Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարությունների միջեւ

551.Armenia - Finland political consultations 03.10.2013Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:

Հայ եւ ֆինն դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության

պատկերազարդ պատմություն հայոցՀայ ժողովուրդը մեծ պատմություն ունի: Եվ այն ժողովուրդը, որը շատ փորձություններ է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է: Նա հոգեկան հմայք ունի: Նա մեծ ժողովուրդ է:
Իլյա ԷՐԵՆԲՈՒՐԳ

 

Այս օրերին կրկին Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, և կրկին երկընտրանքի առաջ ենք: Մեծից փոքր հասկանում ենք, որ հարկավոր է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի Նոյի ժամանակներից 21-րդ դար հասած հայությունը կարողանա պահպանել իր պետականությունն ու բազում զոհերի գնով նվաճված անկախությունը:
Եվ ահա ճիշտ ժամանակին «Անտարես» հրատարակչությունը ձեռք է մեկնել հայ ընթերցողին, առաջարկելով երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն Հայոց» գրքի նոր հրատարակությունը, որը հավակնում է բացելու Իլյա Էրենբուրգի գնահատանքի փակագծերը: Ցավոք, հեղինակը չի հասցրել գրել ի սկզբանե մտահղացված վեցհատորյա գրքի չորրորդ հատորը, որ հավակնում էր ճշմարտորեն ներկայացնելու Կիլիկյան Հայաստանի պատմությունը: «Անտարեսը» եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրքի բարձրորակ տպագրությունը, դյուրընթերցվող տառատեսակները և շքեղ նկարազարդումները աշխատության խորքերը տանող սկզբնական գործոններն են, ու երբ սկսում ես կարդալ, համոզվում ես՝ այն անփոխարինելի դասագիրք է, հենց նման գրքով պիտի կրթել մատաղ սերնդին: Գիրքը գալիս է հիշեցնելու, որ արևմտամետ և ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ, և սա հրամցվում է ոչ թե համոզելով, այլ պատմական փաստերը համադրելով, շատերիս համար դեռ փակ փակագծեր բացելով: Ես ժամանակին բախտ եմ ունեցել 1988-ին հրատարակված Ռաֆայել Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման և հնագույն պատմության հարցերը» գրքին առնչվող խոհերս կիսելու մեծարգո լեզվաբանի հետ, երբ նա հյուր էր Ալավերդիում, մասնակցում էր մայրենի լեզվին նվիրված քննարկումներին, որոնք ամփոփվեցին տեղական թերթում հրապարակված կլոր սեղանով:
Իշխանյանը հմտորեն կապակցում էր հայոց լեզուն և հայոց պատմությունը ու պնդում, որ չկա հայ՝ առանց հայոց լեզվի, և չկա հայոց լեզու՝ առանց հայի: Այն ժամանակ նա ինձ հիշեցրեց Հեգելի հետևյալ միտքը. «Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ շաղկապված մի հանգույց է»: Հենց այդ հանգույցն էլ կարմիր թելի նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքում: Այն գիրք է ցավի` հայոց վշտի, կորուստների, զոհերի, գիրք է լինելության և հավերժումի, գիրք է հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի մասին: Մի չփակվող դասագիրք է այն և կողմնորոշման անփոխարինելի ուղեցույց: Գրքում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ընթերցողը փնտրելու է, որ գտնի և կարդա այս աշխատությունը, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ այն պահի իր սեղանին, հարկ եղած դեպքում որպես լույսի և հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար: Կասկած չունեմ, որ այս գիրքն ընթերցելու պահին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին։ Հեղինակը չի զլացել բացատրել պատմական տերմիններ և մի շարք բառեր, որ դպրոցական դասագրքերում չեն բացատրվում: Ընթերցողը կարող է նաև տեղեկանալ, թե պատմության մասին տեղեկություններն ինչ աղբյուրներից են ստացվում, ինչպես է պատմություն գրվում:
Սա գիրք է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, գիրք-վավերագիր ու յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

http://www.irates.am

Սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`Հոկտեմբերի 4-6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Սյունիքում սպասվում են տեղումներ, 5-6-ին լեռնային շրջաններում` թաց ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կբարձրանա 3-4, 4-ի ցերեկը և 5-8-ին կնվազի 10-12 աստիճանով:
   
Երևանում`
Հոկտեմբերի 4-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, 7-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.10C (1981թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.30C (1941թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 16.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

001 (4)Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Իմ սրտի ուղեկից» նշանաբանով «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել երկու օր շարունակ։

«Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռևս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումը ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։

Տոնակատարության հիմնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 12-ին՝ մարաքաղաքի կենտրոնի փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում, շուրջ 30 բեմահարթակներում։ Ծրագրում ներառված են երաժշտական, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ՝ ընդգրկուն բազմազանությամբ։ Դասական, ջազ, էստրադա, ռոք, հեղինակային և այլ երաժշտական ելույթների համար այս տարի նույնպես հատկացվել են առանձին բեմեր։ Ազգագրական և ժողովրդական, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համերգները ևս հնչելու են մի քանի բեմերից։ Մանկական ներկայացումների հարթակները Կիրովի անվան մանկական զբոսայգում են լինելու, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում։

«Էրեբունի-Երևան» տոնակատարություններին արդեն ավանդական դարձած միջոցառումներից բացի, Արամ Սուքիասյանը թվարկել է նաև այս տարվա ծրագրում առաջին անգամ ընդգրկված տարաբնույթ միջոցառումները, ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակում «Ավելի լավ Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսն է, որին մասնակցելու են «Երևաննախագիծ»-ը և բազմաթիվ ճարտարապետներ, որի շրջանակում կներկայացվեն Երևանում առաջիկայում կառուցվելիք նշանակալից նախագծերը, այդ թվում նաև՝ «Հին Երևան» նախագծի մակետային տարբերակը։

Ծրագրի նորույթներից է նաև «Հին Երևան. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը՝ մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանների սպասասրահներում։

Երևանի քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը համընկել է Թարգմանչաց տոնին: Այդ կապակցությամբ ծրագրում ներառվել է ևս մեկ միջոցառում ՝ Մատենադարանին հարակից հարթակում:

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունն ավարտվելու է Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգով։

«Գալա-համերգը «Իմ սրտի ուղեկից» խորագիրն է կրելու, որն, ի դեպ, նաև «Էրեբունի-Երևան-2795»-ի նշանաբանն է։ Կհնչեն Երևանին նվիրված նոր երգեր: Բացի այդ, արտերկրից հրավիրել ենք նաև այլ կատարողների, որոնց մասին, սակայն, այսօր թույլ տվեք չասել, որպեսզի հաճելի անակնկալ լինի մեր հայրենակիցների համար: Դե իսկ համերգը կավարտվի շքեղ հրավառությամբ», – նշել է Արամ Սուքիասյանը։

Եզրափակելով խոսքը՝ Արամ Սուքիասյանը նաև հավելել է, որ միջոցառումների անցկացման բավականին խիտ ժամանակացույցի մասին քաղաքապետարանը ծանուցելու է հնարավոր բոլոր միջոցներով, և լրատվամիջոցներին էլ առաջարկել է ակտիվորեն աջակցել այդ հարցում։

 

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին

4027Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է և մինչև հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարևան երկրների հանդեպ»՝ հաղորդում է 1in.am-ը`վկայակոչելով APA գործակալությանը:

Նա նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից:

Դիվանագետի խոսքերով՝ «սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»:

«Հայաստանի նախագահը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը, կրկին փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը… Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելը և ամեն տեսակի արդարացումները՝ ուղղված հակամարտության կարգավորման ձգձգմանը, շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մասնավորապես՝ Հայաստանի:

Չգիտեմ՝ ինչպես է Սարգսյանը հասկանում ժողովրդավարությունը, սակայն միանշանակորեն ժողովրդավարության նրա ընկալումները և ըմբռնումն էականորեն տարբերվում են նրանից, ինչպես այն հասկանում է միջազգային հանրությունը»,- կարծում է Աբդուլաևը:

Զարուհի Փոստանջյանն արձագանքել է…

g_imageԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի: Այս մասին ԳԱԼԱ-ին հեռախոսազրույցի ժամանակ Ստրասբուրգից փոխանցել է Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը, թե «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը, երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում»:

«Բոլոր քայլերը կձեռնարկվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է… Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները եւ հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, եւ մենք լավ գիտենք՝ ինչ անենք… Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք:

Ես այնպես չէ, որ հենց այնպես եմ խոսում, հենց այնպես էլ չեմ ասել, որ գողեր եւ կազմակերպված հանցագործ անձինք են, իսկ Սերժ Սարգսյանը իրենց պարագլուխն է»,-ասել է Զ. Փոստանջյանը:

Իրանը նոր օրենք է ընդունել՝ թույլատրելով տղամարդկանց ամուսնանալ իրենց որդեգրած 13-ամյա դուստրերի հետ

iran-childrenԻրանում նոր օրենքը թույլ է տալիս տղամարդկանց ամուսնանալ 13-ամյա իրենց որդեգրած դուստրերի հետ, ինչը մտավախություններ է առաջացնում, որ երկրի նոր նախագահը այնքան էլ առաջադեմ չէ, ինչպես կարծում էին:

Նախագահ Հասան Ռուհանին ընդունվում էր որպես նոր, մեղմ տարր հակասական միջինարևելյան երկրի կառավարությունում, սակայն նոր օրենքի հաստատումը ցույց է տալիս, որ անհանդուրժողական երկրում ծայրահեղական համոզմունքները չեն վերացել:

Իրանի պառլամենտի անդամները հաստատել են օրենքը, որտեղ ասվում է, որ աղջիկները իրենց հայրիկի թույլատվությամբ կարող են ամուսնանալ 13, իսկ տղաները՝ 15 տարեկան հասակում:

Նոր օրենքը մտահոգություններ է առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների շրջանակներում:

Իրանի արդարադատության խմբի հետ աշխատող իրավաբան Սադի Շադրը հայտնել է, որ օրենքը օրինականացնում է մանկապղծությունը՝ ավելացնելով, որ Իրանի մշակույթում որդեգրած երեխայի հետ ամուսնանալու ավանդույթը չի եղել:

Դեռևս պարզ չէ երկրի կառավարման խորհուրդը վերջնականապես կհաստատի այն, թե ոչ, սակայն օրենքը ակտիվիստների մոտ վրդովմունք է առաջացրել:

 

Վերսկսվել է փաստաթղթեր կեղծելու, օգտագործելու փաստով նախկինում անհիմն կարճված քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից նախկինում ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով` տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009 թ. սեպտեմբերին կազմել է ձևաթուղթ հանդիսացող դրամարկղային ելքի օրդեր` կեղծել է կազմելու ամսաթիվը, ձևաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, թե իբր մատակարար Արամ Պետրոսյանը 2009 թ. օգոստոսին ընկերության դրամարկղից կանխիկ ստացել է 193 մլն. ՀՀ դրամ գումար, որի հիման վրա վերջինիս հետ կազմել է դրամական փոխառության պայմանագիր:
Նախաքննությունը շարունակվում է:

Իր հետ կազինոյում չեմ եղել, իրեն կազինոյում չեմ տեսել, գնահատականներ տալու ոչ մի իրավունք չունեմ. Վահան Հովհաննիսյան

Վահան ՀովհաննիսյանՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ իրո՞ք Սերժ Սարգսյանը խաղում է կազինոներում, թե՞՝ ոչ. ՛՛Ես ի՞նչ

իրավունք ունեմ նրան հավատալ կամ չհավատալու: Իր հետ կազինոյում չեմ եղել, իրեն կազինոյում չեմ տեսել, գնահատականներ տալու ոչ մի
իրավունք չունեմ՛՛: Այս մասին նա հայտարարեց այսօր Աժ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս: Հարցին, թե արդյոք համաձա՞յն է, որ
Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը խիստ էր, քանի որ վերջինս ունի ազատ արտահայտվելու իրավունք, նա
պատասխանեց. ՛՛Յուրաքանչյուրի բռունցքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի քիթը: Խոսքի ազատությունը բոլորովին այլ կերպ է
բնութագրվում: Վիրավորանքը ազատ խոսք չէ: Բանավեճի մեջ կարող է երբեմն այս սահմանը խախտվել, բայց հարցը սա չէ: Ես չեմ կարողանում
հասկանալ՝ ինչպե՞ս կարող է  ընդդիմադիր պայքարին նպաստել սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում:  Ես չեմ տեսել, որ որևէ
իտալացի պատգամավոր  պարոն Բեռլուսկոնիին, ում վարքը ամբողջ աշխարհին է հայտնի, նմանատիպ հարցով դիմի միջազգային ատյանում: Սա
արդեն բոլոլորովին ուրիշ սահման է, որը ինձ համար ընդունելի չէ՛՛,-ասաց Վահան Հովհաննիսյանը, սակայն չցանկացավ ենթադրել, թե ինչու՞
Զարուհի Փոստանջյանը նման հարց տվեց ՀՀ նախագահին, միայն ասաց. ՛՛Մարդիկ չեն կարողանում տարբերակել իշխանություն ու պետություն
հասկացությունները: Իշխանությանը վնաս հասցնելու համար ոտնատակ են տալիս նաև պետականությունը՛՛:


—
Լարա Առաքելյան

Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը

10742_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար: Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով, այն է` ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարում, որի արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրի կրճատում, տնտեսության վարկավորում և ներդրում և այլն:
ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է մի շարք պայմանագրեր, որոնց գծով ստանձնել է ընդհանուր առմամբ 1 մլն 773 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճարման պարտավորություն: Կառավարության որոշմամբ այդ նպատակով կօգտագործվի ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված արտաքին տոկոսավճարների գծով առկա տնտեսված գումարը:
10742_am_5Ամփոփելով պարտատոմսերի թողարկման թեման` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել և սևացնել այն: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա տալ հրապարակային պարզաբանումներ: Առաջին, մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկը, որն ունի մեծ հեղինակություն և որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին՝ հրապարակայնության, գործընթացների կազմակերպման առումով, ինչպես նաև` թե կառավարությունն ինչ վարքագիծ պետք է ունենա եվրոբոնդերի թողարկման ընթացքում:
Երկրորդ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ՝ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում:
Երրորդ, մենք տեղաբաշխումն իրականացրել ենք շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին և մեր գործընկերների խորհուրդների շնորհիվ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով:
Չորրորդ՝ այս տեղաբաշխման շնորհիվ մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաև 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաև մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը: Ավելին, այս հաջող գործարքի կապակցությամբ մենք դրական գնահատականներ ենք ստացել միջազգային տարբեր կառույցներից: Տեղյակ եք նաև, որ վերջերս էլ Արժույթի միջազգային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ սա իսկապես չափազանց դրական ձեռքբերում է մեզ համար: Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, և այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում և նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարողանում են այսօր ունենալ՝ ֆինանսական շուկաներում ձեռք բերելով պարտավորություններ, իսկ դա նշանակում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Մենք այս ճնշումն զգում էինք մասնավոր հատվածի կողմից, քանի որ բազմաթիվ հարցումներ ենք ստացել նրանցից, որ Հայաստանի Հանրապետության կողմից եվրոբոնդերի չթողարկումը թանկացնում է մասնավոր հատվածի կողմից պարտատոմսերի թողարկումը միջազգային շուկաներում՝ մոտավորապես մեկ տոկոսային կետով, իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է, երբ խոսքը վերաբերում է ներքին շուկայի տոկոսադրույքներին, և դա մոտակա երկու տարիների ընթացքում նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը, ինչը բնականաբար խթանելու է տնտեսական աճը, մի կողմից ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից` հասանելի ֆինանսական միջոցներ:
Այնպես որ, օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ և՛ «Deutsche Bank»-ին, և՛ GP Morgan-ին, և՛ HSBC-ին շատ հաջող գործարքի համար, և մեր գնահատականը նրանց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ դրական է»: Նիստում նաև նշվել է, որ պարտատոմսերն առաջնային շուկայում տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել 152 ներդրող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդրողից կախում չկա: Երկրորդ, պարտատոմսերի մեջ ներդրում են իրականացրել 42 տոկոսը՝ ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդրողները, մնացածը` ներդրողներ ամբողջ աշխարհից, ինչը նույնպես շատ կարևոր է:
Վերջնական պահանջարկը, որից ընտրություն է արվել, կազմել է 2 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետի դիտարկմամբ` պահանջարկը նույնպես վկայում է այն մեծ հետաքրքրությունը, որ եղել է հայկական բոնդերի նկատմամբ: «Սա մի գործընթաց է, որը մեր միջազգային հեղինակությունը պետք է բարձրացնի: Ցավոք, կան մարդիկ, որոնք ցանկացած ձեռքբերման վրա ուզում են ցեխ շպրտել: Անհասկանալի է, մենք բազմաթիվ թերություններ ունենք մեր երկրում, բազմաթիվ բացթողումներ, այդ ամենը թողած` ընկել են դրական ձեռքբերումների հետևից», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Կներդրվի նոր տեխնոլոգիա

ՀՀ կառավարությունը որոշել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. հունիսի 17-ը: Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս` ներդնելով Ալբիոն տեսակի տեխնոլոգիա, որը ներառում է հանքաքարից հարստացված խտանյութի ստացումը, դրա գերմանր աղացումը և թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնովին վերազինել եղած արտադրական հզորությունները, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 30-35 տոկոսով մեծացնել արտադրանքի ծավալը` զուգահեռաբար ավելացնելով (60-ով) աշխատատեղերը և պետբյուջե ուղղվող հարկային մուտքերը:
Կառավարության որոշմամբ ապահովվել է «Գրանատուս վենչուր ֆոնդ I» ՓԲԸ կանոնադրական կապիտալում պետության մասնակցության հաստատումը և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ պայմանագրերի ստորագրման լիազորության վերապահումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման ծրագրում կառավարությունը կներդնի 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլար, մասնավոր հատվածը` 3 մլն ԱՄՆ դոլար:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին, որի ընդունումը բխում է երկրի տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի և բնակչության կյանքի որակի արժևորման անհրաժեշտությունից, մարդու մտավոր և ֆիզիկական ընդունակությունների զարգացման պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Դրանով իսկ գործադիրն ակնկալում է ավելացնել պետբյուջեի մուտքը, բարելավել տարածքի վիճակը: Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող շուրջ 950 քառ. մետր մակերեսով պանսիոնատն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է համայնքին` նախատեսելով, որ գնորդը պարտավոր է շենքում բնակվող անօթևաններին հատկացնել (նվիրել) նրանց զբաղեցրած բնակարանները:
Կարկտահարված հողերը նույնպես արդյունավետ կօգտագործվեն

2013 թ. մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի քսաներեք գյուղերի գյուղացիական տնտեսությունների վերականգնմանն աջակցելու համար հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացում, որոնց շնորհիվ մարզի բնակիչների համար կստեղծվեն վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման առավել նպաստավոր պայմաններ: Հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, պատասխանելով վարչապետին, հավաստիացրել է, որ կառավարության ձեռնարկած միջոցներն ստացել են բնակչության դրական արձագանքը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվել են ՀՀ տարածքում արտադրված, ինչպես նաև օտարերկրյա պետություններից ներկրված կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների առավելագույն թույլատրելի մնացորդային քանակները, որպեսզի ձեռնարկվելիք համապատասխան միջոցների արդյունքում բնակչությունը զերծ պահվի թունանյութ պարունակող սննդամթերքի օգտագործումից:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը նպատակ ունի ապահովել առողջապահական ՊՈԱԿ-ների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասով առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի առավել բնականոն ընթացքը և տնօրենի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Կստեղծվեն երաշխիքային ֆոնդի գործունեության նպաստավոր պայմաններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան 2013 թ. ընթացքում երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող որոշ եկամուտների շահութահարկով հարկման ընթացակարգերն են:
Նիստում հավանություն է ստացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները:
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում հնարավորություն կտրվի աստիճանաբար անցնել անձը հաստատող առավել պաշտպանված փաստաթղթային համակարգի, վավերականության ժամկետի երկարաձգման միջոցով քաղաքացուն զերծ պահել լրացուցիչ ծախսից:
Գործադիրը քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով գործող օրենքը բովանդակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը, դրույթներից մի քանիսն էլ` ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքին: Կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով սահմանվում է, որ ՀՀ գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների համակարգում հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառում գլխադասային մարմինը ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Սահմանվել են նաև նախարարության իրավունքներն իր լիազորության շրջանակում:
Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին և ձեղնահարկում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տալու և պայմանագիր կնքելու կարգը:
Գործադիրը հաստատել է ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքը մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու, վարձակալության տրամադրելու մրցույթի կամ աճուրդի կազմակերպման, հաղթողի որոշման կարգերը:
«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ ութ միլիոն դրամ: Ուսուցչի օրը ներառված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկ: Այն նշում են 100-ից ավելի պետություններ: ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների` «Արձագանք – 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզմանը մասնակցելու կարևորությունը: «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումն անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 4-ից և կառավարությունում ամփոփվելու է հոկտեմբերի 8-ին:

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Մարգարիտ Եսայան եւ Արմեն Մարտիրոսյան

մարգարիտ եսայանարմեն մարտիրոսյանԱռավոտը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հոկտեմբերի 2 –ին ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթի եւ դրան հետեւած հարցուպատասխանի շուրջ:

Իտալիայի ափամերձ հատվածում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 94 մարդ է զոհվել

shipwreck-ItalyԻտալիայի պաշտոնիայի տեղեկություններով Լամպեդուսա կղզու մոտակայքում տեղի ունեցած նավաբեկության վայրում 94 մահացած մարդկանց մարմիններ են հայտնաբերել, ավելի քան 200 մարդ դեռևս անհետ կորած են համարվում:

Լամպեդուսայի առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Պիերտո Բարտոլոն նշում է, որ հինգշաբթի տեղի ունեցած նավաբեկության հետևանքով մահացածների թիվը կարող է աճել, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Իտալիայի ափամերձ շրջանի հսկիչներից մեկի խոսքով՝ նավի վրա աֆրիկացիներ էին, որոնք փորձում էին անօրինական կերպով մուտք գործել Եվրոպա: Նավը Լամպեդուսա  կղզու մոտակայքում հրդեհվել էր և ջրասույզ եղել՝ հարյուրավոր ուղևորների ջրի մեջ թողնելով: Նավաբեկությունից հետո 150 մարդ է փրկվել:

Կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

NASDAQ OMX Armenia

Սիլվեստեր Ստալոնեն ծեծկռտուք է սարքել բարում, տեսանյութ

o_831944Հոլիվուդյան առասպելական աստղ Սիլվեստեր Ստալոնեն բարերից մեկում ծեծկռտուք է սարքել ու ուժեղ ծեծել երեք հոգու: Աստղն ասում է, որ պաշտպանել է մի աղջկա պատիվը, որին վիրավորում էր հարբած երիտասարդների խումբը: Ընդ որում, շատերի համար կարևոր է ծեծկռտուքի փաստը, բայց Ստալոնեի հերոսությունը կասկածի տեղիք է տալիս:

Կատարվածի տեսաերիզը հայտնվել է YouTube-ում: Կադրի վրա Fox News ալիքի լոգոն է երևում: Հաղորդավարը պատմում է , որ հայտնի դերասանը “Ավալոն” ակումբում լուրջ վնասվածքներ է հասցրել երեք երիտասարդների: Չորրորդ խուլիգանին հաջողվել է փախչել ,կադրի ետևից  ասում է գեղեցիկ խոսող ձայնը:

Եթե հավատանք նկարահանմանը, այդ ամենից հետո դերասանին տանում են Կալիֆոռնիայի բանտ, որտեղ այժմ նա սպասում է դատավճռի: Այնուհետև կադրի ետև ձայնը ասում է, որ այս ամենը կարող է կազմակերպված լինել դերասանի մամուլի ծառայության կողմից, որը ցանկանում է ամեն գնով գովազդել Ստալոնեի և Շվարցնեգերի մասնակցությամբ “Փախուստի պլանը” ֆիլմը:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 13 դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 1 և  խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են

գողությունՀոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին,  ոստիկանության Կենտրոնականի  բաժնում ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հրատարակչական շենքի ընդունարանից փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են:
Պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են 1965 թ. ծնված  Արամ Ե.-ն և 1965 թ. ծնված Էդմոնդ Թ.-ն, որոնք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հրատարակչությունից փորձել են գողանալ  աշխատակցուհիներից մեկի աշխատասեղանի տակ դրված պայուսակը, որի մեջ եղել է օծանելիք, բանկային 2 քարտ, անձնագիր և գումար:
Արամ Ե.-ն և Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջիններս հաղորդումներ են տվել, որ  հրատարակչության տնօրենը մի քանի աշխատակիցների հետ միասին  իրենց մեղադրելով գողության փորձի մեջ՝ բռնել և ծեծի են ենթարկել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Հայտնաբերել է ականանետի ական` մարտական գլխիկով

ականՀոկտեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 82 մմ տրամաչափի ականանետի ական` մարտական գլխիկով:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին:
Կատարվում է հետաքննություն:

 

Կամավոր հանձնել է ոստիկանություն

images (3)Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, 1963 թ. ծնված  Դավիթ Ս.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ 8» տիպի հրացան, հակահետևակային 5 և հակատանկային 9 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 490  և «ՏՕԶ 8» տիպի հրացանի 3  փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.35-ին, 1983 թ. ծնված  Արտակ Ա.-ն  ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է կարճեցված փողով ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 240 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին, 1956 թ. ծնված Արտավազդ Ա.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի,  նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի  65 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Զենք-զինամթերքը գտել էր Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ տանող ճանապարհի կիսակառույց շինությունում

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, 1946 թ. ծնված Միշա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 198, «ԱԿՄ» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ, «ԱԿՄ» և «ԱԿ-74» ինքնաձիգների 1-ական դատարկ պահունակներ ու հայտնել է, որ դրանք գտել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ տանող ճանապարհի կիսակառույց շինությունում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ինչպես է նախապատրաստվելու ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը

ռնnazaryan-vs-shirak-320x2131Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հոկտեմբերի 5-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 6-ից 9-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում երիտասարդական հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ՌաֆայելՆազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ֆրանսիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Այնուհետև, հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Ղազախստան ընտրական հանդիպումը: Խաղի սկիզբը՝ ժամը 18:00-ին: