Քաղաքի բնակիչներին ամբողջ գիշեր արթուն պահող աղմուկի պատճառը հնարավոր է զուգավորվող ձկները լինեն (տեսանյութ)

Midshipman fish1Մարդկանց ամբողջ գիշեր արթուն պահող խորհրդավոր գվվոցի պատճառը հնարավոր է սիրահարված ձկները լինեն:

Մեծ Բրիտանիայում  Հեմփշիրի Սաութհեմփթոն համայնքի մի հատվածի բնակիչները պայքարում են երեկոյան 10-ին սկսվող և ամբողջ գիշեր շարունակվող աղմուկի մեջ քնելու համար:

Որոշ մարդիկ գիշերային սարսափից փախչելու համար նույնիսկ տեղափոխվել և քնում են իրենց ընկերների բազմոցներին:

Այժմ գիտնականները ուսումնասիրություններ են իրականացնում պարզելու համար՝ արդյո՞ք այդ աղմուկը բարձրացնում են մոտակա գետաբերանում զուգավորվող ձկները, թե ոչ:

Արու միչման ձկները հատուկ գվվոց են արձակում էգ ձկներին գրավելու համար:

Այդ ձայնը նրանք կարող են արձակել ժամեր շարունակ և իրենց տոնը բարձրացնել այլ արուներից իրենց գվվոցը առանձնացնելու համար:

Գիտնականները պնդում են, որ ձայնը, կառույցներին և նավերին բախվելով, կարող է ավելի ուժեղանալ:

Սաութհեմփթոնի Ազգային օվկիանոսագիտության կենտրոնը չի կարողացել պարզել ձայնի առեղծվածը:

Ամեն դեպքում՝ Ծովային գիտությունների շոտլանդական ասոցիացիայի պնդմամբ՝ ձայնի պատճառը կարող են լինել ձկները:

Անքնությունից տառապող տասնյակ բնակիչներ են բողոքել գվվոցի դեմ:

Նյու Ֆորեսթի տարածաշրջանային խորհուրդը բնակիչներից ավելի քան 30 բողոքներ է ստացել նյարդայնացող աղմուկի դեմ:

Խորհրդի ներկայացուցիչը հայտնում է, որ մի շարք կառույցների վրա աղմուկը վերահսկող սարքեր են տեղադրվել ձայնի իրական պատճառը պարզելու համար:

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետ

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետՀոկտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամարա Սանիկիձեի հետ:

                Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  ՀՀ դեսպանը նշեց, որ կրթության եւ գիտության ոլորտներում հայ-վրացական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է, եւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության եւ գիտության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, Վրաստանում գործող հայկական դպրոցների, հայոց լեզվի դասավանդման, հայալեզու դպրոցների համար կադրերի պատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

 

Այս իշխանությունը խորհրդարանին իր կցորդն է համարում. Նաիրա Զոհրաբյան

նաիրա զոհրաբյանԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը այսօր ԱԺ-ում, ներկայացնելով իր խմբակցության վերջնական դիրքորոշումը

պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի փոփոխության նախագիծի մասին, ասաց. ՛՛Այս իշխանությունը խորհրդարանին
իր կցորդն է համարում: Քանի՞ անգամ է եղել դեպք, երբ մենք մերժել ենք իշխանության բերած նախագծերը: Ես կարող եմ հիշել
եզակի դեպքեր, որոնց կեսը պատահականություն են եղել, և հետագայում օպերատիվ կերպով վերականգնվել է ՛՛պատմական արդարությունը՛՛:
Նման պայմաններում իշխանությունից պահանջել հարգել սահմանադրությունը, անիմաստ է, մենք ինքներս ենք նրան անկառավարելի դարձրել:
Ինչքան բարձրացավ աշխատավարձը դատական ոլորտում, այնքան աճում է իրավական համակարգի նկատմամբ անվստահությունը, աճում է կոռուպցիան:
Մտածելը, թե այս օրինագիծը կպայքարի կոռուպցիոն ռիսկերի աճի դեմ, դիլետանտիզմ է և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՛՛:

—
Լարա Առաքելյան

Վերջին Ինը ամսվա ընթացքում վերին Լարսի անցակետով Հայաստանի սահմանը հատել է 160000 հայ, դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանԱԺ-ում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին օրինագծի շուրջ ամփոփիչ ելույթ ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ

Արամ Մանուկյանը, ում երկար տեքստից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը: Նա մասնավորապես ասաց.
՛՛Կառավարությունը սխալ գործեց Զբաղվածության մասին օրենքի քննարկումից անմիջապես հետո քննարկման դնելով այս օրինագիծը:
Անգամ եթե ընդիմադիր պատգամավորների վախերը արդարացված չեն, տպավորությունը այնպիսին է, թե պատգամավորներն իրենց աշխատավարձը
բարձրացնում են գործազրկության նպաստների հաշվին: Այնուամենայնիվ, ասեմ, որ խոցելի շերտերի նկատմամբ բեռը, այս օրինագծի ընդունմամբ,
ավելանալու է, որովհետև սոցիալական ծրագրերի ու թոշակների տասնհինգ տոկոս ավելացումը գների թանկացման ֆոնին ադեկվատ չէ:
Սոցիալական բեռի ավելացումը այս ծրագրերից արագընթաց է: Այս ձևով չեք կարող լուծել մարտահրավերները, որ վերաբերում են
կենսամակարդակին, բյուջջեին և այլն: Դրա ապացույցը թվերն են: Ձեզ թվերով կարող եմ ջարդել, լուրջ եմ ասում: Վերջին Ինը ամսվա
ընթացքում վերին Լարսի անցակետով Հայաստանի սահմանը հատել է 160000 հայ, դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին, որևէ արտադրություն
կազմակերպողին:
Հարկային օրենսդրությունը սիրում է կոշտություն, սա օրենք է, իսկ մենք ի՞նչ ենք անում. հինգ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկը
փոփոխվել է 67 անգամ, մեղք չի՞ տնտեսվարողը: Սա ջարդ է բիզնեսի նկատմամբ: Հդմ-ի մասին օրենքը տասը անգամ փոխել եք: Ինչի՞ համար:
Ինչու՞ եք ճնշում պարտաճանաչ հարկատուներին, երեք անգամ հդմ-ի սարքը փոխելու քաղաքականությունը ճի՞շտ է արդյոք: Փոքր ու միջին բիզնեսը
Ձեզ սնողն է, իսկ դուք նրան սնանկացնում եք, սոցիալական լարվածությունն եք մեծացնում՛՛:

—
Լարա Առաքելյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի գործընկերոջը

001Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր–քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Մարսելի քաղաքապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն համագործակցության շրջանակները. «Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության  21-ամյա պատմությունն է: Այսօր մենք կթարմացնենք երկու քաղաքների միջև առկա համագործակցության համաձայնագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր տասնամյակների պատմության մեջ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենն իսկապես սպասված և ցանկալի հյուր է Երևանում:

Մարսել քաղաքի սենատոր–քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքաների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը. «Մեր երկու քաղաքների ներուժն այսօր իսկապես շատ ավելին է, քան 21 տարի առաջ էր: Ստորագրվելիք նոր համաձայնագրով վստահ եմ, նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանն ու իրականացվելիք ծրագրերում կընդրկենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ»,- նշել է  Ժան – Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

ՀԱՕԿ-ը պարզաբանում է կատարել

images ՀԱՕԿ«Անկախ»-ը նախապես հրապարկել էր, որ Արթուր Բաղդասարյանը հնարավոր է գլխավորի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Այդպես էլ եղավ:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, անընդունելի է համարում կատարվածը:

Հիշեցնենք, որ այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր:

Եվ ահա. ՀԱՕԿ-ը պարզաբանում է կատարել.

«Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է , որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը , այդ թվում նաև ֆեդերացիաների : Ավելին , համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի , ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը , որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձևի ազգային ֆեդերացիա և ներկայացված լինել միջազգային կառույցներում : Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից , որևէ խախտման դեպքում, համաձայնԽարտիայի և ՀԱՕԿ-ի կանոնադրության , ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը :

Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն , որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև հանդիսանում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը և համակարգում է նրանց գործունեությունը»:

 

 

Կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.99 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.99 դրամ:

Պատասխանատու ֆինանսավորումը` որպես սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական միջնորդության ավելացման երաշխիք

կբՀՀ կենտրոնական բանկի և Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կողմից «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  կազմակերպվել է «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Գերմանական զարգացման բանկի (KfW), Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկողական մարմնի (BAFin), Համաշխարհային բանկի (WB), միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներ,  ֆինանսական համակարգի այլ շահագրգիռ կողմեր:

Միջոցառման մասնակիցները մեծապես կարևորել են «Պատասխանատու ֆինանսավորումը», դիտարկել ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու քննարկել հետագա զարգացումները` շեշտելով վերջինիս դերը՝ որպես ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման և ֆինանսական միջնորդության ավելացման կարևոր ու արդիական նախապայման:

Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ամբողջական, ճշգրիտ, էական և ժամանակին տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների ոլորտին առնչվող ռիսկերի բացահայտումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը սպառողների ֆինանսական կրթման գործընթացներին:

«Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» խորագրով միջոցառումը իրականացվում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-31-ը հայտարարված է անձնական ֆինանսների կառավարման ամիս, որի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված բյուջեի պլանավորմանը, խնայողությունների կատարմանը, պարտքերի կառավարմանը, ինչպես նաև ֆինանսների մասին նոր գիտելիքների ձեռքբերմանը:

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Չինացի աղջկա դեմքը աճեցրել են կրծքի վրա

Китай,пластическая операция  Հերթական ցնցող պլաստիկ վիրահատությունն է իրականացվել Չինաստանում: Վաղ հասակում  աղջկա` այրվածքներից չափազանց տուժած դեմքը  փոխպատվաստել են` նախապես այն աճեցնելով հիվանդի կրծքին: Բժիշկներն  ասել են, որ  17-ամյա չինուհին կսովորի օգտագործել իր նոր դեմքը , հաղորդում է  Want China Times-ը:

17-ամյա Սյու Ձյանմեյը Չինաստանի հարավ-արևելյան Ֆուցզյան նահանգի ձկնորսական մի գյուղից է: Նրա դեմքը այլանդակվել է հինգ տարեկանում` հրդեհից: Աղջկա ծնոտը, կոպերը լրիվ այրվել էին, աջ ականջի հիմնական մասը նույնպես: Ավելի քան 10 տարի նրա ընտանիքը չէր կարողանում վճարել համապատասխան բուժման համար: Սակայն անցյալ տարի բժիշկներն  առաջարկեցին չինուհուն լուծում, որը նրան և հարազատներին դուր եկավ: Բժիշկներն  աճեցրեցին  հիվանդի կրծքին նրա նոր դեմքը:

Չնայած նախավիրահատական կադրերը տհաճ են, բժիշկները խոստանում են, որ աղջկա դեմքի սպիները, որ առաջացել են իմպլանտից,  կանցնեն և նա կունենա առողջ արտաքին տեսք: Վիրահատությունն  անցել է մի քանի փուլով: Սկզբում բժիշկները վերցրել են աղջկա ազդրից հյուսվածք և տեղադրել  ձախ ուսից քիչ ներքև: Սպասելով մինչ նոր մաշկ կառաջանա`  նրանք անցել են Սյու Ձյանմեյի դեմքին:

Սա իհարկե   Չինաստանում կատարված  առաջին նմանատիպ վիրահատությունը չէ : Վերջերս ավտովթարի ենթարկված մի չինացու քիթն  աճեցրել էին ճակատին:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նախապատվությունը տվել է Ադրբեջանի շախմատիստների հավաքականին

կիdownloadՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ` աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Այսպիսով, հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր տասը երկրները. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան:

«Միկայի» շախմատիստուհիները երկրորդ պարտությունը կրեցին

միկա528Հունաստանի Հռոդոս քաղաքում շարունակվող շախմատիստուհիների Եվրոպայի ակումբային առաջնությունում Երևանի «Միկան» երկրորդ պարտությունը կրեց:

Մերոնք 4-րդ տուրում 1:3 հաշվով զիջեցին «Յուգրա» թիմին:

«Միկայի» մարզուհիներից Հարիկա Դրոնավալին և Էլինա Դանիելյանը  ոչ-ոքի խաղացին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Լելա Ջավախիշվիլին պարտվեցին:

Կայացած չորս տուրից հետո 8 միավորով աղյւսակը գլխավորում է «Մոնտե Կարլոն»: «Միկան» 4 միավորով հինգերորդն է։

Տեխնիկական արդյունքներ

Յուգրա – Միկա 3:1
ՈՒշենինա – Դրոնավալի 1/2
Պոգոնինա – Մկրտչյան 1:0
Կովանովա – Դանիելյան 1/2
Ռոմանկո – Ջավախիշվիլի 1:0
 4-րդ տուր
Շախմատային Մոսկվա – Մոնտե Կարլո 1½:2½
Պոլիտեխնիկա – Ելիցա 3½: ½
Ֆիշեր – Ֆորտաս Վիլնյուս 1:3
Պամհագեն – Ռուդար ½:3½
ԲԱՍ – 2:0

Մասնակիցների դասավորությունը

1. Մոնտե Կարլո 8
2. Պոլիտեխնիկա 6
3. Յուգրա 6
4. Շախմատային Մոսկվա 5
5. Միկա 4
6. Ֆորտաս Վիլնյուս 4
7. Ելիցա 3
8. ԲԱՍ 3
9. Ռուդար 3
10. Պամհագեն 1
11. Ֆիշեր 1

Գերմանական «Վոլֆսբուրգի» ղեկավարությանը հետաքրքրում է Յուրա Մովսիսյանը

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիյանին ցանկանում են իրենց թիմում տեսնել գերմանական մի շարք ակումբներ: Նույնիսկ  տեսակետ էր հայտնվել, որ հավանական է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի ղեկավարությանը համոզի, որպեսզի Հայաստանի հավաքականի իր խաղընկերոջը գնեն:

Բայց բացահայտվել է, որ 26-ամյա Մովսիսյանի ծառայություններով ամենից շատ հետաքրքրվում են «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչները:

Այդ թիմը ներկայումս Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը:

 

Հյուսիսային Կորեան կվերադարձնի ձերբակալված վեց հարավային կորեացիներին

n korea-retrurn detained-s koreaՍեուլի պաշտոնյաները հինգշաբթի հայտնել են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ազատ արձակել ձերբակալված վեց հարավային կորեացիների:

Ըստ միջսահմանային կապերի համար պատասխանատու Հարավի միասնականացման նախարարության տարածած հայտարարության՝ Փհենյանի Կարմիր խաչից նամակ են ուղարկել Հարավային Կորեա՝ հայտնելով, որ ձերբակալվածները սահմանը կհատեն ուրբաթ օրը, զինված սահմանի զինադադարի գյուղ հանդիսացող Պանմունջոմի հատվածում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սեուլը պատրաստվում է ընդունել հարավային կորեացիներին և հետաքննություն սկսել պարզելու համար, թե ինչպես են նրանք անցել Հյուսիսային Կորեա: Սեուլը սակավ տեղեկություն է տրամադրել բանտարկյալների վերաբերյալ՝ միայն նշելով, որ նրանք 27-67 տարեկան տղամարդիկ են:

2010թ-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հետաքննում է սահմանը հատած չորս հարավային կորեացիների դեպքը, սակայն այժմ պարզ չէ` արդյո՞ք նրանցից  որևէ մեկը ազատ արձակվածների շարքում ընդգրկված է, թե ոչ:

Առանց կառավարության թույլտվության Հյուսիսային Կորեա ներթափանցած հարավկորեացիներին Հարավային Կորեայի ազգային անվտանգության օրենքով հասնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

«Տարածաշրջանը եռացող կաթսա է, իսկ Հայաստանը` այդ կաթսայի կափարիչը». քաղաքագետ

Levon-Shirinyan (1)Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում բավականին կարևոր ու բուռն զարգացումներ են նկատվում: Այդ ակտիվությունը, սակայն, բացի մեկ–երկու արտահայտությունից ու մտահոգությունից, չի վերածվում երկրի ներքաղաքական կյանքի աշխուժացման` քաղաքական բանավեճերի ու գործընթացների ուժգնացման: Թե ինչու է այդպես, փորձեցինք քննարկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

– Պարո՛ն Շիրինյան,Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական ասպարեզներում լուրջ զարգացումների ու գործընթացների ենք ականատես լինում, սակայն Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես անտարբեր է և իրավիճակին համարժեք չի արձագանքում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իշխանությունները ստեղծում են երկրի տեղաշարժի մի վիճակ, ու դրան ընդդիմացողներ էլ պետք է լինեն: Բայց մեծամասնության մեջ այս հարցի կապակցությամբ վեճ չկա. վեճն արտաքին է: Հիմա ներքին  քաղաքական կյանքն ավտորիտար ռեժիմի դասական օրինակ է դարձել, տնտեսությունը կիսակենդանի է կամ կիսամեռ, որի քաղաքական կյանքը բացարձակ մենիշխանական համակարգի է վերածվել` Հանրապետական կուսակցության բացարձակ գերիշխանությամբ, ընդդիմությունն էլ հոգնած, բեզարած է. այսպես ասեմ` ՀՀ ընդդիմության ղեկավարությունը, առանց բացառության, էրոզիայի է ենթարկվել. չկա նոր գաղափար, նոր ձգտում, և ամենակարևորը` ժողովրդի մեջ վստահությունը չկա: Դա էլ ստեղծում է մի տարտամ վիճակ: Ժողովուրդն էլ խիստ անտարբեր է այդ ամենի նկատմամբ: Որովհետև քանի տարի է` անընդհատ տեսնում է ինչ-որ հույս, իբր փոփոխության տեսլական, բայց հուսախաբ է լինում, և այդ վիճակը տարիների ընթացքում մարդկանց մեջ առաջացրել է անտարբերություն իր շուրջն ընթացող գործընթացների հանդեպ: Անշուշտ, դա վատ բան է, բայց այդպես է:

– Կխնդրեի ավելի մանրամասն ասել, թե դա ինչ վտանգներ է պարունակում:

– Երկիրը չի զարգանա: Ճիշտ է, թվում է թե կուսակցությունները շատ են, և թվով իրականում շատ են, ավանդական կուսակցություններ կան` հզոր լոզունգներով, բայց նրանք սնամեջ են դարձել: Կա մի ՀՀԿ կուսակցություն, որը տեր ու տնօրեն է բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում` թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական կյանքում: Իսկ դա երկրի զարգացում թույլ չի տալիս: Ժողովրդի անտարբերությունը հետաքրքիր ցուցիչ է: Այդ անտարբերությունը գալիս է այդ վիճակից. ժողովուրդը չի տեսնում հույսի որևէ կետ և համակերպվում է իր վիճակին ու շարժվում առաջ: Եթե վերլուծենք, ապա չկա բանվոր դասակարգ. ամբողջությամբ լյումպենացած է այդ դասակարգը, գյուղացիությունը հազիվ քարշ է գալիս` իր  չարչարանքների մեջ տառապելով, հարկերի բեռը շալակին, մտավորականությունն էլ 20 տարի է, ինչ օրվա հացի հարց է լուծում, իսկ երիտասարդությունը տեսնում ենք` քաղաքական ինչ ակտիվություն ունի: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է տեղաշարժ լինել:

– Իսկ ի՞նչ է պետք անել հիմա:

– Ավտորիտար ռեժիմը միայն մեզ մոտ չէ, բայց մեզ մոտ, քանի որ պատերազմական վիճակում ենք, դա սուր է արտահայտվում: Ավտորիտար ռեժիմը երկու հատկություն ունի. նրա քաղաքական ղեկավարը, հիմնական դերակատարը մեզ մոտ նախագահն է: Նա կարող է երկիրը տանել վերածննդի ուղիով, որովհետև ավտորիտար ռեժիմի մոբիլիզացիոն ռեսուրսը շատ մեծ է և դիմադրողները շատ քիչ կարող են լինել, կամ էլ կարող է նույն վիճակով շարունակել, ինչն այսօր մեզանում է կատարվում:

Դրա համար դասական իմաստով բոլոր երկրներն էլ, որոնք փորձել են զարգանալ, նման վիճակներում նման քայլեր արել են: Երկրի քաղաքական ղեկավարությունն արդիականացման` մոդեռնիզացիայի ծրագիր է մշակում, հրամցնում է հասարակությանը` անկախ այն հանգամանքից` օպոզիցիոն կուսակցությունները դա հասկանում են, թե ոչ, դա նրանց համար շահավետ է, թե ոչ: Որովհետև օպոզիցիան իր տաք վիճակին սովոր է. խորհրդարանում խոսում է, աշխատավարձը ստանում ու իր շարժիչի դերը չի կարողանում կատարել: Հիմա այս վիճակում նախագահը կարող է առաջարկել մի արդիականացման ծրագիր տնտեսության համար, երկրի քաղաքական կյանքի համար, հոգևոր-մշակութային ոլորտի ու սոցիալական բարեփոխումների համար և իր մոբիլիզացիոն ուժով երկիրը տանել զարգացման: Նման օրինակներն աշխարհում շատ-շատ են: Մի բարդություն կա. տվյալ պարագայում նախագահը պետք է իր շրջապատը հարմարեցնի այդ վիճակին, արդիականացնողների, համախոհների թիմ ստեղծի, որոնք երկիրը կտանեն վերափոխման: Որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական դեմքերը տասնյակ տարիներով չեն փոխվում: Բայց կարծում եմ, որ մի ժամանակ կգա, որ այդ իրավիճակին կհանգենք:

– Բայց Հայաստանում Ձեր նշած մոբիլիզացիոն ուժի դրսևորումներ  չեն նկատվում:

– Այո, դա քաղաքական ղեկավարության պատասխանատվությամբ է պայմանավորված: Այն երկրներում, որտեղ ընդդիմություն կա, այդ գործն օբյեկտիվորեն ընդդիմությունն է անում, իշխանությանը պարտադրում է քաղաքական կուրս: Հիմա մենք մեր ընդդիմությունը, որոշ մարդկանց բացառությամբ, կարող ենք համարել «նորին մեծություն նախագահի ընդդիմություն»: Ու այս պայմաններում նախագահը պետք է ստանձնի երկրի արդիականացման ու վերափոխման պարտավորությունը, ինչպես 1960-ական թվականներին Ֆրանսիայում Շառլ դը Գոլն արեց: Այդ ժամանակ Ֆրանսիան էլ խեղդվում էր քաղաքական, տնտեսական և այլ կարգի ճահճի մեջ: Ես կարծում եմ, որ նախագահի համար սա պետք է ընկալելի դառնա, և նա ինքնուրույն դա անի: Չինաստանի կոմկուսը դա պարբերաբար անում է: Այլապես այդ լճացումը կշարունակվի:

– Բայց Ձեր նշած մոդեռնիզացիայի  նախադրյալներն էլ չեն երևում:

– Սուբյեկտիվ գործոնի հարց է: Եթե նախագահը չի ուզում իր միջավայրը փոխել, ապա լճացումը կշարունակվի: Մեզ մոտ վատն այն է, որ ժողովրդի կրիտիկական զանգվածի հատվածն արդեն իրեն սպառել է: Հավանաբար, այս քանակի ժողովուրդն այլևս նախաձեռնության ընդունակ չէ: Սա ենթադրություն է, որովհետև կրիտիկական զանգվածը գոյանում է նույնիսկ առանց ընդդիմության ու տարերային բունտերի է հանգում: Կամ կա մեկ այլ տարբերակ, որը արտաքին գործոնի հետ է կապված, երբ, Աստված չանի, արտաքին ուժն է միջամտում և քաղաքականություն պարտադրում: Եթե մենք լինեինք այնպիսի երկիր, ինչպիսին Իսրայելն է, և ունենայինք այնպիսի բարեկամ, ինչպիսին ԱՄՆ-ն  է, կարելի էր նույնիսկ ենթադրել, որ այդ արտաքին գործոնը շատ լավ բան է երկրի ներքին կյանքը աշխուժացնելու համար: Բայց մենք այդ բարեկամը չունենք, և այդ միջամտությունները մեզ համար կարող են աղետաբեր լինել: Ուստի, այդ նորացողների խումբը` նախագահի գլխավորությամբ, պետք է երկիրը տեղից շարժի` ավտորիտար ռեժիմից անցում կատարելով դեպի ժողովրդավարություն, բայց ավելի շատ` դեպի կազմակերպված հասարակություն: Նախագահը պետք է իմանա, որ այսպիսի ուռճացած ապարատն ի վիճակի չէ երկիր կառավարելու, քանի որ շատ է ուռճացել ու ինքնաբավ դարձել` ինքն իրեն սպասարկող համակարգի վերածվելով, բարեկամ-հարազատներին աշխատանքի ընդունելով: Մեկ այլ ելք էլ եմ տեսնում. հանկարծ միջազգային ճգնաժամ չլինի, որը կարող է մեզ խփել, և հանկարծ խոշոր տերությունների կողմից արտաքին միջամտության ցանկություն չառաջանա, որը մեր պարագայում բացառված չէ, քանի որ մեր տարածաշրջանը եռացող կաթսա է, Իսկ մենք այդ եռացող կաթսայի կափարիչն ենք:

– Կափարի՞չն ենք, թե՞…

– Մարդիկ դրան չեն հավատում, բայց ի՞նչ է, չե՞ք տեսնում` Ռուսաստանը պատերազմ է մղում Հայաստանի համար, Եվրոպան կպել ու պոկ չի գալիս մեզնից: Եթե Հայաստանի արժեքն այդքան ցածր է, ապա ինչո՞ւ է նման կատաղի մրցակցություն ընթանում Հայաստանի շուրջ: Սա պետք է գիտակցեն: Սա պատմական շանս է: Այդպիսի դեպքեր եղել են նաև Թուրքիայում 1920 թ.: Այն ժամանակ Աթաթուրքը մաքրեց իր միջավայրը, ու երկիրը սկսեց ընթանալ իր ուզած ճանապարհով:

– Սովորաբար նման իրավիճակներում, երբ ընդդիմությունը թույլ է, հասարակությունը պասիվ է, իշխանություններն էլ փոփոխությունների նախաձեռնություն չեն դրսևորում, առաջանում են նոր, ավելի ծայրահեղ, ավելի հանդուգն քաղաքական շարժումներ, հոսանքներ, ժողովրդական զանգվածներին առաջնորդող ուժեր, նոր լիդերներ և փորձում են շարժման մեջ դնել ճահճացած համակարգը. Հայաստանում այդպիսի սցենարի հավանականություն կա՞:

-Դա հնարավոր է, բայց մենք ժամանակ չունենք: Մեր երիտասարդությունը նկատելի բունտարար չէ: Պետք է բոլորս հստակ հասկանանք, որ երկիրը ժամանակ չունի: Ադրբեջանը նավթադոլարներով է հզորանում, Վրաստանի թևութիկունքը Եվրոպան ու ԱՄՆ-ն են, Թուրքիան աշխարհի 18 արագ զարգացող երկրներից մեկն է, ու իր առջև նպատակ է դրել առաջիկա 10-ամյակում մտնել տասնյակի մեջ: Պետք է մտածել, որ դա հնարավոր կարող է լինել: Իրանն էլ Արևմուտքի հետ խաղերի մեջ է, փորձում է մերձենալ ու յոթ մղոն առաջ կնետվի զարգացման ճանապարհին, եթե այդ մերձեցումը ստացվի: Այսինքն` այդ դեպքում մենք մնում ենք այս ճահիճի վիճակում:

– Այսինքն` այդ լոկոմոտիվային ուժի ի հայտ գալու համար հարմար պահը հասունացել է, բայց ժամանակ չկա՞:

– Ոչ, չի հասունացել: Երիտասարդությունը պետք է հասունանա, զարգանա: Որովհետև երկիր վերափոխելը սովորական բունտ, բողոքի ակցիաներ անել չէ: Քաղաքական հասունություն պետք է լինի: Դրա համար 5-10 տարի է պետք, մինչդեռ մենք չենք կարող այդքան սպասել: Բայց կրիտիկական զանգվածը, կարծում եմ, հասունացել է: Նախագահը պետք է վերջիվերջո իր խոսքն ասի: Կանի թե ոչ` ինքը գիտի, բայց պետք է անի: Դրա համար հասարակական պահանջ պետք է ներկայացվի, ու այստեղ շեղող հանգամանքներ չլինեն: Ասում ենք` քաղաքացիական հատվածն իր գործը կանի: Բայց քաղաքացիական հատվածը կռիվ է տալիս մեկ այս բնակարանի համար, մեկ այն խանութի դեմ, մեկ այն օլիգարխի դեմ: Այսինքն` նա ընդհանրապես ի վիճակի էլ չէ լուրջ փոփոխություններ անելու, ու միայն նախագահը կարող է այդ վերափոխումներն անել: Իսկ դրանից հետո նա հանգսիտ կարող է թոշակի գնալ` մնալով պատմության մեջ: Հիմա Հայաստանում շատ մեծ դիմադրություն չի լինի, քանի որ ժողովրդի դիմադրողականության ռեսուրսը, այսինքն` այն հատվածը, որ պետք է ընդվզի, առանձնապես մեծ չէ: Ու նախաձեռնող երիտասարդությունն այդ դեպքում կկպչի գործին:  Մի բան էլ. նախագահը պետք է անպայման գնա տնտեսությունը քաղաքականությունից անջատելու ճանապարհով:

Չեմ կարծում, թե նպաստել եմ, որ մեր քաղաքացին իրեն գոնե արժանապատիվ զգա. Զարուհի Փոստանջյան

Զարուհի-ՓոստանջյանՔիչ առաջ ԱԺ-ում Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին օրինագծի շուրջ ամփոփիչ ելույթներ ունեցան խմբակցությունների  ներկայացուցիչները: ՕԵԿ-ը կողմ է նախագծին: ԲՀԿ-ն դեռ կքննարկի: ՀԱԿ-ի դիրքորոշումը դեռ պարզ չէ, Դաշնակցությունն  առհասարակ ելույթ  չունեցավ, իսկ «Ժառանգություն»  խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր խոսքում շեշտեց, որ «Ժառանգությունը» կողմ կքվեարկի միայն այն դեպքում, եթե քաղաքական էլիտայի աշխատավարձերի հարցը դուրս հանվի այս նախագծից. «Ի՞նչ ենք մենք անում: Պատգամավորը պետք է կարգ ու կանոն հաստատի, բայց մեր գործունեության ընթացքում մարդիկ ավելի են  հիասթափվում, սա նշանակում է, որ լավ չենք աշխատում: Ես, մյուս պատգամավորները, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, մենք բոլորս  ձախողել ենք մեր գործը: Ամեն օր քաղաքացին չի զգացել, որ մենք բարոյական կերպար ենք, որ մենք իր իրավունքներն ենք պաշտանում:  Ամեն օր մեզանից միայն դժգոհում է, իսկ հիմա լսում է և գիտակցում, որ իր կյանքը չի բարելավվելու, իսկ մենք անբարոյական ենք: Այո, ես չեմ կարծում, թե նպաստել եմ, որ մեր քաղաքացին իրեն գոնե արժանապատիվ զգա», – ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ոստիկանները հայտնաբերեցին երթուղայինում գողություն կատարողին

ձերբակալելՀոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով և բանկային ու սոցիալական քարտերով:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 25-ից 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Վայոց ձորում և Սյունիքում 27-ին սպասվում են տեղումներ:Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 4-5, 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան  26.70C (1922 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -4.20C (1945 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  11.50C

Նոյեմբերի 4-ից հանրապետության ավտոճանապարհներին նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. նոյեմբերի 4-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.2 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ (Կոտայքի մարզ, Զովունի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Հ-5 «Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.1 կմ (Կոտայքի մարզ, Նոր Գեղի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: