Թուրքիայում պարտադիր զինծառայությունը կարող է 4 ամիս դառնալ

banakՎերջերս Թուրքիայում վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթի» համաձայն՝ նախատեսվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Ահա Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մանիսայի պատգամավոր Հասան Օրենը թուրքական խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել զիվծառայության ժակետը 4 ամիս սահմանելու վերաբերյալ:

Թուրքական «Ռադիկալի» փոխանցմամբ՝ խորհրդարանին ներկայացված առաջարկում նշվում է, որ համալսարանական երիտասարդներին իրենց կյանքի ամենաբեղուն շրջանում աշխատանքային և հասարակական կյանքից երկար ժամանակով կտրելը կարող է պատճառ դառնալ նրանց հետագա պլանների խափանման: Պատգամավորը ընդգծել է նաև, որ եթե պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվի, ապա կպակասի նաև վճարի միջոցով բանակից խուսափող երիտասարդների թիվը:

 

 

Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով

ԻնսուլինԱյսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության  ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար  առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի  անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից:

Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլլարին համարժեք, առաջարկել է  «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։

Արդյունքում հնարավոր կլինի նշված ժամանակաընթացքում ամբողջությամբ բավարարել ինսուլինակախյալ հիվանդների ինսուլինի պահանջարկը` տնտեսելով մեծ գումարներ: 2013թ. տնտեսման արդյունքում արդեն իսկ հնարավոր եղավ պլանավորված 152 000-ի փոխարեն ձեռք բերել շուրջ 189 500 սրվակ ինսուլին կամ շուրջ 37 500 սրվակ ավել, ինչը հանրապետությունում ինսուլինակախյալ հիվանդների իրական պահանաջարկն է:

Հիշեցնենք, որ 2013թ. առաջին կիսամյակի համար առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ինսուլինը ձեռք էր բերվել 4800 ՀՀ դրամով կամ շուրջ 12 ԱՄՆ դոլլարով, իսկ 3-րդ եռամսյակի համար Սանոֆի Ավենտիս ընկերության հետ կնքված միանվագ մատակարարման պայմանգրով` 6,55 ԱՄՆ դոլարին համարժեք 2684 դրամով: Անմիջապես արտադրող ընկերությունից ձեռք բերելու արդյունքում 2013թ.-ին ինսուլինի ձեռքբերման միջին գնի համեմատ 2014թ-ին տնտեսումը կկազմի շուրջ 323 մլն դրամ, իսկ 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում ինսուլինի ձեռք բերման գնի համեմատությամբ (1սրվակը` 4800 դրամով), 2014թ-ին ինսուլինի գծով տնտեսումը կկազմի շուրջ 602 մլն. դրամ:

 

 

 

 

 

Վաստակը գնահատվեց

l0d28bf7e2da2bafa11fc113cf728e492ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից այսօր նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն,  ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիաի թղթակից անդամ Լևոն Հայրապետյանը:

Սպորտի զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի,  ցուցաբերած նվիրվածության և ծննդյան 70- ամյակի առթիվ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզչին մեդալը հանձնեց  փոխնախարար Նազարեթ Մնացականյանն անձամբ՝ այցելելով մարզադպրոց:

Վաստակավոր մարզչի ձեռքբերումները պայմանավորված են նաև իր սաների հաջողությամբ. նա պատրաստել է 100-ից ավելի ԽՍՀՄ և միջազգային կարգի սպորտի վարպետներ` այդ թվում` ԽՍՀՄ առաջին չեմպիոններ, գավաթակիրներ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, 60-ից ավելի համամիութենական և միջազգային մրցումների հաղթողներ ու մրցանակակիրներ:

Իր իսկ հիմնադրած և ղեկավարած մարզադպրոցում պատրաստվել են 70-ից ավելի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնք նվաճել են 300-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ` ինչպես Աշխարհի, այնպես էլ  Եվրոպայի առաջնություններում:

Վաստակաշատ մարզիչը հեղինակել է “Սամբոյի դասընթացներ” և “Ձեռնամարտ” ուսումնա-մարզական ձեռնարկները, ինչպես նաև   սամբոյի գծով միջազգային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ծրագրեր: Նա նաև  “Չեմպիոնների դպրոց” գրքի հեղինակն է:

Նշենք, որ հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա երբեմնի սաներն ու վաղեմի բարեկամ՝ Զորի Բալայանը:

 

 

ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահությանը` ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի ԵԺԿ անդամներ,
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Անգնահատելի է պարոն Մարթենսի ներդրումը Եվրոպայի քաղաքական միասնության, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածման գործում:
Հայաստանը բարձր է գնահատում պարոն Մարթենսի անձնական ավանդը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության կայացման և առաջմղման հարցում:
Հիշարժան է նաև պարոն Մարթենսի անձնական նվիրումը Հայաստանի մերձեցմանը եվրոպական արժեհամակարգին և քաղաքական ընտանիքին: Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի երեք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ:
Պարոն Մարթենսի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում»:

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն:

«Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:

Բարձր ենք գնահատում Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում: Մասնավորապես, անուրանալի են պարոն Մարտենսի հետևողական ջանքերը համաեվրոպական մեծ ժողովրդականություն վայելող Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական կուսակցությունների անդամակցության գործում:

Հարազատ դարձած քաղաքական գործիչ Վիլֆրիդ Մարտենսի անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամների շարքում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

4154Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին հաճախակի դարձած հայ-թուրքմենական տարբեր մակարդակի փոխայցելությունների և դրանց արդյունքում միջպետական հարաբերություններում նկատելի աշխուժության մասին: Այդ համատեքստում Թուրքմենստանի դեսպանը կարևորել է ՀՀ Նախագահի հրավերով անցած տարի Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Դեսպան Նազարովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի առավել խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը:

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

562. Minister Nalbandian met with Deputy Speaker of Lithuanian parliament 10.10.2013Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարևորեց երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և զարգացող հումանիտար կապերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության  զարգացմամբ ու ամրապնդմամբ:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝                Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան  – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։

Նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը. իշխանամետ exit-poll

ալիևԱդրբեջանում ավարտվել են նախագահական ընտրությունները: “Կանխատեսում” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հոկտեմբերի 9-ի երեկոյան հրապարակել է “exit-poll”-ի արդյունքները: Համաձայն դրանց`Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը, ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին` 8.2%-ը: Երրորդ տեղում “Ումիդ” կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեն է (2%):

Նշենք, որ իշխանությունները թույլ չեն տվել 3 իշխանամետ կազմակերպություններից բացի “exit-poll” իրականացնել անկախ կազմակերպություններին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծիքներ են եղել, և ընտրությունները լեգիտիմ չեն: Իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցությունը արդեն ակցիա է կազմակերպել Բաքվում` ի նշան իր թեկնածու Իլհամ Ալիևի հաղթանակի:

Չինաստանում սպանել են բուդդիզմը արևմուտք բերելու հարցում օժանդակած տիբեթյան վանականին

tibet-monasteryՈստիկանության տվյալներով՝ Չինաստանում սպանվել է հայտնի վանական, որը կարևոր դերակատարություն ուներ տիբեթյան բուդդիզմը արևմուտք տանելու գործում:

Ոստիկանությունը Weibo միկրոբլոգինգի կայքի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ Բրիտանիայի քաղաքացի Տարափ Շերտափ Ակոնգին սպանել են հինգշաբթի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում իր զարմիկի ներկայությամբ:

Ըստ տեղեկությունների՝ այդ գործով երեք կասկածյալներ են ձերբակալվել, իսկ սպանությունը տեղի է ունեցել ֆինանսական հարցերով վեճի արդյունքում:

Ակոնգը ծնվել է Տիբեթում 1940թ-ին, իսկ 1959թ-ին որպես փախստական հեռացել է այդտեղից: Նա Շոտլանդիայում հիմնադրել էր Սամյե Լինգ կոչվող մենաստանը:

Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Տիբեթի մասնագետ Ռոբի Բարնեթը հայտնում է, որ վանականը հայտնի է եղել և´ իր սոցիալական, և´ հոգևոր գործունեությամբ:

Նրա տեղեկություններով՝ վանականը օժանդակում էր Տիբեթի և այլ երկրների գյուղացիների, գյուղական համայնքների բարեկացության հաստատմանը և շատ լավ դիվանագիտական ձիրք ուներ ու լավ հարաբերություններ էր հաստատել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Վարշավայում ամեն ինչ կոչված է քաղաքացու արժանապատվության պահպանմանը, Երևանում` նվաստացմանը

Yerevan-WarsawՎերջերս առիթ եղավ կարճ ժամանակով ապրելու Վարշավայում` Լեհաստանի մայրաքաղում: Այդ ժամանակամիջոցում ամեն վայրկյան համեմատում էի Վարշավան ու Երևանը: Հասկացա, որ մենք շատ հեռու ենք եվրոպական մտածելակերպից ու արժեքներից, իսկ Երևանը` Վարշավայի համեմատությամբ, գավառական  անհարմար գյուղ է կամ լավագույն դեպքում` գյուղաքաղաք:

Վարշավան` հարմարավետ ու քաղաքակիրթ կյանքի սիրահարների քաղաք

Սևեռված պատուհանից էի նայում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Վարշավայում: Ակնկալում էի տեսնել շենք-շինությունների շարաններ, բայց փոխարենը միայն կանաչ էր երևում: Երբ ավելի մոտեցանք, անտառների ու պուրակների միջից սկսեցին հատուկենտ շենքեր երևալ: Միևնույն է, մինչև վերջին վայրկյանը պատուհանից երևացող տեսարանում գերակշռողը կանաչն էր:

Վարշավա-հին քաղաքՎարշավայում գտնվելու սկզբնական օրերին ամեն քայլափոխին զարմանում էի` ինչպե՞ս է, որ իրենց մոտ որևէ գործարարի կամ պաշտոնյայի  մտքով չի  անցել, որ  կիլոմետրերով կանաչ տարածքներ քաղաքին պետք չեն, ավելի «պիտանի»  կլինեն դրանց տեղում կառուցված խանութներն ու սրճարանները: Առավել զարմանալի էր, թե ինչ խնամված ու մաքուր էին պուրակներն ու այգիները: Ցանկության դեպքում անգամ մի ծուռ թուփ գտնել հնարավոր չէ:

Վարշավայում հասարակական տրանսպորտից օգտվելիս նոր միայն հասկանում ես, թե ինչ ասել է քաղաքակիրթ տրանսպորտ: Այստեղ ներքաղաքային հասարակական տրանսպորտը տեղական իշխանություններին է պատկանում, բյուջեից էլ սուբսիդիաներ են հատկացվում տրանսպորտային համակարգի  շարունակական արդիականացման և պահպանման համար:

Եվ քանի որ տրանսպորտային բոլոր տեսակները քաղաքապետարանին են պատկանում, ոչ թե մասնավորին, ամեն ինչ փոխկապակցված է: Նույն տոմսով կարող ես օգտվել թե՛ ավտոբուսից, թե՛ տրամվայից և թե՛ մետրոյից: Ընդ որում, գործում է տոմսերի ճկուն համակարգ. ըստ քո ընտրության կարող ես գնել մեկանգամյա, 15-րոպեանոց, մեկ օրվա, երեք օրվա համար տոմս  կամ էլ ունենալ մշտական քարտ:

Ընդ որում, որքան երկար ժամանակահատվածի համար ես գնում, ֆինանսական առումով այնքան ավելի շահավետ է: Այսպես, օրինակ` 1 օրվա տոմսն արժե 12 զլոտի, 3 օրվա տոմսը` 30 զլոտի(10 դոլար): Ընդ որում, այդ տոմսով երեք օրվա ընթացքում կարող ես անսահմանափակ քանակությամբ օգտվել տրանսպորտի ցանկացած տեսակից: Օրինակ` իմ` Վարշավայում գտնվելու ընթացքում գործի բերումով այնքան էի օգտվում տրանսպորտից, որ Երևանում նման պարագայում օրական նվազագույնը ստիպված կլինեի վճարել 1500 դրամ, Վարշավայում` ոչ, ես տոմս ունեմ:

տրամվայՏոմսը կարելի է ձեռք բերել ցանկացած թերթի կրպակից կամ էլ կանգառների մոտ տեղադրված տերմինալներից: Ավտոբուս մուտք գործելիս  հարկավոր է ընդամենը դակել տոմսը և վերջ, երեք օր կարելի է մոռանալ տոմսի մասին:

Նշեմ, որ թոշակառուների և վետերանների համար տրանսպորտը ձրի է, իսկ ուսանողները և սոցիալապես  խոցելի խավերի ներկայացուցիչներն օգտվում են զեղչային համակարգից:

Հասարակական տրանսպորտի մյուս առավելությունը վայրկենական  ճշգրտությամբ աշխատելն է: Բոլոր կանգառներում  ցուցակ է փակցված, որտեղ նշված են այդ տեղով  անցնող տրանսպորտային միջոցների համարները, կանգառները  և չվացուցակը: Երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ րոպե ուշացման ականատես չեղա. նշված ժամին ավտոբուսը հասնում է կանգառ ու դռները բացում:

Նշեմ, որ այստեղ տրանսպորտը գործում է նաև գիշերվա ժամերին, պարզապես երեկոյան 11-ից հետո,  էլի ըստ չվացուցակի, ժամը մեկ պարբերականությամբ, մինչ առավոտյան 6-ը:

Ուշագրավ է, որ օրվա որևէ ժամի Վարշավայում չտեսա գերբեռնված տրանսպորտ, ինչպիսին Երևանում ամեն քայլափոխի ենք հանդիպում, ամենածանրաբեռնված ժամին ամեն ավտոբուսում մի քանի կանգնած մարդ էր:

Այստեղ ուղևորը վարորդի հետ որևէ առնչություն չի ունենում. ո՛չ գումար է տալիս, ո՛չ գոռում` կանգառում կպահեք: Սպիտակ վերնաշապիկով և փողկապով վարորդը հանգիստ ավտոբուսն է վարում` իր գործից չշեղվելով: Բարձրախոսը նախապես հայտարարում է, թե որն է լինելու հաջորդ կանգառը: Էկրանին գրվում է հաջորդ կանգառի անվանումը, իսկ երթուղին պատկերող էկրանի վրա նախորդ կանգառն արդեն պասիվանում է` կարմիրով ցույց տալով առաջիկա կանգառները: Ավտոբուսն էլ հանգիստ կանգնում է բոլոր նախատեսված կանգառներում:

Վարշավայի և Երևանի տրանսպորտներն ուղղակի անհամեմատելի են. առաջինը ստեղծվել է, որպեսզի քաղաքացին իրեն արժանապատիվ ու հարգված զգա, երկրորդը` որպեսզի քաղաքացուն հնարավորինս նվաստացնի:

Քաղաք` առանց խցանումների. սա իրականություն է, ոչ թե երազանք

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Վարշավայի մյուս առանձնահատկությունը խցանումների բացակայությունն է: Ճիշտ է, քաղաքից ելքի ու մուտքի ճանապարհներին երբեմն խցանումներ լինում են, բայց ոչ երբեք կենտրոնում: Եթե ես Երևանում տնից աշխատավայր եմ հասնում առնվազն  40 րոպեում,  ապա Վարշավայում նույն հեռավորությունն անցնում էի 20 րոպեում, ներառյալ` կանգառում տրանսպորտին սպասելը:

Նշեմ, որ այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված նաև ներքին տուրիզմի համար. ուրբաթ օրը երեկոյան կարող ես հատուկ տոմս գնել  (75 զլոտի կամ 25 դոլար) գնացքի համար և մինչև երկուշաբթի առավոտյան գնացքով ճամփորդել ինչքան ուզում ես, այցելել որ քաղաքը  սիրտդ կուզի:

Այդքանով հանդերձ, Վարշավայի բնակիչները դժգոհ են իրենց քաղաքապետից. ասում են, որ իր նախընտրական ծրագրերն ամբողջությամբ չի կատարել, բացի այդ, տրանսպորտի սակագինը բարձրացրել է: Այդ պատճառով հոկտեմբերի 13-ին այստեղ հանրաքվե տեղի կունենա, կորոշվի քաղաքապետի  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Ըստ օրենքի` քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր  եկող տարի: Այն հարցին, թե ինչու մեկ տարի չսպասեցին և նախընտրեցին ընտրությունների վրա հսկայական գումարներ ծախսել, լեհական հանրային հեռուստաընկերության լրագրողը պատասխանեց, որ այս քայլով ուզում են դաս տալ հետագա քաղաքապետներին` եթե նախընտրական խոստումներ է տվել, ուրեմն պետք է կատարի, այլապես քաղաքացիները, որոնք իրեն իշխանություն են տվել, կզրկեն նրան այդ իշխանությունից:

Լեհաստանում առանց լեհերենի հնարավոր չէ, Հայաստանում առանց հայերենի` խնդրեմ

Վարշավա-հին քաղաք2Ամենից առավել Լեհաստանում հիացնում է լեհերի սերն իրենց երկրի և լեզվի հանդեպ:  Նման բան Հայաստանում հաստատ տեսած չեք լինի: Անգամ ծիծաղելի է Հայաստանը տուրիստական երկիր անվանելը` համեմատելով մեր երկիր այցելող տուրիստների թիվը: Սակայն մեզ մոտ ամենուրեք օտար անուններ են` գրված անգլերենով, սրճարաններում, ռեստորաններում ճաշացանկը պարտադիր անգլերեն թարգմանություն ունի, սպասարկման ոլորտում ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելիս պարտադիր պայման է անգլերենի գերազանց իմացությունը:

Իսկ տուրիստական Լեհաստանում (հատկապես Վարշավայի և Կրակովի հին քաղաքներում  ցանկության դեպքում անգամ դժվար է լեհ գտնելը, բոլորը զբոսաշրջիկներ են) խոսում և գրում են միայն լեհերեն: Հյուրանոցներում,  բրենդային և ոչ բրենդային խանութներում, բանկերում, էլ չասեմ փողոցում անգլերեն խոսող մարդ գտնելը մեծ դժվարություն է (ռուսերենի մասին էլ չասեմ), ստիպված ես հաղորդակցվել ժեստերի լեզվով կամ սովորել լեհերենը: Անգամ երկաթուղային կայարանում, որտեղ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա, տոմս վաճառողները և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները միայն լեհերեն են խոսում, ուղղորդող վահանակները ևս  միայն լեհերեն են:

Մինչդեռ Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իր երկրում գտնվող օտարերկրացին կարող է և գուցե պարտավոր է մի փոքր տիրապետել քո լեզվին: Ո~չ, մենք ամեն ինչ անում ենք, որ օտարերկրացին իրեն լավ զզա:

Լեհաստանում էլ է օտարերկրացին իրեն լավ զգում, բայց ոչ լեհի ազգայինի ստորադասման հաշվին, պարզապես սպասարկումն ու ծառայություններն են որակյալ:

Երևի թե բառերով փոխանցել հնարավոր չէ այն հիացմունքը, որով լեհերը խոսում են իրենց պատմության և մշակութային ժառանգության մասին: Մեր լրագրողական խմբի ուղեկից լեհը առիթը բաց չէր թողնում պատմելու, թե սովետական իշխանությունների դեմ ինչ պայքար են մղել Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիների ավերած հին քաղաքի յուրաքանչյուր շենքը վերականգնելու համար:

Մեզ մոտ լիներ` երևի խոսք էլ չէր լինի վերականգնելու մասին: Մենք անգամ պահպանվածն ենք քանդում, կարծես խանութ սարքելու համար այլ տարածք չկա:  Վարշավայից տարիքով կրկնակի մեծ Երևանում անգամ 100-ամյա շենք գտնելը դժվար է: Մինչդեռ լեհերը քար առ քար վերականգնել են հին Վարշավան, որ 80-90 տոկոսով կործանվել էր գերմանացիների ռմբակոծություններից:

Լեհերն այնպես են գնահատում իրենց մշակութային ժառանգությունը և մեծերին, որ թվում է, թե այդ ամենը բացառիկ է, միայն իրենք ունեն: Բայց երբ մոտիկից ես ծանոթանում, հասկանում ես, որ հայերս գուցե ավելի մեծ արժեքներ ունենք, սակայն օտարն այդ մասին չգիտի:

Անհնար է, որ որևէ զբոսաշրջիկ Վարշավայից հեռանա` առանց իմանալու, որ Շոպենը լեհ է եղել, և հեռանա առանց նրա ստեղծագործություններն ունկնդրելու:  Հայաստան այցելած քանի՞ զբոսաշրջիկ է իմանում, որ հայերս էլ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան ենք ունեցել: Երևի ոչ ոք:

Ցավալի է, երբ Երևանի և Վարշավայի, Հայաստանի և Լեհաստանի միջև նման տարբերություններ կան, մանավանդ որ սոցիալիստական կարգերից հետո երկուսս էլ նույն դիրքից ենք մեկնարկը տվել:

Հ.Գ.
Նյութը հնարավոր եղավ պատրաստել շնորհիվ «Լեհա-չեխա-սլովակյան համերաշխության հիմնադրամի», որը սեմինար էր կազմակերպել «Անկախ լրատվամիջոցների  զարգացումը Եվրասիայում» խորագրով: Մասնակցում էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից և Մոլդովայից:  Սեմինարին Հայաստանը ներկայացնում էր «Անկախ»-ի թղթակիցը:

 

Մշակույթի նախարարությունը տեղափոխվում է Գյումրի

GyumriՀանրապետության նախագահի Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ՝ սեպտեմբերի 20-ին, կրկին հարց է բարձրացվել մշակութի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին:

“Մենք առաջարկություն ենք ներկայացրել մշակույթի նախարարությունը մշակութային մայրաքաղաք դարձած Գյումրի տեղափոխելու համար: Այս մասին քաջատեղյակ է նաև հանրապետության նախագահությունը”, – այս մասին օրեր առաջ հայտարարեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինչին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արձագանքեց, թե նախարարն արդեն տեղափոխվել է Գյումրի, կապված՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հետ:
Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մանրամասնում է. “Եթե “Հյուսիս-հարավ” ճանապարհաշինության ծրագիրը 2016 թվականին վերջնական ավարտվեց, սա հնարավորթություն կտա Գյումրի-Երևան հասնել 40-50 րոպեում: Եվ պայմանավորվածություն արդեն իսկ կա մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար. ես ուզում եմ, որ սպորտի նախարարությունն էլ տեխափոխվի Գյումրի քաղաք: Դա լուրջ շրջանառություն կլինի քաղաքի համար”:

Տարբեր երկրների նախագահներ սկսել են շնորհավորել Իլհամ Ալիևին վերընտրման համար

Իլհամ ԱլիևԱդրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է Իլհամ Ալիևին և շնորհավորել երրորդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձ է հղել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իլհամ Ալիևին շնորհավորել են նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրանշինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Բալասանյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

26 004Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Հրավիրված հաշվետու ասուլիսում քաղաքապետը նախ հանդես եկավ կատարած աշխատանքների ամփոփ տեղեկատվությամբ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Սամվել Բալասանյանը կարևորեց այս մեկ տարում քաղաքի ու քաղաքապետարանի ձեռքբերումները: Նշեց, որ 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքի ունեցած 1 մլրդ 58 մլն դրամի պարտքից այսօր վճարելու մնացել է 81 մլն-ը: Փակվել են աշխատավարձերի կուտակված պարտքերը, այժմ նոր պարտքեր չեն գոյացել, իսկ աշխատավարձերը վճարվում են սահմանված ժամկետներում:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքի բյուջեի սեփական եկամուտների վարչական մասի կատարողականը կազմում է 85%, ֆոնդային մասի կատարողականը՝ 29%: Համայնքի միջոցներով կատարվել են մոտ 410 մլն դրամի ասֆալտապատում: Երթուղի են դուրս բերվել 10 նոր ավտոբուսներ, քաղաքում  տեղադրվել են նոր նստարաններ, կարգավորվել է աղբահանությունը, մեծ նվաճումներ ու առաջընթաց կա սպորտի և արտաքին կապերի ոլորտում և այլն:

“Ֆոնդային բյուջեի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ: Հաշվեկշռում ունենք նյութական արժեքներ՝ շենք-շինություններ, հողեր, բայց երբ աճուրդի պրոցես է գնում, ուսումնասիրությունները պարզում են, որ այդ հողերը վաճառված են”, – ասում է Սամվել Բալասանյանը:
Որպես ձեռքբերումների առաջին կետ քաղաքապետն առանձնացրեց հատկապես ավագանու ինստիտուտի կայացումը. անցկացվել է 11 նիստ, ընդունվել 157 որոշում, ստեղծվել է ավագանու կազմում մշտական գործող 4 հանձնաժողով: Ավագանու նիստերը, սկսած առաջինից,  հեռարձակվում են համացանցով:
Քաղաքապետարանը ստացել է 4513 դիմում, 1196-ը՝ օգնություն ստանալու խնդրանքով, 960 ընտանիքի ցուցաբերվել է աջակցություն՝ սնունդի և հագուստի տեսքով:
Հարցին, թե ինչ թերություններ կան,  քաղաքապետը պատասխանեց. “Մենք ունենք շատ-շատ բաղթողումներ, թերություններ: Դրանք են՝ նույն ասֆալտապատումը, աշխատատեղերը, անօթևան վիճակը, նույն շինարարական աղբը կուտակված է: Սա անելու ենք”:

Հարցին  էլ, թե Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ ասվում էր, որ Սամվել Բալասանյանը գալու է Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու, արդյո՞ք հաջողվել է, նշեց. “Ինչ-որ տեղ փոխեցինք: Փոխվեց այն իրավիճակը, որը կար: Հայրապետյան Սերգեյը մի լավ բառ էր օգտագործել՝ մի քիչ քաղքոտել ենք, այսինքն ինչ-որ քաղաքատիպ  իրավիճակի ենք եկել: Երբ փողոց ես դուրս գալիս, տեսնում ես կանաչապատ տեղեր, ավտոբուսներ, կանգառներ, գեղեցիկ ցուցանակներ… Հիմա, որ ասեմ՝ Փարիզը միանգամից սարքվեց ու թերություններ չունի, սուտ կլինի: Եթե քաղաքային տնտեսություն ես՝ ունես թերություններ, և դրանք պետք է կարողանաս վերացնել: Մենք կփորձենք տարիների ընթացքում այդ ամենը կանոնակարգել: Բնականաբար, հաջորդ տարվա հաշվետվության ժամանակ մենք լուրջ ձեռքբերումներ կունենաք: Եթե չունենանք, դանդաղ լինի այդ ամենը՝ մեր ժողովուրդը նորից արտագաղթած կլինի, հույսն ու հավատը կորցրած կլինի, ոչ մի հոգեբանական մթնոլորտ փոխված չի լինի”:

Գրականության գծով Նոբելյան մրցանակ է ստացել Էլիս Մունրոն

o_834647Գրականության գծով Նոբելյան մրցանակի է արժանացել կանադացի գրող Էլիս Մունրոն: Նոբելյան կոմիտեի կարծիքով  “նա ժամանակակից պատմվածքի վարպետ է”: Եվ, ինչպես նրանք են նշել, դափնեկիրների ընտրության դեպքում “որոշում է կայացվում միայն ստեղծագործության արժանիքներից ելնելով”:

ԵՄ-ն մարդու իրավունքների բարձրագույն մրցանակը շնորհել է Մալալային

ՄալալաԵվրոպացի օրենսդիրները մարդու իրավունքների բարձրագույն մրցանակը շնորհել են պակիստանցի դպրոցական Մալալա Յուսաֆզաիին, որին անցած տարի փորձել էին սպանել թալիբանները:

Եվրոպական պառլամենտը հինգշաբթի հայտարարել է, որ 16-ամյա Մալալան կստանա 50,000 եվրո (65,000 դոլար) Սախարովի անվան մրցանակ: Միացյալ -նահանգների գաղտնի տեղեկատվություն հրապարակած Էդվարդ Սնոուդենը և բելառուսցի բանտարկված այլախոհների մի խումբ ևս առաջադրված էին այդ մրցանակի համար:

Մրցանակը համարվում է Եվրոպայի բարձրագույն մարդու իրավունքների մրցանակը: Այս մրցանակը նախկինում ստացել են Նոբելյան խաղաղության մրցանակակիրներ Աուն Սան Սու Չժին և Նելսոն Մանդելան:

 

Արտգործնախարարն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին

 563. Minister Nalbandian recieved head of Germany-South Caucasus parliamentary friendship group 10.10.2013                   Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:

                    Նախարար Նալբադյանը` մեծապես կարևորելով  Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները և միջխորհրդարանական բարեկամության խմբերի շփումները։  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում  հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Դոլարը բարձրանում է

դոլարՀոկտեմբերի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

Պահանջում են, որ կաթողիկոսը հրապարակավ ներողություն խնդրի

կաթողիկոսՖՐԱՆՍԱՅԻ ԿԵԴՐՈՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԱՌԵՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Թեմական պատգամաորական ժողովի նախագահին ուշադրության, Պատճէններ՝ Թեմակամ խորհուրդի նախագահին, թեմական պատգամաւորներուն Յարգելի Պարոն Նախագահ՝ Շուրջ տասնեակ մը տարիէ ի վեր, մեր Եկեղեցին կը մխրճուի կառուցային եւ յարաբերութիւններու տագնապի մը մեջ, ցաւ պատճառելով իր ամենէն հաւատարիմ ծառաներուն, անոնք ըլլան կղերական կամ աշխարհական։ Քայքայման այս վիճակը հետեւանք է իշխանական եւ բռնակալ կեծուածքներու, ինչպէս նաւ խորհրդային ժամանակաշրջանէն ժառանգուած գործելակերպերու, զորս ներկայի Կաթողիկոսը դժբախտաբար կը ցուցաբերէ, պատճառ դառնալով արժանաւոր բազմաթիւ կղերականներու հեռացումին։ Այսօր, Նորվան Արք. Զաքարեանի հրաժարականէն ետք, այլեւս չենք կրնար շարունակել ծածուկ լեզուի /langue de bois/ օգտագործումը, այնքա՛ն խոր է անհանգստութիւնը. Մեր պարտականութիւնն է պաշտպանել եւ պահպանել նախնիներուն կառուցածը։ Ափսոսալով հանդերձ՝ կը յարգենք Նորվան Արք. Զաքարեանի հրաժարելու որոշումը։ Մեր նպատակը՝ այս հրաժարականէն օգտուելով՝ մեր եկեղեցին ա՛լ աւելի սասանելը չէ, բայց եւ այնպէս՝ մեր Թեմակալ Առաջնորդին ենթարկուած նուաստացումը կհամարենք համայն Ֆրանսայի հայ առաքելական համայնքի նուաստացումը։ Ի մօտոյ, Թեմական խորհուրդը պիտի կազմակերպէ թեմակալ նոր առաջնորդի ընտրութիւներ։ Ծանօթ է, որ ընտրութիւներու գծով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործելակերպը միշտ ալ անկողմնակալ չէ, առաջքը առնելու համար հաւանական կամայական որոշումներու, պիտի ընենք ամէն ինչ, որպէսզի թեմական պատգամաւորները իրենց դերը լիուլի խաղան։ Ինչը կը վերաբերի այն պատճառներուն, որոնք առաջնորդեցին այս ընտրութեան՝ կ՛ուզենք ընդգծել, որ մեր Առաջնորդին հրաժարման արդիւ Թեմական խորհուրդը թեթեւ մօտեցում ցուցաբերեց հարցին նկատմամբ՝ հրապարակելով հաղորդագրութիւններ եւ  Էջմիածնի հետ փախանակելով նամակներ՝ հապճեպ եւ շփոթ կերպով, առանց երբեք դիմելու Պատգամաւորական ժողովին։ Նման պարագայի մը՝ նուազագոյնը պիտի ըլլար հրաւիրել Պատգամաւորական ժողովի մը գումարումը. Նորվան Արք.ի հրաժարականը ընդունելու եւ անոր հետեւանքներուն նկատմամբ առնուելիք միջոցները որոշելու համար։ Նկատի ունենալով մեր Առաջնորդին եւ մեր համայնքին ուղղուած նախատինքին ծանկրակշիռ բնույթը, կ՛ուզենք որ այս նամակը փոխանցուի Կաթողիկոսին եւ Ան՝ հրապարակաւ ներողութիւն խնդրէ մեր Առաջնորդէն։  Մեր կարծիքով. Ներողութիւնը ընտրական որեւէ գործընթացի սկզբնական քայլը պետք է հանդիսանայ։ Մայր Աթոռը կը հրաւիրենք ընտրելու իմաստութեան ճամբան։ Հայ ժողովուրդը չի կրնար հանդուրժել իր Եկեղեցւոյ կողմէ ի գործ դրուող չարաշահումներու, շահադիտութեան, կամայականութեան եւ լռութեան։ Այդուամենայնիւ. Մենք կը շարունակենք մեր եկեղեցիները  մատակարարելու մեր յանձնառութիւնը. Ինչպէս նաեւ խաղաղեցնելու՝ մեր հաւատացյալնները։ Յարգելի  Պարոն նախագահ, Ընդունեցէք մեր յարգանքներուն հաւաստիքը։ Ստորագրությունները՝ առկից։ Առկից.- Կեդրոն շրջանի՝ Լիոնի, Տէսինի, Կրընոպլի, Սէն թ՛Էթիէնի, Վիէնի, Շարվիէօյի եւ Վալանսի Ծխական խորհուրդներու նախագահներու կամ ներկայացուցիչներու ստորագրությունները.

U_11

Ֆրանսիայի դպրոցներում գենդերային հավասարության դասեր կվարեն

i (1)Միջնակարգ կրթության ծրագրում սեռերի հավասարության  առարկա են մտցնելու: Ֆրանսիայում կրթության ու կանանց իրավունքների գծով նախարարն առաջարկել է դասընթացների համար ցանցային ռեսուրսներն օգտագործել: Այդպիսով պաշտոնյաները փորձում են կոտրել պատմության տարբեր ժամանակաշրջաններում կնոջ ու տղամարդու կերպարների ու դերերի վերաբերյալ եղած կարծրատիպերը: Բացի այդ, քաղաքական գործիչներն իրենց առջև խնդիր են դրել աղջիկների մեջ մաթեմատիկայի, ֆիզիկայի ու սպորտի նկատմամբ հետաքրքրություն սերմանել.նրանց խոսքով, առաջներում դրանք գերազանցապես  տղամարդկանց հատուկ առարկաներ  էին համարվում: Նրանք կարծում  են, որ երիտասարդությունը չպետք է մնա հասարակության անցյալի մոդելի շրջանակներում, երբ սեռային պատկանելությունը հսկայական նշանակություն ուներ: