անզեն ցուցարարների վրա Ստամբուլում՝ սպանելով  հինգ, կուրացնելով տասնմեկ և վիրավորելով ութ հազար մարդու: Հետևաբար, Էրդողանը զրկվել է բարոյական բոլոր իրավունքներից որևէ մեկին դաս տալու ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ:

Եգիպտոսի ներքին գործերին Էրդողանի հաճախակի միջամտությունը և նախագահ Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» նրա հետևողական աջակցությունն այն աստիճանի ատելություն հրահրեցին երկու երկրների միջև, որ Եգիպտոսն ու Թուրքիան հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ էլ ավելի վատթարացնելով իրենց դիվանագիտական հարաբերությունները: Լարվածության սրումը վտանգի տակ է դրել 2 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական ներդրումները Եգիպտոսում և սառեցրել 300 թուրք գործարարների գործունեությունն այդ երկրում:

Ինչպիսի~ փոփոխություն մեկ տարվա ընթացքում… 2012 թվականի մայիսին, երբ Եգիպտոսում էի դասախասություններ կարդալու համար, տեղական թերթերից մեկը հրաժարվեց հրապարակել իմ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանությանը: Ինձ տեղեկացրեցին, որ հաշվի առնելով իսլամական երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, անհնարին կլինի որևէ բան տպագրել ընդդեմ Թուրքիայի:

Հետաքրքիր է, որ նախագահ Մուրսիին իշխանությունից դուրս շպրտելուց հետո մի շարք հոդվածներ հայտնվեցին տասնյակ եգիպտական թերթերում՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, պահանջելով, որ Թուրքիան փոխհատուցում վճարի վերապրողներին և կոչ անելով Էրդողանին ճանաչել իր երկրի քրեական անցյալը:

Ի լրումն այս ամենի՝ օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մի անակնկալ պատգամ տեղադրեց «Թվիթերում»՝ հայտարարելով, որ իր երկրի «ՄԱԿ-ի ներկայացուցիչը վաղը ստորագրելու է միջազգային փաստաթուղթ հայկական ջարդերի ճանաչման մասին, որոնք իրականացվել են թուրքական բանակի կողմից և որոնց հետևանքով մեկ միլիոն մարդ է սպանվել»:

Թեպետ եգիպտական և թուրքական թերթերը լայնորեն հաղորդում են Եգիպտոսի նախագահին վերագրվող թվիթերյան այս հաղորդագրության մասին, մեզ չհաջողվեց ինքնուրույն հաստատել դրա իսկությունը: Սակայն ակնհայտ է, որ Եգիպտոսի ներկայիս կառավարությունն ու մամուլը մտադիր են Հայոց ցեղասպանությունն օգտագործել որպես միջոց հակադարձելու Էրդողանին իրենց ներքին գործերում կոպիտ միջամտության համար:

Հասկանալի է, որ հայերի մեծ մասը դժգոհ կլինի, որ իրենց նախնիների սպանդը քաղաքական շահարկման առարկա է դառնում երկու երկրների միջև: Սակայն, ցավոք, ինչպես միշտ, սա ևս քաղաքականություն է: Եթե Եգիպտոսի նոր ղեկավարությանը ձեռնտու լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա կլինի ողջունելի քայլ: Ավելի լավ է Ցեղասպանությունը ճանաչել` մղվելով որևէ քաղաքական դրդապատճառից, քան չճանաչել՝ սխալ պատճառներով: Ի վերջո, չի կարելի ակնկալել, որ Եգիպտոսի կառավարությունը այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կունենա, եթե այն հակասի իր ազգային շահերին: Այս առումով, Եգիպտոսը չի տարբերվում այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Դամոկլյան սուր պարբերաբար ճոճում են Թուրքիայի ղեկավարների գլխին:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը կախված է այն բանից, թե Կահիրեն ինչ զիջումներ է ակնկալում Անկարայից: Եթե Եգիպտոսը՝ ամենաբազմամարդ արաբական երկիրը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն ջախջախիչ հարված կհասցնի թուրքական կառավարության խելահեղ ջանքերին՝ հակազդելու 2015 թվականին աշխարհով մեկ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Վասն գիտելիքի կամ կրկին շտեմարանների մասին

  1. շտեմարան1Ինչո՞ւ  գրեցի այս հոդվածը

Վաղուց էի մտմտում, բայց շտեմարանների և դրանց հիման վրա կազմված թեստերի շուրջ այնքան աղմուկ կար, որ իրար չէին լսում: Հիմա, երբ կրքերը կարծես մի քիչ հանդարտվել են, երբ հանրակրթական ավագ դպրոցի շրջանավարտները  հայոց լեզվից և հայ գրականությունից լավ-վատ հանձնել են ավարտական, միասնական  քննությունը, արժե արդեն խոսել՝  մի քիչ այլ տեսանկյունից և այլ մոտեցումով:

Միանգամից ասեմ, որ խոսքս ուղղված է մեզ բոլորիս, ովքեր զբաղվում են կրթության և դպրոցի, ինչպես նաև մայրենի լեզվի ուսուցման և դասավանդման հարցերով: Խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել  կամ շարունակում են համագործակցել ԳԹԿ-ի հետ: Գիտեմ, որ թեստ կամ հարցարան կազմելը հեշտ գործ չէ: Ուստի արժանին պիտի մատուցել այն գիտնականներին, որոնք այս կամ այն չափով առնչվել կամ ուղղակիորեն տքնել են՝ ստեղծելու համար թե՛ հարցարանների ժողովածուներ, թե՛ շտեմարաններ, թե՛ թեստեր:  Ընդ որում՝ խոսքս վերաբերում է բոլոր տարիների հեղինակներին՝ սկսած պրոֆեսորներ Պետրոս Բեդիրյանից և Վազգեն Համբարձումյանից մինչև այսօրվա շտեմարանի հեղինակային խմբի յուրաքանչյուր անդամ: Ներեցե՛ք, որ բոլորին հականե-հանվանե չեմ թվարկում. նպատակս սկսած գործի ապագան կամ շարունակությունը տեսնելու միտումն է:

Հոդվածը գրելու պատճառներից մեկն էլ «Անկախ» շաբաթաթերթում (28. 06. 2013թ.) ԳԹԿ-ի ներկայացուցչի հետ լրագրողի հարցազրույցն էր, որտեղ սովորողների գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուն ասում է.  «Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն՝  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային»:

Ասել է թե՝ բողոք չկա, ուրեմն ամեն բան լավ է, եկե՛ք շարունակենք նույն ոգով: Արդյոք պիտի նույն ոգո՞վ առաջ գնանք, թե մի պահ կանգ առնելու և հարցը խորությամբ  ուսումնասիրելու ճիշտ ժամանակն է, քանի դեռ ուսումնական տարին չի սկսվել:

Հաջորդ կարևոր պահը, որն ինձ միշտ զարմացրել է, հենց շրջանավարտի, միասնական քննություն հանձնողի անձի անտեսումն է: Մեծահասակները, կրթության գործի կազմակերպիչներն ամեն ինչ անում են, թվում է, պարմանիների համար՝ անտեսելով և զանց առնելով մեր հասարակության ստվար մի զանգվածի իրավունքները, պետական փաստաթղթերով նրանց առջև դրված  պահանջները, ինչպես նաև ցանկացած պատանու կամ աղջկա պարզունակ թվացող հարցը՝ դա ինձ պե՞տք է …

  1. Կրթության բովանդակությունը ներկայացնող փաստաթղթեր

Նրանք, ովքեր մոտ են կրթական գործին կամ զբաղվում են դրանով կամ էլ գաղափար ունեն տարրական մանկավարժությունից, գիտեն, որ գոյություն ունի «կրթության բովանդակություն» հասկացություն: Կրթության բովանդակությունը սահմանվում և հաստատվում է կառավարության կողմից, ձևավորվում և ամբողջանում է պետական փաստաթղթերով՝ Հանրակրթության պետական չափորոշիչ, սրա հիման վրա՝ առարկայական չափորոշիչ և ծրագրեր, սրանց մեջ արձանագրված պահանջներից ելնելով էլ ստեղծվում,  կազմվում են դասագրքերը և ուսումնաօժանդակ ձեռնարկները:

Հիմա փորձենք  կարդալ և ուղղակի մեջբերել Հանրակրթության պետական չափորոշչի՝ ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության սահմանները նշող հատվածը (armedu.am կամ aniedu.am).  «47. Ավագ դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով (ընդգծումը՝ հեղինակի), սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

2) հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություներին  հաղորդակից  դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների  (ընդգծումը՝ հեղինակի) ձևավորմանը.

3) սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու  անհրաժեշտության  գիտակցմանը.

4) գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

48. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգների (ընդգծումը՝ հեղինակի), հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների,

2) գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարի, հայերենի բառաստեղծման  սկզբունքների,

3) հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկերի, հայ և այլ ազգերի ժողովրդական  բանահյուսության,

4) գրականության պատմության, գրականության տեսության մասին»:

Հայցում եմ ընթերցողների ներողամտությունը այսպիսի ծավալուն մեջբերման համար: Սակայն սա խիստ անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ի՛նչ է պահանջում պետությունը հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողներից և ի՛նչ է ակնկալում ավագ դպրոցի շրջանավարտից: Եթե մի քիչ ավելի սեղմենք և պարզ արտահայտվենք, ապա կառավարության հաստատած փաստաթուղթը սովորողներից ակնկալում է որոշակի գիտելիքներ հայոց լեզվից և հայ գրականությունից, իսկ որ ավելի կարևոր է, այդ գիտելիքների հիմքի վրա որոշակի կարողությունների և հմտությունների  ձևավորում.  ընկալել գրվածքի լեզվաոճական առանձնահատկությունները, բանավոր և գրավոր խոսք կառուցել, ճարտասանական որոշակի հմտություններ դրսևորել: Այսինքն՝ մայրենի լեզվի  և գրականության ուսուցման խնդիրը նախ և առաջ սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը, կյանքի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումն է:

Նկատե՞լ եք, որ նույնիսկ ամենաառօրեական հարաբերություններում հաջողության հասնում են ճարտար լեզու ունեցողները: Գնացե՛ք շուկա, ոչինչ մի՛ գնեք, այլ ուշադիր հետևե՛ք վաճառողների խոսքին, մարդկանց վերաբերվելու հմտությանը: Հաճախ եմ հիացմունքով հետևել  հաղորդակցական և ճարտասանական հմտություններ ունեցող առևտուր անողին, որը շատ արագ և իր ուզած գնով իրացրել է ապրանքը: Սա, անշուշտ, արվեստ է: Մարդը ձեռք է բերել կյանքում իրեն անհրաժեշտ կարողություն՝ առանց հայոց լեզվի քերականական համակարգի մեջ խորանալու կամ անգիր անելու:

Այսպես նաև բոլոր ոլորտներում:  Պահանջվում է կենդանի խոսք, հաղորդակցություն, շփվելու հմտություն, և կրթության բովանդակությունը սահմանագծող փաստաթուղթը ևս հստակ պահանջում է՝ գիտելիք, անշուշտ, բայց ոչ հանուն գիտելիքի, այլ դրա հիման վրա՝ ձևավորել, զարգացնել և շարունակաբար կատարելագործել կարողություններ  և հմտություններ ողջ կյանքի համար, սեփական բարեկեցության ապահովման համար: Չեմ կարծում, որ քերականություն սերտած այսօրվա շրջանավարտը շուկայում առևտուր անող և իր ընտանիքը վարդի պես պահող վաճառականի նման փայլուն խոսքով հանդես գալու կարողությամբ օժտված լինի:

Հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողի առջև այս ընդհանրական փաստաթղթի պահանջներն ավելի ընդգծված են ներկայանում առակայական չափորոշչում և ծրագրերում: Ավագ դպրոցի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի չափորոշչում (armedu.am կամ aniedu.am) առավել հստակ ընդգծվում են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման հիմնական նպատակադրումները՝ սովորողների բանավոր և գրավոր խոսք կազմելու, հաղորդակցական  կարողությունների զարգացումը:

Հիշյալ չափորոշչի Զ կետը (էջ 28-35) ներկայացնում է այն նվազագույն պահանջները, որոնք պարտադիր են ավագ դպրոցի շրջանավարտի համար: Պահանջները ներկայացվում են երեք մակարդակով և երկու համակարգերով՝ ա) գիտելիքների, բ) կարողությունների և հմտությունների:  Սա նշանակում է, որ  ավագ դպրոցն ավարտող ոչ բոլոր շրջանավարտներից պիտի պահանջվեն գիտելիքների և կարողությունների նույն քանակը  կամ մակարդակը: Ասեմ նաև, որ թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները երկու հոսքով են մատուցվում՝  ա) ընդհանուր և բնագիտական հոսքեր, բ) հումանիտար հոսք:

Ամենաթեթև ակնարկն անգամ ցույց է տալիս, որ այս պահանջների մեջ ամենից քիչ տեղ հատկացված է զուտ քերականական կամ գրականագիտական գիտելիքներին, առավել շեշտվում են ձեռք բերած կարողությունները, որոնց առկայության համար կիրառվում են հետևյալ բայ-պահանջները՝ կարդալ, գրել, ձևակերպել, գտնել, որոշել, տարբերել, հարստացնել, բացահայտել, մեկնաբանել, կիրառել, գործածել, համեմատել, քննարկել, կազմակերպել, կառուցել և այլն:  Նշանակում է՝ թեստային կամ  շտեմարանային պահանջները և առաջադրանքները ևս պիտի կառուցվեն այս պահանջներին համապատասխան՝ հենվելով սրանց վրա և ապահովելով պետականորեն  վավերացված  փաստաթղթի  պահանջների  իրականացումը:

Հիմա նորից  դառնամ  ԳԹԿ-ի ներկայացուցչին և շարունակեմ մեջբերումը. «Բազան (շտեմաարնների) կընդլայնվի, …….. որ կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք (ընդգծումը՝ հեղինակի)  ստուգող  առաջադրանքները  շատացնել»:

Բայց չէ՞ որ հենց ԳԹԿ-ի ներկայացուցիչը հիանալի պիտի իմանա պետական փաստաթղթերի բովանդակությունը և տիրապետի դրանց պահանջներին, որ կարողանա ղեկավարել մասնագիտական-առարկայական հանձնախմբերի աշխատանքը: Այնինչ ներկայացուցիչը ևս կա՛մ չգիտի, կա՛մ անտեսում է կառավարության որոշումները և խոսում է միայն գիտելիքը ստուգելու մասին:

Շատ տարօրինակ է, որ աջ ձեռքով դպրոցի համար չափորոշիչներ, սովորողին ներկայացվող պահանջներ ենք մշակում՝ գիտելիք, կարողություն, հմտություն հերթագայությամբ, խոսքի զարգացման և շարունակական մշակման պահանջ ենք դնում, բայց ձախ ձեռքով ստուգում ենք միայն գիտելիքը, որը, ցավոք, պատանուն պետք է միայն թեստային առաջադրանքները կատարելու, որոշակի դրական միավոր վաստակելու և  բուհի ուսանող դառնալու համար:  Մնում է միայն մեկ կամ երկու տարվա դառը հիշողությունը՝ դասուսույցի մոտ վազելու, թութակի պես ուրիշի մտքերը կրկնելու, հայոց լեզվի քերականական համակարգը ցանկացած լեզվաբանից էլ լավ անգիր սերտելու տանջանքը: Իսկ սեպտեմբերին մեր նորաթուխ ուսանողն արդեն իր ուղեղից հիմնովին ջնջում է թե՛ հայոց լեզուն ու ոճաբանությունը, թե՛ հայ գրականությանը և գրականագիտությունը:  Ահռելի և անօգուտ  բեռ, որի համար դիմորդը բավական լավ վճարել  է դասուսույցին:

Եթե մի հրաշքով դառնայի 16-17 տարեկան, դատի կտայի այն մարդկանց,  որոնք շտեմարաններ և թեստեր են կազմում՝ անտեսելով կրթության բովանդակությունը նշող փաստաթղթերի պահանջները, բանավոր և գրավոր խոսք չսովորեցնող, արդեն առաջին դասարանից  շտեմարաններով և թեստերով ինձ վարժեցնող մեծահասակներին, որոնք գիտությամբ զբաղվելու փոխարեն ընկել են դեռահասիս վտիտ ուսերին ու գրպանին և գլուխս  լցնում են կյանքում ինձ պետք չեկող գիտելիքներով:

Ստացվում է, որ մի բան ենք սահմանում, բայց խորությամբ ստուգում ենք միայն մաքուր քերականություն կամ ոճաբանություն, մաքուր գրականագիտություն կամ գրականության տեսություն: Սա քերականություն կամ գրականագիտություն է՝ հանուն … բանասիրության: Զարմանալի է, թե շտեմարաններով քննություն հանձնած և բարձր միավորներ շահած դիմորդին ինչո՛ւ  առանվազն գիտության թեկնածուի կոչում չենք տալիս, քանի որ նա կարճ ժամանակով ավելի շատ բան է գլխում տեղավորում, քան այսօրվա բուհերի՝ կոչում գնած շատ դասախոսներ և գիտության թեկնածուներ…

  1. Շտեմարաններ, ուղեցույցներ

Հիմա աչքի անցկացնենք հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական, միասնական  գրավոր և բանավոր քննությունների ուղեցույցը (հեղինակներ՝  Միրցա Հալաջյան,  Աշխեն Ջրբաշյան, Փառանձեմ  Մեյթիխանյան): Սույն ուղեցույցի 9-րդ էջում կարելի է կարդալ. «Թեստային առաջադրանքները (հայոց լեզվից) կազմվում են հիմնական դպրոցի  «Մայրենի» 5-րդ, 6-րդ,  «Հայոց լեզու» 7-րդ, 8-րդ, 9-րդ և ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների  դասագրքերում  (ընդգծումը՝ հեղինակի) ամփոփված ծրագրային նյութի հիման վրա: Նույն բանը կարդում ենք նաև հայ գրականությունից տրվող առաջադրանքների մասին:  Թեստերն ընդգրկում են դասագրքերի նյութը:

Անշուշտ, կրթության բովանդակությունը ներկայացնում են նաև դասագրքերը, բայց հենվելով չափորոշիչների և ծրագրերի պահանջների վրա: Այսինքն՝ շտեմարան կամ թեստ կազմողները նախ պիտի շատ հանգամանորեն ուսումնասիրեն պետական փաստաթղթերը, դրանց պահանջները, հետո միայն, թերևս հպանցիկ  անդրադառնան դասագրքային նյութին:

Այնինչ  թեստ  կազմողները միայն ու միայն դասագրքերով են առաջնորդվում: Իսկ դասագրքերը հիմնականում ներկայացնում են ծրագրային նյութը, այսինքն՝ ապահովում են գիտելիքի հոսքը՝ առանց ձևավորելու կարողություն և հմտություն: Սա արդեն մեթոդական-մանկավարժական խնդիր է, որն ուսուցիչը պիտի ապահովի համապատասխան մեթոդամանկավարժական պատրաստականությունից հետո: Չնայած լավ դասագիրքը գիտելիքի մատուցմանը զուգահեռ պիտի ընդգրկի այնպիսի  առաջադրանքներ, որոնք սովորողին մտածել կտան, կստիպեն սովորած  քերականական գիտելիքը կիրառել սեփական բանավոր և գրավոր խոսքում, գրականագիտական երևույթները ինքնուրույնաբար գտնել և ցույց տալ կարդացած գրական երկում:

Գիտեմ, որ ավելի հեշտ է գիտելիքի ստուգման առաջադրանքներ կազմել, քան կարողության և հմտության ստուգման: Սա մանրակրկիտ ու հետևողական աշխատանք է պահանջում. այս դեպքում խաչվում են մի քանի գիտություններ՝ սկսած մեթոդաբանությունից և հոգելեզվաբանությունից  և վերջացրած տրամաբանությամբ և թեստաբանությամբ: Ավելին՝ շտեմարան և թեստ կազմողները դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդելու փորձ պիտի ունենան:

Բացի դրանից, ցանկացած լեզվի քերականություն կենդանի և կենսունակ է  խոսքի ոլորտում: Նախադասությունից դուրս դժվար է որոշել  բառերի խոսքիմասային պատկանելությունը, օրինակ՝ Տրված բառաշարքում քանի՞ վերաբերական կա (Շտեմարան 1, էջ 56, հ. 121): Կամ էլ զուտ մեքենայական աշխատանք է, որ տեքստի մեջ պիտի հաշվի գոյականների, ածականների, դերանունների  և այլնի քանակը: Ասենք, հաշվեց, տեսավ, որ կա վեց ածական (բայ, դերանուն և այլն): Հետո ի՞նչ:

Մեթոդական առումով տեղին չէ նաև անընդհատ պահանջել, որ գտնի սխալը: Լավագույն դեպքում պիտի գտնի և ուղղի կամ էլ ճիշտ ձևը պիտի տրված լինի, որ դիմորդը գտնի և տեղադրի համապատասխան տեղում: Թեստ կազմելու մշակույթը պահանջում է դա: Թեստն իր մեջ պարունակում է ճիշտ պատասխանը, դիմորդը պիտի հենց այդ ճիշտը հայտնաբերի՝ տրամաբանորեն, մտածելով, հենվելով իմացածի վրա: Թե չէ գտավ կամ էլ պատահականորեն ճիշտ նշեց, որ այսինչ համարի նախադասության մեջ բառագործածության սխալ կա: Ի՞նչ ստուգեցինք: Սա նույնիսկ գիտելիք էլ չէ, այլ բախտախաղ. բախտս բերեց՝ ճիշտ կնշեմ ու վերջ: Ուզում եմ հասկանալ՝ այսպիսի մեքենայական նշումները ի՛նչ են տալիս մեզ, կամ ինչի՛ց ենք իմանում, որ համապատասխան թիվը նշող դիմորդը գիտի նաև դրա ճիշտ լուծումը:

Ահա 57 էջի առաջադրանքը (Շտեմարան 1, համար 122-125). Տրված բառերից քանիսը կարող են գործածվել տարբեր խոսքի մասերի արժեքով: Մաքուր քերականական գիտելիք՝ հանուն քերականության: Ասենք թե պատահականորեն նշեց ճիշտ մեր ուզած թիվը: Արդյոք դիմորդը հստակորեն պատկերացնո՞ւմ է, թե իր նշած ժամանակ բառը ե՛րբ է իբրև գոյական գործածվում, իսկ երբ՝ կապ: Կամ դա նրան երբևէ պետք գալո՞ւ է:

Նույնպիսի առաջադրանքներ սփռված են շտեմարանի բոլոր հատորներում: Ահա երկրորդ հատորում 48-65 համարի առաջադրանքներում պահանջվում է նշել, թե կազմությամբ ածանցավոր քանի՛ բայ կա տրված տեքստում կամ նախադասություններում (էջ 47-66):

Ենթադրենք ՝ ճիշտ նշեց, որ կա տասը բայ, իսկ ի՞նչ իմանանք՝ այդ դիմորդը խոսելիս ճի՞շտ է գործածում դրանց խոնարհման ձևերը, արդյոք չի ասում՝  թռչի՛ր, լվացրո՛ւ, բաժակս  լցրա՛,  աշխատանքս  վերջացրեցի և խոսքային այլ «գոհարներ»:

Իսկ հայ գրականության առաջադրանքներն ուղղակի դասագրքերի սերտողություն են պահանջում: Շատ հանգիստ կարելի է «Քաոս» վեպը չկարդալ, բայց դրան վերաբերող թեստային առաջադրանքներն անթերի կատարել:

Մեզանում այս էլ քանի տարի գրեթե կատարելագործման հասցվեցին գիտելիք ստուգող, ավելի ճիշտ՝ սերտողություն պահանջող առաջադրանքները: Այսօր բոլորն էլ գոհ են. շտեմարաններ կան, կնստեցնեն  դիմորդներին  և անգիր անել կտան, կվաժեցնեն և կմարզեն լավագույնս, հետո էլ կպարծենան դիմորդների ստացած միավորներով, որ հետո նոր ուսումնական տարվա համար քերականություն և գրականագիտություն  սերտած  ուսանողների  նոր խմբաքանակ մատուցեն բուհին:

Բայց եկե՛ք դիտարկենք քերականախեղդ և գրականախեղդ եղած ուսանողի հետագա ճակատագիրը …

  1. Ուսանող դառնալուց հետո

Եվ այսպես՝ քերականություն, գրականագիտություն և այլ –ություններ, դասագրքերի հեղինակների մտքերն առանց հասկանալու սերտած և անգիր արած ուսանողը հայտնվում է բուհում: Նա վերջապես ազատագրվել է թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից:

Այստեղ պիտի բացահայտվի, որ շտեմարաններով կամ թեստերով իրենից ի՛նչ պահանջել են, երբեք էլ պետք չի գալու: Ընդհակառակը, հիմա նրանից պահանջվում է  մասնագիտական գրականություն կարդալ, կարդացածը հասկանալ, շարադրել սեփական բառերով, կարծիք հայտնել, մասնակցել սեմինարների և գործնական աշխատանքների, զեկուցումներ, ռեֆերատներ, անհատական և կուրսային աշխատանքներ գրել, լսարանի առջև ելույթ ունենալ, մասնակցել զանազան քննարկումների, բանավեճերի և այլն և այլն: Ի դեպ, աշխատանքի այս տեսակները պահանջվում  են նաև ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության չափորոշիչով:

Ահա մեր նորաթուխ ուսանողը խիստ զարմացած և շփոթված է. նա սովոր է անգիրի, իսկ այստեղ ասում են՝ մտածի՛ր, դատի՛ր, կարծի՛ք հայտնիր: Նա պատրաստ չէ. նրան դպրոցում դա չեն սովորեցրել, նա չի կարողանում իր մտքերը, կարդացածը հասկանալի, գրական լեզվով շարադրել, գիտական լեզվով հաղորդակցվել, պահանջվող  աշխատանքը կատարել: Նորաթուխ ուսանողը հանկարծ հասկանում է, որ իրեն խաբել են. սովորեցրել են գիտություն հանուն գիտության, բայց չեն տվել մտածելու, տրամաբանելու, խոսք կազմելու կարողություն և հմտություն: Այնինչ ավագ դպրոցում թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության դերը (հատկապես ոչ հումանիտար հոսքում) հիմնականում խոսքի ուսուցումը և զարգացումն է:

Այսպիսի անել վիճակում հայտնված ուսանողն սկսում է քրքրել համացանցը, ուշադրությամբ կարդալ բոլոր հայտարարությունները և վազել, վճարել և գնել անհրաժեշտ անհատական, կուրսային  աշխատանքները, անգամ մագիստրոսական, հետո էլ թեկնածուական թեզերը:

Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ հիանալի ձևով մարդուն սովորեցրինք վճարել իր չունեցած կարողությունը ձեռք բերելու համար: Արդյոք սա չի՞ խոսում պետական մտածողության բացակայության կամ կրթական գործի հանդեպ անտարբերության մասին:

Վաղը, այս պատանիներն ու աղջիկները կավարտեն բուհը, ուսումը կշարունակեն դրսում կամ չեն շարունակի, ու քանի որ կիրառական օտար լեզուն ավելի հեշտ է նրանց տրվում, խաչ կդնեն թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության վրա: Հետո էլ զայրանում ենք, թե ի՜նչ սերունդ է, չի հարգում, չի սիրում իր լեզուն, իր արմատները, մեսրոպյան տառերը: Բայց չէ՞ որ մենք՝ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներս, բոլոր դասատուներս, բոլոր մեծահասակներս ենք նրան խռովեցրել մեր լեզվից և մայրենի գրականությունից անհետաքրքիր, տաղտկալի շտեմարաններով և թեստերով՝ խախտելով պետականորեն վավերացված փաստաթղթերի պահանջները…

  1. Ի՞նչ եմ առաջարկում

Ընթերցողը հիմա իրավամբ կհարցնի՝ ի՛նչ առաջարկներ կան: Քանի որ երկարեց խոսքս կարճ կապեմ և խոնարհաբար դիմեմ մեզ՝ բոլորիս: Եկե՛ք՝

  1. Հանգամանորեն ուսումնասիրենք պետական փաստաթղթերը, հայոց լեզվի, հայ գրականության առարկայական չափորոշիչները և ծրագրերը,   առաջնորդվենք դրանց պահանջներով, շտեմարաններ և թեստային առաջադրանքներ կազմենք դրանց հիման վրա:
  2. Եթե հնարավոր է, ավագ դպրոցներում ավելացնենք հայոց լեզվի ստուգման ևս մեկ փուլ. բանավոր խոսք և ելույթ հանրության առջև: Եթե սովորողը չի հաղթահարում այս փուլը, նա չի մասնակցում պետական ավարտական, միասնական քննությանը:
  3. Հայոց լեզվի, հայ գրականության շտեմարաններ կազմող  աշխատանքային խմբում  ընդգրկենք բանասեր-մեթոդաբանների, ովքեր հմտացել են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդական բնագավառում, որպեսզի շտեմարաններում ապահովվի գիտելիք, կարողություն, հմտություն  ստուգող առաջադրանքների հերթագայությունը:

Ի դեպ, գործող շտեմարանների հեղինակներից   միայն մեկն է մանկավարժական գիտությունների թեկնածու, երկու հոգի էլ  ուսուցիչ են, մնացածը բանասիրական գիտությունների դոկտորներ կամ թեկնածուներ են: Այնինչ պիտի ճիշտ հակառակը լիներ. երկու- երեք գիտնական, մնացածը՝ մեթոդաբան-մանկավարժ կամ էլ ուսուցիչ:

  1. Համարձակություն ձեռք բերենք և թեստերում ընդգրկենք խոսք կառուցելու պահանջ. կարծում եմ՝ մեր հանրապետությունում կարելի է գտնել 10-12 անաչառ և չվաճառվող մասնագետ, որոնք կստուգեն սովորողների  շարադրանքները:
  2. Վերջապես տարբերակենք և առանձին թեստերով ստուգենք հումանիտար և ոչ հումանիտար հոսքերի  շրջանավարտների՝ հայոց լեզվից և հայ գրականությունից ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները:
  3. Դպրոց մտնող մեթոդիստներին և պաշտոնյաներին խոնարհաբար խնդրենք, որ ոչ թե մանրուքների  հետևից  ընկնեն (ասենք՝ դասի թեման ինչպես գրանցել մատյանում և այլն) և ուսուցիչների գլխին դամոկլյան սուր շողացնեն, այլ սիրով, համբերատարությամբ, սովորեցնելով հետևեն՝ ժամանակ  և հնարավորություն, ինչպես նաև համապատասխան պատրաստականություն ունե՞ն արդյոք հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողները՝  սովորողների  հաղորդակցական, ստեղծագործական կարողությունների,  բանավոր և գրավոր խոսք կազմելու հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատելու  համար:

Թամար  Ալեքսանյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

Արժեքները եւ այլընտրանքայինները

Շահան Գանտահարյան Այլընտրանքային լրատվադաշտը, կամ ավելի մատչելի ընկալման համար՝ սոցցանցերը, հասանելիության նորանոր տարածքներ են նվաճում, մագլցողականության աննախադեպ եւ նույնիսկ անհաշվարկելի օգտատերերի դաշտ մուտք գործելով կայծակնային արագությամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականություններով:

Կացությունը հասել է այնտեղ, որտեղ լրատու գործակալությունը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նյութերի տարածման համար ոչ թե մնում է այլընտրանքային լրատվադաշտի հետ, այլ օգտագործում է այն` իր հրապարակած նյութերի տարածման  համար: Այսօր գրեթե չկա թերթ կամ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոց, որ ֆեյսբուքի իր էջերով հատուկ ճիգ չի խնայում իր ընթերցող հասարակության թիվը բարձրացնելու համար: Քանակական ոստումներ կատարելու ինքնամղումից մեկնած թերթերի ընկերային էջերը աշխատում են օրն ի բուն, ժամ առ ժամ, րոպե առ րոպե, մի ժամ առաջ իսկ թողարկված լրատվությունը ժամանակավրեպ չդարձնելու համար: Ներկա ժամանակներում թարմացման կշռույթը վայրկյանական է, իսկ հետ մնալը, կամ թարմացման ժամանակակից կշռույթը չհարգելը պարզապես անմրցունակության ցուցանիշ է:

Արագությունն ու զգայացնցումը այսօրվա լրատվության արժեքային համակարգի առաջին չափանիշերն են դարձել: Մնացյալը թվում է, թե երկրորդական նշանակություն ունի: Հավաստիությունը, առարկայականությունը, լրագրական բարոյագիտությունը, ինքնագրաքննությունը եւ նման այսօրվա ընկալմամբ դասականացած արժեքները այլընտրանքային լրատվադաշտի համար ժամանակը կորցրած «ապրանքանիշեր» են, որոնք շուկայի կողմից պահանջարկ չունեն:

Այս մասին տակավին կարելի է երկար գրել, օրինակներ մեջբերել, դասական եւ այլընտրանքային լրատվադաշտերի մասնագիտական համեմատությունը կատարել: Այս նախաբանը ամփոփ բնութագիրն է այսօրվա պատկերի, պարզապես արագ անցում կատարելու համար դեպի հայկական տեղեկատվական այլընտրաշխարհը:

Տաբուներ քանդող լուր տարածելու ներկա կարելիությունները քանդում են նաեւ այն պատնեշները, որոնք սկզբունքով պիտի սահմանազատեին մարդ անհատը եւ տվյալ հաստատության կամ կազմակերպության լուր տարածելու կարելիությունները: Այսպես. եթե մի թերթ հազարավոր բարեկամ ունի ֆեյսբուքի վրա, շուրջ նույնքան բարեկամ – ուրեմն նաեւ ընթերցող կարող է  ունենալ անհատը այսօր, որ հավասար միջոցն ու հավասար քանակը կարող է  ունենալ պաշտոնական թերթի հետ` իր խոսքը տարածելու, իր կարծիքը ընթեռնելի դարձնելու, այլ խոսքով ինքնադրսեւորվելու: Զգայացունց գրառումը բավարար է, որ հանկարծ արագությամբ աշխատեն «լայքերը, շեյրերը, ռիքոմենտները» եւ գրառումը տարածվի ու տարածվի  անընդհատ` հասնելով ծանոթին ու անծանոթին: Այս մեքենական շրջանառությունները հաճախ զուգորդվում են մեկնաբանություններով, տեղի-անտեղի կարծիքներով, երբեմն նյութում չտեղավորվող, երբեմն անտեղի հաստատումներով: Կարեւորը այն է, որ քանակի աստիճանաչափը հարվածվում է, մարդիկ իրազեկվում են այն ինչի մասին, որ օգտատերը  ուզո՛ւմ է, որ համացանցային հասարակությունը եւ մեր դեպքում ֆեյսբուքահայությունը իմանա: Կշռույթն ու տարողությունը հասել են այնտեղ, որտեղ քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարություն կատարելու փոխարեն հետզհետե ավելի հաճախակի նախընտրում է դիմատետրի կամ դայլայլիի (թվիթերի) իր էջի վրա գրառում կատարել, որին հղում կկատարեն զանգվածային լրատվամիջոցները:

Վիճարկելի չէ այն տեսակետը, որ ժամանակակից միջոցները պետք է օգտագործել առավելագույնս հայկական լրատվությունները տարածելու համար: Սակայն, անտառի օրենքով կառավարվող այս տարածքներում հաճախ հարվածվում են մեր ազգային արժեհամակարգի հենասյուները: Ոչ հեռու անցյալում էր, որ հարվածվեց մեր բանակը, երբ յութուբի վրա ցուցադրվեցին հայ սպայի կողմից հայ զինվորի նկատմամբ ստորացման նկարահանումները: Աշխարհին հասանելի դարձան նմանատիպ պատկերներ, որոնք խորքում հայ կրթահամակարգը խնդրո առարկա էին դարձնում: Պատահական չէին այս հրապարակայնացումները: Կրթական ոլորտում տարածաշրջանային մակարդակի վրա մրցանիշեր ապահովելու կամ Երեւանի` Համաեւրոպական բարձրագույն ուսումնական կենտրոնի վերածման միջոցին կատարվեց հայ դպրոցին վերաբերող գայթակղության բացահայտումը: Հայկական բանակի մարտունականության, ընդ որում դարձյալ տարածաշրջանային առումով անգերազանցելիության մասին գնահատականների միջոցին, հրապարակվեցին հայկական բանակի, հայ սպայի ու հայ զինվորի նկատմամբ առնվազն ոչ բարենպաստ պատկեր ստեղծող պատկերներ:

Իսկ հիմա՞: Հայ առաքելական եկեղեցին դարձել է այլընտրանքային լրատվադաշտի առանցքային նյութի առումով վերջին նորաձեւությունը: Այս մարզում, իհարկե խնդիրներ կան, սրբագրելի կետեր կան, բարեփոխության առաջադրանքներ կան, որոնք պետք է քննարկել եւ առաջնորդել լուծման: Բերենք միայն վերջին օրինակը, առանց որեւէ կողմնորոշման: Պարզ այն հարցումը, թե ինչպե՞ս է պատահում, որ Երուսաղեմի պատրիարքի՝ Ամենայն հայոց վեհափառին հղած նամակը նախքան առաքվելը հայտնվում է նույն այդ այլընտրանքային լրատվամիջոցի զանազան տարածքների վրա եւ վերը նշված միջոցներով, արագությամբ եւ մեկնաբանություններով տարածվում է, մեկնաբանվում։

Հրապարակումները, որոնք պատշաճ ոճով եւ նույնիսկ քննադատական մոտեցումով են խոսում եկեղեցու բարեփոխությունների եւ հավելյալ ժողովրդավարացման անհրաժեշտության մասին, կարելի է շատ հանգիստ եւ բնական ընկալել: Սակայն, անկախ նրանից, որ հայ եկեղեցու պառակտման մասին կատարվող նկատողություններն ու կարծիքները կամ վարկաբեկիչ նյութերի երեւալը կարող են նպաստել աղանդավորական շարժումների ենթահողի ձեւավորմանը, հարցը պետք է դիտարկել նաեւ քաղաքական դիտանկյունից:

Կիլիկիո կաթողիկոսության առած  ուղենշային քայլից հետո` միջազգային օրենսգետների մասնակցությամբ Ցեղասպանության ճանաչումից հատուցում անցում կատարելու գիտաժողովի կազմակերպումով, երկու վեհափառ հայրապետների պահանջատիրական համատեղ հայտարարությունն ու միացյալ կեցվածքը վստահաբար  անհանգստացնում էին շատ շատերին: Ուրեմն պետք էր ջլատել այս համատեղումը: Որովհետեւ թե՛ Էջմիածինը, թե՛ Անթիլիասը, թե՛ Երուսաղեմը եւ թե՛ Պոլիսը իրենց նվիրապետական աթոռների ճանապարհով այսօր նախապատրաստվում են իբրեւ իրավատեր ու պահանջատեր ներկայանալ Անկարային` վերականգնելու համար մեր համազգային պահանջատիրության մեկ կարեւոր բաժինը: Ահա թե ինչու առավել համոզիչ է դառնում, որ պատահական չէ պատրիարքական աթոռից Էջմիածին հղվելիք նամակի արխիվից սպրդումը եւ նախքան հասցեատիրոջը հասնելը երեւալ միեւնույն այլընտրանքային լրատվադաշտի տարածքների վրա:

Հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ տեղեկացվածությունը ներկա ժամանակների պահանջած կարգախոսներն են: Այս կարգախոսների շահարկման ճանապարհով ազգային արժեհամակարգի դեմ հարված է տեղի ունեցածը այսօր, որ վաղը կարող է կերպարանափոխվիլ եւ հարվածել միեւնույն համակարգի այլ արժեքները, որոնք հայտնաբար թիրախի են վերածվել: Մանավանդ որ ազգովին հատուցման պահանջատիրական թղթածրարի պատրաստության մեջ ենք բոլորս: Հայկական զանգվածային լրատվամիջոցները այս հանգամանքները նկատի առնելու հարկադրանքի առջեւ են կանգնած: Նաեւ այլընտրանքայինները:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր