Կարգալուծությունները Գարեգին Բ Կաթողիկոսի անվան հետ կապելն անհեթեթություն է

Mayr-Ator Վերջին շրջանում մամուլում հաճախ է շրջանառվում Եկեղեցուց հեռացած հոգևորականների թվի աճման հարցը, որի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի հետ, որի գործունեության հետ են առնչվում նաև եկեղեցականների հարցերը:

-Տե՛ր Հայր, ինչպես կմեկնաբանեք եկեղեցականների կարգալուծության մասին մամուլում շրջանառվող լուրերը, որոնք հատկապես կապակցվում են Գարեգին Բ կաթողիկոսի անձի հետ:

-Եկեղեցին գործող օրգանիզմ է, և ձեռնադրությունների հետ կան նաև կարգալուծության դեպքեր: Այս երևույթը գոյություն է ունեցել Եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում: Կարգալուծությունները կապելը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ`բացարձակ անհեթեթություն է: Եկեղեցականների վերաբերյալ վիճակագրությունը բոլորովին այլ է: Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետության տարիներին ձեռնադրություն են ստացել և ծառայության կոչվել 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 թ, որոնցից`  29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա, որոնք իրենց սպասավորությունն են իրականացնում հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տեղին է նշել նաև, որ Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատությունների շարքում ի թիվս Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի ավելացել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանը: Այս չորս հաստատություններում ուսանում են 247 ուսանողներ:

Ինչ վերաբերում է ծառայությունը թողած եկեղեցականներին՝ դրանց թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել.

ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Հիշյալ դեպքերում եկեղեցականները ծառայությունից ազատվել են եկեղեցական կանոնական սկզբունքների շրջանցման համար, ինչպես օրինակ մի դեպքում եկեղեցականի փաստացի ամուսնալուծությունը, մեկ այլ դեպքում անգամ քրեական հանցակազմի առկայությունը և այլն:

Ինչ վերաբերում է կարգալույծ բառի գործածությանը, ապա կարծում ենք, որ հասարակության մոտ որոշակի շփոթ կա այս հասկացության ընկալման առումով: Հաճախ այն մեկնաբանվում է որպես որոշում, որով եկեղեցականին հեռացնում են ասպարեզից, առանց նրա ցանկության և կամքի հետ հաշվի նստելու: Սակայն ինչպես արդեն վերը նշեցինք կարգալույծ արվածների ստվար հատվածը ասպարեզը լքել է սեփական նախաձեռնությամբ` ներկայացնելով իր դիմումը կամ փաստացի հրաժարվելով իր ծառայությունից:

-Ինչ ընթացակարգով է տեղի ունենում ծառայությունից հրաժարված հոգևորականների կարգալույծ հռչակումը:

–Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ հոտի փաստացի լքումի դեպքերում կարգալուծության տնօրինությունը ուղղակիորեն կատարվում է Վեհափառ Հայրապետի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցական սպասավորի կարգազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում են Նորին Սրբությանը և արդյունքում կատարվում է Հայրապետական տնօրինություն:

 

Սեդա Մանուկյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետեւանքներով

Շահան ԳանտահարյանՍիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:

Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարեւորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետեւանքներից:  Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաեւ շրջանային կարեւոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաեւ Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը եւ վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը եւս կներգրավի պատերազմին:

Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին եւ մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձեւված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ  կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:

Ուղերձը խառն է եւ միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն  է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն,  այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետեւանքներից:

Իսկ հիմա մտածենք նաեւ, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետեւանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերեւացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչեւ հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաեւ ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միեւնույն տարածքների վրա:

Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի եւ Իրանի միջին արեւելյան կարեւորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետեւանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Հոնգ Կոնգի օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով՝ զբոսաշրջության պատասխանատուները պարզ երկինք պատկերող պաստառ են տեղադրել զբոսաշրջիկների համար

Hong Kong 7Հոնգ Կոնգի երկիքը այնքան աղտոտված է, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները տեղադրել են պարզ օրերին երկինքի պատկերով պաստառ, որպեսզի զբոսաշրջիկները լուսանկարվեն դրա մոտ:

Մոնիտորինգային կայանի տվյալներով՝ այս շաբաթ Հոնգ Կոնգի օդի աղտոտվածությունը մեծացել է, որի մեջ գրանցվել է թունավոր օզոնի և ազոտի երկօքսիդի բարձր ցուցանիշ:

Ծուխը մեծ խնդիր է Չինաստանի համար, որի պատճառով երկրի հյուսիսում բնակվողների կյանքի տևողությունը հինգ և կես տարով նվազել է:

Հետազոտողների տվյալներով՝ 1990-ականներին հյուսիսային շրջաններում բնակվող կես միլիարդ մարդ երկրի հարավային շրջանների բնակիչներ համեմատությամբ 5 և կես տարի պակաս է ապրելու՝ ածխի այրման արդյունքում առաջացած աղտոտված օդը շնչելու պատճառով:

Չինաստանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ձմռանը տաքանալու նպատակով անվճար ածուխ է տրամադրում միայն հյուսիսի բնակիչներին:

Այս տարվա սկզբներին ավազե փոթորկից հետո Պեկինում օդի որակը երբևէ գրանցված ամենավատ ցուցանիշին էր հասել, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը անվտանգության սանդղակից բարձր էր 30-ից 45 անգամ:

 

Թուրքական «Գալաթասարայը» մտադիր է ձեռք բերել Ֆաբիո Կուենտրաուին

coentraoԹուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը թիմի համար սկսել է ձախ պաշտպանի դիրքում խաղացող ֆուտբոլիստ փնտրել՝ ամենահավանական թեկնածու դիտարկելով իսպանական «Ռեալ Մադրիդի» խաղացող Ֆաբիո Կուենտրաուին: Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամը»: Թերթը նշում է, որ երկու ակումբները համաձայնության են եկել, ըստ որի Կուենտրաուն 12 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի թուրքական ակումբ: Սակայն 25–ամյա պաշտպանին ձեռք բերելու ճանապարհին «Գալաթասարայի» համար միակ արգելքը Կուենտրաուի անվճռականությունն է: Եթե այնուհանդերձ Ֆաբիոն որոշի լքել Մադրիդը, ապա թուրքական ակումբը պատրաստ է նրան տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ վճարել:

Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել

4Ադրբեջանական բանակում զինվորի ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել:

Ադրբեջանի Գյոյթեփե քաղաքում տեղակայված Սահմանապահ զորքերի զինծառայող Նոֆել Մամեդովը կախվել է: Ինքնասպանության պատճառը դեռևս հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, 1994թ.-ին ծնված Նոֆել Մամեդովը զորակոչվել էր Գերանբոյի շրջանից:
Հարուցվել է քրեական գործ, փաստի կապակցությամբ կատարվում է հետաքննությունը:
Կանյքը տեղեկացնում է, որ համաձայն ոչ պաշտոնական վիճակագրությանը` 2013թ.-ի ընթացքում Ադրբեջանում մահացել է ավելի քան 60 զինվորական, վիրավորվել`70-ը:

Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլըի փաստաթղթերը

3Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Ջամիլ Հասանլըի` կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ներկայացրած փաստաթղթերը: Վերջինս Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (ԴՈւԱԽ) երկրորդ միասնական թեկնածուն է:

Հասանլըն այդ փաստաթղթերը ԿԸՀ-ին էր ներկայացվել օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի առաջին միասնական թեկնածում Ռուստամ Իբրահիմբեկովն էր: Օգոստոսի 23-ին կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում Հասանլըն ընտրվել էր որպես ընդդիմության երկրորդ միասնական թեկնածու, եթե ԿԸՀ-ն չհաստատի Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Օգոստոսի 27-ին ԿԸՀ-ն մերժել էր Իբրահիմբեկովին, քանի որ վերջինս և՛ Արբեջանի, և՛ Ռուսաստանի քաղաքացի է, մինչդեռ նախագահի թեկնածուն պետք է լինի միայն Ադրբեջանի քաղաքացի:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:

Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

10641_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները ևս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:
Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:
Կողմերը կարևորել են նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում:

Բոլորս ծագումով Մարսի՞ց ենք

marsԻտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ առաջ է քաշվել մի վարկած, ըստ որի աշխարհում գոյություն ունեցող կյանքը սկիզբ է առել Մարս մոլորակից: Այս նոր հետազոտության համաձայն՝ միլիոնավոր տարիներ առաջ Մարսը կյանքի համար ավելի նպաստավոր պայմաններ է ունեցել, քան Երկիր մոլորակը:

Ինչպես գրում է թուրքական «Ռադիկալը»՝ վերոնշյալ տեսության հեղինակները հետազոտել են մոլեկուլների ձևավորման մեխանիզմը և արձանագրել, որ որպեսզի ատոմները միավորվեն և վերածվեն մոլեկուլների, նրանց անհրաժեշտ են բոր և մոլիբդեն պարունակող տարրեր: Ահա միլիոնավոր տարիներ առաջ Երկիր մոլորակում բավարար քանակի բոր գոյություն չի ունեցել, իսկ մոլիբդենը քիմիական ճիշտ ֆորմուլային համապատասխան չի եղել:
Բիոքիմիայի պրոֆեսոր Սթիվեն Բրեները կարծում է, որ մոլիբդենի օքսիդացված վիճակը, որն անհրաժեշտ է կյանքի համար, Երկիր մոլորակից առաջ Մարսում է կազմավորվել: Ըստ պորֆեսորի՝ առաջին կենդանի մոլեկուլները կազմավորվել են Մարսում, ապա երկնաքարերի միջոցով տեղափոխվել են Երկիր: Չնայած գիտնական Բրեները համուզմունք է հայտնում, թե կյանքը Մարսում է սկսվել, այնուհանդերձ այն կարողացել է շարունակվել միայն Երկիր մոլորակում:

 

Կրթական համակարգի սեպտեմբերյան անակնկալները

Արմեն-ԱշոտյանՀայաստանում վիճակագրական տվյալներ չկան բուհ ընդունված, սակայն վարձավճարը չվճարելու պատճառով բարձրագույն կրթական համակարգից դուրս մնացած ուսանողների մասին: Այնուամենայնիվ, առանց  դրա էլ տեսանելի է, որ ցուցանիշներն այնքան էլ մխիթարական չեն: Իհարկե, արտասահմանյան երկրներում էլ այսպիսի խնդիրներ կան, սակայն այնտեղ այս  խնդիրը կարգավորվում է պետության կողմից, և բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ, այսպես թե այնպես, գործընթացից դուրս չի մնում:

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ

Ամռան տապին, երբ բոլորը վայելում էին իրենց երկար սպասված հանգիստը, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ հայտարարություն տարածեցին այն մասին, որ գալիք ուսումնական տարվա մեկնարկի հետ վարձավճարները թանկանալու են: Թերևս ո՛չ ռեկտորները, ո՛չ էլ առավել ևս կրթության և գիտության նախարար Աշոտյանը չէին կարող ենթադրել հանրային արձագանքն ու վերաբերմունքը:

Protesters rally in front of the RA Government buildingԱմենուր և ամեն տեղ ուսանողները հանդես էին գալիս ուսանողական ակցիաներով՝ պահանջելով ոլորտի պատասխանատուներից հետ կանգնել այդ մտքից և չբարձրացնել ուսման վարձավճարները: Ռեկտորները, իհարկե, պատճառաբանելու շատ բան ունեին, բայց դա այնքան էլ երիտասարդների սրտով չէր: Շարժման ակտիվ մասնակիցներ էին նրանք, ովքեր բուհ են եկել ոչ թե դիպլոմ ստանալու և, մեղմ ասած, այդ դիպլոմն «օժիտ» տանելու, այլ գիտելիք ստանալու համար:

Առաջին ամենամեծ հարվածը ստացան մայր բուհի ուսանողները, որոնք արդեն իսկ բավական թանկ էին վճարում իրենց կրթության համար: Քաղաքացիական նախաձեռնությունը տեղին էր, առավել ևս, որ դրան որևէ մեկը չտվեց քաղաքական բովանդակություն:

Հետաքրքիր է, որ տարբեր բուհերի ռեկտորներ սկսեցին PR ակցիաներ անել, հարցազրույցներ տալ, «երևալ» ուսանողական շրջաններում և ամեն կերպ համոզել, որ բարձրացված գումարը ծառայելու է հենց նրանց օգտին:

Այս օրերին մայրաքաղաքում դեռ շարունակվում են համանման ակցիաները, ուստի այս պահի դրությամբ երևույթին գնահատական տալ չենք շտապում:

 ՏԻԿԻՆ ԳՐԵՏԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Տիկին Գրետան երեք զավակի մայր է, ասում է՝ երեքն էլ տղա են, Աստված թող պահապան լինի: Մի տղան այժմ բանակում է, երկուսն էլ՝ ուսանող:

– Ամուսինս շուտ է մահացել, մենակ պահել-մեծացրել եմ երեխաներիս: Դժվար է մենակ կնոջ համար երեք երեխա մեծացնելը: Բարեկամներ էլ չունեմ, որ ասեմ` օգնում են: Ես եմ իմ գլխի ճարը տեսնում,- շարունակում է տիկին Գրետան:- Երկու երեխաներս էլ ուսանող են: Արմանս գյուղինստիտուտ (Հայաստանի Ագրարային համալսարան) է ընդունվել, վճարովի, Տիգրանս էլ պետհամալսարանի կենսաբանության  ֆակուլտետում է սովորում: Ճիշտ է՝ երկուսն էլ ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում են, որ կարողանանք և՛ ապրել, և՛ ուսման վճարները տալ: Պատկերացրեք՝ էդ գումարը մի կերպ ենք տալիս, հիմա էլ որոշել են էս թանկուկրակ ամեն ինչի մեջ մի հատ էլ ուսանողների փողն ավելացնել: Չգիտեմ՝ ինչ եմ անելու: Բա կարելի՞ է, էս պետությունը չի ցանկանում հաշվի առնել, որ միջին ու ցածր խավ էլ կա, մի կերպ յոլա ենք գնում, ուղղակի գոյատևում ենք, բա սա անելո՞ւ բան է:

Տիկին Գրետայի նյարդերը տեղի են տվել, իսկ տղաները, ասում է, ավելի հանգիստ են տանում. «Մամ ջան, կաշխատենք, կտանք»:

– Բայց մեր ժամանակ էսպիսի բան չկար: Մենք նորմալ կրթություն ենք ստացել սովետի ժամանակ: Հիմա երեխաներս աշխատում են, վարձ են տալիս, բայց մի կողմից էլ կասկածում եմ՝ նորմալ մասնագետ կդառնա՞ն: Մենք միսենյականոց փոքր, խարխուլ տան մեջ ենք ապրում, որևէ հարմարություն չունենք, ախր հազիվ ծերը ծերին հասցնելով յոլա ենք գնում, էն տղես էլ` Սաքոս բանակում է, էս հարուստների լակոտների տեղն ա ծառայում, էրեխեն պրոբլեմներ ուներ, բայց մեկ ա` տարան:

Ո՞րն է ելքը: Տիկին Գրետան ասում է.

– Իմ վերջին հույսը ջահելներն են, որ էսօր կառավարության շենքի դիմաց իրենց ոտնահարված, խախտված իրավունքներն են ուզում պաշտպանել: Ուրիշ հույս ես չունեմ: Եթե մի բան կարողացան անել, հենց էս սովորող էրեխեքը կարող են անել, թե չէ հարուստների հեչ պետքն ա, պապաները կտան էլի: Հիշում եմ՝ Արմանս առաջին կուրսում էր, գիշերը ցերեկ էր արել, առավոտը գնում էր դասի, գալիս, երկու տեղ էլ աշխատում էր, հետն էլ պարապում էր, մեղքս գալիս էր, ասում էի՝ մի նորմալ երիտասարդություն էլ էրեխեքս չեն տեսնում, հետո կամաց-կամաց գործերը մի քիչ լավացան, բայց, օրինակ, մեր ընտանիքը էդքան փող չի կարողանա տալ: 

ԼՈՒՍԻՆԵՆ ԴՐՍՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ

Ակցիայի ակտիվիստ աղջիկներից Լուսինեն (սովորում է մայր բուհում), ասում է, որ այլևս իր ապագան տեսնում է Եվրոպայում: Իր պատմելով, խախտելով բոլոր օրենքները, իրեն անվճար համակարգից զրկել են, որ իրենց կուրսի տղաներից մեկին բանակից ազատեն:

– Մի հարուստի պատճառով ես այսօր նորմալ կրթություն էլ չեմ կարողանում ստանալ, սովորելուն զուգահեռ աշխատում եմ, որ ծնողներիս օգնեմ` վարձը տանք: Դե, գիտեք, դասախոսներն էլ մի տեսակ են լինում, երբ իմանում են, որ սովորելուն զուգահեռ աշխատում ենք,- ասում է Լուսինեն:- Առաջին օրը, երբ իմացանք, որ մեր հարգարժան ռեկտորը որոշել է վարձավճարները բարձրացնել, նամակով դիմեցինք իրեն: Սփոփելու համար պրոռեկտորն ասաց, թե բոլորի վրա հո չի տարածվելու սա: Բայց եթե ոչ իմ կամ իմպեսների, ապա էլ ո՞ւմ վրա պետք է տարածվի:

Լուսինեն կտրական էր տրամադրված: Անգամ ցանկանում էր դատի տալ կրթության և գիտության նախարարին և բուհի ռեկտորին: Ասում է՝ ծնողներն են հետ պահել:

– Էսօր քի՞չ են ուտում, որ ավելին են ուզում, ի՞նչն ա պակաս: Իրոք: Մի կերպ ենք վճարում էս փողը: Աղջիկ եմ, բայց տարին մի անգամ եմ շոր առնում, շորի ու կոշիկի փող չունեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ պայուսակում անգամ աղջկա համար նախատեսված պարագաներ չկան, ռոբոտացել ենք, աշխատում ենք, որ ապագա ունենանք, բայց ես արդեն հույսս կորցրել եմ ու այստեղ էլ ապագա չեմ տեսնում:

Լուսինեն, իր ասելով, հրաշալի տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին ու ցանկանում է մշտական բնակության անցնել Եվրոպայում, այնտեղ ապրել ու սովորել:

– Անկեղծ ասած, ես արդեն Հայաստանում ապագա չեմ տեսնում: Եվրոպայում էլ հեշտ չէ, բայց գոնե սովորողին տեղ են տալիս, մարդու տեղ են դնում: Չեմ կարծում` դեկանները մերոնց նման մուննաթ-զուննաթ գան, ինչ է մեզնից հավելյալ կաշառք չեն ստանում: Իմ միակ հույսը, վերջին հույսը հանրապետության նախագահն է, գոնե նա պետք է ստիպի, որ նման քայլի չգնան ռեկտորները:

«Անկախի» այն հարցին, թե որքանով է հնարավոր  Եվրոպայում ուսանելը, ասում է.

– Ընկերս անցած տարի գնաց Ֆրանսիա՝ Մարսելի համալսարաններից մեկը, ու շատ գոհ է: Ասում է՝ այստեղ ես զգում, թե ինչպիսին պետք է լինի ուսանողը: Հայկական բուհը նա համեմատեց հայկական դիսկոտեկների հետ, ասում է. «Հայաստանում սովորելը, այստեղի հետ համեմատած, ուղղակի խաղուպար է»: Ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել ու դա կանեմ Եվրոպայում: Հիմա ինձ անգամ պետք էլ չեն «Լույս» հիմնադրամի փողերը: Նման բան կա, չէ՞, ուսանողներին փող են տալիս դրսում սովորելու համար: Ամենակարևորը՝ ծնողներս արդեն համաձայն են որոշմանս:

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զարմանում է, թե ինչու են ուսանողները հենց այս օրերին բողոքի ակցիաներ անում և ոչ թե, ասենք, ապրիլ ամսին, երբ կայացվել է որոշումը: Դրան ուսանողներից մեկը պատասխանեց, որ նախաքննական շրջան է եղել, և դրա ժամանակն իրենք չեն ունեցել:

 Վերջապես օրերս նախարարության շենքում տեղի ունեցավ մի խումբ ուսանողների և նախարար Աշոտյանի սպասված հանդիպումը: Ուսանողները դժգոհում էին ուսման վարձերի բարձրացումից և հորդորում նրան միջամտել և  վեց համալսարանների ռեկտորների կայացրած որոշումն ապօրինի համարել:

 Աշոտյանը հորդորեց ուսանողներին իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնել նաև գրավոր տարբերակով, ինչին նա ևս գրավոր պատասխան կտա:

Այնուհետև ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ ուսման վարձավճարների հետ մեկտեղ մի շարք բուհերում ավելանալու է զեղչերի և պետպատվերի քանակը:

 

 

Բրոքքոլիով կրեմ-ապուր

բրոկոլիԵթե դուք սիրում եք բրոքքոլի, ապա, անշուշտ, սա ձեզ համար է:

Բաղադրությունը 4 բաժնի համար

1 միջին գլուխ սոխ

1/8 թ/գդալ մշկընկույզ (ըստ ցանկության)

1 լ հավի արգանակ

500 գ բրոքքոլի (թարմ կամ նույնիսկ սառեցված)

աղ ու սև պղպեղ

ձեթ` տապակելու համար:

Պատրաստման եղանակը 

Բրոքքոլին բաժանել ցողունների ու գլուխ սոխն էլ օղակներով կտրատել:

Ձեթով տապակել սոխն այնքան, մինչև փափկի: Ավելացնել մշկընկույզը ու խառնելով տապակել մոտ 30 վրկ, մինչև մշկընկույզի բույրը տարածվի: Ավելացնել բրոքքոլին, արգանակն ու 300 մլ ջուր: Աղով ու պղպեղով համեմել:

Մինչև արգանակի եռալը եփել ուժեղ կրակի վրա, ապա կրակը թուլացնել ու եփը շարունակել այնքան, մինչև բրոքքոլին փափկի (5-10 րոպե):

Կաթսան վերցնել կրակից ու պարունակությունը հարել, որ վերածվի խյուսի:

Ապուրը լցնել ափսեների մեջ, վրան ձեթ ցողել ու մատուցել: Կարելի է զարդարել կանաչու ցողունով: