Monthly Archives: October 2013
Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը
Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի քաղաքապետը լավ է ծանոթ, քանզի այս համաժողովն առաջին անգամ անց է կացվել հենց Երևանում.
«2010 թվականի հոկտեմբերին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության անդրանիկ համաժողովը, որն ինստիտուցիոնալ հիմք դրեց հայ և ֆրանսիական համայնքների միջև համագործակցությանը։ Այդ համաժողովում մենք ընդունեցինք կարևոր համապարփակ փաստաթուղթ` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խարտիա, որն ուրվագծում է մեր համագործակցության գերակա ուղղությունները. տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցում»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը` նկատելով, որ այն Հայաստանի մայրաքաղաքի համար սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից:
«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով ու ոլորտներով համագործակցության խորացումը։ Վերջին 20 տարվա ընթացքում Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Երևան քաղաքն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր նպատակային աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդյունավետ համագործակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում։
«Անցյալ տարի Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը, վստահ եմ, որակական նոր հնարավորություններ է ընձեռում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մեր ֆրանսիական գործընկեր քաղաքների ունեցած փորձը և փորձի փոխանակումների ու տեխնիկական աջակցության միջոցով այն կիրառելու հնարավորությունը»,- շեշտել է Տարոն Մարգարյանն ու կարևորել նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համայնքների համագործակցությունը։ Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության բոլոր ուղղություններն են կարևոր ու մեկը մյուսին փոխլրացնող։
«Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է մշակենք համագործակցության ինստիտուցիոնալ նոր մոդելներ։ Պետք է առավելագույնս օգտագործել ոլորտների մեկը մյուսին փոխկապակցված ծրագրերի իրականացումը։ Ես համոզված եմ, որ ապակենտրոնացված համագործակցության հաջողությունը պայմանավորված է ծրագրերին համայնքների կորպորատիվ մասնակցությամբ։ Այս ձևը հատկապես արդյունավետ կլինի վերապատրաստումների և փորձի փոխանակումների ծրագրերի դեպքում։ Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների և ռեգիոնների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ստեղծել բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ միասնական բանկ, որը կվերլուծի և կմշակի օպտիմալ ծրագրեր։ Եվ այս գործում մեծապես կարևորում եմ և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները։ Համոզված եմ, որ նշված մոտեցումների և սկզբունքների շնորհիվ, մենք կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ուսուցչուհին երեխա է ունեցել իր 14-ամյա աշակերտից
Լեհաստանում միջնակարգ դպրոցի ուսուցչուհին իր 14 տարեկան աշակերտից երեխա է ունեցել: Գործով արդեն զբաղվում է դատախազությունը: Կալիշ քաղաքի 36-ամյա բնակչուհուն անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար կենթարկեն քրեական պատասխանատվության:
Քաղաքային դատախազությունում ստուգում են սկսել, վարչության պետն արդեն հայտարարել է, որ ուսուցիչը այդ դեպքից հետո երեխաների հետ աշխատելու իրավունք չունի: Տեղի լրագրողներին հաջողվել է անձամբ ուսուցչուհու հետ խոսել: Նա վստահեցնում է, որ պատանին է իրեն գայթակղել: Հղիության մասին իմանալով, ուսուցչուհին որոշել է պատմել տղայի ծնողներին: Պատանու մայրը դեմ է եղել, որ դեռևս չծնված կյանքի թել կտրվի, դրա համար էլ ուսուցչուհին ծննդաբերել է: Ինքը, պատանին հայտարարել է, որ սիրում է երեխաներին ու երջանիկ է հայր դառնալու համար: Ի դեպ, նա ծննդաբերական բաժանմունքում է եղել այն պահին, երբ դուստրը լույս աշխարհ է եկել:
Դատախազությունում պատմությունը ցնցող են համարել և հայտարարել, որ մտադիր են ստուգել, թե ինչի հիման վրա է պատանին ներկա գտնվել ծննդաբերության պրոցեսին, չէ որ նա անչափահաս է: Հիվանդանոցում հայտնել են, որ բժիշկները պարտավոր չեն փաստաթուղթ ստուգել, իսկ ինքը` ծննդկանը երեխայի հոր մասին ոչ մի տեղեկություն չի տրամադրել:
Աշխատանք՝ երիտասարդական նվագախմբում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված լարային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով.
• Ջութակ` 7 տեղ
• Թավջութակ` 2 տեղ
• Կոնտրաբաս` 1 տեղ
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև 32 տարեկան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող երաժիշտները կամ համապատասխան մասնագիտությամբ ուսանողները:
Այլ մանրամասներ, ինչպես նաև դիմումի ու հայտի ձևը կարելի է գտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքում (http://www.syoa.am/hy/1311449871)
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
ԶԼՄ.թուրքական բանակը հարված է հասցրել սիրիական զինյալների դիրքերի ուղղությամբ
Թուրքական բանակը հարված է հասցրել “Ալ Քաիդայի” հետ կապ ունեցող սիրիական գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Նրանց հարձակման նպատակակետերն այն օբյեկտներն են եղել, որոնք “Իրաքի ու Դամասկոսի իսլամական պետություն” խմբավորման հսկողության տակ են գտնվումլ: Թուրքիայի զինծառայողները հարձակվել են այդ դիրքերի վրա, այն բանից հետո, երբ թուրքական Կիլիս քաղաքի մոտ գրոհայինների արկերն են պայթել, գրում է “Ինտերֆաքսը”` ըստ բրիտանական ԲիԲիսի հեռուստառադիոընկերության տեղեկությունների: Այլ մանրամասներ առայժմ չկան:
Առանչինի
Բաղադրությունը`
1200 մլ հավի արգանակ
120 գ բեկոն
20 գ կանաչ ռեհան
150 գ պարմեզան
230 գ մոցարելա
500 գ բրինձ
6 հատ ձու
2 ճաշի գդալ ալյուր,
ձեթ,
պաքսիմատ:
Պատրաստման եղանակը
Հավի արգանակը եռացնել ու մեջը լցնել լվացած բրինձը, կրակը թուլացնել: Եփել 15 րոպե: Արգանակը դատարկել, իսկ բրինձը տապակի վրա տարածել հավասարաչափ ու հովանալուց հետո դնել սառնարանը 8 ժամ:
Բեկոնը տապակել, ապա հովանալուց հետո մանր կտրատել: Մոցարելան խորանարդիկներով, իսկ ռեհանը սովորականի պես կտրատել: Սառը բրինձը լցնել թասի մեջ, վրան կոտրել ձուն ու քերած պարմեզանը և լավ խառնել:
Պատրաստման համար ջրով լցված թաս է հարկավոր` ձեռքերը թրջելու համար: Ստացված խառնուրդից գնդեր ենք պատրաստում, մեջը փոս անում (ինչպես իշլի քյուֆթայի ժամանակ է արվում ) ու լցոնում մոցարելայով, ռեհանով ու բեկոնով: Պատրաստի լցոնված գնդերը պետք է շարել տապակի վրա:
Երեք ափսե պետք է վերցնել ու մեկի մեջ ալյուր, մյուսում հարած ձուն ու երրորդում պաքսիմատը լցնել: Բրնձագնդերը հերթով հարկավոր է ալրապատել, ապա թաթախել ձվի մեջ ու գլորել պաքսիմատով ամանի մեջ, որ ամբողջովին պատվի հացի փշուրներով:
Փուռը տաքացնել մինչև 95С, իսկ մինչ այդ ձեթով պետք է տապակել բրնձագնդերը, ապա թղթի անձեռոցիկի վրա շարել, ձեթազերծելու համար ու դնել տաք փուռը, որ չսառչեն:
Թաիլանդում խոշոր առևտրի կենտրոն է այրվում
Տաիլանդում չեն կարողանում մեկուսացնել Պհուկետ կղզու առևտրի խոշոր կենտրոնում բռնկված հրդեհը: Այն հրդեհվել է հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով 21:40-ին: Այդ պահին այնտեղ հարյուրավոր հաճախորդներ ու ավելի քան հազար աշխատող կար: Հրդեհի շիջման նպատակով 50 հրշեջ հաշվարկ ու 300 հրշեջ է ոտքի հանվել, սակայն հրդեհը մեկուսացնել մինչև հիմա չի հաջողվել:
Զոհերի ու տուժածների մասին առայժմ պաշտոնական տվյալներ չկան:
Ողբերգական պատահար ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում
Ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):
Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Օբաման ստորագրեց պետպարտքի սահմանագիծը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը
ԱՄՆ-ի նախագահ Օբաման ստորագրել է օրենք, որով ժամանակավոր կվերականգնվի պետհիմնարկների ֆինանսավորումն ու կբարձրանա պետպարտքի սահմանագիծը : Այդպիսով կանխվեց ամերիկյան էկոնոմիկայի համակարգի դեֆոլտը:
Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էին արժանացրել ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները: Սենատում, որտեղ մշակվել էր օրինագիծը, փաստաթղթի օգտին էր քվեարկել 81 մարդ, 18-ը “դեմ” են եղել: Սենատից հետո փաստաթուղթը հավանության են արժանացրել ներկայացուցիչների պալատը` 285”կողմ” և 144 “դեմ” հարաբերակցությամբ: Փաստաթուղթը չեն պաշտպանել հանրապետականները.նրանք մինչև վերջ փորձել են Սպիտակ տան բժշկական աապահովագրական ռեֆորմի հարցը փակել, որպես կառավարության ֆինանսավորման պայման, սակայն նրանք պարտվեցին:
Համաձայնագրով նախատեսվում է կառավարության ֆինանսավորում մինչև 2014-ի հունվարի 15-ը , իսկ պետքպարտքի սահմանագծի բարձրացումը` մինչը փետրվարի 7-ը:
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում քաղաքացու կողմից ներկայացված դիմում-բողոքներին
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 1999 թ. նոյեմբերի 24-ին) 2-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց այդ տեղեկությունների` առաջարկությունը կամ դիմումը և կամ բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:
Առաջարկությունը, դիմումը և բողոքը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:
Քաղաքացիները, իրավաբանական անձինք իրենց առաջարկությունները, դիմումները և բողոքները ժամանակին և օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով տալիս են այն պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը:
Բողոքները տրվում են այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները բողոքարկվում են:
Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բողոքները կարող են տրվել դատարան:
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, կազմակերպությունները, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, բողոքներում առաջարկված հարցերի լուծումը, դրանք ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելության կամ այդ մասին ծանուցում են դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ում պետք է դիմեն: Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողություններն են բողոքարկվում:
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ընդունել և իրենց լիազորությունների սահմաններում, հիշյալ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, պատասխանել դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,
բ) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի` ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների վերաբերյալ ընդունված որոշումների փաստացի կատարումը,
գ) իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համալիր ուսումնասիրություն` այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:
Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը կազմակերպելու համար պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն` նրանց առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու նպատակով:
Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` քաղաքացիներին հայտնված օրերին և ժամերին:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ռուսաստանում սպանել են Ադրբեջանի քաղաքացու
Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի Չերկիզովյան շուկայի տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Ռուսլա Արիֆօղլու Գարախանլըի դին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաքննության արդյունքում պարզվել է, որ 27-ամյա Ռուսլանին նախ բութ գործիքով ծեծել են, այնուհետև կտրող-ծակող գործիքով սպանել:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Մահվան ելքով ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 181 ՕԼ 64 պետհամարանիշով միկրոավտոբոսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1942 թ. ծնված Ն. Պ.-ը և ուղևոր Գ. Գ.-ը տեղում մահացել են:
Վիրավորներ Օ. Մ.-ը, Լ. Ա.ը և Ս. Ս.-ը տեղափոխվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Սպասվում է փոփոխական եղանակ
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.80C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -0.70C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.40C
Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը
Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության շաբաթ” միջոցառումների շարքը:
Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:
Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով Ե. Կասպերսկուն և իր աշխատակիցներին Հայաստան գալու առիթով` ռեկտորը նշել է, որ թեև Ե. Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան և ԱՊՀ երկրներ” փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: “Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է և ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը”,-ընդգծել է Ե. Կասպերսկին:
Հանդիպման ավարտին ՀՊՃՀ ռեկտորն իր գոհունակությունն է հայտնել ընկերությանը կրթական ասպարեզում մինչ այժմ համալսարանին ցուցաբերած օժանդակության համար և, ի նշան երախտիքի, հայտնել, որ ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին
Պակիստանում սինգապուրցի մոդել են սպանել և նետել գետը
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երեկվանից կորած համարվող ծագումով սինգապուրցի 27-ամյա մոդել Ֆեհմինա Չոդրիի դիակը գտնվել է քաղաքի արվարձաններից մեկում գետի մեջ: Ամուսնացած, երկու երեխաների մայր Չոդրիի գործակալը հաստատել է այս ցավալի լուրը: Նա նշել է, որ կինը պատրաստվում է Պակիստանում նորաձևության դպրոց բացել:
«Հաբերլերը» գրում է, որ Չոդրին հաճախ այցելում էր Պակիստանում ապրող մորը և այս անգամ որոշել էր նրա համար տուն գնել: Այդ պատճառով ոստիկանները առաջինը կասկածել են տան առք ու վաճառքով զբաղվող գործակալներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալիբանի շարժումը Պակիստանում արգելում է աղջիկների դպրոցների գործունեությունը և մահով սպառնում սրա դեմ բողոքողներին, հնարավոր է, որ նորաձևության դպրոց հիմնելու մոդելի մտահղացումն է դարձել նրա սպանության պատճառը:
Ինչպե՞ս են հսկում Մեքքա այցելած միլիոնավոր ուխտավորներին
Այս ամիս իսլամական աշխարհում սկսվել է սրբազան ուխտագնացության՝ հաջի շրջանը: Սաուդյան Արաբիան, որը համարվում է մահմեդական սրբավայրերի՝ Մեքքայի ու Մեդինայի երկրային պահապանը, ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար 95 հազար ոստիկան է նշանակել: Սրբազան Սև քարը՝ Քաաբան և նրա շրջակայքը հսկում է 4500 տեսախցիկ՝ 24 ժամ շարունակ ուշադրության տակ պահելով 2,5 միլիոն մուսուլման այցելուներին:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ միլիոնավոր ուխտավորների շարժը արձանագրող տեսակցիկների տեսագրությունները ուղարկվում են մեկ ընդհանուր կենտրոն: Բացի այդ 18 ուղղաթիռ օդից է հետևում անվտանգությանը և տեղեկություն հաղորդում գլխավոր կենտրոնին: Այսպիսով հնարավոր է լինում վերահսկել տարածքում տեղի ունեցող ցանկացած շարժում և կանխել անցանկալի միջադեպերը: Հսկողության տակ են գտնվում նաև ուխտավորներին տեղափոխող գնացքները: Մեկ ժամում մոտ 500 հազար հավատացյալի սրբազան վայրեր տանող գնացքները, ինչպես նաև կանգառներն ու թունելները ամեն րոպե ուշադրության կենտրոնում են պահվում: Չնայած ձեռնարկված լայնածավալ միջոցառումների, ամեն տարի հարյուրավոր ուխտավորներ են զոհվում Մեքքա տանող ճանապարհին:
Ներկայացվեցին Կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի, ինչպես նաեւ արդեն իսկ կայացած հանրային քննարկումների արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարությունների, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի, խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ:
Խորհրդակցությանը իրավասու պետական կառույցների ներկայացուցիչները խորհրդատուների հետ քննարկեցին աղբահանության կազմակերպման մշակված տարբերակները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում խորհրդատուներին կներկայացվի կարծիք` առաջարկվող տարբերակների վերաբերյալ, ինչի հիման վրա խորհրդատվական թիմը կսկսի երկրորդ` տնտեսական, ֆինանսական վերլուծությունների աշխատանքները:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Freedom House-ը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված համատարած ընտրակեղծիքները, խոսքի ազատության և հավաքների սահմանափակումը նվազեցրել են ժողովիդի վստահոթյունը իշխանությունների նկատմամբ, հաղորդում է “Հագին” կայքը:
Այդ կապակցությամբ միջազգային “Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է 2013թ.-ի նոյեմբերին Վիլնիուսում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ քննարկել մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցը, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանի իշխանության պաշտոնատար անձաց համար վիզայի դյուրացման մասին բանակցություններ,-ասված է Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպության նախագահ Դևիդ Քրամերը ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նախագահական ընտրություններում իրենց միջազգային պարտականությունների իրականացման նկատմամբ, և որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի “հաղթանակը” փչացրել է նրա իմիջը և դրա օրինականությունը:
Անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է. Հասմիկ Ավետիսյան
‹‹Անտեսված գեղեցկություն» այս խորագիրն էր կրում նկարիչ Հասմիկ Ավետիսյանի այսօր Ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսը` նվիրված ալբինիզմին: Ալբինիզմը (լատ.«albusե-սպիտակ) գենետիկ շեղում է, մելանին գունանյութի ի ծնե բացակայության պատճառով:
Հասմիկ Ավետիսյանի համար ալբինիզմը անուշադրության մատնված բոլորովին նոր աշխարհ է, կարելի է ասել` մի նոր ռասա.‹‹Ուրիշի անծանոթ տեսակը ընդունելը բարդ երևույթ է մեր հասարակության մեջ: Պատճառն այն է, որ անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է, որը մշտապես վախեցնում է: Սակայն երբ մտնում ես այդ նոր և տարօրինակ աշխարհը, դու հասկանում ես, որ այն բնակեցված է և հաճախ մոտ ու ծանոթ մեզ››:
Նկարչուհի խոսքերով ցուցահանդեսի նպատակն է աշխարհին բացել մի նոր գեղեցկություն: Խորագիրը հենց այդպես է՝ ‹‹Անտեսված գեղեցկություն››, այսինքն նրանց գեղեցկությունը ոչ ոք չի նկատում.‹‹Այս ցուցահանդեսը ներկայացվել է որպես իրադարձություն: Սա փորձ է աշխարհին ցույց տալու մի նոր բան: Նրանք մեզանից ոչնչով չեն տարբերովում: Միգուցե միայն նրանով, որ ավելի բարի են, ավելի փափուկ և անպաշտպան››:
Ցուցահանդեսի ողջ ընթացքը ուղեցկվում էր երաժշտությամբ, որը առավել տպավորիչ էր դարձնում ցուցադրությունը: Սկզբում տեսնում ես նրանց առանձնահատկությունը, այնուհետև նկատում գեղեցկությունը:
Տիկին Ավետիսյանի համոզմամբ ‹‹ճերմակ ագռավները›› իրնեց ճերմակությամբ ‹‹գունավորում››, փայլ են տալիս այս անբացատրելի աշխարհին.‹‹Առանց նրանց մեր իրականությունը շատ տաղտուկ և անհետաքրքիր կլիներ…››
Վերջում հավելենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 28-ը:
Աննա Եղիազարյան
Քննարկվել է Երևանում Լիոնի օրեր անցկացնելու հնարավորությունը
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժուլյեն Լաֆարիերի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Լիոնի քաղաքապետի տեղակալը նախ, օգտվելով առիթից, իր գոհունակությունն է փոխանցել Արամ Սուքիասյանին` երկու քաղաքների միջև ծավալվող արդյունավետ համագործակցության համար: Ժուլյեն Լաֆարիերն արդյունավետ է գնահատել հատկապես կրթամշակութային երկուստեք համագործակցությունն ու հատկանշել, որ այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, սակայն, դեռ բավարար չեն ու պետք է ավելացնել իրականացվող ծրագրերի ծավալները և ընդլայնել ուղղությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք կրթամշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին նկատել է, որ այդ ուղղությամբ զարգացման դաշտ իրապես կա, ու Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը: Արամ Սուքիասյանը մասնավորապես առանձնացրել է կրթական և մշակութային օջախներում ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը: Բացի այդ, Երևանի քաղաքապետի տեղակալը առաջարկել է նաև քննարկել Երևանում և Լիոնում մշակութային օրերի անցկացման հնարավորությունը, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի երկու քաղաքների բնակիչներին ծանոթանալու մեկը մյուսի մշակութային ժառանգությանն ու սովորույթներին:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ համակողմանի քննարկել առաջարկը և փորձել հնարավորին կարճ ժամկետում կյանքի կոչել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


